24.03.2023 | 15:10

24.03.2023 | 14:10

24.03.2023 | 13:10

24.03.2023 | 12:10

24.03.2023 | 11:10

23.03.2023 | 15:10

23.03.2023 | 14:10

23.03.2023 | 13:10

23.03.2023 | 12:10

23.03.2023 | 11:10

22.03.2023 | 15:10

22.03.2023 | 14:10

22.03.2023 | 13:10

22.03.2023 | 12:10

22.03.2023 | 11:10

21.03.2023 | 15:10

21.03.2023 | 14:10

21.03.2023 | 13:10

21.03.2023 | 11:10

21.03.2023 | 0:10

20.03.2023 | 15:10

20.03.2023 | 14:10

20.03.2023 | 13:10

20.03.2023 | 12:10

20.03.2023 | 11:10

18.03.2023 | 14:10

18.03.2023 | 13:10

18.03.2023 | 12:10

18.03.2023 | 11:10

17.03.2023 | 15:10

17.03.2023 | 14:10

17.03.2023 | 13:10

17.03.2023 | 12:10

17.03.2023 | 11:10

16.03.2023 | 15:10

16.03.2023 | 14:10

16.03.2023 | 13:10

16.03.2023 | 12:10

16.03.2023 | 11:10

15.03.2023 | 15:10

Համոզված է դերասան, բեմադրիչ, պրոդյուսեր և մարդու իրավունքների պաշտպան Մերի Ափիկը
Մերի Ափիկի համար արվեստը պետք է առաջադրի հարցեր ու լուծումներ փնտրի : Իսկ գեղագիտական ճանապարհով խնդիրները ավելի լսելի ու հասկանալի են դառնում: Սա արվեստում երկարամյա փորձ ունեցող կնոջ եզրահանգումն է: Տասնմեկ տարեկանից մասնակցել է Իրանի խոշոր հեռուսատանախագծերին: Կինոյում առաջին դերը խաղացել է տասնչորս տարեկանում և հիշում է, որ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ իրեն չորս թիկնսպահ է ուղեկցել ճանապարհներին իրեն սպասող երկրպագուների խմբից պաշտպանելու համար: Հանրահայտությունը նրա համար եղել է մանկական խաղ:
Մայրը՝ Ափիկ (Արփինե) Եուսեֆյանը , Իրանի լավագույն դերասանուհիներից էր: Մայր ու աղջիկ տարիներ շարունակ եղել են Իրանի հեռուսատատեսության և կինոյի լավագույն աստղերից՝ հեռուստասերիալների և կինոնկարների սպասված ու ցանկալի դերասանուհիները:
-Մայրս ցանկանում էր, որ ես բալետի պարուհի լինեի: Սակայն նրա մասնակցությամբ հեռուստածրագրերից մեկի նկարահանման ժամանակ ինձ ևս առաջարկեցին դեր խաղալ: Ես ընդամենը տասնմեկ տարեկան էի: Մորս որոշումն էլ, որ պետք է մասնակցեի նկարահանումներին ինքնաբերաբար էր: Իմ անուն ազգանուս երկար է՝ Մերի Մելիք-Ազարյան, և առաջարկեցին հարմար անուն ընտրեմ: Մտածեցի, մտածեցի,-«Իմ անունը թող լինի Մերի, Մերի….. հայացքս ուղղեցի մորս ու ասեցի՝ Ափիկ: Այս ժամանակ չէի էլ կանխազգում, որ կայացավ այն, առանց որի հիմա չեմ էլ պատկերացնում իմ կյանքը:
— Իրանում Մերի Ափիկը միաժամանակ մասնակցում էր մի քանի նախագծերի: Այժմ զարմանքով է հիշում, թե ինչ թեթևությամբ է տարել այդ ծանրաբեռնվածությունը:
-Հիմնականում սերիալներում էի նկարահանվում: «Օխթափուս» հեռուստասերիալը միայն երկու հարյուրից ավելի մաս ուներ: Հետո` ամիսը մեկ անգամ թատերական ներկայացումներ: Իսկ կինոյում տասնմեկ դեր եմ ունեցել: Մենք մի փոքր թատրոն ունենիք: Աշխատում էի թատրոնում, կինոյում, հեռուսատեսությունում և դպրոց էի գնում:
— 1971 թվականին Masud Kimiai-ը էկրան է բարձրացնում Sadeq Hedayat –ի «Դաշ Աքոլ» -ը: Կինոնկարում Մերի Ափիկը խաղում է գլխավոր հերոսուհու դերը, երբ ընդհամենը տասնչորս տարեկան էր: Այս պատասխանատու դերակատարումը աղջկան նույնպես հաջողություն է ապահովում:
— Սյուժեյի համաձայն հերոսը սիրահարվում է տասնչորս տարեկան աղջկա, որի դերն էլ ինձ էր վստահված: Հարմար ընտրություն էր՝ տարիքս ոչ թե խանգարում, այլ ընդհակառակը, լրիվ համընկնում էր կերպարին: Իմ ամենասիրած դերերից է։
— 1977 Մոսկվայի միջազգային կինոփառատոնում Փարվիզ Սայադի Փակուղի կինոնկարի համար նա արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Իրանում առաջին կինը, որ ստացել է այս պատվավոր պարգևը ու նաև առաջին հայուհին: Սա պատիվ է և Հայաստանի, և Իրանի համար:
-Մոսկվայի փառատոնի ժյուրիի անդամ էր աշխարհահռչակ Ֆրանկո Զեֆիրելին: Դա առաջին միջազգային մրցանակն էր, որ տրվում էր պարսկական կինոյի համար: Վերջերս Երևանից առաջարկություն ստացա, որպես հայ դերասանուհի. Երևանը պատիվ է համարում պարգևը պահել իր երկրում: Թեպետ, մրցանակը պատկանում է պարսկական կինոյին, սակայն ժամանակները փոխել են և շատ հավանական է, որ այն փոխանցվի Հայաստան:
— Մի փոքր անսովոր է թվում երկու հայ կանանց այսօրինակ հաջողությունն Իրանում: Սակայն Մերի Ափիկը փաստում է, որ հայերը Պարսկաստանում արվեստի ու երաժշտության մեջ մեծ ներդրում ունեն. դրա ապացույցն է նաև իր ու մոր` Ափիկ Յուսեֆյանի հաջողությունը:
— Ես այն ժամանակ աճող մի ծաղկի նման էի, որը պատրաստվում էր ցուցադրելու իր գեղեցկությունը, այսինքն` կարողությունը: Իրանում ես մի երեխա էի, որ ուրախությամբ վայելում էր իր մանկությունը՝ մի փոքր տարբեր այլ երեխաների մանկությունից: Հիմա ուզում եմ հասուն մարդու աչքով գնահատել կատարվածը: Ես մեծացել եմ: Փոխվել է իմ աշխատանքի որակն ու բնույթը:
— Հեղափոխությունից հետո Մերի Ափիկը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Այստեղ ներգրավվում է ամերիկյան կինոարտադրության մեջ, որպես կինարտադրիչ մասնակցում MGM- ի «Mind Games» կինոնկարի և NBC –ի «On Wings Eagles » կինոշարքի նկարահանումներին:
Դերասանուհին իրեն առավել հարազատ է զգում թատրոնում, ուր ինքը կարողանում է իր ժամանակին համընթաց քայլել։
— Հիմա ինձ համար կարևորը կանանց իրավունքների պաշտպանության հարցն է, իսկ իմ նպատակակետին հասնելու ձևը` իմ արվեստը: Վերջին բեմադրած ներկայացումն էլ, որը կոչվում է «Beneath The Vail», կանանց մասին է: Մեկ կես ժամվա ընթացում ներկայացնող մի քանի պատմություն, որի հերսները շատ անգամ հենց դահլիճում նստած մարդիկ են: Նրանք ինձ են մոտենում, որ խոստովանում, որ դա իրենց պատմությունն է: Ինձ համար շատ արժեքավոր նկատառում է, քանի որ իմ ցանկությունն է, պատկերել իրավիճակը և լուծումներ գտնել:
— Բեմադրությունն առաջին անգամ ներկայացվել է երկու հազար հինգ թվականին 7th Annual LA International Theater Festival-ում եւ արժանացել Քննադատների մրցանակին՝ (Critics Choice): Ցուցադրվել է Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում՝ աղմուկ բարձրացնելով ու հավանության արժանանալով:
— Կանանց իրավունքների վերականգնման համար գլխավորը համապատասխան օրենսդրության հաստատումն ու հարգումն է: Չունենալով անհրաժեշտ պաշտպանություն՝ կանայք իրենց իրավունքների մասին չեն կարող բարձրաձայնել:
-Երեխաների համար Մերի Ափիկը 1998 թվականին նկարահանում է «Գիշերվա Գոհարները»-ը տեսաֆիլմը՝ իր հեղինակած երաժշտությամբ: Այս աշխատանքը երեխաներն հնարավորություն է տալիս ծանոթանալու իրենց ծնողների ծննդավայրի՝ Պարսկաստանի հետ: Իսկ ծրագրեր դեռ շատ կան:
— Նպատակ ունենք Ցեղասպանության թեմայով կինոնկար նկարահանել: Պարզապես ճակատագրի բերումով ապրում եմ Միացյալ Նահանգերում և պետք է անեմ ինձ հարազատ գործը՝ նվիրվելով, աշխատելով ու իհարկե ստանալով ավելին՝ սիրած գործի հաճույքն ու վայելքը:
Անի Թադևոսյան
Լոս –Անջելեսից հատուկ «Վարկածի» համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երեւանը ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք
Օգոստոսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին եւ Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք:
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը ներկաներին տեղեկացրել է, եւ հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաեւ 2012 թ. ապրիլի 23-ից մինչեւ 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին:
Հարցազրույց դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ
— Ինչպե՞ս կբնորոշեիր այս ժամանակը:
— Ինչպես բոլոր ժամանակներում` «Օ~, ժամանակներ, օ~, բարքեր», իսկ այս օրերի համար նաև` ջրբաժանի ժամանակ: Ջրբաժան, որ ծնվեց մեր թուլությունից, աններելի սխալներից, որը կարող է կործանել մեզ, բայց նաև կարող է փրկել, եթե տեր կանգնենք մեր ուժին:
— Այսինքն…
— Սևն ու ճերմակը, բարին ու չարը, վախկոտն ու խիզախը… (էլ չշարունակեմ) շատ են տարանջատվել: Իհարկե, կասես, որ միշտ էլ այդպես է եղել, ու ես կհամաձայնվեմ քեզ հետ, բայց հենց համեմատում եմ հիմա-ն ու նույնիսկ ոչ հեռավոր երեկ-ը` ջրբաժանը շատ մեծ է: Այս տարանջատումը ավելի է խորացրել հասարակության մեջ առկա հակասությունները, իսկ հանդուրժողականությունը լավագույն դեպքում ընկալվում է որպես հեգնանք: Մեկը մեկից շինծու մեղադրանքներ են «թխում» դատավորները, իսկ մանկապիղծ մանկավարժին կարելի է պատժել միայն… բանտային օրենքներով:
— Իսկ եթե ավելի կոնկրե՞տ…
— Կոնկրետ. երբ մեջտեղ եկավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», այն «ողջունող, աջակցող» պատեհապաշտների ստվար մի թիմ ձևավորվեց ու սրտատրոփ ու անհամբեր սպասեց «էն օրհնված սհաթին», երբ պիտի բացվեր հայ-թուրքական սահմանը: Ու քանի որ նրանց մեջ կային մարդիկ, ում մտավոր պաշարն ավելի քան բավարար էր հասկանալու համար, թե ինչ որոգայթներ կարող են լինել ու կան այդ «քիրվայական» խաղերի տակ (իսկ ես համոզված եմ, որ նրանք ինձ ու ինձ նմաններից ավելի լավ գիտեին դա)` ոչ միայն լռեցին, ուր էր` լռեին… Տարուց ավելի ոչ մի վտանգ չզգացին, նախապայման չտեսան ու հանկարծ` ո~վ զարմանք, ամենաազգայնականից ազգայնական դարձան ու նույն ջերմեռանդությամբ սկսեցին հիշել «թուրքի թրքության» մասին: Ուրեմն` ե՞րբ են այդ մարդիկ անկեղծ…
— Ո՞վ չի մոլորվում…
— Մոլորվելու իրավունք ունի բակում նարդի խաղացող ու երկու զառի արանքում քաղաքական վերլուծություն անող մարդը: Իսկ քաղաքագետը, քաղաքական գործիչը, հասարակական համարում ունեցող մտավորականը ի՞նչ իրավունքով է մոլորության մեջ գցում հանրությանը:
— Հիշեցիր մտավորականի մասին… պատասխանիր իմ մշտական հարցին` ո՞վ է մտավորականը:
— Իր խղճի հետ հաշտ ապրող մարդը,
իր սկզբունքներին հավատարիմ մարդը,
իր կարծիքը բարձրաձայնելուց չվախեցող մարդը, եթե`
իրեն իրավունք է վերապահում խոսել ոչ միայն իր, այլև դիմացինի անունից:
— Կարևոր չէ՞` ինչ մասնագիտության տեր է քո ասած անձը:
— Եթե ստեղծագործելը նկատի ունես` անվանումը կա` արվեստագետ: Իսկ ես ու դու արդեն գիտենք, որ ամեն արվեստագետ չէ, որ մտավորական է, ու դա ոչ լավ է, ոչ էլ` վատ: Իր արվեստանոցում փակված, ճշմարիտ ու բարձր արվեստ ստեղծողը արվեստագետ է, իմ խորին հարգանքը նրա կողմից արարվածին: Բայց երբ նա ձայն է բարձրացնում կեղծիքի, անարդարության դեմ, երբ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունի ու ոչ թե խոհանոցում է փնթփնթում ու բողոքում, հասարակությունը ի դեմս նրան` գտնում է իր իրավունքների պաշտպանին:
— Քեզ համար դա՞ է մտավորականի բանաձևը:
— Համենայնդեպս, ջրբաժանը այդ պահանջն է դնում հասարակության ու մտավորականի առաջ:
— Բայց մարդը չի ուզում դուրս գալ հրապարակ, ուզում է միայն ստեղծագործել:
— Իսկ ո՞վ է նրան խանգարում կամ փնովում: Աստված նրան օգնական, նրանից պարտք ու պահանջ չկա: Ընդամենը ջրբաժանի հարցն է` միայն իր ստեղծագործությամբ ապրո՞ղ, թե՞ նաև շուրջը կատարվողին արձագանքող:
— Ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ վտանգը:
— Անտարբերությունը: Ու եթե իր նեղլիկ խցում կոշկակարը կարող է տեղյակ չլինել շուրջը կատարվողին, իրեն մտավորական համարողը, որ նաև երբեմն-երբեմն խոսում է ժողովրդի անունից, ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ զինվորների ու սպաների սպանությունների նկատմամբ, համակերպվել քաղբանտարկյալներ ունեցող երկրի համարումին, չվրդովվել, երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում անպաշտպան կանանց վրա, հայերենի ու հայկական դպրոցի դեմ դավ նյութողի ձեռքը չկտրել…
— Հանկարծ ու` չլռեց, վրդովվեց, չհամակերպվեց… ի՞նչ կփոխվի:
— Սպայի արժանապատվությունը կորցրածը, անարդար վճիռ ընդունածը, ոտիկանական համազգեստով զրահավորվածը, մայրենին ուրացողը այդքան վստահ չեն լինի, որ արածներն անպատիժ կմնան: Առնվազն:
— Պարզվում է` ռոմանտիկ ես:
— Ավելի քան իրատես եմ: Որովհետև հավատում եմ Օրենքի ուժին:
— Օրենքով մինչև ո՞ւր հասանք:
— Առանց Օրենքի կեղծված ընտրությունների երկիր դարձանք: Ու երբ քաղաքացին իր ձայնի տերը դառնալու վճիռն ընդունեց` գնդակահարեցին: Օրենքով դեռ չենք գնում, որ հասնենք:
— Հավատո՞ւմ ես մեր երկրի ապագային:
— Ի~նչ ճիշտ ժամանակին հնչեց հարցդ… Բայց գեղեցիկ խոսքի համար չէ, որ այսքանն ասելուց հետո հիմա պիտի ասեմ «Հավատում եմ»: Հավատում եմ, քանի որ իմ երկրում եմ ապրում: Չեմ հավատա, երբ կկապեմ ճամպրուկներս: Բայց հուրախություն բարեկամներիս ու անգամ չարակամներիս` ես իմ երկրից գնացողը չեմ: Ավելին, ես ամեն ինչ կանեմ, որ իմ երկիրն ապրի հպարտ ու արժանապատիվ կյանքով:
Հարցազրույցը` Կարինե Ջանջուղազյանի
Օգոստոսի 18-21-ը Իջանում կայանալիք «Ժամադրություններ սահմանների վրա» համայնքային արվեստի փառատոնը ԱԻԿԱ-Հայաստանի ամենամյա ամառային դպրոցի երկրորդ բաժինն է: Այդ մասին, և ոչ միայն՝ զրույց անկախ համադրող, արվեստի քննադատ, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (ԱԻԿԱ-Հայաստան) նախագահ Նազարեթ Կարոյանի հետ
— Ինչո՞ւ Իջևանը:
— Իջևանն ունի սոցիալական, քաղաքական նաև մշակութային յուրահատուկ պատմություններ` սկսած այն օրից, երբ Սովետի հաստատման նախօրեին Կասյանն ուղարկեց «Հայաստանի աշխատավոր ժողովուրդը ողջունում է հեղափոխությունը» հայտնի հեռագիրը, որն ընդունող սարքը մինչև հիմա դրված է Իջևանում: Նման պատմությունները մարդկանց օգնում են շարունակել ապրել, բայց նաև խանգարում են: Իջևանի դեպքում նախագիծը իրականացնելու համար պետք է հանգուցելու, դրվագելու, անջատելու, այլ տեսակի վիրահատական և վիրակապային գործողություններ անելու դժվարություններ անցնել: Իջևանը պետք է ընկալել նաև ոչ միայն իբրև աշխարհագրական կոնկրետ տեղ, այլ պարզապես մի մարզային կենտրոն: Այդ իմաստով տարբերություն չկա` Իջևան, Վանաձոր, թե՞ Կապան:
— Դե, Կապանը հեռու է շատ:
— Մի երկու ժամվա տարբերություն է, այս դեպքում էական չէ, բարդությունները նույնն են: Կարևորը, որ Երևանը չէ, քաղաքից դուրս մարզկենտրոն է, իսկ այսօր Հայաստանում տնտեսական զարգացման սոցիալական անհավասարություն է, մշակույթային բարիքներից օգտվելու անհավասարություն: Մենք կարծում ենք, որ մշակույթային քաղաքականության տեսակետից անհրաժեշտ է ներդրումներ կատարել Երևանից դուրս` մարզերում, մշակույթային ծրագրերի տեսքով:
— Ժամանակների, տարածությունների, անհատների, մշակույթների…
— Այո: Փառատոնի հիմքում ընկած է Իջևանի քանդակի միջազգային սիմպոզիումի արխիվի հետազոտական աշխատանքը, որն իրականացվել է ասոցիացիայի մեկամյա կրթական ծրագրի շրջանակներում: Իջևանի վերջին սիմպոզիումը տեղի ունեցավ 1991թ. ամռանը, անկախության հանրաքվեից մի շաբաթ հետո, սովետի փլուզումից երեք ամիս առաջ:
— Փաստորեն, նշանակալից դեպքերը, իրադարձությունները, թվերը ինչ-որ կերպ արտացոլում են գտել փառատոնի ծրագրերում:
— Փառատոնի ծրագիրը բազմաշերտ է, բայց այն ավելի շատ վիզուալ արվեստի և դիսկուրսիվ ֆորմատներով իրականացվող նախագծերի համադրություն է: Կցուցադրվեն արվեստագետներ Մհեր Ազատյանի, Տիգրան Խաչատրյանի, Նորայր Չիլինգարյանի, Գագիկ Չարչյանի աշխատանքները, կլինեն խմբակային քննարկումներ, շնորհանդեսներ, գործնական աշխատանքի արդյունքների ցուցադրություն: Իջևանի առանձին վայրերում՝ պատկերասրահում, համալսարանում, մշակույթի տանը, տուրիզմի և բիզնեսի զարգացման կենտրոնում, կիրականացվեն առանձին նախագծեր և քաղաքը մի քանի օր պարուրված կլինի փառատոնի ոգով: Տեղի կունենան համեգներ, ձևախաղեր: Ուզում ենք Իջևանում մեր լինելը նշանավորվի և դառնանք լսելի ու տեսանելի, և իրենք՝ իջևանցիներն էլ ներգրավվեն ծրագրերում իբրև մասնակիցներ: Արդեն իսկ Իջևանի ԵՊՀ մասնաճյուղի մի քանի ուսանողներ են եկել Երևան և գործնական պարապմունքի մասնակցել Երևանի Բաց Համալսարանի ուսանողների հետ: Նույնը եղել է Իջևանում: Առաջադրանքը՝ «Ինչպե՞ս կներկայացնեիր այն միջավայրը, որի մեջ ապրում ես, և հայացքդ ի՞նչ է որսում անծանոթ տարածքում»:
— Ամառային դպրոցի կոնցեպտում այսպիսի մի բան կար՝ «Ի՞նչ կարգավիճակում է հայտնվում արվեստի գործը, երբ նպատակադրված ուղերձն ու հանդիսատեսն այլևս չկան։» Ի՞նչ նկատի ունեք:
— Մեր ուսանողներից մեկը հարցախույզ անցկացրեց Իջևանում որոշակի սոցիալական խմբի՝ համալսարանի ուսանողության շրջանակում 30-40 հոգու հետ: Ուսանողների 30%-ը քանդակներ Իջևանում չէին տեսել, չէին նկատել կամ դրանց մասին ընդհանրապես չգիտեին: Ֆիզիկական իմաստով դրանք գոյություն ունեն, բայց սիմվոլիկ՝ ոչ: Առաջանում է հայացքի վերաուղղորդման, տեսակի վերաիմաստավորման, նախնական կոնտեքստը վերստեղծելու, ժամանակի ընթացքում կրած կորուստը վերականգնելու կարիք: Գոյություն ունի առարկաներին և երևույթներին նայելու մի ձև, որն անգիտակցական է և մեր գիտակցության մեջ է մտնում կոլեկտիվ դիսկուրսների միջոցով: Երբ նայելու այդ ռեժիմի դիսկուրսներն անհետանում են, անգիտակցականի մեջ ասես մոռացության է մատնվում նաև նայելու ձևը: Օրինակ` սովետական արձանները պետք է լինեին մեծ և իշխեին: Արձանի մեր ընկալումն այդպիսինն էր, այն պետք է դրված լիներ մեծ պատվանդանի վրա, որ վեր նայես… Այդ մարմնական փորձառությունը, որ մեր մեջ ներարկել են սովետական արձանները, սկսում է չքանալ ռեժիմի անհետանալուց հետո, երբեմն անհետանում են նաև իրենք՝ արձանները:
— Իջևանի արձանները մշակույթային ինչ-որ արժեք ունե՞ն:
— Բոլոր քանդակները չեն, որ լավ են դրված: Որոշները տուֆից են՝ ստվերում լինելով մամռակալել են ու մերվել բնությանը: Քանդակը կա, բայց որպես մշակույթային արժեք ոչինչ է, նա դադարել է կատարել իր առաքելությունը: Դրանց վրա նստում են, հենվում են, օգտագործում են ոնց ասես, բայց ոչ որպես արվեստի գործ:
— Նազարեթ, քաղքենու, միջին ստատիստիկական հայի և առաջին հերթին իջևանցու համար ի՞նչ հետաքրքրություն ունի ձեր նախագիծը:
— Քաղքենություն ասելով հասկանում ենք որոշակի կենցաղով ու հետաքրքրություններով ապահովված խավ: Երբ նայում ենք մեր սոցիալ-տնտեսական, մշակույթային զարգացումներին` մեծ տարբերություն է նկատվում գավառի և մայրաքաղաքի միջև: Իջևանցիների մոտ քաղքենությունը ձևավորված չէ, այն չի հասցրել ձևավորվել որպես խավ: Իջևանցիներին դժվար է քաղքենի համարել, և փառատոնը, եթե ոչ մշակույթային, ապա գոնե ժամանցային առումով իրադարձություն կլինի իջևանցիների համար: Մյուս կողմից, մեր առաջարկածը սովորական սուրճ խմել չէ, այսինքն` նրանցից որոշակի ջանքեր կպահանջի ընկալելու համար: Հուսով եմ՝ կստացվի:
— Իսկ ձգտում կա՞: Տեղի ժողովուրդը հետաքրքրվա՞ծ է: Երիտասարդությունը պարզ է, նրանք միշտ ակտիվ են:
— Մենք առաջին հերթին պետք է մտածենք երիտասարդների մասին: Երբ մի վայրում ինչ-որ բաներ հաճախ չեն տեղի ունենում, դա կարող է առաջացնել դրական և բացասական հետաքրքրություններ և հակասություններ: Կա որոշակի իջևանյան, տավուշյան պատվախնդրություն: Օրինակ` նրանք ունեն Վարդավառի տոն, որը մեծ շուքով նշում են, և ոչ այն օրը, երբ Հայաստանում նշում են բոլորը: Այսինքն` գոյություն ունի որոշակի ռեգիոնալ հայրենասիրություն, պատվախնդրություն, երբ կուզեն, որ Իջևանն առանձնանա իր հնարավորություններով, մշակույթային կյանքի կազմակերպվածությամբ: Որոշակի պատրաստակամություն ցուցաբերեցին քաղաքային իշխանությունները, չնայած որ մենք խոսում էինք տարբեր լեզուներով՝ կարող ենք խոսել նույն բանի մասին, բայց իրար չհասկանալ: Դժվար է, բայց կարծես ինչ-որ բան ստացվեց:
— Էլի թարգմանության խնդիր կա… Թարգմանության կարևորությունն այսօր կարծես ընդունվել է:
— Այո, բայց չէի ուզենա դա առաջին պլան մղել: Թարգմանության խնդիրը պետք է համարել տեխնիկական, ոչ թե քաղաքական: Եթե մենք ուզում ենք հաղորդակցվել, մենք պարտավոր ենք մեր մտքերը շարադրել հասկանալի: Սա, ի դեպ, մշակութային բազային նախապայման է: Առաջնայինը հաղորդակցությունն է և երկխոսությունը: Ինչպես ուզում է լինի, լեզուն կարևոր չէ: Այն, ինչ փորձում ենք անել հիմա` իր քաղաքական մոտեցումներով տարբերվում է մշակույթը համակարգող պետական հիմնարկությունների հասկացածից: Ապակենտրոնացում ասելով՝ նրանք հասկանում են ինչ-որ ներկայացում «Հոգու և ոգու», որը ժամանցային ինչ-որ բան է ստեղծում ազգաբնակչության համար: Մենք ուզում ենք ցույց տալ, որ դիտողի հնարավորությունները պակաս չեն, և եթե ուզում են համագործակցել՝ ապա կարող են:
— Փաստորեն, Ձեր նպատակը մարզերն ակտիվացնելն է:
— Այո, մշակույթային կյանքի աշխուժացումը, բայց ոչ ժամանցի կազմակերպումը: Ասենք՝ համալսարանական կրթական ծրագրերի ներդրում, թանգարանային աշխատանքի ծրագրեր: Պատրաստել մարդիկ, ովքեր կարող են այդ ծրագրերը կազմել ու իրականացնել: Այն միջազգային ռեսուրսները, որ մենք ունենք կարող ենք առաջարկել, և փորձ անել ակտիվացնել մշակույթային կյանքը, Իջևանը դարձնել մշակութային կենտրոն:
— Իսկ չի՞ կարող լինել այնպես, որ այդ մտահղացման ճակատագիրը նման դառնա 12 աթոռի «Новые Васюки»-ին:
— Ես այն տպավորությունն ունեմ, որ այսօրվա մեր վարչական աշխատողները ավելի քիչ ազատություն ունեն, քան սովետական ժամանակաշրջանում, երբ Ջեմմա Անանյանը կազմակերպում էր քանդակի սիմպոզիումը: Այ դա «Новые Васюки» էր: Բայց մարդը կարողացավ, կազմակերպեց ու արեց: Եվ դա իրականում «Новые Васюки» չի, այդպես թվում է միայն այն մարդկանց, ովքեր դեռ «սովետի» մեջ են, և անձնական շահերից բացի ուրիշ շահ չունեն: Եթե ինչ-որ մեկը կունենա ծրագրեր, ապա համոզված թող լինի, որ կկարողանա դրանք աշխատացնել Իջևանում:
— Նման պրոյեկտի ֆինանսավորումը բավականին բարդ խնդիր է, ի՞նչ միջոցներ ունեք, ովքե՞ր են Ձեր հովանավորները:
— Ամառային դպրոցի դեպքում մեր գործընկերներն են SCCA-Ljubljana–ն, Ստամբուլի «BM Suma» կենտրոնը, Ալմա–Աթայի SCCA-Alma-Aty կենտրոնը եւ Կահիրեի «Townhouse» պատկերասրահը: Ընդհանրապես, այսպիսի նախագծերը շատ ավելի մեծ գումարներ են պահանջում, նույնիսկ ֆորմատի համար: Այն, ինչ մենք կարողացանք հայթայթել, պատկառելի հնարավորություններ են Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի համար, որովհետեւ մյուս ոլորտների համեմատ` մշակույթի դաշտը շատ թույլ եւ խղճուկ է ֆինանսավորվում, անտեսված է եւ’ պետության, եւ’ հնարավոր հովանավորների կողմից: Հիմնականում այլ երկրների ազգային ֆինանսական կառույցներ, դեսպանատներ, միջազգային հիմնադրամներ:
— Իսկ տեղի մարմիններից, մշակույթի նախարարությունից աջակցություն չկա՞:
— Իջևանի քաղաքապետարանն է աջակցում: Իսկ կենտրոնական կառույցներից ոչ մի օգնություն չունենք:
— Դիմե՞լ եք մշակույթի նախարարություն, ներկայացրե՞լ եք նախագիծը:
— Վաղուց ներկայացրել ենք: Ներկայացրել ենք բյուջե, որը կազմել է 25%, բայց նրանք առաջարկեցին 1,2%: Մենք հրաժարվեցինք:
— Փաստորեն, նրանք կարող են հանրապետությունով մեկ պտտեցնել ճաշակ սպանող փոփ և ռաբիս երգիչների, մարզերում թնդացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթը», որտեղ մշակույթի նշույլ անգամ չկա, բայց ձեր պրոյեկտի համար գումար չգտնվե՞ց:
— Դե, թե՞ չհավանեցին, թե՞ կարևոր չհամարեցին, չգիտեմ…
— Հույս ունե՞ք շարունակական դարձնել փառատոնը:
— Այո, և ոչ միայն: Փառատոնի միջոցով մենք ուզում ենք օգնել աշխուժացնել կյանքը Իջևանում: Ու ոչ միայն այնտեղ, ասում են՝ հաջող օրինակը վարակիչ է: Հնարավոր է, ասենք, որ մյուս տարի հրավեր ստանանք Սյունիքի մարզպետից: Մենք պատրաստում ենք մասնագետներ, ովքեր կարող են նման նախագծեր իրականացնել:
— Իսկ անո՞ւնը՝ «Ժամադրություններ սահմանների վրա»:
— Մենք խոսում ենք ուտոպիայի հնարավորության մասին, սահմանները ուտոպիական տեղ չեն, ավելի դիստոպիական են: Ուտոպիան սովորաբար հնարավոր էր մի աշխարհում, որտեղ անհայտ վայրեր կային: Այսօրվա աշխարհում անհայտ տեղեր չկան, այսօրվա աշխարհում կան անսպասելի միջնատարածքներ: Սահմանը այդպիսի միջնատարածք է: Ժամադրվել սահմանի վրա, նշանակում է՝ հանդիպում նշանակել ինչ-որ մեկի հետ, ինչ-որ տեղում, որի հետևանքներն անհայտ են: Ժամադրության կարող ես հրավիրել սիրածդ էակին` ռոմանտիկ է, հակառակորդիդ՝ մենամարտ է: Ժամադրությունն ինքը լրացուցիչ բազմաշերտ իմաստներ ունի:
Լուսինե Վայաչյան
Համաշխարհային Ժառանգության կամավորական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ու Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի ջանքերով հունիսից Հայաստանում մեկնարկել է «Պատրիմոնիտո կամավորական գործողություն-2010» ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը, կամավորական աշխատանքների համար այս տարի ընտրվել են Գեղարդի վանքի եւ Զվարթնոց տաճարի տարածքները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, իսկ ծրագրով նախատեսվող գործողությունները ուղղվել են այս պատմամշակութային տարածքների պահպանությանը: Օգոստոսի 8-ին կամավորականները աշխատանքներ կիրականացնեն Գեղարդավանքի տարածքում:
2007թ.-ին արձագանքելով երիտասարնդերի մեծ հետաքրքրությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու եւ համաշխարհային ժառանգության պահպանման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության Կենտրոնը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կամավորական ծառայությունների համակարգող հանձնաժողովը նախաձեռնեցին «Համաշխարհային ժառանգության կամավորներ — պատրիմոնիտո կամավորական շարժում» ծրագիրը:
Նախագծի հիմնական նպատակն է մշակութային եւ բնական ժառանգությունը պաշտպանելու, պահպանելու եւ զարգացնելու գործում հանրության իրազեկվածության բարձրացումն ընդհանրապես եւ մասնավորապես կոնկրետ գործողությունների իրականացումը գրանցված կամ պոտենցիալ համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող վայրերում։
2008- 2009 թթ.-ին կազմակերպվել են Համաշխարհային ժառանգության կամավորների (ՀԺԿ) 23 նախագծեր` 12 երկրներում։ Այս աշխատանքները միավորել են 38 երկների 296 միջազգային կամավորների եւ տեղի հազարավոր երիտասարդների։ Ընթացիկ տարում ՀԺԿ-ի նախագծերը 28-ն են, որոնք իրականացվում են աշխարհի 18 երկրներում։
Երբ կիրթ է հասարակությունը, ծաղկում է երկիրը: Հայաստանը և մտավորականությունը պիտի հոմանիշներ դառնան, ասում է .- «Ուսուցիչների Ստեղծագործական Վարպետանոցներ» կրթահամալիրի տնօրեն Իրինա Քրիշչյանը։
— Մտավորականի Ձեր բնորոշումը:
— Երկար տարիներ սխալ պատկերացում ենք ունեցել, կարծելով թե մտավորականները դիպլոմավոր մասնագետներն են: Սակայն մտավորական լինել չի նշանակում լավ կրթություն ունենալ, այլ` լինել կիրթ մարդ` բարձր ինտելեկտով, գրագետ, բայց նախ և առաջ ` մարդկային բոլոր առաքինություններով օժտված: Եվ մենք այդպիսի մտավորականներ շատ ունենք:
— Իսկ մտավորականությու՞ն:
— Վերջերս մի տխուր արարողության էի ներկա և շփվեցի մի մեծ խումբ մտավորականների հետ: Թեև հանդիպումը տխուր միջավայրում էր, ես մեծ հաճույք ստացա նրանց հետ հաղորդակցվելուց: Տեսա մտավորականների միասնություն։ Ստալինյան ժամանակներից սկսած փորձել են ոչնչացնել այն, բայց համոզված կարող եմ ասել, որ այսօր ունենք մտավորականություն, որովհետև մարդկությունը ունի հոգևոր արժեքներ, որոնք հնարավոր չէ ոչնչացնել: Ցավով պիտի ասեմ, որ այսօրվա մտավորականին մի տեսակ կորսված եմ տեսնում: Թեև շատերը և աշխատանք ունեն, և բավարար վարձատրվում են, սակայն իրենց հոգևոր արժեքների, գաղափարների ռեալիզացման խնդիր ունեն: Ինքս էլ, դպրոց եմ բացել, բայց Տեր իմ Աստված, որքան դժվար է առաջ տանել այն կրթահամակարգը, որը պիտի վաղվա մտավորականին ձևավորի: Մենք բոլորս մի տեսակ մասնատված ենք: Թեև պատրաստ ենք ուժներիս ներածին չափով ծառայել մեր երկրին:
— Իսկ ին՞չը կարող է միավորել մտավորականությանը:
— Երևի պետության ուշադրությունը: Եթե մեր ազգային պետական խորհրդին կից ներգրավված լինեին ավելի մեծ թվով մտավորականներ, հասարակական շատ-շատ հարցեր իրենց լուծումը կգտներ: Մենք էլ կիմանայինք,թե ին՞չ ասել, ինչ±ով օգնել, իսկ դրան մենք միշտ պատրաստ ենք:
-Ի՞նչն է տարանջատում մտավորականներին:
— Կենցաղային, սոցիալական պրոբլեմները: Բերեմ իմ օրինակը` ես սերվում եմ մանկավարժների գերդաստանից,1971թվից դասավանդում եմ, 14 տարի է ղեկավարում եմ «ՈւՍՎ» կրթահամալիրը և 14 տարի է փորձում եմ հովանավոր գտնել: Ամեն մեկս մեր խնդիրների մեջ թաղված ենք: Այնուհանդերձ մենք ունենք հրաշալի դպրոց, ունենք ուսուցչական վարպետանոցներ։ Ոմանք դա բիզնես են համարում, բայց դա այդպես չէ, դա առաքելություն է։
— Ինչո՞վ է Ձեր դպրոցը տարբերվում մյուս դպրոցներից:
— Նախ մեր դպրոցն ունի մեկ ուրիշ , ոչ պաշտոնական անվանում` «Ուրախության դպրոց»: Այս տերմինը մեծ մանկավարժ Սուխոմլինսկին է առաջադրել, որը հիմնված է ուսուցչի և աշակերտի համագործակցության սկզբունքի վրա: Սա հրաշալի մանկավարժական առաջարկ է: Այն ապահովում է հոգեկան ներդաշնակությունը, որից աշակերտները հաճույք են ստանում: Մեր գերխնդիրն է, որ երեխան ժպիտը դեմքին գա դպրոց և այն պահպանվի ամբողջ օրվա ընթացքում:
— Ի՞նչ յուրահատուկ մեթոդներ եք կիրառում վաղը մտավորական դաստիրակելու համար:
— Սկսած առաջին քայլերից երեխային մատուցում ենք ոչ միայն մեր ազգային մշակույթը, այլ նաև ծանոթացնում ենք համաշխարհային մտքին: Հեքիաթները հրաշալի հիմք են ծառայում հետագա կրթության համար: Ընդհանրապես հեքիաթը մեծ ձեռքբերում է մարդկության համար, որովհետև բարի հոգի է դաստիարակում և զարգացնում ինտելեկտը: Այնուհետև 5-րդ դասարանից դասավանդվում է համաշխարհային կուլտուրա, գրականություն, պատմություն: Այն կզարգացնի աշակերտի ինտելեկտը, մտահորիզոնը, որովհետև չի կարող ձևավորվել մտավորական մարդ, որն անտեղյակ է համաշխարհային կուլտուրայից: Ունենք մանկական թատրոն, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ Սարոյանի « Իմ սիրտը լեռներում է» պիեսն ենք բեմադրե,լ որտեղ կուշտ երեխաները խաղում են սոված մանուկների դերեր: Երեխաները այնքան էին հուզվել, որ ներկայացման վերջում Ջոնիի դերակատարը իրեն վատ էր զգում և ասում, — <<Բայց մենք բոլոր մարդկանց երջանկության խնդիրը չկարողացանք լուծել»: -Սոցիալական ո՞ր խավի երեխաներն են սովորում Ձեր դպրոցում: - Մեր դպրոցում սովորում են ոչ թե հարուստների, այլ հիմնականում ինտիլիգենտ, մտավորական խավի երեխաներ: Դրանք նորմալ վարձատրվող մարդիկ են, և գիտակցելով կրթության անհրաժեշտությունը, իրենց զավակներին բերում են մեր դպրոց: Եղել են երեխաներ, որոնց ծնողների համար կարևոր արժեքը եղել է փողը: Սովորելու ընթացքում տեսնելով, որ այդօրինակ երեխաները շատ անկառավարելի են և ընտանիքից բերած արժեքները մեզ չեն բավարարել, ստիպված ենք եղել հրաժեշտ տալ: Մեր սաները հագնվում են պարզ, որակյալ ֆիլմեր և ներկայացումներ են դիտում, որը նաև ընտանիքի ճիշտ դիրքորոշումն է: - Ի՞նչ վերաբերմունք ունեք օտարալեզու դպրոցներ բացելու ծրագրին: - Այդ մտավախությունը, որ կա, անհիմն է: Օտարալեզու կրթությունը չի կարող վտանգել Հայոց Լեզուն։ Ի վերջո օտարալեզու դպրոցները կապահովեն այն, որ արտերկրում մենք ի վերջո կներկայանաք լեզվի բարձր մակարդակով հաղորդակցվելու հնարավորությամբ։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել հավասար իմացության մակարդակները: Մեր գերխնդիրը թող լինի երեխաների կրթվածությունը: - Ի՞նչ առաքելություն, ի՞նչ պարտավորություն ունի այսօրվա մտավորականը: - Նախ և առաջ չհուսահատվել: Չսպասել, որ որևե մեկը քեզ օգնի, այլ անել այն, ինչը ուղղակի պարտավոր ես անել: Ժամանակին ես երազում էի մանկական սրճարան ունենալ, որը կլիներ ավելի եկամտաբեր։ Բայց հասկանում էի, որ պետք է ինձ համար ամենակարևոր առաքելությունը իրականացնեմ, եթե ես մտավորական եմ, պիտի մտավորականներ աճեցնեմ: Հեշտ է նստել ու քննադատել բոլորին, բայց չէ որ լավ բաներն էլ քիչ չեն մեր շուրջը: Պետք է տեսնել այդ բարի սերմերը: Ես լավատես եմ: - Ո՞ր երևույթն է, որը հակադաստիարակչական բնույթ է կրում: - Հայերեն լեզուն մեր հեռուստատեսությունում, ռաբիզ երաժշտությունը, որն ամեն րոպե ականջ է ծակում: Զայրանում եմ, երբ ասում են, թե մենք առաջին առևտրական ազգն ենք: Ի սեր Աստծո, մենք առաջին կրթված ազգն ենք, մենք Գլաձոր ունեինք, երբ ուրիշները չունեին, մենք Գեղարդում կոնսերվատորիայի տիպի երաժշտանոց ունեինք: Մեր արժեհամակարգը շատ ցածր վիճակում է: Մի շրջան կար, երբ կրթությունը հետին պլանում էր , և ահա այսօր քաղում ենք այդ չարչիության շրջանի պտուղները: Բայց միևնույն է, ես լավատես եմ: - Կա՞ մի բան, որ չասել չեք կարող: - Այո, շատ բաներ կան , որոնց համար նույնիսկ իմ ընտանիքը ինձ նախատում է: Ես կարող եմ զանգել հեռուստատեսություն և հանդիմանել որևէ ցածր մակարդակի հաղորդման համար, կարող եմ փողոցում որևէ մեկին կանգնեցնել և խրատել: Զայրանում եմ, երբ խախտվում են մարդկային բարոյական նորմերը: Հատկապես, երբ մտավորականին փորձում են արհամարհանքով խեղդել, ես չեմ կարող լռել: - Ձեր խոսքը` ուղղված մտավորականներին: - Թող մտավորականը փորձի ճանապարհ գտնել իր գաղափարները իրականացնելու, նույնիսկ եթե կյանքը բարդ է: Հայաստանը և մտավորականությունը պիտի հոմանիշներ դառնան: Երբ դպրոցը բացում էի, գրպանումս 10 դրամ էր, բայց կար գաղափար և այն արժանապատիվ էր: - Ձեր խրատը երիտասարդին և հայ ծնողին: - Առաջնային խնդիրը պիտի համարվի կրթությունը` թե ինտելեկտուալ , թե հոգևոր, իսկ այն ամենը, ինչը արագ փող ստեղծելու համար է, պիտի լինի երկրորդական: Երբ կիրթ է հասարակությունը, կծաղկի երկիրը: Ամբողջ աշխարհում լավ կրթությունը թանկ է գնահատվում, և ես հորդորում եմ ծնողներին մտածել այդ ուղղությամբ ամենայն ողջախոհությամբ: Իսկ դպրոցը կոչված է ոչ միայն լավ կրթություն տալու, այլ նաև մտավորական մարդ կերտելու: Երբեմն հուսահատվում եմ, երբ մտավորական մարդու կերպարը այդպես աղավաղված ու արհամարված են ներկայացնում մեր մշակույթի որոշ գործիչներ, ավելին` այսպես ասած «լավ տղերքը» այսօրվա հերոս են ներկայացվում: Սա սոսկալի է: Այստեղ համատեղ ջանքեր են պետք բարձրացնելու ռեժիսորների, սցենարիստների գեղարվեստական ճաշակը: Սա գլոբալ խնդիր է, բայց այսօր իրականում մեր մտավորականությունը ուղղակի պաշտպանության, փրկվելու կարիք ունի: - Ի՞նչ եք երազում մեր ժողովրդի համար: - Ուզում եմ ունենանք զարգացած տնտեսություն, այնպիսի պետություն, որը ոչ թե խոսքով, այլ գործով համընկնի եվրոպական չափանիշներին: Այն ինչ ծրագրում է մեր կառավարությունը, ուզում եմ իրականություն դառնա, որ մեր արվեստի մարդիկ, ողջ կրթական համակարգը լինի պետական, թե մասնավոր, ունենա պետական հոգածություն: Իսկ հոգևորը մեր ազգի արյան մեջ է, այն երբեք չի սպառվի: Երազում եմ բոլորի դեմքին ժպիտ տեսնել: - Ի՞նչ եք երազում Ձեզ համար, դպրոցի համար: - Երազում եմ ավարտին հասցնել ռուսերեն լեզվի իմ ունիվերսալ գիրքը: Երազում եմ հրատարակել մեր ուսուցիչների ստեղծած ուրախ մաթեմատիկան, հետաքրքրաշարժ հայերենի այբենարանը, որտեղ տառերի մասին հեքիաթներ են: Դպրոցի համար այնպիսի շենք եմ երազում, որտեղ կաբինետային համակարգ լինի, կամերային երաժշտության դահլիճ, թատերական դահլիճ, ունենալ կանաչ դասարան և մայրերի լսարան: Այս տարվանից ծրագրում եմ իրականացնել հոգևոր կրթության կաբինետի ստեղծումը, որտեղ երեխանեը մեր եկեղեցիների մակետները կպատրաստեն, կուսումնասիրեն հայ եկեղեցու պատմությունը և Սուրբ Գիրքը: Այս նախագիծը ուզում եմ ներկայացնել Վեհափառին: Ես անուղղելի երազող եմ. զերոյից եմ սկսել, իսկ այսօր շատ բաներ արդեն իրականություն են դարձել: Կարինե Ջանջուղազյան
«Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ է առաջ վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում», -ասում է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, հավատալով, որ մեր հերոսը դեռ պետք է գա :
— Ո՞րտեղ են հայ մտավորականության ակունքները: Ո՞վ իսկապես կարող է համարվել մտավորական մարդ:
— Միտքը մարդու մեջ դրված մի հզոր դատավոր է, որը ստիպում է մարդուն քննելով ընտրել չարն ու բարին: Մտավորականը անպայման բարին ընտրողն է, որովհետև իր միտքը ուղղում է էնպիսի երևույթների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը և ինքն էլ դառնում է այդ ժողովրդի, այդ ազգի խիղճը: Դարեր շարունակ մեր մտավորականը եղել է քահանան, վարդապետը: Խրիմյան հայրիկը իր ժամանակի խղճի արտահայտողն էր նաև Ներսես Աշտարակեցին, Նարեկացին: Այսօր մենք ունենք աշխարհիկ մտավորականներ, որոնք , ցավոք, իրենց կերպարը ուղղել են ոչ թէ հոգևորի ծաղկմանը, մտքի ու հոգու աշխատանքին, այլ իրենց ես -ին, անհատի մատուցմանը: Արդյո՞ք դա պետք է մեր ազգին, սա է խնդիրը: Ու դրա համար մեր սերունդները մեզ կօրհնե՞ն , թե՞ կանիծեն: Օրինակ` ին՞չ արեց Խորհրդային միությունը մեր մտավորականության հետ` փչացրեց: Որովհետև, երբ դու չէիր գովերգում Լենին կամ ՍՄԿԿ , չէիր կարող որևէ արտոնություն ունենալ: Իսկ ով փորձում էր ողնաշարը ուղղել, նրան արտաքսում էին: Ցավոք, այդ մտածումը և այդպիսի մտավորականներ դեռ ունենք: Այսինքն` կերպը չի փոխվել: Այսօրվա մտավորականը չի բռնում ազգի զարկերակը, նստել ու սպասում է, որ ժողովուրդը բարեհաճի մոտենալ իրեն: Այսպիսին է իմ տպավորությունը: Թեև կարծում եմ, որ բոլորը չէ, որ էդպես են մտածում: Հավատում եմ, որ կան անհատներ, որոնք հավանական է` ճառագում են, բայց այսօր չենք տեսնում, և կան հոգիներ, որ դեռ խմորվում են ու վաղը պիտի գան::
— Կարո՞ղ է մարդը լինի հոգևոր և չլինի մտավորական:
-Եթե բացենք Ագաթանգեղոսի ՙՊատմություն Հայոց՚-ը, այնտեղ մի հրաշալի պատմություն կա. Գրիգոր Լուսավորիչը առաջին կրոնավորներին ձեռնադրում է հենց քրմերի զավակներից: Նա ընտրում էր կիրթ մարդուն, որովհետև հենց կիրթ մարդը պիտի լիներ մտավորական մարդը, առաջնորդը:
-Գուցե դա աստվածատուր կոչու՞մ է: Մտավորականը տարիքային սահմանափակում ունի՞:
-Եթե սահմանափակում լիներ, Ներսես Շնորհալուց երբեք Շնորհալի չէր ծնվի, որովհետև նա մանուկ հասակից արդեն ճառագում էր և բոլորը հրճվալից տեսնում էին, թե ինչպես է աճում: Շատ երիտասարդ տարիքում նա կաթողիկոս դարձավ: Դա յուրահատուկ պարգև է, որովհետև մտավոր մարդը խորհելու, ընտրելու, կռվելու առիթ ունի իր ներսում, ցավ ունի, որն ուղղում է դեպի այն հավիտենական արժեքները, որին ինքը ձգտում է հասնել, և դա անպայման ունի իր Գողգոթան, իր Փշեպսակը, իր Գեղարդը: Նա պիտի անցնի այդ ճանապարհով:
— Իսկ այժմյան պատկերն ինչպիսի՞ն է
— Մենք ունենք հրաշալի ձայներ, հայ երգիչ, երգչուհիներ, որոնք արտասահմանում են: Մեր երաժշտանոցն ավարտած մարդիկ գնում և աստղեր են դառնում Եվրոպայում: Ունենք գույնի հրաշալի զգացողություն ունեցող նկարիչներ, որոնք գնում, փայլուն դեմքեր են դառնում դրսում, ունենք սպորտսմեններ, որոնք օտար դրոշների տակ են հաղթանակներ ունենում, իսկ Հայաստանում տեղ չունեն:
— Ինչու՞ է այդպես
— Ինչուն քաղաքական է, սոցիալական է, գու՞ցե Խորհրդային շրջանի, պարսկական 400 տարվա լծի, Օսմանայան կայսրության տիրապետության հետևանքն է: Չգիտեմ ինչի՞ հետևանքն է, բայց մենք չենք կարողանում այդ բեռը շպրտել մեր ուսերից, ազատ ապրել, շնչել, պարզ շփվել մեկս մյուսի հետ:
— Ին՞չը կարող է մեր մտավորականներին միավորել
— Միայն հավատքը. մի կոնցեպցիա, որը հազարամյակների ընթացքում մշակել են մեր հոգևոր հայրերը: Ուղղակի վերադառնալ ակունքներին, ինչպես ձուկը, որ ծնվում է, գնում է դեպի օվկիանոս, հետո երբ պետք է ձվադրի, գալիս , վերադառնում է նույն տեղը: Ես հրավիրում եմ մտավորականներին.ՙ Եկեք Ձեր փարախը՚:
— Իսկ ին՞չն է տարանջատում
— Եսականությունը, հպարտությունը, նախանձը, ագահությունը, այսինքն` յոթ մահացու մեղքերը:
— Այսօր հասարակական ին՞չ պահանջ է դրված մտավորականի առջև:
— Ես պիտի խնդրեմ, որ մտավորականը գոնե չծախվի։ Հայերիս համար մեծ ինստիտուտ է ընտանիքը, որն առաջին սնման աղբյուրն է` կրթության առումով: Ճիշտ է, մեր տատիկ-պապիկները սովետական տատիկներ պապիկներ են, որոնք շատ լավ հատկություններ կորցրել են, բայց իրենք ավանդաբար բերում են բարոյական որոշ կատեգորիաներ, որոնք համընկնում են արդեն իրենց տատիկ-պապիկների ավանդական մտածողությանը: Հավանական է, որ սրանից հետո դժվար պիտի լինի, եթե մենք չվերադառնանք այն արժեքներին, որի պահանջն այսօր կա: Մի զուգահեռ անցկացնենք Ռումինիայի կամ Ռուսաստանի հետ, որտեղ մարդիկ վերադարձան իրենց հավատքին, խմբվեցին իրենց տաճարի շուրջը, զորացավ եկեղեցին և երկիրը գնալով սկսեց ծաղկել: Մենք պիտի մտածենք այդ մասին, որպեսզի Աստծո քաղցր սիրտը մեր հանդեպ փափկանա, դառնա աղբյուր, որ մենք սկսենք սնվել: Մենք ինքներս պիտի քայլ անենք դեպի Աստծված: ՙԹակեք դուռը և կբացվի՚: Այդ թակողների կարիքը մենք շատ ունենք:
— Ինչպե՞ս կվերաբերվեր Մաշտոցը այսօրվա կրթական համակարգին
— Մաշտոցի գերխնդիրն այն էր, որ Սուրբ Գիրքը դառնար հայերեն և լիներ մատչելի իր ժողովրդին: Արդյո՞ք այսօր մեր կրթական համակարգում Սուրբ Գիրքը դասավանդվում է: Ոչ: Լավ կլինի արժեհամակարգը վերանայվի:
— Տեր Շահե, ովքե՞ր են ստեղծել մեր ավանդույթները, արդյո՞ք դրանք համահունչ են մեր ժամանակին և որքանո՞վ են այսօր արժեքավոր
— Պատասխանը գտնվում է Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթում.ՙԱմուր պահեք այն ավանդությունները, որ սովորեցիք մեզանից, թե’ խոսքով, թե’ թղթով՚: Երկու տեսակի ավանդույթ է եղել` բանավոր և գրավոր: Գրավորը ամբողջ մարդկությունը ունի, դա Սուրբ Գիրքն է, իսկ բանավոր ավանդույթը` եկեղեցին : Աստվածաշունչը առանց եկեղեցու կիսատ է, եկեղեցին առանց Աստվածաշնչի եկեղեցի չէ: Երկնքի ու երկրի միջև կապը տեղի է ունենում, երբ այդ երկու ավանդույթները միանում են: Փառք Աստծո, մենք գոնե այն ազգն ենք, որ 30000 ձեռագիր է արտաշնչել: Ոչ մի ազգ միջնադարում այդքան ձեռագիր չի արտաշնչել` ոչ լատինը, ոչ հույնը, ոչ ասորին և ոչ էլ որևե մեկը: Էլ չեմ ասում, թե Մոնղոլական արշավանքների ժամանակ ինչքան գերևարության տարվեց, կոմունիստական շրջանում մեր վանքերի ինչքան ձեռագրեր այրվեցին: Փառք Աստծո, որ այսքան էլ մնացել ենք:
— Իսկ չե՞ք կարծում, որ մեր ժամանակաշրջանը նոր ավանդույթների կարիք ունի
— Որպեսզի նորը գա, կարիք կա, որ նախ հինը լավ ներշնչենք: Ավանդույթը ներսում մերը չի դառնա , եթե մենք նախ արտաքին պատկերների, նշանների խորհրդաբանությունը չհասկանանք: Օրինակ` խաչի պատկերը, որ կրում են կրոնավորները, իր բովանդակությամբ քրիստոնյայի պարծանքն է, իր խորհրդաբանությամբ կենաց ծառի խաչանման պատկերն է դրախտում, սակայն այն կրում են նաև կիսամերկ երգչուհիները: Նախ գիտակցական ընկալումը պիտի լինի, որ հետո այն ծլարձակի մեր սրտում ու պտղաբեր լինի: Մեր մտավորականները պիտի Նարեկացու,Օձնեցու, Մաշտոցի շարականները մեզ հետ ժամերգությամբ արտաշնչեն: Ինչպես Մարկեսը հին ավանդույթները կուտակեց-կուտակեց ու արտաշնչեց իր ՙՀարյուր տարվա մենությունը՚: Մենք այսօր գործ ունենք անելու:
— Տեր Շահե, մենք իրոք հրաշալի ժառանգություն ունենք, բայց կարծում եմ մատուցման խնդիր ունենք, ինչպես հարկն է չենք մատուցում մեր ժողովրդին: Համաձայն չե՞ք ինձ հետ
— Մենք արժեհամակարգի խնդիր ունենք: Ժամանակը շատ առաջ է վազել, բայց մենք նոր-նոր ողնաշար ենք շտկում: Փառք Աստծո, հիմա հրաշալի հոգևոր գրականություն է տպվում: Թեև արդեն ընթերցողը քիչ է, այնուամենայնիվ մեր կաթողիկոսը չի նայում ընթերցող կա՞, թե՞ չկա, տպագրվում է և մատուցվում: Մեր ժողովրդին ոչ թե սերիալներ, այլ հոգևոր զրույց է պետք: Պետք է մեր հերոսը արթնանա: Բայց հերոսի համար միջավայր է պետք ստեղծել, որ մանուկ հասակից սնվի այդ արժեքներով, և վերջում գա արդյունքը:
— Եկեղեցու ծեսերն ու ավանդույթները ի զորու՞ են փոխելու մեր ժողովրդի արժեհամակարգը
— Նայենք մի քանի կայսրությունների ծեսերին: Նույնիսկ ֆաշիզմը ուներ իր ծիսական կարգը, Խորհրդային միությունը ուներ իր ծիսակարգը, որն ազդում էր հասարակության վրա: Ծեսն անհրաժեշտ է հասարակությանը: Բայց կա Աստվածային երկխոսության տեսակ, որը կոչվում է արարողություն կամ ծիսակատարություն եկեղեցում: Այդ խորհուրդը ինքը` Քրիստոսն է: Մկրտության պահին մարդը զգեստավորվում է ի Քրիստոս և ճաշակում նրա մարմինն ու արյունը: Թեև պահի գիտակցումը շատ խորն է և անբացատրելի, բայց մարդու ներքինը փոխվում է: Այն ծեսերի մեջ, որտեղ չկա փրկության խնդիր, ժամանակավրեպ են, սակայն կան հավիտենական արժեքներ, որոնք կմնան կայուն, մինջև Տիրոջ գալուստը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում օտար դավանանքներին
— Մենք երբեք թույլ չենք տվել ձեռնոց նետել որևէ այլ ազգի կամ կրոնի, ընդհակառակը, մենք ընդամենը պաշտպանվել ենք, ինչպես Ավետարանն է ասում. ՙՀավը իր ձագերին հավաքում է թևերի տակ….՚ այդպես էլ մեր եկեղեցին հավաքել, պահպանել է, որ գոնե մեր լեզուն, մեր մշակույթը, մեր հավատը չկորչի: — Այսօր կարելի՞ է մեր ժողովրդին է քրիստոնյա անվանել
— Գիտես, եթե նույնիսկ չմկրտված հայ մարդուն ասես.ՙ դու քրիստոնյա չես՚, կարող է կռիվ անել: Բայց ինքը իրականում հեթանոս է: Սա մտածելու լուրջ առիթ է, որովհետև այն մարդը, որը լրջորեն Քրիստոսին իր սրտի մեջ չի ընդունել, չի ապրում այդ արժեքներով, նույնիսկ ՙ Հայր մեր՚-ը չգիտի, ինչպե՞ս կարող է քրիստոնյա համարվել: Շատերն են այսօր Աստվածաշունչը թևերի տակ գալիս, իբր Քրիստոս են բերում մեր ազգին, բայց իրականում գալիս են իրենց թագավորությունը հիմնելու, տոտալիտար ձևերով խեղելու մեր ժողովրդին: Ես ցավում եմ այս երևույթների համար:
— Կա՞ մի բան, որ դուք չասել չեք կարող
— Ես շատ եմ սիրում իմ պետականությունը, իմ եկեղեցին և բացերի մասին չեմ կարող լռել: Եթե իմ երեխային սիրում եմ, նրա բացերի վրա չեմ կարող աչք փակել, պիտի դաստիարակեմ : Չեմ կարող չասել, որ կարիք ունենք կրթվելու, հոգևոր խորհուրդները ուսումնասիրելու, չինովնիկների տեսակը փոխելու, կաշառակերությունը վերացնելու և, վերջապես, սերը հաստատելու մեր մեջ:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականին
— Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Միշտ քաղցն ու ծարավն ունենաք ավելի մեծ արժեքների: Այսօր շատ կան ալյա-ֆրանկա մտածող գրողներ, որոնք փորձում են իրենց պոեզիան նմանեցնել հաջողակ ֆրանսիացի գրողներին: Ես չեմ հասկանում այդ արվեստը: Կուզեյի, որ մեր մտավորականները իրենց խարիսխները դնեին հենց ազգային հիմքի վրա, իրենց խոյակները զարդարեին մեր մանրանկարների խորանների նման և իրենց գույները որդան կարմիր դառնար:
— Ձեր խոսքը այսօրվա մտածող երիտասարդին
— Ընթերցիր, ով երիտասարդ: Դա արժեք է, որովհետև այն ինչ կատարվում է դպրոցում կամ համալսարաններում ողբերգություն է: Մարդիկ չեն ընթերցում: Աստծո խոսքը իր մարգարեների, ավետարանիչների միջոցով, գրավոր ձևով Աստված ավանդել է մեզ: Այն մի հրաշալի միջոց է, որ մարդը ճանաչի ինքն իրեն, ճանաչի Աստծուն, տիեզերքը: Եթե երիտասարդը ընթեցող է, ես իր կողքին եմ, իր համար աղոթող եմ, Աստծո օրհնությունը պիտի գա իր վրա և պտղաբեր դարձնի: Անգրագիտությունը թշնամի է հասարակությանը: Հիսուսը եկավ` վերականգնելու մարդուն, խոսեց Աստծո խոսքը, որն այժմ ամփոփված է Սուրբ Գրքում:
— Ին՞չ եք երազում մեր ժողովրդի համար:
— Վերադարձել եմ Կիլիկյան Հայաստանից, եղա ողջ Մեծ Հայքում, Կապադովկիայում, Անտիոքում: Այն արժեքները, որ մենք թողել ենք, միայն հողային տարածքներ չեն, դա նաև սուրբ վայրեր են, 3 հազար վանքեր, որոնք լքյալ են: Էլ չեմ ասում ինչքան խաչքարեր, եկեղեցիներ, ձեռագրեր են կորսվել, գնացել Վենետիկ, Ֆրանսիա, Լոնդոնի ազգային գրադարաններ, Երուսաղեմ և այլն: Հորդորում եմ մեր երիտաարդին, որ նա ամպայման անրադառնա այդ արժեքներին, բայց դա միայն ընթերցելու շնորհիվ է լինում: Ընթեցանությունը արթնացնում է մարդու ներքին զգայարանները և կապում ավելի մնայուն արժեքների հետ, եթե այն վերաբերվում է նաև հոգևոր գրականությանը:
-Դուք անձնական երազանքներ ունե՞ք
— Ես իմ կյանքը հանձնել եմ Աստծուն: Պետք է գործել, արարել, Աստծո խոսքը մատուցել, ժամերգություններին զանգակները քաշել, աղոթել հիվանդների համար: Ամենառեալը դա է: Միթե՞ Հիսուսը երազանք ուներ: Աստված մարմնացել էր և ճշմարտություններ էր հաղորդում: Եթե մենք գոնե մի փոքր դառնանք Հիսուսի լեզուն, խոսքը փոխանցողը, կիմանանք, որ մեր երազանքները կատարվել են: Մեզ համար գերխնդիրը թող Քրիստոսը մնա:
— Հավատու՞մ եք մեր ժողովրդի ապագային
— Ապագան մեր ձեռքում է: Այն ժառանգությունը, որ մեզ փոխանցել են մեր հայրերը, ապագայում շատ է փայլատակելու: Մենք դեռ շատ պիտի հպարտանանք մեր հայրերով, բայց նաև հին արժեքների հիման վրա նոր արժեքներ է պետք ստեղծել: Հարկավոր է գոնե հավասարվել մեր պապերի արժեքներին, որ կարողանանք արտաշնչել նորը:
Կարինե Ջանջուղազյան
Լիպեցկի արվեստի դպրոցի տնօրեն, արվեստաբան Արմինե Խաչատրյանը համոզված է, որ բացահայտել է լեգենդար նկարչի գաղտնիքը:
Արմինե Խաչատրյանի կարծիքով, հանճարեղ նկարչի և ստեղծագործողի նկարները յուրօրինակ օրագրեր են հանդիսանում: Նա համոզված է, որ առաջինն է և, առայժմ, միակն աշխարհում, ում հաջողվել է տեսնել և վերծանել դրանք: Ստացվում է, որ դա նրա ասում է, որ դա իրեն հաջողվել է հատուկ եղանակի շնորհիվ, որը նա դեռ գաղտնի է պահում, սակայն պատրաստ է բացահայտել ցանկացած պահի: «Ես համաշխարհային նշանակության բացահայտում եմ արել, և պատրաստ եմ դա ապացուցել»,- ասում է Արմինեն։: Բացի նա վստահեցնում է, որ Լեոնարդոն գիտեր Հայոց լեզվի ուղղագրությունը:
Փոքրիկ Լեոնարդոն
Լեոնարդո դա Վինչին, ինչպես հայտնի է, միշտ փորձարկումներ էր անում և ուզում էր ստանալ ամեն ինչ ու միանգամից: Ըստ Արմինեյի, նա այն մարդկանցից էր, որոնք ամեն օր քնելուց առաջ իրենց հարց են տալիս. «Եթե հանկարծ առավոտը չբացվի, ի՞նչ չեմ հասցրել անել ես այս կյանքում»: Լեոնարդոն սարսափի աստիճան վախենում էր մահից և շատ էր սիրում կյանքը, գուցե դա էր, որ նրան դրդեց արարելու այն, ինչի համար նրա մասին խոսում են մինչ այժմ և կհիշեն դեռ շատ երկար: Նա գնահատում էր ժամանակը: Որպիսի չմոռանար այն ամենը ինչ գալիս էր մտքին, գրում էր դրանք ձեռքի տակ ընկածի վրա: Լեոնարդոն հենց այնպես ոչինչ չէր նկարում: Եթե նրան դիմանկար էին պատվիրում, նա իր առջև խնդիր էր դնում` գտնել մարդու իրական կերպարը: «Գտնել ամաչկոտ կնոջ կերպար այնքան կարևոր էր նրա համար, որ նա սկսել էր գայթակղել Ջակոնդային` ամուսնացած կնոջը: Աշխարհով մեկ հայտնի այդ ժպիտի գաղտնիքը մենք կկարողանանք կարդալ աշխատելու ժամանակ` նկարի վրա գրված նրա և բնորդուհու խոսակցությունների վերծանումից: Դրանից հայտնի է դառնում, որ Ջակոնդան եղել է Լեոնարդոյի սիրած կինը և հնարավոր է, որ նրանից երեխա է ունեցել:
Ի դեպ Լեոնարդոն հանճար էր, նաև նրանով որ մինչև կյանքի վերջին օրերը պահպանեց իր երեխայական բնավորությունը: Անգամ ծեր հասակում էլ նրան հատուկ էին հետաքրքրասիրությունն ու երեխայական չարաճճիությունը, նաև զարմանալու և զարմացնելու կարողությունը: Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Լեոնարդոն մարդկանց ուզում էր ասել հետևյալը. Ոչ մի նոր բան մենք այս կյանքում չենք հորինի, հանճարեղ մտքերը մեզ մոտ գալիս են փոքր հասակում, իսկ ավելի հասուն տարիքում, օգտագործելով կուտակված գիտելիքներն ու փորձը, մենք աշխատում ենք ի կատար ածել դրանք: Եվ ահա, երբ Լեոնարդոն մեծացել էր և տիրապետում էր տարբեր գիտությունների, հորինեց «խաղեր բանականության հետ» այն մարդկանց համար, ովքեր սիրելով իր արվեստը կցանկանան բացահայտել իր հանճարի էությունը»,- պատմում է արվեստաբանը:
ՆԿԱՐԻՉԸ ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻՆ
Արմինեն իր ուսումնասիրությունների ընթացքում համոզվել է, որ Լեոն շատ է տառապել շանտաժների ենթարկվելու պատճառով. «Ես 100 տոկոսանոց ապացույցներ ունեմ, որ շատ հայտնի նկարիչների գործեր իրականում Լեոյի վրձնին են պատկանում: Ես դա կարող եմ ապացուցել ցանկացած գիտական խորհրդում: Օրինակ` Էրմիտաժում 2 գործեր` Ռեմբուսեր Վան Ռեյնի (Անառակ որդու վերադարձը և Դանոսյանները) նաև բոլոր Ռաֆայելի նկարները, նրա ստեղծագործություններն են ….. կրկնօրինակը ստորագրել է ոչ թե Միքելանջելոն, այլ Լեոն:
Բարեբախտաբար ես բացահայտեցի Լեոնարդո Դա Վինչիի և Միքելանջելոյի թշնամանքի գաղտնիքը: Բանը նրանում է, որ Միքելանջելոն ականատես է եղել մի իրադարձության, որի համար այն ժամանակաշրջանում Լեոյին կարող էին այրել խարույկի վրա: Եվ Միքելանջելոն իր լռության համար սկսել է Լեոյից պահանջել, որ նա այլևս իր անունով եկեղեցուց պատվերներ չընդուներ, այլ աշխատեր Միքելանջելոյի անունից:
Հեղինակավոր գեղարվեստական հանրագիտարանում անգամ նշված է, որ Միքելանջելոյի «Տոնդո Դոննա» — ի կոմպոզիցիան կառուցված է նույնպիսի սկզբունքով, ինչ Դա Վինչիի «Սուրբ Աննան Մարիայի և փոքրիկ Քրիստոսի» հետ նկարում: Միթե± սա երկու տարբեր նկարիչների մտքերի պատահական համընկում էր: Լեոն ատում էր Միքելանջելոյին և համարում էր նրան սատանայի մարմնավորում, անգամ Ռաֆայել Սանտիի «Կերպարանափոխություն» նկարում նրան պատկերել էր պոզավոր անաստվածի դերում: Ըստ պաշտոնական տեղեկատվության Ռաֆայելը չի կարողացել վերջացնել այդ նկարը և այն ավարտին են հասցրել իր աշակերտները: Բայց ես կարող եմ բազում հավաստիքներ ներկայացնել, որ այն նկարել է Լեոնարդո Դա Վինչին։ Օրինակ` ներքևի հատվածի մեջտեղի մասում Լեոն Միքելանջելոյին նկարել է սատանայի կերպարում, որպեսզի բավարարի իր քմահաճույքները, հաճույք ստանա և ազատվի սթրեսից»:
1915թ-ին երբ մահացավ Լեոն, Ռաֆայելի աշխատանքային գործունեությունը ևս կտրուկ դադարեց: ի դեպ նա շատ անհանգստացած էր, թե շուտով բոլորը կիմանան, որ ինքը` Ռաֆայելը չի հանճարեղ կտավների հեղինակը։ Հնարավոր է, որ հենց այդ մտորումներն էլ մեկ տարի անց նրա մահվան պատճառ դարձան: Նկարի ստորին մասը արդեն ավարտին հասցրեցին նրա աշակերտները, որոնք չէին կարող պատվիրատուին ներկայացնել նկարի նախնական օրինակը, ուստի փակեցին Միքելանջելոյի պոզերը:
ԳԱՂՏՆԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Լեոնարդոն կախվածության մեջ լինելով Միքելանջելոյից հասկանում էր, որ նա իրեն հանգիստ չի թողնելու: Նա ստեղծեց նկարիչների գաղտնի ընկերակցություն։ Ընդ որում Լեոն հույս ուներ, որ մեկ օր գաղտնիքը կբացահայտվի իր «Մտքի խաղերի» միջոցով և կպարզվի, որ Լեոն է Ռաֆայելին հանճարեղ դարձրել և այդ թվում օգնել շատ ուրիշ գեղանկարիչների:
Գաղտնի ընկերակցության շարքերում էին, Ռաֆայել Սանտի, Լիպպի Ֆիլիպպոն, Սանդրո Բոպշեշլին, Բրամանտեն, Բարտոլամեո Սուարդին և շատ ուրիշ շնորհալի վրձնի վարպետներ: Այս ցուցակը շարունակվում էր լրացվել, քանի որ ընկերակցությունը գործում էր անգամ Լեոնարդո դա Վինչիի մահից հետո»,- պատմում է Արմինեն։
ՀԵՂԻՆԱԿԻ ԿԵՐՊԱՐԸ
«Այնուամենայնիվ Լեոնարդոն մնաց կոմպոզիցիայի անգերազանցելի վարպետ. Իր յուրաքանչյուր նկարում նա պատկերում էր առնվազն 2 թեմա, որոնք դժվար չէ նկատել: Լեոնարդոն նաև շատ էր սիրում հեքիաթներ և ինքը դարձավ հեքիաթ ու հանելուկ: Նա հրաշագործ էր, ով իր ոչ մի նկար չի ստեղծել առանց հեքիաթային կերպարների:Բայց նրանց տեսնել դժվար է: Կտավներին պետք է նայել այնպես, ինչպես նայում էր նրանց նկարիչը: Ես դա կարողացա….ասում է Արմինեն,- Բայց որպեսզի ինձ հաջողվի մինչև վերջ բացահայտել Լեոնարդոյի գաղտնիքը ,ինձ հարկավոր է այցելել աշխարհի բոլոր թանգարանները, տեսնել նրա բոլոր նկարների բնօրինակները: Չնայած իմ ամբողջ կյանքը չի բավականացնի, որպեսզի ես լիովին ուսումնասիրեմ հանճարեղ հրաշագործին ու նրա «Մտքի խաղերը»։
ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ ԴԱ ՎԻՆՉԻ
Եթե մարդու գործը շարունակում է ապրել, եթե նրան հիշում են և գնահատում հետնորդները, նա երբեք չի մահանա: Դա Վինչին ,եթե ոչինչ էլ ստեղծած չլիներ միայն նրա «Մոնա Լիզան» բավական էր նրան հավերժական փառք բերելու համար։ «Վերջերս նրա նկարներից մեկում ես գտա հայկական խաչքար` «թռչնի տուն»: Լեոնարդոն նկարել էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենար իր շիրմաքարը: Դրա վրա հենց ինքն էր, իր հեքիաթային հերոսների հետ: Այդպես կարող էր պատկերել միայն իսկական հայ քարագործների տոհմից սերված արվեստագետը, ով որոշ ժամանակ գտնվել և ապրել է Արևմտյան Հայաստանում: Նկարչի գործերի մեջ շերտերի խորության տակ հայկական տառեր կան, որոնք վերծանման կարիք ունեն։ Լեոնարդոն ծանոթ է եղել հայկական մշակույթին: Նա տիրապետել է գոբելենի հնարքներին, հայկական գորգերի յուրահատկություններին, զբաղվել է մանրանկարչությամբ ու մեծահմուտ մանրանկարիչ էր, նաև պատրաստել է փոքրիկ արձանիկներ ուլունքներից» -ասում է Արմինե Խաչատրյանը:
Քանդակագործ Արա Ալեքյանի հետ իմ զրույցը ծավալվեց արդեն ավանդական դարձած հարցերի շուրջ.
-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը
-Առաջին հերթին պարզ ու մաքուր մարդ պիտի լինի: Իսկ էդ պարզությունը մտավորականի մոտ ստեղծվում է իր աշխատանքի շնորհիվ, իր կյանքի, իր ապրած տարիների շնորհիվ: Մարդ, որ գնում է դեպի մտավորը և ձգտում է դեպի լույսը:
— Մենք ունե՞նք մտավորականություն:
-Ունենք, ուղղակի մեր մտավորականությունը մի բռունցք չի դարձել: Այսօր ցրված է, տարանջատված: Մտավորականը չի կարողանում գործող ուժ լինել, որովհետև պետությունը չի հովանավորում մտավորականներին: Ավելին` մտավորականությանը անկյուն են կանգնեցրել և ստիպում են սպասել ու լռել: Մտավորական մարդիկ իրենց տանը ոսկիներ չունեն, որ դրանով ստեղծեն իրենց մշակույթը, նստում և սպասում են` պետությունը օգնի, որ իրենց գաղափարները, եղածը շաղ տան ժողովրդի մեջ, լուսավորեն: Ով մեծ հզորություն կամ ուժ ունի, կռվում է մենակ, ինչպես Փարաջանովը, Վիսոցկին, որ գնում էին հոսանքին հակառակ: Բայց ինչքա՞ն կարելի է կռվել:
-Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
-Թվում է միություններ են ստեղծվել, բայց ես դրանց չեմ հավատում: Միավորվելը, ըստ իս, ժամանակի հետ է կապված: Հիմա վատ ժամանակներ են: Ամեն ինչ ունի իր ժամանակը, և երբ կգա ճիշտ ժամանակը` մտավորականները դուրս կգան ու կմիավորվեն: Մտավորականությունը քնած չի: Երբ ծայրահեղ վիճակներ են լինում երկրի համար մտավորականները միավորվում են, արթնանում են: Ցավոք, հիմա պասիվ վիճակում են, քաշվել են մի կողմ և դիտում են, թե ինչպե՞ս են մեր երկիրը քանդում: Ոմանք էլ գրում, հայհոյում են, բայց մնում են անպատասխան: Անուժ են, որովհետև միասնական չեն, իսկ մեր միասնությունը կոտրեցին այն ժամանակ, երբ միասին գոռում էինք Միացու’մ: Այն ժամանակ մտավորականը կար, նրա կողքին ժողովուրդն էր կանգնած:
-Ին՞չը կոտրեց միասնականությունը:
-Մեր միջից դուրս եկավ չակերտավոր մտավորականների մի խումբ, ստեղծեց միապետություն և սկսեց թալանել երկիրը: Էն մտավորականները, որոնք մաքուր ու ազնիվ էին, էդ պահին հետ կանգնեցին, որովհետև թալանել չէին կարող: Բայց շատ — շատերը այդ շարժման հետ դարձան լիդերներ, ու այնպիսի բաներ արեցին, որ ալան — թալանը դարձավ սովորական բան: Ու այդ մարդիկ այսօր ուզում են նախկին ղեկավարությանը հետ բերել: Ոչինչ չի փոխվում, որովհետև չկա պատժելիություն:
-Ին՞չն է տարանջատում մտավորականությանը
-Ես դա կապում եմ քաղաքականության հետ: Այսօր երևի շատ մարդիկ հատուկ նստած աշխատում են դրա վրա, որ հենց մտավորականները չհամախմբվեն, ուժ չդառնան, որովհետև լավ գիտեն, թէ մտավորականությունը ինչ կարող է անել: Ոմանց կաշառում են, ոմանց ներառում են իրենց շարքերը, իրենց կուսակցությունների մեջ, միայն թե` լռեն: Եթե մտավորականները համախմբվեին, կլինեին զորեղ ուժ:
-Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:
-Ինչքան էլ ուզենան խանգարել, չեն կարող: Թեև մեր սերունդը կոտրված է, ես հավատում եմ, որ ներկա սերունդը, որը նոր միս ու արյունով է, մեծ ներուժով, դուրս է գալու, պայքարելու է: Երբ դուրս գա, մենք էլ կմիանանք: Ժամանակ է պետք:
-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական մարդու առջև:
-Մեր հասարակությունը հիմա քնած վիճակում է: Սովորական քաղաքացու, մեծ մասսաների սոցիալական վիճակը այնքան վատ է, որ ժամանակ չունի մտածելու ոնց անի, որ երկիրը փոխվի: Չի կարողանում, որովհետև ամեն մեկը յուրովի իրեն մենակ է զգում: Չկա միասնության գաղափարը: Դա է պատճառը, որ մտավորականությունը մեն- մենակ քայլում է օպերայի հրապարակում: Թերթերում գրում է` բանի տեղ չեն դնում, գոռում է` բանի տեղ չեն դնում, որովհետև հասարակությունը հուսահատված է: Ոչ միայն չի հավատում, այլև համոզված է, որ մեր ներկա ղեկավարության վրա ոչինչ չի ազդելու, և ոչ էլ նոր եկողներների վրա է ազդելու:
-Ո՞րն է մտավորականի տեղը:
-Մեր մտավորականությունը մասնատված է, տարբեր թևերի, կուսակցությունների մեջ: Մեզ պետք չեն հեղաշրջումներ, որովհետև հասկացել ենք, որ ժողովրդին դրանք օգուտ չեն, միայն նպաստում են պաշտոնափոխությանը, օգուտ են այն մարդկանց, ովքեր դրա մեջ շահ ունեն: Այսօր պարզ երևում է, թե մեր քաղաքականությունը մեզ ուր է տանում: Ժողովուրդը պետք է ուշքի գա, պիտի հասկանա, որ չի կարելի այդքան համբերել: Մեզ միշտ ասում են, որ հայերից համբերատար ժողովուրդ չկա, բայց համբերությունն էլ պիտի ոչխարի համբերություն չլինի:
-Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Շատ բաներ կան խանգարող: Երբ միացնում եմ Հ 2-ն ու լսում ռաբիսների կլկլոցը, միացնում եմ Հ1-ը և այսպես կոչված աստղերի կլկլոցները, նյարդայնանում եմ: Այդ պահերին ես ինձ դժբախտ եմ զգում, մտածում եմ, որ լսողները շատ են: Եթե այդպես է, ես մեխանիկորեն մենակ մարդ եմ դառնում, ու ինձ իմ տեղում չեմ զգում: Իմ ուզածը մեծ բան չէ` մաքուր երաժշտություն, մաքուր արվեստ, բայց դա չկա: Մարդկանց դաստիարակող ֆիլմեր չկան, ամենուրեք շոուներ են: Հոգնել ենք սերիալից: Մեղք է մեր ժողովուրդը: Ասում են, թե դա ժողովուրդն է ուզում, բայց դա այդպես չէ, որովհետև ինչ տալիս են ժողովրդին, այն էլ ուտում է: Ինձ անհանգստացնում է, որ կործանման ենք գնում: Գնում ենք ոչ թէ առաջ, այլ հետ: Նույնիսկ տեղում էլ չենք դոփում: Անգամ ռաբիսի մեջ էլ առաջ չէնք գնում, որովհետև առաջվա ռաբիսը գոնե լսվում էր, հոգով էին երգում: Այնքան ենք հետ գնացել, որ էլ տեղ չկա: Ժողովուրդը կարոտ է լավ ստեղծագործության, բայց ամեն ժամ անճաշակությունն են առաջարկում: Ես էլ եմ հոգնել սպասելուց, ժողովրդի համբերատարությունից: Սպասում եմ, որ ինչ որ բան փոխվի: Թեև պատմությունը ցույց է տալիս, որ փոխվելուց էլ ավելի վատն է գալիս: Նույնիսկ փոփոխությունից ենք վախենում: Հիասթափվում ենք:
-Մի՞թե Արա Ալեքյանը հիասթափված է:
-Ոչ, ես հիասթափված չեմ: Ես ստեղծել եմ իմ մաքուր աշխարհը և թույլ չեմ տա որևէ մեկին այն կեղտոտել: Ես կուզեյի ամեն մարդ իր մաքուր աշխարհը ստեղծեր: Ոչ թէ պարփակվելու, այլ իրար հետ շփվելու, իրար տեղ տալու նպատակով: Կուզեյի յուրաքանչյուրը հասկանար, որ ինքը էս կյանքում անտեղի չի ծնվել, այլ ինչ որ նպատակով է աշխարհ եկել: Եթե մարդը դա հասկանա, կանի իր սիրած աշխատանքը, մի մաքուր գործ կանի այս աշխարհում, նոր կհեռանա: Գոնե մի փոքր մաքուր բան անելով էս աշխարհը հրաշալի կդարձնի:
-Ին՞չ երազանքներ ունի Արա Ալեքյանը:
-Ուզում եմ ամեն մեկս յուրովի սիրենք մեր երկիրը: Հասարակ բաներ եմ երազում` տարրական կուլտուրա` թուղթ չթափենք գետնին, սիգարետ չգցենք: Դրանք պրիմիտիվ բաներ են, որոնք, չգիտես ինչու, դրսում` ուրիշի երկրում, պահպանում ենք: Պիտի գիտակցենք, որ տան , երբ դուռը բացում ենք, դուրսն էլ է մերը: Չունենք մեր հողի, տիրոջ զգացում: Պետք չէ հողը կտրտել, այն բոլորինս է, ամբողջ Հայաստանը մերն է: Կուզեյի ժողովրդի հոգեբանությունը փոխվեր: Միշտ հիշում ենք մեր հին մշակույթը, Մատենադարանը, բայց չենք մտածում, թե ին±չ ենք այսօր անում, ինչո±վ ենք ապրում: Ավելի լավ է դաստիարակենք մեր երեխաներին, ուշադրություն դարձնենք դպրոցներին, ոչ թէ «կարգին տղերքով» դաստիարակվեն: Այսպես որ շարունակ ամեն բան աղավաղվի, վախենամ թէ մեր լեզուն էլ կորցնենք: Եթե 7 տարեկան երեխան նմանակում է հեռուստատեսային «շոլուխչիներին» ձայնագրում և նույնիսկ դպրոցում կրկնօրինակում է, կարծում եք այդ երեխան 20 տարի հետո լա±վն է լինելու: Կասկածում եմ, որ մեր երեխաները, որոնք առավոտից երեկո «կարգին» ֆիլմեր, «կարգին» երաժշտություն են լսում, վաղը մյուս օրը բարձր ինտելեկտով կարգին բան կստեղծեն: Որովհետև այն ինչ լսում են, բոլորովին էլ կարգին չեն, ավելին` մեզ օտար են:
-Ո՞ր քանդակներն են Երևանում Ձեզ դուր գալիս:
— Ինձ դուր է գալիս Թամանյանի արձանը, Քոչարի գործերը, որոնք մեծ արժեքներ են մեր ազգի համար, նաև Արա Հարությունյանի գործերը:
— Իսկ ո՞րը դուր չի գալիս:
— Այնքան կան: Կարող է մեկինը ասեմ, մյուսը նեղանա: Երևանը, Գյումրին գերեզմանոցի է նմանվում, ահավոր վատ քանդակներ կան: Քանդակը պիտի բավականություն պարգևի: Քանդակը հուշարձան չէ, գերեզմանաքար չէ:
— Ու՞մ քանդակը կուզեյիք կանգնեցնել:
— Ես Փարաջանովի փոքր քանդակն եմ արել, բայց ուզում եմ մեծը քանդակել:
— Իսկ Հանրապետության հրապարակը թափուր մնաց…
— Ոչ: Բավական է ասենք մենք պատմա-մշակույթային ազգ ենք: Պետք է պատմությունը հանգիստ թողնել: Այսօր ժամանակակից տեխնիկայի դար է և պետք չէ, որ պարփակվենք, բավարարվենք միայն մեր արմատներով ու նահապետներով: Մարդիկ հոգնել են հուշահամալիրներից:
— Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
— Ավանդույթներ կան, որ պետք է պահպանել, որովհետև դրանք մեր ազգի գույնն են, բայց պետք է ներկայացնել նոր ձևերի մեջ, նոր ֆորմաներով: Հնի վրա պետք է նորը ստեղծել:
— Խոսք ուղղված մեր հայ մտավորականներին:
— Տեղեր կան, որտեղ մեր մտավորականները` ելնելով սոցիալական վիճակից, դրամ վաստակելու համար լռում են, կուլ են գնում: Խնդրում եմ, եթե գնում եք այդ քայլին, նստեք ու մտածեք, որ վերջին հաշվով դուք սովորական մահկանացու չեք, Ձեր ամեն մի քայլը հաշված է, ամեն ինչը Ձեր ճակատին գրված է, վաղը մարդիկ տեսնելու և կարդալու են: Ուզում եմ, որքան հնարավոր է մտավորականը իրեն մաքուր պահի, հանուն փողի կուլ չգնա ինտրիգների: Ցավոք, շատերը կուլ են գնում, հրաշալի դերասաններ խաղում են ցածորակ ֆիլմերում:
— Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Չեմ ընդունում անազնվությունը, անտարբերությունը: Ինձ զայրացնում է քաղաքի աղտոտությունը, ժողովրդի ցածր կուլտուրան: Ինչու± պիտի մեր հին ազգը, որն այդպիսի հզոր մշակույթ է ունեցել, այսօր զուրկ լինի տարրական կուլտուրայից: Ուրեմն ինչ որ տեղ, ինչ որ մի հատվածում ճիշտ չենք ապրել, որ հասել ենք այս օրվան: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը շուտ ուշքի գա, նայի իր գնացած ճանապարհին ու դուրս գա էդ ծուռ ճամփից: Մենք ճանապարհ ենք գնում, որը մերը չէ:
-Արա Ալեքյանի խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին:
-Մեր արյան մեջ նստած է ազնվությունը, փոթորկուն արյան բուռն խառնվածքը։ Կուզենայի, որ այդ բնական էներգիան մեր երիտասարդները օգտագործեն ի բարին, դրական լիցքեր տային, դրականը վերցնեյին: Շատ հաճախ այդ էներգիան բացասաբար են օգտագործում: Ի վերջո, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է:
Կարինե Ջանջուղազյան
Շրջանառվող վարկածի համաձայն պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հավանական թեկնածուն դիրիժոր` Մելիք Մավիսակալյանն է։
Հիշեցնենք ,որ արդեն ութ ամսից ավելի է, ինչ նվագախմբի նախկին դիրիժոր և գեղ.ղեկավար Արամ Ղարաբեկյանը հրաժարականի դիմում է գրել ու հեռացել է երկրից։ Պատճառը ղարաբեկյանական աշխատանքի արևմտյան մեթոդներից նվագախմբի մեծամասնության բողոքն էր։ Հայկական տարբերակով աշխատելու սովոր երաժիշտները, ընդիմացել են մաեստրոյի նկատողություններին` իրենց համարելով նրանից ոչ ցածր կլասի երաժիշտ։
Նվագախումբը Հայաստանի ամենբարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվներից մեկն էր, որի միայն արտերկրում տված համերգային շրջագայություններն ու հաջողություններն արդեն բավականին խոսուն են։ Այն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար Ղարաբեկյանի խստությունն արդարացնողները քիչ չեն, սակայն, լուրեր են պտտվում, որ նվագախումբը կազմալուծեցին որոշ ուժեր` բողոքի դրդելով երաժիշտներին, նրանց խոստանալով ավելի լավ պայմաններ։
Նվագախումբը աշխատավարձ է ստանում, ցույց է տալիս, որ աշխատում է, սակայն, իրենք էլ հասկանում են, որ այդպես շարունակել չի կարելի։ Թերևս ամենաճիշտ տարբերակը ` կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցելն ու երկաթը տաք-տաք ծեծելն էր, սակայն պահն արդեն բաց է թողնվել։
Հետաքրքիր է, որ Մշակույթի նախարարությունն 8 ամիս շարունակ հանգուցալուծում չի գտնում։ Նախարար Հասմիկ Պողոսյանը չի ստորագրում մաեստրոյի դիմումը։ Բայց և հասկանում է, որ նվագախումբը թողնել գլխատված վիճակում չի’ կարելի։ Չնայած հաշվի առնելով, որ տևական ժամանակ է, գեղարվեստական ղեկավար չունեն Օպերային և Սունդուկյանի անվան Մայր թատրոնները, նվագախմբի հարցի քաշքշուկը արտառոց համարել չի’ կարելի ։ Պարզապես ցավալի է կորցնել մի հրաշալի կառույց այնպիսին, որ ոլորտին այնքան էլ հեշտ չի տրվում ստեղծել։
Հիմա ընտրել են ամենակոմպրմիսայիմն տարբերակը։ Նախկին էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մավիսակալյանը, վաղուց դուրս լինելով ակտիվ գոտուց, ներկայիս ամենահարմար թեկնածուն է։
-
-
18.03.2023 | 01:10
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան -
22.03.2023 | 03:10
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին -
21.03.2023 | 03:10
Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ -
23.03.2023 | 02:10
Նոր ռազմական բախումը հավանական եմ համարում ցանկացած պահի. Ներսիսյան -
22.03.2023 | 02:10
Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ -
23.03.2023 | 01:10
Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան -
22.03.2023 | 12:10
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ -
21.03.2023 | 11:10
Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին -
20.03.2023 | 01:10
«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան -
22.03.2023 | 11:10
Ադրբեջանը պատրաստվում է սադրանքի. կանխավ հայտարարություն են տարածել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.