23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերնիսաժը եւ կենդանիների շուկան Երեւանի կազմակերպված առեւտրի այն վայրերն են, որտեղ ՀԴՄ ունենալ չի պահանջվում։ Եւ իրոք, ասենք, մարդն իր համար փորագրում է եւ իր ձեռքի գործը մի քանի կոպեկով վաճառում է. ի՞նչ ՀԴՄ։ Իհարկե, տարածքը «նայողներին» նկարիչներն ու արծաթագործները փող տալիս են`սեղանիկից օրը 500 դրամ։
Նրանց եկամուտի հիմնական աղբյուրը տուրիստներն են, եւ, հատկապես հայրենասեր սփյուռքահայերը։ Նրանք են «Մասիսների», կավե նուռի, «սատանի քարից» պատրաստված խաչքարերի հիմնական սպառողն ու սիրահարը։ Սեղանիկների արանքով տուրիստն անցնում է կրիայի արագությամբ, որովհետեւ հայրենիքի խորհրդանիշներին նայելուց բացի անընդհատ ստիպված է աչքը ոտքի տակ գցել։ Եթե ոչ՝ անմիջապես պատժվում է` բերանքսիվայր ընկնելով քարուքանդ ասֆալտին։ Եթե առեւտուր անելուց հետո է ընկնում, արծաթագործները վազում են եւ առաջին օգնություն են ցուցաբերում սփյուռքահայ բարեկամին։ Եթե ոչ՝ թարախ հայացքով հետեւում են, թե ոնց է վերջինս ոտքի կանգնում, տնքտնքալով ու Վերնիսաժի տերերին ու էս քաղաքն անիծելով` շարունակում ճանապարհը։ «Պատահել է, որ ընկել ոտ ու ձեռ են ջարդել, գլուխն են գետին խփել, — ասում է Արմեն անունով վերավաճառողը, — մի անգամ մի պարսկահայ տատիկ ընկավ ու վեր կենալով ասաց՝ ես պարսկահայ չեմ, պարսկահավ եմ, գետնին չեմ նայում»։
Մերոնք՝ երեւանյան անտերության սովոր, ավելի զգոն են եւ հազվադեպ են վայր ընկնում։ «Էդքան փող են աշխատում ստեղ, դժվա՞ր ա, տարածքը մի քիչ բարեկարգեն, ամոթ ա, չէ՞, վերնիսաժը մեր դեմքն ա», — ասում է անցորդներից Մարինե Բաղրամյանը՝ ցույց տալով նախկին շատրվանի փոխարեն վեր խոյացող ժանգոտ մետաղակույտը։ Եվրոպական բոլոր քաղաքներում էլ կան մեր Վերնիսաժի նման տեղեր։ Դրանք սովորական փողոցներ չեն, այլ տվյալ քաղաքի ոգու, բարքերի, մշակույթի «խտացումներ», որոնց նկատմամբ հաճախ հատուկ մոտեցում կա։ Օրինակ, մի տարի առաջ Մոսկվայի փիս քաղաքագլուխ Լուժկովը քշեց Արբատից փողոցային նկարիչներին, բուկինիստներին եւ երաժիշտներին։
Հետագայում նրանց վերադարձնելու համար նկարչական 60 ստենդ եւ սեղանիկներ տեղադրեցին հին Արբատում՝ գիտակցելով, որ այն մայրաքաղաքի գլխավոր տուրիստական վայրն է։ Մեր Վերնիսաժում առայժմ միայն նոր սրճարաններ են տեղադրվում Կոկա-կոլայի ձրի զոնթիկներով, ձեթի եւ էժանագին պեռաժկու հոտով։ Ի դեպ, այդ սրճարանների պլաստմասսայե աթոռները այստեղ թափառող տարեց մարդկանց համար հաճախ զուգարանի դեր են կատարում։ Հնարամիտ տատիկներն ու պապիկները նստում են այդ աթոռներին, հագեցնում բնական պահանջը եւ արագ հեռանում։ Մատուցողները չեն էլ հասցնում նկատել նրանց աթոռների տակից թափվող հեղուկը։ Ամառը միզողներից մեկին «բռնացրի» այդ գործի վրա։ Նա հրճվեց՝ իր «շուստրիությունից» գոհ. «Լավ եմ անում, աղջիկ ջան, թող տուալետ սարքեն։ Չեն սարքում, ես էլ սենց կանեմ»։ Վերնիսաժի տարածքի վարձակալ «Նավասարդյան» ՍՊԸ –ի գործադիր տնօրեն Կարեն Պապիկյանը հարցերիս պատասխանելիս միեւնույն բառերը կրկնում է տարբեր հերթականությամբ. «Քաղաքապետարանի ծրագիրը կա։ Մյուս տարի վերնիսաժը վերանորոգվելու է, շատ գեղեցիկ ձեւով, էդ ծրագիրը կա, էսքիզը կա, վերանորոգվելու է, շատ գեղեցիկ»: «Հնարավոր չէ՞ր էսքան ժամանակ բարեկարգել», — հարցնում եմ: Պատասխան. «Չէ, դա հատուկ ծրագիր է»: «Քանի՞ մարդ պետք է դեռ ոտքը ջարդի»։ «Եթե անցել է 15 տարի, տունը պետք է նորոգվի՞, թե ՞ չէ»: «Ի՞նչն է պատճառը, որ չեք բարեկարգել մինչեւ հիմա։ Եկամուտնե՞րն են քիչ»: «Ծրագիրը կա, սպասում ենք՝ տարին բացվի, սարքում ենք շատ գեղեցիկ տեղ, թազա ծաղիկներով, վարդերով, բաներով, Պուշկինի այգուց գեղեցիկ է լինելու»: Կարեն Պապիկյանի խիստ հայկական լավատեսությանը չհավատացինք եւ պարզաբանումների համար դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Անժելա Մարտիրոսյանին։ Նա խորհուրդ տվեց Վերնիսաժի հետ կապված հարցերով դիմել Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին, որը, ինչպես հայտնի է, խրոնիկական հեռախոսաֆոբիա ունի։ Նա այս անգամ էլ չարձագանքեց զանգերին, եւ Անժելա Մարտիրոսյանը խոստացավ նրա հետ հանդիպում կազմակերպել մյուս շաբաթ։
Սյուզան Սիմոնյան
«Նախարարի որոշումը մեզ համար….»
«Աշխարհի բոլոր երկրներում, երբ ինչ-որ շենք են կառուցում, մտածում են նաև դրա ֆասադին համապատասխան կանաչապատում անելու մասին: Իսկ մեզ մոտ հակառակն է. ոչնչացնում ենք բոլոր կանաչ տարածքները՝ կառույցն ամբողջությամբ երևալու համար»: Այսպիսի համեմատություն է արել «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը անդրադառնալով Գյումրի քաղաքի կանաչապատ տարածքների ոչնչացմանը:
Դեռ հունիսին թվով 14 հասարակական կազմակերպություններ բողոք էին հղել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ու Շիրակի մարզպետին Գյումրու Արագած փողոցում սկսված շինարարության վերաբերյալ: Բողոքում հայտնվում էր, որ «Երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում փորվել է մի մեծ փոս, որն իբրև թե արվել է ժամանակավոր շինություն կառուցելու համար: Այնինչ, իրականում 300 քմ մակերեսով տվյալ տարածքը, երկարաժամկետ (99 տարով) վարձակալության է տրվել Գյումրու քաղաքացիներից մեկին՝ կառուցապատման թույլտվությամբ, այն դեպքում, երբ ըստ Գյումրու գլխավոր հատակագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք և այստեղ արգելված է կապիտալ շինարարությունը»:
Քանի որ սա Գյումրիում առաջին դեպքը չէ, նախորդ տարիներին էլ ծառահատումներ էին կատարվել՝ մասնավորապես 2008-ին հատվեցին Անկախության հրապարակի եղևնիները, որպեսզի շրջակա շինությունները երևային ողջ կազմով, 2009-ին հատվեցին Չերազ-Սպենդիարյան փողոցների միջնամասում գտնվող, Ամենափրկիչ եկեղեցու դիմացի ծառերն ու թփերը՝ Չերազ փողոցի շարունակությունը կառուցելու համար, բնապահպանները միտված էին կարծելու, որ քաղաքի կառուցապատումն իրականացվում է ոչ թե հասարակության համար հարմարավետ կենսամիջավայր ստեղծելու, այլ մի խումբ անձանց ու պաշտոնյաների անձնական շահերը բավարարելու համար:
Այս ամենն էլ հաշվի առնելով բողոքավորները հիշյալ պաշտոնյաներից պահանջել էին միջամտել ու ստիպել դադարեցնել Արագած փողոցի այդ շինարարությունը, պարտադրել տեղական իշխանություններին վերականգնել փոսից առաջ եղած վիճակը, հրատապ կանաչապատել այն: Եվ արգելել Գյումրու ՏԻՄ-ին «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի քաղաքաշինական տեսքի աղավաղումը:
Ճիշտ է, դրանից որոշ ժամանակ անց մարզի դատախազությունը կասեցրեց շինարարական աշխատանքների ընթացքը, սակայն տարածքը մինչ օրս չի ազատվել ու նախկին տեսքի չի բերվել: Չնայած, որ ՀՀ կառավարությունը չէր անտեսել բողոքը եւ իջեցրել էր համապատասխան հանձնարարական:
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հայտնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը Գյումրիում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով տրամադրված 300 քմ հողամասը գտնվում է «Կումայրի» պատմական կենտրոնում և հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, որտեղ նմանատիպ կառույցի տեղադրում չի թույլատրվում: Նախարարը մարզպետից խնդրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Այդ մասին Գյումրու «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանին ուղարկված գրությամբ նախարարությունից հայտնում են. «Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ Շիրակի մարզպետը 2010թ. օգոստոսի 6-ի թիվ 01/06.1/3181-10 գրությամբ առաջարկել է Գյումրու քաղաքապետին չեղյալ համարել 2009թ. փետրվարի 26-ի կառուցապատման իրավունքով թիվ 300-Ա հողահատկացման որոշումը և վերացնել Ա.Անտիկյանի կողմից կիրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները»:
Ի պատասխան սրա, 2010թ. սեպտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը Գ.Պետրոսյանին ուղարկած գրությամբ հայտնում է, որ Գյումրու քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի թիվ 300-Ա որոշումը չի հակասում օրենսդրությանը և այն չեղյալ համարելու անհրաժեշտություն չկա: Մինչդեռ, քաղաքաշինության նախարարի գրությունում ասվում է. «Քաղաքապետի կողմից կատարված հողհատկացումն ուղեկցվել է ՀՀ հողային Օրենսգրքի 76-րդ հոդվածի առաջին կետի և ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման երրորդ կետի ՙա՚ ենթակետի պահանջների խախտմամբ: Բացի այդ, հողամասի տրամադրման, այնուհետև օբյեկտի նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրման գործընթացներն իրականացվել են առանց նախապես ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնելու՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 30-ի N479 և 2009թ. հունիսի 26-ի N792-Ն որոշումների պահանջները»:
Այսքանից հետո դեռ պարզ չէ՝ քաղաքապետարանու՞մ չեն հարգում նախարարի որոշումը, թե՞ նախարարը չի կարողանում ազդել քաղաքապետի վրա, բայց այն, որ Արագած փողոցում դեռ շինարարական հետևանքները վերացված չեն, փաստ է:
Երեկ խմբագրության բջջային հեռախոսին փակ համարով զանգահարել էր մի տղամարդ։ Նա ներկայացավ իբրև հոկտեմբերի 4-ին ՊՆ շենքի մոտ վրաերթի ենթարկված քննիչ Տիգրան Սահակյանի բաջանաղ։ Տղամարդը, ի դեպ, բավականին վրդովված էր. «Ես հիմա իմ վիշտը թողել եմ, զանգել եմ ձեզ, որ ասեք, թե ինչու եք գրել, թե քննիչին սպանել են, երբ վրաերթ է եղել։ Ես պատրաստ եմ ցանկացած տեղում ու ժամին հանդիպել ձեզ»: Հետո ասաց, որ ինքը կարող է նույնիսկ իրավապահների հետ գալ։
Անկեղծ ասած` շատ կասկածելի վարքագիծ բաջանաղի կողմից, հատկապես եթե հաշվի առնենք նրա խոսելու սպառնալից տոնը։ Ակնհայտորեն նա շահագրգռված էր` պարզելու, թե մեզ որտեղից այդ ինֆորմացիան, և այն ստո՞ւյգ է արդյոք։ Այնպիսի տպավորություն էր, որ նա ոչ թե որպես հարազատ էր փորձում պարզել մեր հայտնած լուրի ստույգ լինելը, այլ ուզում էր համոզվել, որ մենք հենց այնպես, ինչպես ինքն ասաց, «օդից ենք գրել» ։ Երբ երկրորդ անգամ զանգահարեց, և մենք ասացինք, թե դա մեր վարկածն է, նա մի տեսակ թեթևացած շունչ քաշեց. երևի համոզվեց, որ «օդից» ենք գրել։
Բաջանաղին տեղեկացնենք, որ մահվան դեպքում, եթե նախաքննությամբ և դատաքննությամբ չի ապացուցվել, որ դա սպանություն չէ, սպանության վարկածը բացառել չի կարելի. վրաերթի դեպքում առավել ևս. այն ՀՀ- ում համարվում է քրեորեն հետապնդելի արարք, և սա այն դեպքն է, որ վրաերթի միջոցով սպանությունը դեռևս չի հերքվել։ Իսկ նախաքննությունը դեռ երկու օր է, ինչ սկսվել է։ Եթե մեր մեկնաբանությունը չի բավարարում բաջանաղին, կարող է ծանոթանալ պաշտոնական հաղորդմանը, որ «Ազատություն» ռադիոկայանով հնչեցրել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը.
«Քրեական գործը հարուցվել է մահվան ելքով վրաերթի հատկանիշներով, սակայն ոստիկանությունն այս պահին էլ ստուգում է սպանության հնարավոր վարկածը, թեւ դա վարկածներից մեկն է», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը` հավելելով, որ այս պահին ստուգվում է կասկածյալների շրջանակը, ձերբակալված անձ չկա:
ԿԳ նախարարության հատուկ կրթության բաժինը հատուկ վերաբերմունքի կարիք ուներ։ Կառույցի արդեն նախկին ղեկավար Նուրիջան Մանուկյանը ոչ միայն չէր տիրապետում իրավիճակին, այլև իր անհեթեթ քայլերով, ավելի ճիշտ քայլեր չանելով` ավելի էր խճճում իրադրությունը։
Իրոք, բարդ ու բազմաթիվ խնդիրներով լեցուն կրթական համակարգը, նամանավանդ հատուկ դպրոցներում տեղի ունեցած վերջին սկանդալային դեպքերից ու խայտառակ բացահայտումներից հետո թոշակի տարիքի հասած ղեկավարի ուսերին թողնելը ոչ միայն ճիշտ չէր, այլև անթույլատրելի էր։
ԿԳ –ում դա բացատրում էին քաղծառայողի կարգավիճակով, ասել կուզի` չինովնիկն իր գործը անում է, թե ոչ, ձրի աշխատավարձ պիտի ստանա ու հայկական մենթալիտետի համաձայն` ձգի մինչև ժամկետի ավարտը, սակայն սա այլ խոսակցության թեմա է։
Այս պահին Մանուկյանն արդեն թոշակառու է, և խնդիրն այլ է. մեր ունեցած տեղեկությամբ` նրա փոխարեն պաշտոնը ստանձնել է Կարինե Ալեքսանյանը։
Արդեն ասացինք, որ հատուկ կրթության ոլորտը միշտ էլ հատուկ ուշադրության կարիք է ունեցել. Մանուկյանին թոշակի ուղարկելուց հետո, տրամաբանական էր, որ նրա տեղը կզբաղեցնի երիտասարդ, գործունյա, ոլորտին տիրապետող մեկը։
Երեկ ԿԳ –ից մեզ ասացին, որ հանրակրթության վարչությունը կառուցվածքային փոփոխության է ենթարկվել։ Ներկայումս նախադպրոցական բաժինը համակարգում է Իդա Սարգսյանը, իսկ դպրոցականը` որի մեջ ներառել են նաև հատուկ կրթությունը` Կարինե Ալեքսանյանը։
Վերջինս նախկին ուսուցիչ է,սակայն մեր ունեցած տվյալներով` ոչ սովորական. նա նախարար Աշոտյանի ուսուցիչն է եղել։
Մրցույթը, որը պիտի որոշի այս պաշտոնը զբաղեցնողին, դեռ չի հայտարարվել և հայտնի էլ չէ, թե երբ է կայանալու։
«Քանի՞ տարեկան է տիկին Ալեքսանյանը» հարցին ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը կատակեց. «Մի՞թե կնոջ տարիքը հարցնում են»։
13-րդ երաժշտական հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը լավ երգում է: Այդ պատճառով դաշնակցական ընկերները նրա մականունը Սմբուլ են դրել: Բայց այն, թե ինչ կատարվում է դպրոցում, հազիվ թե կապ ունի երգ-երաժշտության, ներդաշնակ կրթության, ըստ ամենայնի, նաև ՀՅԴ-ական տնօրեն Սմբուլի հետ:
Մայիսի 13-ին գլխուղեղի ցնցումով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13-րդ գիշերօթիկ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անի Ավագյանը: Ճակատին հասցված հարվածից աղջիկը մասնակիորեն կորցրել էր հիշողությունը և մորը չէր ճանաչում։ Հիվանդանոցից դուրս գրվելիս աղջիկն ինձ պատմեց, որ դպրոցի փոխտնօրեն «ընկեր Վարդերեսյանն» է իրեն «խփել»՝ թևից կոպտորեն քաշել և գլուխը հարվածել պատին: Փոխտնօրեն Նարինե Վարդերեսյանը կտրականապես ժխտեց սա: Ասաց, որ երեխան, հավանաբար, դասարանցիների հետ խաղալիս վայր է ընկել և վնասել է ճակատը։ Անիի ծնողները դիմեցին ոստիկանություն։ Երբ քննիչները հարցեր էին տալիս երեխային իր հետ կատարվածի մասին, նա չէր պատասխանում, պարփակվում էր իր մեջ։ Անգամ հոգեբանը չօգնեց։ Նրա հետ Անին մի անգամ խոսեց, հետո հրաժարվեց հանդիպել: Աղջիկը Վարդերեսյանի անունը լսելիս սարսափ և սթրես էր ապրում, իսկ կարմիր գույնից վեր էր թռչում։ Ծեծի օրը Վարդերեսյանը կարմիր շորով էր։ Ոստիկանները գնացին-եկան, և մի քանի ամսից գործը փակեցին։
Երևի այլևս չէինք անդրադառնա այս պատմությանը, եթե անսպասելի արձագանք չստանայինք 13-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանից, որը մինչ այդ 10 տարի դասավանդել է Չարենցի անվան դպրոցում: Նա պատմեց, որ 13-րդ հատուկ դպրոցում 10 ամիս աշխատելով` ականատես է եղել երեխաների խոշտանգումներին, ուսուցիչների տգիտությանը, անառողջ բարքերին և այլ հանցավոր երևույթների։ Մի քանի անգամ փորձել է բողոքել: Մի անգամ նույնիսկ դասասենյակներից մեկում ցուցանակ է կպցրել` վրան փոխտնօրեն Վարդերեսյանի տառասխալները` «մայտան, հույթ, հույր»: «Ես էդ բառերը գրեցի և սև գիծ քաշեցի վրայից: Դրանք փոխտնօրենը հաճախ էր օգտագործում, բայց ոչ մի բանասեր չէր ուղղում նրան: Բա~ որ մի անգամ ասաց` «Գիքորի անեկդոտի նման»: Բացատրեցի, որ Գիքորը անեկդոտ չէ», — պատմում է հայոց լեզվի մասնագետ, ըմբոստ ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանը: Այս վարքի միակ արդյունքն այն եղավ, որ տնօրեն Երանյանը հրաժարվեց երկարացնել նրա պայմանագիրը` համարելով, որ քաղաքի լավագույն կրթօջախներից մեկում` Չարենցի դպրոցում աշխատած մասնագետը չունի հատուկ դպրոցի դաստիարակից պահանջվող գիտելիք: Իրական պատճառը, ըստ մանկավարժի, «կլյաուզնիկի» և վտանգավոր մարդու համբավն էր, որ ինքը ձեռք էր բերել անմարդկային պատիժների և տգիտության դեմ պայքարելիս: «Մի ցերեկային դաստիարակ ունենք` Մուշեղյան Մարիամ: Բուֆետի շեֆի բարեկամուհին է: Նա կարող էր երեխային 4 ժամ կանգնեցնել մի ոտքի վրա: Մի երեխա կար, երբ որ գրիչ տվեցի, որ տնայինները գրի, տեսնեմ` ձեռքերն ամբողջ արյունի մեջ կորած են: Հետո ինքս ականատես եղա, թե ոնց էր Մուշեղյան Մարիամը քանոնի հարվածներով երեխայի ձեռքերը ծակում»: Ոչ միայն ձեռքերը, այլև լեզուն են ծակում, երբ երեխաները շատ են խոսում դասի ժամանակ: Ինքը`փոխտնօրեն Վարդերեսյանը, ծեծի իր մեթոդն ունի: Քանի որ փոքրամարմին է և կարճահասակ, ֆիզիկական միջամտության ժամանակ զոռ է տալիս ոտքերին: «Ես ինքս եմ տեսել, թե ոնց ա քաշում, ոտերով խփում երեխեքին»: Պատիժների ձևերից էր նաև զուգարան չթողնելը: Մի անգամ տղաներից մեկին այնքան երկար են ստիպել բնական կարիքը զսպել, որ նա միզել է անմիջապես դասարանում: «Ես փորձել եմ ներս մտնել, Մուշեղյանը չէր թողնում: Զանգել եմ ծնողին, ասել եմ`երեխային շոր բեր», — պատմում է Արմենուհի Ղազարյանը: Վախը մանկավարժական գլխավոր մեթոդն է: «Մի հատ ձայն ենք լսել, կգամ, կսատկացնեմ»,- հաճախ ասել է փոխտնօրեն Վարդերեսյանի ընկերուհին` Մարիամ Մուշեղյանը և դասի ժամանակ բարձրացել ընկերուհու կաբինետ` սուրճ խմելու: Արմենուհի Ղազարյանը հաճախ է ընդվզել, բայց տնօրեն Սամվել Երանյանին ուղղակի հնարավոր չէր հանդիպել: Դաշնակցության գործերով տարված` նա հաճախ է բացակայում դպրոցից: «Ես տնօրենին մեկ ինձ ընդունելու պահին եմ տեսել, մեկ ազատելու, երբ ասացի, որ բողոքելու եմ»: Ծնողները հազվադեպ են դժգոհություն հայտնել: Նրանք հիմնականում անապահով խավից են և գոհ են արդեն իսկ նրանով, որ երեխան հատուկ դպրոցում սնվում է և տանիք ունի: Ով էլ որոշել է այնուամենայնիվ պաշտպանել զավակին, ուղղակի վերցրել է փաստաթղթերը, և ինչպես Անի Ավագյանի մայրը` Հասմիկ Ավագյանը, տարել է ուրիշ դպրոց:
Սյուզան Սիմոնյան
Բալասան մեծ պապիս ընտանիքում ծնված երեխաները մահանում էին ծծկեր հասակում: Ադրբեջանական գյուղի մոլլան ասաց, որ քրիստոնյաների Աստվածն է տանում երեխաներին, ու պետք է խաբել նրան` երեխաներին մուսուլմանական անուններ տալով: Պապիս անվանեցին Շամիր, ու նա ապրեց: Հզոր ձայն ուներ նույնիսկ երեխա ժամանակ, երգեր էր հորինում և ինքաշեն քամանչայի վրա ինքն իրեն ձայնակցելով` երգում: Ինը տարեկան էր, երբ պահածոյի տուփից սարքեց առաջինն ու սկսեց ապրել երաժշտությամբ:
Եկավ 37 թիվը, ու Բալասան պապիս էլ հասավ: Խեղճ արհեստավոր մարդու մեղքն այն էր, որ Աղասի Խանջյանի շինծու ինքնասպանությունից հետո գեղամեջում ասել էր, թե ինքը Խանջյանին ճանաչել է, երբ նա մեր գյուղն էր եկել, ու նա իր վրա խելահեղ կամ կյանքից հոգնած մարդու տպավորություն չէր թողել: Ասել էր. «Բերիայի ձեռքի գործն է, Խանջյանն իրեն սպանողը չէր»: Բալասան պապին տարել ու ընդմիշտ կորցրել էին: Երկար տարիներ հետո պապս վախվխելով տեղեկացել էր, որ մատնողը ազգակից-բարեկամ է եղել: Սկսվել էր չքավոր կյանքը: Ողջ ունեցվածքը բռնագրավել էին: «Հայրենիքի դավաճանի» պիտակը, դրանից բխող վախերը, անախորժություններն ու անհանգստությունը պապիս ընտանիքին երկար տարիներ լարվածության մեջ են պահել: Նույնիսկ հիմա է պապս ասում. «Բալա, մի գրի, կարող ա էգուց իշանությունները փոխվեն, ու մեզ վնաս գա էդ գրածից: Հենա` Սերո Խանզադյանն էլ էր ասում` Շամիր, բեր, էդ ղաչաղությանդ պատմությունը գրեմ, լավ գիրք կդառնա: Վախում էի կոմունիստներից, չթողեցի որ գրի»:
Չնայած տասնվեցամյա պապիս բաժին հասած դժվարին կյանքին (հորը տանելուց հետո իր վրա էր վերցրել մորը և մյուս չորս երեխաներին կերակրելու բեռը), պապս մնաց երաժշտության ծառան, որը նրան ու ընտանիքին սկսեց նաեւ կերակրել: Հարսանիքներին քամանչա նվագելով ու երգելով էր հաց վաստակում:
Սկսվեց պատերազմը, պապիս կանչեցին զինկոմիսարիատ: Չէր հասցրել ժամանակին ներկայանալ: Մորաքրոջ թաղմանն էր գնացել և ուշացել… ու վախից, որ «հայրենիքի դավաճանի» որդուն կհամարեն դասալիք, հոր նման կգնդակահարեն, երկար ամիսներ դարձել է ղաչաղ, թաքնվել անտառներում, սնվել ուշ աշնան ու ձմռան անտառի խղճուկ պաշարներով: Մայրը հազվադեպ էր կարողանում թաքուն ուտելիք հասցնել: Վախենում էր պապս ամեն ինչից, քնում կենդանիների որջերում, մարդուն համարում կենդանիներից առավել սարսափելի գիշատիչ: Քամանչան էր նրա «ղաչաղության» միակ ընկերն անտառում. կամաց, թաքուն նվագում էր ու երգում իր երգերը: Քամանչան պահեց նրա բանականությունը` չթողնելով, որ խելագարվի մենությունից ու վախից:
Գարնանը Մաշինկա զիզաս՝ մեծ տատս, տեղեկացավ զինկոմիսարիատից, որ պապիս կներեն, եթե ներկայանա ու գնա կռվելու: Պապս էլ, դողը սրտում, գնացել էր: Ուղարկել էին ուղիղ գործող ռազմաճակատ, առաջին գիծ` Մալայա Զեմլյա: Այնտեղ էլ էր քամանչա սարքել, նվագել ու երգել` զինվորներին հիշեցնելով խաղաղ օրերը: Մի տարի կռվելուց հետո վիրավորվել էր, կոնտուզիա ստացել, կես տարի բուժվել հոսպիտալներում: Այնտեղ էլ է նվագել ու երգել` ուրախացնելով վիրավորներին ու խենթացնելով գթության քույրերին: Քսաներկու տարեկանում արդեն աշուղ Շիրվանի դարձած` վերադարձավ հայրենի Կաղնուտ:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, բայց հաշմանդամ էր դարձել. նյարդային ցնցումներ ուներ դեմքի մի մասում, տեղաշարժվում էր մի կերպ` հենափայտերով: Սիրահարվեց Հայկանուշ տատիս, որ գյուղի ամենատեսքով աղջիկներից էր: Նա էլ պատերազմը սկսվելուց հետո` իններորդ դասարանից թողել էր դպրոցն ու դառնալով պահեստապետ` ուսերին վերցրել բանակ պարեն մատակարարելու դժվարին հոգսը: Դժվար գործ էր, քանի որ հացահատիկը սոված գյուղից, առանց բնակիչներին կարգին բաժին հանելու պետք է գրեթե ամբողջությամբ առաքվեր ռազմաճակատ: Երազում էր ուսուցչուհի դառնալ տատս: Սիրում էր կարդալ, սակայն ոչ ուսուցչուհի կարողացավ դառնալ, ոչ էլ ուզածի չափ կարդալ: Տատս պատմում է.
«Քանի պատերազմ էր, ասում էի` կպրծնի, կգնամ ինստիտուտում կսովորեմ, կդառնամ ուսուցչուհի: Հետո պսակվեցի պապիդ հետ: Լավ երգեր էր գրում, ինձ էլ էր երգեր նվիրում: Բա էլ ո՞նց չսիրահարվեի, հո քարից չէի: Սաղ ասում էին` Հայկուշը սարսաղ ա, ինվալիդ ա ուզում, մենակ Մարիամ մերս ասեց. «Գնա, բալա, դրան էլ ա մի մեր բերել, հո տենց չի բերել, իրան էլ պիտի մեկը սիրի չէ՞, մարդ ա»: Մենք էլ պսակվեցինք առանց հարսանիքի, բերեց իրանց տուն, ի՞նչ տուն. մի օթախ էր, մեջը համ անասուններն էին քնում, համ մարդիկ: Ցեխ արեցի, փայտ բերեցի, պատ շարեցի, ծակուծուկերը փակեցի, ու գոմը տնից առանձնացավ: Չնայած փոքրացավ, բայց մաքուր էր արդեն, էլ անասունի հոտ չէր գալիս տնից: Այ, հենց այդտեղ էլ ծնվել ա հերդ: Մտածում էի` հիմա համ երեխեքիս կօրորեմ, համ էլ գրքեր կկարդամ, լավ, հետաքրքիր բաներ կիմանամ աշխարհից: Էլի չստացվեց: Դե պապդ էլ ինվալիդ էր, պիտի ոտքի կանգնեցնեի…
Տարա էս բժշկի մոտ, էն սանատորիան, մասաժներ սովորեցրին, ասացին` որ անես, կլավանա, ես էլ անում էի: Այ տենց, մի իրեք տարի հետո ինվալիդ, 44 կիլոյանոց պապդ դառավ 60 կիլո: էլ կաստիլները պետք չէին, տվեցինք հարևանին: Մենակ էդ աչքով անելն էր մնացել, հա անհամություններ էին ստացվում դրա պատճառով: Մի քանի կնիկ իմացել էին, թե իրանց ա աչքով անում, մարդկանց, ախպերներին բերել էին պապիդ վրա կռիվ: Հետո իմացել էին, որ աչքն ա խաղում, ներողություն էին խնդրել: Էդ վախտ պապդ արդեն ժամագործություն էր անում: Մի անգամ, որ հըլա գյուղում էինք, մի փչացած ժամացույց ընկավ ձեռը, բռնեց-բզբզեց, սարքեց: Որոշեց, որ կարա դրանով էլ փող աշխատի: Մի բուդկա դրեց շուկայի մոտ ու նստեց մեջը: Զոնտիկներ էլ էր սարքում, սումկաներ էլ, դե ամեն ինչ էլ սարքում էր, էդ շնորհքն էլ էր տվել իրան Աստված: Լավ եղավ` հայտնաբերեց, որ քամանչայից բացի ուրիշ բանով էլ կարա փող աշխատի: Թե չէ, էդ իրա ինվալիդ ջանով հարսանիքների չէր կարում գնա հեռու գյուղեր, դե մեր գյուղում էլ քանի՞ հարսանիք կարար լիներ… Ոչ էլ կարար վար ու ցանք աներ: Գյուղի ապրանք չէր պապդ:
Լավ էր` եկանք քաղաք: Յոլա էինք գնում, էլի, էդ ժամագործությամբ, համ էլ հարսանիքներն էլ էին քաղաքում շատ: Հետո էլ արդեն ժողգործիքների խումբ պահեց: Դե երեխեքս էլ մեծացան, տենց էլ չհասցրեցի կարդամ, ասի` թոռներ կունենամ, թոռներիս կօրորեմ ու կկարդամ: էլի չստացվեց: Հիմա եմ կարում մենակ կարդամ, հիմա մի քիչ ազատ ժամանակ ունեմ, դու գրքեր բեր, ես կարդամ: Տենց պապիդ բուժեցի, ոտքի կանգնեց ու թառլան մարդ էր: Ասում էր` Հայկանուշ, քու ամագդ ա, որ ես հիմա սաղ եմ: Ո՞ւր ա հիմա, չկա, բեր, բալա, բեր կարդամ…»:
Ես էլ երբ գնում եմ Կապան, տանում եմ, ու տատս առավոտյան սուրճից հետո պառկում է անկողնում ու կարդում: Զարմանում եմ, թե 86-ամյա այդ կինը այդ ի՞նչ ուժեղ ծարավ ունի, որ հիմա անհարմար, ծերունական տեսողությանը չհամապատասխանող ակնոցով կարդում է ամեն ինչ, գիրք գրքի հետևից, ագահությամբ… Ամեն օր ծիտիկներին հաց է տալիս տատս, հաջողություն ու առողջություն խնդրում աստծուց երեխաների, թոռների ու ծոռների, համ էլ համայն աշխարհի համար, ու դրանով սկսվում է նրա օրը…
Պապս էլ շարունակում էր երգեր գրել, նվագել ու երգել: Ինձ էլ է նա երաժշտություն սիրել տվել, բայց երբ ուզեցի ընդունվել երաժշտական ուսումնարան, ասաց. «Բալա ջան, մեր օրերում երաժշտության մեջ կամ պիտի հանճար լինես, կամ էլ չլինես: Արվեստին համեստ ծառայելը հիմա ապուստի միջոց չի տալիս, գնա մի ուրիշ տեղ, փեշակ սովորի, որ կարանաս ապրես, երաժիշտ դառնաս` չես կարա ապրես: Իմ էս ժամագործությունը չլիներ, ես իմ երեխեքին չէի կարա պահեմ: Հա, լավ ես նվագում, բան չեմ ասում, բայց դե հանճար էլ չես»:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, եռանդուն, ակտիվ, առույգ, մինչեւ կյանքի վերջը աշխատում էր երկու տեղ: Յոթ տարի առաջ վիրահատել էին աչքի լույսը կլանող կոնյուկտիվիտը, ու պապս վերականգնել էր ժամագործության համար անհրաժեշտ տեսողությունը: Շուկան սեփականաշնորհած տերը հրաժարվել էր պապիս ժամագործի կրպակին տեղ տալ, ու նա ստիպված է եղել քաղաքապետարանից նոր տեղ խնդրել: 1945 թվականից ժողգործիքների խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Այդ ընթացքում շատերին է նվագել ու երգել սովորեցրել, շատերին երաժշտությամբ հետ պահել վատ ուղուց: Քամանչա, թառ, ուդ, մանդոլինա, քանոն, շվի, դուդուկ, կլարնետ, զուռնա, դհոլ… Ահա այն գործիքների ոչ լրիվ ցուցակը, որոնք պապս սովորեցրել է նվագել: Աշակերտներից շատերը դարձել են հայտնի ու հաջողակ երաժիշտներ: Պապիս համար կորած էր այն օրը, երբ չէր նվագում ու երգում: Նա հիշում էր այն ժամանակները, երբ մի քաղաք էր` մի «Շամիրի խումբ», երբ նրա համերգները տոն էին ղափանցիների համար: Շրջում էին Հայաստանով, Վրաստանով: Ադրբեջան էլ էին գնում մինչև ազգերի պառակտումը, նրա խմբում մեր քաղաքում ապրող շատ շնորհալի ադրբեջանցիներ էլ էին երգում ու նվագում, շատերը հիմա Ադրբեջանում հայտնի երգիչներ են: Շատ մրցույթների ու փառատոնների է մասնակցել պապս իր խմբով, մրցույթների դափնեկիր է: Պետությունը պատվո վճար էր նշանակել նրան երկարամյա գործունեության համար: Վաստակավորի կոչում էլ էին ուզում տալ: Բայց ամեն անգամ տեղական իշխանությունները փոխվում-գնում էին, գործն էլ կիսատ էր մնում: Տեղափոխվել էր Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն: Մշակույթի պալատից վաղուց դուրս էր եկել, քանի որ ժողգործիքների խումբը հարգի չէր այլևս. հիմա այնտեղ էստրադային խմբեր են գործում: Էստեղ էլ վատ չէր, մինչև վերջերս, երբ սա էլ սկսեցին սեփականաշնորհել հարկ առ հարկ, սենյակ առ սենյակ, ու պապիս փորձասենյակի վրա վտանգ կախվեց: Հա ասում էր, որ սա էլ ձեռքից կառնեն: Ընտրություններին փորձասենյակը ժամանակավորապես վերցնում էին ձեռքից, ինչ-որ շտաբներ են բացում:
«Դե, բալա ջան, արդեն պառավել եմ, սպասում են երևի, որ պիտի մեռնեմ, դրա համար էլ դուրս չեն անում, ամաչում են: Դե ես էլ չեմ մեռնում, ի՞նչ անեմ: Դե որ չեմ մեռնում, ու երեխեք են, գալիս են, չպարապե՞մ: Շատերը գիշերօթիկից են, շատերի ընտանիքներում վատ վիճակ ա, իսկի կեսից ավելին 200 դրամ վարձն էլ չեն կարում տան, ես եմ տալիս իմ 8000 դրամիցս, որ խումբը գործի, չփակեն: Փակեն, ի՞նչ եմ անելու, էդ երեխեքն ի՞նչ են անելու, ընկնելու են փողոցները, ախր: Բա էս գործիքներն ի՞նչ եմ անելու, որ հավաքվել եմ էսքան տարվա մեջ: Տենց բան ա՞ լինում, որ մի խումբ ա ժողգործիքների, էն էլ փակեն: Բայց հեսա փակելու են, էլ երևի հույս չունեն, որ կմեռնեմ», -ասում էր պապս:
Պապս՝ թառչի ու ժամագործ Շամիրը, ապրեց 88 տարուց մի ամիս պակաս, գնաց`այդպես էլ սպասելով, որ որեւէ իշխանություն կնկատի ու կգնահատի իրեն որպես արտիստ: Էսօր ոչ նրա հոբելյանն է, ոչ մահվան օրը: Էսօր ուղղակի հիշեցի, որ նրա 87-ամյա հոբելյանին նվիրել էի նրան էս փոքրիկ պատմությունը… Աշուն է, ու հիշեցի պապիս, ու տխրեցի, որ նա էլ չկա…
Լուսինե Վայաչյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հենց սկզբից հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է տնտեսվարող սուբեյկտների համար հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծելու համար: Եվ ահա սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ՀՀ ևս 14 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների փաթեթին: Այս փոփոխություններով լիցենզավորման գործընթացը պարզեցվել է, հեշտացվել։ Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել լիցենզիա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ նույնիսկ հեռավոր մարզերի բնակիչները կարող են առանց ավելորդ բարդությունների լուծել իրենց հարցերը:
«Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ներկայումս գործող 169 (157 բարդ և 12 պարզ) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 96 ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ (84 բարդ, 12 պարզ)»,- այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Դեռ կառավարության նիստի ժամանակ խոսելով օրենսդրական փոփոխությունների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այժմ խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը` կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»: Այսօր, երբ խոսեցին այն մասին, թե հիշյալ փոփոխությունները որքանո՞վ կարող են նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՀՀ ֆինանսների նախարարը տվեց բավական հետաքրքիր պատասխան. «Եթե քառասուն տոկոսով նվազեցրել ենք, հետևաբար կոռուպցիան էլ քառասուն տոկոսով նվազած կլինի»: Ասել կուզի` ոլորտում 100 տոկոսանոց կոռուպցիա կա՞ր։ Նույն կերպ նախարարը շեշտեց նաև փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային եղանակի ներդրումը` ասելով, որ որքան մարդկային շփումը զրոյացվի, այնքան կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:
Ի՞նչ է ստացում: Դուրս է գալիս, որ թե´ վարչապետը, թե´ ֆինանսների նախարարը բացեիբաց խոստովանում են, որ պետական մարմինների հետ շփումը, կոնկրետ դեպքում` լիցենզավորման գործընթացը կազմակերպված է բացառապես կոռուպցիոն մեխանիզմների վրա: Եթե լիզենզավորման գործընթացը քառասուն տոկոս կրճատելով` ՀՀ կառավարությունը քառասուն տոկոսով կրճատում է նաև կոռուպցիան, նշանակում է նույն կառավարությունը դեռ մնացած 60 տոկոս կոռուպցիայի ծավալվելու համար լայն դաշտ է թողել. լիցենզիա այժմ կարելի է ստանալ` կառավարության կայքէջ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Նույն տրամաբանությամբ, եթե մարդկային շփումը բացառելու ճանապարհով է միայն հնարավոր կանխել կոռուպցիան, ապա ստացվում է, որ Հայաստանում պետական մարմինների հետ շփումը այլ բան չի կարող նշանակել, քան կոռուպցիայի մասնակից դառնալ:
Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպություններ զբաղվում են հակակոռուպցիոն գործունեությամբ, փորձում օգնել մեր երկրին` ձերբազատվելու դրանից: ՀՀ վարչապետի և ֆինանսների գլխավոր պատասխանատուի անկեղծ խոստովանությունները երևի թե կօգնեն այդ կազմակերպություններին` հասկանալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինության իրական պատճառները:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ. Գ . ի դեպ այսուհետ լիցեզիաներ չեն պահանջվելու գարեջրի արտադրություն , անասնաբուժություն, հրագործական ապրանքների արտադրություն` ներմուծում և առևտուր, նաև գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն կազմակերպելիս։
Արդեն տեղյակ ենք, որ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նույն օրվա մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այսինքն` ավելի բարձր պաշտոն է ստանձնել, քան Գասպարյանը: Հետաքրքրական մի հանգամանք. նախագահական նստավայրից ստացված հրամանագրի հաղորդագրության տեքստում Դավիթ Տոնոյանին վերաբերող տեղեկատվությունն ամփոփված է ինը, իսկ Գասպարյանինը` տասնյոթ տողերում: Տոնոյանը կադրային կիրթ սպայի համարում ունի համակարգում և ասել, թե տողերի քչության պատճառը վաստակի պակասով է պայմանավորված, սխալ կլինի: Սակայն փաստը մնում է փաստ, որ նախագահի նույն օրվա նշանակումներից թե´ նախագահական նստավայրի, թե´ հանրության համար առավել էականը Վովա Գասպարյանի պաշտոնի բարձրացումն էր:
Նախ սկսենք նրանից, թե ինչու է Գասպարյան Վովան, որն իր տիրույթում տեր ու տիրակալ է, համաձայնել` գնալու պաշտոնի` «զամի» կարգավիճակով։Ով չգիտի, որ լավ է լինել առաջինը փոքր կառույցում, քան տեղակալ` թեկուզ նախարարի, նամանավանդ ՌՈ-ի նախկին պետի հավակնություներն ու խառնվածքն ունեցող մեկի համար։ Կա մի բայց. ով էլ որ նշանակվի նրա տեղում` «Շերիֆը»,«Կոբրան», թե իր տղերքից որևէ մեկը, միևնույնն է, ՌՈ-ն Գասպարյանը պահելու է իր համար։
Արդյո՞ք սա սոսկ շարքային նշանակում էր, թե՞ նման բարձրացումն այլ` ավելի հեռուն տանող նպատակներ է հետապնդում: Հայտնի է, որ գեներալ-մայոր Գասպարյանը Հայաստանի ամենահավակնոտ մարդկանցից մեկն է. «կարիերիստ » բառն այդքան էլ երևի թե նրա համար չէ, բայց որ ռազմական ոստիկանության պետը երկար ժամանակ աչք ուներ ոստիկանապետի աթոռի վրա, գաղտնիք չէ:Արդարացի լինելու համար ասենք, որ նա թե´ իր տեսակով, թե´ աշխատանքային պրակտիկայով առավել հարմար էր այդ պաշտոնին։ Հայտնի էր, որ Ալիկ Սարգսյանի պաշտոնազրկման մասին մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերը ձեռնտու էին Գասպարյանին: Սակայն, ինչպես երևում է, Սերգեյիչը կարողացավ ամրապնդել իր երերացող հեղինակությունը, հաջողացրեց նաև ֆուկ անել Աղվան Հովսեփյանին, որի հետ ունեցած համառ ու խուլ թշնամանքը տևական հակամարտության արդյունքում ժամանակավոր դադար է արձանագրել, ինչից հետևում է, որ կամ նրանք կիսեցին ազդեցության ոլորտներն ու որոշեցին իրար ոտք չտրորել, կամ էլ իրոք դատախազի գործերը լավ չեն, ինչպես վերջերս խոսվում է արդեն հրապարակավ։
Չնայած դրան` Գասպարյանի շանսերը քիչ չեն նաև պաշտպանության նախարար դառնալու համար. հաշվի առնելով, թե Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ինչ հարձակման է ենթարկվում, ու բանակում տեղի ունեցող դեպքերը ինչպես են ուղիղ համեմատականով իջեցնում նախարարի հեղինակությանը, նրա պաշտոնանկությունը անհավանական չէ։ Ղարաբաղից բերելու ժամանակ շեշտվում էր Օհանյանի` բարձրակարգ զինվորական լինելը, հիմա այդ ամենը կարծես մոռացվել է, ու անընդհատ քարկոծում են նրան իրավիճակը վերահսկել չկարողանալու, թույլ լինելու համար։ Եվ ահա նման լարվածության պայմաններում ռազմական ոստիկանության պետը, որ բավական ազդեցիկ ֆիգուր է ուժային կառույցներում, ունի թե´ ոստիկանական, թե´ դատախազական, թե´ պաշտպանական համակարգերում աշխատանքի փորձ, ՊՆ-ում դառնում է փոխնախարար: Ի՞նչ հաշիվներով են առաջնորդվել Բաղրամյան 26-ում ` նման նշանակում կատարելով: Ասում են, թե հիմա Գասպարյանը բավական ամուր դիրքեր ունի, դարձել է «պրոբլեմ չունեցող անձ», ինչն իր հերթին մեծացնում է նրա շանսերը Սեյրան Օհանյանի հետ մրցապայքարում:
Դրան գումարած` Օհանյանը ժամանակին իրեն մի բան է թույլ տվել, ինչը դժվար թե մոռացած լինի ՀՀ-ում ազդեցությամբ և նշանակումների հարցում նախագահից հետո, կարելի է ասել, երկրորդ դերակատար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը:
Ոչ շատ առաջ Մինասյանի հայրը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանը, միաժամանակ ղեկավարում էր նաև պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովը: Այն ժամանակ լրատվամիջոցներից մեկը գրեց, թե նախագահի խնամին խախտում է օրենքը` միաժամանակ երկու կարևոր պաշտոն զբաղեցնելով: Հրապարակման հաջորդ օրը Արա Միխայլիչը, որ Հայաստանի եզակի պարկեշտ մարդկանցից մեկն է, գնում է և հրաժարականի դիմում ներկայացնում` թողնելով, բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը: Վարչապետ Սերժ Սարգսյանը փորձում է տարհամոզել. «Արայի´կ ջան, ինչի՞ ես բանի տեղ դնում», բայց Մինասյանը հաստատ է մնում իր որոշմանը: Այստեղ, սակայն, հետաքրքրականը ոչ թե Արա Միխայլիչի պարկեշտությունն է, այլ այն, որ հետո պարզվում է, թե պատվիրատուն Սեյրան Օհանյանն է, որ հանձնաժողովի նախագահի` ՊՆ համակարգի ամենայուղոտ պաշտոններից այդ մեկը նվիրում է իր մտերիմին:
Չի բացառվում, որ Միքայել Մինասյանը, ինչքան էլ գնահատի Օհանյանի մասնագիտական հմտությունը, այսօր առիթը բաց չթողնի` նրան փոխադարձելու նախկին վերաբերմունքը։
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Զանգահարի´ր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
«NTKnews» պորտալը հաղորդում է, որ Նովոռոսիյսկի թիվ 1 մանկական հիվանդանոցում հազվադեպ պաթոլոգիայով երեխա է պառկած: Նրա սիրտը ոչ թե կրծքավանդակի, այլ որովայնի մեջ է գտնվում: Հիվանդանոցի վերակենդանացման բաժնի ղեկավար`Դմիտրի Նոսկովը նշել է, որ 15 տարվա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է նման դեպք տեսնում:
Մեկ ու կես տարեկան երեխայի սիրտը ոչ միայն որովայնում է գտնվում, այլև սերտաճած է հինգ հարևան օրգանների հետ: Երեխային պետք է օգնության հասնեն Մոսկվայի Բակուլևի անվան սրտաբանական կենտրոնի մասնագետները:
Փոքրիկ աղջկան մի քանի վիրահատություն են անելու: Վիրահատություններից մեկը բարեհաջող է անցել, իսկ մյուսը կկատարվի այն ժամանակ, երբ երեխան 2 տարեկան դառնա:
Էկտոպիայով( սրտի սխալ դիրքով) երեխաները շատ հազվադեպ են ծնվում: Մեկ միլիոն նորածիններից միայն 7,9 դեպքերում է զարգանում այս հիվանդությունը: Նման պաթոլոգիայով երեխաները կամ մահացած են ծնվում, կամ էլ մահանում են ծ նվելուց անմիջապես հետո: Էկտոպիայի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.