Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը
-Պարոն Ենոքյան, երեք պաշտոնանկ արվեց երեք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, որքան էլ պաշտպանության նախարարը մինչ այդ հայտարարում էր, որ պաշտոնանկություններ չեն լինի։ Կադրային այս փոփոխությունները արդյոք բավարար քայլե՞ր են, պատասխանատուների շրջանակը այսքան փո՞քր է։
-Կարծում եմ՝ այս պաշտոնանկությունները երկու նպատակ էին հետապնդում։ Նախևառաջ ակնհայտ են այդ ոլորտում բացթողումները, ինչը տեսանք պատերազմի ժամանակ։ Համոզված եմ, որ մենք գիտենք սառցաբեկորի միայն վերևը, թե ինչքան բան կա, որ դեռ նոր պետք է բացահայտվի, կամ այդպես էլ չի բացահայտվի հանրությանը, այլ հարց է։ Սա նաև հանրությանը հանգստացնելու նշանակություն ուներ, բայց ես կարծում եմ, այնուամենայնիվ, ավելի բարձր մակարդակի պաշտոնանկություններ պետք է լինեին, այդ թվում՝ Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Էդվարդ Նալբանդյան և այլք։ Ի դեպ, պաշտոնանկությունների ժամանակն էլ հարմար չէր ընտրված, սա ավելի վաղ պետք է արվեր, ուշացած էր։ Իհարկե, նաև երևաց, որ իրավիճակին չի տիրապետում Սեյրան Օհանյանը, երբ հայտարարում էր, որ պաշտոնանկություններ չեն լինելու, այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ պաշտոնանկություններն արվում են առանց նրա կարծիքը հաշվի առնելու։
-Սերժ Սարգսյանը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում նշում է, որ 2011 թ. Կազանում համաձայնել էր Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ տարածքների վերադարձին։ Ստացվում է, այսքան տարի հանրությունը որևէ բան չի՞ իմացել այս քայլերի մասին։
-Ցանկացած բանակցության մաս է տարածքների վերադարձը։ Այնպես որ, որևէ ձևաչափ՝ լինի Մադրիդի, Սոչիի թե Կազանի, այս ամենն իր մեջ ներառում է։ Այլ հարց է, որ մենք ռուսական մամուլի միջոցով իմացանք, թե խոսքը ինչ տարածքներին է վերաբերում, քանի որ Սերժ Սարգսյանը և իշխանությունները մեզ չներկայացրեցին։ Երկրորդ հարցն այն է, թե մենք ստանո՞ւմ ենք արդյոք այդ տարածքների դիմաց անհրաժեշտը։ Արդյոք դա ԼՂ-ին կտա անվտանգության երաշխիք, այլապես այժմ հենց այդ տարածքներն, են որ հանդիսանում են «անվտանգության գոտի»։ Այս հարցը անհրաժեշտ է քննարկել հանրության, փորձագետների հետ։
-Այս պահին խնդրի ինչպիսի՞ լուծում է ակնկալվում, երբ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ՝ չեղարկելու 1994-ին ձեռք բերված հրադադարը։
-Ըստ էության՝ Ադրբեջանը չեղարկել է հրադադարը՝ ռազմական գործողություններ սկսելով՝ խախտելով այն ժամանակ հաստատված ճակատային գիծը։ Սա արդեն իսկ արված է։ Չգիտեմ, թե դիվանագիտական ինչ նպատակ է հետապնդում ՄԱԿ դիմելը, միգուցե ավելի հնչեղ դարձնել և միջազգային հանրությանը տեղեկացնել, որ գնում ենք պատերազմի։ Սա պատերազմ սկսելու հայտարարություն է Ադրբեջանի կողմից։
-Ի՞նչ պետք է անել, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է լայնամասշտաբ պատերազմի։
-Մի կողմից մենք տեսնում ենք, որ այս քառօրյա պատերազմում մենք կարողացանք դիմագրավել Ադրբեջանին, գիտենք, որ որպես զսպման միջոց ունենք հեռահար զենք։ Անօդաչու սարքերը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ են կիրառվում մարտի դաշտում։ Մեկ այլ հարց է ռազմական տեխնիկայի բարելավումը։ Հաջորդ հարցը՝ դիվանագիտությունն է։
-Այս քառօրյա պատերազմից հետո ամենաշատը քննարկվեց և քննադատվեց մեր վարած դիվանագիտությունը։
-Պատերազմը ցույց տվեց, որ մենք 22 տարի ոչինչ չենք արել դիվանագիտական ճակատում, բառացիորեն ոչինչ։ Մեր իշխանություններն իրենց հույսը դրել են նրա վրա, որ խնդիրը լուծված է հաստատված ստատուս քվոյով, և թալանի ժամանակն է։ Այսինքն՝ ոչ ոք չի մտածել այն մասին, որ այս ընթացքում պետք էր երկրի պաշտպանունակությունը բարձրացնել, որ այս ընթացքում անհրաժեշտ էր գտնել այնպիսի դիվանագիտական լուծում, որը կապահովեր ԼՂ անվտանգությունը։ Եվ առաջին օրերին էլ կարծես թե կաթվածահար էր մեր դիվանագիտությունը։ Այս ամենի նախաձեռնողը եղան համանախագահները և իհարկե Ռուսաստանը։
Մանրամասն՝ lragir.am