23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր շատերն են երազում մեկնել Եվրոպա` սովորելու: Ոմանց համար անգամ էական չէ, թե որ երկիրը, միայն թե Եվրոպա լինի: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ուսումը Եվրոպայում էդքան էլ անհնարին երազանք չէ, ինչքան թվում է առաջին հայացքից:
Տասն օրից կիրականանա վերջին տարիների նպատակս` ուսանել Գերմանիայում: Ես կփորձեմ հնարավորինս ամենասկզբից մանրամասն նկարագրել բոլոր քայլերը, որ մյուսները գոնե մասամբ պատկերացում ունենան, թե ինչպես է արվում այդ ամենը:
Ամեն ինչ սկսվեց գերմաներեն սովորելուց, չնայած դա պարտադիր պայման չէ, գերմաներենին կարող է փոխարինել անգլերենի լավ իմացությունը, սակայն եթե ընտրել եք գերմաներենը, ապա կարող եք այցելել Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող լեզվի խմբային կուրսեր, որոնք ես շատ հավանեցի. դրանք ավելի արդյունավետ դուրս եկան, քան անհատական պարապմունքները:
Այնտեղ անցել եմ գերմաներենի մի քանի կուրս (A2, B1, B2), որից հետո հանձնել եմ Գյոթեի ինստիտուտի B2 մակարդակի քննություն ու ստացել սերտիֆիկատ: Իրականում B2 սերտիֆիկատ ունենալն արդեն բավարար է Գերմանիայում սովորելու համար, սակայն ոչ բոլոր ուսումնական հաստատություններին է այն բավարարում, որպեսզի միանգամից անցնեն մասնագիտական ուսուցման: Իմ դեպքում համալսարանն ինձ առաջարկեց DSH լեզվի նախապատրաստական կուրսեր, որից հետո պետք է հանձնեմ DSH քննություն ու դառնամ լիարժեք ուսանող:
Սակայն մինչև էս ամենին հասնելը «թղթաբանական» երկար ճանապարհ անցա: Նախ գրանցվեցի www.uni-assist.de կայքում, որտեղ մի հսկայական անկետա լրացրի: Իրենց պետք են ձեր բոլոր տվյալները, ու ինչքան շատ բան ունենաք ու գրեք, էնքան կավելանան ձեր հնարավորությունները. վերջ ի վերջո ճշտապահ գերմանացի են: Անկետան լրացնելուց հետո գալիս է երկրորդ փուլը` ընտրել համալսարանը: Տվյալ կայքը հնարավորություն է տալիս մեկ և ավելի համալսարան ընտրել և դիմել: Երբ ընտրությունը կատարված է, պետք է հետևել կայքում գրված ցուցումներին ու համապատասխան գործողություններ անել դիմումներն ակտիվացնելու համար, որից հետո համապատասխան գումար պետք է փոխանցվի uni-assist-ին: Պայմաններն այսպիսինն են. մեկ համալսարանի դիմումի համար` 45 Euro, յուրաքանչյուր մնացածի համար` 15-ական Euro: Երբ գումարը տեղ հասնի, նրանք ձեզնից կպահանջեն որոշակի փաստաթղթեր, որոնց ցուցակը կարող եք գտնել տվյալ կայքի առաջին էջում: Պարտադիր ուզում եմ նշել, որ գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկելու եք, պետք է թարգմանված լինեն գերմաներեն/անգլերեն/ֆրանսերեն և հաստատված լինեն նոտարի կնիքով, որոշ համալսարանների դեպքում սակայն նոտարական հաստատումը բավարար չէ, էդ դեպքում պետք է հաստատել դեսպանատան միջոցով:
Խորհուրդ կտամ դիմումները սկսել լրացնել մոտ չորս ամիս առաջ, իսկ ուղարկելուց էլ երեք ամիս առաջ, որովհետև հնարավոր է` ինչ որ պակաս կամ սխալ բան անեք, իսկ դիմումներն ընդունվում եմ մինչև համապատասխան վերջնական ժամկետը: Երբ ձեր փաստաթղթերն ուղարկեք, նրանք e-mail-ի միջոցով կկապվեն ձեզ հետ ու կասեն` ամեն ինչ նորմալ է, թե ինչ որ պակաս բան կա: Լավ կլինի, եթե նաև անձամբ կոնտակտի մեջ մտնեք էն համալսարանների հետ, որտեղ դիմել եք, որովհետև երբեմն uni-assist-ը պահանջում է, որ ինչ-որ համաձայնություններ ունենաք համալսարանի հետ, ինչպես օրինակ իմ դեպքում. uni-assist-ը պահանջում էր, որ ես մինչև դիմումների ընդունման վերջնաժամկետն ուղարկեմ լեզվի սերտիֆիկատը, այնինչ սերտիֆիկատս էդ ժամկետից մոտավորապես մեկ ամիս հետո կլիներ: Նամակագրական կապի մեջ մտնելով համալսարանների հետ` ներկայացրի իրավիճակը, և մենք համաձայնության եկանք. ես իմ սերտիֆիկատն ուղարկեցի ավելի ուշ:
Անպայման ուզում եմ նշել նաև, որ uni-assist-ը ոչ մի դեր չի խաղում գործերի հետագա ընթացքի մեջ, նա միայն ընդունում է դիմումները, ստուգում և լիակատար լինելու դեպքում համալսարաններին է ուղարկում:
Համալսարանից պատասխան կունենաք դիմումներն ընդունելու վերջնաժամկետից հետո: Հնարավոր է նրանք միայն e-mail-ով ձեզ տեղեկացնեն ու հետո նոր փոստով ուղարկեն պատասխանը: Դա մեր փոստային ծառայությունների կողմից ձեզ կհասցվի մոտ երկու շաբաթվա ընթացքում:
Հաջողության դեպքում (եթե ձեզ ընդունեն որևէ համալսարան կամ էլ հրավիրեն լեզվի կուրսերի) դուք վիզա ստանալու համար պետք է ունենաք համապատասխան փաստաթղթեր: Ամենակարևոր փաստաթղթերից մեկը հենց տվյալ հրավերն է, մյուսը` ֆինանսավորման վերաբերյալ փաստաթուղթը: Ֆինանսավորումը պետք է լինի ձեր կողմից, այսինքն դուք Գերմանիայում` գերմանական բանկում, պետք է ունենաք սահմանափակ հաշվեհամար դեսպանատան կողմից պահանջվող ֆիքսված գումար: Շնորհիվ տատիկիս ու պապիկիս, որոնք վաղուց գիտեին իմ նպատակի մասին, ես ունեցա գումարը: Սա շատ կարևոր պահ է, քանի որ այդ գումարը պետության` ինքն իրեն ապահովելու համար է: Այսինքն՝ դա ձեր մինիմալ սպառողական զամբյուղի տարեկան գինն է, որը ամեն տարի ինչ-որ կերպ պետք է համալրվի և վիզայի երկարացման ժամանակ ամեն տարի մնա անփոփոխ: Կա երկու ճանապարհ: Կամ դուք, օգտվելով աշխատանքի ձեր իրավունքից, վաստակում եք ամսական մոտ 700 euro, կամ ձեզ շարունակում են օգնել ձեր հարազատները:
Իմ հաշվեհամարը ես բացել եմ Deutsche Bank-ում` e-mail եմ գրել բանկին, ներկայացրել եմ իրավիճակը ու խնդրել, որ համապատասխան անկետան ուղարկեն: Այն լրացրել եմ, ստորագրել, այնուհետև դեսպանատուն տարել անձնագրիս հետ, որտեղ հաստատել են ստորագրությունս ու կցել անկետային, ապա փոստով ուղարկել եմ բանկ ու երկու օրից e-mail-ով նամակ ստացել իմ բանկային հաշվեհամարի տվյալներով: Փոխանցել եմ համապատասխան գումարը ու դարձյալ մի քանի օրվա ընթացքում ստացել եմ հաստատող նամակ, որտեղ գրված էին իմ բանկային տվյալներն ու էն, որ հաշվիս կա էդքան գումար: Հենց էդ նամակն էլ տպել եմ ու տարել դեսպանատուն: Քանի որ բանկը նույն նամակից ուղարկել է նաև դեսպանատուն, դրա հետ կապված խնդիրներ չեն եղել:
Ֆինանսավորման մյուս տարբերակն էն է, երբ ինչ-որ մեկը ձեզ ֆինանսավորում է ու պետք է համապատասխան փաստաթուղթ տա դրա վերաբերյալ (այլ կերպ ասած «սպոնսոր ա կանգնում»):
Անպայման հաշվի առեք նաև էն հանգամանքը, որ եթե ուսման համար եք դիմում դեսպանատուն, ապա պատասխանը կարող է տևել երկուսից վեց շաբաթ, որոշ դեպքերում` ավելի: Ճիշտ հաշվարկեք ձեր ժամանակը, որ հանկարծ չուշացնեք:
Էսքան բան: Հուսով եմ` էս ամենը գոնե ինչ-որ չափով կօգնի ձեզ առաջին քայլերն անել Գերմանիայում սովորելու համար:
Գներն էլ ասեմ:
Լեզվի` իմ անցած կուրսերի տևողությունը 4 ամիս է, արժեքը` 600 Euro: Քննության արժեքն է 110 Euro:
Ընդհանրապես ուսումը Գերմանիայում անվճար է, բայց յուրաքանչյուր կիսամյակ համալսարանը գանձում է որոշակի գումար, իմ դեպքում` 231 Euro, որը ինչ-որ մանր-մունր ֆոնդերի գումար է, նաև դրա դիմաց տրվում է տոմս` ամեն ամիս մեկ անգամ անվճար թատրոն այցելելու ու կես տարվա երթուղայինի տոմս, որը պիտանի է տվյալ քաղաքի և շրջակա մի քանի քաղաքներում երթևեկելու համար:
Զանազան մանր-մունր հարցեր կան, որոնց մասին ուղղակի անհնար է հիշել ու գրել, եթե ընթացքում հարցեր կառաջանան, կարող եք ինձ գրել
facebook.com/nare.sarkisyan , սիրով կօգնեմ, ինչով կարող եմ: Հա, ու եթե հենց հիմա դուք որոշում կայացրիք սովորել Գերմանիայում, ճիշտ ժամանակն է սկսել լեզու սովորել. տարիուկես-երկու տարուց դուք էլ կարող եք մեկնել սովորելու:
Նարե Սարկիսյան
Հ.Գ. Այսքան մանրամասնելով նյութը` նպատակ ունենք հայ երիտասարդներին օգնել` գտնելու իրենց ճանապարհը և լավ կրթություն ստանալ, մաղթելով սակայն անպայման վերադառնալ հայրենիք։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հայտնել է, որ վերջապես գիտությանը տրամադրվող գումարների ավելացման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ջեռուցել գիտական ինստիտուտները:
Ջեռուցումը հնարավորություն կտա գիտնականներին գիտությամբ զբաղվել նաև ձմռան ամիսներին: Ինչպես հայտնի է, անկախությունից հետո այս հիմնարկներն անտերության մատնվեցին, որի հետևանքով նրանցից շատերը պարզապես դադարեցրին իրենց գոյությունը, իսկ մի մասը հազիվ կարողանում էին դիմակայել չկործանվելուն, սակայն, անգամ հատուկենտ «կենդանի մնացած» գիտական օջախները, ցուրտը սկսվելուն պես պարապուրդի էին մատնվում. գիտնականները կարող էին հաճախել աշխատավայր, հավաքվել էլեկտրական ջեռուցիչի շուրջ, մի երկու ժամ իրար հետ զրուցել և թողնել գնալ: Նման պայմաններում գիտական աշխատանքի մասին, բնականաբար, խոսք լինել չէր կարող: Եվ փաստորեն, հիմա` 20 տարի անց, գիտնականները նույնպես ձմռանը կարող են իրենց մարդավայել զգալ և առանց ցրտահարվելուց վախենալու հաճախել աշխատանքի, ինչպես, ասենք, բանկերի կամ փակ տոնավաճառների աշխատողները:
Լ.Կ.
Ես ապրում եմ նենց, ոնց ուզում եմ։ …. Ես դրա իրավունքը վասատակել եմ 42 տարվա ընթացքում: Ժամանակին ամուսնացա, բաժանվեցի, մնացի մոլոր, խեղճացա՝ որ «անտեր» եմ, հետո աբսուրդացա նոր ամուսնու փնտրտուքների մեջ, ինչ ասես, որ չեղավ կյանքիս մեջ, մինչև վաստակեցի իմ անձնական կյանքի իրավունքը՝ հանդիպում եմ, սիրում եմ… Հետո՝ նաև բաժանվում եմ, նոր սեր եմ գտնում: Բայց դա ես եմ էդպես անում, ու երևի էլի մի ինչ-որ տոկոս նույնիսկ երևանաբնակ հայ կանանց: Ու գիտեմ նաև, թե ինչ են խոսում հետևիցս, հարևանները, ինչ են մտածում ծնողներս ու տատս՝ «դե, էս էրեխեն էլ մի կարգին բախտ չունեցավ»… Իսկ բախտ ունենալը մեր երկրում դա հաջող ամուսնությունն է, որ «գլխիդ տեր ունենաս»:
Հայաստանաբնակ հայ կանանց ու աղջիկների մեծ մասը դա անել չի կարող,(թե ինչու այլ խոսակցության թեմա է) օրինակ՝ միջին ստատիստիկական աղջիկը: Նա, որպես օրենք ավանդապաշտ ծնողներ ունի։ Խիստը ո՞րն է։ Նրանք կատարյալ բռնապետներ են։ Խեղճ աղջիկն իրավունք չունի անգամ ընկերուհիների հետ զբոսնելու, ինչ մնաց ասենք ընկերոջ հետ մի տեղ գնալ ։
Նստելու է թախտին, սպասի բախտին…Բախտն էլ սպիտակ ձիով չի լինելու հաստատ։ Գալու են պապայից ուզեն համեստ ու լավ պահած աղջիկ… էս դեպքում ապրա՞նք՝ տեղը-տեղին, կարմիր «խնձոր»-ով, բանով…
Հետո էլ հարևաններին ի ցույց են դնելու կարմիր խնձորներով լիքը զամբյուղը, կան բնակավայրեր, հենց մայրաքաղաքում էլ, որտեղ սավանն են ի ցույց դնում: Սարսափելի ստորացում, նվաստացում։ Իսկ ընտանեկան կյանքում էդ ստորացումը շարունակվելու ա։
Ի դեպ, երեկ մի ավելի սարսափելի բան կարդացի, Աղասի Թադևոսյանն էր ֆեյսբուքյան մի քննարկման ժամանակ գրել.
«Անցած տարի մենք իրականացրել ենք Հայաստանում մինչամուսնական սեռական կյանքի ազատության հիմնախնդրի հետ կապված որակական հարցում, և պարզել ենք, որ Երևան քաղաքում բացարձակ մեծամասնություն է կազմում պահպանողական ու ավանդապահ մոտեցումն այդ հարցին: Այսինքն՝ «կարմիր խնձորային»
տրամադրությունները Հայաստանում համակարգային բնույթ ունեն: Ավելին, տարիներ առաջ այս հարցը նույնիսկ, որպես «ազգային արժեքների» ցանկում գրանցելու խնդիր, քննարկվում էր ԱԺ-ում, ակտիվ մասնակիցներից հիշում եմ Վիկտոր Դալլաքյանին ու Հրանուշ Հակոբյանին»:
Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ մշակույթային հեղափոխություն, ի՞նչ բան…Պարզվում է, անհատի անձնական կյանքի հանդեպ նման համատարած տհաս մոտեցումը մեզանում տիրապետող է, ուրեմն մշակութային հեղափոխությունը քաղաքական կամ քաղաքացիական կյանքի ոլորտներից, առաջին հերթին անձնական կյանքի ոլորտում է անհրաժեշտ:
«Մինչև մարդն իր անձնական կյանքում ձեռք չբերի ազատ ընտրություն կատարելու իր իրավունքը և այն չկիրառի իր սեքսուալ կյանքում, նա չի կարող ընտրություն կատարել ոչ մի այլ ասպարեզում: Կամ ավելի պարզ ասած նորմալ սեքսուալ կյանք չունեցող հասարակությունը, կամ երիտասարդությունը չի կարող նորմալ լինել ընդհանրապես»,– շարունակում է Աղասի Թադրոսյանը:
Հա էլի, անձնական կյանքը «ընտրակեղծիքով» սկսած հասարակությունում էլ ի՞նչ Աժ, կամ լեգիտիմ նախագահական ընտրություններ։ Բնական է , որ կեղծվելու են, ու այլ կերպ չի էլ կարող լինել։
Ու էդպես, ավանդապաշտ հայերս ամբողջ կյանքում անիծելու ենք բախտը, քննադատելու ենք ընտրություններում տեղ գտած կեղծիքները ու միևնույն է փակելու ենք մեր աղջիկներին տներում, «կարմիր խնձորի» ակնկալիքով, չմտածելով, որ արատավոր մշակույթի հիմնախնդիրը հենց սրա մեջ է։ Մշակութային հեղափոխությունն առաջին հերթին անձնական կյանքի իրավունքի անհրաժեշտության գիտակցումն է, որը չունի մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն ու վախենում է համարձակ ապրել։
Ինքս, ընտրելով համեմատաբար ազատ ու անկեղծ ապրելակերպ, կարողացել եմ դուրս պրծնել էդ արատավոր շրջանից՝ ըմբոստանալով, լուտանքներ լսելով, փսփսոցների տակ շենքի մուտք մտնելով, ծնողներիս համար նեղվելով, որովհետև նրանք են հասարակության առջև ինձ համար իբրև պատասխանատու, այնուամենայնիվ գտնում եմ, որ ամեն մեկը կարող է հեղափոխություն անել իր կյանքում, ու պահանջել ընդունել իրեն ինչպիսին որ կա, խոսել հայ կնոջ սեռական կյանքի մասին, պահանջել անձնական կյանքի իրավունք: Սեքսուալ հեղափոխությունը, ինչպես նաև մշակույթային, անպայման պետք է նախորդեն ցանկացած լուրջ ներքաղաքական փոփոխությունների: Մինչև մարդկանց ուղեղները չհեղափոխվեն, ոչ մի հեղափոխություն ոչինչ չի փոխի՝ մենք կմնանք նույն «կարմիր խնձորի» կեղծ պաշտամունքը դավանող ու մեր ձայները 5 հազար դրամով ծախող ազգ…
Տղաներ կան որոնց համար էական չէ իր ապագա կնոջ կուսությունը։ Բոլորն էլ գիտակցում են, որ անվնաս պահվող կուսաթաղանթով աղջիկը շատ ավելին կարող է արած լինել քան սիրած տղային տրված ու խաբված, կամ պարզապես սեռական կյանքով ապրող աղջիկը։ Սակայն կա հայկական մենթալիտետի հարցը. մարդիկ վախենում են, որ մի բուռ երկրում օրերից մի օր մեկը, դեմ- դիմաց դուրս կգա ու կասի ախպերս էդ աղջկա հետ…. ու ամեն ինչ կփշրվի։
ԿԱՐԵԼ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ… Ինչի՞ համար, որ ի՞նչ ապացուցես: Այսինքն, որպեսզի «նամուսով ու պարզերես» մարդու գնաս, սեքս արել ես, թե չես արել, մեկ է՝ անպայման պիտի գնաս գինեկոլոգի մոտ, եսիմ ինչ անես, որ ապագա մարդուդ ազգուտակի մի կաթիլ արյան ծարավը հագեցնես…
Վերջերս մարզերից մեկում բնակվող ծանոթներիցս մեկը, որը քաղաքում հայտնի է որպես «թափով, ունևոր մարդ», մի ոչ այնքան հին պատմություն պատմեց. «Մի օր, 17-18 տարեկան մի աղջիկ եկավ մոտս, թե՝ «Ես չգիտեմ ում դիմեմ, որոշեցի Ձեզ պատմել, պիտի օգնեք ինձ»: Պարզվեց, նրան վերջին զանգի «շրջանակներում» խմացրել են ու բռնաբարել իր իսկ դասարանցի հիպերսեքսուալ տարիքում սոված դեգերող անբավարարված տղաները, ովքե՞ր են եղել՝ կոնկրետ չի հիշում: Նա ոչ ոքի ոչինչ չի ասել, մենակ հաղթահարել է ամենը, ու կարողացել շարունակել ապրել: Հետո եկել է ամուսնանալու ժամանակը ու աղջիկը իր ապագա ամուսնուն չի համարձակվել ասել ճշմարտությունը, բայց առանց կուսաթաղանթի էլ չէր կարող մտնել նրանց օջախ: Եկել էր, որ ես իրեն օգնեմ կուսաթաղանթը վերականգնել: Ես էլ, ի՞նչ անեի, վարորդիս հետ դրեցի ուղարկեցի ծննդատուն: Բարեհաջող կարեցին, բարեհաջող ամուսնացավ, հիմա երջանիկ ապրում ա, երկու երեխա ունի: Ու էդ ամենը ընդամենը 50 դոլարի պատմություն էր»:
Այսօր, երբ ուզում էի միայն ճշգրիտ ինֆորմացիա դնել նյութիս մեջ, զանգեցի զանազան գինեկոկոգիական կենտրոններ, ու բոլոր տեղերից ստացա դրական պատասխան՝ կուսաթաղանթ ամեն տեղ էլ կարում են, նայած, թե քանի օր է «պահպանման ժամկետը», մեկ- երկու օրից մինչև մեկ ամիս, տատանվում են նաև գները՝ 100-300 դոլար:
Կարելի է ձեռք թափ տալ երևույթի վրա, կարելի է դա ընդունել որպես պանացեա աղջիկներին ավանդապաշտությունը շրջանցելու ու նորմալ մինչամուսնական սեռական կյանքով ապրելու համար, ինչպես անում են տղաները, բայց կարևորը հո ֆիզիոլոգիական կուսությունը չի՞, որ հիմարի պես տենչում է հայ ավանդապաշտությունը: Ստեղ ուրիշ բան է՝ ամեն բան կեղծիքից սկսելու միտումը, իսկ սկսում են, որովհետև «կարմիր խնձորի» ինստիտուտը հայ հասարակության, նրա մենթալիտետի ու կեղծ ավանդապաշտության հիմքն է, ըստ այնմ՝ այն ֆիզիկական ուղին, որով ապագայի հայը ծնվում է, կեղծված է ի սկզբանե: Խաբում են նրանց, ովքեր ուզում են խաբված լինել: Իսկ ուզում են համարյա բոլորը: Ես մեկ էլ զարմանում եմ, որ մարդիկ ինչքա՞ն կարան տգետ լինել, ու բեֆայմ, որ չհասկանան՝ կուսաթաղանթը կարևոր չի, քանի որ կարա լինի կեղծ: Բայց կառչում են, որովհետև եթե չկառչեն, մի ողջ մենթալիետ կփոխվի … Բայց որ կորցնեն, մնացած կեռչանների հետ միասին էլ չեն կարա իրենց ավանդապաշտությունը դրոշակ սարքեն ու ի ցույց դնեն «հայ կնոջ առաքինությունն ու հայ օջախի մաքրությունը» ողջ քաղաքակրթության առջև, որը վաղուց միայն ծիծաղում է մեզ վրա:
Լուսինե Վայաչյան
Արհեստական բեղմնավորման եղանակներն ու ապագայի գայթակղությունները
Սովորաբար ընտանիքներում ամեն ինչ հեշտ ու հասկանալի է` նրանց երեխա է բերում արագիլը: Իսկ նրանց, ում արագիլը չի այցելում, այդ թվում նաև ասենք՝ միայնակ կանանց, կամ միասեռական զույգերին,որոնց հետաքրքիր արկածներ են բաժին հասնում երեխա ունենալու համար:
Եթե դուք հաստատ որոշել եք ծնող դառնալ, առաջին հերթին այցելեք գինեկոլոգին: Հետազոտություններն ու անալիզներ արդյունքները ցույց կտան, կարո՞ղ եք արդյոք մայրանալ, իսկ բժիշկը խորհուրդ կտա ընտրել այս կամ այն արհեստական բեղմնավորման տարբերակը:
Արհեստական սերմնաներմուծում
Արհեստական սերմնաներմուծումն ամենահասարակ արհեստական բեղմնավորման միջոցն է: Դոնորի սերմը` սպերման, մաքրում են խառնուրդներից, կոնցետրացնում և ներմուծում են անմիջապես արգանդի խոռոչը: Մնացած ամեն ինչն ընթանում է սովորական ճանապարհով: Սպերմատոզոիդը տեղաշարժվում է դեպի արգանդի փողերը, որտեղ հանդիպում է հասունացած ձվաբջջի հետ և բեղմնավորվում:
Այս պրոցեսում շատ կարևոր դեր է խաղում դոնորի սերմնահեղուկի որակը: Եթե աչքի տակ ունեք հուսալի դոնոր, ապա ձեր բախտը բերել է:
Ո՞ւմ է համապատասխանում` լիովին առողջ արգանդով, փողերով 30-ից ցածր կանանց:
Արդյունավետությունը` մոտ 15%
Մոտավոր արժեքը`825-2000 եվրո
ԷԿԲ Էքստրակորոպորալ բեղմնավորումն ավելի բարդ պրոցես է:
Առաջին փուլում հորմոնալ պրեպարատների օգնությամբ ուժեղացնում են ձվարանների աշխատանքը, որի արդյունքում հասունանում են մի քանի ձվաբջիջներ: Երկրորդ փուլը վիրահատություն է, որի արդյունքում հավաքվում են ձվաբջիջները: Հեշտոցի պատերը հատուկ բարակ ասեղով ծակում են, ներքաշում ձվարանի պարունակությունը և մանրադիտակի տակ առանձնացնում ձվաբջիջները: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացամամբ, տևում է մի քանի րոպե և բացարձակապես անցավ: Երկու փուլերն էլ տեղի են ունենում ուլտրաձայնային սարքի(ՈՒՁՀ) հսկողությամբ:
Այն, որ արգանդում հայտնվում են մի քանի սաղմեր, բարձրացնում է հղիանալու հավանականությունը, բայց մյուս կողմից էլ բարձրացնում է նաև մի քանի փոքրիկների ծնվելու հավանականությունը : Այսպես լինում է ԷԿԲ մեթոդով հաջողված բեղմանավորումների ¼-ի դեպքերում:
Հայտնվելով մոր որովայնում, փոքրիկը ինքը կարողանում է գոյատևել ու զարգանալ ճիշտ այնպես, ինչպես բնական հղիության ընթացքում: Բժիշկները միայն նշանակում են այնպիսի պրեպարատներ, որոնք օգնում են նրան հարմարվել նոր պայմաններին: Եթե ամեն ինչ ընթանա նորմալ, ապա ինն ամիս հետո դուք երջանիկ ծնող կդառնաք:
Լեսբի զույգերի համար ԷԿԲ-ն մի անհավանական շանս ունի: Ձվաբջջի դոնոր կարող է դառնալ զուգընկերուհիներից մեկը, իսկ էմբրիոնը կրել կարող է մյուսը: Այս դեպքում կինն իրոք կարող է կրել և ծնել իր սիրելի կնոջ երեխային: Բա սա հրաշք չի՞:
ԻԿՍՆ – դա սպերմատոզոդի ինտրացիտոպլազմիկ ներարկումն է
Ճիշտն ասած, այս մեթոդն այնքան էլ չի վերաբերվում կանանց, քանի որ կիրառվում է տղամարդկանց ամլության դեպքում և ԷԿԲ-ի մասն է կազմում: Բայց հնարավոր է, որ դուք արդեն ունեք ձեզ մոտ կամ հարազատ մեկը, որին կցանկանայիք տեսնել ձեր երեխայի «հոր» դերում, բայց նրա սերմնահեղուկը պարզվի ոչ այնքան լավ որակի, բայց դուք միևնույն է, չեք ուզում այլ դոնոր:
Նման դեպքերում ձեզ կօգնի ԻԿՍՆ-ը: Այո, դա կապված է հավելյալ ծախսերի հետ, բայց դա բերում է բեղմնավորման նույնիսկ այն դեպքերում, եթե տղամարդն ունի միայն մեկ կենսունակ սպերմատոզոիդ:
Արդյունավետությունը`60%
Մոտավոր արժեքը` ԷԿԲ-ի գնին ավելանում է 670 եվրո
Հակառակ ամեն ինչի
Արհեստական բեղմնավորումը լուրջ միջամտություն է կանացի օրգանիզմին: Այն մեծ պատասխանատվություն է պահանջում ամեն ինչում, սկսած բոլոր նշանակումների ճշգրիտ կատարումից մինչև լավ համբավ ունեցող փորձառու և գրագետ բժշկի ընտրությունից:
Մի վախեցեք ու մի զարմացեք, եթե ստիպված լինեք մեծ քանակությամբ թղթեր ձևակերպել, ստորագրել տեղեկանքներ ու փաստաթղթեր: Առանձին պետք է ձևակերպել դոնորի պարտականություններն ու իրավունքները:
Չնայած նրան, որ արհեստական բեղմնավորման բուժընթացը շատ թանկ է, բուժհաստատություններն ,այնուամենայնիվ, արդյունքի համար պատասխանատվություն չեն կրում: Պայամանագրի համաձայն այցելուին զգուշացնում են, որ նա կարող է այդպես էլ ծնող չդառնալ, և նա վճարում է միայն բժշկական ծառայությունների համար: Իսկ դա, ինչպես հասկացաք, բավականին թանկ հաճույք է:
Երեխայի ծնունդը հրաշք է, իսկ երբ գործ ես ունենում հրաշքների հետ, կարևորը դրանց հավատալն է: Եթե չստացվեց առաջին անգամից` փորձեք կրկին, հավատացեք ու ամեն ինչ կստացվի:
Լուսինե Վայաչյան
Այս ուսումնական տարին մի շարք մասնավոր բուհերի համար պարզապես չսկսվեց: Կրթության և գիտության նախարարությունը կասեցրեց դրանցից մի քանիսի գործունեությունն ընդհանարապես, իսկ մի շարք բուհերի` բավարարվեց նախազգուշական դեղին քարտ տալով` մի քանի ֆակուլտետ լիցենզիայից զրկելու միջոցով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, որ լիցենզիաներից զրկելու «ավանդույթը» շարունակվելու է: Նախարարությունը տարին երկու անգամ ստուգայցեր է կազմակերպելու: Ըստ այդմ, ոչ պետական բուհերի` լիցենզիաներից զրկվելու հաջորդ փուլը սպասվում է հունվար-փետրվար ամիսներին` հերթական ստուգումների արդյունքում: Զգուշացնելու հետ մեկտեղ, նախարարը բացահայտել է նաև այդքան հեշտությամբ ամբողջական բուհերի պարապուրդի մատնելու պատճառը. «լիցենզավորման գործընթացը շատ մատչելի է, դրանից կես քայլ շեղվողները անպայման պատժվելու են»:
Նախարար Արմեն Աշոտյանն իսկապես անկեղծ մարդ է: Ոչ բոլոր նախարարները կարող են այդքան անկեղծորեն խոստովանել իրենց համակարգի խայտառակությունները: Բայց նախարարը, ինչպես երևում է, միայն անկեղծ է, մինչդեռ շատ ավելի լավ կլիներ, եթե նախարարը լիներ ուժեղ, թեկուզև անկեղծության հաշվին: Այդ դեպքում` ուժեղ նախարար ունենալու պարագայում Հայաստանի կրթական համակարգը այս վիճակում չէր լինի: ԿԳ ուժեղ նախարարը առաջին հերթին ոչ թե լիցենզիաներից կզրկեր, այլ նախ կկանխեր լիցենզիա տալը: Լիցենզիաներից զրկվելու պատճառով դուրս մնացած 2200 ուսանողները մեղավոր չէին. նրանք ընդամենը «գնորդներ» էին, քանի որ Հայաստանում կրթությունն ընդամենը հեշտ ձեռքբերովի ապրանք է. ոչ պետական բուհերը բացվում են հեշտորեն, քանի որ դրանք ի սկզբանե բացվում են որպես փող աշխատելու դուքան:
Նախարարն այսօր բացահայտել է նաև բուհերի լիցենզավորումը դադարեցնելու պատճառով դուրս մնացած 2200 ուսանողների ճակատագիրը. 100-ը դիմել են նախարարություն` ուսումը շարունակելու համար, 100-ը` այդ բուհերի ղեկավարությանը: «Արդեն ակնհայտ է, որ 2200 հոգուց բուհական համակարգը չի հավաքագրի կեսը: Սա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, նման բուհերում ուղղակի ձևակերպված են մարդիկ, կրթական գործընթաց կա´մ չկա, կա´մ կա` շատ թույլ ուժգնությամբ է: Այս քաղաքականությունը շարունակվելու է», ասել է նախարարը: Նախարարությունում, փաստորեն, շատ լավ էլ պատկերացնում են, որ լիցենզիաներից զրկած տասնյակից ավելի բուհերն ու առանձին ֆակուլտետները գործել են «մեռած հոգիներ» ապահովելու սկզբունքով. ում ինչ հարկավոր է եղել, այն էլ տրամադրվել է` ով ընդամենը դիպլոմի կարիք է ունեցել, ստացել է` առանց հաճախելու, ով` տնից դուրս գալու և ուսանողական կյանքով ապրելու ցանկություն է ունեցել, նույնպես ստացել է ցանկությունների բավարարման հնարավորություն:
Չնայած տասնյակից ավելի բուհերի` լիցենզիաների կասեցմանը, հանրապետությունում դեռևս գործում է 47 մասնավոր բուհ: «Ակնհայտ է, որ մենք երկրում չունենք նման գիտամանակավարժական պոտենցիալ 47 մասնավոր և 19 պետական բուհ սպասարկելու համար, և չունենք այդքան ժողովրդագրական ռեսուրսներ»,- խոստովանել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Արդյոք նախարարությունը, հատկապես նախարարը բավականաչափ կամք կունենա` ձերբազատվելու ավելորդ բուհերից: Ի դեպ, պետական սեկտորի վրա էլ լավ կլինի նույնչափ ուշադրություն դարձնել. Մանկավարժական կամ Ագրարային համալսարանների աշխատանքը, ինչպես հարկն է ուսումնասիրելիս, հնարավոր է, որ նախարարությունը մտածելու առիթ ունենա առ այն, որ Հայաստանի ոչ պետական բուհերը պետական բուհերից այնքան էլ հետ չեն մնում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանը դատարանի նախագահի օգնականի պաշտոնում նշանակել է Կենտրոն համայնքի նախկին դատախազ Ալեքսան Անդրեասյանին։ Անդրեասյանը երկար տարիներ պաշտոնավարել է իրավապահ համակարգում, սակայն որդու հետ կապված մի միջադեպի պատճառով (որը նա փորձել էր թաքցնել բարձր ղեկավարությունից) անախորժություններ է ունեցել։ Չնայած որ Անդրեասյանը Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ մորաքրոջ որդին է, վերադասը նրան հեռացրեց համակարգից` իմանալով այդ մասին։ Ինչպես երևում է, նրան արդարադատության համակարգում, այնուամենայնիվ, արժևորել են և եթե ոչ այնքան «չաղ» գործ, ինչպես դատախազինն է, գոնե նախագահի օգնականի պաշտոն վստահել են։
Թե, ասա «փրկարարի» ի՞նչն էր վատ
Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն էր, բայց այս տարվանից դարձավ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը: Հիմա արդեն Արտակարգ իրավիճակների նախարարը Արմեն Երիցյանն է, և, հավանաբար, «փրկարարը» հենց նրա սրտով չի եղել. երևի նախարարը մտածել է, թե հրշեջը փրկարար չէ, ջրասուզակը փրկարար չէ, փրկարար է միայն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Կամ գուցե «փրկարար» բառն Երիցյանի սրտովը չէր։ Այսուհետ ինչպես ցանկացել է փրկարաների ղեկավարը. բոլորը կկոչվեն ոչ թե «փրկարար», այլ «արտակարգ իրավիճակների աշխատակից» ։
ԱԻՆ-ի` որպես նախարարության «փրկությունը» շենք ունենալն էր
2010թ. սեպտեմբերի 4-ը պարզապես «արտակարգ իրավիճակների աշխատակցի» տոն չէր: Երիցյան Արմենն այնպես էր արել, որ դա դառնա կրկնակի տոն. այդ օրը նախարարը կատարեց իր խոստումը` նախարարության բոլոր աշխատակիցներին նվիրելով նոր շենք, որտեղ միավորվելու են բոլոր ստորաբաժանումները: ԱԻՆ-ի նոր շենքը Երևանի ծայրամասում է` Դավթաշեն թաղամասի վերջում, բայց նախարարը խոստացավ, որ աշխատակիցները աշխատավայր հասնելու խնդիր չեն ունենա, քանի որ իրենք կկազմակերպեն տեղափոխումը: Նախարարության նոր շենքը սեյսմիկ ծառայության նախկին շենքն է:
Փրկարարի տոնը իրար գլխի էր հավաքել Հայաստանի քաղաքական էլիտային
Գլխավոր մասնաշենքը արտաքինից առանձնանում էր` պլպլում։ Շենքի ճակատին հասցրել էին գերբ դնել, ներսի ֆոյեն կոկած վիճակում էր, դրսում` հրապարակում, շարք էին կազմել դրոշները, արտակարգ իրավիճակների աշխատակիցների ջոկատները, հրշեջ մեքենաները:
Տոնին ներկա էր գտնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի հետ, տոնն այստեղ էր բերել նաև Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտային: Այստեղ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրի ուժային թևը` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, մյուս նախարարությունները ներկայացված էին կա´մ նախարարի, կա´մ փոխնախարարների մակարդակով: Հատուկ հրավերով եկել էին նաև մարզպետները (Էդիկ Բարսեղյան, Կովալենկո Շահգալդյան, Աշոտ Ղահրամանյան), Երևանի վարչական շրջանների ղեկավարները (Սարգիս Հովհաննիսյան, Դավիթ Օհանյան, Արթուր Գևորգյան): Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկա էր տոնին թե´ ի պաշտոնե, թե´ իբրև Արմեն Երիցյանի կուսակցական շեֆ. Բաղդասարյանը` ՕԵԿ մի քանի անդամների հետ, որոնց շարքում հատուկ փայլում էր Հեղինե Բիշարյանն իր մարգարիտներով։ Ներկաների մեջ կային նաև այլ կուսակցականներ, որոնց կարելի էր ներկայացնել թե´ իբրև այս կամ այն կուսակցության անդամ, թե´ իբրև ԱԺ պատգամավոր, ինչպես, օրինակ, դաշնակցական Հրայր Կարապետյանը:
Նախագահը եկավ, ողջունեց ու շնորհավորեց բոլորին, ներկա գտնվեց շքերթին, գեներալ-մայորի կոչումներով պարգևատրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին և նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին: Շքերթի վերջում հրշեջ մեքենաները, «ցանկալով իրենց շնորքը ցույց տալ»` ջրային շատրվան կազմակերպեցին` ջուր ցողելով ներկաների վրա: Շատերի հետ բերեց նաև նախագահի բախտը` հրշեջների խողովակը ջուրը ցողում էր շատ բարձրից ու ծայրի հատվածից, այլապես մյուսներից բացի` նախագահին էլ այդ շատրվանից բաժին կհասներ:
Շքերթի ավարտից հետո նախագահը կարծես թե գնաց, բայց մեկ էլ ներկաները տեսան, որ նախագահին տարել ու կանգնեցրել են Ջիպ մակնիշի մի ավտոմեքենայի բեռնախցիկի մոտ: Բոլորը սպասում էին, բայց ո´չ նախագահն էր շարժվում, ո´չ էլ նրա շուրջը եղածները. ոմանք գլխի ընկան, որ այնտեղ ինչ-որ բան են ցույց տալիս երկրի ղեկավարին, մյուսները անորոշության մեջ չէին հասկանում` ինչ է կատարվում: Մի 15 րոպե հետո, երբ վերնախավը հեռացավ, ու հասարակ մահկանացուները ևս հնարավորություն ստացան մոտենալ. պարզվեց, որ բեռնախցիկի միջինը հատուկ համակարգչային տեխնիկա է, որի միջոցով արտակարգ իրավիճակների ժամանակ կարելի է հեռվից վերահսկել և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:
Բարձրաստիճան շքախումբը այնուհետ ուղևորվեց դեպի նախարարության շենք և հոգևորականների հատուկ, հավանաբար, տնօրհնեքի կարգի արարողությունից հետո մտավ ֆոյե, հավանաբար, բաժակ բարձրացրին, որ տևեց ոչ ավելի, քան մի 10 րոպե, որից հետո նախագահը դուրս եկավ, նստեց ավտոմեքենա և գնաց: Նախագահից հետո հերթով հրաժեշտ տվեցին նաև մյուս հյուրերը:
Նախագահը տեսավ միայն արտաքին փայլը, իսկ կեղտը մնաց հետևում…
Արմեն Երիցյանը խոստացել էր, որ ոչ թե պարզապես շենք է ստեղծելու նախարարության համար, այլ դա լինելու է մի «քաղաք», որ իր մեջ ներառելու է բոլոր ստորաբաժանումները: Պաշտոնավարման հենց սկզբից նախարարը բոլոր ջանքերը կենտրոնացրել էր «մեծ ռեմոնտի» վրա: Հարցին` «արդյո՞ք սա հենց իր երազած քաղաքն է», նախարարը պատասխանեց.- «քաղաքի սկիզբը», հետո էլ մատնացույց արեց կողքին կանգնած Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանին, և ավելացրեց` «հետևի տարածքներն էլ է խոստացել, որ տա` քաղաքը կկառուցենք, մի 5 հեկտար տարածք կլինի»:
Մի քանի ամիս տևած շինարարությունը իրեն «արդարացրել էր»` նախագահի ու հյուրերի աչքին ոնց պետք էր թոզը փչվեց, թե ահագին գործ է արված` արդեն նախարարությունը շենք ունի: Իրականում այստեղ միակ կանգունը,երևի թե, մի բաժակ շամպայն բարձրացնելու համար նախատեսված ֆոյեն էր. մնացած բոլոր հարկաբաժիններում կա´մ ավեր էր, կա´մ վերանորոգում: Վերանորոգում ու աղբ էր անգամ շքերթի բարձրաստիճան մասնակիցների թիկունքում. մի թռուցիկ հայացքն անգամ բավական էր` տեսնելու այս ու այնտեղ թափված դատարկ շշերը, աղբը, շինարարական պարագաները, որ զլացել էին անգամ հավաքել արտաքին պատշաճ տեսքն ապահովելու համար:
Արտակարգ իրավիճակները միավորում է
Բացի հայ պաշտոնյաներից, տոնին ներկա գտնվելու հրավերներ էին ուղարկվել նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք ևս շտապել էին շնորհավորել հայ փրկարարներին` դեսպանների կամ այլ աշխատակիցների մակարդակով: Դեսպաններն էլ Հայաստանի փրկարարի տոնին իրենց բավական լավ էին զգում, շփվում հայ պաշտոնյաների հետ, ջերմորեն զրուցում միմյանց հետ` անկախ իրենց ներկայացրած պետություններից և տարած քաղաքականությունից: Բայց երևի թե այդ օրվա ամենաջերմ «զույգը» ԱՄՆ դեսպան տիկին Յովանովիչն ու Հայաստանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովն էին: «Զույգի» ստեղծման գործում նախահարձակը, ամեն դեպքում, տղամարդն էր`ի դեմս Ռուսաստանի Դաշնության: Վիկտոր Վլադիմիրովիչն առաջարկեց լուսանկարվել, տիկին դեսպանը չմերժեց, որի արդյունքում մրցակցող երկու գերտերությունների փորձառու ներկայացուցիչները «միավորվեցին»` նրանց շուրջը կանգնած հայ պաշտոնյաների խանդաղատանքի ներքո:
Ոստիկանները տարերքի մեջ էին
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մինչև նախարար դառնալը ոստիկան էր: Հյուրերի գերակշիռ մասը նույնպես ոստիկաններ էին: Բացի նրանից, որ հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների մեջ արդեն իսկ բավական թվով ոստիկաններ կային (Ալիկ Սարգսյան, Էդիկ Բարսեղյան, Աշոտ Ղահրամանյան), իրենց նախկին գործընկերոջ տոնին հարկ էին համարել ներկա գտնվել ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարները` Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, Քրեական հետախուզության պետ Հովհաննես Թամամյանը, դատախազության աշխատակիցներ և շատ ուրիշ իրավապահներ:
Նախագահից հետո պարգև հանձնող երկրորդ անձնավորությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր, որ իր նախկին տեղակալին պարգևատրեց մեդալով «Ոստիկանության հետ համագործակցության համար»:
— Շնորհավորում ենք, ախպե´ր ջան, բոլորի´դ տոնը շնորհավոր, ամեն տարի գանք` լավ տեսնենք,- շնորհավորեց ու հրաժեշտ տվեց Ալիկ Սերգեյիչը:
Թե´ ոստիկանների, թե´ նախկին ոստիկան (եթե, իհարկե, նախկին ոստիկան լինում է) Արմեն Երիցյանի ուրախությանը չափ չկար, բոլորը փայլում էին, բոլորը տարերքի մեջ էին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Բլից-հարցազրույց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ (շամպայնով լի բաժակը ձեռքին)
— Պ-ն Երիցյան, Ձեր բարեփոխումները արդյոք ծանր չե՞ն անդրադառնա նախարարության աշխատակիցների վրա. համակարգի օպտիմալացման հետևանքով շատերը դուրս չե՞ն մնա: Մտածու՞մ եք, թե ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը:
— Ոչ այդքան: Մի բան կանենք: Մարդիկ կան, որ առաջ են քաշվել:
— Իսկ խոսակցությունները, թե կադրային ջարդ է իրականացվում, թե նախարարությունը օեկականացնում ե՞ք…
— Առավոտվա 9-ից մինչև 6-ը ոչ ոք իրավունք չունի կուսակցության մասին խոսել:
— Մի անգամ դարձյալ ասել եք, բայց դրանից հետո միանգամից աղմուկ բարձրացավ, թե Երիցյան Արմենը սկսել է օեկականցման գործընթաց…
— Ինձ պետք են մասնագետներ, այլ ոչ թե կուսակցականներ: Ինձ միայն մասնագետներ են պետք:
— Ես, օրինակ, Ձեզ օեկական չեմ դիտում և չեմ կարող դիտել որպես այդպիսին:
— Մեկ անգամ ևս ասեմ, որ ես հպարտ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ, իսկ նախագահն էլ իմ ընկերն ա:
— Իսկ ինձ թվում էր, թե Դուք ՀՀ նախագահի թիմի անդամ եք…
— Նախագահի՞, իհարկե, նախագահի թիմի անդամ եմ, մենք բոլորս ենք նախագահի թիմի անդամ, մենք օպոզիցիա չենք, մենք կաոլիցիոն (այսպես է արտաբերում «կոալիցիոն» բառն Արմեն Երիցյանը) խմբից ենք:
— Իսկ կադրային ջարդի մեղադրանքի պահով ի՞նչ կասեք:
— Մենք չունենք այդքան կադրեր, որ ես կադրային ջարդ անեմ: Հանեմ` ու՞մ պետք է բերեմ:
— Իսկ, ո՞ր ոստիկաններին եք հիմնականում բերում:
— Ոստիկանությունում կան լավ տղաներ, շատ լավ տղաներ և իրավապահ մարմիններում էլ կան և ես հպարտ եմ զգում, երբ իրենցից ինչ-որ մեկը գալիս է մեզ մոտ աշխատելու:
— Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. տեսե´ք` նախագահն էլ է նախընտրում ոստիկանների` մարզպետների կեսից ավելին ոստիկաններ են…
— Լավն են: Հոգու խորքում բոլորս էլ ոստիկան ենք` մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս:
— Ուզում եք ասել` լրագրողներն էլ են ոստիկա՞ն: Լավ, եթե այդքան լավն են ոստիկանները, հիմա կարո՞ղ է «ոստիկանական բում» առաջանա և բոլորը ձգտեն դառնալ ոստիկան:
— Չէ, գիտե՞ք, ես ասում եմ` հպարտ եմ, որ 31 տարի ոստիկանությունում եմ աշխատել, բացի դրանից ես գիտնական եմ, որպես գիտնական ես գիտնականներին էլ եմ տեղ տալու: Ես շեշտը դնում եմ ոստիկանների վրա, բայց նաև շատ գիտնականներ, որ հանվել են աշխատանքից` դոկտորներ, պրոֆեսորներ, շատ-շատերին հետ եմ բերում, հիմնականում սեյսմիկ ծառայությունում, հիդրոմետ ծառայությունում, հետ եմ բերում: Մենք էսօր ակտիվ սեյսմոգոտում ենք, մեզ պետք են գիտնականներ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաների ամենասիրելի զբաղմունքը կողմնակի բիզնես — եկամուտ ունենալն է: Դա պայմանավորված է նախևառաջ նրանով, որ պետական աթոռ զբաղեցնող չինովնիկներից ոչ ոք վստահ չէ` որ վաղը չի հայտնվի ռեզերվում, կամ, որ ավելի վատ է` ձիուց չի ընկնի։ Որոշ մարդիկ մեր երկրում պաշտոնյայի` գրոշներ կազմող աշխատավարձի համար վատնում են իրենց թանկարժեք ժամանակը միայն հանուն այն բանի, որ «կրիշա» ունենան սեփական բիզնես դնելու ու դրա անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց մի մասն էլ տարիների ընթացքում պետությունից թալանած փողերն է դնում բիզնեսում` իբր ինքը իր արդար բիզնեսով է հասել արդյունքի։
Հայաստանում կողմնակի եկամուտ ապահովող ամենահուսալի ձևերից մեկը երթուղային գծեր շահագործելն է: Երթուղային գծերը մեր երկրում պատկանում են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց հովանավորությունը վայելողներին: Եվ, որպես կանոն, կողմնակի եկամտի բաշխման գործընթացում դրանց տերերը սիրում են հարգել միմյանց իրավունքները` տվյալ տարածքի նկատմամբ, և երբ որևիցե մեկը ստանում է տարածքում երթուղային գիծ ունենալու իրավունքը, այլևս որևէ մեկը չի մոտենում դրան` անգամ եթե նոր երթուղայինի կամ մեկ այլ տրանսպորտի սուր պահանջ է զգացվում. քայլեր կարող է ձեռնարկել միայն տարածքը սպասարկողը:
Այդպես, Մասիսի գյուղերը գտնվում են պատգամավոր Հրանտ Գրիգորյանի և նրա շահագործած կիսավեր ավտոբուսների լծի տակ, Ավանից 16-րդ թաղամաս գնացող թիվ 5 և Նորքի 9-րդ զանգված գնացող թիվ 32 համարի երթուղային գծերը պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ մայրաքաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասը` այս էլ որերորդ տարին պարզապես ստրկական կախվածության մեջ է գտնվում Երվանդ Զախարյանից: Նախկին քաղաքապետը իրենով է արել մայրաքաղաքի ամենամեծ պահանջարկ ունեցող երթուղային գծերից մեկը` թիվ 49-րդը, որ Ներքին Շենգավիթից հասնում է մինչև Սլավոնական համալսարան:
Այն ժամանակից, երբ Զախարյանը ձեռք բերեց կողմնակի եկամտի` իր համար, Աստված գիտե, որերորդ աղբյուրը, շենգավիթցիների բախտը շուռ եկավ: Այդպես է, քանզի նախկին քաղաքապետը` ներկայիս Կադաստրի վարչության պետը, ամենաժլատ գործարարներից մեկը դուրս եկավ: Սովոր լինելով առանց ջանք ներդնելու եկամուտ ապահովել, Զախարյանը մտածեց, թե կարելի է նաև նույն կերպ էլ բիզնես իրագործել:
Ու տարիների հետ 49-րդ երթուղայինը դարձավ ամենաթշվառ գիծը: Եթե մյուս գծերում աշխատում են առնվազն 20-ից ավելի ավտոմեքենա, ապա Զախարյանն իր գիծը շահագործում էր ինը, առավելագույնը` 12 մեքենայով, իսկ հանգստյան օրերին կարող է դուրս բերել աննախադեպ` երեք ավտոմեքենա:
Մեքենաների բացակայության պատճառով էլ իրենք `վարորդներն իրենց գիծն անվանում են «թաղման թափոր», որովհետև ստիպված վարում են 5-10 կմ/ժ արագությամբ` ապահովելու համար առնվազն 40 րոպեանոց ինտերվալը:
Իսկ 49-ը երթուղայինին սպասող յուրաքանչյուր ոք հայտնվում է ապուշի կարգավիճակում. բոլոր երթուղայինները գալիս — գնում են, սպասողների մի քանի հերթ փոխվում է, իսկ 49-ին սպասողը դեռ կանգնած է: Ինչու՞, որովհետև Երվանդ Զախարյանի ժլատությունը պարզապես թույլ չի տալիս գումար ծախսել և պահանջված քանակով երթուղայիններ ունենալ, որովհետև Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչությունը պարզապես խամաճիկային կառույց է, որի պետն ընդամենը կարող է հայտարարել, թե «երթուղային գիծը պետք է շահագործվի առնվազն 20 ավտոմեքենայով», իսկ հայտարարությունից այն կողմ ոչինչ անելու ունակ չէ, որովհետև դիմացը կանգնած է նախկին շեֆը, ներկայում դարձյալ մեծ լիազորություններով օժտված բարձրաստիճան պաշտոնյան, որի հետ բազմաթիվ գործարքներով ու կապերով կապված է քաղաքապետարանը:
Թիվ 49 երթուղայինի պատճառով շենգավիթցիները ամեն օր հայհոյելով երթուղայինի պատասխանատուին քայքայում են իրենց նյարդերը, ու ստիպված են 30-40 րոպե սպասել տրասպորտի, որը երեկոյան ժամը 20:00-ից հետո դառնում է անիմաստ… իսկ 49-ի վարորդները երևի ամենադժբախտն են մեր իրականության մեջ, որովհետև ինչ-ինչ, բայց ուղևորը գոնե կարող է հայհոյել Զախարյանին ու նրան հովանավորող պետությանը և ամեն օր սեփական բյուջեի սուղ միջոցներից տաքսիով տուն հասնել, բայց վարորդները ստիպված են հանդուժել ու աշխատել աշխարհի ամենաժլատ մարդու համար:
Ի դեպ, Զախարյանի ժլատությունը անխնա է. նա բավական բարձր նալոգներ է դրել նաև սեփական երթուղայինի վարորդների վրա, որոնք հիասթափված երկրից ու իրենց բաժին հասած կյանքից` ջանքեր են գործադրում զախարյանական նալոգի տակից դուրս գալու համար: Ու օր չկա, որ հարյուրավոր շենգավիթցիներ չանիծեն ու չհայհոյեն Երվանդ Զախարյանին ու նրա շահագործած երթուղայինը:
Նման աշխատաոճի հետևանքով ամենամեծ պահանջարկ ունեցող երթուղայինն այսօր կարող է հազիվ մեկ-երկու ուղևորով շրջել, որովհետև մարդիկ պարզապես զզվում են նստել մի տրանսպորտ, որի վրա կարող են կորցնել մեկ ժամ: Ներքին Շենգավիթից թիվ 49-ը օպերա հասնում է ուղիղ մեկ ժամում, իսկ 21-րդ դարում ժամանակի նման կորուստը, չափից դուրս է` անգամ Երվանդ Զախարյանի ժլատությունն ի գիտություն ընդունողների և դրա դեմ պայքարելն անիմաստ համարողների համար:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ.
Նոր քաղաքապետի գալուստը անհետևանք չանցավ մայրաքաղաքի համար: Գագիկ Բեգլարյանը բոլոր շանսերն ունի դառնալու Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը. միայն մայրաքաղաքի փողոցները «ծաղկեցնելը» իսկական երևանցու համար ինչ ասես արժե: Բայց Բեգլարյանը դրան հասնել չի կարող, եթե բավական կամք կգտնի իր մեջ` նախորդի սխալներն ուղղելու համար. չի կարելի մայրաքաղաքի` կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա գտնվող թաղամասը դարձնել հորից ժառանգած ճորտատիրական կալվածք և հազարների հասնող բնակչությանը թողնել փողոցում` սեփական գիծը անտերության մատնելով, բայց և հնարավորություն չտալով այլ երթուղայինների կամ ավտոբուսների շահագործում նույն տարածքում:
Էս գործի մեջ, ոնց պատմեցի նախորդ նամակիս մեջ, շատ մարդկային կողմ կա:
Էստեղ մարդու մարմնի հետ ես աշխատում: Անծանոթ մարդու հետ շատ շուտ և հեշտ մոտենում ես: Նրա մարմինը կապկպում ես, աչքերը փակում, ու նա քո գերու նման դեմդ կանգնում ա, որ իրան ստորացնես, ստրկացնես, տիրես… Հաճախ մտածում եմ, ինչի՞ եմ ես էս ամենն անում, հատկապես երբ շատ տհաճ կլիենտ ա լինում կամ, երբ քո ուզած ձև չի ստացվում սեսսիան: Դու ոչ թե միայն իրենց ամենաամոթալի ֆանտազիաներն ես իրականացնում, այլ նրանք, տղամարդ լինելով հաճախ սխալ բաներ են անում, ու դու էլ չես ուզում աշխատես:
Ուզում եմ էդ զզվելի բաների մասին էսօր պատմել, գիտեմ, որ ականջ ա ծակում, բայց սա նույնպես մեր իրականությունն ա, ու ես երբեք չէի մտածի, որ մի օր էսպիսի գործ կանեմ, ու առավել ևս դրա մասին կգրեմ: Ես անում եմ, որովհետև ինձ փող ա պետք: Ընկերուհիս հիվանդ է, ու ապրելու համար էլ է փող պետք: Իմ ստացած 55 հազար դրամով երկուսով չեն ապրի: Բայց միայն դրա համար չէ: Չնայած ես տանջում եմ, բայց անում եմ նաև իրենց համար, իրենք են էդպես ուզում: Բայց նրանք էստեղ էլ օգտագործում են իրանց տղամարդու դիրքն ու երբեմն զզվացնում ու վիրավորում են:
Ռիմային հաճախ մարդիկ են զանգում ու սեսսիա պատվիրում, իմանալով, որ նա տանջատուն ա պահում: Հարցնում են, թե ո՞վ ա աշխատում, քանի տարեկան ա, ի՞նչ տաղանդներ ունի, այսինքն՝ ի՞նչ գիտի անել: Հաճախ շատ անկեղծ են, ասում են. «Մաստուրբացիա կանե՞ն », ասում է`դա կախված է քո տիրուհուց:
Ասում է` «Լիլիթ կա , 26 տարեկան, ամեն ինչ անում է, չի մերկանում, միզում է, ստորացնում է, ծեծում… Ի՞նչ ուզում եք անում է, բացի ներթափանցող սեքսից»: Ու նրանք գալիս են, դեռ ինձ չճանաչելով, միայն Ռիմայի հետ խոսալով, ու կարծում են, թե ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչ կընդունեմ: Բայց դա տենց չի, ես եմ ընտրում ինչ անեմ ինչ չանեմ, ու Ռիման էլ իմ քեֆով ա գնում, ասում ա՝ «Իրա որոշումն ա»: Բայց ինձ էլ ասում է, որ ինչքան շատ բան անեմ, շատ փող կաշխատեմ, ու շատ կլիենտներ կունենամ:
Բայց տղամարդիկ հաճախ իրենց շատ վատ են պահում:
Օրինակ, մի քանի օր առաջ Ռիման ասեց, որ իրա հին կլիենտը, որ 10 տարի ա իր մոտ գալիս է, ուզում ա հետս խոսի, հասկանա՝ ի՞նչ տեսակի մարդ եմ, մինչև բուն տանջանքի սեսսիային անցնելը:
Դուռը բացեցի, ներս մտա, տեսնեմ մի շատ-շատ չաղ տղամարդ մխրճված ա բազմոցի մեջ, հենց ոստիկանի շորերով, ջոկեցի, որ շտապելով է եկել ստեղ, որ իրան տանջենք ու ստորացնենք: Չգիտեմ, ինչի՞ են մարդիկ գալիս էստեղ, գուցե՞ ստանալու էն մարմնական հաճույքը, որ սեփական կանայք չե՞ն կարող տալ … Կարծում եմ այո:
Էդ օրը իմ լատեքսի կոստյումը մոռացել էի տանը, ու մի ուրիշ տիրուհի՝ մեր աղջիկներից ինձ փոխ էր տվել իր սև, կարճ հագուստը: Շատ կարճ ու թափանցիկ մետաքսից էր: Ինքս ինձ չհավանելով գնացի դեպի սենյակի խորքը: Նա ասեց՝ «Արի մոտս խոսանք» ու ձեռը թփթփացրեց գոգին, յանըմ՝ արի նստի գոգիս` չաղ գոգին, որ փոր էր, գոգ չկար: Ասեցի՝ «Չէ, մերսի, ես էս աթոռին ինձ ավելի լավ եմ զգում»: Երևի սովոր չէր, որ կինը իր հետ էդպես կարա խոսի: Մի վախտ սսկվեց, հետո շարունակեց խոսալ: Ֆանտազիան նախապատրաստած էր… Ուզում էր ես իրա ուսուցչուհին լինեմ, ու ամեն անգամ, երբ սխալ պատասխան տա, իրա հետույքին խփեմ փետով, բայց շատ ուժեղ չէ: Բայց դա դեռ բոլորը չի: Ասեց՝ «Ուզում եմ ինձ տկլորացնես փոքր երեխայի նման ու մարմնիս ստուգես, հետո …. հաճույք զգամ»: Զզվելով ընդունեցի, բայց պայմանով: Էս գործի մեջ սկզբից ահավոր զզվում ես, և շատ ուժեղ զգացողություններ ես ունենում, բնականաբար՝ տհաճ, բայց պետք է վախդ մոռանալավ առաջ գնաս, որովհետև սա թատրոն է` դու դերասան: Անվախ ու պատրաստ պիտի լինես տիրապետելու, քո գերիշխանությունը ցուցադրելու ու կիրառելու: Լինում են օրեր, երբ սեսսիայից հետո ես ինձ շատ վատ եմ զգում, եթե զգում եմ, որ չեմ կարողացել տղամարդուն կարգին տիրապետել: Շատ բարակ է էդ գիծը՝ սահմանաբաժանը, որ բաժանում է ստորանալն ու ստորացնելը, հատկապես կնոջ տեսանկյունից ու դիրքից:
Մի օր մեկն ինձ ասաց. «Մի հատ կանգնի ու պտտվի դիմացս», ուզում էր մարմինս գնահատել: Էդ օրը ես ինձ վատ էի զգում, ուզում էի շուտ ավարտեմ ու տուն գնամ:
Էնպես ջղայնացա, որ ուզեցի ուժեղ խփել դրան: Շատ ջղայնացա, որ ինձ մսի կտորի տեղ ա դրել:
Ի՞նչ էր սպասում, որ մեջքիս սապատներ կա՞ն: Ու քանի որ անընդհատ փողի մասին էի մտածում, սկսեցի չարախնդալ վրան. «Մարմինս ես ուզում տեսնե՞ս: Հա՞ Ուզում ես տեսնես, հա՞: Լավն ա՞ մարմինս: Դուրդ եկա՞վ: Սիրեցի՞ր իմ կանացի մարմինը»:
Ու նա, չհասկանալով, որ կինն էլ կարա սարկաստիկ կատակներ անի, ձեն չհանեց:
Գնացինք տանջասենյակ, ես վերջին ձևով սրան ստրկացրեցի, էնքան տանջեցի, որ ինքս հոգնեցի, մուռս հանեցի:
Ընդհանրապես, էս տեսակի ծառայություններից օգտվող նորմալ մարդու համար կան էթիկական նորմեր, ու էստեղ ընդունված չի տիրուհուն դիմացդ պտտեցնել կամ հիմար հարցեր տալ: Բայց էդ օրը ես էնքան թույլ էի զգում ինձ, որ թույլ տվեցի էշը ինձ պոռնիկի պես գնահատի:
Շարունակեմ չաղ մենթի պատմությունը:
Գնացինք սենյակ, ուսուցիչ եղա, ահագին ծիծաղելի էր: Մեկ էլ սա սկսեց ինձ քաշքել, թե ՝ արի էստեղ, ուզում եմ ես հետույքիդ խփեմ: Ոտքի ելա, կողքս մի փոքր փետ կար, դրանով տվի դեմքին: Ասեցի. «Մի մոռանա, որ ես եմ ստեղ ուսուցչուհին, դու էլ աշակերտը»: Հետո անցանք նրան, որ ինքը իբր պուճուր է։
Նայեմ՝ կանգնել ա սպասում ա, որ իրան տկլորացնեմ: Ասեցի. «Արի, արի շուշուտ տկլորացի»: Էնքան դանդաղ էր հանվում, որ քունս տարավ էդ ընթացքում, սկսեցի ինքս տկլորացնել, որ շուտ պրծնեմ էդ զզվանքից: Մեկ էլ տեսնեմ դրա թևի տակ մի մեծ մսագունդ կա: Վախեցի, ասի էս մարդը հիվանդ ա, բան չխոսացի: Ես մի տեսակ վախենում էի դրանից, մտածում էի, կարող ա ատրճանակ, դանակ-բան պահած լինի, մենթա վսյո ժե: Փոքր առնանդամիկը անհետացել էր սրա ահռելի փորի տակ: Ուրախացա, որ ավելի մոտիկից չեմ տեսնում էդ զզվանքը՝ անճար ու անօգտագործելի…
Տենց ա: Կան տղամարդիկ, որոնք կարծում են, թե էդ կանայք իրանց ծառայելու են… Իմ մոտ երբ գալիս են, պետք ա անուշ հոտ ունենան, մաքուր սափրված լինեն, ու հետս ամաչելով խոսան: Հարգանքի պակաս ա ինքդ քո հանդեպ, երբ թույլ ես տալիս, որ քեզ մսի կտորի տեղ դնեն:
Բայց սենց շատ հազվադեպ ա լինում, երբ նրանք կոնկրետ մեզ հետ չեն պայմանավորվում, այլ ուրիշի ասածով են գտնում մեզ, էսպես ասած մշտական աղջիկ չեն ունենում:
Ուրախ եմ, որ ավելի վատ բաներ չեն կատարվում ինձ հետ: Շատերին բռնաբարում են, եսիմ ի՞նչ են անում: Ուրախ եմ, որ աշխատում եմ ապահով տան մեջ, ու կա տիկին Ռիման ու ուրիշ աղջիկներ, որ եթե ես գոռամ, նրանք կհասնեն ու կօգնեն: Ռիման մոտը մի ատրճանակ ունի կեղծ փանփուշտով, ու մի մեծ դուբինկա: Կարանք ոստիկանություն էլ զանգենք, եթե շատ վտանգավոր մի բան լինի: Կլիենտներ, բացի զզվելի չաղից, էլի ունենք, որ ոստիկան են: Բայց դե ստեղ էլ պիտի իրանց փողեր տաս, որ չբացահայտեն, մարմնավաճառության համար ճիշտ ա, չեն նստացնում, բայց լավ փողեր են պոկում, փողոցի աղջկերքից են օրը 5000 դրամ պոկում, պատկերացրում եմ ինչքան կպոկեն մեզնից, եթե իմանան: Համ էլ Ռիմային հո կարող են նստացնել: Չնայած, մեկ-մեկ ինձ թվում ա, թե էս հաստատության «կռիշը» շատ վերևներումն ա, ախր շատ ֆանտաստիկ ա հայկական իրականության մեջ էսպիսի բանի գոյությունը, էն էլ նենց, որ չտարածվի…
Մի քանի տարի առաջ մի աննորմալ տղա ինձ հետապնդում էր: Էդ վախտ Վիվասելլում էի աշխատում: Գործից մինչև տուն հետևցս գալիս էր: Բանը հասել էր նրան, որ քնածս ժամանակ մտել էր ննջարանս, ու ինձ` քնածիս նայում էր: Գոռացի՝ հիմա միլիցիա կկանչեմ: Փախավ: Դե, զանգեցի ոստիկանություն: Առաջին հարցը՝ «Ի՞նչ եք աշխատում» : Ասում եմ՝ «Դա ամենակարևո՞ր հարցն ա էս րոպեին»: Ասում ա՝ «Հա, եթե սթրիփ կլուբի պարուհի ես, կամ տենց տեղերի մատուցող, հասկանալի ա խի են հետապնդում»: Իյա՜: Տնաշենները լրիվ են իրանց կորցրել: Ուրեն, եթե սթրիփ ես պարում, կամ մատուցող ես, թե մատուցողը ի՞նչ կապ ունի ստեղ, չեմ հասկանում, պիտի քեզ հետապնդե՞ն ու միլիցիան մարդ չուղակի՞: Քեզ սպանեն, բռնաբարեն, թալանեն, միլիցիան ասի՝ «Ձեր աշխատանքի բնույթը ռիսկի զոնայի մեջ է, չենք կարող ոստիկան ուղարկել»: Ասեցի, որ Վիվասելլում եմ աշխատում ոստիկան ուղարկեցին:
Տենց ա: Հաճախ տղամարդը չգիտի ինչն ա մեզ վիրավորում: Կամ էլ գիտի, բայց նենց ա անում, որ դու համոզված լինես, որ արժանի ես դրան….
Հիմա ես կաշխատեմ, ինձ դաս կլինի էս գործը: Ու ինձ կամ ավելի ուժեղ կսարքի, կամ կչարացնի ու կփչացնի…
Կապրենք՝ կտեսնենք…
Շարունակելի…
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.