23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

72 համարի ավտոբուսը իմ միակ, մինչև տուն բերող տրանսպորտն է: Առաջ կար նաև 121 համարի երթուղայինը, որը չգիտես ինչո՞ւ 72-ի երթուղայինից ավտոբուս դառնալուց հետո դադարեց երթևեկել, տեսնես գծատերերն ի՞նչ գործարք են արել: Էդ 72-ն էլ դադարում է երթևեկել ժամը 9.00-9.30-ից:
Մեկումեջ երթևեկում եմ կիսախելագար մի վարորդի հետ, որը քշում է էնպես, ասես անասունների է տեղափոխում, աջուձախ ես նետվում անընդհատ, որովհետև նա ոլոր-մոլոր է անում, խաչակնքում ես, երբ անվնաս տեղ ես հասնում, կամիկաձեի նման նստում ես, ու ապավինելով Աստծուն գնում, ողջ ընթացքում լսելով նրա լաբառոշ բերանից դուրս եկող հայհոյանքներն ու ողջ աշխարհի վրա թափվող լուտանքները:
Նա հաստատ հոգեկան հիվանդ է: Ո՞նց է ավտոբուսի, երթուղայինի և տաքսու վարորդների աշխատանքի ընդունման կարգը: Սովետի ժամանակ նրանք անխտիր պետք է հոգեբանական փորձաքննություն անցնեին, վերջ ի վերջո մարդկային կյանքի հետ գործ ունեն: Դատելով 72-ի վարորդից, ոչ մի փորձաքննություն էլ հիմա չկա: Սա իմ եզրահանգումն է: Փորձեցի քաղաքակիրթ ձևով մոտենալ հարցին: Զանգեցի Տրանսպորտի նախարարություն, ասեցին,որ իրենք կապ չունենք, զանգենք քաղաքապետարան, զարմացա, զանգեցի, էնտեղ լրատվական վարչության պետը շատ բարեհամբույր ինձ ասեց, որ իրենք զբաղվում են միայն միջքաղաքային և պետական տրանսպորտի հարցերով, իսկ քաղաքային տրանսպորտի վերահսկողությունը Երևանտրանս ՓԲԸ-ն է իրականացնում:
Զանգեցի էնտեղ,ՓԲԸ –ի ղեկավար պարոն Միրիջանյանը երևի շատ շոգից, թե ինչից համբերություն չունեցավ մինչև վերջ լսել, թե ես ինչ եմ ուզում իմանալ: Մինչ ես կձևակերպեի հարցս` երթուղում վարորդ վերցնելիս ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում, կա՞ արդյոք պարտադիր հոգեբանական փորձաքննություն, նա ինձ վրա-վրա հարցնում էր` «Ի՞նչ պետհամարանիշի ավտոբուս է քշել էդ վարորդը»: Ես ասեցի, որ դա եզակի երևույթ չէ, որ հարցն ինձ ընդհանրապես է հետաքրքրում, քանի որ ողջ քաղաքով երթևեկում են երթուղայիններ, տաքսիներ, որոնց վարորդների հոգեկան առողջության վիճակը դատելով նրանց պահելաձևից, բավականին կասկածելի է:
Նա շարունակում էր ինձնից պահանջել ավտոբուսի պետահամարանիշի համարը: 72-ի «գծատիրոջ» համարն ինձ չտվեցին: Մի՞թե այդքան դժվար է գոնե մի երթուղու վարորդներին ստուգել, դրանք երևի թե էնքան էլ շատ չեն: «Եվ ,ընդհանրապես, ես շա՞տ գիտեմ դուք ո՞վ եք, էսպես մինչև առավոտ ես Ձեզ հետ կարող ա խոսամ, դուք կոնկրետ բողոք ձևակերպեք ու գրավոր դիմում ներկայացրեք` մենք ընթացք կտանք»: Երբ ես ասեցի` «Բայց իմ կյանքն ամեն օր վտանգի է ենթարկվում էդ ավտոբուսով երթևեկելիս, ինչ-որ բան չե՞ք կարող ձեռնարկել, հաջորդ անգամ էդ վարորդը կարող է ինձ տեղ չհասցնել արդեն, նա էնպես է խոսում, էնպես է իրեն պահում, որ հաստատ հոգեկան խանգարում ունի»: Միրիջանյանը պատասխանեց. «Է, խոսալը հիմք չի, խանութում էլ վաճառողուհին կարա կոպիտ պատասխանի, ուրեմն նա էլ ա՞ վտանգի ենթարկում Ձեր կյանքը: 41 թվից ա մեր քաղաքի տրանսպորտը սենց, մենք սոցիալական հարցեր չենք լուծում»:
Նորից զանգեցի քաղաքապետարան, ուր արժանացել էի բարեհամբույր վերաբերմունքի, բողոքս ասեցի, քանի որ Միրիջանյանն ինձ ասել էր` «Թող ով քեզ տվել ա համարը, նա էլ զանգի, ու ասի որ ես խոսամ»: Վարչության պետն ինձ խորհուրդ տվեց էլփոստով դիմում գրել, որպեսզի քաղաքապետարանը կարողանա ինչ-որ բան պարզել ու լուծել էդ հարցը:
Մարդու կյանքը ինչքա՞ն են գնահատում «գծատերերը»: Ինչո՞ւ են թույլ տալիս, որ մեզ սպասարկեն հոգեկան անհավասակշիռ վարորդներ: Ո՞վ պիտի դրանով զբաղվի, ինչո՞ւ ենք մենք էսքան անտարբեր սեփական ապահովության նկատմամբ:
Երբ ինչ-որ ավիավթար է լինում, բոլորը խառնվում են իրար, չնայած էլի ոչինչ չեն կարողանում պարզել, բայց գոնե ուշադրության կենտրոնում է: Չնայած նրան, որ ավտովթարներից շատ ավելի մարդ է զոհվում, քան ավիավթարներից:
Մի տաքսու վարորդից հարցրեցի, ո՞նց են ձեզ գործի վերցնում, թարմ «փսիխո» պահանջո՞ւմ են: Ասեց` «Տո չէ հա, վարորդական իրավունքի վախտ ստացածով են վեկալում»: Քաղաքապետարանից ինձ ասեցին, որ ամեն երթուղային պետք է ունենա բուժակներ, որ պետք է ամեն օր վարորդները ստուգվեն` ճնշում, սթափություն և այլն: Բայց բուժակներ նախ դժվար լինեն, չեմ հավատում, էդպես լիներ անգործ բուժակ չէր լինի Երևանում, հետո էլ, բուժակը ո՞նց կարա հոգեկան առողջության մասին բան ասի: Ինձ պատահել են խմած վարորդներ` հոտը փչում էր, ճիշտ է, էդ հարցը ես հենց նույն օրն էլ լուծել եմ զանգելով տաքսի ծառայություն, կոպիտ վարորդներ` դա մենթալ է երևի, «ռաբիս»-ը ուղեկցում է անպայմանորեն… Էդ բոլորի վրա դեռ կարելի է աչք փակել, բայց ո՞նց չխոսաս, երբ կյանքդ է վտանգվում ամեն օր, ու այլընտրանքը մնում է տաքսին, ես չեմ կարող հրաժարվել 72-ով երթևեկելուց…դա իմ միակ տրանսպորտն է…
Դիմում-բողոք իհարկե կգրեմ, ու անպայման տեղյակ կպահեմ ընթացքին, բայց ինձ հուզում է ևս մի հարց. Ինչո՞ւ եմ միայն ես բողոքում, չէ՞ որ էդ գծի վրա հարյուրավոր մարդիկ են երթևեկում: Իսկ միգուցե մարդիկ անտարբե՞ր են դառնում, որովհետև նրանց ձայնը տեղ չի հասնում ու միրիջանյանները նրանցից էլ են պահանջում գրավոր դիմում — բողոք բերել, որը ավելի շուտ ցրելու միջոց է, քան հարցին ընթացք տալու պատրաստակամություն, թե չէ իրենք չգիտե՞ն ինչ է կատարվում։ Բայց դե էդպես էլ ճիշտ չի. Ասենք, ընթացքի ժամանակ կիսախելագար վարորդի հետ բանավեճի մեջ մտնելը հղի է վթարով, բայց հետո՞, հետո հո կարելի է բողոքել ու գոնե սեփական անվտանգության վրա թքած չունենալ:
Երբ ես ավտոբուսում մի անգամ փորձեցի վարորդին կարգի հրավիրել ասելով` «Կամաց քշեք, անասուններ չեք տեղափոխում», մի ինտելիգենտ տիկին ասեց. «Սուս, ավարյա կտանք», իսկ երբ ես ասեցի, որ պատրաստվում եմ բարձրաձայնել էդ մասին, ասեց. «Վայ տենց բան չանեք, թե չէ գիծը կհանեն կմնանք առանց 72-ի»: Ի՞նչ ասես, ասես որ շատերն են գժվել, որ սեփական կյանքը համարում են քիչ կարևոր, քան 72-ի գծի մեջ մնալը… Չգիտեմ, դուք ասեք:
Նկարում` 72-ը ներսից, փոքրիկ հայելու մեջ կիսախելագար վարորդի չերևացող դեմքն է:
Լուսինե Վայաչյան
Մերի Մակարյան
«Շանթ» հեռուստաալիքի հաղորդավար
Ես հեռուստացույց չեմ նայում, եթե նայում եմ, ապա միայն կաբելայինով որոշ ֆիլմեր կամ Դիսքավըրից ինչ-որ բան: Հայկական հեռուստալիքների վրա ընդհանրապես վաղուց խաչ եմ քաշել` նայելու բան չկա:
Ընկերներիցս մեկը, որն արտույտ է, խորհուրդ տվեց նայել «Առավոտը Շանթում» ծրագիրը: Ասաց, որ վարողներից մեկը` շատ սիրուն մի աղջիկ է: Ուրբաթ առավոտ միացրեցի, երեք կին էին, ու մի տղամարդ: Վիոլետ Գրիգորյանն էր, Անուշ Առաքելյանն ու Մերի Մակարյանը: Սկզբում մի քիչ նյարդայնացա, ինձ ոչինչ ուշագրավ չթվաց, մտածեցի, որ երևի չարժեր արթնանալ այն նայելու համար: Հետո, ուշադրությունս գրավեց աղջկա անմիջականությունը, հետուստախցիկի առջև համարձակ ու անկաշկանդ շփվելու կարողությունը, որը թերևս մեր հայ հեռոստահաղորդավարների մոտ կամ բացակայում է, կամ ցինիկության է հասնում իր չափից դուրս ցուցադրական լինելով: Դիմեցի Մերիին հարցազրույցի համար ու մենք հանդիպեցինք: Էկրանից գրիմի պատճառով, կարծես, ավելի մեծ էր երևում, կյանքում անհամեմատ դեռատի էր ու հաճելի:
— Մերի ջան, ո՞նց ես էդքան ջահել, 24 տարեկանում կարողացել հասնել ուղիղ եթեր վարելու վարպետության այն էլառավոտյան հաղորդման հաղորդավարի դիրքի, նամանավանդ, ժողովրդական ալիքի, ինչպիսին «Շանթ»-ն է:
— Ես երբեք ոչ մի բանի համար չեմ պայքարել, հատուկ ոչինչ չեմ արել։ Ամեն ինչ կարծես թափվել է իմ գլխին։ Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, հետո, քանի որ այդ տարիներին բոլորը համատարած երգում էին, որոշեցի ընդունվել համալսարանի բանասիրականը: Բայց միշտ երազել եմ երգել: Մի ժամանակ աշխատում էի «Պարադիզ» ստուդիայում, գովազդ էի կարդում, ֆիլմեր կրկնօրինակում, հետո հրավիրեցին հայկական երկրորդ հեռուստաալիք` վարելու «Օդից փող» խաղը: Այդ խաղն ինձ համար շատ լավ պրակտիկա էր, որովհետև ես մի ամբողջ ժամ պիտի հեռուստադիտողին կարողանայի պահել էկրանի առջև ու ստիպել գուշակել բառը և sms հաղորդագրություններ ուղարկել: Ու թե ամբողջ ժամանակ ես ի՞նչ պիտի խոսեի,ինչ՞ից, եթե ասելիքը կրկնվում էր. ո՞նց պիտի մարդկանց էդքան ժամանակ պահեի էկրանների առաջ, ոչ ոք ինձ չէր ասում: Դա տաժանակիր աշխատանք էր:
— Վա՜յ, խեղճ աղջիկ:
— Չէ, այն ինձ սովորեցրեց անկաշկանդ խոսել ու ելք գտնել խցիկի առջև ցանկացած իրավիճակներում:
— Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր «Շանթ»-ում, էս հաղորդման մեջ, քեզ դո՞ւր է գալիս հաղորդման ֆորմատը, դու բավականաչափ ազա՞տ ես էստեղ:
— Ես «Շանթ»-ի սերիալներն էի կրկնօրինակում, կարդում տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններ, թարգանաբար ներկայացնում էի դիսքավերի ծրագիրը, ինձ գիտեին, ու առավոտյան հաղորդման պրոդյուսերն հրավիրեց կաստինգի: Հոկտեմբերից էլ վարում եմ այս հաղորդումը: Եթեր մտա առաջին անգամ Ավետ Բարսեղյանի հետ, որին ես անչափ շնորհակալ եմ եթերում կողմնորոշվելու մեջ ինձ օգնելու համար: Ինձ համար նա մեր համար թիվ մեկ հաղորդավարն ու շոու-մենն է: Հաղորդման ֆորմատը շատ լավն է, ամեն ինչ սրտովս է։ «Շանթ» հեռուստաալիքը ընտանեկան, ամեն ինչ չափի մեջ հեռուստաալիք է, որտեղ դու և ազատ ես, և պատասխանատու քո յուրաքանչյուր ասածի համար: Կան ալիքներ, որտեղ ոնց ուզում խոսում են, դա ինձ դուր չի գալիս: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ձեռք կբերեմ ավելի մեծ վստահություն, հետևաբար` ազատություն: Պատանեկության տարիներին հաղորդավարներն ինձ համար լեգենդ էին, հեղինակություն, բայց հիմա ամեն մարդ կարող է մտնել հեռուստատեսություն,ու իրեն թույլ տալ գռեհկաբանել։ Հեռուստատեսության վարկանիշը հենց այդպես է ընկնում:
— Դու կյանքում ավելի երիտասարդ ու գեղեցիկ ես, քան էկրանին: Ինձ թվում է, ձեր գրիմը ճիշտ չեն անում:
— Դե, տեսախցիկն ընդհանրապես մեծացնում է մարդու տարիքը, իսկ գրիմը…Ի՞նչ ասեմ:
— Երբ դու հաղորդման ես գնում, նախապես սցենար ունենու՞մ ես:
— Այո, իհարկե, նախ մենք ինքներս ենք նախապատրաստում հաղորդման նյութերը, թարգմանում ենք, հետո խմբագիրը հաստատում է սցենարն ու մենք պարապում ենք:
— Ես բու եմ, և իմ աշխատանքի բնույթն ինձ թույլ է տալիս այդպիսին լինել: Բայց կար ժամանակ, երբ ես առավոտյան շուտ էի արթնանում, միացնում էի հեռուստացույցը ֆոնի նման, ու ինձ շատ հաճելի էր տեսնել այնտեղ գեղեցիկ դեմքեր, լսել գեղեցիկ ձայն, հետաքրքիր նյութեր: Հիմա, մեր հեռուստատեսության մեջ դա շատ հազվադեպ է: Եթե չկա հետաքրքիր ինֆորմացիա, ապա գոնե ակնկալում ես գեղեցիկ դեմք տեսնել, որը համարյա թե չես գտնում: Դու հաճելի բացառություն ես, գտածո ես եթերի համար: Ի՞նչ դեր է խաղացել քո կյանքում քո բնատուր հմայքն ու գեղեցկությունը: Ավելի շատ օգնե՞լ է, թե՞ խանգարել քեզ:
— Ավելի շատ օգնել է, չնայած եղել են դեպքեր, երբ խանգարել է: Երբ գեղեցիկ ես լինում, կողքդ շատ մարդիկ են հավաքվում, հաճախ չես կարողանում կողմնորոշվել ճիշտ ընտրություն անել, քեզ թվում է, թե դու կարող ես ընտրել ում ուզես, և հենց այդ ժամանակ կարող ես սխալվել:
— Ասում են, հեռուստատեսություն մտնելու համար շատ դեպքերում երիտասարդները ստիպված են լինում անցնել պրոդյուսերների, հեռուստաալիքիների ղեկավարների անկողնու միջով: Քեզ նմանատիպ առաջարկներ արվե՞լ են, ինչպես՞ է քեզ հաջողվել խուսափել դրանից:
— Անուններ չեմ տա, բայց եղել են: Սովորաբար խուսափել եմ ցինիզմին ցինիզմով պատասխանելուց: Եվ ես այնքանով եմ երջանիկ, որ կարողացել եմ այդ ամենը շրջանցելով հասնել այս ամենին:
— Ինչպիսի՞ն է եղել քո առաջին հաղորդումը, չէի՞ր վախենում: Ո՞վքեր են քո հաղոդավար ընկերները:
— Առաջին անգամ Ավետ Բարսեղյանի հետ եմ եթեր մտել, մտածում էինք, ձայնագրենք նոր, բայց շատ բնական ու անկաշկանդ մուտք եղավ, ու այդպես էլ գնաց: Վարել եմ Ավետի հետ, Արամ mp3-ի ու Հայկ Պետրոսյանի: Մենք երեք զույգ ենք` տղա-աղջիկ, ու եթեր ենք դուրս գալիս հերթով: Ուրբաթ օրերին էլ երեք տարբեր ոճի և մտածելակերպի կանանցով, հրավիրում ենք մի հայտնի տղամարդու և զրուցում նրա հետ հիմնականում կին-տղամարդ հարաբերությունների շուրջ:
— Վիոլետի, Անուշի հետ լա՞վ ես, ընդհանուր լեզու գտե՞լ եք, յոլա գնո՞ւմ եք:
— Հա, իհարկե, նրանք ավելի փորձառու են և օգնում են ինձ: Իմ հարցերը մի քիչ այսպես ասած, «վարդագույն ակնոցներով» հարցեր են, Վիոլետինն ավելի պրովոկացիոն: Ինձ հաճախ հարցնում են` Վիոլետի հետ «լավ չե՞ք», բայց դա այդպես չի, ուղղակի, ես երևի թե անմիջական, շատ հաճախ գովազդի ընթացքում կայացած զրույցը, սահուն տեղափոխում եմ եթեր, բայց դե Վիոլետն էլ լավ հումորի զգացում ունի, և մենք ուղղակի մի լավ ծիծաղում ենք:
— Ունե՞ս ինչ որ հետաքրքիր իդեաներ, ուզո՞ւմ ես ինչ-որ հեղինակային նախագիծ ունենալ:
— Ունեմ, բայց դեռ վաղ է, երբ ժամանակը գա, ինքը իմաց կտա:
— Քեզ ճանաչո՞ւմ են փողոցում, լինո՞ւմ են ինչ-որ տհաճ դեպքեր:
— Ինձ միշտ էլ նայել են, հիմա, երբ նայում են, չեմ կարողանում հասկանալ, ճանաչե՞լ են` նայում են, թե` ուղղակի նայում են: Տհաճ դեպքեր կարծես չեն եղել, հուսով եմ, չեն էլ լինի:
— Երգին, երաժշտությանն ընդմի՞շտ ես հրաժեշտ տվել:
— Չէ, ես երաժշտություն եմ դասավանդում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցում, և ինձ համար դա շատ եմ կարևորում, ես նրանց օգնում եմ, և դա ինձ է պետք, ուզում եմ ինչ-որ լավ բան անել մարդկանց համար: Երեխաներն ինձ շատ սիրում են, ես էլ նրանց։ Ճիշտ է, դժվար է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը: Դա ինձ համար զուտ աշխատանք չի, ես ուզում եմ մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխել դեպի լավը։
— Նրանք գիտե՞ն, որ դու հաղորդավար ես:
— Այո, գիտեն, և հպարտանում են, որ իրենց ուսուցչուհին հեռուստատեսային դեմք է: Ես միջոցառումներ եմ կազմակերպում այնտեղ, զանազան բարեգործական համերգներ: Միևնույն ժամանակ ես անհասանելի չեմ, նրանք կարող են ինձ գրկել, համբուրել, ու դրանից իրենց լավ են զգում: Ընկերներս շատ օգնում են հագուստով, նվերներով, գալիս են ինձ հետ երեխաներին այցելելության: Այնտեղ կան երեխաներ, որոնց ծնողները կամ բանտում են, կամ զրկված են ծնողական իրավունքներից: Նրանք սիրո ու հոգատարության պակաս ունեն, որը ես փորձում եմ լրացնել: Ես շատ անմիջական եմ շփման մեջ, կարող եմ խաղալ, վազել նրանց հետ, երբեմն միջանցքում ինձ շփոթում են աշակերտների հետ:
— Փաստորեն, Մերի Մակարյանը նաև ուսուցչուհի է:
— Այո, և կաշխատեմ ինչքան հնարավոր է երկար լինել ուսուցչուհի, դա ինձ դուր է գալիս:
— Մոտ ժամանակներս ամուսնանալ պատրաստվո՞ւմ ես ։
— Ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա այստեղ էլ ես այն կարծիքին եմ, որ էլի պիտի ինքը գա, պիտի էլի թափվի գլխիս երբ ժամանակը գա: Երեխաներ, իհարկե կունենամ: Ինձ համար կյանքում առաջին տեղն ընտանիքին է պատկանում, ես ընտանիքում եմ ինձ տեսնում կայացած:
— Բայց դու գեղեցիկ աղջիկ ես, նաև խելացի, ու այդքան ջահել, արդեն հաջողություններ ունես: Մի՞թե դու պատրաստ ես խաչ դնել քո կարիերայի վրա հանուն ընտանիքի: Դու չես կարող լինել միայն կին ու մայր, իմ կարծիքով դա քեզ չի բավարարի, և չի կարելի այսպիսի գեղեցկությունը փակել տանը:
— Կաշխատեմ համատեղել:
-Գո՞հ ես «Շանթ» հեռուստաընկերությունից, այն բավականաչափ դեմոկրա՞տ է քեզ համար:
— Ամեն ինչ նորմալ է: «Շանթ»-ն ունի իր ուրույն, անկրկնելի կոլորիտը, քաղաքակիրթ մոտեցում է ցուցաբերում իր կադրերին, գիտի նրանց գինն ու գնահատում է ըստ արժանվույն:
— Ես կուզեի քո տեղը լինել բոլոր ասպեկտներով: Ուզում եմ հասկանալ, ո՞նց է լինել գեղեցիկ, քեզ լա՞վ ես զգում։
— Դե, նորմալ է: Միայն երբ ինձ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ, համ դուր է գալիս, համ ինչ-որ տեղ` չէ: Դուր է գալիս նրա ոճը, գեղեցիկ աղջիկ է, բայց չեմ սիրում այդ նույնացումը, քանի որ նա հայտնի է ոչ թե իր գեղեցկությամբ, այլ նրանով, որ իր գեղեցկությունը սարքել է ապրանք:
— Իսկ եթե «Շանթ» հեռուստաընկերությունը Քիմ Քարդաշյանին հրավիրի քո հաղորդման հյուր, ի՞նչ կանես: Կասե՞ս, որ իրեն նմանությունը քեզ տհաճ է:
— Կփորձեմ ապացուցել, որ հնարավոր է հասնել շատ բաների, առանց մարմինն ապրանք դարձնելու:
— Կուզե՞ս շատ փող ունենալ:
— Այո, դա ազատություն է տալիս: Ես կուզեմ ունենալ այնքան փող, որ կարողանամ արժանապատիվ ապրել իմ երկրում, որը շատ սիրում եմ:
— Եվ վերջին հարցը: Ո՞րն է քո կյանքի կրեդոն, ամենամեծ սկզբունքը, որով դու առաջնորդվում ես:
— Կյանքն ինձ ամեն օր զարմացնում է, չեմ դադարում զարմանալ: Շատ երջանիկ եմ, որ մինչև այսօր հանդիպել եմ միայն լավ մարդկանց: Երևի թե, կրկնվեմ, բայց կարևորն ինձ համար լավ ընտանիք ունենալն է: Ոչինչ չպահանջել կյանքից, այլ ապրել` ձգտելով օգնել մարդկանց, այդ ժամանակ երևի ամեն լավ բան ինքը կգա ու կթափվի գլխիդ: Ու մեկ էլ մենակ չլինել, մենակ մարդը ոչ ոքի պետք չէ:
Լուսինե Վայաչյան
Առաջին անգամ Թուրքիայում եղել եմ 7-8 տարի առաջ: Վերջերս կրկին Ստամբուլում էի: Առաջին անգամ իսկական թուրք տեսա Երևան — Ստամբուլ ավտոբուսի կանգառներից մեկում ու իմ չտեսությունից զարմացած ուղեկիցներիս, անընդհատ հարցնում էի` դրանք իսկակա՞ն թուրք են, թե՞ ադրբեջանցի: Հայկական ջարդերի մասին հնարավոր գրականությունը կարդացած ու սելջուկին հիվանդագին ընկալող իմ մտահորիզոնում ,ինչքան էլ ժամանակակից թուրքին այլ կերպ ներկայացնեն, բերում հարմարեցնում եմ իմ իմացած ու տարիների հետ թրծված թուրքի կերպարին:
Ադրբեջանցիներ ես տեսել էի մանկուց` մեր հարևանությամբ գտնվող տներից մեկում,որտեղ մի ողջ գերդաստան էր ապրում, 88 –ից հետո հեռացան: Կարմիր ներկած մազերով կանայք էին ու չար հայացքով նիհար ու դժգոհ դեմքով տղամարդիկ: Առաջին հայացքից իմ հարևաններն ու տեսածս թուրքերը նման չէին իրար.Առաջինները, ճիշտ է ,շփվում էին հարևանների հետ, բայց միշտ զգոն էին ու անվստահ։ Իսկ հանդիպածս թուրքերը սովորական մարդիկ էին` աննշան արտաքինով, հասարակ սպասարկողներ, պատրաստակամ ու անտարբեր, որոնց կարելի է հանդիպել ցանկացած մեծ ճանապարհի մերձակա օբյեկտներում:
Դեռ Երևանում ` ճանապարհելուց առաջ,ինձ զգուշացրել էին, որ թուրք տղամարդիկ հայ կանաց հետ ծանոթությունը սկսում են մի գավաթ թեյի առաջարկից: Ես նախատրամադրված էի, երբ հասանք Ստամբուլ ու հասարակական զուգարանի առջև նստած թուրքը ինձ առաջարկեց մի գավաթ թեյ, ես պարզապես փախա այդտեղից` առանց օգտվելու նրա հսկողությանը հանձնված հաստատության ծառայությունից: Հետո երկար հիշում ու ծիծաղում էի առաջին օրվա իմ վախի վրա:
10-15 օրվա ընթացքում ինչքանո՞վ հասցրեցի պարզել` չգիտեմ, բայց թուրք առևտրականը, ծառայողը, սովորական մարդ էր, որ, ճիշտ է, փորձում էր խոսք գցել փողոցով քայլող օտարերկրացի կնոջը, բայց ոչ ավելին: Մնացածը կնոջ կամքին էր թողնված: Իմ հայրենակից կանայք հաճախ են դրսևորում այդ կամքը: Երբ երկրորդ այցիս ժամանակ հայուհին իր կրած թուրքի ազգանունը հպարտությամբ արտասանեց… (ես ոչ ռոմանտիկ եմ, ոչ էլ չափազանց զգայուն, բայց եղեռն ապրած պապիս արյունը ամեն անգամ իրենն ասում է)այդ կնոջ նկատմամբ ատելություն զգացի:
Ստամբուլում հանդիպեցի բնիկ պոլսահայերի: Նրանք ապրում են բարեկեցիկ կյանքով, կան մեծահարուստներ , պաշտոնյաներ, սեփական բիզնես ունեցող արհեստավորներ, բոլորն էլ կապված են միմյանց հետ: Պոլսահայ համայնքը բավականին մեծ է ու կազմակերպված, բայց ինչպես հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականն ասաց` ապրում են ինչպես վառոդի տակառի վրա: Նրանցից շատերը թուրքական ազգանուն են կրում ու ասում են ,թե պարտավորված են, այլապես` բարդություններ կծագեն: Պոլսի հնաբնակները միջոցառումներ են կազմակերպում Հինալե կոչվող կղզու իրենց շքեղ ամառանոցներում, ամուսնանում են միայն իրենց շրջանի մարդկանց հետ, զբաղեցնում են բարձր պաշտոններ, բայց չափազանց զգույշ են:
«Աղջիկս, մենք երբեք չենք մոռանում, որ Թուրքիայում ենք ապրում»,- ասում էին նրանք։ Ու հնարավոր էլ չէ մոռանալ, թուրքերը պատրաստ են հիշեցնելու ցանկացած պահի, հարմար առիթով, եթե հանկարծ համարձակվես «կոշտուկները» տրորել: Պատրիարքարանում առավել զգույշ են, մուտքի մոտ ոստիկանության մեքենա էր կանգնած, ասացին, որ Դինքի սպանությունից ի վեր միշտ հսկողություն կա: Պատրիարքարանի պահակակետում թուրք պաշտոնյա էր նստած,երկար բանակցություններից հետո, միայն համաձայնվեց կանչել որևէ պատասխանատուի, կասկածող ու քննախույզ հայացքներով մարդիկ էին շրջում պատրիարքարանում: Նույնը եկեղեցուն կից վարժարանում, որի տեսուչը խիստ պաշտոնական ու սառը և հազիվ էր պատասխանում մեր հարցերին, իսկ հատուկենտ երևացող երեխաները վախվորած ծիկրակում էին պատի անկյունից։ Ինչ որ ճնշվածություն կար, որ այլ գաղթօջախի հայի մոտ չես հանդիպի ու ակամայից սկսում ես հասկանալ պոլսահայերի զգոնության անհրաժեշտությունը:
Պոլսի հնաբնակները չեն ընդունում Հայաստանից գնացած հայերին ու համարյա չեն շփվում նրանց հետ: Սևագործ ու իրենց կարծիքով ոչ պատվաբեր աշխատանքով զբաղված իրենց հայրենակիցներին, պոլսեցիները լավագույն դեպքում հանդիպում են եկեղեցում, բայց «երես չեն տալիս»: Ինձ հետաքրքիր էր նաև նրանց կյանքը ու խնդրեցի ինձ տանել այդ բնակատեղին: Հանրակացարան հիշեցնող մի մեծ սենյակում 7-8 մահճակալ էր դրված արաբների / նրանց թուրքերը համարում են ցածրակարգ աշխատուժ/ հետ, մի քանի հայ տղամարդիկ էին ապրում: Նրանց կիսամաշ հագուստից ու տանջահար տեսքից կարելի էր կռահել, որ ծանր աշխատանք են անում ու լավ չեն սնվում: Պատմեցին, որ մի քանի տարի է այստեղ են, աշխատում են ու գոյատևում: Բանակից փախած երիտասարդներ կային, ընտանիքը կորցրած մարդիկ: Կային նաև` ընտանիքով գաղթածներ: Ստամբուլում անլեգալ ապրող հայ երեխաները հաճախում էին դպրոց հասկացության հետ որևէ աղերս չունեցող շինության մեջ գործող մի ինչ որ խմբակի, որտեղ որևէ կարգի փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող: Բացատրեցին, որ դա էլ արվում , որ երեխաները կարդալ- գրելը չմոռանան:
Թուրքիան հսկայական ու հարուստ երկիր է, նրա քաղաքացին կարող է իրեն թույլ տալ շատ ավելին, քան մեզանում, բայց յուրաքանչյուրն իր գործն այնպիսի ջանասիրությամբ է անում, որ ապշում ես: Մենք հաճախ ճաշում էինք մի ռեստորանում, որի տերը անձամբ էր մոտենում հաճախորդներին ու հարցնում յուրաքանչյուրի կարծիքը: Հնարավո՞ր է պատկերացնել, որ մեր բարձրակարգ ռեստորանի տերը շրջի սրահում ու հարցնի թե իր հաճախորդը գո՞հ է սպասարկումից, կամ ի՞նչը նրան չի բավարարում: Չնայած դրան թուրքերն օտարամոլ չեն, ու ցանկացած պարագայում առաջինը սպասարկում են նախ իրենց հայրենակցին: Թուրքիայի դրոշի ու Աթաթուրքի պաշտանմունքը զարմանալի որակներ են կրում: Հավատքը` իրական ու կենդանի, զգում ես ամենուր: Օտարին նրանք միայն որպես բիզնեսի աղբյուր են ընկալում, ու պատրաստ են ծառայելու, սակայն դժվարությամբ են հաշտվում, երբ խոսքը վերաբերվում է ազգայինին.
«Արարատ» անունը կրող ռեստորանը գտնվում է Ստամբուլի բանուկ մասում ու դրսում գտնվող հատվածը միշտ մարդաշատ է: Գայթակղիչ էր նեոնային շքեղ լույսերով գրված «Արարատը»: Ինձ այնտեղ տանող անձին երախտապարտ, փորձեցի ճշտել, թե ո՞վ է ռեստորանի տերը: Պարզվեց, որ «Արարատը» Նախկին հայ տիրոջից գնել է ոմն ադրբեջանցի, նրանից էլ ներկայիս թուրք տերը, ու քանի որ անունը հայտնի է ու շատ հաճախորդներ է բերում, որոշել են չփոխել: Անձեռոցիկների վրա լեռան մեկ գագաթն էր պատկերված: Ես կանչեցի մենեջերին ու հարցրեցի թե ինչո՞ւ է պատկերված Արարատի մեկ գագաթը, թուրք մենեջերը բացատրեց, որ Արարատը լեռան անուն է, որը գտնվում է Թուրքիայում: Ես էլ նրան ասացի, որ ես լավ գիտեմ` դա հայերին է եղել ու մեկի փոխարեն երկու գագաթ ունի: Նա լսեց, լսեց ու կասկածանքով սկսեց նայել ինձ: Մինչ այդ նա, որ ավագ կարգադրիչն էր, և մյուսները, որ ընդգծված ուշադիր էին, ու հոգատարությամբ պտտվում էին սեղանի շուրջը, սկսեցին հեռվից անբարյացկամ հայացքներ ուղղել մեր կողմը: Իսկ երբ ես լուսանկարում է«Արարատը» -ի վահանակը, նրանց խեթ հայացքները առավել սևեռուն էին դարձել:
Ռ.Ա.
Հ.Գ. նյութը պատրաստ էր ,երբ պատմեցին, որ «Արարատ» ռեստորանը այրել են ու դա այլևս չի գործում։
ՀՀ-ում ամենախիստ կառույցներից մեկն, ինչպես հայտնի է, Ճանապարհային ոստիկանությունն է: Ճանապարհային հարյուրավոր ոստիկաններն ամեն օր առանց դադարի ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին` առանց այլևայլության պատժելով նրանց անգամ ամենաաննշան զանցանքների համար: ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, խոսելով այս կառույցում իրականացված բարեփոխումների մասին, պատեհ — անպատեհ շեշտում է այն, որ ճանապարհային ոստիկանների համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ և խախտում անելու դեպքում անկախ զբաղեցրած պաշտոնից անկասկած պատժվելու են:
Կարելի է չկասկածել, որ ոստիկանապետը իսկապես սրտանց ցանկանում է, որ իր ղեկավարած կառույցում լինի հենց այնպես, ինչպես նկարագրում է իր ելույթներում, այլ հարց է, թե ոստիկանապետի ելույթները որքանո՞վ են տեղ հասնում, որքանո՞վ են մեր ճանապարհային ոստիկաններն առաջնորդվում իրենց գլխավոր ղեկավարի` ՀՀ ոստիկանապետի հրահանգներով և, առհասարակ ,բանի տեղ դնում են ստորադասները ոստիկանապետին: Այս լուսանկարը հենց դրա վկայությունն է, որին նայելով կարելի է միանգամից պատկերացում կազմել, թե ինչպես են կատարվում ոստիկանապետի հրահանգները և, ընդհանրապես, ՀՀ-ում ում խախտում անու՞մ են ոչ սովորական մահկանացուները ու ինչ է հետևում դրան: Եթե միջին հնարավորության տեր վարորդին կարող են պատժել սխալ կայանելու համար և հանել մեքենայի համարները, կամ էլ իջեցնել տուգանային հրապարակ,արտոնյալ խավին `համակարգի աշխատակիցներին, դա չի սպառնում. Ոստիկանությանը պատկանող հիշյալ ավտոմեքենան, ակնհայտորեն խախտելով երթևեկության կանոնները, տևական ժամանակ կայանել էր ռադիոտան մոտ, լուսացույցից դիմացի հատվածում, մինչդեռ այդ տարածքում շրջող և պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններից և ոչ մեկի մտքով չանցավ` հիշյալ կարգազանց ոստիկանին գոնե զգուշացնել:
Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը նշանակելու է հայոց լեզվի գործառույթների պասիվացում: Լրագրողների հետ հունիսի 17-ի զրույցում այս մասին հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա, եթե հիմնական հետազոտական, վերլուծական, վարչական, իրավական միտքը պետք է զարգանա մի միջավայրում, որի լեզվի կրողը այլ լեզվամտածողություն ունի, ապա հայերեն լեզուն այլեւս չպիտի կիրառվի այդպիսի ոլորտների համար: Այսինքն, ըստ նրա, հայերենը պետք է ծառայի որպես կենցաղային խոսակցական լեզու եւ կառաջանա հայոց լեզվի ստորակարգում:
Գրականագետ Վարդան Դեւրիկյանի խոսքերով, ով խիստ բացասական է վերաբերվում խնդրին, կրթության պատասխանատուները ցույց տվեցին, որ ՙկամ իրենք բավարար կամք չունեն, որպեսզի օտար լեզուն բարձր մակարդակով անցնեն բոլոր դպրոցներում, կամ էլ մեր կյանքում եղած սոցիալական խտրականությունն, արհամարհանքը փոխադրեցին դպրոց՚: Ըստ նրա, օտարալեզու դպրոցների ստեղծումը անթույլատրելի է եւ ամենամեծ խայտառակությունն է Հայաստանի անկախացման 20-ամյակի նախաշեմին:
ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությամբ հղիությունների 45%-ը ավարïվում են աբորտով: Իսկ կանանց 37%-ը իրենց կյանքի ընթացքում ունեցել են առնվազն մեկ աբորտ: Այս կանանց շրջանում 65%-ն ունեցել է 2 կամ ավելի աբորտ.
Չնայած վերջին տարիներին աբորտների թիվը զգալիորեն նվազել է, մեր երկիրը տարածաշրջանում Վրաստանից հետ է և առաջ Ադրբեջանից, սակայն խնդիրը մնում է հրատապ։
Ըստ ԱՆ պաշտոնական վիճակագրության կյանքի ընթացքում ունեցած աբորտների տոկոսն ըստ կրթական մակարդակի ամենաբարձրը միջնակարգ և միջին մասնագիտական կրթությամբ կանանց մոտ է, նրանք միասին կազմում են 84%, հիմնական ընդհանուր և բարձրագույն կրթությամբ կանայք յուրաքանչյուրը կազմում են 27%: ՀիմնակաÝ ընդհանուր կրթությամբ կանանց թիվը քիչ է, քանի որ հղիությունները մեծ մասամբ ավարտվում են ծննդաբերությամբ:
Աբորտի գինը ոչ միայն դրամական արժեք ունի, այն ունի ավելի խորը հոգեբանական արժեք, չնայած աբորտից հետո ավելի շուտ կինը թեթևություն է զգում, քան ծանրություն, քանի որ ամեն ինչ արդեն հետևում է լինում:
Վճարովի , ինչպես և որոշ սոցիալական խմբերի համար անվճար աբորտը անպայման կատարվում է միմիայն հիվանդանոցային պայմաններում, ամբուլատոր պայմաններում աբորտ կատարել չի թույլատրվում։
Ցավազրկմամբ աբորտները հիմնականում կնոջ թե հոգեբանական, թե ֆիզիկական դաշտի վրա ավելի քիչ են ազդում, քան առանց ցավազրկման արվածները: Չնայած ցանկացած աբորտ վնասակար է առողջությանը, ժամանակակից վիրաբուժական միջոցները վնասը հասցրել են մինիմալի, ու որակյալ մասնագետի կողմից իրականացված աբորտը համարյա բացասական հետևանքներ չի թողնում:
ՀՀ օրենքը չի թույլատրում աբորտներ 12 շաբաթականից ավելի հղիության ժամկետում, եթե չկան հատուկ բժշկա-սոցիոլոգիական ցուցումներ: Իսկ այդ ցուցումները հետևյալն են.
1.Եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում:
2.Եթե կնոջ ամուսինը մահացել է հղիության ընթացքում:
3.Եթե կինը դատապարտված ազատազրկման է կամ գտնվում է ազատազրկման մեջ:
4.Եթե կնոջ ամուսինը դատապարտված է ազատազրկման կամ գտնվում է ազատզրկման մեջ:
5.Ծայրահեղ աղքատությունը, որը ֆիքսված է սոցիալական մարմինների կողմից:
6.Մյուս բոլոր դեպքերում 12 շաբաթականից ավելի պտղի հեռացումը քրեորեն պատժելի արարք է.
Օրենքի 5-րդ դրույթն ասում է .«Հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիոլոգիական խորհրդատվություն անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ: Սակայն անվճար խորհրդատվություն կանայք համարյա չեն ստանում, եթե չունեն վստահելի գինեկոլոգ։
Չնայած հակաբեղմնավորիչների ցանկը բավականին մեծ է` սկսած պահպանակներից (կանացի և տղամարդու), ներարգանդային պարույրներից, հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերից, սպերմիցիդ (սերմնահեղուկը սպանող հատկություն) մեթոդներից մինչև արհեստական ամլացում: Ցավոք, կանայք այդքան էլ տեղեկացված չեն դրանց մասին և օրինակ, հորմոնալ հակաբեղմնավորիչների նկատմամբ անվստահություն ունեն, ներարգանդային պարույրները ոչ բոլորին են անվնաս, ամլացումը անդառնալի է: Մեր կանանց մեծամասնությունը` 47%, ոչ մի հակաբեղմնավորման մեթոդ չի օգտագործում, 28%-ը գերադասում է ընդհատված սեռական հարաբերություն, 6%-ը` այլ ավանդական մեթոդներ, 8%-ը` պահպանակ, 9%-ը` ներարգանդային պարույրներ, 2%-ը` այլ ժամանակից մեթոդներ:
Ժամանակակից հակաբեղմնավորիչներ օգտագործում են, հիմնականում քաղաքաբնակ կանայք, և կանայք, որոնց կրթական մակարդակն ավելի բարձր է:
Շատ հաճախ ամուսինները հրաժարվում են հակաբեղմնավորիչներ օգտագործել, պատճառ բերելով մենթալ ու ազգային ավանդական և կրոնական արգելքներ: Երբեմն կանայք ինքնագլուխ իրականացնում են դեղորայքային աբորտ, հետևելով հարևանների կամ ընկերուհիների խորհրդին` տնային պայմաններում: Դեղորայքային աբորտը ընդունված մեթոդ է որոշ երկրներում, չնայած համաշխարհային վիճակագրության համաձայն դրա էֆֆեկտիվությունն ընդամենը 2% է կազմում և շատ երկրներում չի թույլատրվում, այն թույլատրվում է Հայաստանում: Դրանք ստամոքսի խոցի բուժման համար նախատեսված հորմոնալ, ցիտոցիդային պրեպարատներ են(սայտոտեկ, օքսիտոցին, միզոպրոստալ), որոնց մեծ քանակությամբ ընդունումը (մինչև 63 օր հղիության ժամկետում) առաջացնում են արգանդի հարթ մկանների կծկումներ և դրա հետևանքով արհեստական վիժում: Սակայն այս մեթոդը կարող է իրականացվել միայն բժշկի հսկողության տակ, քանի որ հաճախ այն չի բերում պտղի լիովին վիժմանը, կնոջ օրգանիզմում մնում են կտորներ, որոնք կարող են լինել առանց որևէ նշանների, բայց ժամանակի ընթացքում թունավորել կնոջ օրգանիզմը:
Առաջին աբորտից հետո ու ամեն հետևյալ անգամները երդում էի ուտում, որ էլ չեմ անի, բայց անում էի: Կանայք, որ աբորտ են անում, երևի հատուկ դժոխքի փայ են դառնում: Ավետարանն ասում է, որ էդպիսի դեպքերում մեղքը երկուսինն է, ու երկուսն էլ պատասխանատու են Աստծու առաջ:
Ես զանգահարեցի քաղաքի 7 խոշոր հիվանդանոցներ և ծանոթացա գնային համակարգին, աբորտի իրականացման կարգին և թույլատրելի ժամկետներին: Գները տատանվում են 12500-20000 դրամի միջեւ`առանց ցավազրկման աբորտների դեպքում, ցավազրկմամբ` 28000-35000 դրամ: Այդ 7 հիվանդանոցներից 4-ում ինձ պատասխանեցին մոտավորապես այսպես.
«Օրենքով չի թույլատրվում, դա ավելի թանկ կլինի, եկեք, կանենք»: Թանկի կոնկրետ գինը չսակարկվեց, պետք է գնայի տեղում ասեին: Երկու հիվանդանոցում ասացին, որ կարող են անել, եթե տվյալ բժիշկը համաձայնվի: Եւ միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի հեռախոսավարուհին ասաց, թե. «Չենք անում, իրավունք չունենք, միայն հատուկ ցուցումների դեպքում ենք անում»:
Աննա. Ն. 35 տարեկան, առաջին հղիությունը 17 տարեկանում է ունեցել, որն ավարտվել է ծննդաբերությամբ: Ամուսնացած է. ունի 4 երեխա: Մինչ այսօր նրա ամուսինը հրաժարվում էր պահպանակներ օգտագործելուց և այդ կինը իր վերարտադրողական կյանքի ընթացքում (18 տարի) ունեցել է 20-ից ավելի աբորտ, ճշգրիտ թիվը չի հիշում: Աբորտներն ըստ իր ցանկության և ֆինանսական հնարավորությունների կատարվել են առանց ցավազրկման: Առաջին 10 աբորտը կատարել է Հանրապետական հիվանդանոցի վերարտադրողական կենտրոնում նույն բժշկի մոտ: Հաջորդ 10 աբորտները նույն կենտրոնի մի այլ բժշկի մոտ: Բժիշկների անունները հրաժարվում է հրապարակել: Ոչ մի անգամ նրա հետ խորհրդատվություն չեն անցկացրել հակաբեղմնավորիչների մասին և նախքան աբորտը ոչ մի հետազոտություն չի անցել: Հղիությունը մեծ մասամբ ընդհատվել է մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում: Առանց ցավազրկման աբորտներից դժգոհություն չի արտահայտում, քանի որ արդեն սովորական են դարձել իր համար: Աբորտներից հետո ոչ մի տհաճ հետևանքներ կամ բարդություններ չի ունեցել: Վերջին աբորտը ինքնուրույն է իրականացրել ընդունելով «Սայտոտեկ» պրեպարատը: Առաջին օրը ջերմություն է ունեցել, և քանի որ կասկածներ էին մնացել, թե վիժումը կայացել է, անցել է ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ պտուղն ամբողջովին չի դուրս եկել կնոջ օրգանիզմից: Նա չի հավատացել և 15 օր անց կրկին անցել է այդ հետազոտությունը, որի պատասխանը նույնն էր. Արգանդում պտղի կտորներ են մնացել: Նրան խորհուրդ են տվել մաքրել արգանդի խոռոչը օրգանիզմի թունավորումը կանխելու համար, որից նա հրաժարվում է մինչ այսօր, պատճառաբանելով լավ ինքնազգացողությամբ: Իմ այն հարցին, թե արդյոք ամուսինը մինչ այսօր հրաժարվում է պաշտպանվելուց, ասաց, որ հիմա համաձայն է:
Նարինե Պ. 22 տարեկան: Ամուսնացած չէ, այդ իսկ պատճառով դիմել է անլեգալ աբորտի, որտեղ բուժքույրը նրան առաջարկել է ինչ-որ դեղ, որը արգանդի կծկումներ է առաջացրել և վիժում: Մի քանի օր անց մի մեծ մսագունդ դուրս է մղվել նրա օրգանիզմից և սկսվել է արյունահոսություն: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, որտեղ պարզվել է, որ պտղի կեսը մնացել է կնոջ արգանդում և սկսել թունավորել օրգանիզմը: Բուժքրոջ անունը հրաժարվում է հրապարակել:
Ավանդապաշտությունը, տգիտությունը և անիրազեկությունը աբորտների հիմնական պատճառներն են: Դեռահասության շրջանում դրա պատճառը սեռական դաստիարակության և անցանկալի հղիությունից պաշտպանվելու մասին տեղեկությունների բացակայությունն է: Հաճախ կանայք առանց ամուսիններին տեղյակ պահելու են գնում աբորտի, որոշ դեպքերում ամուսիններն իրենք են դրդում դրան: Ինչ պատճառներով էլ կինը դիմի աբորտի, միևնույն է, այն մնում է մեր բնակչության մեջ ամենատարածված հակաբեղմնավորիչը: Եթե կինը որոշում է կայացնում աբորտ անել, ապա նա պիտի դիմի միայն որակյալ մասնագետի և աբորտը պիտի իրականացվի օրենքով սահմանված կարգով և միայն առողջապահական հաստատություններում: Նախքան գինեկոլոգիական բազկաթոռ բարձրանալը կինը, ով դիմել է առողջապահական հաստատություն աբորտ իրականացնելու համար, պետք է պահանջի անցկացնել բժկական և ախտաբանական հետազոտություններ: Այլապես կարող են լինել բազմաթիվ բարդություններ` ընդհուպ մինչև անպտղություն և մահ:
Հորմոնալ և այլ ժամանակակից հակաբեղմնավորիչներ օգտագործելուց առաջ նույնպես պետք է անցկացնել որոշակի հետազոտություններ, քանի որ որոշ կանանց համար որոշ հակաբեղմնավորիչներ կարող են բարդություններ առաջացնել:
ՀԳ. Ստացվում է, որ մեր ծննդատներում ամեն օր հանցագործություն է տեղի ունենում. Մարդ են սպանում ու օրենք խախտում, իսկ մենք աչք ենք փակում։
Լուսինե Վայաչյան
Երիտասարդ հայ ֆիզիկոս Ռուզան Սոխոյանը, երբ ծրագիր էր ներկայացրել միջազգային մի դրամաշնորհի համար, ժյուրիի անդամները միանգամից զգացել էին, որ գործ ունեն լուրջ հայտ ներկայացնող գիտնականի հետ և թեև ֆինանսավորող կողմն այլևս չուներ հնարավորություն դրամաշնորհ տալու, անդամներից երկուսը, որ նաև ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներ էին, խնդրել էին Ռուզանին այլ ծրագրերի եւս մասնակցել, պատրաստակամություն հայտնելով երաշխավորել հայ գիտնականին:
Հունիսի 7-ին Աշտարակում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում Ռուզան Սոխոյանը ատենախոսություն պաշտպանեց «Գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորումը քվազիռեզոնանսային դաշտերով» թեմայով, որը լուրջ նորույթ էր «ֆիզիկա» գիտության մեջ: Ռուզանի այս պաշտպանությունն առաջինն էր հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրի շրջանակում։ Ատենախոսության ղեկավարները երկու երկրներից էին. Հայկական կողմը ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն էր, ֆրանսիականը` Բուրգունդիայի համալսարանի պրոռեկտոր` Հանս Ժոսլան և պրոֆեսոր Կլոդ Լերոյ: Ռուզանին միանգամից շնորհվեց ֆիզիկական գիտությունների թեկնածուի և ֆրանսիական PHP Doctorate-ի ամենաբարձր աստիճանը, այսպես կոչված կառավարական PHP Doctorate-ը, որն արդեն 10 տարի Ֆրանսիայում ոչ մեկի չի շնորհվել: Ռուզանը, կարելի է ասել, գիտությամբ է զբաղվում երեք լեզվով, ճիշտ է, պաշտպանությունը հայերեն էր, սակայն նա ազատ խոսում է նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ռուզանն այսօր արդեն աշխատանքի երեք առաջարկ ունի ` աշխարհի առաջատար գիտական կենտրոններից և երկընտրանքի առջև է: Հայաստանում նրան սպասում է 27 500 դրամ աշխատավարձն ու գիտնականի անտեսված ճակատագիրը: Ո՞րն է երիտասարդ գիտնականի ընտրությունը, ի՞նչ է մտածում նա Հայաստանում գիտության վիճակի, ընդհանրապես երիտասարդ գիտնականների մասին: Հարցի մասին փորձեցինք զրուցել մեկ ժամ առաջ պաշտպանած գիտնականի հետ:
-Ճիշտ եք ասում,նման աշխատավարձով, մարդ չի կարող գոյատեւել, և հիմա ես ստիպված եմ ապրել իմ ընտանիքի հաշվին։ Դուրս է գալիս, որ ինձ համար գիտությամբ զբաղվելը շռայլություն է: Արտասահմանյան իմ այցելությունների ընթացքում, ինձ նորմալ աշխատավարձ էին տալիս,որով կարողանում էի, թե´ ինձ պահել, թե´ընտանիքիս օգնել:
-Ինչքա՞ն էին վճարում:
-Նայած ծրագիր. Ֆինլանդիայում ամսական 1200 եվրո վճարում էին, ընդ որում, ինձ տվել էին տուն քաղաքի կենտրոնում, որի վարձը ևս իրենք էին վճարում: Շատ լավ պայմաններ էին ստեղծել, որի շնորհիվ մարդը պարզապես իր աշխատանքն է անում, ու հաճույք ստանում դրանից: Իսկ այստեղ չեմ պատկերացնում` երիտասարդ գիտնականը, եթե ընտանիք կազմի և արդեն երեխա ունենա… պարզ չի՞` կթողնի գիտությունը, կասի` ավելի կարևոր է իմ երեխայի ապահովությունը, քան իմ ինչ-որ բարձունքների հասնելը: Հենց այդ պատճառով ինձ հետ սովորած շատ տղաներ, որ տաղանդավոր էին, հիմա հանուն բարձր աշխատավարձի աշխատում են որպես ծրագրավորող ու իրենք այսօր անում են, ասենք, «ռուտին» գործ, նորարարություն չեն անում:
Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ ապագան. Նախ էդպիսի բան կա, երբ մարդը ինչ-որ տեղ ասպիրանտուրայում պաշտպանում է, գնում է մեկ այլ տեղ լաբորատորիայում աշխատելու, որպեսզի մտքի լճացում տեղի չունենա: Դրա համար ես ենթադրում եմ, որ ինչ-որ գիտական նախագծով կդիմեմ որեւէ համալսարան, կգնամ` մեկ-երկու տարի այնտեղ կաշխատեմ: Ես շատ կուզենայի, որ համագործակցություն լիներ, ես ունենայի իմ բազան նաև այստեղ, հիմնականում այստեղ աշխատեյի ու գնայի-գայի: Բայց նույն այդ համագործակցական ծրագրերը ունեն որոշակի պայմաններ, որ դրվում են պայմանագրի հիմքում։ Այդ պայմանները նաև մեր կառավարության համար է։ Այնպիսի տպավորություն է, թե մեր կառավությունն ամեն ինչ անում է, որ համագործակցությունը խափանվի: Անգամ դրամաշնորհային ծրագրերում մի չնչին բան, որ իրենք պիտի անեն, չեն անում: Այդպես պիտի հայ-ֆրանսիական լաբորատորիա ստեղծվեր, բայց անցյալ տարի հայկական կողմը մեկ տարվա համար 25 հոգու համար տվեց ընդամենը 10 հազար դոլար: Իսկ էս տարի ընդհանրապես 0 դրամ են տվել: Էն ինչ որ ես ստացել եմ, կարծեմ 100 դոլարի կարգի գումար էր:
-Իմացա եղբայրդ էլ է դրսում, այո՞:
-Այո, նա Գերմանիայում է: Դեռ չի պաշտպանել, նա էլ է ֆիզիկոս: Շատ մարդիկ չէին էլ ցանկանա գնալ, բայց ստիպած են: Ես էլ եմ ստիպված գնալու:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ռուզանը շուտով ամուսնանալու է օտարերկրացու հետ և, ըստ ամենայնի, կմեկնի: Ինչպես տեսնում ենք, հայ գիտնականներին` հատկապես երիտասարդներին, նախանձել պետք չէ, ինչքան էլ վարչապետը վարդագույն ներկայացնի նրանց ապագան:
Ամերիկացի գիտնականները ուրախացրել են սուրճի երկրպագուներին: Նրանք պարզել են, որ առույգացնող ըմպելիքի կանոնավոր օգտագործումը իջեցնում է սրտի ռիթմի խախտման հնարավոր վտանգը:
Հայտնի է, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը հաճախակի է առիթմիա, առաջացնում: Թեմային վերաբերվող ուսումնասիրություններից մեկը կատարվել է Դանիայում: Այն ցույց է տվել, որ ըմպած սուրճի քանակը չի հանգեցնում նախասրտերի ռիթմի խախտմանը` այսպես կոչված թարթուն առիթմիային:
Կայզերի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները երկար ժամանակ հետևել են 18 — 90 տարեկան մոտ 130 հազար տղամարդկանց և կանաց. Նրանց 27%-ը ընդհանրապես սուրճ չի օգտագործել, 14%-ը ըմպել է օրական մոտ մեկ գավաթ սուրճ, 42%-ը` 1- 3, իսկ 17%-ը` չորս գավաթից ոչ պակաս:
Ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցներից 3 317-ը հոսպիտալացվել են սրտանոթային հիվանդություններով: Սակայն ամփոփելով ստացված բոլոր տվյալները գիտնականները եկել են եզրակացության, որ սուրճ չօգտագործողների համեմատ օրական 1 — 3 գավաթ սուճ ըմպող անձիք մոտ 7%-ով, իսկ 4 գավաթից ոչ պակաս օգտագործողները, մոտ 18%-ով քիչ են հիվանդանում սրտի առիթմիայով:
Հեինակ` Իրինա Լիսիչկինա
2008թ. հուլիսի 1-ից Հայաստանում «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրով ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը, որով հղի կինն իրավունք ստացավ ազատորեն դիմել ցանկացած բուժհաստատություն` ծննդաբերելու համար: Սա մի կողմից կարելի է բավական դրական երևույթ համարել. մարդիկ ընտրության հնարավորություն ստացան, ծննդատները` մրցակցության. եթե բուժհաստատությունը լավն է, ավելի շատ դիմողներ է ունենում, այնպես որ հավաստագիրը կարծես թե պարտադրում է բուժանձնակազմին հնարավորինս լավ աշխատել: Սակայն մյուս կողմից, մարզային բազմաթիվ բժիկներ սկսեցին բողոքել, թե իրենք պոտենցիալ ծնունդներից զրկվում են, քանի որ ծննդկանները նախընտրում են մայրաքաղաքի անհամեմատ հարմարավետ բուժհաստատությունները: Փաստորեն, ստացվում է, որ հավաստագրերի ներդրմամբ մարզային ծննդատները հայտնվեցին բավական ծանր վիճակում: Առողջապահության նախարարության տվյալներով հանրապետությունում 01.01-31.05.2010թ. գրացվել է 8030 ծնունդ, որից 5876-ը` երևանցիներ են, 2105-ը` մարզերի բնակիչներ: Մայրաքաղաքի ծննդատներն ամենաշատը գրավել է Արմավիրցիներին, որտեղից Երևանի ծննդատներ են դիմել 665 մայրեր, Արարատից դիմողները` 355-ն են, Կոտայքից`348-ը, Արագածոտնից` 244-ը: Այսինքն` ավելի քան խոցելի վիճակում են հայտնվում մայրաքաղաքին մոտ գտնվող մարզային հիվանադանոցները: Ի՞նչ է այս մասին մտածում նախարարությունը, արդյո՞ք մարզային բժիշկների` պարապուրդի մատնվելու հեռանկարը մտահոգում է նրանց: Այս հարցի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ “Մոր և մանկան առողջության պահպանման” բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի հետ:
— Մենք կշեռքի նժարին դնում ենք երկու բան` մարդու ազատ ընտրության իրավունքը. այն, որ գյուղի բնակիչը գուցե ամբողջ կյանքում երազել է Երևանում ծննդաբերել, նույն աղքատ մասսան, որ հնարավորություն չի ունեցել, բայց հիմա հավաստագրով անվճար ծննդաբերում է Երևանում և խնդիրներ չունի: Եվ նժարի մյուս ծայրին այն է, որ սա կարող է առաջացնել ֆինանսական դիսբալանս, երբ մարզային ծնունդները հաշվարկված են նախորդ տարվա չափով և բյուջեն հաշվարկված է այդ գներով, Երևանը մեկ այլ քանակով և այլ գնով, երբ որ տեղաշարժը է առաջանում, բնականաբար, բյուջեի խնդիր է առաջ գալիս: Դրա համար էլ նախարարությունն ուզում է հոսքերը կանոնակարգել: Բայց կա նաև երրորդ խնդիրը, որ մենք անընդհատ ասում ենք` մարզում ծնունդը պահելու համար, չպետք է պարզապես ասել մի´ գնացեք, այլ հարկավոր է ստեղծել պայմաններ, որոնք ավելի գրավիչ կլինեն, մատուցել որակյալ ծառայություններ և այդ դեպքում ոչ մի կին չի ցանկանա, թողնել և գալ Երևանում ծննդաբերել: Եվ մենք ասում ենք` մարզե´ր, Ձեր պայմանները լավացրե´ք, որպեսզի պահեք ձեր ծնունդները:
-Բայց ինչպե՞ս: Ի նկատի ունեք ինքնուրույնաբար, սեփական ուժերո՞վ:
-Ինքնուրույնաբարը ո՞րն ա, իրենք ունեն հիմնադիր, ունեն մարզպետարան, իրենց բյուջեն, ես չեմ ասում գնան սպորնսոր գտնեն, իրենք շատ հաճախ այլ ծառայությունների համար ռեսուրսներ գտնում են, նույն էս ծրագրի շրջանակներում, թող օպտիմալ աշխատեն, որովհետև աշխատավարձը միայն ծնունդների թվով չի պայմանավորվում, կարևոր է նաև բուժանձնակազմի թիվը. եթե ծնունդները քիչ են, աշխատակազմը` մեծ, բնականաբար, այդ բոնուսները բաշխվում են և ցածր աշխատավարձ են ստանում: Շատ քչերն են բարձր ստանում, ովքեր իսկապես լավ բժիշկ են և ում մոտ իսկապես ծնունդները շատ են:
-Այսինքն, մարզերում կան ծննդատներ, որտեղ ուռճացված անձնակա՞զմ է պահվում:
-Մարզերում այդքան անձնակազմի խնդիրը չէ, կան, իհարկե, նման դեպքեր էլ, բայց մարզերի խնդիրը ավելի շատ վատ պայմաններն են: Հենց այս կոնտեքստում ենք ասում` լավացրեք ձեր պայմանները, ծնունդները թող մնան ձեզ մոտ: Եվ կա հարցի մեկ այլ կողմ, որ մենք փորձում ենք կանոնանկարգել, այն, որ եթե կինը բարձր ռիսկի է, չպիտի ծննդաբերի մարզում, պետք է բերվի Երևան: Օրինակ, հենց երեկ, Երևանին մոտ մի մարզկենտրոնում անհաս երեխա էր, միայն նրա համար, որ դա անհաս երեխա է և դա իրենց փող է բերելու, ընդունել են, բայց երեխան ծնվել է և հիմա երեխային Երևան տեղափոխելու խնդիր է առաջացել` չկան պայմաններ, չկա տեղ, տրանսպորտի հետ կապված խնդիրները ներառյալ. բարձր ռիսկի երեխան պետք է տեղափոխվի մոր փորիկի մեջ, ոչ թե ծննդաբերությունն ընդունեն ու ասեն` դե, երեխային եկեք տարեք: Դրա համար մենք ասում ենք` մարզերում պետք է ծննդաբերեն նորմալ, հղիության ընթացքում չբարդացած, ոչ բարձր ռիսկի հղիությունները: Ա´յ, այսպիսի դեպքեր են լինում, երբ կինը պետք է ծննդաբերի Երևանում, բայց որպեսզի հանկարծ իրենց մոտ ծնունդները չպակասեն, շատ հաճախ ուղղակի արհեստականորեն իրենց մոտ են ընդունում ծնունդը:
Խնդիրը այդքան պարզ և միանշանակ չէ: Մենք հիմա միայն մի մարզում` Արմավիրում ունենք պրոբլեմ, որն էլ երևի շուտով չունենանք, քանի որ հիվանդանոցը վերանորոգվում է, կմնա միայն Էջմիածնի խնդիրը, իսկ դա քաղաքին այնքան մոտ է, որ…
-Հեռավոր մարզերում վիճակը ավելի բարվո՞ք է:
— Հեռավոր մարզերից հոսքեր գրեթե չունենք, ոչ մի հղի Մեղրիից չի գա ծննդաբերելու: Ղափանում վերանորոգում է, Գորիսում նույնպես, Իջևանը վերանորոգվեց: Մարզերը անգամ կարելի է ասել ավելի լավ վիճակում են, քան Երևանի այն ծննդատները, որտեղ ծնունդները քիչ են. մարզերը նախ կոմպակտ են, բուժանձնակազմը մեծ չի, բժիշկ-գինեկոլոգները աշխատում են և´ ծննդատանը, և´ կանանց կոնսուլտացիայում և փող ստանում են երկու աղբյուրից և, ասեմ, միջին աշխատավարձը մարզերում շատ ավելի բարձր է, քան Երևանում, էլ չեմ ասում առանձին բժիշկներ, որ կարող են շատ բարձր աշխատել, դրանք պահանջված բժիշկներն են, որոնց անձնապես շատ են դիմում: Աշխատավարձը ձևավորվում է` բազային աշխատավարձ, պլյուս յուրաքանչյուր ծննդաբերության դիմաց որոշակի գումար:
Ես ապրում եմ մեր քաղաքի Բանջարանոց կոչվող թաղամասում: Լավ տեղ է` բավականին բարձր, օդը` համեմատաբար մաքուր, մեքենաներն էդքան էլ շատ չեն երթեւեկում, մի քիչ փոշին է շատ` շուրջ բոլորը շինարարություն է` ինչն էսօր մեր քաղաքի լուրջ պրոբլոմներից է: Մի բան է վատ էս թաղամասում, շատ քիչ տրանսպորտ կա, միայն 72 համարի ավտոբուս, եւ 121 երթուղային, որը կարծես վերջերս հանվել է, դրանք էլ գործում են մինչւ ժամը 9-ը: Եթե քաղաքի կենտրոնում ես, կամ պիտի գնաս Կոմիտաս կամ Մոնումենտ ու ոտքով տուն հասնես ` քայլելով մութ փողոցներով, կամ տաքսի նստես: Մի օր հաշվեցի, որ մեր տուն մտնող փողի համարյա կեսը տալիս ենք տաքսիներին: Լավ, պրոբլեմ չկա, հաշվենք քաղաքի կենտրոնում տուն ենք վարձել: Բայց գոնե տաքսի սերվիսները նորմալ լինեն, որ գոնե ամեն նստել-իջնելուց չերազես ապրել մի այլ քաղաքում, ուր երթեւեկում են սիրուն ավտոբուսներով, տրամվայներով ու մետրոներով, իսկ տաքսուց օգտվում հազվադեպ: Երեւի ոչ ոք չի հարցնի ինչո՞ւ:
Որավեհետեւ բոլորս էլ գիտենք մեր քաղաքի տաքսիների խայտառակ վիճակը: Ես հիմա դեռ չեմ թվարկի այն խաբող տաքսիներին,, որոնցից օգտվում եմ մշտապես, եւ նրանց, ում ծառայություններից պատահաբար եմ օգտվել: Դա կարող է օրինաչափություն լինել մի սերվիսի համար, եւ պատահականություն մյուսի: Դրա մասին թող մտածեն սերվիսի տերերը, ես պատասխան կտամ իմ ասած յուրաքանչյուր բառի համար, եթե սա չշտկվի:
Սկսեմ նրանից, որ համատարած է համարյա բոլոր տաքսիների համար: Դա օրենքի սահմանում հաճախորդին խաբելն է: Ինչո՞վ: Մինիմալով: Կան տաքսիներ` մինիմալը 500, կան` 600 դրամ: Երկուսի կիլոմետրն էլ 100 դրամ: Ուրեմն ասեմ խաբեության սխեմաները:
Նստում ես տաքսի, մինիմալից անցնում է կամ 3,1 կամ 4,1 կիլոմետրից: Մինչեւ մինիմալը դեռ դուք խաբված չեք, չնայած, եթե նշված է մինիմալը 500 կամ 600 դրամ, եւ դրա հետ մեկտեղ` կիլոմետրը 100 դրամ, իսկ ձեր անցածը 5 կիլոմետր է, ապա արդեն հաշվեք խաբված եք, քանի որ նշված է, որ նստելավարձ չկա: Լավ, դա էդքան էլ մեծ բան չի, մի 100 կամ 200 դրամ: Հետո գնում ես 6` վճարում ես 700, 7` 800, 8,1-ից արդեն, դա լավագույն դեպքում, իսկ եթե մինիմալը 3,1-ն է, ապա 7,1-ից գալիս հասնում է 1000 դրամի: Ինչ-որ նոր թվաբանություն է չէ՞: Այսինքն, մեր տնից 3 մասի ծննդատուն հասնելու համար, որ 10 կիլոմետր է, ես վճարում եմ 1200 կամ 1300 դրամ: Դուրս է գալիս, որ էն տաքսին, որի մինիմալը 600 դրամ է, վերցնում է նստելավարձ 300 դրամ: Իմ հարցին, թե ինչո՞ւ է էդպես, վարորդները պատասխանում են, որ օֆիսն է պատասխանատու: Հեռախոսավարուհին ասում է, որ կիլոմետրի համար 100 դրամ հաշվվում է մինիմալն անցնելուց հետո, սակայն դրա մասին ոչ մի տեղ հիշեցում չկա: Սա խաբեության մի տարբերակն է, այսպես խաբում են բոլոր իմ նստած տաքսիները, բացառությամբ մեկի:
Խաբեության մի այլ ձեւը հաշվիչի արագացումն է: Հաշվիչն ուղղակի մինիմալն անցնելուց հետո սկսում է կիլոմետրի` դպրոցից մեր իմացած 1000 մետրը դարձնել 800, կամ 900 լավագույն դեպքում:
Մյուս խայտառակությունը երեւանյան տաքսիների վարորդներն են: Մի կողմից` ցանկացած վարորդական վկայական ունեցող կարող է տաքսիստ աշխատել, նույնիսկ եթե նա քաղաքը չգիտի, եւ դուք ստիպված եք լինում նրան անընդհատ ուղղություն ցույց տալ, հազարից մի տաքսի կարող է ձեզ տեղ հասցնել միայն հասցեով` փողոց, տան համար: Դե, կամ շրջաններից են, ծանոթ չեն Երեւանին, կամ երկար տարիներ Ռուսաստան են ապրել մոռացել են: Ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե էդ վարորդին աշխատանքի ընդունելուց առաջ ինչի՞ նրանից չեն պահանջում քաղաքի քարտեզին ծանոթ լինել: Եւ հաճախ` մանավանդ շոգ օրերին նստելով մեքենայի սալոն կոչվածում, , դուք դատապարտված եք “քյարթու” քրտնքահոտի մեջ անցկացնել ձեր երթեւեկությունը: Ինձ անձամբ պատահել է, որ ես վարորդից ալկոհոլի հոտ եմ առել: Դեռ ողջ ընթացքում էլ ստիպված ես լինում լսել ռադիոկապի բարձրախոսում հնչող վարորդներ-դիսպեչերներ շատ հաճախ ոչ քաղաքակիրթ ու ոչ կոռռեկտ երկխոսություններն ու վեճերը:
Ո՞վ է վերահսկում էդ ամենը, ո՞վ է դրա համար պատասխանատու: Վարո՞րդը, թե՞ սերվիսը:
Պատվերն ընդունողներն էլ չեն կարողանում երբեք գոնե մոտավոր — ճշգրիտ` այն է 5 րոպե էս կողմ էն կողմ ասել, թե մեքենան երբ կլինի: Աղջիկս այդ պատճառով մի անգամ ուշացել է քննությունից, լավ է, արտասահմանցի դասախոսը նույնպես ծանոթ էր մեր տաքսիներին, թե չէ մի տարի կկորցնեինք ուսման մեջ:
Հայտարարում են ակցիաներ` յուրաքանչյուր 11-րդ պատվերն անվճար է, բայց ինչ-որ խաղարկություններ են անցկացնում եւ չգիտես ինչու զրոյացնում են համակարգչի տվյալները հենց էն պահին, երբ պիտի դու լինես 11-րդը:
Երբեմն տաքսին ինչ իմանաս միգուցե դիտավորյալ կանգնում է երկու շենք մեր շենքից հեռու, եւ երբ իջնում եմ ու հազիվ գտնում, վարորդը սպասելու համար նստելավարձ է պահաջում: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Էն, որ ինչ-որ կասկածելի տաքսիներ են քաղաքով պտտվում, տաքսու նշանները վրան խփած, առանց տաքսի սերվիսի անունների կամ ինչ ուզում գրում են, մենակ թե մի բան գրած լինի, ու հետո, երբ նստում ու տեղ ես հասնում 600 դրամի փոխարեն քեզնից պահաջում են 1000 դրամ…
Էն, որ ստիպված լսում ես վարորդների “ռաբիսը”, թե՞ էն, որ ամեն անգամ բարեհաջող տեղ հասնելուց փառք ես տալիս Աստծուն, որ 24 ժամ մեքենա վարած ու հոգնածությունից նվաղող վարորդը քեզ էլ, իրեն էլ վթարի չտվեց…
Չգիտեմ: Ո՞ւր է նայում տրանսպորտի նախարարությունը, ինչո՞ւ մեր քաղաքում չկա գոնե մի 10 տաքսի սերվիս, բայց վերահսկվող, ինչո՞ւ ենք մենք հանդուրժում էս ամենն ու լռելով շարունակում օգտվել անորակ սերվիսից:
Պարզ բան է: Չկա առաջաչկ առանց պահանջարկի: Իսկ պահանջարկ արհեստականորեն ստեղծվում է քաղաքային տրանսպորտի չափազանց վատ սպասարկումից, ու եթե նույնիսկ եկամուտդ թույլ չի տալիս տաքսով երթեւեկել, մեկ է, ավելի լավ է տաքսի նստել, քան շնչել իրար գլխի 20-25 հոգի մեքենա խցկած ուղեւորների համախառն քրտինքը…
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.