23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսները սովորել էին, որ ամեն ինչ կարող են անել, իսկ հայ հասարակությունը դրան պետք է ըմբռնումով մոտենա, նույնիսկ՝ փորձի արդարացնել Մոսկվայի քայլերը:
Այդպես է եղել տասնամյակներ շարունակ, այդպես էր մինչև վերջերս:
Հրաչյա Հարությունյանի դեպքը, դատարանում նրան նվաստացնելը դարձան այն վերջին կաթիլները, որ լցրեցին Հայաստանի հասարակության համբերության բաժակը:
Հայաստանի հասարակությունը ռուսատյաց չէ, սակայն տարրական հարգանք է պահանջում իր, մեր պետության հանդեպ:
Ի վերջո, ամենևին էլ մենք չենք մեղավոր, որ հայաստանյան հասարակական կարծիքը կասկածի տակ է դնում Ռուսաստանի՝ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը:
Վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, ինչին երեկ պատասխանել է դեսպանատունը՝ լակոնիկ մի հայտարարության տեսքով:
Այդ հայտարարության տոնայնությունը հար և նման է 80-ականների «Վրեմյայի»՝ ղարաբաղյան շարժման վերաբերյալ պատրաստած ռեպորտաժների տոնայանությանը:
«Ափսոսանք է առաջ բերում այն, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ մերձմոսկովյան քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որին 18 մարդ է զոհ գնացել, առանձին մարդիկ օգտագործում են՝ հակառուսական կրքերի բորբոքման համար: Միանգամայն անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և ռուս—հայկական հարաբերությունների խարխլումը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի ողբերգությունը ազգային երանգավորում չունի, այն համակողմանիորեն, մանրակրկիտ կերպով, անկանխակալ ու առանց հույզերի կհետաքննվի»,- ասված է Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Անենք մի քանի դիտարկում:
Առաջին. Հայաստանում մարդիկ ոտքի են ելել իրենց համաքաղացու արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու համար. դրանում հակառուսականության էլեմենտներ փնտրելը՝ սուբյեկտիվ երևակայության արգասիք է:
Բողոքի ակցիաների ընթացքում չեն բարձրացվում անգամ ռուսական ռազմաբազաների կարգավիճակի, մեր երկրում դրանց տեղակայման նպատակահարմարության հարցերը:
Երկրորդ. որտե՞ղ է Ռուսաստանի դեսպանատունը տեսել «պատվիրված քաղաքականացված գնահատականներ», երբ Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ուժերի մեծ մասը բերանները ջուր առած՝ լռում են:
Եթե անգամ մեկը «պատվիրել» է մեր հասարակության բողոքի ակցիաները, ապա դա Ռուսաստանի իշխանությունն է՝ իր երկդիմի, երկերեսանի, կայսերապաշտական քաղաքականությամբ. Գազի գնի չպատճառաբանված թանկացում, Ադրբեջանին մեկ միլիարդ արժողությամբ զինամթերքի վաճառք, Հայաստանի քաղաքացու ցուցադրական նավաստացում, նույն գործով հայ մեղադրողի նշանակում, էլ չասած՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպին ազգային բնույթ հաղորդող ռուսական հեռուստահաղորդումների մասին:
Ռուսական արձագանքը ջղային է, որովհետև նրանք չէին սպասում, որ Հայաստանի հասարակությունն ընդվզելու է: Մոսկվան տարիներ շարունակ, ինքն իրեն և բոլորին համոզել է, որ Հայաստանը ռուսական ֆորպոստ է և հիմա դժվար է տանում, որ ֆորպոստի կողմից հնչում են ընդվզման կոչեր:
Մի բան ակնհայտ է. քանի դեռ մեր երկիրը չի ապացուցել իր ինքնիշխանությունը, մեր հասարակությունը չի ապացուցել, որ պատրաստ է պայքարել իր իրավունքների համար. հայ-ռուսական այսօրվա նվաստացուցիչ հարաբերությունների փլիսոփայությունը չի փոխվի:
Ըստ այդմ, կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքացիներն այսօր՝ իրենց պայքարով, կարող են դնել երկու երկրների որակապես նոր՝ գործընկերային հարաբերությունների հիմքը:
Եվ վերջին հարցը. Ռուսաստանը՝ հատկապես վերջին շրջանում, շատ ավելի գլոբալ հարցերում հակահայկական քաղաքականություն է իրականացրել: Ինչո՞ւ հատկապես Հարությունյանի գործը դարձավ համընդհանուր դժգոհության առիթ:
Թերևս այն պատճառով, որ մեր հասարակությունը տակավին իր մաշկի վրա չի զգացել գազի թանկացման աղետալի հետևանքները կամ էլ՝ ուղղակի կապ չի տեսել Ադրբեջանին զենք վաճառելու և պատերազմի վերսկսման վտանգի միջև:
Նվաստացված Հրաչի դեմքը դարձավ այն հայելին, որում մեզնից յուրաքանչյուրը տեսավ իրեն, մեր պետությանը, այն վերաբերմունքը, որ մեր «ռազմավարական գործընկերը» տածում է Հայաստանի նկատմամբ:
Եթե Կրեմլում լուրջ հետևություններ չանեն, «հակառուսական կրքերի բորբոքումը» Հայաստանում նոր ծավալ և որակ կունենա:
Եվ շատ շուտով:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի իշխանությունը խիստ մատերիալիստական մոտեցում ունի կյանքի հանդեպ:
Նրանց աշխարհայացքի հիմքում այն գաղափարն է, որ պաշտոնն ու հարստությունն ամենակարևոր կատեգորիաներն են:
Պատահական չէ, որ իշխանության պատկերացրած պատիժը՝ սրան կամ նրան պաշտոնանկ անելն է:
Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, երբ նրա տան մոտ մարդ էր սպանվել:
Իշխանությունները համարեցին, որ Լիսկան արդեն պատժվել է, նրա հասցեին նույնիսկ կարեկցական արտահայտություններ հնչեցին, բայց Սյունիքի ֆեոդալը չզրկվեց արտոնությունների այն համակարգից, որը նրան տրվել է իշխանության կողմից ՝ ամենաբարձր մակարդակով:
Հենց այս հանգամանքն էլ լկտիացնում է նախկին պաշտոնյային, ով իրեն շարունակում է համարել իրավիճակի տեր ու տնօրենը, հարցազրույցներ է տալիս, դասախոսություններ է կարդում ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին, նրա եղբորորդին մարդ է դանակահարում, ինքն այգեպան է ծեծում:
Նման մանր բաների համար Լիսկային չեն պատժի, որովհետև կրկնվեմ` «վերևներում» համարում են, որ արդեն նրան պատժել են՝ պաշտոնը ձեռքից խլելով:
Նույն տրամաբանությամբ է գործում Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա է որոշում՝ երբ ներկայանալ դատարան, ում հարցերին պատասխանել, նույնիսկ՝ սահմանափակում է լրագրողների աշխատանքը, ծեծում է մեղադրյալի հորը:
Պաշտոն չունենք, բայց նախագահը սարի պես մեր թիկունքին կանգնած է՝ սա է լիսկաների և վարդանիկների մեսիջը հանրությանը:
Իսկ մեզ մնում է տխուր հետևություններ անել, մասնավորապես՝ ենթադրել, որ Հայաստանում իշխող բուրգի գործունեության հիմքում ոչ թե սահամանադրականությունն ու իրավականությունն է, այլ «պանյատիաները», որոնք էլ պահպանում են նույն այդ բուրգի կայունությունը:
Տվյալ դեպքում՝ բուրգի կայունությունը զոհեր է պահանջում: Ստացվում է, որ ամեն օր Հայաստանի քաղաքացին պետք է մատաղացուի դերում հայտնվի՝ «պանյատիաների» կենսունակությունը և իշխանության կայունությունն ապացուցելու համար:
Սուրեն Սուրենյանց
«Ժողովուրդ»–ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ։ «Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ—ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»,– այսօր գրել է թերթը։
Այս տեղեկատվության հավաստիությունն ի սկզբանե կասկածելի թվաց մի քանի պատճառով:
Նախ, Սերժ Սարգսյանը փորձառու պետական գործիչ է, այդ թվում՝ երկար տարիներ ղեկավարել է ԱԱԾ-ն, ու առանց հատուկ խումբ Կիպրոս ուղարկելու էլ, կարծում եմ, բավարար ինֆորմացիա ունի սույն օֆշորային պատմության, դրանում Տիգրան Սարգսյանի դերակատարության մասին:
Եվ երկրորդ, գոնե վերջին հրապարակային ելույթներում, հատկապես, երբ նախագահի մոտ քննարկվում էր Վերահսկիչ պալատի զեկույցը՝ նախագահը շատ հստակ հասկացրեց, որ հակամարտող կողմերից պաշտպանում է հենց վարչապետին՝ մեկ-երկու թթու խոսք ասելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին: Ենթադրել կարելի է, որ գործող վարչապետին մոտալուտ պաշտոնանկության հեռանկար չի սպառնում:
Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը Կիպրոս ԱԱԾ խումբ ուղարկելու և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հիմքեր պատարաստելու ցանկություն դժվար թե ունենար՝ գոնե այս պահին:
Իհարկե, եթե մենք իրավական երկիր լինեինք, գուցե հենց այդպես էլ պետք էր վարվել: Նույնիսկ անհրաժեշտ էր վարչապետի լիազորությունները գոնե ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև ամբողջովին բացահայտվեն օֆշորային սկանդալի մանրամասները:
Բայց մեզանում գործում են ոչ թե քաղաքական տրամաբանությունն ու իրավունքը, այլ նախագահի կամքը: Իսկ Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանն առայժմ պետք է:
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկատվությունը ճշտելու համար՝ մենք զանգահարեցինք ԱԱԾ լրատվական կենտրոն: Այնտեղից մեզ պարզաբանեցին, որ «Ժողովուրդի» լուրն անհեթեթություն է:
Սուրեն Սուրենյանց
Նոր Մոսկվայում խոշոր ավտովթարի և 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ողբերգությունը սկսվել է հենց Հայաստանում՝ սեփական հայրենիքում:
Մեր երկրում մարդիկ չեն կարողանում նորմալ աշխատանք ունենալ, արժանապատիվ ապրել, հոգալ իրենց օրվա ապրուստի հարցը և ինչպես Հարությունյանի պարագայում է՝ լուծել նույնիսկ մահացած որդու շիրմաքարի խնդիրը:
Հարությունյանը ու նրա նման էլի տասնյակ հազարավորներ բռնում են խոպանի ճանապարհը՝ օրվա հացի, ընտանիքի կարիքները հոգալու համար:
Ռուսաստաններում նրանց «դիմավորում» է հաջորդ ողբերգությունը. եկվորների նկատմամբ խտրական մոտեցումը:
Պարտքով Մոսկվա հասածը, ուզի-չուզի, համաձայնում է գործատուի բոլոր պայմաններին. անսարք մեքենա վարել, գիշեր-ցերեկ աշխատել և այլն:
Տվյալ դեպքում՝ ականատեսը դարձանք նաև իրական ողբերգության, երբ Հրաչյայի անսարք մեքենան 18 անմեղ զոհի պատճառ դարձավ:
Եթե Հրաչյան մեղավոր է, պետք է պատժվի: Այստեղ երկու կարծիք չկա:
Սակայն նույնիսկ մեղադրյալը պատշաճ պաշտպանվելու, իր արժանապատվությամբ դատարանին ներկայանալու իրավունք ունի:
Սա ճշմարտություն է, սակայն՝ նորմալ երկրների, բայց ոչ՝ այսօրվա Ռուսաստանի համար:
Ի՞նչ է այսօրվա Ռուսատանը:
Տոտալիտար երկիր՝ կայսերապաշտական հռետորաբանությամբ:
Ռուսաստանը չի հարգում անգամ իր քաղաքացիների իրավունքներն՝ ամեն օր նրանց նվաստացնելով, ոստիկանության բաժանմունքներում կտտանքների ենթարկելով:
Հարությունյանի պարագայում՝ ավելացել է նաև չեկիստական իշխանության փայփայած «գաղափարական» բաղկացուցիչը:
Դժբախտ դեպքից ցնցված ռուս հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ բոլոր դժբախտությունների իրական «մեղավորներին»՝ եկվորներին:
Դրա համար էլ ցուցադրվում է այս շոուն. մարդուն դատարան են բերում կանացի խալաթով, հիվանդ վիճակում, տիրաժավորում են նրա խեղճությունը:
Հենց այստեղ էլ սկսվում կամ ավարտվում է բոլորիս ողբերգությունը, որովհետև Հրաչյայի դեմքի խեղճությունը, հուսահատությունը՝ բոլորիս, մեր երկրի անզորության հավաքական արտացոլումն է:
Մենք այսօր ունենք Հայաստան, որն իր սահմաններում նվաստացնում է սեփական քաղաքացուն, իր սահմաններից դուրս անտեր է թողնում ուրիշի կողմից նվաստացված իր քաղաքացուն…
Սուրեն Սուրենյանց
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Ճգնաժամային վարչապետները
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցրել են նաև մարդիկ, ովքեր գուցե եղել են կուսակցական, սակայն փորձել են հանրությանը ներկայանալ բարեփոխականի իմիջով, ներկայացրել են ամբիցիոզ տնտեսական և սոցիալական ծրագրեր:
Իհարկե, կարևոր մի վերապահում անենք: Այդ մարդիկ կամ նրանց թիմակիցներն են իրենց ներկայացնում բարեփոխողի լուսապսակով, բայց հասարակության մեծ մասի համար, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, այդ վարչապետներն ամենևին էլ դրական փոփոխությունների խորհրդանիշ չեն:
Ընդունված է համարել, որ Հայաստանի առաջին ռեֆորմիստ վարչապետը եղել է Հրանտ Բագրատյանը, ով պաշտոնը ստանձնել է 1993թ-ին:
Բագրատյանը ՀՀՇ անդամ էր, բայց կդժվարանամ պնդել, թե նրա հարաբերությունները հարթ էին կուսակցության բոլոր թևերի հետ:
Եթե այդ օրերի խորհրդարանական մեծամասնությունն ու կուսակցության ֆորմալ ղեկավարությունն աջակցում էին վարչապետին, ապա նրա նկատմամբ բավականին ընդգծված բացասական վերաբերմունք ունեին ուժային նախարարները, մասնավորապես` Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, ովքեր մեծ ազդեցություն ունեին ոչ միայն իշխանության ներսում, այլ նաև` կառավարող կուսակցության որոշումների վրա:
Շատ հաճախ Սիրադեղյանն ու Սարգսյանը չէին մասնակցում կաբինետի նիստերին:
Հիշենք նաև, թե ինչպես էին այս զույգ գործիչները 1996թ-ին, Արշալույսի հայտնի խնջույքի ժամանակ, քամահրանքով խոսում կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Բագրատյանի մասին:
Առաջ ընկնելով նկատենք, որ հենց իշխանության ներսում ուժայինների կշռի ավելացումը պատճառ դարձավ, որ Հրանտ Բագրատյանը հրաժարական տա: Դա տեղի ունեցավ 1996թ-ի նախագահական աղմկահարույց ընտրություններից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն, ըստ էության, ապահովեց ուժային բլոկը:
Մյուս կողմից` անվիճելի է, որ Բագրատյանը կայուն արժեհամակարգ ունեցող և ինքուրույնության ձգտող վարչապետ էր:
Նրա պաշտոնավարման տարիներին իրականացվեցին ազատական բարեփոխումներ, երկրում արմատավորվեցին շուկայական տնտեսության ու ազատ մրցակցության էլեմենտները, հաղթանակ արձանագրվեց ղարաբաղյան պատերազմում:
Բայց նույն Բագրատյանին օրվա ընդդիմությունն ու հասարակության մի մասը մեղադրեցին «մազութ լափելու», ժողովրդին միտումնավոր խավարի մեջ պահելու, պետական ունեցվածքը թալանելու համար:
Ամենազորեղ դատավորը ժամանակն է, սակայն, ի պատիվ Բագրատյանի, նկատենք, որ պաշտոնանկությունից հետո` նա չփոխեց սկզբունքները, մնաց քաղաքականության մեջ, ստեղծեց սեփական կուսակցությունը, դարձավ ԱԺ պատգամավոր, անգամ հավակնեց ՀՀ նախագահի պաշտոնին` վերջին ընտրություններում:
Բարեփոխական կամ արհեստավարժ հռչակվեց նաև Արմեն Դարբինյանի կառավարությունը, որը նշանակվեց 1998թ-ի նախագահական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո:
Այն որևէ աղերս չուներ այդ օրերին ձևավորված երկրապահական խորհրդարանական մեծամասնության հետ և կոչված էր իրականություն դարձնել Ռոբերտ Քոչարյանի տնտեսական պատկերացումները:
Այս կաբինետում կային խոստումնալից մասնագետներ, սակայն մեկ տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած վարչապետն ու նրա թիմը զուրկ էին որևէ ինքնուրույնությանից, իսկ հաճախ էլ դառնում էին նախագահի ու խոհրդարանական մեծամասնության քողարկված, բայց ակնհայտ հակասությունների զոհը:
Մի անգամ, օրինակ, երկրապահների և կառավարության վեճն ավարտվեց խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հրաժարականով:
Այդ օրերին, ես վերջինիս խորհրդականն էի, հիշում եմ, թե ինչպիսի ներիշխանական ճգնաժամ էր առաջացել այդ հրաժարականի հետևանքով:
Մասնակցել եմ բազմաթիվ խորհրդակցությունների և ականատեսն եմ, որ միայն Քոչարյանի և երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հարթել վիճակը:
Ինքնին հասկանալի էր, սակայն, որ Դարբինյանն պաշտոնավարելու է մինչև 1999թ-ի խորհրդարանական ընտրությունները:
Այս, ըստ էության, ժամանակավոր կառավարությանը չհաջողվեց պատմության մեջ մնալ որևէ նշանակալի ձեռնարկով, սակայն նրա անվան հետ կապվեցին մի քանի սկանդալներ` կապված Կոնյակի գործարանի, «Արմենթելի» և այլնի հետ:
Ա. Դարբինյանի և նրա թիմի մասնագիտական որակը կասկածի տակ չեմ դնում, սակայն այս կառավարությանն ակնահայտորեն խանգարեց քաղաքական այն կոնյուկտուրան, որում նա գործում էր:
Խորհրդարանական ընտրությանուններից հետո, մի որոշ ժամանակ. Դարբինյանը մնաց կառավարությունում` նախարարի կարգավիճակով, ապա փորձեց ինտեգրվել քաղաքական կյանքին, իհարկե` անհաջող:
Հիմա պարոն Դարբինյանը զբաղված է գիտական աշխատանքով, ղեկավարում է Սլավոնական համալսարանը:
Իրեն բարեփոխական է հռչակել նաև Տիգրան Սարգսյանը, ով պաշտոնավարում է ավելի քան հինգ տարի:
Նրա կազմած կառավարությունները տիպիկ կուսակցական են, ձևականորեն` կոալիցիոն:
Սարգսյանի պաշտոնավարման շրջանը համընկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Գուցե դա է պատճառը, որ նրա հռչակած երկրորդ սերնդի բարեփոխումներն այդպես էլ տեղ չեն հասնում, իսկ ժողովրդի կենսամակարդակը վատացել է տեսանելիորեն:
Բայց կա նաև անարդյունավետ կառավարում և կոռուպցիա, ինչի պերճախոս վկայությունը Վերահսկիչ պալատի վերջին տարեկան զեկույցն է:
Տիգրան Սարգսյանի վարկանիշը շատ ցածր է, և նա պաշտոնավարում է բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:
Գյումրիի, Ջերմուկի հետ կապված Սարգսյանի ծրագրերը մնացել են վիրտուալ հարթության մեջ` դառնալով լրագրողական անեկդոտների թեմա, փոխարենը` խիստ առարկայական են այն սկանդալները, այդ թվում` օֆշորային, որում շոշափվում է վարչապետի անունը:
Տիգրան Սարգսյանը գեղեցիկ և կրեատիվ մտքեր է արտահայտում, սակայն դրանք առայժմ սոսկ խոսքեր են:
Մարդիկ գործի են սպասում կամ հրաժարականի:
Գործ կլինի, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:
Պաշտոնանկություն կամ հրաժարական այս պահին հաստատապես չի լինի:
Տիգրան Սարգսյանի առաքելությունը հաստատապես սպառված չէ:
Այն առաքելությունը, որի մասին գիտեն միայն ինքն ու նախագահը:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շաբաթվա սկիզբն անցավ եվրոպական նշանաբանով:
Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էր Հայաստանում: Հոկտեմբերին Վիլնյուսում նախատեսված Ասոցացման նախաստորագրումից առաջ եկել էր վերջին ստուգարքն ընդունելու: Մերոնք ստուգարքը, կարծես թե, հանձնել են, այլապես երեկ Ֆրանսիայի դեսպանը գոհունակությամբ չէր արձանագրի, որ ուրախ է ԵՄ-ի առջև մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքով:
Համ էլ ռուսները խիստ ջղագրգիռ վիճակում են. իրար հետևից հարցազրույցներ են տալիս ոչ անհայտ Կուրղինյանը, Կոլերովը, Զատուլինը, ովքեր հայ-ռուսական բարեկամության բաժակաճառերի արանքում հաթաթա են տալիս Հայաստանի իշխանությանը, նախազգուշացնում են, որ Եվրոպա տանող ճանապարհն անցնում է «դժոխքով»:
Հայաստանի իշխանության գործողությունների սցենարը պարզ չէ. մի կողմից եվրոպական առաջարկները գայթակղիչ են և նպաստելու են Հայաստանի զարգացմանը, ինչու չէ՝ լեգիտիմություն են հաղորդելու իշխանությանը, մյուս կողմից՝ Մոսկվան խոսքից կարող է գործի անցնել, ասենք՝ պատերազմ հրահրել Ղարաբաղում կամ՝ ռուսական սոուսով ընդդիմադիր բլոկ ձևավորել իշխանության դեմ:
Ըստ այդմ՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի թիմն իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է մշակել:
Դրանցից բարենպաստը՝ հոկտեմբերին Վիլնյուսում, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումն է, որը մի կողմից արտաքին ու տնտեսական բարենպաստ միջավայր կստեղծի Հայաստանի համար, մյուս կողմից՝ ներքին քարոզչության գրավիչ հաղթաթուղթ կհանդիսանա իշխանության համար:
Սակայն կա նաև անբարենպաստ վիճակ, արտաքին հայտնի հանգամանքներ, որոնք կարող են ստիպել Հայաստանի իշխանությանն՝ առնվազն հետաձգել Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը: Դրա համար անհրաժեշտ են ֆորսմաժորային պահեստային տարբերակներ:
Ասենք, բեմականացվում է ներիշխանական լուրջ ճգնաժամ: Դրա ծիլերն արդեն կան՝ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակադրության տեսքով:
Կամ՝ ընդդիմությունն ակտիվանում է, խորհրդարանում բարձրացնում է նախագահի պաշտոնանկության հարցը: Ի դեպ, նման ակնարկ արդեն իսկ հնչել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից:
Բայց սրանք միայն վարկածներ են, իսկ ներիշխանական հակասությունները, կարծես թե՝ իրողություն:
Օֆշորային հայտնի սկանդալից և Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցից հետո՝ շատերը կանխատեսեցին վարչապետի հրաժարականը:
Սխալվեցին: Տիգրան Սարգսյանն ոչ միայն հրաժարական չտվեց, այլև մտադիր է հարձակվել:
Արարատի մարզպետարանի վարչության պետ Տիգրան Վիրաբյանը մեծ խաղի մանր զոհ դարձավ: Ժամանակին, երբ նա հայտնի ընտանիքի ներկայացուցիչներին արտոնյալ կարգավիճակով բենզին ու դիզվառելիք էր մատակարում, մտածում էր բախտավոր պաշտոնավարելու և կուշտ փորով ապրելու մասին, այսօր դրա պատճառով՝ Վիրաբյանն ազատազրկված է:
Դրա համար էլ՝ ժողովուրդը պաշտոնը համեմատում է վարունգի հետ…որը միշտ էլ կարող է թարս աճել:
Իսկ Հայաստանի ընդդիմությանն էլ նույնիսկ չգիտես, թե ինչի կամ ում հետ համեմատես:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները համակարգի մաս են և ամառային իրենց հանգիստն էլ վստահաբար վայելելու են երևելիների օրինակով:
Օրինակ, Լևոն Զուրաբյանի մինուճարն ինչ պակաս է Սամվել Ալեքսանյանի յոթ զավակներից, որ չվայելի արտերկրի բարիքները:
Դե, փողոցում մնացած ընդդիմությունն էլ պարտադիր պետք է կրկնի այն ճանապարհը, որով անցել են նախկին բոլոր ընդդիմադիրները:
Երեկ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների հրավիրած սակավամարդ հանրահավաքն ավարտվեց ձերբակալությամբ, բարեբախտաբար՝ Գարեգին Չուգասզյանին Կենտրոնի բաժնում պահեցին ընդամենը մի քանի ժամ:
Մեր բոլոր ժամանակների ընդդիմադիրներն այդպես էլ չհասկացան հասարակ մի ճշմարտություն, որ ժամանակակից քաղաքականությունը մի փոքր տարբերվում է Ավարայրի ճակատամարտից՝ ռազմավարական և մարտավարական իմաստով:
«Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն ի սկզբանե տանում է պարտության, նաև՝ ոստիկանից անիմաստ ծեծվելն ու բաժին տարվելը:
Բայց սա է հայկական իրականությունը, որի շաբաթը սկսվում է եվրոձգտումներով և ավարտվում է սովետական իրականություն հիշեցնող քաղմասերով:
Շաբաթվա Վարկածները՝ Սուրեն Սուրենյանցի
Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զինատեսակ է վաճառում, մեր քաղաքական համակարգի պատասխանը ոչ համարժեք էր:
Իշխանությունը գերադասեց հանդես գալ Ռուսաստանի շահերի պաշտպանության դիրքերից՝ մոտավորապես այն հիմնավորմամբ, որ Մոսկվան սոսկ իր բիզնես հետաքրքրություններն է հետապնդում:
Ավելին, հետագա օրերին մերոնք առիթը բաց չէին թողնում հայ-ռուսական ստրատեգիական գործընկերությանը ձոնված բաժակաճառեր արտասանելու համար:
Լռեց նաև ընդդիմադիր դաշտը:
Այստեղ էլ տարօրինակ ոչինչ չկա, որովհետև, եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն իր պաշտպանությունը տեսնում է Մոսկվայում, նրա ընդդիմախոսներն էլ հույս ունեն նույն այդ Մոսկվայի միջոցով հասնել իշխանության:
Եվ ահա այս վասալային միասնական լռության մեջ խիստ համարձակ տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ Արթուր Աղաբեկյանը: Նա կայքերից մեկին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Իմ տեսակետն այս առումով հստակ է, ես այն կարծիքին եմ, որ ՌԴ—ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար և ստրատեգիական մեր գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են»:
Պարոն Աղաբեկյանի դիտողությունը՝ պասիվության վերաբերյալ, միանգամայն տեղին է: Ի դեպ, այդ գնահատականն առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, նաև՝ ԼՂՀ-ի, ում ներկայացնում է գեներալը:
Նաև այն կուսակցությանը՝ ՀՅԴ-ին, որի անդամն է պարոն Աղաբեկյանը:
Ինչևէ, Արթուր Աղաբեկյանի այս դիրքորոշումն ողջունելի է, թեկուզև՝ այն մասնավոր կարգավիճակ ունի:
Մնում է՝ Աղաբեկյանը մեկ-երկու օր հետո չհայտարարի, թե լրագրողն իրեն լավ չի հասկացել կամ էլ, թե՝ խեղաթյուրել է իր ասածը:
Գեներալի սկզբունքայնությանը չեմ կասկածում, բայց մենք նման նախադեպերի պակաս չունենք:
Սուրեն Սուրենյանց
Հուլիսի 11-13-ը վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնում է կարճաժամկետ արձակուրդ, որի ընթացքում պրոֆիլակտիկ բուժզննում կանցնի եվրոպական բուժհաստատություններից մեկում: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը:
Գուցե իսկապես մեր վարչապետն որոշակի պրոբլեմներ ունի առողջության հետ:
Բանն այն է, սակայն, որ արձակուրդ մեկնելու նրա մտադրությունը մարդկանց մոտ որոշակի ենթադրություններ է ծնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ-երկու ամսում Տիգրան Սարգսյանը հայտնվել է առնվազն երկու աղմկոտ սկանդալի կիզակետում:
Երեկ ոմանք հիշել էին, որ բուժվելու նպատակով արտերկիր էր մեկնել նաև Հայաստանի 1996-97թթ-ի վարչապետ Արմեն Սարգսյանը, ով արտերկրից էլ հայտարարեց իր հրաժարականի մասին:
Ավելին, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ավելի հեռու է գնացել՝ այսօրվա վիճակը համեմատելով 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո առաջացած ներիշխանական ճգնաժամի հետ, որի հետևանքով, ի վերջո, հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գուցե արտաքուստ կան իրավիճակային նմանություններ: Բայց՝ միայն արտաքուստ:
Ֆորսմաժորային իրավիճակների սիրահարներին հանգստացնեմ. տարբերություններն ավելի շատ են ու հարկ չկա սպասել աղմկոտ պաշտոնանկությունների, էլ չեմ ասում՝ իշխանափոխության: Գոնե՝ մոտ ապագայում:
Հիմա՝ ըստ էության:
1996-ի նոյեմբերին վարչապետ նշանակված Արմեն Սարգսյանն այդպես էլ չկայացավ իր պաշտոնում, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ նա չի կարողանալու լուծել իր առջև դրված երկու խնդիրները՝ երկխոսություն հաստատել ընդդիմության հետ և հակակշիռ դառնալ իշխանության ուժային թևին:
Այս հարցերում Սարգսյանի անկարողությունն ակնհայտ էր նաև նրան նշանակողի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, սակայն առաջին նախագահը ժամանակ էր շահում՝ իշխանության սահուն անցումը կազմակերպելու համար:
Տիգրան Սարգսյանը նման խնդիր չունի, համենայն դեպս՝ գործադիր իշխանությունը, կարծես թե, մոնոլիտ է և նրա պաշտոնավարումը պայմանավորված է բացառապես մեկ մարդու՝ հանրապետության նախագահի կամքից և ոչ թե՝ այս կամ այն ուժայինի քմահաճույքից:
Վերահսկիչ պալատի զեկույցից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում՝ Սերժ Սարգսյանը բոլորին հրապարակավ հասկացրեց, որ գոնե առայժմ մտադիր չէ զոհաբերել Տիգրան Սարգսյանին՝ մանավանդ որ վերջինիս ստեղծած արևմտամետ իմիջը խիստ անհրաժեշտ է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման նախաշեմին:
Ներիշխանական դասավորության մեջ էլ վարչապետը բնավ էլ պաշտպանվողի դերում չէ. նրա թիմն այս օրերին նույնիսկ բացահայտ հարձակման է անցել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ: Արարատի մարզպետարանի աշխատակից Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունը կապվում է կոռուպցիոն մի պատմության հետ, որում, ըստ շրջանառվող լուրերի, ֆիգուրանտ են ԱԺ նախագահի մերձավորները:
Ինչ մնում է 1996 ու 2008թթ-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրավիճակների միջև զուգահեռներ անցկացնելուն՝ արձանագրենք, որ դրանք շատ պարզունակ ու մակերեսային են:
Նախ, այս տարի ընտրություններում չի եղել այն կոշտ դիմակայությունը, ինչին ականատես ենք եղել 12 տարի առաջ:
Վերջին նախագահական ընտրությունները լուծում էին ոչ թե իշխանության, այլ՝ ներիշխանական դասավորության հարց:
Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ ընդունենք, որ այսօրվա իշխանությունը մոնոլիտ չէ ու ամբողջովին չի վերահսկվում նախագահի կողմից, միևնույն է՝ չի երևում իշխանության այն բևեռը, որը կարող է 98-ի օրինակով հեղաշրջում իրականացնել:
Ոստիկանության, բանակի, ԱԱԾ-ի ղեկավարները միանգամայն լոյալ են գործող նախագահին:
Օլիգարխիկ հեղաշրջման թեզը նույնպես արհեստական է, որովհետև օլիգարխները միասնական թիմ չեն և հաճախ միմյանց հետ գտնվում են թշնամական հարաբերությունների մեջ: Օրինակ, ես չեմ պատկերացնում, որ մի թիմում հանդես գան Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Իհարկե, այս ամենը չի ենթադրում, թե իշխանությունը կայուն է և երկրում ցնցումներ չեն սպսավում կամ որ՝ իշխանության որակը լավն է ու փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Այս ամենն այլ բան է ենթադրում. ընդդիմությունն իր հույսը պետք է դնի ոչ թե ներիշխանական հակասությունների վրա և հայտնվի «բաժակ նայողի» կարգավիճակում, այլ ձևավորի իր օրակարգը՝ հիմնված հասարակական պատվերի վրա:
Սուրեն Սուրենյանց
Մարդկային ցինիզմն երբեմն սահմաններ չի ճանաչում:
Սա հատկապես բնորոշ է մարդկանց, որոնց միակ ուժը, հասարակության հետ հարաբերվելու միջոցը՝ պաշտոն ունենալն է:
Այդ մարդիկ, պաշտոնը կորցնելու պարագայում, կորցնում են իրականության զգացումը, արտահայտում են մտքեր, որոնք ի ցույց են դնում նրանց կերպարի սնանկությունը, միաժամանակ՝ ողբերգականությունը:
Գորիսի արյունալի դեպքերից հետո, մի տևական շրջան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառորեն լռում էր՝ նույնիսկ այն բանից հետո, երբ կալանավորեցին որդուն:
Լիսկան խոսեց, երբ նոր մարզպետ նշանակվեց ու զգաց, որ իր նախկին բդեշխությունում վերջնականապես կորցնում է իշխանությունը:
Նոր մարզպետի անձի վրա շատ կենտրոնանալ չեմ ուզում. նկատեմ միայն, որ Վահե Հակոբյանը, մարզպետի շրջանառվող թեկնածուների շարքում, ամենաընկալելին է՝ քաղաքական, իրավիճակային, սերնդային տեսանկյուններից:
Նոր մարզպետի հիմնական առաքելությունը՝ Սյունիքին, հասարակական ընկալման, բովանդակության տեսանկյունից, մարզի կարգավիճակը վերադարձնելն է, ֆեոդալական կարգերի ապամոնտաժումը:
Հիմա դառնանք բուն խնդրին:
Կարդալով Խաչատրյանի հարցազրույցները՝ տպավորություն է ստեղծվում, որ նրա համար PR-շչիկների խումբ է աշխատում, ընդ որում՝ ապաշնորհ խումբ:
Մինչև Վահե Հակոբյանի պաշտոնական նշանակումը՝ Լիսկան համառորեն պնդում էր, որ նրան չի ճանաչում, տպավորություն էր ստեղծում, որ մարզում ինքն է, որ կա:
Թերևս, սա մի հուսահատ փորձ էր՝ նոր մարզպետի նշանակումը կանխելու համար:
Նոր մարզպետի նշանակումից հետո արդեն՝ Խաչատրյանը կերպարանափոխվում է, դառնում է գրագետ արտահայտվող մարդ, հավանաբար՝ հիշում է, որ պատմական գիտությունների թեկնածու է՝ միաժամանակ մոռացության մատնելով կամ արդարացնելով իր արյունոտ ձեռագիրը:
Սակայն ամենաուշագրավը նրա այն պնդումն է, որ հենց ինքն է մարզպետի պաշտոնում առաջադրել Վահեի թեկնածությունը:
Տո մեկը հարցնող լինի, թե քեզ անծանոթ մարդու համար ինչո՞ւ ես միջնորդել, պարոն Լիսկա:
Բայց այդ հարցը Սյունիքի նախկին մարզպետին բնավ չի հետաքրքրում. նրա ասածի շարժառիթներն ավելի քան պրագմատիկ են, ցինիզմին հասնող պրագմատիկ:
Մի կրակոցով փորձում է մի քանի նապաստակ խփել:
Ուզում է ասել՝ մարզպետ լինեմ-չլինեմ կարող եմ ազդել հանրապետության նախագահի որոշման վրա:
Չեմ ուզում հավատալ այս վարկածին, բայց Սերժ Սարգսյանի շրջապատում, հավանաբար, ծպտյալ լիսկաների պակաս չկա:
Համենայն դեպս, Խաչատրյանի մտքի փայլատակումների օրերին քրգործ հարուցվեց զոհված Ավետիք Բուդաղյանի վիրավոր և տակավին ապաքինվող եղբոր՝ Արտակի դեմ:
Հիմա Լիսկան մեղավոր չի լինի, որ այստեղ-այնտեղ հայտարարի, որ իշխանությունը հենց իր թելադրանքով է վարում նախաքննությունը:
Երբեք չէի ցանկանա հավատալ, որ երկրի բարձրագույն իշխանությանը և մի հանցագործի կապում է մի ընդհանուր մեղք, արյունոտ անցյալ:
Խաչատրյանի հարցազրույցի մյուս մեսիջն այն է, որ ինքը շարունակելու է մնալ Սյունիքի ֆեոդալ, որովհետև Վահեն իր մարդն է:
Բոլոր սյունեցիները գիտեն, որ այս պնդման մեջ Լիսկան ստում է, աղվեսություն է անում, սակայն նոր մարզպետը խնդիր ունի ապացուցելու, որ Սուրիկ Խաչատրյանի հեռացումով՝ միայն անձ կամ թիմ չի հեռացել, այլ նաև՝ մի ողջ արյունոտ, հանցավոր ժամանակաշրջան:
Վարդանիկը, Լիսկան՝ դրանք սոսոկ անուններ չեն, դրանք խորհրդանշում են պետության ստորադասումը կրիմինալին, օրենքի անզորությունը «ճշտի» առաջ:
Մարդիկ Գյումրիում, Սյունիքում պետք է համոզվեն, որ նոր քաղաքապետը, մարզպետը հասարակական նոր հարաբերությունների, կյանքի նոր որակի խոհրդանիշ են:
Այդ ժամանակ, Վարդանիկի կամ Լիսկայի հարցազրույցները կարող են անհրաժեշտություն լինել երգիծական պարբերականների խմբագիրների համար կամ էլ դառնալ ինքնախոստովանական ցուցմունք՝ նախաքննության մարմիններում:
Սուրեն Սուրենյանց
«Հայկական Վարկածն» ահազանգ էր ստացել, որ Էրեբունի համայնքում վարչական հիմնարկի աշխատողների աշխատավարձերը վճարում են՝ մինչև տարեվերջ հարկերը վճարելու պայմանով: Մարդկանց ասվել է, որ դա արվում է Երևանի քաղաքապետի հրամանով: Խայտառակ գործարք քաղաքապետի հրամանո՞վ
Քաղաքապետարանը պատասխանել է Տարոն Մարգարյանին ուղղված «Հայկական Վարկած»-ի հետևյալ հարցմանը. «Ճի՞շտ է այն տեղեկությունը, թե՝ Ձեր կողմից հրաման կա, որ Էրեբունի վարչական շրջանի ուսուցիչները և մանկապարտեզի աշխատակիցները (ենթադրելի է, որ վարչական հիմնարկների բոլոր աշխատողները ) պետք է մուծեն մինչև 2013 թվականի դեկտեմբեր, (ասել է թե փակել տարին) կոմունալ ծախսերի՝ աղբի, հողի, գույքահարկի, մեքենայի գույքահարկի, վարձակալած տարածքների հարկերը: Դրանց անդորրագրերը թաղապետարան ներկայացնելուց հետո միայն, տարվա կտրվածքով պարտքեր չունենալու դեպքում՝ ստանալ «զրոյացման» տեղեկանք և միայն այդ տեղեկանքի առկայության դեպքում՝ ստանալ այս ամսվա աշխատավարձը»:
«Աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի կողմից նմանատիպ հրաման չի արձակվել, հետևաբար ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ նշեմ, որ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները՝ օրենքով սահմանված կարգով, ունեն վճարման ժամկետներ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.