15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

14.01.2021 | 14:10

14.01.2021 | 13:10

14.01.2021 | 12:10

14.01.2021 | 11:10

13.01.2021 | 15:10

13.01.2021 | 14:10

13.01.2021 | 13:10

13.01.2021 | 12:10

13.01.2021 | 11:10

12.01.2021 | 15:10

12.01.2021 | 14:10

12.01.2021 | 13:10

12.01.2021 | 12:10

12.01.2021 | 11:10

11.01.2021 | 15:10

11.01.2021 | 14:10

11.01.2021 | 12:10

11.01.2021 | 11:10

09.01.2021 | 15:10

09.01.2021 | 14:10

09.01.2021 | 13:10

09.01.2021 | 12:10

09.01.2021 | 11:10

08.01.2021 | 15:10

08.01.2021 | 13:10

08.01.2021 | 12:31

08.01.2021 | 12:10

08.01.2021 | 11:10

07.01.2021 | 15:10

07.01.2021 | 14:10

07.01.2021 | 13:10

07.01.2021 | 12:10

07.01.2021 | 11:10

Երկար ժամանակ ասվում էր, որ հունիսի 6-ին կայանալու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Հունիսի 6-ը եկավ, բայց մենք այդպես էլ Երևանում Ահմադինեժադին չտեսանք:
Միայն այցի օրը տեղեկացանք, որ հետաձգվել է:
Այցի հետաձգման երևանյան և թեհրանյան վարկածները մի փոքր տարբեր են:
Երևանում ասում են, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում նշում են, որ հայկական կողմն ինչ-որ փաստաթղթերի պատրաստման հարցում ուշացել է:
Սովորաբար բարեկամ երկրների հարաբերություններում նման փաստաթղթային քաշքշուկներ չեն լինում:
Արդ, դժվար է հավատալ պաշտոնական վարկածին:
Հետևաբար, առաջ քաշենք մի քանի վարկած:
Հնարավոր է, որ ԻԻՀ նախագահին մերոնք են հասկացրել, որ այս պահին նա Հայաստանում ցանկալի հյուր չէ: Այստեղ կարող է դեր ունենալ ինչպես Արևմուտքի գործոնը, այնպես էլ` ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և դրանց նկատմամբ Թեհրանի ժխտողական վերաբերմունքը:
Սակայն ԻԻՀ նախագահի այցի հետաձգման պատճառ կարող է լինել նաև այդ երկրում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդի և Ահմադինեժադի բարդ հարաբերությունները:
Ինչ էլ որ լինի` Ահմադինեժադի այցի հապճեպ հետաձգումը որոշակիորեն ազդելու է հայ-իրանական հարաբերությունների վրա` դրանցում անորոշության էլեմենտ մտցնելով:
Երեկ հանրապետական օրենսդիրներն անդրադարձան երկխոսության ՀԱԿ առաջարկած օրակարգին և ձևաչափին: Հասկանալի դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը չի շտապում երկխոսել, այն էլ` ընդդիմության առաջարկած պայմաններով:
ՀԱԿ-ում ասում էին, որ պատգամավորների կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք սպասում են իշխանության իրական տիրոջ արձագանքին:
Սերժ Սարգսյանն առայժմ լռում է, բայց փոխարենն այսօր խոսել է նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը շատ հազվադեպ է խոսում, սա կարելի է համարել հենց նախագահականի կամ նախագահի պատասխանը ընդդիմությանը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, կարծես թե, ողջունում է երկխոսության գաղափարը, նույնիսկ ասում է, որ նման բան արդեն տեղի ունենում է, սակայն շտապում է ավելացնել. «Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը»:
Ամեն բան շատ հստակ է ասված. իշխանությունը չի ցանկանում երկխոսել իր կապիտուլյացիայի շուրջ:
Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ ընդդիմությունը, կանխատեսելով իշխանության այս պատասխանը, նման նախաձեռնությամբ սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունը: Գուցե այս նախաձեռնությունն ուղղված էր արտաքին խաղացողների՞ն, կամ` ՀԱԿ-ը գնում է վաբա՞նկ:
Ամեն դեպքում, իշխանության պատասխանը ՀԱԿ-ին դնում է անհարմար վիճակի մեջ: Մի կողմից՝ երկխոսության նրա պայմանները չեն ընդունվում, մյուս կողմից` ընդդիմությունը գոնե այս պահին չունի իր վարքագիծն արմատականացնելու ռեսուրս:
«Մենք այսօր փորձում ենք երկխոսության մեջ մտնել իշխանական բուրգի ճարտարապետի հետ և սպասում ենք նրա կոնկրետ պատասխանին մեր առաջարկներին և մեր քայլերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ եթե իշխանությունը չարաշահի ՀԱԿ-ին պատասխան տալու ժամկետները, հեղափոխական զարգացումներն անխուսափելի կդառնան Հայաստանում, ինչը, ըստ Սարգսյանի, ընդդիմության համար ցանկալի չէ:
«Եթե այդ ժամկետները չարաշահվեն, հստակ է դառնում, որ դա ժամանակ շահելու նպատակ է հետապնդում, և ընդդիմությունը ստիպված կլինի ավելի կոշտացնել իր դիրքորոշումը, հասարակության դժգոհությունները կարող են այլևս անվերահսկելի դառնալ, որոնք այսօր ՀԱԿ առաջնորդի շնորհիվ զսպվում են»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա ընդգծեց, որ եթե իրենք իշխանություններից չստանան արձագանք՝ պարտավոր կլինեն կոշտացնել իրենց մարտավարությունը՝ իշխանություններին պարտադրելով արտահերթ ընտրություններ:
Դիտարկմանը, թե արդյո՞ք առանց Սերժ Սարգսյանի գիտության են ՀՀԿ-աններն արձագանքում ՀԱԿ-ին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ականների հայտարարություններն ընդամենը խուճապի դրսևորում են: «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի դերում սպասում է՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իշխանական դաշտում»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն այսօր լավ հասկանում է, որ եթե ինքն արագ արձագանքի ՀԱԿ-ին, իշխանական դաշտում խուճապը կարող է մեծանալ:
Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ՝ դժվարությամբ, բայց Սերժ Սարգսյանը կարձագանքի երկխոսություն սկսելու իրենց առաջարկին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի ընթացքում նոր առաջարկներ չեն արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկներ չեն բերել: Այս այցի ընթացքում քննարկումներ են ընթանում նախկին առաջարկների շուրջ»- ասել է Մամեդյարովը:
Նախարարը նշել է, թե այսօր համանախագահները ուղևորվելու են Լեռնային Ղարաբաղ որտեղից էլ կմեկնեն Հայաստան: «Երևանում քննարկումները կշարունակվեն: Շաբաթ օրը հանդիպումները կշարունակվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով» ասել է նա:
«Գործող իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև այսօր կան գաղափարական ընդհանրություններ։ Միայն մեկ տարբերություն կա. այդ ուժերից մեկն իշխանության դաշտում է, մյուսը՝ ընդդիմության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահա այսպիսի դարակազմիկ «բացահայտում» արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Եվ ոչ միայն այս «բացահայտումը: Ըստ Սաֆարյանի, եթե իշխանության բաժանման հարցում համաձայնության գան և հաղթահարեն այսօրվա անվստահության մթնոլորտը, ապա չի բացառվում, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն մեկ միասնական դաշինքով: «Եթե այդքան ընդհանրություններ կան, ապա նույն դաշինքի կամ նույն իշխանության մեջ լինելը ինչո՞ւ պետք է հակացուցված լինի»,- ասաց Սաֆարյանը։
Նրա համոզմամբ՝ ՀԱԿ-ի պահանջների շրջանակը իշխանության հետ համաձայնեցված էր։ Երկրում քաղբանտարկյալների հարցը լուծված չէ, քանի որ, ըստ Ստեփան Սաֆարյանի, քաղաքական դատավճիռ կայացրած դատավորը չի պատժվել, և «քաղբանտարկյալ» երևույթը երկրում արմատախիլ չի արվել։
Հայաստանում այսուհետ ևս քաղբանտարկյալներ լինելու են, քանի որ 1995-ից հետո արդեն որերորդ ընտրությունն է ՝ պրակտիկան կրկնվում է։ Նրա խոսքով, քաղբանտարկյալներին ձերբակալելուց հետո իշխանությունը «մի աննախադեպ շոու է սկսում, թե ինքն այնքան մարդասեր է, որ ազատ է արձակում հանցագործներին»։
««Ժառանգությունն» ասել և ասելու է, որ քաղբանտարկյալների հարցը Հայաստանում իրականում չի լուծվել, լուծվել է հանիրավի անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակման հարցը։ Քաղբանտարկյալների խնդիրը լուծվում է այն դեպքում, երբ պետությունը պատժում է քաղաքական վճիռ կայացրած դատավորին կամ քննիչին, որը նման դատաքննություն է իրականացրել»,- ազդարարեց պատգամավորը։
Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին՝ Ստեփան Սաֆարյանը կանխատեսեց, որ ներքաղաքական զարգացումները հետաքրքիր հանգրվանի են բերելու։ «Նախընտրական շրջանը ոչ պաշտոնապես, սակայն արդեն մեկնարկել է, և այս պահին հատկանշական է, որ փորձ է արվում արհեստական շնչառություն տալ 2008-ին ձևավորված շարժմանը, պահպանել դրա իներցիան»,- ասաց պատգամավորը։
Այս ամենով հանդերձ, Սաֆարյանը տեղին համարեց հիշեցնել, որ «Ժառանգությունը» չի խանդում և չի նախանձում քաղաքական ոչ մի ուժի, միայն հետամուտ է, որպեսզի այդ ուժերի համագործակցության արդյունքում հակաօրինական և հակաիրավական որոշումներ չկայացվեն։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ի վերջո իշխանությունն ընդունում է երկխոսություն սկսելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը և պատրաստվում է արդյոք համապատասխան պատվիրակություն ձևավորել, հայտարարել է, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է:
«Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե° առաջարկվող ձևաչափը, թե° դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման` աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը: Կարծում եմ` մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական և ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար:
Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման` բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը` կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը: Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ` գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանունե առաջարկներն առաջ տանողի դերում»,- ասել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ցանկանալով առաջնորդության հասնել Մերձավոր արևելքում, Թուրքիան վերջին տարիներին հետևողականորեն ամրապնդում էր կապերն արաբական աշխարհի հետ: Ուստի «արաբական հեղափոխություններիե ծավալումը` երբ անկում ապրեցին կամ զգալիորեն սասանվեցին Մերձավոր արևելքի շատ երկրների քաղաքական վերնախավերի դիրքերը, Թուրքիայի համար դարձավ կարևոր մի քննություն, որտեղ պետք է ապացուցվեր նրա պետական մեքենայի գործունեության կենսունակությունն ու ճկունությունը անսպասելի փոփոխվող քաղաքական իրավիճակներում:
Տարածաշրջանային իր հավակնություններին տուրք տալով` շուտով նա բախվեց արաբական քաղաքական վերնախավերի ու ժողովրդական լայն զանգվածների միջև ճիշտ դիրքավորվելու խնդրին: Վերջինիս լուծումը, սակայն, նոր նրբերանգներ չավելացրեց թուրքական դիվանագիտությունում: Թուրք-սիրիական հարաբերությունների վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ տարածաշրջանային առաջնորդության հասնելու ճանապարհին նրա որդեգրած գլխավոր սկզբունքը շարունակում է մնալ թուրքական ավանդական այն կոնցեպտը, ըստ որի` քաղաքական շահաբաժիններ կարելի է ստանալ պատեհ ժամին որդեգրած սկզբունքներից 180 աստիճանով հրաժարվելու միջոցով:
Կապված իսրայելյան, քրդական, հայկական գործոնների, Եփրատի ջրերի օգտագործման և այլ խնդիրների հետ` 20-րդ դարը թուրք-սիրիական հարաբերություններում բավականին լարված ժամանակաշրջան է եղել: Սակայն 2000թ. Սիրիայում Բաշար Ասադի իշխանության գալով` հարաբերությունները սկսեցին հետզհետե կարգավորվել: Արդեն 2009-2010թթ. երկու երկրների քաղաքական ու տնտեսական լայն կապերի առկայությունն անգամ հիմք էր տալիս խոսել ռազմավարական գործակցության մասին, որտեղ պաշտոնական Անկարայի և Դամասկոսի համար չկային լուրջ տարաձայնություններ, փոխարենն առկա էր նոր ռազմաքաղաքական թիրախը` Իսրայելը:
Մարտի կեսերին «արաբական հեղափոխություններիե ալիքը հասավ նաև Սիրիա: Սկիզբ առնելով հարավից` ժողովրդական հուզումները շուտով տարածվեցին նաև երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանների քաղաքներում: Չնայած սիրիական իշխանությունների ձեռնարկած մի շարք էական քայլերին (նոր կառավարության կազմում, աշխատավարձերի բարձրացում, 1963 թվականից գործող արտակարգ դրության վերացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և այլն), այդպես էլ չհաջողվեց կանգնեցնել հեղափոխական ալիքը: Կարելի է ասել, որ այսօր արդեն Սիրիան քաղաքացիական պատերազմի շեմին է, քանզի հեղափոխական զարգացումներում գնալով վճռորոշ նշանակություն է ձեռք բերում նաև իշխող ալավիտական կլանի (Սիրիայում ալավիտները կազմում են բնակչության 12-15 տոկոսը) և երկրի սուննի մեծամասնության միջև պայքարը: Ալավիտական վարչախումբը քաղաքացիական հուզումները հատկապես սուննի բնակչության շրջանում կանխելու համար կիրառում է ամենակոշտ միջոցներ և այդ նպատակով ընտրել է հեղափոխական զարգացումներն արյան մեջ խեղդելու մարտավարություն: Ուժային կառույցների զինված միջամտության արդյունքում Սիրիայի տարբեր քաղաքներում յուրաքանչյուր օր սպանվում են մի քանի տասնյակ ցուցարարներ: Ցուցարարների` ինքնապաշտպանության դիմելու պատճառով սպանվում են նաև զինվորականներ ու ոստիկաններ:
Սիրիայում հուզումները սկսելուց անմիջապես հետո Անկարան բավական լոյալ դիրք գրավեց պաշտոնական Դամասկոսի նկատմամբ: Ի տարբերություն արևմտյան տերությունների` նա սկզբնական շրջանում խուսափում էր հանդես գալ կտրուկ հայտարարություններով և անգամ մշտական երկխոսության մեջ գտնվելով Դամասկոսի հետ` Ասադի իշխանության պահպանմամբ մտահոգ ուժի տպավորություն էր թողնում: Սակայն հետագայում դեպքերը զարգացան գրեթե «լիբիականե դիպաշարով (մարտի սկզբին Թուրքիայի վարչապետ Էրդողանը լիբիական հակամարտությունում ՆԱՏՕ-ի սպասվելիք ռազմական միջամտությունն անթույլատրելի և անգամ հիմար քայլ էր որակել, սակայն այդ միջամտությունից հետո մաս էր կազմել արևմտյան կոալիցիային, իսկ մայիսի 3-ի իր ելույթում խոսել էր Լիբիայի պատմության նոր շրջանի մասին, որտեղ տեղ չուներ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին):
Արդեն մայիսի սկզբին Էրդողանի դիրքորոշման մեջ կտրուկ փոփոխություններ ի հայտ եկան: Մայիսի 2-ի նրա խոսքում տեղ գտան թե° զգուշացումներ և թե° սպառնալից պահանջներ: «Սիրիայում այլևս չպետք է կրկնվեն Համայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների նման դեպքերը: …Գտնում եմ, որ նման իրադարձությունների կրկնության դեպքում Սիրիային շատ դժվար կլինի վերացնել հետևանքները, քանի որ միջազգային հանրությունը հարցի կապակցությամբ կհայտնի իր հստակ կարծիքըե,- նշել էր Էրդողանը:
Թուրք-սիրիական հարաբերություններում մայիս ամիսը հետզհետե դեպի «ավանդականե հարաբերություններ վերադառնալու շրջան հանդիսացավ, որում փոխադարձ անվստահությունը, քաղաքական մեղադրանքներն ու քայքայիչ գործունեությունը դարձան երկկողմ հարաբերությունների բնորոշ գծերը: Անգամ մայիսի վերջին մամուլում տվյալներ սպրդեցին երկկողմ տարաբնույթ հարաբերությունների կասեցման և Սիրիայի ներքին գործերին Թուրքիայի ռազմական միջամտության մասին: Այսպես` մայիսի 25-ին թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած DEBKA հետախուզական կայքը, նշեց, որ վարչապետ Էրդողանը կառավարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ հրահանգել է կարճ ժամանակահատվածում խզել Դամասկոսի հետ հարաբերությունները: Իսկ մայիսի 31-ին բրիտանական The Independent պարբերականում հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը նշեց, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում գաղթականների մեծ ներհոսքը կանխելու համար թուրքական բանակը պատրաստ է ներխուժել Սիրիա և ստեղծել անվտանգության գոտի:
Եթե թուրքական նշված ծրագրերն առայժմ գտնվում են դեպքերի համապատասխան զարգացման տիրույթում, ապա օրեր առաջ թուրքական Անթալիա քաղաքում «Սիրիայում փոփոխությունների օգտինե թեմայով խորհրդաժողովը, որի անցկացումն արտոնվել էր Թուրքիայի կողմից, արդեն իսկ ընդդեմ պաշտոնական Դամասկոսի գործելու նրա ցանկության արտահայտությունն էր: Հենց միայն խորհրդաժողովին Սիրիայի ընդդիմության շուրջ 300 ներկայացուցիչների մասնակցության փաստը վկայում էր, որ թուրք-սիրիական հարաբերություններում թևակոխելու է կոշտ հակադրության շրջան: Հունիսի 2-ին ընդունված հայտարարության մեջ խորհրդաժողովի մասնակիցները կոչ են անում նախագահ Բաշար Ասադին անհապաղ հրաժարական ներկայացնել և իշխանությունը հանձնել Անցումային խորհրդին, որը կստանձնի պետության իշխանական գործառույթները, նոր Սահմանադրության կազմումը, մեկ տարվա ընթացքում խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը:
Ընդունված հայտարարությունը կարելի է համարել որպես Անկարայի առայժմ ոչ պաշտոնական պահանջների դրսևորում, որը սակայն Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացումե կուսակցության հաղթանակից հետո կարող է դրվել նաև պաշտոնական քաղաքականության հիմքում: Փաստն այն է, որ Թուրքիայի իշխող կուսակցության իսլամիստական գաղափարախոսությունն ու կառավարության վերջին ամիսների քաղաքական գործունեությունը Անկարային մոտեցրել է Սիրիայի ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներե իսլամական շարժմանը (ի դեպ, խորհրդաժողովում այս կազմակերպությունը կարևոր դերակատարություն էր ստանձնել): Եվ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի հարցում 180 աստիճանով մայիսյան շրջադարձը կապված է «նեոօսմանականությանե հայեցակարգի այնպիսի նոր կիրառելիության հետ, որտեղ գլխավոր արդյունք է դիտվում իր առանձնահատուկ ուշադրության և ռազմավարական հետաքրքրությունների շրջանակում գտնվող Դամասկոսում այնպիսի իշխանության ձևավորումը, որը Սիրիան կվերածի կամակատար երկրի: Ու նման քաղաքականություն իրականացնելու համար Անկարային թվում է, թե ներկայացել է պատեհ շրջանը: Ուստի հարկ է առավել մեծացնել ճնշումը դժվար օրեր ապրող ալավիտական վարչախմբի նկատմամբ:
Նշվածը հիմք է տալիս այլ աչքով նայել Համայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների անթույլատրելիության վերաբերյալ Էրդողանի մայիսի 2-ի հայտարարությանը: Խնդիրն այն է, որ 1982թ. Սիրիայի բանակը Համայում մեծ սպանդ էր կատարել` ճնշելու համար իսլամիստների ապստամբությունը, որն առաջնորդում էին «Մուսուլման եղբայրներըե: Քաղաքը ռմբակոծության ենթարկելու և այն գրոհով գրավելու հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ էին զոհվել: Չնայած Համայում «արաբական հեղափոխություններիե ալիքի վրա վարչախմբի կողմից վերջին ամիսներին սպանված տասնյակ քաղաքացիների փաստին` Էրդողանի խոսքի ենթատեքստը վերաբերում էր 1982թ. դեպքերի կրկնության անթույլատրելիությանը:
Հունիսի 3-ին Սիրիայի ողջ տարածքում անջատվել էր ինտերնետ կապը: Նման քայլը պաշտոնական Դամասկոսի կողմից ցուցարարների դեմ որոշակի գործողությունների դիմելու ցանկության մասին էր խոսում: Դրանով փորձ էր արվում թուլացնել ցուցարարների ակտիվությունը ուրբաթօրյա աղոթքից հետո անցկացվող հանրահավաքներին: Ակտիվություն, որի կարևոր բաղադրիչն են դարձել սոցիալական ցանցերը: Իսկ որոշակի գործողություններն արդեն կարծես հերթական պատասխանը լինեին պաշտոնական Անկարային: Al-Arabia հեռուստաալիքի հաղորդման համաձայն, նույն օրը` հունիսի 3-ին, Համա քաղաքում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին հետևել էին իրավապահների հետ բախումները, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 67 մարդ:
Կարելի է ենթադրել, որ Սիրիային «ապտակելուե թուրքական քաղաքականությունն առանձնակի թափով շարունակվելու է նաև Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք ընտրություններից հետո, քանի որ «Արդարություն և զարգացումե կուսակցության հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում: Սակայն Սիրիան բոլորովին էլ մեկուսացված Լիբիան չէ և նրա շահերին հարգանքով են վերաբերում հատկապես Ռուսաստանն ու Իրանը: Միաժամանակ Սիրիան այսօր արդեն կրկին հզոր խաղաթղթի է փորձում վերածել քրդական գործոնը: Այս և թուրք-սիրիական «ավանդականե հարաբերությունների այլ գործոններ հիմք են տալիս մտածելու, որ երկու երկրների վերջին տարիների եղբայրությանը մնացել են վերջին ակորդները, եթե, իհարկե, Դամասկոսում իշխանությունը չկործանվի` չտապալվի իր ներքին խնդիրներում բավականին խճճված ալավիտական վարչախումբը: Մի դիպաշար, որն ինչքան հեռու է իրականությունից, նույնքան էլ մոտ է պատեհ ժամին սկզբունքորեն անսկզբունքայնություն ցուցաբերող թուրքական քաղաքականության համար:
Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է «Ազատ դեմոկրատներ» անվանումը կրող նորաստեղծ կուսակցության գրասենյակ, որտեղ և հանդիպումներ է ունեցել կուսակցության ղեկավարների հետ: Հաշվի առնելով, թե ինչ դերակատարություն է ունենում Յովանովիչը այն երկրների քաղաքական կյանքում, որտեղ պաշտոնավարում է, այս հանդիպմանը չի կարելի անուշադրությամբ վերաբերվել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անցյալ տարի ՀՀՇ-ում կազմակերպված իշխանափոխությունից հետո այդ կուսակցությունից հեռացած Խաչատուր Քոքոբելյանի և Արարատ Զուրաբյանի քաղաքական նոր պրոյեկտն է: Մեր տեղեկություններով, ազատ դեմոկրատների շարքը ՀՀՇ-ից հեռացածներից բացի համալրել է նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Հնարավոր է համարվում նաև վերջերս ՀԱԿ-ից վերջնականապես բաժանված Կարապետ Ռուբինյանի անդամակցությունը:
Այսինքն` սա մի կառույց է, որտեղ տեղ են գտնում ինչ-ինչ նկատառումներով արմատական ընդդիմության մոնոպոլիստի դերը ստանձնած Հայ ազգային կոնգրեսում տեղ չգտածները, բայց մարդիկ, որոնք գտնում են, որ քաղաքական դաշտում դեռ անելիք ու ասելիք ունեն: Եվ հիմա այս կուսակցություն է այցելում Մարի Յովանովիչը` մարդ, որի անունն է շրջանառվում որպես Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև սկսված երկխոսության «կնքահայր» և մարդ, որի աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին կարող է շատ բան նշանակել:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը շուտով հեռանալու է Հայաստանից: Այս առումով գունավոր հեղափոխությունների վարպետ-տիկնոջ քաղաքական վերջին այցերը ավելի քան մեծ նշանակություն ունեն: Եվ ուրեմն, ի՞նչ կարող է նշանակել Յովանովիչի այս այցը:
Նախ և առաջ, սա հստակ մեսիջ է հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողներին առ այն, որ հիշյալ պրոյեկտը ճանաչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, այնպես որ ցանկացած նման «ճանաչում» ավելի քան կարևոր է հավակնություններ ունեցող քաղաքական ուժերի համար: Մեր տեղեկություններով, այս քաղաքական պրոյեկտը կարող է իսկապես հաջողություն ունենալ, եթե ամերիկյան կողմի ընտրությունը վերջնականապես կանգ առնի հենց «Ազատ դեմոկրատներ»-ի վրա. դրա արդյունքում չի բացառվում, որ նորաստեղծ կուսակցությունը կարող է դառնալ «Ժառանգության» փոխարինողը Ազգային ժողովում` ստանալով 5 տոկոսանոց շեմ հաղթահարելու հնարավորություն:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սկսվել է նոր խորհրդարան ձևավորելու, դրանում տեղ գրավելու համար մղվող պայքարը: Խորհրդարան մտնելու հույս ունեն այն համայնքների ղեկավարները, որոնք այլևս կամ չեն ցանկանում, կամ համոզված չեն, որ վերստին կընտրվեն: Այս ֆոնին արդեն ուրվածվել է Էրեբունիից ապագա պատգամավորի ուրվագիծը: Այս տարածքում արդեն որոշված է, որ մրցելու են ներկայիս պատգամավոր Արմեն Պուրտոյանը և նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Պայքարը թեժ է լինելու, քանի որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չնայած նախագահը երկուսին էլ արդեն մասնակցելու «դաբրո» է տվել, բայց նաև ասել է. «Արդար պայքարեք, ով կհաղթի՝ հալալ ա իրեն»:
Այս պահի դրությամբ Մհեր Սեդրակյանի շանսերն ավելի շատ են, քանի որ տարածքում բազմաթիվ սեփականություններ ունի, իսկ որ ամենակարևորն է՝ ժամանակին իր թաղապետական «ժառանգական» աթոռը փոխանցեց քրոջ փեսային ու հիմա, լավ թե վատ, նրա միջոցով վերահսկում է համայնքային շարժերը:
APA գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Հանդիպման ընթացքում համանախագահները խոսել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա վիճակի և հեռանկարների մասին։
-
-
14.01.2021 | 11:10
Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ -
14.01.2021 | 12:10
Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների -
15.01.2021 | 02:10
Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք -
13.01.2021 | 11:10
Օրեր առաջ տեխնիկա է մտցվել, 14 պարկ դիակ է հանվել, ԴՆԹ-ով կորոշվի քանի դիակ է. Մարուքյան -
15.01.2021 | 11:10
Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա -
13.01.2021 | 03:10
Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան -
11.01.2021 | 11:10
Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում -
12.01.2021 | 03:10
Ուղիղ սպառնալիք է առաջացել .Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը․ Թաթոյան -
11.01.2021 | 02:10
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն -
13.01.2021 | 12:10
Դեժավյու-ն մանրամասներ է հայտնում պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի աշխատանքային հարաբերությունների մասին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.