23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կարդացի վիրավորված դատավորների բողոքի խոսքն առ այն, որ… և այլն, և այլն: Իրենց թավադագիրն էլ շատ ազդեցիկ ձևով վերնագրել են՝ ՀՀ դատավորների միության խորհրդի հայտարարությունը դատավորների աշխատավարձի մասին: Դատաստանագրքում ինչքան պունկտ կա, կիրառել են, ասելիքն էլ էն է, որ ո՞նց թե դուք մեր փողը բարձրացնեք ընդամենը 30 հազար դրամո՞վ, այսինքն՝ մնացած սովորական մահկանացուներին ավելացրած 4 — 4.5 հազարից ընդամենը 6-7 անգամ ավե՞լ, դե գռփելը հիմի՛ դու տես:
Ռուսներն էս դեպքում ասում են՝ Чья бы корова мычала, մենք էլ ասում ենք՝ Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Պահոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜… ժողովուրդ ջան, մի անկեղծ բան ասե՞մ՝ շատերն էլ մինչև հիմա միամտորեն կարծում էին, թե մեր երկրում ամենաանբարո խավը եկեղեցականներն են, բայց բանից դուրս եկավ, որ արդարադատության նպատակով ահռելի գումարներ գրպանող, կողքից էլ նյաշառք-մյաշառք կպցնող, բայց էլի դժգոհ մնացող անարդարադատներն են:
Ուրեմն՝ ասացեք խնդրե՜մ… նրանք վիրավորվա՜ծ են:
Բա որ էդքան արդարամիտ էիք, էսքան տարվա մեջ մի հատ դիմում գրեիք ու ասեիք՝ մենք՝ մի խումբ արդարամիտներս, նստեցինք, արդար խորհուրդ արեցինք, ու, մեղմ ասած, բարոյական չհամարեցինք, որ աշխարհի գիտական գանձարանին մե՜ծ ներդրում արած հայտնի շատ հայ գիտնականներ պիտի ստանան 60-70 հազար դրամ աշխատավարձ, 30 հազար դրամ էլ թոշակ, իսկ մենք՝ կաշառակերներս՝ միլիոնից ահագի՜ն ավել աշխատավարձ ու դեռ 1 միոն 30 հազար դրամից ավել էլ թոշակ, այսինքն՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խայտառակություն ու ամոթ ենք համարում վերոշարադրյալը: Հաշվի առնելով սույնը, խնդրում ենք՝ մեր աշխատավարձերը կիսով չափ կրճատել և ուղղել գիտությանը, որի գործիչներից շատերը հազար գլուխ բարձր են մեզնից, բայց ստանում են 20 անգամ մեզնից ցածր: Թե չէ, տնաշեննե՛ր, ձեր ուռած գրպաններին դեռ չկպած, արդեն օրենքի հազար ու մի կետ դրեցիք առաջներս, ծանր տեղներիցդ հանկարծ բարեհաճեցիք վեր կենալ ու աշխարհի առաջադեմ փորձը մեջտեղ բերել:
Բա որ գիտնականները կոտորվում էին աշխարհի փորձը մեջբերելով առ այն, որ չկա մի երկիր (գուցե բացառությամբ Գվինեաների, Մոզամբիկի, Զիմբաբվեի), որտեղ գիտնականը չհամարվի մտավոր աշխատանքով զբաղվող (բայց էդ երկրներում էլ մի տեսակ կասկածում եմ) և որտեղ գիտնականը ստանա նվազագո՛ւյն աշխատավարձը, ինչո՞ւ ոչ մեկդ չհայտնվեց ու էդ նույն առաջադեմ մարդկության փորձը մեջտեղ չբերեց: Բոլոր քիչ թե շատ խելքը գլխին երկրներում գիտնականներն ստանում են շատ բարձր աշխատավարձ: Պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, բա ինչո՞ւ տարիներ շարունակ չեք բարձրաձայնել այս խայտառակության դեմ, թե՞ ձեր արյունը կարմիր է գիտնականներինից կամ ավել հունար դուրս կգա ձեռներիցդ:
Ուրեմն՝ թավադները գա՛նգատ են գրել: Դեռ լավ է՝ չեն ասում՝ Էսքան ու էսքան բերեք, որ ներենք…
Շա՜տ լավ է ասել Սամվել Ֆարմանյանը, քեֆս բերեց, ուղիղ մեջբերում՝ պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների և սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ «տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը:
Տես է՞, ոնց տեղը-տեղին հիշեցին զարգացած երկրների փորձը: Տո դուք ո՞վ եղաք, որ զարգացած երկրներից եք խոսում: Էդ ո՞ր զարգացած երկրում կա էս անիրավությունը, որ տանուտերի խիղճ ու տանուտերի մակարդակ ունեցող դատավորը 20 անգամ ավել վարձատրվի գիտության գործչից: Ձեզ եմ հարցնում, թե պատասխանեք, թե գրեք ընդամենը 1 նման զարգացած երկրի անուն, ես՝ հայ, հայասեր, հայահպարտ Արամ Պապայանս, հրապարակավ խոստանում եմ փոխել ազգությունս:
Չէ՜… էս անիրավության, էս անարդարության, էս խայտառակության դեմն առնելու ես մի ճար գիտեմ: (Ականջդ բեր՝ ասեմ…
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան…)
Արամ Պապայան
«Ամոթ է լինել աղքատ՝ հարուստ պետության մեջ, անբարո է լինել հարուստ՝ աղքատ պետության մեջ»։ Այս հայտնի մտքին ես ավելացնում եմ նաև՝ անբարո է՝ լինել հարուստ և գիտությանը ներդրումներ չանել։ Անբարո է լինել աղքատ պետություն, միևնույն ժամանակ ահռելի գումարներ ծախսել ձևականությունների վրա, փոշիացնել, գրպանել՝ հազար ու մի բանի անվան տակ և համառորեն չգնալ բարեկեցիկ, հարուստ, զարգացած երկիր դառնալու հնարավոր միակ ճանապարհով՝ այդ գումարներն ուղղելով գիտությանը։ Անբարո է այդ բոլոր ծախսերը չկրճատել, երբ նոր սերունդը, հիասթափված ու դառնացած, հեռանալու պլաններ է կազմում: Պատկերացրեք մի ընտանիք, որը հազարավոր դոլարներ է ծախսում կնունքների, ծնունդների, տան եղած կահ–կարասին անընդհատ գերժամանակակիցով փոխարինելու և թարմացնելու վրա, իսկ երեխաները ցնցոտիների մեջ են, սոված ու զրկված կրթություն ստանալու հնարավորությունից։ Մի՞թե անբարո չէ։ Անբարո չէ՞ չօգնել երիտասարդին, որը ցանկանում, բայց չի կարողանում ստանալ համապատասխան կրթություն՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ստանալուց հետո էլ (ընդ որում՝ հատկապես լավագո՛ւյն կրթություն ստացած երիտասարդը՝ գիտնականը) կանգնում է գլուխկոտրուկի առաջ՝ ինչպե՞ս ապրել 35 հազար դրամով: Իսկ այդպիսիք Հայաստանում՝ ինչքա՜ն ուզեք։ Ուրեմն՝ հայր–պետությունը չգիտի՞, որ իր կատարած և՛ լավ, և՛ վատ ցանկացած քայլ բումերանգի պես վերադառնալու է իրեն:
Մի հայտնի հեքիաթանման իրական պատմություն կա այն մասին, թե ինչպես գիտելիքի համար արված ներդրումը մեծագույն լավության տեսքով վերադարձել է իրեն՝ ներդնողին, ինչպես նաև մարդկությանը։ Սա տեղի է ունեցել Անգլիայում։ Մի աղքատ հողագործ, ազգանունը՝ Ֆլեմինգ, մի օր դաշտում աշխատելիս լսում է կից ճահճի կողմից եկող խեղդվող տղայի փրկելու խնդրանքով աղաղակներ, նա նետվում է՝ փրկելու նրան, որն արդեն խրվել էր գոտկատեղից ցած։ Ֆլեմինգը պարանի օգնությամբ, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, հանում է տղային ճահճից։ Հաջորդ օրը ներկայանում է մի մեծահարուստ, շնորհակալություն հայտնում՝ իր որդուն փրկելու համար և ասում՝ «Ես ուզում եմ առատորեն վճարել Ձեզ՝ որպես շնորհակալություն»: Ֆլեմինգը պատասխանում է՝ «Ներեցեք, պարոն, ոչինչ պետք չէ, դա իմ մարդկային պարտքն էր»։ Այդ պահին ներս է մտնում Ֆլեմինգի որդին, քաղաքավարի կերպով խոնարհվելով, ողջունում հյուրին։ «Ձեր որդի՞ն է»: «Այո»,– հպարտությամբ պատասխանում է գյուղացին։ «Այդ դեպքում, թույլ տվեք Ձեր որդու կրթությամբ զբաղվել։ Եթե Ձեր որդին ժառանգել է իր հոր հատկությունները, ապա մի օր մենք կհպարտանանք նրանով»։
Այդ տղան Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որին ողջ աշխարհը հետագայում ճանաչեց՝ որպես պենիցիլինի գյուտի հեղինակ։ Տարիներ անց Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի շնորհիվ փրկեց ճահճում խեղդվող տղայի կյանքը, որն այս անգամ հիվանդացել էր ծանր թոքաբորբով։
Այս տղան Ուինսթոն Չերչիլն էր՝ պետական և քաղաքական գործիչ, լրագրող և գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Բրիտանիայի վարչապետ:
Եթե այս պատմությունն անգամ ճշմարիտ չէ, այնուամենայնիվ շատ գեղեցիկ է, բարի, ուսուցողական։ Ուրեմն՝լավագույն ներդրումը կրթության և գիտելիքի համար ներդրումն է։ Լավագույն արդյունքն ու վարձատրությունը գիտելիքի ու նոր գյուտի ստացումն է։ Ցավոք, մեր երկրի իշխանական բարձունքներում խախտված են բարոյական շատ նորմեր։ Ոչ մի ուսուցողական օրինակ նրանց այլևս ոչինչ չի ուսուցանում, իսկ օտար երկրների փորձը եթե ընդունում են, ապա միայն իրենց գրպանն ավելի ուռճացնելու հեռանկար տեսնելու պարագայում։
Վերջին տարիներին գիտնականները, և մանավանդ՝ երիտասարդ, շատ են բարձրաձայնում ստեղծված անարդարության դեմ։ Սակայն կառավարությունը կույր է ու խուլ։ Փաստորեն, նրան ավելի ձեռնտու է կոչվել անբարո, քան արդարամիտ։ Իմ բացահայտ համակրանքը գիտնականների կողմն է, հետևաբար ես նրա՛նց եմ ուզում հիշեցնել ևս մի հետաքրքիր դեպք…
Նույն ինքը՝ Ուինստոն Չերչիլը, երբ արդեն 90 տարեկան էր, հրավիրվեց Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Հակառակ իր սովորության, այս հրավերը նա չմերժեց: Արդեն հասկանալի է, թե ինչ կատարվեց Անգլիայում, ի՜նչ լեփ–լեցուն էր դահլիճն ու ի՜նչ ծափողջյուններով էր թնդում այն: Այդ օրը Չերչիլն արտասանեց իր ամենահանրահայտ ճառը, որը տևեց մեկ րոպե և որը կազմված էր մեկ նախադասությունից՝
Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի՛ հանձնվեք…
Նարե Խուդոյան
«Մոտ 4 տարի առաջ՝ 2009-ի նոյեմբերի 29-ին, իր տան մեջ երկու անչափահասների կողմից գազանաբար մորթվեց իմ թոռնիկը՝ Սոս Մելքոնյանը:
Այսօր, երբ տարիները չեն սպիացրել Մելքոնյանների ընտանիքի վերքերը, երբ կալանավայրում է սպանված Սոսի հայրն ու կրում է իր երկարատև պատիժը, ԱրմենիաTv-ի «Սուրանկյուն» կոչվող շոուն կրկին փորփրում է ցավը»,- այս մասին սրտի ցավով եմ ուզում տեղեկացնել Ձեզ, ես՝ Սոս Մելքոնյանի մորական պապիկը՝Վալերի Պատվականյանս:
Արդյո՞ք լրատվամիջոցն՝ ի դեմս «Սուր անկյուն» հաղորդաշարի, իրավունք ունի պարզապես լսարան ապահովելու, շոու սարքելու ու ռեյտինգ հավաքելու համար գնալու նման անպատասխանատու քայլի:
Դատեք ինքներդ. ներկայացնում եմ մեկ հատված 29.09.2013 թ—ի «Սուր անկյուն» հաղորդաշարից:
«Հետաքրքիր է, ի՞նչ է զգում հիմա Արտակ Մելքոնյանը՝ Գժոյանների Արտակը, որը քրեակատարողական հիմնարկում է: Մենք նախորդ տարի անդրադարձել էինք նրա մասնակցությամբ վրեժխնդրության ահասարսուռ պատմությանը, երբ Արտակը դաժանաբար սպանել էր 12-ամյա Սարգիս Վարդիկյանին (թեպետ իրականում եղել է 14 տարեկան-Վ.Պ): Տղան, մեկ այլ պատանու հետ, կասկածվում էր Արտակ Մելքոնյանի որդու սպանության մեջ, սակայն ինչպես հետագայում պարզվել էր դատաքննության ընթացքում, Սարգիսը ներկա էր եղել, բայց չէր մասնակցել սպանությանը, նույնիսկ փորձել էր խանգարել մարդասպանին, բայց դա չէր կանգնեցրել Արտակին, նա երեխային սպանել էր օրը ցերեկով՝ ծնողների աչքի առաջ», — պատմվում է հաղորդման մեջ:
Հարց է ծագում՝ արդյո՞ք թեման ներկայացնող լրագրողը ընդհանրապես տեղյակ է լուսաբանվող պատմությունը: Ստորև ներկայացնեմ իրական պատմությունն իր ապացույցներով:
2009 թ-ի նոյեմբերի 29-ին դանակի 32 հարված էր հասցվել անմեղ մի երեխայի՝13 ամյա Սոս Մելքոնյանին, ապա ընկեր համարվող 15 ամյա հրեշը՝ Ազատ Եղոյանը, կտրել էր նրա կոկորդը: Եվ ինչպես պարզել է հետագա դատաքննությունը, այդ սարսափազդու հանցագործության դրդապատճառն այն էր, որ այդ երկու անչափահաս ստահակները՝Ազատ Եղոյանը և Սարգիս Վարդիկյանը, չափից ավել շատ էին դիտել սարսափ ֆիլմեր և ընդամենը ցանկանում էին գործնականում կիրառել այնտեղ օգտագործվող հնարքները:
Այսօր այդ երկու անչափահասներից մեկի՝ Սարգիս Վարդիկյանի մայրը փորձում է տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում նաև «Արմենիա» հեռուստաընկերության միջոցով հանրությանը մոլորեցնել, թե իբր իր տղան կապ չի ունեցել Սոս Մելքոնյանի սպանության դեպքի հետ և նա Գժոյանների անմեղ զոհն է:
Ընդամենը մեջբերեմ դատավճռի մի քանի դրվագ: Հատոր 1 Գ.Թ 142-143.
«Սարգիս Վարդիկյանը սովորություն է ունեցել պարբերաբար Սոս Մելքոնյանի բացասական կարծիքները փոխանցել Ազատ Եղոյանին: Ս.Վարդիկյանը նախապես տեղյակ է եղել Ա. Եղոյանի կողմից Սոս Մելքոնյանին սպանելու մտադրության մասին»:
Դեռ ավելին, դեպքի պահին սառնասրտորեն մասնակցել է այդ սպանությանը, չի ցուցաբերել տուժողին որևէ օգնություն, իսկ սպանությունից հետո անձամբ բնակարանից կատարել գողություն և սպանված ընկերոջ արյունոտ համակարգիչը բերել և ի պահ հանձնել մորը՝ Մարինե Բալախչյանին: Այն մորը, ով ոչ միայն լռել է որդու կատարած ոճրագործության մասին, այլև հարևանի տանը տարել և թաքցրել է գողոնը, որպեսզի ոստիկանները չբացահայտեն հանցագործությունը: Այդքանից հետո մայր կոչված անձը դեռ բարոյական իրավունք է իրեն վերապահում խոսել արդարությունից, բարոյականությունից և պատժից:
Սարգիս Վարդիկայնի մեղքն ակնհայտ էր և ոչ պակաս, քան Ա. Եղոյանինը, ուստի դատարանի կողմից կայացված դատավճռում ասվում է «.. ամբաստանյալ Ազատ Եղոյանի գործած չարագործությունից ձերբազատվելու և հասարակական գիտակցության մեջ իր վարկը փրկելու համար Ս. Վարդիկյանին ձեռնտու է եղել ձեռք բերել տուժողի կարգավիճակ: Դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության համար օրենքով սահմանված տարիքին հասած լինելու դեպքում Ս. Վարդիկյանի գործողությունները ենթակա կլինեին համապատասխան քրեաիրավական գնահատականի»: Փաստորեն Ս. Վարդիկյանին ազատազրկումից փրկեց միայն նրա տարիքը և ոչ մեղքի բացակայությունը:
Ազատ Եղոյանի ընտանիքը գոնե հեռացավ թաղամասից, գնացին իրենց որդու ձեռքով խորտակած ընտանիքի աչքից հեռու, իսկ Վարդիկյանները ոչ միայն չգնացին, այլև իրենց ցուցադրական լկտիությամբ ամեն օր հիշեցնում էին դեպքը: Այո, այդ օրը, երբ Սարգիսը ցուցադրաբար,բարձր երաժշտություն միացրած, շվշվացնելով մեքենա է լվացել և սպանվածի հոր՝ Արտակ Մելքոնյանին դեմ առ դեմ հանդիպելով առհամարական քմծիծաղ է տվել, սպանված երեխայի ծնողի պահվածքը անկանխատեսելի էր :
Ի վերջո, Արտակն անմեղ երեխա է կորցրել, իր մինուճարին, կարելի էր ավելի խոհեմ լինել ու փոխել բնակավայրը, ոչ թե պատեհ -անպատեհ գրգռել որդեկորույս ծնողի վիշտը:
Այս ամենից հետո արդյո՞ք լրագրողն իրավունք ունի միակողմանի լուսաբանել «արյան վրեժի» թեման, եթե մի պահ ընդունենք, որ, առհասարակ, դա հանրայնացնելու թեմա է: Նրա մտքով չի՞ անցել թակել նաև իր հաղորդման «հերոսների» մասնակցությամբ կործանման հասած ընտանիքի դուռը, լսել նաև մյուս կողմին, եզրակացության հանգելու համար, միգուցե այդ ժամանակ հաղորդում պատրաստելը նպատակահարմար չդիտվեր, կամ էլ լիներ առավել անաչառ:
Հարց է ծագում. իրավունք ունի՞լրագրողը հանրային լսարանի առջև թույլ տալու կիսագրագետ կնոջը խոսել դատավորի ու դատախազի կաշառվածության մասին՝ «Արտակ Մելքոնյանին տվեցին 15 տարի, իջեցրեցին 12 տարի»:
Կարելի էր հաղորդումը պատրաստելուց առաջ, ընդամենն իրավական խորհրդատվություն խնդրել որևէ իրավաբանից և պարզել, որ 2009-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի վերին շեմը 12 տարի էր, որը և պահանջեց մեղադրողը:
Լրագրողը ոչ միայն թույլ է տվել, որպեսզի կողմը ներկայացնի ակնհայտ սուտ փաստեր և անպատասխանատու հայտարարություններ կատարի, այլև ինքն է ակամայից խեղաթյուրել փաստերը՝ ներայացնելով Սարգիս Վարդիկյանին՝ իբր կասկածվող, որը գործում հերքվել էր դատարանի կողմից: Դեռ ավելին ասվում է, թե՝ նա ցանկացել է իբր կանխել հանցագործությունը:
Ահա թե ինչպիսի ապատեղեկատվություն և կեղծիք կարող է ներկայացնել «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ ռեյտինգ բարձացնելու նպատակով: Ի հավելումն այդ ստի՝ հաղորդման ընթացքում, հանրային լսարանի առաջ հայրը երդվում է՝ «Ես ինքս եմ պատժելու իմ ծնողական իրավունքով: Երդվում եմ տղուս գերեզմանով՝ հատիկ — հատիկ բոլորը պետք է պատասխան տան»:
Ի՞նչ է ստացվում, ակնհայտ սպառնալիքներ հնչեցնելով՝ հայրը նույնիսկ չի գիտակցում, որ վրեժի շարունակականությունը կարող է հետագայում վնասել և վտանգել իր իսկ մեկ այլ մանկահասակ որդուն:
Այս ամենի հետ մեկտեղ՝ բնավ կարիք չկա մոլորեցնել հանրությանը, թե՝ իբր Արտակ Մելքոնյանը լինելով հայտնի Գժոյանների գերդաստանի ներկայացուցիչ, գենետիկորեն հակված էր կատարել սպանություն:
Այո՛, գերդաստանը հայտնի է հանրությանը, սակայն միմիայն նրանով, որ միշտ բարձր է պահել իր ընտանիքի անունը և անպատիժ չի թողել իր ընտանիքի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն: Այս դեպքում հարց տանք յուրաքանչյուրս մեզ, իսկ ինչպե՞ս կվարվեինք մենք՝ հայտվելով նույն իրավիճակում: Պատասխանը՝ յուրաքանչյուրիս խղճին:
Իրականությունն այն է, որ վերը նշված պատմության մեջ չի գործել ոչ օրենքով սահմանված արդարությունը, ոչ էլ բնության արդարությունը:
Վերջինս, չի գործել այն իմաստով, որ օրը ցերեկով իր տան մեջ, իր իսկ ընկերների կողմից աննկարագրելի դաժանությամբ մորթվեց 13 ամյա անմեղ մի տղա: Օրենքի արդարությունը չգործեց այն ժամանակ, երբ սպանված երեխայի հայրը, որդու սպանողի հերթական լկտի պահվածքի հետևանքով, չկարողանալով տիրապետել իրեն, կատարեց սպանություն և դատապարտվեց անհիմն խիստ պատժով: Դատավորը հաշվի չառավ այդ գործի նախապատմությունը, որդեկորույս հոր վիշտը և որ ամենակարևորը՝ այդ պահին սպանվածի վարքագիծը, որը որոշիչ դեր է խաղացել այդ հանցագործության կատարման համար:
Արտակ Մելքոնյանը դատապարտվեց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի առավելագույն պատժաչափով: Արդարության համար նշենք, որ այդ պատժով կդատապարտվեր անձ, ով դուրս էր եկել փողոց և իր հաճույքի համար սպանել առաջին իսկ պատահած անմեղ անձի: Մի՞թե սա այդ դեպքն էր: Մի՞թե Արտակ Մելքոնյանը երազել է կորցնել իր միակ որդուն, դառնալ մարդասպան, կալանավայրում անցկացնել իր կյանքի լավագույն տարիները՝ դստերը և կնոջը թողնելով վշտի հետ միայնակ:
Ակամայից հարց է առաջանում, «Արմենիա» Tv-ի ղեկավարությունը տեղյա՞կ է իր եթերում մատուցվող հաղորդումներից, և ի վերջո, ո՞րն է հաղորդման նպատակը:
Վալերի Պատվականյան
«Հայկական Վարկածի» զրույցը Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ նպատակ ուներ լույս սփռելու մեզ հուզող մի շարք խնդիրների վրա, սակայն այն նոր հարցեր առաջացրեց, որոնց պատասխանը հուսով ենք ստանալ Արագածոտնի թեմի առաջնորդից:
— Տեր Հայր կարող ենք ձեռք բերել վերջին 10 տարիներին բարերարների կողմից կառուցված մատուռների և եկեղեցիների անվանացուցակը:
— Վերջին տասը տարում միայն Հայաստանում վերանորոգված կամ կառուցված վանքերի, եկեղեցիների ու մատուռների ընդհանուր թիվն անցել է 250-ից, ինչը, անշուշտ, հնարավոր է դարձել Հայ Եկեղեցու բարերար զավակների հավատավոր և նվիրյալ հոգիների շնորհիվ: Կառուցվող սրբավայրերի ցանկը թեմերից եկող տեղեկանքների ու զեկուցագրերի հիման վրա պարբերաբար թարմացվում և համալրվում է Մայր Աթոռում: Բարերարների անունները սովորաբար հրապարակվում են տարբեր արարողությունների կապակցությամբ, սակայն ընդհանուր ցանկ տրամադրել իրավասու չեմ:
—Եկեղեցական կանոնադրությունը՝ ինչպե՞ս է տեղի ունենում եկեղեցու կամ մատուռի օծման կարգը:
— Անկախության տարիներին արձանագրված հոգևոր կյանքի վերելքի հետ մեկտեղ մեծ թափ առավ նաև եկեղեցաշինությունը: Այս ոլորտում մեծ աշխատանք կատարվեց, սակայն եղան նաև խնդիրներ, որոնք հետևանք էին անգիտության, երբ ճարտարապետները, աչքի առջև ունենալով մեր միջնադարյան ճարտարապետության վկա գոհար եկեղեցիները, չէին պահպանում եկեղեցաշինության ավանդական եկեղեցական կանոնները, կամ էլ եկեղեցաշինության մասին չէր տեղեկացվում հոգևոր իշխանությանը, ինչը ևս հղի էր անցանկալի հետևանքներով: Մեկ այլ հարց էր կամայական շինարարությունը, որը նույնպես հանգեցնում էր մեծ խնդիրների:
Եկեղեցաշինությունը սոսկ ցանկություն, նախագծի պատրաստություն և շինարարություն չէ, այն ունի նաև իր հոգևոր շերտը, ինչը ենթադրում է և վայրի ճիշտ ընտրություն` աղոթքով ու Աստծո առաջնորդությամբ, և աղոթական ուղեկցություն շինարարության ողջ ընթացքի. օրինակ` հիմքերի օրհնություն, խաչերի օծում և արդեն կառուցված եկեղեցու օծում: Մեր հայրերը եկեղեցիները կառուցել են աղոթքի և սաղմոսերգության ներքո: Այսօր հանգամանքերը կարող է տարբեր են, սակայն կանոնները Եկեղեցին սրբորեն պահում է , և որպեսզի հարթվեն այս ոլորտում բոլոր խնդիրները և ամենքը գիտենան եկեղեցի կառուցելու հստակ կարգը, Գերագույն հոգևոր խորհրդի 2013 թ. նիստերից մեկում ստեղծվեց հատուկ հանձնախումբ, որը կմշակի եկեղեցաշինության հատուկ կանոնակարգ` անհրաժեշտ բոլոր կանոններով ու պայմաններով, որն էլ ի գործադրություն կտրվի բոլոր թեմերին:
—Արագածոտնի մարզի նախկին Նազրվան, այժմ՝ Ղազարավան գյուղում արդեն մոտ 10 տարի է գործող մատուռ կա, որտեղ տեղի են ունենում արարողություններ: Արդյո՞ք կարելի է չօծված եկեղեցում կատարել եկեղեցական արարողություններ:
— Չօծված աղոթատան մեջ ծիսական արարողություններ կարող են կատարվել միայն թեմակալ առաջնորդի արտոնությամբ: Առաջնորդն իր իշխանությամբ թեմի հոգևոր սպասավորին կարող է նման արտոնություն տալ, եթե որևէ խանգարող այլ հանգամանք չկա և եկեղեցու օծումը պարզապես ժամանակի խնդիր է: Տեղեկացնեմ նաև, որ եթե նման մատուռի մեջ պետք է Ս. Պատարագ մատուցվի, ապա դա հնարավոր է միայն օծված վեմ քարի առկայության պարագային, որն իր հետ բերում է պատարագիչ քահանան: Օրինակ` եկեղեցու ավազանում Սբ. Մկրտություն չի կարող կատարվել, որովհետև այն օծված չէ:
— Ո՞վ է նշված մատուռը կառուցած բարերարը, և ինչո՞ւ չի օծվում նրա կառուցած սրբավայրը:
— Ձեր հիշատակած մատուռը բարերարությամբ ռուսաստանաբնակ Կարո Նազարյանի Ղազարավան գյուղում սկսել է կառուցվել 1990-ականների վերջին: Մատուռի հիմնարկեքը կատարվել է 1998 թվականին` ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Սակայն մատուռի օծումն առ այսօր չի կատարվել եկեղեցական կանոնական ճարտարապետության սկզբունքների խախտման պատճառով: Այս պարագային, օրինակ` Ս. Սեղանը կառուցված էր հյուսիսային կողմում, մինչդեռ պիտի լինի արևելյան մասում, խորանը պետք է ունենա խորհրդանոցներ և այլն: Ըստ Արագածոտնի թեմի, որոշ աշխատանքներ կատարվեցին առկա թերությունները սրբագրելու համար, սակայն մեզ անհայտ պատճառով ավարտի չհասցվեցին: Մեկ այլ խնդիր է պատկանելության հարցը. իրավականորեն սրբավայրը չի կարող պատկանել այն կառուցող անհատին կամ էլ համայնքին, որտեղ որ գտնվում է: Կառուցապատումից հետո աղոթատունը պետք է հանձնվի եկեղեցական միավորին` թեմին, կամ էլ ուղղակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Անգամ պետությունն է հնամենի վանքերն ու եկեղեցիները հանձնում ու վերադարձնում իրավատիրոջը և այս լույսի ներքո` այլ կեցվածք, համաձայնեք, որ ընկալելի չէ:
Մի հայտնի հումորային պատմություն կա. տատն առավորտայն իր 8 թոռնիկներին նախաճաշ է տալիս՝ ամեն մեկին մեկ ձու։ Թոռնիկներն ասում են՝ տատի, բա ախր քեզ չհասով, տատը, թե՝ տատին ուտի՝ չոռ ուտի, ամեն մեկդ իր ձվի կեսը որ տա, տատիին լրիվ հերիք է։
Դե, հաշվապահական շատ մեծ ընդունակություններ պետք չեն՝ հաշվելու, որ արդյունքում թոռներին հասնում է կես–ական ձու, իսկ «քչապահանջ ու քչակեր» տատիկին՝ 4 ձու։
Հիմա մեր կառավարությունը թոշակների բարձրացման հարցում լրիվ էդ «միամիտ» տատի օրն է ընկել՝ այս անգամ կատարելով ավելի «արդարացի» բաշխում։ Քանի որ Հայաստանում կան, ինչպես ՀՀ վարչապետն է ասում՝ «մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի», և կան, օրինակ՝ գիտնական թոշակառուներ՝ 30 հազար դրամ ստացող, հետևաբար, ցածր ստացողների թոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ միլիոն և ավելի ստացողներինը՝ ընդամենը 3 տոկոսով։
Հիմա, տատիկի ձվերի նման, հաշվենք արդյունքը. 30 000 դրամ թոշակ ստացող գիտնականը այսուհետև ստանալու է 34 500 դրամ, իսկ մեկ միլիոն ստացող թոշակառուն՝ «ընդամենը» 1 միլիոն 30 հազար դրամ։
Այսինքն՝ կառավարությունը, իրեն միամիտ տատիկի տեղ դրած, ավելի և ավելի է խորացնում անջրպետը հասարակության շերտերի միջև։ Պատգամավորների, դատավոր–դատախազների, նազիր–վեզիրների ու նմանատիպ «լավ տղերքի» թոշակն աճելու է 30 հազարով, իսկ գիտնականինը, որ այսօր, ամոթալիորեն, ամենաաղքատ խավն է երկրի, 4.500 դրամով։
Ի՞նչ խոսք. մեկ ավազակ, կաշառակեր դատախազն այսօր արժե 40 համեստ ապրող, վաստակաշատ գիտնական։ Սա հիշեցնում է հայտնի հեքիաթը, միայն թե տեղերը կտրուկ փոխված են, ավելի ճիշտ՝ գլխիվայր շուռ եկած. ստացվում է ոչ թե «Ալի–Բաբան և 40 ավազակները», այլ «Մեկ ավազակ և 40 գիտնական»։
Մեր՝ տխուր ու լավի ոչ մի հույս չներշնչող երկրում, ինչպես արժույթի կուրսը, աշխատող և լուսավոր ապագա կերտող մարդու՝ գիտնականի «կուրսը» գնալով ավելի ու ավելի է ընկնում, փոխարենը բարձրանում է տգետի, ավազակի, կաշառակերի, «գողականի» ու ագահի «կուրսը»։
Մեր երկրում (և ո՛չ միայն մեր երկրում) մարդուն հարգում են՝ ելնելով նրա ունեցած գումարի քանակից…
Ես էլ եմ պատրաստ հարգել նման մարդուն՝ բայց ելնելով այն բանից, թե ինչպես կտնօրինի նա այդ գումարը. մասնագիտությամբ քիմիկոս, հսկայական կարողության տեր Ալֆրեդ Նոբելի հայտնի կտակում արված հանձնարարության համաձայն` մահվանից հետո նրա ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվեց գումարային արժեքի, զետեղվեց հուսալի բանկում և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվում են՝ մարդկությանը մեծ օգուտ տված գիտնականների կամ գործիչների միջև:
Մի քիչ դժվար է իհարկե զուգահեռներ տանելը, քանի որ Ալֆրեդ Նոբելի կուտակածն արդա՛ր ճանապարհով էր, իսկ մեր հարուստների դիզածի ստեղծման ակունքը մութ է, բայց՝ ոչինչ. կարևորը, որ, բոլոր դեպքերում, դա հասարակությա՛նն է՝ նրանի՛ց թալանածը։ Ուզում եմ ասել, որ նման մարդիկ դեռ կարող են իրենց դեմքը փրկել՝ եղածին տալով օգտակար ուղղվածություն, և ոչ թե իրենց դնեն միամիտ–ազնիվի տեղ, մարդկանց էլ, կրկին ու կրկին, հիմարի տեղ և կրկնեն տատիկի ու ձվերի պատմությունը։
Նարե Խուդոյան
«Երևան ջուր» ընկերության քաղաքացիների սպասարկման բաժնում ՀՀ քաղաքացիների հերթ է: Նրանք սպասում են իրենց բաժին կռվին. վեճերն այստեղ անպակաս են: Եվ դա հաճախ ընկերության տրաբանությունից դուրս մոտեցումներն են:
Կոնկրետ իմ մասով. 2006-ից տուն որտեղ չեն ապրել, ջրի 400 հազար դրամի պարտքի գրաֆիկ է ուղարկվել ինձ: Պարտքը գնալով տարիների ընթացքում 0 է դարձել: Եթե մի պահ ընդունեք, որ պարտքը հաշվվել է խողովակի թողունակության չափով, քանի որ ջրաչափ չի եղել, կարելի է հասկանալ, բայց այ ցուցմունքի հետագա զրոյացումն՝ անհասկանալի է:
Ինչևէ, հետաքրքիր է «Երևան ջուր» ՓԲԸ-ի գրասենյակի մոտեցումը. Ի պատասխան մեր վերանայման դիմումի, ինձանից պահանջեցին փաստաթղթեր այն մասին, որ նշված տանը ոչ ոք չի ապրել: Փաստաթղթերը ներկայացրեցի, և ահա պատասխանը, որն ուղարկվել է ինձ.
«Ի պատասխան Ձեր 27.092013 թ. դիմումի՝ հայտնում եմ, որ «Երևան Ջուր » ՓԲԸ-ի Առևտրային փոխհարաբերությունները համակարգող հանձնաժողովը մերժել է պարտքի վերանայման Ձեր դիմումը, քանի որ ներկայացված տեղեկանքում նշված է **** հասցեում Ձեր չբնակվելու փաստը, ինչը չի նշանակում, այլ անձինք չեն բնակվել: Միաժամանակ նշեմ, որ պարտքի հարցը վիճարկելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը նախապատրաստել է դատական հայց»:
Որտե՞ղ է տրամաբանությունը. եթե պիտի սա լիներ պատասխանը, ի՞նչ նպատակով են ինձանից պահանջել փաստաթղթեր՝ նշված տանը բնակիչ չլինելու մասին: Ստացվում է, որ «Երևան ջրում» ջուր են ծեծում, ինձ նման հազարավոր քաղաքացիների համար՝ օդից խնդիրներ ստեղծելով ու դատարաններ քաշ տալով:
Ռուզան Ավոյան
ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստան ներկրվեց 2 բիոզուգարան։ Այդ զուգարանների համար պետական բյուջեից հատկացվեց 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար):
Զուգարաններից մեկը տեղադրվեց Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում:
Եկեղեցու մոտինը չգիտեմ ինչ վիճակում է, սակայն Տաթևի վանքի մոտ տեղադրվածը տևական ժամանակ է` չի աշխատում:
Օրերս Տաթևում էի: 170 հազար դոլար արժեցող բիոզուգարանը ցուցանմուշի է վերածվել: Ու ինչպես ցանկացած ցուցանմուշի վրա, այստեղ էլ՝ տեղը տեղին պահպանվող տեղեկություններ կային:
Երկար — բարակ բացատրություն, թե զուգարանում ինչն ինչպես է կանոնավորվում: Դրանցից «ամենաբոցը» SOS- պահն է. պարզվում է, ըստ զուգարանից օգտվելու կարգի՝ ներսում 15 րոպեից ավելի մնալու դեպքում ավտոմատ միանում է SOS համակարգը: Զուգարանի կողքին կար նաև ապակեպատ խցիկ (հավանաբար դրամարկղը), որտեղից, ըստ երևույթին, պետք էր օգնություն սպասել: Քանի որ զուգարանը չի աշխատել, հնարավոր էլ չէ պատկերացնել թե այդ ամենն ինչպես է կարգավորվել:
Դեռևս մայիսի 29-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, խոսելով զուգարանների անսարքության մասին, նշել է, որ դրանով զբաղվում է Ազգային մրցունակության հիմնադրամը։
«Կարող եմ ասել, որ դրանք երկուսն են, և բիոզուգարաններ չեն, այլ զուգարաններ են։ Մեկն աշխատում է, մյուսի՝ մեկ կաբինան աշխատում է, մյուսը՝ ոչ։
Գնումից հետո, այն երեք տարվա պատմություն ունի։ Ես հիմա, ճիշտն ասած, չէի ասի, որ ամբողջ օրը զբաղվում եմ դրանով։ Հանձնարարականները տրված են»,-ասել է Ավանեսյանը։
Հանձնարարականները տեղ չեն հասել, այլապես արդեն փետրվարի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը չէր արդարանա. «Մենք ունենք զբոսաշրջային վայրեր, որտեղ տուրիստական հոսքերը բավականին մեծ են, և այդ վայրերում նման զուգարաններն անհրաժեշտ են:
Օրինակ՝ կան նաև վայրեր, որտեղ սալիկով և պեմզաբլոկով կառուցված զուգարանները մեկ ձմեռվա ընթացքում շարքից դուրս են գալիս: Սա Պիլոտային ծրագիր է, որով փորձում ենք մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը: Այսինքն՝ կարելի է մեկ զուգարանը գնել 170 հազար դոլարով և եկամուտ ունենալ: Այդ զուգարաններում մաքրությունը պահպանելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճարը կլինի 200 դրամ»:
Հիմա հարց է առաջանում՝ «Սա մշակույթ է, որ աստիճանաբար պետք է ներդվի» ասելով ի՞նչ է հասկանում փոխնախարարը, և ինչո՞ւ դրա էֆեկտիվությունը զրոյացավ:
Ռուզան Ավոյան
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ում խելքին ինչ փչի, կարող է ներկայացնել «Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» համոզիչ փաստարկի տակ։ Բայց, ցավոք, դա արդեն հակառակ արդյունք է սկսել տալ, քանի որ վերջին շրջանում, բանից դուրս է գալիս, բրիտանացի գիտնականներն այնքան անհեթեթ ու գիտության հետ կապ չունեցող բաներ պարզելով են զբաղված, որ ամոթ է պարզապես այդ ամենին «գիտական հայտնագործություններ» անվանումը տալ։
Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականները հայտնագործել են, որ հավն էլ հաշվել գիտի», «Բրիտանացի գիտնականները բենզին են ստացել օդից», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սեքսը պետք է լինի սպասված և ցանկալի», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հավի ապուրն ունի ջերմիջեցնող հատկություն», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են զեբրաները շերտավոր», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ» և այլն։ Շատերը, որպես այս ամենի շարունակություն, ավելացրել են նաև՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրենց մեջ հայ կա», կամ՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրանց ֆբ-յան էջը մարդիկ լայքում են՝ մտածելով, որ սրանք իսկականից բրիտանացի գիտնականներն են» և ուրիշ նմանատիպ «հայտնագործություններ»։
Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ, ե՞րբ, ո՞ւմ շնորհիվ հանկարծ բրիտանացի գիտնականները, որ տվել են Նյուտոն՝ իր մեխանիկայով և օպտիկյով, Մայքլ Ֆարադեյ՝ դաշտի մերձազդեցության տեսությամբ ու մագնիսականությամբ, Ջեյմս Կլերկ Մաքսվել՝ իր էլեկտրամագնիսականությամբ, Թոմսոն, Ռեզերֆորդ, Դիրակ և շատ ու շատ ուրիշներ, այսօր այսքան պարզունակացել են իրենց «հայտնագործություններում»։
Գուցե թվերի մեջ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Բրիտանիան տվել է աշխարհում գիտական կարևորագույն նվաճումների մոտ մեկ քառորդը։ Բրիտանիան գիտության գլխավոր կետերից է, շատ ու շատ նոր գիտելիքի սկզբնաղբյուրը։ Այն պետություն է, որը միշտ կարևորել է գիտության առաջընթացն ու զարգացումը և միշտ նպաստել դրան, հետևաբար, այն գյուտերին միշտ լավ է վերաբերել ու լայնածավալ ներդրում կատարել դրանց ստացման համար։
1705 թ.-ին Աննա թագուհին Իսահակ Նյուտոնին շնորհել է ազնվականի տիտղոս: Այդուհետև Նյուտոնն սկսել է կոչվել արդեն Սը՛ր Իսահակ Նյուտոն: Դա առաջին դեպքն էր Անգլիայի պատմության մեջ, երբ տիտղոս էր շնորհվում գիտական նվաճումների համար: Եվ ի՜նչ լավ է, որ փոխադարձաբար գնահատվում են պետությունն ու գիտնականը, և այդ «փոխըմբռնումը» տալիս է գիտական լուրջ «պտուղներ»։ Նյուտոնն այն ժամանակը, որը չէր ծախսում գիտության վրա, համարում էր կորած:
Բրիտանիայի՝ աշխարհին գիտական մեծ արդյունք տալը գուցե կապված է առաջին հերթին հենց պետության վարած քաղաքականությա՞ն հետ. պետությունը գնահատում է գիտնականին, ստեղծում արդյունավետ աշխատանքի բոլոր պայմանները, գիտնականն էլ հանգիստ ու խաղաղորեն կենտրոնանում է իր գործի վրա, ի տարբերություն մեր պետության, որ 21–րդ դարում անգամ դեռ չի հասել գիտությունը որպես առաջընթացի հիմք համարելու մակարդակին։
Այնուամենայնիվ, վերադառնալով ասելիքիս, բրիտանացի գիտնականները դարեր ի վեր աշխարհին նվիրել են լուրջ արդյունքներ և ոչ թե աղբ, ինչով այսօր լցված է ինտերնետը՝ «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» խորագրի տակ։
Այս ամենն արդեն նմանվել է չինական անորակ ապրանքին, որն այնպես է ողողել աշխարհը, որ մարդիկ մոռացել են արդեն, թե եղել են ժամանակներ, որ չինական ապրանքը հազվագյուտ էր ու բարձրորակ, դրանից այսօր պահպանվել է միայն չնաշխարհիկ բառը՝ որպես գեղեցիկի, կատարյալի, հրաշալիի հոմանիշ, որի ստեղծման աղբյուրն այսօր դժվար հասականալի է արդեն դարձել (մանավանդ մեր երկրում) ամենուրեք չինական աղբ տեսնող նոր սերնդին։
Ցավալի է, որ մեր սերունդը, նման հաջողությամբ, մի օր մոռանալու է իրապե՛ս բրիտանացի գիտնականների համաշխարհային գիտական ներդրումն ու առաջնորդվելու է «բրիտանացի գիտնակնները հայտնաբերել են» պարզունակությամբ։
Նարե Խուդոյան
Կան պատմական տեղեկություններ, որ Թանահատի վանքի տեղում է գործել ՀՀ միջնադարյան առաջին՝ Գլաձորի համալսարանը:
Թանահատի վանքը վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։ Կոչվել է նաև Կարմիր վանք` կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և լավ է պահպանվել։
Մենք հաճախ ենք քննադատում օտար երկրներին, որտեղ արհամարհված են կամ հոգածության պակասից ավերվում են հայոց պատմամշակութային կառույցները: Իսկ ինչ անուն տալ այդ տխուր պատկերին, երբ Հայաստանի անկախ Հանրապետության օրոք, որտեղ Առաքելական եկեղեցին հռչակված է հայ ժողովրդի միակ հավատքի կրողը, եկեղեցու գմբեթից վայր է ընկնում խաչը, անհայտ կորչում, և այդ մասին ոչ ոք չի մտածում:
Թանահատի վանքի խաչն այսօրվա դրությամբ վայր է ընկած և արդեն երկար ժամանակ է, իսկ դա ոչ ոքի չի մտահոգում: Մեր պատվարժան քահանաներից մեկը վերջերս հայտարարեց, թե աթեիստ հայը հայ չէ: Իսկ ի՞նչ անուն տալ եկեղեցու այն ղեկավարներին, որոնք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պատմական գոհարներից մեկի՝ վայր ընկած խաչի մասին չեն մտածում:
Ես տեսա լացակումած աչքերով եկեղեցու գմբեթին նայող հավատացյալ կանանց հայացքը: Սյունյաց վեհ ու հնագույն եկեղեցու կոտրված գլուխը պետք է վերականգնվի, Խաչը պետք է դրվի իր տեղում: Մի՞թե մեր կղերականներին պետք չեն եկեղեցիները, և մի՞թե մեր հավատը պետք է կաղապարվի նորօրյա եկեղեցիների պճնված գմբեթների տակ:
Սարերում պատմության դիմաց վեհ կանգնած այդ եկեղեցիներում է ամփոփված մեր հավատի արմատներն ու ուժը, որտեղ այցելում են իսկական հավատացյալները և այդ սուրբ պատերի ներսում իրենց հոգու և հավատքի խոսքն են ասում Աստծուն: Մի՞թե մեր քահանայական դասն այդքան անտարբեր է իր իսկ սրբավայրերրի նկատմամբ:
Արցախյան ազատմարտի մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահի մշտական թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը վերջերս մեկնել էին Բրատիսլավիա:
Ըստ նույն աղբյուրի, խումբը մեկնել էր քննարկումների, սակայն իրական պատճառը՝ընդդիմադիր նոր ուժ ձևավորելու շուրջ բանակցություններն էին:
Այդ թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք Արամ Հարությունյանի հետ.
— Ձեր խումբը մեկնել էր որոշակի ծրագրով, սակայն իրականում նպատակն ա՞յլ է եղել :
-Այսինքն, ինչպե՞ս թե, իրական նպատակն այլ է. դա եղավ քննարկումների արդյունքում: Այնտեղ կար օրակարգ, որի մեջ կար նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այնպես չէր, որ այստեղից պլանավորած գնացել էինք: Օրակարգում եղել են կետեր, որոնց հետ կապված եղել են ելույթներ: Հարցը, որ տալիս եք, դուրս է գալիս, որ դավադրություն է եղել: Օրակարգը, մեկ ամիս առաջ, բաժանված է եղել պատվիրակների մեջ: Քննարկման արդյունքում՝ տարբեր ոլորտների հետ կապված, եղել է արտաքին քաղաքականանության, բնապահպանության հետ կապված,ինչ հարցի հետ կապված, որ եղել է, բոլորը եկել են այն եզրակացության, որ, իշխանությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է, որ այդ խնդիրները լուծվեն, ու ասենք, որպես լուծում առաջարկվել է իշխանափոխություն լինի:
Ճիշտ է, դրսում էր այդ քննարկումը, բայց հիմնական պատվիրակներից էին Հայաստանի քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով արտագաղթել էին.
-Ի՞նչ անունով եք հանդես գալու.
-Համահայկական ճակատ. որը դանդաղ շտապելով շարժվում է առաջ:
— Ի՞նչ կարգավիճակով եք տեսնում ձեզ այդտեղ, արդյո՞ք նախագահի դերում:
-Ես տարբեր մարդկանց հետ, տարբեր մտավորականների հետ հանդիպումներ ունեցել եմ, երբ այդ հարցը, տալիս են, թե անձամբ ես ում եմ տեսնում վաղվա Հայաստանի նախագահ, ես ասում եմ, այդ հարցը թող ամեն մեկը պահի իր համար: Երբ որևէ անուն շոշափվի, կառաջանա պառակտում: Մեր խնդիրը որևէ մեկին նախագահ դարձնելը չէ, մեր խնդիրը իշխանափոխություն անելն է:
-Իսկ ո՞ւմ եք տեսնում նոր ուժի ղեկավարի պոստում:
-Հայաստանում պատահական չի, որ ընդդիմադիր ուժերը չեն միանում, կամ համենայն դեպս, համագործակցում, որովհետև ամեն մեկը մի տեղ կանգնում է, ասում է՝ եկեք այստեղ: Ուզում եմ ասել, որ այդ տարբերակը պիտի չլինի: Եվ մտավորականներ, և ազատամարտիկներ, և բնապահպաններ, բոլոր շերտերի մարդիկ կան, ես հանդիպումներ եմ ունեցել, մենք առաջիկայում պատրաստվում ենք կլոր սեղանի, որին կմասնակցեն նաև այդ ներկայացուցիչները, նաև այդ ամեն ինչի մասին կասվի, ինչն ասվեց Սլովակիայում:
— Ո՞րն է նոր քաղաքական ուժի մեխը.
-Բոլորը պետք է հասկանան, ես միշտ ասում եմ, իմ թևավոր խոսքն է դարձել՝ «Ամենամեծ բանը, որ կարող ենք մեր երեխաներին ժառանգել՝ դա մեր հայրենիքն է»: Մեխը դա ՝ լավ Հայաստան ունենալն է:
— Արմատական ընդիմությունը չկարողացավ փոփոխություններ անել. Ի՞նչ եք դո՛ւք պատրաստվում անել.
-Այնպես չի, որ մի օրում, մի 10 րոպեում պիտի այդ հարցը լուծվի, մենք գտնում ենք, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ և հստակ պիտի արվի: Ինչպես է, չէ՞, թող ռաբիզ չհնչի, խորովածը 20 րոպեում է լինում, բայց մինչև այդ, միսն ենք առնում, բաստուրմա ենք անում, երբ որ բաստուրմայի վիճակում լինի, իշխանափոխությունը կտևի 20 րոպե: Այսօր իշխանությունը ռեսուրս չունի, բոլոր ոլորտներում ձախողումներ կան. և արտաքինում, և սոցիալականում, և այդ արտագաղթի ցուցանիշները, որ կան, այնպես որ իշխանությանը պաշտպանող շերտ չկա, բացի մի քանի հոգուց: Անգամ մեծահարուստներն են դժգոհ, ոչ միայն ասենք, այն շերտը, որը վատ վիճակում է, այլև, կոպիտ ասած, փող ունեցողները ևս պայմաններ չունեն, որ բիզնես զարգացնեն:
-Քաղաքական գործիչներից ո՞վ կլինի ձեր շարքերում:
-Եկեք անուններ չտանք, երբ որ ֆորումը կլինի, կհավաքվենք դահլիճում, լրատվամիջոցներին կտեղեկացնենք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.