23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համլետ Աբրահամյանն իմ ֆեյսընկերն է,գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է ԱՄՆ-ում: Անցյալ ձմեռ շատ էի հազում, Համլետը դեղ խորհուրդ տվեց, խմեցի` հազս անցավ, մենք էլ դարձանք լավ ընկերներ: Համլետ Աբրահամյանն ու Արա Հարությունյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Համլետ Աբրահամյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
Սովետական Միության փլուզումից հետո բավականաչափ բարդացավ նախկին հանրապետություններում գործող գիտական հիմնարկների վիճակը կապված կենտրոնացված ֆինանսավորման դադարեցման հետ: Հսկա Սովետական երկիրը լուրջ միջոցներ էր ներդնում գիտության մեջ հույս ունենալով դառնալ գիտական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային մասշտաբներով առաջատար: Սովետական անհաջող տնտեսակարգը ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, այնպես էլ գիտության ոլորտում թույլ չտվեց որպեսզի երկիրը իր գիտական հնարավորություններով հասներ զարգացած կապիտալիստական երկրների մակարդակին: Երկրի հետ միասին սովետական գիտական ողջ համակարգը սկսեց փլուզվել ու տրոհվել վերածվելով առաջացած անկախ երկրների գիտական միավորումների: Նման մի միավոր էլ դարձավ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան վերանվանվելով Գիտությունների Ազգային Աակադեմիայի իր ենթակայության տակ ունենալով երեսունից ավել գիտական ինստիտուտներ: Սովետական Միության տրոհման ժամանակ արդեն գիտա-տեխնիկական սարքավորումներով մեր գիտական հիմնարկների հագեցվածությունը էապես ետ էր մնում միջազգային միջին մակարդակից: Հետագա քսան տարիների ընթացքում այդ սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես այնքան հնացան որ այսօր արդեն վեր են ածվել ուղղակի մետաղակույտերի: Ասածիս լավագույն ապացույցներից մեկը Հայկական Արագացուցիչն է, որի ապամոնտաժման մասին վաղուց արդեն խոսվում է: Գիտական բազայի այդ անմխիթար վիճակին գումարվում է նաև եղած իսնտիտուտների աղքատիկ՝ ես կասեի ծիծաղելիության աստիճանի աննշան, ֆինանսավորումը այդպիսով գիտական աշխատանքների բարեհաջող կազմակերպումը գիտաշխատողների համար վերածելով տանջալի մի երևույթի: Ի պատիվ մեր գիտաշխատողների պետք է ասել որ նրանք հերոսական ջանքեր են գործադրում գոյատևելու և աշխատելու համար: Նույնիսկ ունենք լուրջ հաջողություններ մեր նախկին եղբայրական հանրապետությունների համեմատ: Սակայն այս կերպ շարունակել այլևս անհնարին է որովհետև դադարում է գիտական կադրերի հերթափոխը պայմանավորված երիտասարդների համար գիտական միջավայրի անհրապույր լինելու հանգամանքով:
Մեր երկրի անկախացման և դրան հաջորդած տարիների դժվարություններին չդիմանալով բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտաշխատողներ հեռացան երկրից: Այս ուղղությամբ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, սակայն ես մոտավոր պատկերացում ունեմ հարցի վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի օրինակով որտեղից գիտաշխատողների շուրջ մեկ երրորդը արտագաղթեցին արտասահմանյան տարբեր երկրներ: Նրանց մի մասին հաջողվեց մասնագիտությամբ աշխատանք ստանալ, մի մասն էլ սկսեց աշխատել հարակից ասպարեզներում: Երկրից հեռացած մասնագետները միջինում բարձր մասնագիտական որակավորումներ ունեին: Դա ակնհայտ է, որովհետև զարգացած երկրներում մրցակցությունը աշխատաշուկայում շատ բարձր է իսկ մերոնք դիմացան այդ մրցակցությանը և նույնիսկ բարձր դիրքեր գրավեցին գիտական հիմնարկներում: Հիշենք օրինակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին ով աշխատելով Կանարյան կղզիներում գերժամանակակից հագեցվածությամբ աստղադիտակներով կարողացավ կատարել լուրջ հայտնագործություններ և արժանանալ Վ.Համբարձույանի անվան միջազգային մրցանակին: Այլ ասպարազներից կարող եմ բերել տարրական մասնիկների ճանաչված մասնագետ Ֆ. Ահարոնյանի օրինակը, ով լուրջ հաջողությունների հասավ Գերմանիայում գամմա աստղագիտության ասպարեզում ղեկավարելով միջազգային գիտական խումբը: Օրինակները բազմաթիվ են: Մեր արտագաղթած հայրենակիցները այժմ արտասահմանում աշխատում են գիտության համարյա բոլոր ասպարեզներում: Չեմ կարող չնշել օրինակ տաղանդաշատ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին ով Լեյդենի համալսարանում հաջողությամբ զարգացնում է հայագիտությունը:
Այսօր Հայաստանում տարածված կարծիք է որ գիտնականների արտագաղթը բացասական երևույթ է: Սակայն պետք է ասեմ որ դա այնքան էլ այդպես չէ որովհետև արտագաղթը ստեղծված դժվարին դրությունից մի հաջողված ելք է արտագաղթողների համար, իհարկե մեր երկրի գիտության համար որոշ բացասական հետևանքներով հանդերձ: Մենք՝ արտագաղթածներիցս յուրաքանչյուրը մեծագույն երջանկություն կհամարեր եթե հայրենիքում ինքը հնարավորություն ունենար շարունակելու իր կյանքն ու գործը: Սակայն հաճախ հանգամանքները աշխսատում են ի վնաս մեզ և մեզանից ավելի զորեղ լինելով ստիպում են մեզ թողնել հարազատ վայրերն ու գնալ պանդխտության:
Կարծում եմ արտագաղթը մեր գիտական մտքի արտահանման ձևորից մեկը պետք է համարել և անհրաժեշտ է փնտրել հնարավորություններ այն Հայաստանի համար նպաստավոր ձևով օգտագործելու ուղղությամբ: Մենք այս եզակի հնարավորությունից չենք էլ փորձում օգտվել: Արտասահմանյան գիտական հիմնարկներում աշխատող մեր արտագաղթած գիտնականներին պետք է համարել մեր երկրի դեսպանները այդ գիտական հիմնարկներում և համակարգված ձևերով փորձել օգուտներ ստանալ այդ եզակի հնարավորությունից: Այս ուղղությամբ լուրջ զբաղվելու դեպքում օգուտները կարող են նույնիսկ շատ ավելի մեծ լինել այն օգուտներից որ կարող էր բերել տվյալ աշխատակիցը աշխատելով Հայաստանի որևէ գիտական հիմնարկում: Ասածս մի հնարավորություն է որից տասնամյակներ շարունակ օգտվում են հրեաները Իսրայելը վերածելով ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների համաշխարհային մասշտաբի առաջատարի: Ես համոզված եմ ար այս խնդիրը համատեղ պետք է սկսեին իրականացնել մեր Սխյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունները:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Վերջերս շատ լուրջ նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանի մի խումբ գիտաշխատողներ հիմնելով ֆեյսբուկյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը: Այն արդեն ունի շուրջ 4500 մասնակիցներ: Այս խումբը որոշակի շրջանակի քաղաքացիների պահանջները պետությանը քաղաքակիրթ ներկայացնելու լավագույն ու եզակի օրինակներից մեկն է Հայաստանում: Խումբը համակարգված լուրջ աշխատանք է կատարում գիտության վիճակը Հայաստանում բարելավելու ուղղությամբ օգտագործելով բոլորին պարզ ու հասկանալի տարրական մի պահանջ՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ցավոք դեռևս հաջողվել է շատ քիչ արդյունքների հասնել գործադրված ահռելի ջանքերի դեպքում: Սակայն հուսով եմ որ խմբի հետագա գործունեության շարունակման դեպքում հաջողությունները շատ ավելի ակնառու կլինեն: Խմբի ակտիվ ջանքերով որոշ բարերարներ նշանակալի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին երիտասարդ և խոստումնալից երիտասարդներին:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե…
Ցավոք` բարեգործությամբ շատ բանի չես հասնի գիտական ոլորտում: Իհարկե բարեգործությունն էլ է կարևոր, սակայն այն չի կարող փոխարինել պետական կենտրոնացված ֆինանսավորմանը: Գիտությունը մարդկային գործունեության թանկ արժեցող ոլորտներից է ու այն լիարժեք պետք է ֆինանսավորվի պետական միջոցներից: Հակառակ դեպքում ուղղակի գիտությունը կդադարի գոյություն ունենալուց:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Գիտության այսօրվա վիճակը այդպես էլ պիտի լիներ և այդ վիճակի համար մեղավորներ փնտրելը անիմաստ զբաղմունք կլինի: Հսկա երկիրը տրոհվեց ու այդ երկրի բոլոր ոլորտներն էլ տուժեցին այդ տրոհումից: Մարդիկ լավ չեն պատկերացնում այդ տրոհման ամբողջ բարդությունը: Պետք է փառք տանք Աստծուն որ տրոհումը հենց այս՝ ամենաանվտանգ եղանակով տեղի ունեցավ: Կարող էր շատ ավելի մեծ վնասներ պատճառել նախկին Սովետական տարածքում ապրող ժողովուրդներին: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Շատ ոլորտներ կամաց-կամաց սկսեցին վերականգնվել լրիվ նոր ու մինչ այդ չտեսնված բովանդակությամբ: Ասենք` օրինակ առևտուրը, բանկային ասպարեզը, ազգային բանակները, ազգային դրամական միավորները և այլն: Գիտության բնագավառը շատ ավելի բարդ ու նուրբ ասպարեզ է դրա համար էլ այն մեծ դժվարությամբ է նորացվում: Սակայն չնայած այդ դժվարություններին, ես վստահ եմ որ որոշ ժամանակ անց գիտական հետազոտություններն էլ կկարգավորվեն և կունենանք նաև այդ ասպարեզում առաջընթացներ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Գիտական հիմնարկներում իրավիճակը բարվոքելու շուտափույթ դեղատոմսեր իրականում գոյություն չունեն և դրանց փնտրտուքները իզուր ժամանակի կորուստ կարող են լինել առանց որևէ էական արյունքների: Գիտական հետազոտությունների կազմակերպումը շատ բարդ ու աշխատատար պրոցես է, պահանջվում են ժամանակի, ռեսուրսների հսկայածավալ ներդրումներ: Այն ինչ գիտական ասպարեզում գոյություն ունի այսօր Հայաստանում, պետք է ամեն կերպ պահպանել` մինչև կգան լավ ու բարի ժամանակները, երբ երկիրը բավարար չափով հարուստ կլինի ու կկարողանա լիարժեք ֆինանսավորել գիտությունը: Վստահ եմ որ մոտակա տարիները ևս լինելու են մեր գիտության համար դժվարին տարիներ և գիտաշխատողը շարունակելու է մնալ գոյատևման ռեժիմում: Այս ասածներս չպիտի մեր գիտաշխատողներին թևաթափ անեն, այլ պետք է նրանց մղեն եղած անմխիթար իրավիճակից ելքեր փնտրելուն: Այդպիսի մի ելք իմ կարծիքով կարող է հանդիսանալ գիտության և կրթության համակարգերի ինտեգրումը: Հայաստանում դեռևս պահպանվում է գիտության կազմակերպման սովետական արատավոր համակարգը երբ առանձին-առանձին էին աշխատում գիտական և կրթական համակարգերը: Ճիշտ է ստեղծվեց Գիտության և կրթության նախարարությունը, սակայն դա միայն չինովնիկական ապարատների մեխանիկական համատեղում էր առանց էական փոփոխությունների գիտության և կրթության կազմակերպություններում: Օգտագործելով արտասահմանայան առաջատար երկրների փորձը անհրաժեշտ է մեր երկրում գիտական հիմնարկները ինտեգրել համալսարանների և կրթական այլ հաստատությունների կազմում: Դա հնարավորություն կտա կրթության համար հատկացվող ֆինանսական միջոցները օգտագործել նաև գիտական նպատակներով: Մյուս կողմից էլ հնարավոր կդառնա գիտական աշխատանքների անմիջական ներդրումը կրթության ասպարեզում: Երկրորդ կարևոր միջոցառումը կարող է համարվել գիտական հիմնարկների և նրանցում ընդգրկված կադրային կազմի խելամիտ օպտիմալացումը եղած ֆինանսական միջոցների առավել նպատակահարմար օգտագործման նպատակով:
Կոնկրետ առաջարկներ` եթե կան:
Մեր երկիրը բնական ռեսուրսներով այքնան էլ հարուստ չէ որպեսզի մենք զարգացնենք երկրում բնական ռեսուրսների հենքի վրա աշխատող արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Մենք հարուստ ենք մտավոր բավարար կարողություն ունեցող մարդկանցով որոնց հնարավորությունները լիովին չեն օգտագործվում երկրի կարիքների համար: Անհրաժեշտ է երկրում ծավալել գիտելիքատար ժամանակակից ատրադրության ներդրումը: Դրա համար կարևոր ձեռնարկ կարող է հանդիսանալ հարկային ամնիստիան ժամնակակից գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների համար: Արտասահմանյան երկրներից ներդրողներին պետք է ազատ տնտեսական գոտիներով գրավել դեպի Հայաստան եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել գիտատար ձեռնարկություններում:
Մեր գիտական հիմնարկները գիտական աշխատանքների կազմակերպման տեսակետից շարունակում են մնալ նախկին սովետական արատավոր կաղապարների շջանակներում չփորձելով կիրառել կառավարման ժամանակակից մեթեդները: Գիտության կառավարման մեր երկրում կիրառվող ակդեմիական համակարգը վաղուց իրեն սպառել է ու ժամանակավրեպ է: Այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել հասարակական կազմակերպության և նրանից պետք է հանել գիտական հիմնարկների վերադասը լինելու կարգավիճակը: Ավելի նախընտրելի ձև է գիտական ինստիտուտների ինտեգրումը կրթական հաստատությունների հետ պահելով մեկ երկու կարևորագույն ինստիտուտները միայն որպես առանձին միավորներ կառավարության անմիջական ենթակայությամբ:
Գիտական թեմատիկաները պետք են արդիականացվեն: Հայաստանը էներգակիրներից աղքատ երկիր է, սակայն լիուբոլ ունենք արևային օրեր: Պետք ե երկրում զարկ տալ երկընտրանքային էներգետիկայի զարգացմանը ծավալելով այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ: Հատկապես կարևոր են արևային էներգետիկայի և քամու էներգիայի օգտագործման ուղղությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քիչ նյութատար ու էներգոտար են և պահանջում են մարդկային որկյալ կադրերի առատություն ինչից հարուստ է մեր երկիրը: Պետք է զարկ տալ նաև այդ ուղղությանը: Մյուս կարևորագույն ուղղությունը պինդ մարմնի ֆիզիկան է կապված նանոտեխնոլոգիաների հետ: Կարևոր ու ժամանակակից ուղղություներ են նաև կենսատեխնոլոգիաների հետազոտությունները զուգակցված ժամանակակից նորագույն դեղամիջոցների ստեղծման հետ:
Ընտրություններին մնացել է հաշված օրեր. արդեն իսկ պարզ է, որ այս խորհրդարանը էականորեն տարբեր է լինելու նախորդից, որ այնտեղ ներկայացված ուժերը որակական առում դարձյալ այլ են լինելու:
Հարցազրույցը Աժ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ, կարծում ենք հետքաքրքիր կլինի` ընտրության առջև կանգնած մեր ընթերցողին:
« Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք», — համոզված է գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
Ինչպիսի՞ն է մեր այսօրվա մտավորականի կերպարը:
Անկեղծ ասած΄ այսօրվա հայ մտավորականը շլինքը ծուռ, խեղճ արարած է, որի ինտելեկտը և սոցիալական կարգավիճակը հակադիր բևեռներում են: Նա ուզում է իր համար պարզել` միտքն է կառավարում, թե՞ որկորը: Որ օրը գտնում է, որ Աստծո տված միտքը, շնորհքը ավելի գերակա են, այդ օրն ավելի արժանապատվորեն է ապրում, մեկ-մեկ ճշմարտություններ է ասում, իսկ երբ ստիպված է լինում հոգալ հանապազօրյա հացի խնդիրը, այդ օրը մտավորական չէ: Այսօր շատ քաղաքականացված է մտավորականը, ընտրությունից ընտրություն: Ընդդիմադիր մտավորականները ձեռնասուն են դարձել, նույն ինքնաբուխ ընդդիմությունը չէ, որ 88- ին էր, երբ ժողովուրդը լույսին գնացող թիթեռի պես գնում էր նրա ետևից, ոչ էլ 90-ականների ընդդիմությունն է, երբ իսկապես ինչ-որ բան էինք ուզում անել: Ես ինքս էլ իմ կյանքի մեծ մասը որպես ընդդիմություն եմ ապրել: Երբ բառը ստուգաբանեցի, թե ինչ է նշանակում դիմություն կամ ընդդիմություն, տեսա որ երկուսն էլ ոչ ռեալ բաժանումներ են, ջրբաժան: Ես երկրի տեր եմ, ինձ համար կան մերժելի և ոչ մերժելի բաներ` անկախ նրանից, թե դա որ կողմում է գտնվում: Ես այն մտավորականներից եմ, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ գրագետ եմ դարձել, թեև ցավոք ավելի ծրագրավորված եմ մտածում քան առաջ, երբ ստեղծագործելիս ինձ արարման տիրակալ էի զգում: Ելնելով ձեռք բերած քաղաքական գրագիտությունիցս էլ` կարող եմ ասել, որ հայ մտավորականները երկփեղկված են, ըստ էության էլ օգտագործվում են և օգտագործվելուց հետո բնականաբար դեն են նետվում: Սա ողբերգություն է, որովհետև եթե միտքը չի կառավարում, ապա ազգը ապագա չունի:Սակայն մտածում եմ, որ սա հեղափոխական շրջաններին հատուկ բան է, ուրեմն և անցողիկ: Մակընթացություններից, տեղատվություններից հետո ծովը մաքրվում է, աղբը նետում է ափ, և խաղաղվում է ծովը: Իմ լավատեսությունն ուզում եմ ամրակայել ոչ թե հենց այնպես, այլ մտածում եմ, որ իմ սերունդը, որի մի ոտքն իր ազգային — ազատագրական տեսիլքների մեջ էր (և դա օգնեց, որ երրորդ հազարամյակ մտնենք Արցախյան հաղթանակով), իսկ մյուս ոտքը ստալինյան բռնապետության տակ ճզմված, երկփեղկված մեծացավ: Մենք խոհանոցային մտավորականներ էինք և համարձակվեցինք բարձրաձայնել: Իմ սերնդի գործիչները իրավիճակային քաղաքական գործիչներ են, թեև շատերը նեղանում են ինձանից: Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ կգա այն սերունդը, որը հոմոսովետիկոս չէ, որի մի ոտքը ստալինյան հրասայլի տակ ճզմված չէ. այդ սերունդն է քաղաքացի լինելու: Ես չեմ նսեմացնում մեր դերակատարությունը, 88 թիվը մենք կերտեցինք, որով ես հպարտ եմ, բայց չեմ մտածում, որ մենք ենք անընդհատ շարունակելու: Թեև ավելի ենք կարդացել, քան այս սերունդը, բայց այս ժամանակի մեջ մի ուրիշ նշան կա, որը մենք չենք հասկանում: Այս սերունդը լակոնիկ է, ավելի ճշգրիտ, մի քիչ թեստային կարծես, իսկ մենք ճառերին վարժված, շատախոս սերունդ ենք: Ես ինձ գնահատում եմ նրանով, որ չեմ խանգարում իրենց, եթե չեմ հասկանում, չի նշանակում, որ դա վատ է, և պիտի մերժեմ:Մտածում եմ` գուցե այդտեղ հրաշք կա: Միշտ հրաշքի սպասում ունեմ:
Շատերն էլ, շատ բաներ չհասկանալով, շատախոսում են և մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կերտում: Մի՞թե դա վտանգավոր չէ:
Ես օրինակ պառլամենտում խուսափում եմ ամբիոնից խոսել, որովհետև բան ասելը շատ պատասխանատու է: Մեր ժողովրդի հիասթափությունը, արհամարհանքը, բանի տեղ չդնելը հենց դրանից է գալիս, որ ով ասես իրեն համարեց բան ասող: Ով մի քար դնում է ոտքի տակ ու կանգնում, կարծում է, թե ինքը առաջնորդ է: Ցավոք, մենք կորցրել ենք մեր հոգևոր առաջնորդներին:
Իսկ այսօ՞ր: Կարևորվա՞ծ է արդյոք մտավորականի դերը:
— Ինչ-որ նշմարներ կան: Մի քանի օր առաջ, երբ ֆիլհարմոնիայում աշուղներ էին օծում, ներկա էր մեր առաջին տիկինը: Դա հարգանք էր մեր ժողովրդի ամենահետաքրքրական դրսևորումներից մեկի հանդեպ: Ուրախացա, երբ տեսա, որ մեր հրաշք Սվետլանա Նավասարդյանին ունկնդրում են վարչապետը, առաջին տիկինը, Տիգրան Մանսուրյանը, երբ նրան Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրեցին: Ես հպարտանում եմ այդօրինակ ոսկե մշակներով, խոնարհ հերոսներով:
Իսկ հասարակությո՞ւնը: Ունի՞ այդ ակնածանքը: Ի՞նչ պահանջներ է դրսևորում:
Մեր հասարակության մեջ պատվիրանային, սրբազան բաների ակնածանքի պակաս կա: Վերջերս մեր բանակում շատ վատ բաներ տեղի ունեցան: Նման բաներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, բայց սարսափելի էր այն բաժանությունը, բանակը վարկաբեկելու չարությունը, որ ես տեսա մամուլում մարդկանց կողմից, որոնց լեզուն ոսկոր չունի, որոնք Աստված չանի, եթե պահը գա, իրենց զավակների համար մկան ծակը հազար թումանով կառնեն ու կխցկեն: Ինչպես կարելի է սա խոսել մի երկրում, որը դեռ խաղաղություն չի հաստատել, որն անվերջ վտանգի տակ է: Բանակը մեզ համար սրբազան պիտի լինի: Չեմ ասում չխոսել, բայց զգուշորեն, սրտացավությամբ, ոչ թե չարախնդությամբ: Իրենց գործն է Սեյրան Օհանյանին սիրել-չսիրելը, չընդունելը, բայց չենք կարող չզգալ նրանից դուրս եկած վառոդի հոտը. թոհուբոհի մեջ մի ոտքը կորցրած երիտասարդ տղամարդն ակնածանքի է արժանի: Թող չընդունեն, բայց չի կարելի կեղտոտ ջուրը թափելու համար երեխային էլ գցել: Բանակը չի կարելի ոտնահարել այնպես, որ բանակ գնալը դառնա պատիժ: Ուրեմն քաղաքացիական գիտակցությունը լավ չէ ձևավորված մեր երկրում: Կարող են քննադատել մեր կառավարության ղեկավարին` Տիգրան Սարգսյանին, որովհետև ժողովրդի մեծ մասը լավ չի ապրում, և պահանջատիրոջ նման կարող են պահանջել, բայց երբ մարդուն ծաղրում են, որ նա Ներսես Շնորհալի է կարդացել, սա վկայում է այն մասին, որ փլուզված է արժեքային համակարգը, չգիտեն` ինչ բառերով և ում քննադատեն: Մարդիկ ուղեկցվում են գետնաքարշ, ստոր կրքերով և աղտոտում ամեն ինչ: Սա սարսափելի բան է: Մեր Ոչ-ը չպետք է մարդասպան լինի, այլ ավելի լավը դարձնելու նպատակ ունենա:
Չկա՞ մի օրենք, որն արգելում է խոցել ազգային արժանապատվությունը:
Վատ չէր լինի, եթե լիներ: Մենք կարող ենք չհամաձայնել մեր երկրի նախագահի հետ, բայց պիտի գիտակցենք, որ մեր երկրի նախագահն է, և չենք կարող վերաբերվել նրան հայհոյախոսությամբ: Արժեքային համակարգի ահռելի տեղաշարժ է:
Եվ մշակութայի՞ն տեղաշարժ:
Ես ազգային պետության ստեղծելու զինվոր եմ: Այն մարդկանցից եմ, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե ունենանք Հայոց անկախ և միացյալ պետություն, բայց երբեք չեմ մտածել, որ այն հսկայական մշակութային դաշտը, որ ունենք և ապրել ենք Սովետի ժամանակ, պիտի դեն նետենք: Երբ տեսնում ես, որ նետված է այդ ամբողջ հարստությունը, և ժողովուրդը հայացքը նետել է արևմուտքին, վերցնում է նրանց նետած աղբը, որն իրենք էլ չեն օգտագործում, դա ինձ համար ընդունելի չի: Մենք մեր ինքնությունը չպիտի կորցնենք, մենք պետականություն չենք ունեցել, բայց մնացել ենք միայն մեր մշակույթի շնորհիվ: Մեր երկիրը չի դիմանա, եթե հոգով չլցվի, իսկ հոգին մեր մշակույթն է:
Եվ ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը հոգևոր արժեքների կորուստն է: Երբ ասում են` համաշխարհայնացնում, գլոբալիզացիա, սարսափում եմ, դա նշանակում է` մեր լեզուն ենք կորցնում, կորցնում ենք ամեն ինչ: Տհասության պատճառով արդեն շատ բաներ կորցրել ենք: Մի ծաղկով գարուն չի գալիս: Հանրապետության նախագահ լինելը չի նշանակում ամենագետ լինել, բայց նրան չիմացնելու և չիմանալու պատճառով շատ հզոր մտավորականներ ենք կորցնում, վիրավորում: Մենք պիտի գաղափարական պահանջատերեր լինենք: Բաց լինենք, ասենք, որ չէր կարելի Արամ Ղարաբեկյանի պես երաժշտին, որը մշակութային երևույթ է, դատարկ աղմուկների մեջ վիրավորել, այնպես որ նա թողնի, գնա: Պիտի ասել, որ Սունդուկյանի անվան թատրոնի խնդիրը «բազարի» խնդիր չէ: Չենք նստում, մանրամասնում: Ինձ համար ողբերգություն է, որ կամերային նվագախմբի սքանչելի ղեկավարը, այդ ազնվական երաժիշտը խորապես վիրավորված գնաց, որովհետև երկու -երեք տգետ որոշեցին, որ իրենց հարմար չէ Արամ Ղարաբեկյանը: Վիրավորեցինք Օհան Դուրյանին, որին այնքան քաղաքականացրինք, որ ընդդիմությունն անգամ իր դրոշակը դարձրեց, բայց էդ բոլորից վեր նա մեծն Օհան Դուրյանն է: Չէր կարելի:
Շատերն են անհանգստացած, որ դատարկվում է Հայաստանը: Ի՞նչ կարծիք ունեք:
Ինձ համար էլ ցավալի է, բայց դա միշտ էլ եղել է: Ի դեպ, ինչքան գնացել են, այնքան էլ հետ են եկել: Ես համաձայն չեմ, որ հայտարարում են, թե դատարկվում է Հայաստանը, չի դատարկվում: Երբ ասում են` գնում են լավագույնները, ես վիրավորվում եմ, որովհետև ես մեկն եմ, որ հարյուր հնարավորություն ունեմ, բայց ինչպես իմ մի բանաստեղծության մեջ եմ ասել.« Ծերացած մի շան նման ես այս տան պահապանն եմ »: Մտքովս չի անցել ուրիշ տեղ ապրել: Ես այն կարծիքին չեմ, թե թերմացք եմ, որ լավագույնները գնացել են, իսկ ես մնացել եմ: Գնում են, Աստված նրանց հետ, Աստված տա` վերադառնան, բայց մնում են լավագույնները: Ես այդ կարծիքին եմ: Իհարկե, վիրավորված արժանավորներ էլ գնացին, բայց ինձ էլ ժամանակին որպես ազգի թշնամի էին նայում, ես էլ կարող էի քաղաքական ապաստարան խնդրել, բայց այդ էր պակաս, ո՞վ կարող էր ինձ իմ երկրից հեռացնել: Էդ ո՞ր նժարով են որոշել, որ գնացողներն ավելի լավն են, քան ես:
Ի՞նչ վերաբերմունք ունեք հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ: Ինչո՞ւ չեն վերականգնվում արդարությունը, մեր իրավունքները:
Մի ասուլիսում արդեն ասել եմ`ուրախ եմ, որ թուրքերը Աղթամարի վրա խաչը չդրեցին, որովհետև մենք սարսափելի խաբվող ժողովուրդ ենք: Ժողովրդի մի մասը հաստատ կմտածեր, որ ահա թուրքերը լավն են դարձել: Մենք դեռ ճանապարհ ունենք գնալու, դեռ մեր վերքերը փակելու ժամանակը չէ: Յուրաքանչյուր մարդու երազն անեզր է` ծովից ծով: Դա նաև իմ երազի չափն է, որ ունենալու ենք ծովից ծով Հայաստան: Հավատում եմ, բայց ոչ թե, որ հենց վաղը վերցնելու ենք Անին կամ Ղարսը, այլ հավատում եմ, որ եթե երկիր, պետություն ենք դառնում, ապա այդ ճանապարհը անցնելու ենք դաժան ու ծանր զոհողությունների գնով: Այսօր մենք մի սեղանի շուրջ նստում ենք որպես Հայաստանի անկախ հանրապետություն և Թուրքիա: Սա արդեն ձեռքբերում է: Ես դեռ թուրքի մեջ մարդասպանի եմ տեսնում: Թող հազարավորներն ասեն` մենք հայ ենք, մենք Դինք ենք, ներողություն ենք խնդրում, բայց դա հսկայական Թուրքիայում մի կաթիլ է: Ուզում եմ մտածել, որ ժամանակը առաջ է ընթանում, որ այդ հազարը կդառնա մեկ միլիոն, տասը միլիոն, բայց դեռ այդ ժամանակը չէ, և մենք պիտի նստենք սեղանի շուրջ, պիտի բանավիճենք, մեր դատը պաշտպանենք, աշխարհի հզորների դռները ծեծենք, բայց մեր հրացանը անփամփուշտ չպիտի լինի:
Ինչո՞ւ են ցանկացել մեզ միշտ խաբել, ոչնչացնել:
Ուրեմն մենք ինչ-որ մի բան ենք: Միշտ հայկական գործոնը, ֆենոմենը ամենակարևորն է եղել այս տարածքում: Հայկական սեպը շատ կարևոր է մեծ աշխարհների տարանջատման համար` ղուրանական աշխարհի և միացյալ աշխարհի: Հայկական սեպը, հայկական միտքը խանգարում է դրանց միանալու:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող: Ձեր խռովքը:
Դուրսպրծուկները, դարձվորները շատացել են մեր կյանքում, որոնք ասպարեզում են, ոչ թե մութի մեջ: Եվ դա երևում է բոլոր ոլորտներում` մշակույթում, քաղաքականության մեջ: Դարձվորներ են: Սրանք որակավորող բառեր են:
Ձեր խոսքը` ուղղված մտավորականներին:
Ես համեստ մարդ չեմ, բայց անհամեստ էլ չեմ և ինքս եմ ինձ ուղղում. ողնաշարդ մի թեքի, մի ծռի, մի ստորացնի, մի քծնի, մի լքի:
Ձեր խրատը` երիտասարդին:
Հայրենիքն անորոշ բան չէ, այն սկսվում է քո շեմից: Ամեն մեկը թող իր տունն իր հայրենիքը համարի, ոչ թե հյուրանոց:
Հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
Եթե չհավատամ, ինքնասպան կլինեմ:
Ձեր երազանքները:
Ես կուզենայի` իմ երեխաները` տղաս, հարսս և երկու թոռնիկներս, որոնք հպարտ են, որ հայ են ծնվել, արժանապատվորեն իրենց հպարտությունը կրեն այս երկրում: Որովհետև երբ արժանապատվություն չունես, ուրիշ ոչ մի բան չունես: Մենք փոքր երկիր ենք, բայց մեր փոքր լինելը չպիտի խանգարի արժանապատիվ ապրելուն: Մենք դրա բոլոր տվյալներն ունենք` երրորդ հազարամյակ մտանք հաղթանակով, որը որպես հոգևոր սնունդ պիտի ուղղի մեր ողնաշարը: Պիտի հիշենք, որ թեկուզ ոչ ձիավոր, բայց մի քանի հազար տարվա հետիոտն ճամփորդներ ենք այս մոլորակի վրա, աշխարհում ընդամենը 15 ժողովուրդ այբուբեն ունի, մեր արյան բաղադրությունը մի քանի հազար տարի է` նույնն է: Մենք դասական ժողովուրդ ենք և, թերևս, միակն ենք, որ չենք սպառվել, դեռ մինչև վերջ մեր ասելիքը չենք ասել: Մենք մեր հաղթանակների տերն ենք:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Շուշիի ազատագրման 20 ամյակին նվիրված «Արցախի հարսանիք» ներկայայացումը կբեմադրվի մայիսի 8-ին Շուշիում: Բեմադրության մեջ ներկայացված է լինելու արցախյան ավանդույթներն ու բարքերը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արցախի հարսանիք» բեմադրության պարի հեղինակ Գագիկ Գինոսյանը:
Բեմադրությունը բաղկացած է լինելու երեք մասից, հիմա արդեն տարազների պատրաստման աշխատանքներն են տարվում.«Մեկուկես ժամ տեւողությամբ բեմադրության մեջ արտացոլվելու է իրական Արցախը, հնչելու է արցախյան բարբառը, թխվելու է ժենգյալով հաց: Մտահաղացում կա նաեւ բեմադրությունը ներկայացնելու արտասահմանյան հանդիսատեսի դատին»,-ասաց նա:
Գինոսյանը նշեց, որ բեմադրությունն իրականացրել է «Մենք ենք, մեր սարերը» Արցախի պետական ազգագրական խումբը, իսկ «Կարինը» լրացնելու է բեմադրությունը երգ ու պարով:
Ներկայացման սցենարի հեղինակն է Ալեքսանդր Մանասյանը:
ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ 2012 թ. ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և այդ ընթացքում արձանագրված միջադեպի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար որպես տարածք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տրամադրելու դեմ նախաձեռնվել է բողոքի հավաք, որի մասնակիցները պահանջել են Վանաձոր քաղաքում նման փառատոն չանցկացնել, ինչպես և կոչ է արվել անշարժ գույքի սեփականատերերին կամ այլ օրինական տիրապետողներին նման միջոցառման իրականացման համար տարածքներ չտրամադրել:
Սակայն հավաքի առանձին մասնակիցներ, չարաշահելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու իրենց իրավունքը, փորձել են սեփական ուժերով իրացնել իրենց ենթադրյալ իրավունքները կամ հասնել ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործմանը, այդ թվում՝ կատարել են այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ այնպիսի հարկադրական գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ:
Դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ հավաքի անցկացման վայրում եղել են Ոստիկանության սակավաթիվ ուժեր, որոնք չեն միջամտել կատարվող ոչ իրավաչափ գործողություններին և չեն կարողացել կանխել դրանք:
Վերոշարադրյալ փաստերի կապակցությամբ և համապատասխան անձանց գործողություններին (անգործությանը) իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության շրջանակներում նախաձեռնվել է վարույթ, ինչպես և նշանակվել է ծառայողական քննություն:
Մասնավորապես, քրեական վարույթի ընթացքում վերցվել են բացատրություններ, նշանակվել է փորձաքննություն և կատարվել են այլ ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:
Հավաքի մասնակիցների կամ այլ անձանց կողմից քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող այլ գործողություններ չեն կատարվել:
Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են իրավասու մարմնին՝ համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ հավաքի խաղաղ բնույթն ապահովելու, հավաքին բռնի կերպով խանգարելու փորձերին պատշաճ կերպով արձագանքելու, ինչպես և հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաների կողմից չեն տրամադրվել բավարար ոստիկանական ուժեր:
Մասնավորապես, կիրառվելիք միջոցների մասին որոշում կայացնելիս հաշվի չեն առնվել հավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակը, հավաքի վայրի առանձնահատկությունները, ինչպես և միջոցառման բնույթն ու պատճառը: Արդյունքում՝ հավաքի վայրում Ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրում գտնվող ոստիկանության փոքրաթիվ անձնակազմի առերևույթ անգործությանը, ապա վերը նկարագրված իրավիճակին բնորոշ պայմաններում այն գնահատվել է որպես իրավաչափ, քանզի տակտիկական նպատակահարմարությունից ելնելով, ըստ էության, ուղղված է եղել հնարավոր լարվածության և առճակատման, ինչպես և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:
ՀՀ ոստիկանությունն իր երախտագիտությունն է հայտնում վերը նշված իրավական գործընթացների իրականացմանն օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց ու կազմակերպություններին, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և այլոց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ չգնահատելով (մերժելու կամ ընդունելու ձևով) համապատասխան պահանջների հեղինակների կամ դրանց հասցեատերերի դիրքորոշումների
Բացահայտել է ՊԵԿ -ը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մաքսանենգության հերթական փորձերը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է.
«Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Հնարամիտ ուղևորը «թանկարժեք բեռը» թաքցրել էր ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:
Օրերս ՊԵԿ-ի կողմից բացահայտվել են թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր նաև օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում:
Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:
ՊԵԿ-ի փոխանցմամբ, ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների գոյության նոր փաստերի բացահայտումները: Պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Սարգսյանը Կորյունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի զբաղվում էր ատամնատեխնիկի գործունեությամբ:
Օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ բաժնի աշխատակիցներն Արարատի մարզի Եղեգնավան գյուղում հայտնաբերել են շուրջ 2 ամիս հարկային դաշտից դուրս գործող` Մանվել Մարտիրոսյանին պատկանող ատամնաբուժարան: Իսկ նույն մարզի Բանավանում անհատ ձեռնարկատեր Գագիկ Թորոսյանին պատկանող խանութում հայտնաբերել են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված 13 լիտր ցորենի սպիրտ:
Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Բացահայտում` 13 տարի անց
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Դեպքը կատարվել է 1999 թ. մարտի 10-ին, երբ Արմեն Սահակյանը Երևանի Խորենացի 6 շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ դանակով ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Սամվել Պետրոսյանի կրծքավանդակին:
Արմեն Սահակյանը կալանավորված է:
Այս մասին հայտնւմ է, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարմնավաճառություն շանտաժ և շորթում
Այսօր՝ ապրիլի 28-ին Ոստիկանությունը քաղաքացուց գումար շորթելու պահին ձերբակալել է 45-ամյա Արթուր Խաչատրյանը: Երևանի Ֆուչիկի փողոցի վրա գտնվող «5 աստղ» սրճարանից քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների կողմից մի աղջկանից շորթման եղանակով 80 000 դրամ ստանալու պահին բռնվել է Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ Խաչատրյանը ։
Խաչատրյանը Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակչուհի Գայանե Ս.–ից պահանջել է 80 000 դրամ, սպառնալով, որ եթե աղջիկը հրաժարվի այդ գումարը տալ, ապա ինքը տեղեկություններ կտարածի այն մասին, որ այդ աղջիկը նախկինում զբաղվել է մարմնավաճառությամբ։
Ֆոտոլրագրող Շամշյանին հայտնել են, որ դեռևս 6 տարի առաջ Ա. Խաչատրյանը Գայանե Ս.–ին սեռական շահագործման նպատակով մի որոշ ժամանակ օգտագործել է նախ Հայաստանում, ապա՝ Թուրքիայում։ Այն պահից, երբ աղջիկն արդեն հրաժարվել է կատարել նրա ցանկությունները և չի շփվել նրա հետ, Ա. Խաչատրյանն անցել է շանտաժի։
Դեպքի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 182 հոդվածի 1-ին մասի (անձի սեփական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու պատրվակուվ շորթում կատարել) հատկանիշներով։
«Չորրորդ ինքնիշխանություն». Մի քանի օր է, ինչ Շիրակի մարզի մի շարք համայնքների գյուղապետներ բոյկոտ են արել իշխանություններին, որ իրենք ի վիճակի չեն որևէ մեկին համոզելու և քարոզելու գնալ և ձայն տալ և´ ՀՀԿ-ին, և´ ՕԵԿ-ին, քանի որ համայնքի բնակիչները հատկապես ՕԵԿ-ի անունն անգամ լսել չեն ուզում: Գյուղական համայնքի ղեկավարները իրենց մտահոգությունների մասին նախ կիսվել են ՀՀԿ մարզային պատասխանատուների հետ, այնուհետև նշել, որ եթե անգամ պետք լինի, նրանք այս պահից էլ սկսած կարող են դիմում գրել ու գնալ հանգստի, բայց որ թույլ տան ընտրության դարդից ամբողջ գյուղը իրար դեմ դուրս բերել, նման քայլի չեն կարող գնալ:
Ի պատասխան գյաղապետների ներկայացրած «դիմում-բոդոքի», երեկ երեկոյան ուշ ժամի գյուղապետները ՀՀԿ-ական որոշ նազիր-վեզիրների գլխավորությամբ հրավիրվել են Աշոցքի տարածքային գրասենյակ ու լսել հետևյալ տեքստը. «Եթե դուք չեք կարողանալու մեր Արթուր Բաղդասարյանին ու Հովհաննես Մարգարյանին օգնել, գոնե մեկումեջ աշխատեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «ռասկռուտկա» անեք, այլապես մեր ու ձեր գործը իսկապես «բուրդ կդառնա»…
Ամիսներ առաջ, երբ գիտության ֆինանսավորման հետ կապված շարժումը սկսվեց ու այն նախաձեռնողների կողմից սեմինար կազմակերպվեց Ծաղկաձորում, շա՜տ պատահաբար գիտնականներին ու սեմինարի մասնակիցներին հյուր եկավ երկրի նախագահը:
Դա կարծես ոգևորեց ներկաներին,սակայն, բոլոր այն գիտնականներին՝ ովքեր փորձեցին «պրիտենզիաներ» ներկայացնել, Սերժ Սարգսյանը ցույց տվեց իրենց տեղը. Նա շատ պարզ ասաց. մինչ այժմ երկրի սուղ միջոցներից որոշակի գումար տրամադրվել է, ուրեմն պետք է նախ տեսնել` որքանո՞վ է ճիշտ բաշխվել այդ գումարները, գիտական հաստատություններից քանի՞սն են արդյունավետ աշխատում, և միայն այս հաշվարկներից հետո խոսել ֆինանսավորման ավելացումից:
Ստացվում է, որ գիտությանը հատկացված գումարները, այսքան տարիների ընթացքում, որ ճիշտ է, շատ չի եղել, բայց քիչ էլ չէ, դեռ չեն էլ հաշվարկել ծառայե՞լ է իր նպատակին, թե՞ փոշիացել: Այսինքն՝ սա մեկ անգամ ևս ապացուցում է այն վերաբերմունքը, որ կա մեր երկրում գիտնականի ու գիտության հանդեպ:
Սակայն պետք է արդարացի լինել. Նախագահի խոսքի մեջ չի կարելի ճշմարտություն չնկատել: Միանգամայն տեղին դիտարկում. Այդ փողերի մի մասը, որ հատկացվում է գիտությանը, հոսում են անպետք ճանապարհով, այո, այսօր կան գիտական հիմնարկներ, որոնք անգործության են մատնված, այնտեղ գիտականները, կամ գիտաշխատողները, (որ չես հասկանում թե ինչո՞ւ, անհարկի ընդհանրացվում են) վատը չեն, սակայն համակերպվել են իրենց անգործությանն ու մի քանի գրոշ աշխատավարձին ու այդպես էլ տարիներ ու տասնյակ տարիներ, ապրում են, իրենք էլ չհասկանալով, թե ո՞րն է իրենց գործի իմաստը: Իսկ գիտական հիմնակները դե ֆակտո անգործության են մատնվել:
Խնդիրն այն է, որ նրանք պատվեր և ֆինանսավորում չեն ստանում: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում կան գիտական հիմնակներ, որոնք անգործության են մատնված, որովհետև նախարարությունը համապատասխան պատվերներ չի իրականացնում, նույնը բնապահպանության ոլորտում և այլն: Այդ հիմնարկները դեռևս ունեն կադրեր, և համապատասխան ֆինանսավորման, պատվերների դեպքում կարող են լծվել աշխատանքի:
Բացի դա՝ համարվում է, որմեր երկրում ընդհանուր առմամբ կա 6500-7000 գիտնական, որոնցից 4500 ակտիվորեն զբաղվում են գիտությամբ:
Իրականում սա շատ փոքր ցուցանիշ է:
Մինչ անկախացումը Հայաստանում գիտնականների քանակի, կամ տեսակարար կշռի հետ համեմատելիս, պարզվում է, որ այսօր նրանց թիվը շուրջ երկու անգամ ավելի քիչ է, քան աշխարհի միջինը:
Եվ սա ոչ թե այն եվրոպական երկրների, որոնց կառավարությունները հայտարարում են` թե մենք պետք է ունենանք գիտելիքահեն տնտեսություն, այլ աշխարհի միջինի:
Այսինքն՝ մեզանում գիտնականների քանակը`4500-ը, ոչ թե շատ է, այլ չափազանց քիչ է, և պետք է միջոցներ ձեռնարկել այդ քանակն ավելացնելու համար:
Գիտնականի աշխատավարձի, նրա դերի ու վաստակի նկատմամաբ վերաբերմունքի հարցում մենք ևս կաղում ենք.
Ըստ The New York Times-ի Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախի վերջերս հրատարակված գրքում տարբեր երկրների համալսարանների դասախոսների աշխատավարձի չափերի վերաբերյալ ներկայացված տվյալներով, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում են հայտնվել Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Լատվիան, Հայաստանը վերջին տեղում է:
Հետազոտության արդյունքներով, դասախոսի միջին աշխատվարձը կազմել է 405 դոլար: Ցուցակում Հայաստանից առաջ է Եթովպիան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 864 դոլար:
Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան (9485 դոլար), Իտալիան (9118 դոլար), Հարավային Աֆրիկան (9330 դոլար):
Հետազոտության մեջ նաև հարց է եղել, թե արդյո՞ք բավարար է պրոֆեսորական աշխատավարձը միջին խավին վայել կենսամակարդակ ապահովելու համար:
Իր հերթին, գիտնականի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն անհրաժեշտ է. «եթե գիտնական է, ուրեմն սոված է», մոտցումը սխալ է, այստեղ ոչ միայն ֆինանսական կամ գնահատանքի մոտեցման հարցն է, այլ արժեհամակարգի խնդիր է դրված:
Չի կարելի համաձայնվել այն մտքին թե՝ գիտնական լինելը ըստ էության մոդայից դուրս է եկել: Մարդիկ չեն ուզում դառնալ գիտնական, որովհետև, ավելի շուտ, չեն կարող գումար աշխատել: Բանն այն է, որ ովքեր այնուամենայնիվ, այս վատ պայմաններում զբաղվում են գիտությամբ, համապատասխան հարգանք չեն զգում իրենց նկատմամբ:
Նմանատիպ մի հարց ուղղեց գիտնական Արեգ Միքայելյանը նախագահին, այցի օրը: Մեր կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ, ճիշտ է գիտնականի տեսակը դուրս է մնացել ակտիվ կյանքից, քանի որ նրանց հանրության մեջ ներկայացնելու խնդիրը չափազանց վատ է կազմակերպված, սակայն հարգանք նրանք վայելում են, հանրությունը իր գիտնականին հարգում է, սակայն հաշվի չի նստում նրա հետ: Եթե հոգևորականներին կամ մշակույթի գործիչներին պարբերաբար հանդիպում ենք, ապա գիտնականներ չկան մեր շուրջը: Նրանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց տեսակի իմիջի բարձրացման հարցն է, որ պետք է բարձրացվի: Իսկ ֆինանսական հարցերը, որ բնավ անկարևոր չէ, կարելի է ռեալ պահանջներով կարգավորել:
Հ.Գ. Ի դեպ այս նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք որ «Նուշիկյան ասոցիացիա»-ն հայտարարություն է տարածել.
«Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներ: Դրանք են` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»:
Շուշան Գալստյան
Այս հարցազրույցը արվել է շուրջ մեկ տարի առաջ.
«Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը:
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն` առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ, զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությանը:
— Մեր հասարակությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ` հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է` բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով: Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է: Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողերը: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ ենք վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե` երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ` պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ, հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է` հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ` Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն, եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած` ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսաները` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ` թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
Փոխադարձ վիրավորանքներից ու «մարտական» հրավերներից հետո վերջապես«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր և իշխանական պատգամավորության թեկնածուների առաջին նախընտրական բանավեճը.
Սակայն ինպես սպասվում էր,«Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատեղամասում առաջադրված Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի միջև բանավեճը կոռեկտության սահմաններում չէր, ավելին՝ քիչ էր մնում՝ վերածվեր ձեռնամարտի:
Առհասարակ այս ընտրությունները նախորդից տարբերվում է՝ գրեթե բոլոր թեկնածուները ավելի շատ զբաղված են մրցակիցներին սևացնելու, քան իրենց ներկայացնելու գործով: Այս բանավեճում ևս յուրաքանչյուրը փորձեց ոչ այնքան ներկայանալ սեփական առավելություններով, որքան մատնանշել դիմացինի ու նրա քաղաքական թիմակիցների թերությունները:
Բանավեճը վարող Արտակ Ալեքսանյանը ժամանակ առ ժամանակ կողմերին հիշեցնում էր, որ ընտրական գործընթացները չեն կարող վերաճել Ավարայրի ճակատամարտի, և որ կյանքն էլ չի ավարտվում այս բանավեճով:
Կարապետյանը շեշտը դրել էր իրենց հիմնական նպատակի վրա. կոնգրեսականները երկիրը պետք է ազատեն հանցավոր ռեժիմից, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը:
Ֆարմանյանն էլ իր հերթին հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքի բաժինը, և այն հայտարարությունը թե՝ Հայաստանը դարձել է դժոխք. «Ես պահանջո՛ւմ եմ ներողություն խնդրել այն սևազգեստ մայրերից, որոնց երեխաները զոհվել են Հայաստանի ապագայի համար»: Շատ հետաքրքիր պահանջ. Նույնը պահանջում է ՀԱԿ-ը, իշխանությունից:
Ֆարմանյանն էլ հակադարձրեց թե՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանն իր մեղքի բաժինն ունի խաղաղ պայմաններում բանակում զոհված՝ սևազգեստ մայրերի որդիների թափած արյան համար: Նրանից ինչու չեն պահանջում: Կարապետյանն էլ, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ նրան չեն ձերբակալում:
Ֆարմանյանը,նաև անձնական հարց ուներ, նա իր հետ բերել էր Կարապետյանի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող առանձնատան լուսնկարը, և հրապարակավ հարցադրում արեց, թե՝ 14 տարի Արտաքին գործերի նախարարությունում աշխատելով՝ ի՞նչ միջոցներով է նման շքեղ առանձնատուն կառուցում, և դա այն դեպքում, երբ մշտապես մեղադրում է իշխանություններին երկիրը թալանելու մեջ:
Կարապետյանը պարզաբանեց. Իր 14 տարվա աշխատանքի և իր ընտանիքի աշխատանքի միջոցներով է կառուցվել, և որ իր ընտանիքը կարող էր իրեն թույլ տալ նման «կիսակառույց առանձնատուն» կառուցել ու հրավիրեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, և պարզել, թե ի՞նչ ֆինանսական ռեսուրսներով է կառուցում առանձնատունը:
Մեղադրանքների անձնականացման հարցում անխնա եղավ նաև Կարապետյանը, նա Ֆարմանյանին անվանեց կարիերիստ, որին ՀՀԿ-ն քաղաքական դաշտ է բերել միայն «հարմարվող լինելու համար»:
Հետո անցան ընտրություններին ու նախընտրական ընթացքին. Կարապետյանը հայտարարեց, որ չնայած իր մրցակիցն ամեն օր արդարությունից է խոսում, սակայն իրականում ամեն բան անում է, որպեսզի ընտրությունները կեղծվեն. «Մասնավորապես, հայտարարություն եք տարածել, թե իմ գործողությունները սադրիչ են, փոխարենը՝ դիմեք ոստիկանություն և նոր միայն նման հայտարարություններ արեք», — ասաց ՀԱԿ անդամը:
Եւ չնայած փոխադարձ մեղադրանքներին՝ նախընտրական տաք «բանավեճն» ավարտվեց ձեռքսեղմումով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.