29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ամռանը Հայաստանում քաղաքական կյանքը մահանում է, սակայն այս տարի սեպտեմբերի գալուն անհամբեր սպասողները շատ են: Ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները, որի ավարտին պարզ կլինի, թե ուր կգնա Հայաստանը` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, ստեղծում են լարված իրավիճակ:
Եվ այս առումով պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չի զգացվում: Ներկայումս տեղի ունեցող ցանկացած գործընթաց կապվում է կամ եվրամիության ջատագովների, կամ ռուսամետների հետ. դրանում, իհարկե, ճշմարտութուն կա, սակայն, թե՛ տրանսպորտի սակագնի համար մղվող պայքարը, թե՛ հայ վարորդի հետ կապված անախորժ պատմությունը, թե՛ համացանցում սրված գենդերային հավասարության և սեռական փոքրամասնությունների հետ կապված քննարկումները, մեզ բերում են այն համոզման, որ ժողովուրդն այսօր էլ պատրաստ չէ հստակ կողմնորոշվել, և ինչպես դարեր առաջ, այսօր էլ կանգնած է ճակատագրական որոշման առջև, որը սակայն ինչպես դարեր առաջ, իր համար կկայացնեն այլոք:
Այս շաբաթը երկու գույժ բերեց, մենք կորցրեցինք երկու ժողովրդական մարդու, որոնց սիրում ու նրանց արվեստը գնահատում էինք: Կյանքից անժամանակ հեռացան Մարկ Սաղաթելյանն ու Ազատ Գասպարյանը: Մարկի մտքերից մեկը՝ «Քո ապրած ամեն վարկյանից պետք է հաճույք ստանալ» մտորելու տեղիք է տալիս, իսկ մեր ակտիվիստները դա յուրովի են հասկացել. Նոր -նոր էր մարել տարոնատացյության հերթական ակցիան՝ ջրոցիով հրաժարականների պահանջով և տրանսվիստիտների մասնակցությամբ, կապված տրանսպորտի գնի թանկացման հետ, երբ երեկ՝օգորստոսի 4-ին Մաշտոցի պուրակում քննարկում է տեղի ունեցել վճարովի ավտոկայանատեղիների հարցի վերաբերյալ, որը դարձյալ հանրային լուրջ դժգոհություն է առաջացրել. ֆեյսբուքում ստեղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը:
Այս շաբաթը չի կարելի խաղաղ համարել նաև «ռազմական դաշտում»: Մենք բանակում ունեցանք երկու զոհ, ինչը սակայն, ի տարբերություն նախորդների, բողոքի ալիք չբարձրացրեց, անհասկանալի թողնելով՝ համակերպվե՞լ ենք պարբերաբար զոհեր ունենալու մտքին, թե՞ բողոքող զանգվածը զբաղված է այլ խնդիրներով:
Շաբաթվա ընթացքում ռուս-հայկական բարեկամությունը ևս մեկ ձեռքբերում արձանագրեց. մեր երկրի սահմանը խախտած հովվին ռուս սահմանապահները սպանեցին: Սա տարաբնույթ արձագանքների տեղիք տվեց, սակայն, փաստը մնում է փաստ, որ առանց այդ էլ լարված իրավիճակը հարևան պետությունների միջև՝ էլ ավելի սրվեց, իսկ Թուրքիան բողոքի նոտա հղեց Հայաստանին:
Ինչևէ, շաբաթը որպես ամառային, բավականին հագեցած էր, սակայն որևէ իրադարձություն, որ հաճելիորեն կազդեր մեր հայրենակիցների տոթ առօրեայի վրա՝ տեղի չունեցավ:
Շաբաթվա Վարկածները՝ Վահրամ Մելիքյանի
Հայաստանում վաղուց ավանդույթ է ձևավորվել, որ քաղաքականությունն ու իրադարձություններն ամենևին էլ չեն ստեղծում այն սուբյեկտները, որ դրան կոչված են:
Կուսակցությունների գոյության մասին հիշում ենք միայն ընտրությունից-ընտրություն, երբ լուսավոր կարգախոսների, առատ խոստումների պակաս չի զգացվում:
Ընտրություններից հետո՝ կուսակցությունները, չնչին բացառություններով, անհետանում են, դառնում անտեսանելի, հասարակության համար՝ անմատչելի: Լավագույն դեպքում՝ գործողությունների այս պահն աշուն են սարքում, աշունը՝ գարուն, և այսպես շարունակ:
Իշխանությունն էլ ժողովրդին հիշում է միայն ընտրության ժամանակ: Կուշտ ու ապահով կերածներն այդ ժամանակ դառնում են բարի մարդիկ, կարող են նույնիսկ մի քանի ընտրողի լավություն անել, մյուսներին՝ լսել կամ կաշառել:
Ընտրություններից հետո՝ դարձյալ էս պաշտոնյաները շրջապատվում են «ախրանիկներով», ովքեր Բեռլինի պատի պես Հայաստանը բաժանում են մասերի, որի մի կողմում «Ապահով Հայաստանում» ապրողներն են, մյուսում՝ «Ապահով Հայաստանի» զոհերը:
Երկու Հայաստանները բախվում են, իրար կողքի ապրում են, բայց հաղորդակցվել չեն կարողանում. նրանց բնավորություններն ու լեզուն, քսակների պարունակությունը, նույնիսկ՝ ժպիտն ու տխրությունը տարբեր են:
Արքունական Հայաստանում ուզում են հարստանալ, շատ հարստանալ, գերշահույթներ ստանալ: Դե, տրանսպորտի գինն է թանկանում:
Գիծ ունեցող պաշտոնյայի տղեն սրանից հետո իր նոր-նոր գնած «Մեսեդեսը» կփոխարինի «Բենթլիով»:
Էն չքավոր Հայաստանի չարքաշ քաղաքացին էլ օրը մի հաց պակաս կուտի, որ խալխի հարուստի «Բենթլիի» ծախսը դուրս գա:
Խեղճ, հուսահատված ու կոտրված, պատերազմ հաղթած ու զոռբաների առաջ ծնկի եկած ժողովուրդ…
…Արտագաղթն էլ կա ու կա:
Հլը Հովհաննես Թումանյանն էր Գիքորի տխուր պատմությունն արել:
Խոխեն քաղաք կգնա՝ մարդ կդառնա…
Նախկին ազատամարդիկ Հրաչն էլ էդ մասին էր մտածում: Խեղճն ինչ իմանար, որ ռուսիո բազազ արտեմներն ավելի դաժան ու անսիրտ են:
Մի երկու օր էլ Հրաչից ու թանկացումներից կխոսենք ու կմոռանանք, որովհետև «Աստված էլ բեթարից ազատելը» մեզ համար չէ:
Մեր քաղաքական այրերը ասում են՝ երկրում հեղափոխական վիճակ է:
Րաֆֆին հեղափոխությունն ուզում է կլոր սեղանի շուրջ անել, Անդրիասը՝ սահմանադրական հռչակագրով:
Արամ Կարապետյանն իսկի մեր հեղափոխական պոտենցիալին էլ չի հավատում, ասում է՝ մեր արածը հազիվ սոցիալական բունտ լինի:
Տո, Արամ ջան, սկի սոցիալական բունտին էլ չեմ հավատում, որովհետև մեր անտառում շակալները սպանել են առյուծին և հիմա խրախճանք են կազմակերպել, անասելի մի խրախճանք՝ ժանատախտի պահին…
Անտառը այլանդակվել է, մնացել են միայն բարի հիշողությունները՝ նրա երբեմնի գեղեցկության, մի բուռ գերեզման դարձած քաջասիրտ առյուծի մասին…
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
Շաբաթվա սկիզբն անցավ եվրոպական նշանաբանով:
Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էր Հայաստանում: Հոկտեմբերին Վիլնյուսում նախատեսված Ասոցացման նախաստորագրումից առաջ եկել էր վերջին ստուգարքն ընդունելու: Մերոնք ստուգարքը, կարծես թե, հանձնել են, այլապես երեկ Ֆրանսիայի դեսպանը գոհունակությամբ չէր արձանագրի, որ ուրախ է ԵՄ-ի առջև մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքով:
Համ էլ ռուսները խիստ ջղագրգիռ վիճակում են. իրար հետևից հարցազրույցներ են տալիս ոչ անհայտ Կուրղինյանը, Կոլերովը, Զատուլինը, ովքեր հայ-ռուսական բարեկամության բաժակաճառերի արանքում հաթաթա են տալիս Հայաստանի իշխանությանը, նախազգուշացնում են, որ Եվրոպա տանող ճանապարհն անցնում է «դժոխքով»:
Հայաստանի իշխանության գործողությունների սցենարը պարզ չէ. մի կողմից եվրոպական առաջարկները գայթակղիչ են և նպաստելու են Հայաստանի զարգացմանը, ինչու չէ՝ լեգիտիմություն են հաղորդելու իշխանությանը, մյուս կողմից՝ Մոսկվան խոսքից կարող է գործի անցնել, ասենք՝ պատերազմ հրահրել Ղարաբաղում կամ՝ ռուսական սոուսով ընդդիմադիր բլոկ ձևավորել իշխանության դեմ:
Ըստ այդմ՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի թիմն իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է մշակել:
Դրանցից բարենպաստը՝ հոկտեմբերին Վիլնյուսում, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումն է, որը մի կողմից արտաքին ու տնտեսական բարենպաստ միջավայր կստեղծի Հայաստանի համար, մյուս կողմից՝ ներքին քարոզչության գրավիչ հաղթաթուղթ կհանդիսանա իշխանության համար:
Սակայն կա նաև անբարենպաստ վիճակ, արտաքին հայտնի հանգամանքներ, որոնք կարող են ստիպել Հայաստանի իշխանությանն՝ առնվազն հետաձգել Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը: Դրա համար անհրաժեշտ են ֆորսմաժորային պահեստային տարբերակներ:
Ասենք, բեմականացվում է ներիշխանական լուրջ ճգնաժամ: Դրա ծիլերն արդեն կան՝ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակադրության տեսքով:
Կամ՝ ընդդիմությունն ակտիվանում է, խորհրդարանում բարձրացնում է նախագահի պաշտոնանկության հարցը: Ի դեպ, նման ակնարկ արդեն իսկ հնչել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից:
Բայց սրանք միայն վարկածներ են, իսկ ներիշխանական հակասությունները, կարծես թե՝ իրողություն:
Օֆշորային հայտնի սկանդալից և Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցից հետո՝ շատերը կանխատեսեցին վարչապետի հրաժարականը:
Սխալվեցին: Տիգրան Սարգսյանն ոչ միայն հրաժարական չտվեց, այլև մտադիր է հարձակվել:
Արարատի մարզպետարանի վարչության պետ Տիգրան Վիրաբյանը մեծ խաղի մանր զոհ դարձավ: Ժամանակին, երբ նա հայտնի ընտանիքի ներկայացուցիչներին արտոնյալ կարգավիճակով բենզին ու դիզվառելիք էր մատակարում, մտածում էր բախտավոր պաշտոնավարելու և կուշտ փորով ապրելու մասին, այսօր դրա պատճառով՝ Վիրաբյանն ազատազրկված է:
Դրա համար էլ՝ ժողովուրդը պաշտոնը համեմատում է վարունգի հետ…որը միշտ էլ կարող է թարս աճել:
Իսկ Հայաստանի ընդդիմությանն էլ նույնիսկ չգիտես, թե ինչի կամ ում հետ համեմատես:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները համակարգի մաս են և ամառային իրենց հանգիստն էլ վստահաբար վայելելու են երևելիների օրինակով:
Օրինակ, Լևոն Զուրաբյանի մինուճարն ինչ պակաս է Սամվել Ալեքսանյանի յոթ զավակներից, որ չվայելի արտերկրի բարիքները:
Դե, փողոցում մնացած ընդդիմությունն էլ պարտադիր պետք է կրկնի այն ճանապարհը, որով անցել են նախկին բոլոր ընդդիմադիրները:
Երեկ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների հրավիրած սակավամարդ հանրահավաքն ավարտվեց ձերբակալությամբ, բարեբախտաբար՝ Գարեգին Չուգասզյանին Կենտրոնի բաժնում պահեցին ընդամենը մի քանի ժամ:
Մեր բոլոր ժամանակների ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան հասարակ մի ճշմարտություն, որ ժամանակակից քաղաքականությունը մի փոքր տարբերվում է Ավարայրի ճակատամարտից՝ ռազմավարական և մարտավարական իմաստով:
«Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն ի սկզբանե տանում է պարտության, նաև՝ ոստիկանից անիմաստ ծեծվելն ու բաժին տարվելը:
Բայց սա է հայկական իրականությունը, որի շաբաթը սկսվում է եվրոձգտումներով և ավարտվում է սովետական իրականություն հիշեցնող քաղմասերով:
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
Առաջին հայացքից գուցե ոչ այնքան կարևոր, սակայն, ցավալի մի իրողություն մեր հասարակությունում գնալով արմատավորվում է: Դեգրադացման գործընթացը հասել է այնտեղ, որ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը գալով Հայաստան՝ անում է մի աղմկահարույց հայտարարություն, որով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փաստացի «մուտիլովշիկ է հանում», իսկ սոցցանցերում ավելի կարևորվում ու շատ ակտիվ քննարկման առարկա է դառնում Կիպրոսի գլխավոր դատախազի ազգանվան հնչողությունը՝ շատերի մոտ ինչ-որ ասոցացիաներ առաջացնելով: Իսկ բուն հայտարարությունը, որն իրականում հենց ամենակարևորն է, կարծես թե երկրորդական պլան է մղվում:
Չէ՞ որ ամեն օր չէ, որ նման օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ հերքում է երկրի վարչապետի ասածները՝ նշելով, թե պարզապես հնարավոր չէ իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել առանց տվյալ անձի իմացության: Սրանով ամեն ինչ ասված է, և վարչապետի ու նրան պաշտպանողների բանակի բոլոր արդարացումները միանգամից հօդս են ցնդում: Այլ հարց է, որ պաշտպանողներն էլի շարունակում են և կշարունակեն պաշտպանել Տիգրան Սարգսյանին:
Պաշտպանողներից է նաև երկրի նախագահը, որն իր դիրքորոշումը հայտնեց՝ հանրությանը հուզող հարցին որևէ գնահատական չտալով: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն այլ գնահատականներ տվեց, այլ երևույթներին, օրինակ՝ հմտորեն հող նախապատրաստեց ՎՊ նախագահի մասնակցությամբ հերթական շոուն կազմակերպելու, միևնույն է, Իշխան Զաքարյանի պաշտոնավարությունը սեպտեմբերից դադարեցվելու է:
Այս շաբաթը հագեցած էր. Ս.Սարգսյանը հուլիսի 1-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերանշանակեց Ռոբերտ Նազարյանին, որը, կարծես, ստեղծվել է այդ պաշտոնի համար, մինչ օրս նա խելոք անում է այն ամենը ինչ իրեն մատուցում են և արժանանում վստահության:
Սակայն դառնանք շաբաթվա վարկածներից ամենահետաքրքրականին. վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալը հասավ իր գագաթնակետին և «հանգուցալուծմանը»:
Նախ՝ լուրեր շրջանառվեցին Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանի հրաժարականի մասին, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն էր և, ըստ լրատվամիջոցների, անմիջական կապ ուներ գործարանում տեղի ունեցած բոլոր ֆինանսական անօրինական գործարքների հետ:
Մինչ մի եղբայրը հրաժարական էր տալիս, մյուս եղբայրը հանդես էր գալիս զոհի դերում, որին զրպարտել են՝ նրա անունով ընկերություն գրանցելով: Նման զրպարտության ենթարկվելը, կարծում եմ, շատերիս երազանքը կլիներ, և կարծես թե ներկայացումը հաջողվում էր, սակայն որտեղից որտեղ հայտնվեց Կլերիդեսը՝ Պետրոս անունով, և խոչընդոտեց համազգային թատերական այս ներկայացման հերթական գործողության շարունակմանը:
Օֆշորային և ՎՊ նաշվետվության պատմությունների «հանգուցալուծումների» արանքում եղավ գովազդային թեթև ընդմիջում. նախ՝ «Բլումբերգը» հրապարակեց «ամենաանբարոյական» կամ արատավոր երևույթներին ամենաշատը տրվող քաղաքացիներ ունեցող երկրների աղյուսակը, որում Հայաստանը 4-րդ տեղում էր, ինչը Ահարոն Ադիբեկյանը որակեց որպես պատվեր: Այստեղ զավեշտալին այն է, որ պատվերներից խոսում է մեկը, ով տևական ժամանակ, «նստած է իշխանական պատվերների վրա», և եթե հանրապետության առաջատար պատվեր կատարող Ադիբեկյանը կարող է կատարել ներքին պատվերներ, ապա ինչո՞ւ է զարմանում, երբ ոմանք էլ կատարում են դրսի պատվերներ: Չէ՞ որ պատվերների դաշտը դեռ մոնոպոլիզացված չէ:
«Գովազդային ընդմիջման» մեջ տեղ գտան նաև նախկին ու ներկա՝ նախագահի թեկնածուները. Ագռավաքարից կրկին խոսեց տիեզերքի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սեդրակյանը, որը թեպետ 81 տոկոս չհավաքեց, բայց նախագահ դառնալու իր մտադրությունն ու վստահությունը համարեց նորմալ: Էպոսագետն այսօր արդեն արդիական չէ, որովհետև մեկ այլ նախագահացու՝ Ադրբեջանի նախագահի հայազգի թեկնածու Գրիգորի Այվազյանն իր մտքի գոհարներով երկրորդական պլան մղեց Սեդրակյանին: Պարզվում է, որ Ադրբեջանի ժողովուրդն իրականում կողմնակից չէ Ալիևին, այլ մեզ հետ է: Թե որտեղից են պեղում նման երևույթներին՝ դժվար է ասել…
Մտքի գոհարներ արտահայտելու հարցում այս անգամ փայլեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ նշելով, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները և բացթողումները վերաբերում են քաղաքաշինական ոլորտում պետական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներին ընդհանրապես, այլ ոչ թե ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Այս դեպքում հարց է առաջանում. եթե վերը նշված հարցերով քաղաքաշինության նախարարությունը չի զբաղվում, ապա ինչո՞վ է առհասարակ արդարացվում նախարարության գոյությունը, թե այն գործում է «լամինատի» ներկրման շրջանակներում : Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի լուծարել այդ կառույցը և դրա փոխարեն բացել լամինատ ներկրող խոշոր բիզնես — ընկերություն՝ Սամվել Թադևոսյանի նախագահությամբ:
Լղոզելու մշակույթը շարունակում է արդիական և կիրառելի մնալ: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ իր գործընկերոջից հետ չմնաց՝ ասելով, թե ինքը 100 մլն դրամով զուգարան չէր գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն և եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել: Հիշեցնենք, որ ՎՊ-ը կատարված այս ծախսը որակել էր իբրև անարդյունավետ:
Չարաշահումների մասին բավականին ընդդիմադիր և ջղային կարծիք էր հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գնահատականներն այնքան կոշտ էին, որ ԶԼՄ-ներում նույնիսկ խոսակցություններ շրջանառվեցին աշնանը նրա հնարավոր պաշտոնանկության մասին:
Անդրադառնանք Սերժ Սարգսյանի գնահատականների ՎՊ զեկույցի վերաբերյալ: Չնայած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ չհնչեցրեց, սակայն մինչ այդ արդեն հասցրել էր հնչեցնել՝ այսպես ասած, «փակելով» իր իսկ բացած՝ բյուջեն լափելու և թալանելու թեման:
Նորություն չէ, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ից, և Իշխան Զաքարյանը սովորական մի կատարող է, որը հավանաբար արդեն հետաքրքիր չէ իշխանություններին: Նա դժվար թե ինքնուրույն կարծիքներ հնչեցներ, որոնք, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ ոքի հետաքրքիր չեն: Սեպտեմբերին լրանում է Զաքարյանի պաշտոնավարության ժամկետը և, բնականաբար, նա չի վերանշանակվի, իսկ այն, ինչի ականատեսը եղանք օրերս, հիանալի հիմք է Իշխան Զաքարյանի՝ ասպարեզից ավելի «գեղեցիկ» հեռացման համար:
Բայց սա ՎՊ բացահայտումների ներկայացման առաջնային նպատակը չէր: Իսկ առաջնայինը, ըստ ինձ, շատ պարզ է և հստակ՝ արդեն ավանդական դարձած՝ հասարակության ուշադրությունը շեղելու տեխնոլոգիայի կիրառումը: Նախ՝ գնաճը, հետո՝ օֆշորային սկանդալը, որն իրոք լուրջ խնդիր էր իշխանությունների համար, և շտապ անհրաժեշտություն առաջացավ բեմադրել մի աղմկահարույց իրադարձություն, որն իր վրա կհրավիրի հասարակության ուշադրությունը:
Իսկ ՎՊ-ն նախ նշեց, որ հաշվետվության մասին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, բացի այդ՝ պարզաբանեց, որ հաշվետվության մեջ չի եղել բյուջեն լափելու և թալանելու մասին արտահայտությունները:
Արդյունքում անհասկանալի մնաց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, և կանխատեսելի դարձավ Իշխան Զաքարյանի ճակատագիրը:
Բացի այդ, հնարավոր է՝ Ի.Զաքարյանը սցենարից մի փոքր շեղվեց և մի 2 անզգույշ բան ասաց, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը տրամաբանական էր, չէ՞ որ բյուջեի 70 տոկոսի ռիսկային լինելն առաջին հերթին կրկին հարվածում է Տիգրան Սարգսյանի վարկանիշին, ով առանց այն էլ այսօր լավ վիճակում չէ և խրված է օֆշորային սկանդալի մեջ: Նորություն չէ, որ հանրապետության նախագահն ամեն գնով փորձում է պահել Տիգրան Սարգսյանին, մանավանդ, որ գնահատական չտվեց նաև օֆշորային սկանդալի վերաբերյալ, կարծես թե նման բան չէր եղել:
Ամեն դեպքում, Տիգրան Սարգսյանը, կարծես թե այս անգամ էլ տակից դուրս եկավ, նույնիսկ հայտարարեց, թե եկել է պատասխան տալու ժամանակը, և, բնականաբար, պատասխան տվողն ինքը չի լինելու, ընդհակառակը՝ ինքը լինելու է չափազանց խիստ՝ ցանկացած խախտման վերաբերյալ:
Հասարակության ուշադրությունը շեղելու համար բացի վերը նշվածից, այլ նպաստավոր պայմաններ էլ ստեղծվեցին, սակայն արդեն ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի կողմից, որը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը: Կասկածելի այս տիկինը ոչ միայն կատարեց Ադրբեջանի պատվերը, այլ նաև մշակեց դեպքերի զարգացման մի շատ անհաջող սցենար, ըստ որի՝ իրեն այստեղ իբրև թե սպառնում էին և ինքն անվտանգության խնդիր է ունեցել:
Փաստորեն, մոլդավուհին սին հույսեր փայփայեց, թե ինքն իրենից գոնե այնքան բան է ներկայացնում, որ իրեն նույնիսկ կարող են սպառնալ:
Նույնիսկ Մոլդովայի խորհրդարանը գիտակցեց, որ այդ կինն իրականում այդքան չկա, և Մոլդովայի ՍԴ անդամի միջոցով փոխանցեց, որ ցավում են տեղի ունեցածի համար, և Ա.Գրիգորիուի ասածը զուտ սուբյեկտիվ կարծիք էր, որն իրենք չեն կիսում:
Մոլդովայի խորհրդարանը Աուրելիայի կարծիքը չկիսեց, իսկ այ ՀՀ իշխանություններն այս անգամ կարծես թե կիսեցին սյունեցիների կարծիքը և Լիսկան չվերանշանակվեց մարզպետի պաշտոնում:
Սա, կարելի է ասել, շաբաթվա միակ ձեռքբերումն էր. մարդկանց դժգոհությունները տեղ հասան, և Վահե Հակոբյանի նշանակմամբ՝ կանխվեց Սուրիկ Խաչատրյանի վերադարձը: Սյունիքը ձերբազատվեց բռնակալից: Թե ինչպես կլինի Վահե Հակոբյանի օրոք՝ ժամանակը ցույց կտա, համենայն դեպս նորանշանակ երիտասարդ մարզպետին, որին բոլորը ճանաչում են որպես Մաքսիմ Հակոբյանի որդի և Մաքսիմ Հակոբյանի որդի լինելու շնորհիվ ԱԺ պատգամավոր դարձած, հնարավորություն կտրվի դրսևորել իրեն գործադիր իշխանությունում և ապացուցել, որ ինքը նաև Վահե Հակոբյանն է և բացի կոճակ սեղմելուց կարող է կոնկրետ գործեր անել:
Այս շաբաթը «իմաստավորվեց» Սահմանադրության օրվա առթիվ, երբ Նախագահը հերթական անգամ բոլորիս ցանկացավ օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Գեղեցիկ է ասված, նամանավանդ արտագաղթից դատարկվող երկրի համար: Մենք էլ ցանկանանք:
Շաբաթն ավարտվեց Վարդավառով, որին, իհարկե, հաջորդեց հերթական մեռելոցը: Հերթական անգամ Տիգրան Սարգսյանը ջրից չոր դուրս գալով՝ «օրհնեց» մեռելոցը՝ թողնելով ապրողաց աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա:
Շաբաթվա Վարկածները մշակեց Կարեն Վարդանյանը
ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտն ազդարարեց քաղաքական առաջին կիսամյակի վերջը: Մեր չարչարված, տանջված գործիչները շուտով եվրոպաներում ու դուբայներում կկազմակերպեն իրենց համեստ հանգիստը, իհարկե` աշխատավարձի հաշվին:
Իսկ մենք փորձենք պարզել, թե կիսամյակային կտրվածքով արդյո՞ք բավարար ցուցանիշ ստացել է մեր քաղաքական դաշտը:
Տարվա առաջին կիսամյակի գլխավոր իրադարձություններն, անշուշտ` ընտրություններն էին:
Սկզբում` նախագահական, որից բացակա ստացած ընդդիմությունը, ծույլիկի կարգավիճակով, մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:
Թե նախագահի և թե ավագանու ընտրություններին չկար այն լարվածությունն, անտագոնիզմը, որը բնորոշ էր 2008-ին, չկար այն մթնոլորտը, որը հանգեցներ հետընտրական բախումների, զոհերի:
Դա, անշուշտ, դրական է, ինպես նաև` այն, որ ընտրական գործընթացը համեմատաբար թափանցիկ ու լավ էր կազմակերպված:
Դրականն այսքանով էլ ավարտվում է, որովհետև զույգ ընտրությունները չբերեցին որակապես նոր քաղաքական համակարգի կայացմանը, չձևավորվեց այն միջավայրը, որն իր մեջ զարգացման ռեսուրսի, իշխանության բարեփոխման պոտենցիալ պարունակեր:
Դարձյալ ընտրությունները դարձան միջոց, ավելի շուտ պատճառ, որոնք հասարակությանն ավելի օտարեցին պետությունից, քաղաքականությունից, սուբյեկտ դառնալու հնարավորությունից:
Տեսական շանս կար, որ հետընտրական Հայսատանում հենց Սերժ Սարգսյանը կիրականացնի բարեփոխումներ, այսինքն` գործ կունենանք նոր որակի իշխանության ձևավորման հետ: Առայժմ դրա ծիլերը նույնիսկ չեն երևում. հին համակարգի ճգնաժամն ակնհայտ է, նորի հիմքերը դրված չեն:
Հարցը միայն այն չէ, որ հիմնական դեմքերը նույնն են: Ավելի էական է այն, որ չի փոխվել կառավարման փիլիսոփայությունը, իշխանություն-հասարակություն հարաբերությունների փիլիսոփայությունը:
Ընտրություններն նաև հույս էին, որ կունենանք նոր որակի ընդդիմություն` ավելի կենսունակ համակարգով, ավելի բաց ու ժողովրդավարական կառուցվածքով:
Ավաղ, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց իր նախորդների գրեթե բոլոր սխալները, ՀՅԴ-ն ապրում է ներկուսակցական ճգնաժամի աննախադեպ փուլ, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անձնակենտրոն և ոչ կենսունակ կառույցներ են:
Թերևս սա է պատճառը, որ Հայաստանում բացակայում է քաղաքական պայքարը` դասական իմաստով:
Նույնիսկ ընտրությունների ժամանակ գաղափարների և ծրագրերի մրցակցություն չկար:
Նախագահական մրցապայքարի գլխավոր հարցը դարձավ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, ավագանու ընտրությունների ժամանակ` Տարոն Մարգարյանի ունեցվածքը:
Սրանք, իհարկե, կարևոր թեմաներ են, սակայն որևէ կերպ չեն կոմպրեսացնում ծրագրերի, գաղափարների, նոր իդեաների պակասը:
Մեր քաղաքական իրականությունը բնորոշում են Գյումրիի և Գորիսի կրակոցները, աղմկոտ դատավարությունները, որոնցում զավեշտն ավելի շատ է, քան` արդարադատության հաստատման հնարավորությունը:
Այս ամենը հուշում է, որ Հայաստանում ստեղծվել է քրեաօլիգարխիկ մի համակարգ, որն իր մեջ լափել է նաև ընդդիմությանը կամ` նրա տիտղոսային հատվածին:
Այդ համակարգը նման է ճահճի, որը բացառում է որևէ զարգացում, կրեատիվ որևէ գաղափարի ռեալիզացիա:
Չեք կարող նշել գեթ մեկ նոր գաղափար, որ լսելի դարձավ վերջին հինգ-վեց ամիսներին:
Իշխանությունն ու ավանդական ընդդիմությունն կրկնում էին նույն շաբլոն ձևակերպումները, եթե չհաշվենք Րաֆֆու «Բարև»-ը, որն ավելի շատ ձև էր, քան` բովանդակություն:
Ինչ մնում է մարգինալ ուժերին, ապա նրանց առաջարկները ադեկվատ չեն. նրանք 25 տարի անց, միանգամայն այլ իրավիճակում, փորձում են անել այն, ինչ արվել է հեռավոր 88-ին:
Այս պայմաններում` միանգամայն հասկանալի, տրամաբանված է հասարակության օտարումը քաղաքականությունից:
Նույնիսկ կարելի է ասել, որ քաղաքականություն կոչվածը չկա էլ ու հասարակության մասնակցությունը չեղած բանին չարժե անգամ քննարկել:
Հասարակությունը մնացել է մենակ՝ իր դարդ ու ցավի, թանկացած գազի, կակուտի խփած բերքի հետ:
Եթե նույնիսկ հասարակությունը մերթընդմերթ հետաքրքրություն է դրսևորում, ապա միայն` հանդիսատեսի կարգավիճակում:
Ասենք, երբեմն հետաքրքիր է իմանալ, թե ով ինչքան է դիզել օֆշորում կամ լափել բյուջեից, «վերևներում»` ով, ում տակն է փորում:
Բայց սա, մեծ հաշվով, կապ չունի մեր կյանքի որակի, մեր պրոբլեմների հետ:
Հատկապես գազի գնի բարձրացման գործընթացը հրապարակայնացրեց մի քանի իրողություն:
Իշխանության ցինիզմը, որով նա ամիսներ շարունակ հասարակությունից թաքցրել է գազի գնի թանկացման անխուսափելիությունը: Թաքցրել է` ընտրությունները չհարամելու համար:
Ընդդիմության անտարբերությունը, որը սոցիալական լարվածության ֆոնին անգամ` դատարկ թողեց հրապարակը:
Հասարակության անկարողությունը, որն արտահայտվում է արտագաղթով:
Եվ վերջապես հայ-ռուսական հարաբերությունների ողբերգականությունը, որն արտահայտվում է վասալի և տիրոջ փոխհարաբերություններով:
Ասել կուզի` մտահոգիչ են ոչ միայն շաբաթվա, այլ նաև` կիսամյակային վարկածները:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Ներքաղաքական իմաստով` անցնած շաբաթը Հայաստանի համար անհետաքրքիր չես համարի:
Վերահսկիչ պալատի բավականին ուշագրավ բացահայտումներ, բանավեճեր ու քննարկումներ վարչապետի օֆշորային ունեցվածքի մասին, չդադարող խոսակցություններ` Գորիսի կրակոցների շուրջ:
Ամբողղջ խնդիրն այն է, որ նկարագրվածը գրեթե կապ չունի իրական քաղաքականության հետ:
Օրինակ, եթե Վերահսկիչ պալատն ասում է, որ բյուջեից մսխվել է 200 միլիոն դոլար, ապա պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն մեղավորները:
Հավատացեք` այդ դեպքում, նորմալ երկրներում, քաղաքականությունը կվերջանար, և խնդրով կզբաղվեին իրավապահ մարմինները:
Սակայն` Հայաստանի տիպի երկրներում, Վերահսկիչ պալատի հաշվետվություններն, որպես կանոն, իրավական հետևանքներ չեն ունենում, ըստ այդմ` օրակարգային են դառնում քաղաքական հարթության մեջ:
Նույնը վերաբերում է Գորիսի դեպքերին:
Եթե հասարակությունն ու քաղաքական ուժերը վստահ լինեին, որ նախաքննությունը կքննարկի բոլոր վարկածները` խնդիրն առնվազն քիչ կքաղաքականացվեր:
Բայց բոլորս նկատում ենք, որ նախաքննության նպատակը` Խաչատրյանի մերձավորների համար ինքնապաշտպանության վարկածի ապահովումն է:
Մի փոքր այլ է վարչապետի օֆշորային թեման. Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն, սակայն այս պարագայում էլ տարակուսելի է այդ դիմումի բովանդակությունը:
Սարգսյանը չի ասում, որ իրեն զրպարտել են, ընդամենը խնդրում է պարզել, թե ով է իր անունից օֆշորային գործարքներ իրականացրել, ֆիրմա հիմնել:
Համաձայնեք` մի փոքր ծիծաղելի է:
Մի խոսքով` մեզանում քաղաքական ուժերը խոսում են ոչ թե երկրի զարգացման հեռանկարների, այլ սկանդալների մասին ու այնպիսի տպավորություն է, որ եթե այդ սկանդալները չլինեն, քաղաքական դաշտում կատարյալ պարապուրդ կլինի:
Այ, մեր հարևան Թուրքիայում տրամագծորեն հակառակ վիճակն է:
Բավական էր, որ վարչապետ Էրդողանը որոշեր վերակառուցել Ստամբուլի մի այգի` անմիջապես հասունացավ լուրջ քաղաքական ճգնաժամ. երկիրը դարձյալ կանգնած է քեմալականության և իսլամականության երկընտրանքի առաջ:
Հարևան Իրանում երեկ հայտնի դարձավ նոր նախագահի անունը:
Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջարի փոխանցմամբ, երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, առաջին տեղը գրաված Հասան Ռուհանիի հաջողության գրավականը իր շուրջ նախկին բարեփոխական նախագահներ Խաթամիի և Ռաֆսանջանիի համախմբումն էր, ովքեր հայտարարեցին, որ ամենից լավ Ռուհանին կկարողանա իրականացնել իրենց ծրագրերը:
Ասել, թե իրանական ընտրությունները ժողովրդավարական են, բառիս բուն իմաստով` անկեղծ չի լինի: Այս երկրում` երկրի հեգևոր իշխանությունն է` բավականին կամայական և անհասկանալի պատճառներով, որոշում, թե թեկնածուներից ով պետք է գրանցվի:
Մյուս կողմից` չի անտեսվել Իրանի ընտրողների կամքը:
Ակնհայտ է, որ Հասան Ռուհանին չէր հոգևոր առաջնորդի նախընտրած թեկնածուն, թեև նա այնպիսի բարեփոխիչ չէ, ինչպիսին էր` նախկին նախագահ Ռաֆսանջանին:
Ռուհանիին կողմ քվեարկեցին Իրանի այն քաղաքացիները, ովքեր ամենից առաջ ցանկանում էին քվեարկել բարեփոխիչների համար, նրանք, ովքեր ցանկանում էին Ռաֆսանջանիին տեսնել նախագահի դերում, և նրանք ովքեր դժգոհ են Իրանում առկա իրավիճակից:
Բնական է նաև, որ նոր նախագահի ընտրությունն որոշակիորեն մեղմացնելու է ԻԻՀ-ի և Արևմուտքի հարաբերությունները:
Տեսականորեն նոր նախագահ` արդեն նոյեմբեր ամսին, կարող է ունենալ նաև Ադրբեջանը:
Սակայն` միայն տեսականորեն, որովհետև Իլհամ Ալիևը վերարտադրվելու է ցանկացած գնով` թքած ունենալով թե իր հասարակության, և թե միջազգային հանրության վրա:
Խոստովանենք, սակայն, որ այս անգամ նա որոշակի խնդիրներ ունի:
Ընդդիմությունն ոչ միայն միավորվել է, այլև` փորձում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Իսկ Վրաստանում տեղի ունեցողը կոչվում է իշխանության հանձնման գործընթաց:
Անցնող յուրաքանչյուր օրվա և շաբաթվա հետ` Սահակաշվիլին ավելի է հեռանում իշխանությունից:
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
Մի տխուր օրինաչափություն է նկատվում Հայաստանում:
Մեզանում, դասական իմաստով, քաղաքական իրադարձություններ տեղի չեն ունենում, քաղաքական ուժերը չեն ձևակերպում օրակարգ, որն առնչվի երկրի զարգացմանը վերաբերող խնդիրների հետ:
Հայաստանի օրակարգը ձևավորում են իրադարձություններն, որոնք ունեն քրեաքաղական բնույթ:
Օրինակ, դիտարկենք վերջին շաբաթը:
Այն եզրափակվեց Երևանի նոր ավագանու առաջին նիստով, որն էլ, զուտ ֆորմալ առումով, լուծեց Տարոն Մարգարյանի վերանշանակման, ավելի ճիշտ` վերընտրության խնդիրը:
Սակայն այս իրադարձությունը, մեծ իմաստով, մնաց ստվերում, որովհետև բոլորը հասականում են, որ Երևանի քաղաքապետի ընտրության հարցն որոշվում է` ոչ ընտրատեղամասերում, և ոչ էլ` ավագանիում, այլ` Բաղրամյան 26-ում:
Նույն տրամաբանությամբ` որևէ մարզպետի աշխատանքը բնավ էլ չի գնահատվում նրա ֆունկցիոնալ պարտականությունների կատարմամբ:
Օրինակ, երբ նախագահական ընտրություններից հետո հրաժարական տվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, բոլորը հասկացան, որ դա տեղի է ունեցել բնավ ոչ այն պատաճառով, որ գեներալը ձախողել է կառավարության ծրագրերը կոնկրետ մարզում: Տվյալ դեպքում` պատճառը քաղաքական էր. Գիզիրյանը լավ «տոկոս խփող» չէր:
Ավելի տխուր է, երբ քաղաքական գործընթացների հիմքում` կրակոցներն են:
Օրինակ, եթե Գորիսում չհնչեին կրակոցներ, մինչև հիմա կշարունակեր պաշտոնավարել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը:
Եվ բնավ կապ չունի այն հանգամանքը, որ նա, մեղմ ասած, չէր համապատասխանում այն չափանիշներին, որով պետք է օժտված լիներ մարզպետը:
Կապ չունի նաև այն հանգամանքը, որ այս պարոնն անցած տարիներին մի քանի անգամ հայտնվել է սկանդալների կիզակետում, նրա անունն ասոցացվում է ծեծերի, մարդկանց նվաստացնելու փաստերի, քրեական նկարագիր ունեցող ազգականների, ֆեոդալիզմի հետ:
Նա պաշտոնանկ արվեց հիմա, որովհետև նրա մասնակցությամբ հերթական ռազբորկան ավարտվեց մարդկային զոհով, ընդ որում` զոհը նույնպես հայտնի ընտանիքի ներկայացուցիչ էր:
Այսինքն, եթե, օրինակ, զոհը լիներ հասարակ մեկը, հնարավոր է` տեղի ունեցածը լայն հասարակական արձագանք չունենար, կոծկվեր, այլ կերպ մեկնաբանվեր, ու Լիսկան շարունակեր պաշտոնավարել:
Խաչատրյանը լավ մարզպետ էր, թ՞ ե ոչ:
Իմ կարծիքով` ոչ:
Սակայն այդ հարցադրումն ինքնին արհեստական է, որովհետև նրա երկար պաշտոնավարման կամ հանկարծակի պաշտոնանկության հիմքում` բնավ էլ այդ մոտիվը կամ այդ հարցի պատասխանը չէ:
Վերցնենք շաբաթվա մեկ այլ իրադարձություն, որը, դասական իմաստով, քաղաքական չէ, սակայն ավելի շատ է ազդում քաղաքական գործընթացի վրա, քան, ասենք` որևէ կուսակցության դիրքորոշումը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցույթան շուրջ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի գործով ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կապ չունի: Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ն, անցած շաբաթվա վերջին, նման հայտարարություն է արել գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատական նիստին: «Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո»,- հայտարարել է նա:
Շարքային մի ամբաստանյալի հայտարարությունը քաղաքական հետևանքներ է ունենալու, որովհետև դատական այդ գործն ինքնին քաղաքական է:
Մինչև այսօր էլ հասարակության զգալի հատվածի համար այնքան էլ պարզ չեն այն մոտիվը կամ մոտիվները, որոնք պետք է դրդեին, որպեսզի նախագահի, մեծ իմաստով, անհայտ մի թեկնածուն պատվիրեր սպանությունը մեկ այլ թեկնածուի, ով թեև հայտնի էր, սակայն ակնհայտորեն եղանակ չէր ստեղծում նախագահական ընտրարշավում:
Կնշանակի` Սեդրակայնն այս հանցագործության ընդամնեը շղթաներից մեկն է և ոչ` կազմակերպիչը, և հանցագործության թիրախն էլ ոչ թե Հայրիկյանն էր, այլ ընտրությունների բնականոն ընթացքը, այսինքն` դրանք խաթարելը:
Կամ էլ` գուցե ամբաստանյալը ճիշտ է, ու Սեդրակյանը կեղծ մատնության զոհ է:
Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպողները, իրականում` այն ուժերը, որոնք մտադրվել էին վիժեցնել ընտրությունները` ազատության մեջ են, ըստ այդմ` մեր երկրին սպառնացող մարտահրավերները չեզոքացված չեն:
Դեռևս երկար ժամանակ Հայաստանի քաղաքական գործընթացների համար նշանային կլինեն քրեական բնույթի իրադարձությունները, կրակոցները, սկանդալները:
Դա այդպես կլինի, որովհետև իշխանությունը քաղաքական չէ, ըստ այդմ` այդպիսին չեն ընդիմությունն ու այն միջավայրը, որում գործում են այդ երկու սուբյեկտները:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Անցնող շաբաթը տոնով սկսվեց, տոնով էլ ավարտվում է:
Լավ նշան է, վատն այն է, որ ժողովուրդը, կարծես թե, համակված չէ տոնական տրամադրությամբ ու օրացույցի կարմիրն ընդամենը խոհրդանշում է, որ օրն աշխատանքային չէ:
Դե, տոնական տրամադրություն առանձնապես չի էլ մնացել: Խեղճ մարդիկ էս գլխից գցում-բռնում են, թե իրենց ծախսերը ոնց կրճատեն՝ գազի թանկ գնով ձմռանը բնակարան ջեռուցելու համար:
Բայց խորհրդանշական է, որ շաբաթը սկսվեց Սարդարապատի տոնակատարությամբ ու ավարտվում է երեխաների իրավունքների պաշտպանության օրով:
Գիտե՞ք, ինչի է խորհրդանշական. որովհետև իմ սերունդը, որ կիսատ-պռատ, բայց կոմունիստական դաստիրակություն է ստացել, իմ մեծերի սերունդը, որն ուղնուծուծով սովետիկուս է՝ չի կարողանում հասկանալ անկախության իրական արժեքը, գնահատել անկախ երկրում ապրելու քաղցրությունը:
Իրական անկախությունը կվայելեն մեր երեխաները՝ ձերբազատված տարբեր իզմերից, Լենին պապիին գովերգելու պարտադրանքից, նման մանր-մունր բաներից, որոնք գումարվելով՝ ամբողջություն են դարձել ու մեր վզներից կապված կարմիր լաթի պես՝ խեղդել են մեր ազատությունը:
Երնեկ այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ ասում էր Մոսոն՝ մեր ազգային հերոսը, անկախականը, մտավորականը, ով 69-ամյա դադարից հետո՝ Ազատության հրապարակում բարձրացրեց մեր եռագույնը, որը դարձավ նաև Երրորդ Հանրապետության խորհրդանիշ՝ տոնի, թե տխրության պահին:
Եռագույնը նաև էն տղերքի, հայրենիք ամբողջացնող էն տեսակի խորհրդանիշն է, ովքեր անկախությունն ու ազատությունը նվաճեցին ռազմի դաշտում՝ Եռաբլուրի բարձունքից միշտ վառ պահելով արժանապատվության կրակը:
Մոսոն էլ նրանցից մեկն էր, որ Եռագույնը բարձրացրեց հանուն այն վաղվա Հայաստանի, որտեղ ապրելու են մեր երեխաները:
Բայց Հայաստանի պայծառ ապագան վաղն է գալու, իսկ այսօրվա իրականությունը գաղջ է, միապաղաղ, տխուր՝ այնքան, որ մեծերս կարող ենք երկմտել անկախություն ունենալ-չունենալու հարցում:
Ոչ ռուսական կայսրություն է ուժեղ Հայսատան ուզել, ոչ էլ՝ սովետական և այսօրվա Ռուսաստանները:
Որ ուզեին՝ 1918թ-ին, թուրքերի հետ անկախ Հայաստանը մեջ-մեջ չէին անի ու օկուպացնի:
Որ ուզեին՝ 1991թ-ին այդքան դժվար մեր անկախությունը չէինք վերականգնի՝ զոհերի ու զրկանքների գնով:
Որ ուզեին՝ Մաքսային միության փաթեթավորմամբ ԽՍՀՄ-2 նախագիծ մեջտեղ չէին բերի ու տարբեր կուրղինյաններով մեզ հաթաթա չէին տա:
Մեր քաղաքական էլիտայում հիմա չկա Մոսոյի ոգեղենականությունն ու դուխն ունեցող մեկը, որ կանգնի և շիտակ «ոչ» ասի Պուտինի նախաձեռնությանը:
Այսօրվա էլիտա կոչվածը աթոռ պահող կամ վերցնող է՝ Մոսկվայի դաբրոյին սպասելով: Նրանց՝ Հայաստանի վաղը չի հետաքրքրում:
Դրա համար էլ ասում եմ՝ գաղջ է մեր իրականությունը, տխուր:
Ու շաբաթն էլ սկսում-վերջացնում ենք ոչ թե տոնական տրամդրությամբ, այլ՝ հերթական սկանդալը դիմավորելով ու ճանապարհ դնելով:
Մեր վարչապետի մեղքերը քիչ էին, հիմա էլ ասում են՝ օֆշորային փողեր ունես:
Վարչապետը հերքում է, ընդդիմախոսները նույն եռանդով պնդում են, թե մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի Տիգրան Սարգսյանը դու ես, որ կաս:
Էս հաստատում-հերքումներն ինչով կավարտվեն՝ չգիտեմ, բայց որ երկրում մի բան էն չէ՝ հաստատ է:
Որ ամեն բան կարգին լիներ՝ կհասկանայինք, թե ինչու են ուզում վերակառուցել Հանրապետության հրապարակը:
Գուցե հրապարակը վերակառուցվելու խնդիր ունի, բայց երկու բանից շատ վախենում եմ:
Հանկարծ մեր հրապարակը չհայտնվի Փակ շուկայի օրը՝ դառնալով օլիգարխիայի վերջին հարվածը Հանրապետության սրտին:
Կամ էլ՝ էն անաստված Պուտինի մտքով չանցնի, որ անհարաժեշտ է մի նոր «Գույք՝ պարտքի դիմաց» անել՝ գեղարվեստական բաղկացուցիչով…
Եթե ռուսաց կայսրը նման բան որոշի, կարող է պահանջել, որ պերեստրոյկայի ենթարկված հրապարակում, Լենինի արձանի տեղում, կանգնեցնեն իր արձանը:
…Իսկ մեր այսօրվա էլիտայում Պուտինին «ոչ» ասելու դուխ ունեցողը չկա…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Անցնող շաբաթն անցավ գազի գների բարձրացման և Արմավիրի կարկտահարության թեմաների քննարկումներով:
Այս խնդիրները քննարկվեցին նաև Ազգային ժողովում` չնայած բոլորի համար էլ ակնհայտ էր, որ պատգամավորների տեսակետները, հազիվ թե, որոշիչ լինեն գործադիրի համար, հատկապես` գազի սակագնի հարցում:
Հրանտ Բագրատյանի մի կանխատեսում իրականություն դարձավ:
Նույնիսկ գազի սակագնի հարցում իշխանությունը PR-ի էլեմենտներ օգտագործեց: Նախապես հայտարարվեց, որ գազի գինը կարող է լինել 221 դրամ, հետո «մեծահոգի» կառավարությունը սուբսիդավորման հայտարարություն արեց, ի վերջո ասվեց, որ գազի 1000 խորհանարդի համար վճարելու ենք 156 դրամ:
Սակայն իշխանության ներկայացուցիչները զուր են հույսեր փայփայում, թե ժողովուրդն իրենց քայլերի մեջ մեծահոգություն է տեսնելու:
Իրականում` մեծահոգություն չկա էլ: Նախ, գազի գնի բարձրացումը նույնիսկ 156 դրամի մակարդակով` էապես հարվածելու է հասարակության հատկապես անապահով շերտերին, միջին և փոքր բիզնեսին:
Եվ երկրորդ, իշխանությունը ստել է, խաբել է ժողովրդին, որովհետև գազի գինը թանկացել է իրականում ապրիլի 1-ին, իսկ այդ փաստը թաքցվել է` Երևանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուի հաղթանակը չվտանգելու համար:
Գազի գնի սուբսիդավորումն էլ բարեգորոծության դրսևորում չէ: Ակնհայտ է, որ ծանրանալու է հարկային բեռը, ըստ այդմ` այդ սուբսիդավորումը, մեծ հաշվով, մեր գրպանի հաշվին է լինելու:
Սրան գումարենք նաև այն փաստը, որ իշխանությունը վախեցած է սոցիալական հուզումների, բունտի հեռանկարից:
Սրանով պետք է բացատրել` ոչ միայն գազի գնի սուբսիդավորումը, այլ նաև այն հանգամանքը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ գնաց Արմավիր` հուզումների զարգացումը կանխելու նպատակով:
Ի դեպ, արմավիրցիների արագ արձագանքը կարկտահարությանը, նրանց պայքարի հետևողականությունն ու վճռականությունը ստիպեց, որ կառավարությունը մի քանի կոնկրետ քայլ անի:
Այդ քայլերն, իհարկե, մասնագետների կարծիքով` կիսատ-պռատ են, ամբողջական չեն, սակայն` վստահաբար, նույնիսկ այդ քայլերը չէին լինի, եթե իշխանությունը չտեսներ պայքարող, ճանապարհներ փակող ժողովուրդ:
Անցնող շաբաթվա ընթացքում` մեր պատգամավորներն ոչ միայն գազի և կարկուտի հարցը քննարկեցին, այլ նաև մի նոր մակարդակի վրա բարձրացրեցին խորհրդարանական մշակույթը:
Այնքան փոխադարձ մեղադրանք ու վիրավորանք, որ լսեցինք ավարտված քառօրյայում` չէինք լսել այս խոհրդարանի ողջ գործունեության ընթացքում:
Օրինակ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը` նախարարների զրոյական ազդեցությունն ու կշիռը ի ցույց անելու համար, ասաց, որ նրանք միայնակ լինելու դեպքում` դալանում ծեծ կուտեն:
Սակայն մարդկային և քաղաքական էթիկայի բոլոր կանոնները խախտեց խոհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին, ըստ էության, համեմատելով փողոցային կնոջ հետ:
Ցինիզմի այս դրսևորումը ցույց է տալիս, որ կառավարող կուսակցության ներկայացուցիչներն անդառնալիորեն կտրվել են իրականությունից, ապրում են մի աշխարհում, որը կապ չունի իրական Հայաստանի հետ, որտեղ ապրող ժողովուրդը հատկապես իշխանության ներկայացուցիչներին, մեղմ ասած, տանել չի կարողանում:
Խոհրդարանական այս քառoրյայում նաև դրական մի միտում նկատվեց. դա իշխանությունից դուրս գործող ուժերի կոնսոլիդացված քվեարկությունն էր:
Իհարկե, կառավարության ծրագիրն ընդունվեց, Ընտրական օրենսգիրքը չբարեփոխվեց, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով չստեղծվեց, սակայն, այնուամենայնիվ, դրական է, որ այս հարցերում ոչ իշխանական ուժերը կարողացան ընդհանուր հայտարարի գալ:
Դարձյալ տարօրինակ վարքագիծ դրսևորեց ԲՀԿ-ն: Այս կուսակցությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, բայց քննարկումների ժամանակ բավարարվեց ընդամենը մեկ ելույթով: Դա այն դեպքում, երբ Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ` ԲՀԿ պատգամավորների օրը սկսվում-վերջանում էր կառավարությանն ու վարչապետին հասցեագրված մահացու մեղադրանքներով:
Նկատելի էր նաև, որ ԲՀԿ խմբակցության գործարար թևը, նաև` Գագիկ Ծառուկյանը, կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցեցին` փաստորեն չուզենալով սրել հարաբերություններն իշխանության հետ:
Սրացումներից, բայց այս անգամ` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, փորձում են խուսափել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Նրանք տարածաշրջանային հերթական այցն ամփոփել են հայտարարությամբ` հույս հայտնելով, որ տարեվերջին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ կարգավորման գործընթացում շրջադարձային զարգացումների պետք չէ սպասել` առնվազն մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Ընտրություններն ավարտվեցին:
Ժողովրդի քվեն դռնեդուռ հայցող իշխանավորները դարձյալ մոռացան մահկանացուներիս մասին` կյանքին նայելով իրենց հարմարավետ եվրոկաբինետների ծուռ հայելի հիշեցնող լուսամուտներից:
Ընդդիմությունը բարոյալքված և ջարդված է:
Մեկը լինի` ընդդիմությանը տիրություն անի:
Ժողովուրդը մնաց մենակ` իր դարդ ու ցավի հետ:
«Եղունգ ունես, գլուխդ քորի»` ասում է ժողովրդական ասացվածքը, որն հատկապես տեղին է իշխանությունից քշված, ընդդիմությունից խաբված ժողովուրդների համար:
Իշխանությունը համարում է, որ իր տալիքը տվել է: Ցինիզմի հասնող վարքագծով` ռեստորանից-ռեստորան թրև են գալիս, գլուխ գովում, թե ոնց հինգ-տաս հազարով ժողովրդի քվեն առան, արանքում էլ` իրենց «մշակութային տաղանդին» են զոռ տալիս` նախագահին ու քաղաքապետին կենացներ են ձոնում:
Ամեն ինչ ժանրի մեջ է` խրախճանք ժանտախտից առաջ: Ուտելն ու քծնելն էլ դարձել են քաղաքական կատեգորիաներ: Հատկապես` քծնանքը, որովհետև դրա բարձրաճաշակ մատուցումն երաշխավորում է մի յուղոտ պաշտոն` առաջիկա հմգամյակի, քառամյակի, լավ` երեք տարիների համար:
Ընդդիմությունն էլ մեյդանում ծպտուն չի հանում, բայց կաբինետներում, գրասենյակներում աքլորավարի քննարկումներ են անում` խոսելով իրենց ձախողված մարտիրոսության, ժողովրդի ծախվածության մասին:
Մոռացել են, որ առաջին երեսուն արծաթը հենց իրենք են վերցրել, մոռացել են, որ նախագահին թերթերում հայհոյում են, բայց առիթի դեպքում` հերթ են կանգնում` նրան իրենց փայ չեստը տալու համար: Մոռանում են, որ հայտնի օլիգարխին տարի և կես այնքան անխնա ու անկուշտ են քծնել, որ նրա անունը սրբերի շարքում բրոնիա են արել:
Եկեղեցի բացելն աստվածահաճո գործ է. դա ոչ մեկ չի վիճարկում:
Բայց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունն ու դրան հաջորդած իրադարձությունները դարձան այն հայելին, որը մեր իրականության ու հասարակության, մեր էլիտայի հաբրգածության և ժողովրդի թշվառության արտացոլումն է:
Սոված, բարոյալքված ժողովուրդը հարձակվել էր այն փշրանքի վրա, որ նետվել էր երևելիների կողմից, իսկ երևելիները` պատնեշից այն կողմ, վայելում էին աշխարհքիս բարիքները` հայրենիքն ուրացող դեմքերով խմելով դատարկվող հայրենիքի կենացը:
Ի՞նչ անի խեղճ արմավիրցին, որ կարկուտ եկավ, բերքն առավ ու տարավ: Բանկի տոկոսը մնաց, մեկ էլ` Արգամիչի անկեղծ, ես կասեի` մանկական խոստովանությունը, թե` ժողովուրդ, հո ես ու նախագահը չէի՞նք ուզում, որ կարկուտ գա:
Հա, Արգամիչ ջան, չէիք ուզում` պարզ է, դուք էլ էք ուզում ծիրան ուտել: Բայց խեղճ արմավիրցու ու քո մեջ մի փոքր տարբերություն կա: Էդ մարդիկ ոչ պաշտոն ունեն, ոչ էլ լծակ, բայց կարկուտից առաջ` մի փոքր հույս ունեին, որ պետություն ունեն, իշխանություն, որոնք իրենց կպաշտպանեն, մենակ չեն թողնի փորձանքի ու արհավիրքի պահին:
Իսկ դու եկել ու ասում ես` բողոքում եք, որ ի՞նչ անեք…
«Կարկուտը ծեծած տեղն է խփում»` ասում է ժողովրդական մյուս ասացվածքը:
Բնական աղետը քիչ էր, մի հատ էլ արհավիրք հյուսիսից եկավ` մեր ռամավարական դաշնակից կոչվածից:
Գազը թանկեց, աղքատությունն ու արտագաղթը չոքեցին բոլորիս դռանը:
Չեկիստ Պուտինը մերոնց ասում է` Եվրոպա եք ուզում` եվրոգներով էլ վճարեք:
Մերոնք էլ չխոսկան հարսի նման են, չեն կարողանում ասել` մեր աղբրի վրա նստած այ հրեշ, նախ ռազմաբազաներիդ փողը տուր, նոր մեզնից պահանջիր:
Ռուսաց կայսրի զոռբայության և մերոնց կուսական չխոսկանության արանքում` մի ժողովուրդ թափառական ու գաղթական է դառնում իր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս:
«Տերովին տերն է տանում, անտերին` գելը»` ասում է ժողովրդական երրորդ ասացվածքը:
Երևելիների արտոնությունների և զանգվածային արտագաղթի պատճառով` մեր բանակը դարձել է բանվորագյուղացիական` բառի բուն իմաստով:
Հազարավորներ իրենց հետ բանակ են տանում քաղաքացիական կյանքի դառնությունը, նրանցից մեկի ինքնադրսևորումը տեղի է ունենում մյուսների նվաստացման հաշվին:
Նոր զոհ, նոր դիակ, ևս մեկ հայկական օջախի կործանում…
Հաղթանակած բանակի` Վազգենի լուսավոր տան հիմքում, որջ են դրել սուգն ու հուսահատությունը:
Սա արդեն ողբերգություն է…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.