29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...30 | 31 | 01 | 02 | 03 | 04 | 05 |
06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 | 31 | 01 | 02 |
03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 |
1996 թվականին բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ենոքյանին մեղադրել են համակուրսեցու` Իոսիֆ Աղաջանովին շահադիտական նպատակներով սպանելու մեջ, դատապարտելով մահապատժի, որն այնուհետև փոխվեց ցմահ ազատազրկման։ Սա այն Ենոքյանն է, որ երկու անգամ խցակից ընկերոջ հետ կալանավայրից դիմեց փախուստի։
Դեկտեմբերի 1-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անորոշ ժամանակով հետաձգվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայցն ընդդեմ «Կենտրոնե հեռուստաընկերության։
Ենոքյանի փաստաբանը` Վահագն Մանուկյանը դիմել էր համապատասխան մարմիններին՝ դատական նիստին հայցվորի` Մհեր Ենոքյանի ներկայությունն ապահովելու խնդրանքով, ինչը չէր բավարարվել առանց որևէ պատճառաբանության։
Բանն այն է, որ դեռևս օգոստոսի 29-ին նույն հեռուստաընկերության «Հետաքննությունե հաղորդաշարի ժամանակ հրապարակվել էր սխալ տեղեկատվություն, ըստ որի հանցագործը սպանել և մասնատել է իր զոհի դին: Մհեր Ենոքյանը սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով դիմել էր հեռուստաընկերություն։
«ԶԼՄ-ների մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հերքումը պիտի հրապարակվի առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով, անճշտությունը տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքման եղանակի, օրվա ու ժամի մասին։
Սահմանված բոլոր ժամկետները լրանալուց հետո էլ , «Կենտրոն» հեռուստաընկերությունից որևէ պատասխան չի ստացվել։ Հաղորդման շրջանակներում ևս Հերքում չեղավ։ Դա էր պատճառը, որ արդեն նոյեմբեր ամսին Մհեր Ենոքյանը դիմեց դատարան՝ «հերքման իրավունքի պահանջով»։
Դրանից հետո, դատավարությունից ընդամենը երեք օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, «Հետաքննությունե հաղորդաշարի շրջանակներում տեղ գտավ օգոստոսի 29-ին եթեր հեռարձակված անճշտության հերքումն առ այն, որ Մհեր Ենոքյանը համակուրսեցու դին չի բաժանել 17 մասի։ Մեջբերվեց հատված 1996 թ. ՀՀ Գերագույն դատարանի կողմից կայացված դատավճռից, ըստ որի` Ենոքյանի պահանջով իր հանցակից Արամ Հարությունյանն է դանակով հարվածել Իոսիֆ Աղաջանովի պարանոցին։
Նշենք, որ նույն դատավճռով Մհեր Ենոքյանը դատապարտվեց մահապատժի, որը 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով փոխարինվեց ցմահ ազատազրկման, իսկ Արամ Հարությունյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Սակայն Ենոքյանը դատարանում իրեն մեղավոր չճանաչեց։
Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նամակ-միջնորդություն, որով ՀԸ–ը խնդրում է կարճել հայցը՝ պատճառաբանելով, որ նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդման շրջանակներում պատրաստվում են եթեր հեռարձակել հերքման տեքստը։ Ի դեպ, ՀԸ ներկայացուցչի խոսքով` նամակը դատարան է ուղարկվել դեռևս նոյեմբերի 27-ին՝ դատարանի կողմից ծանուցագիր ստանալուց հետո։ Սակայն դատարանը նշեց, որ առանց հայցվորի կարծիքն իմանալու, սխալ կլինի որևէ որոշում կայացնել։
«Այս անգամ դատը կարճ տևեց, և մենք չկարողացանք ներկայացնել մեր երկրորդ պահանջը, անդրադառնալ ևս մեկ կարևորագույն սխալմունքի, որ տեղի է ունեցել 2006 թ-ին»,- ասաց Վահագն Մանուկյանը։
Նշենք, որ խոսքը 2006-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում կատարված Մհեր Ենոքյանի «մայր» գործի վերանայման մասին է, ըստ որի` նոր քրեական օրենսգրքի հետ համապատասխանեցվել են որոշակի հոդվածներ: Ըստ այդմ, Մհեր Ենոքյանին վերագրվել է երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև ավազակային հարձակում։
Մինչդեռ օգոստոսի 31-ին ՔԿՀ-ից փախուստի դիմելու գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Ենոքյանն այս մասին ասել էր. «Նման արարքներում ես ընդհանրապես չեմ մեղադրվել, և ընդհանրապես նոր եմ տեղեկանում, որ ինչ-որ տեղ երբևէ վերանայվել են քրեական գործեր»։
Անազատության մեջ գտնվող դատապարտյալը պահանջելու է բացահայտել իր դեմ հարուցված քրեական գործի նյութերը լրատվամիջոցին տրամադրելու աղբյուրը:
2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրից հետո, Գլխավոր դատախազ Աղվան Հովեսփյանը ցուցում է տվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնեց , որ մինչ այդ էլ նման ցուցումներ Գլխավոր դատախազության կողմից պարբերաբար եղել են, մոտավորապես` տարին մեկ պարբերականությամբ: «Շատերը չեն գալիս` վախենալով քրեական պատասխանատվությունից: Տվյալ դեպքում, մենք ոչ օրինական դաշտում գտնվողներին հնարավորություն ենք տալիս իրենց կարգավիճակը փոխել և կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ: Նրանց ոչ օրինական դաշտում պահելով՝ հայրենիքը չի շահում»,-ասաց Դավիթ Կարապետյանը։
Սա արդյո՞ք չի նշանակում, որ պետական մոտեցմամբ ավելացնում ենք դասալիքների բանակը՝ խրախուսելով անկանոնությունն ու անպատասխանատվությունը զորակոչի նկատմամբ։
Մարդիկ կմտածեն, որ կարող են թաքնվել զորակոչից, ու եթե ուրիշ ավելի հարմար տարբերակ չգտնեն առհասարակ չծառայելու, սպասելով առավել հարմար ժամանակների, հանգիստ կվերադառնան ու ծառայության կանցնեն ։ Միթե՞ կարելի է այս պատասխանատու ժամանակահատվածում նման կերպ վարվել, երբ երկսայրի սուրը կարող է վնասել երկուստեք։
Դավիթ Կարապետյանն ընդունելի չհամարեց նման մեկնաբանությունը։ Նա նույնիսկ ասաց, որ նման քայլը էֆեկտիվություն ունի, այլապես՝ չէին անի:
Ի պատասխան հարցի, թե կա՞ն թվեր, որոնք թույլ կտան պարզել, թե դատախազության «հայտարարած համաներման» հետևանքով քանի դասալիք է վերադառնում օրինականության դաշտ,և քանիսն է փախչում ծառայությունից, Դավիթ Կարապետյանն առաջարկեց դիմել դատախազություն։
Այսօր ավարտվեց ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի՝ մոտ 8 ամիս տևած դատավարությունը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանում` Հրազդան քաղաքում դատավոր Մակյանը հրապարակեց ապրլի 13-ին կասկածելի հանգամանքներում սպանված Վահան Խալաֆյանի գործով կալանավորված Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների դատավաճիռը: Ի դեպ, դատավճռի հրապարակմանը ներկա չէին մեղադրողները`Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը, և դատարանում չէր նաև ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ըստ դատավճռի՝ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։
Մորես Հայրապետյանը, ում, ի դեպ, Վահան Խալաֆյանի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը համարում է Խալաֆյանին սպանողը, դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման, իսկ մյուս ամբաստանյալներին դատարանն արդարացրեց:
Դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկա գտնվողները սկսեցին փոխադարձ մեղադրանքներ շպրտել միմյանց հասցեին: Բայց բոլորը միաձայն պնդում էին, որ դատավարություն որպես այդպիսին, չի կայացել, որ արդարադատությունը մեր երկրում որոշվում է մեկ վայրում` դատախազությունում, իսկ դատավորն ընդամենը կամակատար է։
Այսօր` Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, յոթ ՀԿ-ներ, «Կանանց իրավունքների կենտրոն»-ը, «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը, Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոն»-ը, «PINK Armenia»-ը, «Զանգակատուն»-ը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը, որոնք հոկտեմբերի մեկից` Զարուհու մահվան օրվանից հետո կոալիցիա են կազմել,«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խաղաղ երթ էին կազմակերպել ի հիշատակ ամուսնու ու սկեսրոջ ծեծից սպանված Զարուհի Պետրոսյանի` սպանության գործին հանրային հնչեղություն հաղորդելու համար: Նրանք կառավարությունից պահանջում էին օրենքում ընտանեկան բռնության համար հատուկ հոդված մտցնել:
Երթին մասնակցում էին Զարուհու քույրն ու նրա սկեսուրը: Քույրը շնորհակալ էր բոլորից մասնակցության համար: Նրա սեկսուրը՝ Անահիտ Կարապետյանն ասաց. «Ես նման սկեսուր չեմ տեսել, չկա նման սկեսուր ողջ Հայաստանում: Դա սկեսուր չի, դա հրեշ ա: Ո՞վ ա տեսել` հարսին հինգ օր արնաքամ թողնեն` մատները կոտրած, լյարդը վնասված: Հիմա էլ ազատ ման գա ու հետն էլ թոռնիկ պահանջի: Ես բողոքում եմ, որ սկեսուրն ազատության մեջ ա, բայց մենակ իմ բողոքը ոչ մի բան չի կարա փոխի: Երևի թիկունքին մարդ ունի, շատ հպարտ ման ա գալիս, հիմա էլ դիմում ա գրել, որ երեխային տան իրեն, մինչև տղեն ազատվի: Եթե երեխային տան իրեն, մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի կառնվեն դատավարության ժամանակ: Մենք չենք ուզում, որ երեխան մնա մարդասպանների մոտ: Մի աման ճաշ էդ երեխուն չէր տալիս: Մեր տուն եկավ ծեծված-ջարդված, 15 օր մեր տանը պահեցինք, նորից եկավ համոզելով ա, թե ծեծելով ա տարավ, գլուխը կերավ: Մենք չէինք տալիս, զոռով տարավ էդ աղջկան: Երեխուն ճաշ էի տալիս, Զարուհին ասում էր, շատ մի տուր, սկեսուրս խոսում ա, թե ստամոքսը կմեծանա: Էդ ի՞նչ մարդիկ են, բա դրա մոտ կարելի՞ ա երեխա թողնել: Ես իմ թոռնիկներին համոզելով եմ հաց տալիս, ուրախանում եմ, որ ուտում են: Ես ուզում եմ, որ էդ երեխային դրա ձեռքից վերցնեն: Մենք դիմում ենք, մեզ չեն տալիս, դիմել ենք Մասիսի քաղաքապետարան, մեզ ասել են` վարձով եք ապրում, չեք կարա պահեք: Հայաստանի կեսը վարձով է ապրում, չի՞ ապրում: Վեց երեխա եմ մեծացրել վարձով տներում, ի՞նչ անենք: Բա մնա մարդասպանի մո՞տ էդ երեխեն: Ես վախենում եմ երեխայի համար»:
Երթին մասնակցում էին նաև Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից` Լիլիթ Գալստյանը, որը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այստեղ եմ, քանի որ կանանց հանդեպ բռնության միջազգային օրն է: Բայց հարցը միայն դա չէ, ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ քաղաքակիրթ հասարակություն: Ժողովրդավարական երկիր ենք, ես չեմ պատկերացնում այնպիսի ժողովրդավարություն, որտեղ տեղ ունի անպատիժ բռնությունը: Մեր հանրապետությունում, ցավոք, կանանց հանդեպ բռնության դեպքերը քիչ չեն, իսկ Զարուհի Պետրոսյանի զարհուրելի մահը փաստ է, որը տեղի է ունեցել մեր օրերում: Մեր հասարակությունում առկա է բռնությունը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման դեպքերը պատժվեն ու չլինեն օրինաչափ: Մեր օրենսդրությամբ չկա հատուկ հոդված ընտանեկան բռնության մասին: Նախ պետք է ընդունվի այդ օրենքը: Բայց օրենքի առկայությունը, նույնիսկ զարգացած երկրներում չի կարող բացառել բռնության դեպքերը, եթե հասարակությունն անմասն է դրա պահպանումից: Իսկ այսօրվա երթի նման ակցիաներն ուրախալի են, քանի որ խոսում են այն մասին, որ մենք կարող ենք ունենալ քաղաքականապես հասուն, գիտակից քաղաքացիական հասարակություն»:
Երթը շարժվեց Կասկադ համալիրից Սայաթ-Նովա և Աբովյան փողոցներով դեպի Կառավարության ու Կենտրոնական Դատախազության շենքեր: ՀԿ-ների ներկայացուցիչները բաց նամակ ուղղեցին ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով համարժեք գործողություններ ծավալել գործի արդար քննության վերաբերյալ:
Երթի ընթացքում կազմակերպվել էր նաև ստորագրահավաք՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող և պատժող օրենքների ու համապատասխան մեխանիզմների ներդրման և պարտադիր կիրառման համար: Կազմակերպիչները նաև դրամահավաք անցկացրեցին Զարուհու 1.5 տարեկան դստեր համար: Գումարը փոխանցվելու է հաշվեհամարին, որից կարող է օգտվել միայն աղջիկը չափահաս դառնալուց հետո:
Ընդհանուր առմամբ երթն անցավ խաղաղ: Պարզվում է`մենք ունենք ոստիկաններ, որոնք դեմ են արտահայտվում բռնությանը: Երթն ուղեկցող ոստիկանն ասաց, որ ընտանիքում նման կերպ վարվող տղամարդկանց պետք է գնդակահարել:
Թեմայի վերաբերյալ տեսանյութը դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ բաժնում
Լուսինե Վայաչյան
Հայտնի խոսք կա` «Չես դառնա բժիշկ՝ կդառնաս գլխավոր բժիշկ»:
Ենթադրվում է, որ նույն տրամաբանությամբ լավ բժիշկն այդքան էլ մեծ շանսեր չի կարող ունենալ լավ գլխավոր բժիշկ դառնալու:
Արկադի Անդրեասյանին հայ ժողովուրդը գիտեր որպես լավ ֆուտբոլիստ, բայց պարզվում է, որ սա Անդրեասյանի միակ առավելությունն էր, այն էլ` անցյալում մնացած: Նրանից այդպես էլ մարզիչ դուրս չեկավ. նրա հոգացությանը հանձնված «Արարատը»` Խորհրդային Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, այդպես էլ Անդրեասյան մարզչից ոչ մի լավ բան չստացավ, Անդրեասյանը հաջողացրեց ամբողջ թիմին հանել իր դեմ: 80-ականներին «Արարատը» դեռևս բավականին լավ թիմ էր, սակայն այդպես էլ որևէ անգամ չեմպիոն չդարձավ, քանի որ ուներ Անդրեասյանի նման մարզիչ: Ասում են, թե հավաքականի գլխավոր մարզիչն անգամ նյարդայնանում էր Խորեն Հովհաննիսյանի լավ ֆուտբոլից, քանի որ սկսում էին խոսել, թե Խորենը Անդրեասյանից առաջ է անցնում: Տարիքի հետ Անդրեասյանի մոտ բացասական հատկությունները կատարելագործվեցին: 2009թ. հունիսից Արկադի Անդրեասյանը դարձավ «Արարատ»` արդեն ֆուտբոլային ակումբի տնօրեն (սա լեգենդար հավաքականի հետ որևէ կապ չունի` զուգադիպումը զուտ անվանական է): Հենց այդ ժամանակ էլ այս ակումբի աշխատողները հասկացան, թե ինչ է թաքնված լավ ֆուտբոլիստի կերպարի հետևում:
2004 թվականից Սերգեյ Բալայանցն աշխատում էր «Արարատ» ֆուտբոլային ակումբում: Սկզբում նա «Ֆուտբոլ review» շաբաթաթերթի էջադրողն էր, որից հետո «Արարատ» ակումբի կայքի ձևավորողը: Անդրեասյանի տնօրեն դառնալուց հետո ակումբի ղեկավարությունը ֆինանսական պատճառներով որոշում է փակել կայքը: Սերգեյ Բալայանցին ակումբը պետք է վճարեր նախորդ ամիսների աշխատավարձը և վերջնահաշվարկ, որի ընդհանուր գումարը կազմում էր 210 հազար ՀՀ դրամ: Սակայն Անդրեասյանը որոշում է, որ կարելի է և չվճարել: Բալայանցի դիմումներին ակումբի ղեկավարությունը պատասխանում է միայն աշխատավարձը տալու խոստումներով, սակայն երբ վերջապես հասկացվում է, որ խոստումներից այն կողմ գործը չի անցնելու, 2009թ. դեկտեմբերին Բալայանցը դիմում է Աշխատանքի պետական տեսչություն:
Տեսչությունը ստուգումներ է անցկացնում ակումբում: «Արարատի» ղեկավարությունը տեսչությանն է ներկայացնում կեղծ ստորագրությամբ մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Ս.Բալայանցն ազատվել է աշխատանքից դեռևս 2008թ. դեկտեմբերի 12-ին: Ակումբի ղեկավարությունը` ճարպիկ ֆուտբոլիստի ղեկավարությամբ, հետադարձ ամսաթվով փաստաթուղթ է սարքում` կեղծելով նախկին տնօրեն Ժան Թութարի ստորագրությունը: Աշխատանքի պետական տեսչությունը ակումբում տարբեր թերություններ էլ է հայտնաբերում, սակայն որևէ քայլ դրանից զատ չի էլ փորձում ձեռնարկել և հարցին, թե ինչպե՞ս եք ընդունում կեղծ փաստաթուղթը, պատասխանում է` «Մենք էքսպերտ չենք և չենք կարող ձեզ ոչնչով օգնել: Խորհուրդ ենք տալիս ձեր իրավունքները պաշտպանելու համար դիմել դատարան», և փաստաթղթերը տրամադրում Բալայանցին, որպեսզի նա իր ուժերով պայքարի սեփական իրավունքների համար:
2010 թ. հունվարին Բալայանցը դիմում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բալայանցը դիմում է նաև Փորձագիտական ազգային բյուրո` հրամանի կեղծ լինելն ապացուցելու համար, սակայն փորձագետները հրաժարվում են փորձաքննություն անցկացնել` պատճառաբանելով նմուշի եզակի լինելը:
Դատական նախնական լսումներից մեկի ժամանակ դատավորը «Արարատ» ֆուտբոլային ակումբից պահանջում է ներկայացնել նախկին տնօրեն Ժան Թութարի ստորագրությունների նմուշներ պարունակող փաստաթղթեր (հրամանների օրինակներ, աշխատավարձի ստացման թերթիկների օրինակներ), սակայն ակումբը հրաժարվում է ներկայացնել դատավորի պահանջած փաստաթղթերը: Դատավոր Ս.Ղազարյանը ստիպված է լինում դիմել Դատական ակտերի հարկադիր կատարողներին: ԴԱՀԿ-ի հետ «Արարատ» ֆուտբոլային ակումբում կատարվում է նույնը, ինչ Աշխատանքի պետական տեսչության հետ. ըստ երևույթին, Արկադի Անդրեասյանը, բոլոր թերություններով հանդերձ, լավ ֆուտբոլ խաղալու հետ ունի ևս մեկ առավելություն` կարողանում է լեզու գտնել իրեն ձեռնտու մարդկանց հետ: Այդպես, ԴԱՀԿ ներկայացուցիչները (ավագ հարկադիր կատարող Հ.Ղուկասյան) ակումբում նախկին տնօրեն Ժան Թութարի ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չեն հայտնաբերում: Եվ դա այն դեպքում, երբ տնօրենի պաշտոնը լքելուց հետո Ժան Թութարը շարունակել է աշխատել ակումբում, սակայն մեկ այլ պաշտոնում: Իսկ տնօրենի ստորագրությունը, ինչպես հայտնի է, լինում է թե´ հրամանագրքում, թե´ աշխատավարձերի թերթիկների օրինակներում, թե´ ակումբի գործունեության հետ կապված այլևայլ փաստաթղթերում, ինչպես նաև բանկային հաշիվներում, հարկային տեսչությունում և կենսաթոշակային հաշվետվություններում:
Բալայանցը բողոք է ներկայացնում ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որի արդյունքում սույն թվականի օգոստոսի 6-ին գործը փոխանցվում է ավագ հարկադիր կատարող Գ.Սախոյանին: Անցել է արդեն 4 ամիս, սակայն ո´չ հայցվորը, ո´չ էլ դատարանը հարկադիր կատարողից որևէ պատասխան չեն ստացել: Դատավոր Ս.Ղազարյանը ըմբռնումով է մոտենում ԴԱՀԿ-ի անճարակությանը և որոշում դիմել «Արարատ» ակումբը սպասարկող բանկին` «Արարատբանկին»` ակումբի տնօրենի ստորագրությունը գոնե այդ կազմակերպությունից ստանալու համար: Դեռևս բանկից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, իսկ դատական հաջորդ նիստը դեկտեմբերին է:
Ահա թե ինչեր կարող են անել այդպես էլ «գլխավոր բժիշկ» չդարձածները: Ինչպես տեսնում ենք, Անդրեասյանն այդպես էլ ֆուտբոլ խաղալը թողնելուց հետո փորձեց դառնալ լավ մարզիչ, չդարձավ։ Ի դեպ, Արկադի Անդրեասյանը նաև եզակի հայատյաց է. ծագումով բաքվեցի ֆուտբոլիստը երկար տարիներ ապրելով Հայաստանում, սկզբունքորեն հրաժարվում է հայերեն խոսելուց` դրանով ցուցադրելով իր արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ։
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Իրանի բարձր պաշտոնյաներից մեկը չի բացառել, որ Սաքինե Աշտիանիին մահապատժի դատավճիռը կարող է չեղյալ համարվել։
«Эхо Кавказа» ռադիոկայանը հաղորդում է, որ Իրանի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Մուհամմադ Ջավադ Լարիջանին հայտնել է, որ անում է ամեն հնարավորը, որպեսզի մեղմացնի Սաքինեի դատավճիռը։
«Росбалт» -ը գրում է, որ Արևմտյան Ադրբեջանը Սաքինեին 99 մտրակի հարվածների է դատապարտել։ Սակայն որոշ ժամանակ անց նրան քարկոծման միջոցով մահվան են դատապարտել։
Սակայն հասարակության զանգվածային ակցիաների պատճառով Իրանի իշխանությունները ստիպված եղան հետաձգել մահապատիժը։
Հայաստանում սաղ հայրենասեր են դառել… ում հարցնում ես` սիրումա իրա հայրենիքը, ում հարցնում ես` Հայաստանի նման տեղ չկա… Բայց ինչա՞ Հայաստանը. Կոմիտաս, Նուռ, Վերնիսաժ, Հայկական մշակույթ, վերացական «սարեր, ձորեր, անտառներ», ծիրան, խաղող, հայկական խորոված, Հյուսիսային պողոտա, հայատառ ֆեյսբուք, Ծաղկաձոր, Կասկադ, հայկական «շուստրիություն», սիրահարների այգի… է՞լ, է՞լ…
Արյան գնով պահպանած մի բուռ վերացակա՞ն հող
ՈՉ…
Հայաստանը ձեր փողոցում թափառող շներն են, որին դուք «յախկ» եք ասում, Հայաստանը ձեր փողոցներում թափառող անտուն մարդիկ են, անտեր մնացած մանկատան երեխաներն են: Հայաստանը էն վեց տոկոս անտառնա, որ մնացելա տասնմեկ տոկոսից… Հայաստանը էն գայլերն են, որ ստիպված իջնում են գյուղեր` ուտելիք հայթայթելու, որովհետև անտառներում այևս վայրի կենդանի չի մնացել, Հայաստանը էն կիննա, որին ամուսինն ու սկեսուրը ծեծելով են սպանում, Հայաստանը էն աննորմալ ծնված երեխաներն են, որի քանակությամբ ամբողջ Կովկասում երկրորդ տեղն ենք գրավում… Հայաստանը աճող բետոնա, արմատուրա, պղնձամոլիբդենային հանք, անձնական գրպաններ հարստացնելու համար կառուցված կաֆեներ` ՄԵՐ այգիների հաշվին..
Հայաստանից «Հ» տառնա մնացել, Ժողովուրդ…
ԱՐԹՆԱՑԵՔ… ՁԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ սպանումա ձեր իսկ հայրենիքը,
դուք ԱՆ ԹԱ ՍԻԲ ԵՔ…
Որովհետև ձեր կենդանի աշխարհը մահանումա, ձեր կենդանի միջավայրը դառնումա անկենդան, իսկ դուք էդ ընթացքում ձեր «անձնական» կյանքն եք ապրում: Հասկացեք ախր, «անձնականը» լայն հասկացությունա… մեզ շրջապատող ԿԵՆԴԱՆԻ աշխարհը իրականում շատ խիստ անձնական բանա…
Արթնացեք, խնդրում եմ, կոկորդս խեղդումա արդեն, ՄԱՐԴ ԵՂԵՔ վերջապես… ձեր քթից էն կողմ էլ տեսեք մի քիչ, շատ չէ, ամեն մեկս մեր քթից գոնե մի մետր էն կողմ էլ տեսնենք, էլի ահագին բան կփոխվի…
Ախր «դուք» էդ մենակ դուք չեք է~, «դու»` էդ ես եմ, էդ ինքնա, էդ են շուննա, ծառնա, «դուք»-ը էդ բոլորս միասին ենք…
ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԵՔ… ԷԴ ՍՊԱՆՈՒՄԱ… անտարբերությունը էն չի, որ դու չեզոք դիրք ես գրավում ու վնաս չես տալիս ու խիղճդ հանգիստա, իրականում եթե դու անտարբեր ես, դու օգնում ես կործանմանը, ավիրմանը, մահացմանը…
ՄԻ´ ԲԹԱՑԵՔ… ՄԻ´ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ
Տեր եղեք ձեր ունեցած-չունեցածին, տեր եղեք, ախր ձերնա, ախր ձերին սպանում են…
Խնդրում եմ էլի~
ախր ես ձեզ սիրում եմ
ՕՎՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Խմբագրության ստացած նամակ -կոչը , անկեղծ մի պոռթկում է, որ որոշեցինք հրապարակել առանց խմբագրման։
«Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը ` սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքական հայացքների, ռասսայի, աշխատանքի տեսակի, տարիքի, հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիութենական գործունեության կամ անդամության, խնամառուներ ունենալու հիման վրա»:
Բրիտանական խորհուրդը նոյեմբերի 12-14-ը կազմակերպել էր սեմինար-քննարկում «ԼԳԲՏ խնդիրները զանգվածային և սոցիալական լրատվամիջոցներում» թեմայով: Խթան էր հանդիսացել որոշ լրատվամիջոցների ու ԼԳԲՏՔ համայնքի շահերը պաշտպանող երկու ՀԿ-ներից մեկի՝ «Փինկ Արմենիա»-յի միջև ծագած անախորժությունը: Հրավիրված էին վեց լրագրող և վեց ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչներ երկու ՀԿ-ներից՝ «Փինկ Արմենիա» և «Հանուն քաղաքացիական իրավահավասարության»:
Քննարկումը վարում էին Նազարեթ Սեֆերյանը՝ (Բրիտանական Խորհուրդ, ծրագրերի ղեկավար) և Արթուր Պապյանը (Մամուլի բազմազանության ինստիտուտ): Որպես քննարկման մասնակիցներ և էքսպերտներ հրավիրված էին նաև միջազգային կազմակերպություններից ու այլ լրատվամիջոցներից: Հենց առաջին օրը կոնֆլիկտից հետք չմնաց, ամեն ինչ պարզաբանվեց, ներկայացվեցին երկկողմանի տեսակետներ, քննարկվեցին, որի արդյունքում պարզ դարձավ, որ ԼԳԲՏՔ համայնքը հիմնականում դժգոհ է լրատվամիջոցների լռությունից ու նյութերի մեջ «մոլ» արմատով բառեր օգտագործելուց՝ արվամոլ, համասեռամոլ, նաև անձը վիրավորող այլ բառեր: ԼԳԲՏՔ համայնքը լրագրողներին ներկայացրեց իր համարմամբ թույլատրելի ու ողջունելի հայերեն համարժեք բառերը, որից հետո, երեք օր միասին, անմիջական մթնոլորտում ապրելով ու շփվելով Ծաղկաձորից հեռացան ընկերացած ու պատրաստ հետագա համագործակցության:
Զրուցեցի սեմինարի կազմակերպիչներից ու մասնակիցներից մի քանիսի հետ, որը ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների:
— Ի՞նչը ձեզ դրդեց այս սեմինարը կազմակերպելու:
Նազարեթ Սեֆերյան.
— Պատճառները շատ էին, կոնկրետ ինչ-որ պատճառ նշել չեմ ուզում, ուղղակի մենք հասկացանք, որ կա նման սեմինարի կարիք: Մեր աշխատանքի սկզբունքը, ռազմավարությունը հավասար հնարավորությունների քաղաքականության շուրջ է կառուցվում՝ ընձեռնել հավասար հնարավորություններ բոլորին, հնարավորություն տալ արտահայտվելու ու կարծիքներ փոխանակելու: Աշխատանքի ընթացքում մենք տեսանք, որ կան տարաձայնություններ սեռական փոքրամասնությունների և լրագրողների միջև, դրա համար որոշեցինք նման սեմինար կազմակերպել:
— Ձեր գնահատականը սեմինարի աշխատանքին:
— Կոնկրետ ես շատ բավարարված եմ, արդյունավետ սեմինար էր: Հնարավորություն կար համագործակցելու, բոլորն աշխատում էին միասին, թե´ լրագրողները, թե´ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները, սեմինարի կազմակերպիչներն ու հրավիրված մասնագետները: Կազմվեցին աշխատանքային խմբեր՝ լրագրող/ԼԳԲՏՔ անձ, որի արդյունքում մենք ունեցանք բավականին պարունակ ու երկուստեք հանդուրժողական նյութեր, որոնք մասնակիցների համաձայնության դեպքում կհրապարակվեն մամուլում: Կոնֆլիկտը հարթվեց, և ավելին՝ անմիջական մթնոլորտում երկու խմբերի միջև ձևավորվեցին ընկերական հարաբերություններ:
— Իսկ ի՞նչ եք կարծում, տրամաբանական չէ՞ր լինի, եթե պետական կառույցները աջակցեին նման կոնֆլիկտային իրավիճակների հարթեցմանը:
— Շատ ճիշտ եք ասում, բայց տարբեր կարծիքներ կան: Մարդիկ կան, որ կարծում են, որ պետությունը պետք է առաջին քայլը կատարի, ուրիշները հավատում են, որ պետք ա առաջին քայլը հասարակությունն անի, որպեսզի պետությունը շահագրգիռ լինի: Իմ կարծիքով, միջազգային կառույցները, ՀԿ-ները պետք է նպաստեն հասարակության մեջ գիտելիքի մակարդակն ու տեղակացվածությունը բարձրացնելուն, որն էլ կձևավորի քաղաքացիական դիրքորոշում, և հետո հասարակությունը կներկայացնի կառավարությանն իր պահանջները: Այլ կերպ՝ միջազգային կառույցները կարող են արթնացնել քաղաքացիական գիտակցությունը հասարակության մեջ, կարևորել այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունն ու բարի կամքը: Այստեղ շատ ճիշտ կարծիք հնչեց, որ շատ ավելի հեշտ է գնալ մեծամասնության հետ, իսկ այ` հասկանալ «այլ»-ին, որ քեզ նման չի, մեծամասնության նման չի, մեր հասարակության մեջ դեռ դժվար է ներմուծվում: Պետությունը նույնպես կարող է դա անել, կարող է շատ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ հանդուրժողականութան բարձրացման մեջ, բայց, նախ և առաջ, պետական կառույցներում պետք է որդեգրվի այդ քաղաքականությունը:
— Ինչ-որ մտավախություններ կայի՞ն սեմինարից առաջ, կամ գուցեև հիմա՞ էլ կան, որ հնարավոր է ինչ-որ բան չստացվի, այնպես չգնա, ինչպես պլանավորվել ու ծրագրավորվել էր:
Լիլիթ Քալանթարյան՝ Բրիտանական խորհուրդ, ծրագրերի պատասխանատու
— Բրիտանական խորհրդի բոլոր միջոցառումների անցկացման ընթացքում մենք հասկացանք, որ լրատվամիջոցների դերը հասարակական կարծիքի ձևավորման մեջ շատ կարևոր է: Հիմնական նպատակը եղել է լրագրողներին մասնակից դարձնելը սեռական փոքրամասնությունների պրոբլեմների լուսաբանմանը, կոտրել լռությունը, հրապարակել ու հեռարձակել գրագետ, ճիշտ տերմինների օգտագործմամբ, հանդուրժողական նյութեր: Մենք ուզում ենք բոլոր ծրագրերի իրականացման մեջ ընդգրկել լրատվամիջոցներին, որը կնպաստի թե´ հանդուժողականության բարձրացմանը, թե´ կարծրատիպերի վերացմանը: Մինչ այս սեմինարը սկսելը, մենք ունեինք մտավախություն, թե ինչպե՞ս լրագրողները կվերաբերվեն թեմային, ինչպիսի՞ նյութեր կունենանք արդյունքում: Ավարտից հետո կարող եմ ասել, որ մտավախություններս չարդարացան, ավելին՝ ձևավորված անկաշկանդ մթնոլորտում, մարդկային առօրյա շփման մեջ երկու խումբը շատ շուտով մտերմացավ, լրագրողներն իրենց համար շատ բաներ բացահայտեցին, տերմինաբանությունը ճշտեցին, ծանոթացան նույնասեռականության պատմությանն ու ՀՀ-ում գործող ԼԳԲՏՔ ՀԿ-ների գործունեությանը: Ու երբ երրորդ օրվա առաջին կեսին մենք ունեցանք բոլոր նյութերը, պարզ դարձավ, որ բոլորը գրել են իրենց պատմությունները, գտել են իրենց հերոսներին ու ներկայացրել նրանց լավագույն մարդկային արժանիքները՝ առանցքում չդնելով նրանց սեռական կողմնորոշվածությունը: Այս մոտեցումը պետք է որ նպաստի, եթե ոչ հասարակական բարյացկամ կարծիքի ձևավորմանը, ապա գոնե հանդուրժողական վերաբերմունքին` մեր բնակչության 4% կազմող սեռական փոքրամասնություններին:
— Հնարավո՞ր է որ այսպիսի սեմինարները շարունակական բնույթ կրեն, եթե այդքան արդյունավետ են: Հաշվի առնելով Բրիտանական խորհրդի հեղինակությունը, հնարավո՞ր է, որ այս օրինակը վարակիչ կլինի, և այլ կառույցներ էլ անցկացնեն հետագայում:
— Կարծում եմ՝ այո, չնայած հատուկ միջոցներ դրան տրամադրված չեն, այս սեմինարն էլ մենք արել ենք սեփական միջոցներով: Սա առաջին փորձն էր, ու մենք տեսանք, թե ինչքան օգուտ կտա հասարակությանը լրատվամիջոցների հանդուրժողական մոտեցումն ու լուսաբանումը: Հետագայում հնարավոր է` լինեն ոչ միայն լրագրողներ ու ԼԳԲՏՔ մարդիկ, այլև տարբեր ոլորտներում գործող ու հասարակությանն առնչվող իրավաբաններ, բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ: Ծրագիրն իրականացնելուց առաջ մենք հետազոտություններ ենք արել տարբեր ՀԿ-ների ու միջազգային կառույցների շրջանում, ու պարզել ենք, որ նրանք շատ հետաքրքրված են թեմայով:
Գոհար Հակոբյան, «Առավոտ»
— Շատ օգտակար ու արդյունավետ սեմինար- քննարկում էր: Ուրիշ է, երբ մարդու հետ հեռախոսով ես խոսում, կամ կարճատև, մեկ այլ բան է, երբ երկու-երեք օր նրա հետ նույն տարածքում ես լինում, շփվում ես, ճանաչում որպես մարդ: Ինձ համար կարևորը, որ տեղեկացա սեմինարից, արտահայտությունների մասով էր`ասենք որ` մենք օգտագործում ենք «մոլ» արմատով բառեր, որոնք վիրավորում են նրանց անձը, ու պետք է օգտագործել ճիշտ տերմիններ: Լավ էր մտածված, որ մի լրագրող ու մի ԼԳԲՏՔ անձ միասին աշխատեն ու համատեղ նյութ պատրաստեն: Կուզենայի, որ հաջորդ հանդիպմանը լինեին կոնկետ հոմոֆոբ լրագրողներ, և ոչ միայն, ու իրենք էլ շփվեին, դա ավելի կաշխուժացներ։ Լավ կլիներ լիներ հոգեբան, սոցիոլոգ, ու իրենք էլ մասնակցեին քննարկումներին:
Գայանե Հակոբյան Ա1+
— Ամենակարևորն այն էր, որ ստեղծվեց անմիջականորեն շփման հնարավորություն հասարակության էն օղակի հետ, որը մի քիչ օտարված է հասարակությունից:Սովորաբար կամ նրանք են խուսափում, կամ մենք գուցե չենք գնում կոնտակտի, կոնկրետ ես առաջին անգամ էի շփվում այս խմբի մարդկանց հետ: Առաջին քայլն արված է: Ինձ սեմինարը նոր ծանոթություններ տվեց, նոր ընկերներ ունեցա, բոլորս իրար փոխադարձ օգտակար եղանք: Գուցե՞ հաջորդ անգամ լավ կլինի հրավիրել այն լրագրողներին, ովքեր ավելի քիչ հանդուրժող են, որպեսզի նրանք էլ ծանոթանան, հասկանան, որ նույն սովորական մարդիկ են, ու տարբերվում են իրենցից միայն սեռական կողմնորոշվածությամբ, որը պետք է ընդունել ու հարգել՝ որպես յուրաքանչյուր մարդու գենդերային ինքնության արտահայտում: Պետք է համայնքի ներկայացուցիչները ընդունեն, որ փոխվել է իրենց վերաբերմունքը լրագրողների հանդեպ:
Աշոտ, ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ
— Ես միշտ սիրել եմ լրագրողներին, ուղղակի նրանք լավ կլինի, որ ճիշտ տերմիններ օգտագործեն: Ինձ թվում է, լրագրողների հետ պետք է ընկերություն, բարեկամություն անել, լավ հարաբերություններ պահպանել, քանի որ ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման մեջ: Մենք պատրաստ ենք համագործակցելու ու այդ համագործակցությունից երկուստեք կշահենք:
Ընդհանրապես, հանդուրժողականությունից է սկսվում երկխոսությունը, բայց եթե նաև երկխոսությունը կարող է ծնել հանդուժողականություն, ապա մնում է միայն ողջունել Բրիտանական խորհդի այս նախաձեռնությունը ու հուսալ, որ այլ միջազգային կառույցներ ու ՀԿ-ներ, ինչո՞ւ չէ, նաև պետությունը կհետևեն այս օրինակին, որի արդյունքում մենք կունենանք ԼԳԲՏՔ խնդիրների հանդուրժողական լուսաբանում, հետևաբար՝ հանդուրժողական հասարակություն:
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14-ի մոտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում վնասվածքներով Զավարյան 49/1 հասցեից, իրենց մոտ է բերվել1997 թվականին ծնված Սարգիս Վարդիկյանը, ով գիտակցության չգալով, մահացել է։ 16։30-ին ոստիկանություն է ներկայացել 1972թ. ծնված Արտակ Մ.-ն և խոստովանել որ ինքն է դանակի 17 հարվածով սպանել Վարդիկյանին։
Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի գլխավորությամբ ստեղծել է օպերատիվ քննչական խումբ: Օպերատիվ աշխատանքների արդյունքում իրավապահները կարողացել են պարզել, որ 13-ամյա Սարգսին դանակի մի քանի հարվածներ հասցրել է Արտակ Մելքոնյանը, ով հայտնի Գժոյանների գերդաստանից էր։ Արտակը հայրն է 12-ամյա Սոս Մելքոնյանի, ում 2009-ի նոյեմբերին սպանել էին երկու` գրեթե հասակակից տղաներ` Ազատը և Սարգիսը։ Սոսի սպանության մեջ մեղադրվող 2 տղաներից մեկը հանցանքը վերցրել է իր վրա և դատապարտվել, իսկ Սարգիս Վարդիկյանը չի դատապարտվել, քանի որ չի համարվել հանցագործության սուբյեկտ:
Փաստորեն, որդեկորույս հայրը վրեժխնդիր է եղել` դանակի գրեթե նույնքան հարվածներով ու նույնատիպ` կոկորդը կտրելու միջոցով սպանելով Սարգիս Վարդիկյանին։ Չի բացառվում, որ վենդետան կարող է շարունակություն ունենալ։
Այս պահին հսկողության տակ է Գժոյանների տան շրջակայքը, քանի որ կա լուրջ մտավախություն, որ վենդետան կշարունակվի:
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ
Ի՞նչն է իրավաչափ ու ինչը՝ ոչ, ըստ Գևորգ Դանիելյանի
-Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել , ի՞նչ քննություն է իրականացնում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված բռնությունների դեպքերի առնչությամբ:
-Նախ՝ խոսքը ոչ թե դեպքի, այլ տվյալ դեպքում հաղորդումների մասին է, և եթե որևէ քննության արդյունքներով հիմնավորվի որևէ փաստ,բնականաբար, կհարուցվի քրեական գործ և կունենա քրեական դատավարությամբ նախատեսված ընթացակարգ: Եվ ուղղակի մինչև դեպքերի ու հայտարարությունների միջև հավասարության նշան դնելը և եզրահանգելը, թե այս դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, և ոչ միայն` նաև վարչության ղեկավարությունը, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, կարծում եմ` իրավաչափ չէ: Մյուս կողմից, իհարկե, հարցը իրավաչափ եմ համարում այն մասով, որ եթե, այնուամենայնիվ, կան հայտարարություններ, թեկուզ այս պահին դրանք իրավասու մարմինների կողմից գնահատվում են ոչ իրավաչափ, չհիմնավորված, այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկվեն: Համոզված եղեք, որ քրեակատարողական համակարգում բռնությունները, այն էլ կազմակերպված , ինչպես փորձ է արվում ներկայացվել, տեղի չեն ունենում: Չկա որևէ մի փաստ…
— Իսկ չկազմակերպվա՞ծ։
-Եթե չկազմակերպված, ապա հարուցվում են քրեական գործեր, այդ թվում նաև կազմակերպվածի դեպքում: Այսինքն` չի եղել այնպես, որ չկազմակերպվածի մասին մենք դեռ չենք խոսում, իսկ եթե կան չկազմակերպված ու բացահայտված դեպքեր, ապա դրանց բոլորով հարուցվում են քրեական գործեր, ընթացք են ունենում և այն տարածվածության աստիճանը, որ փորձ է արվում ներկայացնել, իբրև թե …չգիտեմ… նախկին, այսպես պատմական փուլերից մնացած հիշողություններով, ապա դա իրականությունից հեռու է: Ավելին` միջազգային փորձագետները, ովքեր դատապարտյալների հետ շփվելու շատ լավ սովորություն ունեն, առանձնազրույցներ ունենալու, հարցումներ անելու, շուտով կհրապարակեն իրենց զեկույցը: Առաջին դեպքն է Հայաստանի համար, որ իրենք գրում են , որ քրեակատարողական համակարգում բռնությունները դադարել են: Սա շատերի մոտ, եթե կանխակալ քաղաքական մտածողություն ունեն, անմիջապես սուր անհամաձայնություն կառաջացնի, բայց , վերջին հաշվով, դա գրել են մարդիկ, ովքեր երեք-չորս տարի առաջ բոլորովին այլ կարծիք էին հայտնում: Այնուամենայնիվ, ասեմ, որ միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի բոլոր դատապարտյալների անվտանգությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի, հնարավորինս հուսալի լինի: Ձեռնարկվել են լրացուցիչ միջոցառումներ և արվում է ամեն ինչ, որպեսզի որևէ բռնություն նրա նկատմամբ չկիրառվի։ Միայն ասեմ, որ հայտարարությունները կանխել չենք կարող:
-Պարոն Դանիելյան, այն, որ Նիկոլ Փաշինյանը պահվում է 18 հոգանոց մի խցում, դա արդեն ընդունված միջազգային չափանիշների խախտում չէ՞: Հնարավո՞ր է այդքան հոգով մի սենյակում մնալ, և արդյո՞ք դրանք նույնատիպ «հանցագործություն» կատարած անձինք են , ինչ Նիկոլ Փաշինյանը:
— Նախ՝ պետք է ասել, որ հատուկ ձեր նշած դատապարտյալի համար ինչ-որ ընդգծված վերաբերմունք չկա: Ուրիշ կլիներ այդ հարցը, եթե ասեինք, որ բացի այդ դատապարտյալից, կան նաև այլ դատապարտյալներ, ովքեր այլ պայմաններում են պահվում և, ընդունենք, որ կոնկրետ այս դատապարտյալի պայմանները բոլորովին այլ են: Կացարանում կան 18 դատապարտյալներ, այսինքն` սա է վիճակը: Բա ինչի ենք մենք ասում, որ մեզ անհրաժեշտ են միջոցներ, և այդ միջոցները նույնիսկ այս իրավիճակում հատկացվեն, որպեսզի դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվի նաև նոր շենքերի կառուցում: Բայց ասել, որ եթե կացարանում կան 18 դատապարտյալներ, ուրեմն եղել է նման դեպք, սա գիտեք, մեղմ ասած, ընդամենը ենթադրությունների շարքից է: Եվ ավելին ասեմ` եթե 18 դատապարտյալներ կան կացարանում, մեկ ուրիշ կացարանում ավելին կան: Հնարավոր են դեպքեր , թե՝ ոչ: Ամեն ինչ արվում է, որ չլինեն. ուսումնասիրվում է դատապարտյալների կենցաղը, սովորույթները, հակումները, և, որպես կանոն, խմբավորում են այնպես, որ դեպքեր չլինեն: Եվ պատահական չէ , որ նույնիսկ այս իրավիճակում, մենք դեպքեր չունենք: Ձեզ չի՞ զարմացնում, որ մենք ընդհանրապես բռնությունների վերաբերյալ հայտարարություններ շատ հազվադեպ ենք ունենում: Եվ երբ նշեցի միջազգային փորձագետների կարծիքը, ապա այս կարծիքը ևս դատարկ հողի վրա չի ձևավորվել: Ձևավորվել է հազարավոր դատապարտյալների հետ խոսակցությունների հիման վրա: Մի հարցում եմ համամիտ, ինչի մասին նաև սկզբում ասացի, որ բոլոր դեպքերում այսօրվա միջազգային չափանիշները պարտավորեցնում են որքան հնարավոր է կացարանները դարձնել այնպիսին, որ մի խցում դատապարտյալների թիվը պակասի: Այսինքն` նախապատվություն է տրվում, որ խուցը լինի փոքր չափերի: Նվազագույնը 4 քառակուսի մետրն է, չնայած սա վերանայման ենթակա թիվ է, որովհետև այսօր արդեն միջազգային կառույցներն այս հարցը քննարկում են և գտնում են, որ նվազագույնը դարձվի 6 քառակուսի մետր: Որոշ երկրների համար սա արդեն համարվում է պարտադիր: Բայց զուտ մեծ քանակի մարդկանց առկայությունը չեմ համարում պոտենցիալ վտանգ ` անմիջական, ընդունենք՝ բռնությունների կիրառման համար:
-Այդ դեպքում, ինչո՞վ են պայմանավորված այդ հայտարարությունները:
— Ե՞ս եմ հայտարարությունների հեղինակը:
-Արսեն Բաբայանի հայտարարությունը կարծես այնպիսի ուղղություն կամ միտում ունի Նիկոլ Փաշինյանին հոգեկան հիվանդ դուրս բերել , երազներ է տեսնում… չգիտեմ ինչ։
-Չեմ կարծում, որ Ձեր ենթադրությունները հող ունեն և դա շատ վիրավորական կլիներ: Եվ Արսեն Բաբայանի հայտարարության մեջ չկար որևէ մեկ տող..
-Երազների մասին կար տող…
-Դուք երազներ չե՞ք տեսնում: Երազներ տեսնելը համարվում է հոգեկան հիվանդության նշան, չէ՞: Եկեք չշփոթենք և չընկնենք էմոցիաների մեջ, խնդիրը հետևյալն է. ես այդ հայտարարությանը ծանոթ եմ, և որևէ ակնարկ այս կամ այն անձի հոգեկանի վերաբերյալ չկա, և լավ էլ չի, որ այս թեման ընդհանրապես դարձնենք քննարկման առարկա: Ուրիշ բան, որ նրանք սրա մեջ տեսնում են կանխամտածված, պայմանավորված ինչ-որ գործընթաց: Եվ եթե մարդիկ իրենց քննության ընթացքում պարզում են, որ հայտարարության ժամին որևէ արտաքին զանգ չի եղել, բայց արդեն արտաքին աշխարհում մարդկանց անհանգստացնում են և տեղյակ են պահում իբրև թե տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա կարելի է ենթադրել, որ եղել են պայմանավորվածություններ, որ սա միտում է ընդամենը՝ մի պատրանք ստեղծելու, որ այս կամ այն դատապարտյալի նկատմամբ բռնություն են գործադրում: Գիտեք ինչ կա , քրեակատարողական հիմնարկն ինքը տեղով խոցելի համակարգ է։ Եթե մի համակարգում հինգ հազար դատապարտյալներ են ներգրավված, հենց միայն այն հիմքը, որ հանցագործ են, ապա, բնականաբար, կարող են լինել և բռնություններ: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ լուծվում է դրականորեն, որ այդ բռնությունները չլինեն: — Զանգերի հետ կապված ՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նաև հայտարարել է, որ ամեն կերպ խոչընդոտվում են իր զանգերը, հատկապես ՀԱԿ-ի հանրահավաքների օրերին:
— Բոլոր այդ կարգի հայտարարությունները քննարկման առարկա են դառնում, և այս պահին չեմ տիրապետում յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ քննարկման արդյունքներին, որ հանգամանորեն ներկայացնեմ: Նման հարցադրումների հետ կապված, ճիշտ կլիներ, որ ներկայացնեիք գրավոր, որպեսզի հանգամանորեն պատասխանեմ՝ ո՞ր հայտարարության համար, ո՞ր օրվա համար, ի՞նչ է արվել, ի՞նչ է պարզվել: Եվ համոզված եղեք, որ նախարարը պարտավոր չի և իրավասու էլ չի դրանք բոլորը մտաբերել:
-Նաև «Դատապարտյալների հինանդանոցում» ՄԻԱՎ -ՁԻԱՎ վարակակիրները վերջերս խռովություն էին բարձրացրել: Ինչպես պնդել էր Արսեն Բաբայանը,նրանք պահանջել էին քրեակատարողական հիմնարկից դուրս բուժվել, մինչդեռ նրանք, ըստ հավաստի աղբյուրների, պարզապես պահանջել էին նորմալ բուժում, որովհետև շատերը պնդում էին, որ իրենց տրվում է միայն անալգին, իսկ «Արմենիկումն» էլ մետոդոնի փոխարեն, այն դեպքում, երբ շատերը վատ են տանում այդ դեղամիջոցը:
— Իրոք, լուրջ հարցադրում է սա և, բնականաբար, առաջին հերթին ես հետաքրքրվել եմ բոլոր հանգամանքներով: Այնտեղ երկու խնդիր է դրվում, Դուք ճիշտ չեք, որ ասում եք` չեն ուզում առաջադրել նաև պատժից վաղաժամկետ ազատվելու խնդիր: Դրել են: Եվ իրենք գտնում են, որ իրավունք ունեն պատժից վաղաժամկետ ազատվելու: Նաև հարցի կտրվածքն էլ քննարկման առարկա դառնա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա բոլոր այն բուժամիջոցները, որոնք նախատեսված են, ընդհանրապես, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների համար քաղաքացիական բուժհաստատություններում, նույնությամբ նախատեսված են իրենց համար: Ոչ մի տարբերություն չկա: Մենք կարող ենք հրապարակել, բնականաբար ոչ անունները նշելով, բոլոր այն դեղացանկը , որ հատկացվել է իրենց: Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է, որ երբեմն դատապարտյալները գտնում են, որ իրենց պետք է տրվեն հոգեմետ նյութեր, այն դեպքում, երբ բժիշկները տալիս են եզրակացություն, որ չի կարելի նման նյութեր տալ: Ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում է մարդկանց, որ երևի հակում ունեն, հա՞ և, բնականաբար, կուզենային օգտագործեին: Եթե հիմքեր լինեն, բժիշկները չեն կարող արգելել: Նույն «Արմենիկումը» դուք գիտեք` թանկարժեք դեղամիջոց է և այնպես չի, որ քաղաքացիական բուժհաստատությունների համար այլ դեղամիջոցներ են նախատեսված, մեզ համար` այլ:
-Ասում էին, որ ձեր նշած հոգեմետ դեղը` Մետադոնը կիրառվում է ամբողջ աշխարհում:
-Կիրառվում է որոշակի փուլում: Իհարկե՝ նաև քաղաքացիական հիվանդների համար, բայց խոսքն այդ փուլի մասին չէ:
-Քաղբանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը, բացի ընդդիմությունից, նաև միջազգային կառույցների կողմից է դրվում: Հնարավո՞ր է, որ, պարզապես, օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրանք ժամկետից շուտ ազատ արձակվեն կամ հանձնաժողովների որոշումներով:
-Կոնկրետ դատապարտյալների հետ կապված, որևէ ուղղակի ներկայացված պահանջ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է օրենսդրության փոփոխությանը, ապա երկու հարթության վրա մենք խնդիրներ ենք պատրաստվում լուծել: Առաջինը, որ վերանայվի, և հանրապետության ղեկավարությունը ևս այդ հարցում հետևողական է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերում: Եվ երկրորդ. գիտեք ինչ, այն ենթադրությունը, որ հանձնաժողովները հեսա կդադարեցնեն իրենց գործունեությունը, կլուծարվեն , կարծում եմ` մի փոքր շտապողական բնույթ ունեն: Հարցը շատ ավելի խորն է, լայն հիմնահարցեր է իր մեջ ընդգրկում և մենք փորձելու ենք այս առումով ամբողջ պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը հավասարազոր դարձնենք և միջազգային չափանիշներին, և միջազգային փորձին: Հիմա, օրենսդրական փոփոխություններից հետո, դրանք արդյոք կհանգեցնե՞ն այդ դատապարտյալներին վաղաժամկետ ազատելուն։ Ապա դրանք կհանգեցնեն ուղղակի նոր իրավիճակներում պատժից վաղաժամկետ ազատմանը` նոր չափանիշներով, նոր մոտեցումներով: Ո՞ւմ վրա դա կտարածվի, կտարածվի այն անձանց վրա, ովքեր բավարարում են այդ չափանիշներին: Ինչ վերաբերում է առանց օրենսդրության փոփոխություններին, ապա այսօրվա օրենսդրության կարգը գիտեք` կոնկրետ անձանց կարելի է վերագրել , եթե ներման ինստիտուտի մասին է խոսքը և որոշակի կատեգորիայի ` եթե համաներման մասին է խոսքը:
Անուշ Դաշտենց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.