23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ Մայդանի ցուցարարների հետ սոլիդարության ակցիայի ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Այսօրվա Ուկրաինայի և 2008թ. Հայաստանի դեպքերի միջև զուգահեռները շատ են։ Ուկրաինայի դեպքերի կազմակերպիչն ու իրականացնողն այն նույն կենտրոնն է, որը 2008թ. Հայաստանում կազմակերպեց Մարտի 1-ը։ Ուկրաինայում Պուտինը փորձում է ստեղծել Յանուկովիչի բռնապետական ռեժիմ։ Երեկ Յանուկովիչը դադարեց լեգիտիմ նախագահ լինել։ Ուկրաինայի Ռադան դադարել է գոյություն ունենալ որպես քաղաքական մարմին»:
Հ.Գ.
Ի դեպ, Դավիթ Շահնազարյանն Ուկրաինայում էր նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին. երբ սրված էր իրավիճակը, նա գտնվում էր Կիևում:
Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ կոչ է ներկայացրել: Ինքնին երևույթը վատը չէ, սակայն մեր հանրությունը հոգնել է անպտուղ կոչերից և «Պետք է անել» ձևակերպումից: Սա այն դեպքն է, երբ գործարարը, կարող էր հանդես գալ առաջարկով, նշելով թե՝ կոնկրետ ինքը ինչ է պատրաստ անելու, որ «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ» ծնվի»:
Ի հիշատակ մեր զոհերի, նա առաջարկել է նախագիծ՝ անվանելով այն «1.500.000 Հայ Արմատ» և կոչ է արել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա:
Սուքիասյանի կոչն՝ ամբողջությամբ.
Շուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություներից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր պապերը չեն սահմանափակվել հայտարարություններով կամ բողոքով, այլ դրսևորել են ապրելու և գործելու մեծ ցանկություն: Այդպես է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո, երբ Ցեղասպանությունից և պատերազմներում մեծ կորուստներից հետո ընտանիքներում ծնվել են բազմաթիվ մանուկներ, այդպես էր նաև 1988 թվականի երկրաշարժից հետո: Ընդ որում, նոր սերնդին, նոր մանուկին կյանք էին տալիս ոչ միայն մարդկային կորուստներ ունեցած ընտանիքները, այլև նրանք, ովքեր հավատացել են մեր վաղվա օրվան, տեսել են մեր ազգի վերածննդի ամենակարևոր նախապայմանը: Եվ այդ ամենն արել են սոցիալ-տնտեսական ավելի ծանր պայմաններում, քան այսօրվա իրավիճակն է։
Ուստի, Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային և պետական շահերը: Մեր մեծերը հաճախ են ասում, որ «ես կենդանի եմ այնքան, որքան ապրում է ինձ հիշող սերունդս»: Հետևելով այս խոսքին` վերոնշյալ կարգախոսը դառնում է արդիական ու Հայաստանի Հանրապետության կենսագործունեության կարևոր նախապայման:
Այս կապակցությամբ առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին, գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը: Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա: Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ և հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել և կապել հայրենիքի հետ: Ինչպես նաև հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով:
Վստահ ենք, որ միայն այսօրինակ նախագծերը կարող են լավագույն պատասխանը լինել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը:
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. «ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:
Դեսպան Նազարյանը նաև նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջև իսկական հաշտության համար. «հաշտեցման հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարության վերականգնման համար, որը ներառում է նաև փոխհատուցում զոհերին և նրանց ժառանգներին` նրանց ազգային արժանապատվության և ինքնության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:
Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց, որ «բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը կրկնեց իր կառավարության մաշված ժխտումները, հաստատելով, որ «ցեղասպանության անհիմն պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ, չկա ոչ քաղաքական, ոչ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ… Մենք կարծում ենք, որ պատմությունից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրա գցել մեղադրական և անցյալի վերաբերյալ միակողմանի տեսակետ, և կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճիշտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդար հիշողության»:
Դեսպան Նազարյանը օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթյուրված բացատրությունները Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի առնչությամբ, որը խլել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց և տղամարդկանց կյանքը… Այն սկսվել էր 1915 թվականի Ապրիլի 24-ին և շարունակվել մինչև 1923 թվականը. դա մի ողջ ժողովրդի համակարգված և ծրագրված սպանդ էր»:
Մանրամասն նկարագրելով տեղահանություններն ու ջարդերն ընդհուպ մինչև ցեղասպանություն, դեսպան Նազարյանը հաստատեց, որ «այս ոճրագործությունը ճանաչվել է [ՄԱԿ-ի] բազմաթիվ անդամ պետությունների և միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:
Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն ավելի զգուշավոր դարձավ իր ժխտողականության մեջ. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձությունները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով, ինչ եք ակնկալում, որ մենք …», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:
Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդ որում, շնորհիվ թուրքական պատվիրակության տված երկու պատասխանների դեսպան Նազարյանի հայտարարությանը, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ականատեսն եղանք Ս.Սարգսյանի հարց ու պատասխանին ԵԿՄ համագումարի ժամանակ։ 45 րոպեանոց այդ տեսանյութը տեղադրված էր կայքերից մեկում։ Չգիտեմ, բացի այդ ՀՀ Նախագահն այլ ելույթ ունեցել է,թե՝ ոչ։ Այնուամենայնիվ այս հարց ու պատասխանը հետաքրքիր էր։ Անկեղծ ասեմ, Ս.Սարգսյանը առաջին ատիճանի տրամաբանությամբ հստակ էր պատասխանում։ Բայց միայն առաջին աստիճանի տրամաբանությամբ, չարաշահելով թվերն ու փաստերը, կապակցելով մակերեսային, փաստերի առաջին կարգի առնչություննները։ Հաճախ նա, թվում էր, գետնին էր գամոււմ իր ընդդիմախոսներին։ Բայց այստեղ նա օգտագործում էր տիգրանսարգսյանական մի հնարք. նա փոքր-ինչ խեղաթյուրում էր այն, ինչ ասում են ընդդիմախոսները (մեջբերում անելով վերջիններիս կողմից չասված կամ էլ լավագույն դեպքում մի ծայրահեղականի կողմից ասված կարծիք) և հետո այդ չասված միտքը մի լավ քլնգում էր։ Մեծ հաշվով Նախագահը, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր։ Այն տեսանյութում, որ ես եմ դիտել, նրան 4 տնտեսական հարց են տվել։ Անդրադառնամ դրանց էպիզոդ առ էպիզոդ։
1.Հարց տրվեց 2013թ. խոստացած տնտեսական աճը (7%) չպահպանելու պատճառների, կենսամակարդակի մասին։ Նախագահի պատասխանն այսպիսին էր. այս տարվա (2013թ) երկրորդ կիսամյակին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են։ Իբրև փաստ նա մեջբերեց ՌԴ տնտեսական աճի տեմպի դանդաղումը տարվա կտրվածքով (1.4%), երբ տարեսկզբին կանխատեսվում էր 4, ավելի ուշ 3.4% աճ։
Նշեց նաև, որ ԵՄ տնտեսական աճն էլ վատն էր տարեվերջին (0-ին մոտ)։ Եվ ասաց, որ մեր 3.5% աճ ը (ի դեպ, առաջին անգամ է, որ բարձրաստիճան պաշտոնյան փաստեց 3.5% թիվը, քանզի մինչ այդ այն հիշատակվել էր ՏԱՑ համար) այնքան էլ վատ չէ։ Ի՞նչ ենք սրան պարտավոր ասել։ Նախ, սա Տիգրան Սարգսյանի միտքն է, որ իբր թե համաշխարհային տնտեսության դանդաղեցման պատճառով մեր աճն էլ է դանդաղում։ Եվ սա սուտ է։ 2013-ին աշխարհի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս (վերջնական թիվը չկա, բայց պարզ է, որ այն 2.9-3.1%-ի արանքում է)։ Պ-ն Նախագահ, սա վերջին 15 տարիներին (1998-2013) 7-8-րդ ցուցանիշն է։ Այն պարզապես պատմության մեջ կմնա լավ տարիներից մեկը։ Ի՞նչու եք հատկապես հիշում ՌԴ-ին։ ԱՄՆ տնտեսությունը կանխատեսված 2 տոկոսի փոխարեն աճել է 2.9%, Չինաստանինը՝7.4-ի փոխարեն 7.7%։ ԵՄ տնտեսությունն էլ, ի դեպ, 2013-ի 4-րդ եռամսյակին դուրս է եկել ռեցեսիայից (անկումից)։ Ադրբեջանի տնտեսութույնն աճել է 5.5% (առանց նավթի՝ 10 տոկոս, իսկ 2012-ին՝ 9.7%)։ Վրաստանի թվերը դեռ չկան։ Դուք հասկանում եք, որ մեր ախոյանն Ադբեջանն է։ Այդ 3.5% էլ բլեֆ է։ Նայեք, այն ստացվել 2013-ի դեկտեմբերին ֆանտաստիկ աճեր նկարելով գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում։ 2013 դեկտ 2012-ի համեմատ գյուղատնտեսության աճ են ցույց տվել 16.4%. Էտ ցրտին։ Տարվա ընթացքում արտադրվել է 660.5 հազ տ կարտոֆիլ (մեկ շնչին`228 կգ), 875.9 հազ տ բանջարեղեն (1 շնչին 302 կգ), 548.8 հազ տ հացահատիկ և հատիկաընդեղեն, 338 հազ տ պտուղ, 241 հազ տ խաղող, 208 հազ տ բոստան։ Խիղճն էլ լավ բան է չ՞է։ Եթե գումարում ենք, ստացվում է, որ Հայաստանում 2013թ բնակչության մեկ շնչի հաշվով համարյա թե արտադրվել է 1000 կգ (1տ) բուսաբուծական արտադրանք։ 2013-ի ապրիլին, դրանից 1 տարի առաջ, դիմեցի Ձեզ, ասացի եկեք ստուգենք։ Անցյալ տարի խնդրեցի, որ ինձ տրամադրեն 2012թ ՀՆԱ դեֆլյատորի հաշվարկման դետալները։ Նույնիսկ Ձեր միջնորդությունից հետո այդ թվերը չստացա։ ԱՎԾ-ն, ֆինանսների նախարարը, գյուղնախարարությունը և կառավարության աշխատակազմը 48 էջանոց մի թուղթ ուղարկեցին, որոնք արտագրել էին մեթոդաբանական գրքերից։ Մյուս ճյուղերի վիճակագրությունը (ծառայություններ, հանքարդյունաբերություն) գյուղատնտեսությունից էլ վատ է։ Երկրորդ, դուք Ձեր առաջին ժամկետում (2008-2012թթ) խոստացել էիք կրկնապատկել ՀՆԱ-ն։ 100% աճելու փոխարեն այն աճել է 5.1%։ Խոսք էիք տվել ապահովել ՀՆԱ տարեկան աճ 7%։ Դուք 6 տարում (2008-2013թթ) տնտեսությունն աճեցրել եք 8.8%-ով։ Այսինքն 6 տարում եք արել այն, ինչ պիտի անեիք 1 տարում։ Երրորդ, խոսք էիք տվել 5 տարում կրկնապատկել մարդկանց եկամուտները։ Մինչդեռ 6 տարում աղքատությունը 23%-ից հասավ 35%-ի, գործազրկությունը 16.4%-ից՝ 18.5%-ի։
Պատասխանելով հարցին նշում եք, որ 2008-2013թթ գներն աճել են 40%-ով, իսկ աշխատավարձը 60%-ով։ Վա՞տ է հարցնում եք։ Հա վատ է, շատ վատ։ Նախևառաջ, 2008-2013թթ գներն աճել են 42.6%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱԱ)՝ 60.4%-ով։ Աճը 17.8% է խոստացված 100-ի փոխարեն։ Չխոստանայիք։ Այդպես եք չէ՞ ընտրվել։ Եվ ապա, ՄԱԱԱ-ն հաշվարկվում է աշխատողների համար։ Չէ՞ որ այդ ընթացքում պակասել է զբաղվածների թիվը։ 2007-ին ունեցել ենք 1188.5 հազ զբաղված, իսկ 2013-ին՝ 1129 հազ 1-ին եռամսյակում, 1179հազ 2-րդում և 1182 հազ 3րդում։ Տարեկան միջինը դեռ չկա։ Բայց պարզ է, ինչքան էլ ԱՎԾ կեղծի մի 40-50 հազ-ով պակաս կլինի 2007-ից։ Սա էլ ի դեպ Ձեր աշխատատեղեր ստեղծելու խոստման արդյունքն է։ Հիմա, գները պետք է համեմատել բնակչության եկամուտների թվի հետ, այլ ոչ թե ՄԱԱԱ-ի հետ։
2. Կուտակայինի մասով։ Հռետորական հարց եք դնում. 80 տոկոսը դեմ է։ Բայց այդ 80 տոկոսը չի գիտակցում իր շահը։ Իսկ ահա դուք և կառավարությունը գիտակցում եք։ Մի 20 տարով մի 5% փող է թող տան էլի, ասում եք, կբազմապատկենք։ Դուք տեղյակ եք ի՞նչ է ասում ընդդիմությունն այս կապակցությամբ։ Ծանոթ եք 2009-2010թթ ընդդիմության հրապարակած ծրագրերին։ Ոչ, իհարկե ծանոթ չեք։ Նայեք ասում եք երկրին երկար փող է պետք։ Նշում եք 20 տարի թիվը։ Բայց մեր դեպքում 45 տարի է։ Հասկան՞ում եք։ Այդ կառավարիչները , նախ, մեր երկար փողի կեսը դուրս են տանելու և ապա անելու են լավագույն դեպքում 10 տարվա ներդնում։ Տեսեք փողի կեսն այստեղ է մնալու չ՞է։ Իսկ մեզ մոտ 45 տարվա ներդրման գործիք կ՞ա։ Չկա։ 10 և ոչ ավել։ Հիմա, բա ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Արտասահմանում էլ 45 տարվա ներդրման գործիք չկա։ Հիմա հասկանում եք վեճի էությունը։ Եթե ներդրման գործիքները 10 տարեկան են, ապա ի՞նչու 10 տարին մեկ մարդկանց փողը չվերադարձնենք։ Մի հատ խորացեք էլի ընդդիմության ասածի մեջ։ Կամ ինչո՞ւ եք փողը հանրապետությունից դուրս հանում։ Ինքներդ եք ասում չէ՞ մեր պետությունից դենը բան չկա։
3. Արտագաղթ, թվեր եք ասում. 200 հազ մարդ 1992-ին և 60 հազ 2001-ին և 31 հազ 2013-ին։ Բա եղա՞վ։ Ահա ձեզ թվերը. 1992թ. -228 հազ. մարդ, 1993թ՝ -141 հազ մարդ, 1994թ՝ -120 հազ մարդ, 1995թ՝ -37 հազ մարդ, 1996թ՝ -20 հազ մարդ և 1997թ՝ 31 հազ մարդ։ Լսեք, բայց 1992-1997թթ այդ 577 հազ մարդուց 330 հազարը եղել են Ադրբեջանից եկածները։ Այսինքն դուրս է եկել ՀՀ 247 հազ քաղաքացի 6 տարում։ Բայց այդ 6 տարուց 3-ը պատերազմ է եղել։ Այո դժբախտաբար ձեզ հետ միասին (այն ժամանակ դուք էլ էիք կառավարության անդամ) մենք չկարողացանք նրանց պահել։ Բա պատերազմը։ Հաղթանակների 90 տոկոսը եղել է, երբ կառավարությունում էիք իմ վարչապետության օրոք։ Այդ ի՞նչն է ձեզ այդքան վրդովեցնում։ Այն ժամանակ ասեիք, որ եկեք հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ ցանկացած գնով։ Բաքվից ու Կիրովաբադից եկած ժողովուրդն էլ երևի մնար երկրում։ Բա ի՞նչու չէիք առաջարկում։ Բացի դա, հենց հայտնվում է առաջին տնտեսական աճը (1994-1996թթ), արտագաղթը տասնապատիկ անկում է ապրում։ Ի դեպ, 2001-ին -60 հազ թիվ չկա։ Կա -22 հազար։ Հիմա 6 տարի է ղեկավարում եք երկիրը. թվերն են՝ 2008 (-23.1 հազ), 2009 (-25 հազ), 2010 (-46.7 հազ), 2011 (-43.8 հազ), 2012 (-49 հազ) և 2013թ՝ -42 հազար։ 230 հազ մարդ 6 տարում։ Պատերազմի 6 տարիները 247 հազար, ձեր 6 տարիները 230 հազար։ Բա ամոթ չ՞ի։ 1995-ն ավելի լավ է եղել, քան 2013-ը։ Բացի այդ. ասում եք արտագաղթի տեմպը նվազում է։ Դուք չգիտեք, որ փոքր թվից փոքր էլ արտագաղթ կլինի։
4. Հայռուսգազարդի մասով։ Ասում եք, ի՞նչ կարիք կար 20%-ը պահելու։ Ի՞նչ էր դա տալու։ Է որ ադպես եք մտածում, ժամանակին 80%-ը չտայիք։ Վերջին 15 տարիներին դուք կամ հայ-ռուսական հանձնաժողովի անդամ եք եղել, կամ վարչապետ, կամ նախագահ։ Այնուհետև, ասում եք 189 դոլարով գազ ենք առնում, ամենաէժանը։ Մի հատ կարո՞ղ եք նշել, այդ 189-ը ինչ գործնական նանակություն ունի Հայաստանի համար։ Ոչ մի։ Միևնույնն է, մեզ այն վաճառվում է 393 դոլարով։ Հիմա 189 + 204 է, թե 100 + 293 ի՞նչ տարբերություն։ Բացի դա դուք Նախագահ եք և ձեր ասած փաստերն անաչառ պետք է լինեն։ Ուրեմն իմացեք, Բելառուսը գազը ստանում է 166 դոլարով։ Այ այնտեղ 166-ը թիվ է։ Քանզի մանրածախն էլ 155 է։ Այնուհետև, ասում եք ընդդիմությունը պիտի հակառակն ասեր. ոչ 30 տարով, այլ 60 տարով կնքեիք պայմանագիրը։ Բա ե՞ղավ։ Ո՞վ է ձեզ տվյալ տվել 30-ամյա ներդրումների մասով։ Ներդրումների բաղադրիչը այդ պայմանագրում 11 տարի է։ Կա 9 տոկոսի շահութաբերության պահանջը։ Իսկ դա նշանակում է 11 տարի։ Իսկ վատ է ընդդիմությունը, որ հայտնաբերում է, որ փոքր և խոշոր սպառողների միջև ճիշտ բալանսի, աշխատավարձի մակարդակի ճիշտ հաշվառման և ներդրումների ռացիոնալացման հաշվին կարելի է բնակչության համար գազի գինը կրճատել 60 դոլարով։ Գիտենք չ՞է որ ասում ենք։ Ձեր կառավարությունում քանի հոգի է միջազգային կազմակերպությունում գրքեր գրել նույն Գազպրոմի մասին։ Բացեք կարդացեք էլի։ Հերիք է։ Մի անգամ ՀՀԿ-ականները ԱԺ-ում ասացին մեզ. մենք շախմատ ենք խաղում, դուք շաշկի։ Իրականում մենք շախմատ ենք խաղում, իսկ դուք շաշկի էլ չեք խաղում, այլ «չապաև» եք խաղում»։
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:
Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:
Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…
Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:
Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:
Ձգտելով դեպի արդար հատուցում, հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:
Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:
Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:
Կրոնական հանգամանքի շահարկումը, նման պատերազմական իրավիճակների ընթացքում, եթե կարճաժամկետ դրվածքով մարտավարական որոշակի առավելություններ է ապահովում տվյալ կողմին, ապա երկար գծի վրա անպայման բումերանգի ազդեցություն է գործում: Փաստերը այս առումով բազմաթիվ են՝ Աֆղանիստանից մինչեւ աշխարհաքաղաքական կենտրոններում արձանագրված շրջադարձային պատահարները:
Իրաքի իշխանությունները, իհարկե, միջազգային ներշնչումներով եւ համապատասխան օժանդակություններով սահմանային շրջաննները մաքրազտելու գործողություններ են ձեռնարկել: Երեւույթները կարող են դիտարկվել միջազգային հակաահաբեկչական պայքարի ընդհանոր ծրագրերի շրջանակներում:
Ընդհանուր մտահոգությունների չեզոքացման մղումներ կարող է նկատվել նաեւ սիրիական կողմերի մոտ: Ընդհանուր` ոչ միայն իրաքյան իշխանությունների ձեռնարկած գործողությունների նկատմամբ այլ նույնիսկ ներսիրիական առումով: Այսօր թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական (իր դասական իմաստով) կողմերը ծայրահեղ կրոնական զինյալ խմբերից ձերբազատելու խնդիր են դիմագրավում: Եւ գուցե սա ինքնին ժնեւի մասնակից սիրիական կողմերին քաղաքական ենթագիտակցության մեջ ընդհանուր մղումն է, որ Ժնեւը փրկելու ուղիները բաց է պահում երկու հիմնական կողմերի առջեւ:
Ընդհանուր այս մղումը թվում է, որ միայն ներսիրիական հասկացողություն չէ: Ժնեւի գլխավոր հովանավորները եւս այս միացյալ մոտեցման անհրաժեշտությունն են ընդգծում անուղղակիորեն: Այս պարունակում է դիտարկվում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Սիրիայի նախագահի դիրքերի ամրապնդման կամ ընդհանրապես վարչակարգի անմիջական տապալման պահանջի շեշտադրումների փոփոխության մասին: Անցման կառավարության առաջադրանքի ուրվագծումը փաստորեն ուժերի գոյավիճակի (ստատուս քվոյի) պահպանմանը համազոր միջանկյալ լուծում է, որի ուղղությամբ երկկողմանի մղումը մեծ վտանգի դիմաց պատնեշ ստեղծելու է միտված:
Ծայրահեղական իսլամական զինյալների Սիրիա թափանցման հիմնական ուղիներից է նկատվում Թուրքիան, որը համաշխարհայնացած այս վտանգի զարգացման տարանցիկ ճանապարհի հանգամանք է ստացել թե՛ զինելու եւ թե՜ ֆինանսավորելու առումով:
Համաշխարհային այս վտանգի ձեւավորման մեջ իր ներդրումը ունի նաեւ Բաքուն, որի քաղաքացիները հարյուրավորներով համալրում են տարատեսակ ծայրահեղական խմբավորումների շարքերը եւ որոնք տարբեր առիթների հայտարարում են, թե իրենց նպատակն է կռվել ռուսների, հայերի եւ իրանցիների դեմ: Ադրբեջանցի զինյալների սպանության երեւույթների բազմացումը վերջին շրջանում ամենայն հավանականությամբ շարժիչ դեր ունեցավ պաշտոնական Բաքվի պաշտոնատարների այն հայտարարության համար, որի համաձայն Բաքուն պատրաստ է միանալու Իրաքի կողմից ձեռնարկված ծայրահեղ կրոնականության դրոշի տակ համախմբված զինյալների չեզոքացման ծրագրերին: Արեւմուտքի կողմից տեսանելի դարձող հակածայրահեղականության դրսեւորումների դիմաց Բաքվի այս փորձը փրկօղակից կառչելու տպավորություն է թողնում: Չհաշված այն իրականությունը, որ Բաքվի իշխանություններին եւս սպառնում են ծայրահեղ կրոնականները։
Արժե հիշել, որ Անկարան Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստության իր աշխատանքների ընթացքում ամենաբարձր մակարդակներով հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին դիվանագիտությունը պետք է աշխույժ աշխատի վերականգնելու համար Թուրքիայի վարկն ու հեղինակությունը միջազգային հանրային կարծիքի առաջ: Անմարդկային արարքներով հատկանաշվող ծայրահեղականության արմատավորման համար տարանցիկ երկիր վերածված լինելու հանգամանքը պիտի բավական դժվարացնի Անկարայի առաջադրած վարկի վերականգնման աշխատանքները:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:
Քաղաքականորեն ակնկալել, որ արդար գնահատականներ տրվեն եւ միջնորդական խաղաղարար առաքելություն ստանձնած տարբեր կառույցները ճիշտ եզրակացություններ հայտարարեն, թվում է, որ իրատեսական չէ: Ի վերջո, այս կառույցները քաղաքական էություն ունեն, ոչ իրավական եւ բնականաբար դատաստանական վճիռներ չպիտի արձակեն մատնացույց անելով հրադադար խախտող կողմը:
Բայց այս կառույցները իրականացնում են մշտադիտարկումներ, աշխատանքային եւ բանակցային այցեր: Կառույցները օժտված են անշուշտ ֆինանսական լայն հնարավորություններով, փորձագետներով, վերլուծաբաններով, զինվորական մասնագետներով եւ առհասարակ բանակցային յուրաքանչյուր հանգրվանի համար թղթածրար պատրաստող արհեստավարժ մարդուժով:
ԵԱՀԿ-ի առաքելությունը ուրեմն միայն բանակցային գործընթացի ապահովումը չէ կամ միջնախագահական ու միջնախարարական ձեւաչափերով հանդիպումների կայացումը: Գործընթացն իր ամբողջական հասկացողության մեջ նաեւ զինվորական է եւ հատկապես` հրադադարի պահպանման բազմակողմանի պարտավորություն:
Հրադադարի պայմանավորվածությունը իհարկե տարբեր է խաղաղության համաձայնագրից: Հրադադարը ինքնին հուշում է պատերազմական իրավիճակի առկախում կամ լավագույն դեպքում դեպի համաձայնագրի կնքման փուլ: Եւ եթե մի կողմից զինվորական սահմանափակ գործողությունների երեւույթը կարող է օրինաչափությամբ մեկնաբանվել` տրված լինելով, որ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, մյուս կողմից սակայն նման քայլերը մեկնաբանվում են իբրեւ որոշակի պայմանավորվածության խախտում:
Այս խախտումների հաճախակիացումը կարող է կապված լինել սպառման շարժառիթների: Այլ դեպքերի պարագայում` քաղաքական ուղերձներ փոխանցելու: Ներքին սպառման կարգով պարզ է, որ կորցրած կողմը Բաքուն է, եւ հետեւաբար իրեն է վերագրվում հարձակողապաշտությամբ բնութագրվող նման որեւե քայլ: Արտաքին ճակատում դարձյալ Բաքուն է, որ չի թաքցնում իր անհանգստությունը, հաճախ բարձրաձայնում է ուժի կիրառման անհրաժեշտության մասին եւ մանավանդ կրկնում իր ակնկալությունը ԵԱՀԿ-ից հատկապես ՄԱԿ տեղափոխելու միջնորդական պարտականությունը:
Քաղաքական այս հիմնավորումների կարիքը չունեն ԵԱՀԿ-ի փորձագետներն ու մշտադիտարկողները` համոզվելու համար, թե ո՛վ է նախաձեռնողը դիվերսիոն գործողությունների, ո՛վ է հրադադար խախտողը, ո՛վ է դիպուկահարներ գործի լծողը, ո՛վ է կացինահարողը, ո՛վ է մարդասպան հերոսացնողը եւ տակավին նմանատիպ գործողությունների հեղինակը:
Եւ եթե այսքան պարզ է նման քայլերի հետևում կանգնող կողմը, ինչո՞ւ հայկական կողմը ադրբեջանականի հետ հրավիրվում է զգաստության, պայմանավորվածությունը հարգելու եւ խաղաղության պահպանման նախանձախնդիր մնալու: Այնքան որքան Բաքուն:
Անկողմնակալ միջնորդի հռչակը պահպանելու համար կողմնակալ համահավասարեցում կատարելը ինքնին կողմնակալություն է դիտվում: Իրերը իրենց անուններով չկոչելու միջնորդական այս պահվածքն էր, որ Բաքվին արտոնեց հարձակման միջավայրը Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից տեղափոխելու նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ: Այս եւս բավարարար չէր, որ խախտեին հավասարեցման խաղի կանոնները:
Ադրբեջանական այս սադրանքները պատերազմական գործողությունների վերսկսում չեն. քնած ժամանակ գործածված կացինը, թաքուն դիպուկահարը կամ գիշերվա ընթացքում փորձված դիվերսիան ճակատային պատերազմից խուսափելու փորձեր են: Ներքին սպառման եւ արտաքին ուղերձների հղման սատարող միջոցներ պարզապես:
Միջնորդը պիտի գիտակցի, որ սադրանքի հեղինակը մատնացույց չանելն ու նման երեւույթների հեղինակին առանձնապես չդատապարտելը սպառնում է նույնինքն այն առաքելության, որը ստանձնել է ինքը: Կոչերն ու պահանջները պետք է ուղղել Բաքվին: Միայն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին: Հետաքրքրական է, որ Եվրադատարանը հայկական և ադրբեջանական բողոքների վերաբերյալ լսումներն անցկացրել է միևնույն օրը. 2010 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան դատարանը լսել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, իսկ նույն օրվա երկրորդ կեսին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:
2011 թվականի դեկտեմբերի 14-ի նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը Սարգսյանի բողոքը համարեց մասամբ ընդունելի: Դատարանը մերժեց Ադրբեջանի փաստարկը, թե գործը պետք է կարճել, քանի որ դրանում ընդգրկված դեպքերը տեղի են ունեցել մինչ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վավերացումը 2002 թվականին: Ցավոք, հայցվոր Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, բայց նրա երկու երեխաները շարունակում են դատական գործընթացը: ՄԻԵԴ-ը կզբաղվի Սարգսյանի գործի քննությամբ ըստ էության 2014 թվականի փետրվարի 5-ին:
Երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը լսեց «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հակադիր գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր բողոք էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նրանք պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից, ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով:
Ադբեջանական բողոքն ընդդեմ Հայաստանի առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2005 թվականի ապրիլի 6-ին: 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը համաձայնեց գործը քննության վերցնել, համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն խոչընդոտում Եվրադատարանին զբաղվել այս վիճելի հարցով: ՄԻԵԴ-ը հերթական նիստն անցկացրեց 2014 թվականի հունվարի 22-ին` քննության առնելով հետևյալ հարցերը.
1. Արդյոք Հայաստանն ո՞ւնի իսկական հակակշիռ Արցախի տարածքների վրա:
2. Ադրբեջանցի վեց քաղաքացիները ունե՞ն բավարար փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց ինքնությունն ու սեփականության իրավունքը հայցով ներկայացված գույքի նկատմամբ:
3. Պե՞տք է արդյոք ադրբեջանցի հայցվորները սպառեին բոլոր տեղական դատական ատյանները (ՄԻԵԴ-ի պահանջը) հայց ներկայացնելով Արցախի դատարաններ մինչ ՄԻԵԴ բողոք ներկայացնելը, նկատի ունենալով մանավանդ այն բարդությունը, որ Արցախը չճանաչված պետություն է:
Ահա որոշ մտորումներ ՄԻԵԴ-ի վճռորոշ դերի մասին այս երկու հակասական բնույթ ունեցող գործերում.
1. Երկու բողոքներն էլ ՄԻԵԴ են ներկայացվել գրեթե տասը տարի առաջ և պարունակում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, որոնք տեղի են ունեցել երկու տասնամյակ առաջ: Քանի որ հայ հայցվորը և ադրբեջանցի վեց հայցվորներից մեկը մահացել են անցած տարիներին, նրանցից ոչ մեկն այլևս չի տեսնի Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը: Ինչպես հայտնի ասացվածքում` «Արդարության ուշացումը`արդարության մերժում է»…
2. ՄԻԵԴ-ի ակնհայտ փորձը` միաժամանակյա քայլեր ձեռնարկելու այս երկու առանձին, բայց հակադիր գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ Եվրադատարանը փորձում է լուծել ոչ միայն այս երկու բողոքները, այլ նաև հող նախապատրաստել արցախյան հակամարտության լուծման համար, առնվազն փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունքի մասով:
Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի մինչ օրս անաչառ վերաբերմունքը հայկական և ադրբեջանական հայցվորների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Եվրադատարանն ի վերջո վճիռ կկայացնի հօգուտ երկու գործերի, դրանով իսկ դուռ բացելով երկու կողմերի փախստականների հազարավոր լրացուցիչ բողոքների առջև, որոնք նույն բախտին են արժանացել Արցախյան պատերազմի ընթացքում: Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, Եվրադատարանը կարող է սահմանել, որ այդ փախստականներին թույլատրեն վերադառնալ իրենց հայրենի տները, այսպիսով մասնակի մարդասիրական լուծում պարտադրելով անզիջում հակամարտությանը, որը երկու երկրների ղեկավարներն ու միջազգային միջնորդներն ի զորու չեն լուծել ավելի քան 25 տարի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:
Նախ, չի կարելի անտեսել այն երեւույթը, որ միեւնույն կուսակցության ղեկավարներից Բեսե Հոզաթը հայկական լոբբիին մեղադրել էր Թուրքիայի ուրվական պետություններից մեկը լինելու հանցանքի մեջ, որի հերքման ձեւով մեկնաբանվեց Օջալանի նամակը: Խառը ուղերձի տրամաբանության մեջ է տեղավորվում նամակի այն բաժինը, ուր քուրդ ղեկավարը հայ ժողովրդին համեստաբար առաջարկում էր, որ առանց ցեղապաշտ-ազգային թակարդների մեջ ներքաշվելու շարունակի իր պայքարը` հեռու մնալով «մեր ժողովուրդները տակավին դարեր շարունակ իրար թշնամացնել նպատակադրող միջազգային դրամատեր ուժերի եւ լոբբիների չարամտությունից»: Եւ եթե նամակի բովանդակության բնութագիրը ընդհանուր առմամբ խառը պատգամներով կարող է բնորոշվել, ապա այստեղ արդեն համարյա՜ միանշանակ է դառնում հայության պայքարը ապալոբբիստականացնելու կոչը:
Սա ենթադրել է տալիս, որ Օջալանի նամակը ոչ թե անպայման հերքում է իր քաղաքական դիվանի անդամի ամբաստանությունը, այլ պարզապես փոխում է բուն ասելիքի ոճը:
Պարզ է, որ ըստ էության Օջալանը ցեղասպանությունը ճանաչելով հանդերձ, իր արգելարանից պիտի չխոսեր հատուցման կամ հիմնական առաջադրանքի` Արեւմտահայաստանի մասին: Առաջադրանքը, ի վերջո, հակադրամատիրական պայքարի համահունչ բառապաշարի լիարժեք օգտագործումով Անատոլիայի շրջանում տարբեր ազգերի խաղաղ գոյակցությունն է: Մնացյալը, վիշտ, ցավ, նույնիսկ Ցեղասպանություն` դատապարտանքի ոլորտներում մնալու հղացքային տեսություններ են, որոնք բնականաբար չպիտի հատեն Թուրքիայի մասնատմանն առաջնորդող ուղիների սահմանները:
Ակնկալել, որ «Արեւմտահայաստան» բառը որևէ ձևով պետք է տեղ գտներ Օջալանի նամակում, քաղաքականորեն իրատեսական չպիտի լիներ, մանավանդ որ Քուրդիստան բառն անգամ տեղ չի գտել այս գրության մեջ: Մի անգամ եւս ընդգծվում է, որ ընդհանուր առաջադրանքը Անատոլիայում հայերի, քրդերի, թուրքերի եւ այլազգիների խաղաղ համագոյակցությունն է:
Առաջադրանքային այս տեսությունը հեռու չէ Անկարայի կիրառած քաղաքականությունից: Ցեղասպանություն բառը չպետք է ընթերցողին հեռացնի Անկարայի քաղաքականության տեսադաշտից: Հրանդ Դինքի սպանության դատապարտանքն ու նրա հիշատակի ոգեկոչումը եւս հեռու չեն Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից:
Այս նամակը Դինքի սպանության առիթով հրապարակելի էր: Նրա հրապարակման շուրջ երկշաբաթյա ուշացումը արագորեն մտածել է տալիս գրաքննության մասին: Թերեւս, խոսքը պետական կիսաարհեստավարժության մասին է: Իշխանությունները կարող էին ամեն ինչ բանաձեւել, հետո հրապարակել: Ուշացումը ինքնին, կարող է մեկնաբանվել իբրեւ արտոնություն տալու-չտալու խաղին ծառայեցվող երեւույթ, ստեղծելով այն խաբկանքը, որ որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո է միայն, որ նամակը հայտնվել է հանրության ուշադրությանը:
Արգելափակված Օջալանը պատանդի կարգավիճակում է` Անկարայի ցուցմունքներով հեռակառավարելու քրդական շարժումները: Անկարան փորձ է կատարում, նույն հանգամանքն օգտագործելով, ազդեցություն բանեցնել հայկական կողմի վրա: Անկարայի ձեռագրի տակ ստորագրել է Օջալանը: Թեկուզ Ցեղասպանության մասին խոսելով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հունվարի 26-ին մեր ամերիկաբնակ հայրենակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Գլենդելի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ կատարելով սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված օրեր առաջ հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի և արցախյան հերոսամարտում զոհված մյուս հայ զինվորների հիշատակին: Այնուհետև ծաղկեպսակ է դրվել եկեղեցու բակում տեղակայված հուշարձանին:
Արարողությունը կազմակերպել էին Դաշնակցության արևմտյան թևի ղեկավարներները. ակտիվ մասնակցությամբ ԱՄՆ-ի հայ վետերանների՝ Վիգեն Ղազարյանի գլխավորությամբ: Հայ համայնքի անդամները հպարտությամբ են խոնարհվել մեր քաջազունների հիշատակի առջև, այնուհետև Վիգեն Ղազարյանն ընթերցել է վետերանների հայտարարությունը.
«ԱՄՆ-ի Հայ վետերանների միության կոմիտեն և միության բոլոր անդամները երկրորդ համաշխարհային ու Արցախյան պարտադրված պատերազմի մասնակիցները, ՀՀ և օտար պետությունների զինված ուժերում ծառայած հայորդիները, կազմակերպությանն անդամագրված համակիրները, կամավորականներն ու աշխատանքի վետերանները հայտարարում են.
Խստիվ դատապարտելով ադրբեջանական դավադիր ու ռազմատենչ գործողությունների հետևանքով պատմական և ազատագրված Արցախի սահմանները պաշտպանելու ժամանակ՝ անհավասար կռվում հերոսի մահով նահատակված Արմեն Հովհաննիսյանի սպանությունը: Միաժամանակ վերջնագրի տեսքով զգուշացնում ենք ձեզ, ով անիծյալ ազերիներ, Ղարաբաղը երբեք ձերը չի եղել և երբեք էլ չի լինի: Անիծյալ ու անաստված բոլշևիկների ձեռքով պատմական Արցախը նվիրվեց ձեզ, բայց հայ ֆիդայինները ձեզ լավ դաս տվեցին և Արցախն ազատագրեցին: Շատ ափսոս, որ ռուսները խանգարեցին, թե չէ կազատագրվեր ողջ հայոց Ատրպատականի պատմական տարածքները նույնպես, որը ձեր կարծեցյալ հայրենիքն է:
Մենք՝ ԱՄՆ-ի վետերանների միության բոլոր անդամներս, մեր զավակներն ու ժառանգները, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում. մշտապես սատար կանգնել և հարկ եղած դեպքում նաև զենքով կռվել անարգ թշնամու դեմ՝ հանուն մեր հայրենիքի, մեր հայոց բանակի, մեր՝ դեռևս պատանդ մնացած հողերի:
Արմեն Հովհաննիսյանն իր անձնական օրինակով իր խիզախությամբ ու հայրենասիրությամբ դաս տվեց ստոր ու վախկոտ թշնամուն, որը քանակապես գերազանցում էր մեր քաջերին, և իր հերոսական արարքով պարտավորեցրեց մեզ և յուրաքանչյուր հայի՝ վրեժխնդիր լինել՝ յուրաքանչյուր Արմենի համար, փոխարենը հազարավոր ահմեդներ դժոխք ուղարկել»:
[nggallery id=128]
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.