23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր բարձրաստիճան պաշտոնյաների հետևից մեր պետական բյուջեն հազիվ է հասնում կամ, ավելի ճիշտ է ասել, չի էլ հասնում: Եվ քանի որ մեր բարձրաստիճանները սիրում են շրջագայել, սիրում են լավ և նոր ավտոմեքենաներով շրջել, և դա, հատկապես, սիրում են կատարել պետական միջոցներով, կառավարությունն էլ ստիպված է անդադար միջոցներ ավելացնել` հասցնելու նրանց ծախսերի հետևից:
«Ի նկատի ունենալով ՀՀ 2010թ. պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված հատկացումների անբավարարությունը և մինչև տարեվերջ այդ ուղղությամբ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է 2010թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գծով նախատեսված հատկացումների նվազեցման հաշվին 50.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների տարեկան գումարը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Գործադիրը որոշել է 119 միլիոն դրամ էլ հատկացնել ՀՀ պետական կառավարման առանձին մարմիններին` ծառայողական ավտոմեքենաներ ձեռքբերելու համար։
Ինչքան իջնում է երկրի շարքային քաղաքացու կենսամակարդակը, հակառակ համեմատականով բարձրանում է չինովնիկների ծախսերն ու պահանջները, սա իրոք մտածելու տեղիք է տալիս։
Մարդու տեսակ կա, որ տառապում է շատ վատ մի բարդույթով. ինչքան շատ է աղքատ, այնքան ավելի է փորձում արտաքին աշխարհին պատշաճ ներկայանալ։ Հոգեբաններն ասում են, որ այդ տիպի մարդիկ անհաջող մանկություն են ունեցել։ Մեր իշխանությունները բացառապես այդ տեսակից են բաղկացած։
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքի ժամկետը։
«Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակ պատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու են ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք և որի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզ մոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասին բացահայտում ենք այդ ոլորտներում»,-սրա հետ կապված հստակեցում մտցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունն այս որոշմանը գնացել է` բիզնեսի վրա ավելորդ բեռից խուսափելու նպատակով, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանում անգամ կառավարության մակարդակով խոստովանում են, որ տեսչություն կոչվածները ծառայում են ոչ թե վերահսկողությանը, որակի ապահովմանը, այլ դրանք աշխատում են զուտ կոռուպցիոն մեխանիզմներով և ընդամենը «ահաբեկչություն» են իրականացնում տնտեսվարողների նկատմամբ:
Այստեղ մի քանի բայց կա, որին չանդրադարձավ Վարչապետը.
«Համար մեկ խնդիրն այն է, որ խոշոր բիզնեսը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ մենք արտոնություններ ենք տալիս փոքր և միջին ձեռնարկություններին, և շատ հաճախ ստեղծում են ժամանակավոր ձեռնարկություններ, որոնց միջոցով կարողանում են ապրանքներ ներմուծել զրոյական դրույքաչափով, ձևակերպելով այդ ձեռնարկությունների վրա, որոնք գտնվում են ավելացված արժեքի հարկման շեմից ավելի ցածր ծավալ ունեցող ձեռնարկությունների շարքում։ Ըստ էության` այս փոփոխությունը, որ կատարում ենք, նպատակ ունի պաշտպանել փոքր և միջին բիզնեսը և թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը բաղդատվի մասերի և օգտվի հարկային արտոնյալ ռեժիմներից։ Դրա համար նաև մենք ներմուծում ենք փոխկապակցվածության ինստիտուտը և հնարավորություն ենք տալիս ՊԵԿ-ին այդպիսի դեպքեր բացահայտելու պարագայում կիրառել օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները, թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը խուսափի հարկերից։ Իմաստը սա է, և նման օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր և միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ։ Դրա համար այս նախագիծն ի սկզբանե պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչ խնդիր ենք լուծում»։ Սա հատված է Տիգրան Սարգսյանի ելույթից, որից ակնհայտ է դառնում, որ ունեցել ենք նման նախադեպեր։ Ուրեմն ինչու չի հրապարակվում այդ բիզնեսմենների անունը, ովքեր հարկերից խուսափել են այդ եղանակով, ասել է թե` ժողովրդի առանց այդ էլ «ծակ» գրպանն են մտել։ Եթե հասարակությանը հակ են համարում տեղեկացնել իրենց յուրաքանչյուր արածը ու դրոշակ սարքում, ապա թող բարի լինեն հրապարակելու խադախությամբ հարկերից խուսափող խոշոր գործարարների անունները, գոնե հասարակության պարսավանքին ներկայացնելու համար, միևնույն է ժողովուրդը իրավապահներից հույսը վաղուց է կտրել, թե նրանք ինքնուրույն կհամարձակվեն բռնել իշխանությունների շահերը սպասարկող որևէ մեկի ձեռքը։
Իսկ ինչ վերաբերվում է տեսչական ստուգումների արգելքը երկարաձգելու որոշմանը, էլի տուժողը ժողովուրդն է լինելու, քանի որ մանր ու միջին բիզնես կոչվածը, օգտվելով առիթից, ժամկետանց աղբ է մատուցում ազգաբնակչությանը և նրա ձեռքը բռնող չկա։ Վարչապետն առավել ճիշտ որոշում կկայացներ, եթե հրահանգեր տեսչության ստուգումներն, այնուամենայնիվ, իրականացնել (ի դեպ, առավել ակտիվ, այսօր դրա կարիքը զգալի է` խայտառակ վիճակում է շուկան), իսկ տուգանքի գանձման մասի վերաբերյալ որոշումը լիներ միայն իր հրամանով։ Ի վերջո, տեսչության աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ բյուջեից ոչինչ չանելու դիմաց։
Կառավարությունը Հայաստանի դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման համար դասագրքերի մշակման նպատակով «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է հատկացնել 7500,0 հազար դրամ:
Շախմատ սովորելը և այն դպրոցական պարտադիր առարկա դարձնելը իհարկե շատ լավ է: Շախմատ սովորելը եթե ոչ օգուտ, ապա գոնե վնաս չի տա հատկապես այն դպրոցականներին, ովքեր ապահոված կլինեն նորմալ սնունդով, նրանց ծնողները կկարողանան լուծել երեխաների տարրական խնդիրները:
Սակայն, այս ամենով հանդերձ, անհնար է չհարցնել ` ինչու՞ հենց շախմատ։ Այսպես կարող է մտածել հայ իրականությանը անծանոթ ցանկացած մեկը: Իսկ ահա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նման հարց չի տա. դե, իհարկե, շախմատ, կմտածի նա` բա էլ ուրիշ ի՞նչ` չէ՞ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է:
Եվ հենց այստեղ է, որ ՀՀ քաղաքացիները կֆիքսեն և կզարմանան, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ հատուկ սեր էր տածում բասկետբոլի նկատմամբ, ժամանակին գլխի չընկավ ու բասկետբոլը պարտադիր դպրոցական առարկա չդարձրեց:
Այս առումով բավականին հետաքրքիր է դիտարկել, թե Հայաստանի հնարավոր նախագահների դեպքում հայ դպրոցականները ի՞նչ նոր առարկաներ կարող են ուսումնասիրել: Օրինակ, եթե Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու խոսակցություններն իրականություն դառնան, կարելի է ենթադրել, որ դպրոցական առարկաների թիվը կավելանա «ձեռքի ուժ» կոչվածի հաշվին: Դժվար է ասել, թե ինչ նոր առարկա կարող է ստանալ դպրոցը, եթե Հովիկ Աբրահամյանը դառնա նախագահ։
Նախ ասենք, որ մամուլի ակումբներն արդեն գեշ սովորույթ են դարձրել չապահովել իրենց հրավիրյալների ներկայությունը։ Լրագրողներս որոշ դեպքերում պետք է ժամերով նստենք սպասենք հյուրին, ով, լավագույն դեպքում, կարող է ուշացումով գալ։ Նա կարող է առհասարակ չգալ, կամ փոխարինվել մեկ ուրիշով։ Անհասկանալի սկզբունքով կազմակերպված ասուլիսները փորձանք են դարձել մեր գլխին։ Հաճախ գնում ես նստում, լսում մի ամբողջ ժամ` հուսալով, որ, ի վերջո, մի նոր բան կասվի, կամ կհասկանաս հրավերի նպատակը, բայց ապարդյուն։ Ու ոչ ոք պատասխան չի տալիս մեր կորցրած ժամանակի ու անիմաստ, ծեծված թեմաների մատուցման համար` ո´չ ակումբը, ո´չ կառույցը, որը ներկայացնում է բանախոսը։ Հետաքրքիր է, ո՞ր համակարգն է պատասխանատվություն կրում հանրությանը մատուցվող «աղբի» համար։
Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի հերոսը չէր եկել։ Ուրիշի աշխատանքը չհարգող բանախոսի փոխարեն խոսեց «Մխիթար Հերացու» անվան բժշկական համալսարանի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը, ով ընդամենը եկել էր ասելու, որ տուբերկուլյոզը ժամանակակից հիվանդություն է: Այն մեր կողքին է և ամենուրեք։ Նրա ասածներում ոչ մի նորություն, առաջարկ կամ տեղեկություն չկար։
Նա ընդամենն ասաց որ. «Երկրագնդի ողջ բնակչության 1/3-ն առնչվել է տուբերկուլյոզի հետ: Ամբողջ աշխարհում տուբերկուլյոզն աճելու միտում ունի: Հայաստանի մասով կարող ենք ասել, որ վերջին տարիներին վիճակը բավականին հուսադրող է.100 հազար մարդու հաշվարկով մեզ մոտ տարեկան գրանցվում է 44-45 նոր դեպք, այսինքն՝ այս հիվանդությամբ տարեկան վարակվում է 1400-1500 մարդ, իսկ մահացության դեպքերը տարեկան 4-5 են»,- տվյալներ` որոնք կարելի է վերցնել ցանկացած առողջապահական- մասնագիտական կայքից:
Այ, մասնագետն ասաց, որ տուբերկուլյոզը մեր երկիր բերվում է դրսից.« Հայաստանում ամենից շատ դրանով հիվանդանում են երիտասարդ, աշխատունակ տղամարդիկ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի», բայց չասաց, թե տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրին հատկացվող գումարների մի մասը կարելի է տրամադրել և երկիր մտնող քաղաքացիներին զննման ենթարկել, կամ համապատասխան մեխանիզմ մշակել այդ ուղղությամբ։
Նիկոլայանն ընդամենն ասաց, որ «Հիվանդության կանխարգելումն ունի 5 հիմնական ուղղություն: Առաջինը հակատուբերկուլյոզային պատվաստումն է, որը կիրառվում է հենց ծննդատանը և հուսալի միջոց է համարվում: Երկրորդը դա սոցիալական կանխարգելումն է, երբ բարելավում են բնակկենցաղային պայմանները կամ կատարում են անտառատնկում: Հաջորդը կլինիկական կամ բուժական կանխարգելումն է, այսինքն` հիվանդի մեկուսացումն է, բուժումն ու մանրէազերծումը : Մյուս կանխարգելիչ ուղղությունը սանիտարականն է, երբ հիվանդին սանիտարական միջոցներով մեկուսացնում են, ախտահանում նրա օգտագործած իրերը, եռացնում նրա սպասքը: Կանխարգելիչ վերջին միջոցը քիմիականն է, որը կատարվում է քիմիական դեղանյութերի միջոցով»,- հիմա կարելի է հարցնել, թե մեզանում այդ ուղղություններից որո՞նք են բավարար հիմքերի վրա և որոնց հիմքերն են, որ գնալով խարխլվում են։
Ուրիշ բան է, որ մասնագետը գար ու կոչ աներ թե` մի հատեք անտառները, որովհետև դրանով նպաստում եք վարակին, կամ հարց բարձրացներ, թե ձմռանը ո՞նց են ապրելու այն մարդիկ, ովքեր բնակվում են խոնավ կամ դժվարին պայմաններում, երբ գազի ու լույսի դիմաց վճարելու են ավելին քան նվազագույն աշխատավարձն է։ Երբ է, որ նրանք ստիպված գնում են երկրից ու հետ գալիս շատ ավելի թշվառ վիճակում։
Այ, դա կարելի էր հասկանալ` այդ բժիշկի կամ մասնագետի մտահոգությունը, որ հիմնախնդիր է բարձրացնում, ուշադրություն է հրավիրում, թե չէ լոլո կարդալ բոլորն էլ կարող են։
Ալիսա Շեկոյան
Այսօր Ռուսաստանի հայերի միությունը նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Միջոցառումն, ինչպես միշտ, կազմակերպվել է Կրեմլի դահլիճում, որին ներկա են լինելու ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը: Վերջերս նման մի միջոցառում կազմակերպվել էր նաև Հայաստանում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Արա Աբրահամյանի արդեն խամրող փառքի վկայությունն այդ միջոցառմանը ՀՀ նախագահի և Վեհափառի բացակայությունն էր, բայց, ինչպես տեսնում ենք, ՌՀՄ ղեկավարը կարողացել է հասնել նրան, որ Կրեմլի միջոցառումն անցնի ինչպես հարկն է` ապահովելով երկու երկրների ղեկավարների բարձր ներկայությունը: Իհարկե, նման ներկայության ապահովումը, թերևս, հարկ է վերագրել ոչ այդքան Ռուսաստանի հայերի միության ղեկավարին, որքան այդ միության մյուս անդամներին, ովքեր շատ ավելի մեծ հեղինակության և ռեսուրսների կրողներ են:
Սակայն, անկախ արտաքին վայելչության պահպանման հնարավոր ճիգերից, ակնհայտ է, որ Արա Աբրահամյանն այլևս առաջվանը չէ:
Այս տարի միջոցառման մասնակիցները Ռուսաստանի տարբեր մասերից Մոսկվա են ժամանելու բացառապես իրենց միջոցներով` թե’ տրանսպորտային, թե’ հյուրանոցային ծախսերը թողնված են մասնակիցների վրա: Ավելին, նախորդ տարիներին այս տոնակատարությունը տոն էր բառի բուն իմաստով և շարունակվում էր մի քանի օր` հագեցած բազմաթիվ միջոցառումներով։ Ծախսերը հոգում էր Ռուսաստանի հայերի միության ղեկավարն իր միությունով հանդերձ, մինչդեռ այս տարի ամեն ինչ տեղավորել են ընդամենը մեկ օրվա մեջ` ծախսերի ծանրությունն էլ, ինչպես ասացինք, թողնելով մասնակիցների ուսերին:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը և Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման 2011-2013 թվականների գործողությունների ծրագրերին։
Այս որոշմամբ պետական մարմիններում ստեղծվելու են ներքին աուդիտի անկախ համակարգեր, որոնք իրենց վերահսկողության տակ են պահելու կառույցի ֆինանսական շարժերը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասում է, որ այս մարմինները պետք է օժտվեն բավարար իրավունքներով, որպեսզի կարողանան առանց կաշկանդվելու վերահսկողություն իրականացնել: «Ներքին աուդիտի ինստիտուտի ներդրմամբ այսուհետ ֆինանսական վերահսկողության պատասխանատուն լինելու է ներքին աուդիտի ղեկավարը, և եթե վաղը- մյուս օրը արտաքին աուդիտը համակարգում թերություն հայտնաբերի, առաջին պատասխանատուն հենց նա է լինելու»,- բացատրում է ֆինանսների նախարարը:
Թե´ ՀՀ Վերահսկիչ պալատի, թե´ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային փորձում, կարելի է առանց սխալվելու ասել, որ չի եղել մի դեպք, երբ հիշյալ մարմինները վերահսկողություն իրականացրած լինեն պետական մարմիններում և ֆինանսական չարաշահումներ չհայտնաբերեն:
ՎՊ-ի և ՆՎԾ-ի բացահայտած խախտումների ժամանակ հիմնական պատասխանատուներ են դիտվում համակարգի վերադասները։ Ամենաաղաղակող փաստերը կարող են դառնալ նախարարի, փոխնախարարների հեռացման պատճառ` կախված տվյալ նախարարի կամ փոխնախարարի քաշային կատեգորիայից, իսկ այն դեպքերում, երբ նախարարի կամ փոխնախարարի անձը անձեռնմխելիության ստատուսով է օժտված լինում, մեղքը, սովորաբար, գցում են ավելի խոցելի վարչության պետերի, աշխատակազմի ղեկավարների, մի խոսքով` ենթակաների վրա:
Հասկանալի է, որ այդ շրջանում, երբ Վերահսկիչ պալատը կամ Նախագահի վերահսկողական ծառայությունը հրապարակում է իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները, այսինքն` բացահայտում այս կամ այն գերատեսչությունում թույլ տրված բացթողումները, յուրացրած գումարները, զուգահեռ սկսվում է նաև «քավության նոխազների» եռանդագին փնտրտուքը:
ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը մշտապես արդարանում է` ասելով, թե իրենց գործը միայն ուսումնասիրություն կատարելն է, իսկ արդեն պատասխանատվության ենթարկելը, քրեական գործերի հարուցումը ՀՀ գլխավոր դատախազության իրավասության հարցն է: Դատախազության հարուցած քրեական գործերն էլ, հիշյալ բացահայտումների առնչությամբ, վերաբերում են, սովորաբար, միայն երկրորդական դեմքերին, այլ կերպ ասած՝ իրական մեղավորներն ամեն անգամ կամ հիմնականում ջրից չոր են դուրս գալիս:
Կառավարության այս որոշմամբ, սրանից հետո առանց ավելորդ փնտրտուքի, պարզ է լինելու, թե ովքեր են դառնալու «քավության նոխազները»: Մեր հարցին ի պատասխան` արդյո՞ք ներքին աուդիտի ինստիտուտի կիրառմամբ այսուհետ կնվազեն Վերահսկիչ պալատի կամ Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտած ֆինանսական չարաշահումները, թե՞ սա ընդամենը «քավության նոխազների ինստիտուտի» հիմնադրման փորձ է, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց , թե ներքին աուդիտի ղեկավարն իր համար պետք է այդ հարցերը պարզած լինի, ճիշտ կարողանա վերահսկել կառույցի հոսքերը և դրա համար էլ անհրաժեշտ է նրան բավականաչափ անկախությամբ օժտել:
Հետաքրքիր է, թե այդ ովքեր են դառնալու ներքին աուդիտի ղեկավարներ, որ կարողանան նախարարներին, փոխնախարարներին ասել, թե` «գիտե՞ս ինչ, պետական փողերի հետ գործ չունես»:
Անկախությանը զուգահեռ, պետական կառույցների ներքին աուդիտի մարմինները ենթարկվելու են ֆինանսների նախարարությանը: Ֆիննախը դառնալու է այն մարմինը, որը կոորդինացնելու է սրանց գործունեությունը, հսկելու, թե խաղի կանոններն ինչպես են պահպանվում: Սա ևս բավականին լուրջ հաղթաթուղթ է և, ինչպես տեսնում ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ հզոր հաղթաթուղթը հանձնում է իր յուրային նախարարին (եթե, իհարկե, ներկա վարչապետի թիմը դիմանա մինչև հիշյալ համակարգի ներդնումը): Ներքին աուդիտի համակարգի` իրապես գործելու դեպքում, ֆինանսների նախարարությունը կարող է դառնալ գործադիրի կաբինետի «ամենաուժային» կառույցը: Պատկերացրեք միայն, թե ինչ ուժ կարող է կենտրոնանալ այն մարմնի ձեռքում, որը կդառնա պետական բոլոր կառույցների ֆինանսական հոսքերի իրական տեղաշարժերի վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետողը:
Ավելի պարզ` ներքին աուդիտի տեղային մարմիններից Ֆիննախը կարող է ստանալ ինֆորմացիա այն մասին, թե այդ գերատեսչությունում ով ինչպիսի չարաշահում է թույլ տվել, այսինքն` ֆիննախի ձեռքում կարող են կենտրոնանալ պետական կառույցների բոլոր ղեկավար աշխատողների «դոսյեները», նրանց բոլորի վրա եղած կոմպրոմանտները վերահսկողը կդառնա հենց Ֆիննախը, որն էլ այսուհետ կարող է թելադրել, թե որը որից հետո է լինելու:
Ներքին աուդիտի համակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության հորինածը չէ։ Սա դարձյալ եվրոպական պետություններից փոխառած մի բան է, որը փորձ է արվում ներդնել` ձգտելով ապահովել պետական ապարատի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը: Եվրոպական երկրներում ներքին աուդիտի համակարգը, ըստ երևույթին, գործում է ինչպես հարկն է: Հայաստանում այն կարող է գործել այնպես, ինչպես նկարագրվեց վերևում, սակայն հաստատապես կարելի է ասել, որ դա դարձյալ ոչ մի կերպ չի գործի այդպես, քանի որ սա Հայաստանն է:
Ներքին աուդիտի, այսպես կոչված, անկախ համակարգեր կներդրվեն, սրանք կդառնան ԽԾԲ-ական կանալներով գործի տեղավորվելու հերթական հնարավորությունները, սակայն կարելի է առանց վարանելու ասել, որ նախարարություններում և այլ գերատեսչություններում ֆինանսական հոսքերը կշարունակվեն հոսել այնպես, ինչպես եղել է, և ֆինանսական հոսքերի գլխավոր վերահսկողը ինչպես և եղել էր, այդպես էլ կմնա տվյալ կառույցի թիվ մեկ անձնավորությունը, կամ երկրորդ ու երրորդ տեղերում կանգնածները` կախված այս կամ այն նախարարությունում հաստատված կարգից, և նրանք ազատորեն կգործեն, կախված` թե ինչպիսի հարաբերություններ ունեն իրենցից վերև գտնվողների հետ: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա չի բացառվում, որ իսկապես ներքին աուդիտի ղեկավարներն օգտագործվեն որպես շատ հարմար «քավության նոխազներ», սակայն սա ևս, ինչպես ասում են, կապրենք կտեսնենք:
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Մեր բուհերից շատերը հիշեցնում են շուկա։ Դրանցից ամենամեծն ու ամենախառը Երևանի պետական համալսարանն է։ Ճիշտ է, այստեղ աշխատում են դասախոսներ, ովքեր անձեռնմխելի են և հպարտորեն կարող են կրել իրենց կոչումները, սակայն նրանց կողքին կան դասախոսներ, որոնք չեն էլ մտահոգվում իրենց անվամբ, ու միայն մտածում են, թե ինչպես լցնեն իրենց գրպանները` շատերը գնահատականի վաճառքով, իսկ ոմանք էլ` իբր իրենց գրած գրքերի, ովքեր,սակայն, շատ հաճախ կարելի է արտագրություն, այսինքն` գրագողություն համարել:
Ուսանողը կարող է մի գիրք գնելով, այսինքն` երկու- երեք հազարով ստանալ իր գնահատականը: Երբ մտնում ես քննության, որոշ դասախոսներ անմիջապես հարցնում են, թե գրքավաճառի ցուցակում կա՞ տվյալ ուսանողի անունը, և պատասխանից է կախված ուսանողի դրական կամ բացասական գնահատականը: Այս իրավիճակն է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում, օրինակ` կոնկրետ Պետական համալսարանում, Մանկավարժականի համեմատ գներն ավելի բարձր են, և մեկ գիրքը բավական չէ գնահատական, այն էլ միջին դրական, ստանալու համար:
Սա հարցերից մեկն է. ուսանողները տարին տարվա վրա աճող վարձավճարը հասցնելուց զատ պետք է մտածեն նաև այլ` կողմնակի ծախսերի մասին, որոնք տարեվերջի հաշվարկով, ավելի շատ են կազմում քան վարձավճարն է:
Իսկ համալսարաններում տխուր իրավիճակ է, թե շենքային պայմանների հետ կապված, թե գույքային: Ուսանողը անցնում է տեղեկատվական տեխնոլոգիա առարկան առանց համակարգչի, դասախոսը գրատախտակի վրա նկարում է համակարգչի ստեղնաշարը և փորձում բացատրել դրա վրա, ու այս ամենը բացատրում են համակարգիչների պակասով։ Իսկ ո՞ւր են հոսում ուսանողների մուծած գումարները, երբ նրանց մի չնչին տոկոսն են սովորում անվճար համակարգում։
Աննա Ասատրյան
Ուսանող
Բուհական ընդունելության քննություններից անցել է արդեն երեք ամիս, սակայն Կրթության և գիտության նախարարությունում տեղյակ էլ չեն պետության միջոցներով սովորելու գործուղված հաշմանդամների ճակատագրերից:
Խորհրդային ժամանակներից` հաշմանդամ երեխաներին անվճար կրթությամբ ապահովելու կարգը պահպանվել է առ այսօր: Իր ողջ մարդասիրությամբ հանդերձ սա եղել և մնում է բուհական համակարգի ամենալուրջ սողանցքներից մեկը:
Տարիներ շարունակ չեն դադարում խոսակցությունները, թե ունևոր ընտանիքները հաջողացնում են իրենց երեխաներին հաշմանդամության համապատասխան կարգ «կպցնել» և դրա շնորհիվ ապահովել նրանց բարձրագույն անվճար կրթությունը: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, հանրակրթական դպրոցն ավարտած և ուսումը շարունակել ցանկացող երեխաները պետության ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար նախ դիմում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Գործակալության խնդիրը երեխաների վիճակի քննությունն է և կրթությունը շարունակելու թույլտվություն տալը։ Մասնագետները նախ պարզում են, թե երեխան ինչ հիվանդությամբ է տառապում, այնուհետ ճշտում` համապատասխանու՞մ է, արդյոք, երեխայի ախտորոշումը նրա նախընտրած մասնագիտությանը:
Գործակալության հիմնական ֆունկցիան հենց ուղղորդելն է: Գործակալության պետ Միշա Վանյանն ասում է, թե այս տարի իր դուռը նույնիսկ չեն էլ բացել։ Պետին դիմում են, սովորաբար, «ծանր դեպքերում», երբ հատուկ բացատրության կարիք է առաջանում։ Բաժնի աշխատակիցների մակարդակով բոլոր հարցերը լուծվել են և, ասենք, էպիլեպսիայով տառապող երեխան հասկացել է, որ նպատակահարմար չէ ծրագրավորողի մասնագիտության ընտրությունը, իսկ հոգեկան շեղումներովները` բժշկի, մանկավարժի և այդպես շարունակ:
Գործակալությունում բոլոր հարցերը կարգավորվում են գաղտնիության պայմաններում։ Հենց սա էլ բոլոր խոսակցությունների հիմքն է: Երեխաների անունները գաղտնի են պահվում բժշկական էթիկայի կանոններից ելնելով։ Թույլատրելին միայն երեխաների հասցեների, ախտորոշումների ու դիմած բուհերի դիտարկումն է: Սա բավականին հարմար պատրվակ է օգնության կարիք ունեցող երեխաների ցուցակ ցանկալի անուններ մտցնելու համար: Սակայն, հաշվի առնելով նույն այդ գաղտնիությունը և բժշկական էթիկային գումարելով նաև լրագրողական էթիկան, չենք կարող չստուգված տեղեկություն հրապարակել և նշել, թե ցուցակում ընդգրկված երեխաներից կոնկրետ ովքեր են իրական դիմումատուները, ովքեր` «բլադնոները»։
Հետաքրքիր է, բայց փաստ` այս տարի հիշյալ գործակալություն դիմածների թիվը պակասել է։ 2008թ. Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ծառայությունից օգտվել է 116 երեխա, 2009թ.՝ 125, իսկ ահա 2010թ.` ընդամենը 68: Միշա Վանյանն ասում է, թե «երևի հասկացել են, որ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ստանալ, ավելի լավ է կոնկրետ այնպիսի մասնագիտություն ստանալ, որով հնարավոր կլինի հետագայում աշխատել»: Եթե մի փոքր լավատես լինենք՝ կարող ենք ասել, որ հաշմանդամների թիվն է պակասել. Իսկ իրատես լինելու դեպքում` կտեսնեք այն անվստահությունը, որ մարդիկ տածում են վերոհիշյալ կառույցի նկատմամբ, որտեղ, նրանց կարծիքով, հնարավոր չէ առանց մաղարիչի անգամ անվճար ուսում ստանալու հույս ունենալ։
68 հաշմանդամ երեխաներից 23-ը Երևանից են, 45-ը` մարզերից, ընդ որում, մարզերի դիմորդների մեջ միայն մեկ-երկուսն է, որ ցանկություն է հայտնել ուսումը շարունակել հենց տեղի բուհում, օրինակ՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտում: Հիշյալ գործակալություն դիմածների ցուցակները, որքան էլ գաղտնի, ժլատ տվյալներով, այնուամենայնիվ, երբեմն խոսուն են լինում։ Տարբեր տարիների այստեղ հատկապես աչքի էին ընկնում, այսպես ասած, «գոլդ հասցեները»։ Այս տարի դրանք այդքան էլ առատ չէին։ Այս գործակալության «հաճախորդները» ցրված էին մայրաքաղաքով մեկ։ Այստեղ կարելի էր հանիպել թե´ Նորքի 9-րդ զանգվածում ապրողի, թե´ Գյուլբենկյան փողոցի, թե´ Պռոշյան փողոցի բնակչի: Սակայն մի բան դիմորդների մոտ մնացել էր անփոփոխ. հաշմանդամ, թե ոչ հաշմանդամ, մեր երեխաները ձգտում են սովորել միայն լավագույն բուհերի (իհարկե, Հայաստանի բուհական համակարգի որակը հաշվի առնելով լավագույն ասվածին խիստ հարաբերական է պետք մոտենալ) «գոլդ» ֆակուլտետներում:
Այս տարվա ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունը տնտեսագիտությունն է։ Հայտերի առյուծի բաժինը` 20 հայտ, ընդ որում, դիմումները եղել են թե´ ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետին հասցեագրված, թե´ զուտ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանին, թե´ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետին: Մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է նաև բժշկությունը։ Ամենաբարձր վարձավճարներով աչքի ընկնող Բժշկական համալսարանում անվճար կրթություն ստանալ ցանկացողների թիվը 6-ն է, ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետ և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդներն ընդհանուր հաշվով նույնպես 6-ն էին, 5 հոգի դիմել էին Գեղարվեստի ակադեմիա, 5 հոգի՝ Ճարտարագիտական համալսարանի տարբեր ֆակուլտետներ` նախընտրելով ծրագրավորողի մասնագիտությունը: Ֆակուլտետների հասցեների մեջ ուշագրավ էր նաև այն, որ այս տարի պակասել է իրավաբանական ֆակուլտետ ընդունվել ցանկացողների թիվը։ Միշա Վանյանը սա ևս վերագրում է դիմորդների՝ ավելի սթափ դատելուն։ Նրա ասելով՝ արդեն հասկանում են, որ հիշյալ մասնագիտության մեջ առաջ գնալու այդքան էլ մեծ շանսեր չեն ունենա, այնպես որ, այդքան էլ կարիք չկա գայթակղվել:
Ուղղորդողի, քննողի, թույլտվություն տվողի, «սողանցք ապահովողի կամ չապահողովի» բոլոր ֆունկցիաներով հանդերձ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործը սպառվում է դիմորդին թույլտվություն տալով։ Ստանալով հիշյալ գործակալության ուղեգիրը՝ դիմորդների հետագան կախված է արդեն բուհական ընդունելության քննություններին ցուցաբերած արդյունքներից։ Բավարար գնահատականն այն պայմանն է, որով հաշմանդամ երեխան կարող է օգտվել հիշյալ գործակալության ընձեռած հնարավորությունից: Երբ Միշա Վանյանը Կրթության և գիտության նախարարությունից փորձեց ճշտել, թե այս տարի իրենց դիմածներից քանիսն են ընդունվել, պարզվեց, որ նախարարությունում ոչ մեկը չի էլ զբաղվել այդ խնդրով: Ստացվում է` պետությունը գաղտնի պահվող ցուցակների երեխաներին տալիս է ամենաթանկարժեք ֆակուլտետներում անվճար սովորելու թույլտվություն և այլևս չի էլ հետաքրքրվում, թե ինչ եղան այդ երեխաները, օգտվեցին իրենց ընձեռած հնարավորությունից, չօգտվեցին, ովքեր են վայելում այդ հնարավորությունը, իսկապես թույլտվություն ստացածները հաշմանդամներ են, թե, պարզապես, սա էլ այն հերթական ոլորտն է, որտեղ հարցերը ԿԳ-ից վերև են լուծվում։
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Սարքն աշխատում է ի դժբախտություն առողջապահական համակարգի, ոլորտը ղեկավարվում է զուտ բիզնեսի տեսանկյունից. ուշադրության կենտրոնում են գտնվում միայն այն հաստատությունները, որոնց տերերը մոտ են իշխանական կլանին, իսկ մյուս հիմնարկները կա´մ անտերության են մատնված, կա´մ ղեկավարվում են իրենց բաժին հասած տերերի հայեցողությամբ, իսկ որ այս համակարգում իսկապես բժշկի կոչմանը հավատարիմ մնացածները եզակիներ են, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Այդպես, շատ հաստատություններ, շատ ու շատ ծառայություններ թողնվում են լուսանցքում:
Մի պարզ օրինակ:
Գոյություն ունի կրունկի ոսկորի հավելաճի մի հիվանդություն, որն ուղեկցվում է կրունկի սուր ցավերով։ Այն կարող է հանգեցնել մարդու շարժունակության կորստի: Հիվանդությունը բժշկության մեջ անվանում են «шпор», հայերեն դրա համարժեքը «խութն» է: Սրա բուժման մի քանի մեթոդներ կան, որոնք կիրառելի են հիվանդության զարգացման տարբեր փուլերում: Դրանք են` հատուկ քսուքներով մերսումները, տոկերը, լազերային բուժումը, սրսկումը անմիջապես կրունկին և Ճառագայթային բուժումը։
Առաջին երեք ձևերն այդքան էլ արդյունավետ չեն և էական օգուտ չեն տալիս: Լավագույն դեպքում դրանք կարճ ժամանակով ցավերը մեղմացնում են` ոչ ավելին: Չորրորդ ձևը` սրսկումը, նկատելի արդյունք է տալիս: Սրսկումից հետո ամբողջովին դադարում են ցավերը, սակայն սա ևս ժամանակավոր երևույթ է, ազդում է ընդամենը 5-6 ամիս, որից հետո նորից անհրաժեշտություն է առաջանում սրսկվելու: Սրսկման մեկ ասեղն արժե 5000 դրամ, և դրան զուգահեռ հարկ է օգտագործել նաև 4000 և 2000 դրամ արժեցող հաբեր (դեղորայքի գների թանկացումները հնարավոր է սրանց վրա էլ ազդած լինեն):
Հինգերորդ ձևը ճառագայթային բուժումն է, որն իրականացվում է Քանաքեռի ռենտգեն ինստիտուտի ճառագայթային բաժանմունքում: Այն իր մեջ ներառում է հատուկ ճառագայթային սարքի միջոցով երկու-երեք օրը մեկ անգամ մեկ րոպե տևողությամբ կրունկին ուղղված ճառագայթի ընդունում: Հիվանդը 5 անգամ ընդունում է այդ ճառագայթները: Յուրաքանչյուր ճառագայթի ընդունումն արժե 7000 դրամ: Ամբողջ կուրսի արժեքը 35000 դրամ է:
Ճառագայթների ամբողջական կուրսի ընդունումից ամենաշատը մեկ ու կես ամիս անց հիվանդի ցավերն իսպառ վերանում են: Ցավերը հնարավոր է, որ նորից ի հայտ գան մի 4 տարի հետո, ու անհրաժեշտ լինի ճառագայթային հերթական կուրսն ընդունել:
Այսինքն` միանշանակ կարելի է ասել, որ հանրապետությունում այդ հիվանդությամբ տառապողների համար ճառագայթային բուժում ապահովող այս սարքը պարզապես փրկություն է: Սակայն արդեն երկու տարի է, որ Ռենտգեն ինստիտուտում այդ սարքը չի աշխատում և դա այն դեպքում, երբ սա միակն է հանրապետությունում: Այն բավականին թանկարժեք է, այսինքն` նման սարքավորում կարելի է ձեռքբերել միայն պետական հովանավորությամբ: Հիվանդները պատմում էին, որ տարիներ շարունակ սարքը գործել է գրեթե անսարք վիճակում։ Քաղցկեղով հիվանդներին ստիպել են ճառագայթներ ընդունել ոչ լիարժեք գործող սարքով։ Եթե հիվանդին անհրաժեշտ է եղել ընդամենը հինգ րոպեանոց ճառագայթային դոզա ստանալ, սարքի անսարքության հետևանքով նրան ստիպել են ամենաանհարմար դիրքում ցավերը մի կերպ զսպելով մնալ ավելի քան մեկ ժամ` ապահովելու համար ճառագայթի անհրաժեշտ չափաբաժինը:
Լուսինե Կեսոյան
Հ.Գ. Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ վերը նշված սարքի վիճակի մասին։ Այսօր Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այն գտնվում է սարքին վիճակում։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքն այն վայրն է, ուր երկրի բարձրագույն ղեկավարությունը տարվա մեջ գոնե մի քանի անգամ այցելում է:
Եվ արդեն տևական ժամանակ է, որ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը շրջապատված է այլանդակությամբ: Քաղաքական,կամ ինչպես ներկայացվում է, ընդամենը մի քանի կոպեկ ավելի աշխատելու դրդապատճառներով Ազատության հրապարակը լցվեց տարաբնույթ ու խայտաբղետ ատրակցիոններով, որոնց գույներն ու ձևերը օպերայի սև շենքի հետ խայտառակ հակադրություն են կազմում: Դա դեռ քիչ էր, մյուս կողմից էլ՝ թամանյանական գլուխգործոցի տանիքին արդեն որերորդ տարին սպառնալից տնկվել են «ԱրմենՏելի», «Վիվա Սելի» և «Օրանժի» ալեհավաքները:
Ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նման փորձության է ենթարկվել: Ի՞նչն է ստիպել օպերային թատրոնի ղեկավարությանը գնալ նման քայլի, համաձայնվել տեղադրել նման ալեհավաքներ, հատկապես որ, դա, ինչպես որոշ մասնագետներ են ասում, նաև որոշակի վտանգ է պարունակում այնտեղ գտնվող մարդկանց առողջության համար (առողջության համար վտանգավորության փաստարկն, իհարկե, ամենավերջին տեղում է, քանի որ արդեն վաղուց ի վեր Հայաստանում մարդու առողջության մասին ոչ ոք չի մտահոգվում):
Պարզվում է, որ Հայաստանի մայրաքաղաքի սիրտը կարելի է այլանդակել` վճարելով ընդամենը 500 հազար դրամ։ Հենց այդքան են վճարում բջջային կապի օպերատորները` օպերայի տանիքին ալեհավաք տեղադրելու համար:
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պատմեց, թե տարիներ առաջ իրենց դիմել է «ԱրմենՏել» ընկերությունը, համոզել, բերել այն փաստարկը, թե կենտրոնում բջջային կապը նորմալ չի ապահովվում, թե հարկավոր է ալեհավաքը տեղադրել համապատասխան բարձրություն ունեցող շենքի վրա և որ այդ շենքը հենց 47 մետր բարձրություն ունեցող Օպերային թատրոնինն է, և օպերայի ղեկավարությունն էլ, հաշվի առնելով կենտրոնում բջջային կապից օգտվողների շահերը, բացի դրանից, նաև անհարմարություն զգալով անձամբ, քանի որ անգամ շենքի ներսում իբր կապը նորմալ չէր ապահովվում, տրվել է շենքի տանիքին ալեհավաք տեղադրելու թույլտվություն:
Անցնում են տարիներ, բջջային կապի մենաշնորհն ավարտվում է, Հայաստանում հայտնվում է «Վիվա Սել» ընկերությունը և Կամո Հովհաննիսյանը համաձայնվում է ևս 500 հազար դրամ ստանալ ամսական` «էն մեկին որ տվել ես, ո՞նց կլինի մյուսին չտաս»-ի սկզբունքը հաշվի առնելով: Այդպես, օպերային թատրոնի ղեկավարության` ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու, հավասարության սկզբունքը հարգելու սկզբունքով, օպերային թատրոնի շենքի տանիքը, որոշ ժամանակ անց համալրվում է «Օրանժ» ընկերության ալեհավաքներով: Հիմա արդեն օպերային շենքին նայողը հասկանում է, որ այն դարձել է ծաղր` ուղղված թե´ Թամանյանին, թե´ ընդհանրապես ճարտարապետական բոլոր նորմերին և գեղագիտությանն առհասարակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.