23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վաղը գիտելիքի օրն է։ Անկեղծ ասած, այնքան էլ հստակ չէ, ինչ ասել է գիտելիքի օր։ Բայց ի պատիվ այդ օրվան Գարեգին Բ կաթողիկոսը զարմանալիորեն խախտել է լռության ուխտը։ Նա սովորբար չի հանդիպում լրագրողների հետ, այս հանդիպումը գալիս է փաստելու, թե ինչքան է արժևորում վեհափառը գիտելիքը։
Օգոստոսի 31-ին Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների օրհնության արարողություն։ Իսկ ո՞վ ասաց, որ միայն կրթության բնագավառի աշխատակիցը գիտելիք ունի և ունի արդյո՞ք։ Կամ միայն նրա՞նք ունեն վեհափառի օրհնության կարիքը։
Արարողության ավարտին Նորին Սրբությունը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպեն լրագրողներին` տեղեկացնում է Մայր Աթոռը։
Այս տարվա օգոստոսի սկզբին Երևանի Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ծանուցագիր են ստացել և ազատվել աշխատանքից: Նրանք մինչ այժմ չեն կարողացել պարզել, թե որն է իրենց հեռացման պատճառը: Նրանցից մի քանիսն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել իրենց պահանջները:
Ֆրանսիական համալսարանի անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանի խոսքերով` իրենց հեռացման պատճառը համարվում է Բրիտանական խորհրդի վերապատրաստման որակավորումը չանցնելը: Սակայն Հակոբյանը ներկայացրեց Բրիտանական խորհրդի հավաստագիրը, որտեղ գրված էր, որ ինքը հաջողությամբ ավարտել է դասընթացը և ամենաբարձր գնահատականն է ստացել:
Նրանց հանդեպ վերաբերմունքը միայն զարմանք է առաջացնում, քանի որ ընդամենը 2 ամիս առաջ համալսարանի ռեկտորը անգլերենի ամբիոնի նախկին վարիչին երաշխավորագիր է տվել, որտեղ հստակ նշված է, որ վերջինիս գիտելիքներն ու հմտությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:
ֆրանսերենի ամբիոնի դասախոս Նարինե Կոխտիևան համոզված է, որ ցանկացած հիմնարկում կրճատումները արվում են հանձնաժողովի կողմից` ատեստացիայի հիման վրա։ Նրա խոսքերով` համալսարանի ռեկտորը բացատրություններ տալու ժամանակ չի գտել։
Աշխատանքից հեռացվել են նաև իրավաբանական ամբիոնի 15 և ֆրանսերենի ամբիոնի 4 դասախոսներ:
29 հեռացված դասախոսներից դատարան են դիմել միայն 14-ը: Գայանե Հակոբյանը նշեց, որ մնացածը հիմնականում տարբեր պաշտոնյաներ են և չեն ցանկանում իրենց անունները հրապարակել: Համալսարանի աշխատավարձը վերջիններիս եկամուտի հիմնական աղբյուրը չի հանդիսանում: Դասախոսները դիմելու են ԿԳ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և մի շարք այլ պաշտոնյաների:
Հեռացված դասախոսները պնդում են , որ աշխատանքից հեռացվել են օրենքի կոպիտ խախտումով, քանի որ պայմանագրերի ժամկետների մասին տեղեկություններ չեն ունեցել: Սակայն նրանց ասել են, որ ժամկետների մասին իրենք կարող էին ուսումնական մասում գտնվող հատուկ արկղիկներից իմանալ, որոնք դասախոսների խոսքերով տարիներով չեն բացվում:
Մյուս կողմի կարծիքը լսելու նպատակով զանգահարեցինք Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Պարոն Նավոյանի խոսքերով` հեռացված դասախոսները սխալվում են `կարծելով, որ իրենց անօրինական ճանապարհով են աշխատանքից ազատել: «Եթե կարծում են, որ մենք աշխատանքային օրենսգրքով չենք առաջնորդվել, թող դատարան դիմեն ու պարզեն այդ ամենը»,- ասաց պռորեկտորը:
Նավոյանը նշեց, որ համալսարանը կարող է և իրավունք ունի չերկարացնել պայմանագիրն այս կամ այն դասախոսի հետ: Վերջինիս խոսքերով աշխատանքից հեռացված դասախոսների շարքում կան դոկտորանտներ, որոնք պետք է մտածեն իրենց ատենախոսությունների մասին:
Աշխատանքից ազատվել են նաև այն դասախոսները, որոնց ուսանողները չափազանց ցածր են գնահատել: Համալսարանի կողմից վճարված, սակայն վերապատրաստումը չանցած, ինչպես նաև պարբերաբար ուշացող դասախոսները նույնպես նման բախտի են արժանացել:
Պրոռեկտորն ասաց, որ 29 դասախոսներից 14-ը դիմել են Ֆրանսիայի դեսպանին և ստորագրություններ հավաքել, այն դեպքում երբ շատերը պնդում են, որ իրենց ուղղակի սպիտակ թղթեր են տվել:
Հեռացված դասախոսները ստիպում են ուսանողներին դասադուլ կազմակերպել, ինչը Նավոյանի խոսքերով մանկավարժական անբարոյականություն է:
Ալիսա Շեկոյան
Սեպտեմբերի 4-ը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պատրաստվում է այդ օրը նշել մեծ շուքով, և հենց նույն օրն էլ տեղի կունենա Արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացումը:
Երիցյանն իր պաշտոնավարումը սկսեց մեծ շինարարությամբ` «շինարարություն» բառի իսկական իմաստով` հիմնովին վերանորոգելով նախարարության շենքը, և, փոխաբերական իմաստով` ոչ պակաս տեմպերով վերանորոգելով նաև նախարարության կառույցները` ինչպես հարկն է կադրային փոփոխություններ կատարելով:
Ինչպես երևում է, նախարարությունում արդեն հասկացել են, որ եթե իրենց ղեկավարը տնավորվելու գործը սկսել է կապիտալ վերանորոգումից, ուրեմն նշանակումը հիմնավոր է ու ինչպես նախորդը` մեկ -երկու տարի անց չի պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին։ Եվ շեֆի աչքին լավ երևալու, թե իրենց աթոռների ամրությունը ի ցույց դնելու համար նրանք ևս` հատկապես նորանշանակ կադրերը, ամեն ինչ անում են` ապացուցելու, որ արժանի են նախարար Երիցյանին։
Մինչև Արմեն Երիցյանի գալուստը, մինչ Փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանի կորուստը (տեղափոխման իմաստով), այս կառույցն ուներ համապատասխան թվով ՀՓԾ տեղակալներ: Էդիկ Բարսեղյանից հետո Արամ Թանանյանը ևս լքեց ՀՓԾ-ն` իհարկե, դարձյալ բավական հարգելի պատճառներով. Թանանյանը տեղափոխվեց Ազգային անվտանգության խորհուրդ` որպես ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ: Նրա տեղը մնաց թափուր: Նույն ճակատագրին արժանացավ նաև մյուս տեղակալի` Սերգեյ Ազարյանի աթոռը, որը պաշտոնի բարձրացում ստացավ` դառնալով ՀՓԾ տնօրեն: Տեղակալներից գեներալ-մայորներ Աստվածատուր Պետրոսյանն ու Վրեժ Գաբրիելյանը մնացին տեղերում (դեռևս):
Առաջացած թափուր պաշտոններից մեկը վերջերս համալրվեց. ՀՓԾ տնօրենի տեղակալ նշանակվեց գնդապետ Գագիկ Բեգլարի Կոստանդյանը: ՀՓԾ-ում բոլորը գիտեին այս նշանակման մասին, հրամանը վաղուց տրված էր, սակայն Կոստանդյանի երեսը ոչ ոք չէր տեսնում: Բոլորը զարմանում էին, թե ինչու նորանշանակ տեղակալը չի շտապում զբացեղնել իր աթոռը և, վերջապես, միայն այն բանից հետո, երբ Կոստանդյանին հատկացված աշխատասենյակում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ, Հայաստանի փրկարարները միանգամից գլխի ընկան, որ իրենց բաժին է ընկել բավական լավ հոտառությամբ ղեկավար, որ միանգամից յուրացրել է նախարար Արմեն Երիցյանի աշխատաոճը և գործը սկսել… վերանորոգումից:
Միայն սենյակը հիմնովին կարգի բերելուց, կահույքը թարմացնելուց , և իր` ՀՓԾ նոր տեղակալի անունը ցուցատախտակի վրա տեղը-տեղին գրելուց հետո, Կոստանդյանը հայտնվեց հրապարակում:
Ի դեպ, ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Գագիկ Կոստանդյանը Արմեն Երիցյանի սիրելի կադրերից է ոչ միայն «վերանորոգման» առումով, այլ, ըստ երևույթին, նշանակման հարցում ավելի վճռական է եղել Կոստանդյանի` նախկին ոստիկան լինելը. 1978-1996թթ. նա աշխատել է Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում, որից հետո մի տևական շրջան էլ ՀՓԾ ներկա փոխտնօրենը հայտնվել է նաև Ազգային ժողովում` Արտաշես Գեղամյանի կուսակցության պատգամավորի կարգավիճակով: 2000թ. Կոստանդյանը ընդգրկվել է «Հոկտեմբերի 27-ի դեպքերն ուսումնասիրող» հանձնաժողովում` որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007թ. Կոստանդյան Գագոն կարծես դուրս մնաց անցուդարձից ու ընդամենը բիզնեսմեն էր, մինչև որ նախկին ոստիկանի մասին հիշեց փոխոստիկանապետ գործընկերը և բերեց ԱԻՆ` տեղավորելով նախարարության կարևորագույն կառույցներից մեկում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Cisco ընկերությունը IP- հեռախոսակապի առաջատար Skype ընկերության տնօրինությանը գնային առաջարկ է ներկայացրել, գրում է TechCrunch-ի գլխավոր խմբագիր Մայքլ Արինգտոնը՝ հղում կատարելով անանուն աղբյուրի։
Cisco ընկերությունը Skype-ի համար առաջարկել է 5 միլիարդ դոլար։ Ի դեպ վերջինս պատրաստվում է բարժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել։ Օգոստոսի սկզբներին հայտնի էր դարձել, որ ընկերությունը ԱՄՆ թանկարժեք թղթերի և բիժայի հանձնաժողովին համապատասխան դիմում ներկայացրել։
Ինչպես տեղեկացնում է Արինգտոնը, Skype-ում IPO-ից ակնկալում էին 5 միլիրադ դոլար։ Այդպիսով Cisco-ի առաջարկը լիովին համապատասխանում է ընկերության կողմից սահմանված ծառայության արժեքին։
2009թ․ սեպտեմբերին Skype-ի նախորդ սեփականատերը՝ eBay ինտերնետ-աճուրդը, ընկերության բաժնետոմսերի 70%-ը վաճառեց մասնավոր ներդրողների խմբի՝ իրեն թողնելով 30%-անոց փաթեթ։ Այդ ժամանակ ամբողջ ընկերությունը գնահատվել էր 2.75 միլիարդ դոլար։ eBay-ը 2005 թ․-ին Skype-ը գնել էր 2.6 միլարդ դոլարով։
Skype-ը հանդիսանում է IP-հեռախոսակապի ամենախոշոր ընկերությունն աշխարհում։ Ավելի քան 500 միլիոն մարդ է օգտվում վեջինից։ Իր հերթին, Cisco -ն հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի լիդերներից մեկը։
Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավական իրատեսորեն է գնահատում իր հնարավորությունները: ՀՀ գործադիրը հասկանում է, որ ի վիճակի չէ այլևս տնտեսություն զարգացնել, որ արտադրություն ստեղծելու միջոցով աշխատատեղեր բացելը իր համար պարզապես անիրագործելի երազանք է, հետևաբար միակ բանը, որ կարող է անել` դա ՀՀ քաղաքացիներին` միմյանցից վրա փող աշխատելու հնարավորություն տալն է:
«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի, մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նոր օրենքով կարգավորվում են ՀՀ ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի սահմանման, դրա գանձման կարգը և պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Սա նշանակում է, որ Երևանում ամեն քայլափոխի գործող «արի-արիների ինստիտուտը», որ ազդում է յուրաքանչյուր նորմալ մարդու նյարդերի վրա, ոչ միայն չի վերանալու, այլև, դրվելու է պետական մակարդակի վրա ու կատարելագործվելու է, դեռ մի բան էլ պատասխանատվություն է սահմանվելու: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ոստիկանությունն` ի դեմս իրար չհասկացող վարորդի ու «Արի-արիի» ունենալու է բիրիքով պոտենցյալ հանցագործներ։ Այսինքն, բյուջեն լցնելու ավելի արդյունավետ միջոց դժվար թե կարելի էր մտածել։ Ստացվում է` քարից հաց քամող մեր պապերից մնացել է չեղածից փող շինող մեր մենթալիտետը։
Այս «ինստիտուտը» առաջ եկավ վերջին տարիներին, սկզբում այն տարերային բնույթ էր կրում. հատուկենտ զոռբաները կարողանում էին իրենց օբյեկտի հարակից մայթի հատվածում կանգնող ավտոմեքենաների տերերից գումար կորզել: Ընդ որում այդ գումարը պայմանավորված էր մայթը զավաթածի ագահության աստիճանից: Օրինակ` «Փեթակ» առևտրի կենտրոնի շրջակայքում վաղուց արդեն սահմանված վճարը 200 դրամ է, իսկ տոնական օրերին «արի-արիների» ագահությունն այլևս սահմաններ չի ճանաչում։ Նրանք կարող են անգամ մուննաթ գալ վարորդի վրա, թե «2 ժամ կանգնեց, տվածը 100 դրամ ա»: Շատ հաճախ հանդիպում են նաև առանձին ժուլիկներ, որ ներկայանալով որպես մայթի տվյալ հատվածի «արի-արի»` անգամ 5 րոպեով կայանած վարորդից գումար են շորթում:
«Արի-արիների ինստիտուտը», փաստորեն, մինչև ՀՀ կառավարության կողմից նման բարձր մակարդակի բարձրացվելը, արդեն իսկ տեղով խայտառակություն էր: Օրվա ընթացքում մի քանի անգամ կայանող վարորդը օրվա վերջում կարող է փոշմանել տնից դուրս գալու համար:
Բայց մենք չենք բողոքում` միայն նյարդանում ենք, հայհոյում նման բան հանդուժող երկրի ղեկավարությանը, հոգու խորքում ինչ-որ տեղ հուսալով, որ մի օր, կարող է մի էդպիսի «արի-արի» էլ ՀՀ նախագահին կամ վարչապետին կամ գոնե Երևանի քաղաքապետին ռաստ գալ և արդյունքում վերջապես ղեկավարությունն էլ կգիտակցի, թե ինչ պատուհաս են դրանք վարորդների և, ընդհանրապես,սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող շարքային քաղաքացիների համար:
Ի դեպ, թե´ կառավարության, թե Ազգային ժողովի կայքերում հիշյալ օրենքների նախագծերը չկային, այնպես որ ասել, թե հատկապես ի տուրքի, որ տեսակի մասին է խոսքը, հնարավոր չէ: Խոսակցություններ կային, թե հիշյալ փոփոխություններով մեկ ժամվա կայանման համար սահմանվելու է 500 դրամ: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ավելի քան տարակուսելի է, ինչի՞ համար է նախագահ Սարգսյանը նման կառավարություն հանդուրժում. եթե նախագահին անհրաժեշտ է այնպիսի գործադիր, որի շնորհիվ իր ղեկավարած Հայաստանից օրական հազարավոր քաղաքացիներ առնվազն հիասթափվեն և լքեն երկիրը կամ համալրեն ընդդիմության շարքերը, ապա կարելի է ասել `ամեն ինչ ավելի քան պայծառ է ստացվում…
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Սեպտեմբերի 11-ին Գյումրիում կմեկնարկի թվով յոթերորդ բիենալեն: Զրուցում եմ Կարեն Ալեքյանի հետ՝ կոնցեպտուալիստ- արվեստագետ, ով Գյումրու 7-րդ բիենալեի շրջանակներում իրականացնում է «Բիենալեն առաջադիմական» պրոյեկտը:
— Բիենալե — տարօրինակ մի բառ, ի՞նչ է դա:
— Ելնելով խորթ ու անհասկանալի իրականությունից: Բիենալեն լինելով ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ դեմ է քաղքենությանը:
— Դա նշանակում է, որ բիենալիեն քաղքենու համար հետաքրքիր լինել չի՞ կարող, չի՞ կարող մշակույթային արժեք ունենալ:
— Հետաքրքիր լինել ու արժեք լինելը տարբեր հասկացողություններ են, ու քաղքենու համար արժեքները զուտ նյութական են:
— Գյումրիի բիենալեն շարունակական է դարձել, իսկ որքանո՞վ է գյումրեցին հաղորդակից դառնում իրադարձությանը: Ո՞նց են ընդունում, ինչպե՞ս է քաղաքը փոխվում, կամ եթե չի փոխվում, ապա ո՞րն է պատճառը:
— Մեր հասարակության մեջ, ցավոք, բիենալե երևույթը դիտվում է որպես չհասկացված մի բան, բացառությամբ շատ քչերի: Արվեստի առումով փոխվեց այն, որ ասենք՝ կայացավ գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը, էլի որոշ բաներ: Բայց մեծ հաշվով արվեստի ընկալումը չի փոխվել: Դեռևս մոդեռնիզմը ընկալվում է որպես ժամանակակից արվեստ:
— Վերջին ժամանակներս ժամանակակից արվեստի մի շարք փառատոնների, ցուցահանդեսների կոնցեպտը թարգմանությունն է,անում են համայնքային արվեստի համատեքստային թարգմանություններ, այն տարօրինակում են, Մշակույթի կոմիտեն, ինչքան հասկացա, համարում է թարգմանությունը, որպես մշակույթային հեղափոխության գլխավոր գործիք: 7-րդ բիենալեն նունպե՞ս այդ կոնցեպտի վրա է կառուցված:
— Դժվար է այս պահի դրությամբ ասել, որ դրա վրա է կառուցված, որ այսօրվա խնդիրն էլ հենց դա է: Թարգմանությունները շատ կարևոր են միջմշակույթային հարաբերությունների, դիսկուրսների առումով:
— Կասկածում ե՞ս, որ դա այսօրվա խնդիրն է: Մեր հասարակության հիմնական պրոբլեմը անհանդուրժողականությունն ու նեղճակատությունը չե՞ն, իսկ դա հենց թարգմանության խնդիր է, որ մեկը մյուսի այլախոհությունը չի ընկալում` սկսած մշակույթից ,վերջացրած նեղ անձնականով:
— Ես ի նկատի ունեի բիենալեն իր հիմնադրման օրվանից: Էսօրվա խնդիրը իհարկե դա է, որ մեկը մյուսին չի հասկանում ու դա վերաբերում է բոլոր բնագավառներին ու հարաբերություններին: Բայց բիենալեին այս անգամ փորձ է արվում նայել 12 տարվա գործնեությանը: Խնդիրը ավելի շատ վերաբերվում է տեղին, թե ինչքանով է տեղի դաշտը հետաքրքրված:
— Տեղի` կոնկրետ Գյումրվա՞:
— Առաջին հերթին Գյումրվա, հետո հայաստանյան, կամ ինչ շարունակություն էլ հնարավոր է, որ ունենա:
— Անցյալ բիենալեն ինձ համար առաջինն էր, ես առաջին անգամ էի ներկա գտնվում նման միջոցառման: Անկախ ամեն ինչից, ո՞նց էի հասկանում, ընկալում բինալեի գործերը, ինձ համար արժեքավոր էր այդքան արվեստագետների, այդ թվում նաև արտասահմանից մասնակցությունը: Ինչպե՞ս է այս տարի լինելու, ովքե՞ր են մասնակցելու, դրսից մասնակիցներ կա՞ն:
— Արտասահմանից կլինի Սալոնիկի բիենալեի կուրատորը, որը կներկայացնի երեք արվեստագետների, ու բիենալեին կից կլինի ցուցադրություն Անգլիայի դեսպանատան նախաձեռնությամբ: Կներկայացվեն մի քանի հայտնի արվեստագետների գործեր:
— Ովքե՞ր են կազմակերպիչները, առանցքային կոնցեպտի հեղինակը:
— Ինստիտուցիաները երեքն են՝ ԳԺԱԿ-ը (Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոն), Ուտոպիանան (հայ-շվեցարական մշակույթային միություն), Գյումրիի գեղարվեստի ակադեմիան: Գլխավոր կուրատորը Ազատ Սարգսյան է, առանցքային կոնցեպտի հեղինակը, իսկ կազմակերպիչ կուրատորները 5 հոգի, որոնք զբաղվում են տարբեր ցուցադրություններով:
— Ֆինանսավորում հայթայթելը երևի ամենաբարդ պահն է, արդեն չեմ էլ հարցնում, թե արդյոք՞ մշակույթի նախարարությունը աջակցում է…
— Այս տարի կարելի է ասել ֆինանսը զրոյական է, միշտ էլ բարդ է եղել: Ժողովներից մեկի ժամանակ որոշվեց մերժել նախարարության ֆինանսավորումը, որը մի խղճուկ գումար էր, մերժումն ավելի պատվաբեր էր…
— Շատ էլ լավ եք արել: Անցած բիենալեին մասնակիցների կացարանն ու սնունդը ապահովում էին կազմակերպիչները, երևի այս տարի չսպասենք, հա՞:
— Ցավում եմ, բայց երևի ոչ:
— Բիենալեի կոնցեպտը արխիվացված արխիվներն են՝ «Արխիվների արխիվացումը կամ ապագայի հիշողությունը», ինչպես՞՚ դա հասկանալ:
— Արխիվները դա քաղաքն է, այսինքն՝ իր պատմությամբ, մշակույթով և այլն, դրա արխիվացումը կամ ապագայի հիշողությունը՝ ապագա, որը դեռ գալու է: Այսինքն `պիտի պարզ դառնա մի հարց, արդյո՞ք արխիվի մեջ կարելի է ինչ որ բան անել:
— Որպես արվեստագետ, ի՞նչ ես կարծում, ժամանակակից արվեստը երբևիցե Հայաստանում կդառնա՞ հանրային, մասսայական, կընդունվի՞ գոնե այնպես, ինչպես հիմա ասենք, 60-ականների արվեստն ու տենդենցներն է ընդունում:
— Ես որպես արվեստագետ օպտիմիստ եմ, իսկ որպեսզի ժամանակակից արվեստը հասկացվի, մասայականացվի, հասարակությունը պիտի ընդունի ապրելակերպի, զարգացման այնպիսի ձևաչափեր, որոնք թույլ կտան հասկանալու ժամանակակից արվեստը:
— Իսկ ինչպե՞ս հասնել դրան, մշակույթային հեղափոխությա՞մբ:
— Մշակութային զարգացումները անժխտելիորեն կապված են քաղաքական զարգացումների հետ, դրանք նույն շղթայի օղակներն են, ու մշակութային հեղափոխությունը կկայանա:
— Դժվար չի՞ գավառում լինել կոնցեպտուալիստ — արվեստագետ:
— Ես միշտ մտածել եմ, որ տեղանքը երկրորդական բան է, կարևորը արվեստի ընկալումն է, աշխարհայացքը, մեկ էլ՝ արվեստի դաշտի ինֆորմացիային տիրապետելը: Այդ դաշտը այսօր բավականին լայն է, որը հնարավորություն է ընձեռում արվեստի նմանօրինակ միջոցառումների:
— Բայց այդ դաշտը հիմնականում այդտեղ ստեղծագործող արվեստագետների ու նրանց ընկերների, հարազատների ու բարեկամների դաշտն է, այն պոպուլյար չի: Դա քեզ համար ի՞նչ է նշանակում՝ հանրությո՞ւնը հասուն չի, թե՞ գուցե մենք ենք “выскочки”: Մեզ մոտ փոփ դաշտում նույնիսկ, երբ հայտնվում է մեկը, ընդունված է աֆիշներին գրել “սիրված ու ճանաչված”, չնայած նրան ճանաչում ու սիրում են միայն իր մտերիմներն ու երկու — երեք հարևան: Չկա՞ էդպիսի անհանգստություն, որ մենք մեզ համար ենք արարում ու ոչ ոքի էլ պետք չի դա:
— Չէ, հասարակության հասունությունն է քիչ, ու ամեն ինչ իր զարգացումը ունի ժամանակի ընթացքում: Չկա էդպիսի բան, ժամանակակից արվեստը համամարդկային է, ինքը հարևան, բարեկամ, ազգ, սեռ, ռասա չի ճանաչում:
— Բայց ո՞ւմ է պետք, ի վերջո, եթե հանրությունը հասուն չի, չի հասկանում…
— Դրա համար եմ ասում` ժամանակի հարց է, չի կարող անընդհատ փակ մնալ:
— Երևանում ամեն անհասկանալի բանի ասում են “նփակ”, գյումիրում “բիենալե”:
— Հա, տեղին համեմատություն է, չնայած ՆՓԱԿ-ի ներկայիս վիճակը դրա մասին չի խոսում:
— Ինչո՞ւ, ո՚՞նց էդպես եղավ:
— Որովհետև չունի առաջվա առաջադիմական ակտիվությունը, դարձել է «մասնավոր հոլդինգ»…
— Իսկ ի՞նչ պիտի անի բինեալեն, որ մնա մեկը մեր երկրի մշակույթային կարևոր իրադարձություններից: Մենք ուրիշ ոչինչ չունենք աշխարհին ցույց տալու, բացի մեր չեղած մշակույթից: Կկարողանա՞նք պահպանել Գյումրիի բիենալեն: Ի՞նչ է պետք դրա համար:
— Բիենալեն պիտի կարողանա մեր մշակույթը համաշխարհային ժամանակակից արվեստին ինտեգրելու հնարավորությունը պահպանի: Խնդիրը դա է: Դրա համար Հայաստանի ժամանակակից արվեստի բոլոր ինստիտուցիաներն ու կառույցները համատեղ պիտի ներդնեն իրենց ջանքերն ու ինտելեկտուալ ներուժը:
Լուսինե Վայաչյան
Երբ 2008թ. նախագահական ընտրություններից ու «Օրինաց երկիր» կուսակցության հետ կնքված գործարքից հետո ստեղծվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը և դրա պորտֆելը հանձնվեց Մհեր Շահգելդյանին, ոչ մեկի մտքով չանցավ առանձապես լուրջ վերաբերվել այդ նախարարությանը:
Բոլորն էլ հասկանում էին, որ գործարք է եղել, որի արդյունքում հարկավոր էր փոխհատուցման կարգով ՕԵԿ-ին ինչ-որ բան տալ. այդ ինչ-որ բանն էլ այստեղից – այնտեղից հավաքած կառույցներն էին, որից էլ նախարարություն ստեղծվեց:
Շահգելդյանն իր կառավարման երկու տարում առանձնապես չաշխատեց փոխել այդ կարծիքը, եթե ոչ հակառակը. հատկապես վերջին շրջանում բավական աղմկալի դեպքեր բացահայտվեցին, օրինակ` մեծ քանակությամբ ալյուր փչացնելու պատմությունը:
Շահգելդյանը պաշտոնանկ արվեց, նրա փոխարեն ԱԻՆ եկավ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը, որ հրապարակավ խոստացավ ոլորտը կայացնել և Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձնել ամենահզոր կառույցներից մեկը: Երիցյանի կառավարումից անցել է մի քանի ամիս և, դատելով քայլերից, կարելի է ասել, որ նախկին փոխոստիկանապետը շուտով կարող է դառնալ ամենահզոր նախարարներից մեկը:
Կառավարության վերջին նիստում գործադիրի ուշադրության առյուծի բաժինը հատկացվել էր ԱԻ նախարարությանը: Նիստի օրակարգում ընդգրկված ավելի քան հիսուն հարցից տասնյոթը վերաբերել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարվող բարեփոխումներին։
«Նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։ Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Նախարարությանն են վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Սա նշանակում է, որ ԱԻՎ- ը հարստացվել է մի շարք նոր կառույցներով, որոնք իրենց հետ կբերեն ճիշտ է ծավալուն աշխատանք, բայց և դրանք կազմակերպելու համար լրացուցիչ միջոցներ։ Ակնհայտ է` Երիցյանն այն նախարարը չէ, որ քչով բավարարվեր։
Լուսինե Կեսոյան
Ո՞վ է Արգիճի գետի վտակի հունը փոխող, 5 գյուղի բնակիչներին ջրի միակ աղբյուրից զրկող եւ ապօրինի ՀԷԿ կառուցող դեվը
25 օգոստոսի, 2010թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից նամակ է ուղարկել Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում «Ժառանգությունը» պահանջում է քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ, ով փաստացի հետապնդման է ենթարկում Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը` փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության դեմ փետրվարի 19-ին բողոքի ակցիայի մասնակիցներին` ակցիայի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով: Նամակի բովանդակությունն է.
«Այսօր` օգոստոսի 25-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց վերջին օրերին Մարտունու դատախազության եւ ոստիկանության քննիչների գործողությունների մասին, որոնք մեր կարծիքով ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլեւ պետք է անհապաղ արժանանան իրավական համարժեք գնահատականի:
Համաձայն տարածված տեղեկատվության` Մարտունու դատախազությունը այլեւս բացահայտ հետապնդման է ենթարկում մասնավորապես Վերին Գետաշեն գյուղի բնակիչներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքների շրջանակներում հուլիսի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության եւ որպես բողոքի արտահայտություն 4 ժամով փակել են Երեւան-Մարտունի մայրուղին:
Դատախազությունը կազմել է 15 մարդկանց անուններից բաղկացած ցանկ, ովքեր առանց ծանուցագրի արդեն հրավիրվել են դատախազություն եւ քննիչ Արթուր Մանուկյանի կողմից հարցաքննվել հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչների «բացահայտման» նպատակով:
Դատախազության այս վերջին գործողություններից դեռեւս երկու շաբաթ առաջ ոստիկանության մեկ այլ քննիչի` Հուսիկ Բաղդասարյանին է «հետաքրքրել» բողոքի ակցիայի կազմակերպիչի/կազմակերպիչների ինքնությունը, որի նպատակով նա կրկին «տեղացիներին հարցաքննել է, թե ով է բողոքի ակցիայի կազմակերպման հետեւում կանգնած եղել» («Հետք»):
Սա անթույլատրելի դրսեւորում է իրեն ժողովրդավարական եւ իրավական հռչակած մի երկրում, որի Սահմանադրությամբ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են, պետությունը պարտավոր է ապահովել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը (հոդված 3), իսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (հոդված 5):
Թե’ դատախազության, թե’ ոստիկանության քննիչների նման անառողջ եւ նույնական հատաքրքրությունները վկայում են, որ նրանք երկուսն էլ ակնհայտ հրահանգ են ստացել ինչ-որ կենտրոնից` պարզել եւ պատժել բողոքի ակցիայի ակտիվիստներին, ըստ այդմ` ճնշել տարածաշրջանի 5 համայնքների` Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ եւ Վարդաշեն գյուղի բնակիչների արդարացի բողոքը: Դատախազության եւ ոստիկանության քննիչներին բողոքի ակցիայի կազմակերպիչների ինքությունը բացահայտել հրահագնած «կենտրոնի» բացահատումը էական է այն պատճառով, որ մինչեւ այժմ անհայտ է, թե ու՞մ է իրականում պատկանում անավարտ եւ ապօրինի այդ կառույց, որի միայն շինարարությունն իրականացրած ընկերությունն է հայտնի` «Զանգեզուր Էքսիմպ»:
Ինչպես հայտնի է (տե’ս «ԷկոԼուր», «Հետք» պարբերականներ) հասարակական ընդվզման արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որն անօրինական է համարել իրականացվող
շինարարությունը: ՀԷԿ-ի անօրինական կառուցին նույնատիպ գնահատական է տվել նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովը: Չնայած դրա արդյունքում ՀԷԿ-ի անօրինական շինարարությունը կասեցվեց, առայսօր հանրությունից խնամքով թաքցվել է կառույցի իրական սեփականատիրոջ անունը:
Այս խորապատկերին մեզ իրավունք ենք վերապահում կապ տեսնել չբացահայտված սեփականատիրոջ անպատժելիության եւ ոստիկանության ու դատախազության գործողությունների միջեւ: Եթե նրա անձը բացահայտված լիներ, իսկ կատարած արարքներն էլ` պատժված, դժվար թե դատախազության կամ ոստիկանության քննիչները այսպիսի շահագրգռություն ունենային պատժելու ՀՀ այն ակտիվ քաղաքացիներին, ովքեր տապալել են սեփականատիրոջ բիզնես-նախագիծը:
Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք.
1. քրեական գործ հարուցել դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ եւ ապօրինի շինարարություն իրականացրած «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության դեմ,
2. բացահայտել, թե ու՞մ հրահանգով են դատախազության եւ ոստիկանության քննիչները փորձել պարզել բողոքի ակցիայի կազմակերպիչներին, դրանով իսկ` խախտել ՀՀ Սահմանադրությունը, մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները,
3. իրականացված հետաքննության արդյունքում վերջապես հանրությանը հայտնի դարձնել, թե ո՞վ է Արգիճի գետի վտակի հունը փոխողը, 5 գյուղի բնակիչներին ջրի միակ աղբյուրից զրկողը եւ ապօրինի ՀԷԿ կառուցողը, ում անունը այդպես էլ չի տրվում:
«Ժառանգությունը» գլխավոր դատախազությունից ակնկալում է նամակում եւ լրատվամիջոցներում վկայակոչված փաստերի կապակցությամբ համակողմանի հետաքննություն եւ դրա արդյունքում` հաշվետվություն Հայաստանի հանրությանը:
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե 2010» երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18 — 30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Ջավախքից։ Սրանից մոտ մեկ ամիս առաջ էլ վարչապետը Սևանում էր, որտեղ դարձյալ երիտասարդներ էին հավաքված: Այն ժամանակ էլ վարչապետը հանդիպեց «Միասին» երիտասարդական շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստան եկած երիտասարդների հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գործում է վարչապետի հովանավորությամբ և, ընդհանրապես, Տիգրան Սարգսյանն ինքն էլ ավելի շատ ընկալելի է երիտասարդական միջավայրում. ՀՀ վարչապետն իր քաղաքական կարիերան սկսեց, երբ շատ երիտասարդ էր և հիմա էլ` շուրջ 20 տարի անց Սարգսյանը դեռևս ընկալվում է իբրև երիտասարդ գործիչ` սիրում է ռոք, բլոգերությամբ է զբաղվում, սիրում է երիտասարդներին և առիթը բաց չի թողնում նրանց կողքին գտնվել:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայի, որպեսզի խթանի երիտասարդական շարժումը Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ կառավարության ղեկավարի, «Բազեի» երիտասարդական հավաքները կարող են լավագույն գործիքներից մեկը դառնալ` համախմբվելու, երիտասարդական շարժման մեջ համատեղ ծրագրեր մշակելու, նոր մշակույթ ներդնելու առումով։
Վարչապետը երիտասարդների հետ շփվելու ընթացքում հատկապես շեշտել է որակյալ կրթություն ստանալու կարևորությունը. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին։ Ժամանակակից աշխարհը միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլ առաջին հերթին ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք դեռևս անելիքներ ունենք»։
Վարչապետ Սարգսյանն ինչպես միշտ շատ ճիշտ խորհուրդներ է տվել երիտասարդներին. այսօրվա աշխարհում իսկապես մրցունակ են այն ազգերը, որոնք էական նշանակություն տալիս են կրթությանն ու գիտելիքին: Այսօր առաջատար պետությունները հենց նրանք են, որտեղ կրթությունն ու նորմալ մասնագետը առաջին տեղում են, որտեղ ամեն ինչ արվում է տաղանդավոր երիտասարդներին տեղ տալու, նրա կրթության ու հետագա աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Այս ամենը ճիշտ է, բայց հարցն այն է, թե եթե այդ ամենը վերաբերում է ժամանակակից աշխարհին, ապա այդ դեպքում որտե՞ղ է գտնվում Հայաստանը, արդյո՞ք մեր պետությունը ևս ժամանակակից աշխարհի մաս է:
Եթե նայում ենք հայաստանյան իրականությանն ու լսում վարչապետի ասածները, ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից աշխարհի մաս չէ: Եթե մաս է, ապա այդ դեպքում ինչու՞ է իր ղեկավարած կաբինետի վերահսկողության տակ գտնվող կրթության ու գիտության ոլորտն այն վիճակում, ինչ այսօր է: Ի՞նչ է, այդ նույն գաղափարները վարչապետը չի՞ հայտնել իր ղեկավարության ներքո աշխատող Կրթության և գիտության նախարարին: Թե՞ վարչապետը չգիտի` ինչ է կատարվում բուհերում, ինչ արժեքներ են դավանում այսօրվա ուսանողները, որ իրական առաջընթացի համար պիտի ինչ-որ կրոնական խմբավորման անդամ լինես, Վարչապետը չգիտի՞, որ բուհ ընդունվում են մեծ մասամբ բանակ չգնալու համար, որ սովորելը շատերի համար զապադլո է, իսկ սովորողներն էլ ավարտելուց հետո կարճ ժամանակ անց հիասթափվում են, քանի որ տեսնում են, որ իրենց կարդացած գրքերը ոչ մի կապ չունեն հայաստանյան իրականության հետ, քանի որ պաշտոններ զբաղեցնում են իրենց բուհի անգրագետները, որովհետև լավ պապաների բալեք են: Տարիներ շարունակ այս իրավիճակը խորանում է, իսկ տեղաշարժ այդպես էլ չկա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կյանքի մարդ է և չի կարող այս ամենը չիմանալ: Իրականությունն այն է, որ վարչապետը` անկախ իր ցանկությունից, անկախ իր դավանած արժեքներից, ինքը ևս այս համակարգի պատանդն է, այնպես որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում անզոր է որևէ բան փոխել։ Իսկ երիտասարդներին, վարչապետը, բնական է, պետք է լավ բաներ ասեր, դուխ տար, այլ ոչ թե ասեր` գիտե՞ք ինչ կա, քանի կարող եք թռվռացեք, բայց իմացեք, որ այս երկրում դուք ապագա չունեք, որովհետև այսօրվա հերոսները ինտելեկտի հետ առնչություն չունեցող մարդիկ են:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Կառավարությունը հասկացել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները առաջիկայում լուրջ փորձության առջև են կանգնելու: Փորձության անունը շատ պարզ է` կաշառք վերցնելու գաղթակղություն:
Արդեն իսկ հանձնաժողովը հայտարարել է հեռուստահաճախականությունների մրցույթ։ Մրցույթն արդեն մեկնարկել է, դրա ավարտից ց հետո մեր հեռուստաընկերություններից 4-ը լքելու են հայ հեռուստադիտողին: Իսկ թե ովքեր կարող են անցնել մրցույթով, որոշելու են հիշյալ հանձնաժողովի անդամները:
Սա թերևս խաղի ցուցադրվող մասն է, իսկ իրականում հարցերը լուծվում են շատ վերևում բարձր հովանու ներքո։ Բայց միևնույնն էխաղաքարտին ավելի քան խոշոր խաղադրույք է դրված` ամբողջ հեռուստաընկերության ճակատագիր և հանուն մրցույթն անցնելու հեռուստաընկերությունների ղեկավարները պատրաստ են ամեն ինչի, բոլորը գիտեն դրա մասին, իհարկե, պաշտոնական մակարդակով միայն խոսվում է միայն մրցունակ ծրագրեր ներկայացնելու և մրցույթում պատվով հաղթելու մասին: Այդ ֆոնի վրա կարծես թարմություն ու աշխուժություն է նկատվում նաև նրանց ծրագրերում։
Չպետք է մոռանալ, որ գործընթացը կատարվում է Հայաստանում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, իսկ չճանաչելու դեպքում կարող են գտնել մարդկանց, որոնք կարող են միջնորդել: Այդպես Ամալյանի հանձնաժողովն էլ երկնքից իջած սրբերի հավաքատեղի չի և չի բացառվում, որ դուրս մնալու վտանգի առաջ կանգնած հեռուստաընկերությունների ղեկավարները փորձեն վերջիններիս հետ լեզու գտնել: Հավանաբար այս հանգամանքը հաշվի առնելով էլ ՀՀ գործադիրը որոշել է հանձնաժողովը ներարկել հավելյալ 17 մլն 362 հազար 500 դրամով: ՀՌԱՀ-ի անդամները, առանց այդ էլ բավական բարձր աշխատավարձ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց համար սա ընդամենը կողմնակի մի աշխատանք է, հիմա այդ կողմնակի եկամտի չափն ավելացվել է: ՀՌԱՀ անդամի աշխատավարձի չափի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտնել է.
«Հիմք ընդունելով օրենքում կատարված վերոհիշյալ փոփոխությունը` համապատասխանաբար ՀՌԱՀ անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է 600.0 հազ. դրամ, նախագահի տեղակալինը` 640.0 հազ. դրամ և նախագահինը` 680.0 հազ. դրամ:
Հարկ ենք համարում նշել, որ բարձրացվել են ոչ թե ՀՌԱՀ-ի աշխատակիցների, ինչպես նշված էր 3-րդ հարցադրման մեջ, այլ ՀՌԱՀ ութ անդամների պաշտոնային դրույքաչափերը»:
Ֆինանսների նախարարությունը հանգամանալից պատասխանել է նաև, թե ինչպես են ձևավորվում ՀՌԱՀ անդամների դրույքաչափերը:
«ՀՀ ԱԺ կողմից 10.06.2010թ. ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է մտել 28.06.2010թ), որի 39-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով»:
Ինչպես տեսնում ենք, ՀՌԱՀ անդամներն իսկապես բարձր աշխատավարձ են ստանում: Սակայն նման բարձր աշխատավարձ ստանում են նաև դատավորները, բայց դա չի խանգարում նրանց եկամտի հիմնական աղբյուր դիտել ոչ թե աշխատավարձը, այլ կաշառքը: Բնական է, որքան էլ բարձրանա աշխատավարձը, այնուամենայնիվ, չի կարող համեմատվել կաշառքի այն չափի հետ, որ պատրաստակամություն կհայտնեն վճարել հեռուստաընկերությունները` միայն թե շահեն ցանկալի կապուղին: Սա մի փոքր նման է դատավորների աշխատավարձի բարձրացմանը. Այն բարձրացվեց հենց կոռուպցիայի դեմ պայքարելու, դատավորներին կաշառքից զերծ պահելու նպատակով, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում չկա դատավոր, որ կաշառք չվերցնի, քանի որ այստեղ դատերը ավելի շատ նման են աճուրդային գործարքների` ով ավելի շատ կվճարի, նա էլ կհաղթի, ում միջնորդությունն ավելի բարձր մակարդակով կլինի, նա էլ հաղթող դուրս կգա: Հիմա նույնը արվում է ՀՌԱՀ-ում: Դատավորներին աշխատավարձի բարձրացումը հնարավորություն տվեց ավելի շատ գումար վաստակել, ՀՌԱՀ-ում ևս այս քայլը, ըստ ամենայնի, կնպաստի ընդամենը խաղադրույքների բարձրացմանը. մի բան է 150 հազար ստացողին առաջարկվող կաշառքը, մեկ այլ բան` 600 հազար ստացողին առաջարկվողը:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.