29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ջուլիտա Գյունաշյանը իր ամբողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքին, հայոց բանակի կայացմանը:
Նա դարձավ հայոց Փառանձեմների բանակի այն նվիրյալներից, ով կռվեց ու պայքարեց Հայոց ու Արցախ հողի համար: Եվ այսօր, այս խաղաղ պայմաներում, զենքը խոսք ու լույս դարձրած կազմակերպում է այցելություններ հայոց բանակի զորամասեր`ոգեշնչելու ու ոգեկոչելու հայոց զինվորներին:
Այս տիկնանց տիկինը քայլող պատմություն է մեր օրերում և հայրենասիրության մի վառ օրինակ:
Նրա հարուստ կենսագրության մեջ վառ դրսևորվել են հատկապես նրա հումանիստական կողմերը:Այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տիկին Ջուլիետայի կյանքի Աղավնաձորյան էջերը, երբ նա մանկավարժական բուռն գործունեություն է ծավալել Աղավնաձորի մանկական առողջարանում` որպես ավագ մանկավարժ: Նրա սաներից այսօր շատ շատերը կայացած մարդիկ են և հասարակության լիիրավ անդամ:
Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տարիներ շարունակ նա մայրական խնամքով պահել ու կրթել է Շիրակ աշխարհի ծննունդ և Արարատի հավերժ երգիչ մեծանուն Շիրազի 6 զավակներին: Իհարկե այս մասին Տիկին Ջուլիետան տարիներ շարունակ համեստորեն լռել է, ինչն էլ գուցե առիթ է հանդիսացել, որ ոմանք, չգիտես ինչ համոզմունք ունենալով , տեղի անտեղի հայտարարություններ են անում, թե իրենք են պահել Շիրազի զավակներին:
Սակայն այս անտեղի հայտարարությունները ի չիք են դարձնում այն լուսանկարները, որոնք խնամքով պահում է տիկին Ջուլիետան:
Ստորև մի փոքր ներկայացնում ենք կենսագրական փաստեր , որոնք առնչություն ունեն վերը նշված հանգամանքների հետ:
Ջուլիետա Գյունաշյանը ծնվել է 1942 թվականին` Ազատան գյուղում: Միջնակարգ կրթուրյուն ստացել է Գյումրու թիվ 38 ապա 39 դպրոցներում: Ավարտելուց հետո ամուսնացել է և տեղափոխվել քաղաք Երևան: Երկար տարիներ աշխատել է Գուլպանասկեղենի գործարանում` լաբորատորիայի վարիչ: Նրա հետ աշխատել է նաև Շիրազի քույրը`Գոհարը, որին հետագայում տիկին Ջուլիետան օժանդակում է` տեղափոխելով առողջարան նոր աշխատանքի:
1970 թվականից Ջուլիետա Գյունաշյանը տեղափոխվում է Աղավնաձորի մանկական առողջարան`որպես ավագ մանկավարժ: 1970-1984 թվականներին նրա խնամքի տակ են գտնվել Շիրազի վեց զավակները:
Ինչպես պատմում է տիկին Ջուլիետան, ամեն ամառ միջոցառումներ էին կազմակերպում, որի պատվավոր հյուրը միշտ Շիրազն էր լինում: Իսկ Գյումրվա հարսանիք-ը ամենատպավորիչն է եղել այդ միջոցառումների շարքում:
Նա շատ լավ ճանաչում էր Շիրազին ու ինչպես նշում է անձնապես շատ էին շփվում: Երբ գալիս էր քաղաք բանաստեղծին հրավիրելու միջոցառումներին: Մի հետաքրքիր դեպք է պատմում. « Ամառ էր: Առողջարանի մեքենայով եկանք Երևան, որպեսզի Շիրազին հրավիրեինք և միասին Աղավնաձոր գնայինք: Ասեց մի քանի գործեր կան վերջացնեմ ու գնանք: Շատ արագ կազմակերպեց այդ ամենը` իր բնավորության համաձայն: Վերջում գնացինք Գրողների միություն, որտեղ պետք Է ելույթ ունենար: Նստած էին մի քանիսը: Շիրազը բեմ բարձրացավ, նայեց դահլիճին և խոսափողով բարձրաձայն ասեց……Բարև աթոռներ, բարև աթոռներ….բարև աթոռներ, և արագ հեռացավ դահլիճից:
Սա գուցե այնքան էլ մեծ պատմություն չէ, բայց այն նկարևոր դրվագներից է , որը բնորոշում է մեծանուն բանաստեղծին»,-ասում է Տիկին Ջուլիետան:
«Մենք շատ մոտիկ էինք: Երեխաներին շատ էի սիրում: Մենք տանը ճնճղուկ ունեինք, որին վանդակի մեջ էինք պահում: Վանանդին այդ թռչունը շատ էր դուր եկել: Ես դա հասկացել էի: Նվիրեցի նրան, սակայն մի քանի ժամ անց այն վերադարձրեցին. Շիրազը պատվիրել էր թռչունին բաց թողնել»:
«Շիրազը ինձ իմ անունով չէր դիմում , ինձ Փառանձեմ էր ասում: Մի շարք բանստեղծություներ ու աքրոստիկոսներ է ինձ նվիրել:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ»:
Շուշան Գալստյան
Երեկ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ամբողջ վերնախավի, վերնախավի ոչ ՀՀԿ -ական, բայց նրանցից ոչ պակաս կարևորության դեմքերի հետ Սևանում հանդիսավորությամբ մասնակցում էր պատգամավոր Լևոն Սարգսյանի կառուցած «Աղթամար» հյուրանոցային համալիրի բացմանը:
Հայտնի էր, որ Ռոբերտ Քոչարյանի աչքը մտնելու համար նախատեսված էր նաև «Աղթամար – Ծաղկաձոր» ճոպանուղու շինարարությունը, որը բավական թանկ նստեց պատգամավորի վրա, սակայն նա ետ չկանգնեց իր նախաձեռնածից։ Ինչպես արդեն ասվել է, ՌԴ նախագահը չցանկացավ բացել իր համար գուցե «ճ կլասի» օբյեկտը ու Լյովի մուրազն անկատար թողնելով` հեռացավ երկրից։ Բայց մինչ այդ հայրենի գործադիրի կատարած մեծահոգի ժեստը օգնեց, որ Աժ պատգամավորը այդքան խոր չտանի ցնցումը։ Լևոն Սարգսյանը բախտավոր տղա է, ու նրան նախանձողներ էլ կան, իհարկե, բարի նախանձով:
Նախ, ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 5-ի նիստում որոշեց օգնել բիզնեսմեն Սարգսյանին: Ահա այդ նիստի արձանագրության` Սարգսյանին պատկանող «Աղթամար» ՓԲԸ-ին վերաբերող հատվածը:
«Գործադիրը որոշել է թույլատրել «Աղթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգելը երեք տարով։ «Աղթամար» ՓԲԸ-ն Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու նպատակով 2009թ. ներմուծել է շուրջ 830 մլն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ։ Դրանց մոնտաժումը դեռ չի ավարտվել, և չստանալով որևէ եկամուտ` ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ Հաշվի առնելով, որ ՓԲԸ ձեռնարկած միջոցները համահունչ են կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներին, և ճոպանուղու շահագործումից հետո կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, գործադիրն ընդունել է սույն որոշումը»:
Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) տեղյակ չէր գործադիրի աշխատանքին ու կայացրած որոշումներին: Երբ մասնավոր զրույցի ժամանակ ասացինք, որ վերջերս կառավարությունը որոշել էր օգնել «ֆինանսապես ծանր վիճակում հայտնված» նրա գործընկերոջը, Աղաբաբյանը շատ զարմացավ ու կտրականապես հերքեց նման որոշման հնարավորությունը` ասելով, թե ճոպանուղին մասնավոր բիզնես է, և անհնար է, որ պետությունը մասնավոր բիզնեսին օգնի: Չնայած Աշոտ Աղաբաբյանը շարունակում էր անտրամաբանական համարել ու չհավատալ գործադիրի նման մեծահոգությանը, սակայն փաստարկները, որ այդ ամենն իսկապես իրականություն է, քանի որ ճոպանուղու կառուցումը բխում է կառավարության` գերակա ճյուղ հռչակած զբոսաշրջության ռազմավարությունից, պատգամավորը, ի վերջո, տեղի տվեց։
Բայց հենց որ Աղաբաբյանի գործարար միտքն ընկալեց, որ կառավարությունն իր գործընկերոջը օգնություն է տվել, միանգամից բերանից թռցրեց. «Բա էդ ինձ ինչի՞ մի անգամ չօգնեցին, եքա ստադիոնը սարքեցի»:
Ստադիոնը «Հրազդան» մարզադաշտն է, որտեղ, ըստ պատգամավոր Աղաբաբյանի, բավական մեծ ծավալի աշխատանքներ են արվել առանց պետության աջակցության: Ի պատասխան մեր դիտարկման, թե մարզադաշտի կողքին Աշոտ Աղաբաբյանի տիրապետությանն է հանձնված հսկայական «Հրազդան» տոնավաճառը, որտեղ առևտրի կրպակներ աշխատեցնողները, զրկված լինելով քաղաքակիրթ առևտրի տարրական հնարավորություններից, ամսական բավական բարձր վարձավճարներ են մուծում, իսկ նրանց պայմաններն այդպես էլ չեն բարելավվում, պատգամավորը զարմացավ, հետո էլ հայտարարեց, թե ինքը ոչ մեկին էլ չի ստիպում այդտեղ մնալ, թե առևտուր անողները հաստատ ինձնից (Աշոտ Աղաբաբյանն ինձ մատնացույց արեց (Լ.Կ.)) լավ են ապրում, ապա անկեղծորեն խոստովանեց, որ ինքն իրավասու է տոնավաճառն աշխատեցնել այնպես, ինչպես ցանկանում է, քանի որ հենց դրանից ստացված գումարների հաշվին է ինքը կարողանում մարզադաշտը պահել:
Եվ փատորեն, այսքան տարիների ընթացքում ողջ հայ ժողովուրդը խորապես համոզված էր, թե Աղաբաբյանը Հայաստանի ամենաարտոնյալ օլիգարխներից մեկն է, այնինչ պարզվում է, որ նա ոչ միայն արտոնյալ չէ, այլ դեռ մի բան էլ անկեղծորեն զարմանում է ու չի հավատում, թե գործարարներին կառավարությունը կարող է օգնել: Բայց զարմանալով հանդերձ, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ պատրաստվում է տոնավաճառի տարածքում նոր շինարարություն սկսել և դրա համար ցածր տոկոսադրույքներով վարկ է կարողացել ստանալ: Սա ասվեց` ցույց տալու համար, թե տոնավաճառի պայմանները բարելավվելու են, սակայն ասվածից կարելի է որսալ, որ, փաստորեն, պատգամավոր Աղաբաբյանը ցածր տոկոսադրույքով վարկ է ստացել, իսկ Հայաստանում վարկերը, հատկապես ցածր տոկոսադրույքովները, ինչպես հայտնի է, ամեն մարդու չէ, որ հաջողվում է ձեռք բերել: Այնպես որ, գործարար պատգամավորն անակնկալի եկավ` լսելով, որ իր գործընկերոջը կառավարությունը նման գումար է տվել, իսկ իրեն ժամանակին մերժել է։ Սակայն շատ իզուր. Լևոն Սարգսյանին պետությունն ընդամենը մաքսային արտոնություն է տվել, մինչդեռ Աշոտ Աղաբաբյանին տրված է թե´ մարդկանց շահագործելու, թե´ վարկեր ստանալու հնարավորություն:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Օրերս, չգիտես ինչու, գրեցի «Կարմիր խնձորի» ավանդույթի մասին` չիմանալով, որ ես ու Ռաֆայել Նահապետյանը մեկ — երկու օրվա տարբերությամբ խոսելու ենք նույն հարցի մասին, բայց տարբեր տեսանկյուններից:
Ես ասում էի, որ դա ամոթ ու այլևս անպիտան երևույթ է, նա ասում է՝ պետք է լինի ու դեռ ամրապնդվի։
Պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հնագիտության ու ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանի հանդիպումը լրագրողների հետ ևս մի անգամ սևեռեց ԶԼՄ-ների ու Ֆեյսբուքահայության ուշադրությունը մեր հիմար ադաթների վրա: Նա խոսեց հայկական հարսանիքի և ավանդույթների պահպանման հարցի մասին:
Նախ անհասկանալի էր, թե ազգագրագետը ո´ր ավանդույթներն էր ուզում պահպանված տեսնել` քրիստոնեական մշակույթի՞, թե՞ հեթանոսական ժամանակաշրջանի։ Եվ արդյո՞ք այդ ավանդույթները եթե անգամ պահպանվեն, չեն լինի բովանդակությունից զուրկ, լոկ ձևական մի բան, որից , ըստ իս, որքան շուտ ազատվենք, այնքան լավ։
Հնագետը ցավով նշեց այն փաստը, որ հեթանոսական ժամանակաշրջանի ծիսակատարություններին պատմագիրները կարևորություն չեն տվել: Եվ այդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները մեզ միայն հին հունական ու հռոմեական պատմագիրների գործերից են հասել: «Հեթանոսական սովորույթներից էին նաև տագրամուսնությունը կամ քենամուսնությունը ( ամուսնու մահից հետո տագրոջ հետ ամուսնանալու սովորույթը, կնոջ մահվան դեպքում` կնոջ քրոջ), հարսի գնման և փախցնելու ավանդույթները»,- ասաց Նահապետյանը:
Սրանցից ո՞րն է ուզում պահպանված տեսնել պրոֆեսորը։
Նրա խոսքերով, հեթանոսության ժամանակ կինը կարող էր 2-րդ կամ նույնիսկ 3-րդ տղամարդու հետ ամուսանանալ. այսինքն բազմակնությունը նույնպես ընդունելի էր: Բազմաթիվ տվյալներ վկայում են այն մասին, որ այդ ժամանակահատվածում Անահիտ աստվածուհու համար հայ աղջիկները իրենց կուսությունը զոհաբերում էին օտարերկրացիներին:
Չէ, սա մեզ ձեռ չի տալիս, չենք վերականգնի. սխալ է եղել, ո՞նց թե կինը 2-3 ամուսին ունենա… Սա անցանք, լավ է, որ չեն պահպանվել: իսկ կուսության զոհաբերումը այսօր հայ կանայք հենց էնպես չեն անում. ավելի շուտ ամուսնանում են օտարների հետ` գերադասելով նրանց մեր խեղճացած ու անփող տղամարդկանցից։
Այսօրվա հարսանիքները ավանդական հայկական հարսանիքների ընդամենը մի փոքր մասն են կազմում:
Բանախոսը նշեց, որ ժամանակին հայկական հարսանիքը 7 օր է տևել: Չեն պահպանվել տաշտադրոնքի և մսացուի ավանդույթները:
Այս ավանդույթն էլ վերականգնելը ֆանտաստիկայի ժանրից է, նամանավանդ հասարակ մահկանացուի համար։
Հնագետին ուրախացնում է այն փաստը, որ գյուղական վայրերում ինչ-որ չափով պահպանվել են հարսանեկան ավանդույթները: Դրանցից է քավորի ինստիտուտը:
Նահապետյանը նշեց, որ անցյալում քավորը բազմաթիվ պարտականություններ ուներ, որոնց թվում, օրինակ, աղջկա ընտրությունը ու նույնիսկ մանկածնությունն ապահովելը:
«Մանկածնությունն ապահովելը»… Մի քիչ բարդ է պատկերացնել:
Ազգագրագետը դրականորեն է վերաբերվում օժիտի ավանդույթին: Նրա կարծիքով հարսի ծնողները նույնպես պետք է նորապսակներին աջակցություն ցուցաբերեն:
Հետաքրքիր է` սա և՞ս հեթանոսական ժամանակներից մնացած ավանդույթ է, և ինչպիսին էր այդ ժամանակ օժիտը. արդյո՞ք այսօրվա աղջկա բուհական դիպլոմով ու վեց-վեց սրբիչներով, նաև կահույքով, ավտոմեքենայով։
Բանախոսը նաև կարմիր խնձորին անդրադարձավ և շեշտեց, որ դա հայերին բնորոշ և հարազատ իրողություն է և ավելի կայուն կերպով է պահպանվել, քան որևէ այլ ժողովրդի մոտ: Նահապետյանը տեղյակ է, որ այս դարում շատերը արհեստական ճանապարհով են կուսությունը վերականգնում, սակայն վերջինիս կարծիքով ազատ սեռական կապը բազմաթիվ հիվանդություններ կարող է առաջ բերել:
Ստացվում է,որ մեր տղաները, եթե օգտվեն մարմնավաճառների ծառայություններից, ավելի ապահով կլինի ազգի ապագան: Ոչ վարակ կլինի, ոչ հիվանդություն: Ու հետո ձեր պահած-պաշտած աղջկան մարդի տվեք էդ տղեքին, ու հետո թող նրանք սեռավարակներ ձեռք բերեն հենց իրենցից, ու հետո անպտուղ դառնան, ու հետո էլ մեղադրեն աղջկան, որ չբեր է:
Իսկ էդ նույն ավանդույթը տղաներին չի արգելում սեռական կյանքով ապրելը, ավելին` մղում է դեպի տղամարդու արևելյան տիպ, ավելին` մեզանում եվրոպական ու ասիական մենթալիտետի խառնուրդը բերում է մի պատկեր, որ չի կարելի ողջունելի համարել։
Կարմիր խնձորի և բոլորիս հայտնի սավանի հետ կապված արարողությունը, ըստ Նահապետյանի, սկեսուրներին երջանկությունից 7-րդ երկինք է հասցնում, քանի որ վերջիններս կարող են բոլորին տեղեկացնել իրենց որդու ճիշտ ընտրության մասին:
Զոքանչը ո՞նց է 7-րդ երկինք հասնում. էդ ավանդույթների մեջ չկա՞:
«Պետք է պահպանվեն հայկական ավանդույթները, բարքերը. դրանց արագ փոփոխման և վերացման հետևանքն է, որ այսօր չունենք հայկական ամուր ընտանիքներ»,- իր խոսքը եզրափակել է Ռաֆայել Նահապետյանը:
Ես կասեի` հայկական հեթանոսականի և քրիստնեականի միջև տարուբերվող ավանդույթներին գերի լինելու պատճառով է, որ մենք չունենք հայկական ամուր ընտանիքներ, դրանք են մեզ դարձնում վախկոտ ու ստոր, երկերեսանի ու ստախոս, կեղծավոր ու շողոքորթ: Դրանք են ստիպում կուսաթաղանթներ կարել` խաբեությունից սկսելով ընտանեկան կյանքը:
Ավանդույթները պետք է պահպանվեն մշակույթի մակարդակով, այնպես որ թանգարաններում պատմեն դրանց մասին, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհն է անում, ու լինեն, ասենք, բեմադրված, ոչ թե իսկականից արյունոտ սավանը անամոթաբար փռեն թառին, ինչպես մինչ օրս արվում է որոշ վայրերում։
Որքա՞ն ենք մենք շարունակելու դեմագոգիկ ձևակերպումներ ու կեղծ արժեքներ ներկայացնել մեր ժողովրդին, որն այլևս հիմար չէ ու կուրորեն չի կարող հետևել ավանդույթներին: Ի վերջո, պիտի հասկանանք ու արդեն կարծես հասկանում ենք, որ մի բան է կնոջը որպես ապրանք առնելը, որը, իհարկե, գերադասելի է չօգտագործված տարբերակով, մի բան` նրան ընտրելը որպես մարդու, որպես կողակցի, ընկերոջ և այլն։
Ես հուսով եմ, որ Ռաֆայել Նահապետյանն ուղղակի հաջող կատակ է արել` ուշադրություն սևեռելու համար մեր ազգի` ավելորդ ավանդապաշտությանը գերի լինելու հակման վրա: Հակառակ դեպքում, զարմանալի է, թե ինչպես է նա ազգագրագետ, եթե չգիտի` ինչ է պետք իր ազգին` այսօր բոլոր ազգերի կողքին արժանապատիվ գոյատևելու համար: Ավանդույթներից չէ, որ պետք է կառչել, այլ պետք է ուղղորդել ողջ մտավոր պոտենցիալը, մեր հայտնի մարդկանց անունն ու հեղինակությունը` խելամիտ խորհուրդներ տալու մեր մոլոր ազգին ու հասկանալու, որ կարևորը բանականությունն է, ընտրության իրավունքն ու ազնիվ ապրելակերպը: Մինչև չդադարենք ինքներս մեզ խաբել, լավ օր չենք ունենա հաստատ: Ու միակ ճանապարհը այս տարբերակում ես տեսնում եմ ազգի խաղաղ ասիմիլյացիայի մեջ: Ընտրեք՝ ավանդապաշտությո՞ւն, թե՞ առաջընթաց:
Ասուլիսը պատմեց Ալիսա Շեկոյանը
Մեկնաբանեց Լուսինե Վայաչյանը
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Խորենացու փողոցում գտնվող մսի պասաժներում գյուղնախարարության` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի ստուգումների արդյունքում գրանցվել է խայտառակ պատկեր։ Տեսչության աշխատակիցները փակել են մսավաճառների գրեթե բոլոր կրպակները` բացառությամբ մեկ –երկուսի։ Այստեղ պարտադիր պետք է ապահովեն սառնարան – ցուցափեղկերի առկայությունը,նաև սանիտարական նորմալ պայմաններ և վաճառվող մսի որակի բավարար ցուցանիշ։ Ստուգայցի արդյունքները պետք է ներկայացվեն վարչապետին, քանի որ գործընթացը սկսվել է նրա անմիջական հանձնարարությամբ։
Ի դեպ, հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով 2010 թվականին արգելվել էին տեսչական ստուգումները մինչև 70 միլիոն դրամի ապրանքաշրջանառություն ունեցող առևտրի կետերում (իբր մանր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար), որի հետևանքով հանրությանը մատուցվում է աղբ` բառի բուն իմաստով։ Շուկան տնօրինում են առաքիչները, իսկ ապրանքը հաճախ մնում է նրանց վրա, նրանք էլ դիմում են մեքենայությունների` դրանցից ազատվելու համար։ Դա ձեռնտու է նաև տնտեսվարողներին։ Իսկ, այ, գնորդին անհանգստացնում է այն հիմար վիճակը, որի մեջ հայտնվել է ոչ իր մեղքով։ Մսի կրպակներից էլ էժան միս գնելու փոխարեն տուն է տանում որակական հատկությունները կորցրած ինչ- որ զանգված։
Շուտով Երևանի քաղաքապետարանը ևս մեկ նվեր կմատուցի հետիոտներին. Խանջյան փողոցի` Թումանյան փողոցին հարակից հատվածում կբացվի վերգետնյա անցում: Այս անցումի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում. հատկապես այն ժամանակ, երբ Խանջյանը վերածվեց արագընթաց փողոցի, այս հատվածում հետիոտնի համար նախատեսված անցումը դարձավ չափից դուրս վտանգավոր: Այս հատվածի վտանգավորության հարցը քանիցս բարձրացվել է նաև Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի մոտ, որը ևս հաստատում էր, որ հատվածն իսկապես վտանգավոր է, և անհրաժեշտ է մի բան ձեռնարկել:
Վերգետնյա անցումը, որոշ տեղեկությունների համաձայն, հնարավոր դարձավ Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվեցին ամռան շոգ օրերին, և վերջերս հայտարարվեց, որ մոտ օրերս հանդիսավորապես կկազմակերպվի դրա բացումը, թեև հետիոտները արդեն իսկ օգտվում են այս անցումից: Երեկ, սակայն, պատահաբար ականատես եղանք մի երևույթի, որը չի կարող չանհանգստացնել: Նախ, անցումով անցնելու ժամանակ աստիճանների վրա մի տեսակ տատանում զգացվեց: Մտածեցի, թե գուցե թյուր զգացողություն էր, սակայն երբ բարեհաջող անցա և հայտնվեցի հակառակ մայթում, հանկարծ հայտնաբերեցի, որ անցումի այդ` ոչ ստատիկ հատվածում մեծ ճեղք կա: Հիշեցնեմ, որ անցումը վերգետնյա է` գետնից մոտ 4 մետր բարձրությամբ. նրա փլվելու դեպքում չեն բացառվում մարդկային զոհերը:
Թե քաղաքապետարանը կոնկրետ երբ է պատրաստվում շահագործման հանձնել այս կառույցը, մեզ հայտնի չէ, սակայն այս փաստը պետք է մտահոգի առաջին հերթին նրան, և հարկ է, որ կառույցը շահագործելուց առաջ, ինչպես ընդունված է, բոլոր շինարարներին վերգետնյա անցումի վրա բարձրացնելով` փորձարկման ենթարկեն, ապա ընդունեն:
Ի դեպ, ճեղքի շուրջը շինարարները սվաղ էին արել, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ճեղքը միակը չէր, և չի բացառվում, որ մյուսներն էլ արտաքինից փորձեն քողարկել` ընդունող մարմիններին հրամցնելով արտաքինից կոկած, բայց ներսից անորակ կառույց, ինչը, ինչպես երևում է, Հայաստանում արդեն վատ սովորություն է դառնում: Ապացույցը` Գյումրիում շահագործման հանձնված և մոտ մեկ ամիս հետո փլված «Մուշ 2» թաղամասի բնակարանները:
Լ.Կ.
Այսօր շատերն են երազում մեկնել Եվրոպա` սովորելու: Ոմանց համար անգամ էական չէ, թե որ երկիրը, միայն թե Եվրոպա լինի: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ուսումը Եվրոպայում էդքան էլ անհնարին երազանք չէ, ինչքան թվում է առաջին հայացքից:
Տասն օրից կիրականանա վերջին տարիների նպատակս` ուսանել Գերմանիայում: Ես կփորձեմ հնարավորինս ամենասկզբից մանրամասն նկարագրել բոլոր քայլերը, որ մյուսները գոնե մասամբ պատկերացում ունենան, թե ինչպես է արվում այդ ամենը:
Ամեն ինչ սկսվեց գերմաներեն սովորելուց, չնայած դա պարտադիր պայման չէ, գերմաներենին կարող է փոխարինել անգլերենի լավ իմացությունը, սակայն եթե ընտրել եք գերմաներենը, ապա կարող եք այցելել Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող լեզվի խմբային կուրսեր, որոնք ես շատ հավանեցի. դրանք ավելի արդյունավետ դուրս եկան, քան անհատական պարապմունքները:
Այնտեղ անցել եմ գերմաներենի մի քանի կուրս (A2, B1, B2), որից հետո հանձնել եմ Գյոթեի ինստիտուտի B2 մակարդակի քննություն ու ստացել սերտիֆիկատ: Իրականում B2 սերտիֆիկատ ունենալն արդեն բավարար է Գերմանիայում սովորելու համար, սակայն ոչ բոլոր ուսումնական հաստատություններին է այն բավարարում, որպեսզի միանգամից անցնեն մասնագիտական ուսուցման: Իմ դեպքում համալսարանն ինձ առաջարկեց DSH լեզվի նախապատրաստական կուրսեր, որից հետո պետք է հանձնեմ DSH քննություն ու դառնամ լիարժեք ուսանող:
Սակայն մինչև էս ամենին հասնելը «թղթաբանական» երկար ճանապարհ անցա: Նախ գրանցվեցի www.uni-assist.de կայքում, որտեղ մի հսկայական անկետա լրացրի: Իրենց պետք են ձեր բոլոր տվյալները, ու ինչքան շատ բան ունենաք ու գրեք, էնքան կավելանան ձեր հնարավորությունները. վերջ ի վերջո ճշտապահ գերմանացի են: Անկետան լրացնելուց հետո գալիս է երկրորդ փուլը` ընտրել համալսարանը: Տվյալ կայքը հնարավորություն է տալիս մեկ և ավելի համալսարան ընտրել և դիմել: Երբ ընտրությունը կատարված է, պետք է հետևել կայքում գրված ցուցումներին ու համապատասխան գործողություններ անել դիմումներն ակտիվացնելու համար, որից հետո համապատասխան գումար պետք է փոխանցվի uni-assist-ին: Պայմաններն այսպիսինն են. մեկ համալսարանի դիմումի համար` 45 Euro, յուրաքանչյուր մնացածի համար` 15-ական Euro: Երբ գումարը տեղ հասնի, նրանք ձեզնից կպահանջեն որոշակի փաստաթղթեր, որոնց ցուցակը կարող եք գտնել տվյալ կայքի առաջին էջում: Պարտադիր ուզում եմ նշել, որ գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկելու եք, պետք է թարգմանված լինեն գերմաներեն/անգլերեն/ֆրանսերեն և հաստատված լինեն նոտարի կնիքով, որոշ համալսարանների դեպքում սակայն նոտարական հաստատումը բավարար չէ, էդ դեպքում պետք է հաստատել դեսպանատան միջոցով:
Խորհուրդ կտամ դիմումները սկսել լրացնել մոտ չորս ամիս առաջ, իսկ ուղարկելուց էլ երեք ամիս առաջ, որովհետև հնարավոր է` ինչ որ պակաս կամ սխալ բան անեք, իսկ դիմումներն ընդունվում եմ մինչև համապատասխան վերջնական ժամկետը: Երբ ձեր փաստաթղթերն ուղարկեք, նրանք e-mail-ի միջոցով կկապվեն ձեզ հետ ու կասեն` ամեն ինչ նորմալ է, թե ինչ որ պակաս բան կա: Լավ կլինի, եթե նաև անձամբ կոնտակտի մեջ մտնեք էն համալսարանների հետ, որտեղ դիմել եք, որովհետև երբեմն uni-assist-ը պահանջում է, որ ինչ-որ համաձայնություններ ունենաք համալսարանի հետ, ինչպես օրինակ իմ դեպքում. uni-assist-ը պահանջում էր, որ ես մինչև դիմումների ընդունման վերջնաժամկետն ուղարկեմ լեզվի սերտիֆիկատը, այնինչ սերտիֆիկատս էդ ժամկետից մոտավորապես մեկ ամիս հետո կլիներ: Նամակագրական կապի մեջ մտնելով համալսարանների հետ` ներկայացրի իրավիճակը, և մենք համաձայնության եկանք. ես իմ սերտիֆիկատն ուղարկեցի ավելի ուշ:
Անպայման ուզում եմ նշել նաև, որ uni-assist-ը ոչ մի դեր չի խաղում գործերի հետագա ընթացքի մեջ, նա միայն ընդունում է դիմումները, ստուգում և լիակատար լինելու դեպքում համալսարաններին է ուղարկում:
Համալսարանից պատասխան կունենաք դիմումներն ընդունելու վերջնաժամկետից հետո: Հնարավոր է նրանք միայն e-mail-ով ձեզ տեղեկացնեն ու հետո նոր փոստով ուղարկեն պատասխանը: Դա մեր փոստային ծառայությունների կողմից ձեզ կհասցվի մոտ երկու շաբաթվա ընթացքում:
Հաջողության դեպքում (եթե ձեզ ընդունեն որևէ համալսարան կամ էլ հրավիրեն լեզվի կուրսերի) դուք վիզա ստանալու համար պետք է ունենաք համապատասխան փաստաթղթեր: Ամենակարևոր փաստաթղթերից մեկը հենց տվյալ հրավերն է, մյուսը` ֆինանսավորման վերաբերյալ փաստաթուղթը: Ֆինանսավորումը պետք է լինի ձեր կողմից, այսինքն դուք Գերմանիայում` գերմանական բանկում, պետք է ունենաք սահմանափակ հաշվեհամար դեսպանատան կողմից պահանջվող ֆիքսված գումար: Շնորհիվ տատիկիս ու պապիկիս, որոնք վաղուց գիտեին իմ նպատակի մասին, ես ունեցա գումարը: Սա շատ կարևոր պահ է, քանի որ այդ գումարը պետության` ինքն իրեն ապահովելու համար է: Այսինքն՝ դա ձեր մինիմալ սպառողական զամբյուղի տարեկան գինն է, որը ամեն տարի ինչ-որ կերպ պետք է համալրվի և վիզայի երկարացման ժամանակ ամեն տարի մնա անփոփոխ: Կա երկու ճանապարհ: Կամ դուք, օգտվելով աշխատանքի ձեր իրավունքից, վաստակում եք ամսական մոտ 700 euro, կամ ձեզ շարունակում են օգնել ձեր հարազատները:
Իմ հաշվեհամարը ես բացել եմ Deutsche Bank-ում` e-mail եմ գրել բանկին, ներկայացրել եմ իրավիճակը ու խնդրել, որ համապատասխան անկետան ուղարկեն: Այն լրացրել եմ, ստորագրել, այնուհետև դեսպանատուն տարել անձնագրիս հետ, որտեղ հաստատել են ստորագրությունս ու կցել անկետային, ապա փոստով ուղարկել եմ բանկ ու երկու օրից e-mail-ով նամակ ստացել իմ բանկային հաշվեհամարի տվյալներով: Փոխանցել եմ համապատասխան գումարը ու դարձյալ մի քանի օրվա ընթացքում ստացել եմ հաստատող նամակ, որտեղ գրված էին իմ բանկային տվյալներն ու էն, որ հաշվիս կա էդքան գումար: Հենց էդ նամակն էլ տպել եմ ու տարել դեսպանատուն: Քանի որ բանկը նույն նամակից ուղարկել է նաև դեսպանատուն, դրա հետ կապված խնդիրներ չեն եղել:
Ֆինանսավորման մյուս տարբերակն էն է, երբ ինչ-որ մեկը ձեզ ֆինանսավորում է ու պետք է համապատասխան փաստաթուղթ տա դրա վերաբերյալ (այլ կերպ ասած «սպոնսոր ա կանգնում»):
Անպայման հաշվի առեք նաև էն հանգամանքը, որ եթե ուսման համար եք դիմում դեսպանատուն, ապա պատասխանը կարող է տևել երկուսից վեց շաբաթ, որոշ դեպքերում` ավելի: Ճիշտ հաշվարկեք ձեր ժամանակը, որ հանկարծ չուշացնեք:
Էսքան բան: Հուսով եմ` էս ամենը գոնե ինչ-որ չափով կօգնի ձեզ առաջին քայլերն անել Գերմանիայում սովորելու համար:
Գներն էլ ասեմ:
Լեզվի` իմ անցած կուրսերի տևողությունը 4 ամիս է, արժեքը` 600 Euro: Քննության արժեքն է 110 Euro:
Ընդհանրապես ուսումը Գերմանիայում անվճար է, բայց յուրաքանչյուր կիսամյակ համալսարանը գանձում է որոշակի գումար, իմ դեպքում` 231 Euro, որը ինչ-որ մանր-մունր ֆոնդերի գումար է, նաև դրա դիմաց տրվում է տոմս` ամեն ամիս մեկ անգամ անվճար թատրոն այցելելու ու կես տարվա երթուղայինի տոմս, որը պիտանի է տվյալ քաղաքի և շրջակա մի քանի քաղաքներում երթևեկելու համար:
Զանազան մանր-մունր հարցեր կան, որոնց մասին ուղղակի անհնար է հիշել ու գրել, եթե ընթացքում հարցեր կառաջանան, կարող եք ինձ գրել
facebook.com/nare.sarkisyan , սիրով կօգնեմ, ինչով կարող եմ: Հա, ու եթե հենց հիմա դուք որոշում կայացրիք սովորել Գերմանիայում, ճիշտ ժամանակն է սկսել լեզու սովորել. տարիուկես-երկու տարուց դուք էլ կարող եք մեկնել սովորելու:
Նարե Սարկիսյան
Հ.Գ. Այսքան մանրամասնելով նյութը` նպատակ ունենք հայ երիտասարդներին օգնել` գտնելու իրենց ճանապարհը և լավ կրթություն ստանալ, մաղթելով սակայն անպայման վերադառնալ հայրենիք։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հայտնել է, որ վերջապես գիտությանը տրամադրվող գումարների ավելացման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ջեռուցել գիտական ինստիտուտները:
Ջեռուցումը հնարավորություն կտա գիտնականներին գիտությամբ զբաղվել նաև ձմռան ամիսներին: Ինչպես հայտնի է, անկախությունից հետո այս հիմնարկներն անտերության մատնվեցին, որի հետևանքով նրանցից շատերը պարզապես դադարեցրին իրենց գոյությունը, իսկ մի մասը հազիվ կարողանում էին դիմակայել չկործանվելուն, սակայն, անգամ հատուկենտ «կենդանի մնացած» գիտական օջախները, ցուրտը սկսվելուն պես պարապուրդի էին մատնվում. գիտնականները կարող էին հաճախել աշխատավայր, հավաքվել էլեկտրական ջեռուցիչի շուրջ, մի երկու ժամ իրար հետ զրուցել և թողնել գնալ: Նման պայմաններում գիտական աշխատանքի մասին, բնականաբար, խոսք լինել չէր կարող: Եվ փաստորեն, հիմա` 20 տարի անց, գիտնականները նույնպես ձմռանը կարող են իրենց մարդավայել զգալ և առանց ցրտահարվելուց վախենալու հաճախել աշխատանքի, ինչպես, ասենք, բանկերի կամ փակ տոնավաճառների աշխատողները:
Լ.Կ.
Արհեստական բեղմնավորման եղանակներն ու ապագայի գայթակղությունները
Սովորաբար ընտանիքներում ամեն ինչ հեշտ ու հասկանալի է` նրանց երեխա է բերում արագիլը: Իսկ նրանց, ում արագիլը չի այցելում, այդ թվում նաև ասենք՝ միայնակ կանանց, կամ միասեռական զույգերին,որոնց հետաքրքիր արկածներ են բաժին հասնում երեխա ունենալու համար:
Եթե դուք հաստատ որոշել եք ծնող դառնալ, առաջին հերթին այցելեք գինեկոլոգին: Հետազոտություններն ու անալիզներ արդյունքները ցույց կտան, կարո՞ղ եք արդյոք մայրանալ, իսկ բժիշկը խորհուրդ կտա ընտրել այս կամ այն արհեստական բեղմնավորման տարբերակը:
Արհեստական սերմնաներմուծում
Արհեստական սերմնաներմուծումն ամենահասարակ արհեստական բեղմնավորման միջոցն է: Դոնորի սերմը` սպերման, մաքրում են խառնուրդներից, կոնցետրացնում և ներմուծում են անմիջապես արգանդի խոռոչը: Մնացած ամեն ինչն ընթանում է սովորական ճանապարհով: Սպերմատոզոիդը տեղաշարժվում է դեպի արգանդի փողերը, որտեղ հանդիպում է հասունացած ձվաբջջի հետ և բեղմնավորվում:
Այս պրոցեսում շատ կարևոր դեր է խաղում դոնորի սերմնահեղուկի որակը: Եթե աչքի տակ ունեք հուսալի դոնոր, ապա ձեր բախտը բերել է:
Ո՞ւմ է համապատասխանում` լիովին առողջ արգանդով, փողերով 30-ից ցածր կանանց:
Արդյունավետությունը` մոտ 15%
Մոտավոր արժեքը`825-2000 եվրո
ԷԿԲ Էքստրակորոպորալ բեղմնավորումն ավելի բարդ պրոցես է:
Առաջին փուլում հորմոնալ պրեպարատների օգնությամբ ուժեղացնում են ձվարանների աշխատանքը, որի արդյունքում հասունանում են մի քանի ձվաբջիջներ: Երկրորդ փուլը վիրահատություն է, որի արդյունքում հավաքվում են ձվաբջիջները: Հեշտոցի պատերը հատուկ բարակ ասեղով ծակում են, ներքաշում ձվարանի պարունակությունը և մանրադիտակի տակ առանձնացնում ձվաբջիջները: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացամամբ, տևում է մի քանի րոպե և բացարձակապես անցավ: Երկու փուլերն էլ տեղի են ունենում ուլտրաձայնային սարքի(ՈՒՁՀ) հսկողությամբ:
Այն, որ արգանդում հայտնվում են մի քանի սաղմեր, բարձրացնում է հղիանալու հավանականությունը, բայց մյուս կողմից էլ բարձրացնում է նաև մի քանի փոքրիկների ծնվելու հավանականությունը : Այսպես լինում է ԷԿԲ մեթոդով հաջողված բեղմանավորումների ¼-ի դեպքերում:
Հայտնվելով մոր որովայնում, փոքրիկը ինքը կարողանում է գոյատևել ու զարգանալ ճիշտ այնպես, ինչպես բնական հղիության ընթացքում: Բժիշկները միայն նշանակում են այնպիսի պրեպարատներ, որոնք օգնում են նրան հարմարվել նոր պայմաններին: Եթե ամեն ինչ ընթանա նորմալ, ապա ինն ամիս հետո դուք երջանիկ ծնող կդառնաք:
Լեսբի զույգերի համար ԷԿԲ-ն մի անհավանական շանս ունի: Ձվաբջջի դոնոր կարող է դառնալ զուգընկերուհիներից մեկը, իսկ էմբրիոնը կրել կարող է մյուսը: Այս դեպքում կինն իրոք կարող է կրել և ծնել իր սիրելի կնոջ երեխային: Բա սա հրաշք չի՞:
ԻԿՍՆ – դա սպերմատոզոդի ինտրացիտոպլազմիկ ներարկումն է
Ճիշտն ասած, այս մեթոդն այնքան էլ չի վերաբերվում կանանց, քանի որ կիրառվում է տղամարդկանց ամլության դեպքում և ԷԿԲ-ի մասն է կազմում: Բայց հնարավոր է, որ դուք արդեն ունեք ձեզ մոտ կամ հարազատ մեկը, որին կցանկանայիք տեսնել ձեր երեխայի «հոր» դերում, բայց նրա սերմնահեղուկը պարզվի ոչ այնքան լավ որակի, բայց դուք միևնույն է, չեք ուզում այլ դոնոր:
Նման դեպքերում ձեզ կօգնի ԻԿՍՆ-ը: Այո, դա կապված է հավելյալ ծախսերի հետ, բայց դա բերում է բեղմնավորման նույնիսկ այն դեպքերում, եթե տղամարդն ունի միայն մեկ կենսունակ սպերմատոզոիդ:
Արդյունավետությունը`60%
Մոտավոր արժեքը` ԷԿԲ-ի գնին ավելանում է 670 եվրո
Հակառակ ամեն ինչի
Արհեստական բեղմնավորումը լուրջ միջամտություն է կանացի օրգանիզմին: Այն մեծ պատասխանատվություն է պահանջում ամեն ինչում, սկսած բոլոր նշանակումների ճշգրիտ կատարումից մինչև լավ համբավ ունեցող փորձառու և գրագետ բժշկի ընտրությունից:
Մի վախեցեք ու մի զարմացեք, եթե ստիպված լինեք մեծ քանակությամբ թղթեր ձևակերպել, ստորագրել տեղեկանքներ ու փաստաթղթեր: Առանձին պետք է ձևակերպել դոնորի պարտականություններն ու իրավունքները:
Չնայած նրան, որ արհեստական բեղմնավորման բուժընթացը շատ թանկ է, բուժհաստատություններն ,այնուամենայնիվ, արդյունքի համար պատասխանատվություն չեն կրում: Պայամանագրի համաձայն այցելուին զգուշացնում են, որ նա կարող է այդպես էլ ծնող չդառնալ, և նա վճարում է միայն բժշկական ծառայությունների համար: Իսկ դա, ինչպես հասկացաք, բավականին թանկ հաճույք է:
Երեխայի ծնունդը հրաշք է, իսկ երբ գործ ես ունենում հրաշքների հետ, կարևորը դրանց հավատալն է: Եթե չստացվեց առաջին անգամից` փորձեք կրկին, հավատացեք ու ամեն ինչ կստացվի:
Լուսինե Վայաչյան
Այս ուսումնական տարին մի շարք մասնավոր բուհերի համար պարզապես չսկսվեց: Կրթության և գիտության նախարարությունը կասեցրեց դրանցից մի քանիսի գործունեությունն ընդհանարապես, իսկ մի շարք բուհերի` բավարարվեց նախազգուշական դեղին քարտ տալով` մի քանի ֆակուլտետ լիցենզիայից զրկելու միջոցով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, որ լիցենզիաներից զրկելու «ավանդույթը» շարունակվելու է: Նախարարությունը տարին երկու անգամ ստուգայցեր է կազմակերպելու: Ըստ այդմ, ոչ պետական բուհերի` լիցենզիաներից զրկվելու հաջորդ փուլը սպասվում է հունվար-փետրվար ամիսներին` հերթական ստուգումների արդյունքում: Զգուշացնելու հետ մեկտեղ, նախարարը բացահայտել է նաև այդքան հեշտությամբ ամբողջական բուհերի պարապուրդի մատնելու պատճառը. «լիցենզավորման գործընթացը շատ մատչելի է, դրանից կես քայլ շեղվողները անպայման պատժվելու են»:
Նախարար Արմեն Աշոտյանն իսկապես անկեղծ մարդ է: Ոչ բոլոր նախարարները կարող են այդքան անկեղծորեն խոստովանել իրենց համակարգի խայտառակությունները: Բայց նախարարը, ինչպես երևում է, միայն անկեղծ է, մինչդեռ շատ ավելի լավ կլիներ, եթե նախարարը լիներ ուժեղ, թեկուզև անկեղծության հաշվին: Այդ դեպքում` ուժեղ նախարար ունենալու պարագայում Հայաստանի կրթական համակարգը այս վիճակում չէր լինի: ԿԳ ուժեղ նախարարը առաջին հերթին ոչ թե լիցենզիաներից կզրկեր, այլ նախ կկանխեր լիցենզիա տալը: Լիցենզիաներից զրկվելու պատճառով դուրս մնացած 2200 ուսանողները մեղավոր չէին. նրանք ընդամենը «գնորդներ» էին, քանի որ Հայաստանում կրթությունն ընդամենը հեշտ ձեռքբերովի ապրանք է. ոչ պետական բուհերը բացվում են հեշտորեն, քանի որ դրանք ի սկզբանե բացվում են որպես փող աշխատելու դուքան:
Նախարարն այսօր բացահայտել է նաև բուհերի լիցենզավորումը դադարեցնելու պատճառով դուրս մնացած 2200 ուսանողների ճակատագիրը. 100-ը դիմել են նախարարություն` ուսումը շարունակելու համար, 100-ը` այդ բուհերի ղեկավարությանը: «Արդեն ակնհայտ է, որ 2200 հոգուց բուհական համակարգը չի հավաքագրի կեսը: Սա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, նման բուհերում ուղղակի ձևակերպված են մարդիկ, կրթական գործընթաց կա´մ չկա, կա´մ կա` շատ թույլ ուժգնությամբ է: Այս քաղաքականությունը շարունակվելու է», ասել է նախարարը: Նախարարությունում, փաստորեն, շատ լավ էլ պատկերացնում են, որ լիցենզիաներից զրկած տասնյակից ավելի բուհերն ու առանձին ֆակուլտետները գործել են «մեռած հոգիներ» ապահովելու սկզբունքով. ում ինչ հարկավոր է եղել, այն էլ տրամադրվել է` ով ընդամենը դիպլոմի կարիք է ունեցել, ստացել է` առանց հաճախելու, ով` տնից դուրս գալու և ուսանողական կյանքով ապրելու ցանկություն է ունեցել, նույնպես ստացել է ցանկությունների բավարարման հնարավորություն:
Չնայած տասնյակից ավելի բուհերի` լիցենզիաների կասեցմանը, հանրապետությունում դեռևս գործում է 47 մասնավոր բուհ: «Ակնհայտ է, որ մենք երկրում չունենք նման գիտամանակավարժական պոտենցիալ 47 մասնավոր և 19 պետական բուհ սպասարկելու համար, և չունենք այդքան ժողովրդագրական ռեսուրսներ»,- խոստովանել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Արդյոք նախարարությունը, հատկապես նախարարը բավականաչափ կամք կունենա` ձերբազատվելու ավելորդ բուհերից: Ի դեպ, պետական սեկտորի վրա էլ լավ կլինի նույնչափ ուշադրություն դարձնել. Մանկավարժական կամ Ագրարային համալսարանների աշխատանքը, ինչպես հարկն է ուսումնասիրելիս, հնարավոր է, որ նախարարությունը մտածելու առիթ ունենա առ այն, որ Հայաստանի ոչ պետական բուհերը պետական բուհերից այնքան էլ հետ չեն մնում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաների ամենասիրելի զբաղմունքը կողմնակի բիզնես — եկամուտ ունենալն է: Դա պայմանավորված է նախևառաջ նրանով, որ պետական աթոռ զբաղեցնող չինովնիկներից ոչ ոք վստահ չէ` որ վաղը չի հայտնվի ռեզերվում, կամ, որ ավելի վատ է` ձիուց չի ընկնի։ Որոշ մարդիկ մեր երկրում պաշտոնյայի` գրոշներ կազմող աշխատավարձի համար վատնում են իրենց թանկարժեք ժամանակը միայն հանուն այն բանի, որ «կրիշա» ունենան սեփական բիզնես դնելու ու դրա անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց մի մասն էլ տարիների ընթացքում պետությունից թալանած փողերն է դնում բիզնեսում` իբր ինքը իր արդար բիզնեսով է հասել արդյունքի։
Հայաստանում կողմնակի եկամուտ ապահովող ամենահուսալի ձևերից մեկը երթուղային գծեր շահագործելն է: Երթուղային գծերը մեր երկրում պատկանում են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց հովանավորությունը վայելողներին: Եվ, որպես կանոն, կողմնակի եկամտի բաշխման գործընթացում դրանց տերերը սիրում են հարգել միմյանց իրավունքները` տվյալ տարածքի նկատմամբ, և երբ որևիցե մեկը ստանում է տարածքում երթուղային գիծ ունենալու իրավունքը, այլևս որևէ մեկը չի մոտենում դրան` անգամ եթե նոր երթուղայինի կամ մեկ այլ տրանսպորտի սուր պահանջ է զգացվում. քայլեր կարող է ձեռնարկել միայն տարածքը սպասարկողը:
Այդպես, Մասիսի գյուղերը գտնվում են պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա շահագործած կիսավեր ավտոբուսների լծի տակ, Ավանից 16-րդ թաղամաս գնացող թիվ 5 և Նորքի 9-րդ զանգված գնացող թիվ 32 համարի երթուղային գծերը պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ մայրաքաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասը` այս էլ որերորդ տարին պարզապես ստրկական կախվածության մեջ է գտնվում Երվանդ Զախարյանից: Նախկին քաղաքապետը իրենով է արել մայրաքաղաքի ամենամեծ պահանջարկ ունեցող երթուղային գծերից մեկը` թիվ 49-րդը, որ Ներքին Շենգավիթից հասնում է մինչև Սլավոնական համալսարան:
Այն ժամանակից, երբ Զախարյանը ձեռք բերեց կողմնակի եկամտի` իր համար, Աստված գիտե, որերորդ աղբյուրը, շենգավիթցիների բախտը շուռ եկավ: Այդպես է, քանզի նախկին քաղաքապետը` ներկայիս Կադաստրի վարչության պետը, ամենաժլատ գործարարներից մեկը դուրս եկավ: Սովոր լինելով առանց ջանք ներդնելու եկամուտ ապահովել, Զախարյանը մտածեց, թե կարելի է նաև նույն կերպ էլ բիզնես իրագործել:
Ու տարիների հետ 49-րդ երթուղայինը դարձավ ամենաթշվառ գիծը: Եթե մյուս գծերում աշխատում են առնվազն 20-ից ավելի ավտոմեքենա, ապա Զախարյանն իր գիծը շահագործում էր ինը, առավելագույնը` 12 մեքենայով, իսկ հանգստյան օրերին կարող է դուրս բերել աննախադեպ` երեք ավտոմեքենա:
Մեքենաների բացակայության պատճառով էլ իրենք `վարորդներն իրենց գիծն անվանում են «թաղման թափոր», որովհետև ստիպված վարում են 5-10 կմ/ժ արագությամբ` ապահովելու համար առնվազն 40 րոպեանոց ինտերվալը:
Իսկ 49-ը երթուղայինին սպասող յուրաքանչյուր ոք հայտնվում է ապուշի կարգավիճակում. բոլոր երթուղայինները գալիս — գնում են, սպասողների մի քանի հերթ փոխվում է, իսկ 49-ին սպասողը դեռ կանգնած է: Ինչու՞, որովհետև Երվանդ Զախարյանի ժլատությունը պարզապես թույլ չի տալիս գումար ծախսել և պահանջված քանակով երթուղայիններ ունենալ, որովհետև Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչությունը պարզապես խամաճիկային կառույց է, որի պետն ընդամենը կարող է հայտարարել, թե «երթուղային գիծը պետք է շահագործվի առնվազն 20 ավտոմեքենայով», իսկ հայտարարությունից այն կողմ ոչինչ անելու ունակ չէ, որովհետև դիմացը կանգնած է նախկին շեֆը, ներկայում դարձյալ մեծ լիազորություններով օժտված բարձրաստիճան պաշտոնյան, որի հետ բազմաթիվ գործարքներով ու կապերով կապված է քաղաքապետարանը:
Թիվ 49 երթուղայինի պատճառով շենգավիթցիները ամեն օր հայհոյելով երթուղայինի պատասխանատուին քայքայում են իրենց նյարդերը, ու ստիպված են 30-40 րոպե սպասել տրասպորտի, որը երեկոյան ժամը 20:00-ից հետո դառնում է անիմաստ… իսկ 49-ի վարորդները երևի ամենադժբախտն են մեր իրականության մեջ, որովհետև ինչ-ինչ, բայց ուղևորը գոնե կարող է հայհոյել Զախարյանին ու նրան հովանավորող պետությանը և ամեն օր սեփական բյուջեի սուղ միջոցներից տաքսիով տուն հասնել, բայց վարորդները ստիպված են հանդուժել ու աշխատել աշխարհի ամենաժլատ մարդու համար:
Ի դեպ, Զախարյանի ժլատությունը անխնա է. նա բավական բարձր նալոգներ է դրել նաև սեփական երթուղայինի վարորդների վրա, որոնք հիասթափված երկրից ու իրենց բաժին հասած կյանքից` ջանքեր են գործադրում զախարյանական նալոգի տակից դուրս գալու համար: Ու օր չկա, որ հարյուրավոր շենգավիթցիներ չանիծեն ու չհայհոյեն Երվանդ Զախարյանին ու նրա շահագործած երթուղայինը:
Նման աշխատաոճի հետևանքով ամենամեծ պահանջարկ ունեցող երթուղայինն այսօր կարող է հազիվ մեկ-երկու ուղևորով շրջել, որովհետև մարդիկ պարզապես զզվում են նստել մի տրանսպորտ, որի վրա կարող են կորցնել մեկ ժամ: Ներքին Շենգավիթից թիվ 49-ը օպերա հասնում է ուղիղ մեկ ժամում, իսկ 21-րդ դարում ժամանակի նման կորուստը, չափից դուրս է` անգամ Երվանդ Զախարյանի ժլատությունն ի գիտություն ընդունողների և դրա դեմ պայքարելն անիմաստ համարողների համար:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ.
Նոր քաղաքապետի գալուստը անհետևանք չանցավ մայրաքաղաքի համար: Գագիկ Բեգլարյանը բոլոր շանսերն ունի դառնալու Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը. միայն մայրաքաղաքի փողոցները «ծաղկեցնելը» իսկական երևանցու համար ինչ ասես արժե: Բայց Բեգլարյանը դրան հասնել չի կարող, եթե բավական կամք կգտնի իր մեջ` նախորդի սխալներն ուղղելու համար. չի կարելի մայրաքաղաքի` կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա գտնվող թաղամասը դարձնել հորից ժառանգած ճորտատիրական կալվածք և հազարների հասնող բնակչությանը թողնել փողոցում` սեփական գիծը անտերության մատնելով, բայց և հնարավորություն չտալով այլ երթուղայինների կամ ավտոբուսների շահագործում նույն տարածքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.