29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանում երկու պետական կառույց կա, որոնց պատերից ներս Հայաստանի քաղաքացիները ըստ պաշտոնական հաղորդագրությունների պարբերաբար ինքնասպան են լինում շատ կասկածելի հանգամանքներում՝ Ոստիկանություն եւ Պաշտպանության նախարարություն:
Վերջին այդպիսի երկու դեպքերից են պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի, իսկ մինչ այդ … Խալաֆյանի դեպքերը: Նորմալ գործող պետական եւ քաղաքական համակարգի պայմաններում ոլորտի պատասխանատուները պետք է անհապաղ հրաժարական տված լինեին այսպիսի դեպքերից հետո: Սակայն Հայաստանում դա տեղի չի ունենում: Պաշտոնյաները մնում են իրենց տեղում, իսկ քննչական եւ դատական համակարգը ամեն ինչ անում է նման գործերը հնարավորինս կոծկելու եւ «մեղմելու» համար: Մինչ տեղի ունեցած դեպքերի մեծ մասը ակնհայտ սպանություններ են, դրանց կապակցությամբ ինքնասպանության պաշտոնական վարկածի հապճեպ առաջքաշումը, նշանակում է ուղղակի ձեռք առնել եւ «գժի տեղ» դնել հասարակությանը: Հետեւաբար այս իրավիճակում մեզ մնում է միայն մեկ ելք՝ պահանջել ՊՆ նախարարի եւ Ոստիկանության պետի ինքնասպանությունը:
Այդ պահանջը՝ ա. Հայ սպայի եւ հայ պաշտոնյայի արժանապատվության եւ պատվի փրկության վերջին շանսն է, քանի որ ուղղակի հրաժարականը այլեւս չի կարող կատարել այդ գործառույթը, եւ բ. Հասարակության վիրավորված արժանապատվության եւ պատվի վերականգնման վերջին շանսն է: Ինքնասպանության պահանջով հանդես գալով՝ մենք ընդամենը վերադարձնում ենք մեր պաշտոնյաներին այն վարկածը, որը նրանք փորձում են հրամցնել մեզ:
Միաժամանակ, անկախ անձնական համակրանքներից եւ հակակրանքներից մենք հոգում ենք մեր պետության եւ մեր բանակի պաշտոնյաների եւ սպաների պատիվը, որը բարձր է կոնկրետ անձերի կյանքից եւ շահից: Պահանջո՛ւմ ենք Սեյրան Օհանյանի եւ Ալիկ Սարգսյանի անհապաղ ինքնասպանությունը: Բա՛րձր պահեք հայ սպայի եւ հայ պաշտոնյայի պատիվը՝ հեռացեք այս կյանքից:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Այսօր առավոտից հայկական facebook-ը գտնվում է շոկային վիճակում: Մեր ընկերուհու՝ ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Ծովինար Նազարյանի եղբայրը` Արտակ Նազարյանը տարօրինակ պայմաններում ինքասպան է եղել:
ՀՀ ՊՆ տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
Հուլիսի 27-ին` ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է հետաքննություն:
Ոչ Արտակի ծնողները, ոչ մենք՝ Ծովինարի ընկերները, չենք հավատում նրա՝ սեփական կամքով կյանքից հրաժարվելու վարկածին: Արտակի մայրը գիտեր, որ որդին զորամասում պրոբլեմներ է ունեցել, վերջերս նա այցելել էր որդուն, ու մի քանի օր մնացել դրանք պարզելու համար :
Չնայած դեպքը տեղի է ունեցել առավոտյան, հարազատներին հայտնել են միայն երեկոյան ժամը հինգին: Նրանց ասել են, որ Արտակը կրակել է իր բերանի մեջ: Տարօրինակ է, որ 1979թ. ծնված Արտակ Նազարյանը, որն ընդամենը պայմանագրային զինծառայող էր, նույնիսկ զինվոր չէր, այդքան նեղվեր «դեդովշինայից», որ ինքնասպան լիներ, երբ կարող էր ոչ կյանքի գնով լուծարել պայմանագիրը: Եթե նույնիսկ ինքնասպան է եղել, ապա ի՞նչն է նրան դրդել դրան, ինչո՞ւ է նա դիմել այդ քայլին:
Նրան ճանաչողները վստահ են, որ Արտակը ինքնասպանի բնույթ չուներ, ու կատարվածը հաստատ մութ պատմություն է: Մենք՝ Ծովինարի ընկերները, ցավակցում ենք նրան այս դժվարին պահին, հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել նրա կողքին ու հաստատակամ ենք բացահայտելու ողջ ճշմարտությունը պատահարի մասին ։
Հայկական Facebook-ի անունից՝
Լուսինե Վայաչյան
+ Հրանտ Տէր-Աբրահամեան
«Հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել նրա կողքին ու անպայման կգնանք մինչև պատահարի մասին ողջ ճշմարտությունը դուրս չգա գետնի երես»:
Անպայման պետք է էս հարցով զբաղվենք: Մինչև էսօր սա միշտ լինում էր անծանոթ մարդկանց հետ, հիմա էկավ հասավ մեր շրջապատը: Ծովոն ինքն էն մարդն է եղել, որ միշտ ուրիշների իրավունքի համար պայքարել է՝ ծանոթ ,թե անծանոթ: Իսկ հիմա մենք առավել ևս պետք է նրա կողքին լինենք ու ամեն բան փորձենք անել:
+ Աննա Մուրադյան
Պետք է ամեն բան անել էս պատմությունը պարզելու համար: Ահավոր ծանր ու չտանելու դեպք ա…
+ Զառա Հովհաննիսյան
Միանում եմ ցավակցությանդ ու լիովին զորակցում պատահարի մանրամասների վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը բացահայտելու հարցում։
+ Էդգար Առաքելյան
Կարծում եմ, որ սա էն դեպքն է, երբ ողջ լրագրողական հանրությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միահամուռ կերպով մինչև վերջ իրենց համերաշխությունն են հայտնելու Ծովինարենց ընտանիքին ու նրանց հավասար հետամուտ են լինելու նողկալի իրականության բացահայտմանը:
+ Արմեն Օհանյան
Ծովիկենց տնից եմ գալիս: Արտակի վրա եղել են բռնության հետքեր, ձեռքերին և դեմքին `կապտուկներ, գտել են ժայռին հենված, իբր իր ավտոմատով կրակել է իր բերանի մեջ: Պայամանագրային զինծառայողը պատճառ չունի ինքնասպան լինելու էն պարզ պատճառով, որ ցանկացած պահի կարող է ծառայությունը թողնել և հետ գալ տուն: ՊՆ-ից չկա դեռևս ո’չ ցավակցություն, ոչ որևէ օժանդակության առաջարկ. ստանդարտ ինքնասպանության կանխավարկածի մասին մամլո հաղորդագրություններ տարածելուց բացի` ոչինչ:
+ Արգիշտի Կիվիրյան
+ Արթուր Ավթանդիլյան
+ Լիզա Ճաղարյան
+ Նարինե Գիժլարյան
+ Մարի Սամանլիան-Փոլադեան
+ Գևորգ Էմին-Տերյան
+ Արմինե Գեղամյան
+ Նազիկ Արմենակյան
+ Արա Նեդոլյան
+ Արմինե Գևորգյան
+ Լուսինե Թալալյան
+ Սոնա Աբգարյան
+ Արազ Արտինյան
+ Ռուզան Ավոյան
+ Արմինե Հարեյան
+ Նանե Բագրատունի
+ Միկա Արտյան
+ Կարին Գրիգորյան
Միացողներն ավելանում են…
Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ։
Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ՝ վերջին 1 տարվա ընթացքում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով։
Քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են։ Մասնավորապես քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ։ Օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի՝ հաճախ նաև մինչև 20 հոգի։
Մահճակալների քանակը չի բավարարում, որի պատճառով ազատազրկվածները քնում են հերթափոխով՝ մի մասը՝ գիշերը, մյուսը՝ ցերեկը։ Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում։
Գերբնակեցման հիմքում ընկած են հետևյալ պատճառները՝ հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից կալանավորում խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածները մեկնաբանելիս (անձնական ազատության իրավունք) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն նշել են, որ կալանավորում խափանման միջոցը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց, այն դեպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացման բնականոն ընթացքը։
Այլ պատճառներից կարելի է նշել նաև այլընտրանքային պատիժների ոչ բավարար կիրառումը, ինչպես նաև վաղաժամկետ ազատման սակավ կիրառումը։
2009թ.-ի տվյալների համաձայն վաղաժամկետ ազատվել են այդպիսի հնարավորություն ունեցող դատապարտյալների 14%-ը։ Ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան մշակված համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա վաղաժամկետ ազատման հանձնաժողովները կարող են որոշումներ ընդունել։ Բացի այդ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների անդամները, ներկայացնելով գերատեսչություններ, այդ թվում նաև ուժային, առաջնորդվում են գերատեսչական շահով և սուբյեկտիվ գործոններով։
Մարդու իրավունքների զանգվածային խախտումները քրեակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում։
Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ ենք անում իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ։
Կոչ ենք անում քրեական վարույթ իրականցնող մարմիններին, դատական իշխանությանը կալանավորում խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում՝ նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին։
Կոչ ենք անում ՀՀ Վճռաբեկ դատարանին հետևողական լինել կալանավորում խափանման միջոցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունների (որոնք տրվել են Ասլան Ավետիսյանի գործով)՝ որպես նախադեպ կիրառությանը։
Կոչ ենք անում դատական իշխանությանը ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում։
Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
Միքայել Բաղդասարյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
Լուսինե Հարությունյան
«Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ
Էդմոն Մարուքյան
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդակլան կենտրոն» ՀԿ
Լևոն Ներսիսյան
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
Ավետիք Իշխանյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ԿՀ
Լաուրա Գասպարյան
«Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» ՀԿ
Արթուր Սաքունց
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
Գայանե Շահնազարյան
«Հուսո առագաստ» ՀԿ
Մարատ Դադունց
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
Սուրեն Իսկանդարյան
«Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» ՀԿ
Արայիկ Հարությունյան
«Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ
Գրիգոր Առուստամյան
«Օրենքն և իրավապաշտպանություն» ՀԿ
Թեմիկ Խալափյան
«Տրտու» ՀԿ
Մինչ «Շանթ» հեռուստաընկերությունն իր «Բանակում» հեռուստասերիալով բոլորին փորձում է համոզել, թե հայկական բանակը գրեթե իդեալականի կարգի մի բան է, հայ սպաներն ու ենթասպաները` իդեալական տղաներ, այդ նույն ընթացքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մոնիթորինգի է ենթարկում Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:
Արդյունքները հրապարակվել են հատուկ գրքույկով, որի շապիկին այնպիսի մի եվրոկառույցի նկար է տեղադրված, որ այլևս գրքույկն ընթերցելու ցանկություն չի առաջանում. բանակում ծառայածներից ով տեսավ այս լուսանկարը, նույն միտքը արտահայտեց. «եթե գաումպվախտը այսքան լավն է, ավելի լավ է 2 տարին հենց այդտեղ անցկացնել»: Վերջին տարիներին ասվում է, որ բանակում զգալի տեղաշարժեր եղել են, սա այլևս 90-ականների բանակը չէ: Ուսումնասիրությունը, հավանաբար, նախապատրաստվել էր հենց այս նպատակով ևս ցույց տալ, թե ինչքան բան է փոխվել: Պարզվել էր, որ վերջին տարիներին ընթանում են մեկուսարանների վերանորոգման աշխատանքներ, այցելած 11 մեկուսարաններից 7-ը վերանորոգվել էին, իսկ որպես օրինակ բերվող վատ վիճակում գտնվող Վեդիում, Էջմիածնում և Գյումրիում տեղակայված մեկուսարաններից, (Վեդին ըստ արդյունքների անցկացմանն արդեն հասցրել էր վերանորոգվել):
Ուսումնասիրությունը լի է իրարամերժ դիտարկումներով: Օրինակ, այստեղ կարելի է կարդալ` «մեկուսարաններում լողանալն ապահովվում է տեղադրված ցնցուղների միջոցով. հիմնականում 2-3 հատ յուրաքանչյուր մեկուսարանում». (դրանից ավելի էլ ի՞նչ եք ուզում` հարցնող լինի), մի տեղ էլ նշված էր, թե այցելած մեկուսարաններից ոչ մեկում գազաֆիկացում չկար, բայց «ջեռուցումն ու տաք ջրամատակարարումն ապահովվում է էլեկտրականության միջոցով». (հավանաբար, եվրոպացիները «տյոպլի պոլ» են պահանջել, ինչի համար գազաֆիկացումն ուղղակի պարտադիր է):
Պահման պայմաններից բացի, շատ ավելի լուրջ է մեկուսարաններում հայտնվելու հետ կապված խնդիրները: Մինչև 72 ժամ մեկուսացման դեպքում բավական է նաև հրամանատարի բանավոր հրամանը։ Դրանից ավելի երկար ժամկետով կարգազանց զինվորին մեկուսացնելու համար հարկավոր է քննություն անցկացնել, ինչը ըստ ՀԿ-ի` չի արվում: Հատկանշական է, որ հարցվածների ¾-ը մեկուսացվել են առավելագույնը` 10-օրյա ժամկետով: Թե ինչու՞ են հրամանատարներն ընտրում հենց առավելագույն պատժաժամկետը, հ/կ անդամներն այդպես էլ չէին հասկացել. դե, ո՞վ կարող է հասկանալ մեր ուժային կառույցների ղեկավարների կամ անգամ ամենաստորին օղակում գտնվող, բայց մի փոքր իշխանություն ունեցողների ճաշակն ու քմահաճույքները: Զորամասերից մեկում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» անդամներն «զմայլանքի» արժանի մի հրամանատար էին հայտնաբերել. նա տարվա ընթացքում 300 հոգու ենթարկել էր կարգապահական տույժի`մեկուսացման եղանակով, այլ կերպ ասած, այս հրամանատարը օրը մեկին գաուպվախտ էր ուղարկել, բայց եթե թույլ ենք տալիս կասկածել, որ նա բացի մեկուսացնելուց նաև այլ պատիժներ կարող է կիրառած լիներ, ապա, այստեղ միայն մի բացատրություն կարող է լինել: Երբ Պաշտպանության նախարարությունում նրան գործուղել են զորամաս, տեղեկացրել են,որ հրամանատարի հիմնական գործառույթը զինվորներին պատժելն է. դե, մարդն էլ եկել ու իր գործն է արել:
Մի հետաքրքիր հանգամանք էլ էին բացահայտել մոնիթորինգ իրականացրածները: Ռազմական ոստիկանությունում չէին հիշել թեկուզ մեկ դեպք, երբ զինվորը բողոքարկած լիներ կարգապահական տույժը: Նման դիտարկումը խոսում է այն մասին, որ Արման Դանիելյանն ու նրա թիմի անդամներն այնքան են շփվել եվրոպացիների հետ, որ լրիվ կտրվել են հայ իրականությունից և պահանջելու պես, ասում են բաներ, որ մեր իրականությունում անգամ տարօրինակություն կարող է թվալ: Որքան էլ հայկական բանակը բարեփոխվի, դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարող է լինել բողոքող զինվորի հետ մի փակ տարածքում, որտեղ ասողն ու թելադրողը նա է, ումից հիշյալ զինվորը համարձակվել է բողոքել:
Լ.Կ.
Սխալվել կարող են բոլորը, բայց կան ոլորտներ և կան պաշտոնյաներ, որոնց սխալները շատ հաճախ ճակատագրական են լինում:
Ճակատագրական սխալների առատությամբ աչքի ընկնող թիվ մեկ կառույցը, երևի թե, արդարադատական համակարգն է: Քննիչի, դատախազի, դատավորի մի վրիպումը, թյուրընկալումը, սխալը կարող է մարդու և նրա մերձավորների կյանքը արժենալ:
Խոսքը ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոնական մարմնի Տեղաբաշխման հանձնաժողովի ընդամենը մի փոքրիկ սխալի մասին է, որի հետևանքը փոքր համարել չի կարելի: ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում 15.10.2001թ. հարուցված թիվ 13208501 քրեական գործով Արթուր Այվազյանը և Մարտիրոս Աճեմյանը ձերբակալվում են, որից հետո 03.12.2003թ. նույն համայնքի առաջին ատյանի դատարանը (դատավոր Պ. Օհանյան) կայացնում է դատավճիռ և դատապարտում ազատազրկման` Այվազյանին` 14, իսկ Աճեմյանին` 13 տարի ժամկետով: Գործը բողոքարկվում է թե´ Վերաքննիչ, թե´ Վճռաբեկ ատյաններում, սակայն մնում է անփոփոխ:
Այն ժամանակ, երբ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ, ՀՀ-ում գործում էր Ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը, հետևաբար ազատազրկման ձևով պատժի կրման վայրին և պայմաններին վերաբերող հարցերը պարտադիր կարգով պետք է կարգավորվեին հենց այդ օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ազատազրկման ձևով պատժի կրումը նախատեսվում է իրականացնել հետևյալ կարգով` ազատազրկում ընդհանուր ռեժիմի, ուժեղացված ռեժիմի և խստացված ռեժիմի պայմաններում. դրանցից զատ գոյություն ունի նաև առանձին` բանտային ռեժիմի պայմաններում դատապարտյալի պահման կարգ, որի կիրառման անհրաժեշտության դեպքում դատավճռում անպայմանորեն շեշտվում է դա:
ՀՀ ԱՆ ՔԿԾ Կենտրոնական մարմնի Տեղաբաշխման հանձնաժողովը, անտեսելով այն, ինչ նշված էր դատավճռում, այլ կերպ ասած` չարաշահելով պաշտոնական լիազորությունները /անհնար է, որ հանձնաժողովը չիմանար կարգի մասին։ / և չղեկավարվելով այդ ժամանակ ՀՀ-ում գործող Ուղղիչ-աշխատանքային օրենսդրության պահանջներով, այլ ղեկավարվելով դրանից հետո ընդունված Քրեակատարողական օրենսգրքով, ազատազրկման ձևով պատժի կրման վայր ուղարկելու փոխարեն որոշում է կայացնում պահել դատապարտյալներին բանտային պայմաններում:
Հիշյալ գործով մի հետաքրքիր հանգամանք կա: Ըստ` ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ից մեզ դիմած Դատապարտյալ Այվազյանի նամակի «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը 13.06.2005թ. թիվ 6 հրամանով Տեղաբաշխման հանձնաժողովի սխալը փորձում է շտկել և կարգադրում է Մարտիրոս Աճեմյանի պահման պայմանները փոխել: «Նկատի ունենալով, որ դատապարտյալ` Մարտիրոս Արտաշեսի Աճեմյանը, հանցագործությունը կատարել է մինչև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ուժի մեջ մտնելը 10.02.2005թ., ուստի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 07.06.2005թ, նիստի որոշմամբ նախատեսված սահմանափակումները չկիրառել»:
Ի տարբերություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի, «Արթիկ» ՔԿՀ-ի պետն այդպես էլ նման հրաման չի ստորագրում, այնպես որ Արթուր Այվազյանը շարունակում է ազատազրկումը կրել բանտային ռեժիմի պայմաններում:
Սահմանադրության 42-րդ հոդվածի երրորդ մասում ասվում է. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Այվազյանի նկատմամբ փաստացի կիրառվել է ավելի ծանր պատիժ, քան այն, ինչը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին, այսինքն` ի սկզբանե խախտվել է Սահմանադրությունը: Այվազյանը բազմաթիվ դիմումներ է ուղղել ՀՀ տարբեր ատյաններ` կատարված սխալը շտկելու խնդրանքով, որոնց մեջ վկայակոչել է Քրեական օրենսգրքի, Սահմանադրության, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտման փաստերը, շեշտելով, որ նույն գործի շրջանակներում մեկի նկատմամբ կատարված սխալը շտկվում է, իսկ մյուսի` կոնկրետ իր նկատմամբ, մնում է անփոփոխ:
Մինչ օրս Այվազյանը շարունակում է իր պատժաժամկետը կրել բանտային ռեժիմի պայմաններում: Իսկ նրա գրած բազմաթիվ դիմում բողոքները մնում են անպատասխան։
Լ.Կ.
Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մ. Պ.-ն հասնում է Հյուսիսային ավտոկայան` Դիլիջան ուղևորվելու նպատակով: Տեսնում է,որ երթուղայինը շարժվելու մտադրություն չունի։ Մեզանում ի տարբերություն, ասենք, ՌԴ –ի երթի ժամն ապահովելն այնքան էլ չի կարևորվում, որպես կանոն վարորդները չեն շարժվում, մինչև ուղևորներն ամբողջությամբ չեն զբաղեցնում նստատեղերը: Սակայն, սա առանձին խոսակցության թեմա է և օրվա նյութին առնչվում է այնքանով, որքանով Մ.Պ.-ն շտապում էր, ու հենց այդ ժամանակ ավտոկայանի մուտքի մոտ մի տաքսի է կանգնում և հարցնում, թե ո՞վ է գնում մինչև Իջևան: Մ.Պ.-ն մի կնոջ և նրա 20-ամյա դստեր հետ որոշում են տաքսի նստել: Տաքսու ուղևորները հազիվ են հասցնում տեղավորվել և մեքենան արդեն պատրաստվում է շարժվել, երբ նրանց են մոտենում 5-6 «կերած-խմած տղամարդ», ինչպես հետո իր ցուցմունքում ներկայացնում է Մ.Պ.-ն, մեքենայից դուրս են բերում վարորդին և գոռգոռալով սկսում են անխնա ծեծել: Ծեծողները վարորդից բանալիները խլում ու նետում են խոտերի մեջ, ուղևորներին էլ պարտադրում են իջնել ու նստել երթուղային: Երբ Մ.Պ.-ն փորձում է միջամտել` վարորդին ազատելու համար, տղամարդկանցից մեկը հարձակվում է նրա վրա և ծեծի ենթարկում` ամենալկտի հայհոյանքներով անպատվելով, հատկապես, երբ իմանում է, որ նա կապ ունի լրագրության հետ: Մ.Պ.-ի մոտ դատաբժիշկը արձանագրել է բազմաթիվ սալջարդային վնասվածքներ:
Միջադեպին փորձում է միջամտել ավտոկայանի աշխատակից Գագիկ Դավթյանը, որն իբր ցանկանում է «շտկել» իրավիճակը, սակայն, կարծես առանձնապես դեմ չի լինում, որ ուրիշի բոստանը մտած հանդուգն վարորդն իր դասը ստանա: Տեսնելով, որ որևէ մեկը չի օգնում, Մ.Պ.-ն զանգահարում է 1-02: Հերթապահը չի ներկայանում, նույնիսկ այն բանից հետո, երբ զանգահարողը 3-4 անգամ խնդրում է ասել, թե ով է հաղորդագրություն ընդունողը: Կինը հուզված պատմում է, որ «4-5 հոգով մարդ են սպանում», խնդրում է շտապ հասնել, իսկ հերթապահը պարզապես անտարբեր երկարացնում է հարցուփորձը: Սպասում են 20 րոպե. ոչ մի ոստիկան չի հայտնվում: Մ.Պ.-ն նորից է զանգահարում, պատասխանում են, թե հաղորդել են Ավանի ոստիկանությանը: Անցնում է ևս 10 րոպե, այս անգամ զանգահարում են Ավանի ոստիկանություն, այնտեղ հայտնում են, թե. շատ ցավում են տեղի ունեցածի համար, սակայն, թե դա իրենց տարածքը չէ, պետք է զանգեն Աբովյանի ոստիկանական բաժանմունք: Մ.Պ.-ն ձայնը բարձրացնելով ասում է, թե տեղի ունեցածի մասին կբողոքի ոստիկանապետին, որից ոստիկանները մի փոքր սթափվում են: Այդ ժամանակ արդեն վարորդն ահաբեկված նստում է մեքենան և հայտնում, որ գնում է, քանի որ չի ցանկանում «պրոբլեմներ ունենալ ոստիկանների հետ, մանավանդ, որ նրանց չի վստահում»: Վարորդն ինքն էլ շտապում էր Իջևան` տղայի զինվորական երդման արարողությանը, ուստի ուղևորներին խնդրում է արագ կարգի բերել իրենց և տաքսին շարժվում է Դիլիջան: Ճանապարհին արդեն Մ.Պ.-ին է զանգահարում Աբովյանի ոստիկանական բաժանմունքի օպեր-լիազոր Գևորգը և հայտնում, որ գալիս են խոսելու: Ոստիկանները ցուցմունք են վերցնում և տալիս դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Հյուսիսային ավտոկայանում տեր ու տնօրինություն անող և ՀՀ քաղաքացիներին ըստ հայեցողության անխնա ծեծի ենթարկողները, պարզվում է, «Տարոնի արծիվ» ՍՊԸ-ի աշխատակիցներն էին: Սակայն արծիվների «քաջարի գործունեությունը» պարզապես ինքնագործունեություն չէր. նրանք սպասարկում էին իրենց տիրոջ` «ԱՍԱԼԱ» -ի հերոսներից մեկի` Վարուժան Կարապետյանի շահերը, որին ըստ երևույթին, նախկին ծառայությունները հաշվի առնելով, նվիրաբերվել է հիշյալ երթուղային գիծը:
Դեպքից հետո, երբ ոստիկանությունն արդեն ցուցմունքները վերցրել և գնացել էր, ասպարեզ է գալիս նաև անձամբ Վարուժան Կարապետյանը և կապվելով Մ.Պ-ի հետ, փորձում լռության մատնել տալ միջադեպը` համոզելով, թե «ի՞նչ է տեղի ունեցել, որ, ընդամենը մի մուշտի են տվել»:
Ցավոք մեր ոստիկանները ևս ընտրողաբար են պատժում մուշտի տվողներին. որ դեպքում որ թուրները կտրում է`անխնա են, ում ձեռքը բռնել չեն կարողանում պաչում են, դնում ճակատին։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը առիթը բաց չի թողնում ասելու, թե իր ղեկավարման ընթացքում ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացել է, թե ոստիկանությունում շատ խիստ է դրված ուսադիրի նկատմամբ հարգանքի բարձրացման հարցը և որ ոստիկանության համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են: Մինչդեռ հենց մեր առօրյայից հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Այս միջադեպը ևս բավական խոսուն է` թե´ ոստիկանության նկատմամբ շարքային վարորդի տածած «վստահության», թե´ ոստիկանությանն իսկապես վստահող կնոջ և 1-02-ին նրա ահազանգի պատասխանը դիտարկելով։ Միջադեպի ընթացքից կարելի է եզրակացնել, որ եթե անգամ այն ավարտվեր ողբերգությամբ, ու տուժողների կյանքը վտանգվեր, ոստիկանությունն այդպես էլ մատը մատին չէր տա, քանի որ, ինչպես երևաց, թե ինչ արագությամբ տեղեկացվեցին «արծիվները», ոստիկանական բաժանմունքները երթուղային գծերի տերերի հետ իրենց «հատուկ» հաշիվներն ունեն ու ահազանգերն ընդունվում են բացառապես այդ «հաշիվներից» բխող օգուտներն ու վնասները հաշվի առնելով:
Հունիսի 28-ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի ժամանակ մահացել է կոմբինատի աշխատակիցը` 30-ամյա Ղազար Առաքելյանը: Կոմբինատի ղեկավարությունը դեպքը չի մենաբանում։
Մանրամասներ հայտնի չեն։ Քանի դեռ հետաքննող մարմինը և դիահերձումը չեն տվել իրենց եզրակացությունները, կոմբինատում խուսափում են խոսել մահվան պատճառների մասին։ Կոմբինատի ղեկավարության կողմից շրջանառության մեջ է դրվում այն վարկածը, թե 30-ամյա Ղ. Առաքելյանը կաթվածահար է եղել: Դա այն վարկածն է, որի հաստատվելու դեպքում կոմբինատի ղեկավարությունը կարող է խուսափել պատասխանատվությունից։ Սակայն շշուկները այլ բան են ասում:
Այսօր փորձեցինք ճշտել դեպքի մանրամասներն ու նախաքննության ընթացքը, Ազգային անվտանգության տեխնիկական կենտրոն ՊՈԱԿ-ից, որն, ի պաշտոնե, պարտավոր է կատարել վտանգավոր օբյեկտների փորձաքննություն, ուստի նմանատիպ մահվան դեպքերը պետք է գտնվեն այդ կառույցի ուշադրության կենտրոնում, քանի որ ցանկացած օբյեկտի սխալ շահագործումը կամ դրա կանոների անտեսումը կարող է բերել դժբախտ պատահարի։ Սակայն ՊՈԱԿ-ի փորձագետների վարչության պետը, որը խուսափեց ներկայանալուց, տեղյակ չէր կատարվածից:
Վերջերս դարձյալ թրաֆիկինգի հետ կապված տեղեկության վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը պարզաբանում էր տեղադրել, նշելով, որ հիմնականում Թուրքիայից ՀՀ քաղաքացիները վտարվում են վիզայի և այլ խնդիրների պատճառով, ինչը խեղաթյուրվում է թուրքերի կողմից և մեկնաբանվում, թե իբր բոլոր վտարվածները զբաղվել են գլխավորապես պոռնոբիզնեսով:
Ոստիկանությունն այնուհետ տեղեկացնում է, որ մարմնավաճառության հարցով զբաղվում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, որը համագործակցում է Թուրքիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ և նույն կառույցի երկու բյուրոները մշտապես միմյանց տեղյակ են պահում յուրաքանչյուր դեպքի ու կասկածի մասին: Ոստիկանության հաղորդագրության մեջ կարդում ենք այսպիսի հատված. «Անարդյունավետ է համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչներին Թուրքիայի իշխանությունների կողմից հանձնելու կամ գոնե Թուրքիայում պատասխանատվության ենթարկելու հարցում: Մասնավորապես` 2003 թվականից ՀՀ իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով, ջանքեր են գործադրվում թրաֆիքինգ կազմակերպելու համար և հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչին պատասխանատվության ենթարկելու, նրա հանցավոր գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, մինչդեռ նա շարունակում է հավաքագրել` սեռական շահագործման նպատակով Թուրքիա փոխադրել ՀՀ քաղաքացիների»:
Թրաֆիքինգը, որպես կանոն, այն հանցագործությունների թվին է պատկանում, որն անհնար է իրագործել` առանց համապատասխան հովանավորության: Մարդկանց հավաքագրելու, նրանց այլ պետություն տեղափոխելու համար հարկավոր է հզոր տանիք ունենալ, իսկ այդպիսին, դարձյալ, որպես կանոն, պետք է փնտրել իրավապահ համակարգում: Որքան մեծ է հանցագործությունը, այնքան, բարձր է լինում տանիքը: Այնպես որ, ՀՀ իրավապահ մարմինների և Թուրքիայի իրավապահների անարդյունավետ աշխատանքի պատճառը հարկավոր է փնտրել հենց սրա մեջ:
Թուրք ոստիկանները չեն աշխատում մերոնց հետ, որովհետև այդ համագործակցությունը չի բխում նրանց շահերից, որպես պոռնոբիզնեսից հսկայական շահույթ ստացող երկիր` Թուրքիայի իրավապահներին ձեռնտու չէ բացահայտել իրեն հսկայական եկամուտ ապահովող անձանց կամ դրանց խումբը։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ Ինտերպոլը շուրջ 7 տարի փնտրում է Գոհար Կիլինչի անունով կնոջն ու չի գտնում։
Նույն տրամաբանությամբ և նույն մեթոդով մեր իրավապահները փնտրում են նաև Հայաստանում կավատությամբ ու թրաֆիկինգով զբաղվողներին, որոնք, ինչպես հայտնի է, քչություն չեն անում: Մայրաքաղաքի բոլոր բարձրակարգ հյուրանոցներն ունեն իրենց` այդ կարգի ծառայություններ ապահովողները: Կան կանայք, որ հատուկ այդ նպատակով մանկահասակ երեխաներ են հավաքագրում և անգամ շշուկներ են պտտվում, որ հատուկ դպրոց է գործում, որտեղ երեխաներին սովորեցնում են տղամարդկանց սեռական կարիքները հնարավորինս վարպետորեն բավարարելու ձևերը: Տարօրինակ է, որ նման շշուկները հասնում են անգամ շարքային քաղաքացիներին, սակայն իրավապահները երբևէ չեն լսում դրանց մասին։ Այնպես որ, թուրք իրավապահներին մեղադրելուց կամ պարզաբանումներ կատարելուց առաջ, ճիշտ կլիներ, որ նախ մեր երկրում կարգի բերվեն նշված հարցերը։ Եթե միջին կարգի մարմնավաճառները ունեն որոշակի աշխատանքային պայմաններ, դրանց կազմակերպմամբ զբաղվողներ, ապա Երևանի փողոցները ողողված են էժանագին պոռնիկներով, որոնց աշխատանքը ևս կազմակերպվում է ոստիկանության կողմից, սակայն ոչ բավարար մակարդակով։ Նրանք, հասկանալի է,որ օգտվում են այդ կանանց ծառայությունից, որոնք հաճախ ամենալավ գործակալներն են, բացի այդ ոստիկանի հետ կիսում են եկամուտը։ Եւ ոստիկանական բուրգը քիչ եկամուտ չի ստանում առաջին հայացքից գրոշներ աշխատող փողոցային պոռնիկների տերերից: Մի կողմ թողնենք, թէ հարգում են իրենց անձը, բայց գոնե առևրևույթ հարգանք ոստիկանի ուսադիրի նկատմամբ պարտավոր են պահել ու հաշվի առնեն մունդիրի պատիվը բարձր պահելու այն «անդուլ պայքարը», որ տարվում է համակարգի կողմից, թե չէ օրը ցերեկով շարքային ոստիկաները կանգնում են մարմնավաճառների կողքին ու հետները գյալաջի անում, նրանց սիգարետներն են վառում։ Ինչքան էլ ոստիկանությունը հակված է հասարակությանը հորդորելու, թեթև տանելու աչքի տեսածը, մեկ է, շարքային քաղաքացին, հաճախ անչափահասը, բերանը բաց նայում է արտառոց զգեստներ հագած հակահիգենիկ պոռնիկների խմբին։
Ոստիկանությունից պարզաբանեցին, որ հոդվածը ապաքրեականացվելուց հետո, որպես վարչական իրավախախտ` մարմնավաճառը տուգանվում է 5000 դրամ։ «Նրանք շատ փող են աշխատում ու ամեն անգամ վճարում ու կանգնում են, ի՞նչ կարող ենք անել։ Մնում է միջնորդել` ավելացնելու տուգանքի չափը», -ասում էր ոստիկանության լրատվական վարչության պետ Սայաթ Շիրինյանը։
Տուգանքը գանձվում է դատական կարգով։ Կարելի էր մտածել, որ դատարաններում զօրուգիշեր տուգանքի գանձման դատավարություններ պետք է լինեն, սակայն առաջին ատյանի դատարաններ մեր կատարած հարցախույզը ցույց տվեց որ նման կարգի նիստեր հազվադեպ են լինում։
Ստացվում է` ստվերում գործող մի ամբողջ տնտեսություն մնում է աչքից ու ականջից հեռու։ Մեր երկրում նման շահավետ բիզնեսը չէր կարող անվերահսկելի ու անտեր լինել։ Կարելի է ենթադրել, որ դրա տերը կամ տերերը շատ հզոր են, իսկ որ ամենակարևորն է նրանք ամեն ինչ անում են որ ահռելի ֆինանսական շրջանառություն պարունակող ոլորտը չօրինականացվի, ասել է թե` դուրս մնա հարկային դաշտից։
Այսօր տարեկան հաշվետվություն է ներկայացրել ոստիկանության ձերբակալման վայրերում վերահսկողություն իրականացրած դիտորդական խումբը: Հաշվետվությունը վերաբերվել է 2009թ. դիտարկումներին: Հրավիրված են եղել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նրանցից և ոչ մեկը չի եկել, փոխարենը ուղարկել են ենթականերին:
Դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանն ասել է, որ ձերբակալվածների պահման վայրերում մարդուիրավունքները խախտվում են բոլոր առումներով. խախտվում է բուժօգնություն, սնունդ ստանալու, լոգանք ընդունելու, զբոսնելու իրավունքը, հանձնույքների համար պետք է գործի հատուկ սենյակ` իր պայմաններով, որը չկա, իսկ հանձնույքները շատ հաճախ հասցեատիրոջը չեն հասնում:
Բայց եթե դիտորդական խումբը մտահոգվել է հիմնականում լոգանքի ու զբոսանքի հնարավորության բացակայությամբ, ապա իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ծանոթանալով հաշվետվությանն, ասել է, թե խումբը դիտորդական առաքելություն է իրականացրել միայն ձերբակալված անձանց պահման վայրերում, որտեղ եղած խնդիրները 0.1 տոկոս է, մինչդեռ հարցերի 99,99 տոկոսը դրանցից դուրս է գտնվում: «Ոստիկանության բաժանմունքներում բռնությունները, խոշտանգումները, ապօրինի անազատության մեջ պահելը, ապօրինի բերման ենթարկելը, փաստաբանի ծառայությունից օգտվելու իրավունքից զրկելը շարունակվում է։ Մարդուն բռնի անհետացնում են՝ տեղյակ չպահելով նրա հարազատին, ընտանիքին։ Այս ապօրինությունների ամբողջ շարքը, ցավոք, հաշվետվությունում չկա», — ասել է Սաքունցը: Ոստիկանական բաժանմունքներում շատ հաճախ մարդիկ քննիչների կամայականությունների զոհն են դառնում, իսկ ՁՊՎ-ում (ձերբակալվածների պահման վայրեր) պահված օրերի ընթացքում դեռ հույս են ունենում, թե կկարողանան հարցերը կարգավորել քննիչի հետ. Ու դա է հիմնական պատճառը, որ չեն կենտրոնանում պահման վայրի պայմանների ու վերաբերմունքի վրա. Էդտեղ դեռ իրավապահների ճանկն ընկած մարդը հույս ունի, թե չի կալանավորվի, ուստի լավ է «նայում» ՁՊՎ-ի աշխատակիցներին։ Շատ հաճախ նման վայրերում են հայտնվում աննշան զանցանք գործածները, որոնց կարելի էր ուղղակի ստորագրությամբ բաց թողնել, մինչդեռ քննիչները, ամենահասարակ գործը բարդացնելով, քաղաքացուն դնում են անելանելի դրության մեջ: Արթուր Սաքունցը բերում է Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի օրինակը, որն անգամ ձերբակալված չէր. երիտասարդին ընդամենը բերել էին բաժանմունք, որտեղից ժամեր անց հանեցին նրա դիակը:
Շատ ավելի վատթար վիճակ է դատապարտյալների պահման վայրերում: Այստեղ իրենց հասանելիք քառակուսուց զրկված ու զույգերով քնող անազատության մեջ հայտնվածները ավելի շատ կարիք ունեն արդարության: Նուբարաշեն ՔԿՀ-ի ժամանակավոր պահման խցում կախված Վարուժան Հովհաննիսյանը նման քայլի էր դիմել` վերադառնալով դատական նիստից. 23-ամյա երիտասարդի ինքնասպանության դրդապատճառը ո´չ զբոսանքի բացակայությունն էր, ո´չ էլ լոգանքի` երիտասարդը կախվել էր արդարության բացակայության հետևանքով` դժգոհ մնալով դատավճռից:
Այս ֆոնի վրա, կալանքի որոշում կայացնող դատավորները աշխատում են արտադրական հոսքագծի արագությամբ` նրանց գալիս է քննիչի որոշումը դատախազության դաբրոյով, մտածելու և տրամաբանելու ժամանակ չթողնելով դատավորին, վերջինս արագությունն ապահովելու խնդիր ունի ու չի էլ մտահոգվում, թե խոտան է տալիս, կամ թե «Նուբարաշենում» շուտով մի քանի հարկ ավելացնելու կարիք է լինելու, կարևորը` քննիչների գործը հեշտ լինի.դատախազի ձեռքն ընկածին փակելու մոլուցքը բավարարվի։ Մարդու կատարած հանցանքը նրան մեկուսացնեու հիմնավոր պատճառ է, թե ոչ, էական չէ։ Դատարանի որևէ որոշման հիմքում բարոյականություն չկա։ Քննիչներն իրենց համարում են ընդամենը սևագիր անող` մարդկանց ճակատագրերի մաքրագիրը թողնելով դատախազությանը:
Վերջերս ուշադրություն գրավեց մի տեղեկություն, ըստ որի ՀՔԾ- ն գտել է Հարկային տեսչության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության նոր վարկած։ Հիշեցնենք, որ դրա բացահայտման ճանապարհին այնքան շատ վարկածներ փչվեցին, որ առիթ է տալիս ենթադրելու թե ներկայիս տարբերակի հավանականությունն էլ բարձր չէ։ Այժմ սպանության մեջ մեղադրվում է Պետեկամուտների կոմիտեյի նախագահ Գագիկ Ավետիսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Մուսկուլ Գագոյի խումբը։
Հիշեցնենք, որ 2006-ի սեպտեմբերին, հարկային պետական ծառայության շենքի դիմաց, ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական վարչության պետի ավտոմեքենայում տեղի ունեցավ պայթյուն, որի հետեւանքով զոհվեց Հովասափյանը։ Առաջ քաշվեցին մի շարք վարկածներ, որոնցից առաջինը կապված էր Վանաձորցի հեղինակություն Գոգայի` ի դեպ մինչ այժմ չբացահայտված սպանության հետ։ Վերջինս, իբր իր բիզնեսների հետ կապված ինչ–ինչ հարցեր էր ունեցել Հովասափյանի հետ եւ իբր նրա սպանությունը պատվիրվել էր Հովասափյանի կողմից, իսկ տեղի ունեցածը ընդամենը վրեժ էր. այս վարկածը իրավապահներին ձեռնտու էր այնքանով, որ բացահայտված կհամարվեր միանգամից երկու աղմկահարույց սպանություն։ Սակայն դեպքից մոտ մեկ շաբաթ անց առաջ քաշվեց մի նոր վարկած, որ հիմնավորել փորձեցին Հովասափյանի վարորդի տված ցուցմունքներով. նախորդ վարկածը փչվեց. Կալանավորվեցին Արմեն և Գուրգեն Վիրաբյանները` 40 օր մնալով կալանքի տակ։ Ընդ որում, նրանց պաշտպան Հ. Արսենյանի հավաստիացմամբ, եղբայրների ալիբիները հաստատվել էին, սակայն վարույթն իրականացնող մարմինը՝ գլխավոր դատախազությունը, մեղադրանքից չհրաժարվեց և խափանման միջոց ընտրված կալանքը չփոփոխեց: ՊատՃառը համարվում էր Հովասափյանի կողմից իր տեղակալ Արմեն Վիրաբյանին աշխատանքից ազատելը, իսկ եղբորը` Գուրգենին կալանավորել էին միայն նրա համար, որ Արմենի եղբայրն էր։ « Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատեր Վիրաբյան եղբայրներին սեպտեմբերին 16-ին մեղադրանք առաջադրվեց քր.օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ` մի խումբ անձանց կամկազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Կալանավորումից մոտ 2 ամիս անց իրավապահներին է դիմում մի անձնավորություն` Հ Իսրաելյանը, խոստովանելով որ սպանությունը ինքն է կատարել։ Նրան կալանավորում են` Վիրաբյաններին բաց թողնում, հետո պարզվում է, որ տվյալ անձնավորությունը կապ չունի սպանության հետ։ Որոշ ժամանակ անց նրան եւս բաց են թողնում։ Այս հետաքրքիր շղթայում հայտնվում է մեկ անձ ևս, վարձու մարդասպան, որը շատ կասկածելի հանգամանքներում, արդարացվում է և դարձյալ բաց թողնվում։
Թե ինչ պատիժ է սահմանվել, սպանությունը իր վրա վերցրած, դրանով նախաքննությունը շեղած,և փաստորեն Վիրաբյաններին ազատություն բերած մարդուն մեզ գոնե հայտնի չէ. Կիլլերը ևս, որն, ըստ խոսակցությունների, բարձրաստիճան տանիք ուներ, ջրից չոր դուրս եկավ և հեռացավ Հայաստանից։ Իսկ սպանությունը դասվեց չբացահայտվածների շարքին։ ԱԱԾ վարույթում քննվող գործը կասեցվեց։
Ինչպես նշեցինք, Այժմ սպանությունը վերագրվում է մեկ այլ հանցավոր խմբի. Թե ինչքանով է հիմնավոր այս վարկածը ցույց կտա ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, ՀՔԾ-ի միակ հիմքը ՊԵԿ-ի նախագահի մահափորձի եւ Հովասափյանի սպանության ձեռագրերի նմանությունն է` երկուսն էլ կատարվել են հեռակառավարման համակարգի միջոցով։ Պարզվում է` դա լիովին բավարար է մեղադրանք առաջադրելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.