03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...2013 թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հիշեցնենք, որ Մատաղիսի զորամասում կատարված սպանության գործով, նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ: Այժմ նրանք Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իրենցից:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Ուստի, Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը և Ռ. Սարգսյանը գտնում են, որ Գ. Ջհանգիրյանը լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում խախտել է անմեղության կանխավարկածը, արատավորել իրենց պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորներն պահանջում են Գ. Ջհանգիրյանից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ էլ իրենց զրպարտելու համար, ու ճանաչել իրենց անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը, քանի որ հայտարարել է, թե «դրանք մարդասպաններ են և պիտի նստեն…»:
Պատախանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը նախորդ նիստի ժամանակ պատշաճ ձևով չէր ներկայացել` որպես Ջհանգիրյանի լիազորված անձ: Գ. Ջհանգիրյանի կողմից տված լիազորագիր-փաստաթղթում նշված չէր եղել ամիս ամսաթիվ, ինչպես նաև այն, թե ինչքան ժամանակով է այն տրվել Հովսեփյանին:
Այն, որ հանրային գերակա շահի անվան տակ Երևանի Կենտրոնում կատարված կառուցապատումների ծրագիրը վերածվեց հանրային գերակա «քցոցիի»` արդեն կասկածից վեր է: Դրա մասին են խոսում և′ ՄԻ Եվրոպական դատարանի վճիռները, և′ անտուն մնացած բնակիչները, որոնք բողոքի ակցիաներով շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև դեռ դատարաններում քննվող քրեական գործերը` այն անձանց վերաբերյալ, որոնց նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ յուրացվել են նոր բնակարանի հույսով ապրող մարդկանց վճարած միլիոնները:
Դրանցից մեկն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննած «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործն է, որի դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Խոսքն այս դեպքում Արամի 72 — 80 և Եկմալյան փողոցի նորակառույցների մասին է, որտեղ բնակարանները միաժամանակ վաճառվել են մի քանի հոգու` չնայած ի սկզբանե ապագա սեփականատերերի հետ եղել են առուծախի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա էլ այդ անձինք միլիոնների վճարումներ են կատարել:
Ըստ մեղադրանքի` Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊԸ-ների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:
Իսկ Սիմոն Աղազարյանը, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած` բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 դրամ:
Այս գործով անցնող տուժածները 250 հոգուց ավելի են, որոնցից 23-ը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչներ են: Իսկ հայաստանյան խաբվածների մեջ կան դատավորի ազգականներ, նաև պատգամավոր: Խաբվածներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր, տարբեր աղմկահարույց պատմություններից մեզ հայտնի Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կարապետ Կարապետյանն է` Յուվեցի Կարոն:
Ի դեպ, խաբված սեփականատերերը իրենց ասուլիսներում և բողոքի ակցիաներում բազմիցս անդրադարձել են այս գործի նախապատմությանը` նշելով, որ Գագիկ Պապոյանը պատասխան է տալիս ուրիշների գործած հանցանքների համար: Տուժածներից Սոնիկ Մաղաքյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր հետևյալը. «Գ.Պապոյանը ուղղակի կառուցապատող է, իսկ իսկական մեղավորները մնացին կուլիսներում: Նա իր պարտականությունը կատարել է, իսկ նրա մեղքը նրանում է, որ նման գործի մեջ է ներքաշվել: Շենքը կառուցվել է 2004-2005 թթ, սակայն 2007 թ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը արդեն կառուցվող շենքի տակի հողը նվիրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանին, ով մի քանի տարի անց որոշել է, որ ինքը այդ 50 բնակարանի տերն է: Գ. Պապոյանը հարկեր չվճարելու պատճառով շատ լուրջ խնդիրներ ուներ, որի վրա աչք են փակել բոլորը, որոնք էլ հետագայում բնակարաններ են ստացել այդ շենքից: Այս գործի հետ կապ ունեն դատախազությունը, հարկայինը, Արդարադատության նախարարությունը: Մասնավորապես, հարկայինի պետը` Գևորգ Ներսիսյանը, նրա գործընկեր Խորեն Թադևոսյանը, իբր ներդրել են շենքում 100 հազար ԱՄՆ դոլար, և ստացել 300 հազարական դոլար շահույթ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարութ Փամբուկյանը, ով 2 մլն ԱՄՆ դոլար էր ներդրել գործում, հասկանալով, որ իրեն խաբում են, եկել և մեր վրա է ուժը պատել: Նա մեզանից վերցրել է այդ բնակարանները: Մի բնակարանը մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ վաճառվել է, և Արդարադատության նախարարությունը աչք է փակել դրա վրա:
Իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանի մայրը չունեցած սեփականության դիմաց ստանում է 0.5 մլն դոլար արժողությամբ բնակարան»:
Մեկ այլ տուժող` Վահան Սարուխանյանը, ում տունը քանդել են 2006-ին` խնդրո առարկա շենքը կառուցելու նպատակով, լրագրողներին հայտնել է նաև իր կատարած աշխատանքների և բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների մասին. «Մեզ խոստացել էին, որ բնակարան կտան: Ես այն տունը, որը ինձ էր խոստացվել, վերանորոգել եմ…, մնացել էր մանրահատակը խփել: Հիմա ասում են, որ դու բնակարան չունես այստեղ: Ես բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ հանդիպել, որևէ արդյունք չկա, իսկ նոյեմբերի 2-ին հանդիպել եմ ՀՀ նախագահին, ով ասաց, որ հարցս կլուծվի…»:
Փաստորեն, մինչ օրս հարցը դեռ չի լուծվել: Պարզապես սեփականատերերի հետևողական պայքարի արդյունքում, նախընտրական շրջանում հաջողվել է կալանքի վերցնել արդարադատությունից անընդհատ խուսափող վերոնշյալ երկու երկու անձանց: Բայց նույնիսկ այս դեպքում դժվար է ասել` խաբվածները կկարողանա՞ն վերադարձնել իրենց կորցրած բնակարանները, թե՞ սա հերթական բեմադրությունն է` քավության նոխազների դերակատարմամբ, որոնց ժամանակավորապես փակի տակ են պահում` քաղաքական անկայուն վիճակը ավելորդ անգամ չսրելու և Ազատության հանրահավաքային հրապարակը նոր էլեկտորատով չհամալրելու համար: Այս համոզմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ խաբելու այդ ողջ գործընթացը սկսվել է Ռ. Քոչարյանի իշխանավարության ժամանակ և շարունակվել Ս. Սարգսյանի օրոք. այսինքն 8 տարի շարունակ գործել է հանցավոր շղթան, տուժածներն անընդհատ բարձրաձայնել են այդ մասին, սակայն ոչ ոք չի կանխել այդ շղթայի գործունեությունը և ժամանակին չեն մեկուսացրել մեղավորներին: Ստացվում է, որ վերջիններիս հովանավորները շատ բարձրաստիճան անձինք են, որոնց երկրի նախագահը կամ չի ցանկանում նեղացնել, կամ «կիսվում է…»: Ուստի չի բացառվում, որ նախագահի` իր պաշտոնը վերստանձնելուց և քաղաքական վիճակի կայունացումից կարճ ժամանակ անց, կալանավորվածներն ազատ արձակվեն:
Էլմիրա Մարտիրոսյան
Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը:
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Ըստ մեղադրանքի՝ Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ծառայություն աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ 2006–2010թթ. ընկած Վահագն Խաչատրյանին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:
Ծառայություն Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը մեղադրվում է այն բանում, 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ծառայության Երևանի «Արաբկիր» տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ծառայության Երևանի «Էրեբունի և Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010 թվականի հոկտեմբերին Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Որպես Ծառայության «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային բաժնի, ապա «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2007–2009թթ ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը մեղադրվում է 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով իրեց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ։
Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Արմեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ Վ. Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ եղբոր՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս կնոջ քրոջ ամուսնու՝ Բագրատ Մուրադյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Մեղադրող կողմը հասցրեց հրապարակել մեղադրական եզրակացության միայն Վազգեն Խաչիկյանին առնչվող մասը: Վ.Խաչիկյանը և նրա պաշտպան Ժորա Վարոսյանը խնդրեցին պարզաբանել պաշտոնեական կեղծիքի հոդվածով Վ.Խաչիկյանին առաջադրված մեղադրանքի էությունը:
Պարզաբանումը կտրվի և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը կշարունակվի ապրիլի 4-ի նիստում, որը կանցկացվի Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում:
Մինչ մեղադրական եզրակացության հրապարակման սկսվելը դատարանը մերժեց ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը առաջարկել էր 296 մլն դրամի գրավ՝ որից 10 մլն-ը դրամի և մնացածը անշարժ գույքի տեսքով: Մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ՝ այն գնահատելով որպես անհիմն, քրեական գործի հանգամանքներից ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից չբխող:
Դատարանն որոշում ընդունեց նաև ամբաստանյալներ Վահագն Խաչատրյանի, Բագրատ Մուրադյանի ու Արմեն Խարատրյանի՝ հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին:
Դատարանը հետաձգեց ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկումը՝ մինչև «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նրա առողջության ներկայիս վիճակի մասին տեղեկանք ստանալը: Ըստ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, իր պաշտպանյալի հիվանդությունները դասվում են քրեական պատիժը կրելը խոչընդոտող հիվանդությունների շարքին, ըստ մեղադրողի, բժիշկների հսկողության տակ գտնվող ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացում չի եղել, ուստի պաշտպանական կողմը նման միջնորդություն հարուցելով նպատակ է հետապնդում խուսափել պատժից ու պատասխանատվությունից:
Փաստինֆո
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում էական և համակարգային թերացումներ չեն արձանագրվել: Կադաստրի պետական կոմիտեն դրսևորել է պատշաճ մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և բարելավել է իր գործունեությունը:
Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչը էապես բարելավել է անշարժ գույքի պետական գրանցման վարչարարությունը, մասնավորապես՝ վերացվել է ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային մարմիններ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը, որի փոխարեն անձանց համար նախատեսվել է հնարավորություն անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակ:
2012 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում վերացվել է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը և Կադաստրի կողմից ներմուծվել է գործարքների կնքման և ստորագրությունների իսկութան ճանաչման անվճար նոր համակարգ:
Նվազել է պետական գրանցման համար և/կամ տեղեկատվություն ստանալու համար Կադաստրի պետական կոմիտեին հասցեագրված դիմումների մերժումների քանակը: Այսպես, 2008 թվականին դիմումների մերժումների քանակը կազմել է՝ 35-40%, 2009-ին՝ 25-30%, 2010-ին՝ 10%, 2011-ին՝ 7.9%, իսկ 2012-ին այն կազմել է արդեն՝ 5.5%:
Այդուհանդերձ 2012 թվականին ստացվել են առանձին դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում առկա բացին, ինչի հետևանքով քաղաքացիների համար անհարկի դժվարություններ են ստեղծվում պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու գործընթացում: Մասնավորապես, պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի’ պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը, ինչը շարունակում է անհարկի բարդություններ առաջացնել անձանց համար:
Ստացվել է մեկ բողոք, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով իրեն անհատույց տրամադրված շինությունների գրանցման համար դիմել է Կադաստրի պետական կոմիտե, սակայն համապատասխան աշխատակիցը, հղում կատարելով կոնկրետ տվյալ իրավահարաբերությունը չկարագավորող իրավական ակտի դրույթներին, մերժել է քաղաքացուն այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել հողամասի գնման վերաբերյալ փաստաթղթեր: Արձանագրվել է նաև մեկ այլ դեպք, երբ Կադաստրի կողմից տրված տեղեկատվության հիման վրա ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել գործով պատասխանող կողմ հանդիսացող անձի երեխաներին պատկանող անշարժ գույքի վրա, ինչն օրենքով արգելված է: Ողջունելի է այն փաստը, որ վերոնշյալ բոլոր դեպքերում Պաշտպանի միջամտությամբ խախտումները Կոմիտեի կողմից վերացվել են:
Պաշտպանի աշխատակազմ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012-ի ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ոլորտում մարդու իրավունքների վիճակը՝ անդրադառնալով և՛ թերություններին, և՛ արձանագրված դրական զարգացումներին։
Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնահարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.
• Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:
• Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:
• Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):
Արձանագրված դրական զարգացումները
• Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:
• Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:
• Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Էկոնոմիկայի նախարարության բաժինը։
ՄՒՊ գրասենյակ
Քաղաքական այս խառը իրավիճակում, Պարույր Հայրիկյանի գործը, կարծես, մղվել է երկրորդ պլան, և հասարակությունը մոռացել է թե,՛ նրան, թե,՛ նրա դեմ մահափորձի գործի քննությունը:
«Հայկական Վարկած»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Պարույր Հայրիկյանը Հայաստանում, բուժման կուրս անցնելուց հետո, մեկնելու է արտասահման՝ Գերմանիա, բուժումը շարունակելու նպատակով:
Լուրը փորձեցինք ճշտել հիվանդանոցում գտնվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանից:
Նախ ԱԻՄ առաջնորդին վրդովվեցրեց հարցը, և նա չզլացավ մի քանի քաղցր խոսք ասել այն մարդկանց հասցեին, որոնք լուրեր են տարածում, թե՝ ինքը լքելու է Հայաստանը:
Այնուամենայնիվ, նա չհերքեց, որ որոշումը բժիշկներինն է. «Ես ենթարկվում եմ բժիշկներին, նրանք ինչպես կասեն, այնպես կանեմ, դեռ պարզ չի»:
Հայրիկյանը բավականին դժվարությամբ էր խոսում: Մեր այն հարցին, թե ինչ ընթացքի մեջ է իր մահափորձի գործը, ասաց, թե՝ մի երկու օրից իր փաստաբանը հանդես կգա հայտարարությամբ:
Հայրիկյանը հրաժարվեց մեկնաբանել քաղաքական իրավիճակի այս պահը. «Ի՞նչ նորություն կա, ասե՛ք գնահատական տամ»:
Մեր զրույցն ընդհատվեց, բժիշկների այցը «փրկեց» Հայրիկյանին` էլի մի քանի հարցերի պատասխանելուց:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, այն է`առանց հատուկ թույլտվության խաղային ապարատներ շահագործելու և եկամուտ ստանալու համար Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել ազատազրկման:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Հովհաննիսյանը 2009-2010թթ. մեկնել է ՌԴ և Մոսկվայում բնակվելու ընթացքում ձեռք բերել «Casino» և «Счастливое число» խաղային ապարատներ, դրանք մասնատել և 2010թ. նոյեմբերի 19-ին տեղափոխել է Հայաստան:
Ա.Հովհաննիսյանը 2011թ.սեպտեմբերի 15-ին նշված ապարատներն ինքնուրույն հավաքել է և տեղադրել Արմավիրի մարզի Նորապատ համայնքի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում: Չունենալով հատուկ թույլտվություն նա դրանք շահագործել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 13-ը և եկամուտ ստացել:
Ա.Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում զղջացել է կատարած հանցանքի համար և խնդրել իրեն ժամանակ տրամադրել` պետությանը պատճառված վնասը հատուցելու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 13-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով` նրան զրկելով լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 1 տարի ժամկետով:
Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
· Բազմաթիվ են եղել հանրակրթական, միջին մասնագիտական և հատկապես բարձրագույն ուսումնական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումները:
· Արդյունավետ և բավարար քայլեր չեն ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման և ջեռուցման բարելավման համար:
· Առանձին դեպքերում Նախարարության կողմից ըստ էության քննության չեն առնվել նախարարության աշխատանքներում թերացումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, դիմում-բողոքները, մամուլում հրապարակված տեղեկությունները:
· Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ ԲՈՒՀ-երում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա:
· Առկա են բազում չլուծված խնդիրներ՝ հանրակրթական բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման առնչությամբ:
· Շարունակում է չլուծված մնալ ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման պատշաճ ապահովման խնդիրը:
· Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության թիվ 554-Ն որոշմամբ 2012/2013 ուսումնական տարվա համար չեն նախատեսվել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսումնառության տեղեր մի շարք կրթական հաստատություններում, այդ թվում նաև’ Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով:
· Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597 որոշման և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջև:
· Դեռևս իր լուծումը չի ստացել գիտական աստիճան ունեցող անձանց աշխատավարձի հավելավճարի տրամադրման հարցը:
Արձանագրված դրական զարգացումները
· ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
· ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
· Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 98 հանրակրթական դպրոց, որոնք իրականացնում են ներառական կրթություն:
· ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում’ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման:
Պաշտպանի աշխատակազմ
Լոռու մարզում կատարվող որոշ սպանություններից հետո, երբ քրեական գործում հայտնվում է Վանաձոր քաղաքի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանի անունը, մարզի դատախազությունը կարծես «հայրական անհանգստությամբ» շտապում է` «սատարելու» նրան: Նույն իրավիճակն է կարծես անցյալ տարվա նոյեմբերին սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով:
Դեպքից մեկ շաբաթ անց Վանաձորում արդեն տեղեկություններ էին պտտվում, որ Սամվել Դիլոյանի անունն ընդհանրապես ուզում են հանել կասկածյալների ցանկից, «սպանողներին» թեթև մեղադրանք առաջադրել` սպանությունը վերաորակել ասենք` խուլիգանության և թեթև պատիժներով ազատել նրանց: Սպանությունից արդեն 4 ամիս է անցել և այդ կասկածները ոչ թե փարատվում են, այլ որոշ առումներով` կարծես հիմնավորվում: Մինչ տուժող կողմի մտահոգություններին անցնելը, հիշեցնենք գործի հանգամանքները:
2012-ի նոյեմբերի 18-ին, Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող Մուշ ռեստորանում գտել էին փաստաբան Սամվել Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Նախաքննությունը պարզել էր, որ այդ օրը ռեստորանում փաստաբանի հետ վիճել էին Արտակ և Արեն Վերանյանները, նրանց ընկեր Վանաձորի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանը: Վեճը սկսվել էր ռեստորանում` ժամը 22.00-ի սահմաններում, այնուհետև տեղափոխվել բակ, որտեղ եռյակը բազմաթիվ հարվածներ էր հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին և սպանել նրան:
Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության` վեճի պատճառը եղել է անձնական. Արտակը հետապնդել է փաստաբանի քրոջ դստերը, որի շուրջ ծավալված վեճի ընթացքում Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման և դարձել մահվան պատճառ: Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ:
Դեպքից հետո Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը փախուստի մեջ են եղել և հետախուզմամբ հայտնաբերվել: Եվ միայն 33-ամյա Արտակ Վերանյանն էր դեպքի հաջորդ օրը մեղայականով ներկայացել իրավապահներին և կալանավորվել: Նա ներկայացրել էր նաև օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Քանի՞ հոգով են Շարբաթյանի դիմադրությունը կոտրել
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը որոշ մտահոգություններ ունի` կապված մամուլում հայտնվող որոշ տեղեկությունների, որոշ դատախազների` կասկածյալի հետ անհարկի հանդիպելու և այլ հանգամանքների հետ, որոնք կարող են նպաստել սպանության գործի ոչ օբյեկտիվ և ոչ ամբողջական բացահայտմանը: Իսկ դա նշանակում է, որ որոշ մարդիկ կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից:
Նախ, ըստ որոշ լուրերի` Ս. Շարբաթյանի հետ «ռազբորկան» սկսվել է սպանության նախորդ օրը. նոյեմբերի 17-ին, Շարբաթյանն ու նրա քրոջ որդին հանդիպել են, զրուցել այդ եռյակի հետ, որոշ հարցերի շուրջ պայմանավորվել են, սակայն որոշ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ և դրանց լուծումը թողել են հաջորդ օրվան: Հանդիպել են հաջորդ օրը, գիշերը` նույն ռեստորանում, որտեղ էլ ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ: Իրավապաշտպանը, անդրադառնալով Ս. Շարբաթյանի գլխի հատվածում ստացած բազմաթիվ վնասվածքներին, համադրելով նրա, ինչպես նաև եռյակի ֆիզիկական տվյալները, եկել է այն եզրահանգման, որ Շարբաթյանի վրա հարձակվողներն ավելի շատ են եղել. երկու մեքենայով են նրանք եկել ռեստորան, որպեսզի հնարավոր լինի` կոտրել բռնցքամարտիկ Շարբաթյանի դիմադրությունը:
«Հիմնական վնասվածքները Սամվել Շարբաթյանի գլխի հատվածում են. դիահերձումը ցույց է տվել բազմաթիվ արյունազեղումներ տարբեր հատվածներում: Մի ուժեղ հարված հոնքերի մեջտեղում` քթի վերին հատվածում է հասցված եղել, որն ուղղակի դարձել է մահվան պատճառ: Բայց միայն այդ հարվածը չի: Խնդիրն այն է,որ եթե միայն Դիլոյանն ու Վերանյանները լինեին, Սամվել Շարբաթյանը չէր կարող չպաշտպանվել: Այսինքն նա, լինելով բռնցքամարտիկ, ակնհայտորեն գտնվել է պաշտպանության հնարավորությունից զրկված վիճակում, դրա համար էլ կարողացել են այդ հարվածները հասցնեն: Այսինքն, ավելի շատ են եղել հարձակվողները… Այնտեղ դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային նմուշներ են վերցվել, Շարբաթյանի մատերի եղունգների տակերից հայտնաբերվել են այն մանրաթելերը,որոնք համընկնում են Արտակ Վերանյանի շալվարի կտորի մանրաթելերին: Եթե Արտակ Վերանյանը կարճահասակ է, իսկ Շարբաթյանն ավելի բարձրահասակ, վերջինս Արտակի շալվարը կարող էր բռնել ընկած վիճակում` ներքևում գտնվելու դեպքում: Եթե Արտակը Շարբաթյանին կանգնած վիճակում խփեր, ապա պետք է թռչեր` խփեր, ինչը անհավանական է»,-«Հայկական վարկածի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց Արթուր Սաքունցը:
Բացի այդ, կասկածելի է նաև այն, որ դեպքի հաջորդ օրը միայն Արտակն է եկել ներկայացել, իսկ Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը փախուստի են դիմել, իսկ հետո հայտնաբերվել` կալանավորվել: Ուշագրավը հանցագործությունից հետո նրանց կողմից ստեղծված և կրկնվող իրավիճակն է` փախուստ, վերադարձ, բայց դեպքի ժամանակ նրանց վրա եղած հագուստները` իրեղեն ապացույցներն արդեն չկան: Փոխարենը Արեն Վերանյանի կոշիկի վրա արյան հետք է հայտնաբերվել, թեև նա նման վնասվածք չի ունեցել:
«Արյունը դատաբժշկական փորձաքննությամբ` Սամվել Շարբաթյանի քթանցքներից է հոսել, և եթե լուսանկարը տեսնեք` հարվածներից աչքերի հատվածը ահավոր կապտած է, գանգի արյունազեղումներն էլ բազմաթիվ են»,-նշեց Ա. Սաքունցը` չբացառելով, որ այդ արյունը գուցե Շարբաթյանինն է և կարող էր Արենի կոշիկի վրա հայտնվել ասենք այն ժամանակ, երբ վերջինս բռնած է եղել պառկած վիճակում գտնվող Շարբաթյանի ձեռքերը` զրկելով պաշտպանվելու հնարավորությունից:
Իրավապաշտպանի հաջորդ մտահոգությունը կապված է գործի քննության ընթացքի հետ. փորձաքննության նյութերից երևում է, թե իբր Շարբաթյանն է հանել օդամղիչ ատրճանակը, Արտակ Վերանյանն էլ կարողացել է նրա ձեռքից ոչ միայն խլել այն, այլ նաև հարվածել Շարբաթյանին: Իրավապաշտպանը, ով ներգրավված է եղել նաև Հրանտ Հակոբյանի սպանության գործով (որին մենք կանդրադառնանք) որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` նշեց. «Սա նույն մեխանիզմն է, ինչպես Հրանտ Հակոբյանինը: Այնտեղ էլ, իբր Հրանտը հանում է ատրճանակը, որ կրակի, բայց նրանք դանակի 15 հարված են հասցնում. սա պրիմիտիվ և արդեն մեկ անգամ գործարկված մեխանիզմ է»:
Ի դեպ, այս գործով ևս նույն անձինք են անցել: Նրանց կերպարներն ու հանցագործությունների սցենարներն ավելի ամբողջացնելու համար մի փոքր անդրադառնանք նրանց քաղաքա-քրեական անցյալին:
Տանում էին ռեստորան, որ «ինքնապաշտպանվեին»
Նրանցից Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպեր-լիազոր, հետո` մաքսանենգության համար 11 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:
Իսկ Սամվել Դիլոյանը ՀՀԿ անդամ է, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը և մինչև սպանության դեպքը Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ էր: Նա նաև Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի թիմում էր, որը տարիներ առաջ հայտնվել էր Վերահսկիչ պալատի «սև ցուցակում»` կապված մանկատների երեխաներին պետբյուջեով հատկացվող գումարների անհետանալու և դժվար ճակատագիր ունեցող երեխաներին սոցիալական երաշխիքներից զրկելու հետ:
Դիլոյանի և Արենի անունները կապվում են նաև 2007-ի ԱԺ ընտրություններից 16 օր առաջ, «Թեժ լեռ» ռեստորանում կատարված Հրանտ Հակոբյանի սպանության հետ: Ըստ մեղադրականի` Հրանտը, նախընտրական հանդիպման ժամանակ հանդիպելով Վանաձորի ավագանու անդամ Սամվելին և Վահագին, պահանջել էր իր անունով ձևակերպել տալ Վանաձորի շենքերից մեկի բակում գտնվող մի տարածքը: Զրույցը շարունակելու համար Հրանտը նրանց հրավիրել էր «Թեժ լեռ»…և սպանվել: Հրանտը, ըստ վանաձորցիների, թեև աշխատել էր թիվ 30 ԸՏ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի շտաբում, սակայն նաև մյուս թեկնածուի` Վիկտոր Դալլաքյանի համակիրն էր եղել, իսկ Ս. Դիլոյանն ու Վ. Ավագյանը` գլխավոր դատախազի մտերիմ Վ. Բաղդասարյանի թիմակիցը: Ավա•անիներն այն ժամանակ ձերբակալվել և ազատ էին արձակվել, որովհետև •լխ.դատախազի համակուրսեցի, Վանաձորի դատախազ Ա. Ղազարյանը հայտարարել էր, որ Ս. Դիլոյանը կռվին մասնակցել է, սպանությանը` ոչ:
Ի վերջո, վանաձորցի 27-ամյա Գոռ Թորոսյանը, ով Արտակի պես մեղայականով ներկայացել էր ոստիկանություն, արագացված կարգով դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Մինչդեռ Հրանտի քույրը և նրա ներկայացուցիչը նախաքննությունը համարել էին թերի: Նշել էին, որ սպանության մեջ պետք է մեղադրեին ոչ միայն հանցանքն իր վրա «վերցրած» Գոռին, այլև Ս. Դիլոյանին, նրա ընկեր Արեն Վերանյանին, և տուժող ճանաչված Վահագն Ավագյանին. կոնֆլիկտի հանգամանքները նկարագրող նրանց ցուցմունքներում հակասություններ էին եղել, որոնք նախաքննական մարմինը հաշվի չէր առել և չէր ապացուցել` Հրանտի մոտ զենք եղել է, թե ոչ: Մինչդեռ մեղադրականում նշվել էր, թե սպանվածը ապօրինի ձեռք բերած ատրճանակից հինգ կրակոց է արձակել Սամվելի, Գոռի և Վահագնի ուղղությամբ:
Վերջինս ստացել էր միջին ծանրության վնասվածք ու ճանաչվել տուժող: Կրակոցներից պաշտպանվելով` Արենը դանակով հարվածել էր Հրանտին, ում սակայն իբր լուրջ վնաս էր հասցրել Գոռի դանակը: Հ. Հակոբյանը մահացել էր հիվանդանոցում: Մինչդեռ Հրանտի հարազատների պնդմամբ` նա զենք չէր պահել…
Կարծես թե, այս սցենարի տրամաբանությամբ էլ սկսվում է Շարբաթյանի սպանության գործը. տուժողից վերցրել են նրա մոտ պահվող զենքը և հենց դրանով էլ սպանել անհրաժեշտ պաշտպանության նկատառումներով և խմբով:
Ինչո՞ւ են դատախազներն ու լրագրողն ուզում Դիլոյանին օգնել
Այժմ իրավապաշտպանին հետաքրքրում է, թե ինչպես է իրեն պահելու դատախազությունը այդ նույն անձանց նկատմամբ` մատնացույց անելով մի քանի հանգամանքներ:
Ա. Սաքունցի խոսքով` նախ Հրանտ Հակոբյանի սպանության գործով մեղադրանքը դատարան է ներկայացրել այն ժամանակ դատախազության քննիչ, այժմ` դատախազ Մովսես Մովսեսյանը, ով Սամվել Դիլոյանի ընկերն է: Եվ երբ վերջինիս հայտնաբերել են և տարել ոստիկանություն` ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր), տեղեկություն է ստացվել, որ Մովսեսյանը գնացել է այնտեղ և ՁՊՎ-ում հանդիպել Դիլոյանին, որի իրավունքը, ըստ իրավապաշտպանի, նա չուներ, քանի որ այդ գործով ոչ հսկողություն իրականացնող դատախազ է, և ոչ էլ իրավասու անձ:
«Դրանից հետո թերթերից մեկի լրագրողը սկսում է հոդվածներ գրել, որտեղ այնպես է ներկայացնում, թե Դիլոյան Սամվելը միջամտել է, որպեսզի կռիվ չլինի, բայց փաստաթուղթ հանդիսացող փորձագիտական եզրակացության նկարագրության մեջ արդեն կա, որ Դիլոյանը խփել է… Առաջինը իբր Շարբաթյանն է հարված հասցրել Արտակին, հետո Դիլոյանն է ինչ-որ խառնվել ու խփել:-Նշում է իրավապաշտպանը և հարցնում,- Ես ուզում եմ ուղղակի հասկանալ, թե ինչպե՞ս կարող է լրագրողը ակնհայտ ապակողմնորոշիչ նյութերով փորձի ազդել նախաքննության ընթացքի վրա: Եվ դա այն դեպքում, երբ Սամվել Դիլոյանը դեպքից հետո փախած էր. եթե նա փորձել է միջամտել` կանխարգելել, ինչո՞ւ է փախչում»:
Այդ հրապարակումները նաև տուժողի քրոջն են զայրացրել: Իհարկե Ա. Սաքունցը, հանդիպել է Վանաձորի այդ լրագրողուհուն և հարցադրումներով պարզելով, որ Սամվել Դիլոյանը նրա ընկերն է` հորդորել է գոնե իրականությունը ներկայացնել և ոչ թե կեղծիք, քանի որ սպանություն է կատարվել:
Վերջերս էլ տուժող կողմին տեղեկատվություն հասել, որ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանն է գնացել «Վանաձոր» ՔԿՀ և հանդիպել Ս. Դիլոյանին:
«Բան չենք ասում` դատախազը կարող է ի պաշտոնե` որպես գործի նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ, գնալ ՔԿՀ. բայց Դիլոյանը խախտում է՞ր կատարել ՔԿՀ-ում, որ դատախազը գնում` հանդիպում է: Կամ իմաստը ո՞րն է, երբ նախաքննությունն ընթացքի մեջ է: Եվ դա այն դատախազությունն է, որը ժամանակին Հրանտ Հակոբյանի սպանության գործի մեղադրանքն է պաշտպանել, որտեղ սաղ մաքրվեցին` դուրս եկան: Հիմա նորից գնում են հանդիպումների…»:
Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը Հ. Հակոբյանի գործով Սամվել Դիլոյանին ու նրա ընկերներին «սիրուն աչքերի» համար չի թողել ազատության մեջ, բայց հիմա երևի կրակն է ընկնել ու վաղաժամ ինչ-որ բանակցությունների է շտապում` չսպասելով գործին խառնվելու իր հերթին:
«Տուժող կողմը և ես որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ամեն ինչ անելու ենք, որ այս գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն և գնա օբյեկտիվ նախաքննություն, բոլոր պատասխանատուները բացահայտվեն և ոչ թե ծածկադմփոցի տարբերակով` ինչպես Հրանտ Հակոբյանինն է եղել: Ուղղակի այն ժամանակ ես հնարավորություն չեմ ունեցել նախաքննությունից հետևելու գործին (քանի որ նրա հարազատները ուշ են դիմել-Է.Մ.), հիմա ունեմ: Եվ հիմա դատախազը, և քննություն իրականացնող քննիչը բոլորը գլխով են պատասխան տալու գործի օբյեկտիվ քննության համար»,-այսպես էլ Ա. Սաքունցը եզրափակեց մեր զրույցը:
Էլմիրա Մարտիրոսյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշվիչների այլընտրանքային լաբորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն’ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:
Արձանագրված դրական զարգացումները
2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում’ տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին’ հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները, լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին:
Պաշտպանի աշխատակազմ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.