29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Զանգահարի´ր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
«NTKnews» պորտալը հաղորդում է, որ Նովոռոսիյսկի թիվ 1 մանկական հիվանդանոցում հազվադեպ պաթոլոգիայով երեխա է պառկած: Նրա սիրտը ոչ թե կրծքավանդակի, այլ որովայնի մեջ է գտնվում: Հիվանդանոցի վերակենդանացման բաժնի ղեկավար`Դմիտրի Նոսկովը նշել է, որ 15 տարվա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է նման դեպք տեսնում:
Մեկ ու կես տարեկան երեխայի սիրտը ոչ միայն որովայնում է գտնվում, այլև սերտաճած է հինգ հարևան օրգանների հետ: Երեխային պետք է օգնության հասնեն Մոսկվայի Բակուլևի անվան սրտաբանական կենտրոնի մասնագետները:
Փոքրիկ աղջկան մի քանի վիրահատություն են անելու: Վիրահատություններից մեկը բարեհաջող է անցել, իսկ մյուսը կկատարվի այն ժամանակ, երբ երեխան 2 տարեկան դառնա:
Էկտոպիայով( սրտի սխալ դիրքով) երեխաները շատ հազվադեպ են ծնվում: Մեկ միլիոն նորածիններից միայն 7,9 դեպքերում է զարգանում այս հիվանդությունը: Նման պաթոլոգիայով երեխաները կամ մահացած են ծնվում, կամ էլ մահանում են ծ նվելուց անմիջապես հետո: Էկտոպիայի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:
Մենք ապրում ենք մի էնպիսի անկատար, անկապ ու անտերանոց երկրում, ուր ամեն օր մի բան անպայման կներվայնացնի, եթե ուշադրությունդ սեւեռես դրա վրա: Ամեն օր մենք տեսնում ենք մեր առջեւ սփռված անարդարությունների, իրավախախտումների, տարրական՝ մարդու միջազգային էլ չէ` տեղական-գեղական մասշտաբով իրավունքների ոտնահարման փաստեր։ Բայց ե՞րբ է բանը բանից անցնում, ե՞րբ է, որ էլ չես դիմանում ու գոռում ես, ու գոռալով գրում ես, ու ուզում ես, որ շուրջ բոլորդ գոռան քեզ նման, որովհետեւ էլ չես դիմանում էս ավազակապետության, անտերության, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտին, ուր ամենքը ամեն ինչ գիտեն, ու աչք են փակում՝ թե, ամոթ ա, սաղ էլ գիտեն, հենց ե՞ս պիտի խոսամ:
Հա, հենց դու պիտի խոսաս, հենց ամեն մեկս պիտի խոսանք, ասենք, աչքները կոխենք: Ու ինչքան շատ լինեն խոսացողները, հավատացե´ք, էնքան մենք արդյունք կունենանք: Մինչ ֆեյսբուքյան հայության ակտիվացումը ո՞վ կհավատար, որ ինտերնետային քաղաքացիական նախաձեռնություններն ուժ կունենան: Բայց արի ու տես, որ ունեն: Դրա մասին են խոսում բանակի վերջին դեպքերի վրա սեւեռված ֆեյսբուքահայության պայքարի արդյունքները, նաեւ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ նախաձեռնության որոշակի հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ այլեւս մեր խոսալը աննպատակ չի, ու մի բանի տեղ անցնում է:
Ներող կլինեք ծավալուն ներածականի համար, ուղղակի բուն թեմային անցնելուց առաջ, ուզեցի ասել, որ ինչի վրա էլ կենտրոնանանք մեր օրերում, կներվայնացնի: Ուղղակի սկսում ես գրել, երբ լռելն այլեւս անհնար է դառնում: Իսկ դառնում է կոնկրետ իմ դեպքում էն ժամանակ, երբ խղճահարությամբ պայամանավորված ցասումս է արթնանում:
Ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն
VTB բանկի թիվ 10` Զեյթունի մասնաճյուղի (Դրոյի 15) սպասարկման սրահում ուշադրությունս գրավեց ինտելիգենտ տեսքով 80-ին մոտ մի տատիկ, ձեռնափայտով, որին ողջ ուժով հենվել էր, որպեսզի պահպանի հավասարակշռությունը: Սկզբում սպասում էր սպասասրահում, բավականին երկար ժամանակ, երբ հերթը հասավ, մոտեցավ ու կանգնեց միակ սպասարկող պատուհանիկի մոտ, որտեղից պետք է ստանար իրեն հասանելիք թոշակը: Այդ ընթացքում բանկի աշխատակցուհին ինչ-որ առիթով լքեց իր աշխատատեղն ու անհետացավ ներսում:
Տատիկը համբերատար սպասում էր 20 րոպեից ավելի, եւ ոչ միայն տատիկը. բավականին մեծ հերթ էր գոյացել: Մյուս երկու պատուհանիկների մոտ հերթ չկար, որտեղ կոմունալ եւ այլ վճարումներ էին կատարվում, իսկ այստեղ, սովետի բոլոր օրենքներով հերթ էր: Վերդառնալուց հետո աշխատակցուհին սկսեց ինչ-որ թղթերով զբաղվել, հեռախոսով էր խոսում, մի խոսքով անում էր ամեն ինչ, բացի թոշակառուներին սպասարկելուց: Հերթի մեջ որոշակի դժգոհություն կար, բայց մարդիկ ըստ մենթալ վախվորածության ու բյուրոկրատական ապարատից կախվածության լռում էին, ոչինչ չէին ասում: Երբ տատիկը մի ոտքից մյուսին սկսեց հենվել, ու ուզվորի հայացքով նայել սպասարկող կնոջը, ես չդիմացա ու պոռթկացի: Իմ գոռոգոռոցից վախեցած, տատիկը շրջվեց ու ձեռքով բերանը փակելով աղաչական հայացքով խնդրեց լռել:
Սպասարահի ժողովուրդը ապշած ինձ էր նայում, անգամ տղամարդիկ, ասես ես ինչ-որ սրբության էի դիպչում, ոչ թե պահանջում օրինական ու որակյալ սպասարկում: Իմ գոռգոռոցներից սպասարկող անձնակազմն ասես սթափվեց ու սկսեց արագ սպասարկել թոշակառուներին, եւ ի դեպ, դրանից հետո յուրաքանչյուր թոշակառուին սպասարկելու համար պետք եկավ 2-3 րոպե, այն դեպքում, երբ իմ աչքի առաջ տատիկը սպասել էր 45 րոպեից ավել: Ուրեմն, ոչ մի հարգելի պատճառ, ոչ ծրագրի խափանում, ոչ ֆորսմաժորային այլ խոչընդոտ չի եղել, ընդամենը սառնասիրտ ու անբարեխիղճ ամենաթողություն…
Տատիկն իր թոշակը դանդաղ վերցրեց, հատ-հատ խնամքով տեղավորեց դրամապանակում, չեմ հաշվել, բայց գուշակում եմ, որ 30000 հազարի կարգի գումար էր: Դուրս գալուց կամացուկ ձեռքս սեղմեց, այնպես, որ ոչ ոք չնկատի, հանկարծ հաջորդ ամիս քթից բերեն: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ է նա գալիս բանկից թոշակ ստանալու, ինչո՞ւ տուն չեն բերում: Նա պատասխանեց, որ թոշակը առանց էդ էլ քիչ է, ու եթե 500 -1000 դրամ էլ տա թոշակ բերող տեսուչին, նկատելի կլինի իր խղճուկ բյուջեի համար, դրա համար թղթեր է հավաքել, դիմում գրել, որ իր թոշակը բանկից ստանա…
Իհարկե, բանկի աշխատակիցների այդպիսի վերաբերմունքը պարսավանքի է արժանի, բայց ես նշել եմ բանկի մասնաճյուղը, ու բանկի ղեկավարությունը թող զբաղվի իր սպասարկման որակի կարգավորմամբ: Ես ուզում եմ խոսալ այն մասին, ինչը համարում եմ այս իրավիճակի բուն պատճառը: Թոշակ բաժանող տեսուչները «վրայից» փող են պահում, իսկ մենք էլ լռում ենք, համարելով, որ դա էդպես էլ պիտի լինի: Ես էլ եմ թոշակ ստանում, ծնողներիս թոշակը որոնք Երեւանում չեն ապրում, ու ինձնից էլ ամեն ամիս տեսուչը նույն կարգով «պահումներ» է անում:
Ասենք, ես աշխատում եմ, ու էդ թոշակով չեմ ապրում, իսկ եթե ապրեի՞: Ճիշտն ասած, էդպես էլ է եղել, բայց էլի չեմ խոսացել: Իսկ հիմա տատիկի տանջանքները տեսնելով , սթափվել եմ ու հրաժարվում եմ լռել: Մենք ինքներս ենք մեղավոր, որ մեզ խաբում են, քցում են, կաշառքներ են վերցնում, մեզնից փողեր են պահում, մենք, մեր լռությամբ նպաստում ենք հասարակության մեջ տեղ գտած բոլոր արատավոր երեւույթների խրոնիկ դառնալուն:
Զանգեցի Սոցապ հիմնադրամի պետին՝ Վազգեն Խաչիկյանին, որ մի երկու հարց ճշտեմ: Նա սկզբից ինձ հրավիրեց գնալ իր մոտ` սոցապ, հետո էլ ասեց, որ լրագրողներին կիրակի տանում են Սանահին-Հաղպատ էքսկուրսիայի, այսպես ասած «բարբեքյու-փարթի» էլ է լինելու, այսինքն՝ խորովածի՝ ուտել-խմելու: Ես բնականաբար հրաժարվեցի, չնայած նա ասեց, որ դա կապ չունի, դա ինչ-որ այլ ծրագրի սահմաններում է արվում:
Դե իհարկե, պարոն Խաչիկյանը լավ կաներ, որ շաբաթը մեկ խորովածի փառատոններ կազմակերպելուց ու ղեկավարությանն ու լրագրողներին պատիվ տալուց բացի, մեկ –մեկ էլ ձեռի հետ զբաղվեր իր գործով։ Կամ էլ էդ ընթացքում, որ երկրի էլիտար տղերքին չգիտես ում հաշվին տանում հասցնում ա լոռվա սարերը, մի երկու գյուղացու տուն մտներ ու հարցներ, թե իրենց տված թոշակ- գրոշներից ինչքան են վրայից վերցնում տեսուչ կոչվածները։ Հետո, նա ընդունեց, որ էդպիսի երեույթ կա, ասեց, որ իրենք պայքարում են «սովետից ժառանգություն մնացած» էդ սովորույթի դեմ, ու ամիսը մի երկու-երեք տեսուչ են հեռացվում նմանատիպ մեղադրանքով: Ասեց՝ «Եթե կոնկրետ բողոք ունեք, հայտնեք, ու մենք կհեռացնենք էդ տեսուչին»: Պայքարում են նաեւ նրանով, որ ուզում են հասցնել մինիմումի մարդկային գործոնը՝ թոշակները փոխանցվում են բանկային հաշվին, որտեղից ցանկացած րոպե թոշակառուն կարող ա գնալ ու ստանալ իր փողը: Բայց հաշվի առնելով, որ թոշակառուներից շատերը միայն էդ թոշակի հույսին էն, դժվար չի պատկերացնել բանկի սպասարահներում գոյացող հերթերը:
Նրա հետ զրույցից նաեւ պարզեցի, որ սոցապի թոշակ բաժանող տեսուչների միջին աշխատավարձը 75 հազար դրամ է, ամեն մեկը նրանցից միջինը սպասարկում է 100 բաժանորդի: Իսկ դա նշանակում է, որ ամենահամեստ հաշվարկներով ամեն տեսուչ գրպանում է «լեվի» մոտ հազար դոլար փող: Տեսուչներն ասում են, որ էդ ամբողջից կոպեկներ են իրենց մնում, որ նրանք պարտավոր են կիսվել վերադասի հետ, որպեսզի մնան իրենց աշխատանքին: Նույնիսկ ընդունվելու համար պետք է կաշառք տան:
Ես չեմ կարող վերահսկել ո´չ վերդասին «մուծվելը», ո´չ էլ կաշառքով աշխատանքի վերցնելը, դա պարոն Խաչիկյանի գործն է, բայց էն, որ ինձնից կոնկրետ փող են պահում թոշակը բերելուց, հաստատ կարող եմ ասել: Էդ իմ համեստ հաշվարկը ես արել եմ մոտ 350-400 դրամ պահելու դեպքում: Եթե հաշվարկեմ իմ ծնողների թոշակից կոնրետ արված ամենամսյա պահումներից ելնելով, ու համարելով դա որպես չափանիշ, ապա կստանամ իմ հաշվարկի կրկնակին:
Հիմա ինձ ասեք, էդ ո՞ր մի բարձր որակավորում չպահանջող աշխատանքի համար են էդքան վաստակում Հայաստանում: Երեւի թե էլի նմանատիպ մի սոցիալական կամ այլ պետական ծառայության ծառայողները միայն: Լահմաջո սարքողը, որ զօրուգիշեր, 24 ժամ փեչի մոտ կանգնած է ալրոտ ու շոգած, վաստակում է օրական 4000 դրամ: Բենզալցակայանում շուրջօրյա աշխատանքը վարձատրվում է նույնքան, նաեւ՝ ամեն լվացողի բավականին ծանր գործը: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը… Իսկ տեսուչը, որ մատը մատին չի խփում, գրպանում է ահռելի փողեր:
Ավելին ասեմ: Եթե մտածենք, որ տեսուչը երկար ճանապարհ է կտրում, երբեմն առանց վերելակի բարձրանում բնակարանները, պիտի որ ինչ-որ կերպ թեյավճար ունենա, իհարկե՝ ըստ ցանկության, ինչպես բոլոր թեյավաճարները: Բայց ո՞նց մեկնաբանել էն, որ նույնիսկ վճարման ստատիկ կենտրոններում էլի էդ «թեյապահումներն» արվում են…
Պարոն Խաչիկյանը թերեւս կարող է ինչ-որ կերպ վերահսկել էս ծառայությունն էնպես, որ «թեյավաճարը» մարդիկ իրենց հասանելիք գումարը ստանալուց հետո սեփական կամքով ինչքան ուզեն, էնքան էլ տան: Գոնե էդքանը անի, էլի բան է:
Ես դեռեւս չեմ հրապարակում ո´չ անուններ, ո´չ տեղամասեր, որտեղ էդ ամենը տեղի է ունենում, ասենք՝ դրա հարկը չկա էլ, երեւի էդպիսի տեսուչ չկա, որ «վրից» չի վերցնում: Ուղղակի ուզում եմ դիմել բոլորին՝ մի լռեք բախվելով անարդարության ու դրամաշորթության: Եթե բոլորը ընդվզեն, երեւի թե մի բան կփոխվի մեր հասարակության գիտակցության մեջ:
Իսկ երբ փոխվի հասարակությունը, նրա արժեքները, բարձրանա մեկ անհատ մարդու գինը, մենք կարող ենք խոսել այն մասին, որ ունենք գիտակից ու հասուն ժողովուրդ, արդյունքում էլ կունենանք փոփոխությունների պատրաստ հասարակություն: Թե չէ, էս դեպքում իհարկե՝ ինչ տիրակալներ էլ գան, ինչ իշխանություն էլ ունենանք, մենք միեւնույն է, կմնանք նույն ոչխարի հոտը, որին ինչ հովիվ էլ տաս, մեկ է, նպատակը լինելու է նոր ու խիտ արոտավայր գտնելն ու փորը լցնելը: Մեկ էլ՝ որ հովիվը փետը քիչ գործի դնի:
Լուսինե Վայաչյան
Երեկ Շիրակի փողոցում Գագիկ Ծառուկյանին պատկանող երկհարկանի շինությունում, որը սովետի ժամանակ կոչվում էր «Մեբելի տուն», հետո էլ դարձավ կահույքի սրահ, բացվեց հայ-բելոռուսական առեւտրի կենտրոնը։
Չարբախցիները վաղուց էին սպասում այդ իրադարձությանը, հույսով, որ բելոռուսական սննդամթերքի գներն ավելի ցածր կլինեն, քան հարեւան՝ «Եզդու խանութ» կոչվող սուպերմարկետում։
Նրանց մի մասն էլ ուզում էր տեսնել «մեծն բարերար» Ծառուկյանին, որը բացմանը պետք է գար Բելոռուսի նախագահի ապարատի ներկայացուցչի՝ Նիկոլայ Կորպոտի հետ։
Ի դեպ, վերջին մի քանի տարում «Մեկ» կահույքի սրահ կոչվող այս թանգանոց խանութը Չարբախի ամենաամայի առեւտրի վայրերից էր։ Այստեղ ցուցադրված կահույքը անճաշակ էր, բայց աստղաբաշխական գների։
Վաղ առավոտից չարբախցիները դիրքավորվել էին Ծառուկյանի շենքի մոտ եւ լսում էին սովետական հիմնը, բելոռուսական երգեր եւ հայկական ռաբիս, որոնք պարբերաբար ընդհատվում էին «մեկ-մեկ, պչիյոմ-պրիյոմ» բացականչություններով։
Երբ հայտնվեցին Ծառուկյանն ու բելոռուսները կամերաների եւ բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, հավաքված մարդիկ ուրախ դեմքերով առաջ նետվեցին, որ անվանի օլիգարխի հետ մտնեն խանութ եւ մասնակցեն բացմանը։
Բայց տհաճ տեսարան տեղի ունեցավ։ Ոստիկանները մարդկանց բրդբրդելով հետ մղեցին դռներից, եւ լայնաժպիտ օլիգարխը մասնակցեց բացմանն առանց ժողովրդի։ Մարդիկ մտան հետո, երբ կամերաները մաքրվել էին։
Երկրորդ հարկում ցուցադրված էին բելոռուսական «Հորիզոն» հեռուստացույցներ եւ սառնարաններ, ու գնորդներից ոմանք հիշեցին սովետական անցյալը։ «Եթե մեզ մոտ էլ սոցիալիզմ մնար, ինչպես Բելոռուսում, մենք էլ հիմա սենց ապրանքներ կունենայինք», -ասաց կանացից մեկը, իսկ տղամարդիկ անընդհատ պտտվում էին առաջին հարկում, օղու եւ գարեջրի տաղավարներում, զմայլվելով անծանոթ, գայթակղիչ տեսականիով։
«Գագոն Լֆիկի գործին խփում ա, արաղն ավելի էժան ա դրած», — եզրակացրեցին չարբախցիները։
Սյուզան Սիմոնյան
Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել, քան ծանր թմրամիջոցներ համարվող հերոինն ու կոկաինը … Պարզվում է` սովորական ցավազրկող հաբը կամ նյարդերը հանգստացնող դեղը, եթե այն ընկնում է թմրամոլի ձեռքը:
Այս խնդիրը վաղուց է արդիական Ռուսաստանում։ Այնտեղ վաղուց ի վեր բանը բանից անցել է։ Մեզ մոտ սկսեցին անհանգստանալ այն ժամանակ, երբ մի քանի այդպիսի դեղերի միջոցով պատրաստվող թմրանյութերի ներերակային օգտագործումը սկսեց հասնել մտահոգիչ չափերի:
Առողջապահության նախարարության նարկոլոգիական կլինիկայի կազմմեթոդական բաժնի վարիչ Սեդա Ջամալյանի խոսքերով` կլինիկայում բուժվողների մեջ շատ են «կոակսիլ»-ից եւ «սեդալգին»-ի ու բենզինի խառնուրդից պատրաստվող թմրամիջոցներից կախման մեջ ընկած մարդիկ: «Ահավոր ծանր վիճակում են գալիս, մարդիկ կան, որ բուժմանը չեն դիմանում, հրաժարվում, թողնում գնում են: Նույնիսկ հերոինից եւ կոկաինից կախվածությունը բուժելն ավելի հեշտ է, քան այս թույներից»,- խոստովանում է բժիշկը: Ինչպիսի՞ հետեւանքներ են ունենում «ինքնաշեն» թմրամիջոցները: Ներերակային թմրամիջոցներին բնորոշ ծանր հետեւանքներից (ՄԻԱՎ, հեպատիտներ, արյան վարակ, գերդոզավորում) բացի «կոակսիլը» առաջացնում է փտախտ եւ կուրություն: «Ներարկման տեղից սկսվում են բարդություններ, վերքը չի լավանում եւ վերածվում է փտախտի, որի պատճառով թեւը հեռացնում են: Մենք ունենք այդպիսի հիվանդներ, որոնց թեւը ամպլուտացիայի է ենթարկվել: Մյուս բարդությունը` ազդում է տեսողության վրա: Հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են համակարգիչ, տեսողության լուրջ խնդիրներ են առաջանում, կուրանում են»,- ասում է Սեդա Ջամալյանը:
Նրա խոսքով` վատ հետեւանքներ է ունենում նաեւ «պենտալգին» եւ «սեդալգին» դեղերով պատրաստվող թմրամիջոցների օգտագործումը: «Գյումրիում դա արդեն դարձել է մոդայիկ ինչ-որ բան, խառնում են բենզինի հետ եւ ներարկում: Մեծ բարդություններ է առաջացնում, անձը շատ է փոխվում, դեգրադացվում, հնարավոր չի լինում բուժել նրան: Թեեւ դեռ լրիվ չի ուսումնասիրված, որովհետեւ նոր են սկսել դա օգտագործել»: Մտահոգիչ է հատկապես այն, որ այս ցավազրկող դեղերը հասանելի են բոլորին` էժան են եւ գտնվում են ազատ վաճառքում:
«Կոակսիլը», ինչպես ասացինք, արդեն հասցրել է լուրջ խնդիրներ առաջացրել Ռուսաստանում: Դրա օգտագործումը տարածված է հատկապես երիտասարդության շրջանում: Դեղ արտադրող ընկերության հետ դատական քաշքշուկներից եւ երկար քննարկումներից հետո միայն կարողացան խիստ վերահսկողություն սահմանել դեղի վաճառքի վրա:
Հայաստանում նույնպես փորձում են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց թե ինչ կստացվի, դժվար է ասել: Ոստիկանության` թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունը եւ նարկոլոգիական կլինիկայի մասնագետները պնդում են, որ «կոակսիլը» պետք է ընդգրկել սահմանափակ շրջանառություն ունեցող հոգեմետ դեղերի ցանկում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման եւ դեղերով ու տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինա Հարությունյանն ասում է, որ «կոակսիլը» կընդգրկվի հոգեմետ դեղերի ցանկում, եթե դեղի բաղադրատոմսում նշված լինի, որ պարունակում է հոգեմետ նյութեր: Յուրաքանչյուր դեղ Հայաստան մտնելուց եւ գրանցվելուց առաջ անցնում է լաբորատոր փորձաքննություն: «Կոակսիլ»-ի փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ այդ դեղը հոգեներգործող բաղադրիչներ չի պարունակում:
Դեղագործն ասում է, որ խնդիրը «կոակսիլ»-ով չի սահմանափակվում: Նեյրոլեպտիկ ցանկացած դեղամիջոց, այլ նյութերի հետ խառնելով, հնարավոր է ստանալ թմրամիջոց. «Նույնիսկ սովորական ցավազրկող դեղերից եւ աչքի կաթիլներից են ստանում, նշանակում է` բոլոր այդ դեղերը պետք է ընդգրկվե՞ն հոգեմետ դեղերի ցանկում»:
Չնայած այս հանգամանքներին, Մ. Հարությունյանի հավաստմամբ, առողջապահության նախարարությունն արդեն դիմել է «կոակսիլ» արտադրող ֆրանսիական ընկերությանը, որպեսզի դեղերի վրա մակնշեն հոգեմետ ազդեցության առկայությունը: Բայց ի՞նչ պատասխանի է սպասում նախարարությունը, եթե փորձաքննությունը ցույց է տվել, որ «կոակսիլը» նյարդեր հանգստացնող սովորական դեղամիջոց է, որը դուրս է գրվում բժշկի դեղատոմսով:
«Ինչ նշանակություն ունի, որ «կոակսիլը» հոգեմետ չէ: Դա մի դեղ է, որն առաջացնում է կախվածություն: Եթե դա օգտագործում են թմրամիջոց ստանալու համար, ուրեմն հսկողության տակ պետք է պահել այնպես, ինչպես ցանկացած ուրիշ թմրամիջոց»,- այս կարծիքին է նարկոլոգ Սեդա Ջամալյանը:
Կարծում եմ` առողջապահության նախարարության խնդիրը ոչ թե «կոակսիլը» հոգեմետ դեղ դարձնելն է, այլ դրա շրջանառությունը վերահսկելը եւ սահմանափակելը այնպես, ինչպես, օրինակ, արվում է թույների դեպքում: Համոզված եմ` առողջապահության նախարարությունը ոչ մեկին չի դիմել թույների մեջ հոգեներգործուն նյութեր փնտրելու եւ թմրամիջոցների շարքին դասելու խնդրանքով:
Իսկ բժշկի դեղատոմսով դուրսգրումը մեր երկրում չի կարող խոչընդոտ դառնալ նեյրոլեպտիկ դեղի ձեռքբերման համար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդն ունի նյարդերը հանգստացնելու կարիք:
Մերի Ալեքսանյան
Վրեժ Շահրամանյանին այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով, որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 20 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետեւաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաեւ ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Լուսինե Վայաչյան
«Հայաստանը չի կարող աճել միայն ներքին շուկայում ապրանքներ վաճառելով և շենքեր կառուցելով»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Սեպտեմբերի 9-ից 24-ը Երևանում էր գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը` Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորությամբ:
Աշխատանքն ավարտելով` ԱՄՀ ներկայացուցիչներն այսօր իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Որքան էլ Արժույթի միջազգային հիմնադրամը անհնարին է որակել իբրև Հայաստանի շահերով առաջնորդվող կառույց, որքան էլ այս կազմակերպությունը երբեմն ֆինանսավորում է այնպիսի ծրագրեր, որոնք այդքան էլ չեն բխում տվյալ երկրի շահերից, այնուամենայնիվ, անհնար է չհամաձայնել այս հեղինակավոր կառույցի նման գնահատականի հետ և անհնար է կասկածի տակ դնել վերջիններիս իրավացիությունը:
Շինարարությամբ տնտեսություն զարգացնելու անիրատեսության մասին ԱՄՀ-ն առաջին անգամ չէ, որ հայտարարում է. անգամ Հայաստանի երկնիշ ցուցանիշների «դարաշրջանում», որտեղ Հայաստանի` տնտեսական աճով «Կովկասյան վագր» դառնալու մեջ վճռորոշ գործոնը պատկանում էր հենց շինարարությանը, ԱՄՀ-ն զգուշացնում էր, որ շինարարության վրա «հիմնական ստավկա» դնել չարժե:
Դժվար է հավատալ, որ միջազգային կառույցի գնահատականները ծանոթ չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այս տարվա գարնանը, հանդես գալով հարցազրույցով, դարձյալ շեշտեց շինարարության կարևորությունը:
«Հարաբերական միավորներով գրասենյակային տարածքների քանակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին տեղերից մեկում: 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանում կառուցվել է վարձակալության համար նախատեսված ընդամենը 5-6 գրասենյակային շենք: Մնացած բոլորը մի կերպ հարմարեցված շինություններ են` հեռու ժամանակակից պահանջներից: Մենք շատ հետ ենք եվրոպական երկրներից նաև ժամանակակից առևտրային հրապարակների տեսանկյունից: Այսինքն, շինարարության տեմպը երկար տարիներ պահպանելու ներուժը հսկայական է: Զարմանալի է` ինչպե՞ս կարելի է դա չհասկանալ:
Քննադատների տրամաբանությամբ, անհրաժեշտ էր արհեստականորեն արգելակել շինարարությունը հնարավոր ճգնաժամերի մտավախությամբ: Այդ տրամաբանությամբ ճապոնացիները պետք է կրճատեին ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի, գերմանացիները` հաստոցների, սարքավորումների, չինացիները` տեքստիլի արտադրությունը և այդպես շարունակ` միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում պահանջարկի հնարավոր անկումը կարող էր անդրադառնալ նրանց եկամուտների վրա: Դա դեպրեսիվ մտածելակերպ է»,- ասում էր նախկին նախագահը իր հայտնի հարցազրույցի մեջ և վերջում հորդորում կառավարությանը. «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը»:
Զարմանալի է, թե ինչպես այս ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս գնահատականների հետ չեն հասցրել ծանոթանալ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, որ նման «դեպրեսիվ մտածելակերպ» պարունակող զեկույցներով են հանդես եկել:
ՀՀ նախկին նախագահի գարնանային ակտիվությունն ու կառավարության քաղաքականության քննադատությունը խոսակցությունների ալիք ծնեց, թե Քոչարյանը պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն և դրա դրդապատճառներից մեկը հենց այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի արդարացնում նրա հույսերը` հսկայական կապիտալ ներդրումներ պահանջած շինարարության արդյունք-բնակարանները վաճառելու առումով: Ինչպես երևում է, ՀՀ նախկին նախագահից դեռ էլի մի քանի հարցազրույց կպահանջվի` անձնական բիզնեսից բխող շահերը պետության տնտեսական քաղաքականության շահերի տեղ ներկայացնելու համար:
Հետգրություն
ԱՄՀ ներակայացուցիչները խոսել են նաև արտահանումը խրախուսելու, այլ ոչ թե վնասելու քաղաքականության անհրաժեշտության մասին, և իրենց զարմանքը հայտնել տնտեսվարողների վճարած ԱԱՀ-ի գերավճարների հաշվին ՀՀ կառավարության կուտակած պարտքի վերաբերյալ:
Լուսինե Կեսոյան
Այս տարի կառավարությունը որոշել է ուսուցչի տոնը նշել առանձահատուկ ձևով: Նախ այն դարձվեց հատուկ տոն, դրա համար առանձնացվեց հատուկ ամսաթիվ` հոկտեմբերի 5-ը: Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին` փոփոխություն մտցնել բյուջեում և գումար հատկացնել` ուսուցչի տոնը հավուր պատշաճի կազմակերպելու համար. «որոշվեց 9195,7 հազար դրամ հատկացնել «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու և 7.300.0 հազար դրամ` «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով»։
Այս հարցի քննարկումը կառավարության միապաղաղ նիստում մի փոքր աշխուժություն մտցրեց: Նախ երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանը իր` ժամանակակից տղամարդ լինելը ապացուցեց նրանով, որ առաջարկեց շեղվել ընդունված ավանդույթներից և ամեն տարի ընծայվող «Ժիգուլու» փոխարեն գոնե այս տարի առանձնանալ և նվիրել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա. քանի որ գնվում են ընդամենը երկուսը, նախատեսվող գումարի սահմաններում կարելի է նաև այլ մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել: Ֆինանսների նախարարը փորձեց խնայողություն անել` ասելով, թե այդ գնով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա հնարավոր չէ ձեռք բերել, Աշոտյանը` թե կարելի է «Հյունդայի» մակնիշի փոքր չափերի ավտոմեքենա վերցնել: Այստեղից նախարարներն աշխուժացան, սկսեցին իրենց իմացած մակնիշների ավտոմեքենաները թվել, իսկ ներքևում` մամուլի սրահում աշխատող լրագրողները` իրենց իմացածը կամ սիրածը` սկսած «Bently»-ից, մինչև վարչապետը վերջ դրեց խոսակցությանը և հայտարարեց հարցի լուծված լինելու մասին`ասելով` «ուսուցիչների վրա չի կարելի տնտեսել»:
Ուսուցչի տոնին իր ներդրումը ձգտեց ունենալ նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա առաջարկեց ոչ թե պարզապես ուսուցչի տոն անել, այլ դա դարձնել «համահայկական», որ ուսուցչի տոնը լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուսուցչի, այլև սփյուռքահայ ուսուցչի տոն: Դարձյալ միջամտեց վարչապետը, սակայն այս անգամ Հրանուշ Հակոբյանի անկեղծ ցանկության վրա սառը ջուր լցրեց` բացատրելով, որ այդ դեպքում մենք մյուս տոների նկատմամբ ևս պետք է այս մոտեցումը կիրառենք. չէ՞ որ մենք ունենք նաև ֆինանսական աշխատողի օր, փրկարարի օր…
Այդպես, Հրանուշ Հակոբյանի կոնստրուկտիվ առաջարկը` ուսուցչի տոնը վերափոխել «Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ ուսուցիչների համահայկական տոն»-ի, ջրվեց:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Կրթական ոլորտի պատասխանատուները կարծես թե հասկացել են, որ մենք բուհական կրթության որակի ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Հասկացել են, սակայն մի բան է հասկանալը, մի բան` որակ ապահովելը։ Բայց քանի որ ներկայացնելու բան պիտի ունենա սեպտեմբերի 22-23-ը անցկացվող համաժողովի ընթացքում, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշակել է մասնագիտական կրթության որակի ապահովման ուղենիշներ, չափանիշներ ու չափորոշիչներ։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյան էլ է համոզված, որ մենք այսօր կանգնած ենք շատ կարեւոր խնդրի առջեւ, այն է` կտրուկ եւ հետեւողական քայլեր ձեռնարկել Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման համար, այլապես մեր ինտեգրումը եվրոպական կրթական ընտանիք կդրվի կասկածի տակ։ Ու երևի թե հիմնական խթանն էլ այդ է. «Կրթության որակը պետք է ապահովի տնտեսության ակնկալիքները, հասարակության ակնկալիքները եւ տվյալ մարդու ակնկալիքները,- ասում է ԿԳ նախարարը։- Որակի ապահովման շատ չափանիշներ կան։ Որակի ապահովման ազգային կենտրոնն աշխատել է` համակարգելով բազմաթիվ փաստաթղթեր։ Մենք այսօր խնդիր ունենք` ի մի բերելու տեսական քննարկումներից քաղված օգտակար մոտեցումները, որ կարող են կիրառելի լինել Հայաստանում եւ անցնել կոնկրետ գործողությունների»։
«Իսկ որո՞նք են լինելու այդ կոնկրետ գործողությունները» հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Դրանք են` հավատարմագրման նոր կարգի հաստատումը, բուհերի ներսում կրթության որակի ապահովման ներքին մեխանզմների զարգացումը, ուսանողների` որպես կրթական ծառայությունների հիմնական սպառողների ներգրավումը որակի հսկողության մեջ, հասարակակական սեկտորի եւ գործատուների ներգրավումը կրթական ոլորտի որակի չափագրման մեջ»։
Նկատեք, որ թվարկածների մեծ մասը ոչ թե կոնկրետ գործողություններ, քայլեր են, այլ` նպատակներ, որոնց ապահովմանն է ուղղված կրթության նախարարության գործունեությունը։ Եվ երբ չի հաջողվում ապահովել խոստացված արդյունքը, իրենց անգործությունը մեր պաշտոնյաները հիմնավորում են ֆինանսների կամ այլ ռեսուրսների բացակայությամբ։
ԿԳ նախարարն ասում է, որ մենք բավարար ռեսուրսներ ունենք. «Ես այսօր խնդիրը դիտարկում եմ ոչ թե ֆինանսական հարթության մեջ, այլ` մտածելակերպի։ Եթե ցանկանանք բոլորս միասին մի քայլ ձեռնարկել, ապա մեծ գումարներ պետք չեն։ Մենք վերջերս ավելի շատ ժամանակ ենք վատնում պրոբլեմների անարդյունավետ քննարկումների վրա, քան գումար հայթայթելու վրա։ Լավ նախաձեռնությունները կառավարության կողմից ֆինանսավորվել են եւ ֆինանսավորվելու են»։
ՀՀ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը առկա խնդիրների մասին նախընտրում է խոսել իր մասնագիտության տեսանկյունից։ Իսկ դրանք, ըստ ռեկտորի, երկուսն են` մասնագիտական եւ այլ ռեսուրսների պակասը եւ ուսանողների գիտակցության ցածր մակարդակը։ «Խնդիրներից մեկը պրոֆեսիոնալ դասախոսական կադրերով բուհի համալրումն է, որի համար պետք է լավ պայմաններ ստեղծվեն բուհում։ 1990-ական թվականներին մասնագետների մեծ արտահոսք եղավ ոչ միայն երկրից, այլեւ շատերը թողեցին գիտությունը, որովհետեւ հրապուրիչ չէր։ Մյուս խնդիրը բուհերի վերազինումն է`լսարանային եւ լաբորատոր բազայի համալրումը։ Լուրջ անելիքներ կան կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։ Ես կարծում եմ` միայն պատժիչ միջոցներ կիրառելը քիչ է, պետք է ուսանողների ինքնագիտակցությունը բարձրանա, պետք է գիտելիք պահանջեն եւ պայքարեն կոռումպացված դասախոսների դեմ։ Կրթությունը, մեծ հաշվով, ինքնակրթություն է, բուհն ընդամենը ուղղորդում է ուսանողին, բայց դասախոսություններով մասնագետ չեն դառնում, ամեն անհատ պետք է իր վրա աշխատի։ Ուրեմն խնդիրը նաեւ ուսանողների մեջ է։ Շատ քիչ են մասնագիտական գրքեր կարդում, չեն տիրապետում օտար լեզուների, ռուսական գրականությունից անգամ չեն կարողանում օգտվել»։
Իսկ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը կարծում է, որ առաջին խնդիրը հենց «կրթության որակ» հասկացության սահմանման մեջ է.«Մենք պետք է կարողանանք հստակեցնել, թե մեր բարձրագույն կրթությունը ինչպիսին պետք է լինի, ինչ նպատակների պետք է ծառայի։ Մեր խնդիրն այն է, որ սահմանենք «որակ» հասկացությունը, որը տարբեր շահառուների մոտ տարբեր բնորոշում ունի։ Որպեսզի մենք կարողանանք որոշել, թե որ բուհն է որակ ապահովում, եւ որը` ոչ, պետք է ունենանք որակի գնահատման չափորոշիչներ։ Մենք պետք է կարողանանք մշակել այնպիսի չափորոշիչներ, որ բոլորի կողմից ընդունելի կլինեն»։
«Զորաց քարեր»-ը մեգալիթյան դարաշրջանի հուշարձան է. այն գտնվում է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա: «Զորաց քարեր»-ն արևային աստղադիտարան է և մի շարք նմանություններ ունի անգլիական Սթոունհենջի հետ. նմանություններից մեկն արևելքից արևմուտք ուղղվածությունն է, ինչն էլ ապացուցում է, որ այն արևային աստղադիտարան է եղել: Սակայն անցքերը թույլ են տալիս մտածել, որ ծառայել է նաև այլ մոլորակների ուսումնասիրման գործին:
Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը առաջարկել է «Զորաց քարեր»-ը ներառել ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: Այս թեմայի շուրջ այսօր լրագորողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին փորձագետներ Նիկոլաս Հովարդը, Միհրան Վարդանյանը և Վարդան Բալյանը: Փորձագետները պատմեցին, որ խմբում ընդգրկված 5 հոգուց 3-ը հայ են և սովորում են Օքսֆորդի համալսարանում:
Նրանց խոսքերով` «Զորաց քարեր»-ը բացառիկ հուշարձան է: Նիկոլաս Հովարդը պարզաբանեց, որ հուշարձանի բացառիկությունը պայմանավորված է քարերի մեջ գտնվող անցքերով, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են դեպի երկնային օբյեկտներ: Այս ամենը հիմնավորելու համար փորձագետները դեռ պետք է բազմաթիվ հետազոտություններ կատարեն: Հետազոտությունների արդյունքում Զորաց քարերը կընդգրկվեն համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Փորձագետները նշեցին, որ արշավախմբի անդամները նպատակ ունեն նորագույն մեթոդներով կրկնել Պարիս Հերունու կատարած աշխատանքներն ու ուսումնասիրությունները:
Արշավախմբի անդամները 2 ամիս առաջ նամակով դիմել են ՀՀ վարչապետին, որտեղ նշել են, որ «Զորաց քարեր» հուշարձանը արժանի է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ընդգրկվելու: Փորձագետները համոզված են, որ դա կնպաստի այդ բացառիկ հուշարձանի համաշխարհային ճանաչմանը, ինչպես նաև կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Սյունիք: Իրենց ուսումնասիրությունների ժամանակ մասնակիցներն առնչվել են ոստիկանների հետ: Ասվածից հետևում է , որ հուշարձանը հսկողության տակ է գտնվում, ինչը, իհարկե, ողջունելի է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.