23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իսկապես մտահոգիչ է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առողջական վիճակը: Այս հարցում առաջատարը, թերևս, վարչապետն է. նա ամենաբազմազբաղն է։ Գործադիրի ղեկավարը առողջական խնդիրներ ունի, և, ըստ պաշտոնական տեղեկատվության, Տիգրան Սարգսյանն իր կարճատև արձակուրդը կանցկացնի բուժման մեջ։ Առողջական խնդիրները լուծելու նպատակով արտերկիր են մեկնում այլ` ոչ պակաս բարձրաստիճանավորներ, բայց սովորաբար այդ մասին չի խոսվում։ Մեր ունեցած տվյալներով, նրանց մոտ գերիշխողը արյան հետ կապված հիվանդություններն են։
Այն, որ հայ գործադիր և օրենսդիր մարմինների համարյա բոլոր անդամները հիվանդ են, բավական մտահոգիչ է: Մոտ մեկ ամիս առաջ իր կարևորագույն պոստն էր լքել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մարդիկ մտածում էին, թե նա կայֆերով ամառ է անցկացնում Հավայան կղզիներում, մինչդեռ ոստիկանապետը, դարձյալ ՀՀ անխոնջ պաշտոնյայի ճակատագրին հավատարիմ, արձակուրդն անցկացնում էր նախորդ կայֆերի ժամանակ վնասած ուսը կարգի բերելով:
Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև մեր պաշտոնյաների մարմինների «թույլ» օղակները. քանի որ ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես ՀՀ ոստիկանապետն իր ուսերին է վերցրել ՀՀ քաղաքացիների անվտանգության պահպանման պատասխանատու գործը, որը նվիրական լինելով հանդերձ նույնքան ծանր է ու դժվարին, Ալիկ Սարգսյանի մոտ խնդիրներ էին ծագել հենց ուսի շրջանում, դրա համար էլ նա ստիպված իր արձակուրդի թանկ օրերը հատկացրեց ուսի վիրահատության բարդ գործընթացը կազմակերպելուն:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների` որոշ օրգանների շարքից դուրս գալը անհատական առանձնահատկություններ էլ ունի. պինդ ոսկորները մի փոքր ավելի երկար են դիմանում, ովքեր մի քիչ ավելի փխրուն են, միանգամից տեղի են տալիս: Օրինակ` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ գլխի հետ կապված խնդիրներ ծագեցին նախարարական բարձր պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց. բնական է, կրթությունն ու գիտությունը հիմնականում գլխով լուծելի ոլորտներ են, դրա համար էլ ՀՀ գործադիրի այս անդամի «թույլ օղակը» հենց գլխի հատվածում էր առաջացել:
Լինում են նաև դեպքեր, երբ առողջական խնդիրներն ավելի քան տեղին են հայտնվում և փրկում մեր բարձրաստիճաններին մի շարք` ոչ հաճելի պարտականություններից: Այդպես, անցյալ տարի համաներման արդյունքում 2008թ. Մարտի 1-ի հետևանքով ազատազրկման մեջ հայտնվածներից շատերը ազատ արձակվեցին: Նրանց մեջ էին նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք զրկվեցին մանդատներից: Քանի որ նրանք հալածյալի կարգավիճակում էին հայտնվել ընդդիմադիր գործունեության համար, ենթադրվում էր, որ բանտից դուրս գալուց հետո էլ պետք է շարունակեին գործունեությունը: Բայց նրանք ընդդիմադիր գետի հորձանուտն երկրորդ անգամ մտնել չէին ցանկանում: Եվ այստեղ պաշտոնաթող օրենսդիրներին օգնելու եկան առողջական խնդիրները: Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) միանգամից մեկնեցին արտասահման` առողջությունը վերականգնելու, և մինչ այժմ այնտեղ ինտենսիվ զբաղվում են առողջական խնդիրների լուծմամբ:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների մեջ լինում են նաև տխուր բացառություններ: ՀՀ ամենահետաքրքիր բացառությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Նա իր առողջական խնդիրները լուծելու համար ոչ միայն չի հետևում ՀՀ վարչապետի և ոստիկանապետի օրինակին և դրանք կազմակերպում արձակուրդի ընթացքում, այլև ավելին, առողջական խնդիրներն օգտագործում է պատվերով հիվանդանալու բարի ավանդույթների համաձայն: Վարդանիկը այս տարվա մայիսին մեկնեց Ֆրանսիա` առողջական խնդիրները կարգավորելու: Սակայն մինչ այդ էլ նա պարբերաբար լքում էր պոստը` պատճառաբանելով առողջության վերականգնումը: Վարդանիկը բացառություն է նաև «թույլ օղակի» առումով. անհնար է ասել, թե Գյումրու քաղաքապետը հատկապես մարմնի ո՞ր մասին է «զոռ տալիս», անհնար է գուշակել անգամ, թե մեկնումների ժամանակ հատկապես իր ի՞նչն է բուժում Վարդանիկը: Ամբողջ իռացիոնալությամբ հանդերձ, Վարդանիկի պարբերական բուժումներն ու այդ նպատակով ձեռնարկված ուղևորությունները մի ուշագրավ
առանձնահատկություն ունեն. դրանք ձեռնարկվում են հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի երկրորդ քաղաքում լուրջ խնդիրներ են ծագում և հատկապես, երբ սև ամպեր են կուտակվում Ղուկասյանի գլխին:
ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչային տարկետման իրավունք տալ 4 հոգու: Որպես կանոն, նման բախտի արժանանում են միայն ընտրյալները կամ իսկապես առանձնահատուկ տաղանդով օժտվածները, կամ առանձնաշնորհյալների զավակները: Կրթության և գիտության նախարարության կրթության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը սիրահոժար տրամադրեց տարկետման իրավունք ստացածների տվյալները. դրանք դրված են նաև նախարարության www.edu.am կայքում, այնպես որ ցանկացած ոք կարող է պարզել, թե ում է ՀՀ գործադիրն ազատել զինվորական ծառայությունից:
Տարկետման հնարավորություն ստացածները հիմնականում բնակվում են «գոլդ» հասցեներում և ընդունվել են արտերկրի բուհեր: Այդպես, Գոռ Գասպարի Հովակիմյանը` 1992թ. ծնված, որ բնակվում է Երևանի Վարդանանց 2 հասցեում, ընդունվել է Լոնդոնի Գլուսիստերշիրի համալսարան` «Գործարարության կառավարում» մասնագիտությամբ: Երևանի Չարենցի փողոցում բնակվող Դավիթ Նորայրի Հակոբյանը ընդունվել է Ստոկհոլմի ԿԹՀ Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ, Թումանյան 1-ում բնակվող Արտավազդ Մյասնիկի Գրիգորյանը` Պրահայի ինտերնացիոնալ համալսարան: Իսկ ահա Արշակունյաց պողոտայում բնակվող Նարեկ Տիգրանի Աբգարյանի ընդունվելու վայրն անհայտ է:
Եթե այս երիտասարդներն իսկապես իրենց ուժերով են ընդունվել արտերկրի հեղինակավոր բուհեր և կառավարությունն ընդառաջ է գնացել նրանց` թույլ տալով հանգիստ կրթվել` առանց պարտադիր զինծառայության պարտքը կատարելու, ապա այս երիտասարդներին և գործադիրին կարելի է միայն ողջունել: Սակայն, ցավոք, ոչ միշտ է, որ այդպես է լինում: Սովորաբար նման հնարավորություն ստանում են հենց պաշտոնյաների երեխաները. օրինակ, կառավարության անցած նիստին գործադիրը տարկետման իրավունք էր տվել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդուն: Իհարկե, լավ է, որ երիտասարդները ձգտում են կրթություն ստանալ աշխարհի հեղինակավոր բուհերում, սակայն վատն այն է, որ ՀՀ բուհերն այն աստիճան են կորցրել հեղինակությունը, որ ով կարողանում է, նախընտրում է արտերկրի բուհերը: Վատ է այն, որ նման հնարավորություն ունեն միայն երկրում եղանակ փոխող մարդիկ, այն մարդիկ` ովքեր ի զորու են ազդել ՀՀ կրթական համակարգը կիսամեռ վիճակից դուրս բերելու հարցում, բայց նրանք, ներսում դրությունը շտկելու փոխարեն, իրենց երեխաներին դուրս են տանում երկրից, ՀՀ քաղաքացիների մոտ էլ ավելի ամրապնդելով կարծիք, թե ՀՀ կրթական համակարգի վերափոխման համար դեռ շատ ջուր պիտի հոսի:
Լուսինե Կեսոյան
Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Վարչարարության թափանցիկություն և հակակոռուպցիոն բաղադրիչ» լոզունգի ներքո հանրակրթության ասպարեզ է ներմուծել բիզնեսի մի տեսակ, որ կարելի է անվանել «փողով օրագիր»: Սրա էությունը ոչ թե այն է, որ դպրոցներում սկսելու են օրագրեր վաճառել կամ փող տալով օրագրում բարձր գնահատական նշանակել տալ, այլ որ բարձր տեխնոլորգիաները ներխուժելու են նաև դպրոց` այնտեղից դուրս քշելով թղթից օրագիր կոչվածը: Նախարարը ներկա է եղել «dasaran.am» կայքի շնորհանդեսին։
Կայքի միջոցով 2009-2010 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է վիրտուալ օրագրերի համակարգը: Սրա միջոցով յուրաքանչյուր ծնող կարող է օնլայն եղանակով ծանոթանալ իր երեխայի առաջադիմությանը, վարքին, ընթացիկ հանձնարարություններին և այլն:
Տեղեկատվության մեջ նշված էր, որ սույն ծառայությունը լինելու է կամավոր հիմունքներով, ամսական 2000 դրամ վճարով: Երբ ԿԳՆ Կրթության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքվեցինք, թե արդյոք շատ չէ՞ 2000 դրամը, վերջինս սկսեց բացատրել, որ իրենք ձգտելու են խիստ տարբերակված մոտեցում հանդես բերել, որ գումարը կտատանվի` ելնելով դպրոցի և այնտեղ սովորող աշակերտների թվից, որ այդ ծառայությունն ապահովող ընկերությունը հոգալու է նաև կորպորատիվ, սոցիալական (անապահովների համար) փաթեթների մասին:
Ընդ որում, կանխիկ փողի հետ դպրոցներում շփումը բացառելու համար բոլոր վճարումները կատարվելու են բանկերում: Մի հետաքրքիր հանգամանք. մեր հարցումից հետո նախարարության կայքից վիրտուալ օրագրի համար սահմանվելիք վճարի մասին տեղեկատվությունը հանվեց:
Պ-ն Բաղդասարյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ բավական լուրջ խտրականություն է գնալու դպրոցների հարցում: Դեռ նախնական, փորձնական փուլում ընտրվել են միայն երկու դպրոց, մեկը` անգլիական թեքումով 114 դպրոցը, որը համարվում է թիվ 1 էլիտար դպրոցը և քաղաքի ծայրամասում` Ավանի Դուրյան թաղամասում գտնվող 177-րդ շարքային հանրակրթական դպրոցը: Հնարավոր է, որ հետագայում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողանա իրագործել իր հերթական ուտոպիստական ծրագիրն ու անգամ ամենահեռավոր գյուղերում ինտերներտը դառնա հասանելի, իսկ ծնողները` այնքան գերժամանակակից, որ կարողանան օնլայն եղանակով ստուգել իրենց երեխաների առաջադիմությունը, սակայն այս պահին արդարացի չի նման մոտեցումը։ Երեխան մեղավոր չի, որ ինքը ոչ թե երևանում է ծնվել այլ հեռվոր մարզում։ Իսկ որ առայժմ գյուղական բնակավայրի դպրոցականը չի կարող օնլայնով օրագիր պահել կասկածի տեղիք չի տալիս։
Բացի այդ, հնարավո՞ր է, ասենք Կալինինոյի շրջանի գյուղերից մեկի մի քանի հոգանոց աշակերտ ունեցող դպրոցից նույն գումարը հավաքել, ինչ Չեխովի կամ Պուշկինի դպրոցների աշակերտներից:
Սա իմիջիայլոց, վատ բիզնես չէ: Եթե հիմա սովորական օրագրի արժեքը սկսվում է, ենթադրենք, 300 դրամից, ապա օնլայնի դեպքում ստացվում է, որ այն կարժենա 18000 դրամ (9 ամիս` բազմապատկած 2000 դրամով): Այս օրագրերը անհատական են լինելու և ծնողներն այնտեղ մուտք կունենան միայն հատուկ գաղտնագրի ներմուծմամբ։ «Վերջին ժամանակահատվածում նախարարությունը խիստ կարևորում է կրթական ոլորտի բարեփոխումներում հասարակական և մասնավոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, վարչարարության թափանցիկությանը, ունեն հակակոռուպցիոն բաղադրիչ»-,նշել է նախարարը: Փաստորեն, 18 հազար դրամանոց օրագրեր ներմուծելով Կրթության և գիտության նախարարությունը հույս ունի բարձրացնել կրթության որակը, վարչարարությունը դարձնել թափանցիկ, և դպրոցը զերծ պահել կոռուպցիայից:
Լ.Կ.
Վերջին շրջանում բավական ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե հարկային մարմիններն ինտենսիվ ստուգումներ են սկսել Արարատի մարզում գտնվող Հովիկ Աբրահամյանին պատկանող օբյեկտներում:
Ազգային ժողովի խոսնակը հատկապես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին խնամիանալուց և քոչարյանական խաղեր տալուց հետո մի տեսակ ընդգրկվեց ՀՀ «հալածյալների» ցանկում և եթե այս տեմպերով շարունակվի, չի բացառվում, որ մի օր էլ նա դառնա թունդ ընդիմադիր կամ հռչակվի ՀՀ հերթական «քաղբանտարկյալ»:
Տեսնենք, թե ի՞նչ ստուգումներ են և արդյո՞ք իրականությանը համապատասխանում են դրանց վերաբերյալ խոսակցությունները: Մենք նախ փորձեցինք Պետեկամուտների կոմիտեից հավաստի ինֆորմացիա ստանալ (որպեսզի հետո չմեղադրվենք ստահոդ լուրեր փոխանցելու մեջ) կատարված ստուգումների վերաբերյալ, թե մարզի ո՞ր օբյեկտներն են ստուգվել, չարաշահումներ հայտնաբերվել են, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ կարգի, սակայն ՊԵԿ լրատվական ծառայությունը` իր աշխատաոճին հավատարիմ, այդպես էլ անպատասխան թողեց հարցումը, թեև չբացառեց էլ, որ մոտ ապագայում առաջադրված հարցերի պատասխաններն անպայման կլինեն։
Այդպես, պաշտոնական տեղեկատվություն չստանալով, փորձեցինք հասկանալ, թե այդ ի՞նչ ստուգումներ էին, որ նախաձեռնել էին առյուծի սիրտ կերած հարկային մարմինները, և ի՞նչ առնչություն ունի այս ամենի հետ ԱԺ նախագահը։
Ասում են` Ազգային ժողովի ներկայիս խոսնակն իր գործարար տաղանդը դրսևորել է դեռ վաղ երիտասարդության շրջանում` Երևանում ծաղիկ ծախելով: Ասում են, որ ճարպկությունը` իր առաջխաղացման գրավականը, նա դրսևորել է դեռ այն ժամանակ, երբ օպերայի մոտ իր մայրիկի հետ ծաղիկ էր վաճառում։ Այն ժամանակ դա հարգանքի արժանի վաստակ չէր, և Սերգեյիչն էլ ոստիկան չէր, ու շարքային ոստիկանները արգելում էին մարդկանց փողոցային առևտուրը: Ու քանի որ Բեգլարյանն էլ թաղապետ չէր, հայհոյելով քշում էին նրան տարածքից. չանցած երկու րոպե, ժիր պատանին ծաղիկներով հայտնվում էր նույն Օպերայի հակառակ կողմում և շարունակում իր գործունեությունը: Այսօր Աբրահամյանն արդեն միայն հարսանեկան արարողությունների ծաղիկների վրա հազարավոր դոլարներ է ծախսում:
Արտաշատի գինու գործարանը վաճառելուց հետո Արգամիչը իր հայրենի գյուղում կառուցեց Մխչյանի գինու և կոնյակի գործարանը: Մարզում Աբրահամյանների սեփականության ցանկում կան նաև ավազի հանքեր, որտեղից օրական 40 մեքենա ավազ է վաճառվում: Նախկինում Աբրահամյանը գյուղապետերին պարտադրում էր իր հանքերից գնել նաև ավազի խոշոր մնացորդները և օգտագործել որպես շեբեն, սակայն, հիմա այլևս դրանք հատուկ տեխնոլոգիայով մանրացվում են և շատ ավելի թանկ գնով վաճառվում շինարարական կազմակերպություններին` գյուղապետերին ազատելով գոնե այդ գլխացավանքից:
Արարատում ասում են, որ իր ունեցվածքի մեծ մասին Աբրահամյանը հասել է սրանից-նրանից խլելու ճանապարհով. վկան` այլևս հանգուցյալ նրա առաջին գործընկերը`գինեգործ Զորիկը, որի մահից հետո Աբրահամյանն իր դստերը կնության տվեց նրա տղային:
ԱԺ խոսնակը մարզում հասցրել է իրենով անել նաև հարյուրավոր հեկտարներով հողակտորներ` մոտավորապես խոսվում է 700-800 հա մասին: Աբրահամյանը 50 տոկոս փայատեր է նաև մի շարք գազալցակայաններում:
ԱԺ խոսնակը բավական օրիգինալ կարգ է մտցրել մարզում. եթե որևէ մեկը ցանկանում է գործ սկսել, ապա դրա ամենակարևոր նախապայմանն է` բոլոր աշխատանքները, ներդրումները սեփական ուժերով կատարել-հաղթահարելուց հետո Աբրահամյանին «պրիզնատ գալ» որպես փայատեր։
Սա բավական ընդունելի մոտեցում է Հայաստանի Հանրապետությունում` որոշ ժամանակից սկսած, նման մարտավարությամբ են գործում գրեթե բոլոր տեղական ֆեոդալները, այնպես որ Մխչյանի հերոսը չէր կարող բացառություն լինել:
«Չկա էստեղ մի բան, որ նա փայ չունենա»,- ասում են արտաշատցիները:
2007թ. Հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ՀՀ փոխվարչապետի աթոռի շեմը հաղթահարած Հովիկ Աբրահամյանի մասին ասել է: «Փորձեք հիշել կամ պարզել, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում և Արարատի մարզի այլ բնակավայրերում»:
Հենց այս ամենը հաշվի առնելով էլ հարց է ծագում` ի՞նչ ստուգումների մասին կարող է խոսք լինել. Պետեկամուտների կոմիտեի սովորական ստուգումները, որ նրանք պարտավոր են ժամանակ առ ժամանակ կատարել այս կամ այն մարզում, կարելի է հանգիստ խղճով որակել զուտ Աբրահամյանների ունեցվածքի ստուգում, քանի որ Արարատի մարզում շատ քիչ օբյեկտներ կհանդիպես, որոնցում ԱԺ նախագահը մաս չունենա: Այստեղ ՊԵԿ-ը, ինչ էլ անի մեխանիկորեն որակվելու է ոտնձգություն և փորձ` ճնշելու քոչարյանական թևին պատկանող և Գագիկ Ծառուկյանի խնամիության պատվին արժանացած Աբրահամյանին: Այլ հարց է, որ Պեկ-ին այդքան էլ հաճախ «դաբրո» չի տրվում քիթը խոթել ԱԺ նախագահի բիզնեսների մեջ ու նման հազվադեպ փորձերը անմիջապես քաղաքական աստառ են ստանում։
Իսկ արարատցիներն առանձնապես չեն ըմբոստանում Աբրահամյանի փայատիրական նկրտումների դեմ և ենթարկվում են մարզում նրա հաստատած կարգուկանոնին` հասկանալով, որ մի բան է` Հայաստանում լինել շարքային քաղաքացի — գործարար, այլ բան` ունենալ նման հզոր ու ճարպիկ պաշտպան:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ երկուստեք հետևողական աշխատանքի և պարբերական հանդիպումների շնորհիվ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության մշակման հարցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցության տրամադրելու պատրաստակամությանը` Ա. Աշոտյանը նշել է. : Նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության կարողությունների գնահատմանը միտված ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախագիծը, այն դիտարկելով որպես գործունեության արդյունավետության բարձրացման համար կարևոր հիմք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, արտահայտելով իր գոհունակությունն արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ բոլոր զարգացած երկրներում էլ հասարակական դիմադրություն կա կրթության և առողջապահության բնագավառներում իրականցվող բարեփոխումների առումով: Նա հավելել է, որ իրականցվող ծրագրերը հնարավորություն կտան ընդգծել բարեփոխումների առավելությունները` բարենպաստ պայմաններ ստեղծելով հասարակական կարծիքի ձևավորման համար: Տիկին Գերչևան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերի իրականացման ուղղությամբ նախարարությունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես նախարարության կարողությունների վերլուծման, ինտերնետային նոր կայքի ստեղծման, ինչպես նաև կրթական հեռուստահաղորդաշարերի և կրթական թեմաներով սոցիալական գովազդների պատրաստման և հեռարձակման հնարավորությունների առումով:
Աստղագետները մեծացրել են 1999 RQ36 աստերոիդի հետ Երկիր մոլորակի հետ բախման հավանակնությունը XXII դարում:
Հաշվարկների համաձայն այդ երկնային մարմինը կարող է բախվել Երկրի հետ մեկը հազարի հավանականությամբ: Հետազոտության մանրամասները նշված են գիտության և տեխնիկայի իսպանական հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Աստերոիդների շարժումը ուսումնասիրող իսպանացի հետազոտողները պարզել են, որ 1999 RQ36-ը կարող է բախվել Երկրի հետ մեկը հազարի հավանականությամբ 2182 թվականին:
Իրենց հաշվարկների համար գիտնականները օգտագործել են հավանականության մոդելները, որոնք սովորաբար օգտագործվում են Երկրի և այլ երկնային մարմինների հանդիպման հնարավորությունները հաշվարկելու համար:
1999 RQ36 աստերոիդի տրամագիծը 560մ է: Իսկ հայտնի Ապոֆիս-99942 աստերոիդինը՝ ընդամենը 270մ:
1999 RQ36-ը առաջին անգամ հայտնաբերել է 1999թ, սակայն այն ժամանակ նրան Երկրի համար վտանգավոր չեն համարել:
Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ 1400-ից մեկ հնարավորություն կա, որ 1999 RQ36-ը կարող է բախել Երկրի հետ 2169-2199 թ. ընթացքում:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այսօր հայտարարել է, թե այն երևույթները, որ տեղի ունեցան Հայաստանի տնտեսությունում 2003-2008թթ, այլևս չեն կրկնվի:
«Նկատի ունեմ մի շարք դրական շոկերը, որոնք տեղի ունեցան Հայաստանի տնտեսության պարագայում` 2003-2008թթ: Ապագա հատվածում իրավիճակը տարբերվելու է»,- ասել է նա: 2003-2008թթ. Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանն էր, որի ժամանակ Հայաստանն աշխարհին էր ներկայանում իբրև մի երկիր, որը փաստացի գտնվելով շրջափակման մեջ, հաջողացնում էր երկնիշ տնտեսական աճ ապահովել:
Սա շատերին էր զարմանալի թվում, իսկ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանը անվանեց «Կովկասյան վագր» ու համոզում էր, միայն պարծենալ վագրի թռիչքներով, երկնիշ տնտեսական աճը համարելով նորմալ երևույթ։
Կյանքը, սակայն ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունն իրականում ոչ թե վագր, այլ կատու էլ չի, քանի որ տնտեսություն, որպես այդպիսին, այսօր չկա, իսկ «կովկասյան վագրի թռիչքները» պարզապես երազախաբություն էին, երկնիշ թվերը` ընդամենը փուչիկ, որ Քոչարյանի կառավարման հետ հրաժեշտ տվեցին Հայաստանին:
ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարել է, թե հիմա Հայաստանի տնտեսությունում նկատվող զարգացումները հիմնականում համահունչ են իրենց կանխատեսումներին. «Կանխատեսումը նույնն է, ինչ արել էինք մայիսին՝ 2010թ. համար 4,8 տոկոս։ Նաև մինչև տարեվերջ ակնկալում ենք գնաճի ցուցանիշի նվազում: Առաջին եռամսյակում շատ բարձր աճ արձանագրվեց՝ պայմանավորված մի շարք արտառոց հանգամանքներով։ Հիմա աճը պարզապես նորմալացել է»:
ԱՄՀ ներկայացուցիչը այս անգամ ևս շեշտել է ՀՀ կառավարության քաղաքականության կարևորությունը: ԱՄՀ-ՀՀ կառավարություն հարաբերությունները, ինչպես հայտնի է, բավականին հակասական են. ԱՄՀ ներկայացուցիչները նախկինում էլ անընդհատ քննադատում էին ՀՀ կառավարության սխալ քաղաքակությունը, տնտեսության մոնոպոլիզացիան, սակայն քննադատելով հանդերձ, շարունակում էին Հայաստանին տրամադրել միլիոնավոր դոլարի վարկեր` լավ իմանալով, որ դրանց զգալի մասը չի ծառայելու նպատակին, փոշիացվելու է, վերածվելու օլիգարխների դղյակների կամ շքեղ ավտոմեքենաների:
ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը իրենց հաշիվներն ունեն. քննադատելով հանդերձ շարունակում են վարկեր տրամադրել, քանի որ մեծացնելով Հայաստանի, և նման երկրների պետական պարտքը, ամրապնդում են այս երկրների` պարտապանի կարգավիճակը` զրկելով նրանց ինքնուրույն քաղաքականություն վարելու ցանկացած հնարավորությունից:
Կառավարության աշխատանքը քննադատող հայտարարություններ բազմիցս արել է նաև Հայաստանում ԱՄՀ նախկին ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այսօր այդ գործը շարունակում է Գիերմո Տոլոսան: «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատշաճ քաղաքականություն որդեգրի, որպեսզի պատշաճ արձագանքի մարտահրավերներին»,- «Բարի ավանդույթները» շարունակել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի` վտանգավոր շեմի հասած պետական պարտքին, Տոլոսան շարունակել է հանգստացնել. «Մեր սցենարներում պետական պարտքի մակարդակի հետ կապված որևէ ռիսկ չենք տեսնում»:
Արժույթի միջազգային հիմնադրամն, իհարկե, որևէ ռիսկ կարող է չունենալ, կարող է նաև շատ հետաքրքիր սցենարներ մշակած լինել, ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՀ-ի մշակած սցենարը կարող է ձեռնտու լինել Հայաստանի համար:
Լուսինե Կեսոյան
Հայաստանում ձվի բիզնեսը ևս այսուհետ պաշտոնապես մենաշնորհված է:
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Խաչիկ Խաչիկյանին պաշտոնապես ճանաչել է Հայաստանում ձվի մոնոպոլիստ, քանի որ «Արաքս» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները ներառվեցին նրան պատկանող «X-Group»-ի մեջ։ Ձվի շուկայում մինչ վերջերս գերիշխող դիրք զբաղեցնող էր համարվում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»՝ 42,2 տոկոս մասնաբաժնով։ Սակայն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխեց գերիշխող դիրք զբաղեցնողին։ Ըստ 2010 թ. առաջին կիսամյակի տվյալների՝ Լուսակերտի տոհմային ֆաբրիկայի մասնաբաժինն իրացման ծավալներում իջել է մինչեւ 26,06 տոկոս։
«Արաքսի» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաների մասնաբաժիններն, ընդհակառակը, ավելացել են՝ հասնելով համապատասխանաբար 15,7 եւ 13,46 տոկոսի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 ընկերություններն ունեն միևնույն սեփականատերը, հանձնաժողովը նրանց համարեց «անձանց խումբ» եւ գրանցեց որպես գերիշխող դիրք զբաղեցնող՝ 29,16 տոկոս ընդհանուր մասնաբաժնով։
Խոսակցություններ կան, որ Խաչիկ Խաչիկյանը պատրաստվում է ձվի արտադրությամբ զբաղվող ևս երեք ֆաբրիկա ձեռք բերել` այդ թվում` Խաչիկ Մանուկյանին և Հարություն Փամբուկյանին պատկանողները։ «Լուսակերտի» (սա Հայաստանում ձվի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է)և Գուրգեն Արսենյանին պատկանող «Գնդեվազի» թռչնաբուծարանների մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել. վաճառող կողմն ասում է, թե բանակցություններ են տարվում, մինչդեռ գնորդը հերքում է:
Այս փաստերի հաստատման դեպքում ձվի օլիգարխ-պատգամավորի` շուկայում գրաված դիրքը, բնականաբար, կփոփոխվի, այնպես որ նա կարող է հավակնել ՏՄՊՊՀ-ի «բացարձակ ձվատեր» տիտղոսին:
Խաչիկ Խաչիկյանի համար ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստը բարենպաստ էր նաև այնքանով, որ նա հաջողացրեց խնայել 500 հազար դրամ: Ճիշտ այդքան էր կազմելու այս հանձնաժողովի տուգանքը, եթե հաստատվեր, որ «X-Group»-ը, օգտվելով իր գերիշխող դիրքից, օգտագործելով իր մյուս բիզնեսներից ստացվող եկամուտների ընձեռած հնարավորությունները (Խաչիկյանին է պատկանում նաև «Ջրաշխարհը», «Վալենսիա» հյուրանոցային համալիրը, «Կլայկ» խանութների ցանցը և այլն), դեմպինգային քաղաքականություն է իրականացրել, այսինքն` դիտավորյալ իջեցրել է ձվի գինը շուկայում` ծանր կացության մեջ դնելով մյուս արտադրողներին, որոնք էլ ստիպված են եղել բանակցություններ վարել` այլևս շահույթ չապահովող ձեռնարկությունները վաճառելու համար:
ՏՄՊՊՀ-ն այս հարցում կանգնեց «X-Group»-ի թիկունքին` գտնելով, որ պարզապես գերարտադրությունն է հանգեցրել գների իջեցման:
Ինչևէ, անկախ նրանից` Խաչիկ Խաչիկյանը կդառնա շուկայի միակ «ձվատուն», թե կբավարարվի այլ կարգավիճակով, իրականություն է, որ կառավարության, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի`մենաշնորհների դեմ պայքարի, դրանց վերացման անհրաժեշտության վերաբերյալ բոլոր ելույթները, հավաստիացումներն ու սպառնալիքները պարզապես փուչիկ են և ոչ ավելի:
Իսկ դատարկ երևակայությունից այս կողմ իրական Հայաստանն է, որի տնտեսությունը, որ դժվար է տնտեսություն համարել, իսկ մի կերպ, միայն ինքն իրեն սնող օլիգարխային կերատաշտը հիմնովին կենտրանացված է մի քանիսի ձեռքում։
Ձվի բիզնեսը այն եզակի ոլորտներից էր, որ դեռևս զերծ էր այդ ամենից, սակայն, ինչպես տեսնում ենք, բավական էր մի քանի դրամով գների իջեցում, (որ չի բացառվում,որ արվեց հենց այդ նպատակով) ու այս շուկայում էլ հարցերը «կարգավորվեցին»: Հիմա արդեն ձվի գինը բարձրացել է և շուտով 20 դրամանոց ձվի մասին հնարավոր կլինի միայն հիշել` իբրև արտառոց մի երևույթ մեր պետությունում:
Հ.Գ. Հայաստանում գործում են 6 խոշոր թռչնաֆաբրիկաներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը շուկայում գերազանցում է 95 տոկոսը։ 2010 թ. առաջին կիսամյակում արտադրվել է 145,8 մլն հատ ձու, որը 6 մլն-ով գերազանցում է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ:
Նախագահը շնորհավորել է նրանց, որ կարողացել են բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ընդունվել առաջնակարգ կրթօջախներ և հոգալ ուսման ծախսը` գտնելով «Լույս» հիմնադրամը:
ՀՀ նախագահը հանդիպել է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի հրավիրած կրթաթոշակառուների հետ։
Նախագահի հետ հանդիպմանը չի մասնակցել այս հիմնադրամի, թերևս, լավագույն կրթաթոշակառուն, որը բավական մեծ պոտենցիալ ունի դառնալու ֆենոմեն և անհատականություն գիտության ոլորտում։
«Սա շատ էական հանգամանք է, որովհետև գիտելիք ունենալը դեռևս քիչ է. պետք է կարողանալ այն համադրել ակտիվ դիրքորոշման հետ, և սա ձեր առաջին հաջողված փորձն է»,- ասել է Նախագահը նշելով, որ ներկայումս որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի կրթված երիտասարդների պահանջարկ կա, որոնցով մենք պետք է կարողանանք համալրել մեր պետական ապարատը, դրան նոր շունչ հաղորդել և դարձնել ավելի արդիական։ «Իսկ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ունեն ակտիվ դիրքորոշում և պատրաստ են ծառայել մեր պետության հզորացմանը»,- շեշտել է նա։
Նախագահը երիտասարդներին ասել է նաև, որ եթե նրանցից ոմանք կրթությունն ավարտելուց հետո չվերադառնան հայրենիք` արտերկրում շարունակելով իրենց գործուենությունը այնպիսի ոլորտներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնցից զուրկ է Հայաստանը, ապա դա միանգամայն հասկանալի կլինի, բայց եթե նույն «Լույս» հիմնադրամի աջակցությամբ կրթություն ստացած երիտասարդը որոշի անել այն աշխատանքը, որ կարող է այստեղ անել` նրանց որևէ մեկը չի հասկանա։
20-ամյա Հայկ Իշխանյանը այս տարի ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (սա աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկն է) բակալավրիատը` կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա ուղղության, «Ընդհանուր և կիրառական ֆիզիկա» մասնագիտությամբ:
Հայկն առանձանում է նրանով, որ այս տարվա հունիսի 3-ին, երբ պետական քննական հանձնաժողովին է ներկայացրել իր աշխատանքը` բակալավրի աստիճան ստանալու համար, հանձնաժողովը հայտնվել է «ծանր» կացության մեջ, որից դուրս է եկել ոչ ստանդարտ որոշում ընդունելով: Հանձնաժողովում ընդգրկված մեծանուն գիտնականները միանգամից գնահատել են ներկայացված աշխատանքը և որոշել, որ այն եզակի աշխատանք է, և միմանգամից տղային շնորհել ֆիզիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հայկը ինստիտուտ ընդունվել է 2006թ. և այս տարի ավարտում է բակալավրիատը: Ընդունված կարգի համաձայն, նա դեռ պետք է սովորի մագիստրատուրայում, այնուհետ` ասպիրանտուրայում, որից հետո միայն աշխատի գիտական թեզի վրա և գիտական աստիճան ստանա:
Պետական քննական հանձնաժողովը, սակայն Հայկի միանգամից ընդունում է ասպիրանտուրա: Սեպտեմբերին Հայկը Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում արագ կարգով պետք է հանձնի մինիմումները, որից հետո դարձյալ խնդիր կդրվի ասպիրանտուրան էքստեռն կարգով ավարտելու համար, որպեսզի Հայկ Իշխանյանի աշխատանքին շնորհվի արժանի գիտական աստիճանը:
«Հարկ է ընդգծել, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ էր ոչ ստանդարտ և բավական բարդ մաթեմատիկական ապարատ, բայց հեղինակին հաջողվել է դա յուրացնել և կիրառել այն խնդրի լուծման ընթացքում, ինչը խոսում է համապատասխան պատրաստվածության մասին: Ընդհանուր առմամբ, աշխատանքը ինքնուրույն լուրջ հետազոտություն է այս ասպարեզում: Աշխատանքը ներկայացված է բարձր մակարդակով, ինչն ապացուցված է համապատասխան հրապարակումներով` առաջատար միջազգային ամսագրերում». Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Մաքսիմովը այսպիսի գնահատական է տվել Հայկի աշխատանքին:
Իսկ մեկ այլ գիտնական` Վլադիմիր Կրայնովը, արդեն տվել է համաձայնությունը` ընդունել Հայկին ասպիրանտուրա: Մաքսիմովի նշած աշխատանքի «բարձր մակարդակը» արդարացի է. Հայկն միջազգային ամենահեղինակավոր ամսագրերում ունի գիտական 12 հոդվածներ, իսկ հոդվածները բավարար են դոկտորական դիսերտացիայի համար:
Այսօրվա հանդիպմանը նախագահն, իհարկե, դարձյալ շնորհալի, ուսումնատենչ երիտասարդների է հանդիպել, բայց, Հայկը նրանց մեջ չի եղել մի անհեթեթ թյուրիմացության հետևանքով. չգիտես ինչու, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը նրան այդքան էլ չի «սիրում», թեև Հայկի հետ 5 րոպե շփվելուց հետո կարելի է զարմանալ, որ հնարավոր է նրան չսիրել: Ի դեպ, Հայկը ֆենոմենալ է նաև իր էությամբ. անմիջական, պարզ և դրական էներգիա հաղորդող երիտասարդներ այդքան էլ շատ չեն հանդիպում մեզանում:
Իսկ ստեղծված իրադրության պատճառն ավելի քան զավեշտալի է. Անցյալ տարի ամռանը, երբ «Լույս» հիմնադրամն, ի վերջո, ազդարարեց իր լույս աշխարհ գալը (մինչ այդ «Լույս» հիմնադրամի գործունեությունը մի տեսակ գաղտնի էր), Հայկ Իշխանյանը, որ դեռ 2006թ. «Լույսի» ցուցակում ընդգրկված բուհի ուսանող էր և արդեն ուներ կրթաթոշակի հավաստագիր, որոշում է գնալ շնորհավորել իրեն կրթաթոշակ տված հիմնադրամին: Ճանապարհին ծաղկեփնջով աղջիկների է տեսնում և խնդրում է իրեն մեկ հատ վարդ նվիրել, որի համար պատրաստակամություն է հայտնում նրանց համար ասմունքել. Հայկի ասմունքից աղջիկները հիանում են ու տղան ստանում է ցանկալի վարդը: Հենց այդ վարդը ձեռքին էլ մտնում է «Լույսի» գրասենյակ, այն նվիրում Ժակլին Կարաասլանյանին, նրան շնորհավորում և խնդրում իրեն մի քանի րոպե նվիրել` մեկ երկու հարց ճշտելու համար:
Տիկինը անդադար կրկնում է` «ժամանակ չունեմ»։ Հայկը խնդրում է ասել հանդիպման ցանկացած օր և ժամ։ Տիկինը չի ընդունում, երիտասարդի սրտագին շնորհավորանքը ավարտվում է նրանով, որ հաջորդ օրը տարբեր լրատվամիջոցներով Հայկին մեղադրում են սկանդալ սարքելու մեջ։ Իսկ վարդը Հայկին խնդրում են հետ վերցնել, հետո էլ տղային փորձում են դուրս գցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ցուցակից:
ԵՎ սրտի թրթիռով վարդ նվիրող, ապագայի բազում հույսերով «Լույս» հիմնադրամի գրասենյակ եկած 19-ամյա տղային պատասխանում են սառնությամբ և դուրս հրավիրում:
Դա իհարկե, չխանգարեց Հայկին` հասնելու այսօրվա հաջողություններին:
Այսօր նախագահը խոսում էր Հայկի նմաների մասին։ Նա ոչ միայն գիտելիք ունի, այլև կարողանում է այն «համադրել ակտիվ դիրքորոշման հետ»:
Այժմ 20 ամյա Հայկ Իշխանյանին ֆիզիկայի ասպարեզում աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը պատրաստվում է շնորհել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Արդյո՞ք երիտասարդը հայրենակիցների նման վերաբերմունքից հետո, որպես գիտնական կվերադառնա Հայաստան։
Լուսինե Կեսոյան
Հեքիաթը սկսենք նրանից, որ երևանի նույնիսկ կենտրոնում աշխատանքային ժամի ավարտի հետ, երթուղային տաքսիների քանակը կտրուկ նվազում է։ Իսկ երեկոյան 23 –ից հետո դրանք դառնում են սև աղվես։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը` Արմենակ Ադամյանը, ունի իր կարծիքը։
-Պարոն Ադամյան, Ձեր ղեկավարած վարչությունը արդյոք վերահսկողություն իրականացնու՞մ է մայրաքաղաքի տրանսպորտի նկատմամբ, կանոնակարգման ի՞նչ լծակներ, մեխանիզմներ ունեք: Հատկապես երթուղայինների աշխատանքը, պետք է որ համաձայնեք, ուղղակի խայտառակություն է մեր մայրաքաղաքում:
-Ես Ձեզ ասեմ, էդքան էլ էնպես չի, որ խայտառակություն է, ուղղակի տրանսպորտային համակարգը միշտ այն համակարգն է, որ խոցելի է, միշտ կարելի է գտնել թերություններ, միշտ անբավարարվածության խնդիր կա հասարակության կողմից: Օրնիբուն աշխատում է տրանսպորտի վարչությունն իր ամբողջ համակարգով` էլեկտրոտրանսպորտ, տրոլեյբուսներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, մետրոպոլիտեն:
-Բոլորը Ձեր վարչության վերահսկողության տա՞կ են:
-Այո´, այդ բոլոր ստորաբաժանումները, բացի տաքսիներից: Մենք գիշեր թե ցերեկ ուշադրության կենտրոնում ենք պահում այդ ամենը: Որ ասենք շատ խառնաշփոթ վիճակ է, դա այդպես չի, մենք ուզում ենք լավ լինի, դժվարության չհանդիպենք, այդպես հնարավոր չի: Ինչ վերաբերում է մետրոպոլիտենին` այն միջազգային զարգացման բանկից որոշակի ֆինանսական աջակցություն է ստացել մեր կառավարության միջոցով։ Այժմ վերանորոգում է վագոնները, շարժակազմը, չնայած վիճակը այսօր կարելի է բավարար համարել, բայց ավելի կլավանա: Էնպես որ, պետք է մեր հասարակայնությունը գիտակցի, որ քաղաքապետարանը, հանձինս քաղաքապետի, օրնիբուն մտածում է առաջնակարգ տրանսպորտի խնդիրների լուծման հարցով և ամեն ինչ պետք է դեպի լավը գնա:
-Ա´յ, էդ գիտակցելը գիտե՞ք երբ կլինի, եթե կանգառում 40 րոպե ստիպված չլինես սպասել տրանսպորտի, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես սպասել չարժե, քանի որ երթուղայինները պարզապես անհետանում են:
-Ուրեմն, մենք մեծ սիրով դրա համար ունենք հատուկ թեժ գիծ, մենք լսում ենք բոլորին, նման ահազանգերի դեպքում, դե, բնականաբար, մենք գործ ունենք ոչ թե մեկ-երկու-երեք, այլ մոտավորապես 70-80 տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք որ սպասարկում են մի քանի երթուղային գծեր և էդ ամեն ինչը մեզ մինչև չահազանգեն, մինչև չտեղեկացնեն, մենք չենք կարողանա լուծել:
-Իսկ եթե ահազանգու՞մ են: Տեսե´ք, մի օրինակ ընդամենը` ես դրա մասին էլի եմ գրել` 49 համարի երթուղայինի վիճակը ուղղակի չգիտեմ ինչպես կարելի է բնորոշել, երեկոյան ժամերին դա ընդհանրապես չկա ու այս պրոբլեմը տարիներ շարունակ լուծում չի գտնում: Այս երթուղային գծի տերը Երվանդ Զախարյանն է` նախկին քաղաքապետը, իրենք` դիսպետչերները, վարորդները «լացում են», մնացել են ընդամենը մի քանի մեքենաներ, իսկ շաբաթ-կիրակի օրերին, հատկապես ամառը, վարորդներից մի երկուսը, եթե ուղևորներ են տանում Սևան, վե´րջ, տարածքի բնակչությունը լրիվ անտերության է մատնվում:
-Թույլ տվեք Ձեր միտքը ես շարունակեմ և հանգստացն եմ Ձեզ, որ կրքերը ավելի չբորբոքվեն: Ելնելով այդ ամեն ինչից, այսօր քաղաքապետի քաղաքականությունը և, ընդհանրապես, քաղաքապետարանը նպատակասլացվածություն ունի միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով: Ինչպես տեսնում եք, հիմա քաղաքում կան երթևեկող նոր ավտոբուսներ, որոնցից ուղևորներն ավելի հաճույքով են օգտվում: Կա այսպիսի երկու քաղաքականություն. հնարավորինս միկրոավտոբուսները փոխարինել նոր, բարեկազմ, բարեկիրթ ավտոբուսներով, որոնց հետ այսօր ինտենսիվ բանակցություններ են վարվում քաղաքապետարանի կողմից, ընդ որում, ոչ միայն նախկին սովետմիության երկրների, որոնք ունեն արտադրություն, նաև արտասահմանյան` Չինաստան, Հարավային Կորեա:
-Նորմալ որակի՞ ավտոբուսներ եք ներկրելու, թե՞ նրանց հնացածներն ենք բերելու:
-Մեր քաղաքապետի մոտեցումը միանշանակ դա է` մեծ ավտոբուսներ` կոնդիցիոներներով, լավատես, հանգիստ, որ ցանկացած ուղևոր հաճույքով երթևեկի դրանով, ինչի՞ չէ, մեր ընտանիքի անդամներն էլ են դրանով երթևեկում: Մոտակա ժամանակներս նախատեսվում է մեծ քանակությամբ ավտոբուսներ ներկրել Հայաստան` հնարավորինս փոխարինելով միկրոավտոբուսներին, առավել ևս այն միկրոավտոբուսների, որոնք չարքաշ վիճակում են: Իսկ բացի դա, կա նաև երկրորդ մոտեցումը` հին միկրոավտոբուսները փոխարինել նորով: Դա կոչվում է համալրում, դա կատարվում է նորից մրցութային հանձնաժողովի մոտեցումով, ամսեկան երևի թե երկուսից երեք անգամ: Վերջին մրցույթի ժամանակ 40 միկրոավտոբուս է համալրվել: Էնպես որ գործընթացը գնում է, բայց մեր քաղաքը մեծ քաղաք է, հետո էլ ժողովուրդը միշտ լավը տեսնելով լավից լավին է ձգտում, բնականաբար, պետք է, որ համբերենք ու նկատենք էդ ամեն ինչը: Այսինքն` պիտի ուզենանք տեսնել:
— Ասենք, հիմա մենք ուզում ենք տեսնել, բայց ինչպե՞ս: Մի քանի տարի շարունակ նույն վիճակը շարունակվում է` ինչը պիտի տեսնենք ,ոչ մի կերպ չի երևում: Գիտեք, երևի մեր պրոբլեմներից մեկը էդ երթուղային գծերի տերեր կոչվածների բանդան է: Բնական է, որ էդ հսկայական համակարգը շահագործել է պետք, սակայն բանն այն է, որ կախված նրանից, թե ով է տվյալ գծի տերը,( որպես կանոն նրանք կարողների դասին են պատկանում) այդ տարածքի, կամ գծից օգտվող բնակչությունը պարզապես հայտնվում է նրա գերու կարգավիճակում, այսինքն, եթե Զախարյանն է գծի տերը, նա քաղաքապետ էր, ուրեմն ինչ ուզեր` կարող էր անել, շահագործեր վարորդներին, բայց տրանսպորտի վարչության պետը, բնականաբար, չէր կարող երազել անգամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին:
-Ուրեմն թույլ տվեք ես պարզաբանեմ Ձեր ասածը: Ես նախկինում չգիտեմ, բայց այսօր մոտեցումը բոլորին միանշանակ նույնն է, բոլորի նկատմամբ մեր պահանջները միանշանակ նույնն են` անկախ նրանից ով է, տնտեսվարող է, ինչ է, հանձնաժողովը, որը որ ուսումնասիրում է` 7 հոգուց բաղկացած, համալրման գործընթացը, ես, որպես հանձնաժողովի
նախագահ, ի պաշտոնե, ինքս շատ խիստ եմ մոտենում:
-Զանգեր չե՞ն կարող լինել:
-Չէ, չէ, բացարձակ: Կարող եք ուղղակի վերցել ցանկը, տեսնեք վերջին 40 ավտոբուսները: Դա ուղղակի խոսքեր են, որ ասվում է անհիմն, առանց ապացույցների:
-Ախր էնպիսի սարսափելի վիճակում գտնվող երթուղայիններ կան մեր քաղաքում, որ գիծ են դուրս գալիս: Ձեր ասածը մի տեսակ դրանց հետ էնքան էլ չի բռնում:
-Էդ կույտը, պրոբլեմը շատ մեծ էր, բայց աստիճանաբար մաքրելով-մաքրելով մենք գալիս ենք դրան, վերջին անգամ 28 միկրոավտոբուսներ փոխարինվեցին 4 ավտոբուսներով, երևի տեսել եք, Հոնդայի մակնիշի բորդոյ գույնի, դա փոխարինեց 28 շարժակազմի: Դուք հիմա տեսեք այդ տենդենցը: Երկու-երեք «միկրոյի» փոխարեն մի ավտոբուս, հաջորդ փուլն էլ գալիս է, հին մեքենաների փոխարեն նորը և աշխատանքներ են գնում ներկրելու տրոլեյբուսներ: Տրոլեյբուսների ցանցն ենք ուզում զարգացնել:
-Մեր քաղաքը տրոլեյբուսների համար մի փոքր նեղ չէ՞:
-Դե, հիմա, գիտե՞ք ինչ, դա ձեր անձնական կարծիքն է: Դուք վերջին անգամ ե՞րբ եք օգտվել տրոլեյբուսից:
-Չեմ օգտվել, չեմ հիշում:
-Դե, մի հատ ես Ձեզ խնդրում եմ, օգտվեք ու զանգահարեք, Ձեր անձնական սուբյեկտիվ կարծիքն ինձ ասեք:
-Ես փողոցի համար եմ ասում` երթևեկության, դրանք մեծ են, ծանրաշարժ:
-Դա էլ է մտնում մեր գործառույթների մեջ: Կանգառների կանոնակարգում: Չե՞ք նկատել, որ հասարակական տրանսպորտի կանգառները կանոնակարգվել են:
—Կանոնակարգվել է, բայց կանգառներին շատ խանգարում են տաքսիները:
-Ահա, դրա համար մենք ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գործողություններ ենք անում:
-Նրանք էլ աչքերը փակում են դրա վրա:
-Մենք համատեղ գործողություններ ենք մշակում, բեռնաթափում ենք հասարակական տրանսպորտը, այն զիգզագ կոչեցյալ դեղին գույնի գծի վրա, արդեն օրենքով է կարգավորվել, ընդ որում, տաքսին էլ իրավունք չունի, բացի հասարարակական տրանսպորտից իրավունք չկա մեկ այլ տրանսպորտի կանգնել։ Ցանկացած վարորդ տուգանվում է 20 հազար դրամի կարգի: Այսինքն, եթե մեկ-երկու անգամ նա տուգանվի, երրորդ անգամ նա չի կանգնի:
-Գիտե՞ք, իրենք այնքան հանգիստ են կանգնում, որ կարելի է ասել թե հարյուր տոկոսով գիտեն, որ չեն տուգանվի:
-Չէ, էդպես մի ասեք:
-Լավ, պրն. Ադամյան,Գերմանիայում մարդիկ իրենց ժամացույցները տրանսպորտի չվացուցակի ժամով են ուղղում։ Ձեր ասած վերահսկողական մեխանիզմներով որոշակի հստակեցում գնու՞մ է, արդյոք. կանգառում երբ կանգնում ես, տեսնում ես մի երթուղայինը 5 րոպեն մեկ գալիս է, իսկ մեկ ուրիշը մի ժամ շարունակ չկա, կամ երեկոյան ժամերին` 23-ից սկսած ընդհանրապես չկան: Դա մեկ երթուղային չէ, շատ են էդպիսիները: Ձեզ մոտ որոշակի սխեմա է, ինչ է, գոյություն ունի՞, որ, ա´յ, ասենք, 44 համարը շատ լավ է աշխատում, բայց դրա կողքին մյուսը`ասենք 29-ը , ուշ ժամի չես գտնի, դրանք ֆիքսվա՞ծ են արդյոք Ձեզ մոտ: Եվ Ձեր ասած փոխարինումը միկրոավտոբուսներով ինչպե՞ս է կատարվելու, արդյո՞ք էն լավ վիճակում գտնվող թաղամասի տրանսպորտը չեք բարելավելու՞, իսկ ավելի վատ վիճակում գտնվողը այդպես էլ մնալու է նույն վիճակում:
-Թույլ տվեք ասել, լավ թաղամաս, վատ թաղամաս տրանսպորտի վարչության, քաղաքապետի համար գոյություն չունի: Կա շարժակազմ, կա երթուղի, երթուղին շահել է ոմն տնտեսվարող սուբյեկտ, որը որ պարտավոր է, ենթադրենք, տվյալ երթուղին ապահովել 20 շարաժակազմով, բայց գալիս է ժամանակ, որ դրանք պետք է վերանորոգվեն, փոխարինվեն նորերով: Կան տնտեսվարող սուբյեկտներ, որ էսօր դեռևս ի վիճակի չեն, մենք կշտամբում ենք, պահանջում ենք, բայց աստիճանաբար է դա կատարվում, կա երթուղի, որ պետք է շահագործվի 20 մեքենա, մենք տեսնում ենք, որ դրանից 5-ը նորմալ վիճակում չի և թույլ չենք տալիս, որ դրանք գիծ դուրս գան, ստիպում ենք տնտեսվարողին, որ նա համալրի նոր մեքենաներով:
— Այո, էդ ամենը տարիներ շարունակ չի փոխվում, ինչ կապ ունի 5 մեքենա ավել կամ պակաս։ Ուղղակի հաշվի են առնում, որ էդ ժամին, էդ տարածքից ինչ քանակի պոտենցյալ հաճախորդ կա տեղափոխելու ու դրա հաշվարկով էլ մեքենա են գիծ բաց թողնում։ Դուք դրանից տեղյակ չե՞ք։
Վիճակը բարդ է, երթուղայինի վճարը ,գիտեք, 100 դրամ է, որը որ այսօր շատ ծանր վիճակում է դնում տնտեսվարողներին:
-Բարձրացնելու միտում կա՞:
-Միտում չկա, բայց ուսումնասիրությունները շարունակվում են: Այսօր 100 դրամով աշխատանք կազմակերպելը անգամ ինքնարժեքից մի փոքր էլ ներքև է։ Այսինքն էս ամեն ինչի հետ մենք պետք է հաշվի նստենք: Ճիշտ է, մենք ստիպում ենք, բայց նա ցանկություն ունի, բայց չի կարողանում փոխարինել նորերով: Այսինքն, սա ժամանակի խնդիր է: Մեր կողմից լուծվում են բոլոր գլոբալ հարցերը` սկսած ճանապարհային նշաններից, անցման նշաններից, լուսաֆորներից:
-Դրանցով ճանապարհային ոստիկանությունը չի զբաղվու՞մ:
-Դե, մենք մեր եզրակացությունը տալիս ենք, ԳԱԻ-ի հետ համատեղ մեր ուսումնասիրությունը անում ենք, անցման գծանշումները, էս ամեն ինչը գլոբալ է նայվում: Նոր տրանսպորտային միջոցներ ներկրելու գործընթացում մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ առողջ, այսինքն թերի առողջություն ունեցող ինվալիդներին, նրանց համար էլ նախատեսում ենք էնպիսի շարժակազմ, որ գոնե շարժասայլակներով կարողանան յուրաքանչյուր երթուղում ունենանք մեկ հնարավորինս այդպիսի տեսակ: Այսինքն, մենք գլոբալ ենք նայում այդ բոլոր հարցերը:
-Իսկ Ձեր վերահսկողության մեջ մտնու՞մ է արդյոք վարորդների որակական հսկողությունը: Ովքե՞ր են դառնում վարորդներ, տվյալ անձնավորությունը ստուգվու՞մ է` իրավունք ունի՞ վարորդ աշխատել, որովհետև, ի տարբերություն պատասխանատու պաշտոնյաների տրանսպորտով երթևեկողները, հաճախ են հադիպում կասկածելի հոգեկան հատկանիշներ ունեցող վարորդների։
— Ես Ձեզ ասեմ, եթե մենք մրցույթ ենք անցկացնում, կա փաստաթղթերի փաթեթ և կարող է մասնակցել այն անձնավորությունը, որը ունի D կետ, որը որ թույլ է տալիս տեղափոխել ուղևորների և Ձեր ասածը` որպեսզի D կետ ունենա և վարորդական իրավունք, պետք է ունենա պսիխո, պետք է ունենա բոլոր էդ համապատասխան փաստաթղթերը:
-Բայց չէ՞ որ էդ փաստաթուղթը վերցնում են մի անգամ, կարող է անգամ կոռուպցիոն ճանապարհով վերցրած լինել, չի բացառվում չէ, որ հետո կարող է խանգարվել և …
-Դե, գիտե՞ք ինչ, դուք այնպիսի հարցեր եք տալիս, որ մի փոքր…
-Իրականությանը մոտ հարցե՞ր են:
-Ձեր ասածը մի քիչ իրականությունից հեռու է, որ դա տեսանելի լինի մեզ համար:
—Իսկ պարբերական ստուգումներ անցնու՞մ են վարորդները: Որովհետև իրենց աշխատանքը այնքան լարված է ու ծանրաբեռնված. երբեմն պատահում են վարորդներ, որ գրեթե նյարդային խանգարման եզրին են հայտնվում:
-Գիտե՞ք ինչ կա, դա միակողմանի չի: Ես Ձեզ ասեմ, ցանկացած վարորդ երթուղի դուրս գալուց առաջ բժշկական զննություն է անցնում տվյալ տնտեսվարողի պարկում, նոր անցնում է աշխատանքի: Դա գրված է մրցույթային կարգի մեջ, օրենքով է ամրագրված:
-Դա կարգի մեջ գրված է, բայց գործու՞մ է, թե՞ ուղղակի գրված է գրված լինելու համար:
-Դե, պարբերաբար արվում են ստուգումներ, եթե տեսնում ենք խախտումներ, պատժում ենք տնտեսվարողներին: Եվ չգիտեմ, Ձեր ասածը, կա նաև դրա հակառակ կողմը, կան նաև այնպիսի ուղևորներ, որ, պատկերացրեք, որ վարորդը օրվա մեջ քանի՞ ուղևորի հետ է շփվում, կան նաև, կներեք բառիս համար, անտակտ ուղևորներ, որ կարող են հանել համբերությունից ցանկացած մարդու, և ինչի՞ չէ, դա վատ հետևանքներ կարող է ունենան: Սա երկկողմանի պետք է լինի, մենք աշխատում ենք հնարավորինս բերել բալանսի, նվազեցնել էդ ամեն ինչը:
-Շա՞տ դժվար է Ձեր գործը :
-Շատ դժվար, ահա, էսօր ինձ բերել են մեքենայի համար են տվել առավոտը, որ վերոգրյալ մեքենայի վարորդը կշտամբել է ուղևորին: Հիմա ես կանչելու եմ և´ տնտեսվարողին, և´ վերոգրյալ մեքենայի վարորդին:
-Այսինքն` նման դեպքե՞ր էլ են հասնում Ձեզ:
-Շատ — շատ, անընդմեջ: Թեժ գիծ ունենք, հեռախոսազանգով, գրությունով գալիս են, մենք հրավիրում ենք, չենք զլանում, տնտեսվարողին, վարորդին և նույնիսկ համապատասխան ֆինանսական տույժերի ենք ենթարկում, իսկ կրկնվելու դեպքում հեռացնում ենք աշխատանքից:
-Պրն .Ադամյան, հիմա ես, օրինակ, հարցը բարձրացրի մի շարք երթուղայինների շատ վատ աշխատանքի վերաբերյալ, որ երեկոյան ժամերին դրանք ընդհանրապես բացակայում են, ուղևորները սպասում են ժամերով, տրանսպորտ չկա, կարելի՞ է հուսալ, որ Ձեզ մոտ դա կարձանագրվի և ինչ-որ փոփոխություն կարվի այդ առումով:
-Գիտե՞ք ինչ, դա պարբերական բնույթ է կրում, դա մեր աշխատանքի բնույթն է: Դա պարբերաբար ուսումնասիրվում է, բոլոր թերությունները արձանագրվում են, շտկվում են: Դա մի օրով չի լինի և ասել , որ վաղը կվերանան, չի լինի, իսկ որ ինտենսիվ վերահսկողությունը շարունակվում է, ստուգայցեր լինում է իրիկունը 12-ին տղաները դուրս են գալիս, ուսումնասիրում են, արձանագրում են:
-Իրիկունը 12-ին տրանսպորտ չկա:
-Գիտե՞ք ինչ, երբ որ ասում են, դուք ասում եք` այսինչ համարի երթուղին չի եղել, արձանագրում ենք, անում ենք ուսումնասիրություններ, կրկին հրավիրում ենք տնտեսվարողին և բացատրություն պահանջում պատճառի մասին: Ձեր շնորհիվ, Ձեր նմանները, երբ մեզ ահազանգում են, անհետևանք չենք թողնում:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.