23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզ հասած մի շարք դժգոհությունները Բիլայն կապի ծառայությունից, ինձ ստիպեցին անդրադառնալ տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որի մասին խոստացել էի պատմել, և որի պատճառով այսօր ինձ համար ստեղծվել է մի շատ տհաճ իրավիճակ:
Կարծում եմ, որ «ԱրմենՏել»ից քաշվածները քիչ չեն ու այս պատմությունը կնորոգի մարդկանց հիշողությունները, իսկ մենք պատրաստ ենք «հրապարակել» դրանք: Այն անզորությունը, որ դու զգում ես քո իսկ երկրում, բախվելով օտարերկրյա ընկերությունների անառիկ պատին, մեկ անգամ ևս գալիս է փաստելու, քո իսկ երկրում անպաշտպան քաղաքացի լինելու տխուր իրականությունը:
Չգիտեմ, Արմենտելի ղեկավարությունը տեղյա՞կ է, որ իր աշխատակիցների անտարբերության ու փնթի աշխատանքի պատճառով, բաժանորդներն ընկնում են չափազանց տհաճ իրավիճակի մեջ ու անվանարկվում է ընկերությանը: Իրենք` իրենց փնթիությունը չբացահայտելու, թե՞ ղեկավարության չոր ցուցումը կատարելու համար կոծկում են իրական պատկերը ու դժգոհների թիվը գնալով ստվարանում է:
Այս պատմութունը դրա հավաստի ապացույցն է.
Իսկ պատմությունը հետևյալն է. Հեռախոսահամարը, որն ըստ Բիլայնի տրամադրած տեղեկանքի, խզվել է 23.05. 2008-ին այժմ ունի 83 889 դրամ պարտք, որը ենթակա է վճարման: Այդ մասին բաժանորդը` հանձինս ինձ, տեղեկացվում է 4 տարի անց` 2012 –ի շատ պատահաբար, երբ հաշիվները ակտիվացնելիս տեսնում է, որ դրանց վրա կալանք կա:
Ի՞նչ է տեղի ունեցել. 2008-ին իմ բջջային հեռախոսահամարի վրա եկած պատքի չափն ինձ զարմացրեց, ու ես դիմեցի Չարենցի փողոցի վրա գտնվող ԱրմենՏելի բաժանմունք, պարզելու եղելությունը: Այնտեղ աշխատակիցը ինձ հավատացրեց, որ նմանատիպ բողոքները շատ են, քանի որ «համարների վրա անկապ զանգեր են նստել»: Ու ասաց թե` իրենց մոտ հիմա ստուգումներ են, երբ կպարզվի ինչն ինչոց է, տեղյակ կպահեն: Հետո հեռախոսահամարն անջատվեց ու, քանի որ մնացել էի առանց կապի միջոցի, որոշեցի վերցնել այլ օպերատորի նույն համարը: Ու ստացվեց այնպես, որ չհետևեցի գործի ընթացքին: Եւ դա է իմ միակ մեղքը: Հետո ինձ ասացին, որ հետևողական չլինելու` այսինքն Բիլայնին վստահելու` ընթացքում, սպասելով տեղեկության, անջատված համարի վրա չգիտես ո՞ր ծառայության դիմաց պարտքեր են կուտակվել ու գումարը դարձել է մոտ 84 հազար դրամ:
Իսկ որ ամենահետաքրքիրն է, Բիլայնը մտնում է դատարան, որն էլ առանց ճշտելու կողմին պատշաճ ծանուցվել է թե ոչ, որոշում է կայացնում ու որոշում կալանք դնել իմ հաշիվների վրա, ինչն էլ ի կատար է ածում ԴԱՀԿ — ը:
Օրերս ԱրմենՏել ընկերությունը տեղեկացրել է, ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր:
ԱրմենՏելը հայտնել է իր բաժանորդներին, որ նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:
Մոտավորապես նման իրավիճակ էր և 4 տարի առաջ: Սակայն այսօր ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:
Մենք էլ հորդորում ենք` հետևողական եղեք, այլապես գուցե թե տարիներ հետո ստիպված կլինեք, վճարել Արմենտելին, ձեր չկատարած զանգերի համար, քանի որ այս ընկերությունում ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Տեղի ունեցած ցանկացած աբսուրդի համար պատասխանատուն բաժանորդն է:
Ռուզան Ավոյան
Գիտության ֆինանսավորման նոր հայեցակարգը առաջնային նշանակություն ունի մեր երկրի կայացման համար: Նախընտրական շրջանում կուսակցությունները, իրար հերթ չտալով, շահարկում են այդ խնդիրը: Սակայն համոզված ենք, որ նրանք ամբողջական պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը: Գիտության ֆինանսավորման նշված հիմնախնդրի շուրջ զրուցեցինք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:
— Պրն. Ասատրյան, նկատի ունենալով, որ Դուք անմիջական առնչություն ունեք քննարկվող հիմնահարցին, կխնդրեինք Ձեր տեսակետը Գիտության ֆինանսավորման ավելացման հարցի վերաբերյալ:
— Իհարկե, լավ կլիներ, որ գիտության ֆինասավորումն ավելացվեր, այսինքն՝ պետական բյուջեից տրամադրվող միջոցները կրկնապատկվեին, նույնիսկ եռապատկվեին: Սակայն, իմ կարծիքով, դրանց բախշման այսօրվա կարգը թույլ չի տալիս այն նպատակային օգտագործել: Դա կլինի այնպես, ոնց որ ավազի մեջ լցնես: Ինչու՞ ավազի, քանի որ այդ ֆինանսների նպատակայնությունը ճշգրտված չէ: Մենք ռեգիստր չունենք, թե գիտության ո՞ր ճյուղերում կարող ենք մրցունակ դառնալ, կամ ո՞ր ճյուղերում է այդ միջոցների ներդնումը հեռանկարային: Այսինքն` գիտության ո՞ր բնագավառում զարգացման ինչ ներուժ ունենք: Սա պետք է որոշակիացվի: Հստակ չափանիշներ մշակվեն, և այդ չափանիշներով մարդիկ, հիմնարկները, ինստիտուտներն աշխատեն: Դրանից հետո միայն պետք է մտածել ֆինասավորման մասին, գտնել դրանց հայթայթման այլընտրանքային աղբյուրներ: Այդպես պետք է լինի: Այժմ հախուռն տարփողվող ֆինանսավորման կարգախոսը գիտականորեն հիմնավորված չէ, և այդ գումարները գնալու են ի տնօրինություն այն մարդկանց, ովքեր ավելի քան մոտավոր պատկերացում ունեն մեր հանրապետության գիտական բազայի և վերջինիս զարգացման ոլորտների հեռանկարայնության մասին: Այս պարագայում նոր հատկացումները ոչինչ չեն փոխի:
— Իսկ հնարավո՞ր չէր այդ ամենը անել մինչ օրս:
— Պետք է կազմվի հանձնախումբ՝ ներառելով միջազգային որոշակի շրջաններ, ոչ թե սփյուռքի (խնդրում եմ չշփոթել), որովհետև սփյուռքում մենք, ցավոք, առանձնապես գիտական մեծ ներուժ չունենք, այլ միջազգային ճանաչված մասնագետների՝ նրանց փորձագիտական կարծիքը ստանալու համար: Պետք է ճշգրտել մեր գիտական ներուժը (բուհ, ակադեմիա, գիտական և ճյուղային հիմնարկներ), և դրա հիման վրա և այդ մեկնակետից էլ կատարել ֆինանսավորումները:
Հայտնի իրողություն է, որ այն մարդիկ, ովքեր գիտության բնագավառում գործ են անում, ղեկավար դիրքերում չեն, հետևաբար նրանց այդ գումարը չի հասնի: Այսինքն` ամեն ինչ պետք է կոնկրետացվի: Ասենք, օրինակի համար, ֆիզիկայի որևէ ճյուղում, օրինակ՝ օպտիկայում, մենք ի՞նչ ունենք, ովքեր ի՞նչ կարողություն ունեն՝ միջազգային նորմերին համապատասխանության առումով: Նույնը նաև հասարակական և գիտության մյուս ոլորտներում:
— Ինչպե՞ս կբնորոշեք ազգային գիտությունը, ու կա՞ նման հասկացություն մեզանում: Ո՞ր ճյուղն է առաջագնա:
— Չկա ազգային կամ միջազգային գիտություն, չկա հայկական կամ ամերիկայն գիտություն: Այն կամ կա, կամ չկա:
— Հայաստանում գիտության համարումը ընկել է, և նախկինի պես չի կարևորվում գիտնականի վաստակը:
— Ես բնագետ չեմ, սակայն գիտեմ, որ բնական գիտություններում, մասնավորապես ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի ոլորտներում զգալի ձեռքբերումներ կան: Համենայն դեպս, ժամանակակից հասարակական գիտությունների ոլորտից կարող եմ փաստել, որ հայ իրանագիտությունը կամ, մեծ իմաստով, կովկասագիտությունը միջազգային լուրջ ճանաչում ունի, որ, ըստ ամենայնի, ջանում ենք զարգացնել: Բայց հասարակական գիտություններում, գրեթե բոլոր բնագավառներում, հետընթաց է նկատվում: Սա մտահոգիչ է, քանի որ, գաղտնիք չէ, Թուրքիան և Ադրբեջանը լրջորեն զբաղվում են միջազգային գիտա-ուսումնական կենտրոններում երիտասարդ մասնագետներ պատրաստելու խնդրով: Այստեղ մենք թերանում ենք:
-Իսկ ի՞նչ է պետք դրա համար, ի՞նչն է, որ մենք չենք կարողանում անել:
— Դրա համար նախ պետք է մշակել չափանիշներ և այնպիսի համակարգ, որ գիտնականը վարձատրվի իր աշխատանքին համահունչ: Պետք է մշակել գիտնակաների գործունեության գնահատման չափանիշներ: Շատերն ասում են` կադրեր ուղարկենք արտասահման՝ սովորեն, գան: Եթե ես մեկին ուղարկեմ Հարվարդում սովորի, այնուհետև Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր գիտական հոդվածներ գրի, գրքեր հրատարակի և վերադառնա Հայաստան, այստեղ նա չի կարողանա արժանապատիվ գոյություն ապահովել: Նա չի կարող կարիերիայի զարգացում ապրել, քանի որ հաշվի չի առնվում նրա գործունեության չափանիշները. ոչ ոքի չի հետաքրքրում նրա գիտական պատրաստվածությունը և զարգացման ներուժը: Այսինքն`այս բացասական «ընտրության» և արժևորման խնդիրն այն է, որ մարդ մտածում է՝ ինչու վերադառնալ: Իսկ եթե չափանիշները գործեն, բնական է, որ մարդիկ շահագրգռված կլինեն գնալ արտասահման սովորելու: Այսինքն՝ արժանիին արժանին մատուցելու խնդիրն է: Դրանով էլ գիտությունը կզարգանա, պետությունը կզարգանա: Մենք ուրիշ ճանապարհ չունենք. ինչքան էլ միլիոներ ներդրես, որևէ արդյունք չի տա:
— Ուզում եք ասել, որ գիտությամբ զբաղվելը խթանող մեխանիզմնե՞ր է հարկավոր մշակել:
— Այո, անցել են ժամանակները, երբ գիտության մշակի համարումը գոհացնում էր մարդկանց: Այսօր գիտությանը նվիրվող երիտասարդը պետք է իմանա, որ կարող է ապահովել իր ընտանիքը, հոգալ իր դիրքին հարիր կարիքները, արժանապատիվ ապրել: Նա պետք է վստահ լինի իր զարգացման հեռանկարում, հեռանկար, որ որոշարկված կլինի ազնիվ մրցակցությամբ:
Շուշան Գալստյան
ՕԵԿ-ի բախտը չի բերում: Մեկ նրանց ապաշնորհ ֆունկցիոներները որոշում են գյուղերից մեկում ընտրողների սիրտը շահել «քելեխի արաղով»` հարուցելով գյուղացիների վրդովմունքը, մեկ Հեղինե Բիշարյանը բերնից թռցնում է «ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են», ու այդ լեզվի սայթակման վրա մի շաբաթ է, ամբողջ երկիրն է հռհռում… Հիմա էլ ապրիլի 7-ի տոն օրով հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ ինչ-որ մեկը սխալ կոճակ սեղմեց, և ելույթ ունեցողի խոսափողն անջատվեց, փոխարենը միացավ ծափերի ձայնագրությունն, ու շատ անհարմար բան ստացվեց: ԱԽՔ պիտակը քիչ էր, հիմա էլ դառել են իսկական Ձախորդ Փանոս…
Գումարած դրան, «ընտրությունների վերահսկման հանրային շտաբ» ձևավորելու ժամանակ ՕԵԿ-ին «մոռացան» հրավիրել, ինչը հիմք տվեց Գալուստ Սահակյանին հեռանալ Քաղաքագետների միության տարածքից… Հենց այդ նախաձեռնության շուրջ էլ, որ տեղավորվում է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» տրամաբանության շրջանակում, ահագին երևույթներ ի հայտ եկան, որոնք հայկական «շուստրիության» վառ դրսևորումներ են:
Զորօրինակ, Խաչիկ Գալստյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը ԲՀԿ — ինը չի, Քաղաքագետների միությանն է, մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի ցուցակում 9-րդն է. դա մոտավորապես նույնն է, որ աղվեսն ասի` ես չեմ, պոչս է: Մյուս «շուստրիությունը» հիմնականում կապակցվում է Օսկանյանի հետ: Օսկանյանը «քլնգում» է կառավարությանը, հայտարարում, որ կոալիցիան ձևական է, որ ԲՀԿ-ն պատասխանատու չէ կոալիցիայի գործողությունների համար առհասարակ: Ու մի կողմից ԲՀԿ-ի գործիչները չեն մեկնաբանում Օսկանյանի և Հմայակի ասածները, ձգտելով դրա հաշվին ստեղծել ընդդիմություն լինելու պատրանք, մյուս կողմից «ձևական կոալիցիայի» ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները չեն շտապում վայր դնել «ձևական» լիազորությունները, ու լավ էլ աշխատացնում են իրենց ձեռքում եղած վարչական ռեսուրսը հօգուտ ԲՀԿ-ի: Դե, կոալիցիայի համար «անպատասխանատու» լինելու նորամուծությունն ընդհանրապես նման է պոռնոաստղ Ելենա Բերկովայի` վիրահատական ճանապարհով ձեռք բերած «յուղը վրեն» կուսությանը, զի ինչպես կարող է խմբակցություն, նախարարներ, մարզպետներ ու այլ պաշտոնյաներ ունեցող ուժը պատասխանատու չլինել կառավարության գործունեության համար:
Մյուս «շուստրիությունը» հետևյալն է. ընտրողները խանդավառվում են «բարի և ուժեղ» Գագիկ Ծառուկյանի բարեգործություններով, սակայն նրանց չեն տեղեկացնում, որ նրանք քվե են տալիս ոչ միայն Ծառուկյանին ու վերջինիս թիմին, այլև Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ բերած ու արտոնյալ վիճակ ստացած Վարդան Օսկանյանին և Հմայակ Հովհաննիսյանին: Համ էլ այդ երկուսի արտոնյալ վիճակն է շատ տարօրինակ` եթե ԲՀԿ-ի գործիչները Ծառուկյանի հետ չհամաձայնեցված մեկ բառ հանկարծ թռցնեին, դրանից հետո ահագին ժամանակ կակազելով էին խոսում, իսկ այս երկուսն ասում և անում են ինչ կամենում են (կամ ինչ հրահանգ ստանում են, բայց ոչ Ծառուկյանից), և նրանց վրա չի տարածվում առավել քան կոշտ «առյուծային» ներկուսակցական կարգապահությունը: Եվ արդյունքում կարող է ստացվել, որ այս երկուսի (իսկ իրականում` ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանի) արկածախնրությունների համար ամբողջ կուժն ու կուլան կարող է կոտրվել Ծառուկյանի գլխին: Համ էլ Օսկանյանի անձն այնպիսի դիսսոնանսի մեջ է մտնում ռուսասեր և Լուկաշենկոյին բարեկամ ԲՀԿ-ի կերպարի հետ, որ էլ դու սուս… Ախր Օսկանյանից արևմտամետ մեկ էլ Օսկանյանն է:
Ու դա էլ է «շուստրիության» պահ. Օսկանյանի դեմքով ստանալ օրը մեջ մեր ըտրությունների մեջ քիթը խոթող ամերիկացիների բարեհաճությունը, բայց միաժամանակ Ծառուկյանի դեմքով ունենալ ռուսների լավ վերաբերմունքը:
Մի ուրիշ պահ էլ. «Ընդդիմադիրոտ» «միասնական շտաբի» միայն ընդդիմադիր անդամ կուսակցությունները դիմել են պետական մարմիններին` հրապարակելու այն քաղաքացիների ցանկը, որոնք ընտրողների ցուցակում են, բայց մշտապես բացակայում են երկրից: Ստորագրողների մեջ ԲՀԿ-ն չկա: Հարց է ծագում, էլ ի՞նչ «միասնական շտաբ», եթե մեջների հզորագույն մասնակիցը մի կողմ է քաշվել այդպիսի հարցում: Ոստիկանությունն էլ այդ հարցում յուրահատուկ «շուստրի» դիրքորոշում ունի` ընտրողների ցուցակները բաց են, բարի եղեք ինքներդ ահազանգել, թե ո՞ր մի քաղաքացին մշտապես դրսում է, բայց հյուպատոսարան չի այցելել և հաշվառումից դուրս չի եկել: Դե, ռսի ասած, «и комар носа не подточит», չոր օրենքի տեսակետից ոստիկանները պարտավոր էլ չեն սեփական նախաձեռնությամբ մաքրել ցուցակները: Այ, ուրիշ հարց, եթե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ բացակայողների փոխարեն քվեարկում են, բայց Ծառուկյանի խոսքով ասած` «այդ մասին հաջորդ դասին»:
Սակայն այդ «շուստրիության» պատմությունները կարող են հետաքրքիր շարունակություն ունենալ: Կարող է գալ պահը, երբ ԲՀԿ-ին պարզապես կզրկեն վարչաֆինանսական լծակներից օգտվելու հնարավորությունից: Օրինակ, հենց ընտրակաշառքների դեմ պայքարը կարող է հանգիստ կոտրվել ԲՀԿ-ի «բարեգործների» գլխին: Դե, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի հաշվին հեռու չես գնա, համ էլ հեչ բացառված չի, որ վաղուց արդեն դուրսգրված համարվող կոմունիստներին օգնեն հավաքել ընդդիմադիր քվեներ և հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ասենք ՀԱԿ-ը, կամ ավելի հավանական է`«Ժառանգությունը», մնա «բորդյուրին»:
Խոշոր հաշվով, ամեն ինչ էլ հնարավոր է այս նախընտրական արևի տակ: Միայն մի բան ակնհայտ է` պետության մեքենայի դեմ իրոք «խաղ չկա», լինի դա ավտորիտար երկրում, թե ժողովրդավարական: Համ էլ բոլորը, այդ թվում և հայրենի կառավարությունը, վաղուց դասեր են քաղել ինչպես «գունավոր հեղափոխություններից», այնպես էլ «արաբական գարուններից», ու խոշոր հաշվով նաև հեղափոխականորեն տրամադրված զանգված չկա: Չէ՞ որ հայերը «շուստրի» են, և ամեն ոք գերադասում է, որ իր հարևանը, այլ ոչ թե ինքը մասնակցի փողոցային «մարտերին»: Ու դրանից է գալիս, որ «շիրա տվողները» մի քանի անգամ ավելի շատ են, քան իրական հեղափոխականները:
Ինչևէ, այս հրաշք գարունքով կան շատ ավելի հետաքրքիր և հաճելի բաներ, քան մեր կյանքում մեծ հաշվով ոչինչ չփոխող ինչ-որ ընտրություններ: Առողջ եղեք, և վայելեք գարունը:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մի քանի օրից կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Բոլորը գիտեն, թե ինչ վերջաբան դա կունենա, բայց… ձևեր են թափում: Բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն անխուսափելիորեն վերցնելու է 50 տոկոս և ավելին: Բոլորը գիտեն, որ ԲՀԿ-ի «ընդդիմադիր» վազքը մինչև հարկայինաոստիկանական մարագն է: Բոլորը գիտեն, որ ԱԽՔ-ի կուսակցությունը իրականում 5 տոկոսը չի անցնելու, պակասը դրանց շպրտելու են ողորմության պես և պայման են դնելու` այլևս ոչինչ չուզելու…
Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը ոչ մի «ավազակապետության կազմաքանդում» չի անելու, ու ԱԺ հասած սակավաթիվ երջանիկները իրար հերթ չեն տալու` բացատրելով, որ իրենց ներկայությունը խորհրդարանում անխուսափելիորեն ապահովելու է իրենց հաղթանակը նախագահական ընտրություններում… Բոլորը գիտեն, որ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «քաղաքացիական հասարակության» անխախտ դաշինքի 5 տոկոսի համար խնդրվելու են ամերիկացիք` ճիշտ այնպես, ինչպես 2007-ին… Բոլորը գիտեն, որ դաշնակներին թողնելու են գալ խորհրդարան, որպեսզի Սփյուռքը չնեղանա…
Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց բոլորը միասին ու առանձին — առանձին աբսուրդի թատրոն են խաղում:
Վարդան Օսկանյանը դեմքի խելոք արտահայտությամբ ասում է, թե ԲՀԿ-ի` կոալիցիայում գտնվելը ձևական է և միշտ էլ ձևական էր, նրա կուսակիցներն էլ ձայնակցում են, որ մինչև վերջ պայքարելու են ընտրակեղծիքի դեմ: Պայքարողներիս նայեք` դո՞ւք չէիք, որ 2007-ին մասնակցում էիք քվեներ դզել-փչելու բոլոր գործընթացներին, դո՞ւք չէիք «տուկի թել» բաժանում, դո՞ւք չեք, որ արդեն եհովականների պես զահլահան արիք, գնալով բնակարանից բնակարան, ձեռի հետ էլ նյութական բարիք խոստանալով: Թե՞ ձեր բաժանած ընտրակաշառքը հալալ ա, իսկ ասենք, ախքիկների բաժանած դդմի ջեմը կամ հանրապետական թեկնածուների տվածը` հարամ… Ձևակա՞ն էիք կոալիցիայի մեջ. Այսինքն, ձեր նախարարներն ու մարզպետները ձև՞ են անում, որ կառավարում են, պարոն Քուշկյանի գերատեսչության հիվանդանոցներում ձև՞ են անում, որ բուժում են, վիրտուալ դեղե՞ր են տալիս, վիրաբույժների դրած կարերը վիրտուա՞լ, ձևակա՞ն են…
Չնայած վիրտուալի պակաս էլ չկա: ՀԱԿ-ի հանրահավաքին մի խումբ երիտասարդներ հպարտորեն կրում էին «Ֆեյսբուքի» դրոշը: Երևի թե որոշել են, որ եթե 2008-ին իրենց չօգնեց Ազատության հրապարակում ծածավող «Մոգեն-Դավիդ»-ը, իսկ հետո` Եվրամիության դրոշի աստղաբույլը, այս անգամ գոնե «Ֆեյսբուքի» մեկ միլիարդ օգտատերերի փոշի՞ն մի թեթև կնստի վրեքները … Բայց վիրտուալ տարածքում էլ գործերը փայլուն չեն: ՀԱԿ-ի հանրահավաքը ինտերնետային ուղիղ հեռարձակումով դիտում էին 1400-1500 հոգի, իսկ Մաշտոցի այգում կրպակների չհաջողված «քաղաքացիական ապամոնտաժումը»` 4500 — 5000 հոգի: Այսինքն` կրպակների հարցը երեք անգամ ավելի հետաքրքիր է, քան իշխանափոխությունը:
Չնայած «ապամոնտաժողներն» էլ իսան չեն: Այնպիսի հանդիսավորությամբ խոստացան (իսկ նրանց մի մասը հանրահայտ մարդիկ են), որ այս պահին կամ կրպակները պիտի ապամոնտաժված լինեին, կամ իրենք` ձերբակալված: Բայց չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ամեն ինչ արվեց հայավարի և քաղաքապետարանի ու ոստիկանության, և այդ քաղաքացիական գլուխգովանների կողմից… Ինչքան ենք սիրում թատերական ներկայացում սարքել ամեն ինչից:
Բայց մի կողմ թողնենք նախընտրական թատրոնները: Ավելի ֆունդամենտալ հարցեր կան, որոնց մի մասը գոյացել է մեր հայրենակիցների` ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածելու հակումից:
Այսօր հայը հանդուժում է, որ հայ եկեղեցում աղանդավորը քաշքշի հայ քահանային:
Այսօր հայը հային է ատում ու ոչնչացնում:
Այսօր հայուհին երազում է ամուսնանալ բարեկեցիկ օտարերկրացու հետ, նունիսկ` մուսուլմանի:
Այսօր հայուհին վախենում է երեխա ծնել: Այսօր որբանոցները բերնեբերան լցված են լքված երեխաներով, իսկ ծերանոցները` լքված ծնողներով:
Հայ տղամարդը հանդուրժում է, որ հայ կինը թուրքիաներում ու դուբայներում մարմնավաճառությամբ զբաղվի: Հայուհիները հոժար կամքով մեկնում են մուսուլմանական երկրներ` մարմին վաճառելու:
Հայ գիտնականները մազապուրծի պես փախչում են արտերկիր:
Հայերը վստահում են ում ասես, բայց ոչ իրար:
Հայերը չգիտեն սեփական պատմությունը:
Հայերը ծույլ են, փնթի և «քցող»:
Հայերը արցունքն աչքին լսում են ամենակեղտոտ մուղամախառը ռաբիզը:
Հայերը հանդուրժելի են համարում «որտեղ հայ, այնտեղ վայ» և «երկիրը երկիր չի» պիղծ բանաձևերը:
Հայերը ցեխի հետ են խառնում սեփական հաղթական բանակի անունը:
Հայերը տարբեր պղծագրությունները համարում են հայ գրականություն, իսկ պղծագիրներին` հայ գրող:
Հայերը այլևս գիրք չեն կարդում, իսկ խոսակցական լեզուն հարմարեցնում են պետքարանահոտ սերիալների գարշելի բառապաշարին:
Հայերը հանդուրժում են ամեն մի սրբապղծություն և պղծողներին շանսատակ չեն անում:
Դեռ երկար կարելի է թվարկել, և հարց է ծագում` արդյո՞ք մեռած ենք որպես ազգ: Ու դեռ դժգոհում ենք մեր իշխանության չինովնիկների, կուսակցությունների ընտրացուցակի որակից, փաստում ենք, որ և իշխանությունն է զիբիլ, և ընդդիմությունը: Բա մե՞նք ինչ ենք, մենք սրանցից էլ վատն ենք: Այ երբ գոնե մի քիչ կինքնամաքրվենք, գոնե մի քիչ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ կունենանք և կարգին իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններ, և չկեղծված ընտրություններ, և բարեկեցիկ կյանք, և բոշայի պես օտար ափերում հարամ հաց չենք որոնի…
Իսկ մինչ այդ վայելենք ամենայն հայոց աբսուրդի թատրոնը:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վերջապես կարծես հստակություն եղավ կուսակցությունների համամասնական ցուցակների հարցում: Մուտիլովկաները պրծան, զի ամեն ինչ վերջնական է, ներման -բեկման ենթակա չէ… Միայն մեծամասնական ընտրատարածքներում է, որ հնարավոր է որոշակի սակարկություն` ով մնա, ով հանի թեկնածությունը:
Իսկ հետաքրքիր պահեր եղան. Օրինակ՝ Ճոյտը փորձեց հասնել նրան, որ գեներալ Սեյրանին չգրանցեն, բայց չստացվեց: Իսկ 7-րդ ընտրատարածքում հետաքրքիր եռյակ է կազմվել:Նիկոլը, Րաֆֆին և Լֆիկը, բայց այդ ամենը` հեչ, կարևորը Սամվել Ալեքսանյանը տանուլ տվեց իր գրազը, որ ուրիշ մարդ չի առաջադրվի իր տարածքում: Մյուս հետաքրքիր պահը Գագիկ Ջհանգիրյանի` մեծամասնականով չառաջադրվելն է` միգուցե վախեցավ, որ իրոք ցուցադրաբար իր գլխին կկոտրեն այն բոլոր ընտրակեղծարարական հնարքները, որ նա 1995-ին որպես «նաու-հաու» մտցրեց ՀՀ քաղաքական կյանք ու ապականեց ընտրության ինստիտուտը:
Սակայն վերադառնանք համամասնականին: Հիմա եկել է «ընտրացուցակային աբիժնիկների» պահը: Այդպիսինները կան գործնականում բոլոր կուսակցություններում, պարզապես ոմանք արտահայտվում են, ոմանք` ոչ: ԱԽՔ-ին մինչև ուղնուծուծը հավատարիմ Սուսաննա Աբրահամյանն, օրինակ, ցուցադրաբար լքեց և ՕԵԿ-ի խոսնակի պաշտոնը, և ՕԵԿ-ը, իսկ այ, Արարատ Զուրաբյանը «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից իր նեղացածությունն արտահայտեց ընդամենը մի կողմ քաշվելով: Այդ երկու կուսակցությունների պարագայում կռվախձորի դերում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանն էր, բայց մեծ կռիվ — ղալմաղալից հետո ցուցակը մնաց անփոփոխ… Դե, ԱՄՆ դեսպանատուն կա, բան կա… Իսկ ՀԱԿ-ի պարագայում նեղացածների ձայնը շատ բարձր կհչի պաշտոնական քարոզչության շրջանում, երբ ՀԱԿ-ի դուռը շրխկացնելով փակելը ավելի արդյունավետ կլինի:
ԲՀԿ-ում «քցվածների» պարագան մի քիչ ուրիշ է` այնտեղ ցուցակ չմտան լրատվական դաշտի հետ առնչվող Պետրոս Ղազարյանը, Անդրանիկ Թևանյանը և Երվանդ Բոզոյանը, գումարած պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս առայժմ զուսպ է, իսկ ինչ վերաբերում է առաջին երեքին, ապա Պետրոս Ղազարյանը սկզբում հայտարարեց, որ հեռուստաընկերությունն ավելի կարգին տեղ է համարում, քան ԱԺ-ն, իսկ հետո «Ֆեյսբուքում» կատակով կազմեց «աբիժնիկների» ցուցակը, ուր մտցրեց նաև սեփական անունը: Իսկ Թևանյանն ու Բոզոյանը, մինչ այդ լրատվական նյութերում ԲՀԿ-ն կրծքով պաշտպանելուց սահուն անցում են կատարում դեպի ԲՀԿ-ի քննադատությունը… Ինչևէ, լրատվական ոլորտին առնչվող մարդկանց հետ նախընտրական շրջանում կատակ անելն այնքան էլ անշառ բան չէ:
Ամենից հանդարտ վիճակը թերևս ՀՀԿ-ում է, ուր ոչ ոք ցուցակի հարցով դեմարշներ չի անում, զի բոլոր դեպքերում, անգամ ցածր տեղ գրավելու դեպքում միևնույն է, դա նշանակում է շարունակել մնալ իշխող կուսակցության նոմենկլատուրայում, կամ ինչպես կբնորոշեր քաղաքագետ Հրանտ Միքաելյանը` «գահնամակում»: Իսկ այդտեղ լինելը միշտ էլ պոտենցիալ հնարավորություն է առաջադիմելու գործադիր ոլորտում, ՀՀԿ-ն հո ընդդիմադիր կուսակցություն չի, ուր ոչ անցողիկ տեղը նշանակում է քաղաքականապես մնալ «բորդյուրին», ոչ էլ նույնիսկ կոալիցիոն «կրտսեր գործընկեր» ԲՀԿ-ն է, ուր ցածր տեղը առանձնապես պոտենցիալ շանսեր չի խոստանում, ու առավել ևս ԱԽՔ-ի կուսակցությունը չի, որին զզվելով ականջներից քաշելու են — հասցնեն 5 տոկոսի…
ՀՅԴ-ի դեպքում, անշուշտ, գործում է «յեղափոխական» կարգապահ գաղտնապահությունը, բայց դա չի նշանակում, որ ներսում կրքերը չեն եռում: Զորօրինակ, այնպիսի փորձառու քաղաքական գործիչներն, ինչպիսիք են Հրայր Կարապետյանը, Դավիթ Լոքյանը, Արթուր Աղաբեկյանը չեն կարող ներսից չեռալ այն հանգամանքից ելնելով, որ իրենք դուրս մնացին, իսկ «նեկրոլոգ գրող» Արտյուշա Շահբազյանը հայտնվեց երրորդ հորիզոնականում: Ճիշտ է, պաշտոնաես առաջ քաշվեց թեզ, որ այդպիսի դեմքերը լինելու են «պատվավոր վստահված անձ», բայց մարդիկ հո կարող են թերանալ վստահված անձի իրենց պարտականություններում ու դրանով ցույց տալ բարձր տեղերի տեր կուսակիցներին, թե որտեղ են ձմեռում ընտրապայքարից լրիվ դուրս մնացած ՌԱԿ-երը…
Հա, հետաքրքիր դրվագներ կան և ցուցակներից դուրս: Այսպես, վերջերս ուր ուղևորվեց ՀՀ նախագահը, նրա «պոչից» անմիջապես ոչ պաշտոնական այցերով ուղևորվեց Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար որոշելով, որ աշխարհի քարտեզի վրա բացի Մոսկվայից ու Սինգապուրից ուրիշ տեղեր չկան… միգուցե երկրորդ նախագահը ինչ — ինչ քայլեր է անում, իսկ միգուցե փորձում է ինչ-որ բանի շուրջ սակարկել: Չէ՞ որ այն էմիսարները, որոնց միջոցով նա լարվածություն է ստեղծում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև` Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, բավականին խոցելի անցյալ ունեն…
Իսկ ընդդիմադիր, ավելի ստույգ` քաղաքացիական հատվածում, բավականին հետաքրքիր կրքեր բորբոքվեցին: Այսպես, անխոնջ բնապահպան Մարիամ Սուխուդյանը «Ֆեյսբուքում» զետեղեց նկար, ուր կողք — կողքի են Մաշտոցի այգու բուտիկները և մի տրասվեստիտի կերպար, մակագրելով դա` «Ո՛չ բուտիկներին և պուպսիկներին»: Ու սկսվեց վեճ, կռիվ-ղալմաղալ, թե արդյո՞ք իսկական բնապահպանն իրավունք ունի անհանդուրժող լինել միասեռականների նկատմամբ:
Լավ, ասենք մեր «բնապահպանները» որոշեցին Երևանի այգիները մաքրել «բուդկեքից» ու հակահիգիենիկ կերպարներից, սակայն կա՞ մեկը, որ երկրի քաղաքական դաշտը կմաքրի բառիս բուն և փոխաբերական իմաստով «պուպսիկներից»: Թե՞ ազգովի փող հավաքենք ու այդ նպատակի համար «գրանտ» հատկացնենք:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ձնաբքային մարտ ամսին բաժին հասան նախընտրական համագումարների քաղաքական մրրիկները: Այդ շրջանը կավարտվի մարտի 22-ին, երբ ավարտվում է համամասնական ընտրացուցակների և մեծամասնական թեկնածուների ներկայացման ժամկետը: Հուսանք, որ մարտ ամսվա եղանակային «գժություններն» էլ կավարտվեն… չնայած ավելի լավ է խելառ եղանակ, քան փողոցում «խելագարված ամբոխների տարերքը:
Ինչևէ… Սկսենք իշխող կուսակցությունից` ՀՀԿ-ից: Այդ կուսակցության` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը միանգամից դարձավ հարձակումների թիրախ: Միանգամից լիքը մարդ սկսեցին գոռալ` «Չենք հավատում», սակայն ավելի էականը ՀՀԿ-ի առաջադրումներն են: Մեծամասնականով` 33 թեկնածուների առաջադրում: Այսինքն`ՀՀԿ-ն ձգտում է այդ ուղղությամբ ավելացնել սեփական ներկայությունն ԱԺ-ում: Ու որոշ օդիոզ օլիգարխիկ դեմքեր այդ 33-ի մեջ չկան: Ովքեր էլ որ կան` փաստ չի, որ հետո ՀՀ նախագահից հրամանք չեն ստանա վայր դնել մանդատները: Կհրաժարվեն, ճարներն ինչ… Դե, իսկ համամասնականում թերևս օլիգարխներ ընդհանրապես չլինեն, կամ շատ քիչ լինեն: Իսկ նախարարաց դասում անկուսակցականներ գործնականում չմնացին, ընդգրկվեցին ՀՀԿ շարքերում: Թերևս մարդկանց պարզ բացատրվեց, որ կամ ընդունում են «կրոնը», կամ… Այսինքն` պայքարը, խաղի կանոնները դառնում են առավել կոշտ ու ավտորիտար:
ԲՀԿ-ին փաստորեն բաժինք մնաց 8 ընտրատարածք: Բայց ԲՀԿ-ն մտադիր է թեկնածուներ դնել շատ ընտրատարածքներում, որոնց դերը կլինի ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելը (նման պատրանքներ դժվար թե ունենան), այլ համամասնական ցուցակի համար քվեներ բերելը: Ով շատ բերեց` կվայելի իր փայ մանդատը, քիչ քվե բերողների`մանդատից հրաժարվելու նախօրոք կազմված դիմումներում էլ ամսաթիվը կդրվի, և գուդբայ, խորհրդարան… Իսկ ՀՀԿ-ի կողմից «չգրավված» 8 ընտրատարածքներում էլ ԲՀԿ-ն «կխժռի» ՕԵԿ-ի թեկնածուներին, ու ԱԽՔ-ի կուսակցությունը թերևս մնա բացառապես համամասնական ցուցակի` մի կերպ ստացած 5 տոկոսի հույսին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ մարտավարության մյուս տարրերին, ապա դրանք գործնականում ակնհայտ դառան համագումարին: Նախ`հրավիրյալների կազմը բաղկացած էր բացառապես խորհրդարանական կուսակցություններից: Դրանով միանգամից մի քանի նապաստակ խփվեց. նախ`որ շրջանցվեց Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու և նրա անունը ԲՀԿ-ի հետ կապելու հարցը, երկրորդը`հնարավոր եղավ հրավիրել «Ժառանգությանը» և չհրավիրել ՀԱԿ-ին: Այսինքն`առանց ՀՀԿ-ի հետ անհարմար վիճակներ ստեղծելու, համագումարին տրվեց «ընդդիմադիրոտ» երանգ…
Ելույթներով էլ ապահովվեց «կրկնակի ձեռնտու» պահը: Գագիկ Ծառուկյանը, պատկերավոր ասած, «բարի քննիչի» դերում էր. «Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար։ Մեզ պետք է ոչ թե թշնամանքի, այլ սթափ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է՝ արդար մրցակցության, արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը»: Ավելին, նույնիսկ հակաօլիգարխիկ շեշտադրում էլ եղավ. «Ես կրկին հատկապես ուզում եմ շեշտել փոքր ու միջին ձեռներեցին: Եթե խոշոր գործարարը կարող է ինչ-որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր եւ միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել-չլինելու խնդիր»: Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի «կոմիսար» Վարդան Օսկանյանը հանդես եկավ «չար քննիչի» դերում, ու նրա ելույթը բավականին սուր ընդդիմադիր էր: Ու կանխատեսելի է, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում պահպանվելու է դերերի բաժանումը Ծառուկյանի և Օսկանյանի միջև: Որ համ ընդդիմադիր տպավորություն ստեղծեն, համ ժամանակից շուտ թունդ չլարվեն ՀՀԿ-ի հետ:
Այդ դերաբաժանումը և չհստակեցումը, սակայն, անվերջ չի տևի: Եթե փորձը ցույց տա, որ ձայն հավաքելը ստույգ արդյունավետ է, ապա ԲՀԿ-ն արդեն քվեարկության շեմին կասի «գուդբայ» կոալիցիոն հուշագրին, և Օսկանյանի ընդդիմադիր կեցվածքը կդառնա ամբողջ ԲՀԿ-ի գիծը… Իսկ մայիսի 6-ից հետո էլ պարզ կլինի, թե ինչ վարքագիծ ընտրվի: Եթե մանդատների քանակը բավարար չլինի, կրկին կոալիցիան կվերակենդանանա: Իսկ եթե հանկարծ քվեները շատ եղան, ապա միգուցե փորձ արվի կազմել ուրիշ կոալիցիա` առանց ՀՀԿ-ի, և Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, հրաժեշտ կտա «ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակին, և դա կբերի չափազանց սուր պայքարի նախագահական ընտրություններում: Այսինքն`ԲՀԿ-ի քվեներից կախված է նախագահական ընտրությունների բնույթն ու ընթացքը:
Իսկ ումից ռեալ առանձնապես բան կախված չէ`դա ընդդիմությունից: Դաշնակները սեփական վարկանիշը բարձրացնելու համար կոկորդ պատռելով խոսում են իշխանափոխությունից, իսկ ՀԱԿ-ում այդ թեման կարծես թե ժամանակավորապես հետին պլան է մղվել, քանզի համամասնական ցուցակի թեմայի շուրջ նորանոր սկանդալներ և նեղացածներ են ավելանում… զորօրինակ` Սոս Գիմիշյանն արդեն ՀՀՇ-ի «քըխ» լինելուց է խոսում:
Իսկ «Ազատ դեմոկրատները» իրենց համագումարով փաստորեն փորձեցին ձևավորել քաղաքակիրթ, ոչ փողոցային ընդդիմության իմիջ` «Ժառանգության» հետ մեկտեղ: Նրանք պարզ ըմբռնել են, որ ծայրահեղ ընդդիմության ժամանակներն անցել են, ինչի վկայությունն է նաև այն, որ քաղաքացիական «մինի» բողոքներին (օրինակ` Մաշտոցի պուրակի պիկետին) իշխանությունը սկսել է ավելի լուրջ վերաբերվել, քան «հակաավազակապետական» հանրահավաքներին: Բայց պարզ չէ` «Ազատ դեմոկրատներ» — «Ժառանգություն» ալյանսը կկարողանա՞ն խորհրդարան անցնել, թե՞…
Ինչևէ, քաղաքական նախընտրական իրավիճակում ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, պարոնայք երդվյալ ատենակալներ: Ահավոր փոթորիկներ չեն սպասվում, բայց վայ նրանց, ովքեր հանկարծ սեփական ուժերը գերագնահատեցին: Դա վերաբերում է անխտիր բոլորին:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ընտրությունների օր է: Առանց կատակի: Եւ վերաբերում է հայերիս: Բայց Հայաստանում չէ, այլ Աբխազիայում, ուր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում: Շիկահեր և կապուտաչյա մարտաշունչ համշենահայեր, ում բարբառը չափազանց դժվար է հասկանալ: 35 խորհրդարանական աթոռներից մի քանիսի վրա հավակնում են նաև մեր հայրենակիցները: Իրավունք ունեն միանշանակ, քանզի Բաղրամյանի անվան հայկական դիվիզիան վրացական բանակի ահուսարսափն էր: Միգուցե, եթե այդ դիվիզիան չլիներ, Աբխազիան անկախություն չկարողանար նվաճել…
Ինչևէ, ինչքան էլ մեր «խելոք» հայրենակիցների մի մասը էշ — էշ դուս տա, թե «երկիրը երկիր չի», այնուամենայնիվ Հարավային Կովկասի միակ հաղթանակած ազգն ենք: Ադրբեջանը պարտվեց Արցախյան պատերազմում և արդեն 16 տարի դառնաղետ ողբում է «տարածքի 20 տոկոսի» կորուստը: Հիմա էլ թեև ունի մեր պետական բյուջեն գերազազանցող ռազմական բյուջե, բայց և բրիտանական ռազմական փորձագետները, և անգամ թուրքի բոլոր տեսակներին համակրող Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանին զգուշացնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում անխուսափելիորեն կպարտվի: Դե, սրանց գնահատականը մեզ համար նորություն չէ, մերոնք դա վաղուց գիտեն, բացառությամբ որոշ «պանիկյոր» գործիչների, որ 1992-ից կռռում են «անխուսափելի պարտության» մասին: Ճիշտ է, սրանց կռռոցի պարագայում չկա չարիք առանց բարիքի` պարզվում է, ռուս զինվորականները նաև հաշվարկել են այն տարբերակը, թե ինչպես պիտի գործեն ու խեղճացնեն դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին, եթե հանկարծ մերոնք չկարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ… Բայց դե կոնկրետ այդ դեպքում ռուսներին հերթ չի հասնի, այնպես որ թող կենտրոնանան իրենց աչքի գրող Վրաստանի վրա:
Վրաստանի պարագայում էլ մենք էլի հաղթող ենք: Այդ երկիրը կորցրել է Աբխազիա և Հարավային Օսիա: Աբխազիայի պարագայում նշեցինք մեր հաղթական դիվիզիայի դերը, իսկ Հարավային Օսիային բառիս բուն իմաստով փրկել են ռուսները: Բախտները չբերեց, որ այդտեղ բավարար քանակով հայ չկար` դիվիզիա կազմելու համար: Սակայն Ջավախքում և մեկ, և ավելի դիվիզիաների համար բավարար ռեսուրս կա, այնպես որ այդտեղ էլ սպառնալիքի պես մշտապես կախված ենք մեր պարծենկոտ ու մեծամիտ, թիֆլիսեցիների ասած` տուտուց հարևանի գլխին:
Ինչևէ, Կովկասի միակ հաղթանակած ազգը այժմ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Հիմա էլ լինելու է կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարը: Որը կանխորոշելու է ընտրությունների ելքը:
Արդեն 3 տարի է, որ ժամանակ առ ժամանակ հնչում են ձայներ, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է կառուցվում, որ վերադառնում ենք ԽՍՀՄ-ի օրերին, երբ այլընտրանք չկա: Հիմա էլ ընդդիմությունը փորձում է հռչակել «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափ, ՀԱԿ-ի գործիչները խոսում են ընտրությունների վերահսկման այնպիսի մեխանիզմ ձևավորելու մասին, որը «թույլ կտա մեկուսացնել ՀՀԿ-ին»:
Ընդդեմ ՀՀԿ-ի տարատեսակ ծրագրերի, ալյանսների, «կոնսենսուսների» պակաս չկա, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ նախագախի անվիճելի հզորության վերաբերյալ խոստովանություն: Առավելագույնը, ինչի մասին կարող են երազել բոլորը միասին` որ ՀՀԿ-ն ընտրություններում 50 տոկոսից ավել քվե չստանա: Եվ դատողություններն ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի և այլնի կիրառման մասին ընդամենը վատ սրտի մխիթարանք են` նույն Հրազդանի ընտրություններին հայոց բովանդակ ընդդիմությունը ԲՀԿ-ի «տակից» աջակցությունով հանդերձ հայթայթեցին զրո ապացույց… Բռնված չես` գող չես, և դա նաև ընտրողների քվեներին է վերաբերում: Այնպես որ ԲՀԿ-ի բոլոր «ինքնուրույն» խաղերն էլ ընդամենը մեկ բանի են ուղղված` որ ընրություններից հետո ՀՀԿ-ն հանկարծ չհայտարարի, որ կառավարություն կազմելու հարցում ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Այսինքն` որ իրենց «բորդյուրին» չթողնեն: Չնայած, կարծես թե ոչ ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ «կիսաընդդիմություն», թեև փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, ոչ էլ ՀՀԿ-ն ձգտում է ուժեր վատնել ԲՀԿ-ին ոչնչացնելու վրա: Նրանց միջև առկա «հանրային համաձայնության» վկայությունը թերևս այն է, որ իր քավոր Ծառուկյանին իզութոզով ծախած Պալաչ մականունով անձնավորությանը ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի նախօրեին խիստ նկատողություն հայտարարեց Աբովյանը ԲՀԿ-աթափ անելու քայլերի համար:
Եվ այպես, ՀՀԿ համագումարին պատասխան կունենանք ընտրությունների ընթացքի և արդյուքի մասին: Չնայած ընդհանուր պատկերը պարզ է, բայց պարզ կդառնան որոշ դետալներ: Օրինակ, ովքեր են այն հատուկենտ օլիգարխները, որ չեն ընկնի համամասնական ու մեծամասնական ցուցակի օլիգարխաթափման «պլանի» տակ` թեև բոլորը տալիս են Նեմեց Ռուբոյի ու Լֆիկ Սամոյի անունները, այնուամենայնիվ, դեռևս փաստ չի, որ նրանց «ֆուկ» չեն անի… Մյուս հարցը`հին հանրապետականներից քանիսը զոհ կգնան «թարմացմանը» և «սերնդափոխությանը», ինչ դիրք կունենան Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ինչպիսին է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ֆոնը: Եվ վերջապես` ինչքա՞ն տոկոս ոսկորի պես կնետեն ախքիկների` այլևս լրիվ սպառված կուսակցությանը, ՀԱկ-ին թույլ կտա՞ն անցնել խորհրդարան, թե՞ ամերիկացիները լրիվ գոհ ու շնորհակալ կլինեն, եթե ՀԱԿ-ի հաշվին ԱԺ անցկացվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը թեև թույլիկ է, բայց ՀԱԿ-ից ավելի ցիվիլ ու «եվրաչափանիշային» տեսք ունի:
Կարճ ասած, խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել հայոց քաղաքական երկնքի տակ: ՀՀԿ-ն է որոշիչ և վերջ, ու ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ: Հրաժեշտ ենք տվել հեղափոխական անսպասելի փոփոխությունների դարաշրջանին, և հիմա ամեն ինչ կանխատեսելի է համագումարից համագումար` ճիշտ այնպես, ինչպես հին, բարի խորհրդային ժամանակներում:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Գարնան բացվելուն պես երկիրը ականատես եղավ ոչ միայն Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից միտինգային սեզոնի բացմանը, այլև առանձնահատուկ ցինիզմով կատարված օլիգարխիկ կամայականությանը: Մեկ էլ հայտնաբերվեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) հասցրել է քանդել Մաշտոցի պողոտայի փակ շուկայի ամբողջ հետնամասը: Ակնթարթորեն տարածվեցին բարբարոսության լուսանկարները, ինտերնետի հայկական հատվածը սկսեց եռալ… Մի քանի տարի առաջ ամբողջ հին Երևանը բուլդոզերի տակ տալուց հետո սա առաջին դեպքն էր, որ պետության կողմից պահպանվող շենքը, այն էլ` այդպիսի շենքը, ոտնձգության ենթարկվեց:
Սակայն Մաշտոցի պուրակի դասերն իզուր չեն անցել: Եթե հանուն մի քանի ծառ փրկելու ու մի քանի «բուծիկ» գազոնների մնացորդների մեջ խցկելու պատճառով երիտասարդական շուրջօրյա պիկետ գոյացավ, այդքան կրքեր եռացին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ շարունակություն կունենար փակ շուկայի հարցը: Առավելևս, որ երևանցիները Լֆիկ Սամոյին, մեղմ ասած, չեն համակրում: Բայց այս անգամ իշխանության արձագանքը եղավ շատ օպերատիվ. Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց ապամոնտաժումը, խախտման արձանագրություն կազմեց և հսկողություն սահմանեց, չսպասելով, մինչև այդ տարածքում կհայտնվի երիտասարդական հերթական պիկետը: Այսինքն` քաղաքացիների փոքր խմբի կողմից կոնկրետ խնդիր բարձրացնելու ձևը ցույց տվեց իր ակնհայտ արդյունավետությունը:
Ճիշտ է, մեծ դեր են ունեցել իրադրային պահերը: Այսպես, պարզ է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է միշտ առավելագույն ընդդիմադիր ընտրաքվեներով աչքի ընկնող մայրաքաղաքում սեփական բարձր ցուցանիշն ապահովելու համար աչքի լույսի պես պահպանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական իմիջը: Եվ խոշոր հաշվով հանուն մայրաքաղաքի քվեների մեկ կամ նույնիսկ մի քանի օլիգարխի շահին դիպչելն այնքան էլ մեծ գին չէ… Բայց անկախ դրդապատճառից, այնուամենայնիվ նախադեպ է ստեղծվում: Ու եթե մի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ կարող է ինչ-որ հարցով օլիգարխի խաթրը կոտրվի, ապա այս գիժ գարնանային ամսին դա դառնում է իրականություն: Իհարկե, այդ նույն օլիգարխը հույս ունի, որ ընտրություններից հետո տեղը կհանի, բայց դե հասարակությունն էլ սկսում է սովորել, որ հարց է բարձրացնում ու լուծում ստանում:
Սակայն վերադառնանք Ազատության հրապարակ, որտեղից և սկսել ենք: ՀԱԿ-ի հանրահավաքում ակնկալած վարկանիշային «ճեղքումը» չստացվեց: Գումարած դրան, համամասնական ցուցակի շուրջ տարաձայնությունների հաղթահարման միայն մեկ տարբերակ է գտնվել` որ ցուցակը միանձնյա կազմելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ համեստ արդյունքները ոգևորեցին արևմտամետ ազատական հատվածում ՀԱԿ-ի մրցակիցներին` «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»: Թեև «Ժառանգության» համագումարում չի որոշվել ընտրություններին մասնակցելու ձևաչափը, այնուամենայնիվ Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից «Ազատ դեմոկրատների» համագումարին է հռչակվելու երկու կուսակցությունների դաշինքը, և իրենք հույս ունեն հաղթահարելու 7 տոկոսի պատնեշը: Դա կարևոր դետալ է`եթե առաջ ենթադրվում էր, որ ընտրություններին կմասնակցի կամ «Ժառանգությունը», կամ «Ազատ դեմոկրատները», բայց ցուցակը կլինի միասնական, որպեսզի լուծվի 5 տոկոսի հարցը, ապա հիմա խնդիր է դրվում ստանալ 7 տոկոսից ոչ պակաս: Բնականաբար, ընտրազանգվածը հայթայթվելու է տեղատվության մեջ գտնվող ՀԱԿ-ի հաշվին…
Մարտիմեկյան հանրահավաքի համեստությունը քիչ էր, հիմա էլ մի ուրիշ «պատուհաս» է գալիս «Հայոց արծիվների» նախագահ, սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի տեսքով: Սույն գործիչը որոշել է կիրակի օրով հենց Ազատության հրապարակում անցկացնել «Հայոց արծիվների» համագումարը` 12 հազար մասնակիցներով, հարյուրավոր դրոշներով ու պաստառներով: Դե, թամաշա անողներ էլ հաստատ կգումարվեն… ու կստացվի, որ ՀՀԿ-ին աջակցող առաջին հանրահավաքը ավելի հզոր է լինելու, քան ընդդիմադիրների համանման ցանկացած միջոցառում: Եվ դա`ընտրարշավը պաշտոնապես դեռ չսկսած: Բա հետո՞ ինչ կլինի, երբ բոլոր վարչական ռեսուրսները լրիվ թափով աշխատեն:
Դե, դաշնակներն էլ ընկան լեզուն կարճացնող անհարմար իրավիճակի մեջ: Վովա Գասպարյանի անձնական մասնակցությամբ ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանի մոտ անցկացված խուզարկությամբ հայտնաբերված հսկայական զինապահեստը տպավորիչ էր: Ու ի՞նչ ասի Վահան Հովհաննիսյանը, որ լավ լինի. «Գտնվել է իրեն պատկանող տարածքում, չի նշանակում պատկանում է իրեն, այսինքն այն ինչ իրեն պատկանող տարածքում էր, պարտադիր իրենը չէ: Ես Արշավիր Կարապետյանի ու այդ զենքի կապը չեմ տեսնում, որովհետև դրա ոչ մի ապացույց գոյություն չունի, իսկ թե քննությունն ինչ ցույց կտա, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք եզրակացություններ անել»: Դե հա, ՀՅԴ-ի ու Արշավիր Կարապետյանի հետ այդ զենքերը նույնքան կապ չունեն, որքան ընտրակաշառքը`իշխող կուսակցության քվեների հետ, թե ինչ ցույց կտա քննությունը, երևի թե կախված է դաշնակների նախընտրական վարքագծից: Այսինքն` նրանից, թե ինչքանով կկարողանան հրաժարվել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափի գայթակղությունից… Թե չէ ինչի էր նման` ԱԺ-ի մուտքի մոտ ողջագուրվում էին 1995-ին իրենց բանտ տարած գործիչների հետ: Բայց հիմա էլ օդում զգացվեց նոր հնարավոր «Դրո» գործի հոտը, ուստի մնում է բավարարվել սեփական «ստանդարտ» ընտրաքվեներով և չերազել այլոց հետ միասին արկածախնդիր ծրագրով փորձել ստանալ ավելին… Մանավանդ, որ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»-ից ակնհայտորեն սուսուփուս նահանջեց ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանն էլ հրապարակավ ուրացավ Ռոբերտ Քոչարյանին, միաժամանակ նաև քոռուփոշման թողնելով »Սիվիլիթաս» հիմնադրամում հավաքված խանդավառ արևմտագրանտասեր և արևմտագրանտակեր հանրությանը… Կարճ ասած, և կոալիցիայում, և ընդդիմադիր դաշտում ավելի գերիշխող է դառնում «Каждый сам за себя» «Մաուգլի» մուլտից հայտնի սկզբունքը: Դե, ոմանք, միգուցե շատերը, գիժ մարտ ամսին կփորձեն խելառության միջոցով բարձրացնել սեփական շանսերը, բայց դրա վախճանն է ակնհայտ` կամ զսպաշապիկ, կամ «խելոքանալը»:
Բայց գարնանային խելառությունը մեր երկրից կարծես արտահանվել է Ադրբեջան: Սույն թշնամական երկրի «ավազակապետությունը» հանկարծ որոշել է ռսի հաշվին հարստանալ, ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման գինը բարձրցրել է միանգամից 43 անգամ… Պատասխանն էլ չուշացավ` հենց մարտի 1-ին Ղուբա քաղաքում բռնկվեց լեզգիների ապստամբությունը, բարեհաջող վառեցին նահանգապետի տունը: Այսինքն`150 հազար բնակչություն ունեցող այդ գավառական քաղաքում եղան ավելի ծավալուն անկարգություններ, քան եղել էին Երևանում 2008-ի մարտի 1-ին: Գումարած դրան` պարսիկներին հեչ համոզիչ չթվացին Բաքվի հավաստիացումները, թե Իսրայելից գնած հսկայաքանակ սպառազինությունը Արցախի դեմ է, այլ ոչ թե Իրանի, ուստի Թեհրանի էմիսարները ավելի ու ավելի շատ են հրահրելու իսլամիստական տարբեր շարժումներ, հատկապես պարսկաբնակ Թալիշստանում: Մանավանդ, որ բաց շրջանառության մեջ հայտնվել է ԱՄՆ-ի գծած սցենարներից մեկը` Ադրբեջանին Արցախի կորուստը փոխհատուցել Իրանի հյուսիսային թուրքաբնակ շրջանների հաշվին… Գումարած դրան էլ, նույն Արևմուտքը ավելի ու ավելի է մտմտում, որ Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտությունն անի Թուրքիայի զինված ուժերի ձեռքով…
Ինչևէ, եթե այս գարուն տարածաշրջանը չկորի պատերազմի բոցերի մեջ, մենք մեր խելառ քաղաքական դաշտից ու ոչ պակաս խելառ ընտրություններից հաստատ առանց ցնցումների գլուխ կհանենք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մարտի 1-ը 2008-ից ի վեր մեր գիտակցության մեջ միշտ կապակցվում է ողբերգության հետ, և արդեն մոռացել ենք, որ գարնան առաջին օրն է… Բայց ժամանակն է հաղթահարել այդ բարդույթը, և հուսանք, որ մայիսի 6-ի ընտրությունները կլինեն այնպիսին, որ հետայսու կբացառվեն արյունոտ ամսաթվերը տարվա ցանկացած եղանակին:
Գարնան առաջին օրը նաև միանգամայն խաղաղ քաղաքական նախընտրական իրադարձություն կլինի. վերջապես ՀԱԿ-ի հանրահավաք կտեսնենք` արդեն հասցրել ենք կարոտել և Լևոնին, և Նիկոլին, և մյուսներին… Համ էլ այդ օրով ՀԱԿ-ը վերջապես բավարարելու է կարոտակեզ հայ ժողովրդի հետաքրքրությունը և հրապարակելու է իր բազմաչարչար համամասնական ցուցակը` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից ու դաշնակներից շուտ: Ճիշտ է, նախանձ դաշնակներն առաջ են ընկել ու ամսի 28-ին հանրահավաք են անում, բայց ինչևէ…
Իսկ մարտն իրոք գիժ ամիս է, և այդ գժության շունչն արդեն զգացվում է: Եռակի գժության ականատես եղանք` երբ սատանիստը 3 ժամ տևող հացադուլ արեց, ու… ամբողջ ֆեյսբուքը խառնեց իրար: Իսկական «ֆասբուք» դառավ` սատանիստները ծակուծուկերից դուրս եկան ու «ֆաս» եղան բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվել են իրենց «հացադուլավոր» կոլեգա Բայանդուր Պողոսյանին թթու խոսք ասել… Փաստորեն ոմանց համար հարմար առիթ եղավ համ սատանիզմը «փիառ» անելու, և դա այն դեպքում, որ մինչ այդ սատանիստները միշտ «վանդակում» էին, համ սատանիզմի մուրը քսել երիտասարդ բնապահպանների վրա հենց այն պահին, երբ Մաշտոցի պուրակի հարցում քաղաքապետարանը սկսեց զիջումների գնալ: Իսկ որ բնապահպանների պահանջները քայլ առ քայլ կատարվելու են, երևում է թեկուզ այն հանգամանքից, որ բոլոր ժամանակների իշխանություններին ջերմ սիրով սիրող Մերուժան Տեր-Գուլանյանը հանկարծ սկսեց բնապահպանական ճառերով հանդես գալ…
Դե ինչ, չնայած բնապահպան երիտասարդների հաշվին ինչ շունուշանգյալ ասես փորձեցին քաղաքական «ռեյծինգներ» վաստակել, այնուամենայնիվ փաստ է` կառուցողական քաղաքացիական շարժումների բարձր արդյունավետությունն այլևս կասկած չի հարուցում: Մարդիկ կոնկրետ հարց բարձրացրին, և այն մասամբ լուծում ստացավ: Ճիշտ է, բնապահպանները դեռևս չեն հավատում, որ փաստացի հաղթել են, բայց դրանից նրանց գրանցած արդյունքը չի դադարում արդյունք լինելուց: Համ էլ սատանիստների հարցով էլ չկա չարիք առանց բարիքի` նրանք բացահայտվեցին ինտերնետում, և այլևս հանգիստ կարելի է ցուցակագրել սևերին…
Մի ուրիշ «գժական» երևույթ էլ գրանցվեց Ռոբերտ Քոչարյանի հարցում: ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը հանկարծ սկսեցին ուրանալ Քոչարյանին, և «սիվիլիթասակիր» Օսկանյանը հանկարծ հայտարարեց, որ Քոչարյանը ոչ իր, ոչ էլ ԲՀԿ-ի կարիքը չունի… Ինչպիսի՜ ինքնանվաստացում:
Նախընտրական գործընթացում էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ուրախացրեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին` այսուհետ նրանք ոչ թե դեսպանատուն կամ հյուպատոսարան պիտի հասնեն քվեարկելու համար, այլ սեփական հիմնարկից քվեարկելու են էլեկտրոնային տարբերակով: Անշուշտ, դա շատ հարմար է, սակայն Հայաստանի պայմաններում իսկական գժություն է` սատանան գիտի, թե ինչպես պիտի ապահովագրվենք հնարավոր զեղծարարություններից:
Մի հաճելի բան ևս`մեր երգիչները հրաժարվում են Բաքվի Եվրատեսիլից: Բայց մի՞ թե անպայման պետք է թշնամու դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեր, որպեսզի այդպիսի պարզ տրամաբանական որոշում ընդունեին: Էլի հայի հետին խելքն է… Բացի այդ ինչու պետք է բանը հասներ երգիչների հրաժարվելուն. պետությունը պետք է հրաժարվեր ի սկզբանե: Գումարած դրան, իրավացի է Գագիկ Գինոսյանը, որ ոչ միայն Բաքվի, այլև ցանկացած տեղում անցկացվող Եվրատեսիլից է պետք հրաժարվել. «Քաղաքականացված և անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտասյան հանճար ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»:
Գժական հայտարարության հեղինակ դարձավ և Ախթալայի քաղաքապետ Խաչիկյանը` այն Խաչիկյանի եղբայրը, որը «խայտառակել ռեսպուբլիկան». ըստ նրա, Ախթալայում խնդիրներ չկան: Բայց ախր ո՞նց չկան, եթե հենց Ախթալայում օլիգարխ Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության որջ էր ստեղծել:
… Գարնան առաջին օրվան նախորդող «գժությունների» շարքը կարելի է շարունակել, բայց կարևորն այն է, որ դեռ գիժ մարտը չսկսած այդքան գժություններ արդեն ի հայտ եկան: Կարելի է պատկերացնել, թե բուն մարտին ինչ դոզաներով նախընտրական ախմախություններ են դուրս տալու մեր քաղաքական գործիչները: Հուսանք, որ գոնե ժողովուրդը ի պատասխան դրանց գժություններ չի անի…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս ուրբաթ ՀԱԿ- ը միտինգ չարեց: Չարեց, որովհետև Հրազդանում պարտություն կրելուց հետո վատ եղանակի պատճառաբանությամբ չեղյալ էին հայտարարել նախօրոք հայտարարված հանրահավաքը: Մնացել են մարտի 1-ին սպասող: Մինչդեռ Երևանում սովորական ցուրտ փետրվարյան եղանակ է: Այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում է փետրվարին: Իսկ նախորդ տարիներին միշտ էլ հանրահավաքներ լինում էին: Միակ բացառությունը 1988-ից ի վեր՝ 1989-ի փետրվարն էր, երբ Երևանում ռուսների մտցրած արտակարգ դրությունն ու պարետային ժամն էին գործում, և հանրահավաքները ֆիզիկապես հնարավոր չէին:
Այսինքն` գործնականում առաջին անգամ ունենք անմիտինգ փետրվար: Դրա պատճառը և՛ օբյեկտիվ է, և՛ սուբյեկտիվ: Ի վերջո, արմատական ընդդիմությունն ի դեմս ՀԱԿ-ի, Հրազդանի ու 38 այլ համայնքների ընտրություններից հետո հոգեբանորեն կոտրված է: Մտավախություն ունեն, որ մարդ շատ քիչ կգա… Դե, իսկ ոչ արմատական ընդդիմադիրները` ի դեմս ՀՅԴ-ի և «Ժառանգության», միտինգային ասելիք չունեն: Առավելևս ԲՀԿ-ն այդպիսի ասելիք չունի, ինչքան էլ այդ կուսակցությունը ոմանք, հատկապես «օսկանյանացումից» հետո, ջանան ներկայացնել որպես ապագա թավշյա իշխանափոխություն իրականացնող: Ախր Ծառուկյանի թիմի մտքում անգամ նման բան չկա, ու նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքային գործելակերպը համարում է «ուրիշ մասնագետի» կարիք ունեցողներին հարիր անլուրջ մի բան: Ու ընդհանրապես, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի շահերն ու խնդիրները գտնվում են ներիշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր հարթությունում:
Այսպիսով, հանրահավաքներ` չիք, ինչը մի քիչ անսովոր է: Միաժամանակ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը եղավ առաջին նախադեպը, երբ պարտված ընդդիմությունը չի բողոքարկում արդյունքները: «Ես չեմ ուզում բողոքարկել ու շոու սարքել։ Ո՞ւմ դիմել, եթե ողջ պետական ապարատն իմ դեմ է եղել։ Բոլոր կառույցները աշխատել են։ Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ապա էլ ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Պատճառաբանությունը` պատճառաբանությամբ, բայց փաստ է. բողոքարկում չկա:
Ու կարելի է ասել, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում հայկական քաղաքական իրականության որակական փոփոխություն: Անցյալի գիրկն է անցնում հեղափոխական պայքարի, անհաշտ ընդդիմադիր կեցվածքի ժամանակը, և սկսվում է այն պահը, երբ ասպարեզ պիտի գան ընդդիմադիր կառույցները` որպես պետական ինստիտուտ: Փոխվում են ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը` ընդդիմությունը գործնականում հեռանում է իշխանափոխության և «կազմաքանդման» մոդելից, իշխանությունն էլ իր նախընտրական ցուցակները բեռնաթափում է օլիգարխներից: Չէ՞ որ ըստ Գալուստ Սահակյանի ՀՀԿ ցուցակը թարմացվելու է 25 տոկոսով, և դա լինելու է հենց օլիգարխների հաշվին: Այսինքն`իշխանության մաս կազմելու փոխարեն տարբեր շահեր, այդ թվում` բիզնես շահեր ունեցող խմբերը սկսելու են գործել լոբբինգի դասական մեխանիզմով: Ճիշտ է, դա դժվար թե դուր եկած լինի օլիգարխներին, և փաստացի խոշորագույն օլիգարխիկ կլանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի սերտ առնչությունները ԲՀԿ-ի գործելակերպի հետ ինչ-որ տեղ օլիգարխիկ խավի դիմադրության դրսևորումներն են: Ու կանխատեսելի է, որ ապագա խորհրդարանում հենց ԲՀԿ-ն կստանձնի խոշոր բիզնեսի շահերի լոբբինգի գործառույթը և հենց դրանով նաև տեր կդառնա մի կարևոր, այդքան իրեն պակասող բանի` սեփական գաղափարախոսության: Ի վերջո, այս ընտրություններին ԲՀԿ-ն չի կարող վերցնել բոլոր օլիգարխներին և լցնել իր նախընտրական ցուցակի մեջ` դրանով նա կհակադրվի ՀՀ նախագահի որդեգրած ուղեգծին:
Կամա թե ակամա, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն հանդես կգա որպես ազգային-պահպանողական ուժ, իսկ ԲՀԿ-ն կդառնա խոշոր բուրժուազիայի կուսակցություն: Դաշնակները ուզած-չուզած կվերադառնան ազգային սոցիալիզմի գաղափարախոսությանը, դե իսկ «Ժառանգության» և ՀԱԿ-ը հարկադրված կլինեն զբաղեցնել ազատական գաղափարական տիրույթը… Ընթերցողը կհարցնի`բա ՕԵԿ-ը: Կարծում եմ, որ դա հեռանկար չունեցող ուժ է: Ախր լրիվ ԱԽՔ են, և պետք չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» կամ «Ազատ դեմոկրատներին»:
Ինչ վերաբերում է դժգոհ, բողոքավոր հայերին, ապա նրանք դրսևորվելու են և արդեն դրսևորվում են քաղաքացիական ակտիվության տիրույթում: Գլխավոր պողոտայի այգին բետոնի տակ թաղելու մտադրության դեմ պայքարող երիտասարդներին ոչնչով չխանգարեց այն ցուրտ եղանակը, որը «անհաղթահարելի խոչընդոտ» դարձավ ՀԱԿ-ի հանրահավաքի համար: Եռանդով լի այդ երիտասարդներն արդեն քանի օր է` շուրջօրյա այդտեղ են, և դասական եղանակով` շինարարական տեխնիկայի անիվների տակ պառկելով թույլ չեն տալիս այգում գցել ապագա դուքանների բետոնե հիմքերը: Ու հանրությունն էլ լավ զգում է այդ երիտասարդների ակցիայի կարևորությունը` զորօրինակ, պատահական չէ, որ ծանր հիվադության մեջ անգամ, հրապարակախոս և գրող Վահրամ Սահակյանը համացանցում զետեղել է տեսագրված ուղերձ, որով զորակցում է այգին պաշտպանող երիտասարդներին ու զգուշացնում նրանց նկատմամբ ուժ կամ սադրանքներ կիրառելու անթույլատրելիության մասին: Ի դեպ, ոստիկանությունն էլ իր տարածած հաղորդագրությամբ փաստում է, որ այգու պաշտպանության ակցիային իշխանությունը վերաբերում է առնվազն նույնքան լուրջ, որքան վերաբերում էր ՀԱԿ-ի երբեմնի մարդաշատ հանրահավաքներին. «ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության»:
Կարծում ենք, որ կոնկրետ ակցիաները` կոնկրետ խնդիրների լուծման պահանջով այսուհետ ավելի հաճախ են լինելու, և հեղափոխական պահանջներով անցկացվող մեծ հանրահավաքների ավանդույթին փոխարինելու է գալու հաճախակի, բայց փոքր ու կոնկրետ քաղաքացիական ակցիաների ավանդույթը: 23 տարի ամեն փետրվարին Ազատության հրապարակը փոթորկելուն հասցրել ենք սովորել, դա նույնիսկ կարոտով ենք հիշելու: Բայց այդ տարիների ընթացքում մեծացել ու հասունացել անկախության հրաշալի սերունդը, որը Արցախյան շարժման, դյուցազներգական 1988-ի սերնդից տարբերվում է, բայց հաստատ ավելի լավն է: Զի չի տեսել այն վախը, որ կար խորհրդային տարիներին. ինչպես կասեր ռուսը` «Непоротое поколение»: Ողջունենք նրանց ու չվախենանք մեր բանակի ու մեր անկախության հասակակիցներին վստահել Հայաստանի ապագան: Եվ հաստատ, երբ տարիներ հետո այդ սերնդից կունենանք պատգամավորներ ու նախարարներ, հեռուստաէկրաններին չենք տեսնի անկապ, անկիրթ և ինքնահավան սֆաթներ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.