31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը նշանակելու է հայոց լեզվի գործառույթների պասիվացում: Լրագրողների հետ հունիսի 17-ի զրույցում այս մասին հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա, եթե հիմնական հետազոտական, վերլուծական, վարչական, իրավական միտքը պետք է զարգանա մի միջավայրում, որի լեզվի կրողը այլ լեզվամտածողություն ունի, ապա հայերեն լեզուն այլեւս չպիտի կիրառվի այդպիսի ոլորտների համար: Այսինքն, ըստ նրա, հայերենը պետք է ծառայի որպես կենցաղային խոսակցական լեզու եւ կառաջանա հայոց լեզվի ստորակարգում:
Գրականագետ Վարդան Դեւրիկյանի խոսքերով, ով խիստ բացասական է վերաբերվում խնդրին, կրթության պատասխանատուները ցույց տվեցին, որ ՙկամ իրենք բավարար կամք չունեն, որպեսզի օտար լեզուն բարձր մակարդակով անցնեն բոլոր դպրոցներում, կամ էլ մեր կյանքում եղած սոցիալական խտրականությունն, արհամարհանքը փոխադրեցին դպրոց՚: Ըստ նրա, օտարալեզու դպրոցների ստեղծումը անթույլատրելի է եւ ամենամեծ խայտառակությունն է Հայաստանի անկախացման 20-ամյակի նախաշեմին:
Սպորտի ասպարեզում Գագիկ Ծառուկյանի մենաշնորհին վերջ է դրվում: Երևանի ավագանու խորհրդի այսօրվա նիստում համաձայնություն տրվեց Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 5-ի հ. 1784-Ա եւ հունիսի 3-ի հ. 2149-Ա որոշումներին` “Երևանի սպորտ կոմիտե” համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
Ստեղծվելիք “Երեւանի սպորտի կոմիտեն” իր ղեկավարության տակ է վերցնելու Երեւանի 25 մարզադպրոցները. դրանք այսուհետ ենթարկվելու են ոչ թե Օլիմպիական կոմիտեի, այլ Երեւանի կոմիտեի նորանշանակ ղեկավարին: Մեր ունեցած տեղեկություններով, այն ղեկավարելու է Երեւանի քաղաքապետի խորհրդական, մինչ այդ քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության նորաստեղծ եւ այդպես էլ անհասկանալի պառճառներով չգործող բաժնի ղեկավար Գոռ Վարդանյանը:
Այլ կերպ ասած, սպորտը, որ մինչ այժմ համարվում էր ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մենաշնորհը, քանի որ հենց նա էր ի պաշտոնե եւ իր նախասիրություններից ելնելով այստեղ ներդրումներ կատարում, հովանավորում առանձին մարզաձեւեր, պարգեւներ հանձնում, միաժամանակ տնօրինում այս ասպարեզում պտտվող գումարները, այլեւս վերցվում է ու տնօրինման է հանձնվում հանրապետականներին, դրանով իսկ, մեկ անգամ եւս հավաստելով, որ Հայաստանում արդեն հիմնովին հաստատվել են հանրապետական կարգեր:
Հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Երեւանը ոչ թե սոսկ Հայաստանի մայրաքաղաքն է, այլ տարածքային անհամաչափ զարգացման պատճառով հենց Երեւանին է բաժին ընկնում հանրապետության բոլոր բնագավառների բոլոր օբյեկտների գերիշխող մասը, ապա կարելի է ավելի պարզ պատկերացնել, թե ինչ ասել է Երեւանի մարզադպրոցների հանձնումը այլ կառավարման: Սա նշանակում է, որ հանրապետության մարզադպրոցների հիմնական մասն արդեն տնօրինելու են հանրապետականները: Ավագանու նիստում Գագիկ Բեգլարյանն, ի պատասխան ԲՀԿ -ական ավագանու հարցադրման, թե նոր կոմիտեի ստեղծումով կկրճատվե՞ն աշխատատեղերը, պարզաբանեց, թե դա չի լինելու սոսկ կրճատում, այլ ավելի շուտ տեղի է ունենալու հաստիքացուցակի ավելի արդյունավետ կազմակերպում, որովհետեւ քաղաքապետարանը պարզել է, որ նույն մարզիչներն ու բժիշկները գրանցված են մի քանի մարզադպրոցներում եւ բոլոր տեղերից աշխատավարձ են ստանում:
Մեր ունեցած տեղեկություններով, հենց այս հարցն էր ընկած Գագիկ Բեգլարյանի եւ ավագանու ԲՀԿ խմբակցության արդեն նախկին ղեկավար Արման Վարդանյանի տարաձայնությունների առանցքում: Վարդանյանը մինչեւ վերջ փորձել է պաշտպանել իր ղեկավարի “մենաշնորհի իրավունքը”, ինչը սակայն, ինչպես տեսնում ենք, չի հաջողվել:
Հայաստանի Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՙՍմբատյանշին՚ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՙՍմբատյանշին՚ ընկերության տնօրենը, 2008թ.-ին տարեկան հարկվող շահույթը չհիմնավորված ծախսերով նվազեցնելու եղանակով, Պետեկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչություն 2009թ. ապրիլի 15-ին ներկայացրած շահութահարկի հաշվարկում ներառել է խեղաթյուրված տվյալներ` այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափի` 16 մլն 995 հազար դրամ շահութահարկը պետական բյուջե վճարելուց:
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Հայաստանի ավանդական կուսակցություններից մեկը վերջնականապես գնում է կործանման ճանապարհով: Այն օրից, երբ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մնաց առանց կուսակցության, այստեղ կրքերը չեն դադարում եռալ: Վահան Շիրխանյանը կարողացավ հասնել նպատակակետին` չեզոքացնել Լյուդմիլա Սարգսյան-Գուրգեն Եղիազարյան զույգին` իր շուրջը համախմբելով երիտասարդ հնչակյաններին, նրանցից ատենապետ ընտրեց Գևորգ Պերկուպեկյանին եւ, փաստորեն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի բարեհաճությունն ու Հայաստանի իշխանությունների հետ առանձնապես չգժտվելու նրա ցանկությունն օգտագործելով` կուսակցությունը վերցրեց իր ձեռքը: Միակ բանը, որ պահպանեց Լյուդմիլա Սարգսյանը, կուսակցության կնիքն էր, որի շուրջ էլ սկսվեցին դատական գործընթացներ: Հնչակյան նոր ղեկավարությունը պահանջում էր նախկին ատենապետից հանձնել կնիքը, ով ի պատասխան` դատարանից պահանջում էր իրեն վերադարձնել իշխանությունը: Ու թեեւ Հայ ազգային կոնգրեսը դեռ ճանաչում է Լյուդմիլա Սարգսյանին` իբրեւ Հնչակյան կուսակցության ղեկավար, ներկուսակցական խառնաշփոթ իրավիճակը դեռ շարունակվում է և իրականում Սարգսյանին այս կուսակցության հետ կապող ոչ մի բան էլ չկա:
Ցանկացած կուսակցության համար այն էլ` առանձնապես մեծ թվով անդամներ ու վարկանիշ չունեցող քաղաքական ուժի` նման երկփեղկված վիճակում լինելը անցանկալի է։ Բոլորն էլ հասկանում են, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Սակայն, ինչպես երևում է, հնչակյանները չեն էլ գիտակցում, որ միմյանց բզկտելու քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կուսակցության` դեպի կործանում մղվելու արագընթաց ճանապարհ: Ինչպես երևում է, բզկտելու մոլուցքը ժամանակի հետ ոչ թե թուլանում է, այլ մի նոր թափ է հավաքում: Այսօր Լյուդմիլա Սարգսյանի դեմ մի ջախջախիչ նամակ է տարածել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը. «Տիկին Լյուդմիլա»
Այսօրվա մամուլում կարդացի, որ իբր թե դուք, չունենալով միջոցներ, ստիպված եք եղել գրասենյակում նշել Հնչակյան 20 կախաղանների նահատակության տարելիցը, իսկ մենք, որ ձեր վառ երևակայության արդյունքում «տիրապետում ենք անսահմանափակ միջոցների» կարողանում ենք հրապարակային միջոցառումներ անցկացնել: Անկեղծ ասած, անգամ չէի էլ անդրադառնա ձեր հերթական հերյուրանքին, մանավանդ, որ ձեզ սպասարկելու հրահանգ ունեցող լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում «լուրջ դեմքով» խոսել համարյա ռահվիրայացած Լ. Սարգսյանի մասին: Բայց քանի որ խոսել եք Հերոսների մասին, որոնց անուններն անգամ կամ սխրանքների մի տոկոսը, վստահ եմ, չգիտեք, այլևս որոշեցի ձեզ ու ձեր «աջակիցներին» պատասխանել ձեր իսկ ոճով: Ուրեմն, Ծիծեռնակաբերդում ծաղիկ դնելու համար մեծ հնարավորություններ պետք չեն, իսկ դուք մի մոռացեք, որ ձեզ քաղաքական գործիչ եք համարում եւ տանտիկնոջ պես լրագրողների առաջ մի անկեղծացեք, որ սուրճի եւ ծխախոտի փող չունեք: Ունենայիք անգամ միլիոններ (իսկ ես այն ձեզ անկեղծ ցանկանում եմ, գուցե այդ դեպքում կդադարեիք երևակայել ձեզ քաղաքական գործիչ օգուտ տալով դրա կայացմանը), միևնույն է, երբեք էլ չէիք հիշի Քսանների մասին, այնպես, ինչպես ձեր տխրահռչակ ղեկավարման տարիներին գեթ մեկ անգամ չայցելեցիք Եռաբլուր, որտեղ ի թիվս հայ ազգի այլ հերոսների հետ, ննջում են նաեւ այն հնչակյանները, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատագրման սուրբ գործին: Ձեր այս show-ները, «Ազատության» հրապարակում ցուցադրած փայլուն թատրոնները բոլորն էլ լավ գիտեն եւ հասկանում են: Առաջին անգամը չէ, որ մեզ` երիտասարդներիս, ասում էիք, որ երազում եք բանտ ընկնել այնտեղից, հերոսացած դուրս գալու ցանկությամբ: Վստահ ենք, որ իշխանություններն այնքան գիտակցություն կունենան, որ ձեզ եւ ձեր նմաններին նման հաճույք չեն պարգևի:Մենք ձեզ լավ ենք ճանաչում, գիտենք նաեւ ձեր բնավորությունը, որի անտանելիության պատճառով հարյուրավոր հրաշալի ընկերներ ենք կորցրել: Ձեր շուրջը նայեք, մարդ չի մնացել Ձեր կողքին, ոչ մի ընկեր, ով ունի կուսակցական հավատամք, իսկ դուք դեռ Քսաններից եք խոսում:Միայն մի խնդիր ունեք. Ձեր քաղաքական տերերի ողորմածությամբ մտնել խորհրդարան. Այս ողջ թատրոնի իմաստն էլ հենց դա է, եւ բոլորն էլ դա շատ լավ գիտակցում են: Դիմում եմ ձեզ հիշեցնելու, որ մերժված մարդ եք ողջ կուսակցության համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Վստահ եմ, որ րոպե առաջ կզանգահարեք մի լրագրողի եւ ,կպաղատեք ձեր պատասխանն էլ գրել, որպեսզի եւս մեկ անգամ ձեր «մեծապատիվ» քաղաքական գործունեության մասին հիշեցնեք:
«Իսկ մենք եղել ենք, կանք եւ կլինենք հնչակյաններ»:
Մեկ այլ կուսակցության դեպքում նման խժդժությունները ինչ-որ տեղ կարող էին ներելի լինել, բայց այն հանգամանքը, որ Հնչակյան կուսակցությունը բավական մեծ տարածվածություն եւ հեղինակություն ունի Սփյուռքում, իսկ Հայաստանի ՍԴՀԿ-ն գոյաեւևում է հենց սփյուռքյան կառույցների ֆինանսավորման հաշվին, առավել քան խայտառակում է ավանդական կուսակցության պատկերը: Եթե Սեդրակ Աճեմյանը շուտափույթ քայլեր չձեռնարկի` իր ղեկավարության ներքո գործող կուսակցության մասնաճյուղում իրավիճակը շտկելու համար, երեւի թե միակ փրկարար միջոցը կլինի հայաստանյան ՍԴՀԿ-ի փակումը, ինչը մեծ թվով սփյուռքահայ հնչակների հնարավորություն կտա ազատ շունչ քաշել:
20 միավոր են ստացել 2 շրջանավարտ
Եթե դիմորդների շրջանում հարցում անցկացվի եւ փորձ արվի պարզել, թե գիտե՞ն նրանք արդյոք լոկշ, զաչումարիտ, հաբռգել, գյաբռլամիշ բառերի իմաստը, կարելի է չկասկածել, որ կգտնվեն միայն հազվագյուտ չիմացողներ: Բայց եթե նույն հարցման շրջանակում խնդրվի պարզաբանել, թե ինչ ասել է գուլ, պարտասուն, լառ, մի մասը գուցե իմանա, քանի որ այս տարվա հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստեր կազմողների մտքով անցել է, որ դիմորդները պետք է անպայման իմանան այդ բառերը, այլապես նրանք չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ: Թեստերի հեղինակներ Փառանձեմ Մեյթիխանյանն ու Աշխեն Ջրբաշյանը գտել են նաեւ, որ դիմորդները պետք է անպայման անգիր իմանան նաև Րաֆֆու «Սամվելը», «Անլռելի զանգակատան» բոլոր ղողանջները։ Բայց երբ երեկ գնահատման եւ թեստավորման կենտրոնում կազմակերպված քննարկմանը թեստերի անհեթեթությունից բողոքող մասնագետներից մեկը ընթերցեց նույն «Անլռելի զանգակատնից» մի հատված, տիկիններից ոչ մեկը գլխի չընկավ, թե դա որ ղողանջից է: Հիշյալ տիկնանց մտքի «թռիչքը» պատճառ դարձավ, որ քննությունը չհանձնելու սթրեսից դիմորդը ինքնասպանություն գործի:
Մասնագետներն ասում են. «Թեստերը բարդ չեն, թեստերը խրթին են, անորակ, բուրում են անգրագիտությամբ, առաջադրանքները` սխալ ձեւակերպումներով են, չեն համապատասխանում դասագրքերին, դուրս են ծրագրից, պատասխանները միակը չեն, մանկավարժորեն, հոգեբանորեն ճիշտ չեն ձեւակերպված, կարծես կազմողները թշնամական հուժկու հարձակման նպատակ հետապնդած լինեն»:
Երեկ թեստերի բարդությունը հրապարակավ խոստովանեց նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` դիմորդներին ու ծնողներին հավաստիացնելով, որ բողոքները հաշվի կառնվեն եւ գնահատականները կբարձրացվեն: Այսօր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը շտապել է խմբագրել նախարարի հայտարարությունը ասելով, թե շատ բանի հույս չունենաք, բարձրացնել ասելով չի նշանակում 3 — 4 բալ կբարձրացնենք, խոսքը կարող է գնալ ընդամենը 0,5-1 բալի մասին, քանի որ ընդամենը 3 — 4 առաջադրանք է սխալ եղել: Մասնագետները փոխնախարարի բերած թիվը առնվազն 10-ով են բազմապատկում եւ հավաստիացնում, որ ավելի քան երեք տասնյակ առաջադրանքներ են սխալ եղել:
Մանուկ Մկրտչյանն ասում է. «Պետք չէ թեստեր գրողներին համարել Հայաստանի եւ հայ ազգի թշնամիներ: Նրանք ունեն իրենց պատասխանատվությունը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը` իրենը: Եթե թեստերը բարդ են, դա թեստ կազմողների դիտավորությունը չէ, դա իրենց կողմից հանձնարարությունների կատարում է: Այն, որ թեստերն այդ որակի են, միջին գնահատականներն` այս սահմաններում, դա` հանձնարարություն է, պետական քաղաքականություն»: Պետական նման քաղաքականության արդյունքում Հայոց լեզու եւ գրականություն առարկայից հունիսի 4-ի քննությանը մասնակցած 10574-ից 10,89 տոկոսը ստացել է անբավարար, 68,27 տոկոսը` 8-13 միավոր: 13,5-17 միավոր է ստացել դիմորդների 17,48 տոկոսը, իսկ 17,5-20 միավոր` ընդամենը 3,38 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր ստացել է դիմորդների 0,01 տոկոսը` 2 շրջանավարտ:
Ինչ է ցույց տալիս մայրենիի քննության այս պատկերը: Ցույց է տալիս մի բան` կա´մ Հայաստանի կրթական համակարգը վերջնականապես կործանվել է, քանի որ այս երկրում սեփական լեզուն գերազանց գիտեն ընդամենը երկու հոգի, այն էլ` ամենայն հավանականությամբ` ոչ դպրոցական գիտելիքների հաշվին, քանի որ որոշ ժամանակից սկսած միայն դպրոցի գիտելիքներով Հայաստանում բուհ ընդունվելը դարձել է անհնար և դիմորդները անպայմանորեն պարապում են կրկնուսույցների մոտ, կա´մ այս տարի Կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ այնպիսի սխալ է կատարվել, որի հետևանքով բազմաթիվ դիմորդները հոգեկան ծանր ապրումների մեջ են, նրանց հետ սթրեսային վիճակում են նրանց ծնողները, իսկ դիմորդներից մեկի համար այդ ամենն ավարտվեց եղերական վախճանով: Հարց է ծագում` արդյո՞ք հենց սա էր մշակված պետական քաղաքականության հետապնդած խնդիրը, սրա՞ն էին ձգտում հասնել վերևներում, եթե ոչ` ապա ո՞վ է մեղավոր երկու տիկնանց կազմած թեստերը շրջանառության մեջ մտցնելու և նման հետևանքներ ունենալու համար:
(Սէվ) Հենրիկ Խաչատրյան
Ի՞նչ պարտադիր է դեմ լինել որևէ բանի, մի՞գուցե պահանջենք…
Օրինակ. Պահանջում ենք, Հայաստանում, դպրոցական համակարգի համահասարակական վերլուծում`քննարկումներով հաստատված:
Սա ֆեյսբուքյան «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»( ՀՀ հայ քաղաքացիները միջնակարգ կրթություն պետք է ստանան հայերենով), ապրիլի 27-ին մեկնարկած քաղաքացիական նախաձեռնության խմբի ամենաառաջին գրառումն էր, որ ես հավանեցի, համարելով, որ ոչինչ «դեմ» բառից պետք չի սկսել, չնայած ցանկացած պայքար էդ բառով է սկսվում… Խմբի անվանումն էդպես էլ չփոխվեց, իսկ ես «դեմ»-երին «դեմ» լինելով, մի քանի գրառումը մեկնաբանելուց հետո դադարեցի մտնել խումբ: Էդ ժամանակվանից մինչեւ էսօր իմ ֆեյսբուքյան ընկերներից շատերի այցենկարները դարձան հայերենի մեծատառ «Ա», նախաձեռնությունը թափ առավ ու դարձավ հասարակական շարժում… ու պարզվեց, որ ողջ հայ ինտելլիգենցիան է դեմ, շատ քիչ բացառություններով:
Ես մտա խումբ, որ ասեմ, թե ես դեմ չեմ որոշ առարկաների օտարալեզու ուսուցմանը, մարդ պիտի ունենա ընտրության իրավունք: Էն, որ ռուսերեն վատ գիտեն մեր սովետից հետո ծնված երեխաները` փաստ է: Զուտ ռուսական դպրոցներին, որտեղ բոլոր առարկաները ռուսերեն են` դեմ եմ, իսկ խորացված ուսուցմամբ` շատ էլ կողմ եմ: Նույնը ցանկացած լեզուներով դպրոցների մասին կասեմ: Ես սիրում եմ ռուսական մշակույթը, չեմ սիրում ռուսական հիմիկվա ավտորիտար ռեժիմը: Մեր հայկական դպրոցներում ռուսական մշակույթին նորմալ չեն ծանոթացնում: Ինչի՞ հնարավորություն չտալ, եթե կա ցանկություն: Իմ դպրոցում, որը հայկական էր, ես շատ լավ ռուսերեն եմ անցել, էնքան լավ, որ հիմա իմ մայրենի լեզվից չեմ տարբերում, ինչ չի կարելի ասել էսօրվա դպրոցների ռուսերենի մասին: Ոնց հասկանում եմ, ստեղ հիմնականում «դեմ»-ի թիրախը ռուսերենն է որ էլի հեչ կապ չունի ոչ սովետյան մերձբալթյան երկրների օկուպացիայի, ոչ Բուրյաթիայի ինքնավար մարզը նրան կից Ռուսաստանի մարզին կցելու, ոչ էլ մեր «թագավորների» պուտինյան մարիոնետները լինելու հետ: Ռուսերենը ինձ համար Դոստոեւսկու ու Ցվետաեւայի լեզուն է: Երեւի ճիշտ կլինի խոսել ուսուցման ընդհանուր մակարդակը բարձրացնելու մասին, որ դպրոցներում դասավանդեն բանիմաց ու աշակերտների հետաքրքրությունը հայերենի նկատմամբ արթնացնել կարողացող ուսուցիչներ, ոչ թե դրանց ծաղրը: Իսկ կառավարությունը չի կարող այլ կերպ վարվել, քանի որ Ռուսաստանի «շեստյորկան» է: Փոքր պետությունը ո՞նց կարա գոյատեւի առանց մի «մեծ» ախպոր: Ուրեմն պիտի կամ «ախպորը» փոխի, որ իրան ոչ ձեռ է տալիս, ոչ էլ կարա հիմա անի… Միշտ էլ էդ է եղել էլի… Ու մնացած ամեն ինչն էլ դրա արդյունքն է…
Էդպես դադարեցի մտնել խումբ, ժամանակ առ ժամանակ շարունակելով ստանալ եւ չկարդալ խմբի ծանուցագրերը, բավականին անտեղյակ էի զարգացող իրադարձություններից:
Որոշեցի զրուցել խումբը ստեղծողի հետ:
Էդգար Առաքելյան
— Կարո՞ղ եք ներկայացնել հիմնական «դեմ» դրույթները, վտանգերը, եւ էդ դպրոցների չլինելու առավելությունը։
— ա. Լեզուն ձեւավորում է մարդու լեզվամտածողությունը եւ աշխարհայացքը: Օտար լեզվով դասավանդելով դպրոցական առարկաները, դու կտրում ես երեխային իր մայրենիից, հայերենը դարձնում ես կենցաղի լեզու, որով նա առավելագույնը խոսի տանը եւ քուչում: Ավարտելուց հետո մարդը Հայաստանի աշխատանքի շուկայում մրցունակ չի լինելու:
— Բ. Դպրոցների հիմնումը բերելու է լրացուցիչ սոցիալական շերտավորման, քանի որ համարվելու է, որ էդ դպրոցները էլիտար են: Եթե նախարարի ասած էքսպերիմենտը հաջողվի, ու էդ մասնավոր օտարալեզու դպրոցները հաջողություն ունենան, շատ շուտով կլինի պահանջարկի աճ ու ուզած չուզած մի ինչ–որ պահի սահմանափակումը կհանվի: Հաշվի առնելով հայերի մոլուցքը օտար լեզուների հանդեպ և քաղքենիությունը, դա էնքան էլ հեռու չի կարող լինել: Ես նկատի ունեմ դպրոցների քանակը: Դպրոցների քանակի աճը կարող է մեզ բերել ութսունականների մակարդակի, երբ աշակերտների մոտ քսանհինգ տոկոսը ռուսական դպրոցում էր սովորում: Դրանից հետո էդ մարդիկ, չտիրապետելով մայրենիին, բայց իրենց բարձր որակի կրթության եւ մյուս գործոնների շնորհիվ անցնելով պետական ու մասնավոր բարձր պաշտոնների, սկսելու են օգտագործել օտար լեզուներ, ասենք, ռուսերեն, ու գալու է մի պահ, որ դրվի հայերենի՝ պետական լեզու լինելու մենաշնորհը վերացնելու հարց: Հաշվի առնելով Ռուսաստանի շահագրգռվածությունը էս հարցում, կարելի է ասել, որ էդպիսի հարց բարձրացվելու է:
էս մի փոքր մասն է փաստարկների: Հիմա նայեք, թե ինչ են ասում կողմնակիցները:
Ասում են՝ էդ սաղ ջհանդամ, տենց բան չկա, թողեք էքսպերիմենտ անենք: Մինչև հիմա ես փողոցում քայլում եմ ու տեսնում, որ մարդիկ խոսում են ռուսերեն։ Հայերեն շատ վատ գիտեն, խայտառակ վատ: Նրանց լեզվամտածողությունը հայերեն չի: Նրանք ռուսական ալիքներ են նայում, Պուտինով են հիանում, ապրում են Հայաստանում, բայց ոչ մի բանով կապված չեն էս երկրի հետ, հայի անունով ռուսներ են: Սա շատ լուրջ է: Քսան տարի է անցել, իսկ էդ խավը դեռ կա, ու դեռ վերևից է բոլորին նայում, դեռ քաղքենիները վերնախավ ձևանալու համար ռուսերեն են փորձում խոսել, եթե վերեւներում սա չեն տեսնում, ուրեմն կույր են:
— Դա պետական անվտանգության թե՞ հայեցիության մոդելի պահպանման հարց եք համարում:
— Անկախությանը և ինքնությանը սպառնացող հարց: Եթե տեսնում են, ու չտեսնելու են տալիս, ուրեմն վտանգավոր են, եթե տեսնում են ու իրենց համար դա լրիվ նորմալ է, էլ բան չկա ասելու։
— Կարծում եք պետք է ակցիան ուղղված լինի հենց ռուսականներին, որովհետեւ անգլերենի դեմ փաստորեն բան չկա՞:
— Եթե անկախության իմաստով անգլերենից վտանգ էսօր չկա, չի նշանակում, որ մյուս կետերով էդ վտանգը բացակայում է: Ի՞նչ տարբերություն, էրեխեն ֆիզիկան ու աշխարհագրությունը անգլերեն կսովորի թե՝ ռուսերեն: Հայերեն չի, ուրեմն ինքը չգիտի էդ առարկան մայրենիով, ուրեմն ուրիշ լեզվով է մտածելու, օտարացած է լինելու:
— Ես կարծում եմ, որ էսօր դպրոց չկա, կրթական համակարգ չկա, ուսուցիչները լավագույն դեպքում կարող են առարկաներ ուսուցանել, ես չեմ գտնում, որ էսօրվա մեր դպրոցների ուսուցիչներն ի վիճակի են էդ կերպ լեզվամտածողություն զարգացնել, ես կարող եմ իմ աղջկա օրինակով ասել, որ եթե առարկան ուսուցանվել է հայերեն, բայց երիտասարդը պիտի սովորի արտասահմանյան բուհում, մեծ դժվարությունների կհանդպի դրսում:
— Ես հայկական դպրոց եմ ավարտել, հետո սովորել ռուսական համալսարանում, շատ մեծ դժվարություններ եմ ունեցել սկզբի մի քանի տարին: Հետո՞ ինչ:
— Ես էլ, բայց դա օրինաչափություն չի:
— Չէ… չեղավ: Եթե ես հայկական դպրոց ավարտած չլինեի, ես հիմա աշխատանքի շուկայում անպետքի մեկը կլինեի, որովհետև երկու բառ չէի կարողանա իրար կապել, ինչպես շատ-շատերը մեր շրջապատում: Իսկ եթե ուզում ենք, որ մերոնք գնան սովորեն ու չվերադառնան, արդեն ուրիշ հարթություն է:
Մի բան էլ, եթե խոսքը մասնավորի մասին է: Ինչն է խանգարում երեխային սովորել հայերեն, բարձր մակարդակով, միջազգային ծրագրերով ու մեթոդով, իսկ դասերից հետո այցելել լեզվական կենտրոններ ու այնտեղ սերտել տերմինաբանությունը, ինչու՞ դա պետք է հայերենի հաշվին անել:
— Բայց նախագահի բառերից ես հասկացա, որ խոսքը հենց մասնավորների մասին է։
— Հա, հենց մասնավորների, դե բա էլ ինչի մասին ենք խոսում:էն մարդիկ, որոնք պետք է դուրսը սովորեն, շատ չեն, ու հաստատ մի քանի ամիս խորացված պարապելուց հետո իրենցին կհասնեն: Ես տասնյակ հայ ջահելներ գիտեմ, որ դուրսն են սովորել կամ սովորում։ Օրինագծով ֆիքսվում է, որ դրանք մասնավոր են։
— Բայց միթե՞ Մոսկվայում, եթե ռուսը ուզի, չի կարա երեխային տանի հայկական դպրոց, ուղղակի նա դա չի անի, ու էստեղ դուք ճիշտ եք, հայը կտանի։
— Մի՞թե Ռուսաստանը ունի գաղութացվելու ու այլ երկրի մշակութային ազդեցության տակ ընկնելու վտանգ: Ես էս հարցում բոլոր անալոգիաներին դեմ եմ, որովհետև հայից օտարամոլ ու իրա տեսակը չհարգող ազգ չկա: Մի մեծ մասի մասին եմ խոսում: Երկրորդ, պետք է հասկանալ, թե որ երկրին ինչ չափով է սպառնում գաղութացվելու վտանգը: Մարդիկ բացահայտ ասում են, որ ամեն ինչ անելու են ռուսերենը պետական լեզու դարձնելու համար, Էս սաղ հո հանաք–մասխարայություն չի՞…
— Բայց էդ դպրոցների չլինելը մենթալիտետ չի փոխի ու չի վերացնի քաղքենությունը, քաղքենին կմնա քաղքենի, բայց հայկական լեզվամտածողությամբ։ Դա ըստ իս պանացեյա չի: Դուք գտնում եք, որ լեզվամտածողությունը ձեւավորո՞ւմ է մենթալիտետը, այսինքն` «քյարթուները» մանրից կվերանա՞ն, եթե էդ դպրոցները չլինեն: Ես գտնում եմ, որ նրանց աճը պակաս վտանգ չի, , եւ իմ դեմ չլինելու պատճառներից մեկը դա է, որովհետեւ կրթական մակարդակը խավ է ձեւավորում, իսկ մենք չենք կարող ժխտել, որ քաղքենի լինելու հետ մեկտեղ, սովետի ռուսական կրթություն ստացածները գոնե «քյարթու» չէին. գոնե մտածել գիտեին, թեկուզ ռուսերենով:
— Չէ, քիչ–քիչ կկոտրվեն, էս դեռ իներցիայով է, էս քսան տարում հաստատ ահագին քչացել են: Հիմա ուղղակի պետք է թողնել որ վերանան, ոչ թե կրակի վրա յուղ լցնել: Մենք միշտ զուգահեռ ասել ենք, որ սա լավ առիթ է, որպեսզի էն խայտառակ մակարդակը, որն ունենք մեր դպրոցներում, պետք է բարձրացվի, պետք է դրան էլ հետամուտ լինենք: Մեր խումբը չի ցրվելու ցանկացած պարագայում: Բայց ասել, թե քանի որ մեր դպրոցներում «քյարթուներ» են բուծվում, էկեք մի տոկոս օտարալեզու դպրոց բացենք, աբսուրդ է: Ի՞նչ հարց կլուծենք դրանով, որ տարեկան երեք–չորս հարյուր շրջանավարտ «քյարթու» չի՞ լինի: Բա էն խնդիրները, որ դա կբերի՞: Իսկ հիմա էս քսան տարում կրթություն ստացածները հայերենի պատճառով է՞ որ «քյարթու» են: Եթե տենց եք համարում, մենք հենց առաջին մեր հաղորդագրության մեջ էդ մոտեցումը համարել ենք ռասսիզմ հայերենի նկատմամբ:
— Իհարկե, դա վատ է, որ հիմիկվա դպրոցներում մակարդակ չկա, չկա զտում, չես կարող ասել, թե ինչ կսովորի երեխան էնտեղ: Պետք է կրթական համակարգը փոխել, ոչ թե օտարալեզու դպրոցներ բացել: Հիմա ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի, ուղղակի պրոգնոզ, էսքան գործունեություն եք ծավալել, մի բան դուրս կգա՞:
— Դե իրանք անընդհատ զիջում են, բայց քանի որ փաստարկ չունեն, մեր կողմում էլ շատ հարգված մարդիկ կան ու շատ արմատական տրամադրված, շվարած են, ավանդական տապոռի մեթոդով չեն ուզում անցկացնել, հանել էլ չեն ուզում: Բայց որ սենց գնաց, պետք է գտնեն մի հատ մեծ փոխզիջում: Բայց մեզ համար անընդունելի է այդ օրենքներում ցանկացած փոփոխություն, որը կհանգեցնի օտարալեզու դպրոցների բացմանը։ Մենք էս հարցում բացարձակապես անզիջում ենք:
Մի երկու կարծիք եւս
Արա Նեդոլյան
— Վահան Իշխանյանի հետ բարիշեցինք, որ. օտարալեզու դպրոցները վտանգավոր են, ոչ թե, որ օտարալեզու են, այլ որ դպրոց են. Բացողները հասկանում են ինչ են անում, իսկ հայկական դպրոց չկա` հայկականը կա, դպրոցը չկա: Հենց որ հայկական դպրոց լինի էդ ժամանակ կարելի է թույլ տալ:
— Ինչի՞ են վտանգավոր որ դպրոց են:
— Կրթելու մեթոդ ունեն, դասատուների որակի ինչ-որ չափանիշներ: Առարկաներից բան են հասկանում, մեծ երկրում, օրինակ, մաթեմաթիկան օգտագործվում է, ինչ չեն անի հայկականում որովհետեւ չեն կարա: Դրա համար հասկանում են, ոնց դասավանդել: Հայկականը պետք է սկզբից կառուցվի, ինչ բան է կրթություն, ինչպես է այն արվում և այլն, հիմիկվա հայկականը հայկական չի, սովետական է, ուղղակի հայերեն լեզվով:
— Հա, ճիշտ ես:
Արա Խաչիկյան
Օտարալեզու դպրոցներ գնալու են ՄԵՐ դպրոցների երեխաները: Այսինքն, 15 օտարալեզու դպրոցների պատճառով առնվազն 15000-ով կպակասեն հայկական դպրոցների աշակերտները և անկախ հայկական պետությունում ԿՓԱԿՎԵՆ շուրջ 30-50 հայկական պետական դպրոցներ: Ուրեմն, եթե իրերն անվանենք իրենց անուններով, սա ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելու, այլ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՓԱԿԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է:
Լուսինե Վայաչյան
Հատուկ քննչական ծառայությունում քննվում է ՊԵԿ-ի գործունեության հետ կապված բավականին ծավալուն քրեական գործ, որով անցնում են մեկ տասնյակից ավելի մարդիկ, նրանցից երեքը պետեկամուտների ծառայության աշխատակիցներ են եւ ըստ պաշտոնական տեղեկության ձերբակալված են։ Խումբը մեղադրվում է տարիներ շարունակ արժեքավոր ու բարձր հարկվող տեսակի ապրանքներ ներկրելու եւ դրանց փոխարեն, չհարկվող տեսակների`մանր –մունր անարժեք ապրանքներ հայտարարագրելու միջոցով հսկայական գումարներ յուրացնելու մեջ ։
Ըստ մեր ունեցած տեղեկության գործը հարուցվել է ՊԵԿ-ի ոստիկանությունում մոտ երկու առաջ, սակայն ընթացք չի տրվել։ Խնդիրը նրանում է, որ բավականին ծավալուն այս գործը հարուցվել է ՊԵԿ-ի նախկին պետի` Արմեն Ավետիսյանի օրոք։ Այժմ դրա «վերակենդանացումը» կապվում է ներկայիս պետի` Գագիկ Խաչատրյանի զուտ նախորդի կատարած ապօրինությունները ի ցույց դնելու ցանկության հետ։ Անշուշտ նման հարցերը առանց վերին ատյանների չի լուծվում։ Եւ ՊԵԿ-ի նախագահի տրամաչափի պաշտոնյաներին փչացնելը, իրականում նրանց տանիքների միջեւ եղած հակասության արդյունք է։ ՀԳ. ՊԵԿ-ը որեւէ տեղեկություն չի հաղորդում իր աշխատակիցների պաշտոնների եւ ինքնության մասին, պատճառաբանելով, որ գործն ընթացքի մեջ է եւ պարզաբանումները Հատուկ քննչականի իրավասության սահմաններում է։
Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Անցած հինգշաբթի կառավարության նիստին քննարկվում էր Վայոց Ձորում նոր մարզպետի նշանակման հարցը, վաղվա նիստում ևս գործադիրում հերթական մարզպետի նշանակման հարցն է որոշվելու: Արարատի մարզպետ է նշանակվելու Արտակարգ իրավիճակների նախարարության փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանը:
Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ մեկ ֆիգուրն է: Մհեր Շահգելդյանի ազատումն անգամ վերագրվում էր հենց նրան, որ նա այդպես էլ չկարողացավ նախարարությունում վերահսկողություն իրականացնել և, որ հսկայական գումարների շրջանառությունը կարգավորում էր միմիայն Բարսեղյանը:
Արմեն Երիցյանի գործուղումն այս նախարարություն բացատրվում էր հենց նրանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է այս նախարարությունում, ի վերջո, կարգ ու կանոն հաստատել: Եվ հիմնականը, որ պետք է կարողանար անել` Երիցյանը, դա Էդիկ Բարսեղյանի ազդեցության նվազեցումն էր: Հիմա, փաստորեն, Բարսեղյանն ընդհանրապես լքում է նախարարությունը և Արմեն Երիցյանը ստանում է ազատ գործունեության լայն դաշտ: Ոչ շիշը վառվեց, ոչ` խորովածը։ Խնդրի նման լուծման մեջ չի բացառվում Երիցյանի ազդեցության գործոնը։
Մյուս կողմից, Բարսեղյանի տեղափոխումը Արարատի մարզպետի պաշտոնին, այդքան էլ պատահական չի կարելի համարել: Ճիշտ է, նա ժամանակին` 2000-2004թթ., զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը, ծնունդով էլ ղափանցի է, սակայն Բարսեղյանը բավական լավ հարաբերություններ ունի Արարատի մարզում ազդեցիկ գործիչներից թե´ Հովիկ Աբրահամյանի, թե´ Ալիկ Սարգսյանի հետ: Վերջիններս մարզը ղեկավարել են. Հովիկ Աբրահամյանը` 1998-2000թթ- ին, Ալիկ Սարգսյանը` 2000-2008թթ –ին, պաշտոնավարումից հետո էլ շարունակելով` մարզի կարևորագույն լծակները պահել իրենց ձեռքում:
Էդիկ Բարսեղյանի տեղափոխումն էլ Արարատի մարզ պետք է վերագրել հենց Աբրահամյանի և Սարգսյանի միջնորդությանը: Ճիշտ է, մամուլում անընդհատ խոսվում է Հովիկ Աբրահամյան -Ալիկ Սարգսյանի հակամարտության մասին, սակայն դա, կարծես թե, այդքան էլ չի խանգարել Բարսեղյանին նպատակին հասնելու: Էդիկ Բարսեղյանը հատկապես մտերիմ է Ալիկ Սարգսյանի հետ, նրանք գործընկերներ են եղել թե´ ոստիկանական համակարգում, (Ալիկ Սարգսյանը քննչական ղեկավար տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, իսկ Էդիկ Բարսեղյանը նույն համակարգում ղեկավար պաշտոններ էր փոխում պետավտոտեսչության ոլորտում), թե´ գործադիրի կառույցում, երբ երկուսն էլ մարզպետի պաշտոն ունեին: Նրանց հաճախակի կարելի է տեսնել միասին, բացի դրանից չի բացառվում նաև Բարսեղյանի որոշակի դերը Ալիկ Սերգեյիչի փեսայի` Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականի պաշտոնում հայտնվելու հարցում :
Այնպես որ, ինչպես ժողովուրդն է ասում, ձեռքը ձեռք է լվանում…իսկ այս դեպքում տղերքը հայոց աշխարհի «շախմատ» են խաղում ու չի կարելի չասել` բավականին խելացի, միայն թե դրանից մարզի ժողովրդի համար գրեթե ոչինչ չի փոխվում ։ Ցավալին այն է, որ տեղական բդեշխները մարզերը բաժան — բաժան են արել ու տնօրինում են ոնց քեֆները տալիս է։
Լուսինե Կեսոյան
Այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մամլո ասուլիս էր հրավիրել:
Ասուլիսի մեխը Լյուդմիլա Սարգսյանի դեմ նախկին ՍԴՀԿ-ականների դատական հայցն էր, որը դատարանը վարույթ չվերցրեց`այն համարելով վաղեմության ժամկետից դուրս: Հիշեցնենք, որ ըստ հայցվոր կողմի 2004 թվականին տեղի ունեցած ՍԴՀԿ համագումարին ընտրված ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կեղծիքներով էր ընտրվել, և վերջիններս նրան ատենապետությունից զրկելու դատական հայց էին ներկայացրել:
Անջատողական թևից Նարեկ Գալստյանը, արձագանքելով դատարանի որոշմանը, նկատել էր, որ եթե չլիներ վաղեմության ժամկետի պատճառաբանությունը, ապա բոլոր հիմքերը կային դատը շահելու և Լյուդմիլա Սարգսյանին զրկելու ատենապետությունից:
Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ սկսած ՍԴՀԿ պառակտման փորձից, դատական հայցից մինչև այլ անձնական առաջարկներ, իշխանությունների ձեռքի գործն է, ինչը նպատակ ունի Հայ Ազգային Կոնգրեսից անջատել ՍԴՀԿ կուսակցության նման լուրջ գործոնի:
« Սա, փաստորեն, չհաջողվեց նրանց, քանի որ Հնչակյան կուսակցությունը մտադիր չէ շեղվել իր քաղաքական ուղղությունից, այն է` Հայ Ազգային կոնգրեսի կազմում պայքարել Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգի վերականգնման և քաղաքացիական հասրակության ձևավորման համար»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է նախկին կուսակիցների հետ հարաբերությունների վերականգնմանը, ապա Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե տեղական կառույցի անջատողական թևի բոլոր անդամներին պատրաստ է վերականգնել ու համագործակցել նրանց հետ:
Ա.Գ.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնում քաոսային իրավիճակ է:
Այն, ինչ տեղի է ունենում փառատոնը սպասարկող տոմսարկղներում, այլ կերպ, քան քաոս բնորոշել անհնար է:
Այս տարի «Ոսկե ծիրանը» 7 տարեկան է:
Փառատոնի կազմակերպիչները կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում գրեթե ամբողջ տարվա ընթացքում։ Փառատոնը դեռ չավարտված արդեն նախապատրաստվում են հաջորդ տարվան, ողջ տարվա ընթացքում տասնյակից ավելի ասուլիսներ են հրավիրում, հանրությանը տեղեկացնում, թե ինչ քրտնաջան աշխատանք են տանում, ինչ հյուրեր են ակնկալում ընդունել, ինչ ֆիլմեր բերել և այլն: Մի խոսքով, Հարություն Խաչատրյանն ու նրա թիմը կլոր տարին մի լավ քրտնում են` մի շաբաթ իրենց մասին խոսել տալու համար: Ի դեպ, նրանք նաև հասցրել են այս 7 տարիների ընթացքում մեծ թվով հովանավորներ ներգրավել, պետական աջակցության պակաս էլ կարծես չկա. Ասել կուզի`պատշաճ մակարդակ ապահովելու համար առանձնապես փողի կարիք չունեն, ժամանակի` նույնպես:
Այստեղ ինչ որ բան, իհարկե, անում են բայց առաջին իսկ օրից զգալի էին կազմակերպչական բազմաթիվ բացեր։
Չի կարելի անտեսել, որ կինոփառատոնի կազմակերպիչները հոգացել և բավական գումարներ են ծախսել նաև փառատոնի ծրագիրը ներկայացնող բրոշյուրներ տպագրելու և հետաքրքրվողներին բաժանելու վրա:
Սակայն ծրագրի առկայությունն անգամ կինոսիրողներին հնարավորություն չի տալիս նախապես տոմսեր գնել, քանի որ թե´ «Մոսկվա», թե´«Նաիրի» կինոթատրոններում չգիտեն, թե ի՞նչ ֆիլմ է ցուցադրվելու հաջորդ օրը: Ծրագրում ներկայացված են բոլոր օրերի ֆիլմերը` ըստ ժամի և ցուցադրման վայրի, բայց, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագիրը շատ նման է մեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Խոստումներ` ինչքան ասես, բայց թե դրանից ո՞րը կկարողանան իրագործել մեկԱստծուն է հայտնի, մեկ էլ` երևի իրենց:
Ո´չ «Մոսկվա», ո´չ էլ առավել ևս «Նաիրի» կինոթատրոնում հանձն չառան նախապես տոմսեր վաճառել. չնայած ընդամենը երկու օր է, ինչ սկսվել է փառատոնը, բայց արդեն տոմսարկղներում հասկացել են, որ ծրագրում նշված ֆիլմերը կարող են փոփոխվել և անհնար է կինոդիտողին նախապես ասել, թե տվյալ օրը, որ ժամին ինչ ֆիլմ կցուցադրվի: Երկու տոմսարկղերում էլ խորհուրդ տվեցին տոմս ձեռք բերել նույն օրը` ֆիլմը սկսվելուց առաջ: Եթե բոլոր կինոսիրողները շարժվեն տոմսարկղերի աշխատակիցների հորդորով, ապա կարելի է չկասկածել, որ յուրաքանչյուր ֆիլմից առաջ, տոմսարկղների մոտ պարզապես քաոս կլինի:
Եվ սա` միջազգային համարում ձեռք բերելու ձգտող, կինոփառատոնի կազմակերպիչների մի ամբողջ տարվա «քրտնաջան» աշխատանքի արդյունքում։
Լ.Կ.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.