23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ամերիկացի գիտնականները ուրախացրել են սուրճի երկրպագուներին: Նրանք պարզել են, որ առույգացնող ըմպելիքի կանոնավոր օգտագործումը իջեցնում է սրտի ռիթմի խախտման հնարավոր վտանգը:
Հայտնի է, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը հաճախակի է առիթմիա, առաջացնում: Թեմային վերաբերվող ուսումնասիրություններից մեկը կատարվել է Դանիայում: Այն ցույց է տվել, որ ըմպած սուրճի քանակը չի հանգեցնում նախասրտերի ռիթմի խախտմանը` այսպես կոչված թարթուն առիթմիային:
Կայզերի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները երկար ժամանակ հետևել են 18 — 90 տարեկան մոտ 130 հազար տղամարդկանց և կանաց. Նրանց 27%-ը ընդհանրապես սուրճ չի օգտագործել, 14%-ը ըմպել է օրական մոտ մեկ գավաթ սուրճ, 42%-ը` 1- 3, իսկ 17%-ը` չորս գավաթից ոչ պակաս:
Ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցներից 3 317-ը հոսպիտալացվել են սրտանոթային հիվանդություններով: Սակայն ամփոփելով ստացված բոլոր տվյալները գիտնականները եկել են եզրակացության, որ սուրճ չօգտագործողների համեմատ օրական 1 — 3 գավաթ սուճ ըմպող անձիք մոտ 7%-ով, իսկ 4 գավաթից ոչ պակաս օգտագործողները, մոտ 18%-ով քիչ են հիվանդանում սրտի առիթմիայով:
Հեինակ` Իրինա Լիսիչկինա
2008թ. հուլիսի 1-ից Հայաստանում «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրով ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագրի համակարգը, որով հղի կինն իրավունք ստացավ ազատորեն դիմել ցանկացած բուժհաստատություն` ծննդաբերելու համար: Սա մի կողմից կարելի է բավական դրական երևույթ համարել. մարդիկ ընտրության հնարավորություն ստացան, ծննդատները` մրցակցության. եթե բուժհաստատությունը լավն է, ավելի շատ դիմողներ է ունենում, այնպես որ հավաստագիրը կարծես թե պարտադրում է բուժանձնակազմին հնարավորինս լավ աշխատել: Սակայն մյուս կողմից, մարզային բազմաթիվ բժիկներ սկսեցին բողոքել, թե իրենք պոտենցիալ ծնունդներից զրկվում են, քանի որ ծննդկանները նախընտրում են մայրաքաղաքի անհամեմատ հարմարավետ բուժհաստատությունները: Փաստորեն, ստացվում է, որ հավաստագրերի ներդրմամբ մարզային ծննդատները հայտնվեցին բավական ծանր վիճակում: Առողջապահության նախարարության տվյալներով հանրապետությունում 01.01-31.05.2010թ. գրացվել է 8030 ծնունդ, որից 5876-ը` երևանցիներ են, 2105-ը` մարզերի բնակիչներ: Մայրաքաղաքի ծննդատներն ամենաշատը գրավել է Արմավիրցիներին, որտեղից Երևանի ծննդատներ են դիմել 665 մայրեր, Արարատից դիմողները` 355-ն են, Կոտայքից`348-ը, Արագածոտնից` 244-ը: Այսինքն` ավելի քան խոցելի վիճակում են հայտնվում մայրաքաղաքին մոտ գտնվող մարզային հիվանադանոցները: Ի՞նչ է այս մասին մտածում նախարարությունը, արդյո՞ք մարզային բժիշկների` պարապուրդի մատնվելու հեռանկարը մտահոգում է նրանց: Այս հարցի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ “Մոր և մանկան առողջության պահպանման” բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի հետ:
— Մենք կշեռքի նժարին դնում ենք երկու բան` մարդու ազատ ընտրության իրավունքը. այն, որ գյուղի բնակիչը գուցե ամբողջ կյանքում երազել է Երևանում ծննդաբերել, նույն աղքատ մասսան, որ հնարավորություն չի ունեցել, բայց հիմա հավաստագրով անվճար ծննդաբերում է Երևանում և խնդիրներ չունի: Եվ նժարի մյուս ծայրին այն է, որ սա կարող է առաջացնել ֆինանսական դիսբալանս, երբ մարզային ծնունդները հաշվարկված են նախորդ տարվա չափով և բյուջեն հաշվարկված է այդ գներով, Երևանը մեկ այլ քանակով և այլ գնով, երբ որ տեղաշարժը է առաջանում, բնականաբար, բյուջեի խնդիր է առաջ գալիս: Դրա համար էլ նախարարությունն ուզում է հոսքերը կանոնակարգել: Բայց կա նաև երրորդ խնդիրը, որ մենք անընդհատ ասում ենք` մարզում ծնունդը պահելու համար, չպետք է պարզապես ասել մի´ գնացեք, այլ հարկավոր է ստեղծել պայմաններ, որոնք ավելի գրավիչ կլինեն, մատուցել որակյալ ծառայություններ և այդ դեպքում ոչ մի կին չի ցանկանա, թողնել և գալ Երևանում ծննդաբերել: Եվ մենք ասում ենք` մարզե´ր, Ձեր պայմանները լավացրե´ք, որպեսզի պահեք ձեր ծնունդները:
-Բայց ինչպե՞ս: Ի նկատի ունեք ինքնուրույնաբար, սեփական ուժերո՞վ:
-Ինքնուրույնաբարը ո՞րն ա, իրենք ունեն հիմնադիր, ունեն մարզպետարան, իրենց բյուջեն, ես չեմ ասում գնան սպորնսոր գտնեն, իրենք շատ հաճախ այլ ծառայությունների համար ռեսուրսներ գտնում են, նույն էս ծրագրի շրջանակներում, թող օպտիմալ աշխատեն, որովհետև աշխատավարձը միայն ծնունդների թվով չի պայմանավորվում, կարևոր է նաև բուժանձնակազմի թիվը. եթե ծնունդները քիչ են, աշխատակազմը` մեծ, բնականաբար, այդ բոնուսները բաշխվում են և ցածր աշխատավարձ են ստանում: Շատ քչերն են բարձր ստանում, ովքեր իսկապես լավ բժիշկ են և ում մոտ իսկապես ծնունդները շատ են:
-Այսինքն, մարզերում կան ծննդատներ, որտեղ ուռճացված անձնակա՞զմ է պահվում:
-Մարզերում այդքան անձնակազմի խնդիրը չէ, կան, իհարկե, նման դեպքեր էլ, բայց մարզերի խնդիրը ավելի շատ վատ պայմաններն են: Հենց այս կոնտեքստում ենք ասում` լավացրեք ձեր պայմանները, ծնունդները թող մնան ձեզ մոտ: Եվ կա հարցի մեկ այլ կողմ, որ մենք փորձում ենք կանոնանկարգել, այն, որ եթե կինը բարձր ռիսկի է, չպիտի ծննդաբերի մարզում, պետք է բերվի Երևան: Օրինակ, հենց երեկ, Երևանին մոտ մի մարզկենտրոնում անհաս երեխա էր, միայն նրա համար, որ դա անհաս երեխա է և դա իրենց փող է բերելու, ընդունել են, բայց երեխան ծնվել է և հիմա երեխային Երևան տեղափոխելու խնդիր է առաջացել` չկան պայմաններ, չկա տեղ, տրանսպորտի հետ կապված խնդիրները ներառյալ. բարձր ռիսկի երեխան պետք է տեղափոխվի մոր փորիկի մեջ, ոչ թե ծննդաբերությունն ընդունեն ու ասեն` դե, երեխային եկեք տարեք: Դրա համար մենք ասում ենք` մարզերում պետք է ծննդաբերեն նորմալ, հղիության ընթացքում չբարդացած, ոչ բարձր ռիսկի հղիությունները: Ա´յ, այսպիսի դեպքեր են լինում, երբ կինը պետք է ծննդաբերի Երևանում, բայց որպեսզի հանկարծ իրենց մոտ ծնունդները չպակասեն, շատ հաճախ ուղղակի արհեստականորեն իրենց մոտ են ընդունում ծնունդը:
Խնդիրը այդքան պարզ և միանշանակ չէ: Մենք հիմա միայն մի մարզում` Արմավիրում ունենք պրոբլեմ, որն էլ երևի շուտով չունենանք, քանի որ հիվանդանոցը վերանորոգվում է, կմնա միայն Էջմիածնի խնդիրը, իսկ դա քաղաքին այնքան մոտ է, որ…
-Հեռավոր մարզերում վիճակը ավելի բարվո՞ք է:
— Հեռավոր մարզերից հոսքեր գրեթե չունենք, ոչ մի հղի Մեղրիից չի գա ծննդաբերելու: Ղափանում վերանորոգում է, Գորիսում նույնպես, Իջևանը վերանորոգվեց: Մարզերը անգամ կարելի է ասել ավելի լավ վիճակում են, քան Երևանի այն ծննդատները, որտեղ ծնունդները քիչ են. մարզերը նախ կոմպակտ են, բուժանձնակազմը մեծ չի, բժիշկ-գինեկոլոգները աշխատում են և´ ծննդատանը, և´ կանանց կոնսուլտացիայում և փող ստանում են երկու աղբյուրից և, ասեմ, միջին աշխատավարձը մարզերում շատ ավելի բարձր է, քան Երևանում, էլ չեմ ասում առանձին բժիշկներ, որ կարող են շատ բարձր աշխատել, դրանք պահանջված բժիշկներն են, որոնց անձնապես շատ են դիմում: Աշխատավարձը ձևավորվում է` բազային աշխատավարձ, պլյուս յուրաքանչյուր ծննդաբերության դիմաց որոշակի գումար:
Ես ապրում եմ մեր քաղաքի Բանջարանոց կոչվող թաղամասում: Լավ տեղ է` բավականին բարձր, օդը` համեմատաբար մաքուր, մեքենաներն էդքան էլ շատ չեն երթեւեկում, մի քիչ փոշին է շատ` շուրջ բոլորը շինարարություն է` ինչն էսօր մեր քաղաքի լուրջ պրոբլոմներից է: Մի բան է վատ էս թաղամասում, շատ քիչ տրանսպորտ կա, միայն 72 համարի ավտոբուս, եւ 121 երթուղային, որը կարծես վերջերս հանվել է, դրանք էլ գործում են մինչւ ժամը 9-ը: Եթե քաղաքի կենտրոնում ես, կամ պիտի գնաս Կոմիտաս կամ Մոնումենտ ու ոտքով տուն հասնես ` քայլելով մութ փողոցներով, կամ տաքսի նստես: Մի օր հաշվեցի, որ մեր տուն մտնող փողի համարյա կեսը տալիս ենք տաքսիներին: Լավ, պրոբլեմ չկա, հաշվենք քաղաքի կենտրոնում տուն ենք վարձել: Բայց գոնե տաքսի սերվիսները նորմալ լինեն, որ գոնե ամեն նստել-իջնելուց չերազես ապրել մի այլ քաղաքում, ուր երթեւեկում են սիրուն ավտոբուսներով, տրամվայներով ու մետրոներով, իսկ տաքսուց օգտվում հազվադեպ: Երեւի ոչ ոք չի հարցնի ինչո՞ւ:
Որավեհետեւ բոլորս էլ գիտենք մեր քաղաքի տաքսիների խայտառակ վիճակը: Ես հիմա դեռ չեմ թվարկի այն խաբող տաքսիներին,, որոնցից օգտվում եմ մշտապես, եւ նրանց, ում ծառայություններից պատահաբար եմ օգտվել: Դա կարող է օրինաչափություն լինել մի սերվիսի համար, եւ պատահականություն մյուսի: Դրա մասին թող մտածեն սերվիսի տերերը, ես պատասխան կտամ իմ ասած յուրաքանչյուր բառի համար, եթե սա չշտկվի:
Սկսեմ նրանից, որ համատարած է համարյա բոլոր տաքսիների համար: Դա օրենքի սահմանում հաճախորդին խաբելն է: Ինչո՞վ: Մինիմալով: Կան տաքսիներ` մինիմալը 500, կան` 600 դրամ: Երկուսի կիլոմետրն էլ 100 դրամ: Ուրեմն ասեմ խաբեության սխեմաները:
Նստում ես տաքսի, մինիմալից անցնում է կամ 3,1 կամ 4,1 կիլոմետրից: Մինչեւ մինիմալը դեռ դուք խաբված չեք, չնայած, եթե նշված է մինիմալը 500 կամ 600 դրամ, եւ դրա հետ մեկտեղ` կիլոմետրը 100 դրամ, իսկ ձեր անցածը 5 կիլոմետր է, ապա արդեն հաշվեք խաբված եք, քանի որ նշված է, որ նստելավարձ չկա: Լավ, դա էդքան էլ մեծ բան չի, մի 100 կամ 200 դրամ: Հետո գնում ես 6` վճարում ես 700, 7` 800, 8,1-ից արդեն, դա լավագույն դեպքում, իսկ եթե մինիմալը 3,1-ն է, ապա 7,1-ից գալիս հասնում է 1000 դրամի: Ինչ-որ նոր թվաբանություն է չէ՞: Այսինքն, մեր տնից 3 մասի ծննդատուն հասնելու համար, որ 10 կիլոմետր է, ես վճարում եմ 1200 կամ 1300 դրամ: Դուրս է գալիս, որ էն տաքսին, որի մինիմալը 600 դրամ է, վերցնում է նստելավարձ 300 դրամ: Իմ հարցին, թե ինչո՞ւ է էդպես, վարորդները պատասխանում են, որ օֆիսն է պատասխանատու: Հեռախոսավարուհին ասում է, որ կիլոմետրի համար 100 դրամ հաշվվում է մինիմալն անցնելուց հետո, սակայն դրա մասին ոչ մի տեղ հիշեցում չկա: Սա խաբեության մի տարբերակն է, այսպես խաբում են բոլոր իմ նստած տաքսիները, բացառությամբ մեկի:
Խաբեության մի այլ ձեւը հաշվիչի արագացումն է: Հաշվիչն ուղղակի մինիմալն անցնելուց հետո սկսում է կիլոմետրի` դպրոցից մեր իմացած 1000 մետրը դարձնել 800, կամ 900 լավագույն դեպքում:
Մյուս խայտառակությունը երեւանյան տաքսիների վարորդներն են: Մի կողմից` ցանկացած վարորդական վկայական ունեցող կարող է տաքսիստ աշխատել, նույնիսկ եթե նա քաղաքը չգիտի, եւ դուք ստիպված եք լինում նրան անընդհատ ուղղություն ցույց տալ, հազարից մի տաքսի կարող է ձեզ տեղ հասցնել միայն հասցեով` փողոց, տան համար: Դե, կամ շրջաններից են, ծանոթ չեն Երեւանին, կամ երկար տարիներ Ռուսաստան են ապրել մոռացել են: Ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե էդ վարորդին աշխատանքի ընդունելուց առաջ ինչի՞ նրանից չեն պահանջում քաղաքի քարտեզին ծանոթ լինել: Եւ հաճախ` մանավանդ շոգ օրերին նստելով մեքենայի սալոն կոչվածում, , դուք դատապարտված եք “քյարթու” քրտնքահոտի մեջ անցկացնել ձեր երթեւեկությունը: Ինձ անձամբ պատահել է, որ ես վարորդից ալկոհոլի հոտ եմ առել: Դեռ ողջ ընթացքում էլ ստիպված ես լինում լսել ռադիոկապի բարձրախոսում հնչող վարորդներ-դիսպեչերներ շատ հաճախ ոչ քաղաքակիրթ ու ոչ կոռռեկտ երկխոսություններն ու վեճերը:
Ո՞վ է վերահսկում էդ ամենը, ո՞վ է դրա համար պատասխանատու: Վարո՞րդը, թե՞ սերվիսը:
Պատվերն ընդունողներն էլ չեն կարողանում երբեք գոնե մոտավոր — ճշգրիտ` այն է 5 րոպե էս կողմ էն կողմ ասել, թե մեքենան երբ կլինի: Աղջիկս այդ պատճառով մի անգամ ուշացել է քննությունից, լավ է, արտասահմանցի դասախոսը նույնպես ծանոթ էր մեր տաքսիներին, թե չէ մի տարի կկորցնեինք ուսման մեջ:
Հայտարարում են ակցիաներ` յուրաքանչյուր 11-րդ պատվերն անվճար է, բայց ինչ-որ խաղարկություններ են անցկացնում եւ չգիտես ինչու զրոյացնում են համակարգչի տվյալները հենց էն պահին, երբ պիտի դու լինես 11-րդը:
Երբեմն տաքսին ինչ իմանաս միգուցե դիտավորյալ կանգնում է երկու շենք մեր շենքից հեռու, եւ երբ իջնում եմ ու հազիվ գտնում, վարորդը սպասելու համար նստելավարձ է պահաջում: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Էն, որ ինչ-որ կասկածելի տաքսիներ են քաղաքով պտտվում, տաքսու նշանները վրան խփած, առանց տաքսի սերվիսի անունների կամ ինչ ուզում գրում են, մենակ թե մի բան գրած լինի, ու հետո, երբ նստում ու տեղ ես հասնում 600 դրամի փոխարեն քեզնից պահաջում են 1000 դրամ…
Էն, որ ստիպված լսում ես վարորդների “ռաբիսը”, թե՞ էն, որ ամեն անգամ բարեհաջող տեղ հասնելուց փառք ես տալիս Աստծուն, որ 24 ժամ մեքենա վարած ու հոգնածությունից նվաղող վարորդը քեզ էլ, իրեն էլ վթարի չտվեց…
Չգիտեմ: Ո՞ւր է նայում տրանսպորտի նախարարությունը, ինչո՞ւ մեր քաղաքում չկա գոնե մի 10 տաքսի սերվիս, բայց վերահսկվող, ինչո՞ւ ենք մենք հանդուրժում էս ամենն ու լռելով շարունակում օգտվել անորակ սերվիսից:
Պարզ բան է: Չկա առաջաչկ առանց պահանջարկի: Իսկ պահանջարկ արհեստականորեն ստեղծվում է քաղաքային տրանսպորտի չափազանց վատ սպասարկումից, ու եթե նույնիսկ եկամուտդ թույլ չի տալիս տաքսով երթեւեկել, մեկ է, ավելի լավ է տաքսի նստել, քան շնչել իրար գլխի 20-25 հոգի մեքենա խցկած ուղեւորների համախառն քրտինքը…
Լուսինե Վայաչյան
Արծվի Բախչինյանի հետ զրուցել եմ երկու տարի առաջ ու եթե զրույցին այսօրվա ամսաթիվը դնեմ` դարձյալ հարմար կգա. Դա նշանակում է որ մեր երկրում երկու տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել…
Արծվի Բախչինյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, հայագետ, կինոգետ, պարագետ, երգում է “Հովեր՚ երգչախմբում”, գրում է` չափածո և արձակ, թարգմանություններ է անում: Ունի սիրելի կին և երեք երեխա: Նաև իմ ընկերն է: Ես նրա անվանն առաջին անգամ հանդիպել եմ ՙԲնագիր՚ հանդեսում, որտեղ ՙշորտիկի՚ մասին բանաստեղծություն էր գրել: և նա ինձ դիմավորեց շորտիկով:
-Արի շորտիկ հագնելը հերոսություն չդարձնենք:
— Ի՞նչ տարբերություն, դա շորտիկ հագնել է, թե քիթ ծակել, թե մի այլ ըմբոստություն:
— Տասնհինգ տարի առաջ դա հերոսություն էր: Աղջիկները, երբ շորտիկ էին հագնում, նրանց ետևից ինչ ասես չէին ասում, ուր մնաց տղաներին: Մեր էս քյարթու միջավայրում դա ազատության մղում էր:
— Ես քոմմենթ էի գրել քեզ, որ ես էլ լաքաներով մալյարի կոմբինիզոն եմ հագել էդ տարիներին: Կարդացի ու մտածեցի, որ լավ կլիներ, որ ես էդ մարդուն ճանաչեի, որ կուզեի քեզ նման ընկեր ունենալ: Իսկ ես քե մասին միայն գիտեի, որ դու շորտիկի մասին բանաստեղծություն ես գրել, ավելի շուտ ոչ թե շորտիկի, այլ նրա կատարած դերի մասին: Հիմա էլ էդպես լավ չգիտեմ, թե դու ով ես, ինչ ես անում: Գիտեմ միայն, որ եթե Երևանի մտավորականության հիսուն տոկոսը քեզ ճանաչում և տեղ է տալիս արվեստի բնագավառում, ապա դու հետաքրքիր կլինես իմ ընթերցողին ևս: Պատմի’ր քո մասին:
— Ես 20 տարեկանից սկսած հասկացել եմ, որ կյանքն ահավոր արագ է գնում: Եվ քանի որ հետաքրքրասեր մարդ եմ, ուզում եմ շատ բան իմանալ, հասկացել եմ, որ պետք է ապրել ակտիվ կյանքով: Նույնիսկ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն ինչ շատ դանդաղ է, արևելք է ի վերջո, լղոզված, կիսաուշաթափ վիճակ է ու դեռ չենք կարող դուրս գալ, ինչքան էլ ասեն, թե. օ~, կաֆեներ են բացվում, Հյուսիսային պողոտա է բացվում, տնտեսական աճ ենք տալիս: Չէ’, դա իրականում չի նկատվում, որովհետև մարդկանց մտածողության մեջ մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում: Բայց գտնում եմ, որ ցանկության դեպքում դու կարող ես ակտիվորեն քեզ դրսևորել տարբեր ասպարեզներում, եթե դրա էներգիան ունես: Եվ բարեբախտաբար օրն ունի 24 ժամ: Չեմ սիրում, երբ բոլորը զարմանում են, թե ո՞նց ես էդքան հասցնում: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է հասցնել: Թող մարդիկ չասեն, թե ժամանակ չկա, միջոցներ չկան… Ցանկություն է պետք: Ես դա շատ շուտ հասկացա: Եթե դու քո նպատակներին ակտիվորեն հետևում ես, ապա դու ինչ-որ բանի կհասնես:
— Իսկ ինքա՞ն ես քնում էդ 24 ժամից:
— Համենայն դեպս քիչ: Ես էլ Մայա Պլեսեցկայայի պես անքնություն ունեմ:
-Ես էլ ունեմ անքնություն, բայց էդ անքնությունը նրանից չէ, որ ես չեմ կարողանում քնել կամ չեմ ուզում, ուղղակի դժվար եմ քնում ու դժվար արթնանում:
— Քունը կարևոր է, բայց պետք է քիչ լինի: Մարդու հանգիստը կախված է ոչ թե քնի տևողությունից, այլ խորությունից: Երկու ժամ խորը քունը բավական է: Ես քնում եմ 6-7 ժամ:
— Քնի հարցը շատ կարևոր է, ես ՙբու՚ եմ և նայում եմ պատուհանից ու մինչև 4-5-ը լուսավորված շատ պատուհաններ եմ տեսնում, քաղաքը ուշ է քնում:
-Շաբաթվա մեջ առաջ ես մի օր չէի քնում, դիսկոտեկ էի գնում պարելու: Հիմա ի թիվս շատ հին շենքերի իմ սիրած դիսկոտեկն էլ են քանդել և ինչ-որ էլիտար կառույց սկսել, դրանով վնասելով անձամբ ինձ: Հին, 20-րդ դարի շենք էր: Դա ամենամեծ ցավերից մեկն է, որ ես վերջին տարիներին ապրել եմ: Համարելով ինձ իսկական երևանցի, որն իր քաղաքի պատմությունը գիտի, ես շատ ափսոսում եմ, որ մեր հին մայրաքաղաքը պատմական դեմքից զրկվում է:
-Համաձայն եմ, չնայած վիզուալ էդքան էլ վատ չի: Ուղղակի Հյուսիսային պողոտայով քայլելիս ես ինձ զգում եմ ոչ թե Երևանում, այլ մի այլ տեղ, ասենք Ֆրանկֆուրտում:
-Հյուսիսային պողոտան բացարձակ անճաշակություն է: Կանաչ գոտիներ չկան, օձերն ու կարիճներն են բազմանում: Անապատանում է Երևանը… Ես մտահոգ եմ էս քաղաքի, երկրի, մշակույթի, ժողովրդի, լեզվի պահպանման հարցերով: Ինչպես ասում էր Նալբանդյանը. ՙԱզգիս վիճակը ծանրացավ սրտիս՚: Ես ուրախ մարդ եմ, բայց էդ ազգային մտահոգությունը միշտ ներկա է, և էդ առումով վերջերս էլ ավելի հոռետես եմ դարձել, տեսնելով վերջին զարգացումները: Եթե նկատել ես, մեր տանը սկզբունքորեն հեռուստացույց չկա: Ուզում եմ ընտանիքս, երեխաներս հեռու մնան էդ վնասակար արկղից:
-Դե ինքն ինֆորմացիոն պրոբելները լրացնող մի բան է: Ես հեռուստացույց եմ նայում ,երբ դեպրեսիայի մեջ եմ, կամ երբ պարապ եմ մնում:
-Ես հակառակը` նայելուց հետո եմ դեպրեսիայի մեջ ընկնում:
-Երջանիկ մարդ ես ուրեմն: Առավոտից երեկո զբաղված մարդը, դա երջանիկ մարդ է, երբ մարդ ժամանակ չունի մտածելու իր օրը կազմակերպելու մասին, պարապ չի, որ մտածի, թե ինչով լցնի պարապությունը:
-Ասեմ` իմ օրը ոնց է: Առավոտը սկսվում է կնոջս հետ մի արարողությունից լուծվող սուրճի շուրջ, որը կոչում ենք “хорошо дома”, որի ժամանակ մենք քննարկում ենք, թե ինչ պետք է արվի, քննարկում ենք ազգի վիճակը, մեր ընկերների վիճակը: Դա միակ ժամանակն է, երբ մենք մենակ ենք, երեխաները դեռ քնած են և ոչինչ չի խանգարում: Հետո անպայման էլ. փոստս եմ ստուգում: Ստանում եմ շատ նամակներ, ամբողջ աշխարհով սփռված շատ ընկերներ ունեմ, որոնց հետ թե’ գործնական, թե’ մտերմական կապի մեջ եմ: Ես գտնում եմ, որ ընկերությունը կյանքի ամենակարևոր կողմերից է, որը պետք է փայփայել, ջրել, խնամել, որովհետև, եթե դա չես անում, ընկերությունը կարող է կորչել: Կյանքում ամենամեծ արժեքն ընկերությունն է, սերն է:
-Սերը հետո՞ ընկերությունը, թե՞ հակառակը:
-Ընկերությունն ավելի կարևոր է: Ես ու կինս 16 տարի է միասին ենք ու մեր հարաբերությունները շարունակվում են մնալ ջերմ, որովհետև նախ և առաջ մենք ընկերներ ենք, համախոհներ: Դա շատ կարևոր է:
Հա, օրվա մասին: Փոստս եմ ստուգում և հետևում եմ ինտերնետային մամուլին, որ իմանամ` ինչ կա-չկա: Կրթությամբ բանասեր եմ և ինչպես ասում է Կոնֆուցիուսը` ՙՍիրահարվեք ձեր աշխատանքին և դուք կյանքում ոչ մի օր աշխատած չեք լինի՚: Ես շատ եմ սիրում իմ բանասիրական հետազոտություններ կատարելս: Ոչինչ, որ դա ֆինանսապես անշնորհակալ գործ է, ոչինչ, որ էսօր` արժեքների անկման պայմաններում թվում է, թե ավելորդ գործ ես անում:
-Պահանջարկն այդքան մեծ չի համենայն դեպս:
-Չկա, էն էլ հայագիտություն: Բայց ես գտնում եմ, որ մշակույթով և գիտությամբ զբաղվելը միշտ էլ պահանջարկ չի ունեցել և փշոտ ճանապարհ է: Բայց եթե դու ունես այդ կոչումը, պետք է հավատարիմ մնաս: Երբեմն հոգնում եմ, մտածում եմ` լավ կլիներ մի արհեստով զբաղվեի, բայց հետո ասում եմ. էն աշխարհը, որի մեջ ես մտել եմ ինձ դուր է գալիս, ես անում եմ նախ և առաջ հոգեկան բավարարվածության համար, տեսնում եմ, որ ասպարեզում ինչ-որ բնագավառներ բաց են մնացել: Իսկ էն, որ դա չի օգնում ընտանիք պահել… Հայագիտությունը երբեք էլ լավ չի վարձատրվել: Չհամեմատեմ ինձ Աճառյանի հետ, բայց նա, որ իր բոյից ավելի գիրք ու բառարան էր գրում, չէր մտածում ո’չ փառքի, ո’չ էլ ֆինանսական հաջողության մասին:
-Բայց ընտանիք է պետք պահել: Մեր օրերում 3 երեխա մեծացնելը հերոսություն է: Ես զարմանում եմ:
-Էդքան էլ չէ, Լուսինե ջան: Շատ երիտասարդ ընկերներ ունեմ, որոնք ունեն 3 և ավելի երեխա:
-Իսկ դու քեզ երիտասարդ չե՞ս համարում: Քանի՞ տարեկան ես:
-38. Դե, երբեմն կրտսեր բարեկամներս շեշտում են տարիքս, բայց ես այդքան էլ նշանակություն չեմ տալիս դրան: Դիմացինի տարիքը որպես թերություն շեշտելը մեր հայկական տհաճ սովորություններից է:
-Գիտես, ինձ թվում է որոշ տարիքից սկսած դադարում ես տարբերություն նկատել տարբեր տարիքի մարդկանց հետ շփվելիս: Ընդհանրապես Բնության մեջ տարիքային որևէ ցենզ պետք է գոյություն չունենա: Ես ունեմ ընկերներ և´ 60, տարեկան և´ 15:
— Ես էլ ունեմ: Ի վերջո դու այնքան տարեկան ես, ինչքան քեզ զգում ես:
— Ընտանիքս էլ պահում եմ` երբեմն թարգմանություններ եմ անում, եթե գրքերս վաճառվեին դա էլ ինչ-որ եկամուտ կբերեր, բայց գիրք չեն առնում: Յոլա եմ գնում էլի: Յոթը տարի երգչախումբը դարձել է ինձ համար ամենօրյա աշխատանք:
— Պրոֆեսիոնալիզմը ո՞րն է: Աշխատանքի, ժամանակի հետ է գալիս դա: Ի վերջո մեր օրերում ակադեմիական մասնագիտական կրթության անհրաժեշտությունը նվազել է, ճարտարագետները գրում են, իսկ բանասերները բիզնես են անում:
— Ինչով զբաղվում ես, դա էլ դառնում է մասնագիտություն:
— Արի մի քիչ խոսենք վերջին զարգացումներից:
— Բայց ոչ քաղաքականության:
— Ոչ,ոչ, ուղղակի քաղաքացիական և զուտ մարդկային տեսանկյունից:
— Չմտնելով քաղաքական նեղ խոսակցությունների մեջ, կարող եմ ասել, որ ես մտահոգված եմ: Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Ես տեսնում եմ, որ շատ բաներ վտանգված են, շատ բաների կորստի ճանապարհին ենք: Ես հոռետես եմ, ինձ թվում է մենք շատ բաներ անդառնալի կկորցնենք: Ես կոչ չեմ անում պասիվության, ընդհակառակը, ամեն մեկս մեր գործը մաքսիմում ձևով պետք է անենք, որպեսզի կարողանանք պահել մեզ պակասող ազգային ոգին: Շատ ծանր եմ տանում այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, էս արտագաղթը, լեզվի հետընթացը, մշակույթի որոշ տեսակներ գտնվում են անհետացման եզրին: Ես ինձ իսկական հայ եմ համարում, ոչ նացիոնալիստ, այլ իսկական հայրենասեր հայ ու չեմ կարող էս ազգի ամեն մի վատ դրսևորմանն անտարբեր նայել:
— Մարտի մեկի իրադարձությունները, դրան հաջորդող ձերբակալությունները… Ի՞նչ ես դու դա համարում, ի՞նչ ես կարծում, դա հասունացե՞լ էր:
-Բայց դա քաղաքականություն է, որոշել էինք դրանից չխոսալ:
— Չէ դա քաղաքականություն չի, տրամաբանություն է: Ժողովրդի դժգոհությունը մեծացել է ու հասել ըմբոստության: Ինչպես կարող էր էդպիսի բան լինել, եթե բոլորը կարգին ապրեին էս երկրում:
— Դա ապրելու հարցը չէր:Մարդիկ անարդարության դեմ ելան: Մինչդեռ մեր լրատվամիջոցները ամեն ինչ շուռ տվեցին, անձնականացրին, և ցավոք մարդկանց մի զգալի մաս էլ հավատում է: Բայց ստի ոտքերը կարճ են: Մեր ժողովուրդը, որ էսքան անարդարություն է տեսել ամբողջ աշխարհից ու իր իսկ ներսից, նման վերաբերմունքի արժանի չէր: Բնական է, որ պետք է լիներ նման պայթյուն:
— Իսկ էդ անձի ով լինելը, ով տարավ, աճեցրեց, հասցրեց ըմբոստության էդ աստիճանին, համարում ես որ կորևո՞ր է, թե՞ դա կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, ով կունենար քաղաքական անցյալ:
— Ամեն մարդ չէր կարող լինել, բայց ժողովուրդը մի անգամ էլ ցույց տվեց, որ ինքը դեռ ամբողջովին չի ցամաքել, և էդ ոգին դեռ կա նրա մեջ: Մարդիկ իսկապես չեն ուզում էս անարդարությունը, էս բեսպրեդելը, որ մեր երկրում կա` շարունակվի: Դրա դեմ էր ոտքի ելել: և հավատալ, որ 9 օր շարունակ ոչինչ չեղավ, և 10-րդ օրը հանկարծ սկսվեցին անկարգություններ, հանկարծ բոլորը դարձան վանդալներ… Ո՞ւմ են հիմարացնում: Կեղծիքը, որ մեր մեջ էսքան շատ է… Լավ, արի չխոսանք:
— Չէ, արի խոսանք մեր հայկական մենթալ կեղծիքից, որն այստեղ տուն ունի և իրեն բավականաչափ լավ է զգում:
— Առհասարակ արևելյան մտածողության մեջ` առօրյա հարաբերություններում սուտը համարվում է պարտադիր բան: Էսօր եւրոպական զարգացած ժողովուրդների մոտ ի՞նչ է սուտ խոսելը: Մեր արևելյան մտածողությունը, որի մեջ կեղծիքը պինդ տեղ ուներ, միացավ նաև սովետական, երբ տասնամյակներ շարունակ մեծ-մեծ ստեր ներկայացրին էս ժողովրդին: Արդյունքում ստացվեց, որ մեր ժողովուրդը ունի աղճատված, աղավաղված մտածողություն, սուտն էլ դրա մի մասն է կազմում: Մեկ-մեկ ցավով մտածում եմ, որ մեր գենը շատ է փչացել, դրա համար լավ բաներ քիչ են ստեղծվում: Ինձ համար իսկական հայը էն շիտակ, արդար, կողքինին օգնող, նախանձի ոչ մի կաթիլ չունեցող մարդն է: Բայց էնքան քիչ են արդեն նման մարդիկ… Ես երբեմն ինձ էնքան մենակ եմ զգում Հայաստանում, էնքան եմ ափսոսում էստեղից գնացած բոլոր լավ մարդկանց համար: Ես շատ եմ ճամփորդում ու միշտ հանդիպել եմ դրսում էն թափթփուկներին, որոնք ծուռումուռ ճանապարհներով հաստատվել են լավ երկրներում ու հիմա շարունակում են էնտեղ զբաղվել խաբեությամբ ու գողությամբ: Ասում եմ, ինչ լավ է, որ Հայաստանն էս աղբից ազատվել է: Բայց նաև հանդիպել եմ հիանալի մարդկանց, որոնք պարզապես տեղ չեն գտել էս երկրում, չեն դիմացել անարդարություններին: Իսկ մեզ էսօր առավել, քան երբևէ պետք է մեր ազգային քանակն ու որակը պահպանել հենց էս հողի վրա: Ստամբուլից նոր եմ վերադարձել, որտեղ միայն քաղաքում բնակվում է 16 միլիոն մարդ, և այդ ահռելի երկրի կողքին ծվարել է մեր փոքրիկ երկիրը, որտեղ մարդիկ իրար չեն սիրում, որտեղ պետությունը չի կատարում իր պաշտպանիչ դերը: Հակառակը, թանկացումներով ու ձերբակալություններով պարբերաբար տեռոր է անում: Մտածում ես, լավ, էս քո մի փոքր ազգը գլոբալիզացիայի պայմաններում ոտնատակ կտրվի կգնա: Մենք էդքան հեռահար քաղաքական մտածողություն ունեցող պետական այրեր չունենք:
-Այսինքն, շատ հնարավոր է, որ լավագույն տարբերակը լինի խաղաղ տարրալուծո՞ւմը, եթե այսպես շարունակվի:
Տա Աստված նման բան չլինի, որովհետև էսքան հազարամյակներ դիմացել ենք, որ հիմա, էս համեմատաբար կայուն ու խաղաղ աշխարհում վերանա՞նք: Բայց եթե էս վերաբերմունքը շարունակվի սեփական լեզվի, մշակույթի, կրթության հանդեպ, շատ հնարավոր է, որ մենք իսկապես ականատեսն ենք լինում մեր վերջի սկզբին: Դրա համար էս տագնապը պետք է մեզ երբեք չլքի, եթե մենք ուզում ենք որպես ազգ հարատևել: Մտածում եմ. պատմական հողեր, ցեղասպանության ճանաչում… Արդեն մի էտապի ենք հասել, որ մեր եղածը պիտի փորձենք պահպանել: 20 տարի առաջ Ղարաբաղյան հարցերով տառապած, ապրած, շնչած մարդն եմ եղել, բայց անցյալ տարի այցելելով Ղարաբաղ, սրտիս մեջ ցավ զգացի, որ գործ ունենք մի կիսադատարկ երկրի հետ, որտեղից մարդիկ նախընտրում են գալ էստեղ, որտեղ իրենց ավելի պաշտպանված են զգում: Իսկ Հայաստանից էլ ձգտում են գնալ դուրս…Դա մեր այսօրվա հայկական մենթալիտետի տխուր կողմերից է: Խանութներից երշիկը եթե մի քիչ պակասի` վերջ, ուրեմն թողնենք — գնանք:
-Ի՞սկ եթե լավ գրքերն են պակասում, կամ լավ ֆիլմերը, բեմադրությունները, լավ երգերը…
Գրախանութներ են փակվում, մշակույթի նմուշներ են ոչնչանում… Էդ ամեն ինչը մենք տեսնում ենք, դրա համար մեր սերունդներն էսօր ազգային դիմագծից զուրկ են: Հանգուցյալ երգչուհի Էլվինա Մակարյանն իր վերջին հարցազրույցում մի տխուր բան էր ասել, թե` ինձ թվում է, սա հատուկ ծրագրված քաղաքականություն է, որպեսզի Հայաստանը ներկայացվի որպես սեփական դեմք ու մշակույթ չունեցող մի երկիր:
-Ո՞ւմ կողմից մշակված:
-Ինչ-որ մութ ուժերի: Ես էլ հաճախ էդ տպավորությունն ունեմ: Բայց դա վերին ատյաններում ոչ մեկի պետքն էլ չի…
— Դու արվեստագետ ես: Ի՞նչ ես մտածում, արվեստը կարող է ինչ-որ դեր խաղալ էս իրավիճակը բարելավելու, շտկելու մեջ: Թե՞ ոչ մեկի վեջը չի արվեստը: Հասարակ շինականին, օրինակ, ի՞նչ են տալիս քո հայագիտական ուսումնասիրությունները:
— Ինքնաճանաչում է տալիս: Մենք մեզ գիտենք շատ վատ տեսանկյունից: Մենք մեր մասին անընդհատ խոսում ենք արհամարհանքով, երևի կարծելով, որ էդպես ավելի լավն ենք դառնում: Իրականում, գտնում եմ, որ հայ ժողովուրդը իր դրական ու ժխտական կողմերն ունեցող մի ազգ է, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Պարզապես մենք մեր լավ կողմերը կամ չափազանցնում ենք, կամ, մերն ուրիշ է` էդ հիմար կարգախոսն ենք պարզում, որ սնապարծությունից բացի ոչինչ չի տալիս: Իսկ ես իմ հետազոտություններով ցույց եմ տալիս մեր ազգի այլ դիմագծեր, համաշխարհային քաղաքակարթության մեջ նրա ներդրած լուման, տարբեր երկրների պատմության մեջ նրա մասնակցության չափը, որն իմ կարծիքով շատ հետքրքիր է էսօրվա հային, լինի դա շինական, թե ակադեմիկոս:: Ինչ վերաբերում է արվեստին: Մենք միշտ եղել ենք մշակույթային ժողովուրդ:Մեր սխալներից մեկն էն է, որ մենք կարծում ենք, թե մենք քաղաքական դաշտում մեծ բաների կարող ենք հասնել:
— Արտաքին քաղաքական դաշտը նկատի ունե՞ս:
— Թե ներքին, թե արտաքին: Ժաղովուրդներ կան, որոնք պետք է շեշտը դնեն իրենց քաղաքականության վրա կան ժողովուրդներ էլ, որոնք մշակույթային են: Եղբայր, դու զոռով քեզ մի դարձրու քաղաքագետ, դու միևնույնն է, չունես էդ մտածողությունը, էդ փորձը: Հզոր պետություն չունեցող ժողովուրդը պետք է իր հաղթաթուղթը դարձնի էն կողմը, որով ուժեղ է: Մերը մշակույթն է, միայն մշակույթային դաշտում մենք կարող ենք հաղթել, եթե դրան պատշաճ ուշադրություն դարձնենք: Բայց մեզ մոտ հակառակն է: Հիմա մեզ մոտ ռաբիսի, ցածր, էժանագին արվեստի ծաղկման ժամանակներ են: Մի լավ մեջբերում անեմ: Չին փիլիսոփա Ուեյ Յանն ասում է. ՙԱզգի համար տնտեսական աղբյուրների պակասը դեռ աղքատություն չի : Իսկական աղքատությունն այն է, երբ ազգը չի կարողանում օգտագործել իր մարդկային ռեսուրսները: Հիմա մենք աղքատ ազգ ենք ոչ այն պատճառով, որ մեր հանքեր, ստրատեգիական կարևորության օբյեկտները, կոմունիկացիաները և այլն վաճառեցինք օտարներին, այլ այն պատճառով, որ չենք կարողանում օգտագործել մեր ազգի ռեսուրսները: Մենք ունենք ուղեղներ, ինտելեկտուալներ, հզոր մտավոր պոտենցիալ: Ճիշտ է քիչ ենք, բայց չենք կարողանում, կամ ցանկություն չկա բոլորին ըստ իրենց կարողությունների օգտագործել , որ էս մի փոքր հողը, փոքր ժողովուրդը կարողանա արժանապատիվ ձևով ապրել: Էսօր մենք, ցավոք սրտի այդպես չենք ապրում:
-Դե, նախագահն էլ է նույնն ասում, ասում է, որ պետք է օգտագործենք մեր մարդկային ռեսուրսները, որ մեր ուժն էնտեղ է: Դու մտածում ես, որ էդ մարդը ինչո՞ւ է նույն բանն ասում, ու չի կատարում, չի կիրառում:
— Ես խիստ կասկածում կկիրառի, թե՞ չէ: Միայն էն, որ թանկացման տենդենց է նկատվում, որ մարդ պիտի միայն օրվա հացի հետևից վազի, բավական է չհավատալու համար:
— Դա լավ մշակված քաղաքականություն է. ինձ թվում է, հատուկ է արվում, որ մարդ բացի հանապազօրյա հաց հայթայթելուց ուրիշ ոչ մի բանի մասին չկարողանա մտածել, ոգի, բան չմնա: Հիմա ո՞վ է գիրք առնում:
— Ոչ մեկին էլ պետք չեն ազգային արժեքներն այսօր: Բայց պիտի լինեն, որպեսզի վաղը Հայրենիքը պաշտպանող լինի: Իսկ դրա մեջ մեծ դեր ունի արվեստը: Բերեմ մի օրինակ: Հայաստանն այսօր կարող էր ունենալ աշխարհի առաջնակարգ բալետային խմբերից մեկը: 30-ից ավելի բալետի առաջնակարգ հայ արտիստներ Եվրոպայի բեմերն են զարդարում: Ինչո՞ւ նրանց չհամախմբել, ինչպես արեց Սահակաշվիլին: Կամ չբերել մեր աշխարհով մեկ սփռված, համաշխարհային համբավ ունեցող գիտնականներին, չապահովել լավ վարձատրվող աշխատանքով, որ իրենց գյուտերն անեն ի օգուտ մեր երկրի: Բեր, և ստեղծիր հզոր ինտելեկտուալ բանակ: Ունենք ատոմակայան, որը մշտական սարսափի մեջ է պահում մեր սեյսմիկ ակտիվ գոտու վրա ապրող ժողովրդին: Էն դեպքում, երբ ծով արև ունենք, և ամբողջ աշխարհը սնվում է արևային էներգիայից, մեզ մոտ փոխանակ դարձնեն ստրատեգիական նշանակություն ունեցող գործոն, մեր փոքր երկիրը շարունակում են վտանգի ենթարկել: Իսկ ո՞նց ենք վերաբերվում մեր բնությանը: Անտառներ ենք փչացնում, Սևանի վիճակն է օր-օրի վատանում: Ինքներս մեր տունը քանդում ենք: Ոչ միայն մեր մարդկային ռեսուրսները, մեր բնական ռեսուրսներն էլ չենք կարողանում ճիշտ օգտագործել: Միայն մտածում ենք էսօրվա մասին:
-Բայց, մենք հո մազոխիստ չե՞նք: Գուցե՞ կոլեկտիվ ինքնագիտակցության պակասն է պատճառը:
— Մազոխիստ չենք, այլ ով ունի իշխանություն մտածում է այդ պահին իր գրպանը լցնելու մասին, դրա համար էլ լճացում է, հեռահար նպատակներ չեն լինում, լինում են միայն մեզ ներկայացվող տնտեսական աճի ցուցանիշներ: Թոշակներ են բարձրացնում` հաջորդ օրը մթերքն են թանկացնում: Սա մի մեծ ծաղր է մեր ժողովրդի հասցեին: Ու երբ ըմբոստանում ես` լրիվ ուրիշ գնահատական ու մեկնաբանություն են տալիս: Էդ առումով, իսկապես տխուր է մեր վիճակը: Բայց մարդ պետք է ուրախ ապրի, արի լավատեսական նոտայով ավարտենք մեր զրույցը:
— Բայց դու հոռետես ես:
Հոռետես եմ, բայց ես ուրախ հոռետես եմ:
— Էդ ո՞նց` ուրախ հոռետես: Թե՞ դա յուրօրինակ խորամանկություն է, որ միշտ վատին ես սպասում, ու եթե վատ է լինում` չես տխրում, լավ է լինում` ուրախանում ես:
— Էդուարդ Սաիդ, արաբական ծագումով ամերիկյան գրող է, հանրահայտ «Օրիենտալիզմ» գրքի հեղինակն ասում է. «Պետք է մտքով լինել հոռետես, իսկ գործով` լավատես»: Ես էդպես եմ ապրում: Աշխատում եմ իմ առօրյան ուրախ ապրել: Բայց զգոնությունը միշտ պետք է ակտիվ լինի մեր ազգի ապագայի վերաբերյալ: Եկեք մեզնից դուրս մեղավորներ շատ չփնտրենք: Մեր հարևանը, որ մեզ վատություն է արել, ինքն իր ազգի հանդեպ ճիշտ է վարվել: Իսկ մենք մեր ազգի հանդեպ ճի՞շտ ենք վարվել: Մեր պատմությանը եթե նայենք, մենք մեզ ավելի շատ ենք վնասել, քան մեզ զավթողներն ու ճնշողները: «Հայը մի ձեռքով կառուցում է, մյուսով քանդում», Դերենիկ Դեմիրճյանն է ասել: Եկեք այդ քանդող ձեռքը սարքենք կառուցող:
— Իսկ ի՞նչ կարող ենք անել ես ու դու դրա համար:
— Պետք է նախանձը վերացնել: Պետք է ուրախանանք երկրի յուրաքանչյուր հաջողության համար, ինչպես անձնականի: Ամեն ինչի հիմքը պետք է լինի սերը: Եթե մենք սիրենք էս երկիրը, էս ազգը, մեր հայրենակիցներին, էդ սերը մեզ կփրկի:
— Ո՞րն է Արծվի Բախչինյանի ամենամեծ դարդն ու ամենամեծ ուրախությունն էսօրվա օրով:
— Ամենամեծ դարդս ազգիս ճակատագիրն է: Ամենամեծ ուրախությունս էս կյանքն է` իր բոլոր ձևերով, ինչով ես ապրում եմ` իմ ընտանիքով, իմ աշխատանքով, հետքրքրություններով, ընկերներով… Կյանքը ինքին ուրախություն է:
18.04.2008թ. Երևան
Լուսինե Վայաչյան
«Ես ցանկանում եմ ընդգրկվել «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ, պարտավորվելով բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որեւէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Ես գիտակցում եւ ընդունում եմ, որ ինձ մոտ ախտորոշվել է «ափիոնային թմրամոլություն», եւ այդ բուժումը նախատեսում է օգնել ինձ` մեղմացնելու ափիոնատիպ նյութերի գործածումից առաջացած առողջական խնդիրները եւ նպաստել ուղեկցող հոգեբանական եւ սոցիալական դժվարությունների հաղթահարմանը:»
Էսպիսի պայմանագիր է ստորագրում է թմրամոլը` (ես կասեմ` «նարկոման»), ու առաջին քայլն անում ստվերից դուրս գալու եւ իր պրոբլեմները կիսելու նարկոլոգի հետ: Մեթադոնը սինթետիկ, ագոնիստ ափիոնատիպ թմրամիջոց է, մորֆինի նմանակը, որն ունի երկարատեւ ազդեցություն, եւ կարող է հանդիսանալ հերոինի եւ այլ ափիոնային թմրամիջոցների փոխարինող: Մեթադոնային փոխարինող բուժումն առաջին անգամ կիրառվել է 50-ականներին Կանադայում, ապա լայն տարածում գտել աշխարհով մեկ:
«Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի» (EMCDDA) տվյալների համաձայն, եւրոպայում մեթադոնային բուժման ծրագրի մեջ են ավելի քան կես միլիոն նարկոմաններ: Գոյություն ունեն մեթադոնային բուժման կողմնակիցներ եւ հակառակորդներ. երկու տեսակետն էլ, ըստ իս, ընդունելի է:
Հակառակորդներն ասում են, որ մեթադոնը չի վերացնում նարկոտիկից կախվածությունը, այլ, մի ազդող նոյւթից` հերոինից, դեզոմորֆինից, մորֆինից եւ ուրիշ ափոիանային խմբի նարկոտիկներից վերափոխում է մեթադոնային կախվածության, եւ դա ամենեւին էլ էն արդյունքը չի, որ պետք է սպասել: Բացի այդ մեթադոնային զրկանքի համախտանիշն ավելի երկար է տեւում եւ ավելի դժվար է մարդուն «լոմկայից» հանելը: Դա է պատճառը, որ մի շարք երկրներում, նաեւ Ռուսաստանում մեթադոնային թերապիայի հակառակորդները շատ են, եւ այն ընդգրկված չի պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ցանկի մեջ: Սակայն, մեթադոնն ընդունելով հաբի տեսքով, նարկոմանը զրկվում է իր տարիներով մշակված արարողակարգի ներերակային ներարկումից եւ չի ստանում այսպես ասած «պրիխոդ եւ կայֆ», որն էլ կազմում է հոգեբանական կախվածության առյուծի բաժինը: Մեթադոնի հաբն իր ազդեցությունը պահպանում է բավականին երկար ժամանակ` 24 — 36 ժամ եւ իր պիկին է հասնում ընդունելուց 5 ժամ հետո, ու աստիճանաբար ներծծվում է արյան մեջ, ասպիսիով նարկոմանին պահելով որոշակի ստաբիլ ֆիզիկական վիճակում, բայց առանց էյֆորիայի: Այս դեպքում նաեւ բացառվում են ներերակային ճանապարհով փոխանցվող ՄԻԱՎ եւ Հեպատիտ C վաստակելու շանսերը:
Մեր երկրում ծրագիրը գործում է 2009թ. Հեկտեմբերի 8-ից, որը ֆինասավորվում էր SOROS հիմնադրամի, ներկայումս` GLOBAL ֆոնդի կողմից, եւ գործում է ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի` կարճ ասած Աղի Հանքի մեր նարկոդիսպանսերի առաջին հարկում: «Տարբեր երկներում մեթադոնային ծրագրի մեջ ընդգրկելու չափանիշները տարբեր են` կախված մենթալիտետից, սոցիալական վիճակից, նույնիսկ աշխարհագրական դիրքից ու մարդկանց քաղաքակրթվածությյան մակարդակից: Եթե Ավստրայում, կամ եւրոպական մեկ այլ երկրում բավական է ներկայանալ ու ասել, որ դու ունես ափիոնային կախվածություն, եւ ստանալ մեթադոնի քո բաժնեչափը, ապա Հայաստանում կամ ԱՊՀ մյուս երկրներում վիճակն այլ է», -ասում է, «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանը:
Եթե գալիս է 20 տարեկան տղա եւ ասում, որ ինքը նարկոման է եւ ուզում է մեթադոն ստանալ, մենք նրան մերժում ենք, քանի որ նա չունի երկարատեւ ստաժ, հետեւաբար եւ “ծանր” կախվածություն: Նա կարող է դետոքսիակացիա անցնել եւ սկսել նորմալ ապրել, նրա օրգանիզմը կարող է վերականգնվել ու վերադառնալ բնական էնդորֆիններ արտադրելու իր ռիթմին: Բայց եթե դիմողը 20-30 տարվա ստաժ ունեցող նարկոման է, որի աճուկը վիրահատված է, որը բազմիցս անցել է դետոքսիկացիա, դիմել է զանազան միջոցների իր կախվածությունից ազատվելու համար եւ ապարդյուն է անցել, ապա մենք նրան, մեթադոնային փոխարինող բուժման համաձայնագիրը ստորագրելուց հետո, ընդգրկում ենք ծրագրի մեջ»:
Այժմ ծրագրի մեջ են տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական խմբերի, 1983-1945թթ ծնված 75 մարդ: Մարդիկ են որոնք դժբախտություն են ունեցել այդ սարսափելի կախվածության գերին դառնալ:Հիմնական խումբը 90-ականներին 18-25 տարեկան եղած պացիենտներն են , որ էդ տարիներին չեն ունեցել զբաղմունք, եւ ափիոնային հումքն էլ բավականին էժան է եղել: Մեծ մասը «ստաժն» ավելացրել է Ռուսաստանում եւ վերադարձել Հայաստան արդեն այնպիսի ուժեղ կախվածությամբ, որ որեւէ բուժում արդյունավետ չէր կարող լինել: 75 բուժվողներից 72-ն ունեն Հեպատիտ C, 6 մարդ ՄԻԱՎ վարակակիր է:
Զ.Մ.- 56 տարեկան, ստաժը` 20-ից ավել, ունի բարձրագույն կրթություն, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ունի ընտանիք: Կիրթ, ինտելլիգենտ մարդ է, շատ հաճելի եւ էրուդիցայով օժտված զրուցակից, ցիտում է փիլիսոփաներին:
— Ես գոհ եմ, որ գոյություն ունի այս ծրագիրը, որ ես այլընտրանք ունեմ` ֆիզիկապես չտանջվելով, դադարել քրեորեն պատժելի գործողություններ կատարել, այ նախկինում ինձ գոյատեւելու համար անհրաժեշտ դեղն առնելուց ստիպված էի գնալ դրան: Այժմ ես խնդիր չունեմ փող հայթայթելու, ծրագրի մեջ մտնելուց հետո ձեռք եմ բերել հարազատներիս վստահությունն ու ինձ լիարժեք մարդ եմ զգում, եթե առողջությունս էլ լավ լինի, ես երջանիկ կլինեմ:
Ժ.Դ.- 38 տարեկան, կախվածությունը` 10 տարուց ավել, ունի բարձրագույն կրթություն, տեսքից երբեք չես ասի, որ նարկոման է:
— Բացի նրանից, որ այս ծրագիրը լուծում է մի շարք սոցիալական, հոգեբանական, առողջական խնդիրներ, այն ինձ թույլ տվեց կախվածությունից ազատագրվելու այսքան տարիների ապարդյուն փորձերից հետո ազատ մարդ զգալ: Հիմա ես նորմալ մարդ եմ, որն ընդամենը ինչ-որ դեղորայքի ֆիզոլոգական պահանջ ունի, եւ դրա հետ մեկտեղ, ես այլեւս չունեմ հերոինի կամ «չերնյաշկայի» պահանջ, եթե հենց հիմա մի բուռ դիմացս դրված լինի, կթափեմ կոյուղի, ազնիվ խոսք:
Ինչպես ամեն բան, էս ծրագիրն էլ ունի իր թերթությունները, որոնք փորձում են շտկել.
1. հիվանդներից պարբերաբար վերցնում են անալիզներ ստուգելու համար, թե արդյո՞ք մարդը չի խախտել պայմանագին ու դրսում ընդունել մեկ այլ նարկոտիկ: Այդ դեպքում նրանք հեռացվում են ծրագրից: Փաստորեն մարդը մի անգամ խախտելով կանոնակարգը նորից վերադարձվում է իր հին կյանքին ու պրոբլեմներին :
2. Մեթադոն ստանալու համար պետք է ամեն օր հասնել Աղի Հանք, որը բավականին հեռու է շատերի բնակավայրից եւ ծախսերի հետ է կապված: դեղն ընդունում են տեղում, բուժքրոջ ներկայությամբ` հաբը գցում են տաք ջրով բաժակի մեջ եւ խմում, ապա ստորագրում ու դուրս գալիս կաբինետից. էս կերպ բացառելով մեթադոնի հաստատությունից դուրս բերելն ու ներերակային ընդունումը «կայֆ» ստանալու նպատակով, ինչպես նաեւ հնարավոր վաճառքը կամ փոխանակումն ասենք` դեզոմորֆինի հետ:
3.Եթե մարդն ուզում է մեկնել քաղաքից, նա չի կարող ստանալ իրեն հասանելիք մեթադոնը բացակայած օրերի համար, հետեւաբար` զրկվում է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
4. Չկան փոխադարձ համաձայնություններ այլ երկրների նմանատիպ ծրագրերի հետ, որպեսզի մեր քաղաքացին, ասենք` Վրաստանում կարողանա ստանալ իր մեթադոնը, եւ հակառակը:
Այնումենայնիվ, ե’ւ բժիշկները, ե’ւ հիվանդներն ասում են, որ էս ծրագիրն իր ողջ թերություններով հանդերձ հնարավորություն է տալիս մարդուն մնալ որոշակի կայուն հոգեբանական վիճակում, լինել աշխատունակ, զերծ մնալ կրիմինալից, չունենալ բռնվելու վախ, եւ որ ամենակարեւորն է, բժշկի կողմից օպտիմալ բաժնեչափը որոշելուց հետո, ժամանակի ընթացքում հնարավորություն հսկողության տակ մնալով մեթադոնի ընդունման քանակը քչացնել: Նրանք հավատում են, որ կգա մի օր, երբ իրենք լիովին կազատվեն կախվածությունից:
Լուսինե Վայաչյան
«Mars Express» եվրոպական տիեզերական զոնդը, որն աշխատում է Մարս մոլորակի (հայերեն` Հրատ) ուղեծրի վրա, եզակի խառնարան է լուսանկարել, որն ունի հսկա ոտնահետքի տեսք:
Խառնարանի նման ձևը շատ տարօրինակ է: Մարսի մակերևույթին գտնվող գրեթե բոլոր խառնարանները, որոնք առաջացել են աստերոիդների և մետեորիտների (երկնաքար) բախումներից, սովորաբար շրջանաձև են լինում:
Դա բացատրվում է նրանով, որ մոլորակի մակերեսին ընկած երկնաքարերը «փորում»են մակերեսը և հսկայական փոսեր առաջացնում:
Ոտքնահետքի տեսք ունեցող խառնարանն ունի 10-25 կմ լայնություն և 78 կմ երկարություն:
Եվրոպական տիեզերական կոմիտեի գիտնականների կարծիքով, խառնարանն առաջացել է Մարսի և երկնաքարի բախումից` շատ փոքր անկյան տակ: Դրանից բացի, տիեզերական զոնդը նմանատիպ մի քանի փոքր խառնարաններ է ֆիքսել, որոնք հարյուր միլիոնավոր տարիներ առաջ են ձևավորվել:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որին վերագրվում են ոչ միայն լուրջ բիզնեսներ, այլև հանքերի սեփականություն, կեսբերան խոստովանեց, որ որոշ բիզնեսներում ընդամենը փայատեր է։ Հետո ինքն իրեն հերքեց, թե չի պատրաստվում իր ունեցած բիզնեսը տեղափոխել Վրաստան
։
«Դե’ հիմա ես ինչ գիտեմ, եթե ուրիշ Այվազյան Վարդան կա, որն իրա բիզնեսը տեղափոխել է, կարող ա թերթը դրա մասին ա գրել։ Ես հստակ հայտարարում եմ՝ ես իմ բիզնեսը… Ես նախ` բիզնեսով չեմ զբաղվում, ես Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ եմ։ Էն բիզնեսը, որում ես փայատեր եմ, զբաղվում է մետաղական գործիքների արտադրությամբ, պողպատաձուլությամբ և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաք Չարենցավանում։ Իմ տունս ընդեղ է, ես ընդեղ էլ շարունակելու եմ իմ բիզնեսը։ Ես գողտուկ որևէ բան էսքան ժամանակ արած կա՞մ», — չքմեղացավ Այվազյանը։ Նա ասաց,որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի. «Ինչքան էլ ես ինձ լավ զգամ, Հայաստանից դուրս լավ չեմ զգա»։
Նա հիշեցրեց, որ Վրաստանն իր ծննդավայրն է. « Գնում-գալիս եմ, հասկանում ե՞ք։ Իսկ եթե չի կարելի գնալ-գալ, ասեք՝ չի կարելի»: Բիզնեսն ընդլայնելու և Հայաստանին զուգահեռ այլ երկրում ծավալելու վերաբերյալ հարցին ևս Այվազյանը պատասխան ուներ. «Իմ բիզնեսը ոչ մի տեղ չեմ տեղափոխել, որովհետև հասույթներն էնքան շատ չեն, որ սկսեմ ծավալվել։ Եթե հնարավորություն լինի` կծավալվեմ»։
ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը կառավարության հետ այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ`նշելով, որ այսօր իսկ ոչ քիչ թվով ընտանիքներ դժվարանում են վճարել գազի վարձավճարը և արդեն աստիճանաբար անցնում են փայտ կամ քարածուխ վառելուն:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են ավարտվել ռուսական կողմի հետ բանակցությունները, որոնք, համաձայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` դեռ անցած նստաշրջանի ընթացքում հաղորդած տեղեկության, պետք է որ արդեն ավարտված լինեին:
Նախարարը ասաց ,որ իրոք, իրենց հաշվարկներով բանակցությունները պետք է դեռ հունվարի վերջին ավարտվեին, սակայն չեն ավարտվել, դրա համար էլ դեռ չի կարող ասել, թե ինչ է սպասվում գազի գնի հետ կապված:
Ըստ նախարարի, բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն փետրվարի վերջին:
Դրանց վերջնական արդյունքի վերաբերյալ, Արմեն Մովսիսյանը հավատացրեց, թե հայկական կողմն ամեն ինչ անում է գազի գնի թանկացում թույլ չտալու համար. որ դրա համար օր ու գիշեր բանակցություններ են տարվում, սակայն, պարզվում է, Հայաստանը որոշել է որպես լրացուցիչ տարբերակ, օգտագործել նաև տարածաշրջանային տարբեր սխեմաները` այդ ճանապարհով ևս մեղմելով գազի թանկացումը:
Տարածաշրջանային հայտնի սխեմաներից ամենահայտնին և ցանկալին «Նաբուկո»-ն էր: Այն, որ հայկական կողմը հույսը դրել է «Նաբուկոյի» վրա, խոսում է նրա մասին, որ ՀՀ-ին իսկապես ծանր վիճակի մեջ են դրել և հիմա մեզ այլ բան չի մնում, քան փրփուրներից կախվելը:
Իսկ որ «Նաբուկոն» իսկապես փրփուրներով լեցուն է, վկայում է արդեն մի քանի տարի դրանում ընդգրկվելու Հայաստանի ապարդյուն փորձերն ու զուր ճիգերը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ-ում սոցիալական վիճակը աղետալի է համարվում, Եգիպտոսում սոցիալական վիճակը հեղափոխության պատճառ դարձավ: Կառավարող կուսակցության մոտ Եգիպտոսի սցենարի կրկնության մտավախություն չկա՞ :
— Պարո’ն Աբրահամյան, Եգիպտոսում տեղի ունեցող հեղափոխության ալիքը հնարավոր է, որ տեղափոխվի Հայաստան` կապված ներկա սոցիալական վիճակի հետ` գնաճ. ժողովուրդը էլ չի ձգում :
— Այսօրվա կոալիցիոն իշխանություններն ամեն ինչ անում են և պետք է ավելի կազմակերպված անեն, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները, որ այսօր առկա են` և’ սոցիալական, և’ տնտեսական, շատ կազմակերպված, հանդուրժող ձևով հաղթահարենք: Յուրաքանչյուր ընտանիքում էլ, յուրաքանչյուր պետությունում էլ կա խնդիր, որտե՞ղ չկա խնդիր, բայց, իմ կարծիքով, մեզ մոտ նման խնդիր ես դեռ չեմ տեսնում:
-Բայց, պարոն Աբրահամյան, սոցիալական խնդիրներն իսկապես ավելանում են, շուտով գազն էլ է թանկանալու, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
— Ես լրագրողներից շատ շնորհակալ կլինեմ, որ ամեն ինչ շատ ճիշտ նկատեն, Դուք ենթադրություններով եք խոսում` գազի գնաճ և այլն. ես խոսում եմ այսօրվա իրականության մասին: Ես գտնում եմ, որ որևէ սոցիալական լարվածություն չկա, ուղղակի կա համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամ: Մեր կառավարությունը, Ազգային ժողովը, կոալիցիոն քաղաքական ուժերը, հանրապետության նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի այդ դժվարությունները մեղմեն, և կարող եմ ասել, որ այս 2-3 տարվա ընթացքում ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվել:
— Պարո’ն Աբրահամյան, սոցիալական ներկա վիճակի հետ կապված… Դուք ասացիք` տնտեսական ճգնաժամ է, բայց ձեր կուսակցության ձևավորած կառավարությունից հայտնել էին, որ ճգնաժամը մեզ մոտ վաղուց ավարտվել է:
— Մեր կուսակցությունը բազմադեմ է, և կան տարբեր կարծիքներ:
— Այսինքն, Դուք համամիտ չե՞ք Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության այդ տեսակետին:
— Իսկ Դուք իմ տեղը ինչու՞ եք որոշում կայացնում:
— Նո’ր ասացիք:
— Ի՞նչ ասացի: Ասացի` մեր կուսակցությունը բազմադեմ է, բազմակարծություն կա, մենք իրավունք ունենք բոլորս մեր կարծիքները հայտնելու: Դա ժողովրդավարության տեսակետի կողմից էլ շատ ճիշտ է:
Լուսինե Կեսոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.