23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարի, «Արտավազդ» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը: Այդ կապակցությամբ «Հայկական Վարկած»—ը զրուցեց դերասանուհու հետ:
—Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դերասանուհու մասնագիտությունը, և մտերիմներն ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումը.
-Նախ և առաջ ասեմ, որ ես դերասանների տոհմից եմ: Պապս, քեռիներս, մայրս, քույրս,զարմուհիս, բոլորս՝ Սանթրոսյանների տոհմից ենք: Պապս` Պարույր Սանթրոսյանը, եղել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից, որտեղ էլ, գրեթե բոլորս, սկսել և շարունակել ենք մեր աշխատանքը: Իմ մանկությունը թատրոնում է անցել, և երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նույնիսկ այլ մասնագիտության մասին չմտածեցի, չնայած՝ հայրս դեմ էր իմ որոշմանը:
Պարապում էի թատերագիտական բաժին ընդունվելու համար, սակայն երբ ուսուցիչս` ռեժիսոր, դոցենտ Սաթենիկ Մաթևոսյանի խնդրանքով բանաստեղծություն կարդացի,վերջինս պնդեց, որ դերասանական բաժին գնամ:
Եվ բավականին բարձր գնահատականներով ընդունվեցի թատերական ինստիտուտ` ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի արվեստանոցը:
—Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պատանի հանդիսատեսի թատրոնը.
-Երբ 2-րդ կուրս էի փոխադրվում, այնպես ստացվեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը շատ ծանր վիճակում էր. թատրոնից հեռացել էր գեղարվեստական ղեկավարը, գլխավոր ռեժիսորը, և պետք էր մարդ ,ով կկարողանար այդ իրավիճակից դուրս բերել թատրոնը: Զավեն Տատինցյանը խոստացավ օգնել թատրոնին և առաջարկեց, որ մենք կուրսով գնանք թատրոն և աշխատենք:
3 տարում մենք հանդիսատեսի դատին հանձնեցինք բավականին շատ ներկայացումներ, որոնք մեծ հաջողություններ ունեցան և դարձան խաղացանկային ներկայացումներ:
—Կթվարկե՞ք այն ներկայացումները կամ այն դերերը, որոնք առավել շատ են ընդունվել հանդիսատեսի կողմից:
-Հիմանականում հեքիաթներում եմ խաղացել: Գրեթե բոլոր ներկայացումներում ես խաղացել եմ տրավեստի ամպլուայից (կին, որը խաղում է տղամարդու դեր), իսկ տղամարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ: Այդ դերերն ինձ համար մեծ փորձ հանդիսացան: Երբ ավարտեցինք ինստիտուտը, արդեն ունեինք որոշակի ճանաչում:
—Երբևէ փորձե՞լ եք աշխատել այլ թատրոններում.
-2001թ-ին ստացա հրավեր Դրամատիկական թատրոնից, որտեղ բեմադրվում էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Այստեղ ևս տղայի դեր եմ մարմնավորել:
Այս ներկայացումից հետո, ես պետք է որոշեի` մնալ այստեղ, թե վերադառնալ Պատանի հանդիսատեսի թատրոն: Հիմա չեմ կարող ասել` ճիշտ էր իմ ընտրությունը, թե՞ ոչ, բայց ես ընտրեցի Դրամատիկական թատրոնը:Սակայն ոչ մի լուրջ դեր հետագայում չստացա այստեղ, ինչը ինձ սկսեց բարկացնել: Ես կարծում եմ, որ մարդ որտեղ սկսկում է իր աշխատանքը, այնտեղ էլ պետք է վերջացնի:
Դրամատիկական թատրոնում ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն` Վահագ Գալստյանին, և շուտով ծնվեց աղջիկս:
Արդեն, 2007թ-ին վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն:
—Որքանո՞վ է օգնել կամ խանգարել ընտանիքը ձեր կարիերայի կայացման հարցում.
-Ընտանիքը չի խանգարել: Ամուսինս, դերասան լինելով, հասկացել է ,որ կինը կարող է գնալ թատրոն՝ աշխատանքի և վերադառնալ գիշերը ժամը 1-ին: Դժվար է, իհարկե, համագործակցել ընտանիքի և թատրոնի հետ միաժամանակ, երբ վերադառնում ես ներկայացումից հետո տուն ` ծաղիկներով,հաջողությունը վայելած, շատ դժվար է ճաշ պատրաստել:
Երբ վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն, արդեն ուրիշ աշխարհ սկսվեց: Ես արդեն երեխա ունեի, մեծացել էի և այլևս տղամարդու կամ փոքրիկ աղջկա դերեր չէի կարող խաղալ: Հետո, երբ ծնվեց տղաս, 5-6 տարի աշխատանքային դադար եղավ: Այդ ընթացքում զբաղվում էի կրկնօրինակմամբ, և կարող եմ ասել, որ իմ ձայնը մարդկանց համար ավելի ճանաչելի դարձավ, քան ես:
—Երբևէ ցանկություն եղե՞լ է լքել թատրոնը.
-Իհարկե եղել են պահեր, երբ ապրել եմ հիասթափություն և որոշել եմ, որ վերջ` էլ չեմ աշխատելու թատրոնում, սակայն դա տևել է մի քանի րոպե, իսկ հետո հասկացել եմ, որ չեմ կարող առանց թատրոնի: Հիասթափություններ էլ են լինում, հաղթանակներ էլ, բայց այսօր կարող եմ ասել հստակ, որ չեմ էլ մտածի թատրոնը լքելու մասին: Իմ կարծիքով, ընդհանրապես դերասանը, բացի դերասանությունից, ուրիշ ոչնչով չի կարող զբաղվել:
—Ինչո՞ւ ձեզ չենք տեսնում սերիալներում կամ ֆիլմերում: Շատերին անհայտ է տարվա լավագույն դերասանուհին` Շուշան Ղազարյանը.
— Շատ կարճ ժամանակ նկարվել եմ «Վերվարածներում»: Սակայն դա իմը չէր. ես չեմ սիրում սերիալը: Կնկարվեմ այնպիսի ֆիլմում, որտեղ կլինեն մակարդակ, աշխատանք, դերակատարներ: Չեմ ցանկանում վիրավորել մեր դերասաններին, քանի որ սերիալը ցանկացած դերասանի համար եկամտի աղբյուր է, բայց բարկանում եմ, երբ բավականին կայացած, թատրոնում շատ կոչումների արժանացած , վաստակավոր դերասանները, խաղում են դիլետանտների հետ: Թատրոնը ինձ համար սուրբ տեղ է, և, շատ ափսոս, որ չենք վարձատրվում արժանվույնս:
—Անդրադառնանք «Մեղրի համը» ներկայացմանը, որը մեծ իրարանցում առաջացրեց թատերական աշխարհում, ինչպե՞ս եղավ համագործակցումը ռեժիսորի հետ:
— Ռեժիսորը՝ Գոռ Մարգարյանը, եկավ մեր թատրոն և որոշեց բեմադրել Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» պիեսը:
Գոռը ինձ չէր ճանաչում: Հակոբ Ղազանչյանի հետ խորհրդակցելուց հետո, առանց տեսնելու, ընտրում է ինձ:
Ներկայացուման մեջ մարմնավորում եմ մոր դերը, և կարծում եմ, որ այս դերը յուրաքանրյուր դերասանուհու համար շատ ցանկալի է:
Հավաքվեց հրաշալի խումբ` Մարիամ Ղազանչյան, Սամվել Դանիելյան, Իշխան Ղարիբյան, Քաջայր Հակոբյան: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ շատ կարևոր է, երբ խաղընկերներդ լավն են լինում:
Ներկայացումը, որը մի քիչ բաց է` 16+, մեկ տարի է ինչ բեմադրվում է, բայց միշտ ընդունվում է բռավոներով: Հրավեր ստանալով Մոսկվայի Ֆոմենկոյի արվեստանոցից, այնտեղ ևս փայլուն ընդունելության արժանացանք:
—«Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ձեր ներկայացումը շահեց միանգամից 6 մրցանակ.Պատմեք մի փոքր՝ ինչպե՞ս դա ստացվեց.
-«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվեց հենց այս ներկայացումը և….սենսացիա: Առաջին անգամ «Արտավազդ» մրցանակաբաշխության պատմության մեջ մի ներկայացումը շահեց 6 նոմինացիա՝ տարվա լավագույն երիտասարդական ներկայացում, լավագույն երիտասարդ դերասան, երիտասարդ դերասանուհի, դերասան, լավագույն 2-րդ պլանի դերասան, և ես՝ արժանացա տարվա լավագույն դերասանուհի նոմինացիային: Մենք ապշած էինք, իրոք, նման բան չէինք սպասում:
Իհարկե այս ամենը առանց բամբասանքների չէր կարող անցնել, բայց կարծում եմ, որ դա նորմալ է: Կխնդրեմ չարախոսողներին՝ դիտել ներկայացումը: Գո՞ւցե այդ ժամանակ լռեն:
—Կարո՞ղ ենք այս ներկայացումը համարել ձեր հաջողության գագաթնակետը.
-Գագաթնակետը համարել չեմ կարող: Այն իմ կարիերայի մի նոր փուլի սկիզբն է, կանացի, հասուն կնոջը մարմնավորելու իմ առաջին դերը:
—Այն մարդիկ, որոնք չեն դիտել կամ կցանկանային կրկին դիտել, ունե՞ն հնարավորություն.
-Այո, խաղալու ենք ապրիլի 18-ին և 25-ին, ժամը 19:00: Սիրով հրավիրում ենք ցանկացողներին:
Զրուցեց՝ Մարիանա Պետրոսյան
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:
Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:
Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…
2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:
2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:
Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:
Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:
Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:
2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում քիմիական հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»: Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…
Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:
Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ՝ Լոս Անջելեսում միջոցառումներ են կազմակերպվում:
Երեկ՝ տեղի հայկական սրահներից մեկում, բացվեց հայ հեղինակների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասյան կատարումները, որոնց հաջորդեց Սահյանի պոեզիան, այնուհետև՝ հայուհիների պարը և այլ կատարումներ:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված էին յուրօրինակ դիզայնով հայկական զգեստներ, ինչպես նաև հայկական մոտիվներով կտավներ:
[nggallery id=149]
Քեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:
Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:
Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:
Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:
Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:
Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:
Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:
Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:
Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:
Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:
Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:
Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:
Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր
Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:
Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:
Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը`Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար…
1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:
1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:
Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում….»:
Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա…. Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»:
Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե’ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար….»:
1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :
Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին…. Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով….»:
Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:
(շարունակելի)
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր -Սիմոնյանից հետաքրքրվեցինք Սևան քաղաքի կիսակառույց եկեղեցու ճակատագրով:
—Սևանի եկեղեցին, ասում են, բարեգործական միջոցներով է կառուցվում, բայց արդեն քանի տարի է, կանգնած է շինարարությունը.
-Սևանի եկեղեցին, այո, բարեգործական ծրագրով է, դա Հայ բարեգործական ընդհանուր միությունն է կառուցում, ուղղակի 2010 թվականից Սիրիայի պրոբլեմները, որ առաջ եկավ, ՀԲԸՄ-ն գումարները տրամադրեց սիրիահայերին՝ այստեղ նրանց բնակեցման, կրթության համար: Բայց անցյալ տարի նորից ներկայացրել են ծրագիր: Այս տարվանից նորից կսկսեն կառուցել:
—Խոսակցություններ կան, որ բարեգործները խռովել են, հետ են կանգնել գործից, քանի որ գումարներ են անհետացել, և այժմ չեն ուզում շարունակել.
-Ոչ, ոչ , ոչ մի փող չի կորել, բարեգործները չեն, ՀԲԸՄ-ն է: Կան անձինք, որոնք, օրինակ՝ Հովնանյանը, անդամ են ՀԲԸՄ-ի, նաև հանդիսանում են Համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ: Եվ գումարներ են տրամադրում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ:
ՀԲԸՄ-ն պարտավոր է փաստաթուղթ ներկայացնել բարերարին, արվել է, չի արվել, ինչ պատճառով չի արվել: Կան անվանական գումարներ, դրամահավաքի ժամանակ կոնկրետ անվանական գումարներ են դրվում: Դա իմ կարծիքով, ավելի ճիշտ է: Օրինակ, Իջևանի Մովսես գյուղից մեկը հիմա ասենք դարձել է մեծահարուստ, ինքը չի բացում նոր կազմակերպություն, ՀԲԸՄ-ի միջոցով գումար է դնում, պարտադիր նշելով, որ ինքն ուզում է ծախսել այդ գումարը կոնկրետ նպատակով:
—Ո՞վ է այժմ ՀԲՄ ղեկավարը.
— Պերճ Սեդրակյանն է: Լուիզ Սիմոն Մանուկյանը 2006 թվականին դուրս եկավ ՀԲԸՄ-ից, հիմա այն ղեկավարում է ամերիկահայ Պերճ Սեդրակյանը: Հայաստանում գործադիր տնօրենը Արփի Վարդանյանն է, նախկինում Աշոտ Ղազարյանն էր, որի Ամերիկյան համալսարանի պռոռեկտոր նշանակվելուց հետո, նրան փոխարինեց Արփի Վարդանյանը: Տնօրեններ նշանակում է հոգեբարձուների խորհուրդը, որում Հայստանից որևէ մեկը ընդգրկված չէ:
—Փաստորեն ամենախոշոր կազմակերպությունը Հայ բարեգործական ընդհանուր միությո՞ւնն է.
-Այո ՀԲԸՄ-ն շատ մեծ և հարուստ կազմակերպություն է, Համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահն հանդիսանում է ՀՀ նախագահը:
— Խոսակցություններ կան, որ այդ հիմնադրամին տրամադրած գումարների կորուստներ հաճախ են լինում, ոչ նպատակային վատնումներ կան.
-Ես չեմ նկատել նման բան, քաջ ծանոթ եմ համահայկական հիմնադրամին: Հիմնադրամի դրամահավաքի ժամանակ չկա 1000 դոլարից բարձր գումար, որ չլինի նպատակային: Վերջին անգամ հավաքել ենք գումար Վարդենիս — Մարտակերտ ճանապարհահատվածի համար: Իրականացնում ենք կոնկրետ ծրագիր և չկա նման բան, որ գումար տրամադրվի դպրոցի համար, ասեն չէ՝ ճանապարհն է կարևոր, չունենք այդպիսի դեպք, քանի որ գումարները ստանալուց` մենք ստանում ենք նաև հայտը, որպեսզի հայտի վրա ուղարկենք, որ ձեր գումարներն արդեն օգտագործվել է, եթե չի ծախսվել, գրում ենք չի ծախսվել, ասենք նշելով, որ գումարը չի բավականացնում ծրագրին:
—Իսկ պրակտիկայում չի՞ հանդիպել, որ բարերարը կամ կազմակերպությունը ցանկանա որևէ մարզ կամ գյուղաքաղաք, բարեկարգի: Ծրագիրը վերաբերվի ամբողջական համայնքին, թե չէ՝ մի բան անում են, մյուսն է կիսատ մնում ու կոնկրետ բնակավայրում տարիներ շարունակ նույն տխուր պատկերն է: Օրինակ` Սևանում տարիներ շարունակ ջրագծեր են անցկացնում, բայց քաղաքն էլի անջուր է, ճանապարհները10 տարուց ավելի է հիմնովին չի ասֆալտապատվել, կարկատում են ու կարկատում, եկեղեցին չի կառուցվում և այլն:
— Չունենք համայնքային զարգացման ծրագիր: Ունենք գյուղական-համայնքային զարգացման ծրագրեր, կոնկրետ «Մանուկներ» հիմնադրամ, որն իրականացնում է ծրագրերը:
Ամեն քաղաք ունի մեծ գույքահարկեր և ասենք բիզնեսից եկած հարկեր, որ գնում են տեղական ինքնակառավարման մարմին:
—Ասում են՝ համայնքի գումարը չի բավականացնում, ինչ — ինչ ծրագրերով են անում ու, փաստորեն, այդ գումարն էլ չգիտես ուր է գնում:
— Ուրեմն թող ճիշտ քաղաքապետ ընտրեն, ուրեմն լավ չեն աշխատում, կառավարությունն էլ մեղք չունի, կառավարությունը տալիս է քաղաքապետ ընտրելու հնարավորություն, նշանակովի չի: Եթե Երևան քաղաքը հիշում եք, 7 տարի առաջ, երբ չկային ընտրություններ, նշանակովի էր, բավականին տարբերություն կա:
Ընտրովի քաղաքապետը հասանելի է լինում բոլորի համար, իսկ նշանակովի քաղաքապետը պատասխանատու է միայն իրեն նշանակողին.
—Եթե դու բոլորին ես պատասխանատու, ուրեմն ոչ ոքի պատասխանատու չես, եթե մեկին ես պատասխանատու՝ պատասխանատու ես.
-Դուք սխալվում եք, էդպես լիներ նախագահին էլ պետք է նշանակեին, որ վերահսկեին.
—Նախագահին ո՞վ պետք է նշանակի.
-Ուժեղ պետությունները. եթե գնում ենք ժողովրդավարության, եկեք ընտրովի անենք: Օրինակ՝ Կոմունիստական կուսակցությունում ամեն ինչը ընտրովի էր, բոլորինն էր, ոչ ոքինը չէր, դրա համար քանդվեց, իսկ ՀՀ-ում այսօր չկա մի քառակուսի սանտիմետր, որ լինի բոլորինը, ոչ ոքինը չլինի, բոլորը տեր ունեն, և այսօր անձամբ ես՝ Կառավարությունում աշխատող վարչության պետ եմ, երկար տարիներ հանձնաժողովի նախագահ եմ, ունեմ շատ լավ հարաբերություններ Տարոն Մարգարյանի հետ, մի կուսակցության անդամ ենք, երկար տարիներ իր հայրիկի հետ աշխատել եմ, բայց, եթե իմ գույքահարկը մի օր ուշանում է, տույժն ու տուգանքը ուղարկում է, կապ չունի, ով ուզում ես եղիր:
ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր -Սիմոնյանին հանդիպեցինք մի առիթով, որը կներկայացնենք մեկ այլ հրապարակման մեջ: Մեր զրույցը ծավալվեց նաև ստորև բերվող թեմաների շուրջ, որն էլ ներկայացնում ենք «Հայկական Վարկած»-ի ընթերցողին.
-Քա՞նի անդամ ունի հանձնաժողովը.
-27 անդամ: Նրանցից 17 -ը նախարարի առաջին տեղակալներն են, 10-ն էլ՝ հասարակական կազմակերպությունների ղեկավարներնը: Դրանք են՝ Հայ օգնության ֆոնդ, Կարմիր խաչ, Հայ Ավետարանչական ընկերություն, Մայր Աթոռ եկեղեցի, Համահայկական հիմնադրամ, Բարեգործական ընդհանուր միություն, այս բոլորի տնօրենները հանդիսանում են մեր հանձնաժողովի անդամներ: Այսինքն, մեզ մոտ որոշումը կայացվում է թափանցիկ, բոլոր հասարակական կազամակերպությունների քվեարկությամբ:
-Մայր Աթո՞ռն էլ է ՀԿ-ի կարգավիճակում. չէ՞ որ այն ազգային կառույց է, ազգային գործունեություն է իրականացնում.
— Բոլոր այն կազմակերպությունները, որոնք գրանցված են ՀՀ-ում, դրանք առևտրային գործունեությամբ զբաղվող, կամ հասարակական կազմակերպություններ են: Չկա ուրիշ տարբերակ: Իսկ Մայր Աթոռն, այո, հասարակական գրանցված կազմապերպություն է:
Երկրագնդում մի հասարակական կազմակերպություն կարողանում է պետություն ճանաչել, և ամբողջ աշխարհը այդ պետությունը ճանաչում է պետություն: Դա ՄԱԿ-ն է: 1946 թվականի մայիսի 14-ին ՄԱԿ-ի եզակի որոշմամբ ճանաչվեց Իսրայելը՝ որպես պետություն, և ամբողջ աշխարհը ճանաչեց այդ պետությունը:
Հայաստանի Հանրապետության համար էլ հեղինակավոր պետություն ճանաչվում է Մայր Աթոռը: Մայր Աթոռն առևտրային գործունեություն իրականացնելու իրավունք ունի, որովհետև բոլոր հասարակական կազմակերպությունները, եթե իրենց կանոնադրությունում ունեն, որ իրենք իրավունք ունեն զբաղվելու առևտրային գործունեությամբ, իրենք իրավունքը ձեռք են բերում՝ արդեն պետական ռեգիստրում գրանցվելուց հետո:
Մենք կանոնադրության մեջ նայում ենք, եթե կան կետեր, որ իրենք իրավունք ունեն առևտրային գործունեությամբ զբաղվել, մենք էտ նույն բանը տեղեկացնում ենք նաև Արդարադատության նախարարության պետական ռեգիստրին, որ մեզ մոտ գրանցվել է մի կազմակերպություն, որը իրավունք ունի նաև առևտուր անել: Այսինքն, եթե նա իրականացնի առևտրային գործունեություն, նա պետք է վճարի բոլոր հարկերը: Իսկ ինչը-որ կիրականացվի մեր հանձնաժողովի որոշմամբ, և իր գործունեությունը կորակվի բարեգործական, ապա այդ մասով հարկերից կազատվի:
Մենք այնպես ենք արել, որ կրոնական խտրականություն չլինի, որ չորոշենք, թե Ավետարանական եկեղեցու որևէ ծրագիր մերժում ենք, իսկ Մայր Աթոռի բոլոր ծրագրերը անցկացնում: Այդ պատճառով Վեհապարտելին ևս մեր հանձանաժողովի անդամներից է:
-Բայց վերաբերմունքը հավասարաչա՞փ է, և այդպե՞ս պետք է լինի.
-Լրիվ հավասար է մեր հանձնաժողովում: Մենք Մայր Աթոռին էլ ենք մերժել շատ անգամ: Եղել է Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանք, որը հանձնաժողովը չի գտել, որ բարեգործական է: Շատ բան մերժել ենք նաևԱվետարանչականին:
-Անցյալ տարվա և այս տարվա ի՞նչ բարեգործական ծրագրեր կան.
-Այս տարվա ծրագրերի մասին ոչինչ չեմ կարող ասել, ինֆորմացիա տրամադրել, հիմա ընթացքի մեջ են հաշվետվությունները: Մենք մինչև ապրիլի 15-ը պետք է հաշվետվություն ներկայացնենք կառավարությանը:
-Իսկ կարո՞ղ եք ներկայացնել ընդհանուր պատկերը.
— 2012 –ին թվականին իրականացված ծրագրերի 80 տոկոսը գնացել է հիմնականում առողջապահական ոլորտ: Միայն ներկրումները չեն, մենք ծրագրեր ունեինք 2013-ին, որի ծրագիրը հաստատվել է դեռևս 2012-ին: Շատ մեծ գումար է դրվել, Ստեփանակերտ քաղաքում հիվանադանոցի կառուցման համար: Ունենք 2012-2013 թթ ընթացքում՝ Գորիսի սրտաբանական հիվանդանոցը, որը կառուցվեց ֆրանսիացների կողմից, դա էլ շատ մեծ գումար է: Եվ դրա հետ միասին նաև Հայաստանի համահայկական հիմնադրամի գումարները նույնպես օգտագործվեցին Մարտակերտում հիվանդանոցի կառուցման համար և նաև Հայաստանում՝ մոր և մանկան կենտրոնի կառուցման նպատակով: Գլոբալ ֆոնդն իրականացնում է ծրագրեր սպիդի, տուբերկոլյոզի դեմ պայքարի շրջանակներում:
Եթե համեմատենք 2001-2014 թթ.-ը, կարող եմ ասել, որ 2001-2004 թթ ունեինք մեծ քանակությամբ բեռների ներմուծում, ասենք, մի անգամվա օգտագործելու ապրանքներ, ինչը մեզ զարգացման չէր տանում, իսկ այսօր մենք ունենք մեծ քանակությամբ շինարարություն իրականացնելու ծրագրեր` դպրոցների ջեռուցման, բարեկարգման, վերանորոգման ծրագրեր համարյա բոլոր համայքներում:
Մեծ ծրագրեր են իրականացվում գյուղական համայանքերի զարգացման հետ կապված, ծրագիրը հաստատել ենք 2013-ին, որը շարունակվում է 2014-ին: Իրականացնում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը՝ դոկտոր Կարո Արմենի գլխավորությամբ, որը բժիշկ է:
Նախանցյալ տարվա և անցյալ տարվա մեջ ունեինք 6 համայնք Արմավիրի մարզում, Քարակերտից սկսելով ծրագիրն անցավ մյուս համայնքներին: Այս տարի արդեն մենք ունենք 30 համայնքներ, որտեղ ծրագիր կիրականացնենք, հիմնական սահմանամերձ հատվածում ընկած գյուղական համայանքների զարգացման ծրագիր է, որ գյուղերից մարդիկ չթողնեն, դուրս չգան, ունենան հիմնական զբաղմունքներ: Ջրագծերի կառուցումն է , դպրոցներ, մանկապարտեզներ, խաղահրապարակներ և կուլտուրայի տներ: Այսինքն, կարվի այնպես, որ կոնկրետ այդ համայնքներում մարդիկ ունենան զբաղմունք, ունենան հնարավորություն՝զբաղվել տնտեսությամբ, ունենան հանգստի գոտիներ:
-Գործունեության ընթացքում նեգատիվ երևույթներ եղե՞լ են՝ գումարների չարաշահում և այլն, իրավապահներին հանձնելու գործեր.
— Անկեղծ ասած, չկա գործ, որ մարդիկ չպրպտան՝ մեջը բան գտնելու, բայց երբ լինում է էդպիսի բան, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին:
-Քա՞նի ընթացիկ գործ կա դատախազությունում.
— Այս տարի դեռ ոչ մի գործ չենք ուղարկել: Անցյալ տարվա գործերից մեկ- երկուսը կան, որոնք ոչ թե մենք ենք ուղարկել, այլ իրենք են հետաքրքրվել: Մենք չենք զբաղվում, եթե մեզանից պահանջում են տեղեկատվություն, մենք տալիս ենք:
-Ասացիք, որ 70-ից ավել գործ եք ուղարկել դատախազություն.
-Դա այս տաս տարվա մեջ:
-Հետևո՞ւմ եք, թե ուղարկում եք և վերջ.
-Եթե գործը ընթացքի մեջ է եղել, մենք անպայման մասնակցել ենք դատական պրոցեսներին, իսկ եթե կասեցվել է, մեզ անպայման հիմնավորում է ուղարկվել: Քրիստոնեական մշակութային ծառայությունների հետ ինչ-որ հարցեր կար, Կոշիկի տուփ ծրագրի վերաբերյալ, որտեղ չարաշահումներ էին եղել, դրա հետ կապված մտանք դատարան, և 3 դատով կարողացանք հաղթել:
Եթե մենք ենք դիմում, այսինքն կասեցնում ենք, նոր դիմում ենք գործունեությունը դադարեցնելու, իսկ եթե դատախազությունն է զբաղվում, արդեն չգիտենք, կասեցնում է գործունեությունը, թե՞ ոչ: Բայց ես գիտեմ, որ դա իրավապահ մարմինների իրավունքն է, ստուգել բոլոր այն կազմակերպություններին, որոնք արտասահմանյան միջազգային կազմակերպություններ են հանդիսանում: Մենք տեղեկատվություն ենք տալիս բանկերին, Կենտրոնական բանկին, այն գումարների մասին, որոնք գալիս են՝ որտեղից են, որ բարեգործի կամ կազմակերպության կողմից: Դրանով փողերի լվացման և հակատեռորիզմի դեմ պայքարի հանձնաժողովն է զբաղվում, մենք նրանց անպայման ուղարկում ենք, եթե մի կազմակերպության գումարը 100.000-ից անցնում է, իրենք ճշտում են, կոնկրետ կազմակերպությունն ինչով է զբաղվում դրսում, այդ գումարները որտեղից են գալիս ՀՀ: Այդ տարբերակները մենք անպայման ուղարկում ենք ստուգելու և պատասխանն էլ ստանում ենք: Սակայն դեռ հանձնաժողովից չենք ստացել պատասխան՝ որևիցե կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Բայց, քանի որ օրենքը գրված է, մենք պարտավոր ենք ուղարկել:
Հոդվածի առիթ հանդիսացավ Սահմանադրական դատարանում քննարկվող կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը, որի ժամանակ ելույթ ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Ինքը՝ նախարարը խոստովանեց, որ հասարակությունը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև տեղյակ չէ օրենքին: Ակամայից հիշեցի, որ դեռևս հունվար ամսին երկրի նախագահը տարբեր գերատեսչություններում, հանդիպումների ժամանակ, պահանջեց, ժողովրդին լայնորեն տեղեկացնել նոր օրենքի դրական և անհրաժեշտ բաղադրիչների մասին:
Մի՞թե կառավարությունը իր ողջ ներուժով ու գերատեսչություններով չկարողացավ ստեղծել մասնագետների մի խումբ, որոնք կկարողանային կազմակերպել քննարկումներ ու հանդիպումներ՝ ժողովրդին տեղեկացնելու կենսաթոշակային բարեփոխման դրական կողմերը և համապետական նպատակահարմարությունը:
Այսինքն՝ երկրի նախագահի պահանջը կարևորագույն բարեփոխման մասին անտեսվել է: Այն, որ ՀՀ նախագահի խոսքն արդեն արժեք չունի երկրում, մտորելու տեղիք է տալիս, սակայն ծանոթ լինելով, թե ինչպիսի քաղաքական ուժերի վրա է հենվում ՀՀ նախագահը, ակամայից հարց է ծագում, թե՝ այդ քաղաքական հենարանը նրան բարեկամ է, թե՞ դավաճան:
Բերենք մի քանի օրինակներ. հասարակական բուռն շարժումների շրջանում, երբ մարդիկ օգտվելով իրենց ազատությունից, տարբեր հավաքների, երթերի, միտինգների ժամանակ իրենց կարծիքն են արտահայտում, Գալուստ Սահակյանը, մեջբերելով Հովհաննես Թումանյանի խոսքերը, այդ շարժումները բնութագրում է որպես կործանարար ամբոխի ելույթ, իսկ Կրթության և գիտության նախարար Աշոտյանը կարևորագույն նշանակության հարցերի քննարկման ժամանակ, ինքնավստահ ցինիզմով, (որը նրան տվել է իշխանական աթոռը և ոչ նրա անձի արժանիքը), վիրավորում է պատգամավորներին: ՀՀԿ անդամները իրենց պահվածքով ցույց են տալիս, որ նրանք հասարակության հետ չեն, և ժողովրդավարական ցանկացած շարժում ընդունում են թշնամաբար:
Վերջին շրջանում, բոլոր կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչներ ՀՀԿ-ական պատգամավորներն ու կառավարության անդամներն ամբարտավան կեցվածքով փողոցի տղայական պահվածքով հարցերի քննարկումը տանում են վիրավորանքների դաշտ, որովհետև նրանց մոտ բացակայում է հարցերի խորը համակողմանի վերլուծությունների ունակությունը և հստակ պատասխանները:
Այսպիսի հասարակական -քաղաքական իրականության մեջ առավել, քան դրական են երևում ընդդիմադիր պատգամավորներն՝ իրենց գիտական ու ազգային մոտեցմամբ:
Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, քաղաքական դաշտում գոյություն ունի միայն իշխանության թույլտվությամբ ու հովանավորությամբ, սակայն ՀՀԿ-ն այսօր խանգարում է անգամ իշխանություններին՝ իր ոչ ազգային ու թույլ պրոֆեսիոնալ պահվածքով: Որպես քաղաքական կուսակցություն՝ այն հենվելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի ստեղծած գաղափարական հենքի վրա, չզարգացրեց այն, որովհետև մերօրյա ՀՀԿ -ականներին ոչ թե գաղափարներն են հետաքրքրում, այլ կուսակցության ընձեռած իշխանական և բիզնես հնարավորությունները:
Կառավարությունը հանրության կողմից բարձրացված ոչ մի հրատապ հարցի չի կարողանում պատասխանել և փորձում է խոհափիլիսոփայական կամ ամբարտավան խոսքերով ծածկել հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ու դժվարությունները:
Երբ փոխվարչապետն ի լուր Հայաստանի Հանրապետության, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում են սահմանամերձ բնակավայրերը, և հսկայական միջոցներ են ծախսվում՝ կրթակենցաղային շինությունների վերանորոգման ու ճանապարհների բարեկարգման վրա, այդ նույն սահանամերձ բնակավայրերի բնակիչները հիասթափվում են և իշխանություններից, և երկրի նախագահից, որովհետև նրանք մի կերպ են քանդուքարափ ճանապարհներով, հասնում իրենց բնակավայր, տեսնում փակված դպրոցներ ու մանկապարտեզներ, երկաթյա կողպեքներով փակված դարպասների դռներ և հասկանում են, որ իրենք ոչ ոքի պետք չեն: Մինչդեռ իշխանավորները ստում են և էլ ավելի լկտիանում ու թալանում:
Մի՞թե դա դավաճանություն չէ երկրի նախագահի նկատմամբ, երբ իրական պատկերը ներկայացնելու և բարեփոխումների ուղիներ ծրագրելու փոխարեն՝ ոչինչ չասող հայտարարություններ են անում նպաստելով երկրի կործանմանը:
Սերժ Սարգսյանն այսօր չունի քաղաքական հենարան, նա հենվում է մարդկանց վրա, ովքեր իրենց անգործությամբ ու անհատական թույլ որակներով դավաճանում են իրեն:
Շարունակելի…
Պատմաբան-հասարակագետ,
Արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Հովհաննիսյան
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում Քեսաբից նոր ժամանած եղբայրներ Սերժ և Արամ Քալլուկյանները տեղեկացրեցին, որ սոցցանցերում տարածված տեսանյութերն ու լուսանկարները Քեսաբից չեն և դրանցում սպանված կամ բռնության ենթարկված անձիք քեսաբահայեր չեն:
Նրանց վերջին տեղեկությունները ստացվել են այսօր առավոտյան:
«Քեսաբում ոչ մի կապի միջոց չի աշխատում, ուստի իբր այնտեղից տեղադրված և տարածված բոլոր նյութերը չեն կարող համապատասխանել իրականությանը: Կխնդրեինք չտարածել այդ սուտ տեղեկությունները, որովհետև դրանք միայն վնասում են քեսաբահայերին: Քեսաբում երեխաներ չեն սպանվել և ոչ մի հայ զոհ, բարեբախտաբար, չի եղել»,-նշեց Սերժ Քալլուկյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կան կորածներ, Արամ Քալլուկյանը հայտնեց, որ կորածների թիվը մոտ 30-40 հոգի է: Նրա խոսքով, անվանացուցակ է կազմված, սակայն ճշգրտված չէ:
Նշենք, որ երիտասարդների ծնողներն օրեր առաջ են տեղահանվել Քեսաբից՝ նրանց մորեղբայրների, մորաքրոջ և պապիկի հետ միասին:
«ՎԱՐԿԱԾ» ակումբում լրագրողներին տրամադրվեցին բացառիկ լուսանկարներ և տեսաձայնագրություն քեսաբյան իրական իրադարձություններից, որոնք արվել են վերջին օրերին:
[nggallery id=147]
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Էլհամ Շիրխանիի և Զոհրաբ Ստեփանյանի դատական նիստը:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էլհամ Շիրխանին, 2013 թվականի նոյեմբերի 8-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից իր հեշտոցում թաքցրել է ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ քաշով «մետամֆետամին», 86 հատ՝ ընդհանուր 0,43 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր, որոնք տեղափոխել է Երևան՝ իր ծանոթին՝ Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու նպատակով:
Վերջինս, սակայն, չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, բերման են ենթարկել Զոհրաբ Ստեփանյանին և էլհամ Շիրխանիին, որի անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են։
Է.Շիրխանիի մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, ընդհանուր 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել՝ իր կողմից օգտագործելու նպատակով:
Ըստ Զոհրաբ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2013 թվականի օգոստոս ամսին ծանոթանալով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էլհամ Շիրխանիի հետ և տեղեկանալով, որ վերջինս զբաղվում է Իրանից Հայաստան ներկված թմրամիջոցների իրացմամբ, ցանկացել է նրանից ապօրինի ձեռք բերել «մեթադոն» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։
Դատարան բերված էլհամ Շիրխանիին նիստերի դահլիճ չբերեցին, քանի որ չէր ներկայացել նրա թարգմանիչը:
Զոհրաբ Ստեփանյանն իրեն զգում էր ինչպես տանը, իսկ նրա ընկերները, որոնք կամ թմրամոլներ էին, կամ ալկոհոլի ազդեցության տակ, միմյանց հետ ողջագուրվելուց հետո մեղադրողի հետ մի կարճ «ընկերական» զրույց ունեցան: Դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի ապրիլի 11-ը: Չէր ներկայացել նաև Զոհրաբ Ստեփանյանի պաշտպանը:
Մարիանա Պետրոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.