03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր, այս մասին հայտնում են Կառաարության լրատվական ծառայությունից:
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը:
ՀՀ կառավարության անունից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ՌԴ կառավարության անունից՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:
Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:
ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
ԼՂ հակամարտությունն այլընտրանքային լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը, կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից։
«Կոչ արվեց կողմերին որդեգրել կեցվածք, որը հնարավորություն կտա քաղաքական տեսանկյունից համապատասխան որոշում կայացնելու, որը օժանադակել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Խոսքը վերաբերում էր միջոցների կիրառմանը, որոնք պետք է մեղմեին լարված վիճակը, որպեսզի բանակցային գործընթացն ունենար իր տրամաբանական շարունակությունը: Հենց այս ոգուն համահունչ՝ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց հյուրընկալելու երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինելու բանակցությունների շարունակմանը’ ակնկալելով, որ դա պետք է հանգեցնի կարգավորման որևէ տարբերակի»,-նշել է Անրի Ռենոն:
Նրա խոսքով, երբ երկու կողմերն արդեն պատրաստակամություն կհայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր առաջարկը կյանքի կոչելու բոլոր պայմանները կիրականացնի:
Դեսպանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության վեց կետերն ԵԱՀԿ համանախագահող երեք երկրների տեսակետն է, թե միայն ԱՄՆ-ինը:
«Ցանկալի է, որ ցանկացած բանակցային գործընթաց, արգասաբեր լինելու համար, սկզբում լինի գաղտնի, չհրապարակված, և ես որպես Ֆրանսիայի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը, այս պահին ձեռնպահ եմ մնում այդ հարցին որևէ մեկնաբանություն տալուց»,-ասել է Ռենոն։
մսվա կտրվածքով Հայաստանից Բրազիլիա մեկնելու համար վիզա են ստացել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնցից մոտ մեկ տասնյակը ՀՀ տարբեր պաշտոնյաներ են։
Այս մասին երեկ մեզ հայտնեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից, երբ հետաքրքրվում էինք, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար ՀՀ քանի քաղաքացի է մեկնել Բրազիլիա, և նրանցից քանիսն են պաշտոնյաներ։ Պաշտոնյաների անունները դեսպատնից հրաժարվեցին նշել։ «Չենք կարող անուններ ասել», – պատասխանեց դեսպանատան աշխատակցուհին։
Հարցին՝ իսկ պաշտոնյաները պատգամվորներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ, աշխատակցուհին պատասխանեց. «Տարբեր պաշտոնյաներ՝ մոտ մեկ տասնյակ»։ Այդ մեկ տասնյակից առայժմ պաշտոնապես հայտնի է միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը:
Հայկական ժամանակ
Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:
Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:
Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված առավել արդյունավետ աշխատանք իրականացնել: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2012թ. մայիսին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի և ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի նոյեմբերին կայացած այցերն ու Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար, մեր հայրենակցուհի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երևան կատարած այցը:
Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և ուրախությամբ փաստել, որ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարևոր համաձայնագրերով:
Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Խոսե Մուխիկան կարևորել են արդյունավետ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում և ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը:
Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:
Ուրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի Նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:
Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:
Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ Նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոնտեվիդեոյում հանդիպում կունենա նաև Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ: Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի անունից կտրվի պաշտոնական ճաշ:
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ ՀՀ Նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ «Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը»,– ասել է նա։
Սերժ Սարգսյանի հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Inosmi.ru-ն։
-Պարո՛ն նախագահ, իսկ հրավիրվա՞ծ է արդյոք այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահը։ Դրա համար կա՞ն անհրաժեշտ պայմանները։
— Նախ և առաջ, սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։
-Կարծես նախագահական ընտրություններում հաղթելու համար ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…
— Հնարավոր է, սակայն եկեք չշտապենք և սպասենք ընտրության արդյունքներին։
— Թուրքիան, և այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն։
— Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի։
— Տեսակետ կա, որ այժմ Թուրքիայում այս պահին ազգայնականությունն է զարթոնք ապրում։ Դա հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում։ Արդյո՞ք դա կկարողանա պատճառ դառնալ Թուրքիայի և Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար։
— Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները։
— Լավ, ուրեմն փորձեմ հարցս փոքր-ինչ այլ կերպ ձևափոխել. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, անխոս աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։
— Սակայն մենք որևէ լարված իրավիճակ չունենք Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Ծայրահեղ դեպքում՝ քաղաքական։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
-Այո՛, բայց անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։
— Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում։
-Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով։
-Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։
-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել …
-Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները։
-Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված՝ Ռուսաստանի հետ միությունը դժվարացնո՞ւմ է հարաբերությունները Եվրոպայի հետ։
-Հասկանալի է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։
— Ո՞ւմ եք հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
-Հրավեր ուղարկվել է Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին։
— Ի՞նչ են պատասխանել նրանք։
-Մենք դեռ պատասխան չենք ստացել, քանի որ սգո միջոցառումների մեկնարկին դեռ շատ ժամանակ կա։
Թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Երևանը Մաքսային միությունից որևէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն այսպես կոչված «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։
Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Իսկ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչև 15-20 տոկոս:
Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեև հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա:
Հայկական ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին:
«Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:
Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ: Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի:
«Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Նշենք, որ Էմիլ Տարասյանը 2008-2014թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մեզ նման փոքր երկրում մարազմատիկ դրսևորումները, իհարկե, ցավալի են: Օրինակ՝ երբ բյուջեից 4,5 միլիոն դրամ է հատկացվում Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար: Կամ՝ երբ 10.000 դրամ տուգանքը չվճարելու համար բանկը սառեցնում է քաղաքացու մի քանի միլիոնանոց հաշիվը: Դրանք ցավալի են միայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս համար, որովհետև, փոքր երկիր լինելով, մենք հավակնություն և հնարավորություն չունենք մեր մարազմները տարածելու հարևանների, տարածաշրջանի կամ ամբողջ աշխարհի վրա: Շատ ավելի վտանգավոր է, երբ մարազմի նշաններ են ցույց տալիս գերտերությունները, որովհետև մարազմը դառնում է ոչ թե մեկ՝ առանձին վերցրած երկրում գոյություն ունեցող երևույթ, այլ պարտադրանք, խորհրդային լեզվով ասած՝ «գոստ», պետական ստանդարտ:
Այն պահից, երբ Ռուսաստանը «վեր կացավ ծնկներից և գտավ իր ուրույն և «անկրկնելի» ճանապարհը, «գոստերը» սկսեցին համապատասխանել այդ՝ մի կողմից եվրասիական, մյուս կողմից «սոբորային», այսինքն՝ կոլեկտիվիստական գաղափարախոսությանը: «Սոբորայնության» ամենավառ դրսևորումներից մեկն է կանանց ժանյակավոր ներքնազգեստի արգելումը: Իսկապես որ՝ հոգևորի գերակայության պարագայում ի՞նչ կանայք, ի՞նչ ներքնազգեստ: Պլանավորվում է նաև կանանց բարձրակրունկ կոշիկների արգելքը, որը նույնպես, ըստ երևույթին, վկայելու է Ռուսաստանի ուրույն, «անկրունկ» ոգու մասին:
Բայց դա, ի վերջո, Ռուսաստանի ներքին գործն է. Պարզ չէ, թե մեզ ինչու են այդ «գոստը» պարտադրում:
Առավոտ. խմբագրական
Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:
Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:
Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:
Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:
Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:
Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:
Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:
Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:
Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:
Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:
Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:
Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:
Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:
Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:
Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:
Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:
Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:
Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:
Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:
Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:
Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:
Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:
Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:
Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:
Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:
Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:
Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:
Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:
Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:
Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:
Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:
Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.