23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս նամակը տրամադրվել է «Հետք» շաբաթաթերթին, որն էլ փոխանցել է «Հայկական ժամանակ» օրաթերթին.
Հանցագործները ազատության մեջ
Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը վերջերս Սերժ Սարգսյանին նամակով տեղեկացրել է, որ իրեն 2009-ին հաջողվեց 50 հազար եվրո և 20 հազար դոլար կաշառքով ՀՀ իրավապահներից գնել իր ազատությունը: Այս նամակը հայտնվել է « Հետք» շաբաթաթերթի տրամադրության տակ, որտեղից էլ դրա թարգմանված օրինակը տրամադրել են մեր թերթին « Մարիանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2008-ի օգոստոսի 27-ին`կեղծ բանկային քարտերով ՀՀ-ի տարբեր բանկոմատներից տասնյակ հազարավոր դոլարներ գողանալու կասկածանքով: Նրանից բացի նույն գործով ձերբակալվել են ևս չորս անձինք`ազգությամբ ռումինացի 3 տղամարդ և մեկ լատվիացի կին:Մարիանին, որը եղել է խմբի պարագլուխը, առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու մեղադրանքով`ՀՀ քր.օր. 177 հոդվածի 3-րդ մասով Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը 2009-ին ապրիլի 10-ին դատապարտել է 2 տարի ազատազրկման: Քր.օր.-ի համապատասխան դրույթով նախատեսված նվազագույն պատժաչափը 4 տարի է:
Մարիանը բանտում մնացել է մեկ տարի երկու ամիս`2009-ի հոկտեմբերի 28-ին նա ազատ է արձակվել և հեռացել: Ըստ նամակագրի, ինքը գումար է վճարել «մայոր Վահանին և մայոր Գրիգորյանին ու նրա բոսին» :Քրեական գործի նախաքննությունը վարել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանը, իսկ վերջինիս վերադասը կամ «բոսը» նշված վարչության պետ Մնացական Մարությանն է: Բացի այդ`«իմ փաստաբանը գործի համար վճարել է դատախազին, իսկ դատախազը վճարել է դատավորին»,- գրել է Մարիանն իր նամակում: Այս գործով մեղադրող դատախազը եղել է Հովսեփ Սարգսյանը, իսկ դատավորը, ինչպես նշեցինք վերը` Գագիկ Ավետիսյանը:Նրանց երկուսի անձն էլ հանրությանը առավել հայտնի է Մարտի 1-ի գործով դատավարություններից: Մարիանի հետ ձերբակալված մյուս երկու անձանց`Մարգարիտա Սպուրդզանեի և Կոնստանտին Հաջիի ճակատագրի մասին նամակում գրված է.«Իրենց վճարած փողի շնորհիվ օրիորդ Մարգարիտան և պարոն Հաջին թեթև պատիժներ ստացան: Հյուրանոցի նրանց համարում 150 կեղծ քարտ էր հայտնաբերվել»: Մարգարիտա Սպրուդզանեի հարցը լուծել է Երևանի քրեական դատարանի (դատարանը լուծարվել է) դատավոր Կարինե Ղազարյանը, որը 2009-ի փետրվարի 18-ին լատվիացի կնոջը դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի`հանցագործության մասին իմանալ չհայտնելու մեղադրանքով և ազատ արձակել:Կոնստանտին Հաջիի խնդիրը լուծել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետևյալ եռյակը`Հենրիկ Տեր-Ադամյան, Ռազմիկ Ազարյան և Ժորա Հովսեփյան: Նրանք Հաջիի 4 տարվա ազատազրկման (քր.օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասով նվազագույն պատժաչափն է) դատավճիռը 2009-ի մայիսի 22-ին փոխել են 2 տարի պայմանականով և դատարանի դահլիճից նրան ազատ արձակել: Հանցավոր խմբի պարագլուխն այս նամակը գրելու իր քայլը պատճառաբանել է իր մյուս ընկերոջ `Կոստանտին Ստենգաչուին օգնելու ցանկությամբ, որը նույն գործով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և պահվում է «Վարդաշեն» ՔԿՀ –ում: Ստենգաչուի մեղադրանքը, ըստ նամակագրի, սարքվել է իրեն ազատելու համար, քանի որ ԱԱԾ- ին մարդ է պետք է եղել, ում վրա պետք է գողության ողջ մեղքը բարդվեր:«Ես չեմ կարող այլև ապրել `գիտակցելով, որ նա իմ պատճառով բաժանվել է իր աղջկանից և կնոջից:Նա այդքան ծանր պատիժ ստացավ, քանի որ նրանց (ՀՀ ԱԱԾ-ին խմբ.) պետք էր մեկը, որի վրա կարելի էր բարդել մեղքը»,-նշել է Մարիանն իր նամակում:
Հ.Գ. Ի դեպ նյութն արտատպել են նաև միջազգային լրատվամիջոցները։ Հարցի հետ կապված մեր զրույցի ընթացքում իրավապահներից մեկը կարծիք հայտնեց, որ նամակագիրը մեղավորության զգացողությունից ելնելով գնացել է նման քայլի (նամակ է գրել ՀՀ Նախագահին) առանց անդրադառնալու, որ սա Հայաստանն է ու ում որ ինքը ցանկացել է օգնել, իրականում շատ մեծ վտանգ կարող է սպառնալ։
Վերջին շրջանում ՀՀ բանակում գերհասունացած ճգնաժամը դարձել է հասարակական քննարկման ամենացավոտ ու ամենակարևոր թեման։ Վերջին պայթյունը, իհարկե, «youtube» ցանցում շրջանառվող տեսանյութն է, որտեղ ստորացման, ճնշումների, ծեծի են ենթարկվում երիտասարդ զինծառայողներ, որոնք կրում են ՀՀ Զինված ուժերի համազգեստ:
Պաշտպանության նախարարության արձագանքն այդ տեսանյութին սպասելի էր։ Ինչ-որ ուժեր կամ մարդիկ մեղադրվում են ՀՀ Զինված ուժերի վարկաբեկման, նման կարգի նյութերի պատրաստման ու կանխամտածված տարածման մեջ։
Այն, որ նման նկարահանում կատարելը բանակում բավական դժվար ու գրեթե անհնարին է, կարելի է ենթադրել, սակայն փաստը փաստ է, որ հասարակության շրջանում կասկածի նշույլ իսկ չկա, որ եթե նույնիսկ այս տեսանյութում եղածը սադրանք է, ՀՀ զինված ուժերում նման դեպքերը համատարած են։Այդ են վկայում Կառավարության շենքի դիմաց օրեցօր ավելացող սևազգեստ կանայք ու տղամարդիկ, ովքեր սգում են իրենց առողջ, մարտունակ ու հաճախ միակ որդիների կորուստը ոչ թե պատերազմի դաշտում, այլ խաղաղ պայմաններում։ Նրանք բոլորը պահանջում են արդարադատություն, որ չեն ստանում, փոխարենը հանդիպում են համատարած փակ դռների։ Նամակներ են ուղղում տարբեր ատյանների ու պաշտպանության նախարարին, սակայն մատնվում անտարբերության։
Այդ ոչ սակավաթիվ դեպքերը լռության էինք մատնում նաև մենք` լրագրողներս. Տարիներ շարունակ` նույնիսկ մեկ տասնամյակից ավելի, բանակի թեման մի տեսակ արգելված էր, ազգային անվտանգության հարց էր, ու արատավոր երևույթների մասին գրելը գրեթե դավաճանություն էր որակվում, հիմա էլ ոմանք նույն կարծիքի են։ Բայց ցավը եկավ ու ընդհուպ մոտեցավ մեզ` ազդարարելով, որ ջայլամի քաղաքականությամբ առաջ չես գնա։ Հայկական բանակի թեման միշտ էլ եղել է արգելվածների շարքում` սկսած 1990–ականներից, երբ պատերազմ էր, և գրեթե առանց տարիքային սահմանափակման ում բռնում, տանում էին բանակ։ Այդ իրադրությունը ոչ ոք չէր վիճարկում հրապարակավ, դե պատերազմ էր, պարզ է, մարդիկ ռազմաճակատին պետք էին։ Բայց թե ինչ էր այդ մարդկանց հետ կատարվում զինվորական համակարգում, խոսվում էր բոլորիս տներում։ Քիչ չէին մարդիկ, ովքեր վաճառեցին իրենց բնակարանը քաղաքի կենտրոնում, որ ազատվեն ռազմաճակատում թնդանոթի միս դառնալու սարսափելի հեռանկարից։ Մնացածները, իրենց կամքին հակառակ, հայտնվեցին առաջին գծում` առանց որևէ պատրաստվածության. ոմանք անիմաստ զոհվեցին, ոմանք հրաշքով փրկվեցին։ Իսկ այն, որ անփորձները միայն խանգարում էին մարտական գործողությունների ժամանակ, վկայում էին պատերազմն անցած ու կռվել իմացող տղաները։
Վաղամեռիկ արվեստագետ Ալեքսանդր Մելքոնյանն անցել էր ողջ պատերազմն ու հրաշալի տիրապետում էր մարտական արվեստին։ Հիշում եմ նրա բառերը. «Ախր ոչ ոք չի հասկանում, որ էս փողոցից հավաքած մարդիկ մեր գլխին իսկական ջառմա են. դեմից կրակում են, մարդ չի կողմնորոշվում` սրա՞ն փրկի, թե՞ կռվին մասնակցի, համ էլ վախից քարանում են, ինչ ասում ես, չեն էլ լսում»։ Հա, էդպիսի մարդիկ կային նաև իմ ծանոթների շրջանում։ Ոմանց բռնել տարել էին հենց փողոցից, ոմանց երկար հետապնդել ու անգամ հետևից կրակել էին, ու այդ մարդիկ երկար ժամանակ կորցրել էին անգամ խոսելու ունակությունը, ոմանք էլ ուղղակի փախան խուլ հեռավոր վայրեր։ Իսկ այդ ամենի ֆոնին բարձրաստիճան զինվորականները մի ահռելի հարստություն կուտակեցին` կյանքի դիմաց մեծ գումար պահանջելով Երևանի փողոցներով անցնող քաղաքացուց։ Էս ամենի մասին գրելն ու բարձրաձայնելն էն ժամանակ արգելված էր, ու մինչ այժմ էլ չեն խոսում` լռությունը շարունակվում է։ Թե թիկունքում քանի զինվոր է դաժանաբար հոշոտվել ու սպանվել այդ պատերազի տարիներին, ոչ ոք չի իմանա, դա պարզ է, բայց, ա´յ, դրանից հետո եկող ժամանակաշրջանի մասին խոսուն փաստեր կան։
Մինչ այժմ էլ նույնն է, ոչինչ չի փոխվել. մեջբերեմ 2010–ի հունիսի 27–ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր՝ Պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակից մի հատված. «….Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով….. Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են, և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին»։
Իրականում ո՞վ է արատավորում հայկական բանակի անունը, ո՞վ է պատասխանատուն, որ հայ մայրերն արդեն հայտարարում են, թե նման բանակին զինվոր չունեն տալու։ Դե, այս ամենը, իհարկե, չի կարելի ծածկել ու կեղծ պատիվ հորինել.ախր, այս համատարած անվստահության ու ստի մթնոլորտում հայրենիքը պաշտպանողների թիվն է պակասում։
Զարուհի Հովհաննիսյան
Երեկ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ամբողջ վերնախավի, վերնախավի ոչ ՀՀԿ -ական, բայց նրանցից ոչ պակաս կարևորության դեմքերի հետ Սևանում հանդիսավորությամբ մասնակցում էր պատգամավոր Լևոն Սարգսյանի կառուցած «Աղթամար» հյուրանոցային համալիրի բացմանը:
Հայտնի էր, որ Ռոբերտ Քոչարյանի աչքը մտնելու համար նախատեսված էր նաև «Աղթամար – Ծաղկաձոր» ճոպանուղու շինարարությունը, որը բավական թանկ նստեց պատգամավորի վրա, սակայն նա ետ չկանգնեց իր նախաձեռնածից։ Ինչպես արդեն ասվել է, ՌԴ նախագահը չցանկացավ բացել իր համար գուցե «ճ կլասի» օբյեկտը ու Լյովի մուրազն անկատար թողնելով` հեռացավ երկրից։ Բայց մինչ այդ հայրենի գործադիրի կատարած մեծահոգի ժեստը օգնեց, որ Աժ պատգամավորը այդքան խոր չտանի ցնցումը։ Լևոն Սարգսյանը բախտավոր տղա է, ու նրան նախանձողներ էլ կան, իհարկե, բարի նախանձով:
Նախ, ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 5-ի նիստում որոշեց օգնել բիզնեսմեն Սարգսյանին: Ահա այդ նիստի արձանագրության` Սարգսյանին պատկանող «Աղթամար» ՓԲԸ-ին վերաբերող հատվածը:
«Գործադիրը որոշել է թույլատրել «Աղթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգելը երեք տարով։ «Աղթամար» ՓԲԸ-ն Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու նպատակով 2009թ. ներմուծել է շուրջ 830 մլն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ։ Դրանց մոնտաժումը դեռ չի ավարտվել, և չստանալով որևէ եկամուտ` ընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում։ Հաշվի առնելով, որ ՓԲԸ ձեռնարկած միջոցները համահունչ են կառավարության հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներին, և ճոպանուղու շահագործումից հետո կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, գործադիրն ընդունել է սույն որոշումը»:
Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) տեղյակ չէր գործադիրի աշխատանքին ու կայացրած որոշումներին: Երբ մասնավոր զրույցի ժամանակ ասացինք, որ վերջերս կառավարությունը որոշել էր օգնել «ֆինանսապես ծանր վիճակում հայտնված» նրա գործընկերոջը, Աղաբաբյանը շատ զարմացավ ու կտրականապես հերքեց նման որոշման հնարավորությունը` ասելով, թե ճոպանուղին մասնավոր բիզնես է, և անհնար է, որ պետությունը մասնավոր բիզնեսին օգնի: Չնայած Աշոտ Աղաբաբյանը շարունակում էր անտրամաբանական համարել ու չհավատալ գործադիրի նման մեծահոգությանը, սակայն փաստարկները, որ այդ ամենն իսկապես իրականություն է, քանի որ ճոպանուղու կառուցումը բխում է կառավարության` գերակա ճյուղ հռչակած զբոսաշրջության ռազմավարությունից, պատգամավորը, ի վերջո, տեղի տվեց։
Բայց հենց որ Աղաբաբյանի գործարար միտքն ընկալեց, որ կառավարությունն իր գործընկերոջը օգնություն է տվել, միանգամից բերանից թռցրեց. «Բա էդ ինձ ինչի՞ մի անգամ չօգնեցին, եքա ստադիոնը սարքեցի»:
Ստադիոնը «Հրազդան» մարզադաշտն է, որտեղ, ըստ պատգամավոր Աղաբաբյանի, բավական մեծ ծավալի աշխատանքներ են արվել առանց պետության աջակցության: Ի պատասխան մեր դիտարկման, թե մարզադաշտի կողքին Աշոտ Աղաբաբյանի տիրապետությանն է հանձնված հսկայական «Հրազդան» տոնավաճառը, որտեղ առևտրի կրպակներ աշխատեցնողները, զրկված լինելով քաղաքակիրթ առևտրի տարրական հնարավորություններից, ամսական բավական բարձր վարձավճարներ են մուծում, իսկ նրանց պայմաններն այդպես էլ չեն բարելավվում, պատգամավորը զարմացավ, հետո էլ հայտարարեց, թե ինքը ոչ մեկին էլ չի ստիպում այդտեղ մնալ, թե առևտուր անողները հաստատ ինձնից (Աշոտ Աղաբաբյանն ինձ մատնացույց արեց (Լ.Կ.)) լավ են ապրում, ապա անկեղծորեն խոստովանեց, որ ինքն իրավասու է տոնավաճառն աշխատեցնել այնպես, ինչպես ցանկանում է, քանի որ հենց դրանից ստացված գումարների հաշվին է ինքը կարողանում մարզադաշտը պահել:
Եվ փատորեն, այսքան տարիների ընթացքում ողջ հայ ժողովուրդը խորապես համոզված էր, թե Աղաբաբյանը Հայաստանի ամենաարտոնյալ օլիգարխներից մեկն է, այնինչ պարզվում է, որ նա ոչ միայն արտոնյալ չէ, այլ դեռ մի բան էլ անկեղծորեն զարմանում է ու չի հավատում, թե գործարարներին կառավարությունը կարող է օգնել: Բայց զարմանալով հանդերձ, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ պատրաստվում է տոնավաճառի տարածքում նոր շինարարություն սկսել և դրա համար ցածր տոկոսադրույքներով վարկ է կարողացել ստանալ: Սա ասվեց` ցույց տալու համար, թե տոնավաճառի պայմանները բարելավվելու են, սակայն ասվածից կարելի է որսալ, որ, փաստորեն, պատգամավոր Աղաբաբյանը ցածր տոկոսադրույքով վարկ է ստացել, իսկ Հայաստանում վարկերը, հատկապես ցածր տոկոսադրույքովները, ինչպես հայտնի է, ամեն մարդու չէ, որ հաջողվում է ձեռք բերել: Այնպես որ, գործարար պատգամավորն անակնկալի եկավ` լսելով, որ իր գործընկերոջը կառավարությունը նման գումար է տվել, իսկ իրեն ժամանակին մերժել է։ Սակայն շատ իզուր. Լևոն Սարգսյանին պետությունն ընդամենը մաքսային արտոնություն է տվել, մինչդեռ Աշոտ Աղաբաբյանին տրված է թե´ մարդկանց շահագործելու, թե´ վարկեր ստանալու հնարավորություն:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Օրերս, չգիտես ինչու, գրեցի «Կարմիր խնձորի» ավանդույթի մասին` չիմանալով, որ ես ու Ռաֆայել Նահապետյանը մեկ — երկու օրվա տարբերությամբ խոսելու ենք նույն հարցի մասին, բայց տարբեր տեսանկյուններից:
Ես ասում էի, որ դա ամոթ ու այլևս անպիտան երևույթ է, նա ասում է՝ պետք է լինի ու դեռ ամրապնդվի։
Պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հնագիտության ու ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանի հանդիպումը լրագրողների հետ ևս մի անգամ սևեռեց ԶԼՄ-ների ու Ֆեյսբուքահայության ուշադրությունը մեր հիմար ադաթների վրա: Նա խոսեց հայկական հարսանիքի և ավանդույթների պահպանման հարցի մասին:
Նախ անհասկանալի էր, թե ազգագրագետը ո´ր ավանդույթներն էր ուզում պահպանված տեսնել` քրիստոնեական մշակույթի՞, թե՞ հեթանոսական ժամանակաշրջանի։ Եվ արդյո՞ք այդ ավանդույթները եթե անգամ պահպանվեն, չեն լինի բովանդակությունից զուրկ, լոկ ձևական մի բան, որից , ըստ իս, որքան շուտ ազատվենք, այնքան լավ։
Հնագետը ցավով նշեց այն փաստը, որ հեթանոսական ժամանակաշրջանի ծիսակատարություններին պատմագիրները կարևորություն չեն տվել: Եվ այդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները մեզ միայն հին հունական ու հռոմեական պատմագիրների գործերից են հասել: «Հեթանոսական սովորույթներից էին նաև տագրամուսնությունը կամ քենամուսնությունը ( ամուսնու մահից հետո տագրոջ հետ ամուսնանալու սովորույթը, կնոջ մահվան դեպքում` կնոջ քրոջ), հարսի գնման և փախցնելու ավանդույթները»,- ասաց Նահապետյանը:
Սրանցից ո՞րն է ուզում պահպանված տեսնել պրոֆեսորը։
Նրա խոսքերով, հեթանոսության ժամանակ կինը կարող էր 2-րդ կամ նույնիսկ 3-րդ տղամարդու հետ ամուսանանալ. այսինքն բազմակնությունը նույնպես ընդունելի էր: Բազմաթիվ տվյալներ վկայում են այն մասին, որ այդ ժամանակահատվածում Անահիտ աստվածուհու համար հայ աղջիկները իրենց կուսությունը զոհաբերում էին օտարերկրացիներին:
Չէ, սա մեզ ձեռ չի տալիս, չենք վերականգնի. սխալ է եղել, ո՞նց թե կինը 2-3 ամուսին ունենա… Սա անցանք, լավ է, որ չեն պահպանվել: իսկ կուսության զոհաբերումը այսօր հայ կանայք հենց էնպես չեն անում. ավելի շուտ ամուսնանում են օտարների հետ` գերադասելով նրանց մեր խեղճացած ու անփող տղամարդկանցից։
Այսօրվա հարսանիքները ավանդական հայկական հարսանիքների ընդամենը մի փոքր մասն են կազմում:
Բանախոսը նշեց, որ ժամանակին հայկական հարսանիքը 7 օր է տևել: Չեն պահպանվել տաշտադրոնքի և մսացուի ավանդույթները:
Այս ավանդույթն էլ վերականգնելը ֆանտաստիկայի ժանրից է, նամանավանդ հասարակ մահկանացուի համար։
Հնագետին ուրախացնում է այն փաստը, որ գյուղական վայրերում ինչ-որ չափով պահպանվել են հարսանեկան ավանդույթները: Դրանցից է քավորի ինստիտուտը:
Նահապետյանը նշեց, որ անցյալում քավորը բազմաթիվ պարտականություններ ուներ, որոնց թվում, օրինակ, աղջկա ընտրությունը ու նույնիսկ մանկածնությունն ապահովելը:
«Մանկածնությունն ապահովելը»… Մի քիչ բարդ է պատկերացնել:
Ազգագրագետը դրականորեն է վերաբերվում օժիտի ավանդույթին: Նրա կարծիքով հարսի ծնողները նույնպես պետք է նորապսակներին աջակցություն ցուցաբերեն:
Հետաքրքիր է` սա և՞ս հեթանոսական ժամանակներից մնացած ավանդույթ է, և ինչպիսին էր այդ ժամանակ օժիտը. արդյո՞ք այսօրվա աղջկա բուհական դիպլոմով ու վեց-վեց սրբիչներով, նաև կահույքով, ավտոմեքենայով։
Բանախոսը նաև կարմիր խնձորին անդրադարձավ և շեշտեց, որ դա հայերին բնորոշ և հարազատ իրողություն է և ավելի կայուն կերպով է պահպանվել, քան որևէ այլ ժողովրդի մոտ: Նահապետյանը տեղյակ է, որ այս դարում շատերը արհեստական ճանապարհով են կուսությունը վերականգնում, սակայն վերջինիս կարծիքով ազատ սեռական կապը բազմաթիվ հիվանդություններ կարող է առաջ բերել:
Ստացվում է,որ մեր տղաները, եթե օգտվեն մարմնավաճառների ծառայություններից, ավելի ապահով կլինի ազգի ապագան: Ոչ վարակ կլինի, ոչ հիվանդություն: Ու հետո ձեր պահած-պաշտած աղջկան մարդի տվեք էդ տղեքին, ու հետո թող նրանք սեռավարակներ ձեռք բերեն հենց իրենցից, ու հետո անպտուղ դառնան, ու հետո էլ մեղադրեն աղջկան, որ չբեր է:
Իսկ էդ նույն ավանդույթը տղաներին չի արգելում սեռական կյանքով ապրելը, ավելին` մղում է դեպի տղամարդու արևելյան տիպ, ավելին` մեզանում եվրոպական ու ասիական մենթալիտետի խառնուրդը բերում է մի պատկեր, որ չի կարելի ողջունելի համարել։
Կարմիր խնձորի և բոլորիս հայտնի սավանի հետ կապված արարողությունը, ըստ Նահապետյանի, սկեսուրներին երջանկությունից 7-րդ երկինք է հասցնում, քանի որ վերջիններս կարող են բոլորին տեղեկացնել իրենց որդու ճիշտ ընտրության մասին:
Զոքանչը ո՞նց է 7-րդ երկինք հասնում. էդ ավանդույթների մեջ չկա՞:
«Պետք է պահպանվեն հայկական ավանդույթները, բարքերը. դրանց արագ փոփոխման և վերացման հետևանքն է, որ այսօր չունենք հայկական ամուր ընտանիքներ»,- իր խոսքը եզրափակել է Ռաֆայել Նահապետյանը:
Ես կասեի` հայկական հեթանոսականի և քրիստնեականի միջև տարուբերվող ավանդույթներին գերի լինելու պատճառով է, որ մենք չունենք հայկական ամուր ընտանիքներ, դրանք են մեզ դարձնում վախկոտ ու ստոր, երկերեսանի ու ստախոս, կեղծավոր ու շողոքորթ: Դրանք են ստիպում կուսաթաղանթներ կարել` խաբեությունից սկսելով ընտանեկան կյանքը:
Ավանդույթները պետք է պահպանվեն մշակույթի մակարդակով, այնպես որ թանգարաններում պատմեն դրանց մասին, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհն է անում, ու լինեն, ասենք, բեմադրված, ոչ թե իսկականից արյունոտ սավանը անամոթաբար փռեն թառին, ինչպես մինչ օրս արվում է որոշ վայրերում։
Որքա՞ն ենք մենք շարունակելու դեմագոգիկ ձևակերպումներ ու կեղծ արժեքներ ներկայացնել մեր ժողովրդին, որն այլևս հիմար չէ ու կուրորեն չի կարող հետևել ավանդույթներին: Ի վերջո, պիտի հասկանանք ու արդեն կարծես հասկանում ենք, որ մի բան է կնոջը որպես ապրանք առնելը, որը, իհարկե, գերադասելի է չօգտագործված տարբերակով, մի բան` նրան ընտրելը որպես մարդու, որպես կողակցի, ընկերոջ և այլն։
Ես հուսով եմ, որ Ռաֆայել Նահապետյանն ուղղակի հաջող կատակ է արել` ուշադրություն սևեռելու համար մեր ազգի` ավելորդ ավանդապաշտությանը գերի լինելու հակման վրա: Հակառակ դեպքում, զարմանալի է, թե ինչպես է նա ազգագրագետ, եթե չգիտի` ինչ է պետք իր ազգին` այսօր բոլոր ազգերի կողքին արժանապատիվ գոյատևելու համար: Ավանդույթներից չէ, որ պետք է կառչել, այլ պետք է ուղղորդել ողջ մտավոր պոտենցիալը, մեր հայտնի մարդկանց անունն ու հեղինակությունը` խելամիտ խորհուրդներ տալու մեր մոլոր ազգին ու հասկանալու, որ կարևորը բանականությունն է, ընտրության իրավունքն ու ազնիվ ապրելակերպը: Մինչև չդադարենք ինքներս մեզ խաբել, լավ օր չենք ունենա հաստատ: Ու միակ ճանապարհը այս տարբերակում ես տեսնում եմ ազգի խաղաղ ասիմիլյացիայի մեջ: Ընտրեք՝ ավանդապաշտությո՞ւն, թե՞ առաջընթաց:
Ասուլիսը պատմեց Ալիսա Շեկոյանը
Մեկնաբանեց Լուսինե Վայաչյանը
«DivahaR»
Եկեք միասին բռուցքվենք իսկույն
Ու ահեղ թնդանք ոսոխին ընդդեմ,
Ստեղծենք այնպիսի Հայաստան կանգուն
Որ չնչին թվա թշնամին մեր դեմ:
Դեվ
***
Անտարբեր դարձած մարդկային աչքեր,
Լույսը կորցրած, մահացած սրտեր,
Ստվերներն են ձեզ իշխում
Կապելով թեվերն ազատության…
«Ստվերներ»՝ Ուրուբանի
Վերջերս ամեն տեղից բզբզոցի պես լսում եմ՝ «DivahaR», Ֆեյսբուքում ընկերներիս հավանած երաժշտության մեջ հանդիպում եմ «DivahaR»-ին, նշանակում է՝ երկրպագում են, նաև երաժշտական շրջանակներում լսում եմ, որոշակի նախանձով ասված՝ որ շատ խոստումնալից black metal համարյա մաքուր աղջկական կազմով խումբ է(միայն հարվածորդն է տղա, բայց պետք է հետագայում աղջիկ լինի, չնայած Դեվն ասում է, որ դա ինքնանպատակ չի): Նրանք դրսից զանազան հրավերներ ունեն, նաև այստեղ երկրպագուների ստվար մի զանգված ունեն, որն, իհարկե, համերգին Արտաշ Ասատրյանի չափ մարդ չի հավաքի, բայց դե անդերգրաունդ երաժշտությունը միշտ էլ որոշակի քանակությամբ երկրպագուների է հավակնել, այն բնավ հանրային չէ: «Դեվ» բեմական մականունով Շուշանը՝ սև շորերով, նուրբ, մի քիչ գունատ, փոքրամարմին, սլացիկ ու գեղեցիկ աղջիկ է: Նայում ես նրան, ու զարմանում, թե ինչպե՞ս է այս փոքրիկ աղջկա փոքրիկ բերանից այսպիսի ձայն դուրս գալիս: Զրուցում եմ նրա հետ` որպես Շուշանի, և նրան բացահայտել փորձելով` ուզում եմ իմանալ` ովքե՞ր են այդ ըմբոստ աղջիկները, որ մեր պատրիարխալ միջնադարյան ֆեոդալիզմի և ժամանակակից քաղաքակրթության վաղ կրկնօրինակի խառնուրդը դարձած, քարե դարի մենթալիտետով հայ հասարակությանը ձեռնոց է նետում `ի դեմս այստեղ ծնված այդ ծանր երաժշտության:
Շուշան Ռուբենյան, ինքը՝ Դեվ: Տակավին երիտասարդ է ՝ 22 տարեկան: Ռոք եվ մետալ երաժշտության հանդեպ մանկուց հատուկ սեր ունի: 10 տարուց ավել է անդավաճան է իր նախընտրած երաժշտությանը, «DivahaR» խմբի հիմնադիրն ու վոկալիստն է: Ավարտել է ԵՊՀ-ն: Իրեն կոչում է, առաջին հերթին, բանաստեղծ, գրող, հետո՝ երաժիշտ:
— Ո՞ւմ երաժշտությամբ ոգեշնչված ես դու հասել «DivahaR»-ին:
— Ինձ մետալ երաժշտությունը գլոբալ է օգնել` վերացական առումով: Իսկ ինչ վերաբերվում է black metal-ին, ապա իմ հիմնական ոգեշնչողները կան ու եղել են «Burzum», «Emperor», «Dark Funeral» «Mayhem» խմբերը:
— Ինչո՞ւ «DivahaR» Դեվ, ինչի՞ հետ է դա կապված, հենց նրա՞, ում մասին մտածում եմ:
— Քրիստոնեության մեջ Դեվը, բնականաբար, չարի կրողն է, ու քանի որ «DivahaR»-ը դեմ է քրիստոնեության ուսմունքի բացարձակ ճշմարտությանը, ինչպես ցանկացած կրոնի, որի մեջ մենք տեսնում ենք միայն աղտ ու մարդկանց կառավարելու միջոց: Մենք հերքում ենք նաև Դեվի պերսոնաժի` չարի հետ նույնացումը: Ինչ վերաբերվում է Արարչին, ապա մեր գիտակցության սահմանները ի զորու չեն տալ նրա սահմանումը, եթե, իհարկե, այն գոյություն ունի… Նաև Դեվը ծագումնաբանորեն եկել է դիվային(divine, Дива) բառից, որը նշանակում է «ոչ երկրային, աստվածածին էակ», այսինքն՝ երկնային: «DivahaR»՝ երկնային ընտյալ:
— Ո՞րն է Ձեր ասելիքը, ի՞նչ եք ուզում ասել Ձեր երաժշտությամբ:
— Նախ, առաջինը՝ ստեղծել որակյալ metal երաժշտություն, դա հիմնական առաքելությունն է: Գաղափարախոսական տեսանկունից ու նոտաների նմանատիպ համադրումից, որից կազմված է մեր երաժշտությունը, դա ճշմարտության քաղցն է ու նրա որոնման մեջ գտնվելը: «DivahaR»-ով մենք փորձում ենք մարդկանց մոտեցնել բնությանը՝ երաժշտության ու բառերի ներդաշնակությամբ մարդկանց հասցնել ճշմարտությունը՝ բնության կատարելության և արիականության գաղափարների համադրմամբ: Մեր երգերն ունեն լիրիկական-խոհափիլիսոփայական տեքստեր, ինչպես նաև վառ արտահայտված է հայրենասիրական ոգին:
— Ծանր երաժշտությունը ինձ մոտ հաճախ ագրեսիա է առաջացնում, սակայն ես ինքս գիտեմ իմ աղջկա օրինակով, որ նաև օգնում է դուրս գալ դեպրեսիայից և հանել ագրեսիան, եթե այն արդեն կա: Սա ինձ տարօրինակ ու հակասական է թվում:
— Ընդհանրապես metal երաժշտությունն ունի իր իրական լսարանը, որն ընկալում է երաժշտությունը` հասկանալով այն: Ամեն մարդ չի կարող հասկանալ ու լսել metal: Այդ իսկ պատճառով դա նրանց մոտ դա ագրեսիա է առաջացնում, որովհետև նրանք լսում են, բայց չեն ընկալում, նրանց համար դա նույնիսկ կարող է աղմուկ լինել ու ճնշել: Դրա համար էլ black metal-ն էլ համարվում է անդերգրաունդային՝ ընդհատակյա, ոչ բոլորին հասու ու հասկանալի: Մենք չունենք ձգտում ունենալ միայն համակիրներ: Մենք ուզում ենք լինել սիրված միայն այդ երաժշտության իսկական երկրպագուների կողմից, որոնք անպայման չէ, որ մեզ լսելով ագրեսիվ դառնան: Մեր երգերում կա նաև լույս ու արեվ:
— Լավ, անցնենք «շաբլոն» հարցերին: Ե՞րբ է ծնվել խումբը, ի՞նչ է արել, հիմա ովքե՞ր են խմբի կազմում:
— 2008 թվականին ինձ մոտ ծնվեց խումբ ստեղծելու գաղափարը: Ես այն ժամանակ կիթառ էի նվագում, ինձ միացավ կիթառահար Ուրուբանին(Անահիտ), ու մենք սկսեցինք նվագել ու երգեր գրել: Դեռ չէինք երգում: Դեռ խումբ ստեղծելու տեսլականն այդքան պայծառ չէր: Շուտով մեզ միացավ ևս մի աղջիկ` դաշնակահար, և արդեն խումբը ինչ-որ չափով ուրվագծվեց: Հետագայում խումբը համալրվեց նաև բաս-կիթառահարով և դաշնակահարը փոխվեց: Հետո ես՝ Դեվս, դարձա խմբի վոկալիստը և խումբ մտավ երկրորդ կիթառահարը՝ Սկադին(Նարե): Այսպիսով, 2009-ին «DivahaR»-ը ձևավորվեց որպես լիարժեք խումբ,: Խումբը չուներ հարվածորդ, եվ որպես հրավիրված հարվածորդ եկավ Կորյունը:
Առաջին համերգը եղավ մարտի 6-ին «Ստոպ» ակումբում: Երկրորդ համերգը նվագեցինք Հայաստանի «metalhead»-ների կողմից ընդունված ու սիրված «Sacrond» խմբի հետ Տիկնիկային թատրոնում մայիսի 14-ին: Մեր երրորդ համերգը կայացավ Տիկնիկային թատրոնում` «Highland» մետալ փառատոնին, հարվածորդն էլ Հարութն էր: Դեկտեմբերի 25-ին, «DivahaR»-ը կնվագի «Metalfront»-ի՝ Հայաստանում մետալ երաժշտությունը տարածող միակ կազմակերպության նախաձեռնած «ARMed Fest» փառատոնին, որը տեղի կունենա «Ավանգարդ» ակումբում: Խմբի հրավիրված հարվածորդը Լեվոնն է: Այս համերգին մենք կներկայանանք էլի փոքր-ինչ փոփոխված կազմով:
— Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված: Լսել եմ, դրսից ինչ-որ առաջարկներ, հրավերքներ ունեք:
— Առաջիը մեր երգերի ձայնագրությունն է, ձայնասկավառակ թողարկելու նպատակը: Դրսից առաջարկներ կան, իհարկե, ԱՊՀ ռեգիոնից ու Եվրոպայից, դեռ չեմ ուզում հրապարակել մանրամասները, կարծում եմ,որ շուտով կլսեք այդ մասին:
— Ո՞վ է ձեր պրոդյուսերը, ի՞նչ միջոցներով եք ուզում սկավառակ թողարկել, ընդհանրապես, ո՞վ է հոգում ողջ ֆինանսական ծախսերը:
— Խմբի պրոդյուսերը «Metalfront» ընկերության հիմնադիր «Արամազդն» է: «Metalfront» ընկերությունն, ընդհանրապես, աջակցում է բազում հայկական մետալ խմբերին, իր վրա է վերցրել Հայաստանում մետալ երաժշտությունը զարգացնելու տարածելու առաքելությունը: Ծախսերը հոգում ենք խմբի անդամներով, նաև մեզ օգնում է, իհարկե, «Metalfront» ընկերությունը:
Ես մետալի սիրահար չեմ, բայց մելոման եմ, ու կարողանում եմ որակյալ երաժշտությունը զանազանել էժանագին փոփից: Դրա համար էլ հավանում եմ «DivahaR»-ին՝ որակով գործ անելու ու համարձակության համար: Համարձակ, ըմբոստ աղջիկները մեր երկրի ապագան են: Ցանկացած ըմբոստություն մեր օրերում պետք է ողջունելի լինի: Այս աղջիկների պես համարձակ ստեղծագործող ու յուրօրինակ կերպարները դեռևս հատուկենտ են ու չեն ընդգրկվում մեր «սնամեջ ու հնազանդ» հայուհու կերպարի մեջ: Բայց իսկական հայուհին նա է, որի համար արժեքներից կարևորը խիզախությունն ու համոզմունքներին հավատարիմ լինելն է: Հուսով եմ,որ որոշ ժամանակ անց «DivahaR»-ի մասին կլսենք մետալոման հանրության ոչ միայն հայկական հատվածից:
Լուսինե Վայաչյան
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Խորենացու փողոցում գտնվող մսի պասաժներում գյուղնախարարության` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի ստուգումների արդյունքում գրանցվել է խայտառակ պատկեր։ Տեսչության աշխատակիցները փակել են մսավաճառների գրեթե բոլոր կրպակները` բացառությամբ մեկ –երկուսի։ Այստեղ պարտադիր պետք է ապահովեն սառնարան – ցուցափեղկերի առկայությունը,նաև սանիտարական նորմալ պայմաններ և վաճառվող մսի որակի բավարար ցուցանիշ։ Ստուգայցի արդյունքները պետք է ներկայացվեն վարչապետին, քանի որ գործընթացը սկսվել է նրա անմիջական հանձնարարությամբ։
Ի դեպ, հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով 2010 թվականին արգելվել էին տեսչական ստուգումները մինչև 70 միլիոն դրամի ապրանքաշրջանառություն ունեցող առևտրի կետերում (իբր մանր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար), որի հետևանքով հանրությանը մատուցվում է աղբ` բառի բուն իմաստով։ Շուկան տնօրինում են առաքիչները, իսկ ապրանքը հաճախ մնում է նրանց վրա, նրանք էլ դիմում են մեքենայությունների` դրանցից ազատվելու համար։ Դա ձեռնտու է նաև տնտեսվարողներին։ Իսկ, այ, գնորդին անհանգստացնում է այն հիմար վիճակը, որի մեջ հայտնվել է ոչ իր մեղքով։ Մսի կրպակներից էլ էժան միս գնելու փոխարեն տուն է տանում որակական հատկությունները կորցրած ինչ- որ զանգված։
Շուտով Երևանի քաղաքապետարանը ևս մեկ նվեր կմատուցի հետիոտներին. Խանջյան փողոցի` Թումանյան փողոցին հարակից հատվածում կբացվի վերգետնյա անցում: Այս անցումի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում. հատկապես այն ժամանակ, երբ Խանջյանը վերածվեց արագընթաց փողոցի, այս հատվածում հետիոտնի համար նախատեսված անցումը դարձավ չափից դուրս վտանգավոր: Այս հատվածի վտանգավորության հարցը քանիցս բարձրացվել է նաև Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի մոտ, որը ևս հաստատում էր, որ հատվածն իսկապես վտանգավոր է, և անհրաժեշտ է մի բան ձեռնարկել:
Վերգետնյա անցումը, որոշ տեղեկությունների համաձայն, հնարավոր դարձավ Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվեցին ամռան շոգ օրերին, և վերջերս հայտարարվեց, որ մոտ օրերս հանդիսավորապես կկազմակերպվի դրա բացումը, թեև հետիոտները արդեն իսկ օգտվում են այս անցումից: Երեկ, սակայն, պատահաբար ականատես եղանք մի երևույթի, որը չի կարող չանհանգստացնել: Նախ, անցումով անցնելու ժամանակ աստիճանների վրա մի տեսակ տատանում զգացվեց: Մտածեցի, թե գուցե թյուր զգացողություն էր, սակայն երբ բարեհաջող անցա և հայտնվեցի հակառակ մայթում, հանկարծ հայտնաբերեցի, որ անցումի այդ` ոչ ստատիկ հատվածում մեծ ճեղք կա: Հիշեցնեմ, որ անցումը վերգետնյա է` գետնից մոտ 4 մետր բարձրությամբ. նրա փլվելու դեպքում չեն բացառվում մարդկային զոհերը:
Թե քաղաքապետարանը կոնկրետ երբ է պատրաստվում շահագործման հանձնել այս կառույցը, մեզ հայտնի չէ, սակայն այս փաստը պետք է մտահոգի առաջին հերթին նրան, և հարկ է, որ կառույցը շահագործելուց առաջ, ինչպես ընդունված է, բոլոր շինարարներին վերգետնյա անցումի վրա բարձրացնելով` փորձարկման ենթարկեն, ապա ընդունեն:
Ի դեպ, ճեղքի շուրջը շինարարները սվաղ էին արել, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ճեղքը միակը չէր, և չի բացառվում, որ մյուսներն էլ արտաքինից փորձեն քողարկել` ընդունող մարմիններին հրամցնելով արտաքինից կոկած, բայց ներսից անորակ կառույց, ինչը, ինչպես երևում է, Հայաստանում արդեն վատ սովորություն է դառնում: Ապացույցը` Գյումրիում շահագործման հանձնված և մոտ մեկ ամիս հետո փլված «Մուշ 2» թաղամասի բնակարանները:
Լ.Կ.
Առաջինը,ինչով աչքի ընկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտնվելու առաջին իսկ օրերից, արտաքին տեսքի «բարեփոխումներ» կատարելն էր: Հովիկաբրահամյանական առաջին բարեփոխման «զոհերը» խորհրդարանի գորգերն էին, որոնցով նորընտիր խոսնակը փորձում էր բարելավել պատգամավորների աշխատանքը: Անցավ երկու տարի, սակայն գորգերը պատգամավորների աշխատանքների որակի վրա կարծես այդքան էլ չազդեցին։ Խորհրդարանի ձեռներեց, ձեռնբաց նախագահը չհուսահատվեց իր առաջին «բարեփոխումների» ձախողումից և որոշեց այս տարի էլ ավելի լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։
Այդպես, խորհրդարանի նիստերի դահլիճը գարնանից գտնվում է հիմնովին վերանորոգման մեջ, իսկ օրենսդիրները ստիպված եղան խմբովին «քոչել» կառավարության նիստերի դահլիճ, որտեղ, ի դեպ, աշխատանքներն է սկսել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին խորհրդարանը:
Ուզում եք` նայեք, բայց հանկարծ վատ բան չգրեք
Այսօր Ազգային ժողովի նախագահը լրագրողներին ծանոթացրեց վերանորոգման աշխատանքներին, սակայն խնդրեց, որ միայն լավը գրեն դրա մասին: Ուղղանկյունաձև դահլիճը օվալի վերածելու, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի մյուս էսթետիկական նորամուծությունները ՀՀ բյուջեին արժենալու են մի կլորիկ գումար` 480 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվելու են սեպտեմբերի 25-ին: «Օրը երկու անգամ նայում եմ և գոհ եմ որակից ու տեսքից, շատ գեղեցիկ է լինելու: Ես դրա համար ուրախ եմ»,- իր ուրախությունը լրագրողների հետ կիսեց ԱԺ նախագահը: Լրագրողների հետաքրքրությանը, թե արդյոք շքեղություն և շռայլություն չէ ճգնաժամային պայմաններում նման գումարների ծախսը, ԱԺ խոսնակն ասաց, թե վերանորոգման հարցը 2002թ.-ից դրված է եղել, քննարկվել է հանրապետության նախագահի հետ, բայց միշտ հետաձգվել է, և միայն 2010թ.-ին է նախագահը համաձայնել բյուջեից փող հատկացնել: Փաստորեն այն, ինչ չի հաջողվել Արմեն Խաչատրյանին, Արթուր Բաղդասարյանին և Տիգրան Թորոսյանին, վերջապես հաջողվել է Հովիկ Աբրահամյանին: ԱԺ ներկա խոսնակը հայտնի է իր` քաղցր լեզվով օձը բնից հանելու ու ամեն ինչի հասնելու հատկությամբ. գուցե հենց այդ հատկությամբ էլ շահել է ՀՀ նախագահի բարյացակամությունը:
«480 միլիոն դրամն այնքան էլ շատ չէ, իսկ խորհրդարանի դահլիճը պետք է գեղեցիկ լինի, որովհետև ցուցադրվում է հեռուստատեսությամբ»,— բացատրել է Հովիկ Աբրահամյանը: Այստեղ արդեն հարցերը պետք է որ ավելորդ լինեն. ի՞նչ խոսք, եթե հեռուստատեսությամբ է ցուցադրվում, և եթե այդ մասին Հովիկ Աբրահամյանն է ասում, ուրեմն այլընտրանք չկա. խորհրդարանի դահլիճը ուղղակի պարտավոր է գեղեցիկ լինել: Այստեղ արդեն պետք է, որ մտածելու խնդիր ունենան պատգամավորները. չէ՞ որ ԱԺ դահլիճի հետ հեռուստատեսությամբ ցուցադրվում են նաև նրանք, այնպես որ գեղեցիկ դահլիճում պետք է նստեն միմիայն պատշաճ պատգամավորներ:
Եթե ականջներն էլիտար են, ուրեմն թաքցնելու կարիք չկա
Թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մանկապարտեզը և դրա տեղում պատրաստվում է էլիտար շենք կառուցել: ԱԺ նախագահն այսօր հերքեց այդ տեղեկությունը.«Թե ինչու՞ են իրական տերերը փորձում խուսափել, իրենց ականջները ցույց տալ, դրա վրա եմ զարմացած: Նորից եմ ասում, նորմալ գործ է, թող կառուցեն շենքը, ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Վատ բանն այն է, որ որոշ մարդիկ փորձում են իրենց ականջները ծածկել իմ հետևում: Դա շատ վատ բան է: Իրականությունը կարող են ասել, թե ով է կառուցում, և իմ կարծիքով պատկան մարմինները գիտեն, թե ովքեր են հեղինակները»,- պատասխանել է Աբրահամյանը: Թե ու՞մ են պատկանում «էլիտար ականջները», Աբրահամյանն այդպես էլ չի բացահայտել: Կարևորը, որ ինքը ականջներ թաքցնող չէ:
Էդ էր մնացել` Հովիկ Աբրահամյանը հարկայինից վախենա
Վերջին շրջանում խոսակցություններ կային նաև այն մասին, որ հարկային մարմիններն ինտենսիվ ստուգումներ են անցկացնում Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում և իբր, երբ փորձել են մտնել Մխչյանի գինու գործարան, Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, հարկայիններին դիմավորել է` հրացանից օդի մեջ կրակելով:
Լրագրողները փորձեցին ճշտել` իսկապե՞ս լարվածություն կա Պետեկամուտների կոմիտեի և ԱԺ նախագահի միջև, և արդյո՞ք ՊԵԿ-ում վերջինիս հետ կապ ունեցողներին ազատում են աշխատանքից: «Ընդհանուր առմամբ ասեմ ձեզ, որ որևէ պատճառ չկա, որ նման հերյուրանքներ տարածվեն: Իրականությանը չի համապատասխանում կամ ես չունեմ տենց ձեռնարկություն, որ պիտի գնան ստուգեն: Ընդհանրապես հարկային տեսչություն-Ազգային Ժողովի նախագահ, դրանք տարբեր, կարծում եմ, բարձունքների վրա են, և հարկային, Պետական եկամուտների կոմիտեի հետ ընդհանրապես մենք չենք առնչվում: Առնչվում ենք այնքանով, երբ որ իրանք օրենքներ են ներկայացնում Ազգային Ժողովում: Եվ որևէ պատճառ չեմ տեսնում նման հերյուրանքներ տարածելու համար` գինու գործարան, կրակոցներ: Եվ ընդհանրապես ես շատ լավ եմ նայում, որ հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Եթե յուրաքանչյուր ձեռնարկություն, գործարար, որը ազնիվ, արդար հարկերը վճարում է, ինչ ունի վախենալու ստուգումներից: Թող ստուգեն: Հիմա նույնը ես ասում եմ իմ մոտիկներին կամ իմ եղբորը, եթե իրենք նորմալ հարկերը վճարում են, ուրեմն վախենալու ոչ մի բան չունեն»,- բոլոր մեղադրանքներին վերջակետ է դրել Հովիկ Աբրահամյանը:
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ.Երեկ մենք զանգահարեցինք Քաղաքապետարան` ճշտելու թե ում ականջներն են, այնուամենայնիվ, թաքնվում ԱԺ նախագահի հետևում, և արդյոք պատկան մարմինները գիտեն, թե ովքեր են կառույցի «հեղինակները», մեզ պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ գրավոր դիմելու դեպքում համապատասխան բաժինը պարզաբանում կտա։
Մենք արդեն անդրադարձել էինք Հայաստանում կայացած պլոտոկրատական վերջին ամուսնություններից մեկին` Գրիգոր Մարգարյանի դստեր և Սամվել Ալեքսանյանի եղբորորդու հարսանյաց հանդեսին:
Այն, ինչպես և նշել էինք, տեղի է ունեցել «Փարվանա» ռեստորանային համալիրում: Հրավիրվածները հազարից ավելի են եղել: Թերթերից մեկը հարսանիքից հետո հետաքրքրվել էր Սամվել Ալեքսանյանից, թե ինչո՞ւ է իր եղբորորդու հարսանիքը իր համեստությամբ առանձնացել մյուսներից` իբրև օրինակ բերելով Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքը, երբ մի քանի տոննա վարդ էր բերվել Հայաստան: Ալեքսանյանն ի պատասխան ասել էր. «Ծառուկյանի հնարավորություններն ո՞վ ունի: Մեր հարսանիքը սովորական հայկական հարսանիք էր»:
Դատելով հարսանիքից, Ալեքսանյանի կազմակերպածն իսկապես սովորական հայկական հարսանիք էր, ավելի շուտ, սովորական սամվելալեքսանյանական հարսանիք: Հնարավոր է` ոմանց մոտ հարց առաջանա, թե ի՞նչ ասել է սամվելալեքսանյանական հարսանիք: Ահա թե ինչ:
«Փարվանա» ռեստորանը հյուրերին մատուցել է ամենաբարձր համարումն ունեցող օղի`«Beluga»: Հյուրերը այդ փաստից, բնականաբար, լավ են զգացել իրենց` կանխազգալով, որ վայելելու են կարգին օղի, սակայն շշերը բացելուց և փորձելուց հետո այդ լավ զգացողությունն անհետացել է, քանի որ համոզվել են, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորանը օղին ձեռք է բերել նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներից, որտեղ, ինչպես հայտնի է, չկեղծված խմիչք գտնելը պարզապես հրաշք շարք կարելի է համարել:
Այդպես Ալեքսանյանը, ելնելով իր «հնարավորություններից» և հասկանալով, որ Ծառուկյանի հետ ոտք մեկնելն իսկապես անհնար է, գուցե նաև չցանկալանով եղբորորդու պատճառով ավելորդ գումարներ կորցնել` զլացել է իր մրցակիների խանութներից ձեռք բերել «Beluga»-ն և որոշել է հարսանիքի կենացները «քաղցրացնել» իր կեղծած «Beluga»-ով: Չի բացառվում, որ Ալեքսանյանը նաև մտածած լինի, թե, ինչպես ինքն է ասել, հյուրերի ցուցակի «մեծամասնություն կազմող ապարանցիները» այդքան էլ կարևորություն չեն տա օղու կեղծված լինելու փաստին կամ մեծահոգաբար կհասկանան իրենց օլիգարխ բարեկամին ու նրա չունեցած հնարավորությունները:
Լ.Կ.
Ձուլում, նահանջ, արտագաղթ…Բառեր, որոնք ուրվականի նման «հետապնդում են մեզ և դարձել են մեր դարավոր ուղեկիցները: Ինչո՞ւ է արտագաղթը շարունակվում մեր օրերում: Ի՞նչ է սա՝ ինքնակամ ձուլում օտարի՞ն, ունեցածը չգնահատելու անմտությո՞ւն, «ոսկյա դղյակների ձեռքբերման մոլո՞ւցք… Իսկ եթե մարդը սեփական հայրենիքո՞ւմ է ապրում ինչպես օտար…Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ չունեն… Ինչևէ…Աղջիկը հայտնվել է օտար երկրում: Թաքնված ապրելակերպը, վախը, խաբեբա փաստաբանների անմարդկային վերաբերմունքը խեղել են նրա հոգին, ընկճել, ցավ պատճառել: Զարմանալի է, բայց նա իր մեջ ուժ է գտել բողոքելու, բարձրաձայն խոսելու, հայտարարելու, որ …չի կորցնում հույսը… Նարինե Ս — ի` երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքը։
Ես հայտարարում եմ հետևյալը`
ես վկա եմ և իմանալով բոլոր փաստերը` կարող եմ հանդես գալ դատարանում ։
Սույնով հաստատում եմ, որ մուտք եմ գործել Միացյալ Նահանգներ 1994 թ. նոյեմբերին` որպես հյուր։
1995 թ. հունիսի 2-ին ես, որպես կանանց քաղաքական խմբի ակտիվիստ, դիմել եմ Ներգաղթի և հպատակագրման ծառայություն` քաղաքական ապաստան ստանալու համար։
Չնայած ինձ հետ կատարված դեպքը բավականին աղմկահարույց էր, այն շատ սխալ կերպով պատրաստվեց և ներկայացվեց մի մարդու` Հրաչ Բալիոզյանի կողմից, ով իրեն որպես փաստաբան ներկայացրեց և հետագայում մեղադրվեց իր կնոջ սպանության մեջ։ 1995 թ. հոկտեմբերի 10-ին իմ հայտը մերժվել էր։ Ես պարոն Բալիոզյանին խնդրեցի ինձ ներկայացնել ներգաղթի դատարան ։ Նա ինձ ասաց, որ ինքը նման փորձ չունի և ինձ ներկայացրեց իր գործընկեր Վահեին: Վերջինս ինձ խորհուրդ տվեց դատարան ներկայանալ եւ խոստացավ ինձ համար փաստաբան գտնելու քայլեր ձեռնարկել։ Հետագայում իմացա, որ Վահեն իրավաբան չէ։ Երբ պարզեցի, որ նա նույնիսկ իրավաբանական ընկերությունում չի աշխատում, սկսեցի փաստաբան փնտրել և ծանոթացա փաստաբան Հենրիխ Դևիսին։ 1995 թ. նոյեմբերի 13-ին ես ներկայացա Ներգաղթի •ործերի դատավոր Հենրիխ Խրիչենկոյին և փաստաբան Հենրի Դևիսի խորհրդով ընդունեցի, որ մեղավոր եմ և պետք է արտաքսվեմ: Ինձ խորհուրդ տվեցին ետ վերցնել դիմումը, քանի որ այդ պարագայում դա միակ տարբերակն էր: Այսպիսով, Դևիսը ետ վերցրեց իմ դիմումը եւ խնդրեց կամավոր մեկնել: Պարոն Դևիսը երբեք չի քննարկել իմ հայտարարությունը դատական նիստերի դահլիճից դուրս և երբեք ինձ չի հարցրել` ես երբևէ ենթարկվել եմ դաժան վերաբերմունքի կամ բռնության: 1996թ. հունիսի 7-ին ամուսնացա իմ ընկեր Փիթր Օռոզկոյի հետ. նա ԱՄՆ քաղաքացի էր և ծնվել էր այնտեղ:
1997թ. փետրվարի 4-ին ամուսնուս հետ պատրաստվում էինք Ներգաղթի դատարան գնալ երբ մեր մեքենան փչացավ, և ես վնասվածքներ ստացա: Ես զանգեցի իմ փաստաբանին և պատմեցի պատահարի մասին, սակայն հետագայում պարզեցի, որ նա դատավորին այդ դեպքի մասին չէր հայտնել: Բացի նրանից, որ ինձ մշտապես խաբում էին փաստաբանները, իմ անձնական կյանքում խառնաշփոթ էր տիրում: Ամուսինս իմ հանդեպ ֆիզիկական և մտավոր բռնություն էր կիրառում: Նա թմրանյութեր և ալկոհոլ էր օգտագործում, մշտապես վիճում և կռվում: Մեր ամուսնությունից մի քանի ամիս անց նրան ձերբակալեցին մահափորձ կատարելու համար: Մի քանի փաստաբան փոխելուց հետո ես սթրեսային վիճակում տեղափոխվեցի հիվանդանոց:
2004 թ. մարտի 23-ին պարոն Նակացուման դատարանում ներկայացնում էր իմ շահերը ։ Ամսաթվերի և տեղեկատվության վերաբերյալ ամբողջ թղթաբանությունն ուղարկվել էր Նակացումայի գրասենյակ։ Դատից մեկ օր առաջ ես կապվեցի Նակացումայի քարտուղարուհու հետ, որն ինձ ասաց, որ իմ գործը կքննվի մարտի 23-ին` առավոտյան ժամը 09.00-ին։ 08.55 րոպեին ես` բոլորովին միայնակ, կանգնած էի դատարանի փակ դռների դիմաց։ Ես շտապեցի Նակացումայի գրասենյակ , որը շատ հեռու չէր դատարանից։ Երբ հասա այնտեղ, Նակացուման ինձ հաղորդեց, որ իմ դատը նշանակված էր 08.30, ու քանի որ ես ուշացել եմ, դատավորը որոշեց ինձ կրկին արտաքսել երկրից։ Ես փորձեցի բացատրել նրան, որ իր քարտուղարուհին ինձ բոլորովին այլ ժամ էր ասել, սակայն նա չէր ուզում ինձ լսել։ Բազմաթիվ անգամներ է եղել, որ պարոն Նակացուման դուրս է եկել իր գրասենյակից հենց այն պահին, երբ ինձ հետ նշանակված է եղել հանդիպում։ Երբ ես փորձել եմ բացատրություն պահանջել, նա ասել է, որ իր անձնական կյանքն ավելի կարևոր է, քան թե իմ գործը։ Այդ օրը նա ինձ վերադարձրեց իմ գործը և ասաց, որ այլևս չի ուզում զբաղվել դրանով: Նա նաև հայտարարեց, որ ես ոչ մի կերպ չեմ կարող ապացուցել, որ սխալմունքն իր կողմից է եղել։ Ես արտասվելով դուրս եկա նրա գրասենյակից՝ չիմանալով ինչ անել, ուր գնալ։
2004թ․ մայիսին ինձ ներկայացրին մեկ այլ փաստաբանի՝ Մայքլ Սարկիսովին, որն ինձնից 7000 դոլար պահանջեց գործը վերցնելու համար։ Դրամն ստանալուց հետո նա պատրաստեց փաստաթղթեր և կանչեց ինձ` դրանք ստորագրելու։ Ես առանց նայելու ստորագրեցի բոլորը, հետո հասկացա որ նա փոխել էր իմ անունը, ավելացրել այնպիսի տվյալներ, որոնք իրականությանը չէին համապատասխանում, և ուղարկել Կալիֆորնիա նահանգի էմիգրացիոն վարչություն։ Ես որոշեցի նշանակված օրը չգնալ հանդիպման։ Մի քանի ամիս անց լսեցի, որ Մայքլ Սարկիսովին ռուսական իշխանությունները բռնել էին խարդախությունների համար։ Բացահայտվեց նաև, որ Սարկիսովը իրավաբանական գործունեություն իրականացնելու լիցենզիա չուներ։ Արդյունքում ես դեպրեսիա տարա և հոգեկան խանգարում ստացա։ Սակայն ես պետք է շարունակեի գործս և մեկ տարի անց նոր փաստաբան վարձեցի։ Առաջին անգամ Ջեյմս Լ․ Ռոզենբերգի հետ կապվեցի 2006թ․ հունիսին։ Նա ասաց, որ պետք է ծանոթանա իմ գործի ամբողջական փաթեթին, որպեսզի կարողանա վարել այն։ Իմ թղթերն արխիվից պահանջելու համար ես նրան վճարեցի 750 դոլար։ Մեկ տարի անց նա ինձ ասաց, որ Վերմոնտի գրասենյակից մերժել են տրամադրել համապատասխան թղթերը։ Այնուհետև ես փորձեցի ինքս գտնել ամբողջ պակասող տեղեկատվությունը և տրամադրեցի Ռոզենբերգին։ Վերջինս խոստացավ վերաբացել իմ գործը։ Այդ ժամանակից սկսած ես անընդհատ կապվում էի Ռոզենբերգի քարտուղարուհու հետ, որն ինձ հավաստիացնում էր, թե գործը պատրաստման գործընթացի մեջ է։ 2009թ. գործը վերաբացելու համար Ռոզենբերգի հետ պատրաստեցինք ամբողջ թղթաբանությունը։ Դրանից հետո ես համբերությամբ սպասեցի ևս մի քանի ամիս՝ այդ ընթացքում միշտ զանգահարելով և հետաքրքրվելով •ործի ընթացքով: 2010թ․ մարտի 2-ին ես հերթական անգամ զանգեցի Ռոզնեբերգի գրասենյակ` նոր տեսակցություն խնդրելու։ Սակայն գրասենյակի հեռախոսներն անջատված էին։ Ես անմիջապես գնացի նրա գրասենյակ, բայց գրասենյակը լքել էին: Հարևան գրասենյակներից ինձ հայտնեցին, որ արդեն մի քանի ամիս է` Ռոզենբերգի գրասենյակը փակված է։ Այդ նույն օրը ես ինտերնետում հայտնաբերեցի, որ վերջինիս իրավաբանական գործունեությունը կանխված է։ 2010թ․ մարտին ես նորից հայտնվեցի հոգեկան շատ ծանր վիճակում։ Ես լքված և հուսախաբված էի։ Դեռևս վախենում էի վերադառնալ իմ հայրենիք, սակայն նաև չէի ուզում Միացյալ Նահանգներում անօրինական կերպով մնալ։ Դժբախտաբար, իմ` կացությունս օրինականացնելու բոլոր փորձերը ապարդյուն անցան։ Ես հասկացա որ հոգեբանի կարիք ունեմ։ 2010 թ. մարտին ես այցելեցի հոգեբանի, որը մի քանի սեանսներ անցկացրեց ինձ հետ՝ փորձելով ինձ դուրս բերել հոգեկան ծանր վիճակից։ Ես չեմ կարծում, թե կարող եմ հաղթահարել իմ ընկճվածությունը, դեպրեսիան և հուսախաբությունը, համենայն դեպս այնքան ժամանակ, մինչև որ չկարգավորվեն իմ էմիգրացիոն խնդիրները։ Մարիամ Վանունցի հոգեբանական եզրակացությունում ասվում է, որ ես կարիք ունեմ բուժօգնության և անհատական կամ էլ խմբային թերապիայի։ Բայց ես գտնում եմ, որ իմ հոգեկան վիճակը թաքնված ապրելակերպի արդյունք է։ Ես այլևս չեմ ուզում թաքնվել։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ ԱՄՆ կառավարությանը վերաբացել և վերանայել իմ գործը և ինձ մշտական կացության իրավունք տալ մի երկրում, որը ես հարգում և շատ սիրում եմ։ 18 Օգոստոսի, 2010, Կալիֆորնիա, Գլենդել
Նարինե Ս.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.