23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տիգրան Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նախաձեռնությունները դեռ չէինք հասցրել մարսել, երբ նոր հայտ ներկայացրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Վերջինս մի հետաքրքիր հատկություն ունի: Նա, իհարկե, ակտիվորեն մասնակցում է օրվա ընդդիմության կազմակերպած հրապարակային միջոցառումներին, ելույթներ է ունենում, 2008-ին նույնիսկ կալանավորվեց: Այդպես էր` թե «Արդարություն» դաշինքի և թե ՀԱԿ պարագայում: Բայց երկու դեպքում էլ Կարապետյանը որոշակի հեռավորություն է պահել այս դաշինքներից` քաղաքական իր ինքնուրույնությունը պահպանելով:
Եվ ահա` իշխանություն — ՀԱԿ հնարավոր երկխոսության ֆոնին, ՆԺԿ ղեկավարը խոսում է ազգային գաղափարական դաշինք ձևավորելու մտադրության մասին` հասկացնելով, որ ազգային դաշտից դուրս են թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը:
Նախաձեռնության հեղինակը ներկայացրել է նաև նոր միավորման անդամների հնարավոր կազմը` ՀՅԴ, ՀՌԱԿ, ՍԴՀԿ, «Ժառանգություն», ՆԺԿ:
Անկեղծ ասած, մի փոքր դժվար ենք պատկերացնում Արամ Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքն ազգային հարցերում, երբ առաջինը անվերապահորեն կարևորում է ռուսական գործոնի առկայությունը Հայաստանում, իսկ երկրորդը հարապարակավ ընդդիմացել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգմանը:
Արամ Կարապետյանի պատկերացրած դաշինքում առանցքային դերակատարություն է վերապահված ավանդական կուսակցություններին:
Նրանցից միայն ՀՅԴ-ն ունի ինքնուրույն ռեսուրսներ և կարող է խորհրդարանում ներկայացված լինելու ամբիցիա ունենալ: Բայց դաշնակցական գործիչները տարբեր առիթներով հասկացրել են, որ իրենք առանձին են մասնակցելու խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
Ռամկավարները Սփյուռքում և Հայաստանում չունեն խարիզմատկ գործիչներ և, ըստ էության, պատրաստ են դաշնակցել ցանկացածի հետ` մեկ –երկու մանդատի հարց լուծելու համար: Երեկ նրանց դաշնակիցը Սամվել Բաբայանն էր, հիմա փորձում են սիրաշահել ԲՀԿ-ին, Արամ Կարապետյանի առաջարկն էլ չեն մերժի, եթե մանդատի հեռանկար բացվի:
Պարադոքսալ վիճակ է ՍԴՀԿ-ում: Հայաստանում կա Հնչակյան երեք կուսակցություն:
Էռնեստ Սողոմոնյանի մասին չենք խոսի, որովհետև նրա անունը վաղուց ասոցացվում է միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ:
ՍԴՀԿ անունը պատկանում է Լյուդմիլա Սարգսյանի թիմին, որը սակայն կապ չունի համահայկական վարչության հետ և իր քաղաքական հեռանկարն ամբողջովին կապել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի հետ:
Հնչակյան անունով հանդես եկող շիրխանյանականների կուսակցությունը ուղղորդվում է հենց համահայկական վարչության կողմից և հենց նրանց, ըստ էության, նկատի ունի Արամ Կարապետյանը: Հնչակյան կուսակցության մամլո դիվանի պատասխանատու Նարեկ Գալստյանն այսօր հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ իրենք պարբերաբար ունենում են հանդիպումներ և խորհրդատվություններ ձախ գաղափարախոսություն կրող տարբեր ուժերի, միությունների և անհատների հետ` քննարկելով Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակն ու առաջիկա ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցությունը: Գուցե Արամ Կարապետյանն ու Նարեկ Գալստյանը խոսում են նույն գործընթացի մասին, սակայն այդ դեպքում անհականալի՞ է, թե ինչպես ՆԺԿ-ն ու «Ժառանգությունը» դարձան ձախ ուժեր: Անհասկանալի է նաև, թե ինչի՞ շուրջ են բանակցում, եթե Կարապետյանը խոսում է միավորման ազգային, իսկ հնչակները` սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական հատկանիշների մասին:
Մի խոսքով, այս դաշտում էլ կատարյալ շիլաշփոթ է: Ըստ ամենայնի, Արամ Կարապետյանը խոսել է ոչ թե իրական գործընթացի մասին, այլ տվել է իր նոր քաղաքական ակտիվության մեկնարկը, իսկ շիրխանյանական թևն էլ պարզապես հիշեցրել է իր գոյության մասին:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի հանրապետութեան նախագահը թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութիւններու ուղղութիւններուն վրայ յայտարարողական մակարդակով նշանակալի մօտեցումներ ցուցաբերեց։
Ներքին հարթութեան վրայ բնականաբար խօսքը կը վերաբերի ՀԱԿ-ի հետ սկսուած բաց երկխօսութեան, ինչպէս պիտի բնութագրէր երկրի առաջին նախագահը։ 1 մարտի դէպքերուն բացայայտումի հաւաստիացումը, «Ազատութիւն» հրապարակի տրամադրումն ու քաղաքական բանտարկեալներու տակաւ ազատ արձակումը ներքին դաշտին մէջ լճացած որոշ իրավիճակներ փաստօրէն ալեկոծեցին։ Քաղաքական վերլուծաբաններ նախագահին քայլը որակեցին ճատրակի քարի շարժում, որ կը ստիպէ հակառակորդին հակաշիռ քայլով հակազդել։ Երկրի առաջին նախագահն է, որ առիթը պատեհ նկատեց իր ստեղծած անել փակուղիէն դուրս գալու, յայտարարելու համար որ բաց երկխօսութիւն տեղի կ՛ունենայ իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ ինչ որ ,ըստ իրեն, «մեր երազած պետութիւնն է»։
ՀԱԿ-ի առաջնորդին երազները կրնան շատ շուտով յօդս ցնդիլ, մանաւանդ որ յայտարարութիւնը քաղաքական առարկայական ու ճշգրիտ գնահատական տալէ աւելի փակուղիէ դուրս գալու միջոցի համար առիթը լիարժէք օգտագործելու համոզումը կը փոխանցէ։ Այն փակուղին, ուր ինքզինքն ու իր շարժումը առաջնորդած էր Տէր-Պետրոսեան առաւելապաշտ եւ մեղմ ըսելաձեւով՝ ոչ կառուցողական պահանջներ առաջադրելով։ Կասկածէ վեր է, որ ՀԱԿ-ի զանգուածը լուրջ հարցականներու առջեւ է զինք առաջնորդողներուն հետապնդած բուն նպատակները հասկնալու եւ ապակողմնորոշուած ըլլալու տեսակէտէն։ Արմատական ընդդիմութեան մօտ նկատուած փոփոխութիւնները ոճային չեն. բովանդակային են՝ համատարած համոզումով։
Արտաքին քաղաքականութեան ուղղութիւններու վրայ ի հարկէ արցախեան թղթածրարին եւ հայ-թուրք յարաբերութիւններուն կը վերաբերին նախագահ Սարգսեանի կատարած յայտարարութիւնները։ Եւ եթէ առաջինի պարագային հիմնական նորութիւն չկայ, ապա երկրորդին պարագային կա՛յ։ Հետեւեալն է.-Հայ-թրքական հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ այն ժամանակ, երբ Թուրքիան ճանչնայ Հայոց Ցեղասապանութիւնը։ Առանց ճանաչման հաշտեցում չի կրնար ըլլալ։
Յայտարարութիւնը պէտք չէ շփոթ ստեղծէ նախ ներհայկական դաշտին մէջ. Նոյն հարցազրոյցին մէջ նախագահ Սարգսեան փորձած է կանխել շփոթը։ Այս չի նշանակեր, որ յարաբերութիւններու հաստատման գործընթացն ու հաշտեցման գործընթացը նոյն բաներն են։ Այս շփոթի կանխումը սակայն ներհայկական դաշտէն առաջ թրքական շահարկումի փորձերը կանխարգիլելու կը միտի։ Անգարան ամենայն հաւանականութեամբ պիտի շահարկէ յայտարարութեան առաջին բաժինը, բարձրաձայնելու համար, որ Երեւանը նախապայմանային մօտեցում ունի յարաբերութիւններու բնականոնացման համար։
Տրամաբանութեան շղթային իրերայաջորդ օղակները կը սկսին յարաբերութիւներու հաստատումով եւ կը շարունակուին հաշտեցման գործընթացով։ Յարաբերութիւնները արգելակողը նախապայմանային լեզուող խօսող Թուրքիան է։ Այժմ կը յայտարարուի, որ եթէ նոյնիսկ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուին հաշտեցումը չի կրնար ըլլալ առանց Ցեղասպանութեան ճանաչումին։
Հաշտեցումին համար Ցեղասպանութեան ճանաչումը բաւարար չէ։ նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռի 90-ամեակին առիթով նախագահ Սարգսեան կը խօսէր Սեւրի պայմանագրին եւ իրաւարար վճիռին իրաւական այժմէականութեան մասին։ Հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ միայն, երբ ճանաչումէն ետք իրաւական այժմէականութիւն ներկայացնող հատուցման թղթածրարը ամբողջանայ։ 100-ամեակէն առաջ հարկ է համապետական եւ համահայկական տարողութիւններով յստակացնել հաշտեցման գործընթաց սկսելու մեր նախապայմանները։
Շահան Գանտահարեան
«Ազդակ» գլխաւոր խմբագիր
Այսօր Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն խորհրդարանում լրագրողներին պարզաբանեց, թե ինչպես է եղել , որ նա հայտնվել է Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտած պաշտոնյաների «սև ցուցակում»:
«Մենք միշտ ինֆորմացիա տրամադրում ենք, այնտեղ տեխնիկական խնդիր է եղել, և մենք խիստ զգուշացում ենք հայտարարել, որ անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի տեղեկատվությունը»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս հրապարակել էր պետական կառույցներում տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2011թ. առաջին եռամսյակի տվյալները: Առողջապահության նախարարը ի թիվս մի քանիսի հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտող պաշտոնյաների «սև ցուցակում»:
«Առաջին տարին է, որ լսում եմ՝ մտել եմ այդ ցանկում, և այս տարի էլ դուրս կգամ»,- խոստացավ Հարություն Քուշկյանը:
Ի դեպ, Քուշկյանը, ի տարբերություն շատերի, միշտ էլ սիրով է պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, երբ որոշ նախարարներ պարզապես փախչում են լրագրող տեսնելիս:
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին իրազեկումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա` մայիսի 16-ի որոշմամբ, ընդունվել է ի գիտություն ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի մայիսի 13-ի իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Կորյունի փողոց — Աբովյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
«Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ «ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և´ իմ նախորդներին, և´ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Մոսկովսկիե նովոստի» ռուսական թերթին:
Քաղաքական հանդուրժողականության, տոլերանտության բացառիկ դրսևորում, որը բնորոշ չէ Հայաստանի ո՛չ պետական պաշտոնյաներին, ո՛չ ընդդիմության առաջնորդներին:
Նման մի շեշտադրում էլ, հիշում եմ, 1999 թ.-ի հունվարին, ՀՀԿ համագումարում Վազգեն Սարգսյանի ունեցած ելույթում, որտեղ արժեվորվեցին Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների հիմնադիրները:
Սակայն գանք մեր օրերը և Հայաստանի գործող նախագահի արտահայտած մտքին:
Այսպիսի մտքեր պարբերաբար արտահայտում են դեմոկրատական երկրների ղեկավարները, և ոչ մեկը արտառոց չի համարում դա: Ավելին, ամերիկացիները նույնիսկ շատ նորմալ են վերաբերվում այն հանգամանքին, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացման լուրը գործող նախագահ Բարաք Օբաման նախ հայտնում է իր նախորդին` Ջորջ Բուշին, ապա նոր՝ հասարակությանը:
Եթե նորմալ պետություն ես, այդպես էլ պետք է լինի, քաղաքական ժառանգականության սկզբունքը պետք է գործի:
Հետսովետական տարածքում այլ պրակտիկա է: Ռուսաստանի այսօրվա իշխանություններն ինքնահաստատվում են ելցինյան ժամանակաշրջանի քաոսը քննադատելով: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի սիրված թեման «նախկին հանցավոր ռեժիմը» անարգանքի սյունին գամելն էր: Սերժ Սարգսյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից: Օրինակ` 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ նա «քիրվա» անվանեց իր հիմնական մրցակցին, ով նաև մեր երկրի առաջին նախագահն է: Կամ` նրա պաշտոնավարման օրոք ազատազրկված մնացին մարդիկ, ովքեր դեր են խաղացել պետության կայացման գործում:
Բայց Սերժ Սարգսյանի վերջին ամիսների հռետորաբանությունը, քաղաքական վարքագիծը փոխվել են: Նա արժեվորում է ընդդիմությանը, երկխոսության ինստիտուտը, հանդուրժողականության միջավայրի ձևավորմանն ուղղված քայլեր է անում:
Ու այդ ամենը շատ լավ է` անկախ այն հանգամանքից, թե որ մոտիվներն են գործող նախագահին դեմոկրատ դարձրել:
Եթե նրան չպակասի հետևողականությունը, մենք կունենանք շատ ավելի ազատ երկիր, որը նաև քաղաքական ավանդույթներ է ստեղծում:
Սուրեն Սուրենյանց
«Երրորդ ուժի» հավակնություն ունեցող ուժերը, ձեն-ձենի տված, անցկացնում են իրենց համաժողովները:
Ընդ որում, դրանց ընթացքում հնչող ելույթներն առանձնապես հետաքրքիր չեն, աչքի չեն ընկնում նոր բովանդակությամբ: Հազար անգամ ասված-լսված խոսքեր են:
Եթե իշխանության և ՀԱԿ անելիքները, հետապնդած խնդիրները բոլորին պարզ են ու տեսանելի, ապա նույնը չի կարելի ասել «երրորդուժականների» մասին:
Տիգրան Կարապետյանի կազմակերպած հայրենասիրական ուժերի և անհատների համաժողովում որևէ նոր գաղափար չհնչեց, պաշտոնապես չասվեց նաև, որ նոր կուսակցություն է միանում այս դաշինքին, անգամ պարզ չեղավ, թե ում է ներկայացնում պատգամավոր Վարդան Խաչատրյանը` Հնչակյան կուսակցությա՞նը, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցությա՞նը, թե՞ ինքն իրեն: Այս համաժողովում, սակայն, տեսանելի էր Աշոտ Մանուչարյանի ու նրա թիմի ակտիվ մասնակցությունը: Ենթադրաբար, Կարապետիչի նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին:
Աշոտ Մանուչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հայտնի է նրանով, որ ընդդիմադիր մի քանի այսպիսի միավորում է ստեղծել, սակայն բոլոր այդ նախագծերն էլ մնացել են սաղմնային վիճակում: Նույն հեռանկարը, թերևս, սպասում է հերթական պրոյեկտին` անկախ այն հանգամանքից, որ Տիգրան Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Երրորդ ուժը» ձևավորված է:
Մի նման համաժողով էլ մայիսի 21-ին հրավիրելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք ակտիվ խորհրդակցությունների փուլում են, և չի բացառել նոր միավորման ծնունդը, որն ընդդիմադիր կլինի թե՛ իշխանությանը, թե՛ ՀԱԿ-ին:
«Ժառանգության» վրա որոշակի խաղադրույք են կատարում նաև հանրապետության երկրորդ նախագահի շուրջ հավաքված մարդիկ: Նրանք, ի դեմս «Ժառանգության», տեսնում են քաղաքական նոր կենտրոնի ստեղծման հնարավորություն:
Անգամ ոչ պաշտոնապես մի քանի վարկած է շրջում:
Ասենք, «Ժառանգությունը» կարող է համալրվել նոր մարդկանցով, որոնք սերտ առնչություններ ունեն Քոչարյանի շրջապատի հետ:
Կան ավելի հեռուն գնացող կանխատեսումներ, որ փորձ կարվի ավելի լայն կոալիցիա ստեղծել` «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասնակցությամբ: Սա, սակայն, ֆանտաստիկայի ոլորտից է և իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք ցանկանա վերադառնալ քաղաքականություն` իր շուրջ ստեղծելով քաղաքական նոր ազդեցիկ կենտրոն:
Ամեն դեպքում, մայիսի 21-ին նույնպես ավելի հետաքրքիր կլինի համաժողովի մասնակիցների կազմը, քան` նրանց ելույթները:
Սուրեն Սուրենյանց
Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Սկզբում դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել 24 կուսակցություն, սակայն Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) չհաստատեց 6-ի մասնակցությունը. արդյունքում մնաց 18 կուսակցություն: Ըստ ամենայնի, հիմնական պայքարն ընթանալու է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), քեմալական ուղղությունը ներկայացնող, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջև: Չպետք է մոռանալ նաև քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) մասին, որն ընտրությունների ժամանակ հանդես է գալու անկախ թեկնածուներով (խորհրդարանում կուսակցական խմբակցություն ձևավորելու հեռանկարով): Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական բարձր արգելքը: Ներկայիս դրությամբ դա ի վիճակի են անել միայն երեք կուսակցություն` ԱԶԿ, ԺՀԿ, ԱՇԿ:
Ընտրություններից առաջ այս երեք կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: ԱԶԿ-ն միանգամից երկու գրքույկ թողարկեց. դրանցից մեկում նշված էին երկրի ձեռքբերումները նրա իշխանության 8.5 տարիների ընթացքում, իսկ մյուսում ներկայացվում էր, թե իր հաղթանակի դեպքում երկիրն ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության /ԹՀ/ հիմնադրման 100-ամյակը): Դրանում ԱԶԿ-ն շատ կարևոր խոստումներ է տալիս` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում:
Ներքին. Թուրքիան լինելու է առավել ժողովրդավար և ազատական երկիր: Վերացվելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված «ռազմականե սահմանադրությունը: Փոխարենը մշակվելու է նոր սահմանադրություն:
Մինչև 2023 թվականը ԹՀ-ն տնտեսական պլանում տեղ է զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների (G-20) տասնյակում (ներկայումս 16-րդն է)1: ՀՆԱ-ն 2023 թվականին կազմելու է 2 տրիլիոն 64 միլիարդ դոլար (2015-ին` 1 տրիլիոն 76 միլիարդ դոլար, 2019-ին` 1 տրիլիոն 486 միլիարդ դոլար): Նախորդ տարի այն կազմել է մոտ 740 միլիարդ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 2023-ին կազմելու է 25.076 դոլար (2015-ին` 14.000 դոլար, 2019-ին` 18.685 դոլար), նախորդ տարի այն կազմել է 10.079 դոլար: Արտահանումը 2023-ին հասնելու է 500 միլիարդ դոլարի (2015-ին` 201 միլիարդ դոլար, 2019-ին` 317 միլիարդ դոլար): Ի դեպ, երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմել էր ընդամենը 36 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը` 2.300 դոլար:
Մեծ ուշադրություն է հատկացվելու զբոսաշրջության զարգացմանը: Մինչև 2023 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցվելու է 50 միլիոնի, որոնք 50 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին (2002-ին` 13 միլիոն զբոսաշրջիկ և 12 միլիարդ դոլար): Հարկ է նշել, որ 2010 թվականին ԹՀ է այցելել 28.6 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով ԹՀ-ն աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով (20.8 միլիարդ դոլար)` 9-րդ տեղը: Փաստորեն, 2010 թվականին զբոսաշրջիկների թիվը, 2002 թվականի համեմատ, աճել է 116 %-ով, իսկ դրանից ստացված եկամուտները` 74.8 %-ով: Կանխատեսվում է, որ այս տարի ԹՀ կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին:
Մեծ զարգացում են ապրելու 100.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Ստամբուլը, որը 2023 թվականին ունենալու է 17 միլիոն բնակչություն, տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների շարքում, նրա եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներե: Իզմիրը դառնալու է աշխարհի 10 խոշորագույն նավահանգիստներից մեկը: Անկարայի կենտրոնը «Էսենբողաե օդանավակայանին կապվելու է երկաթգծով. առաջիկա երկու տարիներին նրա մետրոպոլիտենի համար կառուցվելու է 44 կիլոմետր երկաթգիծ:
Ստամբուլի մեջտեղով հեղուկանավերի և խոշոր առևտրանավերի անցմանը վերջ տալու նպատակով ԱԶԿ-ն առաջ է քաշել նրա եվրոպական հատվածում «Ստամբուլյան ջրանցքիե կառուցման նախագիծը, որը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը: Այն ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն և նախատեսված է լինելու ժամանակակից խոշոր նավերի (300 մետր) անցման համար:
Ի դեպ, հունական կողմը խիստ դժգոհությամբ ընդունեց այս լուրը` ԹՀ-ին մեղադրելով սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից ձերբազատվելու փորձի մեջ: Բացի այդ, հունական կողմը նշեց, որ դրանով ԹՀ-ն ցանկանում է միայնակ վերահսկել ռուսական ու միջինասիական նավթի փոխադրումը դեպի Էգեյան ծով: Չպետք է մոռանալ, որ նեղուցներն ունեն միջազգային ջրերի կարգավիճակ, իսկ ահա «Ստամբուլյան ջրանցքըե2 գտնվելու է բացառապես Թուրքիայի իրավասության ներքո:
Արտաքին. Նախ նշվում է, որ ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիան կարգավորել է իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, ակտիվ դիրքորոշում է ցուցաբերել միջազգային ասպարեզում (միջնորդական ու խաղաղապահ), աջակցել է քաղաքակրթությունների (Արևմուտք և Արևելք) երկխոսությանը, ավելացել է այն երկրների թիվը, որոնց հետ վերացվել կամ մեղմացվել է անցագրային ռեժիմը, հաջող գործունեություն է ծավալել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակում, որի թեկնածության դերում ԹՀ-ն նորից կներկայանա 2015–2016 թվականներին:
Նշվում է, որ ԹՀ-ն շարունակելու է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանն ուղղված ռազմավարական քայլերը: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն Անկարային հնարավորություն կընձեռի ավելացնելու սեփական ազդեցությունը տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարթման ժամանակ: ԱԶԿ-ն շարունակելու է Արտասահմանաբնակ թուրքերի գերատեսչության միջոցով աջակցել եվրոպական երկրներում բնակվող թուրքերին ու նրանց ազգակից ժողովուրդներին: ԱԶԿ-ն հանդես է գալու նրանց ինտեգրման և ոչ թե ձուլման օգտին:
ԹՀ-ն շարունակելու է ԱՄՆ-ի հետ քաղաքական ինտենսիվ երկխոսությունը, որն առնչվում է նաև Իրաքին, Աֆղանստանին, արաբական աշխարհի զարգացումներին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, Կովկասում ու Բալկաններում կայունությանն աջակցելուն: ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության համակ ուշադրության կենտրոնում են գտնվելու Կիպրոսը, Մերձավոր Արևելքը, թյուրքական երկրները, Աֆրիկան, Արևելյան ու Հարավարևելյան Ասիան, Լատինական Ամերիկան և վերջապես Ռուսաստանն ու Կովկասը: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում Կովկասում, Միջին Ասիայում և այլ շրջաններում ռուս-թուրքական նոր համագործակցության համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱԶԿ-ն շարունակելու է աջակցել ադրբեջանական տարածքների «օկուպացմանե վերացմանը և խնդրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Փաստորեն, ԱԶԿ-ի այս լայնամասշտաբ արտաքին քաղաքականությունը ենթադրում է համարժեք քաղաքական կամք, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների առկայություն, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների բացակայություն:
Ինչ վերաբերում է ԺՀԿ-ին, ապա այն շեշտը դրեց քրդական գործոնի վրա: ԺՀԿ-ն հրապարակեց «Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի զարգացմանե նախագիծը, որում քրդերին խոստանում էր. ա) քրդաբնակ արևելյան ու հարավարևելյան շրջանների նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում, բ) «Քրդական հարցիե բացառապես ժողովրդավարական կարգավորում, գ) նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում, դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում, ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում, զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում, է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մեղավորների պատժում, ը) որպես համընդհանուր խաղաղության օրինակ` Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի, թ) «Գյուղական պահապաններիե համակարգի վերացում, ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում, ժա) մինչև 2023 թվականը քրդաբնակ շրջաններում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում, 365 միլիարդ դոլարի ներդրում: Սակայն, հազիվ թե քրդերը հավատան իրենց դահիճ Աթաթուրքի ավանդույթները պաշտպանող և ներկայացնող ԺՀԿ-ին: Իսկ ահա ԱՇԿ-ի ծրագրի հիմքում ընկած է բնակչության շրջանում ազգայնական հայացքների վերհանումը, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվում իշխող ԱԶԿ-ն, որի «ղեկավարման պատճառովե ԹՀ-ի տարածքային ամբողջականությունը «հայտնվել է վտանգի տակե: Մայիսի 5-ին թուրքական «Միլլիյեթե թերթը հրապարակեց այս տարի ԹՀ-ում տարբեր հետազոտական կենտրոնների (Konsensus, Metropoll, Andy-Ar, USADEM, ANAR, GENAR, MARMARA, Trend, ORC, IKSara) անցկացրած 34 հարցախույզների արդյունքներից կազմված միջին ցուցանիշները: Դրանց համաձայն` ԱԶԿ-ն ստացել է քվեների 46.95%-ը, ԺՀԿ-ն` 26.55%-ը, ԱՇԿ-ն` 11.85%-ը, ԽԺԿ-ն` 5.81%-ը, մնացածը` 8.84%-ը: Ի դեպ, ապրիլի 13-27-ը Թուրքիայի 81 նահանգներից 60-ում անցկացրած հարցախույզի արդյունքներով` GENAR հետազոտական կենտրոնը սահմանել էր այն առավելագույն նշաձողը, որը կուսակցությունները կարող են գրանցել ընտրությունների ժամանակ. ԱԶԿ` 57.6%, ԺՀԿ` 36.7%, ԱՇԿ` 28.3%, ԽԺԿ` 9.6%: Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ԱԶԿ-ն փորձեց որոշակիորեն ազդել անգամ այս հարաբերակցության վրա և հարվածներ հասցնել իր մրցակիցներին: Փետրվարին շուկայում հայտնվեց «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալըե խորագրով գիրքը, որում պատմվում էր ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին (մորական կողմից): Միանգամից աչքի է զարնում գրքի տպաքանակը` 100.000 օրինակ: ԺՀԿ-ն գիրքը որակեց որպես պատվիրված` չնշելով, թե ով է պատվիրել այն. բավական ակնհայտ է, թե ով էր շահագրգռված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդպիսի գրքի ի հայտ գալով, որն արագորեն տարածվեց նաև թուրքական խորհրդարանում:
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՇԿ փոխնախագահների պաշտոնից հրաժարական են տվել և իրենց թեկնածությունը ստիպված են եղել հանելու Ռեջաի Յըլդըրըմը և Մեթին Չոբանօղլուն: Ընդ որում, ԱՇԿ-ն նրանցից առաջինի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ երկրորդինը` Քըրշեհիրում: Թուրքական լրատվամիջոցները սա որակեցին որպես «երկրաշարժե: ԱՇԿ փոխնախագահները ստիպված եան այդ քայլին գնալու, քանի որ ինտերնետում, չգիտես որտեղից, հայտնվեցին նրանց ինտիմ կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը3: Թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանված այդ կադրերում երևում են, թե ինչպես են թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:
Մայիսի 7-ին հայտնվեց ևս մեկ «սեռականե տեսագրություն: Այս անգամ դրա զոհը դարձան Ստամբուլի նահանգի ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն և ԱՇԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզը: ԱՇԿ-ն նրանց թեկնածությունն առաջադրել էր Ստամբուլում: Այս ամենը, հիրավի, կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՇԿ-ի համար, որը, հարցախույզների համաձայն, թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին տեղի ունեցածի համար անմիջապես մեղադրեց ԱԶԿ-ին (Էրդողանին), որի զինանոցում, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, առկա է ևս 8 նմանատիպ տեսագրություն:
Ապրիլի 18-ին YSK-ն վետո դրեց ԽԺԿ 7 անկախ թեկնածուների (Լեյլա Զանա, Գյուլթան Քըշանաք, Հաթիփ Դիջլե և այլք) վրա` դա պատճառաբանելով նախկինում նրանց դատված լինելով: Դրանից հետո ԽԺԿ-ն սպառնաց բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, ապա քրդերը զանգվածաբար ոտքի ելան և քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում: Ապրիլի 19–29-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում զոհվեց 2 մարդ, ձերբակալվեց 880-ը, որոնցից կալանվեց 120-ը: Այս ամենն առաջացրեց ԱԶԿ վերնախավի խոր մտահոգությունը, քանի որ սեփական վարկանիշը հայտնվել էր մեծ վտանգի տակ: Արդյունքում` YSK-ն հետքայլ կատարեց և նրանց թույլատրեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով և հարուցեց թուրք ազգայնականների դժգոհությունը: Փաստորեն, զուր չէր, որ ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մինչ այդ Էրդողանին կնքել էր «երկրի գլխավոր դատախազե մականվամբ` նկատի ունենալով «Բալյոզե ռազմական հեղաշրջման և «Էրգենեքոնե ահաբեկչական կազմակերպության դատավարությունների ընթացքը:
Հետաքրքիր է, որ ընտրություններից առաջ «հարվածե ստացավ նաև ԱԶԿ-ն: Մայիսի 4-ին սևծովյան Քասթամոնուից Անկարա վերադարձող Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվեց զինված հարձակման, ինչի արդյունքում զոհվեց և վիրավորվեց մեկական ոստիկան: Սակայն Էրդողանը չէր գտնվել դրա մեջ, քանի որ նախապես ուղղաթիռով Քասթամոնուից մեկնել էր Ամասիա: Սա ծանոթ ձեռագիր էր, և ինչպես նախկինում դիպուկ նկատել է թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը, Էրդողանի դեմ նմանատիպ «մահափորձերըե միտված են նրա վարկանիշի բարձրացմանը:
Այսպիսով, բոլոր կանխատեսումներով` առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու ԱԶԿ-ն, ինչը կլինի նրա երրորդ անընդմեջ հաղթանակը: ԱԶԿ-ն պայքարելու է 550 հոգանոց մեջլիսում առնվազն 367 մանդատ (2/3) ստանալու համար, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Դրա համար անհրաժեշտ է, որ ԱԶԿ-ն ստանա քվեների մոտ 50%-ը:
ԺՀԿ-ն փորձելու է ստանալ քվեների նվազագույնը 25%-ը` դրանով իսկ բարելավելով իր նախորդ ցուցանիշը: ԱՇԿ-ն այս ընթացքում իրեն վարկաբեկել է և այս անգամ պայքարելու է թուրքական խորհրդարանում գոյատևման համար: Իսկ ԽԺԿ-ն իր շուրջ 60 անկախ թեկնածուների միջոցով պայքարելու է 81 նահանգներից միայն 39-ում և մտադիր է խորհրդարանում մեծացնել սեփական ներկայացուցչությունը` դա հասցնելով 35-40 մանդատի (2007 թվականին ևս քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով, ինչը հանգեցրեց նրան, որ երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալից հաջողության` խորհրդարանում ձեռք բերելով 21 մանդատ):
Հայկ Գաբրիելյան
ՙՆորավանք՚ հիմնադրամ
16 մայիսի 2011թ.
* * * * * *
1. 2010 թվականին ԹՀ տնտեսությունը 8.9% աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն էր նրա ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով ԹՀ-ն Եվրոպայում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ աշխարհում` 3-րդ տեղը (Չինաստան` 10.3% ու Արգենտինա` 9.2%): Մայիսի 6-ին բրիտանական The Economist պարբերականը գրեց, որ ԱԶԿ-ի հենց տնտեսական ղեկավարման ունակությունն է հանդիսանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի գլխավոր գրավականը:
2. Մինչ այդ էլ նշվում էր, որ Էրդողանը երազում է մինչև 2023 թվականը կառուցել «թուրքական Սուեզի ջրանցքըե, որը սևծովյան Սամսունից ձգվելու է մինչև միջերկրածովյան Յումուրթալըք (գրեթե նույն երթուղին, ինչ «Սամսուն-Ջեյհանե նավթամուղը): Անատոլիայի մեջտեղով անցնելիք այս ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն, 22 մետր խորություն և նախատեսված է լինելու միջին մեծության նավերի համար:
3. Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տարի առաջ` 2010 թվականի մայիսի 10-ին, նույն պատճառով ստիպված էր եղել հրաժարական տալ ԺՀԿ նախկին նախագահ և թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը: Դրանից օրեր առաջ թուրքական «Վաքիթե թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը դարձյալ նկարահանվել էր թաքնված տեսախցիկի միջոցով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ իրագործել առանց իշխանական ջանքերի:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը Գալուստ Սահակյանին հարց ուղղեց իր նախկին կուսակից Տիգրան Թորոսյանի` Մարտի 1-ի դատավարությունները խայտառակ որակելու վերաբերյալ: Գալուստ Գրիգորիչը նախընտրեց ձեռնպահ մնալ որևէ բան ասելուց:
Տիգրան Թորոսյանը, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր, այն նույն պաշտոնյան, ում իր վերջին հարցազրույցում մատնացույց էր արել Ռոբերտ Քոչարյանը` այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ մեկտեղ, որոնք տվել էին արտակարգ դրություն մտցնելու համաձայնությունը:
Իշխանության մաս կազմող և իշխանությունների բոլոր գործողությունները մշտապես արդարացրած Տիգրան Թորոսյանն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ Ազգային ժողովի նախագահ, և ըստ այդմ՝ նախկին խոսնակը պետք է հրաժարական տար, միանգամից 180 աստիճանով փոխեց իր բոլոր դիրքորոշումներն ու սկսեց քննադատել իշխանություններին: Հիմա նույն եռանդով, Տիգրան Թորոսյանից հետ չմնալով, իշխանությունների ցանկացած քայլ արդարացնում է Գալուստ Սահակյանը:
Հետաքրքիր է` արդյո՞ք Գալուստ Գրիգորիչը ևս կփոխի իր դիրքորոշումները, եթե հանկարծ հարկադրված լինի հրաժարվել պաշտոնից, թե՞ Գալուստ Սահակյանն ուրիշ է…
«Բայց ես ե՞րբ եմ պաշտոն ունեցել, ես երբեք չեմ ձգտել և երբեք պաշտոն չեմ ունեցել, քաղաքական գործունեությամբ զբաղվելը պաշտոն չի: Այսօրվա կուրծք ծեծողները հենց նրանք են, որոնք պաշտոն են ունեցել, այսօր զրկվել են դրանից, բայց քանի որ համը տեսել են, չեն կարողանում հանգստանալ»,- զարմացավ Սահակյանը:
Որ Գալուստ Սահակյանը աշխարհի ամենահամեստ մարդն է, կասկած չկա: Մարդ ինչքա~ն համեստ լինի, որ ընտրվի պատգամավոր, ընտրվի Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար, լինի այն կուսակցության փոխնախագահը, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, այսինքն` լինի մեկը, որին մշտապես ցանկանան սիրաշահել իր բոլոր կուսակիցները, դաշնակից կուսակցականները, և համարի, որ ինքը ի՞նչ, ինքը հո պաշտոնյա չի՞, ինքը հասարակ մարդ է: Եվ դա այն դեպքում, երբ Սահակյանի ընտանիքը պաշտոնների առումով, կարելի է ասել, առաջ է անցել անգամ Աբրահամյանների ընտանիքից. խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, որն իր ազդեցության լծակներն օգտագործելով՝ կարողացավ պատգամավոր դարձնել իր երեք եղբայրներին` յուրաքանչյուրին կցելով մի կուսակցության:
Ի տարբերություն Աբրահամյանների, Գալուստ Սահակյանի ընտանիքն ավելի մեծ թվով, այսպես ասած, պաշտոնյաներ ունի: Այս ընտանիքից պատգամավորական մանդատ ունի միանգամից երեք հոգի. ինքը` Գալուստ Գրիգորիչը, նրա որդին` Արման Սահակյանը, և, բնականաբար, Արմանի հռչակավոր քեռին, Գալուստ Գրիգորիչի աներձագ Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը: Սակայն, այս ցուցանիշը, ըստ երևույթին, քիչ էր այս ընտանիքի համար, և Գալուստ Գրիգորիչն անցյալ տարվա դեկտեմբերին հասավ այն բանին, որ մյուս որդին ևս` Տիգրան Սահակյանը, նշանակվի առողջապահության փոխնախարար:
Սրանք դեռ հայտնի և մերձավոր բարեկամներն են. չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը տեր կանգնած լինի նաև իր մյուս ազգականներին, խնամիներին, ընկերներին և նրանց ևս տեղավորած լինի կարգին պաշտոնների: Եվ այսքանից հետո մարդը համարում է, թե ինքը ոչ մի պաշտոն էլ չունի: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են. մնում է ընդամենը հիանալ Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի մարդկային բարձր հատկանիշներով` մասնավորապես համեստությամբ:
Լուսինե Կեսոյան
Գործող Ազգային ժողովը չորս տարեկան է:
Խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի կարող է գնահատել իր աշխատանքը, արձանագրել հաջողություններ կամ բացթողումներ:
Չկուսակցականացված մարդկանց առավելապես հետաքրքրում է, թե ինչպես է խորհրդարանը կատարում իր սահմանադրական առաքելությունը` որպես ամբողջություն:
Օրենքներ ընդունելու հարցում, թերևս, օրենսդիր մարմինն առանձնապես չի թերացել: Այլ խնդիր է ընդունված օրենքների որակը: Դրանք կատարյալ լինել չեն կարող, որովհետև հիմնականում ընդունվել են առանց բանավեճերի, կիսադատարկ դահլիճում: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության իր իրավունքից ավելի շատ օգտվում է կառավարությունը, քան իրենք` պատգամավորները: Սա վկայում է, որ մեր օրենսդիրներից շատերն իրենց տեղում չեն, խորհրդարանում հայտնվել են միանգամայն այլ շարժառիթներով:
Որևէ խորհրդարան դատապարտված է ձախողման, եթե չի կատարում գործադիրին վերահսկելու գործառույթ: Հայաստանում նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, որովհետև գործադիր մարմիններն իրենք են վերահսկում խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, թելադրում քվեարկությունների պատկերը: Արդյունքում, պատգամավորը դիրքորոշում արտահայտողից և ձևավորողից վերածվում է «կոճակ սեղմողի»:
Գործող խորհրդարանը նաև այն մարմինը չէ, այն հարթակը չէ, որտեղ տեղի են ունենում գլխավոր քաղաքական իրադարձությունները: Սա, իհարկե, առաջին հերթին հետևանք է այն իրողության, որ ԱԺ-ն ձևավորվել է կասկածելի ընտրական մեխանիզմների միջոցով ու չի ներկայացնում հասարակության քաղաքական նախասիրությունները: Սրան հավելենք այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը մի քանի անգամ արժեզրկեց ինքն իրեն: Մասնավորապես, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործող ԱԺ-ն ցույց տվեց իր քաղաքական անկենսունակությունը, չկարողացավ որևէ կերպ լիցքաթափել երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը, ավելին` առանց լուրջ քննարկումների թույլ տվեց իր չորս ընդդիմադիր պատգամավորի կալանավորումը:
Այս ԱԺ-ն այսօր էլ չունի որևէ լուրջ դերակատարում երկրի քաղաքական կյանքում: Քաղաքական որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում կամ հրապարակներում, իսկ խորհրդարանը, լավագույն դեպքում, ծույլ աշակերտի կարգավիճակով վազում է իրադարձությունների հետևից:
Սուրեն Սուրենյանց
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր ներկա էր բյուջեի կատարողականի հաշվետվությանը, և ինքն էլ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը: Բայց որքան էլ ակտիվանում են խոսակցությունները, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունները հաջորդում են իրար, սակայն այդպես էլ որևէ բան չի փոխվում՝ պաշտոնյաները շարունակում են գողանալ, այնուամենայնիվ, մի ակնհայտ առաջընթաց, պարզվեց, այս կառույցը գրանցել է:
«Առաջ ավելի շատ էին ծավալային հավելագրումները, մեծ թիվ էին գրում, որի մի մասը յուրացնում էին, էնքան ասեցինք «ծավալային հավելագրումներ, ծավալային հավելագրումներ», արդեն քչացել ա: Բայց հիմա էլ դրանք վերածվել են անարդյունավետ ծախսերի»,- հայտարարեց ՎՊ նախագահը:
Ինչպես տեսնում ենք, Վերահսկիչ պալատի գործունեությունն իսկապես արդյունավետ է. մի քանի տարվա գործունեության շնորհիվ այս պալատը կարողացավ պետական կառույցներին հասկացնել, որ կարելի է ատկատը փոխարինել ֆինանսական միջոցների յուրացման մեկ այլ տեսակով, որը, հնարավոր է, ավելի կատարյալ է և ավելի մեծ արդյունքներ է տալիս: Եթե ատկատի դեպքում իքս գումարի փոխարեն գրվում է իքս գումարած այսքան գումար, և յուրացվում է հենց այդ հավելյալ գումարը, ապա այժմ ընդամենը բավարարվում են որոշակի գումար ծախսելով ինչ-որ բանի վրա, որի արդյունքն այդպես էլ չի երևում, այսինքն` այս դեպքում գումարը կարող է յուրացվել ամբողջությամբ. դա էլ հենց կոչվում է անարդյունավետ ծախս:
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը ներկայացրեց Վերահսկիչ պալատի բացահայտած անարդյունավետ ծախսերի մի ամբողջ շարք. օրինակ, լինում է այնպես, որ փորձագետներ են հրավիրվում, բնականաբար՝ դրսից հրավիրված փորձագետներին բարձր աշխատավարձ է վճարվում, նրանք աշխատում են ինչ-որ ժամանակ, ինչ-որ օրինագծեր են մշակում, բայց վերջում այդ օրինագծերը ոչ մեկին էլ պետք չեն գալիս, և ստացվում է, որ այդ օրինագծերը ոչ մեկն էլ չի տեսնում: Եվ ընդհանրապես, քանի որ ոչ մեկը չի տեսնում այդ օրինագծերը, ոչ մեկն չի էլ կարող ապացուցել, թե նման բան եղել է: Ու, փաստորեն, միակ բանը, որ հստակ կարելի է ապացուցել՝ այն է, որ ստացված իքս չափի գումարը ծախսվել է. ա՛յ, սա հաստատ հարյուր տոկոսանոց ապացույցների շարքից է:
Վարդան Բոստանջյանը նկատեց. «Բա լա´վ, ո՞նց անենք, որ էդ գնումների գործընթացը լավանա, ախր փոքր երկիր ենք, հարուստ երկիր չենք, էդ փողերը ո՞նց ենք ըտենց ճոխ ծախսում: Խի՞ պտի մեքենայով գնանք գանք, եվրոռեմոնտներ անենք»:
Իշխան Զաքարյանը լսեց, լսեց, ժպտաց ու պատասխանեց. «Ձեր հարցերի մեծ մասը ինձ չէր վերաբերում»: Հետո էլ հայտնեց, թե իրենք, բացի ստուգելուց, նաև առաջարկություններ են անում և առաջարկել են սահմանել պետական հսկիչ գներ. ենթադրենք, եռամյսակը մեկ ֆիքսել, թե այսինչ ապրանքն այսքան արժե: «Թե չէ, մի հատ թուղթ է, վրան գրված է` ավազ` 5800 դրամ, մի հատ էլ տակը ստորագրություն, որով որոշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավազի գինը 5800 դրամ է»,— յուրացման հերթական ձևը պարզաբանեց ՎՊ նախագահը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.