18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Թուրքիան բացելու է սահմանը Հյաստանի հետ`ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար։
Հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացվելու է, քանի որ սեպտեմբերի 11-17-ը Լոռիում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի փրկարարական զորավարժությունները, որոնց մասնակցելու է նաև Թուրքիան:
Զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից հանդիսացող 19 երկրներ: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վերնշյալ միջոցառումներին:
Զրույց «Պոլոնիա» լեհահայ համայնքի ղեկավար Ալլա Կուզմինսկայայի հետ
Հեռախոսով խոսելուց նա ինձ թվաց մոտավորապես իմ տարիքին` 40-45: Սակայն ինձ դիմավորեց գեղեցիկ, խնամված, մտավորականի կնիքը դեմքին շատ հաճելի 65-ին մոտ մի տիկին և ուղեկցեց «Պոլոնիա» կենտրոնի տարածք: Էքսկուրսից հետո նստեցինք զրույցի, որը բավականին ծավալուն ստացվեց, բայց այնքան բովանդակալից, որ ափսոսում եմ ինչ-որ բան բաց թողնել:
— Ալլա Բրոնիսլավովնա, ինչպե՞ս եք հայտնվել Հայաստանում:
— Ես ծնվել եմ Մոլդովայում, երբ այն դեռ Ռումինիայի կազմում էր: Հետո` 40 թվականին սովետները Բեսարաբիան հետ վերցրեցին, իսկ ուղիղ մի տարի հետո սկսվեց պատերազմը, և մենք, չսպասելով գերմանացիներին, էվակուացվեցինք: Շատ տանջվեցինք, թափառեցինք, ոչ մի տեղ մեզ չէին կարողանում ընդունել, կանգ առանք Ստալնիգրադում, մնացինք այնտեղ մի տարի, հետո, ընտանի կենդանիների հետ, որոնց չէին ուզում թողնել գերմանացիներին ու տանում էին Ղազախստան, գնացինք այնտեղ ու մնացինք մինչև 44 թիվը: Ես արդեն 15 — 16 տարեկան էի, հանդիպեցի երիտասարդ մի զինվորի, մենք սիրահարվեցինք, փոխանակեցինք հասցեները ու նա էլի գնաց կռվելու: Եռանկյունի նամակներ էինք գրում իրար, իսկ երբ Կոստյուշկոյի անվան լեհական ջոկատն էին կազմավորում, նա խնդրեց, որ ծառայի այնտեղ: Պատերազմից հետո մենք վերադարձանք Մոլդովա, նա եկավ, ծնողներիցս խնդրեց իմ ձեռքը, ծնողներս համաձայնվեցին, մենք ամուսնացանք, իսկ պատերազմից հետո մենք արդեն հայտնվեցինք Հայաստանում:
— Նա հա՞յ էր:
— Չէ, ռուս էր: Նրա հայրը ռուս էր, իսկ մայրը կովկասյան գերմանացիներից: Ադրբեջանում գերմանացիներով բնակեցված Խանլար տեղանք կա, այլ կերպ այն կոչվում էր Է լինենդորֆ, նրա մայրն այդտեղից էր: Ճիշտ է, պատերազմի ժամանակ նրանցից շատերին արտաքսեցին, բայց նրա մորը ձեռք չտվեցին, քանի որ ամուսինը ռուս էր, և նրանք մնացին: Դե, ինքն էլ խնդրեց, որ Հայաստանում ծառայի: Մենք գնացինք Մոսկվա, ու քանի որ ես ոսկե մեդալակիր էի, ուզում էի սովորել, բայց չստացվեց, նա ինձ բերեց Հայաստան: Սկզբում եկանք Գյումրի, հետո որոշ ժամանակ ապրեցինք Էջմիածնում ու արդեն վերջնականապես տեղափոխվեցինք Երևան: Երբ փոքր տղաս մի քիչ մեծացավ, ես Երևանում ընդունվեցի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ, հետո ավարտեցի ասպիրանտուրան: Աշխատել եմ տարբեր տեղերում, հիմա դասավանդում եմ Բրյուսովում, բայց ոչ թե ֆրանսերեն, որն իմ մասնագիտությունն է, այլ մանկավարժություն:
— Երևի թե անհեթեթություն է հարցնել Ձեզ` սիրո՞ւմ եք Հայաստանը: Համարո՞ւմ եք այն Ձեր երկրորդ հայրենիքը, սովորաբար այդ հարցը տալիս են էմիգրանտներին:
— Ես այստեղ եմ 46 թվից, երբեք Հայաստանից երկար ժամանակով դուրս չեմ եկել: Նույնիսկ այն տարիներին, երբ ամեն մեկը, ով տոմսի փող ուներ, հեռանում էր այստեղից` չգնացի: Շատ եմ սիրում Հայաստանը: Ես մեծացել եմ մի միջավայրում, ուր տաբեր ազգություններ կային, և երբեք չեմ բաժանել մարդկանց ըստ ազգության, ես ինտերնացիոնալիստ եմ: Իմ հարսը հայ է, հիանալի աղջիկ է: Ամենալավ կոմպլիմենտը, որ ես իմ հասցեին լսել եմ, եղել է, երբ հավաքված էինք, ու Ռազմիկ Դավոյանը կատակով հարցրեց. «Քեզ ոչ մեկն էստեղ չի՞ նեղացնում, ասա, եթե հարց լինի»: Ու մեր դասախոսներից մեկը, որի հետ վաղուց աշխատում ենք, ասաց. «Աստված իմ, դու միշտ մերն ես եղել, իսկ հիմա հանկարծ դառար ազգային փոքրամասնություն»: Երբ ես ինչ-որ տեղ եմ գնում Հայաստանից, տուն եմ շտապում: Այստեղ ինձ հասկանում են, ու ես էլ նրանց եմ հասկանում:
— Ձեր ինտեգրացման նշանաբանը ո՞րն է:
— Դա կարողությունն է` ուրիշներին հարգելու, ուրիշների հետ ապրելու, նրանց գնահատելու, քեզ ուրիշների մեջ տեսնելու, դառնալու այն հասարակության մասը, որի մեջ ապրում ես:
— Լեհերն այստեղ շա՞տ են:
— Մեզ մոտ հաշվառված է 300 մարդ, բայց մեծամասնության ազգանունը «յան»-ով է վերջանում, կիսալեհ-կիսահայ են: Վերջերս շատ մարդ է գալիս, քանի որ մենք այսպես ասած «լեհի քարտ» ենք տալիս: Երբ գնում ես Լեհաստան, այնտեղ ինչ-որ առավելություւներ ես ունենում այդ քարտով: Բայց դրա համար օրենքով պետք է լեհական արմատներ ունենաս: Ոմանց մենք տալիս ենք այդ քարտերը, չնայած նրան, որ նրանք չունեն լեհական արմատներ, օրինակ` նրանց, ովքեր երկար ապրել են Լեհաստանում և լեհացել են ներքուստ, կամ ովքեր օգնում են մեզ մեր կենտրոնում։
Մենք լավ հարաբերությունների մեջ ենք Լեհաստանում հայկական համայնքի հետ: Հայերը Լեհաստանում են 13-րդ դարից, իսկ լեհերը Հայաստանում 19-րդ դարի կեսերից, և նրանք այստեղ են հայտնվել ոչ իրենց կամքով` նրանց աքսորել են: Երբ Լեհաստանը կիսել են, ամեն անգամ լեհերը հայտնվել են աքսորներում, նրանց աքսորում էին Սիբիր կամ Կովկաս, այդ թվում նաև Կարս: Կարսում` լեհերը, քանի որ նրանք էլ քրիստոնյա են, ամուսնանում էին հայուհիների հետ: Իսկ Եղեռնից հետո նրանք հայտնվեցին Հայաստանում:
— Կասե՞ք ռեգլամենտով նախատեսված որոշ բաներ: Ասենք, եթե ես Ձեզ հարցեր տայի, որ տալիս են սովորաբար պաշտոնական հարցազրույցներում, մոտավորապես` իսկ ի՞նչ կարող է առաջարկել «Պոլոնիան» համայնքին:
— Մենք եռամսյակը մեկ ամսագիր ենք հրատարակում, ունենք երգչախումբ, լեզվի դասընթացներ, կերպարվեստի դասեր: Հաճախ եկեք մեզ մոտ, կտեսնեք ինչ ջերմ մթնոլորտ է:
— Իսկ դուք համայնքի ներսում ամուսնություններին որևէ կերպ չե՞ք նպաստում:
— Հատուկ չենք անում, բայց երբեմն ստացվում է:
— Լեհաստանում հետսովետյան տարիներին շատ լեհեր կային, հետո նրանցից շատերին վտարեցին: Նրանք Ձեզ այցելո՞ւմ են:
— Իհարկե: Շատերն այնքան երկար են ապրել Լեհաստանում, որ ներծծել են իրենց մեջ ամեն լեհականը` լեզուն, մշակույթը: Նրանք գալիս են մեզ մոտ ու ասում, որ կարոտում են լեհերենը: Խնդրում են ինչ-որ գործ տալ, ուզում են կամավորական հիմունքներով օգնել մեզ, և օգնում են: Օրինակ, մեր լեզվի դասընթացները Անահիտն է վարում, որը երկար տարիներ ապրել է Լեհաստանում:
— Իսկ կառավարությունը: Հայաստանի նկատի ունեմ, ոչ թե Լեհաստանի: Ես զգում եմ, որ Ձեր բառապաշարում «մերը» հայկականն է:
— Հա, և մեր, և լեհական կառավարությունը մեզ օգնում են մշակույթային ծրագրեր իրականացնել: Հայաստանի Մշակույթի Նախարարությունն ամեն տարի որոշակի գումար է հատկացնում մեզ մշակույթային կարիքների համար, Լեհաստանի Մշակույթի նախարարությունն օրինակ, ֆինանսավորում է մեր ամսագիրը: Անտեղ կան լեհերի ստեղծագործություններ հայերի ու Հայաստանի մասին, հայերի` լեհերի ու Լեհաստանի, թարգմանություններ, հոդվածներ, մշակույթային համայնապատկեր և այլն: Ամասագիրը հրատարակվում է երեք լեզվով` հայերեն, լեհերեն և ռուսերեն:
Հայաստանին, ընդհանրապես, ձեռք է տալիս օգնել իր ազգային փոքրամասնություններին, դա բարձրացնում է նրա վարկանիշը միջազգային շրջանակներում: Վերջերս մեզ մոտ էին եվրամիության մոնիտորինգի ներկայացուցիչները, հարցեր էին տալիս, ի՞նչը ո՞նց է, օգնո՞ւմ են արդյոք Ձեզ: Բնականաբար ասացինք, որ ամեն ինչից գոհ ենք: Հայաստանն այստեղ ապրող լեհերի համար տուն է, իսկ տան մեջ համաձայնություն է պետք, եթե Հայաստանում կյանքը լավանա, մենք էլ լավ կապրենք: Այստեղ, ընդհանրապես, մեր- ձեր օգտագործելն անտեղի է: Այստեղ ամեն ինչ մերն է և բոլորը մերն են: Սա մեր ընդհանուր, բոլորիս Հայաստանն է, անկախ ազգությունից անկախ դավանանքից:
— Այսքան տարի Հայաստանում եք ապրում, հայերեն գիտե՞ք:
— Հա, գիտեմ, բայց լիովին չեմ տիրապետում, դրա համար ամաչում եմ հաճախ խոսել հայերեն: Դե, ես միշտ գերեդասել եմ ռուսերենը, խոսել եմ ռուսերեն, չնայած շատ լեզուներ գիտեմ: Գուցե դրանում «մեղավոր» է հայկական «ոչ-շովինիզմը», երբեք չեմ հանդիպել դժվարությունների, որ հայերեն չեմ խոսում, ինչպես օրինակ` Վրաստանում: Հարցը սա է: Այստեղ ինձ միշտ հասկացել են թե’ հայերենով, թե’ ռուսերենով: Բայց շուկայում, փողոցում, տանը` հարսիս ու թոռանս հետ կարող եմ երբեմն հայերեն խոսել:
— Երբ Դուք պատմում էիք, որ պատերազմի ժամանակ փախել եք, ես մտածում էի` էդ ո՞նց էք այդքան լավ հիշում ամեն ինչ: Հետո պատմությունից հասկացա, որ 15 տարեկան էիք: Ուրեմն հիմա 80 ե՞ք: Դուք դեմ չե՞ք տարիքից խոսալուն:
— Ամենևին: Ես 80 տարեկան եմ:
— Բայց շատ ջահել եք երևում, Ձեր մեջ այնքան էներգիա կա, կյանք կա, ես Ձեզ 60-65 կտայի, ոչ ավել: Ցնցող է ուղղակի: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
— Շնորհակալ եմ, աշխատում եմ: Մարդը մինչև իր կյանքի վերջը պիտի ինչ-որ օգտակար բան անի: Ինձ շատ է օգնում իմ աշխատանքը, ես ինձ պետքական եմ զգում «Պոլոնիայում», և ոչ միայն այստեղ: Հայաստանի Նախագահին կից կա 12 կոմիտեներից բաղկացած հասարակական խորհուրդ: Այդ կոմիտեներից մեկը ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կոմիտեն է, որը ղեկավարում է Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Այդ կոմիտեում 3 ենթակոմիտե կա: Ես ղեկավարում եմ դրանցից մեկը` կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և ԶԼՄ-ների հարցերով կոմիտեն։ Իրավական հարցերով կոմիետն ղեկավարում է հրեա Ռիմմա Ֆելլերը, սոցիալականը` հույն Սլավա Ռաֆաելիդին: Սա շատ պատասխանատու աշխատանք է, մեծ ջանքեր ու նվիրում է պահանջում, և ես պարտավոր եմ լինել կենսունակ, ակտիվ, այլապես ոչինչ չեմ հասցնի:
— Դուք հավատացյա՞լ եք:
— Այո, բայց իմ Աստվածն իմ մեջ է, ինձ հետ: Երբեմն գնում եմ եկեղեցի, կարևոր չէ ինչպիսի, մոմ եմ վառում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի համար: Ես գտնում եմ, որ լավ է կամացուկ հավատալ ինչ-որ բանի, քան դա վեա ածել քաղքենի պաթետիկության` ցուցադրական դարձնել: Հավատքը պետք է լինի քեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկի:
— Այսքան երկար ապրում եք Հայաստանում, բայց հայ չեք դարձել ցուցադրականի իմաստով: Դուք հայացած լեհուհի եք: Ձեր մեջ բացակայում է մեր հայկական մենթալ ցուցամոլությունը:
— Դա էլ կարելի է բացատրել: Հայերը դարերով ապրել են վախի մթնոլորտում, նրանք ստիպված են եղել դա անել գոյատևելու համար: Իսկ այսօրվա մասին կասեմ, որ շատ պրոբլեմներ կան, որոնց մեղավորը հասարակությունն է: Պետք է սերունդը ճիշտ դաստիարակվի: Վերջերս համալսարանում աշխատանքներ էի ստուգում, մնացել էի շվարած ուսանողներիցս ոմանց անգրագիտությունից, և նրանք պետք է դառնան ուսուցիչներ, լեզվի մասնագետներ… Ի՞նչ են նրանք դասավանդելու, ո՞նց: Բայց քանի որ հարևանի աղջիկն ու տղան բուհում են սովորում, ուրեմն իրենց զավակն էլ պետք է սովորի, չնայած մտավոր ունակություններ չունի:
— Ինձ թվում է, պետք է վերականգնել հարգանքն արհեստների նկատմամբ, չէ՞ որ հայերը դարեր ի վեր միայն ուղեղներով չեն փայլել նաև լավ արհեստավորներ են եղել:
— Այո, պետք է գործի գոնե սովետի մանկապատանեկան դաստիարակության համակարգը` մշակույթի տներ, պիոներ-պալատներ: Ի՞նչ է կատարվում երեխաների հետ. նրանք դառնում են էմոներ, գոթեր, սատանիստներ, ընկնում են աղանդների ճանկը:
— Երեխաները զբաղմունք չունեն, երևի միայն ինտերնետը: Որպեսզի երեխան ունենա զբաղմունք, ծնողը պետք է շատ փող ծախսի, որը չունի: Դրանում մեղավոր է պետությունը: Երբ ինձ հարցնում են, ո՞ւմ կողմնակիցն ես, ես պատասխանում եմ` ոչ գործողի, ոչ էլ հավակնողի: Ես իմ ժողովրդի բարօրության կողմնակիցն եմ, ուզում եմ,որ լավ ապրի: Եթե փոխեն միայն ղեկավարին, «տիրակալին», ոչինչ չի փոխվի, պետք է փոխել մարդկանց մտածելակերպը, գիտակցությունը: Թե չէ կլինի նույնը` մեխանիկորեն գոյատևող մասսա, որը մտածում է միայն օրահացի, հագուկապի մասին, կլինի նույն ցուցամոլությունը, ու մենք ոչ մի տեղ չենք հասնի…
— Այո, Դուք ճիշտ եք: Դրա համար էլ ասում եմ` պետք է փոքրուց դաստիարակել: Ու պետք է այնպես անել, որ մեր երեխաները չգնան արտասահման սովորելու, նախօրոք իմանալով, որ չեն վերադառնալու: Ինձ շատ անգամ են առաջարկել արտասահման գնալ ապրելու, բայց ես սիրում եմ Հայաստանը, ես ապրել եմ այստեղ իմ ողջ կյանքը, այստեղ ես իմ տեղում եմ:
— Շատ հաճելի է, որ Դուք այդպես եք արտահայտվում Հայաստանի մասին` մերը, մենք: Ձեզ պետք է օրինակ բերել բոլոր այն հայերին, որոնք օտարացված են խոսում իրենց ազգի մասին` «էս մեր հայերը սենց են, նենց են»: Բոլոր հայերն այնքան սիրեին Հայաստանը, որքան Դուք:
Լուսինե Վայաչյան
Սխալվել կարող են բոլորը, բայց կան ոլորտներ և կան պաշտոնյաներ, որոնց սխալները շատ հաճախ ճակատագրական են լինում:
Ճակատագրական սխալների առատությամբ աչքի ընկնող թիվ մեկ կառույցը, երևի թե, արդարադատական համակարգն է: Քննիչի, դատախազի, դատավորի մի վրիպումը, թյուրընկալումը, սխալը կարող է մարդու և նրա մերձավորների կյանքը արժենալ:
Խոսքը ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոնական մարմնի Տեղաբաշխման հանձնաժողովի ընդամենը մի փոքրիկ սխալի մասին է, որի հետևանքը փոքր համարել չի կարելի: ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում 15.10.2001թ. հարուցված թիվ 13208501 քրեական գործով Արթուր Այվազյանը և Մարտիրոս Աճեմյանը ձերբակալվում են, որից հետո 03.12.2003թ. նույն համայնքի առաջին ատյանի դատարանը (դատավոր Պ. Օհանյան) կայացնում է դատավճիռ և դատապարտում ազատազրկման` Այվազյանին` 14, իսկ Աճեմյանին` 13 տարի ժամկետով: Գործը բողոքարկվում է թե´ Վերաքննիչ, թե´ Վճռաբեկ ատյաններում, սակայն մնում է անփոփոխ:
Այն ժամանակ, երբ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ, ՀՀ-ում գործում էր Ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը, հետևաբար ազատազրկման ձևով պատժի կրման վայրին և պայմաններին վերաբերող հարցերը պարտադիր կարգով պետք է կարգավորվեին հենց այդ օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ազատազրկման ձևով պատժի կրումը նախատեսվում է իրականացնել հետևյալ կարգով` ազատազրկում ընդհանուր ռեժիմի, ուժեղացված ռեժիմի և խստացված ռեժիմի պայմաններում. դրանցից զատ գոյություն ունի նաև առանձին` բանտային ռեժիմի պայմաններում դատապարտյալի պահման կարգ, որի կիրառման անհրաժեշտության դեպքում դատավճռում անպայմանորեն շեշտվում է դա:
ՀՀ ԱՆ ՔԿԾ Կենտրոնական մարմնի Տեղաբաշխման հանձնաժողովը, անտեսելով այն, ինչ նշված էր դատավճռում, այլ կերպ ասած` չարաշահելով պաշտոնական լիազորությունները /անհնար է, որ հանձնաժողովը չիմանար կարգի մասին։ / և չղեկավարվելով այդ ժամանակ ՀՀ-ում գործող Ուղղիչ-աշխատանքային օրենսդրության պահանջներով, այլ ղեկավարվելով դրանից հետո ընդունված Քրեակատարողական օրենսգրքով, ազատազրկման ձևով պատժի կրման վայր ուղարկելու փոխարեն որոշում է կայացնում պահել դատապարտյալներին բանտային պայմաններում:
Հիշյալ գործով մի հետաքրքիր հանգամանք կա: Ըստ` ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ից մեզ դիմած Դատապարտյալ Այվազյանի նամակի «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը 13.06.2005թ. թիվ 6 հրամանով Տեղաբաշխման հանձնաժողովի սխալը փորձում է շտկել և կարգադրում է Մարտիրոս Աճեմյանի պահման պայմանները փոխել: «Նկատի ունենալով, որ դատապարտյալ` Մարտիրոս Արտաշեսի Աճեմյանը, հանցագործությունը կատարել է մինչև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ուժի մեջ մտնելը 10.02.2005թ., ուստի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 07.06.2005թ, նիստի որոշմամբ նախատեսված սահմանափակումները չկիրառել»:
Ի տարբերություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի, «Արթիկ» ՔԿՀ-ի պետն այդպես էլ նման հրաման չի ստորագրում, այնպես որ Արթուր Այվազյանը շարունակում է ազատազրկումը կրել բանտային ռեժիմի պայմաններում:
Սահմանադրության 42-րդ հոդվածի երրորդ մասում ասվում է. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Այվազյանի նկատմամբ փաստացի կիրառվել է ավելի ծանր պատիժ, քան այն, ինչը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին, այսինքն` ի սկզբանե խախտվել է Սահմանադրությունը: Այվազյանը բազմաթիվ դիմումներ է ուղղել ՀՀ տարբեր ատյաններ` կատարված սխալը շտկելու խնդրանքով, որոնց մեջ վկայակոչել է Քրեական օրենսգրքի, Սահմանադրության, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտման փաստերը, շեշտելով, որ նույն գործի շրջանակներում մեկի նկատմամբ կատարված սխալը շտկվում է, իսկ մյուսի` կոնկրետ իր նկատմամբ, մնում է անփոփոխ:
Մինչ օրս Այվազյանը շարունակում է իր պատժաժամկետը կրել բանտային ռեժիմի պայմաններում: Իսկ նրա գրած բազմաթիվ դիմում բողոքները մնում են անպատասխան։
Լ.Կ.
Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մ. Պ.-ն հասնում է Հյուսիսային ավտոկայան` Դիլիջան ուղևորվելու նպատակով: Տեսնում է,որ երթուղայինը շարժվելու մտադրություն չունի։ Մեզանում ի տարբերություն, ասենք, ՌԴ –ի երթի ժամն ապահովելն այնքան էլ չի կարևորվում, որպես կանոն վարորդները չեն շարժվում, մինչև ուղևորներն ամբողջությամբ չեն զբաղեցնում նստատեղերը: Սակայն, սա առանձին խոսակցության թեմա է և օրվա նյութին առնչվում է այնքանով, որքանով Մ.Պ.-ն շտապում էր, ու հենց այդ ժամանակ ավտոկայանի մուտքի մոտ մի տաքսի է կանգնում և հարցնում, թե ո՞վ է գնում մինչև Իջևան: Մ.Պ.-ն մի կնոջ և նրա 20-ամյա դստեր հետ որոշում են տաքսի նստել: Տաքսու ուղևորները հազիվ են հասցնում տեղավորվել և մեքենան արդեն պատրաստվում է շարժվել, երբ նրանց են մոտենում 5-6 «կերած-խմած տղամարդ», ինչպես հետո իր ցուցմունքում ներկայացնում է Մ.Պ.-ն, մեքենայից դուրս են բերում վարորդին և գոռգոռալով սկսում են անխնա ծեծել: Ծեծողները վարորդից բանալիները խլում ու նետում են խոտերի մեջ, ուղևորներին էլ պարտադրում են իջնել ու նստել երթուղային: Երբ Մ.Պ.-ն փորձում է միջամտել` վարորդին ազատելու համար, տղամարդկանցից մեկը հարձակվում է նրա վրա և ծեծի ենթարկում` ամենալկտի հայհոյանքներով անպատվելով, հատկապես, երբ իմանում է, որ նա կապ ունի լրագրության հետ: Մ.Պ.-ի մոտ դատաբժիշկը արձանագրել է բազմաթիվ սալջարդային վնասվածքներ:
Միջադեպին փորձում է միջամտել ավտոկայանի աշխատակից Գագիկ Դավթյանը, որն իբր ցանկանում է «շտկել» իրավիճակը, սակայն, կարծես առանձնապես դեմ չի լինում, որ ուրիշի բոստանը մտած հանդուգն վարորդն իր դասը ստանա: Տեսնելով, որ որևէ մեկը չի օգնում, Մ.Պ.-ն զանգահարում է 1-02: Հերթապահը չի ներկայանում, նույնիսկ այն բանից հետո, երբ զանգահարողը 3-4 անգամ խնդրում է ասել, թե ով է հաղորդագրություն ընդունողը: Կինը հուզված պատմում է, որ «4-5 հոգով մարդ են սպանում», խնդրում է շտապ հասնել, իսկ հերթապահը պարզապես անտարբեր երկարացնում է հարցուփորձը: Սպասում են 20 րոպե. ոչ մի ոստիկան չի հայտնվում: Մ.Պ.-ն նորից է զանգահարում, պատասխանում են, թե հաղորդել են Ավանի ոստիկանությանը: Անցնում է ևս 10 րոպե, այս անգամ զանգահարում են Ավանի ոստիկանություն, այնտեղ հայտնում են, թե. շատ ցավում են տեղի ունեցածի համար, սակայն, թե դա իրենց տարածքը չէ, պետք է զանգեն Աբովյանի ոստիկանական բաժանմունք: Մ.Պ.-ն ձայնը բարձրացնելով ասում է, թե տեղի ունեցածի մասին կբողոքի ոստիկանապետին, որից ոստիկանները մի փոքր սթափվում են: Այդ ժամանակ արդեն վարորդն ահաբեկված նստում է մեքենան և հայտնում, որ գնում է, քանի որ չի ցանկանում «պրոբլեմներ ունենալ ոստիկանների հետ, մանավանդ, որ նրանց չի վստահում»: Վարորդն ինքն էլ շտապում էր Իջևան` տղայի զինվորական երդման արարողությանը, ուստի ուղևորներին խնդրում է արագ կարգի բերել իրենց և տաքսին շարժվում է Դիլիջան: Ճանապարհին արդեն Մ.Պ.-ին է զանգահարում Աբովյանի ոստիկանական բաժանմունքի օպեր-լիազոր Գևորգը և հայտնում, որ գալիս են խոսելու: Ոստիկանները ցուցմունք են վերցնում և տալիս դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Հյուսիսային ավտոկայանում տեր ու տնօրինություն անող և ՀՀ քաղաքացիներին ըստ հայեցողության անխնա ծեծի ենթարկողները, պարզվում է, «Տարոնի արծիվ» ՍՊԸ-ի աշխատակիցներն էին: Սակայն արծիվների «քաջարի գործունեությունը» պարզապես ինքնագործունեություն չէր. նրանք սպասարկում էին իրենց տիրոջ` «ԱՍԱԼԱ» -ի հերոսներից մեկի` Վարուժան Կարապետյանի շահերը, որին ըստ երևույթին, նախկին ծառայությունները հաշվի առնելով, նվիրաբերվել է հիշյալ երթուղային գիծը:
Դեպքից հետո, երբ ոստիկանությունն արդեն ցուցմունքները վերցրել և գնացել էր, ասպարեզ է գալիս նաև անձամբ Վարուժան Կարապետյանը և կապվելով Մ.Պ-ի հետ, փորձում լռության մատնել տալ միջադեպը` համոզելով, թե «ի՞նչ է տեղի ունեցել, որ, ընդամենը մի մուշտի են տվել»:
Ցավոք մեր ոստիկանները ևս ընտրողաբար են պատժում մուշտի տվողներին. որ դեպքում որ թուրները կտրում է`անխնա են, ում ձեռքը բռնել չեն կարողանում պաչում են, դնում ճակատին։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը առիթը բաց չի թողնում ասելու, թե իր ղեկավարման ընթացքում ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացել է, թե ոստիկանությունում շատ խիստ է դրված ուսադիրի նկատմամբ հարգանքի բարձրացման հարցը և որ ոստիկանության համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են: Մինչդեռ հենց մեր առօրյայից հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Այս միջադեպը ևս բավական խոսուն է` թե´ ոստիկանության նկատմամբ շարքային վարորդի տածած «վստահության», թե´ ոստիկանությանն իսկապես վստահող կնոջ և 1-02-ին նրա ահազանգի պատասխանը դիտարկելով։ Միջադեպի ընթացքից կարելի է եզրակացնել, որ եթե անգամ այն ավարտվեր ողբերգությամբ, ու տուժողների կյանքը վտանգվեր, ոստիկանությունն այդպես էլ մատը մատին չէր տա, քանի որ, ինչպես երևաց, թե ինչ արագությամբ տեղեկացվեցին «արծիվները», ոստիկանական բաժանմունքները երթուղային գծերի տերերի հետ իրենց «հատուկ» հաշիվներն ունեն ու ահազանգերն ընդունվում են բացառապես այդ «հաշիվներից» բխող օգուտներն ու վնասները հաշվի առնելով:
Մերի Մակարյան
«Շանթ» հեռուստաալիքի հաղորդավար
Ես հեռուստացույց չեմ նայում, եթե նայում եմ, ապա միայն կաբելայինով որոշ ֆիլմեր կամ Դիսքավըրից ինչ-որ բան: Հայկական հեռուստալիքների վրա ընդհանրապես վաղուց խաչ եմ քաշել` նայելու բան չկա:
Ընկերներիցս մեկը, որն արտույտ է, խորհուրդ տվեց նայել «Առավոտը Շանթում» ծրագիրը: Ասաց, որ վարողներից մեկը` շատ սիրուն մի աղջիկ է: Ուրբաթ առավոտ միացրեցի, երեք կին էին, ու մի տղամարդ: Վիոլետ Գրիգորյանն էր, Անուշ Առաքելյանն ու Մերի Մակարյանը: Սկզբում մի քիչ նյարդայնացա, ինձ ոչինչ ուշագրավ չթվաց, մտածեցի, որ երևի չարժեր արթնանալ այն նայելու համար: Հետո, ուշադրությունս գրավեց աղջկա անմիջականությունը, հետուստախցիկի առջև համարձակ ու անկաշկանդ շփվելու կարողությունը, որը թերևս մեր հայ հեռոստահաղորդավարների մոտ կամ բացակայում է, կամ ցինիկության է հասնում իր չափից դուրս ցուցադրական լինելով: Դիմեցի Մերիին հարցազրույցի համար ու մենք հանդիպեցինք: Էկրանից գրիմի պատճառով, կարծես, ավելի մեծ էր երևում, կյանքում անհամեմատ դեռատի էր ու հաճելի:
— Մերի ջան, ո՞նց ես էդքան ջահել, 24 տարեկանում կարողացել հասնել ուղիղ եթեր վարելու վարպետության այն էլառավոտյան հաղորդման հաղորդավարի դիրքի, նամանավանդ, ժողովրդական ալիքի, ինչպիսին «Շանթ»-ն է:
— Ես երբեք ոչ մի բանի համար չեմ պայքարել, հատուկ ոչինչ չեմ արել։ Ամեն ինչ կարծես թափվել է իմ գլխին։ Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, հետո, քանի որ այդ տարիներին բոլորը համատարած երգում էին, որոշեցի ընդունվել համալսարանի բանասիրականը: Բայց միշտ երազել եմ երգել: Մի ժամանակ աշխատում էի «Պարադիզ» ստուդիայում, գովազդ էի կարդում, ֆիլմեր կրկնօրինակում, հետո հրավիրեցին հայկական երկրորդ հեռուստաալիք` վարելու «Օդից փող» խաղը: Այդ խաղն ինձ համար շատ լավ պրակտիկա էր, որովհետև ես մի ամբողջ ժամ պիտի հեռուստադիտողին կարողանայի պահել էկրանի առջև ու ստիպել գուշակել բառը և sms հաղորդագրություններ ուղարկել: Ու թե ամբողջ ժամանակ ես ի՞նչ պիտի խոսեի,ինչ՞ից, եթե ասելիքը կրկնվում էր. ո՞նց պիտի մարդկանց էդքան ժամանակ պահեի էկրանների առաջ, ոչ ոք ինձ չէր ասում: Դա տաժանակիր աշխատանք էր:
— Վա՜յ, խեղճ աղջիկ:
— Չէ, այն ինձ սովորեցրեց անկաշկանդ խոսել ու ելք գտնել խցիկի առջև ցանկացած իրավիճակներում:
— Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր «Շանթ»-ում, էս հաղորդման մեջ, քեզ դո՞ւր է գալիս հաղորդման ֆորմատը, դու բավականաչափ ազա՞տ ես էստեղ:
— Ես «Շանթ»-ի սերիալներն էի կրկնօրինակում, կարդում տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններ, թարգանաբար ներկայացնում էի դիսքավերի ծրագիրը, ինձ գիտեին, ու առավոտյան հաղորդման պրոդյուսերն հրավիրեց կաստինգի: Հոկտեմբերից էլ վարում եմ այս հաղորդումը: Եթեր մտա առաջին անգամ Ավետ Բարսեղյանի հետ, որին ես անչափ շնորհակալ եմ եթերում կողմնորոշվելու մեջ ինձ օգնելու համար: Ինձ համար նա մեր համար թիվ մեկ հաղորդավարն ու շոու-մենն է: Հաղորդման ֆորմատը շատ լավն է, ամեն ինչ սրտովս է։ «Շանթ» հեռուստաալիքը ընտանեկան, ամեն ինչ չափի մեջ հեռուստաալիք է, որտեղ դու և ազատ ես, և պատասխանատու քո յուրաքանչյուր ասածի համար: Կան ալիքներ, որտեղ ոնց ուզում խոսում են, դա ինձ դուր չի գալիս: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ձեռք կբերեմ ավելի մեծ վստահություն, հետևաբար` ազատություն: Պատանեկության տարիներին հաղորդավարներն ինձ համար լեգենդ էին, հեղինակություն, բայց հիմա ամեն մարդ կարող է մտնել հեռուստատեսություն,ու իրեն թույլ տալ գռեհկաբանել։ Հեռուստատեսության վարկանիշը հենց այդպես է ընկնում:
— Դու կյանքում ավելի երիտասարդ ու գեղեցիկ ես, քան էկրանին: Ինձ թվում է, ձեր գրիմը ճիշտ չեն անում:
— Դե, տեսախցիկն ընդհանրապես մեծացնում է մարդու տարիքը, իսկ գրիմը…Ի՞նչ ասեմ:
— Երբ դու հաղորդման ես գնում, նախապես սցենար ունենու՞մ ես:
— Այո, իհարկե, նախ մենք ինքներս ենք նախապատրաստում հաղորդման նյութերը, թարգմանում ենք, հետո խմբագիրը հաստատում է սցենարն ու մենք պարապում ենք:
— Ես բու եմ, և իմ աշխատանքի բնույթն ինձ թույլ է տալիս այդպիսին լինել: Բայց կար ժամանակ, երբ ես առավոտյան շուտ էի արթնանում, միացնում էի հեռուստացույցը ֆոնի նման, ու ինձ շատ հաճելի էր տեսնել այնտեղ գեղեցիկ դեմքեր, լսել գեղեցիկ ձայն, հետաքրքիր նյութեր: Հիմա, մեր հեռուստատեսության մեջ դա շատ հազվադեպ է: Եթե չկա հետաքրքիր ինֆորմացիա, ապա գոնե ակնկալում ես գեղեցիկ դեմք տեսնել, որը համարյա թե չես գտնում: Դու հաճելի բացառություն ես, գտածո ես եթերի համար: Ի՞նչ դեր է խաղացել քո կյանքում քո բնատուր հմայքն ու գեղեցկությունը: Ավելի շատ օգնե՞լ է, թե՞ խանգարել քեզ:
— Ավելի շատ օգնել է, չնայած եղել են դեպքեր, երբ խանգարել է: Երբ գեղեցիկ ես լինում, կողքդ շատ մարդիկ են հավաքվում, հաճախ չես կարողանում կողմնորոշվել ճիշտ ընտրություն անել, քեզ թվում է, թե դու կարող ես ընտրել ում ուզես, և հենց այդ ժամանակ կարող ես սխալվել:
— Ասում են, հեռուստատեսություն մտնելու համար շատ դեպքերում երիտասարդները ստիպված են լինում անցնել պրոդյուսերների, հեռուստաալիքիների ղեկավարների անկողնու միջով: Քեզ նմանատիպ առաջարկներ արվե՞լ են, ինչպես՞ է քեզ հաջողվել խուսափել դրանից:
— Անուններ չեմ տա, բայց եղել են: Սովորաբար խուսափել եմ ցինիզմին ցինիզմով պատասխանելուց: Եվ ես այնքանով եմ երջանիկ, որ կարողացել եմ այդ ամենը շրջանցելով հասնել այս ամենին:
— Ինչպիսի՞ն է եղել քո առաջին հաղորդումը, չէի՞ր վախենում: Ո՞վքեր են քո հաղոդավար ընկերները:
— Առաջին անգամ Ավետ Բարսեղյանի հետ եմ եթեր մտել, մտածում էինք, ձայնագրենք նոր, բայց շատ բնական ու անկաշկանդ մուտք եղավ, ու այդպես էլ գնաց: Վարել եմ Ավետի հետ, Արամ mp3-ի ու Հայկ Պետրոսյանի: Մենք երեք զույգ ենք` տղա-աղջիկ, ու եթեր ենք դուրս գալիս հերթով: Ուրբաթ օրերին էլ երեք տարբեր ոճի և մտածելակերպի կանանցով, հրավիրում ենք մի հայտնի տղամարդու և զրուցում նրա հետ հիմնականում կին-տղամարդ հարաբերությունների շուրջ:
— Վիոլետի, Անուշի հետ լա՞վ ես, ընդհանուր լեզու գտե՞լ եք, յոլա գնո՞ւմ եք:
— Հա, իհարկե, նրանք ավելի փորձառու են և օգնում են ինձ: Իմ հարցերը մի քիչ այսպես ասած, «վարդագույն ակնոցներով» հարցեր են, Վիոլետինն ավելի պրովոկացիոն: Ինձ հաճախ հարցնում են` Վիոլետի հետ «լավ չե՞ք», բայց դա այդպես չի, ուղղակի, ես երևի թե անմիջական, շատ հաճախ գովազդի ընթացքում կայացած զրույցը, սահուն տեղափոխում եմ եթեր, բայց դե Վիոլետն էլ լավ հումորի զգացում ունի, և մենք ուղղակի մի լավ ծիծաղում ենք:
— Ունե՞ս ինչ որ հետաքրքիր իդեաներ, ուզո՞ւմ ես ինչ-որ հեղինակային նախագիծ ունենալ:
— Ունեմ, բայց դեռ վաղ է, երբ ժամանակը գա, ինքը իմաց կտա:
— Քեզ ճանաչո՞ւմ են փողոցում, լինո՞ւմ են ինչ-որ տհաճ դեպքեր:
— Ինձ միշտ էլ նայել են, հիմա, երբ նայում են, չեմ կարողանում հասկանալ, ճանաչե՞լ են` նայում են, թե` ուղղակի նայում են: Տհաճ դեպքեր կարծես չեն եղել, հուսով եմ, չեն էլ լինի:
— Երգին, երաժշտությանն ընդմի՞շտ ես հրաժեշտ տվել:
— Չէ, ես երաժշտություն եմ դասավանդում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցում, և ինձ համար դա շատ եմ կարևորում, ես նրանց օգնում եմ, և դա ինձ է պետք, ուզում եմ ինչ-որ լավ բան անել մարդկանց համար: Երեխաներն ինձ շատ սիրում են, ես էլ նրանց։ Ճիշտ է, դժվար է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը: Դա ինձ համար զուտ աշխատանք չի, ես ուզում եմ մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխել դեպի լավը։
— Նրանք գիտե՞ն, որ դու հաղորդավար ես:
— Այո, գիտեն, և հպարտանում են, որ իրենց ուսուցչուհին հեռուստատեսային դեմք է: Ես միջոցառումներ եմ կազմակերպում այնտեղ, զանազան բարեգործական համերգներ: Միևնույն ժամանակ ես անհասանելի չեմ, նրանք կարող են ինձ գրկել, համբուրել, ու դրանից իրենց լավ են զգում: Ընկերներս շատ օգնում են հագուստով, նվերներով, գալիս են ինձ հետ երեխաներին այցելելության: Այնտեղ կան երեխաներ, որոնց ծնողները կամ բանտում են, կամ զրկված են ծնողական իրավունքներից: Նրանք սիրո ու հոգատարության պակաս ունեն, որը ես փորձում եմ լրացնել: Ես շատ անմիջական եմ շփման մեջ, կարող եմ խաղալ, վազել նրանց հետ, երբեմն միջանցքում ինձ շփոթում են աշակերտների հետ:
— Փաստորեն, Մերի Մակարյանը նաև ուսուցչուհի է:
— Այո, և կաշխատեմ ինչքան հնարավոր է երկար լինել ուսուցչուհի, դա ինձ դուր է գալիս:
— Մոտ ժամանակներս ամուսնանալ պատրաստվո՞ւմ ես ։
— Ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա այստեղ էլ ես այն կարծիքին եմ, որ էլի պիտի ինքը գա, պիտի էլի թափվի գլխիս երբ ժամանակը գա: Երեխաներ, իհարկե կունենամ: Ինձ համար կյանքում առաջին տեղն ընտանիքին է պատկանում, ես ընտանիքում եմ ինձ տեսնում կայացած:
— Բայց դու գեղեցիկ աղջիկ ես, նաև խելացի, ու այդքան ջահել, արդեն հաջողություններ ունես: Մի՞թե դու պատրաստ ես խաչ դնել քո կարիերայի վրա հանուն ընտանիքի: Դու չես կարող լինել միայն կին ու մայր, իմ կարծիքով դա քեզ չի բավարարի, և չի կարելի այսպիսի գեղեցկությունը փակել տանը:
— Կաշխատեմ համատեղել:
-Գո՞հ ես «Շանթ» հեռուստաընկերությունից, այն բավականաչափ դեմոկրա՞տ է քեզ համար:
— Ամեն ինչ նորմալ է: «Շանթ»-ն ունի իր ուրույն, անկրկնելի կոլորիտը, քաղաքակիրթ մոտեցում է ցուցաբերում իր կադրերին, գիտի նրանց գինն ու գնահատում է ըստ արժանվույն:
— Ես կուզեի քո տեղը լինել բոլոր ասպեկտներով: Ուզում եմ հասկանալ, ո՞նց է լինել գեղեցիկ, քեզ լա՞վ ես զգում։
— Դե, նորմալ է: Միայն երբ ինձ համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ, համ դուր է գալիս, համ ինչ-որ տեղ` չէ: Դուր է գալիս նրա ոճը, գեղեցիկ աղջիկ է, բայց չեմ սիրում այդ նույնացումը, քանի որ նա հայտնի է ոչ թե իր գեղեցկությամբ, այլ նրանով, որ իր գեղեցկությունը սարքել է ապրանք:
— Իսկ եթե «Շանթ» հեռուստաընկերությունը Քիմ Քարդաշյանին հրավիրի քո հաղորդման հյուր, ի՞նչ կանես: Կասե՞ս, որ իրեն նմանությունը քեզ տհաճ է:
— Կփորձեմ ապացուցել, որ հնարավոր է հասնել շատ բաների, առանց մարմինն ապրանք դարձնելու:
— Կուզե՞ս շատ փող ունենալ:
— Այո, դա ազատություն է տալիս: Ես կուզեմ ունենալ այնքան փող, որ կարողանամ արժանապատիվ ապրել իմ երկրում, որը շատ սիրում եմ:
— Եվ վերջին հարցը: Ո՞րն է քո կյանքի կրեդոն, ամենամեծ սկզբունքը, որով դու առաջնորդվում ես:
— Կյանքն ինձ ամեն օր զարմացնում է, չեմ դադարում զարմանալ: Շատ երջանիկ եմ, որ մինչև այսօր հանդիպել եմ միայն լավ մարդկանց: Երևի թե, կրկնվեմ, բայց կարևորն ինձ համար լավ ընտանիք ունենալն է: Ոչինչ չպահանջել կյանքից, այլ ապրել` ձգտելով օգնել մարդկանց, այդ ժամանակ երևի ամեն լավ բան ինքը կգա ու կթափվի գլխիդ: Ու մեկ էլ մենակ չլինել, մենակ մարդը ոչ ոքի պետք չէ:
Լուսինե Վայաչյան
Հոդված 3.
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են
Սուտ է: Մարդը ամենաանտեսվածն է մեր երկրում, մարդու գործոնը` ամենաշահարկվածն ու շահագործվածը, մարդու կյանքը` ամենաէժանը, մարդահամարը թվաքանակի համար է, ոչ թե այդ թվով մարդկանց կարիքներն իմանալու։ Մարդու օրը սկսվում և վերջանում է վախով ու անհանգստությամբ, մարդու արժանապատվությունը վիրավորվում է ամեն քայլափոխի, քանի որ մարդը մեր երկրում մտածում է միայն իր ու իր մերձավորի փորը լցնելու մասին` պարտադրված է, մարդու դեմ ամեն օր դրվում են տմարդի դառնալու գայթակղություններ ու փչացնում նրա էությունը, մարդու հիմնական(էդ ո՞րն է) իրավունքները հիմնովին ոտնահարվում են ամենուր, հիմնավորումը` պետանվտանգությունն , մարդու իրավունքների մասին եվրոպաներում գոռգոռում են, իսկ այստեղ` շշնջում, մարդն այստեղ իրավունք ունի միայն անիրավ, անպաշտպան, անարժան, անազատ գոյություն քարշ տալու, մարդու ազատությունը սկսվել և վերջացել է Ազատության հրապարակում `մի երկրի, ուր մարդն ունի միայն ազատ հայհոյելու իրավունք:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը չես հասկանում ում մարիոնետն է, նրա քաղաքացին այլ երկիր մուտք գործելու համար արժանապատվությունը վիրավորող մի շարք գործողությունների է ենթարկվում, չգիտես` ով ավելի շատ վստահություն չունի` քաղաքացին, թե՞ երկիրը, քաղաքացին, հիշվում է միայն ընտրությունից-ընտրություն, այն էլ որպես ձայն, որը կարելի է առնել 5000 դրամով, քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանը` օմբուդսմենի ինստիտուտը, նույնիսկ «ամենաքրչ» բուհական ինստիտուտի վարկանիշը չունի, միջազգային նորմերին համապատասխան միայն վերին խավի իրավունքներն են պաշտպանվում, շարքային քաղաքացին չունի պաշտպանություն, նույնիսկ եթե ակնհայտ է ոտնահարումը, միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը մեր երկրի համար «ասնավանի» չեն:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Պետությունը մարդ գռփող մեքենա է, որը սնվում է իր քաղաքացիների հիմնական բիզնեսի հարկերով և սահմանափակված է կլանային համակարգի գողական օրենքներով,որպես `անմիջականորեն գործող իրավունք:
Մենք ազատ ու անկախ ենք ամեն ինչից, բացի սեփական պետության կաստայականությունից:
Մենք ունենք ընտրելու իրավունք` երկու չարիքից փոքրագույնը:
Մենք ունենք աշխատանքի իրավունք, եթե տարիքը անց չի 35-ից:
Կինը և տղամարդը մեր երկրում երթուղային տաքսիներում ունեն հավասար իրավունքներ:
Սեռական, կրոնական, ազգային փոքրամասնությունները չեն ճնշվում, եթե մեր աչքին չեն երևում, կամ մեր հարևանը չեն:
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, եթե կարող է դրա համար վճարել:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար բժշկական օգնության իրավունք, եթե չունի կյանքին վտանգ սպառնացող, թանկ բուժում պահանջող հիվանդություններ:
Կյանքը գնահատվում է այնքան, որքան պահանջում է վարձու մարդասպանը:
Կեցցե՜ Սահմանադրության Օրը:
Լուսինե Վայաչյան
Ինչպես հայտնել էին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հայցը ներկայումս գտնվում է Հաագայում, որտեղից արդեն իսկ ծանուցում է ստացվել նյութերի ընդունման մասին: Երկար ժամանակ ՀԱԿ-ը նյութեր էր հավաքում Քոչարյանի դեմ։ Անգամ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք անցկացվեց, ապա ի մի բերվեց ու հարյուրավոր էջերից բաղկացած գործը ի վերջո թարգմանվեց և պատշաճորեն ներկայացվեց աշխարհի բարձրագույն դատական ատյանին:
Լրագրողներն այսօր օմբուդսմենից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է մտածում նախկին նախագահի նկատմամբ դատական հայցի կապակցությամբ, ինչին վերջինս պատասխանեց, թե հայցը կմերժվի, քանի որ ՀՀ-ն իբր համապատասխան փաստաթուղթ չի ստորագրել:
Այդ դեպքում ինչ՞ու Հարությունյանը չէր միջամտում ամիսներ շարունակ տևած ստորագրահավաքին, իր հեղինակավոր խոսքը չեր հասցնում երկրի քաղաքացիներին, չէր ասում, որ նրանք իզուր ժամանակ են վատնում։ Նրան հարց չուղղվեց, թե ինչո՞ւ մեր երկիրը չի ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը։
Օմբուդսմենը, ոչ միայն կոչված է պայքարելու մարդու իրավունքների պաշտպանության համար, այլև կողմնորոշելու նրանց: Հաագա ուղարկված հայցադիմումն այն մարդկանց անունից է, ում իրավունքները ոտնահարել է երկրորդ նախագահը: Սակայն, ինչպես երևում է, Արմեն Հարությունյանը որոշել է դառնալ «փոքրամասնության» իրավունքների պաշտպան, այն է` պաշտպանել ոչ թե Քոչարյանի կողմից ոտնահարված «մեծամասնության» իրավունքները, այլ Ռոբերտ Քոչարյանին` մոռացության տալով, որ նախկին նախագահը ի լուր բոլորի վիրավորեց իրեն, անվանելով իր «ամենաանհաջող կադրը»:
Դե, ո՞վ չի սխալվում. Քոչարյանն այդ արտահայտությունն անելիս կարծում էր, թե ճիշտ չի վարվել`ժամանակին նպաստելով Հարությունյանի կարիերայի աճին, սակայն, պարզվում է, Քոչարյանը սխալվել է. գուցե մարդու իրավունքների պաշտպանության հարցում Արմեն Հարությունյանն այդքան է հաջող կադր չէ, բայց փոխարենը` նախկին շեֆին պաշտպանելու հարցում, նա ավելի քան հաջող է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատողի օրվան և դատախազության 92-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։ Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:
Շնորհավորանքի իր խոսքում Տիգրան Սարգսյանը նշել է, որ տոնը բացառիկ հնարավորություն է` գնահատելու դատախազության անցած ուղին, ձևավորման փուլերը, նվաճումները և բացթողումները, միևնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն։ «Ձեր աշխատանքով է էապես պայմանավորված մեր պետականության ամրապնդման աշխատանքների արդյունավետությունը։ Համոզված եմ, որ այս գիտակցությամբ զինված մենք ձեզ հետ միասին կկարողանանք բացահայտել թերությունները և դրանց վերացման ուղղությամբ կառուցել համատեղ աշխատանք։ Համոզված եմ, որ դատախազությունում այսօր ունենք այնպիսի կուտակված ռեսուրսներ, մարդկային պոտենցիալ, որը հնարավորություն է տալու արդյունավետ լուծել հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրները»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դատախազության աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու համար։ «Դա նշանակում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այն սոցիալական խնդիրներին, որոնք այսօր կան համակարգում»,- նշել է վարչապետը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրել է դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանին։
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը։ Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի շնորհակալագրերով։
Մասնագիտական տոնի առթիվ դատախազության ավելի քան 60 աշխատակիցներ, ինչպես նաև վետերաններ արժանացել են տարբեր պարգևների։
Առաջին անգամ Թուրքիայում եղել եմ 7-8 տարի առաջ: Վերջերս կրկին Ստամբուլում էի: Առաջին անգամ իսկական թուրք տեսա Երևան — Ստամբուլ ավտոբուսի կանգառներից մեկում ու իմ չտեսությունից զարմացած ուղեկիցներիս, անընդհատ հարցնում էի` դրանք իսկակա՞ն թուրք են, թե՞ ադրբեջանցի: Հայկական ջարդերի մասին հնարավոր գրականությունը կարդացած ու սելջուկին հիվանդագին ընկալող իմ մտահորիզոնում ,ինչքան էլ ժամանակակից թուրքին այլ կերպ ներկայացնեն, բերում հարմարեցնում եմ իմ իմացած ու տարիների հետ թրծված թուրքի կերպարին:
Ադրբեջանցիներ ես տեսել էի մանկուց` մեր հարևանությամբ գտնվող տներից մեկում,որտեղ մի ողջ գերդաստան էր ապրում, 88 –ից հետո հեռացան: Կարմիր ներկած մազերով կանայք էին ու չար հայացքով նիհար ու դժգոհ դեմքով տղամարդիկ: Առաջին հայացքից իմ հարևաններն ու տեսածս թուրքերը նման չէին իրար.Առաջինները, ճիշտ է ,շփվում էին հարևանների հետ, բայց միշտ զգոն էին ու անվստահ։ Իսկ հանդիպածս թուրքերը սովորական մարդիկ էին` աննշան արտաքինով, հասարակ սպասարկողներ, պատրաստակամ ու անտարբեր, որոնց կարելի է հանդիպել ցանկացած մեծ ճանապարհի մերձակա օբյեկտներում:
Դեռ Երևանում ` ճանապարհելուց առաջ,ինձ զգուշացրել էին, որ թուրք տղամարդիկ հայ կանաց հետ ծանոթությունը սկսում են մի գավաթ թեյի առաջարկից: Ես նախատրամադրված էի, երբ հասանք Ստամբուլ ու հասարակական զուգարանի առջև նստած թուրքը ինձ առաջարկեց մի գավաթ թեյ, ես պարզապես փախա այդտեղից` առանց օգտվելու նրա հսկողությանը հանձնված հաստատության ծառայությունից: Հետո երկար հիշում ու ծիծաղում էի առաջին օրվա իմ վախի վրա:
10-15 օրվա ընթացքում ինչքանո՞վ հասցրեցի պարզել` չգիտեմ, բայց թուրք առևտրականը, ծառայողը, սովորական մարդ էր, որ, ճիշտ է, փորձում էր խոսք գցել փողոցով քայլող օտարերկրացի կնոջը, բայց ոչ ավելին: Մնացածը կնոջ կամքին էր թողնված: Իմ հայրենակից կանայք հաճախ են դրսևորում այդ կամքը: Երբ երկրորդ այցիս ժամանակ հայուհին իր կրած թուրքի ազգանունը հպարտությամբ արտասանեց… (ես ոչ ռոմանտիկ եմ, ոչ էլ չափազանց զգայուն, բայց եղեռն ապրած պապիս արյունը ամեն անգամ իրենն ասում է)այդ կնոջ նկատմամբ ատելություն զգացի:
Ստամբուլում հանդիպեցի բնիկ պոլսահայերի: Նրանք ապրում են բարեկեցիկ կյանքով, կան մեծահարուստներ , պաշտոնյաներ, սեփական բիզնես ունեցող արհեստավորներ, բոլորն էլ կապված են միմյանց հետ: Պոլսահայ համայնքը բավականին մեծ է ու կազմակերպված, բայց ինչպես հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականն ասաց` ապրում են ինչպես վառոդի տակառի վրա: Նրանցից շատերը թուրքական ազգանուն են կրում ու ասում են ,թե պարտավորված են, այլապես` բարդություններ կծագեն: Պոլսի հնաբնակները միջոցառումներ են կազմակերպում Հինալե կոչվող կղզու իրենց շքեղ ամառանոցներում, ամուսնանում են միայն իրենց շրջանի մարդկանց հետ, զբաղեցնում են բարձր պաշտոններ, բայց չափազանց զգույշ են:
«Աղջիկս, մենք երբեք չենք մոռանում, որ Թուրքիայում ենք ապրում»,- ասում էին նրանք։ Ու հնարավոր էլ չէ մոռանալ, թուրքերը պատրաստ են հիշեցնելու ցանկացած պահի, հարմար առիթով, եթե հանկարծ համարձակվես «կոշտուկները» տրորել: Պատրիարքարանում առավել զգույշ են, մուտքի մոտ ոստիկանության մեքենա էր կանգնած, ասացին, որ Դինքի սպանությունից ի վեր միշտ հսկողություն կա: Պատրիարքարանի պահակակետում թուրք պաշտոնյա էր նստած,երկար բանակցություններից հետո, միայն համաձայնվեց կանչել որևէ պատասխանատուի, կասկածող ու քննախույզ հայացքներով մարդիկ էին շրջում պատրիարքարանում: Նույնը եկեղեցուն կից վարժարանում, որի տեսուչը խիստ պաշտոնական ու սառը և հազիվ էր պատասխանում մեր հարցերին, իսկ հատուկենտ երևացող երեխաները վախվորած ծիկրակում էին պատի անկյունից։ Ինչ որ ճնշվածություն կար, որ այլ գաղթօջախի հայի մոտ չես հանդիպի ու ակամայից սկսում ես հասկանալ պոլսահայերի զգոնության անհրաժեշտությունը:
Պոլսի հնաբնակները չեն ընդունում Հայաստանից գնացած հայերին ու համարյա չեն շփվում նրանց հետ: Սևագործ ու իրենց կարծիքով ոչ պատվաբեր աշխատանքով զբաղված իրենց հայրենակիցներին, պոլսեցիները լավագույն դեպքում հանդիպում են եկեղեցում, բայց «երես չեն տալիս»: Ինձ հետաքրքիր էր նաև նրանց կյանքը ու խնդրեցի ինձ տանել այդ բնակատեղին: Հանրակացարան հիշեցնող մի մեծ սենյակում 7-8 մահճակալ էր դրված արաբների / նրանց թուրքերը համարում են ցածրակարգ աշխատուժ/ հետ, մի քանի հայ տղամարդիկ էին ապրում: Նրանց կիսամաշ հագուստից ու տանջահար տեսքից կարելի էր կռահել, որ ծանր աշխատանք են անում ու լավ չեն սնվում: Պատմեցին, որ մի քանի տարի է այստեղ են, աշխատում են ու գոյատևում: Բանակից փախած երիտասարդներ կային, ընտանիքը կորցրած մարդիկ: Կային նաև` ընտանիքով գաղթածներ: Ստամբուլում անլեգալ ապրող հայ երեխաները հաճախում էին դպրոց հասկացության հետ որևէ աղերս չունեցող շինության մեջ գործող մի ինչ որ խմբակի, որտեղ որևէ կարգի փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող: Բացատրեցին, որ դա էլ արվում , որ երեխաները կարդալ- գրելը չմոռանան:
Թուրքիան հսկայական ու հարուստ երկիր է, նրա քաղաքացին կարող է իրեն թույլ տալ շատ ավելին, քան մեզանում, բայց յուրաքանչյուրն իր գործն այնպիսի ջանասիրությամբ է անում, որ ապշում ես: Մենք հաճախ ճաշում էինք մի ռեստորանում, որի տերը անձամբ էր մոտենում հաճախորդներին ու հարցնում յուրաքանչյուրի կարծիքը: Հնարավո՞ր է պատկերացնել, որ մեր բարձրակարգ ռեստորանի տերը շրջի սրահում ու հարցնի թե իր հաճախորդը գո՞հ է սպասարկումից, կամ ի՞նչը նրան չի բավարարում: Չնայած դրան թուրքերն օտարամոլ չեն, ու ցանկացած պարագայում առաջինը սպասարկում են նախ իրենց հայրենակցին: Թուրքիայի դրոշի ու Աթաթուրքի պաշտանմունքը զարմանալի որակներ են կրում: Հավատքը` իրական ու կենդանի, զգում ես ամենուր: Օտարին նրանք միայն որպես բիզնեսի աղբյուր են ընկալում, ու պատրաստ են ծառայելու, սակայն դժվարությամբ են հաշտվում, երբ խոսքը վերաբերվում է ազգայինին.
«Արարատ» անունը կրող ռեստորանը գտնվում է Ստամբուլի բանուկ մասում ու դրսում գտնվող հատվածը միշտ մարդաշատ է: Գայթակղիչ էր նեոնային շքեղ լույսերով գրված «Արարատը»: Ինձ այնտեղ տանող անձին երախտապարտ, փորձեցի ճշտել, թե ո՞վ է ռեստորանի տերը: Պարզվեց, որ «Արարատը» Նախկին հայ տիրոջից գնել է ոմն ադրբեջանցի, նրանից էլ ներկայիս թուրք տերը, ու քանի որ անունը հայտնի է ու շատ հաճախորդներ է բերում, որոշել են չփոխել: Անձեռոցիկների վրա լեռան մեկ գագաթն էր պատկերված: Ես կանչեցի մենեջերին ու հարցրեցի թե ինչո՞ւ է պատկերված Արարատի մեկ գագաթը, թուրք մենեջերը բացատրեց, որ Արարատը լեռան անուն է, որը գտնվում է Թուրքիայում: Ես էլ նրան ասացի, որ ես լավ գիտեմ` դա հայերին է եղել ու մեկի փոխարեն երկու գագաթ ունի: Նա լսեց, լսեց ու կասկածանքով սկսեց նայել ինձ: Մինչ այդ նա, որ ավագ կարգադրիչն էր, և մյուսները, որ ընդգծված ուշադիր էին, ու հոգատարությամբ պտտվում էին սեղանի շուրջը, սկսեցին հեռվից անբարյացկամ հայացքներ ուղղել մեր կողմը: Իսկ երբ ես լուսանկարում է«Արարատը» -ի վահանակը, նրանց խեթ հայացքները առավել սևեռուն էին դարձել:
Ռ.Ա.
Հ.Գ. նյութը պատրաստ էր ,երբ պատմեցին, որ «Արարատ» ռեստորանը այրել են ու դա այլևս չի գործում։
Հունիսի 28-ին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի ժամանակ մահացել է կոմբինատի աշխատակիցը` 30-ամյա Ղազար Առաքելյանը: Կոմբինատի ղեկավարությունը դեպքը չի մենաբանում։
Մանրամասներ հայտնի չեն։ Քանի դեռ հետաքննող մարմինը և դիահերձումը չեն տվել իրենց եզրակացությունները, կոմբինատում խուսափում են խոսել մահվան պատճառների մասին։ Կոմբինատի ղեկավարության կողմից շրջանառության մեջ է դրվում այն վարկածը, թե 30-ամյա Ղ. Առաքելյանը կաթվածահար է եղել: Դա այն վարկածն է, որի հաստատվելու դեպքում կոմբինատի ղեկավարությունը կարող է խուսափել պատասխանատվությունից։ Սակայն շշուկները այլ բան են ասում:
Այսօր փորձեցինք ճշտել դեպքի մանրամասներն ու նախաքննության ընթացքը, Ազգային անվտանգության տեխնիկական կենտրոն ՊՈԱԿ-ից, որն, ի պաշտոնե, պարտավոր է կատարել վտանգավոր օբյեկտների փորձաքննություն, ուստի նմանատիպ մահվան դեպքերը պետք է գտնվեն այդ կառույցի ուշադրության կենտրոնում, քանի որ ցանկացած օբյեկտի սխալ շահագործումը կամ դրա կանոների անտեսումը կարող է բերել դժբախտ պատահարի։ Սակայն ՊՈԱԿ-ի փորձագետների վարչության պետը, որը խուսափեց ներկայանալուց, տեղյակ չէր կատարվածից:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.