29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վաղը գիտելիքի օրն է։ Անկեղծ ասած, այնքան էլ հստակ չէ, ինչ ասել է գիտելիքի օր։ Բայց ի պատիվ այդ օրվան Գարեգին Բ կաթողիկոսը զարմանալիորեն խախտել է լռության ուխտը։ Նա սովորբար չի հանդիպում լրագրողների հետ, այս հանդիպումը գալիս է փաստելու, թե ինչքան է արժևորում վեհափառը գիտելիքը։
Օգոստոսի 31-ին Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների օրհնության արարողություն։ Իսկ ո՞վ ասաց, որ միայն կրթության բնագավառի աշխատակիցը գիտելիք ունի և ունի արդյո՞ք։ Կամ միայն նրա՞նք ունեն վեհափառի օրհնության կարիքը։
Արարողության ավարտին Նորին Սրբությունը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպեն լրագրողներին` տեղեկացնում է Մայր Աթոռը։
Այս տարվա օգոստոսի սկզբին Երևանի Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ծանուցագիր են ստացել և ազատվել աշխատանքից: Նրանք մինչ այժմ չեն կարողացել պարզել, թե որն է իրենց հեռացման պատճառը: Նրանցից մի քանիսն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել իրենց պահանջները:
Ֆրանսիական համալսարանի անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանի խոսքերով` իրենց հեռացման պատճառը համարվում է Բրիտանական խորհրդի վերապատրաստման որակավորումը չանցնելը: Սակայն Հակոբյանը ներկայացրեց Բրիտանական խորհրդի հավաստագիրը, որտեղ գրված էր, որ ինքը հաջողությամբ ավարտել է դասընթացը և ամենաբարձր գնահատականն է ստացել:
Նրանց հանդեպ վերաբերմունքը միայն զարմանք է առաջացնում, քանի որ ընդամենը 2 ամիս առաջ համալսարանի ռեկտորը անգլերենի ամբիոնի նախկին վարիչին երաշխավորագիր է տվել, որտեղ հստակ նշված է, որ վերջինիս գիտելիքներն ու հմտությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:
ֆրանսերենի ամբիոնի դասախոս Նարինե Կոխտիևան համոզված է, որ ցանկացած հիմնարկում կրճատումները արվում են հանձնաժողովի կողմից` ատեստացիայի հիման վրա։ Նրա խոսքերով` համալսարանի ռեկտորը բացատրություններ տալու ժամանակ չի գտել։
Աշխատանքից հեռացվել են նաև իրավաբանական ամբիոնի 15 և ֆրանսերենի ամբիոնի 4 դասախոսներ:
29 հեռացված դասախոսներից դատարան են դիմել միայն 14-ը: Գայանե Հակոբյանը նշեց, որ մնացածը հիմնականում տարբեր պաշտոնյաներ են և չեն ցանկանում իրենց անունները հրապարակել: Համալսարանի աշխատավարձը վերջիններիս եկամուտի հիմնական աղբյուրը չի հանդիսանում: Դասախոսները դիմելու են ԿԳ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և մի շարք այլ պաշտոնյաների:
Հեռացված դասախոսները պնդում են , որ աշխատանքից հեռացվել են օրենքի կոպիտ խախտումով, քանի որ պայմանագրերի ժամկետների մասին տեղեկություններ չեն ունեցել: Սակայն նրանց ասել են, որ ժամկետների մասին իրենք կարող էին ուսումնական մասում գտնվող հատուկ արկղիկներից իմանալ, որոնք դասախոսների խոսքերով տարիներով չեն բացվում:
Մյուս կողմի կարծիքը լսելու նպատակով զանգահարեցինք Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Պարոն Նավոյանի խոսքերով` հեռացված դասախոսները սխալվում են `կարծելով, որ իրենց անօրինական ճանապարհով են աշխատանքից ազատել: «Եթե կարծում են, որ մենք աշխատանքային օրենսգրքով չենք առաջնորդվել, թող դատարան դիմեն ու պարզեն այդ ամենը»,- ասաց պռորեկտորը:
Նավոյանը նշեց, որ համալսարանը կարող է և իրավունք ունի չերկարացնել պայմանագիրն այս կամ այն դասախոսի հետ: Վերջինիս խոսքերով աշխատանքից հեռացված դասախոսների շարքում կան դոկտորանտներ, որոնք պետք է մտածեն իրենց ատենախոսությունների մասին:
Աշխատանքից ազատվել են նաև այն դասախոսները, որոնց ուսանողները չափազանց ցածր են գնահատել: Համալսարանի կողմից վճարված, սակայն վերապատրաստումը չանցած, ինչպես նաև պարբերաբար ուշացող դասախոսները նույնպես նման բախտի են արժանացել:
Պրոռեկտորն ասաց, որ 29 դասախոսներից 14-ը դիմել են Ֆրանսիայի դեսպանին և ստորագրություններ հավաքել, այն դեպքում երբ շատերը պնդում են, որ իրենց ուղղակի սպիտակ թղթեր են տվել:
Հեռացված դասախոսները ստիպում են ուսանողներին դասադուլ կազմակերպել, ինչը Նավոյանի խոսքերով մանկավարժական անբարոյականություն է:
Ալիսա Շեկոյան
Cisco ընկերությունը IP- հեռախոսակապի առաջատար Skype ընկերության տնօրինությանը գնային առաջարկ է ներկայացրել, գրում է TechCrunch-ի գլխավոր խմբագիր Մայքլ Արինգտոնը՝ հղում կատարելով անանուն աղբյուրի։
Cisco ընկերությունը Skype-ի համար առաջարկել է 5 միլիարդ դոլար։ Ի դեպ վերջինս պատրաստվում է բարժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել։ Օգոստոսի սկզբներին հայտնի էր դարձել, որ ընկերությունը ԱՄՆ թանկարժեք թղթերի և բիժայի հանձնաժողովին համապատասխան դիմում ներկայացրել։
Ինչպես տեղեկացնում է Արինգտոնը, Skype-ում IPO-ից ակնկալում էին 5 միլիրադ դոլար։ Այդպիսով Cisco-ի առաջարկը լիովին համապատասխանում է ընկերության կողմից սահմանված ծառայության արժեքին։
2009թ․ սեպտեմբերին Skype-ի նախորդ սեփականատերը՝ eBay ինտերնետ-աճուրդը, ընկերության բաժնետոմսերի 70%-ը վաճառեց մասնավոր ներդրողների խմբի՝ իրեն թողնելով 30%-անոց փաթեթ։ Այդ ժամանակ ամբողջ ընկերությունը գնահատվել էր 2.75 միլիարդ դոլար։ eBay-ը 2005 թ․-ին Skype-ը գնել էր 2.6 միլարդ դոլարով։
Skype-ը հանդիսանում է IP-հեռախոսակապի ամենախոշոր ընկերությունն աշխարհում։ Ավելի քան 500 միլիոն մարդ է օգտվում վեջինից։ Իր հերթին, Cisco -ն հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի լիդերներից մեկը։
Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավական իրատեսորեն է գնահատում իր հնարավորությունները: ՀՀ գործադիրը հասկանում է, որ ի վիճակի չէ այլևս տնտեսություն զարգացնել, որ արտադրություն ստեղծելու միջոցով աշխատատեղեր բացելը իր համար պարզապես անիրագործելի երազանք է, հետևաբար միակ բանը, որ կարող է անել` դա ՀՀ քաղաքացիներին` միմյանցից վրա փող աշխատելու հնարավորություն տալն է:
«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի, մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նոր օրենքով կարգավորվում են ՀՀ ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի սահմանման, դրա գանձման կարգը և պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Սա նշանակում է, որ Երևանում ամեն քայլափոխի գործող «արի-արիների ինստիտուտը», որ ազդում է յուրաքանչյուր նորմալ մարդու նյարդերի վրա, ոչ միայն չի վերանալու, այլև, դրվելու է պետական մակարդակի վրա ու կատարելագործվելու է, դեռ մի բան էլ պատասխանատվություն է սահմանվելու: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ոստիկանությունն` ի դեմս իրար չհասկացող վարորդի ու «Արի-արիի» ունենալու է բիրիքով պոտենցյալ հանցագործներ։ Այսինքն, բյուջեն լցնելու ավելի արդյունավետ միջոց դժվար թե կարելի էր մտածել։ Ստացվում է` քարից հաց քամող մեր պապերից մնացել է չեղածից փող շինող մեր մենթալիտետը։
Այս «ինստիտուտը» առաջ եկավ վերջին տարիներին, սկզբում այն տարերային բնույթ էր կրում. հատուկենտ զոռբաները կարողանում էին իրենց օբյեկտի հարակից մայթի հատվածում կանգնող ավտոմեքենաների տերերից գումար կորզել: Ընդ որում այդ գումարը պայմանավորված էր մայթը զավաթածի ագահության աստիճանից: Օրինակ` «Փեթակ» առևտրի կենտրոնի շրջակայքում վաղուց արդեն սահմանված վճարը 200 դրամ է, իսկ տոնական օրերին «արի-արիների» ագահությունն այլևս սահմաններ չի ճանաչում։ Նրանք կարող են անգամ մուննաթ գալ վարորդի վրա, թե «2 ժամ կանգնեց, տվածը 100 դրամ ա»: Շատ հաճախ հանդիպում են նաև առանձին ժուլիկներ, որ ներկայանալով որպես մայթի տվյալ հատվածի «արի-արի»` անգամ 5 րոպեով կայանած վարորդից գումար են շորթում:
«Արի-արիների ինստիտուտը», փաստորեն, մինչև ՀՀ կառավարության կողմից նման բարձր մակարդակի բարձրացվելը, արդեն իսկ տեղով խայտառակություն էր: Օրվա ընթացքում մի քանի անգամ կայանող վարորդը օրվա վերջում կարող է փոշմանել տնից դուրս գալու համար:
Բայց մենք չենք բողոքում` միայն նյարդանում ենք, հայհոյում նման բան հանդուժող երկրի ղեկավարությանը, հոգու խորքում ինչ-որ տեղ հուսալով, որ մի օր, կարող է մի էդպիսի «արի-արի» էլ ՀՀ նախագահին կամ վարչապետին կամ գոնե Երևանի քաղաքապետին ռաստ գալ և արդյունքում վերջապես ղեկավարությունն էլ կգիտակցի, թե ինչ պատուհաս են դրանք վարորդների և, ընդհանրապես,սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող շարքային քաղաքացիների համար:
Ի դեպ, թե´ կառավարության, թե Ազգային ժողովի կայքերում հիշյալ օրենքների նախագծերը չկային, այնպես որ ասել, թե հատկապես ի տուրքի, որ տեսակի մասին է խոսքը, հնարավոր չէ: Խոսակցություններ կային, թե հիշյալ փոփոխություններով մեկ ժամվա կայանման համար սահմանվելու է 500 դրամ: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ավելի քան տարակուսելի է, ինչի՞ համար է նախագահ Սարգսյանը նման կառավարություն հանդուրժում. եթե նախագահին անհրաժեշտ է այնպիսի գործադիր, որի շնորհիվ իր ղեկավարած Հայաստանից օրական հազարավոր քաղաքացիներ առնվազն հիասթափվեն և լքեն երկիրը կամ համալրեն ընդդիմության շարքերը, ապա կարելի է ասել `ամեն ինչ ավելի քան պայծառ է ստացվում…
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Գյումրու Մուշ 2 թաղամասի շինարարությունն ընթանում էր փակ գոտում։ Երբեմն – երբեմն համակենտրոնացման ճամբարի կանոններով կազմակերպված շինարարական հրապարակում աշխատող առանձին բանվորների ու վարպետների միջոցով տեղեկություններ էին սպրդում, որ «Գլենդել Հիլզ»-ի կառուցած շենքերը խայտառակություն են, ամեն ինչ արվում էր, որ դրանք հնարավորինս արագ լռության մատնվեն, որ հատկապես լրատվամիջոցները այդ մասին չհամարձակվեն անգամ ծպտուն հանել:
Նախորդ տարվա դեկտեմբերին «Գլենդել Հիլզ»-ն ինձ դիմավորեց 50 հոգանոց ախրանիկների բանդայով, որոնք ամեն ինչ արեցին, թույլ չտալու մուտք գործել շինհրապարակ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Հետագա ուսումնասիրություններս պարզեցին, որ Հայաստանի Հանրապետությունում «Գլենդել Հիլզ» ընկերությունը ինչ-որ առանձնահատուկ լիազորություններով օժտված կազմակերպություն է։ Շիրակի մարզպետարանում հայտնեցին, թե իրենք իրավասու չեն վերահսկելու շինարարության որակը, որ, իբր դա հսկայական գումարների հետ կապված գործ է ու միայն այս ընկերությունն է, որ բարի է գտնվել հանձն առել նման ծավալի աշխատանք:
Փաստորեն, «Գլենդել Հիլզը» Գյումրու աղետյալների համար թաղամաս էր կառուցում, բայց թե´ քաղաքապետարանը, թե´ Շիրակի մարզպետարանը, թե´ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդամենը դիտորդի ու սպասողի կարգավիճակում էին, իսկ որակի վերահսկողություն որևէ կառույց չէր իրականացնում:
Ինչու՞: Որովհետև, ըստ որոշ խոսակցությունների, «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահի եղբայր, պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին: Եղբոր սխալներն սրբագրելու թե մեկ այլ պատճառով, անգամ արյունակցական սերտ կապը չփակեց ՀՀ նախագահի աչքերը, որ չտեսնելու տար շինարարությունում առկա թերությունները:
Նախագահն այցելեց շինհրապարակ իմ այցից մեկ երկու օր հետո։ Սարգսյանը տեսավ այն, ինչ թույլ չտվեցին տեսնել լրագրողին: Հետևանքը` մարզպետարանում գումարված խորհրդակցությունն ու խիստ հանձնարարականները` շտկել ամեն ինչ և նոր միայն կազմակերպել բնակարանների բաշխումը: Չլիներ նախագահի այցը, «Գլենդել Հիլզը» դեռ դեկտեմբեր-հունվարին էր պատրաստվում ավարտել շինարարությունը:
Նախագահի հանձնարարականով բնակարանների բաշխումը հետաձգվեց. 2010թ. հուլիսի 9-ին, ապա հանդիսավոր պայմաններում դրանք հանձնվեց 20 տարի տնակներում ապրող և բնակարանի հույսով ապրող աղետյալներին: Նախագահն անձամբ մասնակցեց հանձնմանը, բաժակ բարձրացրեց գյումրեցիների հետ, լսեց շնորհակալական խոսքեր և նայելով արտաքինից կոկած բնակարաններին, երևի կարծեց, թե իր ասածը տեղ է հասել և նորամուտ նշողները խնդիրներ չեն ունենա:
2010թ. օգոստոսի 17-ին, երբ «Մուշ 2» թաղամասում հարցուփորձ էի անում, մարդիկ, ճիշտ է, խուսափողական տոնով, բայց հավատացնում էին, թե ամեն ինչ կարգին է: Հատկապես մի տղամարդ` քարոզարշավների մեջ կոփված գովաբանողի ճարտարությամբ սկսեց մի առանձահատուկ եռանդով փառաբանել շենքերը, թե «ամեն ինչ հոյակապ է, ի՞նչ է եղել, որ, էդ հատուկենտ դժգոհողները նրանք են, որ ամեն ինչից դժգոհ են, բա ո՞նց, մանր-մունր բաներ են, էդ էլ մենք կանենք, հո ամեն ինչ ուրիշի վրա գցելով չի՞»:
«Սազանդարը» Գյումրու «Մուշ 2» թաղամասի 16-րդ շենքից էր: Իմ հեռանալուց հետո, նույն գիշերը այդ շենքի բնակարաններից մեկի առաստաղն ամբողջությամբ փլվեց` ջարդելով կահկարասին, բարեբախտաբար, բնակիչները փրկվել էին շինարարների թողտվությամբ առաջացած «երկրաշարժից»:
«Մուշ 2» թաղամասում ամենաաչքի զարնողը բնակիչների վախեցած ու կաշկանդված վիճակն էր. Ցավն այն է որ երկիրը հասել է նրան որ ասող – խոսող անկաշկանդ հումորով գյումրեցին հիմնովին դեգրադացվի և դառնա երկչոտ, անհամարձակ` վախենալով ասել այն, ինչ մտածում է:
Սկզբում թվաց, թե հիմնական խնդիրը միայն ջրի բացակայությունն է. ջրագծերը պատրաստ էին, բայց քանի որ բնակարանները դեռ ամբողջությամբ բնակեցված չէին, ջուրը չէին միացրել, այդ իսկ պատճառով թաղամասի բնակիչները իրենց կարիքները հոգում էին դույլերով ջուր կրելով, ինչը, հուսով էին, ժամանակավոր երևույթ էր:
Սակայն հետագա համառ ուսումնասիրությունները միանգամայն այլ պատկեր բացեցին. Բնակիչներից մեկը խոսքի մեջ բերանից թռցրեց, թե «էնքա~ն թերություններ կան, կուզեք` գնացեք առաջին շենք` «բըլի գը»»:
Առաջին շենքի առաջին մուտքի առաջին հարկում շինարարական աղբի մի մեծ կույտ էր: Այդ կույտը, պարզվեց, երկու ամիս առաջ նորամուտ նշած բնակարանի լողասենյակի պատերի ու առաստաղի պոկվելու հետևանքն էր: երբ բողոքի տուտը բացվեց, բնակիչներն իրար խառնված, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին իրենց բնակարան կանչել և ցույց տալ իրենց մոտ տիրող վիճակը: «Ըսիգ տուն չէ, որ տվել են, ըսիգ եղբայրական գերեզմանոց է», ասաց բնակիչներից մեկը:
Բոլոր բնակարաններում սարսափելի գարշահոտություն էր, քանի որ կոյուղին ոչ մի շենքում չէր գործում: «Բա ո՞նց եք անում» հարցին մի տարիքով կին պատասխանեց. «Գնում եմ ուրիշի տունն եմ անում, բայց դե ինչքա՞ն կարաս ուրիշի զուգարանից օգտվես»:
Նախագահը Գյումրու աղետյալներին հանձնել էր, այսպես կոչված, եվրոբնակարաններ` սալիկապատված, ամեն ինչ տեղը-տեղին: Երկու ամիս հետո, երբ նախագահի հանձնարարականով արագությամբ կպցված սալիկները պոկվել-թափվել էին, բնակիչները սկսել էին հերթով հայտնաբերել թերությունները: «Ըսիգ կաֆել կպցնել է՞, աշե, աշե, կլեյի հետք կտենի՞ս, բետոնի վրա խփել են, ո´չ ցեմենտ կա, ո´չ բան, բա հլը´ տես ըդոնց դրած դուռը»: Բնակչի մատնանշած դուռն իսկապես շինարարական արվեստի «գլուխգործոց էր». դռան և պատի միջև «շինարարները» խցկել էին ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք էր. ջարդուփշուր եղած սալիկներ, փայտի կտորտանք, իսկ ցեմենտի, գաջի հետք, չկար: Խայտառակությունն ամենուր էր և բնակարանից բնակարան պատկերն ավելի վատթար էր: «Մի հատ կծվի, թթվի տեղ չկա». քաղաքացու համար առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չունեցող հանգամանքը, աստիճանաբար ավելի հասկանալի էր դառնում. նախ, բնակարանների նախագիծը չափից դուրս անհաջող էր, սենյակները շատ փոքր, անհարմար, ներքնահարկ չկար և, որ ամենակարևորն էր և ամենախոսունը` բոլոր բնակիչներին պաշտոնապես արգելել էին մեխ խփել պատերին: «Փլե´ գը», բացատրում էին բնակիչները, ստացվում էր, որ անգամ սեփական ուժերով պահարան ամրացնելու հնարավորություն չկար. ահա թե ինչպիսի բնակարաններ էր հրամցրել «Գլենդել Հիլզը» աղետյալներին: Ի դեպ, մի մխիթարիչ հանգամանք. փլված հատվածներն այս ընկերությունում հանձն էին առել վերականգնել սեփական ուժերով:
«Մուշ 2» թաղամասի շինարարությունը կատարվել էր անցյալ տարի Ռուսաստանից ստացված 500 մլն դոլար վարկի հաշվին, որը երկրի ղեկավարությունը հատկացրեց ընկերությանը` Գյումրու բնակարաշինական ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ասում են, թե սկզբնական շրջանում այստեղ մասնագետներ շատ քիչ են եղել. վարձել են տարբեր մարդկանց, մոտ մեկ ամիս աշխատացրել, հետո հեռացրել` առանց վճարելու: Հետևանքը` հանձնելուց երկու ամիս հետո փլված տները:
Բնակարանների հանձնման ժամանակ շինարարության որակից քաջատեղյակ մասնագետներն ասում էին, թե թաղամասը հենց առաջին ձմռանը ցույց կտա իր բոլոր թերությունները և բավական է մի ձմեռ, որ «Մուշ 2»-ից այլևս ոչինչ չմնա: Ստացվում է` ոչ ցածր տոկոսադրույքով վերցված վարկը, որը դեռ հարկավոր է մարել, մսխվեց` առանց օգուտի, իսկ վնասի մասին անգամ մտածելն է վտանգավոր. Աստված գիտե, թե ինչ կկատարվի, եթե շենքերը իսկապես չդիմանան և փլվեն։ Ինչ զոհեր կարող է դարձյալ տեսնել աղետի գոտու կարգավիճակից դեռ դուրս չեկած Գյումրին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ. Գյումրիի Մուշ-2 թաղամասի նորակառույց, նոր շահագործման հանձնված շենքերի բնակարաններում արձանագրված շինարարական թերությունների կապակցությամբ, որոնց մասին բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդումներ էին տվել օգոստոսի 18-ին, պարզաբանում է տվել շինարարությունն իրականացրած Գլենդել Հիլզ ընկերությունը:
“Գլենդել Հիլզ» ՓԲԸ մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման և թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի (панель) մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում: Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ և խոնավեցնելով այն, թուլացրել և վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը:
Շինարարական որևէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկաման ժամանակահատված:
Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի և որևէ իրավասուի հետ խորհրդակցելու:
Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար և տեղեկացնում, որ վնասվածքի հետևանքներն ամբողությամբ կվերացվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, և մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն”, ասված է ընկերության հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության տարածած պարզաբանման մեջ:
Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին։ Այս տարին նոր է նաև նրանով, որ այսուհետ կրթական համակարգում կսկսի գործել ավագ դպրոցը։ Մինչ ավարտական դասարաններ կորցրած դպրոցների տնօրենները ախուվախ են անում, նրանցից ճարպիկները լուրջ գործարար որակներ են ցուցաբերում։
Թիվ 160 դպրոցը ստացել է ավագի կարգավիճակ։ Չնայած տնօրենը առաջին դասարանի ընդունելություն կազմակերպելու իրավունք չուներ, բայց դպրոցի պատին հայտարարություն է փակցրել այդ մասին։ Դպրոցի կարգավիճակի փոփոխությունից անտեղյակ դիմողներին տիկին տնօրենը ցուցակագրում է, ու հետո… փոխանակում. նա հարցի հետաքրքիր ու աշխատող լուծում է գտել.
Սևակի անվան նախկին միջնակարգ դպրոցն այս տարի կորցրեց իր ավագ դասարանները։ Աշակերտությունը պիտի վերաբաշխվի։ Թիվ 160-ի տնօրենը իր հավաքագրած առաջին դասարանցիներին փոխանակում է «Սևակի» ավարտական դասարանի աշակերտների հետ։ Փոխանակման պայմանը շատ պարզ է . «Սևակի» տնօրենը համոզում է իր աշակերտներին գնալ 160 –ի ավագ դպրոց, դրա դիմաց«160» -ը նրանց է տրամադրում իր առաջին դասարանցիների դիմումները։
Տնօրենների մտավախությունն ու ջանքերը զուր չեն. խոսակցություններ են շրջում, որ 160 ի ավագ դպրոցը աշակերտների քանակի հետ կապված խնդիրներ է ունենալու, քանի որ շատերը գերադասում են նախկին ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցը, որը բավականին լավ ռեյտինգ ունի։ Դե մարդիկ մտածում են, որ պիտի դպրոց փոխվի և տրանսպորտի հարց առաջանա, ի՞նչ տարբերություն` երկու կանգառ կիջնես, թե` չորս։
Դպրոց, դասարան փոխելը հոգեբանորեն բարդ երևույթ է, շատերը համաձայն չեն նման մոդելին, բայց եվրոպականացման ճանապարհին անհրաժեշտ գործառույթ է, որ շատերին թե ուսուցիչ- տնօրեններին, թե ծնողներին կանգնեցրել է փաստի առջև։ Միակ մխիթարությունը, որով այսօր արդարացվում է ստեղծված քաոսը`առանց կրկնուսույցի երեխաների բուհ ընդունվելու հեռանկարն է, բայց այստեղ մի հանգամանք կա, որ վրիպել է ծնողների ուշադրությունից. նրանք կարող են համակարգը բարեփոխողներից պարզապես պահանջել 100 տոկոսանոց եվրոպականացում , ասել է թե, հանել ընդունելության քննությունները , ինչպես Եվրոպայում է։ Դրանով թե կոռուպցիայի հարցը կլուծվի, թե ընդունելությունը համահայկական տրագիկոմեդիայի վերածողների։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում է, կառավարության ղեկավարությունն անցել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և երեկվա նիստում գործադիրը, այսպես ասած, «բիրիքով» տարկետման իրավունք է տվել միանգամից 15 հոգու: Նրանցից 12-ը հայկական բանակում չեն ծառայի քանի որ, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից ՀՀ քաղաքացիներին ուսման և կրթաթոշակ ստանալու համար դիմած 12 ուսանողներ ստացել են տարեկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2010թ. աշնանային զորակոչ: Այդ ընտրյալներն են Վահագն Հովհաննեսի Հարությունյանը, Սերգեյ Սամվելի Հակոբյանը, Միքայել Աշոտի Թորոսյանը, Արեգ Պողոսի Կարապետյանը, Աշոտ Ռոբերտի Մնացականյանը, Արմեն Լևոնի Զաքարյանը, Գևորգ Արմենի Եղյանը, Ռաֆայել Սերգեյի Հարությունյանը, Տիգրան Մուրադի Բարսեղյանը, Սմբատ Պավլիկի Խաչատրյանը, Հովիկ Գառնիկի Խասիկյանը, Ավագ Սայիկի Սայանը:
Եվս երկու հոգի տարկետման իրավունք է ստացել Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրով (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթելու շնորհիվ: Նրանցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Կապան քաղաքի բնակիչ Արսեն Աշոտի Աղասյանն է, մյուսը` ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Վահան Հակոբի Հուրոյանը:
Իսկ ահա Երջանիկ Հակոբի Ասրյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել Ռուսաստանի պետական կառավարման համալսարան, որը ՌԴ-ում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, ընդունվելու կապակցությամբ: Տարկետումը հաշվված է մինչև ուսումնառության ավարտը` 2014թ. աշնանային զորակոչը: Երջանիկը սակայն տարկետում կստանա միայն գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2010թ. Հուլիսի 1-ին տարկետման իրավունք տված Անդրանիկ Հակոբի Բաղդասարյանին թույլ է տվել «2012» թվականի փոխարեն բանակ զորակոչվել «2013» թվականին:
Կառավարության նախորդ նիստում տարկետման իրավունք էին ստացել 4 հոգի, այս նիստում` 15 հոգի: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է` մինչև զորակոչի հայտարարումը Պաշտպանության նախարարությունը կանգնի լուրջ խնդրի առաջ:
Կրթության և գիտության նախարարությունը բավական լուրջ «քիմմաքրում» է իրականացրել բարձրագույն կրթական հաստատություններում:
Սակայն դա արվել է ոչ այնքան կիսատ գործը շարունակելու, և համակարգն առողջացնելու միտումով որքան, հաջորդ տարի պետական և ԿԳՆ-ի սրտացավության շրջանակներում պետական բուհերի համար շրջանավարտ ապահովելու համար։ Բանն այն է որ հաջորդ տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու։ Ելնելով դրանից` «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստում որոշվել է մի շարք բուհերի զրկել լիցենզիայից:
Այդ հրապարակման շնորհիվ հայ հանրությանը վերջապես բախտ վիճակվեց տեղեկանալ, որ Հայաստանում նման անվամբ բուհեր գոյություն ունեն, որոնք այլևս չեն գործելու. Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտ, «ԷյԱյՅու» Արիա միջազգային համալսարան, Վանեվան» ինստիտուտ, Արմավիրի «Արարատ» համալսարանն, որն ունի սեփական շենք և հրաշալի պայմաններ ու դասախոսական կազմ, «Քավենդիշ»-ը, որ Գրանդ Տոբակո ընկերությունը ստեղծել էր բիզնեսի այդ տեսակն էլ ունենալու համար, չհաջողելով փակեց համալսարանը, Արտաշատի «Արտաշատ» համալսարանում ինչ-որ դեպքեր սարքվեցին` բերելով լուծարման:
Հանձնաժողովի «դամոկլյան սուրը» վերջնականապես իջել է նաև մի քանի բուհերի որոշ ֆակուլտետների վրա. այդպես, այլևս առոչինչ են դառնում Երևանի «Մենեջմենթի» համալսարանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, Լրագրություն, Իրավագիտություն, Թարգմանչական գործ, «Գալիք» համալսարանի Իրավագիտություն, Կառավարում, Օտար լեզու և գրականություն, «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանի» Իրավագիտություն, Օտար լեզու և գրականություն, Մանկավարժություն և հոգեբանություն, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, Գեղանկարչություն, «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» Ֆիզկուլտուրա և սպորտ, Մանկավարժություն և մեթոդիկա, Ֆինանսներ, Իրավագիտություն, Երևանի «Էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտի» Ֆինանսներ, Իրավագիտություն, Օտար լեզու և գրականություն, «Երևանի մշակույթի համալսարանի» Լրագրություն ֆակուլտետները: Սրանով կարծես հիմք է դրվում այս բուհերի դանդաղ փակման գործընթացի։
Բացի վիրահատական ճանապարհով Հայաստանի կրթական համակարգից հիշյալ բուհերը կտրել-գցելուց, հանձնաժողովը մի քանիսին էլ դեղին քարտ է ցույց տվել. նախազգուշացումներ են ստացել Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը, Երևանի հումանիտար ինստիտուտը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը` հանձնաժողովը նրանց պարտավորեցրել է վերացնել բացահայտված թերացումները` հաջորդ անգամ սև ցուցակի մեջ չհայտնվելու համար:
Ընդհանուր առմամբ, կասեցվել է 8 կազմակերպության լիցենզիաների գործողությունը. 2010թ. մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողությունները:
Կրթության նախարարությունը միաժամանակ հավաստիացրել է այս բուհերում սովորող ուսանողներին, որ նրանք կարող են իրենց կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում: Այս երգը երգվեց նաև նախորդ փակման գործընթացը սկսելուց առաջ, երբ ամեն ինչ դեռ նոր –նոր էր կազմակերպվում ու ուսանողներին կանգնեցրին փաստի առջև։
Պետական բուհերում սովորելու հնարավորության հավաստիացումները ուղղակի քաղցր հաբեր են ուսանողներին` այդ պահին շոկից դուրս բերելու հարցում, որի զորությունը տևում է մինչև տեղափոխման դիմում գրելը։ Դրանից հետո նրանք արագ հասկանում են, որ խաբված են ու ոչ միայն պետական, այլև քիչ թե շատ հեղինակավոր բուհ չեն կարող դիմել։
Նախարար Աշոտյանը չի խուսափում գնահատականներ տալուց, շեշտելով, որ ոչ պետական բուհերը չեն կարող համեմատվել պետականների հետ, քանի որ մեր կրթական համակարգը չի զարգացել այնքան, որ մասնավոր բուհը համարժեք մակարդակ ունենա:
Իհարկե, լավ է, որ Կրթության և գիտության նախարարությունում, թեկուզ հազվադեպ, բայց ինչ-որ դրական բան արվում է, բայց ամբողջ հարցն այն է`թե ինչպե՞ս է դա արվում։
Եվ որ ամենակարևորն է, ո՞վ պետք է պատասխան տա «գրդոնի» համար, որ այսքան տարի անխափան հոսել է որոշ մարդկանց գրպանները։ ՀՀ կրթական համակարգն այն աստիճան է այլասերվել, ու բուհերում` լինի դա պետական, թե մասնավոր, բարքերի այնպիսի անկում է, որ այստեղ ոչ թե տեղային վիրահատական միջամտություններով է կարելի ինչ-որ բան շտկել, այլ` համակարգային բուժմամբ:
Լուսինե Կեսոյան
Շատ հարմար է ապրել մի շենքում, որի տակ խանութ կա, ավելի լավ, եթե դա սուպերմարկետ է, բայց Կոմիտաս 54/1 բնակիչները բոլորովին ուրախ չեն այդ հանգամանքից, քանի որ նրանց բակը վեր է ածվել աղբանոցի:
Սա SAS-ի բակի կողմն է: Ամենուր թափթփած են արկղեր, զանազան տարաներ, ժամկետն անցած սննդի մնացորդներ, որոնք հոտում են, գրավում «բոմժերին» ու թափառական շներին: Սուպերմարկետը սեփական աղբամաններ չունի, իր աղբը թափում է բակում տեղադրված 3 բավականին փոքր աղբամանների մեջ:
SAS սուպերմարկետների ցանցը համարվում է քաղաքակիրթ, բարձր որակի սպասարկում ու ապրանքի տեսականի ունեցող խանութների ցանց: Ինչպե՞ս կարող էր խոշոր տնտեսվարող սուբյեկտը թույլ տալ այսպիսի իրավիճակ: Շենքի բնակիչ Վարդի Քեշիշյանի խնդրանքով ես սկսեցի պարզել իրողությունը:
«Մեր բակը դառել է աղբանոց, մուտքն է փակվում, աղբահանող մեքենաները, որոնց համար նրանք ասում են, որ վճարում են, տանում է միայն տնտեսական աղբը՝ արկղերը, պլաստիկե տոպրակներն ու զանազան այլ տարաներ: Ժամկետանց սնունդը ևս թափվում է մեր բակում, ու երբ վերևից հավաքում ու տանում են էդ տարաները, հոտած սննդի հոտն տարածվում է բակով մեկ: Հակասանիտարական վիճակ է բակում: Ես արդեն մեկուկես ամիս է փորձում եմ ինչ-որ բան կարգավորել, դիմել եմ և´ SAS-ի ղեկավարությանը, և´ համատիրություն, և´ կոմունալ ծառայությունների վարչություն, որը զբաղվում է աղբահանության կազմակերպմամբ: SAS-ում առաջին անգամ քաղաքավարի արձագանքեցին, ասացին, որ կշտկեն, կկարգավորեն: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ոչինչ չի փոխվում նորից դիմեցի: Այս անգամ պակաս բարեհամբույր ընդունելության արժանացա: Առաջարկեցի Գրիբոյեդովի նրբանցքում տեղադրել խանութի համար աղբամաններ, առաջարկս համարեցին խելքին մոտ ու ասացին, որ ընթացք կստանա: Բայց մինչ օրս շարունակում են աղբը թափել շենքի աղբանոցը: Դիմեցի համատիրություն, այնտեղ ինձ ասացին. «Գիտե՞ս ում հետ ես ոտք գցում»: Ասացին, որ խանութն իրենց ոչինչ չի վճարում: Մենք ի՞նչ անենք, մենք ինչի՞ պիտի մեր օրը սկսենք ու վերջացնենք աղբակույտի կողքին: Երեկոները թափառական շներից ու բոմժերից ենք վախենում, որոնք գալիս են աղբը քրքրելու:
Արաբկիրի կոմունալ վարչությունն ասաց, որ եթե աղբահանությունը ժամանակին կատարվում է, ապա դա իրենց պրոբլեմը չէ:
SAS-ի տնօրինությունը` ի դեմս աշխատակցուհի Էլենի ինձ ասաց, որ այդ բակն աղբանոց էր մինչև իրենց այդ շենքում հաստատվելը, ու իրենց վճարած ամսական 90 000 գումարի շնորհիվ, շենքի բակից աղբը տեղահանվում է օրական երկու անգամ: Նրանք պայմանագիր ունեն աղբ տեղափոխող կազմակերպության հետ:
Այդ կազմակերպությունը, ինչպես պարզեցի, «Էկոառ»-ն է, որը զբաղվում է «լայնածավալ ու շինարարական աղբի տեղափոխմամբ», այսինքն՝ փչացած մթերքի տեղափոխումը, եթե այն կոնկրետ արկղերի վրա չի, կամ թափթփած է կողքերը, նրանց պայմանագրային պարտավորությունների մեջ չի մտնում: Նաև պնդում է, որ իրենց կողմից բակը չի աղտոտվում, աղբը նետվում է միայն տեղադրված 3 արկղերի մեջ, ինչին հակադարձնում են բնակիչները, ասելով, որ նույնիսկ տեխնիկական աշխատողներն են խանութի աղբը խանութի հետնամուտքի փոքրիկ դռնակից դուրս շպրտում: «Էկոառ»-ում ասացին, որ նրանց մեքենաները գրաֆիկով են աշխատում, ու իրենց կողմից սպասարկվող յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ գիտի իր ժամը, և կարող է նման անախորժություններից խուսափելու համար հավաքել իր աղբը խանութի ներսում, ու հետո միանգամից բեռնել աղբատարի մեջ: Գրիբոյեդովի նրբանցքում հատուկ SAS-ի համար մեծ կոնտեյներներ տեղադրելու առաջարկս խանութի ղեկավարության ընդունվել է։ Ինձ այսօր հեռախոսով SAS ցանցի տնօրինության անունից հայտնեցին, որ մոտ ժամանակներս աղբահանության վիճակը կկարգավորվի. Տնօրինությունը կդիմի քաղաքապետարան՝ կոնտեյներներ տեղադրելու պահանջով: Սպասենք՝ տեսնենք:
Քաղաքակիրթ երկրներում աղբահանության հարցը վաղուց կարգավորված է: Փողոցներում դրված են մարդաբոյի՝ տնտեսական թափոնների ու մթերքի մնացորդների համար առանձին հատկացված կոնտեյներներ, բնակչությունն էլ գիտակից է, մերոնց նման իր տան շեմից աղբը մաքրող ու հարևանի դռան դեմը քշող չի՝ ամեն տեսակի աղբ գցում է իրեն հատկացված տեղը: Եթե ժողովրդից մեկ առ մեկ չենք կարող պահանջել հետևել քաղաքակրթության նորմերին, ապա տնտեսվարող սուբյեկտներից ու կազմակերպություններից պարտավոր ենք՝ մե´ր քաղաքն է, մե´նք պիտի հետևենք ու տեր կանգնեք մեր քաղաքի մաքրությանը:
Շենքերի աղբարկղերը իրենց թափոնների համար միայն SAS-ը չի օգտագործում, ուղղակի մեծ սուպերմարկետի աղբը շատ է, ու հասցրած անհարմարություններն էլ հետը, դրա համար էլ բողոք է առաջացրել: Բայց այն, որ քաղաքում աղբահանությունը մնում է շատ ցածր մակարդակի, որ մենք բոլորս ամեն օր հայհոյելով չգիտես ում, իսկ եթե չգիտես ում, ապա՝ իշխանություններին, անցնում ենք աղբակույտերի մոտով, փաստ է: Այս կոնկրետ դեպքը բարձրաձայնելով, երկու-երեք օր բոլոր պատասխանատու կառույցները՝ քաղաքապետարանի կոմունալ վարչություն, սուպերմարկետ, աղբահանող կազմակերպություն խառնելով իրար հարցը գոնե լսելի դարձավ: Մենք հետամուտ կլինենք, թե ինչպե՞ս է կատարում SAS-ն իր խոստումը, ու տեղյակ կպահենք ընթերցողին:
Յուրաքանչյուր երկրի քաղաքակրթության մակարդակը որոշվում է իր հանրային տարածքների աղբատեղերի, զուգարանների մաքրության շեմով: Ու մինչև այդ տարածքը չմաքրվի՝ մենք չենք մաքրվի:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Երեկոյան դեմ, երբ գնացի լուսանկարելու, Վարդն ասաց, որ այսօր երեք անգամ են տեղափոխել աղբը, բայց բակն էլի կեղտոտ է՝ հոտած մթերք կա թափթփած, աղբարկղերն էլ լիքն են, այսինքն` տարել են միայն SAS-ի տարաները: Արաբկիրի կոմունալ վարչությունը, ասելով, որ իրենց պարտավորությունը կատարում են , սուտ դուրս եկավ, որովհետև շենքի աղբը այդ պահին դեռ տեղում է (լուսանկարները կցված են):
Իսկապես մտահոգիչ է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առողջական վիճակը: Այս հարցում առաջատարը, թերևս, վարչապետն է. նա ամենաբազմազբաղն է։ Գործադիրի ղեկավարը առողջական խնդիրներ ունի, և, ըստ պաշտոնական տեղեկատվության, Տիգրան Սարգսյանն իր կարճատև արձակուրդը կանցկացնի բուժման մեջ։ Առողջական խնդիրները լուծելու նպատակով արտերկիր են մեկնում այլ` ոչ պակաս բարձրաստիճանավորներ, բայց սովորաբար այդ մասին չի խոսվում։ Մեր ունեցած տվյալներով, նրանց մոտ գերիշխողը արյան հետ կապված հիվանդություններն են։
Այն, որ հայ գործադիր և օրենսդիր մարմինների համարյա բոլոր անդամները հիվանդ են, բավական մտահոգիչ է: Մոտ մեկ ամիս առաջ իր կարևորագույն պոստն էր լքել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մարդիկ մտածում էին, թե նա կայֆերով ամառ է անցկացնում Հավայան կղզիներում, մինչդեռ ոստիկանապետը, դարձյալ ՀՀ անխոնջ պաշտոնյայի ճակատագրին հավատարիմ, արձակուրդն անցկացնում էր նախորդ կայֆերի ժամանակ վնասած ուսը կարգի բերելով:
Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև մեր պաշտոնյաների մարմինների «թույլ» օղակները. քանի որ ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես ՀՀ ոստիկանապետն իր ուսերին է վերցրել ՀՀ քաղաքացիների անվտանգության պահպանման պատասխանատու գործը, որը նվիրական լինելով հանդերձ նույնքան ծանր է ու դժվարին, Ալիկ Սարգսյանի մոտ խնդիրներ էին ծագել հենց ուսի շրջանում, դրա համար էլ նա ստիպված իր արձակուրդի թանկ օրերը հատկացրեց ուսի վիրահատության բարդ գործընթացը կազմակերպելուն:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների` որոշ օրգանների շարքից դուրս գալը անհատական առանձնահատկություններ էլ ունի. պինդ ոսկորները մի փոքր ավելի երկար են դիմանում, ովքեր մի քիչ ավելի փխրուն են, միանգամից տեղի են տալիս: Օրինակ` ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ գլխի հետ կապված խնդիրներ ծագեցին նախարարական բարձր պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց. բնական է, կրթությունն ու գիտությունը հիմնականում գլխով լուծելի ոլորտներ են, դրա համար էլ ՀՀ գործադիրի այս անդամի «թույլ օղակը» հենց գլխի հատվածում էր առաջացել:
Լինում են նաև դեպքեր, երբ առողջական խնդիրներն ավելի քան տեղին են հայտնվում և փրկում մեր բարձրաստիճաններին մի շարք` ոչ հաճելի պարտականություններից: Այդպես, անցյալ տարի համաներման արդյունքում 2008թ. Մարտի 1-ի հետևանքով ազատազրկման մեջ հայտնվածներից շատերը ազատ արձակվեցին: Նրանց մեջ էին նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք զրկվեցին մանդատներից: Քանի որ նրանք հալածյալի կարգավիճակում էին հայտնվել ընդդիմադիր գործունեության համար, ենթադրվում էր, որ բանտից դուրս գալուց հետո էլ պետք է շարունակեին գործունեությունը: Բայց նրանք ընդդիմադիր գետի հորձանուտն երկրորդ անգամ մտնել չէին ցանկանում: Եվ այստեղ պաշտոնաթող օրենսդիրներին օգնելու եկան առողջական խնդիրները: Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) միանգամից մեկնեցին արտասահման` առողջությունը վերականգնելու, և մինչ այժմ այնտեղ ինտենսիվ զբաղվում են առողջական խնդիրների լուծմամբ:
ՀՀ գործադիրների և օրենսդիրների մեջ լինում են նաև տխուր բացառություններ: ՀՀ ամենահետաքրքիր բացառությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Նա իր առողջական խնդիրները լուծելու համար ոչ միայն չի հետևում ՀՀ վարչապետի և ոստիկանապետի օրինակին և դրանք կազմակերպում արձակուրդի ընթացքում, այլև ավելին, առողջական խնդիրներն օգտագործում է պատվերով հիվանդանալու բարի ավանդույթների համաձայն: Վարդանիկը այս տարվա մայիսին մեկնեց Ֆրանսիա` առողջական խնդիրները կարգավորելու: Սակայն մինչ այդ էլ նա պարբերաբար լքում էր պոստը` պատճառաբանելով առողջության վերականգնումը: Վարդանիկը բացառություն է նաև «թույլ օղակի» առումով. անհնար է ասել, թե Գյումրու քաղաքապետը հատկապես մարմնի ո՞ր մասին է «զոռ տալիս», անհնար է գուշակել անգամ, թե մեկնումների ժամանակ հատկապես իր ի՞նչն է բուժում Վարդանիկը: Ամբողջ իռացիոնալությամբ հանդերձ, Վարդանիկի պարբերական բուժումներն ու այդ նպատակով ձեռնարկված ուղևորությունները մի ուշագրավ
առանձնահատկություն ունեն. դրանք ձեռնարկվում են հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի երկրորդ քաղաքում լուրջ խնդիրներ են ծագում և հատկապես, երբ սև ամպեր են կուտակվում Ղուկասյանի գլխին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.