29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շատ լի ու երկար մի օր` հուլիս 11, 2010թ.
Գիշերը շոգ էր, համարյա չկարողացքա քնել: Առավոտս բացվեց ցերեկը, տանը հաց չկար, իջա հացի: Առաջին անգամ վարդավառին ես ինքս խանութպանի աղջկան խնդրեցի ինձ ջրել, հավաքված դույլերով երիտասարդներին հավանաբար մեծ տիկին թվացի` չջրեցին, մտածեցի` երևի պառավում եմ, եթե վարդավառին չեն ջրում: Բեյրութահայ ընկերուհիս հանձնել էր օդանավի տոմսն ու մնացել Ոսկե Ծիրանին: Մի կերպ կանգնելով գազօջախի առաջ, անտանելի շոգին ուտելիք սարքեցի, ինքս ինձ համար հաստատ չէի անի, բայց հյուր ունեի: Հետո սկսեցի հրավիրատոմսեր հայթայթել:
Օգնեցին, դժվարությամբ իհարկե, բայց մուտքի հրավեր ձեռք բերեցի։ Մեզ ասեցին, որ 200 լրագրող են հավատարմագրվել, բոլոր հրավիրատոմսերը հատ-հատ անվանական հանձնված են, հնար չկա, բայց ընդառաջեցին: Թե չէ խայտառակ էի լինելու հյուրիս առաջ, ինքս համոզեցի նրան տոմսը փոխել, եթե չկարողանայի ապահովել «համազգային» գլուխշոյոցու մուտքի տոմսը, ինքս ինձ չէի հարգի այլևս: 5 տարի է Երևանում եմ, ոչ մի անգամ հրավեր չեմ փնտրել։ Էն բանից հետո, երբ «Ծիրանի» առաջին տարին աղջկաս հետ բոլոր հնարավոր ծակուծուկերը փորձելուց հետո գլխիկոր տուն եկանք, երբեք չեմ երազել այնտեղ ներկա լինել:
Մի խոսքով` «Ոսկե Ծիրան»: Ոչ մի տոն, չնայած «անվտանգությունն ապահովող» հոծ ոստիկանական խմբին ու նվագախմբին: Եթե տոն լիներ, հաստատ մի տեսակ բան կզգայի, որ զգում եմ, երբ Հայաստանի հիմնն է հնչում ազգիս ներկայացուցիչների ձեռքբերած որևէ հաջողության ժամանակ:
Ինչպես ընդունված է բոլոր փառատոններին, էստեղ էլ կարճլիկ Կարմիր գորգի վրայով անցան հյուրերը` իմ պաշտելի Կլաուդիա Կարդինալեն, Պատրիկ Վերնոյը, Ատոմ Էգոյանը, Սերժ Ավետիքյանը, վարչապետը, քաղաքապետը,մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և էլի մի շարք հարգարժան հյուրեր: Ներս մտնողների մեջ նկատեցի «նապաստակների»` մտքումս ուրախացա: Մարդկանց մեջ հանդիպեցի ֆրանսահայ ու ամերիկահայ ընկերուհիներիս, որոնք արդեն մի տարի է, ինչ սովորում ու շատ պետքական կամավորական աշխատանք են անում մեզ մոտ, նրանք ինձնից ավել հրավիրատոմս էին հարցնում: Ափսոսանքով ինձ էին նայում, ուզում էին ներս մտնել, Հայաստանում էին Ոսկե Ծիրանի օրերին ու չեն կարողանում մտնել:
Մտանք, նստեցինք հենց նշված տեղերում, ես մտածեցի, որ եթե էդպես հատ-հատ ընտրված են հյուրերը, ապա լեփ-լեցուն դահլիճ կլինի:
Արարողությունն արդեն սկսվել էր, Սերժ Ավետիքյանն արդեն ֆրանսերեն ու հայերեն շատ հաճելի անկաշկանդ երգեցիկ ճտպտում էր` նրա մեջ խոսում էր Եվրոպան: Սկզբում քաղաքապետը ողջունեց, հետո` Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանը երկար խոսեց, VIVA cell-ի Ռալֆ Յիրիկյանը խոսեց հաճելի ու անմիջական, համոզմամբ , որ 50-րդ կինոփառատոնն էլ կհովանավորի, հավատում եմ: Հետո բեմ ելավ Կալուդիա Կարդինալեն, և ես ոտքի կանգնեցի ծափահարելու ու հարգանքս հաղորդելու մեծ դերասանուհուն: Հայացքս ընկավ դալիճին ու մնացի ապշած…. Դահլիճում (մենք ամֆիթատրոնում էինք) ծիկրակում էին թափուր նստատեղերը… Հիշեցի դրսում մնացած սփյուռքահայ ընկերուհիներս: Ինչո՞ւ չէր կարելի վերցնել, ասենք Մարզահամերգային Համալիրն ու գոնե բացմանը ապահովել բոլոր ցանկացողների մուտքը։ շատ էին սպորտ-բարերում ֆուտբոլ նայողները երեկոյան: Լսել եմ, որ ֆիլմերի ցուցադրության հետ կապված, Կինո Մոսկվայի հետ և ոչ միայն, կինոփառատոնի կազմակերպիչները պայմանավորվածություն ունեն` տոմսերի վաճառքն են ապահովում, բայց բացումը հո կարելի՞ էր անել ավելի ընդարձակ տեղ, էլի ֆիլմերը թող մնան կինո Մոսկվային: Ինչևէ, իմ խելքի բանը չի: Կլաուդիան շքեղ էր, միայն աշակերտի նման շփոթվել էր, երբ Հասմիկ Պողոսյանը նրան «Ոսկե մեդալ» հանձնեց: Ամենուր կարելի է կարդալ ով ինչ խոսեց, ինչ եղավ…:
Ես այլ բան եմ ուզում ասել: Ինչո՞ւ չեն կարողանում տոն ստանալ, ի՞նչն է պատճառը: Չեմ կարծում, որ ֆինանսավորումը, Յիրիկյանը եթե մի բան հանձն է առնում, անում է տեղը տեղին: Ինձ թվում է կազմակերպչական կողմն է կաղում, ու չկա նման իրադարձությունների համաշխարհային ստանդարտներին համապատասխան մշակված ստրատեգիա: Ինչպե՞ս ստացվեց, որ դահլիճում` պարտերում այդքան ազատ տեղեր կային: Լավ, ասենք թե մարդկանց հրավիրատոմսեր են ուղարկել, նրանք էլ չեն կարողացել ներկայանալ: Նման դեպքերում կարելի էր հրավիրատոմսերն առաքելուց խնդրել հաստատել մասնակցությունը, ինչպես անում են թեկուզ facebook-ում, որ հետոԿլաուդիայի և մյուսների առաջ ոչ այնքան մեծ Կինոմոսկվայի դալիճի թափուր տեղերի պատճառով խայտառակ չլինեին:
Կամ, երբ տեսան, որ հրավիրվածները չեն եկել, արարողությունը սկսելուց մի 15 րոպե հետո, կարելի էր գոնե ներս հրավիրել դրսում կանգնած տասնյակ ցանկացողներին։ ժամը 10-ին ավարտվեց պաշտոնական բացման մասը: Պիտի լիներ Անրի Վերնոյի «Մայրիկը», 90 րոպե միմինում տևողությամ երկմաս ֆիլմ, որը ես ինքս շատ կուզեի մեծ էկրանին նայել, բայց ախր 11-ին ֆուտբոլ կար: Իմիջիայլոց, ֆուտբոլի ֆինալի օրը հայտնի էր շատ վաղուց և ոչ մի կերպ չէր կարելի համատեղել այդ երկու կարևոր իրադարձությունները մի օր ու մի ժամի: Ինչո՞ւ հնարավոր չէր փառատոնը մեկնարկել մեկ կամ երկու օր ուշ։
Դահլիճի մնացյալ մասի կեսից ավելին լքեց Կինոմոսկվան բացման արարողությունից հետո: Հեռուստալրագրողներն ու օպերատորները իրենց գործը վերջացրած արագ հեռացան, որպեսզի հացնեն նորություններ մեջ դնել Ծիրանը, ֆուտբոլասերները գնացին ֆուտբոլ նայելու, իսկ ամենահամառ մասը` մնաց «Մայրիկ» նայելու, որը լավագույն դեպքում կավարտվեր ժամը 12-ին: Բա էդպես անո՞ւմ են:
Հետո փորձեցի զանգել, չստացվեց: Պարզվեց կապը խափանումներ ունի։ Գնացինք VIVA cell, որտեղ Ֆրիդա անունով աշխատակցուհին կատակում էր բազմաթիվ բաժանորդների հետ, ասելով, որ «VIVA cell-ին շատ ջրեցին վարդավառին, ու անտենաները թրջվեցին»: Բաժանորդները հումորով ու ըմբռնումով էին լսում Ֆրիդային, մանավանդ, որ նա էնքան զրուցեց մեզ հետ, մինչև որ կապը կարգավորվեց, և ուրախ — զվարթ մենք գնացինք Մեծ ֆուտբոլ նայելու: Ֆուտբոլն էլ ինձ հուսախաբ արեց: Բարում մեծամասնությունը Իսպանիայի թիմին էր համակրում, իմ Հոլանդիան պարտվեց։ Իսկ երբ տուն էինք վերադառնում, փողոցը լեփ-լեցուն էր Իսպանիայի ֆուտբոլասերներով` իսպանական դրոշներով, դրոշի գույների հագուստներով ու գլխարկներով, տեղ-տեղ լսվում էին հրավառության ձայներ:
Ափսոսեցի`փաստորեն, Հայաստանում ֆուտբոլի ֆինալն ավե՞լի մեծ իրադարձություն էր, քան «Ոսկե Ծիրանը»:
Շատ լի, խառը օր էր: Թվում էր, պիտի լիներ երեք տոն` Վարդավառ, «Ոսկե Ծիրան» եւ Մեծ Ֆուտբոլ: Բայց ոչ մեկն ինձ տոն չբերեց: Մնացին միայն հետաքրքիր հանդիպումները, ու երեւի թե կարեւորը դա էր:
Լուսինե Վայաչյան
(Անակնկալ զրույց «Բագին» գրական ամսագրի փոխխմբագիր Սեդա Գրիգորեանի հետ)
Սեդային հանդիպեցի Գրողների միության բակում: Հեղձուկ դահլիճից, ուր ընթանում էր Գրողների համահայկական համաժողովի փակման արարողության մասը կազմող «սովետի» ֆորմատի հայասեր-հայրենասիրական-հայեցի համերգը, դուրս էի եկել մաքուր օդ շնչելու եւ մի գլանակ ծխելու: Ինձ մոտեցավ մի կին ու հարցրեց.
— Այստեղ կարելի՞ է ծխել:
— Այո, ինչո՞ւ չէ:
— Բայց այստեղ կանայք փողոցում չեն ծխում կարծես, մի տեսակ են նայում նրանց:
— Ես ըմբոստ եմ, ես ծխում եմ, թող նայեն:
Այսպես, ծանոթացանք ու շատ թեթեւ, անբռնազբոս շփում սկսվեց: Նա ինձ ձայնագրեց որպես հայ գրողի, ես նրանից հարցազրույց վերցրի որպես համաժողովի մասնակից:
— Սեդա ջան, պատմեք Ձեր ու ամսագրի մասին: «Բագին»-ը ի՞նչ նպատակների է ծառայում:
— «Բագին»-ը գրական-մշակութային հանդես է, հիմնվել է Բեյրութում 1962թ, երկու տարի հետո կլինի 50 տարեկան: Ներկայումս հրատարակվում է երեք ամիսը մեկ անգամ: Խմբագիրը Հակոբ Պալյանն է, ես փոխխմբագիրն եմ: Ունի արվեստի, բանաստեղծության, արձակի, իմացական շարժումի, թատրերգության, համաշխարհային գրականության թարգմանությունների, արխիվային նյութերի բաժիններ: Հրատարակվում են ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ աշխարհում ստեղծագործողների գործերը: Վերջին տարիներին խմբագրատանը անցկացնում ենք նաև ընթերցում- հանդիպումներ: Մեր կարևոր նպատակներից մեկն էլ արեւմտահայերենի պահպանումն ու զարգացումն է:
— Որտե՞ղ եք կրթություն ստացել, ապրել, աշխատել:
— Լիբանանում ավարտել եմ Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, այնուհետև բարձրագույն բանասիրական կրթություն եմ ստացել Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել եմ 1993-ին: Լիբանան վերադառնալով` աշխատել եմ որպես սրբագրիչ, լրագրող, խմբագիր, գրական էջի պատասխանատու «Ազդակ» օրաթերթում: Տարիներ անց Ամերիկայում աշխատել եմ «Ասպարեզ» օրաթերթում, ավելի ուշ Կանադայում` «Հորիզոն» շաբաթաթերթում: Ավելի քան մեկ տարի առաջ վերադարձա Լիբանան: Ապրում և աշխատում եմ մշակութային մթնոլորտում, սակայն ձգտում եմ լայնացնել հորիզոններս, ուժերս նվիրել համահայկական` Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային ծրագրերի իրականացմանը: Եթե մի օր նյութական միջոցներս հնարավորություն ընձեռեն, առավելագույնս կխրախուսեմ և կզարգացնեմ մեր գրականությունը, արվեստը, մշակույթը:
— Իսկ ի՞նչ տվեց Ձեզ այս համաժողովը, ի՞նչ կփոխվի սրանից հետո համահայկական գրականության մեջ:
-Ես առաջին անգամ եմ ներկա գտնվում նման միջոցառման: Համաժողովներն ուղղակիորեն նպատակ չունեն ինչ-որ բան փոխելու, թեև կձգտեն դրան: Բայց միշտ չէ, որ հաջողվում է. երբ մեծ խմբերով, մեծ թվով մարդիկ են հավաքվում, կարծում եմ, որ ակնկալված երկխոսությունը չի ստացվում: Բայց լավ է, որ հավաքվում են, շփվում միմյանց հետ: Բավական հետաքրքիր մարդիկ` գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, հրատարակիչներ էին եկել տարբեր հայ գաղութներից` Աբխազիայից, Վրաստանից, Ամերիկայից, Սիրիայից, Լիբանանից, Անգլիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից: Մասնակցում էին նաև Հայաստանի և Արցախի գրողներ: Բացումը տեղի ունեցավ հունիսի 28-ին Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը: Ներկա էին պաշտոնական այրեր, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, եղան զեկուցումներ, թեմատիկ նյութեր, ընդգծվեց հայ գրականությունը համաշխարհային բեմ բարձրացնելու անհրաժեշտությունը:
— Ի՞նչ սպասելիքներ ունեիք, արդարացա՞ն արդյոք այդ սպասելիքները:
— Սպասելիքներ շատ ունեինք, սակայն ոչ բոլորն իրականացան: Այն լավը, ինչ տեղի ունեցավ, անտեսել չի կարելի: Թերություններ կային, իհարկե, հաջորդ անգամ երեւի կշտկվեն: Օրինակ, կցանկանայի իմանալ տարբեր տարածաշրջաններից եկած հայ գրողների հոգսերն ու խնդիրները: Փոքր-ինչ ուշացումով մտերմացանք միմյանց, այնուամենայնիվ վերջին գիշերներին ինքնաբուխ հավաքվեցինք, բանաստեղծություններ, պատմություններ կարդացինք, երգեցինք. շատ ուրախ, անմիջական մթնոլորտ էր: Շատ հիշարժան պահեր և զբոսանքներ ունեցանք, կիսեցինք մեր մտահոգությունները, հասկացանք, թե քաղաքականապես զգայուն տարածքներում` Վրաստանում, Աբխազիայում, Արցախում և այլուր, հայությունն ազգային-մշակութային գետնի վրա ինչպիսի խնդիրների առջև է կանգնած: Շոշափեցինք հայ գրականության լեզվի և ուղղագրության հարցերը: Ի վերջո, գնահատելին այն էր, որ հանդիպեցինք Հայրենիքում: Այս ամենը ուժ է տալիս, հասկանում ես, որ մենակ չես: Համաժողովը, անշուշտ, իր պտուղները կտա, եթե ճիշտ ուղղորդվի, եթե ճիշտ հասկանանք իրար, եթե ամեն ինչ ճիշտ կարգավորենք:
— Համաժողովը համապատասխանո՞ւմ է քաղաքակիրթ համաշխարհային չափանիշներին:
— Քաղաքակիրթ աշխարհում ամեն ինչ կանոնակարգված է, կա ժամանակի հասկացություն, կա հստակ տարբերություն` որտեղ խոսել կենցաղային, ընկերային խնդիրներից, որտեղ` գրականությունից: Ավելացնեմ, որ համաժողովի եզրափակիչ հանդիպմանը հայտարարագիր ընդունվեց, եղան առաջարկներ` պետք է հովանավորել հայ գրողների օտարալեզու թարգմանությունները. ժամանակն է, որ հայը չգրի միայն հայի համար, միայն հայը չկարդա հայի ստեղծագործությունները, այլ ամբողջ աշխարհն ունենա այդ հնարավորությունը: Պետք է դուրս գալ «խոհանոցային» վիճակից:
Սեդա Գրիգորյանին հրաժեշտ տվեցի այն համոզումով, որ մենք` գրողներս, կհամագործակցենք միմյանց հետ: Եթե ճակատագիրը բաժանել է մեզ, նետել երկրագնդի տարբեր անկյուններ, դարձրել բազմալեզու, դրանից նույնիսկ կարելի է օգուտ քաղել… Թերևս մեկ օր ես Սեդա Գրիգորյանի ստեղծագործությունները ներկայացնեմ ռուսերենով:
Լուսինե Վայաչյան
Վարդան Պետրոսյանը կրկին Հայաստանում է ու կմնա մինչև տարեվերջ ։ Այս անգամ նա իր հետ բերել է երկու ներկայացում` «Ճակատագրի կատակներ» և «Վարք Հայաստանի»։ Դրանցից վերջինի մասին նա տեղեկացրել է լրատվամիջոցներին։ «Վտանգված է այն ժողովրդի կյանքը, որը պատմությունից դասեր չի քաղում ։ Նա անընդհատ փորձությունների մեջ է, որոնք վերածվում են փորձանքների»,- ասել է սիրված դերասանը։ Պետրոսյանը շնորհալի ու պատրաստված անձնավորություն է, ու այդ ֆոնի վրա զարմանալի է նրա արտահայտություններից մեկը. «Սուգն ու ողբերգությունը անընդհատ մեզ սրբացնում են և ազնվացնում են»։ Որքան էլ ցանկանանք նրա հետ համաձայնվել չենք կարող. Մեզ նման ազնվականություն պետք չէ, ու էս ազգը հենց Վարդանի նման մարդկանցով է զորեղ, որոնք իրենց արվեստով կոչված են հավերժ ողբացող ու սգացող ազգին դրանից դուրս բերելու։ Հասկացնելու, որ էդ ողբն ու սուգն է, որ բարձրանալով վեր կուակվում ու նորից մեր գլխին է թափվում։
«Մտավորականի խոսքը լսելիս մեր մեջ պետք է փոփոխություն կատարվի, մենք պիտի զգանք, որ ճշմարտությունն ենք լսում: Ճշմարտությունը հայտնություն է, իսկ երբ մտավորականը կորցրել է դա, ուրեմն կխոսի կեղծ բաներից, ուրեմն նա հասարակության համար բաձարձակ պիտանի չէ», — ասում է երգահան, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը:
— Ինչպիսի՞ պատկերացում ունենք մենք և ինչպիսի՞ն է մտավորականի Ձեր բնորոշումը:
— Մեր հասարակության մեջ կա մտավորականի կայունացած պատկերացում, թե ո՞վ պիտի լինի և ինչո՞վ զբաղվի: Եվ ստացվում է մի քիչ արհեստական կատեգորիա: Մարդկանց բաժանել են ինչ որ մասերի, որ ամեն մեկը իր դերը կատարի, և ոչ միայն դա, այլ պատվերներ էլ կատարի: Կատարում է ու նրան օգտագործում են։ Մտավորականն այլ բան չի քան, մտածող, մտքերով գործող մարդ: Այսօր ունենք մտավորականության ճգնաժամ, մտածող մարդկանց ճգնաժամ:
Պարզվում է որ մեզանում կան մտավորականներ, որոնք ունեն պատվիրած մտքեր : Մի դեպքում այդ մարդիկ չկարողացան պահպանել իրենց ինքնուրույնությունը, մյուս դեպքում խիստ փոխվեցին, մեկ այլ դեպքում` մոլորվածների նման կանգնած են ու իրենք էլ չեն հասկանում թէ ով են: Եթե հաշվի առնենք փաստը, որ մտավորականները անընդհատ կոմպրոմիսների են գնում, որ իրենց գովեն, լավ վարձատրեն, կստացվի որ մեր մեջ չկա այդպիսի կատեգորիա:
Մեզանում մտավորականին կարող է ստեղծել իշխանությունը և ինչպես ստեղծում է, այդպես էլ կարող է տապալել։ Այդ մարդը կեղծավոր դեր է կատարում: Շատերը կարծում են, թէ մտավորականը նա է, որ շատ ճանաչված է, ում ավելի են ծափահարում, ցուցադրում ամենուր: Բայց դա շատ հեռու է մտավորականի կերպարից:
Մտավորականը նա է, ում նույնիսկ իշխանությունն է ականջ դնում, իսկ եթե նրան լսող չկա, այլ հակառակը, նրանով մանիպուլյացիա են անում, նշանակում է մեզ մոտ ճգնաժամ է սկսվում, որը հասարակության համար պատիժ է: Մենք բոլորս արդարության խիստ պահանջ ունենք, լինել մտավորական և արդարացի, նույն բանը պետքի լինի:
Ու քանի որ մենք կորցրել ենք այդ կերպարը, սկսում ենք խառնել` շատախոսին համարում ենք լավը, հաճախակի երևացողին` թե նա ինչ որ բանի մասին մտածում է: Իրական մտավորականը կարող է ոչ երևալ ոչ խոսել, բայց իր ներկայությամբ ամեն ինչ փոխել:
-Ո՞րը պետք է առաջնային լինի իրական մտավորականի համար:
— Նախ և առաջ անկաշառ: Նա, ով կաշառվում է, իր ժողովրդի համար գերեզման փորող է: Իրական մտավորականը պիտի սիրի իր ժողովրդին։ Ոչ միայն փողատեր, այլև թշվառ, հիվանդ, հոգնած ու բանտերում նստած ժողովրդին: Եթե չի սիրում, նրանց ցավով չի ապրում, ուրեմն կեղծ է, ուրեմն նրան դեր են տվել: Մտավորականը դերակատար չէ: Եթե նա իսկապես սիրում է իր ժողովրդին, իր հոգապա երբեք այն չի ապականի: Նա պիտի գնա առաջին շարքում, հետո մյուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, նա է շարժող ուժը, նա է ցույց տալիս որ կողմից է գալիս լույսը ։ Ու պարտադրի չէ, որ նա լինի արվեստագետ, գրող, կամ գիտնական:
— Ո՞րն է շնորհալի և մտավորական մարդու տարբերությունը:
— Շնորհալի մարդուն Աստված շնորհք է տվել և նա կարող է իր շնորհքը ի օգուտ շատ շատերի օգտագործել, լինի դա սպորտսմեն, գիտնական,արվեստագետ կամ կրոնի ներկայացուցիչ: Ի վերջո բոլորն էլ հասարակության համար ինչ որ գործ անում են: Ունենալ բարձրագույն կրթություն չի նշանակում լինել մտավորական մարդ: Կարող է գտնվել իր հողին կպած նույնիսկ մի գյուղացի, որը թեև մեծամեծ բաներ չի խոսում, բաըց մի բառ է ասում, որից քո կյանքի մեջ բեկում է մտնում: Բարիի իմաստով: Մտավորականի ուժը այդ բարու ճանապարհը` ցույց տալն է :
— Կա՞ արդյոք մտավորականի տարիքային սահմանափակում:
— Ոչ: Մարդկային փորձ ձեռք բերելն է կապված տարիքի հետ, բայց կան խորը, իմաստուն մարդիկ։ Դա տեսակ է, գեն է։ Նրանց երկար ժամանակ պետք չէ , որ սեփական փորձի հաշվին հասնեն ինչ որ իմաստության: Այդ տիպի մարդը իմաստուն է պահի մեջ և չի առաջնորդվում փորձով: Փորձը լավ է, ավելի շատ բայց իմաստություն է պետք: Մտավորականը պետք է իր սիրտը մաքուր պահի, որ ճշմարտությունը անմիջապես մթնոլորտից կարողանա ընկալել և դրանով առաջնորդվել, իսկ որ ամենակարևորն է` ինքն իրեն չխաբի: Եթե խաբի, կարո՞ղ ենք համոզվել, որ բոլորին չի խաբի: Այդպիսի մարդը վստահելի չէ: — Այնուհանդերձ, մենք կարո±ղ ենք ասել, որ այսօր ունենք վառ մտավորականներ, մտավորականություն:
— Իհարկե ունենք: Բայց չգիտես ինչու միշտ հանգուցյալներին ենք հիշում: Քանի դեռ մարդը կենդանի է, նրա մասին բացասական բաներ ենք խոսում, երբ մեռնում է` զտում ենք, նրանից իդեալ սարքում, արձան կանգնեցնում և ասում, որ իսկական մարդ էր: Իսկական մարդը նա է, ով միշտ կենդանի է, միշտ ապրում է: Այսօր էլ կան այդ մարդիկ, բայց նրանց պահանջարկը չկա:
— Մտավորականի առջև այսօր հասարակական ի՞նչ պահանջ է դրված և դրվա±ծ է արդյոք:
— Մտավորականի համար այսօր, վաղը և երեկ չկա, որովհետև կա պահանջ լինել ազնիվ: Պարզապես այսօրվա խնդիրները կարող են ուրիշ լինել, բայց միշտ էլ հիմնահարցը նույնն է` չլռել երբ որ տեսնում ես, ինչ որ բան կործանման է տանում: Մենք ունենք շատ ցածր պահանջներ ներկայացնող մտավորականություն: Ինչպե±ս կարող է մտավորականը նստել ու մտածել , թէ արդյոք՞ Հայաստանում հայկական դպրոց, կամ թատրոն պիտի լինի։ Ժողովրդի հանդեպ դաժան լինել, թէ± սիրով: Չէ որ դա աքսիոմա է, և մտածելու ու ներկայացնելու կարիք չկա: Մտավորականը պետք է ամեն օրով հաստատի իր օգտակարությունը, ոչ թէ ինչ որ մեկին, ինչ որ գաղափարի կամ գրպանի, այլ օգտակար լինի բոլորի համար, իր ժողովրդի համար:
– Ո՞րն է այն տեղը, ուր մտավորականը պետք է օգտակար լինի :
— Ոչ միայն տեղը, այլ իր ամեն ժամով մտավորականը հաստատում է իր օգտակարությունը: Անտարբեր մարդը` առավել ևս մտավորականը, որին ոչինչ չի հուզում, չի կարող պիտանի լինել:
— Կարո՞ղ եք Դուք և Ձեր համախոհ մտավորականները որևէ որակական փոփոխություն առաջարկել հասարակությանը:
— Հասարակությունն էլ է տարբեր հիվանդություններով տառապում: Պետք է կարողանանք հասարակությանը հետ բերել, ոտքի կանգնեցնել, տեղը բերել նրա իսկական մարդ կոչվելու արժանապատվությունը, որին Աստված այդքան մեծ սիրով արարել է, իսկ մենք` փչացրել: Սակայն բուժումը պիտի սկսվի ծառի արմատներից, ոչ թէ տերևներից: Ծառի արմատը պետք է ճիշտ սնել, հող տալ, օդ տալ, որ այն վերականգնվի, այլապես մենք դատապարտված ենք:
— Այդ ընթացքում կարո՞ղ ենք իրականացնել մեր երազանքը:
— Իսկական մտավորականի երազանքը երբեք շատ հեռու չի գնում իր ժողովրդի երազանքներից: Մտավորականի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մարդուն, որովհետև մենք ունենք չտեսնված գեղեցիկ մոլորակ, ունենք, չքնաղ մի հայրենիք, որը պետք չէ կործանել, փչացնել: Կուզենայի, որ մեր մտավորականներն իրենց ցանկությունները, նպատակներն ու վերաբերմունքը զտեին, մաքրեին, դուրս գային իրենց մեքենաներից, ու տներից ու մտնեին մարդկանց մեջ: Բոլորը փակված , քողարկված են: Հայտնվում են կամ կատակլիզմների ժամանակ, կամ էլ ինչ որ պաշտոնյաի կողքին: Դա սխալ է: Եթե նրանք մարդկանց հետ չեն, ուրեմն լաբորատորիայում ստեղծված մտավորականներ են: Հարկավոր է ապրել երկրի ցավով, մարդկանց կարիքներով, ոչ թէ որպես մազոխիստ , այլ փորձել տեղաշարժ անել, ոչ թէ ինքներս մեզ հաճո լինելու, այլ բեկում մտցնելու համար: Մի արևելյան պատմություն բերեմ օրինակ` Աստծուց սիրված մի երիտասարդ հոգնած մարդկանցից առանձնանում է և քոչվորի նման 20 տարի ապրում սարի վրա: Քանի որ անկեղծ էր, Աստված նրան բազում խորհուրդներ և շնորհներ է տալիս: Գալիս է պահը և երիտասարդը խոսում է Աստծո հետ. «Դու ինձ շատ ես սիրել ու ամեն ինչ տվել, ամեն ինչ արդեն գիտեմ, կարող եմ: Ին±չ է ինձ մնում անելու»: Աստված պատասխան է տալիս. « Իջիր մարդկանց մեջ»։ Ուրեմն թող մտավորականները իջնեն մարդկանց մեջ, նաև նրանք, որ մտել են քաղաքական դաշտ: Եթե քեզ շնորհ է տրվել, նրա համար է, որ իջնես ցած հիմքից որևե բան փոխելու համար,: Իսկ նրանք կարծում են, որ եթե Աստված հնարավորություն է տվել ինչ որ բան կառավարել, ուրեմն պետք է առանձնանան:
– Անշուշտ, մեր ժողովուրդը մտավորական խոսքի ծարավ է, կարիք ունի հանդիպման:
— Իհարկե: Էլ ինչով կարող է ստուգել ինքը ճի՞շտ է թէ ոչ և թէ որ ուղիով է գնում:
— Ըստ Ձեզ ին՞չը կարող է միավորել կամ տարանջատել մտավորականներին:
— Կարող է միավորել միայն այն բանի գիտակցումը, որ բոլորս տարբեր ենք: Աստված նույնիսկ ավազի երկու փոշեհատիկը իրար նման չի ստեղծել, ուր մնաց մարդուն, կամ ազգը: Եթե գիտակցենք, որ նույնն ենք նրանով, որ տարբեր ենք, ձեռք կբերենք մեծ խաղաղություն: Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ, անկրկնելի է և պետք չէ այն դարձնել անհետաքրքիր մի շաղախ: Մարդը եզակի է: Միայն իմաստուն մարդիկ են ընդունում դիմացինին այնպես, ինչպես նա կա:
— Եվ դա ոչ միայն մտավոր, այլ նաև հոգևոր դիրք է: Այնպես չէ՞:
— Մտավորականը նախ և առաջ պիտի հոգևոր և բանական անձնավորություն լինի:Առհասարակ մտավորականի համար, կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ գտնի ոչ թէ բաժանող, այլ հատման կետեր: Եթե չի գտնում, ուրեմն նա ագրեսիվ անձնավորություն է, ոչ մտավորական: Ուրեմն զինվոր է, թող գնա կռվի:
— Ին՞չը անել չեք կարող:
— Քծնել չեմ կարող: Նույնիսկ, եթե ստիպված էլ լինեմ աբստրակտ ժպտալ, հաջորդ պահին կասեմ մարդուն, թէ նրա մոտ ինչն է պակասում: Կասեմ ոչ թէ վիրավորելու, այլ սիրով` հուշելու նպատակով: Նաև ուրախանում եմ, երբ ինձ են հուշում: Դա շատ օգտակար է:
-Ո՞րն է Արտավազդ Բայաթյանի խրատը այսօրվա մտածող երիտասարդին:
— Որ իրենք իրենց չդավաճանեն: Մենք ոչ ոքից պակաս չենք: Պիտի ազնիվ լինենք մեր փոքր տարածքում և մեզանից ոչ մի դեպքում չամաչենք: Թող օտար բաները ավելի չգնահատեն, որովհետև օտարի մայրը չի կարող քո մորից լավը լինել: Ուզում եմ հասկանան, որ կրթությունը և կիրթ լինելը տարբեր բաներ են: Եթե նույնիսկ կրթություն ես ստացել Քեմբրիջում, բայց հեգնանքով ես նայում քո սեփական ժողովրդին, դու անկիրթ մարդ ես: Կիրթ մարդը մասնակից է իր ժողովրդի հոգսերին և փորձում է ինչ -որ բան փոխել: Այս էլ ասեմ. ճանապարհը կանցնի միայն քայլողը: Բնությունը վազողներին և ցատկողներին չի սիրում, այլ սիրում է քայլողներին: Լավ կլինի, որ երիտասարդը հրաժարվի բոլոր տեսակի չար սովորույթներից և իրեն գերի անի լավ սովորույթներին:
-Որևեէ խոսք` մեկին, կամ հասարակությանը:
-Գիտեք, մենք ունեցել ենք վառ մտավորականներ, որոնց ցավը, երազանքները հասել են մեզ: Կուզեի որ մեր մեծերի կյանքը, որպես հայ մարդու լավագույն կերպար մատուցվեր ժողովրդին: Ես միշտ զարմանում եմ, ինչու՞ են այդքան փող ծախսում փուչ ու անարժեք թեմաների վրա: Ցուցադրում են այն կերպարը, որը կերպար էլ չի: Մ՞իթե Հայաստանում ոչ մի արվեստագետ խիզախություն չունի նկարել ոչ թէ օրինակ` Թումանյանի գործերը, այլ կյանքը: Չէ՞ որ դա ավելի ուսուցանող է: Կամ, ասենք Կոմիտասի, Թամանյանի կյանքը: Արտասահմանում նկարում են Վան Գոգի կյանքը, մենք նայում և արտասվում ենք: Իսկ ինչու՞ մենք չենք կարող նկարել Մինասի կամ Սևակի մասին ֆիլմ: Ինչու՞ ենք այդ հզոր հայերի վեհ օրինակները գցում աղբանոց: Ինչու՞, ինչ որ մերն է, անտեսում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ երբ անտեսենք մերը, կգտնվի մեկը, որը կանտեսի մեզ: Չի կարելի մի հիմարի համար միլիոններ ծախսել, իսկ արժանավորին տասը դրամ էլ չտրամադրել: Ես ուզում եմ ասել փող ունեցողներին, որ մեր երկիրը կազինո չէ, իսկ մեր ժողովուրդը կազինոյի ֆիշկաներ:
Կարինե Ջանջուղազյան
«Աստծուց միշտ պիտի երեք բան ուզես. Կարողություն, որ փոխես այն, ինչ կարող ես փոխել, համբերություն, որ դիմանաս այն ամենին, ինչը չես կարող փոխել, և իմաստություն`որպեսզի այդ երկուսը իրարից տարբերես», — ինձ հետ զրույցում ասում է դերասան, ռեժիսոր, Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը։
Կարինե – Ինչպիսի՞ն է մտավորականի Ձեր բնորոշումը:
Դավիթ – Նախ` ինչ ենք հասկանում մտավորական ասելով: Եթե ելնենք բառի պարզ վերլուծությունից` մտքով շարժվող, մտածող, մեկ այլ հարթության վրա ապրող մարդ, որը սովորական չէ, հաճախ հանդիպող տեսակ չէ, որը օրվա հացի չէ: Իմ ղեկավարն ասում էր, որ մտավորական մարդը պետք է դարդ ունենա, իսկ պապս`«Անդարդ մարդու հերն եմ անիծել»։ Մտավորական մարդը նախ և առաջ ստեղծող, արարող մարդ է, որը նման չէ բոլորին: Ես միշտ իմ ուսանողներին հիշեցնում եմ, որ նրանք ընտրել են մի ճանապարհ, որտեղ սովորական լինել չես կարող: Մտավորականը պետք է, որ ինչ-ինչ բաներից վեր լինի, և եթե վեր է, ուրեմն արդեն ինչ որ բանի կրող է, ու հասարակության մեջ ունի խնդիր, տեղ և կարևորություն:
Կարինե — Այսօր հայ իրականության մեջ կան մտավորականներ, իսկ մտավորականություն կա՞:
Դավիթ — Փորձեմ համեմատություն անել մեր մասնագիտությունից ելնելով: Դու համաձա՞յն ես, որ Հայաստանում կան շատ շնորհալի դերասաններ, ռեժիսորներ, նոր դրամատուրգիայի վերելք:
Կարինե – Անշուշտ։
Դավիթ — Բայց որքան էլ զարմանալի է, չկա թատերական մթնոլորտ: Ինչու՞ : Որովհետև, ըստ իս, այդ «ություն» դառնալու համար պիտի լինի ինչ-որ կոմպլեքս, մեկ ընդհանուր խնդիր, մեկ ընդհանուր տարածք, մտածողություն: Ես համոզված եմ, որ մեր պետության կայացման հետ մեկտեղ կունենանք լավ թատրոն, որովհետև , եթե ձևավորված չէ պետությունը, չի կարող ձևավորվել որեւէ կարգին բան` առանց լուրջ պետականություն:
Կարինե – Ի՞նչն է միավորում կամ տարանջատում մտավորականներին:
Դավիթ — Եթե դիտարկենք մեր` արվեստագետներիս խնդրով, մի քիչ պարադոքսի առաջ եմ կանգնում: Ի՞նչը կարող է մեզ միավորել. օրինակ` դերասանների միություն կամ ռեժիսորների միություն: Զարմանալի է, բայց այն երկրներում, որտեղ կա որոշակի բռնատիրական կարգ, այդ միությունները ծաղկում են: Օրինակ`Ամերիկայում չի կարող ծաղկել թատերական գործիչների միություն: Այնտեղ կարող է ծաղկել դերասանների գիլդիա, շուկա: Սրանից չենք կարող եզրակացնել, որ ամերիկյան դերասանները կամ մտավորականները մեզանից պակաս են: Ուրեմն ֆորմացիան ինքն է որոշում, թէ ինչի շուրջն է միավորվում մտավորականությունը: Ինքը` արվեստագետը, անհատ ստեղծագործող մարդ է. նա չի կարող լինել ինչ որ «ությունի» կրող: Նա իրենի կրողն է, բայց սա չի վերաբերում այն գերխնդրին, որի շուրջը մտավորականները կարող են համախմբվել: Օրինակ` ի՞նչն այսօր կարող է մեզ համար գերխնդիր լինել: Գերխնդիր է մեր սոցիալական բևեռացումը, անարդարությունը, դարերից եկող, մեր հոգու մեջ նստած ստրուկի հոգեբանությունը: Մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդուն ազատենք իրենից: Իսկ ազատ մարդկանց համախմբվածությունը արդեն դառնում է կատարյալ համախմբվածություն։
Կարինե — Իսկ ին՞չն է տարանջատում:
Դավիթ — Ցավոք վերջին տարիներին մեր մտավորականությունը ճնշվեց ոչ թե ուղեղի, այլ ստամոքսի ճնշվածությունից: Դրա համար էլ մեր մտքերից երբեմն մի քիչ տհաճ հոտ է գալիս, որովհետև փորն է սեղմված: Երբ ուղեղն է սեղմված, մտքեր են ծնվում, իսկ փորը սեղմելուց միշտ էլ տհաճ հոտ է գալիս: Ցավոք մեր մտավորականների մեծ մասը վատ է ապրում, իսկ վատ ապրող մտավորական մարդը չի կարող միավորվել գաղափարի շուրջ: Նամանավանդ մեր այսօրվա քաղաքականացված հասարակության մեջ, երբ մեկ էլ պարզվում է, որ երկու համախոհ արվեստագետ հայտնվել են հակառակ դաշտերում: Այն էլ սոցիալական, ոչ թէ իդեոլոգիական պատճառով։
Կարինե -Հասարակական պահանջն է ծնում առաջնորդին, նորարարին, մտավորականին: Այսօրվա մտավորականի առջև հասարակական ի՞նչ պահանջ է դրված, և դրվա՞ծ է արդյոք:
Դավիթ — Հին հույները ասում էին. «Զրկեք ստրուկին օրապահիկից, ու նրա մեջ կծնվի մարդը»: Ես համոզված եմ, որ այսօր ստրուկի հոգեբանությունը նստած է շատ շատերիս մեջ: Հասարակական լուրջ պահանջ է հենց այդ ստրկամտության, այդ անազատության խնդրի դեմ կռվելը, իսկ դրա համար լուրջ առաջնորդ է պետք: Զարմանալի բան է կատարվում. շատ խելացի ձևով օրապահիկից չեն զրկում: Մեզ մոտ սովամահության դեպքեր չկան, բայց սոված են, «յոլա» են գնում: Հենց այդ «յոլան» էլ ինքը` ստրուկն է: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կա «Սպարտակ» ներկայացումը: Մեր հերոսը, երևի թէ այսօր Սպարտակը պետք է լինի, և ոչ մեկ ուրիշը: Ինձ սխալ մի հասկացեք: Ես կարծում եմ եկել է մի դարաշրջան, որ մենք կոնկրետ անհատի ազատության մասին պիտի մտածենք, ոչ թե ազգի: Այդ դարաշրջանը անցավ` ճառն ասել հանուն ազգի, գործն անել հանուն ազգի: Այժմ աշխարհը բոլորիս աչքի առաջ է և էդ աշխարհը տեսնող մարդը ապրում է նախ և առաջ համեմատության մեջ: Այլ հոգեբանություն ուներ 19-րդ դարի սկզբում ազգային ազատագրությանը նվիրված զինվորը, բոլորովին այլ հոգեբանություն ունի այսօրվա հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը: Եթե 19-րդ դարի զինվորը տեսել էր ընդհամենը իր սարերը, իր մոր գոգնոցը, լավագույն դեպքում իր ձորը, իր գետը և դրանից այն կողմ ոչինչ, ու երբ ինչ որ մեկը փորձում էր խլել դա իրենից…Նրա հոգեբանությունն ուրիշ էր, բայց այսօրվա զինվորը ամեն ինչ է տեսնում: Նրան այլևս նույն ճառերով ազատության չես մղի: Թող ինձ սխալ չհասկանան, ես ընդհամենը անում եմ իմ դատողությունները: Այսօր չես կարող երիտասարդին ասել. «Մահ կամ ազատություն»։ Այսօրվա երիտասարդին պետք է ասել`ապրել, ազատ ապրել և հանուն ինչի ապրել։ 19-րդ դարում մեզ համար օրինաչափ էր, որ ֆիդային պիտի ինքնազոհաբերվի, ընտանիք չունենա, կին չունենա, քանի որ իր հայրենիքն ազատ չէ, դա էր այդ դարաշրջանի խնդիրը: Այսօր, եթե զինվորը ընտանիք չունի, տուն չունի, իր ծառը չունի, իր երեխան չունի, ինչի՞ համար պիտի զոհվի: Այսօր բոլորովին այլ մտածելակերպ է, այլ պահանջ, չէ՞ որ մարդը համեմատության մեջ է զարգանում: Փարիզի, Լոնդոնի, Շվեյցարիայի կենսակերպը տեսնողին ինչպե՞ս կբավարարես ընդհամենը կապրոնե խողովակով տան պատի տակ հասցրած ջրի ծորակով: Չի կարելի: Մենք նորից տանում ենք դեպի «յոլան», դեպի ստրկություն:
Կարինե – Ո՞րն է մտավորականի տեղը` բարիկադ, հաշտարար դատարան, թե՞ 7-րդ երկինք:
Դավիթ — Աշխարհում ամենաբարդ բանը մարդկային ֆակտորն է: Եթե ես որոշել եմ ինչ-որ բան փոխել, ամպայման դեմ եմ առնում մարդկային ֆակտորի: Որովհետև իմ ինչ-որ բան փոխելը միշտ կախված է ինչ-որ մարդկանց հեռացնելուց: Եթե մարդը մի բան վատ է անում, պարզապես հարկավոր է նրան այդտեղից հեռացնել: Բայց երբ փորձում ես, հենց այդ մարդիկ միավորվում են կեղծ գաղափարների, կեղծ արժեքների շուրջ և հասարակությանը հանում փոխողի դեմ: Ի վերջո որևե բան փոխողը դառնում է ոչ ավել, ոչ պակաս`ազգի դավաճան: Շատերն այսպես կոչված ազգի դավաճաններից հեռացել են, նրանք քարկոծվել, վտարվել են երկրից, գնացել ծաղկեցրել են ուրիշ երկրներ, ուրիշի այգին: Որովհետև արարող մարդը չի կարող չծաղկեցնել: Եթե սպանես կվերջանա, բայց բանտել, արգելել չես կարող: Հիմա ի՞նչ պիտի անի մտավորականը: Ես օրինակ փոխում եմ այն, ինչը կարող եմ փոխել, ինչը չեմ կարող, համբերատար դիմանում եմ, բայց անդադար ուզում եմ հասկանալ, թէ ինչը կարող եմ փոխել, ինչը չէ: Աստծուց միշտ պիտի երեք բան խնդրես. կարողություն, որ փոխես այն, ինչ կարող ես, համբերություն, որ դիմանաս այն ամենին, ինչը չես կարող փոխել, և իմաստություն խնդրիր Աստծուց , որպեսզի այդ երկուսն իրարից տարբերես:
Կարինե — Վերջապես ո՞րն է մեր տեղը:
Դավիթ — Մենք յոթերորդ երկնքում չենք, հաստատ, բայց անդադար շարժման մեջ ենք: Այդ շարժումը մեզ մեկ բարիկադի վրա է բարձրացնում, մեկ դատարան է տանում, իսկ երբ մենակ ենք մնում` յոթերորդ երկինք:
Կարինե — Դուք և Ձեզ շրջապատող համախոհ մտավորականներդ ինչի՞ եք ընդունակ, ինչ՞ որակի փոփոխություններ կարող եք առաջարկել հասարակությանը:
Դավիթ — Ես էս աշխարհը փոխողը չեմ, ոչ էլ հասարակությունը: Կարող եմ լավագույն դեպքում իմ գործը լավ անել ու դրանով իսկ ինչ-որ բան փոխել աշխարհում: Թէ չէ ես ո՞վ եմ, որ հասարակությանը սովորեցնեմ ինչպես ապրել, բայց այնտեղ, ուր իմ տարածքն է` թատրոնը, ես փորձում եմ լինել առավելագույնս ճշմարիտ: Ունեմ աշակերտներ, որոնց փորձում եմ փոխանցել, իմ փորձառությունը: Ես նկատել եմ, որ մենք կորցրել ենք մարդկանց հետ շփվելու, ազնիվ լինելու ձևը: Հասարակությունը իր առաջնորդի դերում չպետք է հանդուրժի կիսատ-պռատներին, բոլոր ասպարեզներում` նախագահից մինչև ամենափոքր բաժնի վարիչ: Եթե ես հանդուրժող եմ, արդեն ձևը կորցնում եմ: Ամեն ինչ գալիս է ստրկամտությունից:
Կարինե – Ուր՞ է դա մեզ տանում:
Դավիթ — Ունենք այն, ինչ ունենք: Հասարակ բան. շատերը ժամանակին մտածեցին Հայաստանում կրթական համակարգում ռեֆորմներ անել: Որոշ գործիչներ հասան նրան, որ մեր կրթական համակարգը նմանվի եվրոպականին, որպեսզի հայ պատանին իրավունք ունենա կրթվել աշխարհի ցանկացած երկրում`հավասար իրավունքներով: Ինչ ասես ասում էին էդ նորարարներին `էլ ազգի դավաճան , էլ մեր կրթությունը ոտնահարողներ, իհարկե հիշելով ու հիշեցնելով Մաշտոցին: Մաշտոցը սովորեցնում էր 5-րդ դարում, երբ խնդիրներն ու պահանջներն ուրիշ էին: Այսօր, եթե Մաշտոցը լիներ, կստեղծեր եվրոպական որակի մի հզոր դպրոց, իսկ դուք չեք ուզում, նորից ուզում եք 5-րդ դարի դպրո՞ցը: Պատահական չէ, որ ուր գնում ես պատերին ոչ մի ժամանակակից նկարչի գործ կախված չի. գերեզմանոցներ են մեր հիմնարկները: Գիտնականների մոտ մտնում ես, մեռելների նկարներ են, թատրոններ մտնում ես, մեռելների նկարներ են: Էսպես գերեզմանոցներով կարելի՞ է ապրել: Երբ գնում եմ արտասահման փառատոնների կամ արվեստագետների հետ հանդիպումների, ոչ ոք չի ասում, թե Վահրամ Փափազյանը ինչ լավ էր խաղում, հարցնում են ինչ՞ եք անում, ո՞վ եք դուք այսօր, Ձեր արածն ին՞չ է այսօր:
Կարինե — Եւ ո՞վ ենք մենք այսօր:
Դավիթ – Գիտե՞ս ես սկսել եմ շատ քիչ խաղալ, որովհետև վախենում եմ անհետաքրքիր լինելուց: Վախենում եմ, որովհետև եկել է մի նոր ֆորմացիա, որը մենք չենք ընկալում: Ցավոք, նաև մեզ գերադասում ենք այսօրվա երիտասարդից, պատճառաբանելով, թե այսօրվա երիտասարդը չի կարդում: Չենք ուզում հասկանալ, որ մեզ էլ նույն կերպ հանդիմանում էին մեր հայրերը, չնայած մենք դեռ մեր հայրերի ֆորմացիայի ծնունդ ենք, բայց մեր աշակերտները մեր ֆորմացիայի ծնունդ այլևս չեն լինի, որովհետև նրանք այլ մթնոլորտի ծնունդ են` կոճակային արագության մթնոլորտի: Նրանք ինչ որ բան ճշտելու համար էլ երկար-բարակ չեն մտածում, չեն խորհում, որովհետև ինտերնետում կա դրա կայքը, և ուղեղի ծալքերը այլևս չեն աշխատում: Մենք չենք ուզում հասկանալ, որ սա նոր ֆորմացիա է, նոր մտածելակերպ և նոր ձևեր է պահանջում: Իմ վերջին ներկայացումներն արդեն անում եմ առանց դեկորի, փորձելով գտնել նոր ձևեր: Դերասան և հանդիսատես, ուրիշ ոչինչ ինձ հետաքրքիր չէ: Տեխնոլոգիայի այս դարում, երբ համակարգչային «3D» -ով ինչ ասես անում են, ես ին՞չ դնեմ բեմում, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի: Ին՞չ դեկոր: Նոր ձևեր են պետք: Հիմա ինձ հետաքրքիր է նետրալ ֆոնը`լույս և արանքում պայծառ դերասան:
Կարինե — Դավիթ կա՞ մի բան, որ չասել չես կարող:
Դավիթ — Մի բան ամպայման ուզում եմ ասել: Մարդը թուլություններ ունի: Վերջին հաշվով կարելի է և ոգևորվել ինչ-որ շահով, ունենալ ինչ-ինչ պատճառներ կեղծիքի գնալու, ստելու: Բայց, եթե մարդն արդեն գնացել է այդ բանին, իրեն չպետք է թույլ տա ազնվության մասին ճառեր ասել: Ես, համենայնդեպս, փորձում եմ ազնվության մասին ճառեր չասել, այլ ամեն երեկո ասում եմ. «Ներիր, Տեր Աստված, Դավիթ Հակոբյանի բոլոր մեղքերը»։ Մարդուն ներելի են թուլությունները. բայց ազնվականի դեմքով կեղծ ճառեր ասել չի կարելի: Այստեղ է հենց երևում Տարտյուֆի կեղտոտ հոգեբանությունը, իսկ այսօր մեր երկիրն իրոք լցված է Տարտյուֆներով: Շատ եմ ցավում դրա համար: Այ հիմա մեծ հաճույքով կբեմադրեի «Տարտյուֆը»: Այժմ բեմադրում եմ «Ազնվամոլ քաղքենին», մարդ` որն իր տեղում չէ, իսկ երբ մարդն իր տեղում չէ, նախ շատ ծիծաղելի վիճակում է հայտնվում, իսկ արածը կեղծիք է:
Կարինե — Կուզեի լսել ձեր խրատը երիտասարդ, մտածող սերնդին, մեր վաղվա մտավորականությանը:
Դավիթ — Խոնարհվեք բոլոր մեծերի առաջ, հարգեք մեծերի տաղանդը, բայց երբեք նրանցից ոչ մեկին, որպես բացարձակ ճշմարտություն, մի ընդունեք:
Կարինե Ջանջուղազյան
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության ¨ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը։ ՀՀ Մշակույթի նախարարության ջանքերով այս տարի ևս նախաձեռնությանը կմիանան ՀՀ մարզերը։ Մասնավորապես 7 մարզերի՝ Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք, 24 քաղաքներում և գյուղերում տեղի կունենան համերգներ, տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ։
Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրների 430 քաղաքներում ։ Այն ժողովրդական տոն է և նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսևորումներին, ինչպես նաև հնարավորություն տալ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսևորվել հանպատրաստից համերգների միջոցով։
Ստորև ներկայացնում ենք Երևանյան համերգների ծրագիրը՝
11.00-13.00 — Անգլիական այգի — Մանկապատանեկան փողային նվագախմբերի համերգ
13.00-15.00- ՀՀ Ազգային Ժողովի բակ — «Ունիսոն» հասարակական կազմակերպության համերգ` ՀՀ Ազգային Ժողովի նախագահի բարձր հովանու ներքո
20.00-22-00-Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգի — Հայաստանի երաժշտական ընկերության «Դոմինանտուս» կամերային նվագախմբի և երգչախմբի համերգ
20.00-23.00- Ազնավուրի հրապարակ (Մոսկվա կինոթատրոն) — Ռոք համերգ
20.00-24.00- Սիրահարների այգի – Ջազ և ֆոլկ, ինչպես նաև «Օգրը դը Բարբակ» և «Լավաշ» ֆրանսիական էթնո-ջազ խմբերի համերգ։ Ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նա և Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում և Գորիսում։
Ողջ երեկո- համերգներ Աբովյան փողոցի սրճարաններում ու ռեստորաններում
«Ժանգոտ դդում» այլընտրանքային, արդեն միջազգային մեդիափառատոնը մեկնարկել էր հունիսի 10-ին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում: Ներկայացված էին 29 մասնակիցների ֆիլմեր ու լուսանկարներ, կային մասնակիցներ Վրաստանից ու Թուրքիայից: Այն ավարտվեց հունիսի 12-ին` մրցանակաբաշխությամբ:
Սոնա Աբգարյան
— Գաղափարը ծագել է իմ, Գրիգոր Խաչատրյանի եւ Սուսան Ամուջանյանի մոտ, որպես ներկայանալու այլընտրանքային կերպ: Քանի որ ես կինոֆոտոդպրոցի ղեկավարն եմ, ուզեցի նաեւ իմ աշակերտներին ներկայանալու եւ արտահայտվելու ավելի ընդարձակ հնարավորություն տալ, քան դասասենյակներն եւ դպրոցական դահլիճն են:
Անցյալ տարի այն անց կացվեց առաջին անգամ, եւ հույս ունենք, որ կլինի շարունակական, բայց հաջորդ տարվանից երեւի կանվանվի «Ժանգոտ»: Մեր հիմնական նպատակը առանց տարիքային սահմանափակման տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նկարած ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով ֆիլմերն ու լուսանկարները ներկայացնելն է:
— Իսկ դա նշանակո՞ւմ է, որ պրոֆեսիոնալը չի՞ կարող իր պրոֆեսիոնալ տեխնիկայով նկարած ֆիլմը կամ լուսանկարները ներկայացնել:
— Ներկայացնել կարող է, այն կցուցադրվի, բայց չի մտնի մրցույթայինների թվի մեջ:
— Հիմա ի՞նչ, «Ժանգոտ դդումը» «Ոսկե Ծիրանի» անտիպո՞դն է հավակնում լինել:
— Դա էդպես էլ կա, Յուրաքանչյուր ոք, ով դեմ է «գլամուրին», որն ինքնին քաղքենի բուրժուազիան է, ով գնահատում է արվեստը ոչ թե նրա ռաֆինացված ու հղկված տեսակներով, այլ ավելի հարգում է ներդրված գաղափարը, կոնցեպցիան, կարող է մասնակցել եւ դիտել:
Եւ իրոք, «Ժանգոտ դդումի» նոմինացիաներն են ինքնին խոսուն են.
լավագույն այլընտրանքային ժանգոտ սցենար
• լավագույն ժանգոտ անիմացիոն ֆիլմ
• ամենաժանգոտ ֆիլմ
• լավագույն ժանգոտ բջջային ֆիլմ
• ժյուրիի հատուկ ժանգոտ մրցանակ
— Իսկ մասնակիցներն ովքե՞ր են:
– Առաջին հերթին մեր կրթահամալիրում սովորողները, արդեն կայացած արվեստագետներ, նաեւ մարդիկ, որոնք մասնագիտական առումով արվեստի հետ ոչ մի կապ չունեն, այսպես ասած` սիրողներ: Մասնակիցների տարիքը` 14 — 50։
– Մրցանակային ֆոնդը, ո՞վ է ֆինանսավորում փառատոնի կազմակերպչական կողմն ու մրցանակաբաշխությունը:
— «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, եւ Աշոտ Բլեյանը:
– Իսկ ինչպե՞ս կուզեիր որ լիներ, մեդիափառատոնն աճեր, տարիների հետ թափ առներ, կամ գո՞ւցե վեր ածվեր մի ուրիշ, ավելի մասշտաբային իրադարձության:
– Չէ, երեւի կուզեի ինչպես կա, էդպես էլ մնա, իր ֆորմատի մեջ` չլինի պաշտոնական, շատ գովազդվող, ավելի շուտ լինի անմիջական, ազատ եւ ոչ ֆորմալ:
Մրցանակները` 50 000 դրամն ու «Ժանգոտ դդումի» «օսկարը» (հեղ.` Մարիամ Թորոսյան) հանձնվեցին 5 հոգու, առանց տեղերի բաշխման, էս անգամ չգտնվեց որեւէ ֆիլմ, որը գերադասվեր մյուսներից:
Մրցանակակիրներն են.
Դիմա Սարկիսով, ռազմական ինքնաթիռների ինժեներ, կրթությամբ` ինժեներ-ռոբոտատեխնիկ, արվեստի հետ կապ ուներ այնքանով, որ սիրում է ու լավ գիտի կինոարվետը, այսպես ասած` ոչ ֆորմալ կինոգետ է: Նաեւ «կինո» է նկարում:
«Դասալիք»
«Ես կարող եմ քանդել եւ հավաքել»
— Ինձ համար վիդեոն հաղորդակցվելու տեսակ է, շփվելու այլընտրանքային հնարավորություն: Կոնկրետ ներկայացրած ֆիլմերիս մեջ փորձել եմ ցույց տալ էն փակ տարածքը, որը տեսանելի է քչերին, լինի դա իմ վարձու բնակարանը Գյումիրում, օդանավակայանը, կամ իմ մասնագիտական ավիացիոն ձեռնարկը:
Հերբերտ Գեւորգյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց
«Մեկ րոպե լռություն»
— Ես ուզել եմ ասել իմ մեկ րեպեանոց ֆիմով, որտեղ մութ էկրան է, վազող վայրկյաններ, չփոփոխվող ամսաթիվ վերեւում`Մարտի մեկից առ այսօր` 01,03,2008-10,06,2010, ոչինչ չի մոռացվել, եւ ոչինչ էլ չի փոխվել: Վերջում` «Կարող եք բացել աչքերը»:
Տիգրան Առաքելյան, Գեղարվեստի թատերական ինստիտուտ
«Մենք»
Մի օր մեր կրթահամալիրի գրադարանում ձեռքս ընկավ Արտավազդ Փելեշյանի գիրքը դիստանցիոն մոնտաժի մասին , որոշեցի առանց նրա «Մենքը» նայելու նկարել, բայց հետո հասկացա, որ պետք է նայել, եւ նաեւ իմ նկարած ֆիլմը, որտեղ ես փորձել եմ կրկնօրինակել նրան, պետք է նայել էդ ֆիլմին զուգահեռ, բավական երկար ժամանակ նկարահանումներ եմ արել ողջ Հայաստանով մեկ, էսպես է ստացվել:
Մելս Սողոյան, Գեղարվեստի ավագ դպրոց
«Անվերնագիր» մուլտֆիլմ է, նկարված համակարգչով «Ռամոնեսի» երգի վրա: Շատ վառ ու ուրախ մի բան:
Լուսինե Վայաչյան` ես
«Կադրի մեջ»
«Կլիպ»
Մարդկանց մեծամասնությունը համեստություն կաներ, եւ կգրեր իր մասին երրորդ դեմքով, բայց ես գրում եմ ինքս իմ մասին, քանի որ մասնակցել եմ մի փառատոնի, որը կոչված է ջարդելու կարծրատիպերն արվեստում, իսկ լրագրությունն ինձ համար նույնպես արվեստ է, եւ ինքաարտահայտվելու մի հնարավորություն եւս ։ Առաջին անգամ եմ ձեռքս վերցրել տեսախցիկը, առաջին անգամ նկարել եմ, հազիվ գտնելով ճիշտ «կնոպկաները»: Ես ունեի մի կոնցեպցիա, սակայն վերջում ստացվեց ուրիշ բան: Իմ բառերով Ծոմակի գրած ու երգած «Ուզում եմ լինենք մենք» երգի համար։ «Կլիպ» նկարելու գաղափարը միշտ էլ կար, բայց ակտիվացավ «Ժանգոտ դդումի» հետ: Ընդհանրապես, կլիպի գաղափարը մի բոլորովին այլ էր` ռոմանտիկի մեջ: Բայց ընթացքում, երբ ես կադրեր էի ուզում նկարել, էնքան բան փոխվեց, ու պրոցեսն ինձ էնքան կլանեց, որ ես արդեն չէի հասկանում՝ ինչ էի անում: Ու երբ հետագայում, Աբգարյան Սոնայի հետ մոնտաժ անելուց մենք վերջնականապես որոշեցինք «Կլիպը», ես համոզվեցի, որ կարեւորը պրոցեսն է` ինքնաբուխ ինքնաարտահայտման ընթացքը: Չգիտեմ արվեստը ինչ է, չեմ ուզում բնորոշումներ տալ, մենակ կարող եմ ասել, որ լավ բան է, որ ապրեցնում է, ու եթե ինչ-որ մարդկանց էլ դուր է գալիս` ավելի լավ: Հիմա ես չեմ կարող ասել, թե էս մրցանակին ինչով եմ արժանի, բայց որ նկատել են, շնորհակալ եմ:
Լուսինե Վայաչյան
Էնքան
Էնքան եմ ուզում բանաստեղծություն գրել
Ուզում եմ ուզում եմ ուզում եմ
Էնքան ուժեղ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրելու անչափ ցանկությունիցս բացի
Խելքս բան չի կտրում
Դրա համար էլ մենակ գրում եմ
Թե ինչքան եմ
Անբավարարելիորեն
Անծայրածիր
Անսանձելիորեն
Անդադար
Մեռնելու չափ
Գազանաբար
Հիվանդագին
Խելակորույս
Հավերժաբար
Պարզապես
Ուզում բանաստեղծություն լինել
Սա Կարեն Ղարսլյանն է: Էսպիսին է նա, ամեն ինչում, ոչ միայն պոեզիայում` անբռնազբոս, բնական, մանկականությունը պահպանած, պաթոսից ու կեղծիքից էնքան հեռու, ինչքան հեռու են իրարից եղունգն ու սանրը, նա խելակորույս մի սիրահար է ամեն ինչում, ինչ ձեռնարկում է, ամեն բան, ինչի նա դիպչում է, լցվում է էներգիայով… Ես Երեւան եկա 2005 թվականին, նա` գնաց Ամերիկա, չգիտեմ ինչու, երեւի էնքան էր հոգնել Հայաստանից ու հայերից, որ գնաց կարոտելու: Հիշում եմ, նրա «Password» վեպից «Ինքնագրում» տպագր ված հատվածի քննարկմանը կարծիք հայտնեցին, որ նա էնպես է գրում, ասես հայերի համար չի գրում, այլ արտասահմանցիների: Ես ասեցի, որ դա լավ է, որ դա կոսմոպոլիտ մոտեցում է, եւ բավական է հայերը գրեն միայն հայերի համար, Սարոյանը ոչ հայերեն է գրել, եւ ոչ էլ հայերի համար, բայց նա հայեցի է, եւ թող Կարենը գրի հայերեն, բայց լինի ոչ հայեցի` վատ իմաստով: Մենք էդպես էլ չհանդիպեցինք, հանդիպեցինք facebook-յան քոմմենթներում: Եւ ես սիրեցի Կարեն Ղարսլյան գրողին, ապա` մարդուն, թե` հակառակը, լավ չեմ հիշում արդեն: Նրա կին Անուշիկին եմ շնորհակալ, որ одноклассник-ով ինձ գտավ, ու սկսվեց…
Ինձ համար գրականությունը, ընդհանրապես արվեստը որպես այդպիսին արժեք չունի, նկատի ունեմ ընդունված չափանիշները ինձ համար չեն կարող լինել որոշիչ, ինձ համար գրողը, արվեստագետը արժեք ունի էնքանով, ինչքանով ես նրա ստեղծագործությունների մեջ ինձ եմ տեսնում, ինչքանով նա ինձ հոգեհարազատ է, եւ մի անգամ էդպիսին դառնալով, նա մնում է էնտեղ, ինչքան էլ փոխվեն նրա արտահայտման ձեւերը: Կարեն Ղարսլյանն իմ սիրելի գրողն է, հիմա արդեն նաեւ մեր նորօրյա, նորաձեւ-տձեւ բանաստեղծը, որտեղ կիրքը ներկա է ամեն ինչում, եւ դա էնքան բնական է ու անմեղսունակ, այո, անմեղսունակ, քանի որ անղեկավարելին է(կիրքը, ոչ թե Կարենը ), որ ընթացքում դառնում է արվեստ, որտեղ ամեն ինչ տձեւ է, իր ձեւի մեջ ու բովանդակ անբովանդակության մեջ, որտեղ սկիզբն ու վերջը նույնն են, որտեղ բառերն ու արտահայտությունները, զգացողություններն էնքան են իմը, որ սիրտս պայթում է բերանս բացվելու օդ հավաքելու ու շնչել չկարողանալու աստիճան, որտեղ սիրած կինը էնքան իր կինն է, որքան ամուսինը, որտեղ կարեւոր չի սահմանն էրոտիկայի ու չ’էրոտիկի միջեւ, որովհետեւ մաքուր է, որտեղ Հայաստանն Ամերիկա է, ու Ամերիկան Հայաստան չէ, որտեղ ինքն աղոթողն ու աղոթքը լսողն է, որտեղ պատերազմը խաղաղության դաշտանն է, իսկ օրգազմը` բանաստեղծություն է, որտեղ….
Ես չեմ կարող գրել սովորական մի բան, մեր «ամենասկանդալային երիտասարդ գրողներից մեկի մասին», ինչպես անվանում են Կարենին թերթերը, ես չեմ կարող նրան նույնիսկ սկանդալային համարել, քանի որ սկանդալը PR-ի հղիությունն է, իսկ Կարենը դրա կարիքը չունի, որովհետեւ նա մեր ժամանակի բնականոն երեույթն է, նա հայտնվել է, քանի որ ժամանակն էր….
Բայց քանի որ ես սիրահարական նամակ չեմ գրում Կարենին, այլ մշակույթային իրադարձություն եմ մեկնաբանում, պետք է ասեմ, որ` հունիսի 9-ին, «Սիրահարների այգում» տեղի ունեցավ Կարեն Ղարսլյանի նոր գրքի` «Գրողի ծոցը» [Երեսուն ու ութ տձեւ հայրեն] տձեւ, այսիքն ոչ ձեւական այլ իրական` ինչպես եկող, էնպես էլ գրվող բանաստեղծությունների ժողովածուն: Մարդաշատ չէր, բայց ով կար` ձեւի համար չէր եկել, այլ Կարենին իրոք սիրելու ու գնահատելու, «իրենցը» համարելու համար:
Վերջում մի քիչ ` ինչ գրված է Կարենի կայքում` նրա կենսագրականում երրորդ դեմքով:
Կարեն Ղարսլյանը բանաստեղծ է, վիպասան, թարգմանիչ և գրականագետ: Ծնվել է Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1979 թ. հունիսի 30-ին և մեծացել անկախ Հայաստանում: 2005 թ-ից բնակվում է Լոս Անջելեսում:
2003 թ. Ղարսլյանը ճանաչվել է «Տարվա սկանդալային գրող» Հանրային հեռուստաընկերության կողմից:
2004 թ. անտիպ «Password» վեպի համար Կարեն Ղարսլյանն արժանացել է Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցույթի գրական բաժնի գլխավոր մրցանակին:
2006 թ. Կարեն Ղարսլյանը ճանաչվել է «Տարվա մարդ» «Time» ամսագրի կողմից:
Ամուսնացած է Անուշի հետ, ունի մեկ սև կատու:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.