23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում, սահմանված կարգով, կատարվել է նախնական ուսումնասիրություն:
Լ. Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշված հանգամանքները։ Փետրվարի 4-ին նրանից վերցվել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ քրեական գործով լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար մոտ 2 ամիս առաջ (կոնկրետ օրը և ամիսը չի հիշել) գործով քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն նյութական ծանր վիճակի մեջ գտնվելով` կալանավորը պահանջը չի կատարել: Վերջինս նաեւ հայտնել է, որ նույն գործով դատահոգեբուժական փորձաքննության կատարման ընթացքում հոգեբուժարանի բաժնի պետը պահանջել է 8000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որպես հոգեկան հիվանդի եզրակացություն տալու համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ այս պահանջը եւս չի կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքներն ըստ քննչական ենթակայության նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատակիցների կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պատիժը կրում է բաց տիպի գոտում և իրավունք ունի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալ աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին է ներկայացրել կեղծ տեղեկանք, որ, իբր, աշխատանքային օրերին ինքն աշխատում է ՍՊ ընկերությունում՝ իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար: Այնուհետև ՍՊ ընկերության հետ դատապարտյալը կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատանքի չհաճախելու հիմքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնողն էլ, իր հերթին, օրենքով սահմանված ժամկետներում չի ստուգել դատապարտյալի աշխատանքի հաճախումները. դատապարտյալը մեկ տարուց ավել աշխատանքի չի հաճախել, բայց ներկայացված կեղծ տեղեկանքի հիման վրա անարգել դուրս է եկել քրեակատարողական հիմնարկի տարածքից:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու անգամ որպես վկա հարցաքննվել է քաղաքացի Արթուր Կ.-ն: Առաջին հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործի դատաքննության փուլում, երբ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ նախաքննական մարմնին նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել: Դատավորի առաջարկով Արթուր Կ.-ն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-որ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Արթուր Կ.-ի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաև ստորագրությունները կատարվել են միմիայն իր՝ Արթուր Կ.-ի կողմից:
Փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իր ցուցմունքն, իբր, կեղծ լինելու վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Արթուր Կ.-ն նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ հարցաքննության է գնացել երկու անգամ, և երկու անգամ էլ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքի տակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված նոր քրեական գործով Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ՀԿԳ ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:
Նախաքննությունը շարունակվում է:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր նախագահ ունի:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը`դադարեցնելով Դավիթ Բալայանի՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները՝ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Դավիթ Բալայանին նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ իր վարույթում գտնվող կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:
Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին և իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 6-ին Աղվերանում մեկնարկել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատանքային խորհրդաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից:
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի նպատակն էր բարելավել մասնակիցների հմտությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացը վարել են ԵԽ միջազգային հեղինակավոր փորձագետներ Խուան Կառլոս դա Սիլվան, Էրիկ Սվանիձեն և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Նախարարի տեղակալը ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն ամրապնդել տեսական գիտելիքները, այլև զարգացնել գործնական հմտությունները, որոնք հետագայում կնպաստեն աշխատանքի որակի բարձրացմանն ու միջգերատեսչական արդյունավետ համագործակցության խթանմանը:
ՀՀ ԱՆ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս զարգացնել նաև վերլուծական հմտությունները, խորացնել այս կամ այն իրավական խնդրի կամ գործընթացի վերաբերյալ խորքային և համակողմանի պատկերացումները:
Խորհրդաժողովի մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել թե՛ տեսական, թե՛ գործնական մակարդակներում:
Խուան Կառլոս դա Սիլվան ներկայացրել է քրեական դատավարության շրջանակում առանձին կատեգորիայի անձանց ազատության սահմանափակմանն առնչվող հիմնախնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել օտարերկրացիների, անչափահասների, հոգեկան հիվանդություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առանձնահատկություններին:
Էրիկ Սվանիձեն միջոցառման մասնակիցների հետ քննարկել է քրեական վարույթի շրջանակում անձանց ազատությունից զրկելու, նրանց անհրաժեշտ դատավարական երաշխիքներով օժտելու հետ կապված խնդիրները: Ներկայացվել է այդ ոլորտի միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան և զարգացման միտումները:
Խորհրդաժողովի երկրորդ օրը քննարկվել են խոշտանգումների կանխարգելմանն առնչվող հարցեր:
ՀՀ Արդարադատության նախարարություն
Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Սերգեյ Մարաբյանին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Մնացական Հարությունյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Գնել Զաքարյանին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Վարդան Գրիգորյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մարաբյանը, Մնացական Հարությունյանը, Լուսինե Աբգարյանը, Գնել Զաքարյանը, Վարդան Գրիգորյանը և Լիլիթ Սարգսյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-655-Ա հրամանագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և, բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս է հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին ծննդյան 60- ամյակի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական համակարգում նրա բազմամյա գործունեության և արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Արման Մկրտումյանն ընթերցել է Աշոտ Խաչիկյանին պարգևատրելու մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 17Ա որոշումը և հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրն ու հուշանվեր ժամացույցը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեության մի շարք հարցեր:
ՀՀ Դատական դեպարտամենտ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հայկ Գաբրիելի Ավագյանը՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի նախկին պետ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ։
Ամանորի նախաշեմին ՀՀ նախագահը ներում շնորհեց ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, որին Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատապարտյալի սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար: Երկու տարի տևեցին նախաքննությունն ու դատաքննությունը, որոնք բազմաթիվ մութ դրվագներ ունեն:
Օրինակ, որ վկան, որի ցուցմունքով կալանավորել էին Հովհաննիսյանին, մոտ 400-ից ավելի հեռախոսազրույց է ունեցել ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, կամ, որ սպանության նախապատրաստության համար իբր տրված գումարն իրականում չի եղել: Դատարանն այս ամենը կարծես չէր նկատում և, ինչպես հաճախ է լինում, կարդաց դատավարության ընթացքի հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ: Մութ կետերից էր նաև այն, որ, ունենալով բոլոր հիմքերը վերաքննիչ դիմելու համար, Սամվել Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, ապա հետ վերցրեց բողոքը: Սրանից էլ սկսեցինք բացառիկ հարցազրույցը ՔԿՎ նախկին պետի հետ, ով, անշուշտ, այս երկրի «ամենատեղեկացված» մարդկանցից է:
— Դուք երկու տարի պայքարեցիք և մինչև վերջ չընդունեցիք Ձեր մեղքը: Ինչո՞ւ հրաժարվեցիք վերաքննիչ բողոքից:
— Երկու տարուց ավելի տևեցին նախաքննությունը, դատաքննությունը և կարող է շատ ավելի երկար տևեին, եթե ես իմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքից չհրաժարվեի: Ես դա արեցի, որովհետև արդեն հոգնել էի քննություններից, տեսնում էի, որ դրանց վերջը չի երևում:
— Ձեզ, գուցե, խոստացել են, որ եթե հրաժարվեք բողոքից, ներո՞ւմ կստանաք:
— Ոչ, նման խնդիր կամ պայմանավորվածություն չի եղել: Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ հարգեց դիմումս և ինձ ներում շնորհեց: Ես շատ հակիրճ ներկայացրել էի գործը, գրել էի, որ ես այդ հանցագործությունը չեմ կատարել, այնուամենայնիվ, խնդրում եմ ինձ ներում շնորհել: Եվ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրեց, ու ներում շնորհեցին:
— Այսօր քրեակատարողական հիմնարկները բարեփոխման եզրին են, հասարակությունն սպասում է այդ բարեփոխմանը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անել, որ այդ համակարգը վերջապես սկսի համապատասխանել մեր ժամանակի ոգուն:
— ՔԿ համակարգում աշխատել եմ 1994 թվականից: Մինչև 2001 թվականը եղել եմ վարչության պետի առաջին տեղակալ, օպերատիվ աշխատանքներն եմ սպասարկել և 2001-2006-ը եղել եմ այդ ծառայության ղեկավարը: Բարեփոխումներ, իհարկե, եղել են: Նախկինի հետ համեմատության եզրեր չկան, բայց այս մակարդակը դեռ գոհացուցիչ չէ:
— Ինչպիսի՞ վիճակ էր կալանավայրում, երբ Դուք այնտեղ էիք:
— Նորմալ: Որևէ խնդիր չի եղել:
— Ի՞նչ պետք է արվի, Ձեր կարծիքով, որ գոհացուցիչ մակարդակի լինեն կալանավայրերը:
— Պայմանները բարելավելու համար առաջնահերթ պետք է, որ այդ համակարգը լուրջ ֆինանսավորվի: Տեսեք, հասարակ բան. «Արմավիր» ՔԿՀ-ն 400 ազատազրկվածի համար է նախատեսված: Այն իմ օրոք էր դեռ սկսել կառուցվել՝ 2006 թվականին, և միայն այս տարի է ավարտվել շինարարությունը: Արդեն այնտեղ տանում են առաջին դատապարտյալներին: 9 տարի տևեց 400 տեղանոց կալանավայրի շինարարությունը, և սա զուտ ֆինանսական միջոցների սղության հետևանք է: Սա գալիս է երկրի ֆինանսական վիճակից: Մենք բոլորս հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը ծանր է, և ավելի կարևոր նպատակներ կան գումարներն ուղղելու համար, սոցիալական ոլորտներ: Բայց մի բանում վստահ եմ, որ Օսիկյանի նշանակվելուց հետո դրական փոփոխություն կլինի: Ես նրան ճանաչում եմ: Նա շատ գրագետ, բանիմաց՝ ոչ թե ՔԿ ծառայության, այլ կյանքի առումով բանիմաց պաշտոնյա է և կփորձի ավելի դրական տեղաշարժ ապահովել:
— Նախկին ոստիկանները շարունակում են ղեկավարել քրեակատարողական ծառայությունը: Օսիկյանը գրագետ, ինտելեկտուալ մարդու իմիջ ունի, բայց ճի՞շտ է, արդյոք, որ համակարգը կրկին ոստիկանի դեմք ունի:
— Ես Օսիկյանին, կներեք, ոստիկան չեմ համարում: Նա կարճ է աշխատել ոստիկանական համակարգում, բայց մի բան էլ ասեմ. այդ համակարգում ևս կան պարկեշտ, գրագետ մարդիկ:
— Մոտեցումը չպե՞տք է փոխել, մի քիչ ավելի սոցիալական դարձնել կալանավայրերը, ոչ թե միայն օպերատիվ ծառայությանը զարկ տալ:
— Մոտեցումը նորմալ է: Սա արդեն 10 տարի առաջվա համակարգը չէ: Աշխատակիցների մոտ հարգանքի աստիճանը, վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ փոխվել է: Կալանավորներն այսօր իրենց ավելի ազատ են երբեմն զգում, քան աշխատողները:
— Անդրադառնանք Ձեր քրեական գործին: Ձեզ նաև խարդախության հոդվածով դատեցին, և այն վերաբերում էր այժմ արդեն սնանկ ճանաչված «Սամոշ» ՍՊԸ—ի կառուցած էլիտար շենքի բնակարանների վաճառքին: Ի՞նչ եղավ շենքի հետ:
— Սնանկացումից հետո, հատկապես այն շրջանում, երբ ինձ ձերբակալել էին, «Սամոշ» ՍՊԸ-ի հետ կապված չարաշահումներ տեղի ունեցան: Այս կապակցությամբ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, հայտնել ենք, որ սնանկության գործով կառավարիչը չարաշահումներ է թույլ տվել: Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կառավարչի գործողությունների հետ կապված, և այսօր էլ նախաքննությունն ընթանում է: Փորձաքննություն է նշանակվել: Հուսով եմ, որ մոտ ապագայում եզրակացությունը կլինի, և նախաքննական մարմինն իր ձեռքի տակ խոսուն թվեր կունենա:
— Բնակիչները, որոնք բնակարաններ էին գնել, ստացա՞ն իրենց բնակարանները կամ փողերը:
— Սնանկության գործընթացը դեռ ընթանում է: Գրեթե բոլոր այդ անձինք, ովքեր որ պայմանագիր էին կնքել ՍՊԸ-ի հետ, 99 տոկոսով իրենց բնակարաններն ստացել են: Մի քանի հոգի են մնում, որոնց կապակցությամբ ինձ նաև խարդախության հոդվածով դատեցին, ինչն անհիմն էր: Կրկնում եմ, որ ես՝ Սամվել Հովհաննիսյանս, այդ ժամանակահատվածում որևէ իրավական առնչություն չեմ ունեցել «Սամոշ» ՍՊԸ-ի հետ: Ես «Սամոշ» ՍՊԸ-ի տնօրեն եմ դարձել այն ժամանակ, երբ ՍՊԸ-ն սնանկ էր, և ես առքուվաճառքի, գումարների, նյութականի հետ կապված ոչ մի գործարք չեմ կատարել: Պայմանագրերը կնքվել են տնօրենի հետ, ես չեմ ստորագրել պայմանագրերը, չնայած դատավճռում գրված է, որ իբր ես եմ կնքել: Բայց պայմանագրերը կան, փաստ են:
— Դատարանում ես հիշում եմ, որ այդ անձինք՝ բնակարանատերերը, գալիս ցուցմունք էին տալիս, որ Ձեզ չեն ճանաչում և Ձեզ հետ առնչություն չեն ունեցել: Այնուամենայնիվ, վերջում այդ հոդվածով դատարանը պատիժ նշանակեց: Ի՞նչն էր պատճառը, որ դատարանն այդպես էր վարվում:
— Չեմ կարող ասել: Չգիտեմ: Կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ ցանկանում:
— Դուք դատաքննության ընթացքում շատ ակտիվ էիք, կարելի է ասել, ինքներդ էիք Ձեզ պաշտպանում, թեև բազում պաշտպաններ ունեցաք: Հատկապես ի՞նչն է հիշվել այդ դատաքննությունից:
— Ինձ մեղադրում էին նաև սպանության նախապատրաստության համար: Օրենսգիրքը տալիս է, որ հանցագործության նախապատրաստություն է համարվում ինչ-որ միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը, պայմաններ ստեղծելը և այլն: Այսինքն, պետք է ապացուցվեր, որ ես ինչ-որ գործողություն եմ կատարել, ինչ-որ բանով նպաստում եմ սպանության նախապատրաստմանը: Քրեական գործում կար ընդամենը ցուցմունք, որ իբր ես մեկի միջոցով 400 դոլար գումար էի ուղարկել, որպեսզի նրանք նախապատրաստեին սպանություն: Դա աբսուրդ էր: 400 դոլարով այսօր մեկը մյուսին բարև էլ չի տա: Իհարկե, վերջում այդ մարդը, ում որ տվել էին այդ 400 դոլարը, եկավ դատարան և ասաց, որ իրեն որևէ մեկը նման գումար չի տվել:
Գիտե՞ք ամենամեծ զավեշտը որն էր: Ես, ի վերջո, 21 տարեկանից աշխատել եմ իրավապահ մարմիններում, ունեցել եմ պարգևներ, խրախուսանքներ, իհարկե, տույժ էլ եմ ունեցել: Ընդամենը երկու տույժ՝ 27 տարվա ընթացքում: Սպանության նախապատրաստության համար ամենաբարձր պատժաչափը 10 տարի է, և ինձ դատարանն իր դատավճռով այդ ամենախիստ պատժաչափը տվեց: Ինչո՞ւ: Նախկինում դատված չեմ եղել, արատավորված չեմ եղել, և այս ամենը նշված է դատավճռում, իմ վերաբերյալ հիվանդություններ կային նշված իմ բժշկական քարտերում, բայց վերջում, չգիտես ինչու, այս ամենը հաշվի չառնվեց և ամենաբարձր պատժաչափը տրվեց:
— Անընդհատ տպավորություն կար, որ ինչ—որ մարդիկ կանգնած էին դատավարության հետևում, ովքե՞ր էին: Ինչո՞վ և ո՞ւմ համար էիք Դուք վտանգավոր՝ նախկին պաշտոնյա, որը վաղուց պետական համակարգում չէ:
— Ես չեմ կարող ասել դա. քանի որ չեմ ապացուցել, չեմ կարող ասել: Ես էլ իրենց չնմանվեմ, որ առանց ապացույցի ինչ-որ բաներ ասեմ: Ժամանակը կգտնի դրանց:
— Գաղտնալսումների և վերծանումների մասով հետաքրքիր բան կատարվեց: Դատարանը բավարարեց հեռախոսային վերծանումները հրապարակելու Ձեր միջնորդությունը, և պարզվեց, որ այն անձը, որի միջոցով, իբր պատվիրվել էր մյուսի սպանությունը, հարյուրավոր անգամներ խոսել է ՔԿՎ պետի տեղակալի հետ: Ինչպե՞ս սա գնահատեց դատարանը:
— Այո, այս հատվածում մի խայտառակ պատմություն պարզվեց: Ձեր նշած անձի և ԿՔՎ ղեկավարության կապը վերծանումներով երևում էր, բայց դատարանն ուղղակի չանդրադարձավ դրան:
— Ինչո՞վ եք մտադիր զբաղվել: Որոշե՞լ եք:
— Ես իրավաբան եմ, ունեմ մասնագիտություն: Դա օպերատիվ աշխատանքն է: Ես կրթությամբ նաև տնտեսագետ եմ: Մեծ փորձ ունեմ: Կզբաղվեմ, կաշխատեմ: Պետական համակարգում, բնականաբար, չեմ կարող աշխատել, բայց, հավանաբար, կաշխատեմ մասնավոր կառույցներում, իմ փորձը կներդնեմ:
Սյուզան Սիմոնյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.