23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամեն անգամ, երբ խոսվում է Եվրոպա, թե՛ Ռուսաստան, չգիտես ինչու, իրենց «ծակ պրոֆեսորներ» համարող, արդեն խորհրդային 3 տոկոսանոց մարած «աբլիգացիայի» մակարդակի ուղեղով, մտածելակերպով անընդհատ փչացած «պատեֆոնի» նման կրկնում են` բա’ պոռնկությունը, բա’ լեսբուհիները, բա’ գեյե՞րը…
Այ քիչ թե շատ բարձրագույն կրթություն ստացածներ, դրանով պարծեցողներ, մոռացել եք պատմությո՞ւնը… Ուրեմն կամ լավ չեք սովորել, կամ «հիշողության հետ» պրոբլեմ ունեք:
Ինչպես ձեր նմաններն են սիրում կրկնել, երբ եվրոպացիների մեծ մասը չկային կամ ծառերի վրա էին, կամ նոր-նոր էին իջել ծառերից, մարդկային քաղաքակրթության Հին աշխարհը սկսած նախնադարյան-համայնական, ստրկատիրական հասարակարգերից, կալիգուլաներով, ալեքսանդրմակեդոնացիներով, իրենց համանման նախորդներով, ժամանակակիցներով և հետնորդներով «վարակված» էին այդ աղբով, այդ ախտով…
Այդ որ երկրում էր, հիշում ե’ք, որ հարսի առաջին գիշերը պետք է նվիրեին քրմերի՞ն…
Ինչ է խորհրդային տարիներին, երբ «երկաթյա վարագույր» էր դրված համասեռամոլներ, պեդոֆիլներ, զոոֆիլներ, մոլագարներ, պոռնիկներ չկայի՞ն…
Լավ էլ կային, լավ էլ շատ էին, ուղղակի լավ էլ թաքնված էին, գաղտագողի…Շատ-շատերն էլ բարձր պաշտոններ էին վարում, հա’ նաև ԽՄԿԿ անդամ էին` կոմունիստ, նույնիսկ պլենումի, բյուրոյի անդամ, ինչու չէ նաև ակադեմիկոս…
Այնպես որ, այդ աղբը միշտ ուղեկցել է մարդկությանը, անկախ աշխարհագրական վայրից, պատմական զարգացման դարաշրջանից, հասարակարգից, ազգությունից, կրոնից, մաշկի գույնից և մնացած զանազան բաներից…Դուք ավելի շատ զգուշացեք համացանցից, քան Արևմուտքից: Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն պետք է հենց առաջին հերթին արգելենք ինտերնետ կապը:
Ճիշտ է Շանթ Հարությունյանը. «Եթե հայը ընդունակ չի գոմիկ դառնա, չի դառնա»…Մի քիչ ընդհանրացնեմ, «դուրս գամ հայեցի մտածողությունից», եթե մարդը, Աստծո ստեղծած արարածը ընդունակ չէ գոմիկ կամ այլ զիբիլ դառնալ, այդ թվում նաև գող, թմրամոլ, խաղամոլ, պոռնիկ, խաբեբա, դավաճան, թալանչի, տականք, ուրեմն չի դառնա…
Հա’, քիչ էր մնում մոռանայի…
Եվրոպա, թե’ Ռուսաստա՞ն…Մեզ երկուսն էլ պետք է, դրան գումարած Ամերիկան էլ, Թաիլանդն էլ, Փղոսկրե ափն էլ, տո բոլոր երկրները…Իսկ հատկապես Ռուսաստանը մեզ առայժմ պետք մեր անվտանգության, Եվրոպան` Արևմուտքը, մեր հասարակության և տնտեսության հետագա զարգացման համար…
Թե չէ գեյեր, պոռնիկներ, լեսբուհիներ…»:
(2014 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի առթիվ)
Ես ծնվել ու մեծացել եմ ո՛չ գիտնականի ընտանիքում։ Ավելին` իմ առաջին «ծանոթությունը» գիտնականի հետ եղել է բավական ուշ` դպրոցում, երբ, հիմնականում բնագիտական առարկաներից, անցնում էինք հայտնի գիտնականների կյանքն ու գործունեությունը։ Իհարկե, ես մտածել եմ, որ նրանք հարգանքի արժանի մարդիկ են, որ արարել են, որպես կանոն, դժվարին պայմաններում, բայց միտքս առանձնապես կանգ չի առել այդ հարցի վրա։ Հետագայում նրանց «հանդիպել եմ» նաև թերթերի ու ամսագրերի` «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» «խորագրի» տակ, ինչը ևս, գիտեք, որ լուրջ չէ։
Ի՞նչ խոսք, գիտնականին ու գիտությանը նվիրված գիտահանրամատչելի հաղորդումների ես չեմ հանդիպել հայկական և ոչ մի հեռուստաալիքով, քանի որ ես 22 տարեկան եմ, այսինքն` ճի՛շտ անկախության տարիքին, այսինքն` ծնվել եմ ճի՛շտ այն ժամանակ, երբ փաստորեն սկիզբ է դրվել գիտության անտեսմանը։
Անտարբեր հարգանքս գիտնականի բնույթի հանդեպ վերածվեց «մտերմության» ու լուրջ սիրո, երբ առաջին անգամ կարդացի Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»։ Մելկիադեսը… կիսաիրական-կիսամտացածին այդ մարդը նորարարական մտքին իր նվիրումով բացահայտեց ինձ համար մարդկային նոր տեսակ, ճգնավորի մի այլ տիպ, որի «ճգնումը» ոչ թե պարզապես խոսքերն են` հղվող առ Աստված, այլ արարելու, բացահայտելու, ստեղծելու իր ներսում գտնվող շարժիչին տուրք տալը։ Այսինքն` առաջընթաց ապահովելը պարզապես նրա կենսակերպն է։
Եվ գուցե գիտնականներն այդպես էլ վերացական կամ գրական հերոսներ մնային ինձ համար, եթե երկու տարի առաջ Ծաղկաձորում սկիզբ չդրվեր նրանց հետ իրական ծանոթության, ինչն էլ գնալով վերածվեց նրանց հանդեպ հետաքրքրության և խորը հարգանքի։
Գիտություն արարողն ընդհանրապես արժանի է հարգանքի, բայց հասկանալի դարձավ, որ մեր երկրի գիտնականը հերոս է։ Այստեղ էր, որ, հայաստանցի գիտնականի մասին բացահայտեցի ինձ համար շատ կարևոր նորություններ, որոնք կամ չէի լսել, կամ պարզապես որոնցով չէի հետաքրքրել։ Եվ, ավաղ, Ծաղկաձորում նրանց հետ իմ առաջին ծանոթությունը զուգահեռաբար ինձ ծանոթացրեց նաև նրանց այսօրվա գերխնդրին` ֆինանսավորման ամոթալի ցածրությանը, քանի որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության շուրջ համախմբված գիտնակնները հավաքվել էին` քննարկելու ֆինանսավորման խնդիրները։ Ես իմացա առաջին հերթին անհավատալի և անհավանական մի բան` Հայաստանի գիտնականն ստանում է երկրում ամենացածր աշխատավարձը, նաև` նրա նկատմամբ հարգանքը գտնվում է ո՛չ պատշաճ մակարդակի վրա. ինչպես իրենք են ասում` ընկել է երկրում գիտնականի վարկը։ Պարզվեց նաև, որ մեր գիտնականներն այս մակոնդոյական պայմաններում էլ աշխատում են ու ցուցանիշներով հետ չեն մնում աշխարհի զարգացած երկրներից։
Ի՞նչ խոսք. բոլո՛ր ժամանակներում գիտությունը նվիրում է պահանջել։ Բայց վաղուց արդեն աշխարհն ապրում է զարգացման այն աստիճանի վրա, որ գիտնականն իր նվիրումի դիմաց վարձատրվում է` ըստ արժանվույն։ Վաղո՜ւց արդեն չկան մելկիադեսներ, որոնք գնչուների թափառախմբի հետ երկրե-երկիր էին անցնում, նորություններ բացահայտում, նյութեր գնում, փորձարկումներ անում, արդյունքները վաճառում, որ էլի թափառախմբով չվեն` նորանոր բացահայտումների կանչով…
Եվ ավաղ, հայ գիտնականի հետ հանդիպել-ծանոթանալս ու խորը հարգանքով լցվելս այսօր համընկնում է նրան կորցնելու անհանգստությանս հետ, քանի որ, ինչպես իրենք էին ասում` վիրավորված ու դառնացած, Հայաստանի գիտնականը, ընկած օրվա հացի խնդրի հետևից, պիտի ընտրի երեք ճանապարհներից մեկը` հեռանալ գիտությունից, հեռանալ երկրից կամ աշխատել հետևյալ կարգախոսով` ստեղծիր ու արարիր ինչպես և ինչով կարող ես, պետության համար դու ամենաանտեսված ու ամենաչերևացող խավն ես։ Ստացվում է, որ Հայաստանում անկախացումը բերել է մակոնդոյական միջավայր, իսկ գիտնականները վերածվել են մելկիադեսների։
Թեև ծաղկաձորյան հանդիպումը պատճառ եղավ` գիտության թեմայով հետաքրքրվելուս, սակայնս գրելուս համար առիթը մի միջադեպ եղավ. երիտասարդ գիտնական ընկերուհիս սկսել է ընկերություն անել մի տղայի հետ, որը նույնպես երիտասարդ գիտնական է։ Ընկերուհիս պատմեց, որ երբ իրենք հանդիպում են, զրուցում են այգու նստարանին նստած, իսկ երբեմն եթե հանկարծ, զանազանության համար, մեկ-մեկ որոշում են սրճարան գնալ, ինքն ընկերոջ` «ի՞նչ կուզես» հարցին պատասխանում է` «միայն սև սուրճ»։ Ընկերուհիս հումորով պատմում է` «Ես նույնիսկ ասել եմ, որ պաղպաղակ չեմ սիրում, եթե այդ պահին լիներ անկեղծությունն ստուգող դետեկտոր, անմիջապես լույսը կվառվեր, քանի որ, հակառակի պես, պաղպաղակ շա՜տ եմ սիրում։ Գիտե՞ս երբ կարող եմ այս կամ նման հարցերով անկեղծանալ փեսացուիս մոտ, երբ բարձրացնեն գիտության ֆինանսավորումը»։
Իսկ ծաղկաձորյան հանդիպման ժամանակ` 2011-ին, որոշ կոմսոմոլների կողմից ազդարարվում էր, որ ՀՀ կառավարությունը 2010 թ. ընդունել է «ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» 2011-2020 թվականների համար, ըստ որի` «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտալիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է» և մինչև 2020 թիվը, երկրում գիտության ֆինանսավորումը պիտի «մոտենա միջին եվրոպական չափանիշներին», այսինքն` ՀՆԱ-ի 0.24 տոկոսից հասցվի մոտ 2 տոկոսի։ Կարելի է ասել` 3 տարի անց (քանի որ այսօր քննարկվում է 2014-ի բյուջեն, ու այդ բյուջեով ևս ոչ մի լավ բան չի նախատեսվում, հազիվ` գների սղաճի կոմպենսացում) ոչ մի ավելացում իրականում չի գրանցվել (նույնիսկ նվազագույն աշխատավարձն է արդեն սկսում «հասնել եւ անցնել գիտնականների աշխատավարձերին»)։ Ավելին, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն գիտության ֆինանսավորումը աննշան չափով է ավելանալու նաև 2015 թվականին:
Իսկ 2020-ը սարերի հետևում չէ։ Նշանակում է` կամ 2016-ից պիտի սկսեն թռիչքային` մի քանի անգամյա ավելացումներ, որպեսզի լրացնեն նաև անցած տարիների չարվածը, կամ, ելնելով մեր ղեկավարների` իրենց ընդունած որոշումների հանդեպ ունեցած «պատասխանատվության» չափից, ընկերուհիս դեռ երկա՜ր տարիներ պիտի շարունակի «պաղպաղակ չսիրել»… և ո՛չ միայն պաղպաղակ, գուցե կարիք զգացվի «չսիրելու» նաև սուրճ… Հարգելի՛ կառավարություն և պարո՛ն վարչապետ. դուք գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունն ինչի՞ համար եք ընդունել` մարդկանց աչքերին թոզ փչելո՞ւ։
Նարե Խուդոյան
Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իրենց Հակոբին։
«Ինքը շատ վախեցած, ընկճված էր, վատ էր, անճանաչելի։ Ոնց որ ուզում էր թաքցնել վախը, բայց չէր կարողանում»,– երեկ «Առավոտ»–ին պատմեց Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրենց տպավորությամբ եղբոր նկատմամբ այնտեղ բռնություններ են կիրառվել. «Համազգեստի թևերը պետք է ծալված լինեին, բայց հարցազրույցի ժամանակ թևերը ծալված չէին, ամբողջությամբ փակ էին, կարճաթևով չէր։ Հենց դա էլ կասկած է հարուցել, որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ մարմնին կապտուկներ կան։ Աչքի տակի կապտուկն էլ է, կարծում եմ, այնտեղ արվել, տեսանյութում երևում էր, բայց ակնհայտ էր նաև, որ լավ գրիմ էին արել։
Ու բացի դա, այդ ամենը շոու էր, ու երեխեն ստիպված խոսում էր»։ Հակոբ Ինջիղուլյանը մեկ տարի 2 ամսվա զինծառայող է, ու Արման Ինջիղուլյանի խոսքերով՝ «Եթե խնդիր ունենար, ոչ թե կգնար Ադրբեջան, այլ կգար Երևան»։ Նա՝ հաշվի առնելով նախորդ դեպքը, երբ Ադրբեջանում գերեվարված հովիվը հարցազրույցից հետո ինքնասպան եղավ, մտավախություն ունի, որ նույն սցենարը կրկնվի. «Վախ է ներշնչում։ Մարդիկ են եղել, որ գերի ընկնելուց հետո հետ են եկել ու 15 օր հետո ինքնասպան են եղել»։ Նա նաև դժգոհեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքից. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, բայց Կարմիր խաչը դեռ սպասում է, բայց կարծում եմ՝ կարող էր ստիպել, որ գործընթացն արագացված կարգով լիներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրը, թե իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի ժամանակ եղել է թմրանյութի ազդեցության տակ, նշելով, թե դա բառերի մանիպուլյացիա է. «Եթե որևէ մեկը ինձ նման եզրակացություն ցույց տա, կհրաժարվեմ Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից»,-հայտարարել է Ռուբեն Սահակյանը:
«Հայկական Վարկած»-ը փաստաբանի հայտարարության հետ կապված զրուցեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ: Վերջինս չցանկացավ մեկնաբանել իր գործընկերոջ ասածները և նշեց, որ ի տարբերություն Ռուբեն Սահակյանի, ինքը կարող է հիմնավորել ,որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
«Իմ կոլեգիայի ասածներն իրենից ճշտեք. ես մնում եմ իմ կարծիքին, որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, իմ ասածն ունի հիմնավորում, իրենը՝ ոչ: Իմ ասածը հիմնավորվում է փորձաքննության արդյունքով»,-ընդգծեց փաստաբան Ալումյանը:
Բուհերի ներքին որոշումն է թանկացնել ուսման վարձը, և ես ըմբռնումով եմ մոտենում, քանի որ որոշ բուհեր այսօր շատ ծանր ֆինանսական վիճակում են. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ակնհայտ է, որ պետությունը չի կարող ներքին ինքնավարության դրսևորումն ամբողջությամբ թողնել բուհերի վրա: Մենք օրենսդրական նոր նախաձեռնություն ենք անելու և կառավարությունն իրեն իրավունք է վերապահելու սահմանել վարձերի վերին շեմը»,- նշել է նա և հավելել, որ սոցիալական խոցելի խավերի ուսանողների համար պետք է հստակ քայլեր անեն:
Նախարարի տեղեկացմամբ, «Փարոսի» համակարգում ընդգրկված ուսանողները կկարողանան 50 տոկոս զեղչ ստանալ:
«Ես ստացել եմ գրավոր առաջարկություններ, ոչ այս նախաձեռնող խմբից, մի քանի նախաձեռնող խմբեր կան, որտեղ կան կոնկրետ առաջարկություններ, ես էլի եմ պատրաստ սպասել, քննարկել նոր առաջարկություններ: Մենք մեծ փաթեթ ենք պատրաստել սոցիալական խնդիրը մեղմելու համար և հատկապես կրթության մատչելիությունը ապահովելու համար: Եվ այս ակտիվությունը պետք է ուղղվի դեպի կոնստրուկտիվ դաշտ»,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ մի ֆիլմ նայեցի, ափսոս կեսից և չիմացա անվանումը: Լավ ֆիլմ էր: Այն Մայամի քաղաքի հին թաղամասերից մեկի վերաբերյալ էր, որն ըստ տարածքում շինարարություն իրականացնելու ցանկություն ունեցող ֆիրմայի, քաղաքային իշխանությունների թույլտվությամբ, պետք է քանդեր և կառուցեր նոր զվարճանքի վայրեր, բարձրահարկ շենքեր, այլ կառույցներ:
Հետաքրքիրն այդ թաղամասի երիտասարդների պայքարի ձևն էր՝ պարի միջոցով, լուրջ, մտածված, հետաքրքիր, դինամիկ, դիտարժան ֆլեշ-մոբի ցուցադրումը, որը փոխեց պայքարի ողջ ընթացքը և հասարակական կարծիքը: Մի պահ միայն նրանք ենթարկվեցին զգացմունքներին, ցուցաբերեցին անազնվություն, ագրեսիա, ոչ կոռեկտ պայքարի տակտիկա և լրիվ հակառակ պատկերը ստացան՝ քաղաքային իշխանությունները կրկին սկսեցին քննարկել շինարարությունը վերսկսելու հարցը: Սակայն, երիտասարդները արագ գիտակցելով իրենց սխալը, կրկին պարային ֆլեշ-մոբով, մի հոյակապ ներկայացումով, վերջին պահին խելացի մոտեցմամբ կարողացան փոխել թե՛ շինարարություն կատարող ընկերության, թե՛ քաղաքային իշխանությունների որոշումը…
Ընդ որում, վերջիններս դա արեցին մեծ հաճույքով, կամեցողությամբ, փոխելով վերակառուցման նախագիծը, մոտեցման սկզբունքները, ոճը, պահպանելով այդ թաղամասի կոլորիտն ու եղած շինությունների մեծ մասը:
Պայքարի նման ձևը, երբ միայն դրական, ազնիվ, գեղեցիկ զգացմունքներ է առաջացնում, մտածելու, խորհելու հնարավորություն է տալիս, ապա անշուշտ հասնում է իր նպատակին՝ առանց կամակորության, հայհոյանքի, վիրավորանքի, սադրանքի ու ագրեսիայի: Վաղ թե ուշ հասնում է, անպայման հասնում է նպատակին…
Նման պայքարի ծիլեր ասեմ, թե սաղմեր մենք նկատեցինք Մաշտոցի պուրակի և քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ տարվող պայքարի մի որոշ էտապներում: Երբ խելացի, յուրօրինակ, հանգիստ, հետևողական ու ստեղծագործ մոտեցմամբ մեր քաղաքացիները, բնապահպանները, քաղաքացիական պայքարի մասնակիցները, ակտիվիստները հասան որոշակի հաջողությունների:
Միապաղաղ, անհետաքրքիր, միօրինակ, միջադեպերի հրահրմամբ, որոշ դեպքերում ակնհայտ թշնամանքով, ատելությամբ, սադրանքով համեմված, վիրավորական կոչերով, զուտ հակադրվելու և անմտածված, պահի տակ իրականացված քայլերով դժվար է արդյունքի հասնել: Թշնամանքը, ատելությունը, ագրեսիան դառնում է փոխադարձ և անշուշտ տանում հակամարտության, անհանդուրժողականության, անհասկացողության ու շարժման վարկաբեկման…
Այս ամենը հատկապես զգացվում է քաղաքական ուժերի միանման, գրեթե նույնաբովանդակ, ձանձրալի հանրահավաքների, ցույցերի, երթերի, քաղաքական այլ ակցիաների ժամանակ, երբ գիտես ով երբ ելույթ կունենա, ինչ ոճով, ինչ բովանդակությամբ, ինչ տոնայնությամբ կամ թույնի ինչ չափաբաժնով կարտահայտվի իշխանությունների կամ քաղաքական այլ ուժերի հասցեին: Երբ գիտես երթերի ուղղվածությունը, աննպատակ վիրավորական կոչերը, գոռգոռոցները, հայհոյանքները նույն ակտիվիստների, նույն «քաղաքական գործիչների» դերակատարմամբ…
Մի խոսքով, սա այն ճանապարհն է, որը բնականաբար տանում է առճակատման, տանում փակուղի կամ անցանկալի, անկառավարելի իրավիճակների…
Այո, ֆիլմը ֆիլմ իր գեղարվեստական ոճով, մտածողությամբ, գուցե մի փոքր իրականությանը չհամապատասխանող տարրերով, սակայն այն այնուամենայնիվ մտածելու տեղիք է տալիս: Իրոք, խելացի մոտեցմամբ, բարի կամեցողությամբ, քո արդարացիության, քո ճշմարտացիության, խելացի, մտածված, հանգիստ պայքարի ձևերով և մոտեցմամբ կարող ես ջարդել շատ-շատ կարծրատիպեր, փոխել, համոզել շատ-շատ մարդկանց, այդ թվում նաև չինովնիկներին…»:
Երկու անգամ ըմբոշխնած եմ մենակատար դերասանուհի ու բեմագիր Մարի Ռոզ Աբուսէֆեանի տաղանդը բեմի վրայ` եւ հիացած, թէ ինչպիսի` ճկուն խաղարկութեամբ, ձայնի շեշտի փոփոխական երանգներով ու տարբեր դերերու մէջ առանձինն կը տիրապետէ թատերասրահին եւ կը գրաւէ թատերասէրները:
Հաճոյքով կը կարդամ նաեւ պարբերաբար հայ մամուլին տուած իր յօդուածները, որոնք արուեստագէտի ջերմութեամբ ու զգացական զեղումով գրուած ըլլալնուն` անմիջական կապով մը կը հաղորդուին ընթերցողին եւ զինք կը դարձնեն համակրելի գրիչ:
Այսքանով կը սահմանափակուէր իր անձին մասին իմ ճանաչողութիւնս:
Վերջերս, փոխադարձ ծանօթացման պատեհութիւն մը առիթ դարձաւ, որ մակագրէ ու ինծի նուիրէ իր հեղինակած գիրքը` հրատարակուած «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ», Երեւան, 2011-ին, հայաստանեան ուղղագրութեամբ: Կողքին` Յակոբ Օշականի նկարը, որուն ներքեւ կը կարդամ – ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ՀԱՐՅՈՒՐ ՄԵԿ ՏԱՐՎԱՆ» ԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:
Ընթերցումի չսկսած` վերապահ եմ արդէն գիրքին նկատմամբ: Չափազանցուած յանդգնութիւն կը նկատեմ Յակոբ Օշական պեղելը, որուն գրականութիւնը, ոճով ու բովանդակութեամբ , տարածքով ու խորութեամբ անչափելի ծով մըն է, ուր ինկողը շնչահեղձ ըլլալու աստիճան կը ճնշուի, եւ ուր դժուար թէ կարենայ թիավարել զիրար հրմշտկող մտածմունքի մեծ ալիքներու եւ յաջորդական հոսանքներու բռնուած: Ուրիշներ ալ փորձած են մօտենալ Օշականին: Հայ գրականութեան պատմութեան մասին որոշ ծանօթութիւն ձեռք ձգելու սահմանափակ փորձերուս մէջ համամիտ եղած եմ այն կարծիքին, ըստ որուն Օշական իր ատենին հալածանքի ենթարկուած է այն պատճառով, որ անոր ստեղծագործութիւնները պատկանած են ապագային: Այսինքն հանճարը ծնած է ու արտադրած` իր ապրած ժամանակաշրջանը գլել-անցնելով: Անոր «նոր»-ը բնականաբար բախում պիտի ունենար հինին հետ: Եւ ինչպէս գրքին հեղինակը բոլորովին տարբեր հանգամանքի մէջ կը նշէ. «Հնի ու նորի բախումներում միշտ էլ զոհերն են դառնում նորն ստեղծողները…»: Պատահած է նաեւ, որ հանդիպիմ այնպիսի գրիչներու, որոնք խծբծանքով ու քինախնդիր բնորոշումներով մերժած են ընդունիլ անոր մեծութիւնը: Շատ հաւանաբար գրադատ Օշականէն ժխտական գնահատանքի ենթարկուած ըլլալու դառն խնդիր մը խանդոտած է զիրենք եւ պատճառ դարձած` ժխտական դատումներու: Իսկ միւսները, վաւերական հեղինակներ, իրենց նուաճած հեղինակութեամբն ու հմտութեամբը վկայած-հաստատած ու ընդգծած են գրագէտ Օշականին եզակիութիւնը, անոր անառարկելի մեծութիւնը, բացառիկութիւնը: Հասկնալի է, որ հեղինակութիւնն ու հմտութիւնը իրաւունք ունենան արուեստի երկերու մասին դատումներ բանաձեւելու եւ գրադատական արժեւորումներ կատարելու: Բայց խոստովանիմ, որ անձնապէս բախտը չեմ ունեցած տեսնելու-կարդալու գրութիւններ, որոնք մանրամասն վերծանումներով մեկնաբանած ու վերլուծած ըլլան Օշական երեւոյթը: Բացատրած ըլլան, թէ ինչո՛ւ անչափելի է Օշականի գրական արուեստին խորութիւնը …
Ահա այս տեսակէտէն ինծի համար յայտնութիւն մը եղաւ Մարի Ռոզ Աբուսէֆեանին աշխատութիւնը, որ համապարփակ ուսումնասիրութեամբ մը մեզի կը ներկայացնէ Օշականի «հարիւր մէկ տարուան» եռագրութեան վիպակներու մեկնաբանութիւնը, ըստ որուն` անոնք ունին ներքին միասնութեան մը մտադրութիւնը` տարբեր միջավայրերու մէջ զարգացող դէպքերու ընդմէջէն ու տիպարներու դրսեւորած հակազդեցութիւններէն ցոլացող:
Այդ վիպակները` «Ծակ պտուկը», «Հաճի Մուրատ», «Հաճի Ապտուլլահ» եռագրութիւնը, ժամանակագրական յաջորդականութեամբ գրուած, յաջորդաբար կը պատկերեն հայն ու հայուն ներաշխարհը, հայն ու թուրքը, թուրքն ու թուրքին հոգեյատակը: Ասոնցմէ իւրաքանչիւրը, ներառեալ` «Սուլէյման Էֆէնտին», «թէեւ կեանքի տարբեր երեւոյթներն են բացայայտում,- կ՛ըսէ հեղինակը, – բայց բոլորն էլ հիմնուած են մի հիմնական փիլիսոփայութեան` կեանքի յաւիտենական պայքարի, ապրելու եւ գոյատեւելու, մեռնելու , սերունդ ստեղծելու յաւերժական երեւոյթի վրայ, մարդու էութեան ու նրա ապրումների, կրքի, նրա ազդեցութիւնների, մարդկային թուլութիւնների ու խիզախումների վրայ…»:
Վիպակներէն ամէն մէկուն բովանդակութիւնը հեղինակը նախ կու տայ պատումի բաժինով մը` ժամանակի, միջավայրի , բարքերու եւ մտայնութեանց լիարժէք բացատրականներով` քաղուած նոյնինքն ներկայացուած վէպի օղակներէն:
Ապա անոնցմէ մէջբերուած պարբերութիւններ ու նախադասութիւններ կը վերլուծէ, ցոյց տալով` որ անոնք իրենց բառային իմաստէն անդին` մարդկային ներաշխարհի բոլոր ծալքերը կը բանան ու տեսանելի կը դարձնեն:
Մեծ գրագէտին պատկերած կացութիւններուն մէջ տիպարներուն կեցուածքներն ու շարժուձեւերը, հակազդեցութիւններն ու արտասանած բառերը յատուկ կշիռ ունին ու նպատակ, կը բացայայտեն նկարագրային էատարրեր ու հոգեվիճակներ:
Մարի Ռոզ Աբուսէֆեան իր մեկնաբանութիւններուն հեղեղը կարծէք անբաւարար համարելով եւ յափշտակուած Օշականի արուեստի հմայքէն ու անոր խորաճանաչութենէն, իրաւացիօրէն, տեղ մը ինքն իրմէն կը յորդի ու կը բացագանչէ. «Կնոջ ներքին զգայարանները ճանաչելու նրա կարողութիւնը հասնում է զարմանք-հիացումի: Այնպիսի նուրբ շերտեր է բացում կնոջ զգացումների մէջ, այնպիսի գոյներով հրամցնում, որ կին լինելով` մնում ես ապշած, թէ ինչպէ՛ս է նա տեսել ու զգացել այդ ամէնը կնոջ մէջ…»:
Փիլիսոփայական վերլուծումներով եւ հոգեբանական խորունկ թափանցումներով յագեցած մեկնաբանական այս աշխատութիւնը, խորքով ու ծաւալով ( 273 էջ ), կ՛ենթադրէ երկարատեւ տքնանք ու պրպտում: Բայց անոր ոճն ու զգացականութեամբ յայտնուած մտածումներու հոսքը մէկ շունչով գրուած ըլլալու տպաւորութիւնը, համն ու բոյրը կու տան ընթերցողին:
Մարի Ռոզ Աբուսէֆեան իր այս աշխատութեամբ կը փաստէ, թէ ինքնավստահ ու համարձակ ` մտած է Օշականի մտածմունքի յորձանուտին մէջ եւ արժանաւորապէս բացայայտած` անոր խորութիւնն ու ուժգնութիւնը: Նաեւ, այդ յորձանուտին մէջ յաջողած է գտնել Օշականի արուեստին տարաբնոյթ հոսանքներուն ուղղութիւնը եւ նովին բանիւն ալ իր կարեւոր նպաստը բերած` գրական պեղումներու մեկնաբանական բնագաւառի հարստացման:
Տակաւին, իր իսկ խոստովանութեամբ , ամբողջականօրէն, հոգիով ու մտքով սուզուած իր տքնութեան մէջ ` միաձուլուած է Մեծ գրագէտի ապրումներուն , զգացած է անոր տառապանքն ու երկունքը , անկոտրում կամքն ու հաւատքը: Եւ` «…Զգացի, որ նրա գործերում յայտնաբերում ես ինքդ քեզ…»։
«Հարիւր մէկ տարուան եռագրութիւն»-ի մասին մեկնաբանական այս գիրքը կարդացողը ամբողջական ընկալումով կը ծանօթանայ Յակոբ Օշական մարդուն ու ստեղծագործողին , անոր ապրած ժամանակին ու կեանքի որոշ հանգրուաններուն եւ… թուրքի հոգեխառնուածքին:
Կը ծանօթանայ նաեւ գրական վերլուծումներ կատարելու կարողութեամբ օժտուած եւ հոգեբանական բարդ խնդիրներ մեկնաբանող ու պարզաբանող Մարի Ռոզ Աբուսէֆեանի վարժ գրիչին:
ՄԻՀՐԱՆ ՔԻՒՐՏՕՂԼԵԱՆ
Այս գրքի շնորհանդեսն անսովոր ու տարբերվող էր հատկապես նրանով, որ խոսքերը չսահմանափակվեցին միայն շնորհավորանք և գովեստով, այլ հնչեցին նաև առաջարկներ, ծրագրեր՝ գրքի հետագա անելիքների մասին: Մասնավորապես, հետագա ուղու հարցին անդրադարձավ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը, ասելով, որ ինքն ավելի շատ ուզում է խոսել անելիքից: Եվ, դատելով դահլիճում ներկա գտնվողների արձագանքից, Ա. Իշխանյանի առաջարկները մեծ հավանության արժանացան բոլորի կողմից:
Խոսքն սկսելով նրանից, որ մենք գործ ունենք բացառիկ դեպքի հետ, որ մենք գործ ունենք իրո՛ք երևույթի հետ, նա ասաց, որ գրքի տպագրությունն ընդամենն սկիզբն է: Ըստ պարոն Իշխանյանի, խնդիրը չէր կայանում գիրքը պարզապես տպագրելու մեջ, խնդիրը կայանում է այդ գրքի` իր հարակից ողջ մեթոդոլոգիայի և հավաքված նյութի հետ միասին, տեղ հասցնելու, տարածելու, հնարավորինս շատ երեխաների հասանելի դարձնելու մեջ՝ նաև մեր հեռավոր դպրոցներում, որպեսզի այնտեղ ևս հասանելի լինի համաշխարհային փորձը և գիտելիքը:
Եվ ահա Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսի ժամանակ Ա. Իշխանյանի կողմից հնչեցին հետևյալ առաջարկները՝
Նպաստել, որ գրքի դասավանդման մեթոդիկան, գրքի բուն նյութը և դրան հարակից տարբեր այլ նյութեր (տեսագրություններ, անիմացիաներ և այլն), տեղ հասցվեն Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցներին, հետևապես՝ կազմակերպել որոշակի վերապատրաստում, պարապմունքներ, կուրսեր՝ դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ծանոթանան և ներառեն այս գիրքը՝ որպես բաղադրիչ, իրենց ուսումնական ծրագրում:
Բայց, ըստ պարոն Իշխանյանի՝ սա դեռևս գլխավորը չէ. կա շա՛տ ավելի կարևոր խնդիր, այն է՝ քանի որ երկրում ընկել է գիտնականի վարկը, նվազել է գիտելիքի նկատմամբ սերը, քանի որ մեր երեխաների հերոսներն այժմ սերիալների մարդիկ են, ապա կա ատահայտված անհրաժեշտություն, հասարակական պահանջ՝ գիտաուսումնական ծրագրերի վերականգնումը հանրային հեռուստատեսությամբ:
Նա խնդրեց բոլոր ներկա գտնվողներին, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներին, նախագահությունը, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամներին, լրագրողներին, որպեսզի կատարեն իրենց ներդրումը՝ անդրադառնալու այս հարցին պարբերաբար և պահելու մշտապես ուշադրության կենտրոնում, բարձրացնելու հարցը բոլոր ատյաններում՝ վերականգնելու հանրային հեռուստատեսության գիտաուսումնական ծրագրերը, և որպես այդպիսի առաջին ծրագիր՝ Ավետիք Գրիգորյանի հեղինակային հաղորդաշարը՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հիման վրա, այսպիսով՝ այդ գիրքը, գիտելիքը տարածելու ողջ հանրապետությունով մեկ:
Արթուր Իշխանյանը կոչ արեց՝ կատարելու դիմում հանրային հեռուստատեսության ղեկավարությանը՝ վերականգնելու բնագիտության գծով ուսումնական ծրագրերն ընդհանրապես և որպես առաջին քայլ՝ Ավետիք Գրիգորյանի «Հետաքրքրաշարժ բնագիտություն» հաղորդաշարը: Ինչո՞ւ հատկապես բնագիտական. քանի որ մեր մրցակցային առավելություններն այսօր հե՛նց այդ առարկաների ոլորտում են:
Բացի այդ, Ա. Իշխանյանն առաջարկեց ձեռնամուխ լինել այս գրքի թարգմանմանը և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ցանկալի է նաև այլ լեզուներով, որպեսզի գիրքը ձեռք բերի նաև միջազգային հնչեղություն: Նա վստահեցրեց, որ այս գիրքը երևույթ է, որ միարժեք ունի բոլոր մրցակցային առավելությունները, և անհրաժեշտ է բոլոր ճիգերը կիրառել՝ հասնելու նաև այս նպատակին:
Քանի որ գրքի շնորհանդեսից անցել է որոշակի ժամանակ, ես որոշեցի հանդիպել և ճշտել պարոն Իշխանյանից, թե արդյո՞ք արված առաջարկներից ինչ-որ քայլ կատարվել է, կա՞ դրական տեղաշարժ այդ առումով.
-Պարո՛ն Իշխանյան, հայտնի է, որ Դուք հնչեցրել եք Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հետագա անելիքի հետ կապված կարևորագույն առաջարկներ: Մեկ ամիս անց ի՞նչ կոնկրետ քայլեր են արվել ու ի՞նչ դժվարություններ են առաջացել, կա՞ն խոչընդոտներ:
-Նախ՝ հարցը ներկայացվել է Հանրային խորհրդին և ստացել աջակցություն։ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև իր անձնական աջակցությունը և խոստացել քննարկել նախագիծը Հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարության հետ, այս մասին կա համապատասխան հաղորդագրություն:
Երկրորդ՝ խնդիրը ներկայացվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, նա հանձնարարել է՝ այս հարցով զբաղվելու խմբագիրներից մեկին: Ուղարկված են համապատասխան նյութերը, ծրագրի հիմնավորումը՝ 4 էջով, և առաջին 52 հաղորդումների սցենարները, բայց, ցավոք սրտի, պատասխան դեռևս չկա: Ես հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն և այլ հեռուստաալիքներ նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն խնդրի նկատմամբ:
Հավելեմ նաև, որ հարցը քննարկել եմ նաև շատ տարբեր լսարաններում, և ամենուրեք եղել է լուրջ աջակցություն:
Նշենք, որ ծրագրի հիմնավորումը տեղադրվել է նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյբուքյան էջում՝ առաջ բերելով լուրջ արձագանք: Բոլորը համակարծիք են, որ դա այլևս հասունացած խնդիր է և ունի հանրային լայն աջակցություն, այն հարուցել է լայն քննարկումներ, էջում կան հարյուրավոր հավանություն տվողներ:
Ամփոփելով, հույս հայտնենք, որ խնդրի կարևորությունն ու հրատապությունը տեսնելով, հանրային հեռուստաընկերությունն արագ և լուրջ քայլեր կձեռնարկի, հուսանք նաև, որ նրանից հետ չեն մնա այլ հեռուստաընկերություններ՝ եթեր հեռարձակելով ու կրթելով մատաղ սերնդին ոչ թե էժանագին սերիալների գողական հերոսներով, այլ իրական արժեքով՝ գիտելիքով:
Նաիրա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Ինչ նպատակ է հետապնդում այս նշանակումը. Եթե խնդիրը Նարեկ Սարգսյանի պաշտոնի բարձրացումն է, այլ է, բայց կարծում ենք Երևանի գլխավոր ճարտարապետին դա բոլորովին էլ պետք չէր, նա պատկանում է պաշտոնյաների այն «փնջին» որոնք Հայաստանում «պրոբլեմ չունեն», ուրեմն ինչն է պատճառը, որ նոր գերատեսչություն է ստեղծվում, կա արդյո՞ք այսօր դրա անհրաժեշտությունը:
Հայաստանում նման կառույց եղել է խորհրդային ժամանակներում: Այսօր մենք չգիտես ինչու, որոշել ենք հետ վերադառնալ: Ստեղծված Կոմիտեն նախարարությանը հավասարազոր մարմին է:
Այս հարցի շուրջ «Հայկական վարկածը» փոքրիկ զրույց ունեցավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.
-Պրն Մինասյան ինչ կտա մեզ Կոմիտեն, փոքր պետություն ենք լրացուցիչ գերատեսչության կարիք ունենք արդյո՞ք:
— Կարծում եմ ոչ: Նորաստեղծ Կոմիտեն պետք է զբաղվի զուտ ճարտարապետական խնդիրներով:
— Նարեկ Սարգսյանը որպես ճարտարապետ նախկինում այլ խնդիրներո՞վ էլ էր զբաղվում:
-Միայն Երևանի՝ հիմա կզբաղվի նաև Հայաստանի ճարտարապետությամբ:
— Իսկ մենք այլ քաղաքներում ճարտարպետություն ունե՞նք, որ զբաղվեն դրանով:
— Դա այս պահին այդքան կարևոր չէ, եթե մոտեցումը, վերաբերմունքը չի փոխվում ոչ մի լավ բան սպասելի չէ:
Ռ.Ա.
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-27-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում անցկացվելիք աշխարհի Մ20 պատանիների և աղջիկների առաջնություններին. տեղեկացնում է armchess.am-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.