23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկանալիորեն մեծ արձագանգ գտան: Ամենայն հավանականությամբ, Ուորլիքի կամ ավելի ճիշտ պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքն էլ մադրիդյան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակների կողմից շրջանառության մեջ դնելն է եւ բանակցային գործընթացին իբրեւ առանցքային նախագիծ վերադարձի ապահովումը: Թվում է, թե այստեղ էական չէ նաեւ սկզբունքների առաջին կամ նորացված տարբերակի տարբերությունը: Հիմնականում մադրիդյան սկզբունքների վերաբանեցման միտումն է, որ հայտարարում է ամերիկացի համանախագահը:
Հայկական բազմակողմանի արձագանգները պետք է նկատել տեղին, հիմնավորյալ եւ իրար լրացնող, եթե նկատի ունենանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ Հայ դատի գրասենյակների հայտարարությունները:
Ամերիկացի պաշտոնատարի կամ պաշտոնական Վաշինգտոնի (թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեցին ամերիկացի համանախագահի հայտարարությունը) վեց կետերը մեկ առ մեկ լույսի են բերում եւ վերստին ընդգծում մադրիդյան սկզբունքների վերաշրջանառության մոտեցումը: Կետերի հաջորդականությունը որոշ տրամաբանություն է հուշում. ինչ էլ լինի, համաձայնելիների առաջնահերթության կարգի գաղափարը ուրվագծվում է քաղաքական վերլուծումներում: Միշտ չէ սակայն, որ առաջնային նշանակություն ունեցող հարցը, ներկայացնողի համար անպայման իբրեւ առաջին կետ է գրառվում:
Ուորլիքի բառերով`
«Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:
Առանց «որոշակի հերթականության» ասելաձեւը իր վրա է հրավիրում որոշակի խորհրդածություն: Հերթականությունը նման դեպքերում շատ կարեւոր է. Ուորլիքը տեղում հանկարծակի պատասխան տալու կացության մեջ չէ, ոչ էլ ընդհանուր անպաշտոն զրույցի ընթացքում, որպեսզի հարցերի առաջնահերթության հերթականությունը խախտի: Պատրաստված, գրավոր զեկուցումը որոշակի հերթականության օրինաչափությունը պահած կլինի անպայման: Իսկ այստեղ, նախապես պատրաստված զեկուցումում, երբ ի սկզբանե հայտարարվում է «առանց որոշակի հերթականություն»-ը, դա նշանակում է, որ հերթականությունը շատ ուսումնասիրված գրառված է: Այս ինքնամատնումը ինքնին մտածել է տալիս, որ հերթականությունը պետք է փորձենք դիտարկել շրջված կարգով:
«Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:
Ճիշտ այստեղ, թվում է թե կենտրոնացել է Ուորլիքի պետության շահագրգռվածությունը: Անվտանգության միջազգային երաշխիքներն ու խաղաղապահ գործողությունը Ուորլիքի ներկայացրած քաղաքական շրջանակների համար կիրականանա միջազգային խաղաղապահ ուժերի, գուցե նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումների տարածաշրջան տեղակայումով: Այստեղ է աշխարհաքաղաքական թեժ օրակարգի վերածված Արեւմուտք-ռուսական ազդեցության գոտիների պահպանման կամ գրավման պայքարի մադրիդյան բանաձեւը:
Ադրբեջանի արտգործնախարարը անորոշ հերթականությունը ճիշտ էր ընկալել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգերգից հետո հատուկ ձեւով ընդգծել է. «Հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարների տեղակայում»:
Վերադառնանք «վերջապես վեցերորդ կետ»-ին` վերահամոզվելու համար, որ Ուորլիքի ներկայացրած պետության համար Արցախի հակամարտությունը շահարկման նյութ է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Որոշակի առաջնահերթ հերթականությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում, որը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, լրագրողների և ուխտավորների մոտ 140 հոգանոց խումբը եղավ նաև hյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանի խոսքով, նման ուխտագնացությունները մեծ նշանակություն ունեն և ոգեշնչում են զինծառայողներին:
Սամվել Մինասյանն ընդգծեց, որ հաճախ են հրադադարի ռեժիմի խախտումներ լինում, որոնց դիմակայել կարող է միայն կարգապահ զինծառայողը, իսկ մեր զինծառայողները, հրամանատարի հավաստամամբ, կարգապահ են ու թե՛ ֆիզիկակապես, թե՛ հոգեպես ամուր:
Մեծ նշանակություն ունի նաև զորամասի կենտրոնում գտնվող եկեղեցին, որը նպաստում է զինծառայողների բարձր բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը, ինչպես նաև մարտական խնդիրների ավելի ճիշտ կատարմանը:
Զորամասի առօրեան հիմնականում հագեցած է մարտական պատրաստության պարապունքներով: Հատկապես հագեցած են կիրակնօրյա և տոնական միջոցառումները, իսկ հանրակրթական դպրոցի բարձր դասարանների սաների հետ համատեղ՝ հաճախ անցկացվում են սպորտ-մասայական միջոցառումներ:
«Այժմ անցկացվում են նաև շուրջօրյա պարապունքներ, որի ընթացքում զինծառայողները, ստորաբաժանումները գիշեր-ցերեկ նույն թեմաներով պարապոււնքներ են անցկացնում: Տեղում տեղաբաշխվելիս՝ խփվում են զինվորներին հատկացված երկտեղանոց վրանները, կազմակերպվում է պահպանություն»,-ասաց հրամանատար Սամվել Մինասյանը:
***
Շարքային Նարեկ Գրիգորյանը, որը 3,5 ամիս է, ինչ գտնվում է ծառայության մեջ, հավաստիացնում է, որ սկզբնական շրջանում դժվար է եղել, այնուհետև զինծառայողների օգնությամբ կարողացել է հեշտությամբ հարմարվել ծառայությանը: «Շուտով նաև բարձրանալու ենք մարտական հենակետ, առաջին անգամ եմ բարձրանում և շատ ոգևորված եմ»:
Մի փոքր պատմելով առօրեայի մասին՝ Նարեկն ասաց, որ կիրակի օրերին սպորտ-մասայական միջոցառումներ են կազմակերպվում, ակումբ ունեն, որտեղ զբաղվում են ընթերցանությամբ, ինչպես նաև՝ ֆիլմեր են դիտում:
Նարեկը, որը սովորում է Հայկական պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսում, կիսատ է թողել ուսումը, տարկետում վերցրել և եկել ծառայության:
Թեև ինքը ևս նորակոչիկ է, սակայն կոչ արեց բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գնալ բանակ, վստահ լինել և չփախչել իրենց պարտավորություններից.
«Բոլոր նորակոչիկների մաղթում եմ, որ նրանք վստահ գան, ծառայեն: Բանակից պետք չէ խուսափել, դա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, որ յուրաքանչյուր ոք պետք է ծառայի իր հայրենիքին »,-նկատեց Նարեկը:
Վերջինս, ինչպես շատերը, մինչև զորակոչվելը, այլ պատկերացումներ է ունեցել բանակի մասին, սակայն ծառայության ընթացքում հասկացել է, որ խոսակցությունները չափազանցված են, իրական պատկերն, ըստ նրա, այլ է.
«Ծառայությունն էտքան էլ դժվար բան չի, ուղղակին պետք է ի սրտե նվիրված լինես քո հայրենիքին, և ծառայես ոչ թե հրամանատարին, կամ մեկ ուրիշին, այլ ծառայես քո խղճի, քո հայրենիքի համար »,-գտնում է նա:
«Իմ հարազատներին մաղթում եմ համբերություն, թող վստահ լինեն՝ իրենց տղան գտնվում է ապահով ձեռքերում, իր կողքին կանգնած են լավ հրամանատարներ »,-վերջում ավելացրեց Նարեկը:
Սերժանտ Արման Միքայելյանի կարծիքով էլ, վատ զինվոր չի լինում, պարզապես պետք է կարողանալ զինվորների հետ լեզու գտնել:
Արմանը պատմեց, որ շատ դժվար է, երբ նորակոչիկ ես լինում ու հարցնում ես ծառայակցիդ, թե քանի օր է իրեն մնացել, ու պատասխան ես ստանում ՝ 2-3 օր, Արմանն անցել է այդ ամենի միջով ու հասկանում է, թե դա ինչքան դժվար է բանակ նոր-նոր զորակոչված զինծառայողի համար. հիմա նրան մնացել է ծառայելու մոտ 25 օր:
«Նորակոչիկներին մաղթում եմ այդ ամենը հեշտ հաղթահարեն, և իրենք էլ մեզ նման անփորձանք ծառայեն ու հասնեն իրենց հարազատներին»,-ասաց Արմանը:
***
Մաղթում ենք անփորձանք ծառայություն, բարի վերադարձ
Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին
Հրամանատար Սամվել Մինասյան
—
Շարքային Նարեկ Գրիգորյան
—-
Սերժանտ Արման Միքայելյան
—
Աննա Սարգսյան
Ժամանակը, վտանգներն ու պարբերաբար հնչող կրակոցները չեն կարողացել իրենց ներգործությունը թողնել սահմանամերձ գյուղացիների բնավորության վրա. նրանք առաջվա պես հյուրասեր են, ազնիվ, բարի և կենսուրախ, պատրաստ են հացի վերջին պատառը կիսել քեզ հետ, սակայն չէր կարելի չնկատել նաև այն թախիծը, որ կար նրանց աչքերում, իսկ տան պատերին առկա կրակոցի հետքերը անընդհատ հիշեցնում են, որ թշնամին հեռու չէ:
«Վերջին անգամ ուժեղ կրակոցներ տարածաշրջանի գյուղերում հնչել են մարտի 28-29-ը, երբ հակառակորդը կրակել է սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերի վրա»,- պատմեցին գյուղացիները՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեր այցելության ժամանակ:
Գյուղերում, գրեթե բոլորն ունեն իրենց պատմությունները. օրինակ Լիանա Անիկյանը, որն Այգեպարից է, հրաշքով է ողջ մնացել: Թշնամու կողմից արձակված գնդակը դիպչել է նրա ոտքերի փափուկ մասին, բարեբախտաբար, այժմ միայն սպիեր են մնացել:
Նրա խոսքով, «շոկը շատ մեծ էր, մի ամբողջ օր դողացել է»:
«Այդ դեպքից հետո, սկսել եմ ամեն ինչին ուրիշ աչքերով նայել, գեղեցիկը գնահատել»,-պատմում է Լիանան:
Լիանան շատ է ցանկանում մնալ գյուղում, սակայն իր ապագան չի տեսնում Այգեպարում. միտք ունի տեղափոխվել Ռուսաստան:
Իսկ սահմանամերձ Չինարիից՝ Սիրուշ Միրզոյանի պատմությունը մի փոքր այլ է. նա 5-ամսեկան հղի է եղել, երբ ամուսինը զոհվել է. վերջինս 4 հոգու հետ ճանապարհների վրա աշխատելիս է եղել, երբ կրակել, սպանել են: Սիրուշը ստիպված է եղել միայնակ դաստիարակել դստերը:
Գյուղերում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, մի քանիսն էլ խանութ են բացել, սակայն դա շատ քիչ է օրվա ապրուստը հոգալու համար, մանավանդ այս ամիսներին, երբ գյուղի մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի՝ խանութներում առևտուր չի լինում, իսկ հողագործությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է կյանքի համար:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը պատմեց, որ հողագործները «բռոնի ժիլետով ու կասկաներով» են աշխատում:
«Թշնամին երբեք չի թողել, որ մենք հանգիստ աշխատենք, շուրջ 700 հեկտար է գյուղատնտեսական նշանակության հողերը: Հողերի մեծ մասը, որը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո, ցավոք սրտի, չի մշակվում: Մշակվում է միայն ներքևի հատվածը, որովհետև այդտեղ ապահով է»,-մանրամասնեց Սամվել Սաղոյանը:
Չինարեցիներն արդեն պաշտպանվելու ձևերը գիտեն. այստեղ վտանգավոր են միայն առաջին գնդակները, որոնք անակնկալ պահի կարող են դիպչել ցանկացած մարդու, իսկ դրանից հետո, բոլորը գիտեն, թե ինչպես պետք է խույս տալ գնդակներից:
Չինարիում բնակարանների 80 տոկոսը մեջքով դեպի հենակետերն են, միայն 20 տոկոսն է, որ, թշնամու նշանառության տակ է վերցված:
1250 բնակիչ ունեցող գյուղը 600 մետրով է հեռու հակառակորդի սահմանից, գերեզմանատունը՝ 700:
Չինարիի գյուղապետը պատմեց, որ վերջին ամիսներին նրանց նույնիսկ թույլ չեն տվել, որ հանգուցյալներին հուղարկավորեն. «Երկու միջադեպ եղավ, կրակեցին թափորի վրա, ստիպված եղանք գիշերը հուղարկավորել»:
Այդուհանդերձ, չնայած այս ամենին, գյուղացիները չեն ցանկանում լքել իրենց գյուղը, այն հարցի՞ն, թե մտադիր եք թողնել գյուղն ու հեռանալ, բոլորը գրեթե նույն պատասխանն էին տալիս՝«Չէ, ուր գնանք, սա մեր տունն է, ուր էլ գնանք, թեկուզ խաղաղ է լինելու, բայց դե օտարի պես ենք մեզ զգալու», հետո ավելացնում են՝ «բայց դե, ջահելներից, ով հնարավորություն ունեցել է, գնացել է»:
Սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նեղսրտած ասում էին, որ գյուղում զբաղմունք չկա, մանավանդ՝ երիտասարդությունը չգիտի՝ ինչով զբաղվի:
«Ճիշտ է, երբեմն-երբեմն, գյուղապետի նախաձեռնությամբ համերգներ լինում են, սակայն մեծ-մասամբ, չգիտենք ինչով զբաղվել, ոչ ուսումնական կենտրոն կա, ոչ աշխատավայր, գոնե գործարաններ հիմնեին էստեղի բնակչությունը աշխատեր»,- նկատում է երիտասարդ չինարցին:
Չինարիի մանկապարտեզ հաճախում է 28 երեխա, դպրոց՝ 119 երեխա: Սակայն թվերը գնալով նվազում են:
Սամվել Սաղոյանը թվերի նվազման պատճառը համարում է՝ ոչ այնքան կրակոցների հանգամանքը, որքան՝ աշխատատեղերի բացակայությունը. «Չինարեցիները երբեք պատերազմից չեն փախել, սակայն, մնալով գյուղում, աշխատանք չեն ունենում, չեն կարողանում հոգալ իրենց ապրուստի խնդիրը, ստիպված լքում են գյուղը»:
Վերջում կցանկանայի պատմել մի վայրի մասին, որը Չինարիում սրբավայր է համարվում՝ ռուսաստանաբնակ այգեպարցիների և չինարեցիների հովանավորությամբ 2012 թվականին դեկտեմբերի 27-ին խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ նահատակների, որոնք զոհվել են 1992թ.-ի նույն օրվա իրադարձությունների հետևանքով, երբ հենց Չինարիի ուղղությամբ հակառակորդը մուտք է գործել մեր տարածք: Սակայն հուշարձանը նվիրված է գյուղի ինքնապաշտպանության համար բոլոր զոհվածներին:
Դրանից աջ՝ կանգնեցված է հուշարձան՝ 1941 թվականին զոհված 94 չինարեցիների հիշատակի համար, ձախ կողմում՝ երկրաշարժի զոհերի, ապա հաջորդում է՝ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, իսկ մի փոքր այն կողմ ՝ամփոփոված է ազատամարտիկ Վահրամ Սաղոյանի շիրիմը:
Աննա Սարգսյան
Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:
Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի վարչապետի համար այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում [Թուրքիայում]»:
Անհավատալի է, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության աշխարհով մեկ ընդունված սահմանումից: Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև:
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։
Պետք չէ ցեղասպանագետ լինել հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյոք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլո՞ր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ, պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արժանի պատասխան տալով հորդորեց Էրդողանին հետևել Գերմանիայի` Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է նաև ավելացներ «փոխհատուցման» պարտադիր պահանջը՝ առանց որի մնացածը սին խոսքեր են:
Էրդողանին պետք է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նա կոչ էր անում ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով «պատմական փաստերը» ուսումնասիրելու համար: Ի՞նչ իմաստ ունի նման ուսումնասիրություն անցկացնել, եթե նա արդեն եզրակացրել է, որ ցեղասպանություն չի եղել: Վարչապետի առաջարկը ոչ լուրջ է և ոչ էլ անկեղծ …
Չառլի Ռոզի հետ ունեցած իր հարցազրույցի վերջում Էրդողանը լրացուցիչ հակասական հայտարարություններ արեց` ցեղասպանության համար մեղքը բարդելով օսմանցիների վրա. «Այն տեղի չի ունեցել ներկայիս Թուրքիայի Հանրապետության օրոք: Այն եղել է Օսմանյան կայսրության օրոք…. Եթե փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալ են գործել… եթե պատմաբանները կարողանան դա ի ցույց դնել, ապա մենք պետք է փոխհատուցենք դրա հետևանքների համար»:
Չնայած Հայաստանում և Սփյուռքում ոչ մի հայ չխաբվեց Էրդողանի կեղծ հայտարարությունից, Թուրքիայի որոշ հայերի արձագանքը հասկանալիորեն ավելի բարյացակամ էր: Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր շքախմբի հետ շտապեց Անկարա՝ Թուրքիայի վարչապետի հետ «հաճելի» զրույցի և արտգործնախարար Դավութօղլուի հետ մտերմիկ Ճաշկերույթի համար: Արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ղեկավարներին նրանց կողմից «ընդհանուր ցավ» արտահայտելու համար՝ վկայակոչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերին և թուրքերին:
Գովասանքի նման խոսքերը զարմանալի չեն, հաշվի առնելով Թուրքիայի բռնատիրական և դաժան վարչակարգում հայերի՝ որպես պատանդների կարգավիճակը, ինչպես լրագրող Հրանտ Դինքի դեպքում էր, որն իր կյանքի գնով վճարեց Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Որոշ թուրքահայեր, սակայն, սովորել են օգտագործել երկրի օլիգարխիկ համակարգն իրենց անձնական շահերն առաջ տանելու համար: Նրանք պատրաստակամ են ընդունելու Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը` հարստություն դիզելու համար մութ գործարքների մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ և/կամ ապահովելու իրենց բարձրաստիճան պաշտոնները հայ համայնքում: Իրոք, մի քանի հանրահայտ թուրքահայեր առաջարկել էին Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի` ապրիլի 23-ի նրա հայտարարության համար… Երկու հայ գործարարներ անգամ ինքնախարազանող հայտարարություններ տեղադրեցին թուրքական թերթերում` շնորհակալություն հայտնելով Էրդողանին և ներողամտություն հայցելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «կորուստների» համար:
Վերջիվերջո, կարևորն այն չէ, թե Էրդողանն իր հայտարարության մեջ կամ Դավութօղլուն The Guardian թերթի իր սյունակում ինչ են ասում կամ չեն ասում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի հիմնարար հարց է` արդյոք թուրք պաշտոնյաները պատրա՞ստ են քավելու հայ ժողովրդի դեմ իրենց նախնիների իրագործած ոճրագործությունների մեղքերը: Հայերի մեծամասնության համար կարևորը փոխհատուցումն ու արդարությունն է, ոչ թե դատարկ հռետորաբանությունը … Էրդողանի խոսքերը չափազանց անբավարար են և խիստ ուշացած: Նրա հայտարարությունը սոսկ խորամանկ հնարք է վնասի մեղմացման համար, հաշվի առնելով բազմացող միջազգային տրամադրություններն ու կոչերը` պատասխանատվություն կրելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև` շեղելու ուշադրությունը Թուրքիայի և նրա վարչապետի շուրջ սկանդալային հորձանուտից:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
«Հայ Դատ Հետապնդել` Կը Նշանակէ Հաւատալ Եւ Հետեւողական Ըլլալ»,
«Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթ. Արմէն Մազլումեան
Եգիպտոսի Հանրային Կարծիքը Այնպիսի Մակարդակի
Պէտք Է Հասցնել, Որ Յառաջիկայ Խորհրդարանէն Պահանջէ
Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումն Ու
Մեր Զոհերու Յիշատակին Յուշակոթողի Կանգնեցումը
Հաւանաբար տարիներ առաջ դժուար էր երեւակայել, որ արաբական աշխարհին մէջ մամուլին եւ լրատուական միջոցներուն ճամբով Հայոց ցեղասպանութեան մասին այս տարողութեամբ անդրադարձ կը կատարուի, մտաւորականներու եւ քաղաքական գործիչներու կողմէ ո՛չ միայն կը խօսուի Հայ դատին մասին, այլ Թուրքիայէն կը պահանջուի արդարութիւն տնօրինել եւ 99 տարիէ ի վեր իր դատը հետապնդող ու իրաւունքները պահանջող հայ ազգին նկատմամբ իրաւացի ըլլալ: Յատկապէս այս տարի այս բոլորը ցայտուն կերպով երեւցան Եգիպտոսի մէջ, ուր տարիներէ ի վեր հայ համայնքի ներկայացուցիչներուն կողմէ տարուած աշխատանքին արդիւնաւորումը շատ ցցուն եւ դրական կերպով դրսեւորուեցաւ 99-ամեակին առիթով:
Եգիպտական բեմին վրայ տեղի ունեցած իրադարձութիւններուն եւ ապագայի ակնկալիքներուն մասին յաւելեալ տեղեկութիւններ ունենալու նպատակով «Ազդակ» հարցազրոյց մը կատարեց Հայ դատի Եգիպտոսի յանձնախումբի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախումբի անդամ տոքթ. Արմէն Մազլումեանին հետ:
«ԱԶԴԱԿ».-Այս տարի, յաչս աշխարհին, Եգիպտոսի մէջ Հայոց ցեղասպանութիւնը ոգեկոչուեցաւ տարբեր բնոյթով ու տարողութեամբ. արդեօք այս բոլորին խմորումները նախապէս կայի՞ն:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.—Վերջին քանի մը տարիներուն ընթացքին Հայ դատի աշխատանքը նոր հանգրուան թեւակոխեց Եգիպտոսի մէջ: Առաջին հանգրուանի աշխատանքը կատարուեցաւ նախկին նախագահ Հիւսնի Մուպարաքի օրով, երբ տակաւին Թուրքիոյ եւ Եգիպտոսի միջեւ յարաբերութիւնները մեղրալուսինի մէջ էին: Թուրքիոյ կողմէ առաջարկուած տնտեսական ներդրումները այնքան շռայլ էին, որ բոլորը ափ ի բերան, լորձնաշուրթն կը սպասէին արաբական աշխարհի մերօրեայ «փրկարար» խալիֆային: Նախատեսուած էր Եգիպտոս կատարուած տնտեսական ներդրումները հասցնել տասը միլիառ տոլարի` կառուցելով 500 գործարան, ստեղծելու համար աւելի քան 50,000 աշխատատեղ: Եգիպտական թերթերը ողողուած էին թրքամէտ յօդուածներով եւ սիրաբանական սիւնակներով… Վարչապետ Էրտողանի Եգիպտոս այցելութիւնը ատիկա կը փաստէր: Շատ սակաւաթիւ էին այն ձայները, որոնք օրին պատասխանատուներն ու հանրութիւնը զգուշացուցին անախորժ ապագայէ մը` հիմնուելով այն իրողութեան վրայ, որ Օսմանեան կայսրութեան պատմութեան մէջ բազմաթիւ են այն էջերը, ուր արձանագրուած են արաբական աշխարհին մէջ թուրքին կողմէ գործուած ոճիրներն ու աւերները:
Հակառակ այս դժուար պայմաններուն եւ ոչ բարենպաստ մթնոլորտին, Հայ դատի աշխատանքներու համար ծրագիր մշակած էինք` համոզուած ըլլալով, որ յարատեւ եւ հետեւողական աշխատանքը անպայման օր մը պիտի արդիւնաւորուի: Արդարեւ, հակառակ տիրող թրքանպաստ մթնոլորտին, եգիպտական մամուլի էջերը հետզհետէ սկսան անդրադառնալ Հայկական հարցին եւ հրապարակել մեզի վերաբերող նիւթեր, եգիպտական պետական եւ սեփական պատկերասփիւռի կայաններ եւս սկսան տեղ տալ հայկական ձայնին: Շօշափուած հիմնական նիւթերն էին հայ-եգիպտական յարաբերութիւնները, Եգիպտոսի մէջ հայկական ներկայութիւնն ու դերակատարութիւնը. լուսարձակի տակ կ՛առնուէր հայ համայնքին եւ հայութեան կարեւոր դերակատարութիւնը արդի Եգիպտոսի պատմութեան մէջ, եւ բնականաբար կային Հայոց ցեղասպանութեան կապուած նիւթեր:
«Ա.».-Հետաքրքրական եւ ուշագրաւ էր, որ այս տարի եգիպտական մամուլը տարբեր յօդուածներով, ակնարկներով եւ տեղեկագրութիւններով լուսարձակի տակ առաւ Հայոց ցեղասպանութիւնը: Այդ մէկը ըրին նաեւ հիմնական օրաթերթերը: Անդրադառնանք այս երեւոյթին, այս իմաստով Հայ դատի մարմինի աշխատանքին:
Ա. Մ.— Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին եւ այս առիթով կազմակերպուած ոգեկոչման ձեռնարկներուն եգիպտական մամուլը անդրադարձաւ լայնօրէն` տրամադրելով ամբողջական էջեր, նկարներով օժտուած, հրապարակելով փաստաթուղթեր, կատարելով հարցազրոյցներ` հայ թէ տեղացի անձնաւորութիւններու հետ: Յատկանշական էր «Ուաթան» օրաթերթին կողմէ հրապարակուած իւրայատուկ փաստաթուղթ մը` յայտնաբերուած պատմաբան Մոհամետ Ռեֆաթ Իմամի կողմէ, որ կը վկայէ, թէ 1915 թուականին Թուրքիոյ կողմէ տեղահանութեան ենթարկուած հայերը հասած են Փոր Սայիտ, եւ կայք հաստատած` այնտեղ աւելի քան 4 տարիներ, եւ հակառակ անոր որ այդ հանգրուանին եգիպտացիները տնտեսական մեծ տագնապի մէջ էին, դրամահաւաք կազմակերպած են հայերուն օժանդակելու նպատակով: 99 տարուան վաղեմութիւն ունեցող այդ եգիպտական փաստաթուղթը վկայ է հայութեան նկատմամբ գործադրուած ահաւոր ոճիրին:
Պատկերասփիւռի կայաններուն մեծամասնութիւնը անդրադարձաւ Ցեղասպանութեան 99¬ամեակին` ցուցադրելով վաւերագրական ժապաւէններ, հրաւիրելով մասնագէտներ եւ պատասխանատուներ, որոնք անդրադարձան Հայոց ցեղասպանութեան պատմութեան, իրողութիւններուն, էրտողանի վերջին յայտարարութիւններուն եւ այլն: Բոլոր կայանները նշեցին, որ էրտողանին ցաւակցական յայտարարութիւնները կը նշանակեն Ցեղասպանութեան շարունակութիւն եւ բացարձակապէս անբաւարար են:
Մամուլի էջերով թէ պատկերասփիւռի կայաններով մանրամասն կերպով անդրադարձ կատարուեցաւ հայութեան կրած չարչարանքներուն, ենթարկուած ցեղասպանութեան, վերապրողներու պատմութիւններուն, ինչպէս նաեւ` Թուրքիոյ ուրացման քաղաքականութեան, որ դատապարտելի է:
Պէտք է անպայման նշել, թէ մեր տարած աշխատանքներուն արդիւնքներէն եղաւ եգիպտական կուսակցութեան մը յայտարարութիւնը, որ դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը եւ պահանջեց անոր ճանաչումը, որպէսզի նման ողբերգութիւններ չկրկնուին քաղաքակիրթ աշխարհին մէջ: Կը յուսանք, որ այս քայլը խրախուսէ ուրիշ եգիպտական կուսակցութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ` յառաջիկայ ամիսներուն կազմուելիք խորհրդարանը մղելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման:
Այս առիթով արտասանած մեր խօսքերուն մէջ կոչ ուղղեցինք` Եգիպտոսի մէջ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին յուշակոթող մը կանգնեցնելու, որովհետեւ նման քայլ մը կը բացայայտէ 1915-էն ի վեր Եգիպտոսի պետութեան եւ եգիպտացի ժողովուրդին ցուցաբերած բարեկամական ոգին եւ զգացումները` հանդէպ հայ գաղթականութեան, որոնք հաստատուեցան Եգիպտոսի ափերուն, ինչպէս նաեւ կը փաստէ Եգիպտոսի կեցուածքը` որպէս արդարութեան եւ մարդկային իրաւունքներու սկզբունքներու կողքին կանգնող պետութիւն:
«Ա.».-Ըստձեզի, այս բոլորը որքանո՞վ կը ծառայե եգիպտական հանրային կարծիքը Հայոց հիմնահարցին ծանօթացնելու եւ յատկապէս արաբական աշխարհին մէջ ծայր առած թրքական հակահայ պայքարը եւ պատմութեան խեղաթիւրման արշաւը սանձելու:
Ա. Մ.—Այս բոլոր կատարուածները ոմանք կը վերագրեն եգիպտական-թրքական յարաբերութիւններու վատթարացման, որ սկիզբ առաւ այն ատեն, երբ Թուրքիա սկսաւ միջամտել Եգիպտոսի ներքին քաղաքական կեանքին եւ սկսաւ իրագործել իրեն վստահուած յատուկ քաղաքականութիւնը` արաբական աշխարհին մէջ: Բարեբախտաբար «Արաբական գարուն» կոչուած եւ տարածաշրջանին համար նախատեսուած սատանայական ծրագիրը մերկացաւ եւ բացայայտուեցաւ Եգիպտոսի հողին վրայ` շնորհիւ Եգիպտոսի ժողովուրդին եւ պատասխանատու մարմիններուն արթնութեան ու գիտակցութեան: Դիմակները վերցուեցան, եւ Թուրքիոյ իսկական դէմքը բացայայտուեցաւ բոլորին համար: Ոմանք այն կարծիքը ունին, թէ հակաթուրք արշաւն ու հայանպաստ յայտարարութիւններու եւ կեցուածքներու դրդապատճառները էրտողանի եւ Թուրքիոյ կեցուածքներն էին: Որոշ չափով ճիշդ է այս մէկը, սակայն պէտք չէ ստորագնահատել գաղութին մէջ տարիներէ ի վեր տարուող երկարաշունչ աշխատանքը, որ սատարեց եգիպտական հանրային կարծիքը Հայոց հիմնահարցին ծանօթացնելու, արաբական աշխարհին մէջ հասարակական կարծիք ձեւաւորելու: Այս մնայուն աշխատանքին շնորհիւ հասանք այս հանգրուանին, երբ այլեւս հայոց մասին եւ մանաւանդ Ցեղասպանութեան շուրջ տեղեկութիւնները կը ներկայացուին ճշգրտութեամբ: Տարիներու ընթացքին հրապարակուած փաստացի տեղեկութիւնները, այս մասին արաբական ամսաթերթերը, գիրքերն ու գրքոյկները, թարգմանութիւնները, դասախօսական երեկոները եւ սեմինարները, եգիպտացի լրագրողներու Հայաստան այցելութիւնները իրենց անմիջական դերակատարութիւնը ունեցան եւ արդիւնք տուին ճիշդ պահուն: Պատկերացուցէք պահ մը, որ այդ նախապատրաստական աշխատանքը տարուած չըլլար մինչեւ օրս, եւ հողը հերկուած չըլլար, բնականաբար ցանքը այսքան առատ եւ հարուստ պիտի չըլլար:
Հոս պէտք է յիշատակեմ եւ գնահատեմ նաեւ Եգիպտոսի մէջ Հայաստանի դեսպանին զօրակցական եւ ՀԲԸՄ-ի լուրջ աշխատանքը, որ կատարուած է տարիներու ընթացքին` արաբական հասարակութիւնը հայկական հարցերուն մասին լուսաբանելու իմաստով, ինչպէս նաեւ Գահիրէի Ազգային իշխանութեան նիւթական սատարումը` զանազան ծրագիրները իրագործելու համար:
Արդարեւ, ամէն առիթի հայերս եւ եգիպտացի մտաւորականութիւնը առիթ չենք փախցներ շեշտելու եւ յստակեցնելու, թէ Հայ դատին առնչութեամբ այս մօտեցումը արդիւնք չէ եւ չի կրնար ըլլալ Եգիպտոս-Թուրքիա յարաբերութիւններու խզման, այլ պէտք է հիմնուած ըլլայ պատմական փաստերու, իրողութիւններու, մարդկային ուխտերու եւ անիրաւուած ժողովուրդի մը իրաւունքները պաշտպանելու սկզբունքներու հիման վրայ:
«Ա.».-Եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցութեան կեդրոնին մէջ 24 ապրիլին տեղի ունեցաւ սեմինար` նուիրուած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման` «Մենք կը յիշենք 1915 թուականը» խորագիրով, անոր ընթացքին եգիպտացի մտաւորականներու կողքին խօսք առիք նաեւ դուք: Արտասանուած խօսքերուն մէջ ի՞նչ բանի անդրադարձ կատարուեցաւ, ձեր ելոյթին մէջ ի՞նչ բանի վրայ դրիք շեշտը:
Ա. Մ.— Սեմինարին հիմնական բանախօսներն էին` կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մահմուտ Ալալին, ցեղասպանագէտ Մոհամետ Ռեֆաթ Իմամը, միջազգային իրաւունքի փրոֆեսէօր Այման Սալաման: Մ. Իմամ խօսեցաւ Հայոց ցեղասպանութեան նախորդող ժամանակաշրջանին մասին, անդրադարձաւ Թուրքիոյ կողմէ գործադրուած ոճիրին, որուն հիմնական դրդապատճառը համաթուրանականութեան հաստատման նպատակով հայութիւնը բնաջնջելն էր: Կարեւոր էր Այման Սալամանի խօսքը, որուն մէջ ան հաստատեց, որ 1915-ին հայութեան դէմ կատարուածը ամբողջական կերպով կ՛ամբողջացնէ դէպքերը ցեղասպանութիւն նկատելու բոլոր պայմանները, այս առնչութեամբ ճշդուած 5 տուեալներուն լիուլի կը համընկնի: Ան շեշտեց, որ ներկայի Թուրքիան` իբրեւ իր պապերուն իրաւական յաջորդը, պէտք է ամբողջութեամբ ստանձնէ օսմանեան շրջանին իր նախնիներուն գործած ոճիրին պատասխանատուութիւնը:
Խօսքին մէջ նշեցի, որ Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին մարդկային յիշողութեան մէջ տակաւին ամրագրուած է Հիթլերի այն խօսքը, թէ` «Այսօր ո՞վ կը յիշէ հայերու ջարդը…», եւ որուն սխալ ըլլալուն ապացոյցն ենք մենք եւ մեր Դատին զօրակիցները այսօր:
Շեշտեցի, որ 99 տարիներ առաջ հայ ժողովուրդը ենթարկուեցաւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան:
Պատմական փաստուած եղելութիւններն ու ծանօթ դէպքերը զանց առնելով` կեդրոնացայ այդ ցաւալի դէպքերու հերքումին, ուրացման եւ հայոց արդար իրաւունքներու բարոյական թէ նիւթական հատուցումէն խուսափելու երեւոյթներուն վրայ: Յիշեցի, որ փոխանակ հաշտուելու իր անցեալին հետ, Թուրքիա` օսմանեան պետութեան օրինական ժառանգորդը, կը դիմէ պատմական իրողութիւններու աղաւաղման արշաւի` փորձելով կասկածի ենթարկել ու շրջել փաստուած ճշմարտութիւնները եւ փոխադարձաբար տարածել անհիմն յերիւրանքներ, թէ` հայերն են, որոնք յարձակած ու սպաննած են թուրքերը:
Դիտել տուի, որ ուրացումն ու հերքումը ոչինչի կը նպաստեն, այլ անոնք կը խորացնեն վէրքը եւ յաւելեալ ատելութիւն կը սերմանեն երկու ժողովուրդներուն միջեւ, որոնք դարերով միասնաբար ապրած ու գործակցած են` կերտելով ամբողջ շրջանի պատմութիւնը:
Անդրադառնալով Էրտողանի վերջին յայտարարութեան` դիտել տուի, թէ անիկա ոչ մէկ ձեւով կ՛ամոքէ հայ ժողովուրդին հանդէպ գործուած մեծ ոճիրներու կորուստներն ու վնասները, որոնց հետեւանքները տակաւին զգալի ու առկայ են` մարդկային թէ հողային իմաստով: Արդարեւ, սպին մխրճուած ու խորացած է, ուրացումը կը շարունակուի եւ դար մը առաջ ծայր առած արիւնահեղութիւնը տակաւին կը հոսի ու փոխանակ գէթ հաստատելու եւ խոստովանելու պատահած դէպքերու իրողութիւնը եւ համայն մարդկութեան պարզելու պատահած օրհասական դէպքերու սարսափելի իրողութիւնը` Թուրքիա հայութեան դէմ կատարուածը կը սահմանափակէ Ա. Համաշխարհային պատերազմին հարկադրած դառն պայմաններու բերումով հայերու հեռացմամբ դէպի արաբական երկիրներ, որոնցմէ եւ` դէպի Եգիպտոս: Հոս կը բաւէ յիշեցնել աշխարհին, թէ հեռացման ոճիրն իսկ մարդկութեան դէմ գործուած ոճիրներէն մէկը կը համարուի:
Խօսքին մէջ լուսարձակի տակ առի վերջին տարիներուն թուրք մտաւորականներու, պատմագէտներու եւ հետազօտողներու կողմէ թրքական շրջանակներուն մէջ կատարուած որոշ փոփոխութիւնները` աւելցնելով, որ հարցը կը պահանջէ թուրք ղեկավարներու կողմէ նախաձեռնութեան ոգի, որոշ գիտակցութիւն, քաղաքական ու քաղաքակրթական հասունութիւն` առնելու յանդուգն քայլ մը` ճանչնալու եւ ընդունելու գործուած սխալը եւ ձեռնարկելու հայ ժողովուրդի բարոյական ու նիւթական հատուցման:
Հաստատեցի, որ ա՛յս է, որ կը սպասենք մարդկային խիղճէն ու միջազգային ընկերութենէն ու յատկապէս` եգիպտական ասպնջական պետութենէն, դիտել տալով, որ «Ազատ եգիպտացիներու» կուսակցութեան ղեկավարներու աշխուժ գործունէութիւնը կարեւոր քայլ մըն է այս ճանաչման ուղղութեամբ, զոր կը սպասենք Եգիպտոսէն` մարդկային խիղճի արշալոյսէն, քաղաքակրթական Եգիպտոսէն, ուրիշը հանդուրժող այս երկրէն: Այն Եգիպտոսէն, որ հիւրընկալեց մեզ շատ հին ժամանակներէն ու դարձանք անոր ազգային, մշակութային ու քաղաքական կառոյցին մէկ մասնիկը: Կոչ ուղղեցի Եգիպտոսի յառաջիկայ խորհրդարանին` որդեգրելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման որոշումի օրինագիծ մը եւ յուշակոթող մը կանգնեցնելու հայոց նահատակներու յիշատակին, եգիպտական հողին վրայ:
Աւարտին Եգիպտոսի հայութեան անունով շնորհակալութիւն յայտնեցի «Ազատ եգիպտացիներ» կուսակցութեան` իր այդ յառաջատար ու ջատագով նախաձեռնութեան համար:
«Ա.».- Կը կարծէ՞ք, որ այսօր սկսած է ձեւաւորուիլ մթնոլորտ մը, որուն ընդմէջէն կարելի է ակնկալել, որ Եգիպտոս պաշտօնապէս ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը:
Ա. Մ.—Եգիպտոս իր իւրայատուկ տեղը կը գրաւէ արաբական եւ իսլամական աշխարհին մէջ, եւ շատ մը երկիրներ կը հետեւին անոր վարած քաղաքականութեան: Եգիպտոս մեծ դերակատարութիւն կրնայ ունենալ հանրային կարծիքին ղեկը տեղափոխելու աջ կամ ձախ: Իմ կարծիքովս, Եգիպտոսի հանրային կարծիքը պէտք հասցնել այնպիսի մակարդակի, որ կարողանայ յառաջիկային կազմուելիք խորհրդարանին վրայ ճնշում բանեցնել` ի նպաստ հայկական հիմնահարցերու եւ, ինչո՞ւ չէ, պահանջելու Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու մէկուկէս միլիոն նահատակներուն յիշատակին յուշակոթողի կանգնեցումը: Հայութիւնը` իբրեւ լիիրաւ քաղաքացի այս երկրին, պէտք է ունենայ իր ներկայացուցիչը խորհրդարանին մէջ: Հայը իր բնաւորութեամբ աշխատասէր, հաւատարիմ տարր եղած է հոն, ուր որ հաստատուած է, եւ ինչպէս անցեալին, այսօր ալ դերակատարութիւն ունենալու առիթ պէտք է ստեղծենք, օգտակար հանդիսանալով Եգիպտոսի մշակութային թէ քաղաքական տարբեր ոլորտներուն: Արտերկրի մէջ ունինք ուժեղ լոպիներ, ունինք պետութիւն, որ կը պատրաստուի մտնել Եւրասիական մաքսային միութիւն` դառնալով դարպաս դէպի միջինասիական երկիրներ, ունինք ռազմավարական յարաբերութիւններ Ռուսիոյ հետ եւ այլն: Այս բոլորը նկատի առնելով` կրնանք հաստատել, որ Հայաստանն ու հայութիւնը կրնան որոշ հետաքրքրող ազդակ դառնալ Եգիպտոսի եւ արաբական երկիրներուն համար, երեւոյթ մը, որ պէտք է նկատի առնենք ու առաւելագոյնս օգտագործենք:
Նշեմ նաեւ, որ վերջերս մամուլը նոյնիսկ սկսած է անդրադառնալ ղարաբաղեան հարցին` որպէս արդար պահանջ, ժողովուրդի մը ազատ ապրելու ցանկութեան իրաւունք, բացառելով ազրպէյճանական սուտ քարոզարշաւի փորձերը, այս հարցը կրօնական բնոյթով գունաւորելու ջանքերը:
Կը շեշտեմ, որ պէտք է միշտ ցանել (ծրագրել), ոռոգել (անընդհատ աշխատիլ), խնամել (հետեւողական ըլլալ), գուրգուրալ (հաւատալ), որպէսզի ճշգրիտ ու յարմարագոյն պահուն հնձել ու տարուած աշխատանքին արդիւնաւորումը տեսնել, առանց հետեւողական եւ մնայուն աշխատանքի, կարելի չէ ակնկալուած ու պէտք եղած արդիւնքին հասնիլ:
Հարցազրոյցը վարեց` ՆՈՐԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Պոլսահայ համայնքի հոգեւոր թե աշխարհիկ ներկայացուցիչների հետ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւույթ չէ, չասելու համար, որ օրինաչափ է նույնիսկ: Բնական էր, որ համայնքի դասական իշխանության ներկայացուցիչների հանդիպումը հետեւեց Էրդողանի ցավակցական գործողությանը: Հայկական կողմը համազարկ բացելու կարիք չունի Պոլիսի հայ ներկայացուցիչների կողմից կատարված գերխանդավառ հայտարարությունների եւ մանավանդ Անկարայից պահանջված պատվերային արձագանգումների վրա: Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը: Այդպես էլ պիտի լիներ: Հակառակն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չնկատվեր:
Հայկական առաջին արձագանգը այսպիսով հստականում էր: Ուղերձի հասցեատերերի կարգը ճշտել էր փոխվարչապետը: Այսպես, Վաշինգտոն կատարած իր այցելության ընթացքում Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է. «Էրդողանը շատ կարեւոր հայտարարություն է կատարել, եւ խոսել 1915-ի դեպքերի 100-ամյակի նախօրյակին Թուրքիայի կատարած քայլերի մասին: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից եւ թե՛ հայկական սփյուռքից ակնկալում ենք այդ ուղերձի պատասխանը : Այդ հարցերի լուծման համար մենք հայտարարության եւ քայլերի ենք սպասում»:
Նախքան փոխվարչապետի սպասողական վիճակին անդրադառնալը, արագորեն հիշենք եւ որոշ տարբերություն նկատենք փոխվարչապետի եւ արտգործնախարարի այս մասին կատարած հայտարարությունների միջեւ։ Դիվանագիտական ասելաձեւային խաղերի մասնագետ նախարար Դավութողլուն ուղերձի հասցեատերերի մասին բավարարվել էր «բոլոր հայերը» ասելով: Հստակացնելով, որ ուղերձը ուղղված չէ Հայաստանի Հանրապետությանը, այլ բոլոր հայերին: Այս ձեւով առաջնային հասցեատերը մնացել էր մշուշի մեջ:
Հիմա, փոխվարչապետը ճշտել է ուղերձի հասցեատերերի կարգը. նախ ԱՄՆ-ը, ապա միջազգային ընտանիքը, ապա Հայաստանի Հանրապետությունը եւ ապա սփյուռքը:
ԱՄՆ պետքարտուղարության բանբերը ողջունել էր Էրդողանի ցավակցությունը, մինչ Ֆրանսիայի նախագահը այն նկատել էր անբավարար. այստեղ պետք է նկատի ունենալ, իհարկե, հայտարարության ժամանակի ընտրությունն ու մանավանդ միջավայրը: Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի ունեցած հակազդեցությունների մեջ որեւէ էական տարբերություն չկար, եւ այդ առումով Անկարան հակասություններ գտնելու խաղի մեջ մեծ առավելություններ չունեցավ: Ուրեմն, պոլսահայ համայնքն այս հասցեատերերի շարքում տեղ չուներ, թեեւ հանդիպման գործողությունը կազմակերպվել էր եւ դրա նախաբանը կատարվել էր, երբ նույն պատվիրակության անդամը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի նկատել էր Թուրքիայի վարչապետին իր կատարած քայլի համար:
ԱՄՆ-ի եւ միջազգային ընտանիքի անդրադարձները չեն բավարարել Անկարային: Ցավակցությունը հայտնաբար չի աշխատել, այնպես ինչպես պատկերացնում էին Անկարայի ղեկավարները: Հայկական կողմը միանշանակ է արձագանգել, մինչ ԱՄՆ-ը ու միջազգային ընտանիքը, դեռեվս չեն բավարարել Անկարային:
Ցավակցելու, անցագրեր տրամադրելու, «հրամեցեք»-ի եւ «խաղաղասիրական» դրսեւորումների այս շարքը թվում է, թե պիտի շարունակվի: 100-ամյակի հետհաշվարկը (քաունթդաուն) սկսել է արդեն եւ այս օրակարգը տեղ է գտել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում: Անկարան հետեւողականորեն պիտի փորձի գնդակը տեսնել տալ հայկական դաշտում: Թվում է թե մրցավարը՝ միջազգային ընտանիքը, դեռեվս գնդակը տեսնում է թուրքական կիսադաշտում։ Ֆուտբոլային ռազմավարությունը հուշում է, որ գնդակը հակառակորդի կիսադաշտում պահելու լավագույն միջոցը հարձակողական խաղաոճն է։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական 1-ին նիստը:
Դատարանը պետք է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված գրավոր առարկությունների հիման վրա քններ ընկերության դեմ պահանջ ներկայացրած 15 պարտատերերի, այդ թվում՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 3,103,867,029.42 ՀՀ դրամ պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի և ապահովվածության հարցերը:
Չնայած ծանուցված բոլոր պարտատերերի ներկայությանը ՝ դատական նիստը հետաձգվեց:
Պատճառն այն էր, որ «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Հարությունյանը պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետում չեն ստացել պահանջների դեմ ներկայացված առարկությունները:
Ինչպես նաև, նրա համոզմամբ, դատարանին պահանջների դեմ ներկայացված առարկությունները ուղարկված են եղել անստորագիր վիճակում:
Փաստաբան Հայկ Հարությունանը նշեց, որ ծանոթանալով ռեստորանի facebook-յան էջում զետեղված առարկության մի տարբերակի՝ նկատել է, որ այնտեղ ստորագրել է ոչ այն մարդը, ում անունը նշված է օրինակում:
«Այտեղ ոչ թե տնօրենի՝ Դանիելյանի ստորագրությունն է ,այլ Աստղիկ Բադալյանի, որն հանդիսանում է այս գործով պարտատեր: Ենթադրում ենք, որ նույնիսկ հետին թվով է ներկայացված»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքերով՝ բանկը առարկությունները ստացել է շատ ավելի ուշ և անստորագիր. ըստ նրա, կասկածի տակ է դրվում այն հանգամանքը, թե ապրիլի 8-ին ընդհանրապես որևէ առարկություն մուտք գործել է դատարան, թե ոչ:
Նա միջնորդեց, որ դատարանը անցնի արագացված դատաքննության և վճռով ներկայացնի սահմանված պահանջները:
Սակայն «Հին Էրիվան» –ի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետներում իրենք ներկայացրել են առարկությունները, և քանի որ դատական գործում բացակայում էին այդ առարկությունները, Դավիթ Դանիելյանը պահանջեց, որ գործի քննությունը հետաձգվի:
Դատական նիստից հետո, «Հայկական Վարկած»-ը զրուցեց փաստաբան Դավիթ Դանիելյանի հետ: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ օրենքով սահմանված ժամկետներում իրենք ներկայացրել են առարկությունները:
«Մենք կներկայացնենք մուտքագրված օրինակը, որպեսզի որևէ անհիմն մեղադրանքներ չլինեն», –ընդգծեց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է փաստաբան Հայկ Հարությունյանը պնդում, որ առարկությունները ներկայացված են անստորագիր, «Հին Էրիվան»-ի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանեց.
«Այս հարցը մեզ համար ևս շատ զարմանալի է: Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ էր բանկի դիրքորոշումը, քանի որ առարկությունները ներկայացված են եղել, և եղել են ստորագրված, կնքված ամսի 8-ով: Գրասենյակը չի կարող մեզանից անստորագիր նամակ ընդունել: Չստորագրված տարբերակը, չգիտես ինչու, կար միայն Հայկ Հարությունյանի մոտ: Փաստաբան Հայկ Հարությունյանը հայտարարեց, թե չենք զարմանա, եթե դատարանում հիմա հայտնվի հետին թվով առարկություններ՝ այդպիսով նա կասկածի տակ դրեց դատարանի անաչառությունը»:
Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ այս անհասկանալի որոշումը ձեռնտու էր բանկին:
«Նրանք պարզապես մի շոու սարքեցին, որպեսզի հետաձգվի դատավարությունը»,-հավելեց Հոլդինգի տնօրենը:
Հ.Գ. ահա առարկությունների օրինակը՝ ստորագրված և նշված ամսաթվով («Հին Էրիվան»-ի facebook-յան էջից):
Մարիանա Պետրոսյան
Նոր Գյուղ, Վիլլաներ և Հալեպի հայաշատ այլ թաղամասեր, երեկ դարձյալ հրասանդերի, արկերի և հրթիռների թիրախ են դարձել:
Ինչպես տեղեկանում ենք «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից, ինքնաշեն մի հրթիռ ընկել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի մոտ գտնվող ազգապատկան «Օշական» շենքի փողոցում։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, իսկ մյուսը մեծահասակ։ Հրթիռը նաև մեծ նյութական վնասներ է հասցրել՝ քարուքանդ անելով բնակարաններն ու ամբողջ փողոցը։
Եվս երկու արկ է ընկել է Նոր Գյուղի մզկիթի մոտ գտնվող փողոցներից մեկում, իսկ երկրորդը հարվածել է Ազգային Զավարյան վարժարանին, սակայն բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել։
Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում պայթած ականի բեկորներից վիրավորվել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։
Պայթյունների հետևանքով նյութական մեծ վնասներ են հասցվել։
Մեկ օր առաջ՝ ապրիլի 29-ին պատահական փամփուշտի զոհ է դարձել նաև Րաֆֆի Հեքիմյանը, իսկ երեկ տեղի է ունեցել ավելի վաղ Դամասկոսում զոհված հալեպահայ զինծառայող Ուիլյամ Մակարի (Մակարյան) հուղարկավորության արարողությունը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:
Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…
Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:
Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.
1. Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:
2. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:
3. Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ: Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:
Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:
Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է… Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…
2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:
Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:
Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:
Հարութ Սասունյան
Thecaliforniacourier.com
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Ինչպես գիտենք, Գալուստ Սահակյանը 101 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ նախագահ:
Այս փաստն, իհարկե, չէր կարող բուռն արձագանք չգտնել Ֆեյսբուքում: Այսպես, ներկայացնում ենք, մի քանի ուշագրավ գրառումներ.
Ստյոպա Սաֆարյան
101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այս թվերը ինչպես հասկանա՞նք….
ԱԺ-ում կա՞ ուժ, որը Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելը հաղթանակ է համարել ու դա արտացոլել է իր քվեարկության մեջ…
***
Գալուստ Սահակյանը թերևս ճիշտ էր, որ ասում էր, թե «աղերսվող ընդդիմախոսների» մերկությունը տեսել է և գիտի, թե այս դաշտում ո՞վ որտեղից է եկել ու ո՞ւր է հասել: Նա ունի 101 կողմնակից այս ԱԺ-ում: Քվեարկությունից «բացակա» մնացած 30 պատգամավորներից էլ դրան պետք է ավելացնել նրանց, ովքեր չէին կարող «դեմ» քվեարկել, որի պատճառով էլ գերադասել են չմասնակցել քվեարկությանը:
Կապիկություն: Այլ բառ չես գործածի այս երկու օրվա «շոու»-ի համար:
Արգիշտի Կիվիրյան
Այսօր Հայաստանի խորհրդարանը ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց Գալուստ Սահակյանին: Դե այս պարագայում ո՞վ ա անմեղսունակը, Գալուստ Սահակյանը, թե իրեն ձայն տված 101 պատգամավորները….
Կարեն Քոչարյան
Փաստորեն եթե հանրապետականները ամբողջ կազմով մասնակցեին քվեարկությանը Գալուստ Սահակյանը կարող էր 131 ձայն էլ ստանար
***
Այսուհետ ՀՀ ԱԺ-ում կա 4 ֆրակցիա` ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և « Գալուստի այլընտրանքային ֆանատներ»
***
Փաստորեն ողջ այս պատմության մեջ ամենաազնիվը Գալուստ Սահակյանը դուրս եկավ
***
Բոլորին հայտնի է որ շարքային ընտրողի ձայնն արժե 5000-10000 դրամ։ Հետաքրքիր է իսկ ի՞նչ արժե ընդդիմադիր պատգամավորի ձայնը։
Գարիկ Պետրոսյան
Կարդում եմ իմ հարգելի ընկերների գրառումները ու զարմանում: Տղերք, ինչ-որ նո՞ր բան է եղել: Ինչ-որ բան է եղել, որ անսպասելի՞ էր: Նորությո՞ւն: Ինչ-որ մեկդ ա՞յլ բան էիք սպասում: Անընդհատ գրում եք մեր խայտառակ քաղաքականության մասին, ու հիմա զարմանո՞ւմ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: ԱԺ նախագահ ընտրվեց ինչ-որ մեկը, իհարկե, ահավոր է, որ հենց այդ ինչ-որ մեկը, բայց դե մեծ հաշվով ընտրվելու էր այն ինչ-որ մեկը, որին ներկայացրել էին: Ես ուղղակի մտածում եմ՝ եթե մի օր առաջարկողը մի այլ կարգի շուլուխ անի ու որոշի, ասենք, որևէ պաշտոնում, ասենք, Փոցխի առաջադրել, սովորական գյուղատնտեսության մեջ օգտագործվող փոցխի: Միևնույն է, կողմ քվեարկողն էլի կողմ է քվեարկելու ու սեփական լեքսիկոնով գովերգելու է անշունչ փոցխին ու վերջինիս գերագույն բարոյական արժեքները:
Սա նորություն չէ: Ոչ էլ նորություն է, որ գեղեցիկ մթոմ ընդդիմադիր ճառերի ետևում հաճախ թաքնված են կոճակ սեղմիչները: Սա էլ նորություն չի: Սա էլ կանցնի կգնա: ՈՒ հենց առաջին կողմ քվեարկողները, իհարկե ոչ իշխանական, վաղվանից կսկսեն ընտրվածին քլնգելն ու բոցաշունչ ճառերը;
Այս ամենը ոչ նորություն է, ոչ անակնկալ:
Կրկին անգամ` Բարի գալուստ իրական կյանք
Արմեն Հովսեփյան
Եվ այսպես, վերջապես տեղի ունեցավ այն, ինչը դեռ մեկ ամիս առաջ անհնարին էր թվում, ու պատռվեցին բոլոր այն դիմակները, որոնք այդքան ջանասիրաբար կարվում էին խորհրդարանական ընտրություններից հետո:
Առաջարկում եմ սթափ գլխով, բայց ամենայն անկեղծությամբ հասկանանք, թե ի՞նչ էր նշանակում Գալուստ Սահակյանի՝ ԱԺ խոսնակ դարձնելը:
Փաստացի, ՀՀԿ-ն ցույց տվեց, որ Վանո Սիրադեղյանի պատգամներն ամենալավը հենց իրենց մոտ են սերտել, ու եթե Վանոն ասում էր, որ կարող են «պոլի փետին» էլ նշանակել, ապա ՀՀԿ-ն հանգիստ ապացուցեց, որ «պոլի փետը» դեռ ամենաանհեթեթ տարբերակը չէր: Եվ ոչ մի զարմանալու բան չկա, որովհետև հենց այս կուսակցությունն է իր շարքերում կենտրոնացրել ամենաանսկզբունքային, հակազգային ու թշնամական էլեմենտները, որոնց համար ոչ մի սրբություն ու պատիվ գոյություն չունի: Ուստի, հիմա աչքեր կլորացնելու կարիք չկա: Համաձայնենք՝ բոլորս էլ գիտակցում էինք, որ ՀՀԿ-ն ընդունակ է նման ստորության, ու Հայաստանի ամենահակակրելի, անգրագետ, ցինիկ և անկեղծ ու մաքուր ժողովրդական ատելությունը վայելող կերպարներից մեկին՝ Գալուստ Գրիգորիչին, կկարգեն ԱԺ խոսնակ:
Այս ողջ պատմության մեջ միակ՝ հարաբերականորեն զարմանալի պահը ԲՀԿ-ի դիմակի պատռվելն էր, որովհետև դրանում ախր ոչ մի տրամաբանություն չկա: Չէ՞ որ ՀՀԿ-ին իր ունեցած ձայներն էլ բավական էին Գալուստին ԱԺ նախագահի աթոռին տնգցնելու համար, բայց Գալուստը հավաքում է ոչ թե 70 ձայն, այլ՝ 101, և դա այն պարագայում, երբ ՀՅԴ-ն, Ժառանգությունը (բացի Արզումանյանից), ՀԱԿ-ը (բացի Փաշինյան-Բագրատյան դուետից) չեն մասնակցում քվեարկությանը: Այսինքն՝ ստացվում է, որ ԲՀԿ-ն գրեթե ողջ կազմով քվեարկել է Գալուստի օգտին՝ հաշվի առելով, որ մյուս թեկնածուն՝ Բագրատյանը, հավաքել է ընդամենը 3 ձայն՝ իր, Փաշինյանինը և Արզումանյանինը:
Դե ինչ, ժողովուրդ ջան, մեզ էլ թող սա լինի հերթական դասը, որ Հայաստանում ոչ մի առողջ քաղաքական ուժ գոյություն չունի, ու բոլորն էլ նույն սրիկայական համակարգն են ներկայացնում, և միակ դիմակայությունը զուտ աթոռակռիվն է և սեփական քսակները հաստացնելու տենչանքը:
Ի՞նչ ասեմ, եկեք թուլանանք, որ շարունակական բռնաբարությունից ձեռքի հետ գոնե մի քիչ հաճույք ստանանք: Չնայած անգամ բռնաբարությունը շատ մեղմ է ասված, երբ երկրիդ դե յուրե երկրորդ դեմքը Գալուստ Սահակյանի պես մեկն է:
Տիգրան Քոչարյան
Բա սենց «դուխով ու թասիբով» դեպուտատների գլխին բա էլ ով լինի, եթե ոչ Գալուստը
Վարուժան Բաբաջանյան
«Իսկ ինչու՞ եք որոշել, որ ես կամ մեկ ուրիշը քվեարկել ենք Գալուստ Սահակյանի օգտին, որևէ ցուցում չի եղել պատգամավորներին»:
Այո, այո~~~~, սրանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերն են…
Հարգելիս, հպարտությունս, պայքարի ազատամարտիկս, քաղաքականության մեջ միակս, խնդրում եմ, էդ եքյա ֆրակցիայով հանկարծ չփորձեք խցկվել էն երեքի մեջ: Մեկը հաստատ Բագրատյանն ա: Էն նվաղ երկուսի մեջ ահռելի ֆրակցիայի ջամդաքը չփորձեք խցկել:
Եթե, իհարկե, խցկողը Կառլեն Կառլենիչը չէ…
Էդգար Խաչատրյան
Ժողովուրդ, փնտրվում է մեր ընդդիմությունը:
Գալուստ Սահակյանը 101 քվե ունի: Հրանտ Բագրատյանը՝ 3….
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.