29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իր փաստաբանի միջոցով լրատվամիջոցներին է ուղարկել հերթական` հասարակությանն ուղղված նամակ-հոդվածը։ Սպանության մեղադրանքով Մհերը 15 տարի է անազատության մեջ է, այդ ընթացքում երկու անգամ ՔԿՀ-ներից փախուստի է դիմել, սակայն երկու անգամն էլ իրավապահ մարմինները հայտնաբերել են նրան: Մհերը չի դադարում պայքարել, շարունակում է պնդել, որ չի գործել այն հանցանքը, ինչի համար ինքը ցմահ դատապարտվել է:
Եթե չկա կատաղած շուն, բայց մենք երևակայում ենք, թե նա կա և համապատասխան ենք վարվում նրա հետ, ապա ոչնչից առաջանում է այդ շունն ու դառնում իրական: Ոչինչ աշխարհում չի կարող իշխանություն ունենալ անձի վրա, եթե ինքներս դրան իշխանություն չտանք:
Պատժել քրիստոնեաբար
Որոշ մուսուլմանական երկրներում գողություն անելու համար գողի ձեռքն են կտրում, անհավատարիմ կնոջը քարկոծելով են սպանում և այլն: Դե՛, մենք էլ` քրիստոնյաներս, ցմահ ազատազրկման ենք դատապարտում մարդուն, այսինքն` հանում ենք աչքերը, կտրում ոտքերը և ձեռքերը…
Չհաշված առաջին (2004թ.) և երկրորդ (2009թ.) փախուստներիս շնորհիվ ազատություն մեջ գտնվելու օրերը, 15 տարի է` չորս պատից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: 15 տարի է ունեմ ոտքեր, բայց 4 մետր քայլում եմ մինչև մի պատը, հետո նույն 4 մետրը` դեպի մյուսը:
Հաշմանդամներին, ովքեր հենասայլակով են շարժվում, ուզում եմ ասել` դուք երջանիկ եք: Երբ մռայլ տրամադրություն էի ունենում, միևնույն երազն էի տեսնում, որտեղ ես, հաշմանդամի սայկլակին նստած, «զբոսնում եմ» ազատության մեջ հարազատ քաղաքիս փողոցներում, կանգ առնում պուրակներում ու երջանիկ հայացքով նայում շուրջս, այլ ոչ թե մռայլ բանտի պատերին, տեսնում եմ արևը, լուսինը, մարդկանց, տարածություն եմ տեսնում…նույնիսկ կույր մարդկանց կասեմ, որ շատ չտխրեն. դիպե՛ք ձեր հարազատներին, զրուցե՛ք նրանց հետ, լսե՛ք թռչունների ծլվլոցը, լսե՛ք բնության ձայները: Ես այդ հնարավորությունն էլ չունեմ, չնայած, որ տեսողություն ունեմ, ունեմ ձեռքեր ու ոտքեր:
Քրիստոնյա, մուսուլման, բուդդիստ կամ հուդայական…մարդը մարդ լինի: Իսկ ո՞ւր է մարդկությունը: Ա՛խր, չեմ արել այն հանցանքը, որի համար ինձ մեղադրել են 15 տարի առաջ: Ե՞րբ կբավարարվի արյունախում ու դաժան համակարգը: Փորձում են ուղղե՞լ մարդուն: Մի՛ ծիծաղեցրեք ինձ: Այս համակարգը` բերդը, կալանքը չի ուղղում կամ դաստիարակում մարդուն: Հակառակը` այլանդակում է: Հրեշներ է պատրաստում ու բաց թողնում: Ես, փառք Աստծո, մարդ եմ մնացել: Ո՞վ է որոշում մարդուն 2 կամ 5 տարի ավելի տանջել, որ ուղղվի…դատավո՞րը, դատախազնե՞րը, երկրի նախագա՞հը, ով իրավունք ունի ներում շնորհել անմարդկային պայմաններում մարդ մնացածներին:
Հազարամյակ փոխվեց, Հայաստանը քրիստոնեության ընդունման 1700-ամյակ տոնեց, բայց ոչ մի գթասրտություն, ոչ մի ներում նույնիսկ: Գոնե Վեհափառ հայրապետը գթասիրտ գտնվեր ու հիշեր միջնադարյան փիլիսոփայի հետևյալ միտքը. «Երբ սկսվել էր վհուկների որսը, անմեղ մարդկանց կախաղան էին բարձրացնում ու վառում խարույկի վրա»:
Այս տողերը արտասանեցի նաև դատարանում.«Մինչ մարդկանց մահվան դատապարտելը, հիշե՛ք մարդկության պատմության ամենաանարդար «արդարադատությունը», որ Աստծո որդուն` Հիսուսին, խաչ բարձրացրեց: Մի՛ մոռացեք նաև, որ Հիսուսի հետ խաչված չարագործներից մեկը ներվեց…»
Ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ մահապատիժ
Ծննդյան տոներից առաջ գրածս դիմում-նամակում խոստացել էի համեմատություն անցկացնել ցմահ ազատազրկման և մահապատժի միջև: Արեցի: Հետևությունները ձեզ եմ թողնում: Ավելացնեմ միայն, որ երբ մեկ տարի առաջ Ամիրյան փողոցում ինձ ձերբակալեցին և տարան Ազգային անվտանգության ծառայության շենք, այնտեղ ես փորձեցի ավարտել իմ երկրային ճանապարհը: Աստված չկամեցավ: Մահամերձ վիճակում ինձ տեղափոխեցին Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները փրկեցին կյանքս:
Վիրահատությունից անմիջապես հետո` կաթիլայինը միացված և գիտակցությունս դեռ չվերականգնված, տեղափոխեցին բերդ: Ես մահը գերադասեցի ցմահ բանտարկությունից:
Ազատությունը գերադասում եմ մարմնի ստրկությունից: Աստվածաշնչում է ասված, որ չվախենանք մարմինը սպանողներից, այլ` հոգին:
Օգտվելով առիթից` շնորհակալությունս եմ հայտնում վիրաբույժ Արտավազդ Սահակյանին և նրա հետ միասին կյանքս փրկող բժիշկներին: Չեմ կարող մոռանալ նաև բանտի բուժանձնակազմի մոտեցումը` ի դեմս գլխավոր բժիշկ Հրանտ Մուրադյանի. զգացված էի, երբ իմացա, որ նրա կինը, ինձ անձամբ չճանաչելով, ապուրներ էր պատրաստում և ուղարկում, իսկ Հրանտն իր ձեռքով խողովակի միջոցով կերակրում էր ինձ:
Այդ օրերին, երբ ես դեռ կաթիլայինի տակ էի ու ինձ զոնդով էին կերակրում և կապել էին մահճակալին, ինձ բանտում այցելեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Բռնեց ձեռքս և խոստացավ անել հնարավորը` արդարությունը վերականգնելու համար:
Գրասխալով դատավճիռը
Որպեսզի չկրկնեմ նույնը, ընթերցողը կարող է «Ես մարդ չեմ սպանել» վերնագրով իմ նախորդ հոդվածից ծանոթանալ բարձրացված հարցին: Խոսքն այն մասին է, որ ինձ էին վերագրել 2 և ավելի անձանց սպանություն, ավազակային հարձակում և այլն, ինչն իսպառ բացակայում է իմ քրեական գործից: Եվ այս կեղծիքը տեղի էր ունեցել ոչ թե 15 տարի առաջ, այլ 2-րդ փախուստիցս հետո` 2010 թ.-ին: Վեց ամիս շարունակ իմ փաստաբան` Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացնող Ռոբերտ Ռևազյանը և ես այս հարցով դիմեցինք պատկան մարմիններին: Հարցը բարձրացվեց նաև ԶԼՄ-ների օգնությամբ: Վերջապես դատական նիստ հրավիրվեց, որտեղ ներկա էր նաև դատախազության ներկայացուցիչը: Փաստերի ճնշման տակ դատարանն ընդունեց սխալը: «Մհեր Ենոքյանը երբևէ չի մեղադրվել իրեն վերագրված սպանությունների համար, ինչպես նաև երբևէ չի մեղադրվել որևիցե ավազակային հարձակման համար: Դատավճռում տեղի է ունեցել գրասխալ»:
Ինձ` Մհեր Ենոքյանիս, և ինձ հետ միասին նաև ազնիվ փաստաբաններին ու քաղաքացիներին մնում է միայն ասել` կեցցե՛ մեր «արդարադատությունը», որն իրեն մեկ տարի շարունակ կույր էր ձևացնում: Եվ միայն անդադար պահանջներից ու շատ կարևոր է` ԶԼՄ-ներում հարցը լուսաբանելուց հետո, ՀՀ քաղաքացուն օդից վերցված սպանությունների համար մեղադրելն անվանվեց ուղղակի գրասխալ:
Զարհուրելի է, որ մեր դատարաններում քաղաքացուն այդպես հեշտ կարող են սպանությունների համար մեղադրել և հետո ասել` կներեք, պարզապես գրասխալ է տեղի ունեցել: Եվ սա այսօրվա դրությամբ` 2011 թ.-ին: Իսկ ի՞նչ է կատարվել 15 տարի առաջ, երբ ինձ մահապատժի դատապարտեցին…
Շնորհակալություն, որ անտարբեր չեղաք Մեկ ամիս առաջ գրածս դիմում-նամակին, Նոր Տարվա ու Սուրբ Ծննդի շնորհավորանքներին եղան արձագանքներ` պատասխան շնորհավորանքներ, բարի ու անկեղծ ցանկություններ, մաղթանքներ մեր երկրում ու քաղաքում ճանաչված մարդկանց կողմից: Իսկ ուղարկված նվերները սիրտս շոյեցին և անչափ հաճելի պահեր պարգևեցին: Դիտեցի Տիգրան Խզմալյանի «Դեպի Արարատ» ֆիլմը. շատ տպավորված եմ: Ե՛վ այդ, և՛«Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմերում տեսա ու ապրեցի անմոռանալի պահեր:
Հաճախ նայում եմ նկարիչ Սարգիս Մուրադյանի աշխատանքների ալբոմը և երևակայում, թե դիմանկարներում պատկերված ճանաչված մարդիկ կենդանանում են, փորձում եմ զրուցել նրանց հետ, իսկ որոշ նկարների էլ նայելով` մտովի տեղափոխվում եմ պատկերված վայրերն ու գոնե այդպես ժամանակավոր հայտնվում ազատության մեջ, տեսնում խելացի դեմքեր…
Անկեղծ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եմ ասում այն ՄԱՐԴԿԱՆՑ, ովքեր անտարբեր չմնացին: Հուզվում եմ, քանի որ տարբեր հաճելի և խորը զգացմունքներ են առաջանում այս վերաբերմունքից, արձագանքներից, մոտեցումից:
Ես ինձ երիտասարդ եմ համարում, 35 տարեկան եմ, բնավորությամբ օպտիմիստ և ուրախ մարդ եմ։ Ես ողջ եմ, բայց նորից վանդակի մեջ և վաղ, թե ուշ ասելու եմ` մահ կամ ազատություն…
Իրավասու մարմինները վերջապես պիտի գիտակցեն, որ առկա է լուրջ խնդիր, որը լուծման է կարոտ:
Հիշեցի Գեորգի Դանելիայի «Կին ձա-ձա» ֆիլմը, որտեղ մեր մոլորակից երկու մարդ հայտնվում են ինչ-որ «Կին ձա-ձա» հեռավոր գալակտիկայի մոլորակներից մեկում: Այստեղ նրանք հանդիպում են մարդու տեսքով երկու այլմոլորակայինի: Մերոնք երկրային ինչ լեզվով էլ խոսում են, սրանք միայն մի բան են ասում. «Կու, կու-կու»: Հետո պարզվում է, որ այս այլմոլորակայինները լավ էլ հասկանում են երկրացիներին, պարզապես կոպիտ ու միաժամանակ պարզ ասած` իրենց հիմարի տեղ են դնում:
Նույնը իմ` հայ քաղաքացու պարագայում է. ես խոսում եմ մարդկային լեզվով, սակայն, չգիտես ինչու, միշտ պատասխանը նույնն է` կու, կու-կու:
Դանելիայի ֆիլմում գոնե վերջում պարզվում է, որ այլմոլորակայիններն ընդամենը լուցկի էին ուզում: Իսկ դուք ի՞նչ եք ցանկանում. միգուցե ձե՞զ էլ է լուցկի պետք, որ լուսավորեք ձեր հոգիները, նայեք ձեր մեջ ու խիղճ փնտրեք…
Հայաստանը փոքր հողակտոր է` թշնամիներով շրջապատված, հայերս էլ փոքր ազգ ենք: Ու եթե քթերով իրար չճանաչենք, գոնե հայի մեր աչքերով իրար կգտնենք: Ուրեմն եկե՛ք անկախ պաշտոնից, զբաղեցրած դիրքից, իրար լեզու հասկանանք: Հայերեն ենք խոսում, հո «Կին ձա-ձա» գալակտիկայից չե՞ք…
Հետգրություն
Ուզում եմ պատմել մի դիպվածի մասին, որ ինձ հետ տեղի ունեցավ, երբ դեռ փախուստի մեջ էի. ձմեռային մի գիշեր, ժամը 2-ին, 4-րդ- 5-րդ մասիվների արանքում ընկած փոքր կամրջի տակով դեպի Ջրվեժ տանող ճանապարհով ոտքով անցնում էի: Անբնակ տարածություն, ոչ մի կանգառ, աջից ու ձախից ինչ-որ գործարաններ: Նկատեցի մի տատիկի, ով մեծ սղոցով երևի 90-ականների սկզբից մնացած մի կոճղ էր կտրում: Մտածեցի. «Ա՜յ քեզ բան, երևի խելագարվել է, թե չէ 2010 թ.-ի նախաշեմին, գիշերվա կեսին տատիկը ինչո՞ւ պիտի ծառ կտրի»: Մոտեցա:
-Բարի երեկո Ձեզ,-ես` իրեն, ինքն էլ ինձ ասաց:
-Տատի ջան, էս ի՞նչ գործի ես գիշերվա կեսին:
Տատիկի աչքերը լցվեցին, լաց եղավ: Երկու քայլ արեց, մոտեցավ ինձ` ձեռքերը ցույց տալու:
-Տղա ջան, ես Կոնսերվատորիան եմ ավարտել, դաշնակարուհի եմ: Էստեղից մինչև մեր դոմիկը մի կես ժամվա ճամփա ա: Ուրիշ տաքացնելու հնարավորություն չկա: Փող չկա, լույսն էլ են անջատել:
-Բա օգնող չունե՞ս:
-Տղա ունեմ, 40 տարեկան ա, բայց ծանր հիվանդ ա, հիմա քնել ա, թաքուն դուրս եմ եկել, չիմանա:
Լռություն. վայրկյաններ անց դաշնակարուհի տատիկը հարցրեց.
-Տղա ջան, բա դու ի՞նչ ես անում էս գիշերվա կեսին:
Շփոթվեցի, բայց շուտ կողմնորոշվեցի.
-Ես պետական կառույցի աշխատող եմ…իսկ ոչ մի տեղ չե՞ք դիմել Ձեր խնդիրներով,-բնականաբար չէի կարող ասել, որ երկու օր առաջ ցմահ բանտարկյալ էի, իսկ հիմա էլ հետախուզման մեջ եմ:
-Դիմել ենք պաշտոնյաներին, որ մի տեղ գոնե ապրելու տեղ տան, բայց ոչ մի օգուտ: Ընտրություններից առաջ խոստացան օգնել, բայց էլի խաբեցին,- ասաց տատիկը, հետո էլ Դուք-ի անցնելով, հարցրեց,-բա ինչի՞ավտոյով չեք, էս տեղերով ոտքով եք անցնում:
-Է՜, բա որ մեքենայով լինեի, կտեսնեի՞ ժողովուրդը ո՞նց ա ապրում, քեզ կհանդիպեի՞:
Այս խոսքերիս վրա տատիկը մոտեցավ ու գրկեց ինձ.
-Հույսդ մի կորցրու, ամեն ինչ լավ կլինի, կներես, որ չեմ օգնում քեզ, շտապում եմ,-ասացի ես ու հեռացա:
Մի տասն օր անց նորից տեսա դաշնակարուհուն` այս անգամ 3-րդ մասում, կանաչի էր վաճառում: Օրը ցերեկ էր, շրջվեցի, որ ինձ չտեսնի: Ի՜նչ արած, միայն հույս կարող էի տալ: Իսկ համապատասխան իշխանավորներն ինչո՞ւ են շրջվում, ինչո՞ւ են թաքնվում իրենց աշխատասենյակներում կամ զրահապատ մեքենաների մեջ… Նրանք էլ հո հետախուզման մեջ չե՞ն:
Բարի ցանկություններով`
Մհեր Դավթի Ենոքյան
Փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ ում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ տեղափոխվել են Իրանի Իսլամական Հանրապետություն` հետագա պատիժն այնտեղ կրելու։ Սա արվել է ԻԻՀ խնդրանքով, իսկ Հայաստանն ընդամենը բարի կամք է դրսևորել:
Հայաստանի ՔԿՀ -ում իրենց պատիժն են կրում օտարերկրյա 200 և ավելի քաղաքացիներ, որոնցից մոտ 70-ը` իրանցիներ են: Քանի որ մեր երկրում իրանցիները հաճախ են օրինախախտումներ թույլ տալիս, բանակցությունների արդյունքում ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև պայմանագիր է ստորագրվելու` դատապարտված անձանց պատժի հետագա մասի կրումը միմյանց փոխանցելու վերաբերյալ։ Առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Սևանա լճի հետ կապված հիմնախնդիրներին վերաբերող նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սևանա լճի հետ կապված մի շարք հարցերի վրա` ակնկալելով դատախազության համարժեք արձագանքը:
Առաջին հարցը վերաբերում է Սևանա լճում արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների անհետացման փաստին: Եվ դա այն պայմաններում, երբ համաձայն ՀՀ կառավարության 2009թ. ծրագրով նախատեսված միջոցառումների և առաջնային խնդիրների իրականացման մասին ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվության, որը տեղադրված է նախարարության կայքէջում` Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 8 տարիներին բարձրացել է 291սմ-ով, իսկ վերջին 6 տարիներին լիճ է բաց թողնվել 1.147.000 հատ իշխանի մանրաձուկ: Այդ հենքին Սևանա լիճ բաց թողնված իշխանի մեկ միլիոնը գերազանցող թիվը կասկած է հարուցում, քանի որ լճում իշխանի քանակության վրա այն, փաստացի, որևէ դրական ազդեցություն չի ունեցել: Մեր կարծիքով` նման իրավիճակի համար չկա որևէ օբյեկտիվ պատճառ:
Սևանա լճում ձկնապաշարների վերացման հիմնական պատճառը, մասնագետների կարծիքով, այն է, որ ձկան որսը լճում որևէ կերպ չի կարգավորվում: Իսկ եթե չկա ձկնորսության հստակ կանոնակարգ, ապա չի կարող լինել և արդյունավետ վերահսկողություն այդ կանոնակարգին հետևելու հանդեպ:
Ձկան որսի վերաբերյալ կանոնակարգի բացակայության մասին է խոսում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը (ելից թիվ 1/22 1/11429` 25 հոկտեմբերի 2010թ.) ՀՀ բնապահպանության նախարարի տված պատասխանը: Սևանա լճում ձկան որսի գործող կանոնակարգ պարունակող փաստաթուղթ տրամադրելու` պատգամավորի խնդրանքին ի պատասխան, նախարարը հղում է կատարել ՀՀ կառավարության երկու որոշումներին (2002թ. օգոստոսի 22-ի N 1380-Ն և 2004թ. ապրիլի 8-ի N 646-Ն), որոնք չեն պարունակում Սևանա լճում ձկնորսության վերաբերյալ այնպիսի կոնկրետ պահանջներ, ինչպիսիք են ձկնորսության վայրերը, դրա թույլատրված և արգելված որսորդական պարագաները, որսի սեզոնի սկզբի և ավարտի ժամկետները, շաբաթվա` ցանցերով որսը թույլատրող օրերը, այն ձկնատեսակների ցանկը, որոնք թույլատրված է որսալ, դրանց որսի թույլատրելի ծավալները մեկ օրվա ընթացքում և այլն: Նախարարը հղում է արել նաև «Որսի ու որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքին, որն ընդհանրապես որևէ կապ չունի Սևանա լճում ձկնորսության հետ: Սևանա լճում ձկնորսության արդյունավետ կարգավորման բացակայության մասին են վկայում նաև ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ հոդվածները: Բացակայում է անգամ մանրավանդակ ցանցերով ձկնորսություն իրականացնելու արգելքը, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ է և ինչն, ի դեպ, հեշտ է ստուգել: Մանրավանդակ ցանցերով ձկան շուրջօրյա զանգվածային որսը, որն այժմ առկա է, հնարավորություն չի տալիս ձկներին հասնելու սեռական հասունության տարիքի: Բացի դրանից, լճից արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների վերացման պատճառ է լճի աղտոտումը բուսական մնացորդներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսական գործունեության արգասիքներով: Համաձայն Բնապահպանության նախարարության կանոնադրության (կկ. 7ա, 7բ, 8ա)` բոլոր այս հարցերը գտնվում են նրա իրավասության ներքո: Այսպիսով` լճից ձկների վերացման պատճառը, փաստորեն, Բնապահպանության նախարարության, նրա պետական բնապահպանական տեսչության և «Սևան» պետական ոչ առևտրային կազմակերպության անգործությունն է:
Երկրորդ հարցը վերաբերում է Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքների` բուսականությունից մաքրմանը: Մաքրման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն ամեն տարի գումարներ է հատկացնում` հիմնվելով Բնապահպանության նախարարության ներկայացրած հայտի վրա, սակայն ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` և դա հաստատում են նաև մեր դիտարկումները, փաստացիորեն ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ չեն իրականացվում: Չնայած, համաձայն Բնապահպանության նախարարության վերոհիշյալ հաշվետվության, 2005թ. մաքրվել է 92 հեկտար, 2006թ.` 123 հա, 2007թ.` 95 հա, 2008թ.` 95 հա, 2009թ.` 600 հա տարածք: Այսպիսով` ստացվում է, որ վերջին 5 տարում մաքրվել է ավելի քան 1000 հեկտար ափամերձ տարածք:
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության` 2010թ. սեպտեմբերի 2-ին Գլխավոր դատախազության` պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Սևանի ափամերձ տարածքների մաքրմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: 2006-2008թթ. Բնապահպանության նախարարության կողմից Սևանի ափամերձ տարածքների մաքրման նպատակով հայտարարված մրցույթի հաղթողներ էին ճանաչվել «Ուայդ Գեյթ», «Թրի Գրեն» և «Գ.Էլոյան և որդիներ» ՍՊԸ-ները: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2006-2008թթ. «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի, իսկ 2009թ.-ին` «Թրի Գրեն» և «Գ.Էլոյան և որդիներ» ՍՊԸ-ների կողմից կատարված աշխատանքները չեն համապատասխանում նրանց հետ կնքված պայմանագրերով ամրագրված պահանջներին: Այդուհանդերձ` չկատարված աշխատանքն ընդունվել և հավաստվել է «Սևան» ազգային զբոսայգու և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից: Քննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով (հոդ. 179, մաս 2, կետ 3, մաս 3, կետ 1, հոդ. 214, մաս 2, հոդ. 308 և 315, մաս 2): Գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գլխավոր քննչական վարչություն` հետաքննության անցկացման համար: Մենք ողջունում ենք այս քրեական գործերի հարուցումը, միաժամանակ փաստում, որ թե’ ԶԼՄ-ների հաղորդումները և թե’ մեր դիտարկումները վկայում են, որ մաքրման աշխատանքների իրականացման որևէ տեսանելի նշաններ Սևանա լճի ափերի որևէ հատվածում չկան նաև 2010թ.-ին:
Երրորդ հարցը վերաբերում է Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող այն շենք-շինությունների ապամոնտաժմանը, որոնք կառուցված են 1905 մետրից ցածր (մինչև 2008թ.-ը` 1908մ-ից):
Համաձայն ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի` «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հրապարակած տեղեկության (տես` «Դելովոյ էքսպրես» ռուսալեզու թերթի 2010թ. թիվ 24-ը), Սևանի ափամերձ տարածքներում ջրածածկ են լինելու 1.697 շինություն և կառույց, որոնցից պետական գրանցում ունեն միայն 481-ը, իսկ մնացած 1.216-ն ապօրինի են:
Մի շարք տարիների ընթացքում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները, «Սևան» ազգային զբոսայգու տարածքի օգտագործման իրավունքն իրացնող պետական կազմակերպությունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ապօրինի շինարարությունը` «չէին նկատում» լճի ափերին ընթացող զանգվածային շինաշխատանքները: ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 613-Ն որոշման 14-րդ կետի համաձայն` ապօրինի շինարարությունը պարտավոր են կանխել, դադարեցնել և դրա հետևանքները վերացնել համայնքների ղեկավարները, եթե այդ տարածքները գտնվում են նրանց իրավասության ներքո: Համայնքների իրավասությունից դուրս տարածքներում ապօրինի շինարարության առկայության դեպքում դրա կանխման, դադարեցման և հետևանքների վերացման պարտականությունը, փաստացի, դրված է Գեղարքունիքի մարզպետի վրա: Բացի դրանից, ապօրինի շինարարության կանխման, դադարեցման և հետևանքների վերացման պարտականությունը, փաստացի, դրված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային զբոսայգի» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա: Այստեղ ակնհայտորեն երևում են համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետի, «Սևան» ազգային զբոսայգու» ղեկավարի ու Բնապահպանության նախարարության պատասխանատու անձանց կոռուպցիոն գործունեության հատկանիշները: Նշված անձինք առ այսօր շարունակում են արհամարհել օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջները, անգամ այն բանից հետո, երբ իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում ապօրինի շինարարության վերաբերյալ փաստերը հանրության սեփականությունը դարձան:
Ջրածածկման ենթակա գոտում առկա 481 շենք-շինությունների թվում ակնհայտորեն կան ապօրինի ճանապարհով օրինականացվածներ: Մասնավորապես այդ 481-ից 263-ը, որոնք կառուցվել են վերջին տարիներին, պատկանում են «Լավանդա Սիթի» ընկերությանը: Այս ընկերության կառուցած օբյեկտների պետական գրանցումը բավականին կասկածելի է: Կարծում եմ` Գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով, քանզի այստեղ ևս նկատելի են կոռուպցիոն երևույթների դրսևորումներ պետական այն պաշտոնյաների կողմից, ովքեր կապ են ունեցել նշված կառույցների պետական գրանցման հետ: Չէ որ 1908մ-ից (իսկ 2008թ.-ից` 1905մ-ից) ցածր շինարարություն իրականացնելու արգելքը մտցվել էր դեռևս խորհրդային շրջանում` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆ.Սարգսյանի` 18.10.1978թ. թիվ 755 որոշմամբ: 2002թ. մայիսին ՀՀ կառավարությունը կրկնօրինակել էր այդ հրահանգը 12.05.2002թ.-ին ընդունված իր թիվ 927 որոշմամբ:
Սակայն 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը փաստացի սկսեց անօրինական համարել բոլոր շինություններն ու կառույցները, որոնք գտնվում են 1905մ-ից ցածր` նախկին 1908մ-ի փոխարեն: Այսպիսով` հետին թվով «օրինականացվեցին» մի շարք շինություններ, որոնք մինչ այդ դասվում էին անօրինականների թվին:
Ինչ վերաբերում է Սևանի ափերին գտնվող և օրինականների թվին դասվող մյուս կառույցներին, ապա ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի տվյալներով` 62 գույքային միավորումներից միայն 19-ը իրավական հիմքեր ունեն պետությունից փոխհատուցում պահանջելու իրենց օբյեկտների ջրածածկման համար: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մնացած 43-ի պետական գրանցման հարցում ամեն ինչ չէ, որ օրինական է:
Չորրորդ հարցն այն մասին է, որ ափամերձ տարածքների վարձակալների մեծամասնությունը բնակչությանը զրկում է Սևանի ափին անարգել հանգստանալու հնարավորությունից` պահանջելով վճարել դրա դիմաց: Սրանով խախտվում է ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի թիվ 766-Ն որոշումը, համաձայն որի վարձակալությամբ ստացած լողափի գոտու տարածքների առնվազն 20%-ը վարձակալների կողմից պետք է ազատ ու անհատույց տրամադրվի լճի ափին հանգստանալ ցանկացողներին:
Հինգերորդ հարցը վերաբերում է Սևանի ափամերձ տարածքներում ծովի մակարդակի նկատմամբ նախկին 1908 մետրի փոխարեն սկսած 1905 մետրից շինարարության թույլատրման հիմնավորվածությանը: Կառավարության այս կամայական որոշումը (18.12.2008թ., թիվ 1563-Ն), որն ըստ երևույթին ընդունված է Սևանի ափերին օբյեկտների սեփականատեր հանդիսացող մի քանի օլիգարխի և բարձրաստիճան պաշտոնյաների մասնավոր շահերի սպասարկման նկատառումներով, գիտականորեն հիմնավորված չէ, քանի որ բացակայում է այս հարցով Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Մինչդեռ դա «Սևանա լճի մասին» օրենքի 19-րդ հոդվածի պահանջն է: Այս նույն` Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացության բացակայության պատճառով անօրինական է նաև կառավարության 14.09.2006թ. թիվ 1386-Ն որոշումը, որը սահմանում է փրփրաբաշ ալիքի առավելագույն բարձրությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել 1905մ նիշից վեր շինարարության սկզբունքային թույլատրման մասին կառավարության 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշման ընդունման համար: Խորհրդային ժամանակաշրջանում Սևանա լճի խորը գիտական հետազոտությունների հիման վրա հայ գիտնականները եկել էին այն եզրակացության, որ լճի բնապահպանական հավասարակշռության վերականգնման համար ջրի մակարդակը պետք է բարձրացնել առնվազն մինչև 1903,5 մետրանոց նիշը: Այս թիվը օրենսդրորեն ամրագրվել էր: Սևանի ափերին օբյեկտների շինարարության թույլատվությունը տրվում էր սկսած 1908մ նիշից: Այդ որոշումը (թիվ 755` 18.10.1978թ.) ընդունվել էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի (կառավարության) կողմից` լճում ջրի մակարդակի հավելյալ բարձրացման կարիք առաջանալու դեպքում դրա` ևս մի քանի մետր բարձրացման հնարավորությունն ապահովելու նպատակով: Դա կարող էր տեղի ունենալ, եթե չարդարացվեին գիտնականների կանխատեսումները Սևանի ջրի անհրաժեշտ նվազագույն մակարդակի վերաբերյալ, որը կապահովեր նրա ինքնամաքրումը: Իր նոր` 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշմամբ կառավարությունը, փաստորեն, ստանձնել է Սևանի ափերին տեղակայված օբյեկտների սեփականատերերին փոխհատուցելու պարտավորություն` լճում ջրի մակարդակը ևս մի քանի մետրով բարձրացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում: Մինչդեռ Սևանի ջրի մակարդակը 1903,5 մետրից ավելի բարձրացնելու անհրաժեշտությունն արդեն այսօր է տեսանելի` նոր և անչափ էական գործոնի` աշխարհում կտրուկ գլոբալ տաքացման ի հայտ գալու կապակցությամբ:
Հիմնվելով վերոգրյալի վրա` դիմում եմ Ձեզ ակնկալելով.
1. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ընդդեմ Բնապահպանության նախարարության, նրա բնապահպանական տեսչության և «Սևան» ազգային զբոսայգի» ՊՈԱԿ-ի` Սևանա լճում արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների անհետացման փաստով, որը տեղի է ունեցել բնապահպանական օրենսդրության և նշված նախարարության կանոնադրության պահանջների չկատարման, անգործության և լճում ձկների արդյունաբերական տեսակների քանակի վերականգնման նպատակով հատկացված բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով:
2. Իրականացնել դատախազական ստուգումներ 2010թ.-ին Սևանի ափամերձ տարածքները ծառերից ու թփուտներից մաքրելու աշխատանքներ իրականացրած կազմակերպությունների նկատմամբ` վերջիններիս հետ կնքված պայմանագրերում առկա պարտավորությունների կատարման փաստի առնչությամբ և պայմանագրային կետերի չկատարում հայտնաբերելու դեպքում նրանց, ինչպեսև Բնապահպանության նախարարության` նրանց աշխատանքն ընդունած պաշտոնատար անձանց հանդեպ հարուցել քրեական գործեր:
3. Քրեական գործեր հարուցել համապատասխան պաշտոնատար անձանց հանդեպ, պետական իշխանության (մարզպետարանի, Բնապահպանության նախարարության), տեղական ինքնակառավարման մարմինների, «Սևան» ազգային զբոսայգի» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` իրենց իրավասության ներքո գտնվող տարածքներում 1905մ նիշից (ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշման չեղյալ ճանաչելու դեպքում` 1908մ նիշից) ցածր ապօրինի շինարարության հանդեպ անգործության փաստով:
4. Իրականացնել դատախազական ստուգումներ` պարզելու համար Սևանա լճի ափամերձ տարածքներում ծովի մակարդակից 1905մ նիշից (իսկ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշումն անվավեր ճանաչելու դեպքում` 1908մ նիշից) ցածր կառուցված և օրինականների թվին դասվող բոլոր 481 շենք-շինությունների պետական գրանցման օրինականությունը և օրինազանցությունների բացահայտման դեպքում հարուցել քրեական գործեր խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց հանդեպ:
5. Իրականացնել դատախազական ստուգումներ վարձակալների կողմից քաղաքացիների` Սևանա լճի ափ ազատ ու անհատույց մուտք ունենալու իրավունքի ապահովման կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց ու վարձակալներին, ովքեր թույլ են տվել օրենքի խախտում, եթե այդպիսին կհայտնաբերվի:
6. Բողոքարկել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 14-ի թիվ 1386-Ն և 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշումները, որոնցով կառավարությունը խախտել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը և փաստացի օրինականացրել մինչ այդ անօրինականների թվին դասվող, ծովի մակարդակից 1905-1908մմ միջակայքում կառուցված օբյեկտները` որպես հակաօրինական և պետությանը մեծապես նյութական վնաս հասցնող:
Հուսով եմ, որ արդյունքների մասին կտեղեկացնեք գրավոր:
Հարգանոք`
Լարիսա Ալավերդյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
11 փետրվարի 2011թ.
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը բավարար չի համարում, որ Հատուկ քննչական ծառայությունը իր նկատմամբ հարուցված գործը կարճել է «ապացույցների անբավարարության» հիմքով։ Նա ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանել է. «Տվյալ դեպքում խոսքը պետք է գնա գործը ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելուն, այլ մեր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին»։ Սուքիասյանի պաշտպանները պատրաստվում են դիմել դատարան եթե գլխավոր դատախազությունը մերժի բողոքը, իսկ եթե տեղական ատյանները չբավարարեն բողոքը, իրենք հայց կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ այս քրեական գործն ունի շուրջ 2,5 տարվա պատմություն: 2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը Մրգաստան գյուղի իր տան
մոտ Հովհաննես Եղիազարյանի վրա է հարձակվել իր հորաքրոջ որդի Վարշամ Ղարիբյանը և բռունցքներով հարվածներ հասցրել, ապա նստելով Եղիազարյանի ավտոմեքենայի ղեկին`տարել «Էլիտ Շանթ» ընկերություն, որտեղ նորից շարունակել է ծեծել և խոշտանգել Եղիազարյանին: Ղարիբյանը Եղիազարյանին նաև ստիպել էր ստորագրել մի ստացական, որով իբր պարտք է 2 մլն դրամ և պարտավորվում է դրա դիմաց հանձնել իր «Աուդի» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել էր նաև, որ Եղիազարյանին ստիպել էին ևս մեկ պարտավորագիր ստորագրել, ըստ որի` վերջինս պետք է մինչև 2008-ի նոյեմբերի 29-ը Ղարիբյանին հանձնել 10 մլն դրամ: Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Եղիազարյանը ստացել էր գլխուղեղի ցնցում, քթի կոտրվածք և բուժում ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք նաև, որ տուժողի պաշտպանը դատարանին է ներկայացրել 7 անձի ցուցմունքներ, որոնք վկայում են Եղիազարյանի ծեծի ենթարկվելու փաստի մասին: Հովհաննես Եղիազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հենց սկզբից նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` պնդելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող օբյեկտիվ վերաբերմունք դրսևորել գործի նկատմամբ և լինել անկաշկանդ: Փաստաբանը համոզված էր, և նշեց, թե քանի դեռ դատավորը շարունակում է «ազդվել» գլխավոր դատախազից, չի կարող արդարացի վճիռներ կայացնել: Իսկ որ դատավոր Դանիելյանը շատ զգույշ և ազդեցությունների հակված դատավոր է, շատերը գիտեն։
Դատավորը մեկ ժամից ավելի առանձնացավ` քննելու իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, հետո վերադարձավ և ներկաներին հայտնեց միջնորդության մերժման մասին: Բողոք բերող կողմը այսօր հանդես եկավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թ.-ի դեկտեմբերի 24-ին կայացրած վճիռը չեղյալ հայտարարելու պահանջով: Վճիռը կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Մելքոնյանը:
Տուժողը պահանջում է մերժել և կասեցնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ. Բոյաջյանի գործողությունը, քանի որ վերջինս կարճել է խոշտանգումների և ծեծի ենթարկված Հովհաննես Եղիազարյանի գործը: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց ոչ միայն բեկանել նախորդ դատական ատյանների վճիռը, այլև պատասխանատվության ենթարկել Պ. Բոյաջյանին, քանի որ վերջինիս գործողությունները չեն բխել օրենքից:
Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց բոլոր ապացույցներն ու դատաժշկական փորձաքննության արդյունքները: Իր ելույթում փաստաբանը մի քանի անգամ նշեց, որ այդչափ ապացույցներով հանդերձ` չեն կարողանում ապացուցել տուժողի հանդեպ կատարվածը: Դատավորը նիստը հետաձգեց մինչև փետրվարի 21-ը` դատարանի խիստ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի, որի հիմքում Աղվան Հովսեփյանի և Մանվել Ղարիբյանի հակամարտությունն է. դատախազն իր մասնաբաժինն ունեցավ Ղարիբյանների ընտանեկան բիզնեսից, ինչն էլ նրան դրդում է թշնամություն բորբոքել հարազատ եղբայրների միջև` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Հենց այդ նպատակով էլ Աղվան Հովսեփյանն ամեն հարցում աջակցում է Վարշամ Ղարիբյանին։ Իսկ Հովհաննես Եղիազարյանը տուժողի կարգավիճակում հայտնվեց հենց այն պատճառով, որ եղբայրների հակամարտության ժամանակ պաշտպանել էր Մանվել Ղարիբյանին:
Շուշան Գալստյան
Այսօր Վարչական դատարանում, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի և կանադական ընկերության միջև առկա վեճի գործով հերթական լսումը:
Ուշագրավ է, որ վերջին շրջանում ակտիվացել է «Գլոբալ Գոլդի» շուրջ ծավալվող խնդիրների թեման. այս ընկերությունը խոշոր պարտքեր
ունի մի շարք պետական կառույցների, աշխատավարձի պարտքեր` աշխատակիցներին, որոնք դատի են տվել Պողոսյանի ղեկավարած ընկերությանը: Համատարած այս «քցոցիի» ֆոնին այսօր Վարդան Այվազյանը ևս անդրադարձավ տարիներ առաջ հրապարակ նետված այն վարկածին, թե բնապահպանության նախարար Այվազյանը 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել Աշոտ Պողոսյանից: Տարօրինակ է, բայց այս հարցն ընթացք չստացավ, կարելի է ասել` ջրվեց, և ոչ Այվազյանը պատիվ պահանջեց իրեն հրապարակավ զրպարտելու համար, ոչ էլ Պողոսյանը տեր կանգնեց իր հայտարարությանը։
Իսկ դատական նիստը արդեն որերորդ անգամ հետաձգվում է, ուստի այսօր էլ սպասելի էր ու զարմանալի չէր, որ նորից հետաձգվեց: Պատճառաբանությունն, անշուշտ, այլ էր. Վարչական դատարանի քարտուղարությունից մեզ հայտնեցին, որ դատավոր Քրիստինե Մկոյանը առավոտից գրեթե բոլոր լսումները հետաձգել է առողջական խնդիրների պատճառով:
Շուշան Գալստյան
Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեությունը, պարզվում է, հետաքրքրել է ԱԱԾ –ին. դեռևս հունվարի 26-ին գործ են հարուցել և նյութեր նախապատրաստել։ Այսօր ձերբակալել են նրան, սակայն ոչ թե մանկապղծության, այլ Քրօրի 140-րդ հոդվածով` անձին սեռական բնույթի գործողություններ հարկադրում։
Մանրամասները` առաջիկայում
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանը հրապարակեց մի վճիռ, ըստ որի` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթին պարտավորեցվեց 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորների` խոշոր գործարարներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին:
Հիշեցնենք, որ այս պատգամավորների հայցի հիմքում «Հայկական ժամանակ»-ից պահանջն է` հերքել այն հրապարակումը, ըստ որի` Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական քրեածին խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան:
«ՀԺ»-ի հրապարակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:
Պատգամավորները պահանջում են փոխհատուցել իրենց հասցված բարոյական վնասը և դատական ծախսերը: Պատգամավորներից յուրաքանչյուրը պահանջել էր 2,5 միլիոն դրամ: Դատարանը մասամբ է բավարարել պատգամավորների պահանջը:
«Մեզ համար ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել: Եվ մենք այս վճիռն անպայման բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում։ Մենք չէինք էլ կասկածում, որ այս վճիռը պիտի լիներ»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարվա ընթացքում սա օրաթերթի դեմ երկրորդ դատական հայցն է, որը դատարանը բավարարել է: «Պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Նա իրեն հասցված վնասը գնահատել էր 16 միլիոն դրամ:
Դատարանը պահանջը կրկին բավարարել էր մասամբ` օրաթերթին պարտավորեցնելով վճարել մոտ 3.5 միլիոն դրամ: Այս հայցի հիմքում ընկած էր Լևոն Քոչարյանի մասին 2010 թվականի փետրվարին տպագրված հետևյալ հոդվածը` «Ռոբերտիչի արկածները Դուբայում»: Հրապարակման մեջ նշվում էր, որ 2008 թվականի վերջին Լևոն Քոչարյանին հարբած վիճակում ձերբակալել է Դուբայի ոստիկանությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.