29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ օգոստոսյան գագաթաժողովի համար Հայաստան այցելելով, բացի արդեն հայտնի հանդիպումներից, պարզվում է, ունեցել է ևս մեկը` թերևս ամենախորհրդավորն ու հետաքրքիրը:
Հայտնի էր, որ Բելառուսի նախագահը Հայաստան եկավ մյուս բոլոր նախագահներից շատ ավելի վաղ` օգոստոսի 18-ին և նախընտրեց իջևանել ոչ թե հյուրանոցում, այլ իր մտերիմ ընկերոջ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դղյակում: Սրանից կարելի է եզրակացնել, որ Լուկաշենկոյի` Հայաստանում անցկացրած ժամանակահատվածում նրա գլխավոր հյուրընկալն ու ցանկությունները կատարողը ոչ թե ՀՀ նախագահն էր, ում հրավերով Հայաստան էին ժամանել իր գործընկերները` ՀԱՊԿ անդամ երկրներից, այլ անձամբ Գագիկ Նիկոլայևիչը։
Հարկ է հիշել, որ իր ժամանման հաջորդ օրը Բելառուսի նախագահը հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չի բացառվում, որ Բելառուսի նախագահի թիվ մեկ հյուրընկալը հենց նա էր, իսկ Ծառուկյանն ընդամենը ֆոն էր: Ինչևէ, սա այդքան էլ էական չէ:
Եվ այսպես, բացի հայտնի հանդիպումներից, պարզվում է, Բատկան ևս մեկն է ունենում: Իր հյուրի գաղտնի հանդիպման համար Ծառուկյանն ընտրում է Երևանի ամենաէլիտար ակումբի համարումն ունեցող «One club»-ը: Այցելուի ով լինելը մինչև վերջ էլ գաղտնի է պահվում. անգամ ակումբի տերերը մինչև հիմա էլ չգիտեն, թե ում համար էին օգոստոսյան այդ օրը փակել ակումբը, ով էր իրենց VIP սրահի հյուրը.
Այս ակումբի VIP սրահը հնարավորություն է տալիս այնտեղից լիարժեք տեսնել, թե ինչ է կատարվում ակումբում, ովքեր են նստած` անձնապես չնկատվելով որևէ մեկից: Հենց նման առավելությունն էլ հիմք է տալիս, որ այստեղ իր ժամանակն անցկացնի, այսպես կոչված, ոսկե երիտասարդությունը` գնահատելով, որ իրենց հրամցնում են ամեն ինչի թանկարժեքը` սպասարկում, տեխնիկա, այստեղ համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյներ են հրավիրվում դրսից` 5-10 հազար եվրո հոնորարով:
Մի խոսքով, իր բարձրաստիճան հյուրի ցանկություններն ի կատար ածելու համար հյուրընկալողն անում է ամեն ինչ, սակայն Բելառուսի նախագահը ռոմանտիկ հանդիպում էր ծրագրել, որի մասին, ըստ երևույթին, ոչ ոք ստույգ ոչինչ չի իմացել։
Ամեն ինչ կազմակերպվում է բարձր մակադակով: Նախագահը գալիս է, մտնում VIP սրահ: Գալիս է մի կին` ոտքից գլուխ ծածկված մահմեդական կնոջ արտահագուստով: Բելառուսի նախագահն ու կինը մոմերի լույսի ներքո ընթրում են, իրար հետ որոշ ժամանակ անցկացնում, որից հետո նույն կերպ խորհրդավոր` հեռանում:
Ո՞վ կարող էր լինել Բելառուսի նախագահի «հատուկ» հյուրը, ու՞մ համար էր փակվել Երևանի ամենաէլիտար ակումբը: Վերջին շրջանում համառորեն պտտվող լուրերը Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի սիրային կապի մասին և երևանյան այս հանդիպման փաստը, թույլ են տալիս ենթադրել, թե խորհրդավոր հյուրը հենց գեղեցկուհի Մեհրիբանն է` իսկ այս հանդիպումը դասել համաշխարհային պատմության մեջ հայտնի եզակի էքստրեմալ սիրային արկածների շարքը:
Հանդիպման եկած կնոջ անձի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա Հայաստան է մտել երկրի հարավային դարպասից` Իրանի կողմից` Մեղրիի անցակետով: Եթե իսկապես «One club»-ում տեղի է ունեցել Լուկաշենկո-Ալիևա հանդիպումը, ապա այս զույգն իսկապես ունի բոլոր շանսերը` ստանալու աշխարհի ամենաէքստրեմալ զույգի համբավը. կազմակերպել ռոմանտիկ հանդիպում թշնամի պետության սրտում` այդ երկրի ամենաէլիտար ակումբում` օգտագործելով այդ պետության իշխանավորների հովանավորությունը, որոնք հավանաբար, անգամ չեն էլ կասկածել, թե ում համար են ջանքեր թափում, ի զորու է միայն ամենաթունդ և ամենահամարձակ սիրահարը: Իսկ որ Ալեքսանդր Լուկաշենկոն համարձակ տղամարդ է, աշխարհում ոչ ոք չի կասկածում:
Եթե իսկապես բացահայտվի, որ Բելառուսի նախագահի ռոմանտիկ երեկոյի հյուրը եղել է հենց Մեհրիբան Ալիևան, ապա կասկածից վեր է, որ վերջինս էլ իր սիրեցյալից պակաս համարձակը չէ և պատրաստ ամենախենթ արարքների` ինչպիսին Երևան գալն ու ամուսնուց գաղտնի ռոմանտիկ հանդիպում ունենալն է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները չեն դադարում, մինչդեռ…
Ասում են` ասողը Քոչարյանն է, այն էլ միայն մտերիմների շրջանում, թե երկրորդ նախագահը բոլորովին էլ մտադիր չէ վերադառնալ: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը մտերիմներին ասում է, թե նոր է միայն հասկացել, որ կարելի է նաև ապրել , «թե չէ ի՞նչ էր` տասը տարի միայն պրատակոլով եմ ապրել` օրը 24 ժամ աշխատանքի մեջ: Էդքան բան եմ արել, հիմա իրավունք ունեմ մի քիչ էլ ապրել»: Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը համեստություն է արել` անտեսելով հիշյալ 10 տարիներից առաջ ընկած ժամանակահատվածը` այն շրջանը, երբ ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղը, այնտեղի զինված ուժերը, իսկ պատերազմի մեջ գտնվող երկիր ղեկավարելը շատ ավելի դժվար պետք է լիներ, քան անգամ հետհոկտեմբեր 27-յան Հայաստանը:
Երևի թե հենց այս համատեքստում էլ հարկավոր է ընկալել երկրորդ նախագահի հետնախագահության վարքագիծը. ուզում է` գնում է Աֆրիկա որսի, չի ուզում, չի գնում, ուզում է` գնում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, չի ուզում, հանգիստ նստում է տանը` ընտանիքի հետ ժամանակ անցկացնում:
Քոչարյանի բացակայությունը Երևանի քաղաքապետի երդման արարողությանը որոշ մարդկանց համար զարմանալի էր թվացել, հատկապես հաշվի առնելով այն խոսակցությունները, թե Կարեն Կարապետյանը երկրորդ նախագահի մարդն է:
Սա առիթ էր դարձել, որպեսզի լրջորեն քննարկվի նաև երկրորդ նախագահի առողջական վիճակի հետ կապված խնդիրները. լուրեր են պտտվում, թե Քոչարյանը հիվանդ է քաղցկեղով: Երբ այս մասին հայտնեցինք ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանին, ում դստեր հետ ամուսնացել է երկրորդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, վերջինս զարմացավ, ժպտաց և ասաց. «Աստված տա, որ ես ու դու էլ էնպիսի առողջություն ունենանք, ոնց որ Քոչարյանն ունի: Նա էնքան առողջ մարդ է, իրեն էնպես է հետևում, ամեն օր ինչ ուզում է լինի` իրենով զբաղվում է` լողը, մարզումները տեղը-տեղին, հետո էլ տարվա մեջ երկու անգամ մեկնում է Գերմանիա` ամբողջական բժշկական քննության, որտեղ բոլոր օրգանները ստուգվում են»:
Ի դեպ, Կարապետյանի` քաղաքապետ ընտրվելու հետ կապված բավական հավաստի ինֆորմացիա կար նաև, որ «ՀայՌուսգազարտ» ընկերության գործադիր տնօրեն կնշանակվի Սեդրակ Քոչարյանը: Բադալյանը սա ևս հերքեց, ասելով, թե նա իր բիզնեսն ունի, իր ընտանիքն է պահում և բոլորովին մտադիր չէ պետական պաշտոնի անցնել. «ասում է` ինչի՞ս է պետք»:
Կմնան Քոչարյանները նույն կարծիքին, թե կմտափոխվեն, ցույց կտա ժամանակը, բայց որ երկրորդ նախագահը լուրջ ազդեցություն է շարունակում պահպանել Հայաստանի քաղաքական դաշտում, փաստ է: Եվ դատելով նրա քայլերից, երկրորդ նախագահը բոլորովին էլ մտադիր չէ իրեն միայն ուղղակի վայելքներին տալ, թեև անգամ ամենափայլուն նախագահը, որի հեռանալը քաղաքականությունից պետության մեջ անգամ մեկ քաղաքացի չի ցանկանա, իսկապես իրավունք ունի ուղղակի ապրել:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Շարունակ խոսվում է հանցագործություններ ծնող պատճառների, ազգաբնակչության վրա դրանց հոգեբանական ազդեցության մասին։ Հասարակության և, մասնավորապես, իրավապահների ուշադրությունը նշված խնդիրների վրա հրավիրելու նպատակով, զրուցեցինք արձակագիր, հոգեբան, ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ Էլդա Գրինի հետ:
— Տիկին Էլդա, այսօր ձերբակալում, դատապարտում են անգամ չնչին արարքների համար, դրանք իրավապահները «համապատասխանեցնում» են քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հետ և պատժում մարդկանց, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, ընդհակառակը` օրեցօր աճում են հանցագործությունները։ Որպես հոգեբան, ի՞նչ կասեք, ինչո՞վ է դա պայմանավորված։
— Հանցագործությունների աճի հիմնական պատճառն այն է, որ տղամարդն, իր արժանիքների մասին յուրահատուկ պատկերացում ունենալով, ցանկանում է իր տղամարդկային հատկանիշները դրսևորել: Բայց եթե նա չի աշխատում, որտեղ պետք է այդ ամենը դրսևորի, այդ պատճառով տղամարդը ապրում է ներքին կոնֆլիկտ կամ անընդհատ կռվրտուքների մեջ է: Ընդհանրապես մեր ազգին բնորոշ է դարձել, որ որևէ չնչին երևույթի տալիս ենք առավել բուռն հակազդում, ինչի պատճառը սոցիալական ծայրաստիճան բևեռացումն է։ Բերեմ մի օրինակ. մի մարդ տաքսի է կանգնեցնում, խնդրում` իրեն հասցնել Մասիվ, վարորդը պատասխանում է, որ հիմա իր ընդմիջման ժամն է և չի կարող, հաճախորդը բարկացած շրխկացնում է մեքենայի դուռը, վարորդը զայրացած իջնում է մեքենայից և «ռազբորկայի» ժամանակ տեղի է ունենում դանակահարություն: Ահա չնչին բանից` մի ողբերգություն: Իրենք էլ են հասկանում -բնութագրում այդ դեպքը, որպես մի կաթիլ մեղրի պատմություն, բայց արդեն ուշ է լինում: Այսպիսի գործերով մեր բանտերը լիքն են, որոնցից տուժում է հասարակությունը։ Մենք մեր երկիրը համարում ենք իրավական երկիր, այդ դեպքում իրավունքը պետք է հավասար լինի: Բայց եթե փորձենք տեսնել, թե ովքեր են ճաղերի ետևում, ապա` նրանցից շատերը մի քանի հավ են գողացել, բայց դա համարվում է խոշոր կողոպուտ: Օրինակ` վերջերս մի տարեց մարդ, ում խնամքին է երեք անչափահաս երեխա, հարևանի տանից գողացել է մեկ բանկա մեղր և երկու` մուրաբա, որի հետևանքով հայտնվել է բանտում: Որտեղ են մեր մեծահարուստները, թող այդպիսի մարդկանց կողքին կանգնեն: Մենք մոռացել ենք, թե ինչ բան է բարությունը, իսկ մեծահարուստները եթե ինչ- որ փողեր են շռայլում, դա դեռ բարություն չէ, պարզապես հաճախ դա իրենց դիրքի ցուցադրություն է, սեփական անձի գովազդ:
— Ուրեմն մարդկանց մի որոշակի մասի մենք ենք դարձնում հանցագործ, երբ նրանց չնչին արարքի համար դատապարտում ենք ազատազրկման, առավելապես չխնայելով թե՚ մեր ազգի քանակը, թե՚ անուշադրության մատնելով որակը:
-Հանցագործության դեմ պայքարն արդյունք չի տալիս և գնալով աճում է դրանց թիվը: Վերցնենք թմրամոլներին, եթե նա օգտագործում է հաշիշ կամ այլ թմրամիջոց, հայտնաբերելով պատժում են: Թմրադեղը մարդն օգտագործում է, որովհետև ստեղծում է իր համար նոր կյանք, իր «ես»-ի սահմաններն ընդլայնում, ցավ չի զգում, և իր իլուզիոն պահանջմունքները բավարարում են ստանում: Ահա` պետությունը բռնեց հանցագործին, նա կրեց իր պատիժը և դուրս եկավ, նորից նա դուրս է մնում ուշադրությունից, աշխատանքով չի ապահովում պետությունը, նա ի՞նչ պետք է անի, պարզ է, որ դառնում է էլ ավելի վտանգավոր հանցագործ և արդեն ոչ միայն իր համար: Մենք պետք է ստեղծենք հնարավորին չափով շատ աշխատատեղեր, հասարակությունը չպետք է բևեռացվի. ծայրահեղացվի հարուստների և աղքատների:
— Մենք շարքային քաղաքացուն ճնշում ենք, նվաստացնում ենք մեր տղամարդկանց, իսկ իրական հանցագործների առջև գլուխ ենք խոնարհում։ Ինչպե՞ս կբացատրեք այդ երևույթը:
— Նախ` ասեմ, որ եթե այսպես շարունակվի, մենք կդառնանք հանցագործ ազգ, քանի որ մեր հասարակության մեջ արմատավորվել է «հանցագործի լուսապսակ» հասկացությունը: Ոմանք, որոնց թիվը զգալի է, չեն խուսափում լինել հանցագործ և նույնիսկ պատահում են երիտասարդներ, ովքեր հանցագործ չեն, բայց ուզում են ձևացնել, որ գողական են, ինչո՞ւ, որովհետև նրանց առջև կան բավականին օրինակներ, երբ մարդը հանցագործ է եղել և այժմ հարուստ կեցության մեջ է: Նրանք պրիմիտիվ զուգահեռ են անցկացնում, մտածում, որ պետք է լինել հանցագործ, սպանել, կողոպտել, արդյունքում` լավ ապրել: Հիմա արժեքներն այնքան են փոխվել, որ շատերը չեն մտածում լինել ինտելիգենտ, լինել վարվեցող, ունենալ բարձր արժանիքներ, որոշ մարդկանց համար դա ծիծաղելի է, քանի որ եթե մարդը կիրթ է, ազնիվ, նա չի համարվում ուժեղ, նպատակասլաց, այլ ընկալվում է որպես թուլամորթ:
— Այ, մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ։ Ի՞նչ է դա։ Օտար բառ է, ասում ենք ու անցնում, բայց, փաստորեն, մի խումբ մարդիկ մեր հասարակությանը տանում են շատ վտանգավոր, կարելի է ասել, ազգի ինքնաոչնչացման ճանապարհով։
— Ընչաքաղցությունը մեզ մոտ հասել է ֆանտաստիկ չափերի: Այսօր ասում ենք` պայքարում ենք կոռուպցիայի դեմ ու դրա վերջը չի էլ երևում, բայց քչերը գիտեն այդ բառի արմատի նշանակությունը, որը լատիներեն «կորումպերե» բառից է, որը նշանակում է փչացնել, քանդել, ջարդել: Ուրեմն նրանք, ովքեր քանդել ու թալանել են ու շարունակում են անպատիժ մնալ, թող պատասխան տան իրենց արարքի համար: Ոչ թե մի խեղճ մարդ, ով լավության դիմաց 10.000 է վերցրել:
— Կգործի՞ մեզ մոտ` դատարանում, երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Գոնե այդ կերպ կարելի կլինի՞ ինչ- որ բան փոխել։
— Եթե շարունակվի կուռ հնազանդությունն ավելի ուժեղներին, հազիվ թե հաջողվի: Չէ որ «անհնազանդ» մարդուն սպասում է աշխատանք կորցնելու վտանգը: Մենք այնքան էլ իրավական երկիր չենք, և ես ամեն օր համոզվում եմ` հիշելով ռուս առակագիր Կռիլովին, որ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», հարուստի մոտ` աղքատը:
— Ասում են` չաշխատողը չի հարստանում, արդյո՞ք մեզ մոտ էդպես է։
— Փաստորեն, անկախությունից հետո բացի այն, որ ցուրտ էր ու մութ, և առկա էին բազմաթիվ այլ խնդիրներ, տղամարդիկ կորցրել էին իրենց աշխատանքը, չէին կարող զբաղվել այն մասնագիտությամբ, որն ունեին, ինչն առաջացնում էր նրանց մոտ հուսահատություն, որը հանգեցրել է տխուր արդյունքների: Նրանք սովորել են ծուլության և այսօր տղամարդկանց մի մեծ զանգված չի աշխատում, և երբ հարցնում ես` ինչպես եք ապրում, նրանք ասում են` արտասահմանի բարեկամներն են օգնում: Կյանքի հիմնական նպատակը`ստեղծագործել, արարել, ավաղ, մնացել է անցյալում:
— Այժմ ավագ սերունդը հիմնականում հուշերով է ապրում , ինչը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին։ Արդյո՞ք այդ հակադրությունը վնասում է մեր հասարակությանը:
— Հետաքրքիր մի օրինաչափություն կա. անցյալը հիշում ես միայն լավ բաներով և մոռանում վատը, իսկ ներկայում մտապահում ես միայն վատը և լավը դեռ չես նշմարում: Երբ որ վատը մի քիչ շատ է, թվում է` ողբերգական վիճակում ես գտնվում և չես կարողանում կողմնորոշվել: Օրինակ` ռուս գրող Կուպրինը երկու անգամ նկարագրել էր նույն ժամանակահատվածը. Մի անգամ, երբ ինքը երիտասարդ էր, նկարագրում էր ներկան խիստ քննադատորեն, իսկ երկրորդ անգամ, լինելով բավականին տարիքն առած մարդ, վարդագույն գույներով է նկարագրում անցյալը: Լավը հիշելով մարդիկ կարոտախտ են ապրում և ես հաճախ լսում եմ, որ այն, ինչ եղել է Խորհրդային Միությունում, անցել է և չի վերադառնա, դա դրախտ էր, որտեղ մարդը մարդուն հարգում էր, հասարակությունը ուներ ապագա, ապահովված էին բոլորը, անվճար էր ուսումը, կարող էիր հանգստանալու գնալ, և այլն, և այլն: Անկախությունը, որին մարդիկ այդքան տենչում էին եկավ, բայց նրանք սպասում էին առավել լավ կյանքի և չէին կարող պատկերացնել, թե ինչ էր իրենց սպասում: Շահեցին միայն «ճարպիկները»։ Մի մասը ստիպված թողեց հայրենիքը, մնացածը ծանր կացության մեջ են այսօր:
— Բայց դժվար կացությունը մեղմ է ասված, ընչաքաղցությունը անցել է բոլոր սահմանները և ազդում է ազգի հոգեկան առողջության վրա: Մարդիկ հուսահատ են: Համաձա՞յն եք:
— Առաջին հերթին մարդիկ կորցրել են ամենակարևորը` էմասիպացիան`ազատ լինելը, որովհետև դեմոկրատական երկիր արտահայտությունը մնացել է օդում կախված, իսկ իրականությունը ճիշտ հակառակն է: Մեր երկիրը մուրացկանի դերում է այսօր, և դեռ լսում ենք, որ մյուս երկրներին ինչ-որ պարտքեր ունենք: Այս ամենն այնպիսի հիասթափություն է առաջացնում, ինչն իր հերթին առաջ է բերում տարբեր սոմատիկ հիվանդություններ, որն ազդում է մարդու թե´ հոգեկան, թե´ ֆիզիկական առողջության վրա:
— Տիկին Էլդա, կարելի ասել, թե այս պարագայում է՞լ ինչի մասին մտածես, մեր մտավորականներն էլ իրենց աջը քաշած` որը դարձավ հանրային խորհրդի անդամ, որը մտավ մի անկյուն և այսօր չի կարևորվում մարդու ներքին կուլտուրան և վարվեցողությունը:
— Իրոք, մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա չէ կուլտուրան, օրինակ, եթե վերցնենք մշակույթը` այն չի գնահատվում, մեր դերասանները, երաժիշտները, ովքեր խղճուկ վիճակում են, իհարկե, հարց է դեռ, թե ինչպես են գոյատևում նման պայմաններում:
Հին Հունաստանում դերասանին վճարում էին այնքան, ինչքան զորավարին, որովհետև եթե վերջինը պահպանում էին հայրենիքի սահմանները, ապա դերասանը պահպանում էր մարդու հոգեկան առողջությունը: Այսօր ամեն ինչին փոխարինելու է եկել փողը, եթե փող ունես, ուրեմն ունես ամեն- ամեն ինչ`դիպլոմ, գործ, պաշտոն: Պատշաճ ձևով չի գնահատվում ինտելեկտը, մարդու կատարած աշխատանքը: Եթե դու վարվեցող ես, ծիծաղում են` քանի որ «կրուտոյ» չես: Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, բայց մենք ինքներս դիմացինին չենք հարգում,չունենք վարվեցողության կանոններ, չգիտենք ինչպես մեզ դրսևորել տարբեր իրավիճակներում, քանի որ կա այն մտածելակերպը, որ եթե փող ունես` կանես ամեն ինչ և կխուսափես պատասխանատվությունից:
Ռուզան Ավոյան
«Լեզվի մասին» օրենքի փոփոխության` երկրորդ ընթերցմամբ քննարկումն այսօր Զարուհի Փոստանջյան-Արմեն Աշոտյան լուրջ լեզվակռվով ուղեկցվեց: Երբ Զարուհի Փոստանջյանն իր հասցեին հիմնական զեկուցողի` Արմեն Աշոտյանի դեռևս մեղմ ասածներից հետո սկսեց գոռալ, Արմեն Աշոտյանը ամբիոնից հայտարարեց.
«Ցավում եմ, որ ոչ միայն տարրական կրթության բացակայություն կա որոշ գործընկերների մոտ, այլ նաև տարրական դաստիարակության: Կարծում եմ, որ այս գործընկերները ոչ թե նորանկախ Հայաստանի հանրակրթության արդյունքն են, այլ խորհրդային դպրոցի: Ուստի սա չվերագրեք ազգային գործող հանրակրթությանը»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը: Զարուհի Փոստանջյանը նաև հայտարարել էր, որ այս պահին վտանգված արևմտահայերենի կողքին կա նաև վտանգված արևելահայերեն ունենալու հեռանկարը:
Անցում կատարելով Weakleaks-ին, Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ անհամբերությամբ սպասում է, թե վերջապես երբ են ի հայտ գալու ՀՀ իշխանությունների և արտաքին ուժերի գաղտնի պայմանավորվածությունների վերաբերյալ սկանդալային կայքի հրապարակումները:
Ստեփան Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Աշոտյանի ներկայացրած նախագիծը ոչ միայն կապ չունի նրա հետ, ինչ կա իրենց համակարգիչներում, այլև նրա հետ, ինչ պատգամավորներին բաժանվել է:
Կառավարությունը որոշել է գյուղացիներին ընդառաջ գնալ: Մինչև հուվարի 1-ը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրումից գյուղացիները որոշ առումով զերծ կմնան: Գործադիրը հասկացել է, հավանաբար, որ մինչև վերջին կաշին թալանվելն ու ապահովագրման պարտադրանքը կարող է սոցիալական բունտի տեղիք տալ գյուղացիների շրջանում և որոշել գյուղացիների ավտոմեքենաներն ապահովագրել ոչ թե տարեկան կտրվածքով, այլ միայն այն ժամանակաշրջանի համար, երբ ավտոմեքենան կօգտագործվի:
Հայտնի է, որ գյուղական շրջաններում, հիմնականում ռուսական արտադրության հին ավտոմեքենաներն օգտագործում են բերքահավաքի ժամանակ. Գյուղացիները դրանցով իրենց բերքը բերում են քաղաք` իրացման նպատակով: Մնացած ամիսներին նրանց ավտոմեքենաները կարող են կանգնած մնալ ավտոտնակներում:
ՀՀ ոստիկանությունը որոշել է օգտվել առիթից ու կառավարության որոշումը տարածել նաև քաղաքացիների վրա. ավտոմեքենաները իրենց ցանկացած ժամկետով կարող են ապահովագրել նաև քաղաքաբնակները։ Դրա համար ավտոմեքենայի տերերը հաշվառումից պետք է հանեն ավտոմեքենան, հանձնեն պետհամարանիշերը, հետո, երբ որոշեն կրկին օգտվել ավտոմեքենայից, հաշվառման կանգնեցնեն և հետ վերցնեն պետհամարանիշերը:
Կառավարության` ոչ մշտական ավտոմեքենա օգտագործողներին ընդառաջ քայլը վերաբերում է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ծախսերին։ Դրա համար պահանջվող 5000-ական դրամները չեն գանձվի այս քաղաքացիներից:
Գյուղացիներին աջակցելու կառավարության նախաձեռնությունը ոստիկանությունը որոշել է տարածել նաև թանկարժեք ավտոմեքենաների տերերի վրա, որոնք իրենց «Ֆերարի»-ները, «Մայբախ»-ները, «Բենթլի»-ներն ու «Ռոյս-Ռոյս»-երը ոչ բոլոր եղանակային պայմաններում են համարձակվում դուրս բերել Հայաստանի քարուքանդ փողոցներ:
Ինչպես հայտնի է, նման ավտոմեքենաների տերերն այս կամ այն կերպ առնչություն են ունենում ոստիկանության հետ։ Նրանք կա´մ Ալիկ Սերգեյիչի «հաճախորդներն են» (այսպես էր ՀՀ ոստիկանապետն անվանում գողականներին), կա´մ հենց իրենք` բարձրաստիճան ոստիկաններն են, կա´մ էլ նրանց հարազատ-բարեկամ-ընկերները: Չի բացառվում, որ այս որոշումը բավականին հարմար սողանցք դառնա բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն կունենան շրջանցել պարտադիր ապահովագրությունը և սա, ինչպես միշտ, դարձյալ կջարդվի շարքային քաղաքացիների գլխին:
ԼՈՒՍԻՆԵ ՔԵՍԱՅԱՆ
«Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2010թ. հոկտեմբերից սկսել էր «Երկրի մասշտաբով յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում հայաստանյան բուհերի ուսանողներից ընդունել անվանական միանվագ կրթաթոշակներ ստանալու հայտերի ընդունումը, որ շարունակվեց մինչև նոյեմբերի 15-ը:
Ապագա կրթաթոշակառուները պետք է ըտրվեին հետևյալ չափանիշներով` կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա.
1.ակադեմիական առաջադիմություն
2.հասարակական ակտիվություն
3. սոցիալական կարգավիճակ
Պետք է ընտրվեր 20 կրթաթոշակառու: Բանկի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ մրցույթին կարող են մասնակցել 5-րդ կուրսի բակալավրիատի 2- 4 րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտներ և ասպիրանտներ: Ասացին նաև, որ բուհի կարգավիճակը` պետական և ոչ պետական, ինչպես նաև հայցորդի քաղաքացիությունը նշանակություն չունի: Մրցույթին դիմել էին 100-ից ավելի հայցվորներ, որոնցից պետք է ընտրվեին 20 լավագույնները: Մրցույթն անցկացվել է մի քանի փուլով, վերջին փուլը եղել է հարցազրույց մասնակիցների հետ, և քանի որ բոլոր դիմողներն էլ, ինչպես ասացին մամուլի ծառայությունից, բացարձակ գերազանց առաջադիմություն ունեին, ընտրությունը բավականին դժվարին էր եղել:
Ինչևէ, այսօր բանկը հրապարակեց հաղթողի անունը , որը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ է և միակողմանի ծնողազուրկ: Մեզ հավաստիացրեցին, որ Անուշը բազմաթիվ օլիմպիադաներում հաղթել է և մնացած մասնակիցների նկատմամբ ուներ մեծ առավելություններ, թե ինչ առավելություններ` չմանրամասնեցին։
Շուշան Գալստյան
Քոչարյանների ընտանիքից Սեդրակ Քոչարյանի առաջխաղացումը, ինչպես երևում է, միակն է: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Բելլա Քոչարյանը շուտով դառնալու է Բժշկական համալսարանի ռեկտոր:
Հայաստանի երկրորդ տիկինը մասնագիտությամբ բժիշկ է, «Նաիրի» բժշկական կենտրոնը և մի շարք այլ` առողջապահության ոլորտին առնչվող բիզնեսներ տիկին Բելլայի անվան հետ են կապվում, սակայն Բժշկականի ռեկտոր դառնալու վերաբերյալ նրա հավակնությունների մասին շրջանառվող լուրը տարակուսելի էր : Հատկապես, որ դա կապվում էր Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և Գոհար Քյալյանի` Կրթության և գիտության նախարար դառնալու հետ: Քյալյան- նախարարի գործոնն արդեն իսկ կասկածելի էր դարձնում լուրը: Այս տիկինն իր էքսցենտրիկ վարք ու բարքով Բժշկականի ռեկտորի աթոռին է հազիվ մնում, ուր մնաց թե առաջխաղացում լինի` որքան էլ տիկինը Սամվել Մայրապետյանի կինն է: Այնպես որ, այս համատեքստով Բելլա Քոչարյանի` ռեկտորի պաշտոնի հավակնելն այդքան էլ իրական չէր թվում: Ի դեպ, երբ նման լուրեր տարածվեցին, Բժշկականի պորֆեսորներից մեկն անմիջապես հերքեց նման հնարավորությունը` դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ տիկին Քոչարյանը չունի համապատասխան գիտական աստիճան:
Ամուսնու պաշտոնավարման ավարտից հետո նախկին առաջին տիկինն աշխատում է ստվերում չմնալ, օրինակ` ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է և ՀՕՖ -ի կազմակերպած ամենամյա տոնավաճառ-բարեգործության ժամանակ անհնար էր չհիանալ տիկին Քոչարյանի անկեղծ ու անմիջական առևտրով` հանուն երեխաների:
Ճիշտ է, լավ կլիներ, որ միլիարդատեր դարձած տիկինն առավել շոշափելի գործով զբաղվեր, ասենք՝ կոնկրետ կառույցների ֆինանսավորում ստանձներ, գոնե այդ միջոցով փորձելով ժողովրդին հետ վերադարձնել նրանից խլված միլիարդներից չնչին տոկոսներ, բայց դե մեզանում բարոյականության այդ տեսակի մասին մտածելը ֆանտաստիկ կլինի։
Առողջապահության և դեղագործության չորս ոլորտների հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 5-ին համագործակցության հուշագիր են կնքել, ինչը թույլ կտա կազմակերպություններին համատեղ գիտական, վիճակագրական, սոցիոլոգիական և այլ հետազոտություններ իրականացնել: Այդ մասին այսօր խոսեցին «Հայկական դեղագործական ասոցիացիա»-ի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Սողոյանը և ԴԱՆ Միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Սամվել Զաքարյանի խոսքերով` իրենք մեծ հաջողության են հասել, քանի որ կառավարությունը վերջապես ընդունել է GMP (Պատշաճ արտադրական գործունեություն ) ստանդարտները, որոնք թույլ կտան դեղերը եվրոպական ստանդարտներով արտադրել:
«Հայ դեղագործները կունենան սերտիֆիկատներ, որոնց միջոցով կկարողանան ներկայանալ աշխարհի տարբեր երկրներում և վաճառել իրենց արտադրանքը: Շատ կազմակերպություններ են արդեն այդ ստանդարտներով գործում»,-շեշտեց Զաքարյանը:
Իսկ Արմեն Սողոյանն ասաց. «Չափազանց կարևոր է, որ բժշկական և դեղագործական կազմակերպությունները կարողանան ճիշտ համագործակցել, ինչը թույլ կտա խուսափել բազմաթիվ բացասական երևույթներից, ինչպես նաև մշակել համագործակցության որոշակի կանոններ: Համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք համակարգել այն ոլորտները, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,-ասաց բանախոսը:
Սամվել Զաքարյանը նաև հավելեց, որ կազմակերպությունները մշակել են մարքետինգային էթիկայի կոդ, որը երեկ ուղարկվել է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին: Այդ փաստաթուղթը թույլ կտա կարգավորել դեղագործական ոլորտը. «Հայաստանի դեղարտադրողները հայտ են ներկայացրել «Միջազգային դեղագործական ասոցիացիաների ֆեդերացիա»-ին, որն իր մեջ ավելի քան 52 կազմակերպություն է ներառում, և ցանկություն են հայտնել միանալ ֆեդերացիային, որը տարբեր երկրներում էթիկայի կանոններով աշխատելու սկզբունքներ է մշակում:
Իսկ Ղուկաս Ուլիխանյանի խոսքերով` վերոնշյալ կազմակերպությունների համագործակցությունը աննախադեպ է, քանի որ բժշկության տարբեր ոլորտները ներկայացնող հկ-ները երբեք նման հուշագրեր չեն ստորագրել:
«Վերջին օրերին կառավարությունը, հոգեմետ դեղերի ցանկի ավելացման հետ կապված, որոշումներ է կայացրել,և մենք նույնպես ցանկանում ենք դիմել կառավարությանը, քանի որ ցանկանում ենք մասնակցել այդ քննարկումներին»,-ասաց Ուլիխանյանը։
Մեր հարցին` թե արդյո՞ք լուրջ վտանգ ներկայացնող «Կոաքսիլը» ներառվել է հոգեմետ դեղերի ցանկում, վերջինս ասաց, որ տեղյակ չէ դրանից։
Նա համոզված է, որ այսօր ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը կեղծ դեղերի շրջանառությունն է, որը լուծելու համար հարկավոր է միավորել առողջապահական ոլորտի բոլոր կազմակերպությունները. առաջին հերթին պետք է իրազեկման ճանապարհով տանել` տեղեկացնել բնակչությանն ու դեղատներին` ինչպես տարբերել կեղծն ու իրականը: Իսկ տարբերելու համար ակումբի հյուրերը խորհուրդ տվեցին ուշադրություն դարձնել դեղի արտաքին տեսքին, գունային երանգներին, պահպանման ժամկետին, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում գրանցված դեղորայքի ցանկին :
Վերջիններս շեշետեցին, որ կեղծ դեղերը Հայաստան թափանցում են արտերկրից ու հիմնականում կեղծվում են այն դեղերը, որոնց շրջանառությունն ավելի մեծ է, ու որոնք ավելի թանկ արժեն: Չնայած դրան, Հայաստանը լավ վիճակում է գտնվում ԱՊՀ երկրների հետ համեմատ: Վերջին փորձագիտական տվյալների համաձայն` կեղծ դեղերի շրջանառությունը մեզ մոտ 1.5 տոկոս է կազմել:
«Չնայած ցուցանիշը փոքր է, բայց մեկ մարդու կյանքն արժե մի ամբողջ աշխարհ: Կեղծ դեղերի պարագայում կավիճը դա լավագույն դեպքն է, Աստված գիտի, թե ինչից ու որ ավտոտնակում են սարքում»,-ասաց Սամվել Զաքարյանը:
Մասնագետների խոսքերով` շատ դեպքերում կեղծ դեղերի պարունակության մեջ խախտվում են առկա նյութերի չափաբաժինները կամ դեղի մեջ ընդհանրապես բացակայում է անհրաժեշտ նյութը:
Ալիսա Շեկոյան
Կամ` թե ինչքան է սիրում Սամվել Ալեքսանյանը «մուկ ու կատու» խաղալ
Անցած շաբաթ Հայաստանում ալյուրի մենաշնորհի տիրակալ Սամվել Ալեքսանյանը միահեծան կերպով բարձրացրեց ցորենի թեփի գինը: «Մանանա գրեյնը» (Արմաշի ալրաղաց) և Բաղրամյանի ալրաղաց կոմբինատը հերթական անգամ թանկացրին ցորենի թեփը:
Հետաքրքիր զուգադիպությամբ հինգշաբթի օրվա խորհրդարանի նիստին Սամվել Ալեքսանյանը հանկարծակի հայտնվեց: Մեր դիտարկումներով` Ալեքսանյանն աշնանային նստաշրջանին դեռ Ազգային ժողով չէր եկել։ Դեկտեմբերի 8-ը առաջին օրն էր, որ նա բարեհաճեց խորհրդարան գալ, սակայն Ալեքսանյանի քրոջ փեսան` պատգամավոր Կորյուն Նահապետյանը շտապեց հավաստիացնել, թե Ալեքսանյանը էլի է եկել, ուղղակի չենք հանդիպել։
Ինչևէ, քանի որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը վերջապես բարեհաճել էր գալ խորհրդարան, որոշեցինք օգտվել առիթից և հարցնել, թե ի՞նչն է թեփի թանկացման պատճառը։ Նոր տարվա շեմին ինչու՞ է Ալեքսանյանը գնացել նման քայլի և ընդհանրապես ի՞նչ ունի նա անասնաբուծության` մասնավորապես խոզաբուծության դեմ:
Հայաստանում շուտով ինչպես ոչխարի միսը, խոզի միսն էլ կվերածվի էկզոտիկ ուտեստի, քանի որ անասնակերի գիշատիչ գնի պատճառով արդեն խոզերի համատարած մորթ է սկսվել։ Ու հեռու չէ այն օրը, որ շուտով խոզի մսի գինը կհատի բոլոր թույլատրելի սահմանները:
Սամվել Ալեքսանյանն իր ներկայությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճը առավելագույնը մեկ ժամով պատվելուց հետո դուրս եկավ այնտեղից: Փորձեցի մոտենալ պատգամավորին, սակայն վերջինս միանգամից թևանցուկ արեց մեկ այլ օլիգարխ-պատգամավորի` Աշոտ Արսենյանին, և ասաց, թե զրուցում է, կավարտի, նոր կպատասխանի: Հայաստանի երկու օլիգարխներն իրար թև մտած սկսեցին շրջել: Եվ հանկարծ Աշոտ Արսենյանին մեկը կանչեց ու Ալեքսանյանը մնաց մենակ: Միանգամից նրա հայացքն ընկավ ինձ վրա և հաջորդ վայրկյանին արդեն պատգամավորի՝ փնտրող, սրատես հայացքն այս ու այն կողմ էր թափառում` փորձելով նոր «զրուցակից» գտնել:
Հենց այդ ժամանակ Ալեքսանյանը տեսավ Ալեքսանդր Սարգսյանին, մոտեցավ, ձեռքով բարևեց և կանգնեց մնաց: Սամվել Ալեքսանյան-Ալեքսանդր Սարգսյան զույգը մի փոքր հեռացավ և սկսեց ինչ-որ հարցեր քննարկել: Նրանց միացավ նաև Առաքել Մովսիսյանը` Շմայսը։ Այս եռյակը տևական ժամանակ զրուցում էր` պարբերաբար չորս կողմ նայելով, և երբ որևէ լրագրող մի փոքր մոտենում էր, միանգամից քար լռություն էր պահպանում, մինչև անցանկալի «հյուրը» չհեռանար:
Այդպես, պատգամավորի «մուկն ու կատուն» շարունակվեց գրեթե կես ժամ, եթե ոչ ավելի: Օլիգարխների թեմաները, ըստ երևույթին, ավարտվեցին և Ալեքսանյանը լայն ժպտալով մոտեցավ ու ասաց. «էդ պահի (խոսքը դիկտոֆոնին էր վերաբերում), թե ընգերական խոսում ենք, խոսանք»:
Պայմանը պայման էր: «Ընգերական» սկսեցինք խոսել, սակայն պարզվեց, որ եթե Ալեքսանյանի հետ խոսելու փորձ անելը մի փորձանք էր, ապա խոսելը` դրանից ավելին էր:
Այդպես հարցին, թե պարո´ն Ալեքսանյան, ինչու՞ եք բարձրացրել ցորենի թեփի գինը, պատգամավորն իրեն հատուկ զարմանքով միանգամից վրա բերեց. «Ո՞վ է բարձրացրել, ըտենց բան չկա»: Երբ հայտնեցի, որ «Մանանա գրեյն» ընկերությունը թեփի 30կգ-անոց պարկը վաճառում էր 8,1 դոլարով, սակայն բարձրացրեց և հասցրեց 10,2 դոլարի, իսկ Բաղրամյանի ալրաղացում 30 կգ-անոց պարկն արժեր 7,9 դոլար, սակայն այստեղ էլ պատրաստվում են դարձնել 10 դոլար, Ալեքսանյանը միանգամից, այսպես ասած, «սուխոյ ատկազ» կանգնեց, թե նման բան չկա. «ինչքանով առել եք, էնքանով էլ հենց հիմա կարաք առնեք»:
Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է բարձրացնել նաև ալյուրի գինը, սակայն բացի դրանից, ալյուրի մոնոպոլիստը որոշել է վերջնականապես քար գցել նաև հացի արտադրությամբ զբաղվող մանր և միջին բիզնեսմենների «բոստանը» և հացի փռերի ցանց է ստեղծում: Մասնավորապես «Սևանի հաց» -ի գործարանին նա տարածքներ է տրամադրում ու նոր բացվող փռերը նրա բիզնես- տանիքի տակ են գործում։ Արդեն Սևանի հացի երրորդ փուռն է բացվել։ Երբ այս մասին ասացինք պատգամավորին, նա դարձյալ սկսեց ժխտել, «ի՞նչ հացի փուռ, ես ոչ մի հատ հացի փուռ չունեմ, ըտենց բան չկա»:
Արդեն պարզ էր, որ եթե խոսքը գնար սուպերմարկետների ցանցի մասին, կարող էր պարզվել, որ Սամվել Ալեքսանյանն անգամ մի հատ դախլ չունի, ուր մնաց թե՝ սուպերմարկետների ցանց:
Ի դեպ, իրականում նրան թույլատրելի է ամեն ինչ` թիվ 1 մենաշնորհը վայելողը օրինակ` կարող է կեղծված օղի վաճառել, որ նրա մոտ շշալցվում է բացառապես գիշերային ժամերին։ Իսկ երբ այդ մասին տեղեկացրել են երկրի նախագահին, նա ձեռքերն է տարածել, ասելով`«ի՞նչ անեմ, բանակ է պահում»։ Բանակ պահողին թույլատրվել է նաև, լինելով շաքարավազի միակ ներկրողը, շաքարավազի մեջ խոնավության ստանդարտ մեկ տոկոսը 9 դարձնել ու ահռելի եկամուտներ գրպանել։ Իսկ սուպերմարկետներում շաքարավազը զեղջի քարտերով չի վաճառվում։
Ինչևէ, տեսնելով, որ անհնար է որևէ բան ապացուցել, մի պահ որոշեցի հավատալ գործարար-պատգամավորի ասածներին,թե իսկապես անտեղյակ է իր ձեռնարկությունում իրականացվող գնաճի քաղաքականությանը, ուստի հարցրի` իսկ հնարավո՞ր է, որ ենթականերն առանց իր գիտության բարձրացրած լինեն թեփի գինը: Այստեղ արդեն պարոն Ալեքսանյանը շատ հետաքրքիր նայեց, ժպտաց և դարձյալ ժխտեց. «էդ անհնար բան ա, ո՞նց կարան առանց ինձ ըտենց բան անեն»: Այդպես էլ եզրափակվեց Հայաստանի թիվ մեկ օլիգարխի հետ մեկժամանոց «մուկ ու կատուն» և «ընգերական զրույցը»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Ես 30 տարի ոստիկան եմ եղել, հիմա ուզում եմ լինել լավ փրկարար»,- երեկ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ի պատասխան հարցի, թե իրակա՞ն են արդյոք խոսակցությունները, թե շուտով ԱԻ նախարարի աթոռը թափուր է մնալու, քանի որ Երիցյանին պատրաստվում են նշանակել ՀՀ ոստիկանապետ:
Լավ փրկարար դառնալ ցանկացող Արմեն Երիցյանը արդեն երեք եռամսյակ ջանում է հասնել իր ցանկությանը: Երիցյանն իր պաշտոնավարումը նշանավորեց նախարարությանն առանձին շենք ստեղծելով. ԱԻ նախարարության հաշվեցուցակի մեջ մտնող Սեյսմիկ ծառայության` Դավիթաշենում գտնվող շենքը իր տարածքով որոշվեց վերածել նախարարության: «Սա դառնալու է քաղաք` քաղաքի մեջ»,- Փրկարարի օրը հայտարարեց նախարարը: Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընդառաջ գնաց Երիցյանի ցանկություններին. եթե ոչ յուրաքանչյուր կառավարության նիստի ժամանակ, ապա գոնե նիստը մեկ` միլիոններ էին տրամադրվում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` հիմնականում շենքի շինարարության հարցերը լուծելու համար: Եվ մինչ Երիցյանը զբաղվում է շենք-քաղաք-նախարարություն կառուցելով, Հայաստանում արտակարգ իրավիճակները անպակաս են: Որոշ իրավիճակների նախարարը կարողանում է ժամանակին դիմագրավել, բայց դրանց կողքին կան նաև այնպիսիք, որոնց մասին, պարզվում է, նախարարն անգամ գլխի չի ընկել:
Մկները արտակարգ չեն, մկները սովորական են
Հայաստանում այսօր մկների աննախադեպ համաճարակ է մոլեգնում: Մկները գրոհել են դաշտերն ու այգիները: Քիչ էր, որ գյուղատնտեսությունը 30-40 տոկոս անկում էր արձանագրել այս տարի, ինչը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը փորձում է բացատրել ոչ թե ապաշնորհ կառավարմամբ, այլ մեղքը գցում է եղանակային պայմանների վրա, հիմա էլ մկներն են դարձել կատարյալ փորձանք: Հարյուրավոր հեկտարներ պարզապես ոչնչացված են, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների ոչնչացումը, եթե ինչ-որ տեղ ծանոթ էր և բացատրելի, ապա այս տարվա մկները մի յուրահատկություն են ձեռք բերել` նրանք արդեն ոչնչացնում են այգիները. սկսում են ծառերի բներից և բարձրանում վեր. Արմավիրի, Արարատի մարզերի ամբողջական գյուղեր կանգնել են կործանման եզրին: Արդյո՞ք սա արտակարգ իրավիճակ չէ՞, թե՞ արտակարգ իրավիճակը անպայմանորեն պետք է մարդկային կորուստներով ուղեկցվի, որ նման բնորոշում ստանա: Թվում էր, թե լավ փրկարար լինել ցանկացող Արմեն Երիցյանը արդեն իսկ պետք է մտահոգ լիներ այս խնդրով, հատկապես` հաշվի առնելով այն, որ թե´ ԱԻ, թե´ գյուղնախարարությունները ղեկավարվում են ՕԵԿ քվոտայով: Սակայն պարզվում է` Արմեն Երիցյանին գյուղնախարարությունից ո´չ դիմել էին այս հարցով, ո´չ էլ բազմազբաղ նախարարն էր ժամանակ ունեցել մտածել մկների մասին:
«Կարծում եմ` գյուղնախարարությունն իրավասու է և կարող է զբաղվել այդ հարցերով, եթե ոչ, մենք կարող ենք օգնել, կապ չունի, թե դա որ կուսակցության քվոտան է, բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ես աշխատում եմ, եթե իրենք դիմեն, մենք անպայման կօգնենք: Ես խոստանում եմ, նախարարի հետ անպայման կխոսեմ, եթե կարիք լինի, անպայման կզբաղվենք»:
Ո՞վ է մեղավոր, որ հարյուրավոր հեկտարները ոչնչացվում են, գյուղացիներն անօգնական են, չգիտեն ինչ անեն (վիճակն իսկապես այնպիսին է, որ միայն պետական միջամտությամբ է հնարավոր մկների արշավի դեմն առնել), իսկ Արտակարգ իրավիճակների նախարարը չգիտի էլ, որ նման արտակարգ իրավիճակ է առաջացել. մեղավորը Գերասիմ Ալավերդյանն է, թե՞ ԱԻ աշխատակազմը, որ սպասում են դիմումների, որպեսզի գրանցեն այս կամ այն երևույթը որպես արտակարգ իրավիճակ:
Երբ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ակտիվ պատգամավորիներից մեկին դիմեցի` ասելով, թե ինչու՞ չեք բարձրացնում մկների հարցը, չգիտե՞ք` ի՞նչ է կատարվում մարզերում, վերջինս հաստատեց, որ իսկապես վիճակը լուրջ է, իսկ հետո կատակի տալով ասաց` ես ի՞նչ զբաղվեմ, թող շեֆը զբաղվի էդ հարցով` ցույց տալով ԱԺ նախագահին: Գուցե Գերասիմ Ալավերդյանի՞ն էլ է այդ նրբագույն պահը հետ պահում` անխնա պայքար հայտարարելու գյուղատնտեսության անկումը 100 տոկոս դարձնել սպառնացող մկներին:
Ձեռքներն էին համբուրում
Վերջերս մեծ հրդեհ էր բռնկվել նաև Մատենադարանի շրջակայքում. հարակից սեփական տները բռնկվել էին կրակով, ամեն ինչ կատարվել էր գիշերով և բավական մեծ տարածք կրակի ճարակ էր դարձել: Անգամ խոսակցություններ գնացին, թե այդ ամենը կազմակերպված է եղել, քաղաքապետ Բեգլարյանին էին մատնացույց անում: Տարածքը ավելի քան լավն էր, քաղաքի կենտրոն, այդ տեղում նոր շինարարություն էր նախատեսվում, այնպես որ ամեն ինչ տրամաբանության մեջ էր և նման սցենարը բացառել չէր կարելի: Արդյո՞ք սա դիտավորություն էր, թե՞ դժբախտ պատահար, ի՞նչ է մտածում այդ մասին ոստիկան-փրկարար Արտակարգ իրավիճակների նախարարը:
«Ես եղել եմ դեպքի վայրում, տեսչությունն է եղել այնտեղ, մի տարեց կին գազը օգտագործելու ժամանակ կրակը շատ բարձր էր արել, չէր կարողացել անջատել: Ոստիկանները բացատրություն են վերցրել, ինքը հասցրել է իր թոռնիկին վերցնել և փախնել: Եվ այդտեղից էլ ամբողջ հրդեհը բռնկվել է, ոստիկանները ցուցմունք են վերցրել և թերթերը որ գրել էին, թե հատուկ մենք ուշ ենք գնացել, նման բան չի եղել, մենք գնացել ենք կոնկրետ ժամին»,- հրդեհի վայրի օպերատիվ իրավիճակը նկարագրեց նախարարը, իսկ նրա լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ավելացրեց. «Մեր ձեռքներն էին համբուրում, որովհետև էդ մասշտաբի, էդ մակարդակի հրդեհ և ոչ մի զոհ, նման բան դեռ չէր եղել»:
Հո հայտարարելով ու պլատֆորմ գրելով չի՞
Երեկ դեկտեմբերի 7-ն էր, սակայն հենց երեկ էլ հիշելով աղետը, մեկ անգամ ևս փաստվեց, որ այսօր իրականացվող շինարարությունը հեռու է սեյսմակայուն լինելուց: Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը երեկ հայտարարել էր.
«Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Նաֆ-Նաֆի տնակն է հիշեցնում: Եթե արտակարգ իրավիճակների նախարարության շենքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղետի դեպքում կազմակերպական աշխատանքները»:
Արմեն Երիցյանը իր հերթին հայտարարեց, թե հեչ էլ Նաֆի-Նաֆի տնակ չի, լավ էլ շենք են կառուցել:
Նման «լավ շենքեր» կառուցել էին նաև Գյումրիում, այն էլ մի ամբողջ թաղամաս, սակայն Մուշ-2 թաղամասը շինարարության հանձնումից մեկ ամիս անց ապացուցեց, որ բոլոր չափանիշներն ունի` մտնելու Գինեսի ռեկորդների գիրք. շենքերի առանձին բնակարաններ սկսեցին փլվել տառացիորեն մեկ ամիս հետո: Սա արտակարգ իրավիճա՞կ է, թե՞ ոչ: ԱԻ նախարարությունը միայն պետք է սպասի՞ երկրաշարժերի կամ նման փլուզումների, մարդիկ զոհվեն, որպեսզի նոր գնա և զբաղվի հարցերո՞վ: Ի՞նչ է մտածում նախարարը համատարած անորակ շինարարության վերաբերյալ:
«Լինսի հիմնադրամով կառուցված շենքերը բոլորը համապատասխանում են այդ նորմերին» — ասաց նա:
Էլիտար առանձին շենքերը ևս համապատասխանում են նորմերին, այն շենքերը, որոնք կառուցում են լուրջ մասնագետները, կառուցվում են բարձր որակով: Սակայն դրանց կողքին կան բազում այլ շենքեր, և դրանք որքան հեռանում են մայրաքաղաքից, այնքան ավելի անհուսալի վիճակում են հայտնվում, որոնք շատ քիչ են տարբերվում «Գլենդել-Հիլզ» ընկերության կառուցած և շահագործած Մուշ-2 թաղամասից:
«Մենք էդ շինարարության հետ ընդհանրապես կապ չունենք, իմ գործընկերներին կհանձնարարեմ, կնայեն, կտեսնենք: Հենց դրա համար էլ մենք կունենանք շուտով աղետի ռիսկերի նվազեցման պլատֆորմը, որտեղ կոնկրետ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության առջև դրված են խնդիրներ, յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրները կկատարի և մենք որպես համակարգող կհամակարգենք»:
Պլատֆորմերի և միջգերատեսչական հանձնաժողովների արձանագրային որոշումների սիրահարը Արմեն Երիցյանի կուսակցական շեֆն է` Արթուր Բաղդասարյանը: Երիցյան-նախարարը պատրաստվում է արձանագրային որոշումներով բավարարվե՞լ` ղեկավարի օրինակով, թե՞ (հաշվի առնելով այն, որ Արմեն Երիցյանը կանգնած է եղել «Օրինաց երկիր» կուսակցության ակունքներում, քանի որ նրան էր հանձնարարվել այս կուսակցության կուրացիան, չի բացառվում, որ ոչ թե Արմեն Երիցյանն է սովորել Արթուր Բաղդասարյանից, այլ հակառակը), ի վերջո, նախարարը կարող է նաև ձեռքը խփել սեղանին և թույլ չտալ, որ իր փրկարարները այդքան շատ ստիպված լինեն փրկել:
«Ես էնքան եմ իմ ձեռքը խփում… Ես կրակն եմ ընկնում իմ ձեռքը խփելով, թողեք իմ խփածների տակից դուրս գամ, թշնամիներս էնքան շատացել են… Ես պատրաստ եմ, իմ գործընկերների հետ գնալու ենք առաջ, եթե զգամ, որ չեմ կարողանում, ես ունեմ էդ տղամարդկությունը, որ թողնեմ դուրս գամ»,-պահի տակ անկեղծացավ նախարարը:
Դե, եթե լավ ոստիկան Արմեն Երիցյանը, լավ է աշխատում, եթե իսկապես այդքան ցանկանում է լավ փրկարար դառնալ դուրս գալ պետք չի երկրին «փրկարարներ» են պետք…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.