23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է նշանակվել խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
««Ժառանգություն» խմբակցությունը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ խմբակցության ղեկավար է նշանակվել Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար՝ Թևան Պողոսյանը»,-տեղեկացրել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին:
Այսօր Ազգային ժողով է եկել նաև ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը սակայն խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, թե համագումար է լինելու և այդ ժամանակ էլ կտա բոլոր հարցերի պատասխանները:
Լրագրողների այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, և ինքը հստակ ձեզ կպատասխանի»:
Կսատարի՞ Ծառուկյանը Քոչարյանին, եթե վերջինս վերադառնա, ԲՀԿ առաջնորդը տվել է հետևյալ պատասխանը. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»:
Դիտարկմանը, թե այդ թվում նաև Ռ. Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյանը ծիծաղել է հարցն անպատասխան թողել:
Ինչ վերաբերում է կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը, ապա Ծառուկյանը հայտարարել է. «Ոչ, դա ընդմիշտ է»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:
Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում հունվարի 31-ին տեղի է ունեցել Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ կայացած միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Այնուհետև հետազոտության հեղինակը’ Կատյա Փելթեքյանը, ներկայացրել է որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Անիտա Լիբիարը, ով բարձր է գնահատել կատարված հետազոտությունը:
Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է Կատյա Փելթեքյանին խոր ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղել է 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել են որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանո ւթյան 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնել, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում Ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:
Հայաստանում սխալ և անարդար բաները շատ են։ Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են։ Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը և բնակչության մեծ մասը։ Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»։ Դա, իմ կարծիքով, պատրանք է։
Եթե ինչ-որ բան ինձ չի պատկանում, ինչպե՞ս ես կարող եմ վստահ լինել, որ դրա իրական տերը մի օր որոշում չի կայացնի՝ այդ բանը ուրիշին հանձնելու։ Եթե Ղարաբաղի հարցը իրականում Ռուսաստանի հարցն է, ինչպես կարծում է Զորի Բալայանը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Ռուսաստանը ինչ-որ պահի, իր շահերից ելնելով, մեր հայրենիքի այդ մասը չի փոխանցի Ադրբեջանին։ Երբ ժամանակին մենք մեր խնդիրները լուծելու իրավասությունը տվեցինք Կրեմլում նստած բոլշևիկներին, նրանք նպատակահարմար գտան Կարսն ու Արդահանը հանձնել Թուրքիային, իսկ նույն Ղարաբաղն ու Նախիջևանը՝ Ադրբեջանին։
Մեղադրել դրա համար «ռուսներին» անարդար է՝ նախևառաջ այն պատճառով, որ Կրեմլում ոչ միայն ազգությամբ ռուսներ էին նստած, այլև հրեաներ, հայեր, ինչպես նաև մի վրացի, որի չարագործություններն, ի դեպ, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ջանասիրաբար փորձում է արդարացնել՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց զգացմունքները։ Այն տարիներին Կրեմլում նստած մարդկանց մեղադրելը նույնպես անիմաստ էր՝ նրանք իրականացնում էին իրենց երկրի քաղաքականությունը։ Պետք է մեղադրել Հայաստանում այն ժամանակ ապրող և հատկապես իշխող հայերին, որոնք հանձնեցին իրենց երկիրը Կրեմլին՝ որպես «անվտանգության երաշխավորի»:
Առավոտ
Ըստ որոշ աղբյուրների` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում:
«Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետանց», առավել ստույգ` «բազմամյա» նախարարաց դասը. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:
Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի նախարարությունից «տարհանումը». նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով:
Հրապարակ
«Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե բարև չեմ տվել իրան։ Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել։ Իրա ասածները բոլորը սուտ են։ Ես չեմ ուզում դա լսել և չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նամակին։
Մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ, այժմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի՝ ՔԿՀ-ից գրված նամակը, որտեղ վերջինս ուշագրավ մանրամասներ է հայտնում Ալիկ Աբրահամյանի և նրա որդու, նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանի մասին։ Մասնավորապես, որ հենց նրանք են ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ են ներդրել, ապա՝ հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել իր և ընտանիքի նկատմամբ:
Ըստ Սեդրակյանի նամակի՝ Ալիկ Աբրահամյանն իբր ասել է, թե հենց իր «շնորհիվ» է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, ինչպես նաև, որ իր ձեռքերը երկար են, և պետք եղած ժամանակ ինքը կարող է վնասել Սեդրակյանին ու նրա ընտանիքին:
Ժամանակ
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը դեռ չի ավարտել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, սակայն հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, իսկ այսօր հանձնաժողովի հերթական նիստում կորոշվի, թե Սահմանադրության որ դրույթների վիճահարույց փոփոխություններն են, որ պետք է ներկայացվեն միջազգային կառույցների քննությանը։
«Միջազգային կառույցներն իրենք են շուտով գալու, մենք դեռ պետք է որոշենք, թե որ հարցերը, որոնք լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն, պետք է ներկայացնենք և ոչ թե ամբողջ տարբերակը»,- մեզ հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Գ. Դանիելյանը խուսափեց այդ փոփոխությունների հետ կապված բովանդակային հարցերին պատասխանելուց: Ընդհանրապես, այդ հանձնաժողովը բավականին փակ է աշխատում, և դեռ հայտնի չէ, թե իշխանություններն ինչ փոփոխություններ են ցանկանում անել Սահմանադրության մեջ: Միայն հանձնաժողովի հերթական նիստերից հետո կցկտուր մեկնաբանություններով հաղորդագրություն է տարածվում, որից ընդամենը հասկացվում է, որ հանձնաժողովը պարապ չէ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, կառավարման մոդելի՝ իշխանությունների ծրագրած ոչ բոլոր փոփոխություններն ու ցանկություններն են, որոնք կարող են կյանքի կոչվել: Ի սկզբանե խոսվում էր, որ սահմանադրական փոփոխությունների հիմքում Հայաստանի` կիսանախագահական և կիսախորհրդարանական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցումը պետք է լինի, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ մնալ երկրի առաջին դեմք՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Եթե, իհարկե, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ղեկավարի ՀՀԿ ցուցակը, և այդ ցուցակը մեծամասնություն ունենա խորհրդարանում: Ասել է թե՝ այս փոփոխություններն ընդհանուր առմամբ նպատակաուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը:
Հրապարակ
Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել:
Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչև ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը: Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի` խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել:
Հրապարակ
Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:
Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:
Մենք երկուստեք կարևորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:
Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:
Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:
Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախա-գահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ-ներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտար-կվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:
Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:
Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի և կզարգանա:
Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար և հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան և շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.