23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիական ռազմաօդային ուժերը վերահսկողություն են սահմանել Քեսաբ քաղաքում:
Ինչպես գրում է Газета.ru-ն, բանակը շարժվում է դեպի Քարադուրան հովիտ, որը գտնվում է Քեսաբից 4 կմ հեռավորության վրա:
Իսկ «Syrianperspective» լրատվական գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակն արդեն Քեսաբ քաղաքում է և շրջանն ազատագրում է ահաբեկիչներից:
Նշենք, որ Քեսաբի բնակիչների՝ «ցանկանում ենք քաղաքից ահաբեկիչներին դուրս շպրտել՝ նույնիսկ քաղաքը հողին հավասարեցնելու գնով» հայտարարությունից հետո միայն, օդային ուժերը սկսել են ահաբեկիչների ոչնչացման գործընթացը: Կանխատեսվում է, որ Ալ Սամրաան ևս կազատագրվի հաջորդ 72 ժամերի ընթացքում:
Քեսաբահայերին կոչ են անում. «Պատրաստվե՛ք վերադառնալ Քեսաբ»:
Ազգային Ժողովի ապրիլի 28-ի նիստի ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ն ընդդիմադիր ուժ է դառնում։
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում՝ խմբակցության ղեկավարը մանրամասնեց, թե այսուհետև ինչ աշխատելաոճ են որդեգրում:
«Տարբերությունն արդեն ակնհայտորեն հասկանալի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ավելի ազատ ես քո որոշումների մեջ, այլևս կոալիցիոն կաշկանդումներ չկան, և՛ նախագծերի, և՛ օրենքների շուրջ մենք կունենանք հստակ, ընգծված և բավականին սուր շեշտադրումներով մեր հրապարակային կարծիքները։ Այդ ազատությունը հնարավորություն է նաև տարբեր քննարկումներին ազատ մասնակցելու և տեսակետեր ու մոտեցումներ ասելու համար։ Սա է հիմնական տարբերությունը լինելու»,-նշեց նա։
Այն հարցին, թե ՕԵԿ-ը համագործակցելո՞ւ է մյուս ընդդիմադիր ուժերի հետ, Հեղինե Բիշարյանն ասաց. «Միանշանակ, այս պահին ոչ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ կարմիր գծերի և տեսախցիկների հետ կապված այլևս այդ լսումները ձեռք չեն տալիս և առաջարկեցին հանձնաժողովի ձևավորում, մեր ներկայացուցիչը նրանց հետ մասնակցում է այդ հանձնաժողով ստեղծելու քննարկմանը»։
Արդյո՞ք ՕԵԿ-ը՝ մասնավորապես կուսակցության նախագահը, հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակ ունի և այդ ուղղությամբ է գործելու, Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չգտավ այդ մասին խոսել։
«Քանի որ Արթուր Բաղդասարյանը եղել է նախագահի թեկնածու, չի բացառվում, բայց այդ մասին խոսելը շատ վաղ է», — եզրափակեց խմբակցության ղեկավարը։
Մարինե Ամիրյան
Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանգներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսեւորումը, ապրիլյան օրերին իբրեւ ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը եւ ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված հետ քայլը:
Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության շրջանակներում եւ այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որը ի վերջո բարձրագույն մակարդակից թուրքական պետության ներկայացուցիչը հայտարարում է, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարեւոր նշանակություն ունի: Մնացյալը, ցավակցություն, հոգիների խաղաղություն, ընդհանուր զոհեր եւ ցավեր շարունակվում են տեղավորվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ։ Ապրիլ 24-ի բաժինը եւս որոշակիորեն համահունչ կարող է նկատվել այդ բոլորին: Չպետք է մոռանալ միաժամանակ, որ նախ՝ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ներկայացնող թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում Ստամբուլի, Անկարայի եւ տարբեր շրջաններում ծայր առած եւ հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչման միջոցառումներին։
Բայց կարեւոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր հայերին Էրդողանի ակնարկը, որովհետեւ ծխածածկույթի եւ մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:
Մշուշապատման այս պետական փորձը մատնում է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքական «Թե.Ռե.Թե. Հաբեր» հեռուստակայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութողլուն վարչապետ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրեւ Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութողլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
Այստեղ եւս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովրդների միջեւ ընթացող հարաբերությունները եւ ոչ թե Անկարա-Երեւան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:
Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային եւ երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականորեն ո՛չ հայության ցավակից լինելն է, ո՛չ Թուրքիայում զուտ հայկական շրջանակների ապրիլյան միջոցառումներ կազմակերպելու թույլտվություն տալը, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիներին խաղաղություն ցանկանալը: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարեւոր դրույթներին համահունչ կարեւոր առավելություններ ձեռք բերելն է միջազգային ընտանիքի առաջ: Եւ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:
Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլ նաեւ ապրիլյան միջոցառումներ իր քաղաքներում արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետությունը չէ, այլ նաեւ Ա. աշխարհամարտի ընթացքում ընկած զոհերի ժառանգորդներին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի ազգաբնակչության տեղահանության պատճառ հանդիսացող պետությունը չէ, այլ նաեւ ցեղասպանությունից վերապրածների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եւ նման շատ ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի տեսությունը ընդունողին:
Ուրեմն նման փորձերով միջազգային ընտանիքը դրվում է Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումներ»-ի իրականության առջեւ:
Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախային հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է Սիրիահայ գրող, բանաստեղծ Թորոս Թորանյանի նամակն՝ ուղղված թուրք ժողովրդին:
«Դարձյալ Ապրիլի 24-ը եկավ։ Այդ օրը մի ազգի գերեզման դնելու սկիզբը դրվեց։ Սակայն դա վերջը չէր, այլ շարունակության սկիզբը։ Ապրիլը մեր մայրենի լեզվով «ապրել» է նշանակում։
Մեր ժողովուրդը ծնվել է ապրելու համար։ Ապրել է դարերով, մինչդեռ թվով մեզնից շատ ավելի մեծ ժողովուրդները պատմության գիրկն են անցել։ Մենք շարունակեցինք և դեռ շարունակելու ենք ապրել։
Անցյալ տարի ապրիլի 24-ին թոռնիկս մոտենալով ինձ ասաց. «Պապի՛կ, ես թուրքերին չեմ սիրում»։ Նրան պատասխանեցի. «Ինչո՞ւ, անուշիկս, դու թուրք տեսե՞լ ես»։
Թոռնուհիս պատասխանեց. «Չեմ տեսել, բայց լսել եմ, որ նրանք կոտորել են հայերին, եկեղեցիներ կործանել, մեզ վտարել մեր դարավոր հողերից»։
Ես չէի ուզի, որ թոռնուհուս, անմեղ թոռնուհուս հոգին պղտորվեր։
Ամեն ինչ բացատրեցի նրան և ավելացրի.
«Բայց մենք, ինչպես տեսնում ես, ապրել ենք, վերածաղկել, և մեզ կոտորողների ապրած ողջ տարածքը շքեղացրել ենք՝ նրանց տալով թատրոն, մշակույթ։
Այո՛, քիչ չէ եղել նաև իսլամացած հայերի թիվը, որոնք որպես հայ մահանալով, անգամ թրքանալով՝ ավելացրել են այդ երկրի թիվը։
Հիմա, ձագուկ մի՛ տրտմիր, երբ մենք այժմ պետականություն ունեցող ժողովուրդ ենք դարձել, ու մեր անկախությունը ճանաչվել է մեր հարևան երկրի՝ Թուրքիայի կողմից։ Ճանաչված անկախություն՝ փակ սահմաններով։
Ապրել սիրողները մի օր անպայման կբացեն նաև փակ սահմանները, սահմաններն անգամ կվերանան բոլոր երկրներից, եթե տվյալ երկրի բնակիչների պես մարդիկ ևս սիրեն ապրել։
Եվ ապրողը կտեսնի այդ օրը, սահմաններ չունեցող աշխարհը կդառնա երջանկության օրրան։
Անուշի՛կ թոռնիկս, խոսքս միայն մեր մասին, քո մասին չէ։ Բոլորի մասին է»։
Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետողը խենթացավ։ Թող զենք ու ռումբ պայթեցնողներն այս մասին էլ մտածեն։
Այս օրերին ուր հայ կա, մտածում է Ապրիլի 24-ի մասին։ Ահա Բեյրութում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրված են հայ մշակույթի և գիտության համաշխարհային համբավի հասած հայերի կյանքն ու գործը։
Սա մի փոքր պատասխանն է այն խոսքին, որ աշխարհում լոկ մեկ հայ պետք է մնա՝ այն էլ՝ թանգարանում։
Ահա այդ շարքից մի քանի անուն. Մարշալ Բաղրամյան, ծովալալ Իսակով, գիտնականներ Ալիխանյան եղբայրներ, ծովանկարիչ Այվազովսկի, Խրիմյան Հայրիկ, Զորավար Անդրանիկ, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Կոմիտաս, Ռուբեն Մամուլյան, Շառլ Ազնավուր, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան…
Այսպես Եղեռնից շատ առաջ և հետո աշխարհին տվել ենք բազմահարյուր գիտնականներ, ճարտարապետներ, գեղանկարիչներ, թատրոնի հռչակավոր մարդիկ։
Ապրիլի 24-ը մեր օրերում լացի կամ նզովքի օր չէ, վերածաղկելու օր է, երբ ապրելով և ստեղծագործելով մեր ապրած բոլոր երկրներում, մանավանդ մեր հայրենիքի անկախացած մասում տիրացել ենք մեր գոյատևման իրավունքին, մեր ապրելու կռվի հաղթանակողի իրավունքին։
Թող ճանապարհները բաց լինեն, դռները բաց՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար ու թող Բեռլինյան բոլոր պատերը փլվեն՝ ուրախություն պատճառելով աշխարհին»։
«Ակօս» շաբաթաթերթն այս անգամ ներկայացրել է կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի և նրա կնոջ՝ դերասանուհի Արսինե Խանջյանի նամականերն՝ ուղղված թուրք ժողովրդին:
Ատոմ Էգոյան.
«Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը:
Բայց և այնպես անկարելի է հաղթահարել:
Ես մի խոստում եմ տվել շատ հայերի նման և չեմ կարող դրժել այդ ուխտը, քանի որ այն միշտ կհալածի ինձ:
Ես այս ուխտը պահել եմ’ տեսնելով բնաջնջումը Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում… շատ տարբեր վայրերում այն բանից հետո, ինչ մենք ասել էինք, որ կսովորենք, երդվել էինք, որ Ցեղասպանություն այլևս չպետք է լինի:
Նաև տեսել եմ ձեր քաղաքացիական հասարակության’ հանդուգն կերպով ոտքի կանգնելը և ճշմարտությունն ասելը: Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, քանի որ նա հետևեց այն կտակին, որը յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի պահելու:
Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց ճանաչումի այն հրեշային ոճրի, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով:
Մենք հանձն ենք առել հիշել այն, սակայն ոճիրը շարունակում է բաց վերք մնալ ճիշտ այն հողի վրա, որտեղ իրագործվել է ոճիրը:
Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, սաստիկ հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում առաջ շարժվել: Սակայն չունեմ այլընտրանք, քան ուժասպառ լինելս ընդունելն է:
Մի ամբողջ դար ձեր կառավարությունը պարտադրել է այս ժխտումը ձեզ: Երբեք գոյություն չպիտի ունենան հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, և մենք հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանատգետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդը:
Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթները և ընդվզեք այս յուրահատուկ մարտահրավերին ընդառաջ»:
Արսինե Խանջյան.
«Ճիշտ մեկ տարի առաջ՝ ապրիլին, Պոլսում էի։ Թուրք ծանոթս ինձ ասել էր, որ Օսմանյան շրջանի հայ գրող Զաբել Եսայանի «Ավերակներու մեջ» գրքից մի գլուխ պիտի ընթերցի ռադիոհաղորդման համար։
Ընթերցումը հիշատակն էր լինելու մեկուկես միլիոն հայերի, որոնք նահատակվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թուրքական կառավարության ձեռքով։ Հաշտեցման միտումով բարեկամուհիս առաջարկել էր, որ երկուսս ընթերցենք այն՝ ամեն մեկս մեր մայրենի լեզվով։
Երբ դեպի ռադիոկայան էինք քայլում, նկատեցինք, որ քաղաքը զարդարված է թուրքական դրոշներով։ Ծանոթս բացատրեց, որ ապրիլի 23-ը կարևոր տոն է, որը կոչվում է «Ազգային ինքնիշխանության և երեխաների օր»։ Այդ առիթով երեխաները մեկ օր զբաղեցնում են խորհրդարանի նստարաններն ու խորհրդանշական կերպով ղեկավարում երկիրը։
Երբ հասանք ռադիոկայան, մեզնից առաջ 8-10 տարեկան երեխաներ էին մտնում՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։ Նրանց ծիծաղը վարակիչ էր, աչքերը՝ հրճվանքով լեցուն։ Մենք հեռացանք նրանցից և նստեցինք ձայնային պատասխանատուի առջև՝ տաղավարում, և սկսեցինք ընթերցել Եսայանի պատմածները՝ 1909թ.-ի Ադանայի ջարդերի մասին։
Ես տարված էի այս աղետալի ու ահարկու պատկերները հեռարձակմանը հետևող անծանոթ ունկնդիրների հետ կիսելով։ Իմ ժողովրդի, նախնիներիս պատմության սարսափելի մանրամասնությունները նշելիս փորձում էի տիրապետել զգացմունքներս։ Երբ ծանոթս սկսեց արտասանել այս տողը. «Տեսա մայրեր, որոնք խեղդած էին իրենց մանուկները, որպեսզի անոնց ձայները չբացահայտեին ընտանիքին թաքնված վայրը», երեխաների խումբը մտավ սենյակ՝ հետևելու մեր ձայնագրմանը։ Շփոթված ծանոթիս նայեցի, և սարսափեցի, թե հիմա ինչ պետք է լսեն նրանք։ Ծանոթս շրջվեց դեպի ինձ, նկատեց երեխաներին ու կանգ առավ։
Միշտ շնորհակալ եմ լինելու Աստծուն այդ բարեգութ պահի համար։
Բայց նաև ցնցված էի՝ նկատելով, որ այդ անմեղ երեխաները միշտ պիտի կրեն իրենց հայրերի արարքի բեռը, որ ապագա սերունդները պիտի ժառանգեն իրենց նախնիների ավանդը։
Այդ անմեղ երեխաների մի մասն այն հանցագործների, անտարբերների կամ ժխտողների շառավիղներն էին, որ քայքայել էին իմ նախնիների երեխաների կյանքը։
Ոչ մի ծնող, ոչ մի դաստիարակ, ոչ մի կառավարություն պաշտպանության իրավունք պահանջել չեն կարող, երբ քարոզում են մերժում, նենգություն, ապատեղեկատվություն և կեղծիք: Երեխաները կառավարման թեկուզ մեկ խորհրդանշական օրվա համար պետք է ճշմարտությունն իմանան։ Դժվար է լինելու, քանի որ նրանց փրկությունը, ազատությունն ու արժանապատվությունը կարելի է վերականգնել միայն անցյալի հետ հաշտված ապագայում։ Անցյալ, որ անխղճորեն ժառանգել են իրենց նախնիները։
Մեծ հայրս՝ Արիստակեսը, ծնվել է Էրզրումում։ 1915թ.-ին, երբ 5 տարեկան էր, իր փոքրիկ ծնկների վրա կրել է հոր գլուխը, որը կտրել էին իր աչքերի առաջ՝ թուրք զինվորի ձեռքով։
Ապագայում իր զավակներին կոչել էր իր ընտանիքի ոչնչացված անդամների անուններով՝ Մարի՝ մոր անունով, Գրիգոր՝ հոր անունով, Նշան՝ եղբոր անունով և Զաբել՝ քրոջ անունով։
Զաբելը մայրս էր…»։
Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նամակն՝ ուղղված թուրք ժողովրդին.
«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ,
Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Զույգ պապիկներս ու տատիկներս եկել են այն վայրից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Ստեփան պապս եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատս՝ Թոքատից։
Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը չի լքել իր ազատ կյամքով։ Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանության վերապրողներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած Իթթիհատականների կողմից։
Բոլորն էլ երեխաներ են եղել այդ ժամանակ։ Ստեփան պապս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա՝ հունական որբանոցներում՝ մինչև որպես գաղթական Լիբանան հասնելը։ Վարսենիկ տատս և նրա մեծ մայրը սպանդից փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքն էր վտանգել՝ ճիշտ քայլ անելու համար։
Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմություններն են։
Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից մեծ հայերս են եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբանները հետախուզություն են կատարում Թուրքիայում, նրանք հունա-հելլենական մշակույթների կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։
Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ միայն քանի որ իմ մեծ հայրս այնտեղից են եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով խլվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ Իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։
Ի՞նչ նշանակություն ունեն այդ ամենը մեզ համար։ Շատ պարզ է։ Հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային պառակտում ստեղծել։ Մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։
Սա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։
Արդյոք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլ կկատարի՞ այս հարցի շուրջ։ Չեմ կարծում։ Ոչ էլ զինվորական ատյանը, որը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ իշխել է երկրի վրա և կանի դա։
Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականությունը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերություններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտոններ առաջադրելով, որպեսզի հյուսեն իրականությունն՝ ըստ իրենց հարմարության։ Գիտե՞ք, թե դա ինչ նշանակություն ունի մեզ համար՝ որպես հայեր։ Գիտե՞ք, թե որքան տանջալի է դա մեզ համար։ Բավարար չէ՞ իմ՝ պատմության մեջ սոսկալի եղեռն վերապրածի թոռ լինելս։ Ստիպված եմ մեկ էլ միջազգային հարթակում քարոզչության և փտածության դեմ պայքարել, որպեսզի տիրանամ արդարությանս։
Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունն իրար այնքան մոտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։
Թե՛ հայերը, թե՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ և կառավարություններ, որոնք հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ փտած։
Ավարտին կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմությունները, երաժշտական շրջագայության ժամանակ և առցանց, որոնք ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս են ներշնչել։
Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապես կարողանաք գտնել ինքներդ ձեզ»։
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործների նման:
Թուրք ղեկավարների լարված հոգեվիճակը կարելի է բացատրել «գող՝ սիրտը դող» ասացվածքով, չնայած նրանց չքմեղանքին, քաջատեղյակ լինելով, որ իրենց նախնիներն իսկապես իրագործել են պատմության տարեգրության մեջ ամենահրեշավոր ոճրագործություններից մեկը՝ ցեղասպանությունը…
Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման ևս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի և նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձև է հավանության արժանացնում:
Չնայած երկրի ներսում և դրսում թուրքական կառավարության բազմաբնույթ տագնապներին՝ Անկարայի պաշտոնյաները Սենատի ընդունած Ցեղասպանության բանաձևը դարձրեցին իրենց առաջնահերթությունը: Վարչապետ Էրդողանը մի քանի օրով մի կողմ թողեց իր բռնապետական ոտնձգությունները Ֆեյսբուքի, Յութուբի և Թվիթերի դեմ, որոնցով ձգտում էր թաքցնել իր և որոշ նախարարների բազմամիլիոն դոլարների լվացման և կաշառակերության ծրագրերը: Նա նաև անտեսեց գաղտնալսված զրույցները, որոնց ընթացքում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դավեր էին նյութում սահմանի ուղղությամբ Թուրքիայի վրա հարձակումներ կազմակերպելու համար, որը հետագայում պետք է օգտագործվեր որպես պատրվակ Սիրիայի վրա հարձակվելիս ջիհադական ահաբեկիչների աջակցության համար, որոնք անհաջող պայքար են մղում Ասադի վարչակարգի դեմ:
Սենատի որոշումից դժգոհ, Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունը էլ ավելի կոշտ արձագանքեց՝ մեղադրելով հանձնաժողովին «իր իրավասությունը և պատասխանատվությունը» գերազանցելու մեջ: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձևի ընդունումը:
Այս գործի մեջ ներքաշվեց նաև խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հյուրիյեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձևն արյան ճնշում կբարձրացնի Անկարայում… Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձևերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի…
Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ հրապարակեցին Ցեղասպանության բանաձևի մասին, պնդելով, որ այդ ձեռնարկն այլևս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչև ապրիլի 24-ը կամ որ բանաձևն անիմաստ է, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի: Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակները համատեղ բանաձևի մաս չեն կազմում և կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:
Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն ձևով, հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձևին, անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թեննեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Վիսքոնսին) և Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք այն հինգ հանրապետական սենատորներն են, որոնք դեմ քվեարկեցին: Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դուրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքեյ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Մակքեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):
Բանաձևի անսպասելի հետևանքներից մեկը խորացող պառակտումն էր Թուրքիայում առկա երկու հզոր ուժերի՝ վարչապետ Էրդողանի և ազդեցիկ իսլամական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի միջև: Էրդողանը մեղադրեց Գյուլենի աջակիցներին «հայկական լոբբիի» կողմից լինելու համար՝ նվիրաբերելով 10 հազար դոլար սենատոր Մենենդեսի քարոզարշավին: Թուրք-ամերիկյան միությունը հերքեց Էրդողանի մեղադրանքները, հայտարարելով, որ իրենք «միշտ դժգոհություն են արտահայտել Մենենդեսին բանաձևերի վերաբերյալ, որոնք վշտացնում են թուրքերին և ադրբեջանցիներին»: Թուրք-ամերիկյան միության պաշտոնյաները խոստացել են դատի տալ թուրք լրագրողներին այն պնդումների համար, որ իրենց կազմակերպությունն աջակցել է Հայկական բանաձևին:
Որպես եզրակացություն. հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Ներկայացուցիչների պալատի բանաձևերը 1975 և 1984 թվականներին: Այս բանաձևերը պարզապես ծառայում են որպես հարմար միջոց Հայոց ցեղասպանության հարցը որպես օրախնդիր պահելու և լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա բևեռելու համար: Բացի այդ, բանաձևերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձևերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:
Նման բանաձևեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձև են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալով թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հարցաքննեց Սիմոն Աղազարյանի գործողություններից տուժած 3 վկաներին:
Վկա էդգար Շաթիրյանը նշեց, որ բնակարանը ձեռք է բերել Գագիկ Պապոյանից 2007 թ-ին, իսկ Սիմոն Աղազարյանին երբևէ չի տեսել:
Վկա Արա Չոբանյանը ևս չէր ճանաչում Սիմոն Աղազարյանին: Նրա վկայությամբ՝գործարք կնքել է Գագիկ Պպոյանի հետ, իսկ նրան վաճառված բնակարանը վաճառվել է ևս 4 հոգու. « Տարի ու կես առաջ եմ իմացել, որ խաբված եմ»,-ասաց վկա Արա Չոբանյանը:
Դանիայում բնակվող, սակայն ցուցմունք տալու նպատակով, Հայաստան եկած Մարինա Հարութունյանի վկայությամբ էլ՝ գումարը ինքն է ուղարկել հորը և նա, որպես լիազորված անձ, գնել է բնակարանը Սիմոն Աղազարյանից:
«Մենք Պապոյանի դեմքը չենք տեսել: Մեզ Աղազարյանն է տարել, բնակարանը ցույց տվել: Նրա ասած գումարը կանխիկացրեցինք, վճարեցինք Սիմոնին,իսկ նա ստացավ և ստորագրեց: Մի քանի անգամ դրսում հանդիպել ենք Պապոյանին, բայց չենք իմացել, որ «Գապբնակշին»-ի տնօրենն է»,-պատմեց Մարինա Հարութունյանը:
Սակայն Սիմոն Աղազարյանը պնդում էր, որ վկան սուտ է խոսում: Նրա համոզմամբ, վկան ներկա չի եղել գործարքի ժամանակ:
«Ինձ, որ կախեք էլ քիչ կլինի, պարոն դատավոր: Ես ընդունում եմ, խաբել եմ, առանց տուն եմ թողել շատ մարդկանց, բայց վկան սուտ է խոսում. նա ներկա չի եղել գործարքին, մենք նրա հոր հետ գնացել ենք բանկ, գումարը վերցրել և անմիջապես գնացել Պապոյանի մոտ, վերջինս էլ ցույց է տվել այդ տան հատակագիծը»,-ասաց ամբաստանյալը:
Սակայն դատավորը նշեց, որ այդ փաստն այդքան էլ կարևոր չէ:
Ի դեպ, մի պահ կրքերը թեժացան. տուժող Սոնիկ Մաղաքյանը ամբաստանյալի պաշտպանի հետ վեճի բռնվեց, և տուժողին ստիպված հեռացրեցին նիստերի դահլիճից:
Դրսում, դատից հետո, նա մեզ ցույց տվեց փաստաթղթեր, որոնցում, ըստ նրա, Գագիկ Պապոյանի ստորագրությունները կեղծված են: Այսինքն, որպես գումարը ստացող անձ, նա չի ստորագրել:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Մարիանա Պետրոսյան
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ է փոխանցում:
Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:
Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:
Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:
Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:
Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:
Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված տասնյակ տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:
Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:
Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:
100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ինչպես գիտենք, երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին:
«Հայկական Վարկած»—ը մի շարք քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե ըստ նրանց, որն է ՕԵԿ-ի նման դիրքորոշման պատճառը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, նման որոշումը կապված է մի քանի պատճառների հետ:
«Պատճառներից մեկը այն է, որ ՕԵԿ-ի սպասելիքները չեն արդարացվել: Երկրորդ, այսպես ասած, կոալիցիոն գործընկերություն չի եղել՝ ՀՀԿ-ն միանձնյա է որոշումներ կայացրել: Երրորդ. ՕԵԿ-ի՝ նոր վարչապետի մասին պատկերացումները բոլորովին այլն են եղել, և Հովիկ Աբրահամյանը չի համապատասխանել դրանց: Եվ վերջապես մյուս պատճառը, եթե 6 տարի այդ կարգավիճակում աշխատել են և հիմա են նման որոշում կայացրել, նշանակում է այն խնդիրը կա, որի մասին ես վերջին ժամանակներս բարձրաձայնել եմ՝ ներիշխանական ժգնաժամ է»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որն իշխանությանը շատ է թուլացրել:
Այն հարցին, թե հնարավոր է ՕԵԿ-ին տեսնենք «Հրաշալի քառյակի» կողքին, այսինքն՝ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցելիս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Իրենք հայտարարեցին, որ ընդդիմադիր դաշտ են վերադառնում. ոչ իմ մոտ է այդ դաշտի բանալին, ոչ էլ ինչ-որ մեկի, այդ դաշտը բաց է՝ անսահմանափակ տարածություն: Նրանք իրենց գործունեությամբ կամ պիտի ստանան քաղաքացիների աջակցությունը, կամ՝ ոչ: Դա է ամբողջ խնդիրը: Այնպես որ ժամանակի խնդիր է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե քաղաքական գուշակություններով չի զբաղվում, պարզապես ՕԵԿ-ի որոշումն ընդունում է ի գիտություն:
«Չեմ ցանկանում վերլուծություններ անել, մենք՝ որպես քաղաքական ուժ, ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումն ընդունում ենք ի գիտություն»,-ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, վաղ է ասել, թե կհայտնվի ՕԵԿ-ը ոչ իշխանական չորս ուժերի կողքին, թե՝ ոչ:
«Երբ որ ՕԵԿ-ը կներկայացնի իր օրակարգը, մեզ համար տեսանելի կլինի, թե ինչ քաղաքական օրակարգ է իր համար ձևավորում «Օրինաց երկիր» արդեն ոչ կոալիցիոն քաղաքական ուժը, այդ ժամանակ, կարծում եմ, իմաստ կունենա խոսել բոլոր հարցերի մասին: Այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում խոսել այդ մասին»,-ասած Նաիրա Զոհրաբյանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ձևավորվում է տեխնիկական կուսակցություն: Այսինքն, ըստ նրա, կոալիցիա որպես այդպիսին չի լինի, կլինեն անհատներ, որոնք կուսակցություն չեն ներկայացնի, բայց կընդգրկվեն կառավարությունում:
«Առաջ մենք ունեինք կոալիցիոն կառավարություն, լավ թե վատ, ճիշտ, թե սխալ, բայց գոնե անուն կար՝ կոալիցիոն կառավարություն, հիմա կառավարության տեսքը շատ հետաքրքիր է: Կուսակցական կոալիցիա չի կազմվում, բայց ինչպես նկատում ենք՝ մարդիկ կուսակցություններից դուրս են գալիս և, ամենայն հավանականությամբ, ընդգրկվում կառավարության կազմում: Եթե Հայատանի իրողություններից նայենք այդ ամեն ինչին՝ սա ախպերություն է, ուրիշ անուն չենք կարող տալ: Այսինքն, կուսակցությունները նրանց համար պատասխանատվություն չեն կրում, ղեկավարը՝ նույնպես»,-նշեց Արամ Կարապետյանը:
Հնարավո՞ր է ՕԵԿ-ը դառնա ընդդիմադիր կուսակցություն՝ հարցին. Արամ Կարապետյանը պատասխանեց. «Իմ անձնական տեսակետից, ՕԵԿ-ը էլ ոչ մի բան չի կարող դառնալ»:
Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե Արթուր Բաղդասարյանի՝ վարչապետ դառնալու սպասելիքները չեն արադարացվել, որն էլ «Օրինաց երկրին» ստիպել է նման որոշում կայացնել, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նշեց.
«Ինձ ոչ Արթուր Բաղդասարյանն է հետաքրքրում, ոչ նրա սպասելիքնորը, ոչ ՕԵԿ-ը, կարող է չէ՞ ինձ չհետաքրքրել: Ըստ ինձ, մի շրջան կգնա ախպերություն, հետո՝ վիճակը կբարդանա: Քաղաքագիտության մեջ ինչ չէինք լսել, լսեցինք՝ կարելի է ընդդիմադիր չլինել, բայց լինել այլընտրանքային: Քաղաքագիտության կուրս եմ գրել, որ ներկայացրել եմ արտերկրում, նման բան չէինք լսել, իսկ Հայաստանում ինչ ուզենք, կլսենք»,-նկատեց Արամ Կարապետյանը:
«Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով կարդալ ՕԵԿ-ի հայտարարությունը:
«Հայտարարության մեջ մանրամասն պատասխանները կան, կոռեկտ չեմ համարում ուրիշ կուսակցությունների խոհանոցին միջամտելը»,-ասաց Գեղամյանը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես չցանկացավ խոսել այդ թեմայով:
Ա. Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.