23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․
«Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ Ստեփանակերտում, միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, ընդունվել եւ ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ ձեւավորելով իրենց անկախությունը հռչակող մյուս հանրապետություններին իրավահավասար պետություն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։
Սակայն դրան ադրբեջանական իշխանությունները պատասխանել են պատերազմով, պարտությունից հետո՝ սադրանքներով, իսկ 2020-ին վերսկսելով ռազմական լայնածավալ գործողությունները եւ բռնազավթելով հայկական Արցախի բնակավայրերը՝ շարունակել էթնիկ զտումների, 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո՝ ցեղասպանության, բռնի տեղահանման քաղաքականությունը` Արցախում ապրող հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, նյութական ահռելի կորուստների։ Եվ այսօր դեռ փորձում են ապօրինի ձերբակալել Արցախի Հանրապետության պետական գործիչներին:
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից բարեգործ, հասարակական- աղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելը բացահայտ անօրինականություն է, հանցավոր արարք եւ պետք է արժանանա իրավական խստագույն գնահատականի։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ամագործակցելով միջազգային համապատասխան ատյանների հետ, պարտավոր է գործադրել ամեն լծակ՝ քաղաքական, իրավական բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին եւ ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու պահանջով:
Սակայն ինչպես տեսնում ենք, նրանց սատելիտներն ու քաղաքական դերակատարում ունեցող կերպարներն իրենց պոռոտախոս, արկածախնդիր հայտարարություններով ավելի սրում, բարդացնում են իրավիճակը։ Իսկ ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով եւ անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց, ովքեր, նույն դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, պետք է անցնեն այդ ճանապարհով։
Մեր հազարավոր հայրենակիցներ դեռեւս գտնվում են Արցախում, եւ եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իրենց օրինական, բարոյական պարտականությունից, ապա պարտավոր են գոնե թույլ չտալ անգրագետ, սադրիչ մեկնաբանությունների տարածումը, որով կարող են թիրախավորել նրանց»,- գրել է նա։
«Ֆուտբոլի դաշտի չափ մեծ տարածք է եղել, որի ներքևի մաս աստիճաններ էին տանում․ մարդիկ հերթով իջնում էին ու տարաները լցնում։ Վերևում էլ մարդիկ հորից դույլով բենզին էին բարձրացնում, ինձ շատ պետք չէր, դրա համար վերևում էի հերթ բռնել, համ էլ չէի ուզում իջնել ու շնչել այդ ամենը։ Ով ծխում էր, տղաները միանգամից ուղարկում էին փշալարի մյուս կողմ։ Մի պահ տեսա, որ փշալարի մյուս կողմում մի երեք հոգի ծխում են, բայց դե նրանք հեռու էին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Խաչատուր Հայրիյանը, որը երեկ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի ականատեսն է դարձել։ Այս օրերին Արցախից Հայաստան տեղահանվող քաղաքացիները փորձում են վառելիքի հարց լուծել։
Խաչատուրը ասում է, որ ռեզերվուարի վերևում երկու անցք կար՝ մեկը օդափոխանակման համար, մյուսը՝ հորի․ «Հերթը արդեն ինձ էր հասնում և մի պահ օդափոխանակման անցքը օդը ներս քաշեց, հետո հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր, միանգամից պայթեց ու մարդկանց շպրտեց տարբեր ուղղություններով»։
Ըստ ականատեսի՝ դրանից հետո բռնկում տեղի ունեցավ․ «Երբ սկսեց բոլորին նետել, մեկին գրկեցի, որ շատ հեռու չշպրտի։ Պայթյունների դադարից հետո տղաներից մեկը սկսեց գոռալ՝ հեռո՛ւ անցեք, ամեն ինչ պայթում է։ Մեջտեղում կրակ էր և մտածեցինք, որ եթե բոլոր հորերից կրակ դուրս գա, մնալու ենք այստեղ։ Թե ոնց անցանք փշալարերի արանքով՝ ես էլ չեմ հասկանում։ Արդեն կրակ կար, բայց պայթյուններ չկային»։
Խաչատուրը ասում է, որ դրանից հետո տեսան վառված մարդկանց, որոնց վրա նույնիսկ ներքնազգեստ չկար․ «Այրվածքներով մարդիկ էին, որոնք գոռում էին՝ տարե՛ք մեզ հիվանդանոց։ Շորերի վառվող մասերը պոկում էինք նրանցից։ Ճանապարհն էլ փակ էր՝ ռեզերվուրաից մինչև հիմնական՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհ։ Սկսեցին խցանում ստեղծած մեքենաները հանել, նույնիսկ այրված մարդիկ էին օգնում։ Երբ հասանք հիմնական ճանապարհ, սկզբում տեսանք փրկարարներին, «Շտապ օգնության» մեքենաները, հետո՝ հրշեջներին։ Ճիշտն ասած, ծայրահեղ վիճակում գնտվող մարդկանց չեմ տեսել, իմ տեսածները իրենց ոտքով էին քայլում, ճիշտ է, բողոքում էին, որ մարմինը ցավում է»։
Դեպքի վկան վառելիքի պահեստի պայթյունի երկու պատճառ է նշում։ Նախ՝ այդ օրը կայծակը շատ ցածր էր խփում, սակայն պահեստի մոտ հակակայծակնային սարքեր կային։ Երկրորդը՝ փշալարից այն կողմ ծխողների պատճառով կամ էլ ռեզերվուարի ներսում ինչ-որ մեկը մի բան արել է։
Արցախի առողջապահության նախարարությունը երեկ հայտնեց, որ բժշկական հաստատություններում ընդունել են 290 հիվանդ։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանց մահացել են։ Պայթյունից տուժած տաստնյակ հիվանդներ գտնվում են ծայայեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին ուղարկվել է «Դատաբժշկական փորձաքննություն» բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմ է մեկնել Ստեփանակերտ։
Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։
2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ։ Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմը, 2015,2014 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն»։
Նրա խոսքով՝ իրենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չեն համաձայնվել. «Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում։ Հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայությունը, այս ընթացքում խախտելով, դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը»։
Փաշինյանն իր խոսքում կոչ արեց նաեւ միջազգային հանրությանը՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության գործիքները, համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի եւ անվտագության ուժերի խորը եւ համապարփակ բարեփոխումները, այլեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023 թվականի մայիսի 14-ի Բյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձեւակերպում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաեւ միջազգային քրեական դատարանի հնարավորություններից»։
Փաշինյանն ասաց, որ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը իրենք կայացրել են 2022 թվականի դեկտեմբերին, երբ իրենց համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար.
«Այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից եւ նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։
Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ եւ ժողովրդավարական պետություն, բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ եւ ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը եւ մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց եւ նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքիշխանության, մեր ազատության նկատմամբ։ Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է։ Հայաստանը լինելու ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն, թե՞ վախվորած ծայրագավառ։ Արդեն գրեթե բաց եւ թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, եւ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքը անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության։ Ես ՀՀ վարչապետն եմ, հետեւաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ, ապա որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանությունը առաջնորդող վարչապետի հետեւից, իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել եւ չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը եւ ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքիշխանության, ժողովրդավարության, երջանկության եւ ազատության համար մղվող այս պայքարում։
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Բայց մենք դա չենք համարում անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի մարտահրավերներ և դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
— լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն ու արյունահեղությունը Արցախում՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր զենքերը պաշարված, հյուծված ու փոքր ազգի դեմ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։ Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը։
Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի մեջ է գցում իր հայրենակիցներին։
Ի վերջո, իզուր չէ, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհում է և պահանջում, որ իրենց պաշտոնյաների զավակներին ուղարկեն մարտի դաշտ, որից հետո նրանք չեն համարձակվի խաղալ մարդկային կյանքերի հետ»։
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:
Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:
Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է:
Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից: Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշումով:
Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:
Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:
Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ): Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնվել է, ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայից մտել է Ասկերան, ապա՝ Ստեփանակերտ՝ մարդասիրական օգնություն հասցնելով ՌԴ կառավարության կողմից։ Ահա մի քանի հիմնական կետեր այս առնչությամբ. Այս մասին ֆեյսբուքյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
1. Սա առաջին մարդասիրական մատակարարումն է արցախցիներին հունիսի 15-ից ի վեր՝ ադրբեջանական ցեղասպանության պայմաններում։
2. Դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ նրանց հաջողվեց միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։
3. Այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում: Կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք, անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ:
4. Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին բացել այն գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։
5. Համաձայնելով այս գործարքին, կարծես թե, Արցախի իշխանությունները նպատակ են ունեցել ոչ միայն մեղմել մեր ժողովրդի տառապանքները, այլև լրացուցիչ պատասխանատվություն դնել ռուսական կողմի վրա՝ որպես այս գործարքի երաշխավոր, ուժեղացնել ռուսական հնարավոր ճնշումը Ալիևի ռեժիմի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով:
6. Քանի որ ռուսական և ադրբեջանական կողմերի կողմից նախկինում եղել են առաջարկներ և խոստումներ՝ Ակնայից առաջին մուտքից հետո 24 ժամվա ընթացքում բացել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, տեսնենք, թե ինչ կլինի մինչև վաղը առավոտ։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը նոր պատրվակներ ու պայմաններ կգտնի Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը շարունակելու և մեր ժողովրդի տառապանքները խորացնելու համար։
7. Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։
8. Եթե որևէ կերպ հնարավոր չէ խուսափել ադրբեջանական երթուղու օգտագործումից, ապա անհրաժեշտ է քննարկել նաեւ այլ ուղիներ: Օրինակ, ինչո՞ւ թույլ չտալ ռուսական բեռնատարի մուտքը Շուշիից՝ Ակնայի փոխարեն, հատկապես, երբ շրջափակումից առաջ նման դեպքեր են եղել: Դա որոշակիորեն կնվազեցնի ադրբեջանական երթուղու բացասական ազդեցությունները։
9. Արցախի իշխանությունների համար շատ կարևոր է ներդաշնակորեն վարել իրենց ջանքերն ու ռեսուրսները ռուսական, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ և պահպանել թափանցիկ ու ազնիվ հաղորդակցություն բոլոր միջնորդների հետ։ Այս ընթացքում, ադրբեջանական կողմը փաստացի մերժել և չեղարկել է բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններ՝ խաղալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտության վրա։ Մտահոգություն ունեմ, որ առաջիկա օրերին նրանք կարող են նորից կիրառել այս մարտավարությունը։
10. Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս՝ առաջին քայլից առաջ հստակեցնելու բոլոր մանրամասները: Կարծես թե, ոչ բոլոր մանրամասներն էին նախօրոք փոխհամաձայնեցվել ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքից առաջ, և Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել այդ բացը` վտանգի ենթարկելու ռուսական այս նախաձեռնությունը:
11. Կարևոր մանրամասներից են, օրինակ, ում կողմից, երբ, ինչպես և որտեղից կտրվի մուտքը, առաքվող ապրանքների ծագումն ու բնույթը, նշանակված երթուղիները, Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմը, թույլատրելի օրական ծավալները, խաղաղապահների և ԿԽՄԿ-ի հստակ դերերը: Այս հարցերի շուրջ բանակցությունները, փոխհամաձայնեցումը և երաշխիքների ապահովումը կարևոր են մարդասիրական մատակարարումների վերաբերյալ որոշակիորեն կայուն և միջանկյալ լուծումներ ապահովելու համար:
12. Այս մտահոգություններին չանդրադառնալը և պայմանավորվածությունների կատարման հարցում գերտերությունների անմիջական երաշխիքների չապահովումը կարող է Ադրբեջանին թույլ տալ աստիճանաբար անցնել կարմիր գծերը և շահել ավելին, քան կարող է նման մոտեցման պարագայում:
Ի դեպ, խորհրդանշականորեն այսօր լրանում է Արցախի ժողովրդի ցեղասպանական շրջափակման 9-րդ ամիսը: Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական և ցեղասպան ռեժիմին մեզ հպատակեցնելու ադրբեջանական և միջազգային հանցավոր բոլոր ջանքերին։
Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաեւ ՊՆ-ն եւ ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երեւում է, եւ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում եւս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետեւք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որեւէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
«Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,- գրել է Թաթոյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.