23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս երկուշաբթի մեր լեռնաշխարհում 9595-րդ անգամ կատարվելու է տրնդեզի տոնակատարությունը: Հրո դեզի վրայով թռչողներն այդ արարողության ժամանակ կրակով այրելու են իրենց ախտերը և օծվելու են հրեղեն զորությամբ: Ամեն տարի այդպես է, սակայն այս անգամ դա վերաբերում է նաև ճակատագրական քաղաքական իրողություններին: Տրնդեզին նախորդող կիրակին պատասխան է տալու իշխանությանը վերաբերող կարևորագույն հարցադրումների` ի դեմս Հրազդան քաղաքի և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ղեկավարների ընտրության:
Հրազդանում վճռվելու է` արդյո՞ք իշխանության հակառակորդները հեղափոխական ռևանշի շանս ունեն, թե ոչ: Արշալույսում վճռվելու է` արդյո՞ք Արմավիրի մարզի ռեալ իշխանությունը պետության կողմից նշանակված մարզպետի ձեռքում է, թե՞ գեներալ Մանվել Գրիգորյանի տոհմի:
Հրազդանում Սասուն Միքայելյանի հաղթանակի կամ պարտության հարցի ձևաչափը շատ հստակ է` հաղթում է ՀՀԿ-ն, թե՞ «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափը: ՀԱԿ-ի համար դա ընդհանրապես նշանակում է «նարջագույն» հեղափոխության հուն վերադառնալու վերջին շանսը, որից կախված է նաև առաջիկա փետրվարյան հանրահավաքների ծավալման հեռանկարը: Եթե Սասուն Միքայելյանը հաղթի, ապա շանս կստեղծվի կրկին գործոն դարձնել Ազատության հրապարակը և ԱԺ ընտրություններում գոնե 30 մանդատի հարց լուծելու ու դժգոհ զանգվածներին ապագա իշխանափոխության հույս ներշնչելու: Եթե Սասունը հաղթի, ապա ՀԱԿ-ի ներքին ճակատագրական հակասությունն էլ կլուծվի, և մանդատի ռեալ շանս կունենան ինչպես 18 կուսակցապետերը, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Եթե պարտվի, ապա ՀԱԿ-ի ներսում կթեժանա կենաց ու մահու կռիվը ապագա 7-8, ամենալավատեսական սցենարով` 15 մանդատի համար, երբ կենսական խնդիր կա տեղավորելու մինիմում 30-40 հոգու: Դա հղի է ներքին պայթյունով, քանզի նրանք, ովքեր զրոյական շանսի դափնեկիր դառնան, զուտ եսասիրական դրդումներով կանգ չեն առնի մյուսներին խանգարելու ու վնասելու ցանկացած տարբերակի առջև, և արդյունքում կարող է ՀԱԿ-ի խորհրդարանական «քվոտան» ընդհանրապես զրոյացվի:
Ի՞նչ ուժերի հարաբերակցություններ ունեն Հրազդանի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանը և բոլոր դժգոհների հույսերի մարմնացում Սասուն Միքայելյանը: Գործող քաղապետն իր թիկունքում ունի իշխանության ամբողջ վարչական ռեսուրսն ու այդ ռեսուրսը արդյունավետ կիրառելու կարևոր նախապայմանը`Հրազդանի բնակչությունը նրան չի ատում: Սասուն Միքայելյանի թիկունքում ԱՄԲՈՂՋ Հայաստանի դժգոհների ներուժն է: Դա, բնականաբար, «նարնջագույն» ուժերն են` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները»: Դա նաև բոլոր տեսակի և կալիբրի տեղական և համապետական «աբիժնիկներն» են: Մի կարևոր դետալ` անկախ նրանից, թե ինչ ֆինանսական ռեսուրս ունի Սասուն Միքայելյանը ու նրա բացահայտ և թաքուն աջակիցը, ֆինանսը պիտանի չէ քվեներ գնելու համար, քանզի նման գործընթացը շատ հեշտ կասեցվում է ոստիկանության ուժերով. Հայաստանի իրականությունում ընտրակաշառք կարող է բաժանել բացառապես «դաբրո» ունեցողը…
Ու շատ կարևոր է` բացահայտ կամ ստվերային դաշտում ինչպես իրեն կդրսևորի ԲՀԿ-ն:Այժմ այդ կուսակցությունը գտնվում է փխրուն հավասարակշռության վիճակում: Գագիկ Ծառուկյանը հասավ կենսական խնդրի լուծմանը` որ ազատ արձակվի իր սանիկ Բանգլադեշի Համոն, այն էլ այն պայմաններում, երբ հանրության աչքում դա զրոյացնում է նոր — նոր բարձրանալու հնարավորություն ստացած իրավապահ համակարգի վարկանիշը: Եթե Համոն մնար կալանավայրում, ապա դա կքանդեր ԲՀԿ-ն` այդ կառույցում բոլորը իրավմամբ կհամարեին, որ եթե առաջնորդը իր սեփական սիրելի սանիկի հարցը չի կարող լուծել, ապա առավել ևս իրենց հարցերը չէին կարող լուծել: Այդ առումով Համոյի հարցը չլուծելը ԲՀԿ-ին ավելի մեծ վնաս կհասցներ, քան ՀՀԿ-ի ցանկացած նախապայմանի կատարումը: Տրամաբանական է ենթադրել, որ թիվ 1 իշխանական կուսակցությունը պիտի չափազանց լուրջ բաներ պահանջեր անպատիժ «բեսպրեդելշիկի» ազատ արձակման հետևանքով առաջացող անխուսափելի վարկանիշային վնասի դիմաց: Եվ այդ «փաթեթի» մեջ չէին կարող չմտնել Հրազդանի ընտրությունները: Բայց, անշուշտ, այդ հարցում ԲՀԿ-ի կողմից ՀՀԿ-ին «քցելու» հավանականությունը զրոյից տարբերվում է: Եթե ԲՀԿ-ի հաշվարկն այն է, որ Սասունի հաղթանակի դեպքում անխուսափելի իշխանափոխության ճանապարհն է բացվում, ապա «քցելը» հավանական է: Եթե ոչ, ապա իրավապահները ԲՀԿ շարքերում ոչ մի չմեկուսացված կրիմինալ չեն թողնի` ընդհուպ մինչև մանր խուլիգանն ու «պլանքաշը», դե իսկ Համոյին խափանման միջոցի ընթացքում նոր զանցանքի համար «փակելը» ընդամենը տեխնիկայի և մեկ ոստիկանական գործակալի հարց է… Այնպես որ, Հրազդանի «ճակատամարտին» խառնվելու ռիսկի ԲՀԿ-ն դժվար թե գնա…
Իսկ այժմ գեներալ Մանվելի «ոստան» Արշալույս գյուղի գյուղապետի ընտրությունների մասին. Եթե այնտեղ պարտվի նրա դրածո Գրիգոր Գրիգորյանը և հաղթի ՀՀԿ-ի պաշտպանյալ Զարզանդ Գրիգորյանը, ապա դա կնշնանակի վերջնականապես «կոտրել» գեներալ Մանվել Գրիգորյանին` նրան զրկելով իր ծննդավայրում հարց լուծողի կարգավիճակից: Այդ դեպքում առավել ևս Էջմիածնում ու Արմավիրի ամբողջ մարզում նա կզրկվի հարցեր լուծելու հնարավորությունից, հետևաբար ոչ միայն չի կարողանա ինչ-որ բան սակարկել վերին իշխանության հետ, այլև խոնարհաբար ստիպված կլինի հնազանդվել ու բավարարվել այն քչով, որը իրեն կողորման…
Խոշոր հաշվով, գեներալ Մանվելը իշխանության համար չի կարող բարեհույս հենարան համարվել, որի տոհմի լիիշխանությունն արդարանում է հավատարիմ ծառայությունով: Նա երկու անգամ փորձ է արել սեփական խաղը խաղալ:
Առաջին անգամ` 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ակտիվ մասնակից էր նախաքննության և ձերբակալվողների նպատակահարմարության միջոցով իշխանության հարց լուծելու խաղերին: Իսկ երկրորդը 2008-ի նախագահական ընտրություններին հետևած բուռն իրադարձությունների ժամանակ նրա կիսաաջակցությունն էր Լևոն Տեր-Պետրոսյանին… Դժվար թե ՀՀ նախագահը և ՀՀԿ-ն մոռացած լինեն, թե ինչպես էր հեղափոխական ամբոխը «Մանվել» վանկարկում, այդպիսի բաները չեն մոռանում ու չեն ներում:
Ու թեև ՀՀ նախագահը փետրվարի 18-ին գալու է ողջունելու ԵԿՄ համագումարը, այդ ողջույնի կարգավիճակը կախված է փետրվարի 12-ի գյուղապետական ընտրություններից: Եթե գեներալը «կոտրվի» իր ծննդավայր գյուղում կամ ստիպված լինի գյուղապետական ընտրություններում հաղթանակ մուրալ ՀՀԿ-ից, ապա ՀՀ նախագահը համագումար կգա որպես իր հպատակին բարեհաճորեն ողջունող տեր: Իսկ եթե ոչ` ապա ՀՀԿ-ն ստիպված կլինի ամբողջ Արմավիրի մարզի մասշտաբով նույն գեներալի հետ սակարկել ամենատարբեր հարցերի լուծումը: Ու այդտեղ իշխանության կողմից նշանակված մարզպետը կլինի ոչ թե իշխանության լիազոր լիիրավ ներկայացուցիչ, այլ տեղական մեկ ֆեոդալի սահմանադրական շիրմա…
Տրնդեզին նախորդած ընտրական կիրակին իրոք որոշիչ է լինելու` ով ինչ ավելորդություն է այրելու Տրնդեզի կրակի վրա: Ու վայ ՀՀԿ-ին, եթե այդ օրը չկարողանա հրաժեշտ տալ իր երկու խոշոր մարտահրավերներին և դրանց մնացորդները նետել բոցերի մեջ: Այդ դեպքում հին աստվածներն իրոք կարող է երես թեքեն պաշտոնապես Ցեղակրոն դավանող իշխող կուսակցությունից…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ամբողջ լրագրողական հանրությունը քննարկում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան, հայտնի ֆոտոլրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը: «ՀԺ»-ի վարկածով`դա ոստիկանապետի անձնական վրեժն է սուր քննադատության համար, ոստիկանության վարկածով`նա վրաերթ է կատարել և թաքնվել քննությունից:
Ոստիկանությունը հայտարարում է, որ մի քաղաքացու պատահականորեն միջին ծանրության վնասվածք հասցնելուց հետո լրագրողը խուսափել է ներկայանալ քննության, նրա նկատմամբ հունվարի 23-ից հայտարարվել է հետախուզում ու խափանման միջոցն ընտրվել է կալանքը, «ՀԺ»-ն պնդում է, որ վրաերթի փաստ չի եղել, եղել է «սարքոցի», Հայկ Գևորգյանը օրենքով սահմանված կարգով` պատշաճ գրավոր չի ծանուցվել հարցաքննության կանչվելու վերաբերյալ, բայց ամեն օր նույն ավտոմեքենայով գալիս էր աշխատանքի, գնում ասուլիսների, կատարում իր սովորական գործը:
Մի կողմ դնելով իրավական հարցադրումներն ու լրագրողական գործունեության հետ կապված հարցերը, ընդամենը մեկ հարցի անդրադառնանք. անկախ նրանից, ոստիկանության գործողություններն իրավաչափ էին, թե ոչ, ինչո՞ւ հենց փետրվարի 3-ին ի կատար ածվեց կալանավորման որոշումը, երբ պարզ էր, որ լրագրողին հայտնաբերելու խնդիր գոյություն չուներ: Այսինքն` խնդիրն արժի դիտարկել նախընտրական զարգացումների խորապատկերի վրա:
Ընտրություններից առաջ լրագրողների աչքը վախեցնելու վարկածը աշխատող չէ, քանի որ վախեցողը առանց այդ էլ կվախենա, իսկ չվախեցողի վրա դա որևէ կերպ չի ազդի: «ՀԺ»-ի գործունեությանն էլ դա չի խոչընդոտի, ընդհակառակը, կթեժացնի այդ թերթի նկատմամբ հանրային հետաքրքրասիրությունը և ինքնաբերաբար կբարձրացնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը հենց ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային սեզոնը սկսելուց առաջ: Գումարած դրան, հենց փետրվարի 3-ին լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 14 տարին, և դա հարցին, անշուշտ, լրացուցիչ ինտրիգ կհաղորդի…
Ի դեպ, հենց նույն օրը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ասուլիսին հայտարարեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր կունենա, բայց բացառեց ՀԱԿ-ի մուտքը իշխող կոալիցիա: ՀԱԿ-ի`ԱԺ-ում հայտնվելու վերաբերյալ արտահայտվել են և այլ հանրապետականներ: Ստացվում է, որ իշխող կուսակցությունը իր կարևոր գործիչների շուրթերով կասկածի տակ չի դնում ՀԱԿ-ի խորհրդարանական հեռանկարը, ու միաժամանակ տեղի է ունենում աղմկալի ձերբակալություն, որը օբյեկտիվորեն նպաստում է ՀԱԿ-ի վարկանիշին: Միգուցե ՀԱԿ-ի առաջ կանաչ լույս է վառվում, բայց նաև նույն ՀԱԿ-ին զգուշացման մեսի՞ջ է ուղարկվում, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում կոշտ է գործելու…
Ի վերջո, իր գործողություններին ընդդիմադիր երանգներ հաղորդող և համամասնական — մեծամասնականի հարցով ՀՀԿ-ին ցուցադրաբար հակառակվող ԲՀԿ-ն էլ ահագին ոստիկանական մեսիջներ ստացավ, այդ թվում և Բանգլադեշի Համոյի ճակատագրի տեսքով: Ավելորդ չէ նշել և Գագիկ Մելիքյանը պնդումը Վարդան Բոստանջյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիոն հուշագրին և 2013-ին սատարելու է Սերժ Սարգսյանին` Մելիքյանը պնդեց, որ հենց Բոստանջյանն է արտահայտել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, իսկ մյուս ԲՀԿ-ականները, այդ թվում` խոսնակներ Խաչիկ Գալստյանն ու Բաղդասար Մհերյանն արտահայտել են իրենց անձնական կարծիքները, քանզի ԲՀԿ-ն չի տարածել պաշտոնական հայտարարություն կոալիցիոն հուշագրից հրաժարվելու վերաբերյալ:
Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի առջև դրվել է պահանջ`արագ հստակեցնել սեփական դիրքորոշումն և, կամ մինչև ՀՀԿ համագումարը հայտարարել իր նվիրվածությունը հուշագրին, կամ նույն ժամկետում պաշտոնապես «ապահարզանի» դիմել և հրաժեշտ տալ կոալիցիային: Մինչդեռ ԲՀԿ-ին ձեռնտու է անորոշ վիճակը պահպանել և մարտի 10-ից հետո ու հնարավորություն ունենալ հարկ եղած դեպքում, կտրուկ քայլ անել ընտրություններից մի քանի օր առաջ, երբ արդեն օգտագործած կլինի և սեփական վարչական լծակները: Արդյունքում` «կիսաընդդիմադիր» ակնարկների ու կեցվածքների շնորհիվ լրացուցիչ վարկանիշ ձեռք բերած կլինի:
Ահա այդպիսի դրամատիկ իրավիճակ: Փաստորեն ստացվում է, որ որոշակի բավականին չոր ակնարկներ են հղվում և Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության ԲՀԿ-ի թիկունքում երևացող Ռոբերտ Քոչարյանին: Ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի` դեռ անցյալ տարի ԲՀԿ-ին հղած «քաղաքագիտական վերլուծությանն» էլ է առնչվում, զի ինչքան էլ ՀԱԿ-ը հայհոյի Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿ-ի առաջնորդը բավականաչափ օգտապաշտ և ցինիկ գործիչ է, որպեսզի իսպառ չբացառի ընտրություններում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների բացահայտ կամ ստվերային համագործակցությունը:
Այսինքն` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հղել են մեկը` բացահայտ, մյուսը` քողարկված վերջնագրեր, ու թերևս հիմա ստանում են հետադարձ վերջնագրերը` բումերանգի էֆեկտով: Հետաքրքիր է, քանի՞ պտույտ դեռ կկատարի այդ «բումերանգը» հետ ու առաջ… Բայց կարող են լինել և համաձայնությունների տարբերակներ. ասենք, Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է ՀՀԿ — ԲՀԿ միասնական ցուցակում (հետագա առավել կարևոր դերակատարման հեռանկարով), ՀԱԿ-ին էլ վերապահվում է հիմնական խորհրդարանական ընդդիմության դերը: Դե, դաշնակները կմնան իրենց տեղում ու կշարունակեն «Ստամուլն արյան ծով» դարձնելու մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ՀԱԿ-ը կհնչեցնի նույն ամբիոնից «ազատական» գաղափարներ… Բոլորը կլինեն գոհ ու շնորհակալ, ընտրությունները` եվրոպական չափանիշներով, ու կողբան միայն դուրսգրված ավելորդները` վարկաբեկված ՕԵԿ-ը և իր ուժերը իրացնել փորձող «Ժառանգությունը»` նորածին «Ազատ դեմոկրատներով» հանդերձ: Կատարյալ հովվերգություն:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Որպես պահեստի սպա` չեմ կարող մասնակից չլինել բանակի 20-ամյակին նվիրված տոնակատարություններին: Տպավորիչ է 20-ամյա ճանապարհը` որսորդական հրացաններից մինչև սեփական ռազմարդյունաբերություն: Տպավորիչ է նաև կարգապահության ապահովման պահը` ոչ մարտական կորուստները նույն մակարդակին են, ինչ ԱՄՆ-ի և Իսրայելի բանակներում: Նաև հոգեբանական նվաճում ունենք` այսօր հարուստ խավի զավակները գերադասում են ծառայած լինել թեկուզ` ձևականորեն:
Մեր պետության համեմատաբար կայացած կառույցն է մեր բանակը: Դա բնական է` եթե այդպիսի բանակ չունենայինք, այսօր մեր բարդ տարածաշրջանում ֆիզիկապես ապրելու խնդիրը լուծած չէինք լինելու: Սպայական միջավայրում ընդուված արտահայտություններից ` «պատիվ ունեմ» դարձվածքը բավականին տարածված է, և չենք կարող չհարցնել`իսկ արդյո՞ք «պատիվ ունեն» քաղաքական դասի ներկայացուցիչները, թե՞ շարունակում են մնալ նպատակն արդարացնող միջոցների գերի…
Ավաղ, մեր քաղաքական վերնախավը դեռևս չի աճել անգամ մեր բանակի վերնախավի մակարդակի. Ինչը, իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ բարձր է: Ընդդիմությունը դեռևս ինստիտուցիոնալ չէ, և իշխանության դեմ թունդ ատելությունը դեռևս շարունակում է մնալ ընդդիմադիր լինելու հիմնական հատկանիշը: Սակայն իշխանության որակն էլ դեռ հեռու է լավը համարվելուց… Դեռևս լուծված չէ այն խնդիրը, որ բիզնեսի լավագույն ձևը չհամարվի իշխանության մեջ լինելը, թեև ՀՀ նախագահը հռչակել է բիզնեսի և իշխանության տարանջատման գործընթացը:
Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ այսօր իշխանական դասի համեմատաբար ազնիվ ներկայացուցիչները ՀՀԿ ում են: Ի տարբերություն այլոց, նրանք չեն կարող իրենց վրայից ցրել իշխանության բոլոր լավ և վատ գործերի համար պատասխանատվությունը: Ինչպես նկատեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` ՀՀԿ-ին սիրել պետք չէ, բայց ՀՀԿ-ն միաժամանակ թույլ չի տա իրեն խեղճացնել… Ու նախընտրական շրջանում ՀՀԿ-ի դիրքը առավելագույնս հստակ է: Այդտեղ մինչ համագումար դեռևս պարզ չէ, թե ովքեր կմնան ցուցակում, և ովքեր դուրս կթռչեն: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ, ում ներկայացուցիչներից շատերին վաղուց հուսազրկեց նախագահը: Խոսքը մնացածների մասն է, ովքեր այժմ ինտրիգների մեջ խորացած լուծում են իրենց տեղն ընտրացուցակում ապահովելու գերխնդիրը և հուրախություն լրագրողների, իրար վրա «գործ են տալիս»: Գործընթացն ինքնին օբյեկտիվորեն ստացվում է այնպես, որ շատերի թերությունները բացահայտվում են, ու վերջում հանրությունն ունենալու է օբյեկտիվ պատկեր, թե ով ինչի է պիտանի: Եվ դա վերաբերում է ոչ միայն բուն ՀՀԿ-ին, այլև նրանց, ովքեր ՀՀԿ-ի հետ միասին ԱԺ կգան կամ ՀՀԿ-ի, կամ ենթադրյալ ազգային-պահպանողական դաշինքի ցուցակով:
Այլ պատկեր է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերների` ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի պարագայում: Երկուսն էլ ձգտում են տեր կանգնել իշխանության բոլոր նվաճումներին, իսկ թերությունները «դուրս գրել» ՀՀԿ-ի վրա… ՕԵԿ-ի պարագայում բացառված չէ, որ այդ կուսակցության «հասանելիքը» զոհաբերեն ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների հարթությունում, քանզի ՕԵԿ-ը իր ախքիկական համբավի շնորհիվ տեղով բեռ է իշխանության Համար և եթե իշխանությունը վերարտադրվելու խոչնդոտներ ունենա, ապա նախևառաջ այդ բեռից կազատվի:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Ռոբերտ Քոչարյանի վերջնական կղմնորոշմանը սպասող այդ կուսակցությունը ձգտում է իր համար «պահեստավորել» բոլոր տաբերակները` ՀՀԿ-ի լիարժեք և պատասխանատու գորընկերոջից սկսած, իշխանությանը «քցող» և ընդդիմություն հռչակվող միավորով վերջացրած: Սակայն այդ երկրորդ տարբերակն արդյունավետ կարող է լինել միայն վերջին պահին կոալիցիայից դուրս գալու միջոցով, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն մինչև վերջ պիտի խաղա ՀՀԿ-ի հետ անազնիվ «առողջ մրցակցության» պայմաններում: Արդեն պարզ է, որ մեծամասնական ընտրակարգով բոլոր ընտրատարածքներում ՀՀԿ — ԲՀԿ կռիվ կլինի, բայց դեռ պարզ չէ` արդյո՞ք վերջնական քաղաքական «ապահարզանի» տարբերակով:
Սակայն անկեղծության բացակայության հիմնական ֆոնով պայմանավորված խաղի պայմաններում նաև անխուսափելի է արտահոսքը ԲՀԿ-ից: Այդ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ԲՀԿ անդամ են դառել` ենթադրելով, որ դա իշխանական կուսակցություն է, որն անվերապահորեն աջակցում է Սերժ Սարգսյանին: Եվ մարդիկ, ովքեր կասկածներ ունեն, որ ԲՀԿ-ն կարող է «քցել» նախագահին (իսկ այդպիսի մտահոգությունները չփարատելը Գագիկ Ծառուկյանի մարտավարության բաղկացուցիչ մասն է), բնականաբար կգերադասեն գնալ շառից — փորձանքից հեռու, ինչը տեսնում ենք Արարատի մարզում և բուհերից մեկի կին ռեկտորի պարագայում: Դա նաև դրսևորվում է այն հանգամանքով, որ ԲՀԿ-ամերձ տարբեր` օրենքի հետ խնդիրներ ունեցող կադրեր զրկվում են իմունիտետից և սկսում են օրենքի առաջ ավելի հավասարի կարգավիճակը կորցնել և դառնալ պարզապես հավասար: Դա, անշուշտ, օբյեկտիվորեն պակասեցնում է անձեռնմխելիների քանակը, ինչն ինքնին դրական է անկախ դրդապատճառներից:
Ի վերջո հանրությունը եթե սովորի, որ հանցագործների կեսին են պատժում օրենքի ամբողջ խստությամբ, հանրությանը էլ հետ չես սովորեցնի: Զի ժողովուրդը պետք մշտապես տեսնի, որ զոհեր են մատուցվում, այլապես կսկսի հակվել դեպի տարատեսակ չհնազանդվելու սխեմաները…
Ինչևէ, ԲՀԿ-ի համար ամեն ինչ կարող է ավարտվել դրամայով: Իշխանությանը քվե տվողները կարող են նրանց ընկալել որպես իշխանությանը քցելու պատրաստ կոնտինգենտ ու քվե չտալ, իսկ ընդդիմադիր — բողոքավոր տրամադրություն ունեցողները կարող է պարզապես չհավատան ԲՀԿ-ի ընդդիմադիր հակումներին: Այդ մասսայի համար չեղած տեղից նույնիսկ դաշնակներն են ընդդիմադիր, իսկ ԲՀԿ- ին ընդդիմադիր համարելու համար նրանք խոսքերով չեն բավարարվի, այլ կփնտրեն իշխանության հետ կապերը խզելու ապացույցներ…
Այնպես որ, ՀՀԿ-ն գլխանց «պատիվ ունի» լինել իշխանական կուսակցություն, բայց ԲՀԿ-ն դեռևս «պատիվ չունի» համարվելու իշխանականից տարբերվող մի բան: Ու Գագիկ Ծառուկյանը միգուցե ստիպված լինի ընտրությունների օրից ահագին շուտ կողմնորոշվել` կամ խելոք-խելոք խոստովանում է իր իշխանական բնույթը և լրացուցիչ քվեների հարցում հույսը դնում է «տուկի թել» բաժանելու վրա, կամ իրեն հռչակում է ընդդիմադիր և զրկվում է վարչական լծակներից և ամբողջ թափով ընկնում է իշխանական մամլիչի տակ: Զի «վերջին պահին» իշխանության հետ նույնանալու կամ իշխանությանը քցելու սխեմաները չեն աշխատի: Մեր ընտրողը կարծես թե հավես չունի վստահելու «շուստրի» կուսակցություններին, քանզի ինքն է ձգտում ավելի «շուստրի» լինել և կամ` քվե տալ հստակ իշխանական ուժին, կամ ԱԺ գործուղել ակնհայտ հակաիշխանական մարդկանց: «Եւ մերոնց, և ձերոնց» տարբերակով առաջնորդվող կիսաժուլիկների հետ ընտրողները գլուխ չունեն, գոնե դրա համար ահագին հասունացել են:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Տոնդ շնորհավոր հայ զինվոր
1992-ին, երբ անակնկալ անկախացած Հայաստանը հայտնվեց պատերազմի ու շրջափակման մեջ, ոչ ոք չէր նախապատրաստել մեզ նրան, որ կարիք կունենանք սեփական բանակի, ու որ ինքներս մեզ պիտի պաշտպանենք արդեն, առանց «մեծ ախպոր»։ Ու երբ լքվեցին մի շարք բնակավայրեր, հասկացանք, որ էդպես կկորցնեն Ղարաբաղը. չկա կանոնավոր բանակ, չկա զենք բռնել իմացող համապատասխան կոնտինգենտ, բայց պաշտպանվել պետք էր, ու բանակը ստեղծվեց՝ ինքնաբուխ ու տարերային, սկզբում ինքնապաշտպանական ջոկատներ՝ որսորդական հրացաններով ու ինչ-ինչ մնացած հին զենքերով, հետո կամաց-կամաց թափ առավ ու աճեց, ու դառավ մարտունակ, ու հետո ճանաչվեց ամենամարտունակը տարածաշրջանում…
Արդեն անցել է 20 տարի, այսինքն հիմա, հենց հիմա էդ բանակում ծառայում է էդ տարիներին ծնված տղան, որը ծնվել է ցրտի, մթի, սովի ու այն տարիների ողջ զրկանքների փնջի օրոք։ Մայրը չէր կարողանում ջուր տաքացնել, որ փոքրիկին լողացնի, լույս չկար։ Քաղաքային բնակարանի մի անկյունում տեղադրված վառարանի վրա մի կերպ ճարված ցախով ջուր էր տաքացնում, լողացնում երեխային, լվանում նրա շորերը ու էդպես մի կերպ էլ չորացնում վառարանի շուրջը։ Երեխան հաճախ էր հիվանդանում, դե, ի՞նչ պայմաններում էր մեծանում, որ չհիվանդանար, ու թերսնված էր, քանի որ մայրն էլ մի կարգին սնունդ չէր ստանում, որ նրա կաթով բավարարվեր։ Ու էդպես կյանքի առաջին տարիներն անտանելի էին, հաց էլ չկար, առաջին անհրաժեշտության սնունդ էլ….
Բայց հաղթեցինք, էդ զրկանքների գնով հաղթեցինք, երեխաներ էլ ունեցանք, ու նրանք արդեն զինծառայողներ են։ Բայց այսօր հենց անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Բանակն իր ներկա կառուցվածքով ու անփույթ ղեկավաման, կոռուպցիոն թողտվությունների շնորհիվ դարձել է երկգլխանի հրեշանվստահություն սերմանելով հասարակության մեջ իր նկատմամբ։ Մեր հասարակությունը անկախության տարիներին ուժեղանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու փոխարեն, էնպիսի բարոյական անկում ապրեց, որ այդ ամենը բանակում խտացած ձևով ներկայացավ, իր ողջ անառողջությամբ: Մարդու կյանքը դարձավ ոչինչ, նյութական ամենափոքր շահը ստիպեց հաբռգած հրամանատարներին խաղաղ պայմաններում զինվոր սպանել, ասենք մի 50 դոլարի համար, կամ էնպես ծեծել ու ստորացնել, որ բանակից հաշմված տղաներ վերադառնան։
Երկար ժամանակ բանակի թեման դասվում էր սրբությունների շարքին, որի մասին չի կարելի խոսել, քանի որ արտաքին թշնամի ունենք, արատների մասին չի կարելի բարձրաձայնել, որ ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, բայց իր գոյության 18–րդ տարում համբերության բաժակը լցվեց։ Առաջ էլ են եղել սպանություններ, գուցե ավելի շատ, որ բանակի առողջացման ջատագովների «աչքն են կոխում»: Բայց կարեւոր չի երբ սկսել, կարեւորը` արդյունք ստանալ:
Իհարկե մեծ դերակատարում ունեցավ իրար հաջորդած մի քանի հրեշավոր դեպքերի` որոնց թվում մեր լրագրող ընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանությունը, որից ցնցվեց լրագրողական աշխարհը, ողջ համացանցը էդ օրերին Ծովիկ հետ էր, Արտակ Նազարյանը մեր բոլորի, ամենքիս եղբայրն էր, ու կա, ու մենք «պայթեցինք»՝ անմիջականորեն զգալով էդ կառույցի հրեշավոր լինելու ու սահմաններ չճանաչելու ողջ բիրտությունը, անպատժելիությունը, «դեդովշինայի» արդարացումներ հնչեցին նույնիսկ ոմանց կողմից, ովքեր փորձում էին ամենաթողության մեղքը բարդել ում վրա ասես, բայց ոչ թերի ու կոռումպացված, քյարթու ու գողական «պանյատկեքով» կառուցված բանակային հիերարխիայի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր այսօրվա հասարակության մոդելը փակ համակարգի մեջ, որտեղ ավելի վառ են երևում հասարակության արատները։
Արատավոր հասարակությունը, արատավոր իշխանության օրոք չի կարող այլևս ունենալ կարգին ու մարտունակ բանակ: Մեր բանակի մեծամեծներն իրենք են գցել մարտական ոգին մեր որդիների, նրանք են իրենց ամենաթողությամբ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով նպաստել նրան, որ բանակը դարձել է բերդի պես մի տեղ, ուր գոյատևում է ամենաուժեղը, ուր թույլին ստորացնելն ու ծեծելը չի պատժվում հավուր պատշաճի, ուր չծխողը ծխող է դառնում, չխմողը խմող, ուր տղաներից ստանում են ստրկամիտ ու ղեկավարելի քաղաքացիներ…
Ակամա մտածում ես, գուցե դա ռազմավարությո՞ւն է, թե չէ ինչպես՞ կարող է հասուն գիտակից մարդ ու ղեկավար լինելով հանդերձ, այսպիսի փնթի բանակային համակարգ ունենալով, չփորձել գոնե մի քիչ մաքրել, կարգուկանոն հաստատել, դա ախր բնազդի մակարդակի բան է…
Սպա բարեկամս ծառայում է լավ զորամասում, ուր լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» են, ու դրա համար էլ «չաստում» կարգուկանոն կա, դրա համար էլ իմ բարեկամ սպան զինվորի ընկերն ու մեծ եղբայր է… Պարոն Օհանյան, խնդրում եմ ձեզ բոլոր մայրերի անունի., գտեք բոլոր զորամասերի համար լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» էլի…
Հիմա մենք բանակի ստեղծման 20–րդ տեդարձին դեպի հետ նայելով ասում ենք. սրա համա՞ր ենք էդքան զրկանք կրել, որ մեր երեխաներին ստորացնեն, ծեծեն , սպանեն խաղաղ պայմաններու՞մ…
Չէ, հայկական բանակը մեր երազած բանակը չդարձավ, ու որքան էլ պաշտոնյաներն ասեն, թե ցանկացած պահին պատերազմի վերսկսման պայմաններում մենք կարող ենք հակահարված տալ թշնամուն, մեկ է, հասարակության մեջ էնպիսի բարոյահոգեբանական ճգնաժամ է, որ անվստահություն է առաջացնում հաղթանակի նկատմամբ։
Իսկ բանակի հիմնական շարժիչ ուժը դա մարտական ոգին է, որը ապրում է հավատով՝ վաղվա օրվա նկատմամբ, ու սնվում արժանապատիվ ծառայությամբ Հայրենիքին…
Շնորհավորում ենք բոլորիս Հայկական Բանակի օրվա առիթով, շնորհավորում ենք զինծառայողներին՝ մեծուփոքր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նաև` Գերագույն Հրամանատար Սերժ Սարգսյանին: Հուսով եմ կկարողանան կարգուկանոն հաստատել իրենց վստահված բանակում, որը ՄԵՐՆ Է, որպեսզի մենք էլ էդ բանակին հանգիստ վստահենք մեր երեխաներին, ու համոզված լինենք, որ կռվի դաշտից դուրս նրանց վտանգ չի սպառնում….
Առանձնահատուկ շնորհավորում ու համբերություն ենք ցանկանում բոլոր նորակոչիկներին, որովհետև նրանք դեռ իրենց կես տարին չեն ծառայել ու ամենախոցելին են այսօրվա բանակում, նաև նրանց հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին:
Բայց ե՞րբ է գալու, ո՞ր տարվա հունվարի 28-ին ենք մենք, մայրերս կարողանալու լիաթոք ասել՝ ԿԵՑՑԵ´ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, ազնիվ լինելով ինքերս մեզ հետ ու չխեղդվելով մեր կոկորդներում կանգնած Փոքր Մհերի էդքան սպասված տեսլականից, որ ստիպում է հայ մորն ասել ՉԵ:Մ ՏԱ ԶԱՎԱԿԻՍ ԲԱՆԱԿ…
Ո՞վ գիտի…
Զարուհի Հովհաննիսյան
Լուսինե Վայաչյան
(մայրեր, քույրեր, քաղաքացիներ)
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Թեև նախընտրական շրջանը հագեցած է ջղագրգիռ ռեակցիաներով, կեղտոտ ինտրիգներով և բարոյական բոլոր նորմերը ոտատակ անելով ու ամեն քայլափոխին ֆանտաստիկ բլեֆներ են հյուսվում, այնուամենայնիվ ամեն քայլափոխի ճշմարտության նոր բացահայտումներ են լինում` հաճախ շատերի կամքից անկախ: Նույնիսկ միսթիկ մակարդակով:
Պայթում են բոլոր քաղաքական փուչիկները: Այսպես, շատերը հասցրեցին «ղժժալ» ՕԵԿ-ի ամանորյա նվեր — ընտրակաշառքի վրա, քանի որ այն հագեցած էր բավականին անորակ ապրանքով ու հետն էլ կուսակցական քարոզչական նյութը այնքան շատ էր, որ ակամա հիշեցնում էր աղանդավորների բուկլետները: Ի դեպ, նրա չար բախտից, թե պատահմամբ, նաև «Հայացք»-ի կայքէջում հայտնվում է լուր, որ «Կյանքի խոսք» աղանդի Քանաքեռում կառուցվող մեծ ու շքեղ շենքի տարածքում արդեն բազմիցս տեսել են Արթուր Բաղդասարյանին…
Չգիտենք` դրա շուրջ կկրկնվի՞ արդյոք «Մարկո Պոլո» ռեստորանում գաղտնաձայնագրման հետևանքով ծագած վաղեմի պատմությունը, բայց մի բան պարզ է, որ ՕԵԿ-ի գործերը «բուրդ» են. Զորօրինակ, այդ հույժ օրինաստեղծ կուսակցության առաջնորդի նկարը որոնելիս «Google»-ի որոնողական համակարգը «ԱԽՔ» բառի վրա ավելի շատ է արդյունքներ բերում, քան անուն-ազգանունի վրա…
Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 2008-ին փակցրած պիտակը իսկական թուղթուգրի ազդեցություն թողեց և, Կարապետիչի ասած, այդ պիտակը նույնիսկ ժավելով չի լվացվի: Բայց Տեր-Պետրոսյանի թիմակիցներն էլ լուրջ խնդիրներ ունեն, և օրինակ Լևոն Զուրաբյանի աչքին ամեն ինչ հանրահավաք է երևում. «Երջանիկ եմ ողջունել այս հանրահավաքը, ներողություն եմ խնդրում` հավաքը»,- 100% համամասնական ընտրակարգին նվիրված ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ասաց նա…
Սակայն ուրիշ հետաքրքիր բաներ էլ եղան: Չորեքշաբթին ավարտվեց իսկական գարնանային անձրևով, իսկ սկսվել էր նրանով, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվեց, իսկ մեկ օր անց կալանավորվեց 48-ամյա Աշոտ Ավետիսյանը, որը հանրությանը քաջածանոթ է որպես Բանգլադեշցի Համո: Պատճառը` որ «սամասուդ» էր արել մի տաքսիստի, որը պատահմամբ մի թեթև հարվածել էր իր 888 «գոլդ» համարանիշով թանկարժեք ավտոմեքենային…
Հանրությանը մամուլից հայտնի են նրա իրականացրած անպատիժ բեսպրեդելի որոշ դրվագները: Այսպես` 2004թ. ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ Բանգլադեշցի Համոն ղեկավարում էր սափրագլուխների այն խմբին, որը հանրահավաքի կազմակերպիչների վրա ձվանետում էր իրականացնում, իսկ այնուհետ ջարդուխուրդ էր արել այն լրագրողների ֆոտո- և տեսախցիկները, որոնք նկարահանում էին այդ հանցագործությունը:
2005 թվականի փետրվարի 4-ին Բանգլադեշցի Համոն ակտիվ մասնակցություն ունեցավ երկու հանցավոր խմբավորումների միջև տեղի ունեցած և մարդկային կյանքեր խլած «ՏԷՑ-ի կռուգի ճակատամարտին», որի ընթացքում միայն թնդանոթներն էին պակաս: Համոն դրա համար ստացավ ընդամենը պայմանական պատիժ:
Ըստ մամուլի, 2010 թվականին Տիգրան Մեծ պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և փախուստի դիմել: Չնայած այդ քաղաքացին մահացավ` «888-անոց գոլդ տղա» Համոն որպես Գագիկ Ծառուկյանի սանիկ դրա համար ընդամենը տուգանք վճարեց: Եւ այդպես շարունակ…
Սակայն հունվարի 18-ին նրան բերման ենթարկեցին Արաբկիրի բաժանմունք ու «փակեցին»: Իհարկե, Համոյին թվում էր, թե տաքսիստը ոչինչ է նրա «ԲՄՎ X-6» մակնիշի 08ՈՕ888 համարով ավտոյի համեմատությամբ, բայց այս անգամ Ծառուկյանի սանիկ լինելը հակառակ արդյունք տվեց, ու նրան ձերբակալեցին, իսկ 888-անոց թանկարժեք ավտոմեքենան տարան տուգանային հրապարակ:
Ի դեպ, այդ 888-անոց «բեսպրեդելշչիկից» հրապարակավ հրաժարվել է ԲՀԿ-ի մամլո խոսնակը. պաշտոնապես հայտարարվել է, որ նա կուսակցական երբևէ չի եղել և երբևէ չի ծառայել որպես թիկնապահ: Բայց միաժամանակ Բաղդասար Մհերյանը դեռ չգիտեր`ձերբակալությունը քաղաքական աստառ ունի, թե ոչ: Իհարկե, հանրությունը մի բոլ կզվարճանա, եթե Բանգլադեշի Համոյին հանկարծ քաղբանտարկյալ հռչակեն, ինչը բացառել չի կարելի: Եթե ԲՀԿ-ի հետ առնչված «պլանքաշներին» հավաքելու անցյալ տարվա օպերացիայի մասին խոսվում էր, որ դա ավելին է, քան զուտ ոստիկանական սովորական գործ, և ԲՀԿ-ի վրա ճնշման ձև է, ապա կուսակցության առաջնորդի սանիկի կալանքի դեպքում ավելի հետաքրքիր քաղաքական ձևակերպումներ կլինեն: Դե, եթե Գագիկ Ջհանգիրյանի պես մեկն իրավունք ուներ կոչվելու քաղբանտարկյալ, ապա Համոն նրա համեմատ ահագին անմեղ է…
Ինչևէ, Համոյի կալանքով դեղին, իսկ միգուցե նաև`կարմիր քարտ է ցույց տրվել 888 սերիայի համարանիշներով շքեղ ավտոմեքենաներ սիրող ամբողջ թիմին: 888 թիվը, որը երկու տասնամյակ համարվում էր այդ օլիգարխիկ կլանին հաջողություն բերող թիվ, մի տեսակ թալիսման, կարծես թե այլևս կորցրել է իր պահպանիչ զորությունը: Ի դեպ, թվերի մոգական հատկությունների մեծն գիտակ Պյութագորասը 888-ը համարում էր Տիեզերական ձմռան թիվ, որը խորհրդանշում է կեղծավորության, բռնակալության, նաև`ոսկու պաշտամունքի դարաշրանը: Հնդկաստանում այդ` 2600 տարի տևող դարաշրջանը կոչում էին Կալի-Յուգա, իսկ Հայաստանում, Իրանում, Հունաստանում, Հռովմեական կայսրությունում` Ձկների դարաշրջան: Այժմ, ըստ թաքնագետների, արդեն մի քանի տարի է, ինչ ավարտվել է Ձկների դարաշրջանը և սկսվել է նոր` Ջրհոսի դարաշրջան, որը շատ ավելի հրեղեն է ու դինամիկ: Թե ինչ կբերի դա մեր երկրին մասնավորապես ընտրությունների պահով` դրա ականատեսը կլինենք բոլորս, բայց կեղծիքի ու ստի պակասելու ցավոտ գործընթաց հաստատ կլինի: Ու նաև նույն` տվյալ դեպքում նշանառության տակ գտնվող ԲՀԿ-ից էլ արագորեն կմաքրվեն պատեհապաշտները, ում հետաքրքրում է բացառապես ԲՀԿ առաջնորդի կարողությունից օգտվելը… Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Երևանի քաղաքապետարանն այսօրվանից սկսել է աշխատանքներ իրականացնել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ չկա հստակ տեղեկություն, թե սեփականատերերի հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, փոխհատուցման ինչ կարգ պետք է գործի: Բայց, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված առաջին ճեպազրույցում հայտարարել էր, թե ինքը շարունակելու է ապամոնտաժման աշխատանքները ու այսօր դրանք մեկնարկել են, փաստ է։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ողջունեց աշխատանքի մեկնարկն, ասելով թե` ուրախ է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքի տերը եղավ, որ քաղաքի այդ հատվածը ի վերջո կվերադարձվի երևանցիներին, ճեմուղու տեսքով, ինչը որ ի սկզբանե նախագծված էր ճարտարապետների կողմից:
Ըստ Մինասյանի դրանով կվերականգնվի նաև սոցիալական արդարությունը. Քաղաքի ոչ էլիտար թաղամասերում ապամոնտաժված կրպակների տերերն այլևս չեն դժգոհի, թե իրենց ու Աբովյան փողոցի սեփականատերերի միջև տարբերություն են դնում:
Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։
Գործով անցնող մյուս ամբաստանյալը`Էրհան Թունցելն արդարացվել է սպանության մասով. նրան դատարանը մեղավոր է ճանաչել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում մասնակցության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Հրանտ Դինքի ընտանիքը համաձայն չէ վճռի հետ և գտնում է, որ արդարությունը չի հաղթանակել. Ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը մեկնաբանելով դատարանի վճիռն ասել է, թե` այն նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ «Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- վճռի հրապարակումից հետո ասել է նա։
Դինքի ընտանիքի փաստաբանը խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը դեռ ոչինչ չի նշանակում. այն Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։
«Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- նկատել է փաստաբանը։
Դատարանի շենքի դիմաց ինչպես միշտ մարդաշատ է եղել. Մարդիկ ցուցապասառներով էին. «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» կարգախոսով:
«Հրանտի ընկերներ» անվամբ խումբը, որը դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես Ստամբուլի դատարանի շենքի դիմաց էր:
Պարզվում է որ մեղադրող դատախազը նույնպես բավարարված չէր վճռով, նա դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի վճիռը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։
Պատմությունը կրկնվում է. այս պահին գրեթե 350 մարդ, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, չեն կարողանում Վերին Լարս անցակետով Ռուսաստան մտնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-գործակալությունը, նշելով, որ քամի է առատ ձյուն ու փոթորիկ: Մառախուղի ու տեսանելիության պակասի արդյունքում հետագա անելիքների մասին ոչինչ չի նշվում:
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքացիներին ապաստան են տրամադրել Դուշեթի շրջկենտրոնում, ապահովել սննդամթերքով, նրանց կայցելի Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը: Քաղաքացիների մեծամասնությունը Վլադիկավկազի ուղևորներն են: Հավատացնում են, որ սահմանը կբացվի եղանակի կարգավորվելուն պես, իսկ կանխատեսումների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ռուսաստանի և Վրաստանի միջեւ գտնվող «Վերին Լարս» անցակետը փակվել է հունվարի 16-ին ` մինչեւ հատուկ կարգադրություն ստանալը այն կմնա փակ: հունվարի 15-ից փակ է նաև նաեւ Ռուսաստանն Անդրկովկասի հետ կապող մյուս անցուղին` Տրանսկամը:
Վրաստանը չդադարող տեղումներով և անբավարար տեսանելիությամբ է պայմանավորում սողանքային առավել վտանգավոր օջախները վերացնելու անհնարինությունը:
Հիշեցնենք, որ Ռուս — վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի մատուցած անակնկալները նոր չեն. անցակետը վրացական կողմից փակվեց նաև նոյեմբերի սկզբներին, ինչը ըստ Վրաստանի պայմանավորված չէր քաղաքական շարժառիթներով: Սակայն հայ վարորդները պնդում էին, որ վերաբերմունքը հայերի և մյուս բեռնափոխադրողների միջև տարբեր են եղել և անցակետում խնդիրներ են ունեցել հատկապես հայերը:
Այդ ժամանակ վրացական կողմը անցակետում հայտարարություններ չէր փակցրել, թե երբվանից է փակում անցակետը, ինչպես սովորաբար վարվում էր նախորդ տարիներին: Այդ պատճառով հայ վարորդները հանկարծակի էին եկել` տեսնելով փակ անցակետը: Երկրորդ` նախորդ տարի բավական երկար ժամանակ չէր գործել Փոթի — Նովոռոսիսյսկ լաստանավը, ինչի հետևանքով բեռնատար մեքենաները պարզապես այլընտրանք չունեին: Դոնի Ռոստովից մինչեւ Վերին Լարս ճանապարհներին հայտնվեցին սպասողական վիճակում:
Ճիշտ է դեկտեմբերի 2-ին և 3-ին տեղումները դադարեցին, ինչը հնարավոր դարձրեց բեռնատարների փոխադրումը քարշակներով:Սակայն որպես վարձ այդ ծառայության համար յուրաքանչյուր մեքենայից գանձվել էր 220 դոլար: Հետաքրքիր է այս անգամ ի՞նչքան կնստացնեն հայ վարորդների վրա Լարսի անցակետը:
Վաղը Ապարանցիները նշում են իրենց նոր տարին, որը Ապարան հայրենակացական միության նախագահի փոփոխությունից հետո, 2012 –ին, ասում են, տոնվելու է մի առանձին շուքով: Ճիշտ է, մարդիկ մտավախություն ունեն, որ նորաթուխ նախագահ Սամվել Ալեքսանյանի շռայլությունը կարող է իրենց վրա շատ թանկ նստել, քանի որ թե’ ապարանցիները, թե’ նրանց հյուրերը վախենում են խմել նրա արտադրած օղին, բայց դե սա այն պահն է, որ հրաժարվել էլ չեն կարող:
Ինչևէ, այսօր երեկոյան Մոսկվայից Երևան կժամանիթիվ մեկ ապարանցին`գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի հյուրերն են հիմնականում լինում հին տոմարով Նոր տարի նշող ու ապարանցիներին պատվող հրավիրյալները:
Այսօր մեկնարկած դատական նիստին ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանին հայտնեց, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան սկսվել է վերջին շրջանի ամենաաղմակահարուց դատավարություներից մեկը:
Օրվա երկրորդ կեսին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց Մարգար Օհանյանին գրավի դիմաց ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունը:
Դատարանում մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, Մարգար Օհանյանին մեղավոր ճանաչելով պաշտոնական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ:
Մինչ դատավարությանն անցնելը նշենք մի փոքրիկ նրբություն. ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, այդ մասին նա հայտարարեց նաև դատարանում, սակայն բավականին խոշոր գումար է փոխանցել պետբյուջե, մի մասն էլ դեռ պատրաստվում է փոխանցել:
Դատարանում, ի տարբերություն գործով անցնող մյուս ամբաստանյալի, խոսք չգնաց նաև իրեն մասնակի մեղավոր ճանաչելու մասին: Հարց է ծագում, եթե նախկին ՃՈ պետը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի երկու կետի հետ էլ,ապա ինչու է փոխանցում գումարը: Իսկ մեղադրանքի` պաշտոնական դիրքը չարահաշելու մասով Մարգար Օհանյանը դատավարության հենց սկզբում ասաց, թե բացահայտումներ ունի անելու:
Չի բացառվում, որ փոխհատուցելով գումարը և ասելով այն` ինչը որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում նրան թույլատրված է ասել, Օհանյանին մեղմ պատժեն: Չի բացառվում, որ մարգարօհանյան օպերացիայով լուծվում են մի քանի հարցեր. Նախ նախընտրական ժամանակահատվածում, երբ ոստիկանության դերն էապես աճում է՝ իրավիճակը վերահսկելու տեսանկյունից, իշխանությունը փորձում է հավատացնել ժողովրդին, թե` անձեռնմխելիներ չկան:
Սա կարող է վերաբերվել նաև ոչ միայն նախկին ՃՈ պետին: Այլ ուղղակի առնչվել նաև Օհանյանի խոստացած հետաքրքրական բացահայտումների զոհին: Դրանք կարող են հետաքրքրական արձագանքներ առաջ բերել նաև ոստիկանական համակարգում: Ինչը ժամանակահատվածի հետ կապված, շատ կարևոր է այսօր:
Արդյո՞ք Օհանյանի վՃարումների ու դրա հետ կապված մեղմ պատժի մասին լուրերը, նրա այսօրվա դուխը, պայմավավորված չէ այն հանգամանքով, որ արդեն կա սցենար, որի համաձայն նրան թույլ են տվել մի քանի քար նետել իր գլխավոր ախոյանի` Ալիկ Սերգեյիչի ուղղությամբ: Կտա՞ փուռը Սերգեյիչին, Բաղրամյան 26-ը, դեռ պարզ չէ, բայց որ կսմիթներ կլինեն, արդեն ակնհայտ է, իսկ թե ինչպես է և ում հեղինակությամբ էր ՀՔԾ –ում ամիսներ շարունակ մշակվում այս սցենարը, կարելի է կռահել: Ի դեպ Սերգեյիչի պաշտոնանկության հիմնական պատճառներն էլ պետք է փնտրել այդ լաբիրինթոսում:
Հ.Գ.Դատարանում մյուս ամբաստանյալը` 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը առհասարակ հրաժարվեց պատասխանել հարցերին, իսկ Արա Լևոնյանն ու Սամվել Մախմուրյանը իրենց մեղավոր ճանաչեցին. Միայն ըստ վերջինիս`մեղադրական եզրակացության մեջ սխալ կա, ու նա իրեն մեղավոր է ճանաչում, սակայն մասնակի վերապահումներով` եզրակացության բովանդակության հետ էլ համաձայն չէր: Նա պարզաբանեց, որ Մարգար Օհանյանը իրեն ոչինչ չի հանձնարարել, կամբատը` այսինքն Ստեփան Կարախանյանն է հանձնարարել:
Դատավարությունն անցկացնելու կարգը որոշելուց հետո`այն սկվելու է ապացույցների հետազոտմամբ, դատավոր Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 13-ը, ժամը 11:30-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.