23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի քանի օր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու «Բիզնես նյուզ» ընկերության կազմակերպած համերգին, որպես պատճառ նշելով կազմակերպիչների անլուրջ վերաբերմունքն ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:
Երեկ «Բիզնես նյուզ» ընկերության տնօրեն Աստղիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, թե համերգը բարեգործական է. «Ամեն տարի մենք մանկատանն օգնում ենք և այս տարի էլ որոշեցինք նվիրել երաժշտական գործիքներ, ինչի կարիքն ունի մանկատան երաժշտական խմբակը: Այնտեղ կույր երեխաներ էլ կան, որոնց համար հատուկ գործիքներ են պատրաստված»,- նշել է «Բիզնես նյուզ» կենտրոնի տնօրենը:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայկական Վարկած»-ը զրուցեց Քրիստինե Պեպելյանի հետ:
Վերջինս ասաց, թե համերգը բարեգործական դարձավ այն վայրկյանից, երբ ինքը հրաժարվեց մասնակցելուց:
«Ոչ մի բառ չի եղել բարեգործության մասին, իմ ընկերների հետ էլ կարող եք խոսել. նրանցից որևէ մեկին, որևէ բան չեն ասել բարեգործության մասին»,-ասաց երգչուհին և ներկայացրեց աղմկալի պատմության վերաբերյալ մանրամասներ.
«Ես Աստղիկի հետ չեմ պայմանավորվել, Քրիստինե անունով աղջիկ է ինձ հետ խոսել, ես նրան ասել եմ իմ ելույթի գումարը, որը 400.000-ից բարձր է, նա էլ ասաց, որ հնարավոր չէ, իրենք այդքան չեն կարող վճարել: Ասացին կարող ենք 400.000, ես էլ ասացի, որ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Արդեն պլակատը պատրաստել են, համերգի մասին հայտարարել են, ու Քրիստինեն զանգում է ինձ, ասում է. «Զանգել եմ տեղյակ պահեմ, որ դա էլ հարմար չի՝ կամ գնա կոմպրոմիսի, կամ եթե հարմար չի, երևի չերգես էս համերգին»:
Նշեմ, որ ես դեռ իրենց առաջարկած գումարով էի հանդես գալու, այլ ոչ թե իմ կողմից պահանջված: Նրան ասացի, որ եթե քեզ համար անլուրջ է, ապա ինձ համար այդպես չէ, վերջ ի վերջո, իմ անունն է պլակատի վրա: Ես պահանջեցի, որ Աստղիկն ինձ զանգի: Մինչև գիշեր սպասեցի, ոչ մի զանգ չեղավ նրանց կողմից, գիշերը տեղադրեցի ինֆորմացիան, որ ես չեմ մասնակցելու:
Հաջորդ օրը Աստղիկի հետ զրուցեցի, շատ զարմացած ինձ հարցնում է. «Ի՞նչն է պրոբլեմը, դու ինձ ասում ես, ի՞նչ պետք է անեմ: Կյանք է, ամեն բան էլ հնարավոր է, ես եմ կազմակերպիչը: Դու էն արտիստը չես, այն փառքն ու հռչակը չունես, որ քո անունն օգտագործեի»: Այսպես հոգնական տոնով խոսեց հետս, երևի իր դեպքում նորմալ է: Կրկնում եմ: Համերգը դարձավ բարեգործական, իմ հրաժարվելուց հետո:
Ի՞նչ բարեգործական, ոնց կարելի է բարեգործականի անվան տակ գումար աշխատել, դահլիճ համար գումար պետք է տալ, արտիստներին գումար պետք է տալ, իսկ տակը գումար չի մնում բարեգործության համար:
Բարեգործական համերգի դեպքում նախապես զգուշացնում են, եթե նկատել եք, պլակատի վրա էլ գրված չի, որ բարեգործական է, ինչը սովորաբար արվում է»,-նշեց երգչուհին:
Երգչուհին վրդովված էր ու պատմեց. «Մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին «Փարոս»-ից, որի 20-ամյակի կապակցությամբ բարեգործական համերգ է կազմակերպվում: Ինձ ասացին, որ չեն վճարելու, ես նշեցի, որ միանշանակ գալու եմ: Քրիստինե Պեպելյանն այն մարդը չէ, որ հրաժարվի բարեգործությունից: Ես մշտապես օգնում եմ երեխաններին, վիրահատության համար գումար եմ նվիրատվություն անում, հետո ինչ, այդ մասին չեմ բարձրաձայնում»:
Ըստ Քրիստինե Պեպելյանի, բարեգործականի անվան տակ հանդես գալն ամենախոցելին է. «Վերջում Աստղիկը նշում է, թե եթե չեք ուզում մասն դառնալ բարեգործության, տարեք հետ տվեք տոմսը, դե, բնականաբար, մարդիկ կասեն, դե լավ, որ բարեգործություն ա, թող մնա»,-նկատում է նա:
Փորձեցինք համերգին մասնակցող երգիչներից պարզել, թե արդյո՞ք իրենց տեղեկացրել են, որ համերգը բարեգործական է: Մհերի (Մհեր Արմենիա) պրոդյուսերը նշեց, որ Մհերը բարեգործական համերգներին անվճար է մասնակցում, իսկ այս համերգին վճարվելու է:
«Մեզ չեն ասել, որ բարեգործական է: Երբ ասում են բարեգործական է, մենք ասում ենք գալու ենք, էլ չենք հարցնում ինչքան եք վճարելու»,-տեղեկացրեց Մհեր Մեսրոպյանի պրոդյուսերը:
Մոտ մեկ ամիս առաջ «Հայկական Վարկած»-ը տեղեկություն ստացավ, թե Մարգարյանի անվան ծննդատանը վերջին մի քանի ամսում ծնված երեխաների մի ստվար մասի հայրություն են ճանաչել ազգությամբ իրանցիները:
Տեղեկությունը բավական հետաքրքիր էր, նամանավանդ, որ այն մեզ փոխանցվեց կալանավայրից:
Ի դեպ, նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում նշված տեղեկությունը շրջանառվեց նաև համացանցում, և պիտի ասել, որ ոչ բուռն, բայց քննարկումներ ու կոշտ որակումներ եղան:
«Հայկական Վարկած»-ը չցանկացավ չստուգված ինֆորմացիա տրամադրել իր ընթերցողին և որոշեց իրավասու ատյաններից առավել հիմնավոր պարզել իրականությունը:
Մարգարյանի ծննդատնից մեզ ասացին, որ չեն կարող տեղեկություն տրամադրել, Առողջապահության նախարարությունից ևս հրաժարվեցին տրամադրել հաշվառման տվյալները ՀՀ -ում նորածինների հայրություն ճանացած անձանց ազգային պատկանելիության վերաբերյալ՝ դա համարելով արդարադատության նախարարության ֆունկցիան, և պատճառաբանեցին, որ քաղաքացիական ակտերի գրանցումը կատարվում է այդ կառույցում:
Արդարադատության նախարարությունից ինչպես բոլոր գրավոր, թե բանավոր հարցերի դեպքում, կամ կիսատ — պռատ պատասխան է ստացվում, կամ ընդհանրապես «ցրում են»: Այս անգամ էլ ԱՆ-ից տեղեկության տրամադրումը համարեցին վիճակագրական ծառայության իրավասությունը:
Իսկ ՀՀ Վիճակագրական ծառայությունից ստացանք հետևյալ պատասխանը.
««Վիճակագարական գաղտնիքի» դրույթը սահմնաված է ըստ Միավորված ազգերի կազմակերպության «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից» 6-րդ սկզբունքի՝ «Գաղտնիության» հիման վրա, համաձայն որի «Վիճակագրական տեղեկատվության պատրաստման համար վիճակագրական գերատեսչությունների կողմից հավաքագրվող անհատական տվյալները, անկախ այն հանգամանքից, թե դրանք վերաբերում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետք է կրեն խիստ գաղտնի բնույթ և օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակների համար»:
Ինչ խոսք, մեր պահանջած տեղեկությունը չէր վերաբերվում անձնական կամ գաղտնի համարվող ինֆորմացիային: Խոսքն ընդամենը նորածինների քանակի և ազգային պատկանելիության մասին էր:
Եվ այսպես, որևէ պատասխանատու ատյան չփարատեց հանրության մտավախությունը, որ մեր ծննդատներում բավականին մեծ թիվ են կազում այն հայ կանայք, ովքեր լույս աշխարհ են բերում իրանական ազգանունով և ծագմամբ քաղաքացիներ:
Ռուզան Ավոյան
10.11.02013 թվականի «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ փոխվարչապետ, Տարածքային ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որն անկեղծորեն՝ որպես ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան իշխանավոր, սրտացավորեն վերլուծեց Հայաստանի մարզերում և գյուղերում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Նա անդրադարձավ երկու հիմնական հարցի, որոնց ժամանակ, նա ի լուր բոլորի, հայտարարեց, թե ՀՀ 500 գյուղական բնակավայրերում բացակայում է ջրամատակարարումը և մարդիկ արտագաղթում են գյուղերից, որովհետև ցանկանում են ժամանակակից կենցաղային սոցիալական պայմաններ ապահովել իրենց ընտանիքի անդամների համար:
Փաստորեն, դրանով Արմեն Գևորգյանն իրազեկ ու պատճառաբանված ներկայացրեց Հայաստանի գյուղերում տիրող ծանրագույն իրավիճակը՝ նորմալ ճանապարհների բացակայություն, խմելու ջրի բացակայություն և հեռանկարի բացակայություն:
Այսինքն, մեր հարգարժան փոխվարչապետ — նախարարը, որը վերջին 6 տարիներում պատասխանատու է հենց տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների ենթակայության տակ գտնվող բնակավայրերի զարգացման համար, տապալել է իրեն վստահված ոլորտը: Եվ ի՞նչն է ամենացավալին ու զավեշտալին. բարձրաստիճան չինովնիկը, որն իրականում շատ հեռու է գյուղից ու գյուղացուց ու նրանց հոգսերից, ժամանակ առ ժամանակ, մեսիջների տեսքով, քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր բազմաթիվ նախընտրական հանդիպումների ժամանակ՝ 2008 և 2013 թթ.-ին, պաշտոնապես հայտարարում էր, որ իր գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը լինելու է գյուղերի ու հանրապետության մարզային քաղաքների զարգացումը: Իսկ այժմ, ի լուր աշխարհի, պարոն Գևորգյանը պաշտոնապես հայտարարեց, որ տապալվել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի այս դրույթը:
Դա այդքան ակնառու չէր լինի, եթե նույն ծրագրի ընթացքում հարգանքի ու խոնարհման խոսքեր չհնչեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին:
Որպես նախագահի քաղաքականության տապալման մեկ օրինակ ևս բերեց պարոն փոխվարչապետը, երբ ոգևորված փորձում էր արդարացնել համայնքների խոշորացման ապագա ծրագիրը և որպես հիմնավորում՝ հայտարարեց, որ դա անհրաժեշտ է պետական ռեսուրսների բացակայության պատճառով: Երբ հանրապետությունում բարձացվում է 165 հազար պետական պաշտոնյաների աշխատավարձը, դրա կողքին զարմանալի է, թե ինչով են խանգարում ընդամենը հինգ հարյուր տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք կկրճատվեն՝ ռեսուրսներ չլինելու պատճառով: Երևի դա Արմեն Գևորգյանի հերթական չինովնիկական հայտնագործությունն է ու փորձարարությունը:
Հիշենք, որ երկրի նախագահն իր ելույթներում հավատացնում էր, որ նոր աշխատատեղեր կբացվեն գյուղական բնակավայրերում, որը հնարավորություն կտա պայքարելու արտագաղթի դեմ:
Երբ պետական պաշտոնյանների աշխատավարձերը բարձացնում են, ռեսուրսներ կան, իսկ երբ փոքրիկ համայնքներում 5-6 տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրաված պաշտոնյաներ են կրճատվում, պատճառաբանությունը՝ ռեսուրսների բացակայությունն է:
Մենք տեսնում ենք, որ պարոն փոխվարչապետը բացահայտ ընդդիմանում է և իր մոտեցմամբ՝ հակադրվում ՀՀ նախագահի ծրագրերին:
Համայնքների խոշորացումն իր հետ կբերի 150 համայնքային ինքնակառավարման մարմինների վերացման, որը ծանր բարոյա-սոցիալական հարված կլինի և սկիզբ կդրվի այդ գյուղերի մահացմանը: Մի՞թե մեր երկրի նախագահի ծրագիրը՝ հզորացնել գյուղը, նախատեսում էր այդպիսի լուծում: Ես համոզված եմ, որ՝ ոչ:
Ճանաչելով երկրի նախագահի բարձր հայրենասիրությունը, չեմ հավատում, որ այդ դավաճանական ծրագրին ինքը ծանոթ է:
Զարմանալի է նաև այն փաստը, որ վերջին 6 տարիների ընթացքում առաջին անգամ բացահայտ քննադատության ենթարկվեց նախագահի ծրագիրը և հասարակությանը ցույց տրվեց այդ ծրագրի տապալումը: Եվ դա կատարեց այն մարդը, որն իր ողջ գիտակցական կյանքում եղել է պաշտոնյա, սակայն երբեք ոչնչի համար պատասխան չի տվել:
Այսօր էլ, փոխվարչապետ Գևորգյանն անմեղ ժպիտով ներկայացնում էր իր ոլորտի բացահայտ թերություններն ու ձախողումները՝ դա բացատրելով պետության անկարողությամբ և մարդկանց սոցիալ-բարոյական վիճակով:
Երբ երկրի նախագահն իր նախընտրական ելույթներում հայտարարում է.
«Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա դիմակայել արդի մարտահրավերներին ու շարժվել առաջ՝ ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է շարունակենք կառուցել այդ Հայաստանը», իսկ փոխվարչապետը հայտարարում է, որ վեց տարի հետո մոտ 1000 համայնքներից 500-ը ջրամատակարարված չէ և բոլոր համայնքներում սարսափելի կործանարար արտագաղթ է տեղի ունենում, և պետությունը չունի ռեզերվներ՝ զարգացման համար, այլ ընդամենը համայնքների խոշորացման համար գոյատևում պետք է ապահովի, ապա յուրաքանչյուր բանական մարդու համար պարզ է, թե ուր են թեքվում սլաքները :
Միգուցե փոխվարչապետն արդեն մտածում է ապագա նախագահական ընտրությունների մասին, և այդ ուղղությամբ կատարում իր առաջին քայլերը:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Քվեարկությունից առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղցած մարդիկ չեն, մինչդեռ մեր երկրում մեկ միլիոնից ավելի մարդ քաղցած վիճակում է: «Բոլորին կոչ եմ անում դեմ քվեարկել, որովհետև այս օրինագծին կողմ քվեարկելը անբարոյականություն է»,- նշել է նա:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու երկրի ղեկավարների աշխատավարձերը բարձրացնելու նախագծին։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը կողմ էր նախագծին, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենք, իհարկե, կողմ են, որ այդ 168.000 քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվեն, բայց դեմ են, որ բարձրաստիճան պաշտոնյանների աշխատավարձերն են այդ չափով բարձրանում, ուստի իրենք դեմ կքվեարկեն՝ առանց որակումների։
Սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, ապա կալանավորվել:
Հիշեցնենք, որ աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում. չարաշահումներ էին եղել տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներում:
Հանցագործության թելերը տանում են մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ, իսկ դրանից վեր` նախաքննությունը լռում է. այսինքն՝ բացահայտումները հասել են մինչև Արմեն Մովսիսյան և չի շոշափվել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը:
Չնայած ավելի ուշ խոսակցություներ էին պտտվում, որ աշխատանքից ազատվելու է ԱրմանՄկրտումյանը, սակայն նա արձակուրդից վերադարձավ (մեր երկրում սովորաբար արձակուրդ են մեկնում պաշտոնը թողնելուց առաջ և չեն վերադառնում) ու շարունակեց պաշտոնավարել:
Ո՞վ է Արմեն Մովսիսյանը, ըստ մեզ տրված պաշտոնական պարզաբանման, նա 1999 — 2004թթ. աշխատել է ԱԱԾ համակարգում, եղել է տարբեր ղեկավար պաշտոնների: 2007թ.-ից աշխատել է, որպես Դատական կարգադրիչների ծառայության պետ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Մովսիսյանը ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի վստահելի մարդկանցից է: Նա բավականին լուրջ կարողությունների տեր է: Մովսիսյանին է պատկանում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Մեցցո» ակումբը, որն այժմ տնօրինում է Մովսիսյանի եղբայրը:
Այժմ գործը գտնվում է նախաքննության փուլում ու, ըստ հավաստի լուրերի, պետությանը հասցված միլիոնների վնասները կամաց- կամաց վերականգնվում են, և ընթացքը տանում են նրան, որ գործը դատարան մտնելուց հետո, ամբաստանյալների մի մասն, այդ թվում և Արմեն Մովսիսյանը, համաներումով ազատ արձակվեն:
Հիշեցնենք, որ քննությամբ բացահայտվել էին մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել է վերադասը:
Այս գործի շրջանակում հետախուզում էր հայտարարվել Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը.մեղադրանքը խստացվել է։ Ա.Ավագյանի նկատմամբ նախկինում խափանման միջոց էր ընտրվել գրավը, սակայն նախաքննական մարմինը դիմել էր դատարան, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանի դեմ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեղադրանք է առաջադրվել Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և 314-րդ հոդվածներով: Արմեն Միրզոյանը մեղադրվում էր 2012թ-ի փետրվարի 1-ից մինչև 2013թ-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին ծառայության մեջ չներգրավելու, և պարտականությունները կատարելուց ազատելով, թաքցրել է, նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը և կատարել պաշտոնական կեղծիք: Միրզոյանը ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել է կարգադրիչի ավելի քան 1,5 մլն դրամ աշխատավարձը:
Պատմական ճշմարտություն է, որ արդեն 15 տարի Հայաստանում իշխող կուսակցություն է համարվում Հանրապետական կուսակցությունը, որը և տեղական, և համապետական ընտրություններում բացարձակ հաղթանակներ է տանում և հաճախ է սիրում հայտարարել, որ ինքն է պատասխանատուն երկրի ապագայի համար: 15 տարի ունենալով բացարձակ իշխանական-պետական լծակներ՝ այդ կուսակցությունն ունեցավ երկու փայլուն հաջողություն. առաջին՝ երկրի աղքատության ցուցանիշը հասցրեց 60%-ի և երկրորդ՝ արտագաղթի ծավալները արդեն սպառնում են մեր ազգային պետականության գոյությանը:
Առաջին խայտառակությունն իշխանությունները փորձում են լուծել թոշակների ու աշխատավարձերի չնչին բարձրացմամբ, իսկ երկրորդ խնդիրը՝ ընդհանրապես իշխանությունների համար անլուծելի է: Եվ պարզապես մարդկային ցինիզմի ամենաստոր դրսևորումն է, երբ իշխանություն ներկայացնող գործիչներն աղքատության մեջ մեղադրում են «ծույլ ու անբան» ժողովրդին, ովքեր չեն ցանկանում աշխատել: Այդ գործիչները չեն ասում, որ հենց անբան իշխանություններն այսքան տարիների ընթացքում չկարողացան ոչ միայն տնտեսական զարգացում ապահովել, այլև ընդունել այնպիսի օրենքներ ու որոշումներ, որոնք թույլ տային մարդկանց արարելու սեփական երկրում:
Պարոնայք հանրապետականնե՛ր, այդ ինչպե՞ս է, որ հայը բոլոր երկրներում կարողանում է դրսևորել իր արարող հանճարը, իսկ սեփական երկրում դառնում է ծույլ ու անբան, այդ ինչպե՞ս է, որ հայի աշխատասիրությունն ու տնտեսական ջիղը բոլոր երկրներում ունի պահանջարկ, իսկ մեր երկրում՝ ոչ:
Պարզապես թող հանրապետականներն իմանան, որ հասարակությունն արհամարհում է նրանց կարծիքը, որովհետև գիտի, որ բոլոր յուղուտ ու եկամտաբեր պաշտոնները բաժանվում են օլիգարխների ու իշխանության ներկայացուցիչների ազգականների միջև, և թեկուզ պատրաստված մարդիկ այս աշխատատեղերում բաժին չունեն:
Եվ եթե իշխանություններին թվում է, որ տեղական հարկերը բարձացնելով մի քանի փողոց մաքրողների հաստիքներ բացելով հերոսական գործ է կատարել, ուրեմն այդ իշխանության ամբողջ ինտելեկտուալ մակարդակը հենց դա է, իսկ ժողովուրդն արհամարհում է իրեն նման ձևով գնահատողներին, որովհետև ժողովուրդն այս իշխանություններից ավելի խելացի է ու ավելի հպարտ:
Վերջերս լրատվամիջոցներով հանրապետական կուսակցության անդամներին անվանեցին անբաններ, ես կավելացնեի, ինքնահավան ու ցինիկ անբաններ, որովհետև նրանք իրենց ելույթներում վիրավորում են մեր ժողովրդին, որն իր գնահատականը իրենց արած գործին դեռ կտա:
Պարոնայք հանրապետականնե՛ր, ձեր բոլոր «հանճարեղ» ծրագրերն ու գործերը միայն ու միայն ավերակներ, արտագաղթ ու չքավորություն ապահովեցին հայ ժողովրդի համար: Իհարկե, ձեր շքեզ առանձնատներում ու փափուկ աշխատասենյակներում դա տեսանելի չէ, իսկ դուք չեք սիրում շփվել ժողովրդի հետ, որ դա նկատեք, ուստի ձեր կուշտ զկրտոցի միջով գնահատականների մեջ զգույշ եղեք:
Արա Հարությունյան
Նախագահական ընտրություններից անմիջապես հետո, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը ծրագրային ելույթ ունեցավ ադրբեջանական հեռուստածրագրերով, որտեղ ազգային կարևորագույն խնդիր հռչակեց պատերազմի միջոցով Ղարաբաղի գրավումը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը:
Ալի Հասանովը հայտարարեց, որ պետությունն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր առջև դրել է միայն մեկ գերխնդիր՝ պատերազմի միջոցով Ղարաբաղի գրավումը և բառացիորեն հայտարարեց հետևյալը.
«Ադրբեջանի երիտասարդությանը մենք պետք է բացատրենք ու քարոզենք պատերազմի միջոցով Ղարաբաղին տիրանալու անհրաժեշտության մասին: Մենք պետք է նրանց մեջ արթնացնենք թուրք ենիչերիի ու ասկյարի քաջագործությունների ու փառքի գաղափարական ու ազգային արժեքները: Մենք նաև պետք է ստեղծենք բոլոր պայմանները մեր երիտասարդներին ազգային խնդիրներին զինվորագրելու համար: Ճիշտ է, պետությունը հոգում է Ղարաբաղի պատերազմի վետերանների մասին, սակայն երկրի նախագահի որոշմամբ, բոլոր պետական հատկացումներն այդ նպատակով կկրկնապատկվեն:
Մենք ունենք ամենաժամանակակից տեխնիկան, ռազմական հատկացումները, որ մեր երկրում ամենամեծն են, իսկ մեր բանակի զինվորներն ամենաքաջն ու մարտունակը և մենք հաղթելու ենք: Եթե Հայաստանը կամավոր չհանի իր օկուպացիոն զորքերը Ղարաբաղից, մենք կսկսենք պատերազմն ու կհաղթենք»:
Ալի Հասանովի ռազմատենչ հայտարարությունն Ադրբեջանի պետության ու հասարակության համար հետընտրական շրջանում անմիջապես հնչում է որպես ծրագրային:
Ադրբեջանում հավաքում ու ցուցակագրում են Ղարաբաղյան պատերազմի վետերաններին և, ռեզերվային ուժերի ճշտման հետ զուգահեռ, լայն նախապատրաստական ռազմական միջոցառումներ են իրականացվում:
Իհարկե, Ադրբեջանի փոխվարչապետը կարող է այդպիսի հայտարարություն անել, ինչը չի կարելի ասել ՀՀ փոխվարչապետի մասին, որը մտածում է միայն իր անձնական շահերի և պաշտոնը հավերժորեն պահելու մասին ու ոչ մի աղերս չունի ՀՀ պաշտպանության խնդիրների հետ:
Իսկ ի՞նչ վիճակ է տիրում Հայաստանի Հանրապետությունում՝ Ադրբեջանի կարևորագույն գործիչներից մեկի հայատարարությունից հետո:
Ինչպես միշտ ՀՀ իշխանությունները լռում են և չեն արձագանքում, Արցախյան ազատամարտի վետերանները բողոքում են իրենց կարգավիճակից և նստացույցեր անում, երկրապահի հասարակ անդամներն իրենց գոյություն են քարշ տալիս աղքատության ճիրաններում, իսկ երկրապահի առաջնորդ մեծահարուստները գոհ ժպիտով հայրենասիրական քարոզներ են անում, սակայն որևէ մեկը ոչ՝ ֆիզիկապես, ոչ՝ բարոյապես չի նախապատրաստվում պատերազմի:
Բացի ՀՀ ՊՆ-ից, պաշտպանության խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: Իհարկե, այսօրվա իշխանությունները սովոր են իրենց անկարողությունն ու մասնագիտական ղեկավարման սխալները բարդել ժողովրդի վրա: Չի բացառվու, որ վերջում էլ հայտարարեն, թե ժողովուրդն ինքը չի պաշտպանել իր երկիրը, ինչպես այսօր են գործազուրկներին մեղադրում անբանության համար, մինչդեռ իրենք ոչ մի աշխատատեղ չկարողացան ստեղծել:
Եվ եթե այսօրվա իշխանություններին թվում է, որ ժողովուրդն իր զավակներին ուղարկելու է պատերազմ, որպեսզի իշխանություններն ու օլիգարխները թալալնեն ու լափեն երկիրը, սխալվում են: Պարզապես ժամանակն է սթափվելու, «հաշտություն կնքելու» հասարակական լայն շերտերի հետ և նախապատրաստվելու լուրջ արտաքին քաղաքական զարգացումների:
Ես, ճանաչելով և խորապես հարգելով երկրի նախագահին արդեն 30 տարուց ավելի, նրա ուշադրությունն եմ հրավիրում այն պարզ ճշմարտության վրա, որը կոչվում է երկրի բոլոր ուժերի համախմբման միջոցով հակահարված տալ թշնամի երկրի նկրտումներին: Ժամանակն է, որ նա իր ձեռքը վերցնի պաշտպանության խնդիրների զարգացման բոլոր լծակները և ստեղծի համաժողովրդական ու համազգային ճակատ՝ ընդդեմ առաջիկա պատերազմի:
Եթե Ադրբեջանն իր երիտասարդությանը նախապատրաստում է պատերազմի, մենք նույնպես պետք է սկսենք այդ քարոզչությունն ու խոսքից անցնենք գործի:
Ղարաբաղյան պատերազմն ավարտված չէ, այն զինադադարի փուլում է, վերջնական խաղաղությունը կնքվելու է գալիք պատերազմից հետո, որի արդյունքում շահելու է հաղթողը: Եվ եթե որևէ իշխանավոր հայտարարում է, որ որևէ երկիր գալու է ու մեր փոխարեն պաշտպանելու է մեր հողը, կամ թույլ չի տալու Ադրբեջանին պատերազմ սանձազերծել, նա ոչինչ չի հասկանում պատմությունից ու քաղաքականությունից:
Մի կողմ թողեք բոլոր տարաձայնությունները, պատրաստվեք պատերազմի: Երկրապահի բոլոր ազատամարտիկներին կոչ եմ անում համախմբվել Արցախի անկախության գաղափարի շուրջ՝ հանուն մեր ժողովրդի ապագայի ու մեր հայրենիքի անկախության:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Լքված գյուղեր, համատարած գյուղական աղքատություն, փակվող դպրոցներ, ավերված ու անանցանելի համայնքապատկան ճանապարհներ, երիտասարդության սարսափելի արտագաղթ սահամանմերձ գյուղերից. ահա Տեղական ինքնակառավարման նախարարության գործունեության արդյունքները: Եվ հարցը, թե ինչպե՞ս է, որ միչ օրս նման ցուցանիշներ գրանցած նախարարը շարունակում է պաշտոնավարել, արդեն 10 տարի է հուզում է հանրությանը:
Եթե այս իշխանությունները գոնե մի փոքր սրտացավություն ունենային երկրի հանդեպ, ու իրականում մարզերում տիրող խայտառակ իրավիճակը հուզեր նրանց, այլ ոչ թե բակունցյան ալպյան բզեզի նման թաքնվեին մանուշակի մեջ, վաղուց արդեն ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը հեռացված կլիներ պաշտոնից և պատասխան կտար 10 տարիների պաշտոնական անգործության համար:
Ես բազմաթիվ անգամ՝ արդեն 8 տարի է, նշում եմ, որ այս երկրի կործանման հիմնական պատճառներից մեկը «արմենչիկների» առկայությունն է իշխանության բարձր ատյաններում: Երբ սովալլուկ ազատամարտիկը, որն իր կյանքն է զոհաբերել հանուն հայրենիքի իր կիսաքաղց գոյության համար պայքարում է, իշխանությունները նրան բանտ են նետում, իսկ երբ արցախյան ազատամարտի տարիներին երկրից փախած Պետրոգրադում իր բարեկեցիկ կյանքը վայելած մեկը վերադառնում ու չգիտես ինչ ճանապարհով դառնում է իշխանավոր, նա իրեն կարող է իրավունք վերապահել միլիոնավոր դրամներ ծախսել իր հաճույքների համար:
Հետո զարմանում են, թե ինչու չեն սիրում իշխանություններին. իշխանություններին չեն սիրում, որովհետև հայրենիքի պաշտպաններն այսօր արհամարհված են, իսկ հայրենիքը վտանգի պահին լքածները մսխում են այս աղքատ պետության բյուջեն, կամ դարձել են օլիգարխներ և իրենց շահերին ենթարկել երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:
Հազարավոր, լուրջ և ֆունդամենտալ կրթություն ստացած հայորդիներ իրենց բարձր գիտակցությունն ի նպաստ են բերում օտար երկրներին, որովհետև Գևորգյանի նման կասկածելի կրթություն ստացածներն այսօր կադրային ջարդ են իրականացնում և ստիպում մարդկանց արտագաղթել:
Ես՝ որպես հայ մարդ և արցախյան ազատամարտի մասնակից, վիրավորված եմ, որ մարտակերտյան դաժան կռիվներին մասնակից Վոլոդյա Ավետիսյանը կասկածելի մեղադրանքներով անազատության մեջ է, իսկ իշխանության վերին օղակներ ամաքուր ճանապարհով սողոսկածները, որոնք դժվարին պահին ստորաբար փախել են հայրենիքից այսօր որբի ու աղքատի բերանից գողացած պետբյուջեի փողերը մսխում են անխնա:
Հանրության մեջ արթնացել է ազգային ինքնապաշտպանության բնազդը, և սկսվում է մի շարժում, որի նպատակն է պայքարել երկիրը թալանողների դեմ և նրանց դեմ, ովքեր այդ թալանը հեքիաթ են անվանում:
Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Վերջերս մի մտահաղացման շրջանակում առիթ եղավ հանդիպելու մոտ հարյուր արցախյան ազատամարտի իրական մասնակից ազատամարտիկների, որոնց հետ զրույցներում կատարած հարցմանս ընթացքում տվել եմ երկու հարց՝ գո՞հ եք ձեր տնտեսական, սոցիալական, հասարակական վիճակից և պատերազմի դեպքում նորից զենք կվերցնե՞ք հայրենիքը պաշտպանելու համար:
Առաջին հարցի պատասխանը միանշանակ բացասական էր, առանց բացառության՝ բոլոր ազատամարտիկների մոտ առկա է դժգոհություն պետության հանդեպ: Նրանք գտնում են, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են սեփական շահի համար և ոչինչ չեն անում ազատամարտիկների ոչ միայն սոցիալական ծանր վիճակը փոփոխելու, այլև հասարակական դիրքը պատշաճ տեղում պահելու համար:
Ընդ որում, բոլորը գտնում են, որ ազատամարտիկների սոցիալական վիճակի վատթարացումն ավելի ակնհայտ է դարձել վերջին 10 տարիների ընթացքում, որի ընթացքում 3-5 անգամ թանկացել է ամեն ինչ, մինչդեռ իրենց սոցիալական նպաստներն ու թոշակները մնացել են նույնը:
Հարցմանը մասնակից 100 ազատամարտիկներից միայն 10-ն էին սոցիալական թոշակ ստանում, իսկ մնացած 80-ը գործազուրկ էին, և 10-ը գործազուրկ չէին համարվում, քանի որ ունեին սեփական գյուղատնտեսական հող:
Ազատամարտիկների համար շատ վիրավորական է, որ իշխանական բոլոր մակարդակներում իրենց օրինական պահանջներն ու դիմումները ընգծված արհամարհանքի են արժանանում: Դրա բացատրությունը նրանք համարում են այն պարզ պատճառը, որ իշխանության բոլոր մակարդակները գրաված գրեթե բոլոր իշխանավորները պատերազմի տարիներին ոչինչ չեն արել և, երբ ազատամարտիկները 4 — 5 տարի մարտնչում էին, նրանք իշխանության աթոռից աթոռ էին բարձրանում: Իսկ այսօր իրենց հայրենիքի ու ազգի նկատմամբ արհամարհանքը տեղափոխվել է այլ դաշտ՝ ազատամարտիկները դա զգում են իրենց հանդեպ:
Անկեղծ ասած, ազատամարտիկների մոտ աճել է դժգոհությունը երկրի նախագահի և Պաշտպանության նախարարի նկատմամբ, որոնք պատերազմական տարիների իսկական հերոսներից վերածվել են իշխանության բուրգի հլու կամակատարների:
Երկրորդ՝ «Պատերազմի դեպքում նորից կգնա՞ք մարտադաշտ», հարցի պատասխանը հուսադրող էր. առանց բացառության բոլորը պատասխանեցին՝ այո: Ազատամարտիկներն այո, վիրավորված են, սակայն նախկինի պես հայրենասեր են ու պատրաստ զոհվելու հանուն հայրենիքի: Որքան ճղճիմ ու փոքրոգի են մեր իշխանավորները, այնքան վեհ ու բարձր է ազատամարտիկների հայրենասիրական ոգին ու նվիրումը:
Հայրենիքը ոչնչով ու ոչնչի հետ համեմատելի չէ. այն բացարձակ արժեք է և վեր ամեն ինչից: Սա բոլորի կարծիքն է: Բայց մտահոգիչ մի փաստ արձանագրեցի՝ բոլորը մարտի գնալուց առաջ, պատրաստ են վրեժխնդիր լինել իրենց նեղացնող իշխանավորներից: Նրանք տալիս էին կոնկրետ անուններ:
Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Հայկական մի քանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող Telemarket-ի գովազդն իր գնորդներին առաջարկում է կենցաղային իրեր, որոնք անպետք են դառնում առաջին իսկ օգտագործումից հետո, իսկ դրանք հետ վերցնելու կամ փոխանակելու մասին խոսք անգամ չի կարող լինել:
Օրերս գնորդներից մեկը վրդովված պատմում էր, որ անորակ ապրանքն առաքիչը այնքան արագ է ներս խցկել, ստորագրել տվել կտրոնն ու հեռացել, որ հետո, երբ ստուգել ու տեսել են, որ ապրանքը չի աշխատում կանգնել են փաստի առջև, քանի որ զանգել են Telemarket, ու պատասխանը եղել է՝ «Դուք ստորագրել եք, ապրանքը ստացել եք, օգտագործելիս՝ դուք եք վնասել»:
«Հայկական Վարկածը» մի շարք հարցումներ կատարեց նաև իր ընթերցողների շրջանում, պարզվում է Telemarket-ից դժգոհողների թիվը շատ ավելի մեծ է, քան կարելի էր ենթադրել:
Telemarket-ի գովազդի վերջում ասվում է, որ եթե նշված ապրանքների միջոցով չկատարվի այն ամենը, ինչ ցուցադրվեց շոուի ընթացքում, ապա գնորդը կարող է հետ վերադարձնել այն 15 օրվա ընթացքում:
Վստահ ենք, որ բոլոր գնորդները պատրաստ են վերադարձնել իրենց գնած իրերը, սակայն ցավոք, դա հնարավոր չէ:
Յուրաքանչյուր գնորդի իբր տրվում է նաև գումարը վերադարձնելու երաշխիք, որն ուժի մեջ է 15 օր: Բայց, ինչպես համոզվել են Telemarket-ի գնորդները, գումարը վերադարձնելու պայմանավորվածությունն իրենց պլանների մեջ չի մտնում:
Գումարը վերադարձնելու երաշխիքում գրված է, որ երաշխիքն ուժի մեջ է, եթե ապրանքը վնասված չէ: Սա գրեթե անհնար պայման է, քանի որ հատկապես Telemarket-ի ապրանքը վնասվում է հենց առաջին օգտագործման ժամանակ:
Մենք փորձեցինք կոնկրետ գնորդի դժգոհությունները ներկայացնել Telemarket-ի տնօրինությանը, բայց այնտեղից չցանկացան մեզ հետ հեռախոսով խոսել, հրաժարվեցին հայտնել հասցեն կամ այլ հեռախոսահամար: Ստացվում ,է որ կազմակերպությունը գաղտնի՞ է գործում: Չարենցի 58 հասցեն փակ է բոլորի առջև:
Սա կարծում ենք արդեն հետաքրքիր է, նամանավանդ, որ ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ նրանք կոնկրետ սպառնալիքներ են հնչեցնում կոնկրետ կառույցի անունից. «Օրեր շարունակ զանգելուց հետո, ես կարողացա կապվել տնօրենի հետ: Ես ասացի, որ կդիմեմ դատարան: Նա էլ պատասխանեց’ գործ կունենաս Ազգային անվտանգության ծառայության հետ: Ես էլ հո չե՞մ ընկնելու ավելորդ քաշքշուկների մեջ»,- ասաց Nicer Dicer ձեռք բերած մի կին, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Մեր օրերում ամենատարբեր մեթոդներով խաբում են գնորդներին, ինչի հետևանքով իրական ապրանքանիշերը կորցնում են իրենց բարի անունը, և հայտնի ֆիրմաները կորուստներ կրում: Հայաստանում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող կամ այդ պաշտպանությունը ստանձնած ՀԿ-ները չափազանց թույլ են և հիմնականում ձևական բնույթ ունեն:
Սպառողների դիմում-բողոքների մամուլում եղած հրապարակումների արդյունքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը արձանագրել է Telemarket ընկերության վաճառած ապրանքների անորակության բազմաթիվ փաստեր:
Ավելին՝ ահազանգերի շարունակականությունը տեղիք է տալիս կասկածների, որ դրանք արտադրողի կողմից կեղծված ապրանքներ են, սակայն որևէ միջոց առայսօր չի ձեռնարկվել, և Telemarket-ն անարգել շարունակում է իր գրդոնը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.