23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ես 30 տարի ոստիկան եմ եղել, հիմա ուզում եմ լինել լավ փրկարար»,- երեկ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ի պատասխան հարցի, թե իրակա՞ն են արդյոք խոսակցությունները, թե շուտով ԱԻ նախարարի աթոռը թափուր է մնալու, քանի որ Երիցյանին պատրաստվում են նշանակել ՀՀ ոստիկանապետ:
Լավ փրկարար դառնալ ցանկացող Արմեն Երիցյանը արդեն երեք եռամսյակ ջանում է հասնել իր ցանկությանը: Երիցյանն իր պաշտոնավարումը նշանավորեց նախարարությանն առանձին շենք ստեղծելով. ԱԻ նախարարության հաշվեցուցակի մեջ մտնող Սեյսմիկ ծառայության` Դավիթաշենում գտնվող շենքը իր տարածքով որոշվեց վերածել նախարարության: «Սա դառնալու է քաղաք` քաղաքի մեջ»,- Փրկարարի օրը հայտարարեց նախարարը: Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընդառաջ գնաց Երիցյանի ցանկություններին. եթե ոչ յուրաքանչյուր կառավարության նիստի ժամանակ, ապա գոնե նիստը մեկ` միլիոններ էին տրամադրվում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` հիմնականում շենքի շինարարության հարցերը լուծելու համար: Եվ մինչ Երիցյանը զբաղվում է շենք-քաղաք-նախարարություն կառուցելով, Հայաստանում արտակարգ իրավիճակները անպակաս են: Որոշ իրավիճակների նախարարը կարողանում է ժամանակին դիմագրավել, բայց դրանց կողքին կան նաև այնպիսիք, որոնց մասին, պարզվում է, նախարարն անգամ գլխի չի ընկել:
Մկները արտակարգ չեն, մկները սովորական են
Հայաստանում այսօր մկների աննախադեպ համաճարակ է մոլեգնում: Մկները գրոհել են դաշտերն ու այգիները: Քիչ էր, որ գյուղատնտեսությունը 30-40 տոկոս անկում էր արձանագրել այս տարի, ինչը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը փորձում է բացատրել ոչ թե ապաշնորհ կառավարմամբ, այլ մեղքը գցում է եղանակային պայմանների վրա, հիմա էլ մկներն են դարձել կատարյալ փորձանք: Հարյուրավոր հեկտարներ պարզապես ոչնչացված են, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների ոչնչացումը, եթե ինչ-որ տեղ ծանոթ էր և բացատրելի, ապա այս տարվա մկները մի յուրահատկություն են ձեռք բերել` նրանք արդեն ոչնչացնում են այգիները. սկսում են ծառերի բներից և բարձրանում վեր. Արմավիրի, Արարատի մարզերի ամբողջական գյուղեր կանգնել են կործանման եզրին: Արդյո՞ք սա արտակարգ իրավիճակ չէ՞, թե՞ արտակարգ իրավիճակը անպայմանորեն պետք է մարդկային կորուստներով ուղեկցվի, որ նման բնորոշում ստանա: Թվում էր, թե լավ փրկարար լինել ցանկացող Արմեն Երիցյանը արդեն իսկ պետք է մտահոգ լիներ այս խնդրով, հատկապես` հաշվի առնելով այն, որ թե´ ԱԻ, թե´ գյուղնախարարությունները ղեկավարվում են ՕԵԿ քվոտայով: Սակայն պարզվում է` Արմեն Երիցյանին գյուղնախարարությունից ո´չ դիմել էին այս հարցով, ո´չ էլ բազմազբաղ նախարարն էր ժամանակ ունեցել մտածել մկների մասին:
«Կարծում եմ` գյուղնախարարությունն իրավասու է և կարող է զբաղվել այդ հարցերով, եթե ոչ, մենք կարող ենք օգնել, կապ չունի, թե դա որ կուսակցության քվոտան է, բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ես աշխատում եմ, եթե իրենք դիմեն, մենք անպայման կօգնենք: Ես խոստանում եմ, նախարարի հետ անպայման կխոսեմ, եթե կարիք լինի, անպայման կզբաղվենք»:
Ո՞վ է մեղավոր, որ հարյուրավոր հեկտարները ոչնչացվում են, գյուղացիներն անօգնական են, չգիտեն ինչ անեն (վիճակն իսկապես այնպիսին է, որ միայն պետական միջամտությամբ է հնարավոր մկների արշավի դեմն առնել), իսկ Արտակարգ իրավիճակների նախարարը չգիտի էլ, որ նման արտակարգ իրավիճակ է առաջացել. մեղավորը Գերասիմ Ալավերդյանն է, թե՞ ԱԻ աշխատակազմը, որ սպասում են դիմումների, որպեսզի գրանցեն այս կամ այն երևույթը որպես արտակարգ իրավիճակ:
Երբ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ակտիվ պատգամավորիներից մեկին դիմեցի` ասելով, թե ինչու՞ չեք բարձրացնում մկների հարցը, չգիտե՞ք` ի՞նչ է կատարվում մարզերում, վերջինս հաստատեց, որ իսկապես վիճակը լուրջ է, իսկ հետո կատակի տալով ասաց` ես ի՞նչ զբաղվեմ, թող շեֆը զբաղվի էդ հարցով` ցույց տալով ԱԺ նախագահին: Գուցե Գերասիմ Ալավերդյանի՞ն էլ է այդ նրբագույն պահը հետ պահում` անխնա պայքար հայտարարելու գյուղատնտեսության անկումը 100 տոկոս դարձնել սպառնացող մկներին:
Ձեռքներն էին համբուրում
Վերջերս մեծ հրդեհ էր բռնկվել նաև Մատենադարանի շրջակայքում. հարակից սեփական տները բռնկվել էին կրակով, ամեն ինչ կատարվել էր գիշերով և բավական մեծ տարածք կրակի ճարակ էր դարձել: Անգամ խոսակցություններ գնացին, թե այդ ամենը կազմակերպված է եղել, քաղաքապետ Բեգլարյանին էին մատնացույց անում: Տարածքը ավելի քան լավն էր, քաղաքի կենտրոն, այդ տեղում նոր շինարարություն էր նախատեսվում, այնպես որ ամեն ինչ տրամաբանության մեջ էր և նման սցենարը բացառել չէր կարելի: Արդյո՞ք սա դիտավորություն էր, թե՞ դժբախտ պատահար, ի՞նչ է մտածում այդ մասին ոստիկան-փրկարար Արտակարգ իրավիճակների նախարարը:
«Ես եղել եմ դեպքի վայրում, տեսչությունն է եղել այնտեղ, մի տարեց կին գազը օգտագործելու ժամանակ կրակը շատ բարձր էր արել, չէր կարողացել անջատել: Ոստիկանները բացատրություն են վերցրել, ինքը հասցրել է իր թոռնիկին վերցնել և փախնել: Եվ այդտեղից էլ ամբողջ հրդեհը բռնկվել է, ոստիկանները ցուցմունք են վերցրել և թերթերը որ գրել էին, թե հատուկ մենք ուշ ենք գնացել, նման բան չի եղել, մենք գնացել ենք կոնկրետ ժամին»,- հրդեհի վայրի օպերատիվ իրավիճակը նկարագրեց նախարարը, իսկ նրա լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ավելացրեց. «Մեր ձեռքներն էին համբուրում, որովհետև էդ մասշտաբի, էդ մակարդակի հրդեհ և ոչ մի զոհ, նման բան դեռ չէր եղել»:
Հո հայտարարելով ու պլատֆորմ գրելով չի՞
Երեկ դեկտեմբերի 7-ն էր, սակայն հենց երեկ էլ հիշելով աղետը, մեկ անգամ ևս փաստվեց, որ այսօր իրականացվող շինարարությունը հեռու է սեյսմակայուն լինելուց: Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը երեկ հայտարարել էր.
«Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Նաֆ-Նաֆի տնակն է հիշեցնում: Եթե արտակարգ իրավիճակների նախարարության շենքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղետի դեպքում կազմակերպական աշխատանքները»:
Արմեն Երիցյանը իր հերթին հայտարարեց, թե հեչ էլ Նաֆի-Նաֆի տնակ չի, լավ էլ շենք են կառուցել:
Նման «լավ շենքեր» կառուցել էին նաև Գյումրիում, այն էլ մի ամբողջ թաղամաս, սակայն Մուշ-2 թաղամասը շինարարության հանձնումից մեկ ամիս անց ապացուցեց, որ բոլոր չափանիշներն ունի` մտնելու Գինեսի ռեկորդների գիրք. շենքերի առանձին բնակարաններ սկսեցին փլվել տառացիորեն մեկ ամիս հետո: Սա արտակարգ իրավիճա՞կ է, թե՞ ոչ: ԱԻ նախարարությունը միայն պետք է սպասի՞ երկրաշարժերի կամ նման փլուզումների, մարդիկ զոհվեն, որպեսզի նոր գնա և զբաղվի հարցերո՞վ: Ի՞նչ է մտածում նախարարը համատարած անորակ շինարարության վերաբերյալ:
«Լինսի հիմնադրամով կառուցված շենքերը բոլորը համապատասխանում են այդ նորմերին» — ասաց նա:
Էլիտար առանձին շենքերը ևս համապատասխանում են նորմերին, այն շենքերը, որոնք կառուցում են լուրջ մասնագետները, կառուցվում են բարձր որակով: Սակայն դրանց կողքին կան բազում այլ շենքեր, և դրանք որքան հեռանում են մայրաքաղաքից, այնքան ավելի անհուսալի վիճակում են հայտնվում, որոնք շատ քիչ են տարբերվում «Գլենդել-Հիլզ» ընկերության կառուցած և շահագործած Մուշ-2 թաղամասից:
«Մենք էդ շինարարության հետ ընդհանրապես կապ չունենք, իմ գործընկերներին կհանձնարարեմ, կնայեն, կտեսնենք: Հենց դրա համար էլ մենք կունենանք շուտով աղետի ռիսկերի նվազեցման պլատֆորմը, որտեղ կոնկրետ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության առջև դրված են խնդիրներ, յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրները կկատարի և մենք որպես համակարգող կհամակարգենք»:
Պլատֆորմերի և միջգերատեսչական հանձնաժողովների արձանագրային որոշումների սիրահարը Արմեն Երիցյանի կուսակցական շեֆն է` Արթուր Բաղդասարյանը: Երիցյան-նախարարը պատրաստվում է արձանագրային որոշումներով բավարարվե՞լ` ղեկավարի օրինակով, թե՞ (հաշվի առնելով այն, որ Արմեն Երիցյանը կանգնած է եղել «Օրինաց երկիր» կուսակցության ակունքներում, քանի որ նրան էր հանձնարարվել այս կուսակցության կուրացիան, չի բացառվում, որ ոչ թե Արմեն Երիցյանն է սովորել Արթուր Բաղդասարյանից, այլ հակառակը), ի վերջո, նախարարը կարող է նաև ձեռքը խփել սեղանին և թույլ չտալ, որ իր փրկարարները այդքան շատ ստիպված լինեն փրկել:
«Ես էնքան եմ իմ ձեռքը խփում… Ես կրակն եմ ընկնում իմ ձեռքը խփելով, թողեք իմ խփածների տակից դուրս գամ, թշնամիներս էնքան շատացել են… Ես պատրաստ եմ, իմ գործընկերների հետ գնալու ենք առաջ, եթե զգամ, որ չեմ կարողանում, ես ունեմ էդ տղամարդկությունը, որ թողնեմ դուրս գամ»,-պահի տակ անկեղծացավ նախարարը:
Դե, եթե լավ ոստիկան Արմեն Երիցյանը, լավ է աշխատում, եթե իսկապես այդքան ցանկանում է լավ փրկարար դառնալ դուրս գալ պետք չի երկրին «փրկարարներ» են պետք…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Գեներալ Մանվելի ընտանիքի շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է։ Գրիգորյանները կրկին հաշվեհարդար են տեսել ՀՀ մեկ այլ քաղաքացու նկատմամբ: Այս անգամ «հերոսությամբ» աչքի ընկնողը գեներալի որդին` Կարեն Գրիգորյանն է, ում գեներալը ժամանակին դարձրեց Էջմիածնի քաղաքապետ:
Փառապանծ քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկել մի քաղաքացու, ում անունը մենք դեռևս չկարողացանք պարզել: Ողջ օրը փորձեցինք այդ մասին տեղեկություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն պետը զարմանալիորեն տեղում չհայտնվեց։ Նրան չգտան աշխատակիցները, ովքեր խուսափողական պատասխաններ էին տալիս և խնդրում պարզաբանումը ստանալ միայն պետից` չցանկանալով ընկնել անձեռնմխելի գեներալի որդուն վերաբերող վտանգավոր ինֆորմացիա հայտնելու պատասխանատվության տակ:
Երբ ժամը 19-ից հետո մեզ վերջապես հաջողվեց խոսել վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, վերջինս խնդրեց մի փոքր սպասել, մինչև ինքը ճշտումներ կատարարի և անձամբ կկապվի մեզ: Ոստիկանության պաշտոնական պատասխանը հայտնեց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` ասելով, թե «նոր նայեցինք ամփոփագրերը, նման հաղոդում չկա»: Ոստիկանության կայքի ամփոփագրում (սվոդկաներում) օրվա ընթացքում նման ինֆորմացիա իսկապես չկար, այլ հարց է, թե իրական «ամփոփագրերում» ի՞նչ է եղել և ի՞նչն էր փորձում թաքցնել ոստիկանությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, որ ստիպված ենք հրապարակել, քանի որ պաշտոնականը չլրացրեց մերը` չնայած դաժան ծեծին` այս քաղաքացու բախտը բերել է և նա «Ճուտ Գևորի» վախճանին չի արժանացել:
Հայտնի է, որ գեներալ Մանվելն արդեն բավականին ժամանակ է՝ լրջորեն նախապատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններին`նպատակ ունենալով իր աչքից ընկած եղբորորդու` Հրանտ Գրիգորյանի փոխարեն այս անգամ Ազգային ժողով ուղարկել սիրելի կնոջը` Նազիկ Գրիգորյանին: Դատելով վերջին շրջանում գեներալի ընտանիքի անդամների պահվածքից, այդ ընտանիքում շատ հետաքրքիր ձևով են որոշել նախապատրաստվել ընտրություններին։ Նազիկ Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունում ինքնասպանության է հասցնում իր հաշվապահին` Ճուտ Գևորը այդպես էլ չդիմացավ գեներալի կնոջ բարոյական, թե ֆիզիկական ճնշմանը (սա ևս ոստիկանությունը դեռևս չի պարզել), իսկ այդ ընթացքում Կարեն Գրիգորյանը դաժանաբար ծեծում է մեկ ուրիշին: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, ոստիկանությունը դարձյալ ոչինչ չի իմանում դրա մասին:
Եվ այսքանից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ցանկանում է, որ Հայաստանի քաղաքացիներն անվերապահորեն վստահեն ոստիկաններին և, ի վերջո, ոստիկանության հեղինակությունը մեր երկրում բարձրանա:
Ինչ վերաբերում է գեներալի որդու կատարած հանցագործությանը, ապա կարելի է չկասկածել, որ ոստիկանությունն այդպես էլ որևէ տեղեկություն չի ունենա դրա մասին, որևէ քրեական գործ չի հարուցվի Կարեն Գրիգորյանի նկատմամբ ճիշտ այնպես, ինչպես վստահաբար կարելի է ասել, որ պատասխանատվությունից դուրս կմնա Նազիկ Գրիգորյանը։ Իսկ գեներալ Մանվելը կշարունակի ստրկության մատնել ողջ Էջմիածինը ու նրա շրջակայքը և որևէ մեկը չի համարձակվի դեմ կանգնել Հայաստանի ամենահզոր ֆեոդալներից մեկին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Պարզվում է, մինչև հիմա ոստիկանությունը հենց այնպես, այսպես ասած, իր քեֆին, առանց օրենքի, կարգի, այս ու այն կողմ պետհամարանիշեր է բաժանել։ Ու միայն հիմա է ոստիկանության պետի մտքով անցել, որ դաշտը կարելի է կանոնակարգել օրենքով:
«Փոփոխություն կատարելով իր՝ 2006թ. նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ, ՀՀ ԱԺ պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական և մի շարք այլ մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի սահմանման իրավունքը վերապահվել է ՀՀ ոստիկանության պետին»:
Երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործադիրի նիստում մոտեցավ ամբիոնին և այս հարցի մասին զեկուցեց, անգամ վարչապետը չկարողացավ իր զարմանքը զսպել և վրա բերեց ցածր ձայնով. «Բա մինչև հիմա դուք չէի՞ք տալիս, ո՞վ էր տալիս»: Ոստիկանապետը պատասխանեց, թե` ճիշտ է, իրենք էին տալիս, սակայն դա օրենքով կանոնակարգված չէր, հիմա ուզում են այդ բացը շտկել:
Երբ մենք էլ մեր հերթին զարմացանք, թե այդ ինչպե՞ս էր մինչև հիմա նման վրիպում թույլ տրվել, ոստիկանապետն անկեղծորեն պատասխանեց. «Դե, հա օրենքով նշված չէր, ուղղակի տալիս էինք, հենց ընենց, ընգերական տվել ենք, հիմա ասեցինք՝ օրենքով մտցնենք, որ դատական դեպարտամենտի, անվտանգության խորհրդի, մյուսների համար ես որոշեմ, թե ինչ տառ եմ տալիս»:
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նախորդ քառօրյային կառավարության առջև Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգու հարցը բարձրացնելուց հետո շարունակում է պայքարը` ընդդեմ այգու հարևանությամբ նախատեսվող կառուցապատման:
Փոստանջյանը հայտարարել էր, որ գնալու է մինչև վերջ և դեռևս խոսքի տերն է:
Այսօր այգու փրկության համար պայքարողներն այգու տարածքում հատված ծառերի արմատներն ու փորված մեծ փոսերը լցրել են հողով, իսկ վաղը այստեղ լայնամասշտաբ ծառատունկ է նախատեսվում։ Բնապահպանության նախարարությունը 100 ծառ է տրամադրել այդ նպատակով:
Երևանի քաղաքապետարանն այսօր հատուկ պարզաբանում է տվել առ այն, թե հիշյալ կառուցապատումը միանգամայն արդարացված է, թե դա բոլորովին էլ «Վիշապի կոթողների» տարածքում չէ, այլ դրա հարևանությամբ և բխում է մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու քաղաքապետարանի ծրագրերից:
Զարուհի Փոստանջյանը կշարունակի պայքարել նաև ի հեճուկս քաղաքապետարանի պարզաբանումների, քանի որ այս պայքարը Փոստանջյանին անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական դիվիդենտներ շահելու, այլև մեր ունեցած տեղեկությամբ՝ հանուն ազգակցական կապերի:
Բանն այն է, որ Փոստանջյանի ազգականը նույն տարածքում շինություն ունի, իհարկե, հայտնի չէ` դա ևս սկզբում ապօրինի՞ հիմունքներով է կառուցվել: Փոստանջյանի ազգականը այդ տարածքում նախկինում լիմոնադի ցեխ է աշխատեցրել, իսկ հետո որոշել է այլևս տնտեսական գործունեությամբ չզբաղվել և տարածքը վարձով է տվել այլ տնտեսվարողների: Եվ հիմա կառուցվելիք 18 հարկանի շինությունը սպառնում է խանգարել Փոստանջյանի ազգականի օբյեկտի լուսավորությանը:
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Անցած շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական «գերազանցության կենտրոնի» հիմքը դրեց: ՀՀ կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր Ուռուցքաբանության «գերազանցության հայկական կենտրոնի» պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից մենք փորձեցինք պարզել , թե որքանով է իրատեսական նման «գերազանցության կենտրոնը», ինչպես նաև նախարարից անձամբ լսել, թե այդ ինչպես է ստացվում, որ Հայաստանը ուռուցքաբանության ասպարեզում պատրաստվում է տարածաշրջանային գերազանցության կենտրոն դառնալ, մինչդեռ Ուռուցքաբանության ինստիտուտում միակ սարքը, որ հիվանդներին ճառագայթային բուժում է ապահովում, այս էլ որերորդ ամիսն է` չի աշխատում։
— Պարո´ն նախարար, որքանո՞վ է այս ծրագիրն իրատեսական, մենք ունե՞նք, արդյոք, բավականաչափ պոտենցիալ` «գերազանցության» կենտրոն դառնալու այդ ասպարեզում:
— Գերազանցությունը ո՞րն է` «сиятельство»:
— Դե, դա վարչապետի սիրած տերմինն է: ՀՀ կառավարության 2008 — 2012թթ. ծրագրի մեջ խնդիր է դրված Հայաստանը ևս դարձնել տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» և հիմա էլ, փաստորեն, հերթական «գերազանցության կենտրոնի» հետ ենք գործ ունենալու` ստեղծվելու է ուռուցքաբանության գերազանցության կենտրոն: Որքանով եք դուք` որպես առողջապահության նախարար, հնարավոր համարում, հատկապես օբյեկտիվ այն իրավիճակում, որ Ուռուցքաբանության ինստիտուտում եզակի սարքը, որով հիվանդները ճառագայթային բուժում են ստանում, չի գործում: Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հաղորդեցին, թե սարքը աշխատում է, սակայն հիվանդները շարունակում են պնդել, որ նախարարությունը ստում է, ինստիտուտի ղեկավարությունն էլ հետը:
— Մենք ստեղծում ենք միջուկային բժշկության կենտրոն: Իհարկե «գերազանցություն» խոսքն ավելի ոգևորող, ավելի առաջ նայող խոսք ա, մենք մտածում ենք, որ եթե ինչ պլանավորել ենք, իրականացնենք, դա կդառնա տարածաշրջանում միջուկային բժշկության բավականին լուրջ կենտրոն: Առաջին փուլով ստեղծվում է ռադիոիզոտոպ արտադրող լաբորատորիա, որտեղ որ դրվում է ցիկլոտրոնը, որը արտադրելու է համապատասխան իզոտոպներ, որով և բուժում են, և ախտորոշում են քաղցկեղը: Երկրորդ փուլում, որը գուցե զուգահեռ գնա, դիագնոստիկ կենտրոնի ստեղծումն է, որով հատուկ սարքավորումներով կորոշվեն, թե որտեղ է գտնվում ուռուցքը բջջային մակարդակում: Եվ երրորդ փուլով կստեղծվի արդեն կլինիկան, որտեղ կկատարվեն բուժում, վիրահատություններ, քիմիոթերապևտիկ և ճառագայթային բուժում:
— Դա ժամկետային առումով ե՞րբ կկարողանանք տեսնել, տեսանելի ապագայու՞մ, թե՞ դեռ երկար ենք սպասելու:
— Մինիմալ ժամկետները, եթե ամեն ինչ բարեհաջող գնա, ֆինանսական հատկացումներն էլ ժամանակին կատարվեն…
— Դե, վարկի համաձայնությունը ևս ձեռքբերվեց:
— Այո´, վարկի հարցը լուծված է արդեն, ինձ թվում է` առաջին փուլը կտևի 2-3 տարի և դա նորմալ ժամկետ է: Բոլոր առաջատար երկրներում էլ, երբ որ ստեղծվում են նման լրջագույն կենտրոններ, դրանք ժամկետային առումով չեն լինում 1-2 տարվա ընթացքում, դա ծրագրված փուլային նախագծեր են լինում:
— Իսկ իմ ասած այդ սարքը, պարոն Քուշկյան, հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ կարգավորել, ինչի՞ է այդքան հակասական տեղեկատվությունը, նախարարությունն ասում է, թե սարքն աշխատում է, մինչդեռ հիվանդները պնդում են, թե՝ ոչ:
— Ես նման ինֆորմացիա չունեմ, թե չի աշխատում, էսօր կճշտեմ: Մեկ-մեկ ժամանակավոր ընդհատում է լինում` կապված ռադիոիզոտոպների հետ, այնտեղ հատուկ ստանում են ռադիոիզոտոպներ, լիցքավորում են սարքը, որի շնորհիվ աշխատում է: Եթե նման բան կա, կճշտեմ:
— Իսկ հնարավոր չէ՞ նորը ձեռքբերել:
— Դե, դրան ենք ձգտում, էլի, այս նոր կենտրոնը հենց այդ հարցերն է լուծելու: Այդ սարքավորումները շատ թանկ են, իմ թվարկած սարքավորումները սկսվում են 2 մլն եվրոյից:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Այսօր խորհրդարանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը դիմեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին` պահանջելով ավելի օպերատիվ դարձնել հանձնաժողովի աշխատանքը: Պատգամավոր Աղաջանյանն ասում էր, թե ժողովրդի միակ հույսն այս հանձնաժողովն է, սակայն իրականում ժողովուրդը ոչ մի օգուտ չի տեսնում նրա գործունեությունից: Տնտեսվարողներն իրենց քմահաճույքով թանկացնում են ապրանքները, երբ դանակը ոսկորին է հասնում, հանձնաժողովը նոր սկսում է ուսումնասիրել, ինչը բավականին երկար է տևում և ոչ մի շոշափելի արդյունք այդպես էլ չի լինում:«Միակ կառույցն եք, որ կարող եք գնալ, ճշտել, թե ինչումն է բանը, տեղում լինեք, օպերատիվ կերպով արձագանքեք, և, օրինակ՝ պանիրը թանկացավ, հենց միանգամից ստուգեիք ու կանխեիք թանկացումը»:
Արտակ Շաբոյանը լսեց-լսեց և սկսեց բացատրել, թե գիտե՞ք ինչ, եվրոպաներում վեց ամիս են քննում, մեզ մոտ դեռ մի բան էլ արագ է` ընդամենը 90 օր է տևում այդ գործընթացը, մրցակցային երևույթների մասին նախ պետք է մեզ դիմեն, հետո մենք ուսումնասիրենք, պարզենք, քննենք, ի մի բերենք, նոր քցենք-բռնենք…
Պանիրը երբ աննախադեպ թանկացավ, իսկ հետո մի քանի հարյուր դրամով իջավ, հանձնաժողովը դեռ քննում էր, իսկ հանձնաժողովի քննելուց և գնահատականներ հնչեցնելուց հետո պանրի գինը որևէ էական փոփոխության չենթարկվեց: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի գոյությունը մինչև հիմա ցույց է տվել, որ այն ի զորու չէ որևէ բան անել. հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ համարձակվել էր տուգանել Սամվել Ալեքսանյանին, ինչին ի պատասխան, Ալեքսանյանը ծեծել էր վերջինիս: Արտակ Շաբոյանին կարելի է հասկանալ, տղան ընդամենը աշխատում է չծեծվել, այնպես որ, հուսալ, թե նա ի վիճակի է ինչ-որ բան փոխել կամ առավելևս կանխել, ավելի քան անհույս զբաղմունք է:
Ի դեպ, օրենսդրական այս փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատժամիջոցները. տուգանքների ստորին շեմը իջեցվել է մինչև 300 հազար դրամը` նախկին կայուն` 500 հազարի փոխարեն, իսկ վերին շեմ որպես՝ ընդունվել է գանձել տվյալ ընկերության ընդհանուր շրջանառության մեկ տոկոսի չափով գումար, որը չպետք է գերազանցի 500 միլիոն դրամը: Տեսնես քանի անգամ են համարձակվել գանձել այդ 500 միլիոնը։
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Երեկ բավականին հետաքրքիր իրադարձություններ են ծավալվել Երևանի պետական համալսարանում: Այնտեղ որոշվել էր անցկացնել գիտաժողով` նվիրված Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին: Եվ բնական է, որ Վուդրո Վիլսոնի շիրմին ծաղկեպսակ դնող նախագահ Սերժ Սարգսյանը ևս ինչ-որ ձևով պետք է իր մասնակցությունն ունենար այս միջոցառմանը: Սկզբում ծրագրված էր անգամ, որ նախագահն անձամբ կմասնակցի միջոցառմանը, սակայն հետո ինչ-որ բան փոխվում է և նախագահը բավարարվում է ուղերձ հղելով:
ՀՀ նախագահի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին կարդում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Ուղերձում մեծ տեղ է տրվում Վուդրո Վիլսոնին և նրա Իրավարար վճռին.
«Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգ¬ների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ:
Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձու¬թյուն¬ներից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարու¬թյունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանու¬թյան հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրա¬գրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը…» -. հուզումնալից տողեր էին ներբողել նախագահի ուղերձ գրողները:
Այդպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մասնակիցներին քաջալերում է և հաջողություն մաղթում 90 տարի առաջ ԱՄՆ նախագահի` ամբողջ աշխարհի կողմից վաղուց մոռացված վճռին նվիրված կոնֆերանսի աշխատանքներում և հանկարծ տեղի է ունենում անսպասելին. ուսանողուհիներից մեկը հարց ուղղեց Վիգեն Սարգսյանին, թե մեր ինչի՞ն է պետք այդ վճռի հիշատակումը, ի՞նչ է տալիս դա հայ ժողովրդին, երբ այն անցած- գնացած բան է և իրավական որևէ ուժ ունենալ չի կարող, որ ավելի լավ չէ՞ անցյալով ապրելու և Հայաստանին, ըստ էության, ոչ մի օգուտ չտվող մեռած փաստաթղթեր ոգեկոչելու փոխարեն մտածել երկրի մասին, նրա հազար ու մի պրոբլեմների մասին, փորձել, ասենք, տնտեսություն զարգացնել, ժողովրդի վիճակը բարելավել և այլն:
Հայաստանում, հատկապես ազգայնական կուսակցությունները` նրանք, որոնք սիրում են ապրել պատմության հուշերով, մեծ տեղ են տալիս այդ վճռին, անգամ մեծ աշխատանք էին ծավալում նոյեմբերի 22-ը որպես տոն` մեր օրացույց ներմուծելու համար: Եվ ենթադրելի էր, որ այդ ուժերի կողմից ոգեշնչված և նախաձեռնված այս կոնֆերանսում ՀՀ նախագահի համար ելույթներ և ուղերձներ գրողների` այս ոճով կազմված ուղերձը պետք է որ համապատասխան ոգևորիչ արձագանք գտներ: Բայց հենց այդ օրը Երևանի պետական համալսարանի ուսանողը, նրա հետ ողջամիտ ևս մի քանի հոգի, ապացուցեցին, որ Հայաստանում դեռևս ամեն ինչ չէ, որ կործանվել է և կան որոշ անհատականություններ, որ ցանկանում են ապրել ներկայով և անգամ մտածել, որ այս երկրում կարելի է նաև ապագա ստեղծել:
Ասում են, որ անգամ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանի նյարդերն են տեղի տվել նախագահի պաթետիկ ուղերձը լսելով, ակադեմիկոսը պարզապես բարկացել է` թե ինչպես կարող է երկրի նախագահը նման կարևորություն տալ այդ վիրտուալ վճռին: Վիգեն Սարգսյանը տեսնելով, թե ինչ անհարմար վիճակում է հայտնվել ինքը, ժամանակից շուտ լքել է համալսարանը` թողնելով Արամ Սիմոնյանին և այս գիտաժողովը հրավիրած մյուսներին` տոկալու ուսանողների իրատեսական հարցերին:
ԵՊՀ-ի կրթական մակարդակը, իհարկե, միանգամայն բացատրելի է համարում անցյալով ապրելու և ապագայի առանձնակի ձգտումներ չցուցաբերելու նպատակադրում ունեցող կոնֆերանսների անցկացումը, սակայն այն, որ դեռևս կարող են գտնվել մարդիկ, որ համարձակություն ունենան և իրերը կոչեն իրենց անուններով, արդեն իսկ խոսում է այն մասին, որ անգամ ախտահարված օրգանիզմներում միշտ չէ, որ մահը միակ հանգուցալուծումն է և չի բացառվում, որ հենց այդ հատուկենտ առողջ բջիջները կարողանան բավականաչափ կենսունակություն ունենալ և առողջացնել թե´ օրգանիզմը` տվյալ դեպքում ԵՊՀ-ն, թե´ դրանից դուրս գտնվող մյուս` ավելի խոշոր գոյացությունները` կրթական համակարգը և հենց Հայաստան պետությունը` իր բոլոր ենթահամակարգերով:
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում հերթական «գերազանցության կենտրոնն» է հիմնել: Հայտնի է, որ ՀՀ վարչապետը հատուկ հակում ունի «գերազանցության կենտրոնների» նկատմամբ և դրանցից պակաս կառույցի հետ գործ ունենալ չի սիրում. Տիգրան Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող, ասենք, ինչ-որ կենտրոն հիմնել, այն անպայման պետք է «գերազանցության կենտրոն» լինի: Վարչապետի այս անգամվա «գերազանցության կենտրոնը» վերաբերում է ուռուցքաբանությանը:
Կառավարությունում Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով վարչապետի համախոհն է և գերհզոր գաղափարների ոչ պակաս գեներատոր, իսկ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները։
Միաժամանակ ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև, որով կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պարզաբանել է, որ վարկը տրվել է տասնմեկ տարի ժամկետով, երեք տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով:
Այս փաստաթղթերի ստորագրմամբ էլ մեկնարկելու է ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը։ Ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության կենտրոն։
Եթե գոնե այս մի «գերազանցության կենտրոնը» իրականություն դառնա, շատ լավ կլինի, իհարկե: Եթե գոնե այս մի արտոնյալ վարկը լիարժեք ծառայի իր նպատակին, նույնպես շատ լավ կլինի, իհարկե: Բայց, իհարկե, եթե… Իսկ մինչ Տիգրան Սարգսյանի «գերազանցության կենտրոնների» իրականություն դառնալը, Հայաստանը դեռ պետք է դիմանա, հայ հիվանդները դեռ պետք է տառապեն, քանի որ նույն ուռուցքաբանության ինստիտուտում միակ սարքը, որով հիվանդներին ճառագայթային բուժում է տրվում, նորմալ չի գործում և մեկ րոպե ճառագայթ ստանալու համար հիվանդները ստիպված են անհարմար դիրքում պառկել մեկ ժամ շարունակ: Մենք այս խնդրին անդրադարձել էինք արդեն, մեր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնել էին, թե սարքը աշխատում է, սակայն հիվանդները հակառակն են պնդում: Մնում է հուսալ, որ ուռուցքաբանության ապագա «գերազանցության կենտրոնը» նման ձևով չի աշխատի ու դրա անվան դիմաց կդրվի ոչ թե «անբավարար», այլ իրոք «գերազանց» ու կարդարացնի «Տիգրան Սարգսյանի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն» տիտղոսը։
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
Բարսեղ Բեգլարյանի «քյալագյոզությունը» մի քանի օրվա կյանք ունեցավ: Բենզինի շուկայում գերիշխանության հաստատման Ֆլեշ Բարսեղի նկրտումներն, այսպես ասած, ջուրն ընկան: Արդեն մի քանի օր է, ինչ Ռեգուլյար տեսակի բենզինը թե´ «Ֆլեշ», թե´ CPS բենզալցակայաններում վաճառվում է 370 դրամով:
Բեգլարյանը սկզբում միանգամից 20 դրամով էժանացրեց իրեն պատկանող բենզալցակայանների բենզինը, որին հաջորդեց CPS-ի նմանատիպ ակցիան։ Այստեղ, իհարկե, բենզինն իջավ 10 դրամով: Բեգլարյանի հաջորդ քայլը դարձյալ 10 դրամով բենզինի գնի իջեցումն էր, որին CPS-ը պատասխանեց նույնատիպ գործողությամբ: Այս «տունտունիկը» տեղի էր ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում բենզինի գներն աճում էին, այսինքն` խոսքը ոչ թե ինչ-որ պատահական երևույթի մասին էր, այլ նպատակամղված օպերացիայի: «Օպերացիան» այսպիսով կարելի է ավարտված համարել. բենզինը ո´չ էժանացավ, ո´չ էլ «Ֆլեշը» կարողացավ տիրանալ շուկային, ամեն ինչ վերադարձավ այնտեղ, որտեղից սկսվել էր` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է դարձյալ 370 դրամով:
Բարսեղ Բեգլարյանի ձեռնարկը մեկնաբանվում էր որպես երկրորդ և երրորդ նախագահների տնտեսական շահերի հնարավոր բախում։ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի տնտեսական շահերի ներկայացուցիչն է, մինչդեռ CPS բենզալցակայանների ցանցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:
Ի՞նչն է եղել Բեգլարյանի մոնոպոլ ձգտումների չիրականանալու հիմնական պատճառը` երկու նախագահները համաձայնությա՞ն են եկել, ամեն ինչ խաթրո՞վ է լուծվել, թե՞ հարկադրանքի արդյունքում են եկել վերջնական հաշտեցման: Իրականում սա նույնիսկ էական էլ չէ, որովհետև դրանից, ըստ էության, ՀՀ քաղաքացին որևէ շահ չունի` բենզին սպառողներն ընդամենը մի քանի օր հնարավորություն ստացան 20 դրամով էժան բենզին գնել, իսկ հիմա նորից, ուզեն թե չուզեն , նախկին թանկ գնով են գնելու, որովհետև անկախ նրանից` բենզինի շուկայում մենաշնորհը մեկինն է, թե երեքինը, միևնույն է՝ մենաշնորհն առկա է, իսկ հարցերը կարգավորվում են նրանց շահերից ելնելով:
Լ.Կ.
Այսօր Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը և սոցիոլոգ Ադիբեկյանն անդրադարձան հեռուստաէկրանից հեռարձակվող հաղորդումներին և դրանց վերաբերյալ խնդիրներին :
Քննարկումը ծավալվեց հիմնականում բրազիլական սերիալներին փոխարինած հայկական սերիալների շուրջ:
Ըստ Ադիբեկյանի՝ այսօր հեռուստասերիալները թմրամիջոցի պես մի բան են դարձել և ժողովուրդն արդեն կախվածություն ունի դրանցից: Ֆիլմերն ամբողջությամբ նատուրալիստական «արվեստ» են ներկայացնում, նրանցում բացակայում է գեղագիտական տարրը:
Մամիկոն Չատինյանի խոսքերով, սակայն, այսօր Հանրայինը թիվ մեկ ալիքն է, որտեղ ինֆորմացիոն դաշտը լրիվ ազատ է, նույնիսկ իրենք անդրադառնում են այնպիսի խնդիրների, որոնց մյուս ալիքները ինչ-ինչ պատճառներով չեն անդրադառնում, իսկ «Աննա»հեռուստասերիալն ամենամեծ ռեյտինգն ունի այսօր:
Ի պատասխան դրա՝ Ադիբեկյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եթե Հանրայինը և «Հայլուրը» դիտում է բնակչության 65 տոկոսը, ապա հավատում է 30 տոկոսը, «Շանթ» դիտում է բնակչության 30 տոկոսը և հավատում՝ 20-ը:
Երաժշտական տեսահոլովակների մասով մեղավոր հանեցին ժողովրդին։Չատինյանն ասաց, որ ժողովուրդն ինքն է մեղավոր, որ լսում է նման ցածրորակ երաժշտություն։ Որ ռաբիս երգիչները մեծ պահանջարկ են վայելում, իսկ Հանրայինի եթերում ցուցադրվող տեսահոլովակները հատուկ հանձնաժողովի կողմից են ընտրվում:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։
Շուշան Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.