23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առաջին հայացքից գուցե ոչ այնքան կարևոր, սակայն, ցավալի մի իրողություն մեր հասարակությունում գնալով արմատավորվում է: Դեգրադացման գործընթացը հասել է այնտեղ, որ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը գալով Հայաստան՝ անում է մի աղմկահարույց հայտարարություն, որով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փաստացի «մուտիլովշիկ է հանում», իսկ սոցցանցերում ավելի կարևորվում ու շատ ակտիվ քննարկման առարկա է դառնում Կիպրոսի գլխավոր դատախազի ազգանվան հնչողությունը՝ շատերի մոտ ինչ-որ ասոցացիաներ առաջացնելով: Իսկ բուն հայտարարությունը, որն իրականում հենց ամենակարևորն է, կարծես թե երկրորդական պլան է մղվում:
Չէ՞ որ ամեն օր չէ, որ նման օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ հերքում է երկրի վարչապետի ասածները՝ նշելով, թե պարզապես հնարավոր չէ իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել առանց տվյալ անձի իմացության: Սրանով ամեն ինչ ասված է, և վարչապետի ու նրան պաշտպանողների բանակի բոլոր արդարացումները միանգամից հօդս են ցնդում: Այլ հարց է, որ պաշտպանողներն էլի շարունակում են և կշարունակեն պաշտպանել Տիգրան Սարգսյանին:
Պաշտպանողներից է նաև երկրի նախագահը, որն իր դիրքորոշումը հայտնեց՝ հանրությանը հուզող հարցին որևէ գնահատական չտալով: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն այլ գնահատականներ տվեց, այլ երևույթներին, օրինակ՝ հմտորեն հող նախապատրաստեց ՎՊ նախագահի մասնակցությամբ հերթական շոուն կազմակերպելու, միևնույն է, Իշխան Զաքարյանի պաշտոնավարությունը սեպտեմբերից դադարեցվելու է:
Այս շաբաթը հագեցած էր. Ս.Սարգսյանը հուլիսի 1-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերանշանակեց Ռոբերտ Նազարյանին, որը, կարծես, ստեղծվել է այդ պաշտոնի համար, մինչ օրս նա խելոք անում է այն ամենը ինչ իրեն մատուցում են և արժանանում վստահության:
Սակայն դառնանք շաբաթվա վարկածներից ամենահետաքրքրականին. վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալը հասավ իր գագաթնակետին և «հանգուցալուծմանը»:
Նախ՝ լուրեր շրջանառվեցին Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանի հրաժարականի մասին, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն էր և, ըստ լրատվամիջոցների, անմիջական կապ ուներ գործարանում տեղի ունեցած բոլոր ֆինանսական անօրինական գործարքների հետ:
Մինչ մի եղբայրը հրաժարական էր տալիս, մյուս եղբայրը հանդես էր գալիս զոհի դերում, որին զրպարտել են՝ նրա անունով ընկերություն գրանցելով: Նման զրպարտության ենթարկվելը, կարծում եմ, շատերիս երազանքը կլիներ, և կարծես թե ներկայացումը հաջողվում էր, սակայն որտեղից որտեղ հայտնվեց Կլերիդեսը՝ Պետրոս անունով, և խոչընդոտեց համազգային թատերական այս ներկայացման հերթական գործողության շարունակմանը:
Օֆշորային և ՎՊ նաշվետվության պատմությունների «հանգուցալուծումների» արանքում եղավ գովազդային թեթև ընդմիջում. նախ՝ «Բլումբերգը» հրապարակեց «ամենաանբարոյական» կամ արատավոր երևույթներին ամենաշատը տրվող քաղաքացիներ ունեցող երկրների աղյուսակը, որում Հայաստանը 4-րդ տեղում էր, ինչը Ահարոն Ադիբեկյանը որակեց որպես պատվեր: Այստեղ զավեշտալին այն է, որ պատվերներից խոսում է մեկը, ով տևական ժամանակ, «նստած է իշխանական պատվերների վրա», և եթե հանրապետության առաջատար պատվեր կատարող Ադիբեկյանը կարող է կատարել ներքին պատվերներ, ապա ինչո՞ւ է զարմանում, երբ ոմանք էլ կատարում են դրսի պատվերներ: Չէ՞ որ պատվերների դաշտը դեռ մոնոպոլիզացված չէ:
«Գովազդային ընդմիջման» մեջ տեղ գտան նաև նախկին ու ներկա՝ նախագահի թեկնածուները. Ագռավաքարից կրկին խոսեց տիեզերքի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սեդրակյանը, որը թեպետ 81 տոկոս չհավաքեց, բայց նախագահ դառնալու իր մտադրությունն ու վստահությունը համարեց նորմալ: Էպոսագետն այսօր արդեն արդիական չէ, որովհետև մեկ այլ նախագահացու՝ Ադրբեջանի նախագահի հայազգի թեկնածու Գրիգորի Այվազյանն իր մտքի գոհարներով երկրորդական պլան մղեց Սեդրակյանին: Պարզվում է, որ Ադրբեջանի ժողովուրդն իրականում կողմնակից չէ Ալիևին, այլ մեզ հետ է: Թե որտեղից են պեղում նման երևույթներին՝ դժվար է ասել…
Մտքի գոհարներ արտահայտելու հարցում այս անգամ փայլեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ նշելով, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները և բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս դեպքում հարց է առաջանում. եթե վերը նշված հարցերով քաղաքաշինության նախարարությունը չի զբաղվում, ապա ինչո՞վ է առհասարակ արդարացվում նախարարության գոյությունը, թե այն գործում է «լամինատի» ներկրման շրջանակներում : Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի լուծարել այդ կառույցը և դրա փոխարեն բացել լամինատ ներկրող խոշոր բիզնես — ընկերություն՝ Սամվել Թադևոսյանի նախագահությամբ:
Լղոզելու մշակույթը շարունակում է արդիական և կիրառելի մնալ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ իր գործընկերոջից հետ չմնաց՝ ասելով, թե ինքը 100 մլն դրամով զուգարան չէր գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն և եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել: Հիշեցնենք, որ ՎՊ-ը կատարված այս ծախսը որակել էր իբրև անարդյունավետ:
Չարաշահումների մասին բավականին ընդդիմադիր և ջղային կարծիք էր հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գնահատականներն այնքան կոշտ էին, որ ԶԼՄ-ներում նույնիսկ խոսակցություններ շրջանառվեցին աշնանը նրա հնարավոր պաշտոնանկության մասին:
Անդրադառնանք Սերժ Սարգսյանի գնահատականների ՎՊ զեկույցի վերաբերյալ: Չնայած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ չհնչեցրեց, սակայն մինչ այդ արդեն հասցրել էր հնչեցնել՝ այսպես ասած, «փակելով» իր իսկ բացած՝ բյուջեն լափելու և թալանելու թեման:
Նորություն չէ, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ից, և Իշխան Զաքարյանը սովորական մի կատարող է, որը հավանաբար արդեն հետաքրքիր չէ իշխանություններին: Նա դժվար թե ինքնուրույն կարծիքներ հնչեցներ, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ ոքի հետաքրքիր չեն: Սեպտեմբերին լրանում է Զաքարյանի պաշտոնավարության ժամկետը և, բնականաբար, նա չի վերանշանակվի, իսկ այն, ինչի ականատեսը եղանք օրերս, հիանալի հիմք է Իշխան Զաքարյանի՝ ասպարեզից ավելի «գեղեցիկ» հեռացման համար:
Բայց սա ՎՊ բացահայտումների ներկայացման առաջնային նպատակը չէր: Իսկ առաջնայինը, ըստ ինձ, շատ պարզ է և հստակ՝ արդեն ավանդական դարձած՝ հասարակության ուշադրությունը շեղելու տեխնոլոգիայի կիրառումը: Նախ՝ գնաճը, հետո՝ օֆշորային սկանդալը, որն իրոք լուրջ խնդիր էր իշխանությունների համար, և շտապ անհրաժեշտություն առաջացավ բեմադրել մի աղմկահարույց իրադարձություն, որն իր վրա կհրավիրի հասարակության ուշադրությունը:
Իսկ ՎՊ-ն նախ նշեց, որ հաշվետվության մասին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, բացի այդ՝ պարզաբանեց, որ հաշվետվության մեջ չի եղել բյուջեն լափելու և թալանելու մասին արտահայտությունները:
Արդյունքում անհասկանալի մնաց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, և կանխատեսելի դարձավ Իշխան Զաքարյանի ճակատագիրը:
Բացի այդ, հնարավոր է՝ Ի.Զաքարյանը սցենարից մի փոքր շեղվեց և մի 2 անզգույշ բան ասաց, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը տրամաբանական էր, չէ՞ որ բյուջեի 70 տոկոսի ռիսկային լինելն առաջին հերթին կրկին հարվածում է Տիգրան Սարգսյանի վարկանիշին, ով առանց այն էլ այսօր լավ վիճակում չէ և խրված է օֆշորային սկանդալի մեջ: Նորություն չէ, որ հանրապետության նախագահն ամեն գնով փորձում է պահել Տիգրան Սարգսյանին, մանավանդ, որ գնահատական չտվեց նաև օֆշորային սկանդալի վերաբերյալ, կարծես թե նման բան չէր եղել:
Ամեն դեպքում, Տիգրան Սարգսյանը, կարծես թե այս անգամ էլ տակից դուրս եկավ, նույնիսկ հայտարարեց, թե եկել է պատասխան տալու ժամանակը, և, բնականաբար, պատասխան տվողն ինքը չի լինելու, ընդհակառակը՝ ինքը լինելու է չափազանց խիստ՝ ցանկացած խախտման վերաբերյալ:
Հասարակության ուշադրությունը շեղելու համար բացի վերը նշվածից, այլ նպաստավոր պայմաններ էլ ստեղծվեցին, սակայն արդեն ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի կողմից, որը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը: Կասկածելի այս տիկինը ոչ միայն կատարեց Ադրբեջանի պատվերը, այլ նաև մշակեց դեպքերի զարգացման մի շատ անհաջող սցենար, ըստ որի՝ իրեն այստեղ իբրև թե սպառնում էին և ինքն անվտանգության խնդիր է ունեցել:
Փաստորեն, մոլդավուհին սին հույսեր փայփայեց, թե ինքն իրենից գոնե այնքան բան է ներկայացնում, որ իրեն նույնիսկ կարող են սպառնալ:
Նույնիսկ Մոլդովայի խորհրդարանը գիտակցեց, որ այդ կինն իրականում այդքան չկա, և Մոլդովայի ՍԴ անդամի միջոցով փոխանցեց, որ ցավում են տեղի ունեցածի համար, և Ա.Գրիգորիուի ասածը զուտ սուբյեկտիվ կարծիք էր, որն իրենք չեն կիսում:
Մոլդովայի խորհրդարանը Աուրելիայի կարծիքը չկիսեց, իսկ այ ՀՀ իշխանություններն այս անգամ կարծես թե կիսեցին սյունեցիների կարծիքը և Լիսկան չվերանշանակվեց մարզպետի պաշտոնում:
Սա, կարելի է ասել, շաբաթվա միակ ձեռքբերումն էր. մարդկանց դժգոհությունները տեղ հասան, և Վահե Հակոբյանի նշանակմամբ՝ կանխվեց Սուրիկ Խաչատրյանի վերադարձը: Սյունիքը ձերբազատվեց բռնակալից: Թե ինչպես կլինի Վահե Հակոբյանի օրոք՝ ժամանակը ցույց կտա, համենայն դեպս նորանշանակ երիտասարդ մարզպետին, որին բոլորը ճանաչում են որպես Մաքսիմ Հակոբյանի որդի և Մաքսիմ Հակոբյանի որդի լինելու շնորհիվ ԱԺ պատգամավոր դարձած, հնարավորություն կտրվի դրսևորել իրեն գործադիր իշխանությունում և ապացուցել, որ ինքը նաև Վահե Հակոբյանն է և բացի կոճակ սեղմելուց կարող է կոնկրետ գործեր անել:
Այս շաբաթը «իմաստավորվեց» Սահմանադրության օրվա առթիվ, երբ Նախագահը հերթական անգամ բոլորիս ցանկացավ օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Գեղեցիկ է ասված, նամանավանդ արտագաղթից դատարկվող երկրի համար: Մենք էլ ցանկանանք:
Շաբաթն ավարտվեց Վարդավառով, որին, իհարկե, հաջորդեց հերթական մեռելոցը: Հերթական անգամ Տիգրան Սարգսյանը ջրից չոր դուրս գալով՝ «օրհնեց» մեռելոցը՝ թողնելով ապրողաց աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա:
Շաբաթվա Վարկածները մշակեց Կարեն Վարդանյանը
Ձեռք բերելով թվով 94 Т-90С, 100 ՀՄՄ-3 մարտական մեքենաներ և ТОС-1А կրականետ համակարգեր, 30 ամերիկյան ռազմական ինքնաթիռներ Թուրքիայից, Ադրբեջանը կտրուկ բարձրացրեց իր ռազմատեխնիկական հնարավորությունները Հայաստանի նկատմամբ: Մինչդեռ, համաձայն լուրերի, Հայաստանի կողմից Ռուսաստանում գնված տեխնիկան շատ դժվարությամբ և երկար ժամանակ հետո է հասնում Հայաստան:
Սա այն խիստ մտահոգիչ խնդիրն է, որի մասին չխոսելը, չի ենթադրում դրա չգոյությունը:
Մեր զրույցները մասնագետների հետ քիչ հուսադրող են. Հայոց բանակը գերժամանակակից տեխնիկայով համալրված չէ և այդ տեխնիկային հակազդելու միջոցներ նույնպես չունի: Իսկ այն ինչ փորձում են ցուցադրել և մատուցել, նախատեսված չեն վերընշված տեխնիկայի՝ տանկերի դեմ պայքարի համար, որովհետև շատ թույլ են, քանի որ այդ տանկերն անխոցելի են նմանատիպ հակատանկային միջոցների համար:
Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում հայտարարելու, որ Ռուսաստանի դաշնության և Ադրբեջանի միջև կատարված այդ գործարքը գերդժվար ու անլուծելի խնդիրներ է հարուցում մեր առջև: Եվ երբ բանակում չծառայած և հայոց բանակը միայն իրենց վերլուծություններում տեսնող գիտական ու քաղաքական այրերը կարծիք են հայտնում, թե այդ ռազմական տեխնիկան իրենից վտանգ չի ներկայացնում, դա ոչ թե հասարակությանը հանգստացնելու և ոգևորելու համար է, այլ նման է ինքնասպանության նախապատրաստվելուն:
Նախ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Զինված ուժերը կարողանանան ճշգրտորեն կանխատեսել այդ հզոր ռազմական բռունցքի հարվածը՝ որտե՞ղ կհասցնի հակառակորդը, և արդյո՞ք այդ հարվածը կլինի մեկ ռազմաճակատում, թե կտեղաբախշվի մի քանի կետերում:
Երկրորդը՝ Հայաստանի Զինված ուժերը պետք է կարողանան ստեղծել այն հակահարված տվող ուժը և այն տեղադրել ճիշտ ռազմաստրատեգիական վայրում, որպեսզի կարողանան կանգնեցնել այդ հարվածը: Նման գերժամանակակից ու մեծաթիվ տեխնիկայի կենտրոնացումները հղի են ամենամեծ վտանգներով, որովհետև պատմությունը գիտի, թե ինչ անկործանելի ուժ է տեխնիկայի նման քանակը հմուտ ռազմավարական մտածողությամբ հակառակորդի ձեռքում:
Պետք չէ թերագնահատել հակառակորդին, ոչ էլ անհրաժեշտ է գերագնահատել նրան, այլ անհրաժեշտ է սառը մարտավարական հաշվարկ կատարել, վերախմբավորել ուժերը և պատրաստվել դիմագրավելու հակառակորդի հավանական գործողություններին:
Ճիշտ է, քաղաքական դաշտում, հասարակությանը չահաբեկելու համար հնչում են հանգստացնող ոչ մասնագիտական կարծիքներ, և զավեշտն այն աստիճանի է հասել, որ հայտարարում են, թե Ռուսաստանն Ադրբեջանին նախապատրաստում է Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների:
Սակայն մերոնց արտաքին քաղաքականության գերխնդիրն է համարվում ցանկացած ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումը: Այսօր, քան երբևէ, մեր քաղաքական ու ռազմական ղեկավարությունից պահանջվում է անսխալ հաշվարկված քայլեր, մեր ռազմական պոտենցիալը մեծ է և այն ճիշտ օգտագործելու դեպքում՝ մենք կարող ենք նախապատրաստել կործանիչ հակահարված: Պետք է հաշվի նստել դառը ու դաժան իրականության հետ և լաց լինելու կամ հակառակորդին թերագնահատելու փոխարեն՝ անհրաժեշտ է նախապատրաստվել գալիք պատմական իրադարձություններին:
Իսկ որ ամենակարևորն է պետք չէ փորձել խաբել հասարակությանը, դա երբեք, ոչ ոքի չի հաջողվել: Անհրաժեշտ է հասարակությանը ճիշտ տեղեկացնել և ձեռնարկել ճիշտ, արդյունավետ ու հեռանկարային միջոցառումներ:Միևնույնն է, մենք հանուն Արցախի պատերազմելու ենք, և Աստված ոչ արասցե, այն ավարտվի պարտությամբ:
Արագ ու կտրուկ, ճիշտ ու ռազմագիտական որոշումներ կայացնելու ժամանակն է:
Ռուզան Ավոյան
ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտն ազդարարեց քաղաքական առաջին կիսամյակի վերջը: Մեր չարչարված, տանջված գործիչները շուտով եվրոպաներում ու դուբայներում կկազմակերպեն իրենց համեստ հանգիստը, իհարկե` աշխատավարձի հաշվին:
Իսկ մենք փորձենք պարզել, թե կիսամյակային կտրվածքով արդյո՞ք բավարար ցուցանիշ ստացել է մեր քաղաքական դաշտը:
Տարվա առաջին կիսամյակի գլխավոր իրադարձություններն, անշուշտ` ընտրություններն էին:
Սկզբում` նախագահական, որից բացակա ստացած ընդդիմությունը, ծույլիկի կարգավիճակով, մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:
Թե նախագահի և թե ավագանու ընտրություններին չկար այն լարվածությունն, անտագոնիզմը, որը բնորոշ էր 2008-ին, չկար այն մթնոլորտը, որը հանգեցներ հետընտրական բախումների, զոհերի:
Դա, անշուշտ, դրական է, ինպես նաև` այն, որ ընտրական գործընթացը համեմատաբար թափանցիկ ու լավ էր կազմակերպված:
Դրականն այսքանով էլ ավարտվում է, որովհետև զույգ ընտրությունները չբերեցին որակապես նոր քաղաքական համակարգի կայացմանը, չձևավորվեց այն միջավայրը, որն իր մեջ զարգացման ռեսուրսի, իշխանության բարեփոխման պոտենցիալ պարունակեր:
Դարձյալ ընտրությունները դարձան միջոց, ավելի շուտ պատճառ, որոնք հասարակությանն ավելի օտարեցին պետությունից, քաղաքականությունից, սուբյեկտ դառնալու հնարավորությունից:
Տեսական շանս կար, որ հետընտրական Հայսատանում հենց Սերժ Սարգսյանը կիրականացնի բարեփոխումներ, այսինքն` գործ կունենանք նոր որակի իշխանության ձևավորման հետ: Առայժմ դրա ծիլերը նույնիսկ չեն երևում. հին համակարգի ճգնաժամն ակնհայտ է, նորի հիմքերը դրված չեն:
Հարցը միայն այն չէ, որ հիմնական դեմքերը նույնն են: Ավելի էական է այն, որ չի փոխվել կառավարման փիլիսոփայությունը, իշխանություն-հասարակություն հարաբերությունների փիլիսոփայությունը:
Ընտրություններն նաև հույս էին, որ կունենանք նոր որակի ընդդիմություն` ավելի կենսունակ համակարգով, ավելի բաց ու ժողովրդավարական կառուցվածքով:
Ավաղ, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց իր նախորդների գրեթե բոլոր սխալները, ՀՅԴ-ն ապրում է ներկուսակցական ճգնաժամի աննախադեպ փուլ, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անձնակենտրոն և ոչ կենսունակ կառույցներ են:
Թերևս սա է պատճառը, որ Հայաստանում բացակայում է քաղաքական պայքարը` դասական իմաստով:
Նույնիսկ ընտրությունների ժամանակ գաղափարների և ծրագրերի մրցակցություն չկար:
Նախագահական մրցապայքարի գլխավոր հարցը դարձավ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, ավագանու ընտրությունների ժամանակ` Տարոն Մարգարյանի ունեցվածքը:
Սրանք, իհարկե, կարևոր թեմաներ են, սակայն որևէ կերպ չեն կոմպրեսացնում ծրագրերի, գաղափարների, նոր իդեաների պակասը:
Մեր քաղաքական իրականությունը բնորոշում են Գյումրիի և Գորիսի կրակոցները, աղմկոտ դատավարությունները, որոնցում զավեշտն ավելի շատ է, քան` արդարադատության հաստատման հնարավորությունը:
Այս ամենը հուշում է, որ Հայաստանում ստեղծվել է քրեաօլիգարխիկ մի համակարգ, որն իր մեջ լափել է նաև ընդդիմությանը կամ` նրա տիտղոսային հատվածին:
Այդ համակարգը նման է ճահճի, որը բացառում է որևէ զարգացում, կրեատիվ որևէ գաղափարի ռեալիզացիա:
Չեք կարող նշել գեթ մեկ նոր գաղափար, որ լսելի դարձավ վերջին հինգ-վեց ամիսներին:
Իշխանությունն ու ավանդական ընդդիմությունն կրկնում էին նույն շաբլոն ձևակերպումները, եթե չհաշվենք Րաֆֆու «Բարև»-ը, որն ավելի շատ ձև էր, քան` բովանդակություն:
Ինչ մնում է մարգինալ ուժերին, ապա նրանց առաջարկները ադեկվատ չեն. նրանք 25 տարի անց, միանգամայն այլ իրավիճակում, փորձում են անել այն, ինչ արվել է հեռավոր 88-ին:
Այս պայմաններում` միանգամայն հասկանալի, տրամաբանված է հասարակության օտարումը քաղաքականությունից:
Նույնիսկ կարելի է ասել, որ քաղաքականություն կոչվածը չկա էլ ու հասարակության մասնակցությունը չեղած բանին չարժե անգամ քննարկել:
Հասարակությունը մնացել է մենակ՝ իր դարդ ու ցավի, թանկացած գազի, կակուտի խփած բերքի հետ:
Եթե նույնիսկ հասարակությունը մերթընդմերթ հետաքրքրություն է դրսևորում, ապա միայն` հանդիսատեսի կարգավիճակում:
Ասենք, երբեմն հետաքրքիր է իմանալ, թե ով ինչքան է դիզել օֆշորում կամ լափել բյուջեից, «վերևներում»` ով, ում տակն է փորում:
Բայց սա, մեծ հաշվով, կապ չունի մեր կյանքի որակի, մեր պրոբլեմների հետ:
Հատկապես գազի գնի բարձրացման գործընթացը հրապարակայնացրեց մի քանի իրողություն:
Իշխանության ցինիզմը, որով նա ամիսներ շարունակ հասարակությունից թաքցրել է գազի գնի թանկացման անխուսափելիությունը: Թաքցրել է` ընտրությունները չհարամելու համար:
Ընդդիմության անտարբերությունը, որը սոցիալական լարվածության ֆոնին անգամ` դատարկ թողեց հրապարակը:
Հասարակության անկարողությունը, որն արտահայտվում է արտագաղթով:
Եվ վերջապես հայ-ռուսական հարաբերությունների ողբերգականությունը, որն արտահայտվում է վասալի և տիրոջ փոխհարաբերություններով:
Ասել կուզի` մտահոգիչ են ոչ միայն շաբաթվա, այլ նաև` կիսամյակային վարկածները:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Մեր հանրապետության գոյության 22 տարիներին ունեցել ենք նաև վարչապետներ, որոնց նշանակումը պայմանավորված չի եղել ընտրությունների արդյունքներով կամ էլ` որոշակի տնտեսական, սոցիալական ծրագիր իրականցնելու հրամայականով:
Այդ մարդիկ եղել են, պայմանականորեն ասած, ճգնաժամային վարչապետներ:
Այսինքն, նշանակվել են ճգնաժամի հետևանքով` այն հույսով, որ որոշակիորեն կհաղթահարեն նույն այդ ճգնաժամը:
Հայաստանում քաղաքական շատ լուրջ ճգնաժամ առաջացավ 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն ապահովեց ոչ թե հասարակության քվեն, այլ ուժայինների անզուսպ միջամտությունը:
Հենց նույն այդ ուժայիններին զսպելու, ընդդիմության և հասարակության հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ուներ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:
Ընտրությունները նաև փչացրել էին Հայաստանի իշխանության հարաբերություններն արևմտյան կենտրոնների հետ և ենթադրվում էր, որ արևմտյան էլիտայի հետ լավ հարաբերություններ ունեցող Սարգսյանը կարող է շտկել իրավիճակը:
Չնայած, օրինակ, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, որի մորը այդ ժամանակ հիշել էր Հայաստանի իշխանության ազդեցիկ ներկայացուցիչ Վանո Սիրադեղյանը` Արշալույսի խնջույքի ժամանակ, հազիվ թե հավատար, որ արևմտյան շարժուձևով աչքի ընկնող նախկին դեսպանը կարող է եղանակը ստեղծել Հայաստանում:
Արմեն Սարգսյանը փորձեց կոնտակտ հաստատել ընդդիմության հետ, նույնիսկ հանդիպումներ ունեցավ Վազգեն Մանուկյանի շրջապատի մարդկանց հետ, նրանց հետ եկավ որոշակի պայմանավորվածությունների:
Սակայն ակնհայտ էր, որ վարչապետն ունի «անգլիական թագուհու» կարգավիճակ և չի կարող որևէ պայմանավորվածության գարանտ լինել:
Արդեն 1996-ի վերջին, լուրեր տարածվեցին, թե Սարգսյանը լուրջ հակասություններ ունի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ: Անգամ ասում էին, թե վերջին երկուսը ծեծել են վարչապետին:
Ինչևէ, չհասկացված վարչապետը շուտով հեռացավ Հայաստանից` բուժվելու նպատակով, և արտերկրից էլ հայտարարեց իր հրաժարականի մասին:
Վարչապետությունից հետո` Սարգսյանն ուղղակիորեն չի մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին` ինտեգրվելով բրիտանական բիզնես էլիտային: Չնայած շրջանառվում են լուրեր, որ նա է իշխանամետ երիտասարդներով համալրված ՄԻԱԿ-ի կինքահայրը:
Նրա մասին ակտիվորեն խոսվեց վերջերս, երբ Հայաստան էր ժամանել բրիտանական արքայազնը, ով ասում են` Սարգսյանի բիզնես գործընկերն է մեր երկրի հանքարդյունաբերության մեջ:
Քննարկվում է նաև մի տարբերակ, որ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո` հենց Արմեն Սարգսյանը կարող է ղեկավարել մեր երկրի կառավարությունը:
Մյուս ֆորսմաժորային վարչապետը եղել է Արամ Սարգսյանը, ով այդ պաշտոնին նշանակվեց 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո` թերևս բացառապես այն պատճառով, որ նահատակված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն էր:
Արամ Սարգսյանը պաշտոնավարեց վեց ամիս` ի հեճուկս հանրապետոթյան նախագահի:
Այդ վեց ամիսը մեր պատմության մեջ կմնա որպես երկիշխանության փուլ` թեև նրա պաշտոնավարումն էապես լիցքաթափեց ներքաղաքական լարվածությունը:
Քաղաքականության մեջ անփորձ Արամ Սարգսյանը չուներ սեփական թիմ և ներկայացնում էր երկրապահական և ռազմական էլիտայի շահերը:
Նրա և նախագահի տեսակետները հատկապես բախվում էին Հոկտեմբերի 27-ի քննության և ԼՂ խնդրի կարգավորման հարցերում:
Պաշտոնապես Սարգսյանը պաշտոնանկ եղավ անարդյունավետ կառավարման համար, ինքը պնդում է, որ կանխել է Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրը, որի ջատագովներից էր, ըստ քաջատեղյակ աղբյուրների, Քոչարյանը:
Պաշտոնանկությունից հետո` Արամ Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ընդդիմության շարքերում` լինելով Ստեփան Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքների առանցքային դերակատարներից մեկը:
Այս պահին, նախկին վարչապետը նվազ դերակատարություն ունի մեր քաղաքական դաշտում:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Հայաստանի քաղաքական էլիտան երբեք էլ չի փայլել վարքագծի ադեկվատությամբ: Հաճախ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունն ինքն իրեն մեկուսացրել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ու զբաղված է բացառապես սեփական վերարտադրության խնդիր լուծելով:
Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հեռու են բավարար լինելուց:
Ռուսաստանի իշխանությունը վաղուց պաշտոնական Երևանի հետ խոսում է վերջնագրի լեզվով, մերոնք էլ գերադասում են չզայրացնել «մեծ եղբորը», ինչից, սակայն, վերջինիս ախորժակն ավելի է բացվում:
Ռուսաստանը բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը, հստակ հասկացնում է, որ մեր երկրի հետ աշխատելու է շուկայական օրենքներով:
Քաղաքական պատասխան տալու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է ռուսներին օտարել «Հայռուսգազարդում» իրեն պատկանող 20% բաժնեմասը:
Լավ, ենթադրենք այս քայլով կլուծվի գազի սակագնի 30% սուբսիդավորման հարցը՝ մի քանի ամսվա կտրվածքով: Սակայն նույն «Հայռուսգազարդն» ամբողջությամբ կդառնա ռուսական, Հայաստանի կառավարությունը կկորցնի սակագանային գործընթացի վրա ազդելու վերջին ռեսուրսները:
Էլ չեմ ասում, որ Հայաստանի կառավարությունը չի մտածում անգամ այլընտրանքային էներգակիրների մասին:
Կամ՝ մյուս խնդիրը, որը կապված է անվտանգության հետ:
Հայաստանի որևէ պաշտոնյա չի կարողացել հիմնավորել, թե ինչու է Հայաստանը մաս կազմում ՀԱՊԿ-ին, որի անդամ որևէ երկիր մեզ հետ ընդհանուր սահման չունի:
Ավելի շուտ, պաշտոնական մակարդակով՝ մեր ղեկավարներն անընդհատ ասում են, թե այդ կառույցը երաշխավորում է մեր անվտանգությունը՝ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում:
Կատարյալ անհեթեթություն է, որովհետև ՀԱՊԿ լոկոմոտիվ Ռուսաստանը Բաքվին պատրաստվում է մեկ միլիարդ դոլարի զինամթերք հատկացնել: Եվ սա այն դեպքում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, վարում է ռուսականից անկախ, երբեմն՝ տարբերվող ու հակադրվող քաղաքականություն, գնված զենքով էլ պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի իբրև թե դաշնակից Հայաստանի դեմ:
Օրինակներ կարող եմ էլի բերել՝ տասնյակներով, սակայն սրանից խնդրի էությունը չի փոխվում. ռուսական իշխանությունները պարբերաբար թքում են մերոնց երեսին, մերոնք ձև են անում, թե անձրև է գալիս:
Արտաքին քաղաքականության մեջ՝ անիմաստ հակադրվելն արկածախնդրություն է, սակայն հանդուրժելի չէ նաև երկրի ինքնիշխանությունը զիջելու այսօրվա կուրսը:
Գազի սակագնի պատմությունը, ռուս-ադրբեջանական ռազմական խորացող համագործակցությունը բավարար էին, որ Հայաստանի իշխանությունը լրջորեն քննարկեր ՀԱՊԿ-ում մեր երկրի մնալու նպատակահարմարությունը, օրակարգային դարձներ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազների կարգավիճակի հարցը:
Այս ամենը, սակայն, չի արվում՝ ստեղծելով տպավորություն, որ երկրի գործող իշխանությանը հետաքրքրում է բացառապես իր երկարակեցության հարցը՝ թեկուզ երկրի անկախության կորստի գնով:
Սուրեն Սուրենյանց
Այն, որ Հայաստանում կառավարող համակարգը կոռումպացված է` գիտեն բոլորը` կոռուպցիայի մեջ թաթախվածներն ու այդ կոռուպցիայի զոհը դառնող քաղաքացիները:
Նույն համոզվածությամբ կարելի է պնդել, որ Հայաստանի պետական մարմինները, այդ թվում` Վերահսկիչ պալատն, ինքնուրույն չեն գործում և առաջնորդվում են ոչ այնքան օրենքով, որքան բրգաձև համակարգի տրամաբանությամբ:
Ըստ այդմ, երբ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովի ամբիոնից խրոխտ տոնով բացահայտում էր բյուջետային չարաշահումների ու մսխումների փաստերը, հաստատ հասկանում էր, որ նպաստում է ոչ այնքան արդարության հաստատմանը, այլ առնվազն հրահրում է ներիշխանական նոր ռազբորկա:
Դեռ օֆշորային պատմության օրերին պարզ էր, որ վարչապետի կիպրական հարստությունների մասին տեղեկատվությունն օդից չհայտնվեց, այլ խոսքով` ինչ-որ մարդկանց պետք էր, որպեսզի Տիգրան Սարգսյանի ժպիտի խորքում երևա կոռուպցիոն կնիք:
Վերահսկիչ պալատի բացահայտումները նույն գործընթացի երկրորդ փուլն են. այս անգամ վարչապետը չի կարող բավարարվել դատախազություն դիմելով: Եթե նա չընդունի նետված ձեռնոցը, կարող է հատուցել ոչ միայն աթոռով, այլ նաև քաղաքական ազդեցության լուրջ կորուստով: Իսկ դա նշանակում է` նախապես ընդունել, որ հրաժարվում ես մեծ խաղից, որը տեղի կունենա 2017-18թթ-ին, երբ Սերժ Սարգսյանը պետք է հանձնի իշխանությունը:
Զաքարյանի պասից հմտորեն օգտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հին հաշիվներ ունի վարչապետի հետ և արմատական ընդդիմությանը հարիր բառապաշարով նախշեց կառավարությունում նստած «թալանչիներին»:
Տիգրան Սարգսյանն անմիջապես հասկացավ իրեն հասցեագրված մեսիջը ու անցավ հակագրոհի:
«Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։
Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են»— երեկ կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։
Ավելին, Սարգսյանը կառավարության անդամներից պահանջել է ներքաշվել ներիշխանական հակադրության մեջ, որի բևեռներից մեկում Հովիկ Աբրահամյանն է:
Ի դեպ, կառավարության ղեկավարն ակնարկում է, որ իրենից առաջ էլ են պետական միջոցներ մսխվել` անուղղակի հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանն երկար տարիներ եղել է կառավարության երկրորդ մարդը:
Իշխան Զաքարյանն անմիջապես հասկացավ, որ կարող է մեծ խաղում մանրադրամ լինել, հանդես եկավ հայտարարությամբ, փորձեց մեղմել վարչապետի զայրույթը:
Սակայն, ըստ ամենայնի, արդեն ուշ է:
Իշխանության ներսում լուրջ կռիվ է, պետության երկրորդ և երրորդ դեմքերի առճակատումը, կարծես թե, բացահայտ բնույթ ունի:
Բոլորը սպասում են հանգուցալուծման, որը կարող է գալ միայն հանրապետության նախագահի հետ:
Արտերկրում մի թեթև հանգստացած նախագահը քիչ եռանդ չպետք է ծախսի` վիճակը շտկելու համար:
Այլ հարց է, թե որն է վիճակի շտկման նախագահական պատկերացումը` հրդեհի մարումը, թե՞ այրված տան հիմնանորոգումը:
Սուրեն Սուրենյանց
Ժողովո՛ւրդ, աչքներս լո՛ւյս, բա չեք ասի՝ վերջապես երկրի բարձրագույն ամբիոնից` ԱԺ-ից, երեկ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, ազգընտիր գեներալ Մանվել Գրիգորյանը: Եվ պատկերացնո՞ւմ եք գեներալ Մանվելին դուր չեկավ և, իր իսկ բառերով ասած, «լազաթ» չտվեց մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի, և տվյալ դեպքում հիմնական զեկուցողի` Սամվել Ֆարմանյանի ելույթը, որն ուղղված էր երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին օրենքին, որի համահեղինակը հենց ինքը` գեներալ Մանվելն է:
Եվ որպեսզի Սամվել Ֆարմանյանի «անհասկանալի» զեկույցը առավել հասկանալի ու ընթեռնելի դառնար հայ հանրության ու հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի քիմքին հաճո ազատամարտիկների համար, գեներալը որոշեց ԱԺ-ում հանդես գալու լրջագույն դերը վերցնել իր վրա՝ ասելով, որ ճիշտ կլինի, որ հենց ինքն էլ ներկայացնի իր համահեղինակած օրենքի նախագիծը:
Մեջբերենք Գրիգորյանի դիտարկումները. «Նախագիծը կամավորականներից դուրս մնացած մարդկանց մասին է: Ասենք մի օրինակ ասեմ. Արմենը՝ Մազը, իր ջոկատով դուրս է մնացել: Քանի որ մինչև 89-94 թթ, 92 թթ-ից բանակ ա եղել, մենք անցել ենք ծառայության , իսկ տղաները չեն անցել ծառայության, բայց Մարտակերտի դաժան պատերազմների ժամանակ հավասար կռվել են, ուղղակի ջոկատներով, բայց չեն գրանցվել բանակում, զենքեր են ստացել, կռվել են, զենքը հանձնել են ու գնացել են տուն, ու նման շատ մարդիկ կան»,-երեկ խորհրդարանում իր անակնկալ ելույթում ասել է պատգամավոր գեներալ Մանվելը:
Դե հասկանալի է, որ գեներալ Մանվելը, Էջմիածնում իր դոզան թողնելուց ու ձիու թամբից իջնելուց հետո, ինչ-որ մի բան պիտի մոգոներ իր մասին՝ կրկին հիշեցնելու և մյուս ՀՀԿ-ական դեմքերից հետ չմնալու համար, բայց որ նա պետք է ջրբաժան դներ կռված ու չկռված տղաների, հանուն հայ ժողովրդի խաղաղության, երկիր պահած կամավորների, ու նույն ժողովրդի ազատության համար պայքարած ազատամարտիկների միջև, խիստ անհասականալի իրավիճակ էր, որի պատասխանատուն դժվար է ասել, թե ով է:
Եվ այնուամենայնիվ, հարց է առաջանում. արդյո՞ք գեներալ Մանվելին է վերապահված այս լրջագույն գործը` տարանջատել, թե ով է իսկական կռվողն ու չկռվողը, և վերջապես ինչո՞ւ հանկարծ գեներալ Մանվելը որոշեց, որ իր ենթակայության ներքո գտնվող ԵԿՄ-ականները կռվել են հանուն հայ ժողովրդի, իսկ, ահա, բազում թվով ազատամարտիկներ, ովքեր արյուն են թափել էլի հանուն հայ ժողովրդի, շատերի պատկերացմամբ, երևի թե սարերում հանգստի են մեկնել՝ սպասելով, թե երբ են շատ-շատերը քաղելու Արցախյանի պատերազմի պտուղները…
Իսկ ո՞վ է ասել, որ Մարտակերտի և ընդհանարապես Արցախյան պատերազմի թեժ զարգացումների ժամանակ, հանուն հայ ժողովրդի «դոշ» են տվել միայն ԵԿՄ-ականները, ու այսօրվա դրությամբ, մեծ հաջողությունների հասած գեներալ Մանվելը: Եվ որ այս պատմության մեջ ամենավտանգավորն է՝ ցանակացած մեկը, ով մի երկու անգամ կարող է իրենց տան բակում խաղալիք պիստալետով օդ կրակած լինել և իրեն կռվող տղա պատկերացնել հանկարծ կարող է ԵԿՄ-ի վկայական ձեռք գցել, և «քացով» բացել բոլոր պետական ատյանների դռները, ինչպես որ իրենց «շեֆին» է հաջողում: Եվ վերջապես, այս օրենքի նախագիծը կյանքի կոչվելու դեպքում` արդյո՞ք, որևէ մեկը կարողանալու է վերահսկել այն գործընթացը, թե ովքեր են «տեղավորվելու» ԵԿՄ-ի գրկում:
Ճիշտ է անում գեներալը, որ մտածում է իր ԵԿՄ-ականների մասին, ՀՀ իշխանություններից մանդատ ստանալուց հետո, գոնե գլոբալ հարցեր պիտի՞ լուծվեն: Բայց ինչո՞ւ է նա «փեշերը փռում» միայն իր ԵԿՄ-ի վրա՝ մի կողմ մղելով Արցախյան պատերազմում ոտք ու ձեռք թողած շատ հերոսների ու լեգենդար մարտիկների: Ո՞ւր մնացին այն երդումներն ու խոստումները, այն եղբայրական կենացները, որոնք ժամանակին գեներալն ու իր շրջապատը չեն զլացել շռայլել: Այսօր նույն գեներալ Մանվելը խոսում է արցախյան բովով անցած մարտիկների, ջոկատների և իր փայփայած ԵԿՄ-ի մասին, սակայն չի թվարկում, թե այսօր քանի ջոկատ ու քանի իսկական կռվող տղերք ու ազատամարտիկներ են մնացել իր կողքին: Միգուցե, գեներալի «ախրանան» ու նրան ուղեկցող «պատվիրակութունն» էլ վաղը չէ մյուս օրը ԵԿՄ -ի վկայական ստանան ու ԵԿՄ-ականի անվան տակ սկսեն պետության հաշվին անվճար բուժօգնություն ստանալ ու արտոնություններ կորզել: Այլապես, զարամանալի է, թե ինչո՞ւ այսօր Մանվել Գրիգորյանի շուրջը հավաքված չեն այն մարդիկ, որոնք իրենից ու իր ԵԿՄ-ականներից ոչ պակաս կյանք ու ավյուն են դրել Արցախի ու հայ ժողովրդի ազատության համար:
Ինչո՞ւ այսօր գեներալի կողքին չեն, իր իսկ խոսեքով ասած ջոկատներ, կազմած Արամո Թորգոմյանը, Կոռնի ձորի ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, Յուրա Միքայելյանը, Ռոստոմ Ռուստամյանը, «Արաբո»-ի Մանվելը, Թալիշ ջոկատի հրամանատար Միքաել Արամյանը, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գևորգյանը, «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, Շուշիի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ՄՀՕՋ-ի Գրիշա Սարգսյանը, և շատ-շատերը, ովքեր նույնպես կռվել են` հոգով ու սրտով, և չեն մտածել, թե մարտի դաշտից տուն վերադառնալուն պես՝ ի՞նչ են թռցնելու այս պետությունից և ինչ կանոններ են սկսելու թելադրել մի դաշտում, որի սահմանները գծողները ժամանակին այլ մարդիկ են եղել:
Ինչևէ, մենք կփորձենք ներկայացնել բոլոր այն շահագրգիռ գենարալների ու հրամանատարների կարծիքները, որոնք նույնպես կռվել են հանուն հայ ազգի բարօրության ու խաղաղության: Վերջապես կգա մի ժամանակ, երբ դաշտային գեներալներն ու իրենց վաստակով այդ կոչմանն արժանացած մարդիկ ստիպված կլինեն նայելու նաև մեդալի մյուս կողմը…Իսկ դա արդեն հետաքրքիր կլինի:
Ա. Վարդանյան
Ինչքան էլ այսօր բազում բանիմաց ու իրենց ամենակարող պատկերացնող ՀՀԿ-ականներ ու տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ շարունակում են դատապարտել Գորիսյան հայտնի միջադեպը, և որքան էլ, որ ոմանք փորձում են առիթից օգտվել ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի ուղղությամբ նոր ու մեծ տակառներ գլորել, մի բան փաստ է. Սուրեն Խաչատրյանը շարունակում է մնալ ջրի վրա …
Թե ինչու՝ դա հարցի մի կողմն է, որի մասին բազում անգամներ խոսել ու գրվել է, բայց այն, որ այսօրվա իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն Խաչատրյանին «փուռը տալ»՝ անհերքելի իրողություն է: Եվ երևի թե պատահական էլ չէ, որ Սուրեն Խաչատրյան նախկին մարզպետի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի զինակից ընկերոջ ուղղությամբ տարվող լոբբինգը երկակի ստանդարտների մեջ է տեղավորվում:
Մի կողմից ՀՀԿ կարկառուն թևը` ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, նրա հովանու ներքո գործող մարզպետներ Արմեն Ղուլարյանի, Կովալենկո Շահգալդյանի և այլոց, փորձում են վերին էշելոնի մոտ լավագույն գնահատականներ շռայլել Սյունյաց նախկին մարզպետի հասցեին, ասելով, թե նրա վերադարձը Սյունիք անխուսափելի է, քանի որ առանց Սուրիկի, Սյունիք չկա:
Մյուս կողմում Արգամիչի բռնած գործը փորձում է փոզմիշ անել ՀՀ վարչապետի գլխավոր հովանավոր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը, որը աչքով աչք չունի Սյունյաց նախկին մարզպետին տեսնելու: Այս օրերին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ֆլեշ Բարսեղը, ՀՀ առաջին դեմքերի ու հատկապես Բաղրամյան 26-ի շրջապատում շարունակում է պնդել այն կարծիքը, որ Սուրեն Խաչատրյանի վերադարձի, կամ նրան առհասարակ նորից քաղաքական խաղի մեջ ներքաշելու դեպքում, կվտանգվի ՀՀ իշխանությունների առանց այն էլ շատերի համար չափազանց խոցելի դարձած վարկանիշը:
Այն, որ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը տարբեր մեկնաբանությունների ու բողոքի հզոր ալիք է բարձրացրել՝ օրինաչափ է, քանի որ Լիսկան առիթներ շատ է տվել ու շատերին է Սյունիքում չափից դուրս արտոնություններ տվել և հաբռգացրել, բայց որ Ֆլեշի Բարսեղն է այս պահին ՀՀ իշխանությունների դարդը լացում, փոքր-ինչ կասկածելի է թվում:
Ճիշտ է, էն գլխից էլ Լիսկայի ու Ֆլեշի Բարսեղի ջրերը մի առվով չեն գնացել, սակայն մեծագույն հարց է, թե այս պահին, ով ում ձեռքով կփորձի շագանակներ հանել կրակից: Այս թեմայի մասին, մենք դեռ իհարկե առիթ կունենաք խոսելու, սակայն, հիմա գանք նրան, թե իրականում ինչ են պատրաստվում անել ՀՀ իշխանությունները Սյունյաց նախկին մարզպետի հետ: Իհարկե որոշ իմիտացիոն հայտարարություններն ու ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի անմեղ քայլերը չեն ժխտում, որ ՀՀ իշխանությունները իրականում Սուրեն Խաչատրյանին «ձեռքերի վրա» են պահում:
Այս օրերին, ի հեճուկս Լիսկայի չուզողների, ՀՀԿ-ական մի ստվար զանգված, այդ թվում նաև ՀՀԿ-ական գեներալիտետը, Գորիսում ապրող ազատամարտիկներն ու նրանց յուրայինները, պտտվող լուրերի համաձայն, մի քանի օր շարունակ ստորագրահավաք են կազմակերպելու, և հայտարարությամբ ներկայանալու են ՀՀ Կառավարության շենք և դեպի նախագահական նստավայր`ասելով, որ իրենց, բացի Սուրեն Խաչատրյանից, մեկ ուրիշ մարզպետ պետք չէ:
Այս ֆոնի վրա, վերընշված մոտեցումներին զուգահեռ, հետաքրքիր զարգացումներ են սկսել Սյունիքի Սիսիան քաղաքում, ուր ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, որն օրվա տարբեր ժամերին, կարող է տարբեր «շեֆերի» պրիզնատ գալ, փորձում է առանց իր անձը մեջտեղ բերելու, հակառակ ակցիան սկսել Սուրիկի դեմ, որի գործողությունների «ստարտից» դժվար թե անմասն լինի նրա սիրելի ընկեր, մարզպետարանի աշխատակից, հայտնի Սամվել Թանգյանը…
Բանն այն է, որ երեկվանից Աղասու մարդիկ փորձում են Սիսիանում ապրող ազատամարտիկների ու ակտիվ երիտասարդների շրջանում ագիտացիա անել, որ իրենք էլ պետք է քաջություն ունենան, իրենք էլ պետք է իրենց բողոքներով ներկայանան կառավարությանը, որպեսզի ամեն գնով պայքարեն Լիսկայի՝ Սյունյաց մարզպետի աթոռին չվերադառնալու համար:
Ի դեպ, Սիսիանում Աղասի Հակոբջանյանի ջրաղացին ջուր են լցնում նաև նախկին ու ներկա որոշ պետական չինովնիկներ, որոնց ժամանակին Սյունյաց նախկին մարզպետն իր աշխատասենյակում մի լավ «քոթակ» է տվել`սովորեցնելով ճիշտ ապրելու ձևը:
Այն, որ Սուրեն Խաչատրյանին մարզում մերժում են՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց որ Աղասին է իրեն դրել իր երազած պաշտոնյայի տեղը ու մտքով անցել է տակից խաղեր տալ Սուրիկի դեմ, սա արդեն ցինիզմի ժանրից է, քանի որ ով-ով, բայց Աղասին , ում ճամփան դեպի իշխանական ճամբար բացվել է Ս. Խաչատրյանի միջոցով, դրա իրավունքը չունի,որովհետև առանց Լիսկայի նույն Աղասուն, Սյունյաց մարզի ընդհատակյա «վոժդերը» ավելի շուտ են իր հասցեով ուղարկելու, քան նրան կարող էր սպառնալ նախկին մարզպետի պաշտոնավարման պայմաններում:
Այնպես, որ Սյունիքում դեռ նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի ընթացքում, դեռ շատերի դիմակն է պատռվելու:
Ա. Սահակյան
Հայտնի պատմական ճշմարտություն է, որ պատերազմներում հաղթանակը կամ պարտությունը բանակները չեն կերտում, այլ ժողովուրդները: Երբ 1812 թվականին Նապոլոնյան 640 հազարանոց բանակը հարձակվեց ռուսական կայսրության վրա, Ռուսաստանն ուներ ընդամենը 130 հազարանոց բանակ, բայց ռուս ժողովուրդը հայրենական պատերազմի ելավ և արդեն պատերազմի վերջում ռուսական բանակը, 2 անգամ գերազանցելով ֆրանսիականին, կարողացավ փայլուն հաղթանակ տանել: Եվ ընդհակառակը, 1920 թվականին հայկական բանակը պարտվեց, որովհետև ոգի չկար, ժողովուրդն ու հասարակությունը խորթացել էին պետական ու ազգային շահերից:
Ցավոք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Այսօր, հայոց բանակը, իրոք, մարտունակ է, համալրված հմուտ ու փորձառու սպաներով ու նվիրյալ զինվորներով, սակայն պետության մեջ տիրող երևույթներն ու բարոյահոգեբանական-հասարակական իրավիճակը մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Ադրբեջանի հանրապետության նախագահի վերջին ռազմատենչ հակահայ հայտարարությունն ավելի շատ նման է պատերազմի կոչի և մեզ պետք է ստիպի նորովի կենտրոնացնել մեր ուժերը: Սակայն իրավիճակը սարսափելի վատթար է և մեր օգտին չէ, որովհետև 20-45 տարեկան տղամարդ ազգաբնակչության մոտ 50-60 %-ը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս և վիճելի հարց է, թե պատերազմի դեպքում՝ նրանք կվերադառնան հայրենիք, թե՞ իրենց ընտանիքները կտեղափոխեն ապահով երկրներ:
Հայտնի է նաև, որ զորակոչային տարիքի երիտասարդները բանակ ծառայելուց հետո, անմիջապես բռնում են երկրից հեռանալու ուղին, ընդ որում, ոչ թե արտագնա աշխատանքի, այլ մշտական բնակության նպատակով, որն էապես թուլացնում է երկիրը:
Վերջերս, պատահաբար զրուցեցի թվով մոտ 20 երիտասարդների հետ, որոնք միաբերան հայտարարեցին, որ պատերազմի դեպքում չեն ծառայի, որովհետև այսօր ոչ ոք իրենց խնդիրները չի լուծում: Երիտասարդները աշխատանք չեն գտնում, տարբեր պատճառաբանություններով մերժվում են, այն դեպքում, երբ այդ թափուր աշխատատեղերը լրացվում են իշխանավորների ծանոթ-բարեկամներով: Իմ զրուցակից երիտասարդները գրեթե միաբերան հայտարարեցին՝ իրենցն է ամեն ինչը, թող իրենք էլ գնան-պաշտպանեն երկիրը:
Վերջերս, այցելեցի օպերայի մոտ հավաքված ազատամարտիկներին, որտեղ հանդիպեցի ազատամարտիկների և ԵԿՄ-ի արժանավոր անդամների, որոնք Արցախյան ազատամարտի հաղթանակ կերտողներից են: Նրանց մոտ այնքան սուր չէ դրված սոցիալական հարցերը, որքան վիրավորված էին այն անհեթեթ իրականությունից, որը տիրում է մեր երկրում: Նրանք նշում են, որ հատկապես երիտասարդ իշխանավորները, աչքի են ընկնում մարդկային ցածր որակներով և իշխանական կերակրատաշտին մոտ գտնվողի հատուկ լկտիությամբ:
Ազատամարտիկները դառնացած են, որ մարդիկ, ոչ մի օր անգամ չեն ծառայել բանակում ամեն քայլափոխի, փորձելով կարևորել իրենց ոչնչությունը, նսեմացնում են ազատամարտիկների կատարած հայրենանվեր հերոսությունը:
Ամենասարսափելին այն է, որ ազատամարտիկների մեջ գնալով արմատավորվում է ատելությունն և քինախնդրությունը, որը առնչվում է իշխանական կոնկրետ դեմքերի հետ: Եվ չեն վարանում հայտարարել, թե պատերազմի կգնան՝ այսինչին սատկացնելուց հետո միայն:
Իհարկե, վատ է, սակայն աղքատությունն ու բարոյական վիրավորանքը ստիպում են մարդկանց:
Իմ հոդվածներից մեկում ես ցավով նշել եմ, որ արտերկրում շատ եմ հանդիպել մեր բանակի նախկին փառավոր սպաներին, որոնք պատիվ կբերեին ցանկացած պետությանը, սակայն իրենց ընտանիքի հանապազօրյա հացի խնիրը լուծելու համար՝ հեռացել են երկրից: Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում՝ անտեսված են, արհամարհված և մերժված:
Իմ փոխգնդապետ ընկերներից մեկը փորձել է տեղավորվել աշխատանքի պետական կառույցներից մեկում և այդ կառույցի երիտասարդ, 30-ամյա բաժնի վարիչը, որը բանակում չի էլ ծառայել, ուղղակի հայտարարել է՝ «Դու ի՞նչ գիտելիքներ պետք է ունենաս, բանակի սպա ես եղել»:
Եվ ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք անհեռատես քաղաքականության երկրի պաշտպանունակության խնդիրների նկատմամբ: Եթե ինչ-որ մի իշխանավորի թվում է, թե պատերազմի ժամանակ ոստիկանական մեթոդներով ու օրենքի հարկադրանքով հայրենիքի համար մարտնչելու համար, բանակ կհավաքեն, չարաչար սխալվում են:
Հայրենիքը պաշտպանում են հայրենասեր նվիրյալները, ովքեր իրենց հայրենքի մեջ սիրում են հայրենի քարն ու թուփը, հայրենի մարզպետին ու նախագահին: Եթե այդ սերը վերաճել է ատելության ու արհամարհանքի, ուրեմն հայրենիքը վտանգված է:
Կոչ եմ անում հայրենի իշխանություններին՝ տեր կանգնե՛ք զորացրված երիտասարդ զինվորին, կարող և ունակ սպաներին, հայրենիքի նվիրյալ ազատամարտիկներին: Ժամանակն է, մտածել մեր վերջին պետության մասին. այն կորցնելով՝ մենք չենք վերականգնի երբեք: Իսկ եթե որևէ թալանչի իշխանավոր մտածում է, որ իր հայրենիքը թալանելուց հետո կփախչի արտերկիր և իր ժառանգների հետ կվայելի դրախտը, չարաչար սխալվում է:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից
Ներքաղաքական իմաստով` անցնած շաբաթը Հայաստանի համար անհետաքրքիր չես համարի:
Վերահսկիչ պալատի բավականին ուշագրավ բացահայտումներ, բանավեճեր ու քննարկումներ վարչապետի օֆշորային ունեցվածքի մասին, չդադարող խոսակցություններ` Գորիսի կրակոցների շուրջ:
Ամբողղջ խնդիրն այն է, որ նկարագրվածը գրեթե կապ չունի իրական քաղաքականության հետ:
Օրինակ, եթե Վերահսկիչ պալատն ասում է, որ բյուջեից մսխվել է 200 միլիոն դոլար, ապա պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն մեղավորները:
Հավատացեք` այդ դեպքում, նորմալ երկրներում, քաղաքականությունը կվերջանար, և խնդրով կզբաղվեին իրավապահ մարմինները:
Սակայն` Հայաստանի տիպի երկրներում, Վերահսկիչ պալատի հաշվետվություններն, որպես կանոն, իրավական հետևանքներ չեն ունենում, ըստ այդմ` օրակարգային են դառնում քաղաքական հարթության մեջ:
Նույնը վերաբերում է Գորիսի դեպքերին:
Եթե հասարակությունն ու քաղաքական ուժերը վստահ լինեին, որ նախաքննությունը կքննարկի բոլոր վարկածները` խնդիրն առնվազն քիչ կքաղաքականացվեր:
Բայց բոլորս նկատում ենք, որ նախաքննության նպատակը` Խաչատրյանի մերձավորների համար ինքնապաշտպանության վարկածի ապահովումն է:
Մի փոքր այլ է վարչապետի օֆշորային թեման. Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն, սակայն այս պարագայում էլ տարակուսելի է այդ դիմումի բովանդակությունը:
Սարգսյանը չի ասում, որ իրեն զրպարտել են, ընդամենը խնդրում է պարզել, թե ով է իր անունից օֆշորային գործարքներ իրականացրել, ֆիրմա հիմնել:
Համաձայնեք` մի փոքր ծիծաղելի է:
Մի խոսքով` մեզանում քաղաքական ուժերը խոսում են ոչ թե երկրի զարգացման հեռանկարների, այլ սկանդալների մասին ու այնպիսի տպավորություն է, որ եթե այդ սկանդալները չլինեն, քաղաքական դաշտում կատարյալ պարապուրդ կլինի:
Այ, մեր հարևան Թուրքիայում տրամագծորեն հակառակ վիճակն է:
Բավական էր, որ վարչապետ Էրդողանը որոշեր վերակառուցել Ստամբուլի մի այգի` անմիջապես հասունացավ լուրջ քաղաքական ճգնաժամ. երկիրը դարձյալ կանգնած է քեմալականության և իսլամականության երկընտրանքի առաջ:
Հարևան Իրանում երեկ հայտնի դարձավ նոր նախագահի անունը:
Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջարի փոխանցմամբ, երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, առաջին տեղը գրաված Հասան Ռուհանիի հաջողության գրավականը իր շուրջ նախկին բարեփոխական նախագահներ Խաթամիի և Ռաֆսանջանիի համախմբումն էր, ովքեր հայտարարեցին, որ ամենից լավ Ռուհանին կկարողանա իրականացնել իրենց ծրագրերը:
Ասել, թե իրանական ընտրությունները ժողովրդավարական են, բառիս բուն իմաստով` անկեղծ չի լինի: Այս երկրում` երկրի հեգևոր իշխանությունն է` բավականին կամայական և անհասկանալի պատճառներով, որոշում, թե թեկնածուներից ով պետք է գրանցվի:
Մյուս կողմից` չի անտեսվել Իրանի ընտրողների կամքը:
Ակնհայտ է, որ Հասան Ռուհանին չէր հոգևոր առաջնորդի նախընտրած թեկնածուն, թեև նա այնպիսի բարեփոխիչ չէ, ինչպիսին էր` նախկին նախագահ Ռաֆսանջանին:
Ռուհանիին կողմ քվեարկեցին Իրանի այն քաղաքացիները, ովքեր ամենից առաջ ցանկանում էին քվեարկել բարեփոխիչների համար, նրանք, ովքեր ցանկանում էին Ռաֆսանջանիին տեսնել նախագահի դերում, և նրանք ովքեր դժգոհ են Իրանում առկա իրավիճակից:
Բնական է նաև, որ նոր նախագահի ընտրությունն որոշակիորեն մեղմացնելու է ԻԻՀ-ի և Արևմուտքի հարաբերությունները:
Տեսականորեն նոր նախագահ` արդեն նոյեմբեր ամսին, կարող է ունենալ նաև Ադրբեջանը:
Սակայն` միայն տեսականորեն, որովհետև Իլհամ Ալիևը վերարտադրվելու է ցանկացած գնով` թքած ունենալով թե իր հասարակության, և թե միջազգային հանրության վրա:
Խոստովանենք, սակայն, որ այս անգամ նա որոշակի խնդիրներ ունի:
Ընդդիմությունն ոչ միայն միավորվել է, այլև` փորձում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Իսկ Վրաստանում տեղի ունեցողը կոչվում է իշխանության հանձնման գործընթաց:
Անցնող յուրաքանչյուր օրվա և շաբաթվա հետ` Սահակաշվիլին ավելի է հեռանում իշխանությունից:
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.