23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել կյանքի անբացատրելի երևույթները, իրենց ուսումնասիրությունները պետք է սկսեն սեփական անձի ներքին ապրումների և անսովոր զգացումների վերլուծությունից: Այո, գլխավոր գաղտնիքը հենց ինքը` մարդն է…
Ասում են՝ խելոքը նա է, ով ուրիշների սխալների վրա է սովորում: Այդպիսի մոտեցումը հոգեբանական տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ: Դատեք ինքներդ. քանի՞ սիրահարված մարդ գիտեք, ովքեր կարողացել են խուսափել այլ սիրահարվածների սխալները կրկնելուց: Իրական կյանքում մարդիկ ավելի շատ սեփական սխալների վրա են սովորում, եթե սովորում են: Հոգեբանորեն շատ կարևոր է սխալների հետևանքները սեփական մաշկի վրա զգալը: Այդ դեպքում սխալի կրկնման հնարավորությունն իսկապես էականորեն նվազում է: Ասենք` միևնույն ժամանակ բազմաթիվ հարցեր էլ կան, որոնց լուծման ժամանակ ուրիշների սխալները հաշվի չառնելը պարզապես կուրություն է նշանակում: Քաղաքական գործչի համար, օրինակ, աններելի է իր նախորդների կամ մրցակիցների սխալները կրկնելը: Մանավանդ այն սխալները, որոնց պատճառով այդ գործիչների կարիերային վերջակետ է դրվել: Ինչևէ, ուրիշների կամ սեփական սխալներից դասեր քաղելու ունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունի կյանքում: Մարդիկ այս առումով շատ են տարբերվում միմյանցից: Իսկ դո՞ւք: Կարողանո՞ւմ եք, արդյոք, խուսափել ձեր կյանքի սխալները կրկնելուց: Առաջարկվող թեստը կոչված է օգնել պատասխանելու այդ կարևոր հարցին:
Առաջադրված հարցերին կարելի է պատասխանել «այո», «ոչ» , «չգիտեմ»:
1. Պատահե՞լ է, որ դու երբևէ այնպիսի կենսական սխալ գործած լինես, որի հետևանքները զգում էիր հետագա մի քանի ամիսների ընթացքում:
2. Կարելի՞ էր ,արդյոք, խուսափել այդ սխալից:
3. Պատահո՞ւմ է, որ դու պնդես քո սեփական տեսակետը, թեև 100%-ով վստահ չես նրա ճշմարիտ լինելու մեջ:
4. Քո ամենամոտ մարդկանցից որևէ մեկին պատմե՞լ ես, արդյոք, քո կյանքի ամենամեծ սխալի մասին:
5. Գտնո՞ւմ ես, արդյոք, որ որոշակի տարիքում մարդու բնավորությունն այլևս փոխվել չի կարող:
6. Եթե որևէ մեկը ոչ մեծ դառնություն կամ վիշտ է պատճառել քեզ, կարո՞ղ ես արագորեն մոռանալ այդ մասին և անցնել քո սովորական գործերին:
7. Երբեմն քեզ անհաջողակ մարդ համարո՞ւմ ես:
8. Քեզ հումորի մեծ զգացում ունեցող մարդ համարո՞ւմ ես:
9. Եթե կարողանայիր ազդել քո անցյալում եղած կարևորագույն իրադարձությունների վրա, կյանքդ այլ ձևով կկառուցեի՞ր:
10. Ի՞նչն է առաջնորդում քեզ ամենօրյա անձնական որոշումներ կայացնելիս, բանականությո՞ւնը , թե՞ հույզերը:
11. Դժվարությա՞մբ ես որոշումներ կայացնում այն մանր հարցերի շուրջ, որոնք ամեն օր առաջադրում է կյանքը:
12. Կենսաբանական կարևոր որոշումներ ընդունելիս օգտվե՞լ ես այն մարդկանց խորհրդից կամ օգնությունից, որոնք չեն պատկանում քեզ ամենամոտ մարդկանց թվին:
13. Քո հիշողություններում հաճա՞խ ես վերադառնում րոպեներին, որոնք տհաճ են եղել քեզ համար:
14. Քեզ դուր գալի՞ս է քո անձը:
15. Պատահե՞լ է , որ ներողություն խնդրես որևէ մեկից, թեև քեզ մեղավոր չէիր համարում:
Արդյունքների հաշվումը
N 1,3,5,7,9,11,13 հարցերին «այո» պատասխանելիս ամեն անգամ ստանում ես 10 միավոր:N 2,4,6,8,10,12,14,15 հարցերին ՙոչ՚ պատասխանելու դեպքում ևս ամեն անգամ ստանում ես 10 միավոր:
Յուրաքանչյուր «չգիտեմ» պատասխանի համար տրվում է 5 միավոր: Հաշվեք հավաքած միավորների գումարը:
100-150 միավոր
Դու սեփական կյանքը բարդացնելու բացառիկ ընդունակություն ունես: Հնարավոր է` դու արդեն այն փուլում ես, երբ սեփական սխալները գնահատում ես որպես հաջողություններ: Դու կյանքի հերթական սխալը գործելու ճանապարհին ես գտնվում: Անհապաղ քեզ համար խորհրդատու գտիր. դա արա, քանի դեռ հերթական սխալ որոշումը չես կայացրել, որից դարձյալ գոհ չեն լինի ոչ դու, ոչ էլ քեզ շրջապատողները:
50-99 միավոր
Շատ հնարավոր է, որ այն, ինչը դու մեծագույն սխալ ես կոչում և ժամանակին թույլ ես տվել կյանքում,այսօր կապված է քեզ և քո անցյալին այլ հայացքով նայելու հետ: Քո զգուշությունը միշտ չէ, որ լիակատար կենսական հաջողության հասնելու երաշխիք է ծառայում: Քո քննադատական միտքը երբեմն չի՞ փակում քո խորքային ցանկությունների ճանապարհը: Դրա մասին ևս մտածիր, երբ կենսական կարևոր որևէ հարցի շուրջ որոշում կայացնելու լինես:
0-49 միավոր
Մոտակա ապագայում կենսական սխալ գործելու վտանգը քեզ չի սպառնում: Հասկանալի է,որ դրա երաշխիքը դու ինքդ ես: Դու շատ հատկանիշներ ունես, որոնք բնորոշ են սեփական ապագան լավ պլանավորելու և կանխատեսելու մեծ ընդունակություններով օժտված մարդկանց: Ըստ երևույթին, զգում ես, որ ինքդ ես լիովին տնօրինում և արարում քո կյանքը: Քեզ կարելի է ամբողջ սրտով շնորհավորել:
Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:
Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:
Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:
Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:
Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:
Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:
Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:
«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:
Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:
Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:
Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։
Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…
Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…
Լուսինե Վայաչյան
Հայաստանյան բենզինի շուկայում բավականին հետաքրքիր զարգացումներ են…: Նավթի միջազգային գներն աճում են, այնինչ Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, բենզինի գների նվազում է դիտվում: Երեկ ամերիկյան թեթև տեսակի նավթի մեկ բարելը գնահատվեց ռեկորդային` 86:53 դոլար, իսկ Brent տեսակի նավթի գինը 88:02 դոլար է և դարձյալ Հայաստանի բենզինի գներն իջան:
Հայաստանյան ներկրողների համար համաշխարհային ապրանքային շուկայի տատանումները մշտապես օգտագործվում են հերթական գերշահույթներն ապահովելու համար. բավական է այս կամ այն ապրանքի գինը մի փոքր բարձրանա, թեկուզև այդ գինը շատ ավելի ցածր լինի հայաստանյան գնից, ներկրողն իր սրբազան պարտքն է համարում ներկրած ապրանքի գինը միանգամից զգալիորեն բարձրացնել` հղում կատարելով համաշխարհային գնին: Բայց ահա բենզինի շուկայում արդեն երկու շաբաթ է ուղղակի արկածախնդրություն է այս առումով. բենզինի գինն իջնում է:
Երկու շաբաթ առաջ «Ֆլեշ» ընկերությունն իր բոլոր լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը միանգամից իջեցրեց 20 դրամով: Հաշվի առնելով, որ մեր օլիգարխ-բիզնեսմենները որևէ առնչություն չունեն բարեգործության և «խղճի դավթարների» հետ, միանշանակ կարելի է ասել, որ Բարսեղ Բեգլարյանի այս մանյովրը ընդամենը CPS ընկերությունից օգտվողների բազմությանը հրապուրելն էր: Պատասխանը չուշացավ. CPS -ում ընկալեցին իրենց նետված մարտահրավերը և հաջորդ օրը բենզինի գինը իջեցրին 10 դրամով:
CPS ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ Բարսեղ Բեգլարյանը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ-գործարարը, այլ կերպ ասած` բենզինի շուկայում սկսված մրցակցությունը, փաստորեն, ներկա և նախորդ նախագահների տնտեսական շահերին էր առնչվում: Սակայն Ֆլեշ Բարսեղի առաջին մարտահրավերն այնքան էլ արդյունավետ դուրս չեկավ. 10 դրամի տարբերությունը, պարզվեց, բենզին սպառողների հսկայական բանակի համար այդքան էլ հրապուրիչ չէր, հատկապես որ, CPS-ի լցակայանները քանակապես գերազանցում են «Ֆլեշ» ընկերության պոտենցիալը: Եվ ահա երեկ «Ֆլեշ» ընկերությունը հերթական ձեռնոցը նետեց CPS-ին` ևս 10 դրամով իջեցնելով բենզինի գինը: Սա շղթայական ռեակցիա առաջացրեց և բոլոր բենզալցակայաններում բենզինի գները միանգամից իջան 10 դրամով` հաստատելով բենզինի գնի հետևյալ մակարդակը` «Ֆլեշում»` 340 դրամ, իսկ մյուսներում` 350. 10 դրամի տարբերությունը, այնուամենայնիվ, «Ֆլեշը» պահեց իր դաշտում: Ի դեպ, տատանումները բացառապես բենզինի շուկայում են, դիզելային վառելիքի վրա դրանք չեն անդրադարձել:
Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ Հայաստանի վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնում է «Ֆլեշ» ընկերությունը: Անցյալ տարի այս ընկերությունն իրականացրել է բենզինի՝ 42,24 և դիզելային վառելիքի՝ 51,4 տոկոս ներկրումներ: Վերջին օրերին դրսևորվող գնային քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանը որոշել է չբավարարվել այս ցուցանիշներով և կարդինալ քայլերով բենզինի շուկայից դուրս մղել նախկին նախագահին: Կհաջողվի՞ ներկա նախագահի հովանավորությունը վայելող գործարարին հասնել իր նկրտումներին` դեռ հարց է, բայց որ Բարսեղ Բեգլարյանի քայլերը խոսում են հենց դրա մասին, կասկածի ենթակա չէ: Բենզինի գնի՝ 10 դրամ տարբերությամբ մենաշնորհ հաստատելու փորձը, որքան էլ խոսուն, այնուամենայնիվ իր մեջ նաև որոշ հակասական գործոններ է պարունակում։ Ռոբերտ Քոչարյանին պատկանող CPS բենզալցակայանները հայտնի են որպես թալանչիներ։ Այստեղ 10 լիտր բենզինը ոչ մի դեպքում 10 լիտր չէ (ի դեպ, ասում են, որ բենզալցակայաններին հարկադիր խաբեբաների կարգավիճակում դնողը հիմնական սեփականատերն է. բենզալցակայաններին ի սկզբանե տալիս են 100լ բենզին, սակայն պահանջում դրա դիմաց վճարել որպես 110 լիտրի, արդյունքում՝ բենզալցակայանը ստիպված իր հավելյալ վճարը կորզում է ավտոմեքենա ունեցողից), սակայն փոխարենը «Ֆլեշ» ընկերության մատուցած բենզինի որակը զիջում է CPS-ին, այնպես որ, ասել, թե իր անորակ բենզինը 10 դրամ էժան վաճառելով Բարսեղ Բեգլարյանը կարող է իսկապես Ռոբերտ Քոչարյանին մեծ վնաս հասցնել, այնքան էլ այդպես չէ:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի միջգերատեսչական հանձնաժողովը, նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովի հետ միասին, Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով հունը փոխելուն ուղղված շինարարական աշխատանքները ճանաչել էր ապօրինի, այդպես էլ չհայտարարեց, թե ով է ՀԷԿ-ի սեփականատերը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երկու անգամ` նախարարություն ուղարկած գրավոր հարցման տեսքով, մեկ անգամ էլ` հոկտեմբերի 6-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր ուղղել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով այդպես էլ չէր պատասխանել: «Եթե այս տեմպերով շարունակեն, ապա իսկապես հասարակական հետաքննության հանձնաժողով կամ խումբ պետք է ձևավորվի` լրատվական կազմակերպությունների հետ միասին, որպեսզի պարզենք, թե ով է սրա հետևում կանգնած: Այ, որ իսկապես բոլորով գնանք, մի հատ սկսենք քանդել, տերը երևի կհայտնվի»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Այսօր Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարն ասելով, որ այդ մասին տեղեկացել է էլեկտրոնային մի լրատվամիջոցից, հայտնեց, որ սեփականատերը Զանգեզուրի «էքսիմպ» ընկերությունն է: Ստեփան Սաֆարյանը պատկերացում չունի, թե ով է «էքսիմպ»-ի սեփականատերը, բայց ասաց, որ իրեն փոխանցել են, որ երբ հոկտեմբերի 6-ին ինքը հարցեր է ուղղել բնապահպանության նախարարին «ինչո՞ւ անհանգիստ շարժումներ են եղել հանրապետականի շարքերից»:
Նշենք, որ չնայած որոշումին, որ կառույցն ապօրինի է , մինչ օրս այդ առթիվ քրեական գործ չի հարուցվել ու կառույցը չի ապամոնտաժվել։ Դա նախատեսված է անել նոյեմբերի 19-ին:
Արամ Հարությունյանը նշել էր, որ պետք է «կազմակերպվի Սևանից ջրօգտագործման թույլտվություն»` հավելելով, որ ջրօգտագործումը թույլատրվելու է` եղած ջրապահանջի և հողատեսքերի համապատասխան:
Հիմա Ստեփան Սաֆարյանին անհանգստացնում է մեկ այլ հարց` ինչու է Արամ Հարությունյանը , ով նախկինում խոսում էր 25-30 լիտր վայրկյանում ջրօգտագործման մասին, հիմա ասում` 85 -100 լիտր վայրկյան: Ստեփան Սաֆարյանը տպավորություն ունի, որ կառավարությունը ստանձնել է այդ կառույցը ` ՀԷԿ-ը տնտեսապես ակտիվ դարձնելու ծրագիրը: «Թույլ չենք տալու: Իբրև թե ավելացնում են ջրի քանակը, որ պետք է Վայոց Ձոր ուղղվի այն պարզ պատճառով, որ այդ ՀԷԿ-ը նպատակահարմար դառնա»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որն այս տեսքով ընդունելու դեպքում շարքային քաղաքացիների միջին կամ բարձր աշխատավարձը չի հերիքի անգամ ամսական մեկ ավտոմեքենա կայանելու համար: Խոսքը օրական մեկ ժամվա համար 500 դրամի մասին է: Մեկ օրվա համար այն կազմելու մինչև 3000 դրամ , մեկ շաբաթվա` մինչև 6000 դրամ , մեկ ամսվա` 30000 դրամ և մեկ տարվա` մինչև 120000 դրամ ներառյալ: “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին” օրենսդրական փաթեթը լուրջ գլխացավանք է դառնալու ոչ միայն քաղաքացիների, այլև գործատուների համար, որոնք ըստ օրենքի ստիպված պետք է լինեն քաղաքապետարաններին / քանի որ օրենքը նաև մարզային նշանակության է, ապա գյուղերում` ՏԻՄ մարմիններին` Ա.Դ/ վճարել իրենց և իրենց աշխատողների մեքենաների կայանման համար ֆիքսված գումարները: Պետական լիազորված մարմինը, որը պետք է զբաղվի ավտոկայանատեղերի վճարների գանձմամբ քաղաքներում քաղաքապետարաններն են, համայնքներում ու գյուղերում գյուղապետարանները, որոնք, սակայն, կարող են իրենց այս գործառույթը վերալիազորել որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Օրինակ` որևէ “Գուգուշ ՍՊԸ”-ի, որն էլ պետք է զբաղվի գումարների գանձմամբ: “Պատկերացնում եք, ինչ վիճակ կարող է լինել, երբ փողոցները բաժան- բաժան կարվեն քաղաքի խառոշիների միջև: Աբովյան փողոցն, օրինակ, կգանձի մի խառոշի, Սարյանը` մյուսը”,-մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, ում խոսքով՝ աշխարհում ոչ մի տեղ քաղաքապետարանին կամ ՏԻՄ-երին պատկանող այս լիազորությունը չի կարող վերալիազորվել: Միակ բացառությունը Մոսկվան էր, որը Լուժկովի կառավարման օրոք ինչ-որ ժամանակ գնաց այդ քայլին , բայց հետո հետ կանգնեց: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ պարզվեց, որ մասնավորի կողմից ոչ մի գումար էլ չի մտնում համայնքային բյուջե: «Ավտոտրանսպորտային միջոցի առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում քսանչորս ժամից ավելի» կայանման համար ավտոկայանատեղիի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ տրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք»: Մոսկովյան փորձը գալիս է վկայելու, որ այս կարգը կարող է դառնալ վարորդներից առավելագույն գումարներ գանձելու մի պարզ, բայց շատ էֆեկտիվ համակարգ. ասում են , որ վարորդը հրաժարվել է վճարել ավտոկայանատեղման տուրքը, բերում էին էվակուատոր, որով մեքենան տեղափոխում էին հատուկ տարածք: Իսկ այդտեղից մեքենան դուրս բերելն արդեն արժենում է մի քանի տասնյակից, ասենք , 100 ԱՄՆ դոլար:
Անհասկանալի է նաև, թե ինչու վարորդը, ով նաև սպառող է ու մեկ-մեկ խանութ մտնելու սովորություն ունի, պետք է վճարի նաև խանութի դիմաց մայթերին իր մեքենան կանգնեցնելու համար, քանի որ, որպես կանոն, նույնիսկ մեծ սուպերմարկետների պարագայում խանութների դիմացի տարածքը խանութի սեփականությունը չէ: Անհասկանալի է, որովհետև նույնիսկ ԱՄՆ –ում, ուր հողը հսկայական արժեք ունի, յուրաքանչյուր խանութ ունի կայանատեղ, որտեղ գնորդները մինչև գնումներ կատարելը անվճար կարող են կանգնեցնել իրենց մեքենաները:
Նշենք, որ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այս տարվա հոկտեմբերի 25-ին դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը մտցրել էր նախորդ քառօրյայի օրակարգ, սակայն ԱԺ-ն այն չի քննարկել: Ոմանք պնդում են` այն պատճառով, որ իշխանության ներսում առանձին թևեր էլ հիացած չեն այս օրենքով, որը ակնհայտորեն ծառայելու է մի քանի մարդկանց էլ ավելի հարստացնելուն:
Ֆորմալ օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնողն ու դրա հարակից զեկուցողը լինելու է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, տեսնենք թե նա ինչպես է ներկայացնելու այն։
Հասմիկ Օհանյան
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում որոշում ընդունեց 655 միլիոն դրամ հատկացնել` կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով վիճակահանությունների արդյունքում չշահած ՀԴՄ 2010թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
Այդ գումարը քաղաքացիներին հասցնելու համար հատկացվում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին: Սակայն արդեն մի քանի օր է, որ նշված փոխհատուցում ստանալ ցանկացողները մերժվում են: Ընդ որում, քաղաքացիների բոլոր փորձերը, բացահայտելու մերժման պատճառը, ձախողվում են:
Ինչպես հայտնի է, փոխհատուցում կոչվածը տրվում է ընդամենը կատարած գնումների մեկ տոկոսի չափով։ Եթե մարդը մեկ եռամսյակի ընթացքում մեկ միլիոն դրամի առևտուր է անում, ապա հավաքելով բոլոր գնումների ՀԴՄ կտրոնները, կարողանում է ստանալ 10 000 դրամ, այն էլ, եթե բոլոր գնումների համար խանութները բարեխղճորեն հատկացրել են կտրոններ։ Չի բացառվում, որ, ենթադրենք, 200 հազար դրամի ապրանք գնելով մարդը տանը պարզի, որ իրեն տվել են ընդամենը 50 հազար դրամի կտրոն: Այնպես որ, կառավարության հատկացրած փոխհատուցումից օգտվողները միանշանակ ամուր նյարդեր և համբերություն ունեցող քաղաքացիներն են: Հենց նրանց էր այս օրերին հիասթափություն սպասվում:
Մենք նախ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ո՞րն է նման մերժման պատճառը, հատկապես այն դեպքում, երբ ՀՀ գործադիրն արդեն գումարը հատկացրել է: Կառավարությունից մեզ ուղղորդեցին ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե` նշելով, որ շատ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղել ՊԵԿ-ին:
ՊԵԿ-ից տեղեկացրեցին, թե հարցը մի քանի օրվա ընթացքում կկարգավորվի և քաղաքացիները շուտով իրենց փոխհատուցումները կստանան:
Ինչո՞վ բացատրել նման ձգձգումը: Եթե ինչ-որ բան կարգավորվում է, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ: Բայց ամբողջ հարցը հենց այն է, թե ի՞նչը կարգավորման խնդիր ունի։ Գումարը գործադիրը հատկացրել էր, ՊԵԿ-ին մնում էր միայն վճարել, հատկապես որ այս կառույցը ՀԴՄ-ների քաղաքականության ներդրման շնորհիվ ավելի քան շահեց, ուրեմն ավելի քան պետք է պատրաստակամ լիներ գոնե մեկտոկոսանոց փոխհատուցումներով ապահովել քաղաքացիների շահագրգռությունը ՀԴՄ կտրոններ պահանջելու հարցում:
Ի դեպ, նախկինում այդ մեկտոկոսանոց փոխհատուցումները միանգամից տալիս էին, հիմա դա ևս բարդացվել է, նախ՝ հերթագրում են, հետո անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթեր տալիս լրացնելու և նոր միայն, որոշ քաշքշուկներինց հետո, վճարում:
Ու՞մ է սա ձեռնտու: Կարծում ենք՝ այստեղ առանձնապես մտածելու կարիք չկա:
655 միլիոն դրամն ավելի քան բավարար գումար է շրջանառության մեջ դնելու և հարկ եղած եկամուտներ կորզելու համար. անգամ մեկ-երկու օրվա կտրվածքով նման գումարով կարելի է բավականին շահույթ ապահովել: Որ Կենտրոնական բանկ գլխավորած, դոլար-դրամ փոխարժեքների տատանումներից միլիոնավոր դոլարների եկամուտ ապահոված Տիգրան Սարգսյանը փողի, հատկապես մեծ փողի հարգը և դրանից ստացվելիք եկամուտը լավ գիտի, կարիք չկա բացատրելու:
Իսկ որ 655 միլիոն դրամը նաև այն գումարը չէ, որ Պետեկամուտների կոմիտեի ինչ-որ մի պաշտոնյա ինքնագլուխ` անգամ կառույցի թիվ մեկ պաշտոնյան, կարողանա ինչ-որ բան անել, նույնպես քննարկման հարց չէ:
Այնպես որ, թե ովքեր են որոշել «ղումար խաղալ» 655 միլիոնով, կարելի է պարզել` գրելով ընդամենը սահմանափակ թվով մարդկանց մի ցուցակ և ամեն ինչ պարզ կլինի:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
«Աշխարհում գործարար-պատգամավոր հասկացություն չկա: Եթե դուք ընդունում եք, որ ես գործարար -պատգամավոր եմ, չի կարող էդպես լինել, որովհետև ես 11 տարի զբաղվում եմ քաղաքականությամբ, դեռ դրանից առաջ էլ եմ զբաղվել, տեղական ինքնակառավարման մարմիններում, եթե հիշում եք, խորհուրդներ կային, խորհուրդի անդամ էի, այնպես որ, ես գտնում եմ, որ անպայման անհրաժեշտ են մարդիկ, ովքեր այստեղ կարողանան պաշտպանել գործարարների շահերը, և աշխարհում ընդունված է, բոլոր տեղերում, կան համապատասխան պատգամավորներ, որոնք պաշտպանում են այն մարդկանց շահերը, ովքեր նաև գործարար են, այնպես որ, ես պաշտպանելու եմ, շարունակելու եմ աշխատել և պաշտպանել մանր և միջին բիզնեսի շահերը»,- այս ծավալուն, հուզաթաթավ ելույթը պատկանում է ԱԺ նորընտիր փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ով Հայաստանի Ազգային ժողովի գործարար-պատգամավորի դասական օրինակ է, նրանցից մեկը, որ մանդատը որպես կրիշա են օգտագործում: Բալասանյանին են պատկանում Գյումրու գարեջրի գործարանը, ռեստորաններ:
Ելույթից, սակայն, կարելի է հասկանալ, որ Սամվել Բալասանյանը, բացի գործարար-պատգամավորի դասական օրինակ լինելուց, նաև մտքի տիտանի կատարելատիպ է։ Բալասանյանն ասում է, թե գործարար-պատգամավոր չկա, ինքը գործարար-պատգամավոր չէ, այլ՝ ընդամենը մարդ, որ պաշտպանում է գործարարների շահերը, այսինքն` գործարան կամ ռեստորան ունենալը գործարարությամբ զբաղվել չի նշանակում, Բալասանյանն ընդամենը պաշտպանում է այլ գործարարների շահերը:
Բալասանյանի` այս աստիճան խառնվելու առիթը ԱԺ-ում վերջերս նախաձեռնված գործընթացն է։ Մի քանի օր առաջ խմբակցությունները հավաքվել և որոշել են վերջ դնել Սահմանադրության պահանջի խախտման դեպքերին։ Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը պարտավոր է զբաղվել միայն օրենսդրական գործունեությամբ, իսկ դրան զուգահեռ թույլատրելի է միայն մանկավարժական և գիտական գործունեությունը։ Ձեռնարկատիրականի մասին ոչինչ չի ասվում: Սակայն ում հայտնի չէ, որ Հայաստանի պատգամավորների մեծամասնությունը հենց գործարարներ են, և հայտնի է նաև, որ եթե նրանք գործարարներ չլինեին, չէին լինի նաև Ազգային ժողովում։ Ինչպե՞ս էին խորհրդարանում հայտնվելու Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Տոնոյանը, Աշոտ Արսենյանը…(այս շարքը կարելի է երկար շարունակել), եթե չլինեին գործարարներ:
Բայց, ինչպես երևում է, մեր պատգամավորներին հոգնեցրել է, որ անընդհատ նրանց երեսով են տալիս իրենց գործարար լինելը և նրանք որոշել են «սրբագրվել»: Սրբագրումը լինելու է վերջնական և շատ հարմար եղանակով։ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ այլևս ձեռնարկատիրական գործունեությունը չի կարող համատեղվել օրենսդրականի հետ, և որպեսզի չհամատեղվի, պատգամավորներին հարկավոր է ընդամենը մի նրբություն ապահովել՝ հանձնել իրենց բիզնեսները հավատարմագրային կառավարման: Ընդ որում, հատուկ Էթիկայի հանձնաժողով է ստեղծվելու, որը վերահսկելու է այս գործընթացը` թույլ չտալով պատգամավորներին շեղվել կանոնակարգից:
«Այսինքն՝ պատգամավորը իրավունք չունի՞ որևէ բան ունենալու: Իրավունք չունի՞, ունի, չէ՞, ամեն մի քաղաքացի ՀՀ-ում ունի սեփականության իրավունք»,- այսօր արդարանում էր Սամվել Բալասանյանը: Էթիկայի հանձնաժողովի` բոլոր հարցերը կարգավորելուց հետո պատգամավորներին այլևս արդարանալու բան չի մնա։ Հավատարմագրային կառավարումը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր մեր պատգամավորներին: Բայց դե, սա Հայաստան է, կառավարման կհանձնեն ու հանգիստ կբազմեն ազգընտիրի աթոռին, ախր դա շատ գայթակղիչ աթոռ է, միանգամից չեն կարող հրաժարվել։
2011-ի բյուջեն արդեն բազմաթիվ որակումներ է ստացել. սոցիալական, տնտեսական, հետճգնաժամային բյուջե: Իսկ նախկին պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ այսօր այն անվանեց հակասական բյուջե: Նա անդրադարձավ տնտեսության մի քանի ճյուղերի, որոնցում 2011-ին կգրանցվի աճ, հատկապես գյուղատնտեսությանը։ Երկրի տնտեսության վրա, ինչպես նշեց Թաթուլ Մանասերյանը, լուրջ ազդեցություն է գործել գյուղատնտեսության անկումը: Այս ոլորտում, տնտեսագետի կարծիքով, անց է կացվում ոչ արդյունավետ քաղաքականություն:
«Լավ գյուղատնտեսություն ունենալը մեծ շռայլություն է ցանկացած երկրի համար,իսկ այդ շռայլությունը կարող ենք մեզ թույլ տալ միայն այն ժամանակ,երբ հասկանանք, թե ինչը կարող ենք լավ արտադրել մյուս երկրների համեմատ. մինչ այդ, մենք մնում ենք հիմնականում որպես ներմուծող երկիր, մեր սպառած ապրանքի մեջ տեղականը շատ քիչ է, ուստի ունենք խոցելի տնեսություն»: Թաթուլ Մանասերյանն համոզված է, որ ՀՀ տնտեսությունն ունի հսկայական ներուժ, որն այս պահին չի օգտագործվում: Նրա խոսքերով` Հայաստանի հնարավորությունները գտնվում են ստվերում. «Եթե երկրի տնտեսությունը հազիվ է զարգանում, ապա ստվերային տնտեսությունն աճում է արագ տեմպով, իսկ Սփյուռքի մասնագիտական և նյութական ներուժը նպատակաուղղված չի օգտագործվում »։
Հայաստանում ագրոարդյունաբերական համակարգը և պարենային անվտանգությունը խոցելի է, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղակի բացակայում է, մենք մեծապես կախում ունենք համաշխարհային շուկայից և գներից, բայց Հայաստանը սեփական բազայի վրա էլ կարող է ձևավորել տնտեսական քաղաքականությունը, ինչը կկրճատեր այդ կախվածությունը»,-ավելացրեց Մանասերյանը:
Տնտեսագետն ընդգծեց, որ չի հավատում մի շարք ոլորտներում բարձր տոկոսների հասնող տնտեսական աճին, պատճառաբանելով`«եթե 2011-ի տարեկան դեֆիցիտը կազմում է 148,6 միլիարդ դրամ, ապա անհավանական աճին այդքան էլ չեմ հավատում»։ Նրա խոսքերով` կա որոշակի դրական առաջընթաց, սակայն այն հիմնականում պայմանավորված է մոլիբդենի և պղնձի միջազգային գների աճով: Նա նշեց նաև բանկային հատվածում առկա բարձր տոկոսադրույքները, ինչը փոքր և միջին ձեռնարկատիրությանը խանգարում է զարգանալ: Տնտեսագետը պետությանն առաջարկում է թելադրել խաղի կանոնները և տոկոսադրույքները սահմանել 5-6%-ից ոչ ավելի:
Շուշան Գալստյան
Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր մի որոշում է ընդունել, որով Հայաստանն էլ ավելի է գլորվելու դեպի ֆեոդալիզմ:
«Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» ընդունված որոշմամբ` այսուհետ Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը տրվելու են միայն վարձակալության իրավունքով:
Եւ այլևս լինելու են ոչ թե Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը, ուր կարելի կլինի ազատ ման գալ, վազել, սիրել, հանգստանալ, այլ լինելու են ընդամենը այսինչի սարերը, ձորերը, դաշտերը և այդ տարածքում արածել կարող են միայն այսինչի անասունները, միայն այնինչի հարազատները, մտերիմները, նրա դաբրոյին արժանացածները կարող են մտնել այնտեղ և, ասենք, սունկ հավաքել, կամ մոշ ու մորի, իսկ մյուսները` այդ սարերի, ձորերի, դաշտերի կողքի գյուղում ապրողները, նրանց երեխաները այլևս զրկված կլինեն անգամ վայրի մանկության` սունկ կամ մոշ հավաքելու հիշողություններից, որովհետև նրանք ի սկզբանե կիմանան, որ այդ տարածքները մտնել չի կարելի, որովհետև դրանք այսինչի կամ այնինչի տարածքներն են:
Բայց Տիգրան Սարգսյանի կառավարության հզորությունը նրանում է, որ կարողանում է ակնհայտ ֆեոդալականացում տանող որոշումը ներկայացնել իբրև բարեգործություն, իբրև բնակչությանը մատուցվող ծառայությունը մատչելի դարձնելու, կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու փորձ:
Անգամ վարչապետն անձամբ է որոշման գովերգման պարտավորությունը վերցրել իր վրա: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է ասել, որ սա իսկապես առաջադիմական քայլ է այն առումով, որ խոտհարք-արոտավայրերի վարձակալողներին ձերբազատել է մի շարք անհարմարություններից:
Վարչապետն այսօր անգամ չզլացավ և մեկ առ մեկ թվարկեց, թե ինչ վճարներից է կառավարությունն ազատել վարձակալողներին. նախկինում վարձակալը պարտավոր էր «վճարել 10-20 հազար դրամ, հիմա նա ազատվում է դրանից, նաև տուրքից, որը 7-10 հազար դրամ է, ազատվում է նոտարական վճարից, որը կարող է 5-20 հազար դրամ լինել և ազատվում է հատակագծի կազմման անհրաժեշտությունից, որը 150-200 հազար դրամ էր: Այս որոշումով մենք այս 4 վճարներից ազատում ենք գյուղացիներին և նրանք հնարավորություն են ստանում պարզեցված կարգով պայմանագիր կնքել և օգտագործել արոտները: Համայնքների բյուջեներն էլ մուտք կստանան. ուղղակի կլինի պայմանագիր առանց բարդույթների»:
Այս ամենը ճիշտ է, իհարկե, սակայն ճշմարտությունը կիսատ չի կարող լինել, իսկ ճշմարտության պատկերն ամբողջական է դառնում, երբ հասկանում ենք, թե կոնկրետ ովքեր կարող են դառնալ Հայաստանի սարերի, ձորերի ու դաշտերի վարձակալներ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք տրվելու են մրցույթային կարգով, իսկ թե ովքեր են հաղթում նման մրցույթներում, երևի հարկ չկա մանրամասնելու:
Այդպես, սովորական, արտաքուստ շարքային թվացող «Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» որոշմամբ, կառավարությունը կարող է ոչ միայն ֆինանսական լուրջ մուտքեր ապահովել` երկրի ողջ տարածքը վարձակալության տալով, այլև, և, որն ավելի էական է, կարող է անգամ լուրջ քաղաքական ազդեցություն ապահովել:
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ասում է, թե սա իր նախարարության նախաձեռնությունն է, նման հզոր գաղափար հղացվել է հենց Արդարադատության նախարարությունում: Ինչպես հայտնի է, քաղաքական կուսակցությունների գրանցումը ևս այս նախարարության իրավասության տակ է: Եվ սա այդքան էլ պատահական համարել չի կարելի, որովհետև Հայաստանում խոտհարքից մինչև քաղաքականություն ընդամենը մեկ քայլ է:
Այդպես, ցանկացած խոտհարքի վարձակալ կարող է ամբողջ գյուղը դարձնել իր կամակատարը` եթե որոշման դիտարկումը կատարում ենք փոքր մասշտաբներով: Եթե գյուղի խոտհարքը վարձակալությամբ վերցնում է տվյալ գյուղում 100 գլուխ անասուն ունեցողը, ապա մնացած գյուղացիները, որոնք ավելի քիչ չորքոտանի ունեն, հայտնվում են վարձակալից կախվածության տակ: Վարձակալը ստանում է բոլոր իրավասությունները օտարներին թույլ չտալու մտնել իր տարածք, կամ, կարող է մտնելու թույլտվությունը վաճառել ցանկացած գնով:
Եթե կառավարության որոշումը դիտարկում ենք ավելի լայն մասշտաբներով, ինչը և հարկավոր է սպասել, ապա չի բացառվում, որ հաջորդ գարունը Հայաստանի սարերը, ձորերն ու դաշտերը դիմավորեն որպես ընդամենը մի քանի ֆեոդալի ունեցվաք:
Այդպես, գեներալ Մանվելը միանշանակ կվարձակալի Արմավիրի խոտհարքերը, Վարդան Ղուկասյանը` Շիրակի, Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի, Աշոտ Արսենյանը` Վայոց Ձորի և այդպես շարունակ. յուրաքանչյուր մարզի խոտհարք իր ֆեոդալի վարձակալությունն է նշանաբանով կարելի կլինի ընդամենը մի քանի հոգու միջոցով վերահսկել ամբողջ մարզի բնակչությանը:
Այդպես քաղաքական բոլոր խաղերը կարելի է շատ սահուն կերպով տեղափոխել խոտհարքի հարթություն: Այս դեպքում արդեն անգամ օլիգարխները չեն համարձակվի որևէ բանում հակառակվել. բավական է մի հրահանգ և նրա ու նրա մտերիմների ֆերմաները կարող են հայտնվել ծանր կացության մեջ. անասունները կդադարեն օգտվել Հայաստանի արոտավայրերի հիմնական վարձակալների բարեհաճությունից:
Ի դեպ, հարկ է արժանին մատուցել նաև Արդարադատության նախարարությանն ու նախարար Դանիելյանին` նման որոշումն ամենայն մանրամասնությամբ մշակելու համար. այդպես, վերահսկողությունը բավական լավ է մտածված նաև անցանկալի երևույթներից խուսափելու առումով. վարձակալության պայմանագրերը կնքվելու են 3 տարի ժամկետով, այսինքն` վերահսկելի են լինելու նաև վարձակալ-ֆեոդալները. ովքեր կարադարացնեն իրենց, կշարունակեն լինել Հայաստանի Հանրապետության արտավայրերի տիրակալ նաև հաջորդ ժամկետում, ովքեր ոչ` հրաժեշտ կտան հիերարխիայում տեղ զբաղեցնելու պատվին:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ.Իսկ դեմոկրատիայի մասին հուզառատ ճառեր ասող ու ժողովրդից յոթ շապիկ քերթող մեր կառավարությանը չի էլ մտահոգում, թե ազատ մարդուն բատրակ ու ստրուկ դարձնող իր քաղաքականությամբ, ինչպիսի արժեքային համակարգ է ձևավորում, ու մեկ էլ` էսպես որ շարունակեն երկրում շուտով հոտաղ ու խաշնարած էլ չի մնա:
«ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի հետ կնքել շինարարական կապալի պայմանագրեր «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ դրանք կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 ՀՀ դրամի չափով, կատարվելիք շինաշխատանքի դիմաց որպես հանդիպական կատարում ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 25 տարի ժամկետով տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին և մյուս գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց շինարարական կազմակերպությունների, մասնագետների հետ քննարկել պետական նշանակության այլ շենքերին հարակից ստորգետնյա տարածքներում ևս ավտոկայանատեղիներ կառուցելու հարցը, որը կնպաստի մայրաքաղաքի կենտրոնն ազատել դրանց կուտակումից»:
Ինչպես երևում է, Ազատության հրապարակի ավտոկայանատեղին գրգռել է մեր ղեկավարների ախորժակը, և շուտով մայրաքաղաքին մի նոր փորձություն է սպասվում. Բացի այդ, փող լվանալու մի նոր ճամփա է բացվել։ Չի բացառվում, որ վարչապետի այս հորդորից հետո պետական հիմնարկներում նկուղների քանդման ինտենսիվ աշխատանքներ սկսվեն և բացառել չի կարելի, որ ավտոկայանատեղիից հնարավորինս մեծ օգուտ ստանալու մոլուցքով տարվածները սկսեն քանդել անգամ շենքերի հիմքերը` թուլացնելով դրանք:
Ի դեպ, նույն Ազատության հրապարակի ավտոկայանատեղին ապշեցնում է իր անհարմարությամբ. տրամադրված տարածքը հնարավորինս խնայողաբար օգտագործելու ձգտումը շինարարներին պարտադրել է ավտոմեքենաների` դուրս գալու և ներս մտնելու երթուղիները չափից ավելի նեղ կառուցել այնպես, որ բավական է մի փոքր անզգուշություն և վթարը պատրաստ է: Շենքերի սահմանափակ տարածքը հաշվի առնելով, կարելի է հստակ կանխատեսել, որ դրանց տակ կառուցվելիք ավտոկայանատեղիներին ևս նույն ճակատագիրն է սպասում, եթե ոչ ավելի վատթար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.