23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն, որ Կոմանդոսը ստախոս է և օգտագործվում է կեղտոտ քարոզչական նպատակներով՝ դա հայտնի է վաղուց, որովհետև հենց ինքն էր, միակ մարդն ամբողջ Հայաստանի ռազմական վերնախավից, որն ասել է, թե Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի գրավման մասին»,-ասել է Լևոն Զուրաբյանը:
Նողկալի ու զավեշտալի է, երբ Արցախյան ազատամարտի մասին զուտ պատմական տեղեկություններից իրազեկ մարդիկ են իրենց իրավունք վերապահում գնահատականներ տալ իրական ու իսկական զինվորականներին, որոնք անկախ իրենց կատարած սխալներից՝ կերտել են մեր այսօրվա հաղթանակը: Պետք չէ օգտագործել մեր զինվորական մեծերի միջև ակամայից ծագած փոքրիկ միջադեպը և դա օգտագործել սեփական չնչին անձը հասարակությանը ներկայացնելու համար:
Վերջերս շատ ազատամարտիկների հետ զրույցում բոլորն էլ վրդովված էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթյանի միջև ծագած փոքրիկ վիճաբանության կապակցությամբ:
Ես անձամբ գեներալ-գնդապետ Դարիբալթյանին տեսել եմ և՛ ռազմական խորհրդակցությունների ժամանակ, որտեղ նա որպես փորձառու զինվորական քննարկում էր այս կամ այն խոշոր ռազմական օպերացիանների ծրագրերը, և՛ խրամատներում , երբ զինվորներին սովորեցնում էր թաքնվել թշնամու հրետակոծությունից և ճիշտ կրակային դիրք գրավել: Նա ամենուր էր պատերազմի ժամանակ և իր անսպառ էներգիայով ու գեներալական փորձառությամբ օգնում էր և խորհուրդներ էր տալիս բոլորին:
Այդ անխոնջ ծերունի գեներալը 93-94 թթ.-ին ոտքով մեկ օրվա ընթացքում տասնյակ կիլոմետրեր էր քայլում՝ օգնելով դիրքեր պատրաստել և իր խորհուրդներով կազմակերպում էր պաշտպանություն ու հակագրոհներ:
Այսօր մոռանալ ու քննարկել այդ մարդու արածը Արցախյան ազատամարտի տարիներին, սխա՛լ է:
Միաժամանակ անուրանալի է նաև Կոմանդոսի հսկայական ներդրումն Արցախյան ազատամարտի ու Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործում:
Խոջալուի ու Շուշիի փայլուն օպերացիաները ինքնին խոսում են այդ մարդու փայլուն ունակությունների ու հայրենասիրության մասին:
Հատկապես հիշատակելի է Մարտակերտի ծանր օրերին Կոմանդոսի հսկայածավալ գործունեությունը, երբ Դրմբոնում առաջնագծին շատ մոտ, գեներալ-մայոր Հարությունյանի հետ միասին, տքնաջան փորձում էին կանգնեցնել թշնամու առաջխաղացումները:
Քննարկումից վեր է ինչպես այս զորահրամանատարի, այնպես էլ Արցախյան ազատամարտի բոլոր հրամանատարների կատարած հերոսական գործերը:
Մի՞թե այդքան մեծ անհրաժեշտություն կա թշնամու քարոզչական ջրաղացին այդպիսի հեղեղ մատուցել և նսեմացնել հաղթանակ կերտողներին:
Պարոն Լևոն Զուրաբյանը չունի ոչ մի իրավունք ստախոս անվանելու այն ռազմական մեծությանը, ով մեզ պարգևել է ազգային հպարտության զգացում: Նա իր փոքրիկ անհատականությամբ, որի դերը այդպես էլ չգիտակցեց հասարակությունը, չպետք է իրեն իրավունք վերապահեր այդպիսի ցինիզմով խոսել Արցախի հերոսի, գեներալի մասին:
Պարո՛ն Զուրաբյան, արցախյան հաղթանակը կերտել է մի ողջ ժողովուրդ, այդ հաղթնակի առաջնորդներից են եղել գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանն ու Գուրգեն Դարիբալթյանը, և նրանց փոքրիկ վեճը մի՛ օգտագործեք քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դուք ավելի եք հեղինակազրկում Ձեզ և ՀԱԿ շարժումը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
«Հայկական Վարկած»-ն այսուհետ պարբերաբար ներկայացնելու է Հայաստանի հոգեբուժարաններում տիրող իրավիճակը, առկա խնդիրները: Մեր առաջին այցը Սևանի հոգեբուժարան էր, որտեղ այս պահին բուժվում է 420 հիվանդ:
Խոսակցություններ էին շրջանառվում, որ առհասարակ Հայաստանի հոգեբուժարաններում հիվանդներին պահում են իրենց կամքին հակառակ, յուրացնում թոշակները, նրանց նկատմամբ բռնություն կիրառում և այլն: Թե ինչպիսին է վիճակը Սևանի հոգեբուժարանում և առկա են արդյո՞ք նման խնդիրներ` փորձեցինք պարզել հենց հաստատության ներսում` զրուցելով բուժանձնակազմի և հնարավորության սահմաններում`հիվանդերի հետ: Նրանցից մի քանիսին հանդիպեցինք միջանցքում, որոնք ասացին, թե գոհ են պայմաններից և վերաբերմունքից, սակայն խոսակցությունները տեղի էին ունենում բուժանձնակազմի ներկայությամբ:
Ներկա պահին Սևանի հոգեբուժարանում բուժվող 420 հիվանդներից հարկադիր բուժման մեջ են գտնվում հինգը, որոնք կատարել են քրեորեն պատժելի արարք, անցել են դատահոգեբուժական փորձաքննություն, ճանաչվել են անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հոգեբուժարան:
Մնացած հիվանդների դեպքում, ինչպես նշեց հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանը` ամեն ինչ արվում է ըստ օրենքի. Հիվանդը գալիս է, որպեսզի ընդունվի հոգեբուժարան, բուժհաստատությանը տրվում է 72 ժամ, որպեսզի 3 բժշկից բաղկացած հանձնաժողովը հետազոտի հիվանդին և տեսնի` կա՞ բուժման կարիք, թե՞ ոչ: Եթե հիվանդը չի ցանկանում, սակայն հանձնաժողովն ամեն դեպքում գտնում է, որ բուժման կարիք կա, ապա հաստատությունը դիմում է դատարան և պահանջում հարկադիր բուժում, քանի որ տվյալ հիվանդը շրջապատի համար կարող է վտանգ ներկայացնել:
Իսկ վտանգ չներկայացնող հիվանդին, ըստ Ալեքսանյանի, ստիպողաբար պահել չեն կարող, քանի որ հիվանդն ունի խնամակալ:
Այստեղ հարց առաջացավ. ոչ բոլոր հիվանդներն ունեն հարազատներ, խնամակալներ և փաստորեն պաշտպանված չեն, ուստի ապահովագրված չեն իրենց կամքին հակառակ` հաստատությունում պահվելուց: Հարցին Ալեքսնայանը պատասխանեց, որ, այո, նման դեպքում առաջանում է հակասություն օրենքի և բարոյական սկզբունքների միջև, այսինքն, մի կողմից` իրենք պարտավոր են բաց թողնել հիվանդին, եթե վերջինս վտանգ չի ներկայացնում և չի ցանկանում մնալ հաստատությունում, սակայն մյուս կողմից` գիտակցաբար շրջանցում են օրենքը, քանի որ տվյալ հիվանդը չունի բնակության վայր, չունի խնամող, հարազատ և հաստատությունից դուրս պարզապես կարող է դատապարտվել սովամահության կամ ցրտահարության` ձմեռային շրջանում: Սրանք այն դեպքերն են, երբ, ըստ Ալեքսանյանի, իրենք հիվանդներին պահում են իրենց կամքին հակառակ:
Հաստատությունից լինում են նաև փախուստներ, թեև շատ հազվադեպ, տարեկան 1-2 փախուստ, իսկ վերջին տարում, ըստ փոխտնօրենի, ոչ մի փախուստ չի գրանցվել: Փախուստի պատճառները բուժանձնակազմը կապում է հիվանդների հոգեվիճակի հետ, հիմնական պատճառներից նշելով իմպերատիվ հալյուցինոզը: Փախուստի դեպքում հայտնում են ոստիկանություն, և հիվանդին հետ են բերում:
Հարցին, թե կիրառվու՞մ է արդյոք հիվանդների նկատմամբ բռնություն, թե ոչ և ի՞նչ զսպման մեթոդներ են կիրառվում անձնակազմի կողմից, Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը պատասխանեց, որ նշված մեթոդները` ուժի կիրառումը, զսպաշապիկը, հնացած են և վաղուց արդեն չեն կիրառվում, քանի որ կա համապատասխան դեղորայք, նամանավանդ, ներկայումս դեղորայքն այնքան բարձր որակի է, որ հիվանդը ագրեսիայի նոպայի պահին հանգստանում է ընդամենը մեկ ներարկումով: Ինչ վերաբերում է կիրառվող դեղորայքին` Կարապետյանը նշեց, որ հաստատությունում արդեն կիրառում են զիպրեքսիա` 5-րդ սերնդի դեղերից, որի վնասակար հետևանքներն ավելի քիչ են:
Ինչպես նշեց տնօրենը` դեղորայքն ամբողջությամբ ստանում են պետպատվերով, և հաստատությունն ունի միայն պետական ֆինանսավորում, վերջերս էլ պետական ծրագրով կատարվել է մասնաշենքերի վերանորոգում: Հոգեբուժարանում աշխատում է 9 բժիշկ: Կան նաև սոցիալական աշխատողներ, որոնց դերը հատկապես կարևորում է Կարապետյանը: Սոցաշխատողը կապ է պահպանում հիվանդի ընտանիքի հետ, զբաղվում է հիվանդի թոշակի հարցով:
Թոշակների մասին փոխտնօրեն Ալեքսանյանը նշեց, որ դա ամբողջությամբ սոցապ նախարարության գործառույթն է, և իրենք որևէ կերպ չեն միջամտում: Այն հիվանդները, ովքեր գրանցված են հոգեբուժարանում և ընդունակ են տնօրինել իրենց գումարները, թոշակը ստանում են տեղում` փոստատարից: Իսկ բնակության վայրում գրանցում ունեցողների թոշակներն արդեն ստանում են հարազատները և խնամակալները: Հոգեբուժարանի տնօրենը և փոխտնօրենը բացառեցին, թե իրենց մոտ կարող է լինել թոշակների յուրացում: Միջին հաշվով` յուրաքանչյուր հիվանդ ստանում է 10-15 հազար դրամ թոշակ:
Կարապետյանը նշեց նաև, որ բացի հոգեբուժարանից իրենք մարզում ստեղծել են նաև հոգեկան առողջության կենտրոն, որի կենտրոնը գտնվում է Սևան քաղաքում, իսկ մասնաճյուղերը` Վարդենիս, Մարտունի, Գավառ և Ճամբարակ քաղաքներում: Հոգեկան առողջության կենտրոնին «Հայկական Վարկած»-ը կանդրադառնա առանձին հրապարակմամբ:
Կարեն Վարդանյան
Վերջին ժամանակներում շատերի ուշադրությունը գրաված՝ գենդերային հարցը կարծես թե իր լուծումն է ստանում, ինչը կանխատեսելի էր, քանի որ նման հարցերը սովորաբար ստանում են լուծում, երբ արդեն իրենց անելիքը ավարտած են լինում: Տվյալ դեպքում դժվար չէ հասկանալը, որ իշխանությունների կողմից առաջ քաշված այս հարցը ևս մեկ ուղղությամբ շեղեց հասարակության մի հատվածի ուշադրությունը: Երբ հասարակական դժգոհությունները շատանում են, խնդիր է առաջանում արհեստականորեն ստեղծել դժգոհության նոր աղբյուրներ ու պատճառներ, որոնք այդքան էլ պայթյունավտանգ չեն և լուծվող են, և այդպիսով մեղմել առավել պայթյունավտանգ դժգոհությունները:
Կառավարության պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է օգոստոսի 29-ի՝ Կառավարության նիստի օրակարգը, որտեղ նշված է, որ Կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ ԱԺ: Արդյունքում «գենդերային հարաբերություններ» բառերը կփոխարինվեն «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» բառերով և հարցը կհամարեն լուծված, բոլորն էլ կլինեն երջանիկ ու բախտավոր:
Հարցը, իհարկե, լուծված կլինի, քանի որ համապատասխան հնչեղությունն արդեն ապահովված է, և իշխանություններին հաջողվեց «գենդերը» դարձնել երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, և կարծես թե թանկացումները, ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացումը, արտագաղթը կորցրեցին իրենց ուժը: Ժողովրդի մի հատվածը կուլ տվեց հերթական խայծը, որը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը:
Եվ ցավալին այն է, որ նման դեպքերում խայծը գցվում է և կուլ տվողներն էլ միշտ գնում են դրան իրենց նախորդ գործերը ավարտին չհասցրած: Իհարկե, դրական արդյունք է այն, որ Հայաստանի քաղաքացիների մոտ սեփական իրավունքի և արժանապատվության գիտակցությունը բարձրանում է և մարդիկ արդեն շատ խնդիրների համար դուրս են գալիս պայքարի, սակայն այդ պայքարները կիսատ են մնում, մեկ հարցը չվերջացրած՝ անցնում են մյուս հարցին, առանց մտածելու, որ մյուս հարցը հնարավոր է՝ նաև արհեստածին լինի:
Օրինակ, այսօր արդեն չեն խոսում Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու մասին, ավելին՝ հայտարարում են, թե չի կարող Լիսկան մեղավոր լինել, սակայն դեռ ոչ հեռավոր անցյալում բազմաթիվ մարդիկ մտահոգված էին այդ հարցով և միջադեպի բոլոր մեղավորներին, այդ թվում՝ Լիսկային պատասխանատվության ենթարկելու պահանջներ էին ներկայացնում, ակտիվ ֆեյսբուքյան քննարկումներ կազմակերպում: Իսկ ինչու՞ մոռացվեց, որովհետև առաջ եկան այլ հարցեր, որոնց մի մասը խայծեր էին կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կտեր»:
Ժամանակն է հաղթահարել նաև այդ փուլը, հասնել գիտակցության այն աստիճանի, հասկանալու համար, որ խայծ կուլ տալու արդյունքում դառնում ես զոհ:
Կարեն Վարդանյան
Հայաստանի քաղաքացին մշտապես դժգոհ է: Այս երևույթն արդեն օրինաչափություն է դարձել. դժգոհ են մուրացիկներից մինչև օլիգարխներ: Սա նախ խոսում է մեր մենթալիտետի մասին. դժգոհ, հեռացող ու կարոտող ժողովուրդ:
Ժամանակ առ ժամանակ մարդիկ դժգոհության նոր թիրախ են գտնում, ու սևեռվում դրա վրա, առանց հիմանավորելու դժգոհությունը, պատճառն ու հետևանքը:
Հիմա խոսում ենք նոր որակի ոստիկանության մասին ու դժգոհում եղածից, մոռանալով, որ ոստիկանությունը կամ միլիցիան երբեք էլ չի գոհացրել մեզ: Մոռանում ենք, որ ոստիկաններին ղեկավարող կադրերը, նախկին միլիցիաներ են: Իսկ նորաթուխ ոստիկաններից շատերը, համակարգ մտնելով, որոշակի հարց են լուծում, ասել է թե՝ նրանք ոչ գաղափարի համար են գալիս, ոչ էլ աշխատավարձի, ավելին՝ նման խղճուկ աշխատավարձով ոչ ոք չի աշխատի իր վրա:
Ստացվում է՝ մի կերպար, որը չի կարող բավարարել ոչ ՀՀ իրավագիտակից քաղաքացուն, ոչ համակարգին: Բարձր պրոֆեսիոնալիզմի հասնելու համար ժամանակ, միջոցներ և ցանկություն է պետք:524349
Հանրությունն ինքը գնալով դեգրադացվում է սկզբունքայնության տեսանկյունից: Ճիշտ է, մարդկանց մի որոշ հատված, որ ավելի իրավագիտակից են, պահանջում են հարգել իրենց տարրական իրավունքները, սակայն իշխանությունը պատրաստ չէ ընդառաջ գնալ հանրությանը:
Փաստ է, որ մեր դժգոհությունը համարժեք է իրավիճակին, սակայն դա տարերային բնույթ է կրում և փչվելու է աննպատակ, ինչպես փչվեց «բարևի» հեղափոխությունը: Արդյունքում, կորչում է այն լավը, մաքուրը, որ ստեղծվել է ոչ քիչ ջանքերի գնով:
Երկրի ներքին կոնֆլիկտը, որն առաջացել է, բոլոր բնագավառներում, իրոք, խայտառակ ամենաթողության հետևանքով, այսօր փաստացի վեր է ածվում ընդամենը քաղաքացիների ու ոստիկանների միջև կենցաղային բնույթի սկանդալների: Իսկ դա ձեռնտու է որոշ ուժերի:
Արա Հարությունյան
Երեկվա «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ հնչեց Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական բոցաշունչ, բայց աննպատակ ելույթը, և կրկին անգամ ստացվեց նույն տպավորությունը, որ այս մարդը ինքն էլ չգիտի, թե` ինչ է ուզում:
Չնայած դժվար է ասել. առանց իմանալու մարդիկ հարթակ դուրս չեն գալիս: Հիմա էլ Րաֆֆին խոստանում է մեկ ամսից ամեն ինչ փոխել, իսկ թե ինչը և ինչպես` այդ մասին կրկին ոչինչ չի ասվում, չկա որևէ ծրագիր, ռազմավարություն:
Ր.Հովհաննիսյանը միգուցե կարող էր ինչ -որ բան փոխեր նախագահական ընտրություններից հետո, սակայն ամեն ինչ ավարտվեց Գասպարյան Վովայի հետ համատեղ աղոթքով: Լինելով զարգացած մարդ, նամանավանդ պատմաբանի որդի` նա գոնե պետք է մեր պատմությունից դասեր քաղած լիներ, որ ճիշտ է, աղոթքով շատ հարցեր են լուծվում,բայց ոչ քաղաքական հարթությունում, որ աղոթքը քաղաքական կատեգորիա չէ:
Մոտ կես միլիոն մարդու վերջնականապես հիասթափեցնելուց հետո, հիմա Ր.Հովհաննիսյանը հերթական ներկայացման փորձերն է անում: Սա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար, արդեն ավանդույթ է, որ հասարակության մի հատվածին հիասթափեցրած գործիչները նորից հայտնվում են հարթակում և նորից խաղում մարդկանց զգացմունքների հետ` սին հույսեր ներշնչելով:
Զարմանալի չի լինի, եթե սեպտեմբերի 23-ին կամ 24-ին տեղի ունենա հաջորդ համատեղ աղոթքը Գասպարյան Վովայի կամ մեկ ուրիշ պաշտոնյայի հետ, ու հերթական աղոթքով կհանդարտեցնեն մարդկանց արդարացի ցասումը, կվիժեցնեն հերթական շարժումը: Տեխնոլոգիան աշխատում է և կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի մի հատվածը չի կարողանում թարմացնել իր հիշողությունը և յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչի բոցաշունչ ելույթից ոգևորվելու փոխարեն վերլուծել նրա քայլերը դեռ ոչ հեռավոր անցյալում:
Աղոթելու հետ մեկտեղ գործել է պետք, և հույսը դնել սեփական ուժերի և հնարավորությունների վրա:
Շատ քիչ դեպքերում է, որ տեխնիկական վթարները, որոնց դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտների աշխատակիցները ստանում են վնասվածքներ կամ հրաժեշտ տալիս կյանքին, լուրջ մոտեցման են արժանանում: Սովորաբար դրանք կոծկվում են տնտեսվարողի կողմից, հաճախ վերահսկող կառույցների թույլտվությամբ:
Մեզանում քաղաքացու պաշտպանվածության, նրա իրավագիտակցության վրա հույս դնել հնարավոր չէ, ասել է, թե՝ հուսալ, որ տուժողը կամ նրա հարազատը ի վիճակի է, կամ ի զորու է պաշպանել իր շահերը, միամտություն կլինի: Նրանք՝ որպես կանոն, բավարարվում են ղեկավարության կողմից շպրտված փշրանքներով, և լռում են՝ վախենալով զրկվել նաև դրանից:
Մեր հարցին, թե՝ ի՞նչ կարգով է սահմանվում աշխատունակությունից զրկված քաղաքացու փոխհատուցման հարցը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխանան բաժնից նշեցին. «Հատուկ կարգեր կան, վնասի հատուցումը կատարվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան»:
Իսկ այն հարցին, թե եղե՞լ են բողոքարկումներ տուժողների կամ նրանց հարազատների կողմից, նախարարությունից պատասխանեցին, որ շատ են եղել, քաղաքացիների դիմումներն ուղարկվել են Աշխատանքի պետական տեսչություն, տեսչությունը միջոցներ է ձեռնարկել և ընթացք է տրվել: Սակայն այնտեղից չմանրամասնեցին, թե կենկրետ ինչ բողոքներ են եղել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել:
«Հայկական վարկածը» տեխնածին վթարների վիճակագրության մասին տեղեկություն է խնդրել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունից.
2012-2013 թթ.-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների հետևանքով, մահացու և ծանր ելքով 24 արտադրական դժբախտ դեպք:
- 2012 թ. ընթացքում տեղի է ունեցել 18 և 2013 թ. առաջին կիսամյակում՝ 6 արտադրական դժբախտ դեպք:
- 2012թ. ընթացքում «Զանգեզուր ՊՄԿ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել 3 դժբախտ դեպք՝
ա) լեռնահանքային աշխատանքներ բաց հանքում 2012 թ. փետրվարին տեղի է ունեցել 1 արտադրական դժբախտ դեպք, որի արդյունքում զոհվել է 1 մարդ:
բ) լեռնային արտադրամասի ստորգետնյա հանքուղում 2012 թ. դեկտեմբերին տեղի է ունեցել 1 արտադրական դժբախտ դեպք, որի արդյունքում վնասվել է 1 մարդ:
գ) լեռնային արտադրամասում 2012թ.դեկտեմբերին տեղի է ունեցել 1 արտադրական դժբախտ դեպք, որի արդյունքում վնասվել է 1 մարդ:
«Թափանցիկության ջատագով» ՀՀԿ-ն կրկին հագավ խորհրդավորության քողը և անցավ «մութ խաղերի»: Թե ի՞նչ է քննարկվել երեկվա հերթական ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, հանրությունն այդպես էլ չտեղեկացավ: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նման դեպքերում լավ բան պետք չէ ակնկալել, քանի որ, կարծում եմ, ՀՀԿ-ականներն ի սկզբանե որոշել էին չհրապարակել, թե ինչ են քննարկելու:
Շարմազանովի բացակայությունն իր հերթին նպաստավոր էր դրա համար, իսկ լրագրողներին տեղեկատվություն տալու հարցում Գալուստ Սահակյանին վստահելը դա նույնն է, ինչ տեղեկատվություն տալուց միտումնավոր հրաժարվելը:
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Գալուստ Գրիգորիչը մեծ վարպետ է բարդ համաստորադասական նախադասություններ և ամենատարբեր ու խուճուճ մտքեր կազմելու և արտահայտելու մեջ, որոնցում իրականում միտք չկա, այլ ընդամենը քողարկված մեսիջներ՝ իր սիրելի նախագահի կողմից:
Այսինքն, ունկնդիրը նրա խոսքերից չի ստանում ոչինչ, բացի ավելորդ գլխացավանքից: Այդ առումով արժե շնորհակալություն հայտնել երեկվա ՀՀԿ ԳՄ նիստը լուսաբանելու գնացած բոլոր լրագրողներին՝ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը բոյկոտելու և մեր՝ արդեն տանջված ուղեղներն այս անգամ փրկելու համար:
Մեր ուղեղները փրկվեցին, սակայն ՀՀԿ-ականների ծրագիրը՝ Գալուստի միջոցով կանխարգելել նիստի լուսաբանումը, հաջողվեց:
Թե ինչ են իրականում քննարկել նիստին՝ կարելի է միայն ենթադրություններ անել, որոնցից ամենահավանականն եմ համարում այն, որ նիստի առանցքային հարցը եղել է Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք այցը Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից արդեն հնչել են այն խոսքերը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ ասոցացման համաձայնագրի՝ նոյեմբերին կայանալիք նախաստորագրմանը, այսինքն՝ «և՝ և»-ը ամեն գնով առաջ է տարվում, ինչը չեմ կարծում, թե ողջունելի է «մեծ եղբոր» կողմից՝ մանավանդ հաշվի առնելով վերջին իրադարձությունները:
Դժվար թե Սերժ Սարգսյանը աչքի առաջ չունենա նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող տնտեսական ճնշումները, որոնք այդ նույն նախաստորագրման հետևանքը կարող են լինել:
Այնպես որ, կարելի է ասել, մոտենում է «ռազմավարական գործընկերոջ» առջև պատասխան տալու և կողմնորոշվելու ժամանակը՝ «և՝ և», թե՞ «կամ՝ կամ»:
Չեմ բացառում նույնիսկ, որ երեկվա նիստի ժամանակ քննարկված լինի Ասոցացաման համաձայնագրի նախաստորագրման մասնակցությունից հրաժարվելու հարցը: Ամեն դեպքում, ամեն ինչ ավելի հստակ կլինի սեպտեմբերի 3-ից հետո:
Կարեն Վարդանյան
Երբ չլսված- չտեսնված բան է տեղի ունենում, ժողովուրդն ասում է՝ պատը պետք է չոփ մտցնել:
Լիսկան որոշել է իր արժանապատվության հարցը լուծել դատարանի միջոցով:
Սա այն դեպքն է, որ պետք է պատը գերան մտցնել:
Փաստորեն, քրեաօլիգարխները սկսել են իրենց հարցերը լուծել ոչ թե իրենց հաստավիզների միջոցով, ոչ թե մարդկանց ծեծելու, ահաբեկելու, մարդկանց վրա կրակելու, սպանելու ճանապարհով, այլ դատարանի միջոցով:
Տարօրինակ է, նամանավանդ, եթե խոսքը վերաբերվում է տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանին: Վերջինս, ըստ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի, իրեն դատի է տվել և պահանջել 1,5 մլն. դրամ:
Դժվար է հավատալ, որ Լիսկան քաղաքակրթվել է, դա նրա համար չէ:
Այլ հարց է, որ նախկին մարզպետը պարզապես ստիպված է առայժմ իր հարցերը միմիայն նման ճանապարհով լուծել: Խեղճացել է նա, թե՞ դարձել օրինապաշտ, ցույց կտա ժամանակը:
Ի վերջո, երբեմն հանցագործներն էլ են դարձի գալիս: Ինչ իմանաս, միգուցե Լիսկան էլ մի օր ապաշխարհի ու դառնա ՀՀ օրինապաշտ քաղաքացի:
Չէ՞ որ նա գործել է աշխարհի ամենասարսափելի մեղքերից մեկը՝ իր վարքով հասնելով նրան, որ որդին մեղադրվի մարդասպանության մեջ:
Իսկ ինչ վերաբերում է բուն դատական հայցին, կարծում ենք, Գորիսի նախկին քաղաքապետը նրան հնարավորություն չի տա վաստակելու 1,5 միլիոն, նա միշտ էլ ասել է, որ ցանկացած ատյանում պատրաստ է փաստարկել իր ասած յուրաքանչյուր բառը:
Կարեն Վարդանյան
Օրեր առաջ «Հայկական վարկած»-ը տեղեկացրել էր, որ իր ստույգ տվյալներով արդեն որոշված է, թիվ 38 ընտրատարածքից ընտրվելիք պատգամավորը և որ այն Գորիսի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է: Ֆիկտիվ ընտրության երևույթը մեր երկրի համար վաղուց արդեն օրինաչափ է դարձել: Ցանկացած ընտրությունների դեպքում էլ նախապես ելքն արդեն հայտնի է լինում, ամեն ինչ՝ որոշված: Այդուհանդերձ ձևականորեն ստեղծվում է ընտրապայքարի իմիտացիա, առաջադրվում են այլ թեկնածուներ, որոնց մի մասը ձևական են, դրածոներ, մյուս մասն էլ ունի առաջադրվելու իր դրդապատճառները: Մեր զրուցակիցն է թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Պավլիկ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, դեռևս նախագահական ընտրությունների ժամանակ առաջադվելու փորձ արեցիք, սակայն ընտրագրավը մուծել չկարողանալու պատճառով մերժում ստացաք: Ի՞նչ նպատակ էիք հետապնդում:
-Ես ցանկություն չունեի մտնել այս կեղտոտ խաղի մեջ, գիտեի, որ մեր քաղաքական դաշտը կեղտոտ է, բայց որ այսքան այլասերված՝ չէի պատկերացնում: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե սա Հայաստանն է եւ վերջ, ես որոշեցի, որ վերջը իր համար է, այլ ոչ թե իմ: Առաջադրվելով ես դուրս եկա նրանց դեմ, որպեսզի ցույց տամ, որ ժողովուրդն իրենց չի ընդունում, թե չէ լավ էլ գիտակցում էի, որ ընտրվելու որեւէ շանս չունեմ: Կան շատ ավելի մեծ հնարավորությունների տեր եւ շնորհալի մարդիկ, ովքեր կարող են երկիր ղեկավարել, սակայն նույնիսկ նրանց դեմ ճանապարհները փակում են:
-Այս անգամ և՞ս նույն նպատակն եք հետապնդում, և ներկայում թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելով՝ չե՞ք ունենա նույն խնդիրը՝ կապված ընտրագրավի հետ:
-Նպատակը նույնն է, ինչ առաջին անգամ: Սա քաղաքական համակարգի դեմ պայքարելու հարթակ է, որը ես ուզում եմ օգտագործել:
Իսկ ընտրագրավ հասկացությունը ես ընդհանրապես համարում եմ հակասահմանադրական, քանի որ սահմամադրությունը ընտրվելու իրավունք տալիս է յուրաքանչյուր անձի, սակայն հանրապետության բնակչության 95 տոկոսը չի կարող մուծել այդ գումարը: Ընտրագրավի մասին օրենքը սոցիալական անարդարություն եւ ատելություն է սերմանում:
-Իսկ հիմա ի վիճակի՞ եք վճարել:
-Եթե նույնիսկ ի վիճակի լինեմ՝ չեմ վճարելու, որովհետև դա նսեմացնում է բնակչությանը, դրանով իշխանությունները մոնոպոլիզացնում են դաշտը, դարձնում այն քրեաօլիգարխիկ համակարգի մենաշնորհ: Դրա փոխարեն իշխանությունները կարող են այլ ցենզեր մտցնել, օրինակ, որ հարբեցողը, թմրամոլը, մոլագարը, մարդասպանը չի կարող լինել պատգամավոր, բայց ախր իրենք դա են:
Ես իմ կողմից արդեն քայլ արել եմ, որ օրենքով պարտադրեմ, որ ընտրագրավը մուծի կառավարությունը, նույնիսկ նշել եմ գումարի աղբյուրները: Օրինակ, վարչապետը, ում անունով օֆշորային գոտում իբրև թե ընկերություն էին գրանցել, հաշվին գումար դրել՝ իրեն վարկաբեկելու նպատակով, թող այդ օֆշորային գումարները փոխանցի ընտրական ֆոնդ՝ դրանով իսկ փրկելով իր պատիվը: Կամ թող հետ վերադարձնեն էլիտար զուգարանները, որոնք ուղղակի չեն աշխատում, և փոխանցեն այդ գումարը: Այլ ուղիներ էլ եմ նշել:
-Ինչու՞ հենց թիվ 38-ում: Սյունիքի հետ կապ ունե՞ք
Ոչ, ծնունդով Սպիտակի կողմից եմ, բայց Սյունիքն էլ մեր հայրենիքն է, և այս պահին այդ տեղն ազատվեց: Ինձ համար կարևորը հարթակն օգտագործելն է:
-Իշխանությունների կամ մրցակիցների կողմից խչընդոտներ ստեղծվու՞մ են:
-Ոչ մի: Ես որևիցե թեկնածուի դեմ բողոք չունեմ, հակասություն չունեմ, չնայած ակնհայտ է, որ այնտեղ վերարտադրման պրոցես է գնում:
-Հայտնի է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է միջամտել Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին: Դուք նախկին մազրպետի հետ որևէ առնչություն ունեցե՞լ եք:
-Ոչ, նրա հետ ընդհանրապես չեմ առնչվել, որևէ միջադեպ չի եղել: Իսկ ընդհանրապես՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սուրեն Խաչատրյանի համար իշխանությունները նախատեսել են բնապահպանության նախարարի աթոռը:
-Հասկանալի է, որ այս ընտրությունների ելքն էլ արդեն իսկ հայտնի է: Ի՞նչ եք անելու դրանից հետո: Շարունակելու՞ եք պայքարել և ինչպե՞ս:
-Քաղաքականության մեջ կմնամ, եթե լինի պահանջարկ: Այսօր չեմ տեսնում այն քաղաքական ուժին, ում հետ կուզեի համագործակցել, բայց անհատներ կան: Դեռ նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացներում ակտիվորեն աջակցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա աջակցում էի Նախախորհրդարանին, սակայն կային տարաձայնություններ: Այս պահին դեռ պարզ չէ, ժամանակը ցույց կտա:
Հարցազրույցը՝ Կարեն Վարդանյանի
Այս պահին՝ Արդարադատության նախարարության մոտ, իրենց բողոքի ակցիան են շարունակում դատապարտյալների հարազատները, որոնք կրակն են ընկել դատարան – ՔԿՀ գործառույթների անհասկանալի թնջուկի ձեռքին: «Հայկական Վարկածը» փորձեց հասկանալ երևույթը.
Ի՞նչ է տեղի ունեցել. մինչև 2004 թվականը նախնական կալանքի տակ գտնված անձանց 1 օրը հաշվվել է օրուկես, դրանից հետո այս դրույթը փոփոխվել է և 2004-ից առաջ նախնական կալանքի տակ եղած կամ հանցանք կատարած դատապարտյալների պատժաչափը հաշվարկելիս՝ առաջացել են մի շարք խնդիրներ:
Գործող օրենսդրության համաձայն՝ պատժաչափի փոփոխությունը պետք է հաշվարկի դատարանը, իսկ քրեակատարողական հիմնարկը կատարի դատարանի որոշումը: Բայց 2003-ից մինչ օրս՝ ոչմի դատարան նման բան չի անում (թեպետ, մեր ունեցած տեղեկություններով, կան դատարաններ, որոնք կատարել են իրենց գործառույթը):
10 տարի է քրեակատարողական հիմնարկների խմբերն են հաշվարկում, համապատասխան տեղեկանքներ են կազմում և կցում գործին:
Մոտ մեկ ամիս է՝ ինչ որոշում է ընդունվել դատարաններին դրդել կատարելու օրենքի պահանջը: ՔԿՀ–ն այլևս լիազորված չէ հաշվակ կատարելու, նա ընդամենը որպես դատապարտյալին պահող կառույց է, կարող է կատարել միայն իր ֆունկցիան: Մնացած բոլոր գործառույթների՝ պատժի սահմանման, վաղաժամկետ ազատման և պատժից վերջնական ազատման հաշվարկների կատարման հարցում՝ որպես լիազորված մարմին, հանդիսանում է դատարանը:
Սակայն սայլը տեղից չի շարժվում, ավելին՝ այն մտել է փակուղի, քանի որ դատարանը հրաժարվում է կատարել օրենքի պահանջը:
Ի՞նչ է ստացվում. քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է գրում ընդհանուր իրավասության դատարանին՝ պատժաչափի հաշվարկման խնդրանքով, որին դատարանները բառացի պատասխանում են, թե իրենք գրագիր չեն, որ հաշվարկ անեն՝ նշելով. «Օրենքի կոնկրետ կետ ցույց տուր, որ դա իմ պարտականությունների մեջ է մտնում», որից հետո դիմումն ուղարկվում է հետ՝ քրեակատարողական հիմնարկ:
Արդյունքում, տուժում է դատապարտյալը, քանի որ որևէ կառույց չի միջամտում ստեղծված խնդիրը լուծելու հարցում: Այսօր դատապարտյալները հացադուլ են անում կալանավայրերում՝ չստանալով ազատման համապատասխան տեղեկանքը:
Այս պահի դրությամբ, «Հայկական Վարկած»-ի ունեցած տեղեկություններով, նման խնդրի առջև են կանգնած 25 դատապարտյալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, 8–ը՝ «Կոշ» -ից:
Քիչ առաջ զանգահարեց «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Պարույր Ափինյանի եղբայրը՝ Գևորգը, և ասաց, որ իրենք եղել են Արդարադատության նախարարի օգնականի մոտ, որը ասել է, թե՝ «2 օր համբերեք»:
«Մարդը հացադուլի մեջ է, պատկերացնո՞ւմ եք 10 տարվա կալանավոր է, ինչ վիճակում կլինի, դեռ ասում են 2 օր համբերեք. երեկվանից որևէ լուրջ բան չենք լսում իրենցից», — ասաց Գևորգը:
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը փորձեց պարզաբանում ստանալ Վճռաբեկ դատարանի մամլո պատասպանատու Արսեն Բաբայանից, վերջինս արձակուրդում էր, նրան փոխարինող Եվա Հարությունյանը տեղյակ չէր իրավիճակից. երկար լսելուց հետո՝ նա խնդրեց գրավոր ներկայացնել հարցը:
Հուսանք, որ այս հրապարակումը կպարզաբանի, թե ինչ հարցի մասին է խոսքը և Արդարադատության նախարարության դիմաց հավաքված ՀՀ քաղաքացիները 5 աշխատանքային օր չեն սպասի՝ տեղեկանալու Վճռաբեկի դիրքորոշմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.