23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նորակառույցներում բնակարանների բազմակի վաճառքի ամոթալի փաստի վերաբերյալ Հայաստանում պայթած սոցիալական բունտերից մեկի դատավարությունը շարունակվում է շուրջ 2 տարի, և մինչ օրս իր տրամաբանական լուծումը չի ստացել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որոշում ընդունեց գործի քննությունը շարունակել ամբաստանյալներից մեկի՝ Սիմոն Աղազարյանի մասով:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Դատարանում զրուցեցինք Աղազարյանի գործողություններից տուժած քաղաքացիներից մեկի՝ Սոնիկ Մաղաքյանի հետ:
«Ես մի ամբողջ կառավարության կողմից եմ տուժած, քանի որ այս գործում մեկ կամ երկու հոգի չեն խառնված: Ինքս գումարը տվել եմ անձամբ Պապոյան Գագիկին, նա իմ գումարով շենք է կառուցել, իսկ Սիմոն Աղազարյանի կեղծ, վաշխառու գնորդն էլ իմ տունը տարել է: Ինձ ասում են, որ եթե փողը տվել եմ Գագիկին, ուրեմն նրանից եմ տուժել,սակայն ես համամիտ չեմ, քանի որ այստեղ մի ամբողջ համակարգ է գործում: Այս երկուսը պարզապես խամաճիկներ են: Հափշտակել են մեր գումարները,իսկ մեզ ձևական պայմանագրեր տվել: Կարող եմ ասել ,որ Գագիկ Պապոյանն այս ամբողջ համակարգում «չարյաց փոքրագույնն է»,-նշեց նա:
Տուժածների և վկաների մեծ մասի բացակայության պատճառով՝ դատը նորից հետաձգվեց մինչև սույն թվականի ապրիլի 4-ը, և որոշում կայացվեց նորից ծանուցել տուժած կողմերին, իսկ չներկայանալու դեպքում՝ արդեն բերման ենթարկել:
Հ.Գ. Դատավարությունը բավականին երկար տևեց, քանի որ դատավորը «դասը լավ չէր սերտել», և ստիպված էինք սպասել մինչ նա ծանոթանար գործի ընթացքին: Այնպիսի տպավորություն էր, թե նա չի հասկանում գործի նյութերի ձեռագիրը: Բացի դա, նա անընդհատ ծարավում էր, և կարգադրիչները ջուր էին հասցնում դատավորին:
Մի հանգամանք էլ. նիստին չներկայացած տուժածների մեծ մասը գտնվում էին արտերկրում:
Մարիանա Պետրոսյան
Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հայկական Վարկած»-ը զրուցեց արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
—Կասե՞ք Քեսաբից վերջին տեղեկություններին ծանոթ եք, ի՞նչ իրադրություն է այնտեղ.
-Ինչպես գիտենք՝ Քեսաբում, ինչպես նաև հարակից շրջանում, շարունակվում են մարտական գործողությունները: Տեղեկատվությունները հակասական են, իրարամերժ: Սիրիական կառավարական լրատվամիջոցները հայտնում են իրենց հաջողությունների մասին, ընդդիմադիրները փորձում են հերքել պետական լրատվամիջոցների տեղեկատվությունը: Մշակութային, կրթական, եկեղեցական, համայնքային կառույցների մասին լուրերը ևս հակասական են՝ որոշ աղբյուրներ նշում են, որ վնաս են հասցվել, իսկ որոշ ընդդիմադիր աղբյուրներ նշում են, թե անգամ մատով չեն դիպչել մեր հայկական հաստատություններին:
Ինչպես գիտենք, շրջանից բնակչությունը տարհանված է, տարածքը գրեթե դատարկ է, և բնականաբար, մարդկային կորուստների մասին ևս չկա տեղեկատվություն: Հայտնի է նաև, որ շրջանում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում զինյալների շարքերում սպանվել են նաև ազգությամբ թուրքեր, ադրբեջանցիներ, ռուսախոս «ջիհադականներ»:
-Ի վերջո, ո՞րն էր պատճառը, և ո՞վ է մեղավոր. ինչո՞ւ պետք է Թուրքիան նման կերպ վարվեր՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, այդ կերպ ևս մեկ անգամ սևացնելով իր անունը.
-Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող դիրք ունի, և վաղ թե ուշ, այդ հարձակումն իրականացվելու էր: Հարձակումը պետք է կապել մի քանի գործոնների հետ. Նախևառաջ, աշխարհաքաղաքական իրավիճակի՝ մասնավորապես Ղրիմի, և ընդհանրապես Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, երբ գերտերությունները զբաղված էին ուկրաինական հակամարտությամբ, և մենք գիտենք, որ Ղրիմի հարցում շահեր ուներ նաև Թուրքիան, իսկ ստեղծված իրավիճակում, բնականաբար, տարածաշրջանային խաղացողները փորձում են այլ կերպ լուծում Սիրիայի հիմնախնդրին:
Սիրիա, Իրան, Իրաք, «Հիզբալլահ» շիական առանցքի՝ մի կողմից, Պարսից ծոցի միապետությունները և Թուրքիան մյուս կողմից՝ նրանց միջև է տեղի ունենում հակամարտությունը և, բնականաբար, իրենց ազդեցությունն ունեն և փորձում են իրենց ծրագրերն իրականացնել սիրիական հակամարտության շրջանակներում, յուրաքանչյուրն իր հովանավորյալ կողմի վրա ազդելով. շիական առանցքը՝ վարչակարգի վրա խաղադրույք կատարելով, իսկ սուննիական պետությունները՝ ընդդիմության և դրան հարող տարաբնույթ խմբավորումների միջոցով:
Ասածս գործընթացների շրջանակներում՝ տեղի ունեցավ հարձակումը Լաթակիայի դեմ: Լաթակիան հիմնականում ալավիներով բնակեցված նահանգ է (դա իսլամի այն ուղղությունն է, որին պատկանում է նաև Բաշար ալ Ասադը) և սիրական հակամարտության ողջ ընթացքում կառավարական զորքերը փորձել են անառիկ պահել այն: Այդ գրոհն ուղղված էր հենց սիրական իշխանությունների դեմ և նպատակ ուներ ուժգին հարված նրանց դիրքերին արդեն երկրի հյուսիս-արևմուտքում: Մարտավարական քայլ էր, և նպատակը երկրի հարավից և հարավ-արևմուտքից ռազմական ստորաբաժանումների տեղափոխումն էր դեպի Լաթակիա, քանի որ դրանից առաջ վերոնշյալ շրջաններում տեղի ունեցած ռազմական գործողություններում առավելությունը բացարձակապես կառավարական ուժերի կողմն էր: Իսկ Թուրքիայի պարագայում, բնական է, որ ամենաառաջնային նպատակներից մեկը՝ Քեսաբի հայաթափումն էր և շրջանի վրա իր ազդեցության տարածումը, չեմ բացառում նաև Սիրիայում արտաքին ներխուժման հրահրումը:
-Աժ պատգամավորների այցի մասին ի՞նչ կասեք, իրոք արժեր գնալ այնտեղ. Ինչքանո՞վ է նպատակահարմար այցը և ի՞նչ կարող է այն տալ.
-Կարծում եմ, որ նման այցելություն պետք է ավելի վաղ տեղի ունենար: Նախ՝ առաջին հերթին, լուրջ հոգեբանական նշանակություն կարող է ունենալ, բոլորս գիտենք, շատ է խոսվում այդ մասին. պատմության տարբեր ժամանակներում արդեն երրորդ անգամ տեղահանվող քեսաբահայերի տարբեր սերունդների համար էական կարևորություն ունի թիկունքում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, նրանց աջակցելուն ուղղված գործողությունների հանգամանքը: Երկրորդ կարևոր նշանակությունը մեր հայրենակիցների խնդիրներին առավել հրատապ և նպատակային օգնություն ցուցաբերելու հարցն է՝ սիրիական իշխանություններից ստացված երաշխիքների պարագայում, իսկ տեղում ստացված տեղեկատվություն ու փաստերն օգտակար կլինեն դիվանագիտական տարբեր հարթություններում՝ խնդրի վերաբերյալ գործնական առաջարկություններ անելու համար:
-ՀՅԴ-ն նույնպես պատվիրակություն է ուղարկել, սակայն առանձին, ըստ ձեզ, ինչո՞ւ հաշվի չեն առել տեղի դաշնակցության գործոնը.
-Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Դաշնակցությունը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել համայնքի հետ կապված հարցերի վերհանման հարցում, Դաշնակցության տեղական մարմինը ևս բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրների մասին:
Մի քանի անգամ ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են, իրականացրել են իրավիճակի մշտադիտարկում, հանդիպումներ են ունեցել և վերադարձել առաջարկություններով, իսկ թե ինչու են առանձին գնացել, դա չգիտեմ, միգուցե այն պատճառով, որ պատգամավորների մասնավոր այցի շրջանակներում պատվիրակության մեջ դաշնակցական չի ներգրավվել, երևի թե դա է պատճատը, կամ ներքին խնդիրներ են, որոնց մասին ես տեղյակ չեմ:
Աննա Սարգսյան
Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:
Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հաւանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբաւորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարեւոր միջավայրերից էր նկատվում եւ շարունակում է նկատվել թափանցման, բայց մանաւանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:
Այս մտահոգությունը, աւելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ եւ համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները եւս, երբ բանակի մարտերի թեժացման եւ որոշ դիրքերի վերագրաւման հետ նկատելի դարձաւ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին եւ այդ տեղերը եւս ապաստանած հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար աւելի ապահով վայրեր:
Պետք է աւելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաեւ Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին եւ բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:
Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաեւ հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչեւ 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը եւ մինչ այժմ նաեւ գյուղի եւ հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:
Հրատապ աշխատանքների հրամայականը աւելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության եւ սփիւռքահայ հոգեւոր եւ քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբաւորումների չեզոքացման եւ գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիւ հանդիպումներ, կոչեր: Բայց մանաւանդ Լաթաքիայում ժամանակաւոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:
Քաղաքական տրամաբանությունը եւ նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծաւալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երեւացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրեւ առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հաւանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը եւս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրաւումն ու հայության հասանելիք վնասները իբրեւ թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր աւելի համոզիչ կարող է դարձնել գործողությունների պատճառահետեւանքային մղումները:
Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձեւով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով եւ համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել Թուրքիայում գործող, ֆինանսաւորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այս հոդվածի նպատակն է դասեր քաղել Սիրիայի Քեսապ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներից:
Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող «Թվիթեր» սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:
Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս, թվում է թե, իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև:
Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. «մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:
Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը, նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:
Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումների հանդեպ սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է «Թվիթերը»: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:
Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր «Յութուբը», քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել «Ֆեյսբուքը» և «Յութուբը» մարտի 30-ի ընտրություններից հետո:
Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես, երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու` ջիհադիստների կողմից Քեսապ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:
Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսապի վրա հարձակումները: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:
Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:
Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:
2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով` «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:
Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին:
Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում:
Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Հարսնաքարի» գործով դատավճիռը բավականին բուռն կրքեր հարուցեց. այն արդարացի չեն համարում ոչ տուժող կողմը, ոչ մեղադրյալները:
Գործի նախաքննության ընթացքը տարվեց այնպես, որ դուրս մնաց ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի անունը, իսկ բարոյական պատասխանատվություն՝ մեր օրենսգիրքը չի սահմանում:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Ռուբեն Հայրապետյանը սպանելու ուղղակի ցուցում չէր տվել, միայն այն, որ իր օբյեկտի տարածքում կարող էին իր գիտությամբ՝ մարդ ծեծել, նման դաժանությամբ վարվել մարդ արարածի հետ, և որ տարիներ շարունակ նման արնախումներ են բուծվել նրա հովանու ներքո, բավարար է, որ փաստենք, թե՝ արդարադատությունը չիրականացավ:
12 տարվա ազատազրկումը ամբաստանյալների համար, իսկապես, անակնկալ էր: Ինչ խոսք, թե՛ նրանք, թե՛ նրանց հարազատները ավելի մեղմ պատիժ էին ակնկալում, հույս ունենալով, որ Ռուբեն Հայրապետյանը դատարանում կօգնի նվազեցնելու պատիժաչափը. դատարանում տեղի ունեցած բուռն ռեակցիան հենց դրա արձագանքն էր:
Ըստ դատավճռի, գործով 6 ամբաստանյալների նկատմամբ սահմանվեց 12-ական տարվա ազատազրկում և 100.000-ական դրամ տուգանք: Բոլորը ստացան հավասարաչափ պատիժ, իսկ թե կոնկրետ ով է կատարել սպանությունն, այդպես էլ չբացահայտվեց: Դատարանը չպարզեց այն գազանի անունը, որը Վահե Ավետյանի գլուխը անմարդկային դաժանությամբ 70 և ավելի անգամ հարվածել էր կարուսելին:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ 3 մասնաճյուղի աշխատակիցները փետրվար ամսվա աշխատավարձը դեռևս չեն ստացել. այս մասին տեղեկացնում են աշխատակիցները՝ «Հայկական Վարկած»-ին հղած իրենց բողոքում:
ՀՀ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ՝ Առողջապահության նախարարության ու Սոցապ նախարարության տեսչությունները միավորվել են և դարձել առողջապահական պետական տեսչություն, դրան զուգահեռ՝ ստեղծվել է հիվանդություների վերահսկման և կանխարգելման կենտրոն, և ուշացումները կապված են կենտրոնի վերակազմավորման աշխատանքների հետ:
«Աշխատավարձերի ուշացման պատճառը վերակազմավորման աշխատանքներն են՝ աշխատակիցների հետ կնքվում են նոր պայմանգրեր, այս երկու օրվա ընթացքում գումարը կփոխանցվի»,-վստահեցրեց նա:
Արդյո՞ք սա արդարացում է. մարդիկ սպասում են իրենց աշխատած օրերի վարձավճարին: Աշխատողն ապրում է այդ գումարի հաշվին, և վերակազմավորման աշխատանքները չպետք է խոչընդոտեին աշխատավարձերի փոխանցմանը:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են մշտական բնակության մեկնում արտերկիր, որտեղ առավել մեծ հնարավորություններ են ընձեռված կարիերիայում հաջողությունների հասնելու համար։ «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն իր կնոջ՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ մեկ տարուց ավել է, ինչ Միացյալ Նահանգներում է:
Էդգար Ռոստոմյանը «Հայկական Վարկած»-ին պատմեց, թե ինչ գործունեություն են ծավալում. «Ես ու կինս հիմա աշխատում ենք «USArmenia tv»-ում, միասին մի նախագիծ ենք անում՝ ռեալիթի-շոու, որն այստեղ շատ տարածված է, -ասաց Էդգարը, — Նադյան ինձ հետ նկարահանվում է, կամաց-կամաց սկսում է նաև իր մոդելային գործունեությամբ զբաղվել»։
Երաժիշտ, երգահան, ռեժիսոր, աշխարհահռչակ «System of a Down» ռոք-խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանի հետ համագործակցությունը թեև նոր չէ, սակայն նոր աշխատանքներ են իրականացվում. «Շավո Օդադջյանի հետ պատրաստում ենք մեր նոր նախագիծը, որը ներառում է «System of a Down»-ի լավագույն կողմերը և հնչողությունը՝ պլյուս նոր էքսպերիմենտալ նրբություններ»։
Հիշեցնենք նաև, որ Էդգարը նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում: «Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե նկարահանման փորձ ունալով՝ նպատակ ունի՞ ֆիլմերում խաղալու, նա նշեց, որ փորձում է մտնել «SAG AFTRA». «Կինոմիություններ են, որտեղ առաջ են քաշում իրենց թեկնածուներին՝ այս կամ այլ կերպարի հերոսի կարգավիճակով»։
«Արմենոիդս»-ի հիմնադիրն անդրադարձավ նաև խմբի գործունեությանը. ««Արմենոիդս»-ը միշտ կմնա Հայաստանի նոր սկսված տասնամյակի ճանապարհ բացող խումբը, որը գործիքավորման, երգի և մտածողության ճանապարհ հարթեց բազմաթիվ հայ երաժիշտների համար։ Չեմ բացառում, որ «Արմենոիդս»-ը կունենա համատեղ ստեղծագործություն, սակայն Շավոյի հետ աշխատանքը տանում է դեպի մեծ ընկերություններ։ Չեմ ուզում շատ առաջ ընկնել, արդյունքը կերևա շուտով»։
Իսկ թե ինչու ընտանիքում համալրում չի սպասվում, պատճառը մեկն է. «Բալիկի մասին մտածում ենք ամեն օր, ուղղակի չափազանց դժվար է պրոֆեսիոնալ կարիերիան օտար երկրում։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի մեր ապագա բալիկը չունենա ոչ մի բանի կարիք»։
«Չհարցնելով, թե ինչո՞ւ մեկնեցիք ԱՄՆ, հետաքրքիր է, թե ե՞րբ կվերադառնաք Հայաստան» հարցին, նա պատասխանեց՝ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Եթե վերադառնանք Հայաստան, դա կտևի շատ կարճ՝ 2 շաբաթ առավելագույնը։ Մեր գրաֆիկը շատ խիտ է, ամեն օրն ու ժամը ոսկու արժեք ունի»։
Մարինե Ամիրյան
«Հայկական Վարկած»-ի ունեցած տեղեկությամբ, շրջանառության մեջ է դրվել նոր հրաման, ըստ որի՝ սոցքարտը կրկին դարձել է պարտադիր: Բանկերն առանց սոցքարտի առկայության արդեն իսկ չեն ընդունում պետական մուծումներ և փոխանցումներ:
Նշենք, որ ըստ մեր աղբյուրի՝ պարտադիր սոցքարտ ներկայացնելու որոշումը կրկին ուժի մեջ է այս տարվա մարտի 1-ից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքով գործարքներ կատարելիս սոցքարտի ներկայացնելը միշտ է պարտադիր եղել, սկսած այն պահից, երբ սոցքարտեր են տրամադրվել:
«Սոցքարտ ներկայացնելը ՀՀ օրենքներից է, և միշտ եղել է պարտադիր պայման՝ ֆինանսական գործարքներ կատարելիս: Իմ իմանալով՝ երբեք օրենքը չի հանվել, միշտ եղել է»,-նշեց Հասմիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ արդեն 2 տարի է՝ իրենք սոցքարտ չեն տրամադրում, նրա փոխանցմամբ, դա այլևս ոստիկանության գործառույթն է, և խորհուրդ տվեց մեզ՝ դիմել ոստիկանությանը կամ բանկերին:
Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սոցքարտ տրամադրում են միայն քաղաքացիների պահանջի դեպքում, իսկ թե ինչո՞ւ են բանկերը նման գործելակերպով աշխատում, ոստիկանությանը չի վերաբերում:
Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԳԱԱ–ի դիմաց՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Բանն այն է, որ ակադեմիայի ղեկավարությունը երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձերից պահումներ է արել:
ԳԱԱ աշխատակիցների խոսքով, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ, իսկ առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից:
Երիտասարդ գիտաշխատողները դիմում նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահին:
Գիտնականները, կարծես, դադարեցրել են հրապարակումները մամուլում ,որոնցով պայքարում էին՝ վեր հանելով իրենց հուզող մի շարք խնդիրներ:
Այս հարցին ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն ասաց. «Դադարեցված է որոշ ժամանակով, ընդառաջ չեն գնում, մայիսին հանդիպում է սպասվում նախագահի հետ, որից հետո կրկին ակտիվացում կլինի»:
Անդրադառնալով կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիային, հարցին, թե՝ հատվածաբար պայքարելը արդյո՞ք ինչ -որ բանի կհանգեցնի, Իշխանյանն ասաց. «Պարզ է, որ տեղի չեն տալու, դժվար է դրական տեղաշարժ ակնկալելը, բայց պայքարել պետք է»:
ԱՆ նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից:
Սեմիրջյանի խոսքով, իր հետ նոր աշխատանքային պայմանագիր չեն կնքել:
Իսկ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պետրոս Սեմիրջյանը, հավանաբար, չի ցանկացել շարունակել աշխատել.
«Պատճառը չգիտենք, իրենից հարցրեք, ինքն է ազատման դիմում ներկայացրել, դա իր որոշումն է»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը:
Հիշեցնենք, որ Սեմիրջյանը երկար տարիներ ղեկավարում էր նարկոլոգիական կլինիկան և միշտ եղել է հարմարվող պաշտոնյա: Հետաքրքիր է, թե ի՞նչն է նրա ազատման պատճառը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.