29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամաս, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:
Մասնավորապես, Վ.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:
Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին:
Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:
Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասին):
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:
2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված անձինք ինքնակամ ներկայացրել են վերոնշյալ հասցեներում թաքցրած իրենց մասնաբաժինները:
Նշանակվել է դատանյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Կատարվել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, այդ թվում հայտնաբերված շուրջ 12,5կգ ընդհանուր քաշով ոսկու ձեռքբերման աղբյուրները բացահայտելու, օրինականությունը պարզելու և առնչություն ունեցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:
Հսկող դատախազի որոշմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին զորամասի հրամանատար Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում, ՀՀ Զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով
(մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018թթ. համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես, Վ.Գ.-ն, որպես Ոստիկանության պետ, 2012-2019 թվականների ընթացքում, հանդիսանալով Կազմակերպության նախագահ, նպատակադրվել է վատնման եղանակով հափշտակել վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից:
Գ.Հ.-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վերադասին չհակադրվելու և հաճոյանալու անձնական այլ դրդումներով՝ Վ.Գ.-ի հետ իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրությունը, որով հավաստվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ. իբր 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վ.Գ.-ի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, Կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Կազմակերպության գույքային ֆոնդում՝ Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին:
Այնուհետև, Գ.Հ.-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ.Հ.-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման նպատակով նվիրառուի՝ «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ ներկայացուցիչ Ա.Մ.-ի կողմից, պայմանագիրը 2018 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ Կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը (այն Կազմակերպությանը տրամադրված է եղել անհատույց օգտագործման պայմանագրով, իսկ գրանցման համար չեն ներկայացվել անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված համապատասխան պահանջները կատարելու մասին փաստաթղթեր):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Այս մասին՝ `Դատական տեղեկատվական համակարգից։
Սեդրակ Քոչարյանը պատճառված ոչ նյութական և նյութական վնասների բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Ըստ նրա՝ իր գույքի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի պարտադիրությունն անտեսելու հետևանքով խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, իսկ կալանքի միջնորդությունները տևական ժամանակ չքննարկվելու հետևանքով խախտվել է հայցվորի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քրեական գործով դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է իր իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որոնք էլ բերել են սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը:
Սեդրակ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) պահանջում է հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում բռնագանձել 2մլն դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 8 մլն դրամ։
Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) որպես պատճառված նյութական վնասի հատուցում Քոչարյանը պահանջում է բռնագանձել 3մլն 312հզր 400 դրամ։
Նաև պահանջում է՝ Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Քոչարյանի բռնագանձել դատական ծախսը՝ նախապես վճարված 339 հզր 372 ՀՀ դրամ պետական տուրքի չափով, ինչպես նաև կատարված և կատարվելիք փաստաբանի վարձատրության վճարը։
Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդունված է վարույթ 2022–ի հունսիսի 21–ին,այն քննում է դատավոր Ժաննա Ասատրյանը։
Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:
Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ:
Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:
Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Իր հերթին Վ.Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս.Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ Ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս.Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաև նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:
Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին և Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:
Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն:
Վերը նշված հանցանքը կատարելու համար 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։
ԱԱԾ-ից հայտնում են, որ այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 27-ին Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ։ Միջադեպի մասնակիցներից մեկը անչափահաս է, ով դեպքից մանրամասներ է հայտնել։
«Եկան և հայրիկս ու հորեղբորս քաշքշեցին, մեքենայից դուրս եկա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, աչքերիս ինչ-որ բան են փչել, մտցրել գարաժ ու սկսել ծեծել, էլ բան չեմ հիշում, մի երկու անգամ էլ մեքենայի մեջ են խփել ու տարել բաժին։ Դեղերի նկատմամբ աստմա ունեմ, երբ դեմքիս բան էին փչել, դրա պատճառով բաժնում ուշքս գնացել է, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց, ուրիշ բան չեմ հիշում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պարեկներին տեղեկացրել է, որ ինքն անչափահաս է, բայց նրանք շարունակել են ծեծել տղային։
Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։ ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:
Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին:
2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է:
Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել:
Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.