29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ` կեսօրին Գյումրիում խոշոր հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հանցաշխարհի այսօրվա հեղինակությունները: Դեռևս անցյալ ամիս օրենքով գողերի հավաք էր եղել Ջերմուկում, որտեղ դարձյալ հյուրեր էին ժամանել Մոսկվայից:
Ի դեպ, նման հավաքների դեպքում իրավապահները աշխատում են անել այնպես, որ դրա մասնակիցները որքան հնարավոր է շուտ ցրվեն.օրինակ` Արմեն Կոնևսկու հուղարկավորությունից հետո մեկ ժամ ժամանակ էին տվել ցրվելու համար:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրիի Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից, որտեղ նշում էին հավաքվածներից մեկի` Սուրոյի, հոր ծնունդը, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել մոտ 30 հոգու:
Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում ոստիկանությունում են հայտնվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր»` «Մանեթի տղա Սամո» մականվամբ 38-ամյա Սամվել Հարությունյանը, (նրան անցյալ տարի ևս բերման էին ենթարկել կենտրոնի ոստիկանություն, առգրավել մոտը եղած դանակը, հետո բաց թողել) «Զավ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խոյեցյանը, «Օշականցի Գեւորիկը»` 41-ամյա Գևորգ Մելիքյանը (երգչուհի Սյուզի Մելիքյանի հորեղբայրը) «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը, «Ալո» մականվամբ 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը:
Նրանց հետ նաև հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ 40-ամյա Արամ վարդանյանը, եւ 37-ամյա ` հանրահայտ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:
Բոլորն էլ խուզարկվել և կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել:Ըստ տեղեկությունների Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Մեր ունեցած տեղեկություններով Գյումրու քաղաքապետի որդին փախել է դեպքի վայրից, նա այժմ էլ գտնվում է փախուստի մեջ, ու, հավանաբար, այդ պատճառով, որ աղմուկ չբարձրանա մյուսներին ստորագրությամբ բաց են թողել:
Երեկ` փետրվարի երկուսին, վերաքննիչ դատարանում Հ. Տեր- Ադամյանի նախագահությամբ ավարտվեց խարդախության մեջ մեղադրվող Հրանտ Բայրամյանի գործը: Այս գործը յուրահատուկ է նրանով, որ հիմքում շատ հետաքրքիր, համարյա անեկդոտ հիշեցնող պատմություն է ընկած.
Դատապաշտպան Դավթյանն ու դատախազ Ղալեչյանը համարյա անելիք չունեին: Ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը, սակայն վերաքննիչից ակնկալում էր պատժաչափի կարճում, ինչպես նաև` տուժողի ներկայությունը դատարանում։
Ամբաստանյալը` 1959 ին ծնված Հրանտ Բայրամյանը Էջմիածնի Գրիբոյեդով գյուղից է, նախկին ազատամարտիկ է, կռվել է Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ ջոկատում: Այս պատմությանը մենք արդեն անդրադարձել ենք. ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի այցի նախօրեին Հրանտ Բայրամյանը կալանավայրից բջջային հեռախոսից զանգահարել է երշիկեղենի արտադրությամբ զբաղվող «Բարի Սամարացի» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Հովակիմյանին և ներկայանալով իբրև նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա` պահանջել է թանկարժեք նվերների գումար հատկացնել համապետական կարևորության գործին` ՌԴ -ի օժանդակել նախագահին նվեր գնելուն: Չմերժվելու համար նա հանդես է եկել Սերժ Սարգսյանի աշխատակից Վաչիկ Ղազարյանի անվամբ: Ամեն դեպքում, Հրանտը համոզիչ ձայնով է խոսել և կարողացել է վստահություն ներշնչել, քանի որ, վաթսուն հազար դոլարի հարց է լուծել: Հավանաբար «Բարի Սամարացին տեղյակ է եղել նախագահի նախասիրություններից և իմացել, որ նա սիրում է ժամացույցներ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Խրոնոգրաֆ» խանութից ձեռք է բերել 45 և 15 հազար դոլարանոց երկու ժամացույց և պայմանավորված տեղում հանձնել Հրանտի «գործընկերոջը: Ընդ որում, 15 հազարանոցը նախատեսված է եղել Մեդվեդևի, իսկ 45 հազար դոլար արժողությամբ ժամացույցը Սերժ Սարգսյանի համար։ Բարի «քեռին» չի մոռացել նաև, որ այդ ամենը պետք է լինի անուշահոտ և նվերին ավելացրել է շատ թանկարժեք օծանելիք։
Դեռևս առաջին ատյանում տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Խոջոյանը դատարանից պահանջեց վերադարձնել թանկարժեք իրերը, սակայն ամբաստանյալն ասաց, որ ինքը 5 միլիոն` 550000 դրամ արժողության ժամացույցը վաճառել է գեներալ Մանվելի եղբորը ՝ 5 հազար դոլարով։ Վերջինս վճարել է, հետո կասկածել, թե նման ժամացույցն այդ գումարով չի կարող իսկապես ֆիրմային լինել, որոշել է վերադարձնել ֆալշ ապրանքը, բայց պարզվել է՝ 2000 դոլարն արդեն ծախսել են։
Հիշեցնենք, որ մեղադրող Ղալեչյանը մեղադրական եզրակացության մեջ նշել էր, որ նվերներ անելու պատրվակով Բարամյանը Հովակիմյանից հափշտակել է 5 միլիոն 550000 դրամ արժողության ժամացույց, մեկ ուրիշ` 15 միլիոն 540000 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց և 540 000 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, և դատարանից պահանջեց խարդախին դատապարտել 9 տարվա ազատազրկման։
«Ես հանցագործ չեմ, չնայած հանցանք եմ կատարել, ձեզ թվում ա ես ռեցեդևիստ եմ, չէ, կարգին տղա եմ։ Այդ քայլին եմ գնացել, որովհետև ունեմ երեք երեխա, քաղցկեղով հիվանդ եղբայր»,- ընդունելով մեղքը` իր խոսքում ասաց ամբաստանյալ Բարամյանը և միջնորդեց գործը քննել արագացված դատավարության կարգով։ Պաշտպան Հայկուշ Դավթյանը դիմեց դատարանին` հաշվի առնելու Բարամյանի մարդկային որակները, հայրենիքին մատուցած ծառայությունները, որոնց համար ստացել էր բազմաթիվ շքանշաններ և մեղմացնել պատիժը։ Որոշվեց նաև վերադարձնել թանկարժեք իրեղեն ապացույցները։ Հովակիմյանը խնդրել էր ապահովել հատկապես այդ մասը։
Հետաքրքիր է երկու հանգամանք. նախ` որտեղից է Հրանտին հայտնի դարձել, որ նախագահ Սարգսյանը հատուկ սեր ունի թանկարժեք ժամացույցների նկատմամբ։ Բացի այդ, «Բարի Սամարացին» իր ներկայացուցչի միջոցով հայտնել է թե. «Աստված իր հետ, ես ներում եմ իրեն ու ասել, որ եթե 5 հազար դոլար էր պետք Հրանտին, թող ասեր՝ ինքը նրան կտար»։
Այսպիսով «Բարի Սամարացին» բարի, ազգօգուտ գործի գիտակցությամբ ու քրիստոնեական խոնարհությամբ կատարել է «նախագահականի հրահանգը: «Ես ոչ մարդ եմ սպանել, ոչ էլ ցավ եմ պատճառել,- պնդում էր ամբաստանյալը: Խնդրում եմ` հաշվի առնելով իմ ստացած շքանշանները , հայրենիքին մատուցած ծառայությունները , մեղմել պատիժը»:
«Ես ոչ մարդ եմ սպանել, ոչ էլ ցավ եմ պատճառել,- պնդում էր ամբաստանյալը: Խնդրում եմ` հաշվի առնելով իմ ստացած շքանշանները ,հայրենիքին մատուցած ծառայությունները , մեղմել պատիժը»:
Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալը կատարել է անբարոյական արարք, և դատարանը չպետք է բավարարի հայցը: Չհասկանալով անբարոյական բառի իմաստը`ամբաստանյալը բորբոքվեց ասելով, որ ինքը անբարոյական չէ, քանի որ ոչ մարդ է սպանել, ոչ էլ ինչ-որ մեկին բռնաբարել:Դատավորն ու մեղադրողը նրան բացատրեցին, որ խոսքը վերաբերում է արարքին, ոչ թե անձին:
Դատարանը վճռեց Հրանտ Բայրամյանի վերաքննիչ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի վճիռը: Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի առաջին և երրորդ կետերով Հրանտ Բայրամյանին դատապարտվեց ինը տարվա ազատազրկման:
Ազնիվ Կարապետյան
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում հետաձգվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ տնօրեն Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Այս քրեական գործի քննությունը ձգձգվում է դեռևս 2008թ.-ից` ի ցույց դնելով Հայաստանի դատական համակարգի արատավոր պատկերը:
Բանն այն է, որ այս գործն անմիջականորեն առնչվում է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող անձնավորությանը, ինչն էլ ըստ կողմի, պատճառ է դարձել, որ քրեական գործն անընդմեջ կարճվի և փորձ արվի կոծկել ակնհայտ հանցագործությունը:
Ըստ գործի նյութերի` տուժողը Մանվել և Վարշամ Ղարիբյանների հորաքրոջ որդին է` Հովհաննես Եղիազարյանը, ով դարձավ տուժող այն պատճառով, որ Ղարիբյան եղբայրների հայտնի հակամարտության մեջ համաձակվեց լինելՄանվել Ղարիբյանի կողքին: Ի պատասխան նման հանդգնության, Վարշամ Ղարիբյանը 2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում հորաքրոջ որդու սեփական տան դիմաց հարձակվում է Հովհաննես Եղիազարյանի վրա, երբ վերջինս փորձում է կայանել իր «Audi A6» մակնիշի 99 ՕՍ 505 ավտոմեքենան: Ղարիբյանը սկսում է ծեծել Եղիազարյանին, որից հետո նստում է ավտոմեքենայի ղեկին և հասնում մինչև Երևան` «Էլիտ Շանթ» գործարան: Այնտեղ ծեծը շարունակվում է ևս մի քանի ժամ` ուղեկցվելով լկտի հայհոյանքներով: Ղարիբյանն անգամ Եղիազարյանի շորերն է հագից հանում:
Սակայն ամեն ինչ միայն ծեծով չի ավարտվում. Ղարիբյանը ստիպում է Եղիազարյանին ստացական գրել, թե իբր ինքը Վ. Ղարիբյանին պարտք է 2 միլիոն դրամ, ինչի դիմաց պարտավորվում է նրան հանձնել իր ավտոմեքենան: Դրանից բացի Եղիազարյանը գրում է ևս մեկ պարտավորագիր, թե իբր Ղարիբյանին պարտք է 10 մլն դրամ, որը պետք է վերադարձնի մինչև 2008թ. նոյեմբերի 29-ը: Այդ ամենից չբավարարված` Ղարիբյանը խլում է նաև Եղիազարյանի գրպանի 120 հազար դրամը, որից 5000-ը վերադարձնում է վերջինիս` տաքսիով տուն հասնելու համար:
Հովհաննես Եղիազարյանը ստանում է բազմաթիվ մարմնական վնասվածքներ` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և երկար ժամանակ միջոցներ ծախսում` ապաքինվելու վրա:
Կատարված հանցագործության առիթով Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով Վարշամ Ղարիբյանը ներգրավվում է որպես մեղադրյալ: Սակայն քննիչ Պետրոս Բոյաջյանը երեք անգամ կարճում է գործը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ էլ վերացնում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը, սակայն չորրորդ անգամ, չգիտես ինչու, դատարանը հաստատում է կարճման որոշումը, ինչն էլ հիմք է դառնում, որ Հովհաննես Եղիազարյանն ու նրա պաշտպանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բողոք ներկայացնեն Վերաքննիչ դատարան` պահանջելով վերսկսել գործի քննությունը: Փաստաբանները դատարանի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ քննիչի եղբայրն աշխատում է Վարշամ Ղարիբյանին պատկանող գործարանում, բացի այդ պակաս գործոն չէ Ղարիբյանի հովանավորի անձը` քննիչը կաշկանդված է վերադասի ցուցումով:
Հենց այս խայտառակ գործին վերաբերող դատական նիստն էր, որ այսօր հետաձգվեց: Իսկ հետաձգման պատճառն այն էր, որ դատախազության ներկայացուցիչն ու քննիչը պարզապես չէին եկել նիստին, թեև դատավոր Արմեն Դանիելյանի տեղեկացմամբ, այդ մասին նրանց ըստ պատշաճի ծանուցվել էր:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, թե այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչի հետևում կանգնած է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Կան բազմաթիվ դեպքեր, երբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում Մանվել Ղարիբյանի և նրա մտերիմների դեմ, իսկ Վարշամ Ղարիբյանի դեմ հարուցված քրեական գործերը, երբ ինքը կամ իր աշխատակիցներն են տարբեր մարդկանց ծեծի ենթարկել, կարճվում են: Նման պայմաններում, երբ կան ակնհայտ ապացույցներ, որ հանցագործություն է կատարվել, քրեական գործը կարճվում է»,- այսօր լրագրողներին ասաց Լուսինե Սահակյանը:
Թե դեռ քանի տարի կձգձգվի այս գործը, հայտնի չէ, ամենայն հավանականությամբ ճիշտ այնքան, քանի դեռ Հայաստանի դատական համակարգն ու իրավապահ մարմինները ճորտական կախվածության մեջ են ՀՀ Գլխավոր դատախազից և քանի դեռ Հայաստանում կշարունակվի Աղվան Հովսեփյանի իշխանությունը: Իսկ քանի դեռ մի պետության Գլխավոր դատախազ իր անմիջական պարտականությունների կատարումը համատեղում է մարդկանց` այն էլ արյունակից եղբայրների միջև թշնամություն սերմանելով` նրանց հարստությանը տիրանալու նպատակով և քանի դեռ իր նյութական շահերից ելնելով հրահանգում է դատական և իրավապահ կառույցներին աչք փակել հանցագործոթւյունների վրա կամ մոգոնել չեղած բաներ և քրեական գործեր հարուցել իր պաշտպանյալների հակառակորդների նկատմամբ, այս երկրում արդարության մասին խոսելը պարզապես անիմաստ է:
Զարմանալի է միայն, թե ինչպես է նախագահ Սարգսյանը հանդուրժում, որ իր ղեկավարած պետության մեջ նման կարգի երևույթներ տեղի ունենան։
Լուսինե Կեսոյան
Հունվարի 31-ին, ժամը 17:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ կկազմակերպի ակցիա, 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարության արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով: Ակցիան կազմակերպվելու է Լոս Անջելեսում իրականացվող երթին զուգահեռ, որը լինելու է Human Rights Council-ի նախաձեռնությամբ եւ ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 2010-ի հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Պարզվել էր, որ ըստ Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանի` նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով առաջացել են հիշյալ վնասվածքները, իսկ գանգուղեղային վնասվածքը հանդիսացել է մահվան պատճառ:
Գազանաբարո ամուսնուն առաջնային մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում): Այդպես էլ, նախաքննական մարմինը դաժան վերաբերմունքի ու ծեծի համար որևէ պատասխանատվության չկանչեց Զարուհու սկեսրոջը, որը ևս ըստ փաստերի պարբերաբար խոշտանգել և անարգել է աղջկան։ Այս պահին կալանավորված է միայն ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ:
Դեռեւս անհայտ է սպանված կնոջ երեխայի ճակատագիրը։ Նա այժմ հորական տատի մոտ է, որն արգելում է երեխայի մոր կողմի հարազատներին տեսակցել նրա հետ: Զարուհու քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը, դիմել է համապատասխան մարմիներին՝ ստանձնելու երեխայի խնամակալությունը: Դիմումին առայժմ ընթացք չի տրվել: Իրավապահներն այս անգամ ևս հարցը, թողել են առկախ։
ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ.Արթենյանին, վերջինիս ավագ որդուն` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս.Արթենյանին, և կրտսեր որդուն` Սր.Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011 թվականի հունվարի 21-ի ժամը 23:50-ի սահմաններում Ռ.Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա.Ասատրյանի, անչապահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ.Սաղաթելյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ռ.Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամլո հաղորդագրության, Արթենյանների նկատմամբ որպես խքափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Գործով նախաքննությունը շարունակվում է:
«Պրինց» մականունով հայտնի օրենքով գողին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Այդ մասին հայտնում է «УНИАН»-ը: Վերոնշյալ որոշումը ընդունել է ներքին գործերի նախարարության Խարկովի շրջանային տեսչությունը:
Գործի փաստաթղթերում կոնկրետ անուն նշված չէ, սակայն հայտնի է, որ «Պրինց» մականունը պատկանում է Վրաստանի քաղաքացի Պաատա Չխարտիշվիլլին: Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչը լրացնելով փաստաթղթերը ուկրաինական անձնագիր ստանալու համար կեղծ տեղեկություն է ներկայացրել, և քաղաքացիություն է ստացել, որից հետո է միայն պարզվել իրականությունը։ «Պրինցին» օրերս ձերբակալել են Կիևում: Նրա մոտ թմրամիջոցներ են գտել: Չխարտիշվիլլի հանդեպ հարուցվել է քրեական գործ` ապօրինի կերպով թմրանյութեր պահելու համար:
Ազգությամբ վրացի օրենքով գողին «թագադրել» են Ռուսաստանում 90-ականներին: Վերջինս մի քանի տարի անցկացրել է ռուսական բանտերից մեկում,այնուհետև վերադարձել է Վրաստան:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում վերջերս հայտնաբերել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ФСБ-ի աշխատակիցների կեղծ վկայականներ պատրաստելով։ Այդ փաստաթղթերի մի մասը մատակարարվում էր Հյուսիսային Կովկաս, որտեղ դրանք հայտնվում էին գրոհայինների ձեռքերում։Փաստաթղթերը ներկայացվում էին պետավտոտեսուչներին, հարկային մարմիններին,հայտնվում էին ինկասացիայի մեքենա թալանողների, այլ հանցագործների ձեռքին։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պսևդոգեներալների ու գնդապետների անվտանգության ծառայության կարմիր սարսափազդու վկայականներով «զինված» մարդիկ իրենց ծառայություններն էին առաջարկել ռուս գործարարների և նույնիսկ քաղաքական գործիչների։ Մոսկվայում գեներալի, պատգամավորի, դատախազի փաստաթղթով շրջողների ու երթևեկողների թիվն օրեցօր ավելանում է, և այս հանցատեսակի դեմ պայքարն այսօր Ռուսաստանում առավել քան հրատապ է։
Ռուսական հատուկ ծառայությունների վերոնշյալ օպերացիաները մեզ գուցեև չհետաքրքրեին, եթե ձերբակալված պսևդոպաշտոնյաների թվում չլիներ մեր հայրենակիցը` ոմն Արմեն Խաչատրյան, ում տարեվերջին ցուցադրեցին «Ռոսիա» հեռուստաալիքով։ Նա հատուկ ծառայությունների տեսադաշտում է հայտնվել պետավտոտեսուչների շնորհիվ։ Երթևեկության կանոնները հաճախ խախտելով` նա ցույց էր տալիս ФСБ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այլ «ուժայինների» վկայականներ։ Հայտնի է, որ մոսկվացի գործարար, կեղծ գեներալ Արմեն Խաչատրյանը ծնունդով Վանաձորից է։ Հայաստանից մեկնել է 25-26 տարեկանում և Մոսկվայում անմիջապես հիմնել է սեփական բիզնես` խանութներ, պահեստներ, գրասենյակների ճյուղավորված, ընդարձակ ցանց: Թե հանցագործին ինչպես է հաջողվել նման կարողության տեր դառնալ` հայտնի չէ։
Որոշ տեղեկությունների համաձայն` Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նա օգտագործվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից` անցանկալի գործարարների դեմ ցուցմունքներ գրելու և վերջիններիս դեմ գործեր հարուցելուն նպաստելու համար։ Այժմ Արմեն Խաչատրյանը ձերբակալված է։ Ռուսական մամուլում նկարագրված է նրա ձերբակալման զվարճալի տեսարանը։ Երբ պետավտոտեսուչը, կասկածի առնելով ФСБ-ի գեներալի նրա վկայականը, խնդրել է բացել շքեղ Մերսեդես S 350-ի բեռնախցիկը, կեղծ գեներալ Արմեն Նիկոլայիչը հայավարի պատասխանել է. «Կապիտան, չես հասցնի բաժին մտնել` քեզ գործից կհանեն»։ Թե ինչպիսի մութ գործարքներ են կապված այս անձնավորության հետ` կպարզվի Անվտանգության դաշնային ծառայության` նրա անձի շուրջ ծավալված հետաքննության արդյունքում։
Շաքե Թերզյան
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատաքննությունը, սակայն այն հետաձգվել է դատավոր Արմեն Խաչատրյանի աշխատանքի չներկայանալու պատճառով: Դատարանից մեր թղթակցին հայտնել են, որ ամենայն հավանականությամբ դատավոր Արմեն Խաչատրյանը կտեղափոխվի աշխատելու այլ դատարանում, սակայն դեռևս այդ մասին հրաման չկա, ինչը նշանակում է, որ նա դեռ այս դատարանում իր լիազորությունները չի դադարեցրել: Այսինքն պարզ չէ, թե ինչու դատավորն այսօր չի աշխատանքի չի ներկայացել:
Ի դեպ, դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ նոյեմբեր ամսին Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթ է հարուցվել, որի արդյունքում նա նկատողություն է ստացել և պահվում է նրա աշխատավարձի 25 տոկոսը:
“Դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար”, նշվում է արդարադատության խորհրդի կայացրած որոշման մեջ։ Մասնավորապես, խորհուրդն արձանագրել է, որ դատավորը խախտել է անձի պաշտպանական իրավունքը:
Տեղեկություններ կան, որ Արմեն Խաչատրյանը տեղափոխվելու է աշխատելու Արաբկիր և Զեյթուն-Քանաքեռ համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Փաստորեն դատավոր Արմեն Խաչատրյանի տեղափոխվելուց հետո Ստեփան Հովակիմյանի ու Վահրամ Քերոբյանի գործով նշանակվելու է նոր դատավոր, ով, ըստ կարգի, նոր դատաքննություն պետք է սկսի:
Մինչ այս դատավոր Արմեն Խաչատրյանը շարունակ մերժել է Ստեփան Հովակիմյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սաֆարյանի միջնորդությունները` անթույլատրելի ճանաչել խոշտանգումներով ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքները: Դատավորը նույնիսկ իր զարմանքն է հայտնել, որ իր մերժումներից հետո փաստաբանը նորանոր միջնորդություններ է ներկայացնում:
Ինչպես արդեն ներկայացրել ենք Ծեծելով, մերկացնելով ցուցմունքն են կորզել հրապարակման մեջ, Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են “Մոսկվա” կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 միլիոն ՀՀ դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ:
Փաստաբանի հավաստմամբ, մեղադրանքի հիմքում դրված է միայն խոշտանգումներով ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքները:
Գործը քննվել է Երևանի Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում և անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կիրառվել են Երեւանի քաղաքային վարչությունում: Այս վարչությունն առավել հայտնի է ոչ թե իր քննած օբյեկտիվ գործերով, այլ մարդկանց հոշոտելով ու նրանց նկատմամբ գործեր սարքելով, ինչպես Ստեփանի դեպքում է տեղի ունեցել: Հայտնի են նաև խոշտանգողների անունները, սակայն դատախազությունը փորձ էլ չի անում միջոցներ ձեռնարկել նրանց դեմ և օլիմպիական հանգստությամբ դատարանում մեղադրանքն է պաշտպանում:
Անգրագետ ու չկայացած քննիչները կամ նրանց պետ Անտոնյանը փորձում են հարցերը լուծել գեղական կարգով, հատկապես, երբ նրանց ձեռքում հայտնվում են գրագետ ու կիրթ մարդիկ` ինչպիսին մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս Ստեփան Հովակիմյանն է: Հենց այս տեսակի մարդկանց գոյությունն է նրանց քիչ թե շատ սանձում հասարակության մեջ, սակայն այլ բան է, երբ նրանք որսում են այս տեսակին: Կհարցնեք` ինչի համար: Պատասխանը պարզ է. միայն նրա համար, որ տարբերվում են իրենց տեսակով: Մի խոսքով, տեսակի կռիվ է մեր երկրում:
Հայտնի չէ, թե ինչպես կվարվի նոր նշանակվող դատավորը կորզված ցուցմունքների պարագայում: Նշենք միայն, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը անթույլատրելի ապացույց ճանաչեց խոշտանգման ենթարկած քննիչների կողմից կորզված ինքնախոստովանական ցուցմունքները և արդարացման դատավճիռ կայացրեց Սաշա Դավթյանի գործով:
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հենց այդ գործը նկատի ունենալով դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհեց “Ազատության պաշտպանի մրցանակը”:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Lragir. am
Ի հիշատակ ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծելով սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Վաղը` նոյեմբերի 25-ին, Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, յոթ հասարակական կազմակերպություններ՝ «Կանանց իրավունքների կենտրոն», «Հասարակություն առանց բռնության», «Կանանց ռեսուրսային կենտրոն», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատուն» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» բողոքի ակցիա և երթ կանցկացնեն Երևանում` ի հիշատակ ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծելով սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Երթի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվելու են Հանրապետության հրապարակ, որի ընթացքում էլ կազմակերպվելու է ստորագրահավաք` կնոջ սպանության գործով դատավարությանն արդար ընթացք տալու և հանցանքի ուժգնությանը՝ մահվան հասցրած բռնություն, համարժեք դատավճիռ կայացնելու պահանջով:
Այդ ընթացքում կանցկացվի նաև դրամահավաք, որից հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին: Այս նախաձեռնությամբ կմեկնարկի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակն, ու կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը:
Զարուհու մահից հետո յոթ ՀԿ-ները ստեղծել են նախաձեռնող խումբ, որի նպատակն է հասարակական հնչեղություն տալ այս դեպքին և հետամուտ լինել քրեական գործի ընթացքին:
Կոչ եմ անում բոլոր գիտակից կանանց ու նաև տղամարդկանց միանալ ակցիային: Ցանկացած տիպի բռնություն հանցանք է: Առավելևս, հանցանք է ընտանեկան ու ընտանեկան սեռական բռնությունը, որը հիմնականում տեղի է ունենում հարազատ մարդկանց միջև, ընտանիքում, ու դրա ականատեսն են լինում հարևանները, հարազատները ու լռում են: Զարուհին ավելի շատ մեր լռության զոհն է, եթե հասարակությունը տանից լսվող ճիչին արձագանքեր, պախարակեր, բանը չէր հասնի նրան, որ մայր ու որդի երկարատև կտտանքներից հետո սպանեին աղջկան: Զարուհին չկա, նրան մենք այլևս օգնել չենք կարող: Բայց մենք կարող ենք օգնել մեր կողքի մարդուն, ով այսօր ունի մեր կարիքը, անել այնպես, որ էլ զոհեր չլինեն:
Սա իրականում պայքար չէ ընդդեմ, սա պայքար է` համար. կյանքի, տարրական արժանապատվության, կարեկցանքի ու մարդկային արժեքի համար: Միացե´ք քաղաքացիական հասարակության կայացմանը, ո´չ ասեք ընտանեկան բռնությանը, անտարբերությանը, բարբարոսությանը, ֆաշիզմին: Մարդու կյանքն ամենաթանկը պիտի լինի մեր արժեքային համակարգում:
Լուսինե Վայաչյան
Ամանորի շեմին Հայաստանի «փառապանծ» ոստիկանության աշխատակիցներից մեկն ապացուցել է, թե ինչքան են հաշվի առնում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` ոստիկանների հեղինակությունը բարձրացնելու կարգադրությունը:
Այս գիշեր` ժամը 00 : 20-ի սահմաններում, Արթուր Հովհաննիսյանը Երևանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու կանանց` մոր ու աղջկա, և, թողնելով անօգնական, փախել է:
Մայրը` 50-ամյա Կարինե Գասպարյանը, մահացել էր տեղում, դուստրը` 18-ամյա Աննա Գասպարյանը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն քիչ առաջ տեղեկացվեց, որ աղջիկը ևս մահացել է. բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Երկու կանանց սպանելուց մի քանի րոպե հետո ոստիկանը, որը հետո արդեն փորձաքննությամբ պարզվել է, որ հարբած է եղել, շարունակել է իր արագընթաց երթը` փորձելով ճողոպրել դեպքի վայրից և գլխապատառ փախչելու հետևանքով պատճառ դարձել ևս մեկ վթարի. Երևանի ՃՈ աշխատակիցները արդեն Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով ավտոմեքենա, որը հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենայի:
Պարզվել է, որ վրաերթի մեղավոր 32-ամյա Արթուր Կառլենի Հովհաննիսյանը` Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է, աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում որպես ոստիկան (կոչումով ավագ): Մեքենայի մեջ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի հագուստ` «կամուֆլյաժ»:
Զոհված կանանցից մայրը` Կարինե Գասպարյանն, աշխատում էր «Ֆիգարո» գեղեցկության սրահում որպես վարսահարդար, իսկ դուստրը` Աննա Գասպարյանը, սովորում էր Երևանի սլավոնական համալսարանի երկրորդ կուրսում: Տաքսու վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Նորայր Մխիթարյանն է:
Երևանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վթարված ավտոմեքենայի դիմապակու և կողքի դռան վրա ոստիկանության փորձագետները հայտնաբերել են կանացի մազեր, իսկ վնասված ավտոմեքենայի վրա` արյան հետքեր:
Սա ընդամենը մեկ դեպք է, որը, թերևս, եթե չավարտվեր ողբերգությամբ, չէր էլ բացահայտվի, թե էլի ինչքա՞ն մարդ է տուժում հաբրգած ոստիկանների ձեռքից և հատկապես նրանց անօրեն արարքների ինչքան դեպքեր են կոծկվում, երևի հենց Սերգեյիչի ոստիկանի պատիվը բարձացնելու նկատառումից ելնելով։
Այս մեկը կոծկել չհաջողվեց, քանի որ աննախադեպ էր իր դաժանությամբ, ոստիկանն էլ` շարքային մեկը, որին «փուռը տալը» մեծ բան չէ: Եթե մեղավորը լիներ բարձրաստիճան ոստիկան, կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի մտերիմ, կարելի է չկասկածել, որ դեպքի մասին չէր էլ իմացվի:
Այն, որ ոստիկանապետը ցանկանում է բարձրացնել ոստիկանի հեղինակությունը, լավ է, սակայն դրան հասնելը դեռ շատ մշուշոտ է թվում:
Օրենքի պահապանը, որ կոչված էր պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը, գտնվելով անկառավարելի վիճակում, խախտելով ճանապարհային ոստիկանության կանոնները, բարձր արագությամբ վարելով ավտոմեքենան, պատճառ է դարձել երկու քաղաքացու մահվան, որից հետո դրսևորած նրա վարքը խոսում է մարդկային նկարագրի մասին։
Ահա սա է մեր ոստիկանության, մեր ոստիկանների պատկերը: Իսկ թե ինչքան ջանքեր դեռ կպահանջնվեն Ալիկ Սերգեյիչից նման ոստիկաններից համակարգը մաքրելու հարցում, Աստված գիտե:
Իսկ տեղի ունեցածը գալիս է ապացուցելու, որ ոստիկանի կերպարն այսօր շատ հեռու է մարդկային լինելուց։ Ու մարդկային թափթփուկների մեծ մասն ընտրում է այդ մասնագիտությունը միայն տանիք ունենալու ու անպատժելի լինելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.