29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ժողովրդական արվեստի թանգարանի սրահներից մեկի պատերին այսօր փակցված էին բժշկական թեմաներով «ուժաս» նկարներ: Ասենք, միջնադարյան հագուստով մեկը, ենթադրվում է` բժիշկ, ուշադիր զննում է երիտասարդ տիկնոջ կուրծքը, որի միջից անհայտ հեղուկ է հոսում, կամ ոտքերը փաթաթած մեկը սպիտակ խալաթավորներին մեջքով է կանգնել` պատրաստվում է բուժզննության:
Նկարները հոգեբան Հարություն Մինասյանին են նվիրել նրա ընկերները եւ ծանոթները, նրանք, ովքեր գիտեն բժշկության հանդեպ Մինասյանի թուլությունը: Բայց այսօր նկարները «հիվանդանոցային» տրամադրություն ապահովող ֆոն էին, իսկ ցուցանմուշները հոգեբանի հավաքած 400-ից ավելի գրքերն էին: Բոլորի հեղինակները մասնագիտությամբ բժիշկներ են` Ծերենց, Ռուբեն Սեւակ, սովետական դրամատուրգ Ժորա Հարությունյան, հալեպահայ անեստեզոլոգ Թորոս Թորանյան: Նա 200-ից ավելի գործ ունի: Մինասյանի հավաքած էքսպոնատներից է նաեւ Զորի Բալայանը: Նա, պարզվում է, սպորտային բժիշկ է եղել եւ տարիներ շարունակ աշխատել է Սիբիրում: Նա ներկայացվածներից ամենաանհամեստն էր: Մյուսներից շատ է տեղ զբաղեցնում ցուցասրահում եւ իր բոլոր գրքերի շապիկները նկարազարդել է սեփական անձի լայնաժպիտ ֆոտոներով: Կային եւ նվազ հայտնի հեղինակներ` տարեց մի բժշկուհի` Պետրոսյան ազգանունով. նա ժամանակին գրքույկ էր գրել, բայց հույս չուներ ինքն իրեն այստեղ գտնելու: Բայց քանի որ Հարություն Մինասյանը իմացել էր նրա գրքույկի մասին եւ պատկառելի տիկնոջից նրա ստեղծագործության մի օրինակ եւ լուսանկար էր ուզել, տիկինն ակնոցներով զինված այս անձրևին տանից դուրս էր եկել, հասել ժողարվեստի թանգարան, որ գտնի իր ջահել ժամանակվա լուսանկարը հարյուրավոր այլ լուսանկարների շարքում:
Բայց ակնոցը չէր փրկում: Մոտենալով երիտասարդներին` նա մատով ապակու տակից նշմարվող սեւ-սպիտակ լուսանկարներն էր ցույց տալիս եւ հարցնում. «А чья это фотография?»: Որքան էլ զարմանալի է, շատերն էին իրենց գրքերն ու լուսանկարները տեսնելու եկել, եւ ցուցասրահում եղանակին անհամապատասախան աշխուժություն էր: Արդյուքնում, ավելի շատ հեղինակներ էին հավաքվել, այդ հեղինակների բարեկամները, քան բժիշկ գրողների ընթերցողները: Անգամ ինքը` հավաքորդ Հարություն Մինասյանը, չէր կարդացել իր ցուցադրած բոլոր գրքերը: Մի մոլորված մշակութային լրագրող օրվան պատեհ հարց հորինեց. «Ինչո՞վ են տարբերվում բժիշկների գրքերը մյուս գրքերից»: Հարցը բխում էր միջոցառման տրամաբանությունից, սակայն հավաքված բժիշկներն ու ակադեմիկոսները դժվարանում էին մի նորմալ պատասխան տալ: Հարություն Մինասյանինը հանճարեղ էր. «Ոչ մի բանով: Եթե վաղը ինչ-որ մեկի մտքով անցնի տնտեսագետների գրքեր հավաքել, ապա կպարզվի, որ մի էսքան էլ տնտեսագետների գրած գիրք կա»: Իր աշխատավայրում նա նաեւ այլ առարկաներ է հավաքել` հին հոգնաներ, տզրուկի բանկաներ, ականջակալներ, կճուճներ, գանգեր մարդկային, ոսկորներ, սեւացած երկաթյա արդուկներ, գրամեքենաներ: Ինչ իրեն դուր է եկել, այն էլ հավաքել է, եւ ցանկացած կասկածողի կարող է ապացուցել, որ իր հավաքածուից յուրաքանչյուրը կապ ունի բժշկության հետ: Ճիշտ, ոջիլի մասին անեկդոտի պես:
Սյուզան Սիմոնյան
Սիրված ու շնորհալի երգչուհի Էռնա Յուզբաշյանը որոշել է հիմնական բնակություն հաստատել Հայաստանում։ Նա ասաց, թե ցանկանում է, որ իր դուստրը դաստիարակություն ստանա հայկական հողում:
Շուտով 70-ականների փոփ երգչուհի Էռնա Յուզբաշյանը հայ հանդիսատեսին կներկայանա «Միայն քեզ համար» համերգային ծրագրով: Համերգային ծրագիրը հովանավորելու է «Արմավիա» ընկերությունը։
Այն հարցին, թե երգչուհին պատրաստվու՞մ է «խաղալ» այսօր էստրադայում տեղի ունեցող «խաղերով» և կհամաձայնի՞ «փող կտաս` կերևաս» պայմանին, ասաց.«Ես չեմ ցանկանում մրցակցության մեջ մտնել, չունեմ ամիսը մեկ տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություն և չեմ խաղալու այսօրվա խաղերով»։
Երկար տարիներ բեմում անցկացրած երգչուհին ունի միայն հանդիսատեսի վերաբերմունքի կարիքը .«Ես մրցանակների համար չէ, որ բեմ եմ դուրս գալիս, ինձ համար ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է»: Այն հարցին, թե պլանավորվա՞ծ է համերգի ընթացքը, նա պատասխանեց`չթաքցնելով, որ ինքն անկանխատեսելի է և իսկական խելառ նույնիսկ պլանավորված համերգների ժամանակ:
Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը։
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ , զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությունը:
— Մեր հասարկությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է`բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով:
Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է : Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողները: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ են վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես գտնում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսանե՞րը` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
«Սովորաբար ժամանակակից արվեստը չեն ընդունում մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, բայց դա ևս ունի իր դրական կողմը: Մարդիկ սկսում են խոսել այդ մասին, ու դա նույնպես ձեռքբերում է»:
Չարլզ Լոնսդեյլ
Մեծ Բրիտանիայի դեսպան Հայաստանում
Սեպտեմբերի 10-ին «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» խորագրի ներքո հայավարի` ամեն ինչին հակառակ, մեկնարկեց ու ընթանում է Գյումրու 7-րդ միջազգային Բիենալեն:
Մասնակիցներն ու կազմակերպիչները միայն էնտուզիազմի շնորհիվ հասան այդ օրվան: Մշակույթի նախարարությունը, որ 12 տարի շարունակ աջակցել էր Բիենալեին, այս տարի երևի անհեռանկարային ու անպետք համարեց «Բիենալե» երևույթը Հայաստանում: Համենայն դեպս կարող էին ձևականորեն պետական հովանավորման երանգ տալ միջոցառմանը, քաղաքային իշխանությունները կարող էին գոնե ներկա լինել բացման արարողությանը: Ես` որպես ժամանակակից արվեստի ու բիենալեի համակրող ու մասնակից, ցավ զգացի Բիենալեի` պետության կողմից «բրախված» լինելը տեսնելով: Ես կարող էի ներկայացնել կազմակերպիչներին, մասնակիցներին, ցուցադրությունները ամպագոռգոռ-կեղծ պաթետիկ ոգով, ստեղծել տոնի պատրանք, բայց… Կներեք, չեմ կարող:
Այսօր արվեստագետը անպաշտպան է ու անտեր: Ոչ ոքի պե՞տք չէ արվեստը: Թե՞ միայն «պտիչկայի» համար պետք է կազմակերպել ու ֆինանսավորել «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի նման պրոյեկտներ, որտեղ փոքրաթիվ բացառությամբ ներկայացված են բոլորին հոգնեցրած «սիրված ու հայտնի» երգիչ-երգչուհիներ, դախացած նկարիչներ, վերջին 10-20 տարիների ընթացքում ոչ մի նոր բան չասած գրող-բանաստեղծներ, մոնոտոն-պաթետիկ ասմունքողներ, դասական երաժշտություն, որը հարկ է լսել համապատասխան դահլիճներում…
Մշակույթի նախարարությունում պատճառաբանում են, որ իրենց ուշ են դիմել ֆինանսավորման համար. ասես 12 տարվա մեջ չգիտեին, թե երբ է լինում Բիենալեն, որը նրանք միշտ ֆինանսավորել են: Առաջարկված պետական աջակցությունը կազմում էր Բիենալեի բյուջեի ընդամենը 7 տոկոսը, հիշեցնեմ՝ Իջևանինը 1.5 տոկոս էր:
Ինչպես Իջևանի Համայնքային արվեստի փառատոնը, այնպես էլ Բիենալեն պետության կողմից չեն խրախուսվում, նշանակում է՝ պետությունը չի աջակցում ժամանակակից արվեստին… Ասել է թե՝ առաջընթացին: Բա ինչի՞ համար է էդ դեպքում Մշակույթի նախարարությունը: Այդ կառույցին դիմած առնվազն երեք արժանի առաջարկ գիտեմ, որոնք մերժվել են զանազան պատճառաբանություններով: Երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի նախաձեռնությունը` մասնակցությունը Զեմֆիրայի համերգին, որը պետք է վերածվեր ռեալիթի-շոուի ֆորմատի ֆիլմի, մերժվեց, Իջևանը մերժվեց, Բիենալեն մերժվեց, այլ պրոյեկտներ ևս մերժվեցին, որոնց մասին ես գուցե տեղյակ չեմ այնքանով, որ կարողանամ հավաստի տվյալներ բերել, բայց հաստատ կան այդպիսիք…
Հարցնում եմ քանդակագործ Սահակ Պողոսյանին.
— Իսկ որո՞նք են չմերժելու չափանիշները, ինչո՞վ է չափվում արվեստն այսօր:
— Նախարարությունում արվեստից բան հասկացող որևէ մեկը կա՞. եթե կա, հրավիրում եմ նրան հանրային բանավեճի: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր պետական մշակութային կառույցներում կերպարվեստից գոնե մեկ հասկացող չկա: Սա առանձին, մեծ խոսակցության թեմա է, բայց էս ասածս գրիր, ես պատասխան եմ տալիս ասածներիս համար:
Սահակը սեփական տրանսպորտով էր, իսկ մասնակիցների ու հյուրերի մեծ մասը իր հաշվին եկավ, մնաց ու գնաց: Ես կմնայի ավելի երկար, բայց սեփական միջոցներով չէի ձգի երկու օրից ավելի: Մասնակիցներից շատերն իրենց աշխատանքների ցուցադրությունը սեփական միջոցներով էին արել. կազմակերպիչները գումար չունեին…
Ինչևէ, «ինչ ունենք, ունենք, պետք է «յոլա» գնանք,- ասացին ինձ էսօր բիենալիստները,-եթե փողին սպասեինք, վերջին 20-30 տարում ոչ մի արվեստ չէր լինի»: Պատմեմ:
Գյումրու 7-րդ Բիենալեի կարճ համայնապատկեր
Այս տարի Գյումրու երիտասարդ արվեստագետներից շատերն էին ներկայացված, ընթացքում ծագեցին որոշ միասնական պրոյեկտների գաղափարներ, ու դա լավ էր, որովհետև Գյումրիում Բիենալե անցկացնելու նպատակներից մեկը համայնքային արվեստի զարգացումն է, տեղի արվեստագետներին ոգևորելն ու մասնակից դարձնելը։
Արիստիդիս Անտոնասի, Ալեքսիս Դալլասի և Ֆիլիպոս Օրիապուլոսի «Անզոր հուշարձաններ» նախագիծը ներկայացվեց Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում: Սալոնիկ քաղաքում դարեր ի վեր հանելուկային սպանությունների շարք է տեղի ունեցել, որոնք հետք են թողել մարդկության պատմության հետագա ընթացքի վրա:
Այս նախագիծը ինձ համար ուշագրավ ու հետաքրքրական էր նրանով, որ ներկայացնում էր ուղիղ կապ քաղաքային ճարտարապետության, ենթակառույցների, հանրային կյանքի ու աղմկահարույց սպանությունների միջև: Նրանք ասում էին, որ քաղաքի ճարտարապետությունն ասես ինքն է նախագծել ու կանխորոշել ինչ-ինչ վայրեր հատուկ սպանությունների համար: Նաև ներկայացված էին գրքեր՝ այդ արձանագրությունների մատյանները, որոնցից մեկը նվիրեցին գյումրեցիներին:
Մոսկվացի նկարիչները ներկայացրել էին «Ներքին բնապատկեր» վերնագիրը կրող նախագիծը: Համադրողն էր Անաստասիա Դուկաչովան:
Գեղարվեստի ակադեմիայի լսարաններում ու միջանցքներում էր ցուցադրվում նաև Կարեն Ալեքյանի համադրած «Բիենալեն` առաջադիմական» պրոյեկտը: Մասնակիցները «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» կոնցեպտին տարբեր մոտեցումներ էին ցուցաբերել՝ կամուրջներ անցկացնելով անցյալից ներկա, ներկայից ապագա, որտեղ ապագան ավանդապաշտ հայ ժողովուրդը չի կերտում, այլ ինքը՝ հասուն բանականությամբ վառ անհատը, որը «գործում և մտածում է գլոբալ», ու նաև այդ անհատների կոլեկտիվ արտադրանքն էր բիենալեն:
«Սթիլ» պատկերասրահում Բրիտանական խորհրդի հավաքածուից Բիենալեին Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ներկայացրեց 31 լիտոգրաֆիական և մետաքսային տպագրության աշխատանքներ: Մասնակիցներին էին ներկայացված բրիտանացի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների գործերը:
«Տեսնել գույնով» նախագծում ներկայացված էին նաև Անգուսթ Ֆեյրհարսթի, Փաթրիք Քաուլֆիլդի, սըր Հովարդ Հոթքինի և «Թեյթ» պատկերասրահի ամենամյա «Թյորներ» մրցանակի մյուս բրիտանացի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Այս նույն պատկերասրահում «Ուտոպիանա» կազմակերպությունը ներկայացրել էր «Նման մի բան. երիտասարդ այլընտրանքային նկարիչներ» ցուցահանդեսը, որն այս Բիենալեի իմ ֆավորիտն էր: Ցուցահանդեսի համադրողներն էին Արման Գրիգորյանը և Վահագն Ղուկասյանը:
Ցուցահանդեսը «Սթիլ»-ում բաց է մինչև սեպտեմբերի 15-ը:
«Գալերի 25» ցուցասրահում ներկայացված էին գեղանկարիչ Հակոբ Հովհաննիսյանի «Ձիթհանք» և Զավեն Խաչիկյանի «Պատերազմի խորհուրդ» նախագծերը:
Ասլամազյան քույրերի թանգարանում «Ինֆորմացիա» ցուցահանդեսն էր, որի համադրողն էր Կարեն Բարսեղյանը: Պատկերասրահներում երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններն էին ներկայացված. նրանք ինֆորմացիան օգտագործել էին որպես արվեստագետի աշխատանքային հումք, այնուհետև արխիվացրել Գյումրու Բիենալեի շրջանակներում:
Գյումրու Գեղագիտական ազգային կենտրոնում Կարինե Գուսարենկոյի համադրած «Ժամանակակից արվեստ = Բիենալե» պրոյեկտում ներկայացվել էին դեռ ուսանող արվեստագետների աշխատանքներ. սա վկայում է կրթական համակարգի զարգացման գործընթացի կարևորումը:
Տեղի ունեցան նաև քննարկումներ բոլոր 7 բիենալեների թեմայով` ի՞նչ է արվել, ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ բացահայտումներ են եղել և այլն: Ես ուզում եմ, որ մենք էլի ունենանք բիենալեներ, ունենանք հարուստ բիենալեներ, որ ես գնամ Բիենալեի ու մնամ ողջ ընթացքում ու չմտածեմ, որ փող չկա, ու տպեմ իմ ֆոտոները ինչ չափսի որ կուզեի, այլ ոչ թե փողս ինչքանի կհերիքի… Իսկ դրա համար պետք է Մշակույթի նախարարությունը փոխվի կամ վերանա, որ արվեստագետն իմանա` որբ է իրոք: Չնայած կարծիքներ կան, որ պետական աջակցություն ստացած պրոյեկտներն արդեն իսկ ապականված են այդ հովանավորչությամբ:
Ի՜նչ ամոթ է….
Լուսինե Վայաչյան
«Մենք բոլորս կապված ենք ազգի ապագային`հավաքարարից սկսած, նախագահով վերջացրած: Ու եթե որևէ մեկը որևէ գործողություն անի, որն ուղղված է մեր ազգի ապագայի դեմ, գլխի էլ չի ընկնի, թե քանի թշնամի ձեռք կբերի» — համոզված է լրագրող, քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանը, որի հետ զրույցի թեման նույն է` մտավորականն ու իր անելիքը` ներկա իրավիճակում:
— Նոր ձևավորվող պետություն, նոր հասարակական պահանջներ: Ինչպիսի՞ն է այսօրվա մտավորականի կերպարը:
— Դատավոր չեմ և ինքս ինձ մտավորական չեմ համարում, որովհետև մտավորականը ստեղծող մարդն է, իսկ այն, ինչ ստեղծում է, Բանն է, որ ի սկզբանե էր` լինի գործ, թե խոսք: Ստեղծող մտավորականներ մենք ունենք, սակայն գործի մտավորականներ…Մտավորականը ընդդիմադիր է, բայց բառի ոչ քաղաքական իմաստով: Մտավորականը պահանջատեր է, որը անընդհատ պիտի պահանջի թե´ իշխանությունից, թե´ մնացյալ բոլորից: 1988 թվականին, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, բարեբախտաբար, մտավորականությունը առաջին դիրքում էր: Երբ սկսվեց պատերազմը, մտավորականությունն էլի վերցրեց առաջամարտիկի դերը, սակայն, ի դժբախտություն մեզ, մտավորականությունը պատերազմից հետո որոշեց, որ իր ֆունկցիան ավարտել է:
— Ինչու՞ կանգ առան, ի՞նչ կատարվեց:
— Խնդիրը հետևյալն է. այդ մարդիկ կամ պիտի մտնեին քաղաքական դաշտ, կամ պիտի հանձնեին ամեն ինչ։ Որոշեցին զբաղվել իրենց գործով` այդպիսով դաշտը բացելով տականքների առաջ:
— Բաց թողած հնարավորությո՞ւն:
— Բավական թվով իրական մտավորականներ գիտեմ, որոնք մեղքի որոշակի զգացողություն ունեն: Ու նաև այդ մեղքն է, որ նրանց թույլ չի տալիս գործել: Երկիրը երկիր դարձնելու բաց թողած հնարավորությունը մեղքի նման խոր նստած է նրանց մեջ: Կարող էին անել և չարեցին: Ու հիմա ակամա վախենում են հարցից, թե ուր էին պատերազմից հետո:
— Հաղթանակն էլ է հարկավոր պահել:
— Իհարկե:
— Իսկ այսօր ի՞նչ պահանջներ են դրված մտավորականի առաջ և դրվա՞ծ են արդյոք:
— Իրականում հասարակական պահանջ կոչվածը ֆիկցիա է, որովհետև այդ պահանջը որոշակի քարոզչության հետևանքով ձևավորված իրավիճակ է, երբ առաջ են գալիս այն մարդիկ, ովքեր կանգնում են հենց այդ իրավիճակի գլխին: Օրինակ, 1988 թվականին ստեղծվեց մի իրավիճակ, որի արդյունքում պիտի ասպարեզ մտնեին հենց մտավորականի համարում ունեցող մարդիկ: Հիմա, ցավոք, տարվող քարոզչության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որը տնօրինել կարող են միայն սրիկաները, ոչ թե բարոյական, սկզբունքային մարդիկ: Օրինակ, հեռուստատեսությունը, որը հզոր քարոզչական զենք է, այսօր ռաբիսության առաջին խոսափողն է դարձել: Սա համատարած երևույթ է և նպատակային քաղաքականություն` հասարակությունը իջեցնել որոշակի ցածր մակարդակի: Այդպիսի հասարակությանը չի հետաքրքրի անգամ Հիսուսի երկրորդ գալուստը, քանի չկա դրա հասարակական պահանջը, բայց դրա փոխարեն նույն Արմենչիկը կարող է դառնալ երկրի վարչապետ կամ նախագահ:
— Ինչու՞ են լռում մտավորականները:
— Չեն լռում, վախենում են: Չնայած իրական մտավորականը ոչ լռելու իրավունք ունի, ոչ էլ վախենալու: Եթե մտել ես այդ խաչի տակ, պիտի մինչև վերջ տանես, իսկ եթե չես տանում, ուրեմն դու մտավորական չես: Թող հետևություն անեն նրանք, ովքեր թաքնվել են անկյուններում, որովհետև հասարակությունը նրանց կարիքը չունի: Թեև նրանց խոսքը նույնիսկ արգելված էլ չէ, բայց մեկուսացած, հեռացած են: Հեռացած են Աստծուց: Գործն ու խոսքը աստվածային են, իսկ երբ դու չես խոսում և չես գործում, ուրեմն Աստծուց հեռացած ես:
— Իրականում մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է: Ո՞րն է հասարակության շարժիչ ուժը , ովքե՞ր են հերոսները:
— Հասարակական պահանջը դեռևս ձևավորված չէ: Շարժող ուժը փողն է դարձել, իսկ հերոսները` փողատերերը: Սակայն այս ամենը նպատակային է: Էդ փողատերն էլ է խաղի մեջ մի դետալ. յուրաքանչյուր պահի երբ այն փչանա, կշպրտեն և կփոխարինեն ուրիշ դետալով: Հասարակական կյանք ասվածը մի ամբողջ կենդանի մեխանիզմ է, որի մեջ բոլոր դետալները կենսական նշանակություն ունեն: Բայց ի տարբերություն կենդանի օրգանիզմի, որտեղ հաճախ հնարավոր չէ մի օրգանը փոխարինել մեկ ուրիշով, այս դեպքում ցանկացած վակուում լցվում է: Այն վակուումը, որը ստեղծվեց մտավորականի ինքնամեկուսացումից հետո` 90- ականների կեսերից, հանգեցրեց նրան, որ իշխանության գան մարդիկ, ովքեր բարոյական որևէ սկզբունք երբևէ չեն ունեցել ու չեն էլ ունենալու: Երբ արդար մարդը դուրս է գալիս մի տեղից, բնականաբար, այդ դատարկությունը լցվում է: Բայց տականքն այդ տեղը լրացնում է ոչ թէ օգուտ տալու, այլ օգուտ քաղելու համար:
— Մի՞թե վտանգ չկա, որ մենք կվերածվենք անհովիվ ազգի:
— Ազգը բացարձակ միավոր է, այն հնարավոր չէ վերածել ոչխարների հոտի: Ժողովրդին` ազգաբնակչությանը, որը զբաղեցնում է տվյալ տարածքը, հնարավոր է: Այստեղ խնդիրը, ըստ իս, այն է, որ մենք շատ հարցերում առանց հասկանալու ընկել ենք այն խաղի մեջ, որը մերը չէ, ավելին` մեր դեմ է: Օրինակ, մեր երեխաներն ի՞նչ են ուսումնասիրում: Մենք 90 տարի անընդհատ ուսումնասիրել ենք հայ ժողովրդի պատմություն, սակայն ոչ հայ ազգի պատմություն: Դա ստորություն է մեր նկատմամբ` ազգը իջեցրել են ժողովրդի մակարդակի: Ես հասկանում եմ, որ խորհրդային տարիներ էին, և ձայն բարձրացնել չէր կարելի, բայց 90 թվից հետո ինչու՞ են լռում, չէ որ իրավիճակը փոխվել է: Ասենք, մի փոքր մխիթարում է, որ ուսումնական առարկան արդեն վերանվանվել է` դառնալով Հայոց պատմություն… Այսօր երեխան ինչպես սովորեց, դա է մնալու: Մենք սարսափում ենք զրոյական կետի վերադառնալուց, ամեն ինչը նորից գնահատելուց և առաջ շարժվելուց: Ունենք մտավորականի մի սերունդ, որի մտածելակերպը դեռևս խորհրհային արժեհամակարգային է, և ունենք հնարավոր նոր մտավորականություն, որը դեռ ձևավորված չէ և շատ երիտասարդ է այդպիսին կոչվելու համար, բայց, ցավոք, իրավահաջորդ չէ, արհամարհում է նախորդներին, և այդ իմաստով
շարունակականություն չենք ապահովում: Մենք կամ առաջ ենք վազում, կամ հետ ենք փախչում: Չենք կանգնում մի պահ, որ հասկանանք, թե ինչ է եղել, ո´րը ի´նչ հետևանք է ունեցել: Մենք վախենում ենք մեր սխալներից, սարսափում ենք մեր պատմությունից, որը լի է դավաճանություններով և հիմարություններով:
— Իսկ այսօրն ինչ՞ով է լի, ինչպե՞ս է կերտվում մեր պատմությունը:
— Ցավոք, հիմա մենք ապրում ենք կեղծ հայրենասիրական պաթետիզմի, խոսքի բացարձակ արժեզրկման ժամանակահատվածում, որը հայտնի չէ, թե որքան կտևի: Ազգի նվիրյալ մարդիկ ընդամենը «բրենդ» են դարձել, և այդ բրենդով ծածկվում են բոլոր այն խայտառակ ու զզվելի երևույթները, որոնք դեռ խմորումների փուլում են: Բայց երբ այն ավարտվի և որոշակի ձև ընդունի, այն մարդիկ, ովքեր նույնիսկ ակամա մասնակցել են այդ գործընթացին, իրենք էլ են սարսափելու իրենց արածից: Մտավորականությունը դեռ չի պատկերացնում հետևանքները, թեև մի վեցերորդ զգայարանով զգում է, որ այդ ամենը դրսից է արվում ու բավական չար նպատակներ է հետապնդում: Բայց քանի որ նույն այդ մտավորականությունը որոշել է հեռու մնալ «չկեղտոտվելու» համար, այդպես ամպոտ ոտքերով ու թվացյալ մաքրակենցաղությամբ ոչ միայն խնդիր չի լուծում, այլև ոչ շատ հեռու ապագայում մտնելու է մի տեղ, որտեղ ոչ միայն ոտքերը, այլև մինչև կոկորդն է կեղտոտվելու: Այդ ինքնամեկուսացումը բերելու է դրան: Հետո շատ մեծ ջանքեր են պահանջվելու այդ վիճակից դուրս գալու համար:
— Ի՞նչ կարգի ջանքեր, հեղափոխակա՞ն:
— Աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ սոցիալական հեղափոխությունները սկզբունքորեն ոչ մի լավ բանի չեն բերում: Այդ վիճակից դուրս գալու համար մի քանի մշակութային հեղափոխություններ են պահանջվելու: Հիմա մեզ մոտ մշակութային հակահեղափոխական շրջան է, ռեակցիոներների շրջան. կտրվում են այն մարդկանց գլուխները, որոնք իրենց մեջ հեղափոխություն են կրում և կարող են դա դարձնել սոցիալական երևույթ: Բայց դա էլ է բնական:
— Ամենամեծ վտանգը որտե՞ղ եք տեսնում :
— Ամենամեծ վտանգը ոչինչ չանելն է` անտարբերությունը: Երբ մարդ ոչինչ չի անում, լռում է կամ հակառակը` ոչինչ չի ասում, բայց անընդհատ խոսում է:
— Կարիք ունի՞ մտավորականությունը պահպանման:
— Ոչ: Իրական մտավորականը երբեք նման խնդիր չի ունեցել: Պարզապես մեր` խորհրդային մտածողություն ունեցող մտավորականության մեջ արմատավորված է, որ պետությունն իրեն պիտի պահի: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք մինչև հիմա չհասկացանք, որ պետությունը և իշխանությունը նույնը չեն: Պետությունն իշխանության ու հասարակության`իր բոլոր խավերով հանդերձ, միասեռ զանգվածն է: Իշխանությունը պետություն կարող էր դառնալ միայն Լյուդովիկոս 15-րդի դեպքում, երբ ասում էր. «Պետությունը ես եմ»: Մեզ մոտ, փառք Աստծո, դեռ դրան չենք հասել:
— Արդյո՞ք զգում եք Ձեզ ազատ, անկախ երկրի լրագրող:
— Թե ես ի՞նչ եմ զգում, իմ անձնական խնդիրն է, բայց այլ խնդիր է, թե ես ինչ կամ: Ոչ, ես ազատ երկրի լրագրող չեմ:
— Որևէ որակական փոփոխություն կարո՞ղ ենք առաջարկել մեր հասարակությանը:
— Պիտի կարևորվի կրթությունը, ոչ թե դիպլոմը, պիտի կարևորվի ոչ թե ճոռոմաբանությունը, այլ խոսքի տակ եղած գիտելիքը: Դեմագոգիայով կարող է զբաղվել նույնիսկ 3-րդ դասարանի կրթություն ստացած օլիգարխը, բայց ցինիկ կարող է լինել իրոք լուրջ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդը: Եթե ընտրելու լինեի, կուզեի մեր երկրում ցինիկները` բարձրագույն ինտելեկտի տեր մարդիկ, շատ լինեին: Այդ մարդիկ պիտի դառնան հասարակության շարժիչ ուժը: Այսօր մտավորականությունը դարձել է հասարակության թափոնը: Աղբ է, որը գցել են մի կողմ: Մտավորականության այս սերունդը պիտի հասկանա, որ արդեն իր արածով հանդերձ, ինքը պիտի դառնա «удобрение», պիտի հող պարարտացնի, նոր, շատ ավելի ազատ, ինքնուրույն և ագրեսիվ մտավորականության ձևավորման համար: Ուրիշ տարբերակ չկա:
— Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
— Շատ բան կա, որոնք ես որպես կանոն ասում եմ, և որպես կանոն իմ բարեկամների քանակը պակասում է: Եթե դիմացինս տականք է, զուտ կուլտուրայի զոհ գնալով` առաջին անգամ ոչինչ չեմ ասում, երկրորդ անգամ ես իրեն ցույց եմ տալիս իր տեղը, ով լինելը: Թույլ չեմ տալիս իմ ներկայությամբ բամբասել, հատկապես երբ դրանք տղամարդիկ են: Ատում եմ մարտնչող տգետներին, նաև նրանց, ովքեր այդպիսիններին տեղ են տալիս: Զզվելի են, քստմնելի: Տանել չեմ կարողանում երեսպաշտներին:
— Դրամատուրգ Հայկ Վարդանյանի մոտ եմ կարդացել. «Հերոսությունն այսօր ծիծաղելի է, որովհետև դիմացդ հերոսներ չկան»:
— Հերոսությունը ինքնին հիմարություն է: Ոչ թե չեմ գնահատում որևէ արարքի հերոսականությունը, այլ, իմ խորին համոզմամբ, հերոսությունը պատահականության արդյունք է: Իրական հերոսությունը ցանկացած ոլորտում է լինում, ցանկացած դաշտում: Հերոսությունը զենքը ձեռքին պատերազմի դաշտում զոհվելը չէ միայն, դա նաև չհամաձայնելն է, սեփական աշխատանքը Ա-ից մինչև Բ անելն է: Հերոսությունը ոչ թե պահի ազդեցության տակ է լինում, այլ նպատակային ու հետևողական գործունեության արդյունք է:Եթե մարդը մարտի դաշտում զոհվեց, ոչ թե դա է հերոսություն, այլ այն, որ նա գնացել է` իմանալով, թե ուր է գնում, ինչ պիտի անի, ինչ կարող է իր հետ լինել, և հասկանում է, թե ինչ պիտի կորցնի դրանով: Ամեն մեկը չէ, որ այդ քաջությունը ունի: Այդ իմաստով ես քաջությունը հերոսությունից գերադասում եմ: Քաջությունը, արիությունը այդ ճանապարհին կանգնելն է, մինչև վերջ գնալն ու չշեղվելը: Այսօր մեր մտավորականներին այդ քաջությունն է պակասում:
— Ո՞րն է Ձեր ամենամեծ խոհը, ի՞նչն է Ձեզ առավել հուզում:
— Թե ով է կրթության ու գիտության նախարարը: Ովքեր են այն մարդիկ, որոնց գործունեության արդյունքում վաղվա օրը պիտի լինի կամ ավելի լավ, կամ շատ ավելի վատ, քան հիմա է:
— Այնուհանդերձ հավատո՞ւմ եք մեր ժողովրդի ապագային:
— Հավատում եմ մեր ազգի ապագային:
— Ձեր հո՞ւյսը:
— Ինձ վրա է: Դա բավական լայն «ես» է: Դա իմ ընտանիքն է, իմ երեխաներն են, իմ ընկերներն են, այն մարդիկ են, որոնց վրա ես կարող եմ վստահ լինել այնքան, ինչքան ինձ վրա: Մենք բոլորս կապված ենք ազգի ապագայի հետ`հավաքարարից սկսած նախագահով վերջացրած: Ու եթե որևէ մեկը, որևէ գործողություն անի,որը ուղղված է մեր ազգի ապագայի դեմ, գլխի էլ չի ընկնի թե քանի թշնամի ձեռք կբերի:
— Հույս ունեմ, որ նման նվիրյալները քիչ չեն լինի:
— Շատ չեն, բայց բավականին են:
— Կուզեի Ձեր երազանքների մասին իմանալ:
— Կուզեի` մեր երեխաները երբեք չտեսնեն այն բարդությունները, որ ես ու սերնդակիցներս տեսել ենք: Դա եմ երազում:
— Որպես վերջաբան…
— Առողջ մեռնենք:
Կարինե Ջանջուղազյան
Այնքան չարկչրկվեց Պոլիս գնալ-չգնալու հարցը, որ հիմա, հայտնի առածի ասած, որն էլ անենք, պիտի փոշմանենք: Դեռևս Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի օրոք, երբ բարձրացվեց Աղթամարի եկեղեցին վերանորոգելու հարցը, թուրքերը հայտարարեցին, թե այն վերականգնվում է տուրիզմի զարգացման նպատակով և գեղատեսիլ Վանում եկեղեցին լինելու է զուտ քրիստոնեական մշակութային ժառանգության կոթող: Ոչինչ ավելին։
Դեռ այն ժամանակ խոսվում էր եկեղեցու վրա փակցվելիք հայատառ ցուցանակի և դրա վրա` եկեղեցու հայկական լինելու գրառման մասին. եթե չեմ սխալվում թուրքերը անգամ դրան դեմ էին։ Այն ժամանակ վերականգնող հայ վարպետներ մեկնեցին Պոլիս. նրանց աշխատանքին հետևում էր անձամբ պատրիարք Մութաֆյանը, ահագին գործ արվեց, բայց խաչի տեղադրման մասին խոսակցություններն ի սկզբանե կամ խուսափողական էին, կամ «դեռ կտեսնենք»-ի մակարդակի։ Երբևէ հստակ չի ասվել, որ խաչ է լինելու եկեղեցու վրա։ Բայց այն ժամանակ մերոնք կարծես ամեն ինչի համաձայն էին, միայն թե իրենց չզրկեն աշխատելու հնարավորությունից, իսկ եկեղեցին` նորմալ վերականգնումից։ Պատարագի մասին խոսք անգամ չկար. դա եղավ հետո: Թուրքերին դա հուզում էր այնքանով, որ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ կգնային, աշխարհասփյուռ հայեր, և հետո դա իրենց հնարավորություն կտա աշխարհին ներկայանալ լայնախոհ տերության լույսի ներքո, իսկ պատարագն ընդամենն այդ ամենին խորհրդավորություն հաղորդող էլեմենտ է։
Իսկ այսօր Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը` որպես 100 տարի անց Սուրբ Խաչում իրականացվելիք առաջին պատարագը գլխավորող հոգևորական, պատասխանելով գերմանական Deutsche Welle-ի հարցերին, նշել է, թե Թուրքիայի հայերը այդ պատարագին ոգևորությամբ են սպասել, սակայն խաչի չլինելու լուրը հայերի այդ ոգևորությունը կոտրեց:
Սրբազանն ասել է, որ նախատեսված է եղել պատարագից մեկ շաբաթ առաջ խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին, և որ Թուրքիայում սեպտեմբերի 12-ի հանրաքվեն մեջտեղ եկավ, և խաչի տեղադրումն անհնարին դարձավ, սակայն պատարագի օրը մասնակիցները կարող են տեսնել այն խաչը, որը պետք է տեղադրվի պատարագից հետո: Զարմանալի է, ի՞նչ կապ ունի հանրաքվեն խաչի տեղադրման հետ, կամ որ առավել զարմանալի է` խաչը որտե՞ղ պետք է տեսնեն այցելուները` ներքևո՞ւմ, գետնին դրվա՞ծ…
«Վանի նահանգապետը հայ համայնքին խոսք է տվել, որ պատարագից հետո խաչն անպայման դրվելու է: Մինչեւ հիմա մտածում էինք, որ 5 հազար մարդ կմասնակցի պատարագին, սակայն ներկա իրավիճակը սահմանափակում է այցելուների քանակը, քանի որ պատարագին մասնակցել ցանկացողների մի մասը հրաժարվեց գալ: Հրաժարվեց պատարագին մասնակցել նաև Սուրբ Էջմիածինը, ավելի վաղ հրաժարվել էր Անթիլիասը, սակայն Երուսաղեմը մասնակցելու է »-պարզաբանել է Արամ սրբազանը:
Հաշվի առնելով թուրքական դիվանագիտությունը` պետք է նկատի ունենալ, որ չի բացառվում խաչի` սեպտեմբերի 16-ին տեղադրելու և մեկ- երկու օր հետո ինչ-որ պատրվակով հանելու տարբերակը, ուրեմն, նախ, արժե՞ այդքան աղմուկ բարձրացնել։ Երկրորդ` այս ֆոնի վրա անհասկանալի է Մայր աթոռի տատանողական պահվածքը, որը թույլ է տալիս շահարկել իր մասնակցության հարցը։ Անթիլիասը չմասնակցելու հստակ դիրքորոշում է որդեգրել ի սկզբանե, և դա ողջունելի է. Այստեղ չի բացառվում Մայր աթոռի` հեռուն գնացող ծրագրերի առկայությունը։ Էջմիածնի և Պոլսի միջև եղած հակասությունը գաղտնիք չէ։ Հիմա, երբ Մութաֆյանն այլևս պատրիարք չէ (վերջինս էջմիածնին չէր ընդունում), Պոլսո թեմը վերանվաճելու խնդիր է դրված: Այս քայլով էջմիածինը սատարում է Պոլսին ու փորձում է իր «բարեկամությունը» թանկ վաճառել, միևնույն ժամանակ իր կողմը թեքել հայ հանրության կարծիքը` եթե խաչը չլինի, չենք մասնակցի։ Իսկ այսօր տեղեկություն ստացվեց, որ առանց նախապայմանների կատարման արգելվել է նաև Երուսաղեմի մասնակցությունը։
«Եթե ամեն շրջանում Ձեզ նման գոնե յոթ ուսուցիչ ունենայինք`աշխարհի տակ ու գլխից այսպես քաջատեղյակ, ապա… ցեղի մեր տեսակը երազում ափ մը կունենար: Էս դժվարին կյանքում հավատի, սիրո էն սարն եք, որ պատանիներ և պատանուհիներ կտանեք առաջ: Երանի Ձեր աշակերտներին»:
Հրաչյա Մաթևոսյանն այսպես է բնորոշել Լոռվա լավագույն մանկավարժ, Ստեփանավան քաղաքի վաստակաշատ ուսուցիչ, իրական մտավորական Էմմա Մկրտչյանին:
-Տիկին Էմմա, իսկ դուք ինչպե՞ս կներկայացնեք Լոռվա մտավորականին:
— Լոռին հայտնի է իր մտավորականներով, որոնցից մի ամբողջ սերունդ աճել, մեծացել է Ստեփանավանում: Ինքս էլ ինձ Ստեփանավանցի մտավորական եմ համարում, թեև ծնվել, մեծացել եմ Լենինականում: Կյանքիս հիսուն տարիները նվիրել եմ այս քաղաքի մանուկ սերնդի դաստիարակությանը: Մտավորական բառը արտաբերելն այսօր շատ պատասխանատու է, որովհետև վառ անհատներն այնքան էլ շատ չեն: Ուրախանում եմ նրանցից յուրաքանչյուրի գործով` լինի դերասան, երաժիշտ կամ քաղաքական գործիչ: Կարևորում եմ միայն այն, որ յուրաքանչյուրը գտնվի մտավորականի իրական բարձրության վրա:
— Իսկ ինչպե՞ս է Լոռին կարևորում, գնահատում իր մտավորականներին:
— Յուրաքանչյուր անձ իր արժանի գնահատանքը ստանում է աշխատանքին համապատասխան: Ունենք մտավորականներ, որոնք մեծ հարգանք ու համբավ են վայելում ժողովրդի կողմից: Այդ մարդկանց աշխատանքը պահպանվել է շատ շատերի սրտում, նրանց հետքը մնացել է հասարակության վարքի մեջ, իսկ նրանց աշխատանքը վարակել է սերունդներին:
-Ի՞նչ սերունդ է այսօր բարձրանում:Լոռին ունի՞ վաղվա մտավորականը:
-Հիմա դպրոցն ապրում է ծանր տարիներ, որակյալ ուսուցիչներն էլ շատ քիչ են: Քիչ են, որովհետև դպրոցից գնում են կիսագրագետ, բուհը ավարտում են հազիվհազ և նորից վերադառնում դպրոց: Հասարակության կողմից մտավորականի զգալի պահանջ էլ չկա, քանի որ հասարակական-քաղաքական կյանքը շատ հեղհեղուկ է դարձել: Այն մշակույթի կենտրոնները, որտեղ երևում էր մտավորականության դեմքը, կայանում ժողովրդի և մտավորականի կապը, փակվել են: Չկա հոգևոր սնունդ, չկա գիրք, թերթ կարդացող, ամբողջ քաղաքում գրախանութ չկա: Երեք հազար կտոր գրականություն ունեմ, որը տրամադրված էր Լոռվա հասարակությանը, իսկ հիմա գրադարանս ընթերցող չունի, գրքի կարիք չկա: Ուսուցիչն առանց գիրք կարդալու դասավանդում է, իսկ ուսանողն առանց կարդալու քննություն է հանձնում: Զարմանալի բան է:
-Պատճա՞ռը:
-Պարզապես ամեն ինչ նյութականացվեց, գիտելիքն ու դիպլոմը սկսեցին գնել փողով, ինստիտուտն էլ ավարտում են առանց գիրք կարդալու:
-Ու՞ր ենք գնում, ի՞նչ է մեզ սպասվում:
-Ինչպես Իսահակյանն է ասել. «Կգա հոգու սով»: Ահա, եկել է այդ ժամանակը: Սակայն ես հույսս չեմ կորցնում, որովհետև նկատել եմ, որ ժողովուրդը դառնում է գրագետ մարդը: Սա հուսադրող է: Թեպետ, կարծես կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջան լինի: Հրաշալի է բնորոշել Թումանյանը.- «Մեր հին հավատից ընկել ենք, կորել, նորն էլ չգիտենք, թե ի՞նչ է եկել»:
-Թումանյանից մինչև օրս միթե՞ ոչինչ չի փոխվել` նոր հնարավորություններ, գործելու նոր ասպարեզներ:
-Այո, չկա ասպարեզ և շատ շնորհալի մտավորականներ մնում են պարփակված գավառական նեղ շրջանակներում: Ցավոք մեր հասարակությունը համակերպվել է այս միապաղաղությանը, միօրինակությանը:
-Ո՞րն է Ձեր հուզումը որպես մտավորական:
-Ամբողջ կյանքում պայքարել եմ անգրագիտության դեմ։ Ամեն չարիքի արմատը անտարբերությունն է. հատկապես, երբ մտավորականը հասուն չէ և իր խոսքը չի ասում հասարակական արատավոր երևույթի մասին, ես չեմ ընդունում: Լավ մարդը պայքարում է չարիքի դեմ: Ես դա փոխանցել, խրատել եմ իմ սաներին և ուրախ եմ, որ հատկապես որդիս`գեներալ- լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը, նվիրված է այդ առաքելությանը: -Ո՞րն է Էմմա Մկրտչյանի խրատը:
-Դատարկ հասկը գլուխը միշտ ցից է պահում: Երբևէ տեսե՞լ եք, որ հասուն հասկը ցից մնա: Հասուն հասկի գլուխը խոնարհ է: Այդպես են դատարկ մարդիկ, գլուխնրը միշտ ցից են պահում: Խրատս`որքան հնարավոր է խոնարհ լինել: Դա ցույց է տալիս մարդու խելացի, հասուն լինելը:
— Ձեր երազանքները, Ձեր հույսը…
-Մեր ազգի դժբախտությունը ցաքուցրիվության մեջ է: Ես պայքարում եմ բոլոր նրանց դեմ, ովքեր լքում են հայրենիքը, որքան հնարավոր է փորձում եմ կանխել, հետ պահել նրանց: Ու՞ր է մեր տղամարդը: Մեր կանանց, երեխաների դժբախտությունը առանց տղամարդ ապրելն է: Տղայի գլխին տղամարդու ձեռք է պետք:
-Այնուհանդերձ, հավատու՞մ եք մեր ժողովրդի ներուժին:
-Հավատում եմ: Դարեր են անցել և ինչպես Տերյանը կասեր. «Ուր է Բաբելոնը, ուր է Ասորեստանը»: Չկան, իսկ մեր ժողովուրդը կա: Մնաց, որովհետև կենսունակ է, արմատը մաքուր է, ամուր։ Հավատում եմ` մեր ժողովուրդը անպայման կհասնի իր լավ օրվան: Չնայած բոլոր նեգատիվ երևույթներին, ժողովուրդը կհաղթահարի այս դժվարին ժամանակները և դուրս կգա լայն ճանապարհ:
-Անշուշտ. մենք կարիք պիտի ունենանք ազնիվ, նվիրյալ առաջնորդների:
-Ժողովրդի առաջնորդը մտավորականը պիտի լինի, նրա հոգու ցավերի արտահայտողը: Նա է, որ պիտի սատար կանգնի ժողովրդին: Ուղղակի ազնվություն և նվիրվածություն է պետք:
-Իրականացած համարու՞մ եք Ձեր բոլոր երազանքները:
-Իմ և անձնական և հասարակական կյանքում ոչինչ թերի չի մնացել: Բոլոր երազանքներս իրականացել են: Ավելին, ես ինձ երջանկագույն ուսուցիչ եմ համարում: Միակ երազանքը, որ ունեմ այսօր, իմ ժողովրդի հաջողությունն է: Պիտի յուրաքանչյուր մարդկային հոգու մեջ բարություն սերմանել, որ բարությունն իր հետ բարություն բերի: Ժողովրդի մեջից պետք է չարությունը վերացնել, որը բումերանգի պես միշտ հետ է դառնում: Աշակերտներիս երջանկությունն եմ երազում: Նրանք շարունակում են իմ գործը ու հպարտ եմ նրանցով, սակայն միշտ անհանգստանում եմ նրանց համար:
-Ինչու՞ եք անհանգստանում Ձեր սաների համար:
-Ինձ անհանգստացնում է օլիգարխների ագահությունը: Ճիշտ է, նրանք ինչ որ բան ստեղծում են, բայց երբ ստեղծում են թալանի միջոցով, ես դա չեմ ընդունում: Արդար աշխատանքով ստեղծածն է ընդունելի, բայց երբ առյուծի բաժինն են խլում` անընդունելի է:
-Որպես վերջաբան, ի՞նչ կասի մեր ժողովրդի սերն ու հարգանքը վայելող ուսուցիչը:
-Կարծես իմ կյանքի ողջ ընթացքը ինձանից լավ բնորոշել է Թումանյանը. «Քանի ձեռից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել, հուր եմ դարձել լույս տվել, լույս տալով եմ սպառվել»:Ես ցանկանում եմ, որ մեր մտավորականությունը սպառվի: Սպառվի, լույս տալով, որովհետև դա է մտավորականի իրական կոչումը` լույս տալ իր ժողովրդին:
Կարինե Ջանջուղազյան
Հուլիսի 18-21 Իջևանում անցկացվեց «Ժամադրություններ սահմանների վրա» Համայնքային արվեստի ամառային փառատոնը, որը կառուցված էր «Գեղագիտական համայնքներ և համայնքային արվեստի համատեքստային թարգմանություն» կոնցեպտի շուրջ:
Իջևանը, որտեղ 1991 թվին վերջին անգամ անցկացվել էր քանդակի սիմպոզիումը, այդքան «տարօրինակ» հյուրեր չէր ունեցել: Քանդակները մերվել էին շրջակա միջավայրին էնպես, որ իջևանցիները չէին ընկալում դրանք որպես արվեստի գործեր: Մինչ տեղ հասնելը ես էլ չէի պատկերացնում, թե դրանք ինչ քանդակներ են, գիտեի միայն Սահակ Պողոսյանի «Աչք»-ի մասին:
Ճիշտն ասած սահմռկեցուցիչ տեսարան էր, ու ավելի շատ հիշեցնում էր գերեզմանոց: Սովետի պաթետիկան խառնվել էր ավանգարդի հետ ու ստացվել էր էն, ինչ ստացվել էր: Բայց դա պատմություն է, ու չնայած նրան, որ քանդակներից շատերն ընկած էին, շատերը մամռակալած, միևնույն է, դրանք քարեր չէին, այլ հոգի, աշխատանք ու կյանք ներդրած գործեր:
Ճիշտն ասած, ես պատրաստվում էի գրել ինչ է եղել, ով է ցուցադրվել, փոքրիկ հարցազրույցներ անել փառատոնի ու քանդակի սիմպոզիումի մասնակիցների հետ, ու արեցի, բայց հենց նստեցի գրելու, հասկացա, որ չեմ կարող դա սովորական նյութի տեսքով մատուցել,ուղղակի կպատմեմ իմ տեսածն ու զգացածը:
Փառատոնը տեղի էր ունենում նորաբաց պատկերասրահի առջև՝ քանդակների մեծ մասի հարևանությամբ: Պատկերասրահը բացվեց ժամանակակից արվեստագետների «Միջանկյալ դիրքեր» ցուցահանդեսով, և դա պետք է կարևորել որպես փաստ: Ցուցադրվում էին Նորայր Չիլինգարյանի, Գագիկ Չարչյանի, Մհեր Ազատյանի գործերն ու Տիգրան Խաչատրյանի վիդեոն՝ «9-րդ հարկում»:
Տիգրան
— Իմ ամենաանշառ վիդեոն ա, ներկայացված ամենաանշառ փառատոնին, ի՞նչ մի գրելու բան ա, մի գրի: Եռապատկեր վիդեո ա՝ 9-րդ հարկում ապրող գյուղացի տատիկը կտուրին վաննաների մեջ ռեհան ու համեմ, տարբեր կանաչիներ ա աճացնում, դրանով իսկ ջնջելով գյուղի ու քաղաքի սահմանները:
Քանի որ փառատոնի նպատակներից մեկն էլ Իջևանի բնակչությանը ներգրավելն էր, ինձ հետաքրքրեց ամառային սեմինարի իջևանցի մասնակցի կարծիքը: Պատմական ֆակուլտետի ուսանող Միքայելը պատահաբար էր իմացել սեմինարի մասին, ու որոշել էր հաճախել: Երևանում մասնակցել են սեմինարների Բաց Համալսարանում, շրջել են քաղաքում, ծանոթացել քաղաքաշինությանը: Աղջիկներին ծնողները թույլ չեն տվել Երևան մեկնել, խմբում միայն տղաներ են եղել: Սկզբում երիտասարդի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ են իրենց առաջարկում լուսանկարներ անել քանդված շինությունում, բայց հետո հասկացել է, որ միայն գեղեցիկ բնությունը չի, որ պետք է լուսանկարել: Իջևանի քանդակներին ծանոթ է, գիտի նաև սիմպոզիումի մասին, բայց քանդակները չի ընկալել որպես արվեստի գործեր: Ու հիմա նա եթե տեսնի մի ծուռ դրված քար, անպայման կմտահոգվի՝ արդյո՞ք դա անմշակ քար է: Նա ասաց, որ սեմինարի ընթացքում սովորել է տեսնել ու գնահատել արվետը:
Բացմանը խոսեցին Նազարեթ Կարոյանը, Սարո Սարուխանյանը, հետո ժողովրդին իր ելույթով մի լավ զվարճացրեց տեղի Վետերանների Միության նախագահը:
«Pogo Right» և «Pincet» խմբերի համերգով, որի փանկ-ռոք երաժշտության տակ պարում էին փառատոնի մասնակիցներն ու իջևանցի երեխաները, որոնց հավաքվել էին նայելու տեղի « լոքշ» երիտասարդությունը, ավարտվեց բացման օրը քաղաքում։ Ու մենք տեղափոխվեցինք մեր «Տուֆկ» հյուրանոցը, որտեղ էլ մերոնցով շարունակեցինք տոնը: Իսկ տոն իսկապես կար, չնայած շատ սուղ ֆինանսավորմանը:
Մասնակիցների մեծ մասը վրաններում էր տեղավորվել, հենց «Տուֆկ»-ի դիմացի բացատում, մյուս մասը` քաղաքի «Մոշ» կոչվող հյուրանոցում: Քանդակի սիմպոզիումի 1991 թվի մասնակիցներ, արվեստաբաններ, լրագրողներ, հյուրեր, սեմինարի ու փառատոնի երիտասարդ մասնակիցներ… Բոլորը միասին շփվում ու ուրախանում էին իջևանյան «Տուֆկ»-ի տարածքում: Ի դեպ, մենք էնտեղ մենակ չէինք, ինչ-որ միջազգային բնապահպանական ամառային ճամբարի երեխաներ էլ կային` իրենց սպիտակ շապիկներով, կենսուրախ գոռում-գոչյուններով։
Հաջորդ օրվա մասին քիչ բան կարող եմ պատմել, առավոտից միայն քանդակի սիմպոզիումի քննարկում էր ու սեմինարի կազմակերպման մասին ֆիլմի ցուցադրում։
Հա, չմոռանամ ասել երեք սրճարանների մասին, ուր նստում էինք ընդմիջումներին: Մեկը դաշնակներինն էր, մեկը չգիտեմ ումը, մյուսի անունն էլ` «Երիտասարդական»։ Քանի որ տեղացիներն էդքան էլ շատ չեն սրճարաններ հաճախում, նրանք մեզ ուրախ էին ընդունել` մենք լավ փող էինք ծախսում:
Երրորդ օրն ինձ համար ամենաբովանդակալիցն էր: Ցերեկով էլի շնորհանդեսներ ու դասախոսություններ էին, հետո՝ ամփոփում ու փառատոնի փակում մշակույթի տանը: Երեկոյան ժամը վեցին բոլորս հավաքվեցինք Իջևանի կիսակառույց ճոպանուղու մոտ, որպեսզի սկսենք Գոռ Ենգոյանի նախաձեռնած «Դեպի ներս» հանրային արվեստի ցուցահանդեսի երթը: «Դեպի ներս»-ը խմբային միջոցառում էր, որի նախագծերն անկախ էին և հիմնված հեղինակների անձնական փորձառության վրա:
Նախագիծը սկսվեց Յուրի Մանվելյանի հետազոտության շնորհանդեսից: Յուրին դիտարկում էր սահմաններից ամենառեալը՝ պետականը: Նա ասաց, որ հայ-ադրբեջանական սահմաններին անընդհատ մարդիկ են զոհվում, ու օրինաչափորեն՝ ընտրություններից առաջ և հետո ակտիվանում են «սնայպերական պատերազմի» զոհերը: Դրանց մեծ մասը հենց զորամասերում ներքին սպանություններ են, որոնք վերագրվում են հակառակորդին: Նաև՝ որ արդեն 20 տարի է, մեր երկրների ղեկավարները հանդիպում են, որպեսզի որոշեն զոհերի թիվը, որոնք կնպաստեն պատերազամական լարվածության պահպանմանը, ու հետևաբար` իրենց նախագահական դիրքերի ամրապնդմանը։ Ըստ նրա ԶԼՄ-ները խիստ կառավարվում են նախագահականի կողմից, և ինչքան զանգվածային է լրատվամիջոցը, այնքան ավելի խիստ է կառավարվում: Տեղեկատվական պատերազմի մասին ասաց, որ կողմերի միջև այն տարվում է հիմնականում ինտերնետով, և ինչպես պատերազմն է վարվում ռուսական զենքով, այնպես էլ տեղեկատվականը՝ ռուսերեն լեզվով: Հայկական և ադրբեջանական ռուսալեզու ինտերնետային ԶԼՄ-ների այցելուները կիսով չափ հակառակորդի ճամբարից են:
Հետո քայլեցինք դեպի բնակելի շենք, որտեղ «Բուլյոն» վրացական կոլեկտիվի մասնակիցներին հաջողվել էր որոշ բնակիչների համոզել շրջել իրենց դռան «գլազոկները»։ Մենք հարկերով շրջում էինք ու նայում բնակարանների ներսը, ուր մարդիկ անցուդարձ էին անում: Մենք միշտ նայում ենք դեպի դուրս, շատ հետաքրքիր էր նայել դեպի ներս:
Հաջորդ շենքում Մանան Թորոսյանն ու Սուսան Ամուջանյանը համոզել էին առաջին հարկի բնակիչներին իրենց տանից որոշ կահույք միջանցք դուրս բերել ու շարունակել իրենց առօրյա կյանքը միջանցքում: Աղջիկները պատմում էին, որ բնակիչները միանգամից համաձայնվեցին, նույնիսկ չհարցրեցին ինչի՞ համար է դա պետք: Մենք կանգնած նայում էինք, թե ինչպես են լոլիկ պահածոյացնում, հյուր ընդունում, երեխային խնամում:
Մանան ու Սուսան
— Հիմնականում ինչ-որ մեծ ցուցասրահներում են նմանտիպ պրոյեկտներ արել ու Երևանում, բայց առանց հանրության մասնակցության: Որոշեցինք փոխել տարածքը: Սկզբում ուզում էինք միջանցքը որպես սահման ընդունել ու կահույքը հանել փողոց, բայց ծանր կլիներ, դրա համար ընտրեցինք միջանցքը: Նաև փոխեցինք պրոյեկցիան` շրջեցինք ներսը դեպի դուրս: Մենք հանրությանը մասնակից անելով դարձրեցինք պրոյեկտը ռեպրեզենտատիվ` ներկայացուցչական: Շատ հավես էր էս ամենը և կազմակերպելը, և իրականցնելը, մանավանդ, որ մեզ շատ լավ ընդունեցին: Մենք հեղինակային ենք դարձրել մեզ մոտ որոշ մուտքերում, ուր բազմոցներ են դրված ու հարևանները սուրճ են խմում, սովորույթը: Հարկի բնակիչներից երկուսը խռով էին, հուսով էինք, որ կհաշտվեն, բայց էդպես էլ չհաշտվեցին…
Վերջին կետը հին, 80-ականներից բրախած, կիսաքանդ հյուրանոցն էր, որտեղ ոչ ոք չէր ապրում, միայն ինչ-որ պահեստ էր երկրորդ հարկում: Այնտեղ «ինվենտարիզացիա»՝ հաշվառում էին կազմակերպել Տիգրան Առաքելյանն ու Արև Առաքելյանը: Մեզ բոլորիս հաշվառեցին, նաև տվեցին հաշվառման թերթիկներ ու երրորդ հարկում մենք ինքներս արդեն հաշվառեցինք սովետի վերջի վկայությունները:
Երեկոյան՝ դիսկոտեկ-փարթի հրավիրված DJ-ով, պատկերասրահի առաջ, ուր երևանցիներս ու արտասահմանցի հյուրերը պարում էինք էդպես էլ մասնակից չդարձած իջևանցի հանդիսատեսների առջև: Նրանք էդպես էլ չհավատացին, որ մենք հայ ենք…
Հետո էլի մեր «Տուֆկ»-ում եզրափակեցինք իջևանյան քաոտիկ, ոչ այնքան կազմակերպված փառատոնը, ինչպիսի և հենց ժամանակակից արվեստն է՝ պարզ ու բարդ, պրմիտիվ ու անհասկանալի, հուժկու ու համեստ, կոնցեպտուալ ու միաժամանակ անիմաստ, բայց միանշանակ հմայիչ ու գրավիչ նույնիսկ տեղացիների համար գոնե այն առումով, որ իր ինտերվենցիայով ցնցեց ու աշխուժություն մտցրեց քնած քաղաքի միապաղաղ առօրեականության մեջ:
Իջևանը գուցեև դառնա մշտական փառատոնատեղի կուրատորական կուրսի ավարտական պրոյեկտների համար, գուցեև չդառնա, բայց հաստատ իջևանցիները կհիշեն էդ երեք օրը, որտեղ գոնե տաքսիներն ու սրճարանները հաճախորդներ ունեին, իսկ շուկայից տոնի համար գնվեց մեծ քանակությամբ վառելանյութ՝ գինու ու քաշովի օղու տեսքով: Մեկ էլ հյուրանոցները աշխուժացան: Եթե նման փառատոնները դառնան շարունակական, Իջևանի քաղաքային բիզնեսը միայն կշահի:
Սահակ Պողոսյան, քանդակագործ, 1991 թվի քանդակի սիմպոզիումի մասնակից:
— Ինձ հետաքրքիր էր, թե հետադարձ հայացքով ո՞նց կարելի է նայել էն ամենին, ինչ տեղի է ունեցել 19 տարի առաջ: Շատ քիչ բան ապրեց քանդակներից, ու հենց էդքանն էլ պիտի ապրեր, քանի որ էդքանն էր գիտակցաբար արարված: Իսկ Նազարեթի արածը հզոր բան է. նրան հաջողվեց մոռացության մատնված մի իրադարձության վրա ուշադրություն սևեռել: Չեմ կարծում, թե սրանից հետո ինչ-որ բան կտրուկ կփոխվի իջևանցիների մոտ, բայց էդքան ժողովուրդ, արվեստի հետ կապված երեք օր գտնվում էր Իջևանում, շրջում էր քանդակների միջով, լուսանկարում: Ու նրանց մոտ գոնե հարց կառաջանա, թե ինչո՞ւ են նկարում: Փաստն այն է, որ սա տեղի ունեցավ, ու էս ամբողջը հնարավոր եղավ մեկ մարդու նախաձեռնության շնորհիվ: Ոչ պետությունը, ոչ խոշոր հովանավորներ չեն օգնել նրան: Ես գիտեմ ինչ դժվարությունների միջով է անցել նա: Խոպան հող է սկսել մշակել, անցել է անանցանելի ջունգլիներով ու տեղ է հասել: Ու միայն նրա ներքին էներգիայի շնորհիվ էր, որ ոչ ոք փողոցում չմնաց, սոված չմնաց, նեղացած չմնաց: Պատկերացրեք ո՞նց կլիներ, եթե նա կարգին օգնություն ունենար: Բոլորս էլ վերադարձել ենք ջերմ զգացողություններով, բոլորս էլ պիտի կարոտենք այդ օրերը:
Ես Սահակի հետ համաձայն եմ: Համայնքային արվեստի առաջին փառատոնը կայացավ: Արտը գցված է, այլևս խոպան չի՝ փոցխված ու ցանված է: Թե ինչպե՞ս կխնամվի իջևանցիների, հաջորդ փառատոնի կազմակերպիչների ու մասնակիցների կողմից, կպարարտացվի հովանավորների օգնությամբ ու կվնասազերծվի զանազան բյուրոկրատներից ու անտարբերներից, այդպիսի բերք էլ կունենանք հաջորդ տարի:
Լուսինե Վայաչյան
Լուսանկարը՝ ocean-ի
Թող բարբառանքը
Սրտի մատուռից
Տա անեղծ լույսի
Հայցող տեսիլներ..
Որ տարածության ու ժամանակի ունայն մահիճում`
Հառաչանքներից հյուսած կարոտով
Զարդարի օրը…
Զրույցս նկարիչ, պոետ, «Այգերգ» ժողովածուի հեղինակ Արմեն Խոջոյանի հետ էր, հարցերս նույնը, ցանկությունս` բացահայտելու այսօրվա մտավորականի տեսակը, նրա ներուժը։
— Մտավորական մարդու Ձեր բնորոշումը:
— Դա ապրելակերպ է, մտավորականը մտավոր ուժի կրողն է` իր իսկ ընտրությամբ, իր իսկ ինքնակրթությամբ:
— Ի՞սկ մեր այսօրվա մտավորականները, նրանք կրո՞ւմ են մեր ժամանակի խնդիրները։
— Պասիվ են նրանք, որովհետև հասարակության այն շերտերը, որոնք պետք է ընկալեն մտավորականին, կայուն չեն: Սովետմիության ժամանակ հասարակության և մտավորականի կապը ավելի սերտ էր, որովհետև ժամանակը հաստատուն էր, փոփոխական չէր ` ինչպես հիմա: Հարուստ — աղքատի խնդիր չկար։ Կար միջին խավ , որտեղ սովորական մարդը կարող էր լինել կիրթ, գրագետ, արվեստ հասկացող ու գնահատող: Ցավոք, մեր հասարակությունը այսօր գնահատող չէ, ընկալող չէ, այնքան, որ քո արձագանքը տեղ հասնի: -Ուզում եք ասել ` չկա մտավորականի հասարակաական պահանջ:
-Պահանջը կա, ուղղակի հասարակության և մտավորականի սերտ կապն է կորել:Այն կարող է վերականգնվել, եթե մեր պետության ողջ իրավական դաշտը կիրթ լինի և պարզ գիտակցվի, որ մեր արվեստը երկրինն է: Թե չէ գրողները գրողներին են կարդում, նկարիչները նկարիչներին են փնովում, օպերայի երգիչները խմբավորվում են, չկա ընդհանուր ազգային մտածողություն: Ունենք առանձնակի արվեստագետներ, բայց նրանք չեն արժևորվում, որովհետև նրանց պահանջը և կա, և չկա: Արվեստագետը, որ իր աշխատանքին նայում է թեթև, զուտ որպես աշխատանքի, չի կարող կոչվել մտավորական, որովհետև ասելիք չունի։ Անկեղծության միջոցով շատ կարևոր բան է հաղորդվում, որովհետև արվեստի մեջ կան կոդեր, խորհուրդներ, որոնք հասկանալու համար նախ ինքդ պիտի դրանք կրես, որ մատուցել կարողանաս: Օրինակ` մեր Մատենադարանը, որ այդքան հայտնի ձեռագրերի պահոց է, մատուցում են զուտ գիտական տեսանկյունից, պատմաբանները զուտ վիզուալ արժեքն են գնահատում, առանց դրանց կոդն ընկալելու, որը շատ խորն է, թե որպես գաղափար, թե որպես արվեստ, որը ծառայում է հոգևորին: Իսկ բարձրագույն արվեստը, իրոք, ծառայում է հոգևոր մշակույթին։ Եթե այդպես չէ, ուրեմն սպառողական է, կենցաղային: Երբ արվեստի մեջ, մտավորականի մեջ վերջանում է հուզումը, ծարավը, նա դադարում է լինել մտավորական:
— Այսօրվա գերարագ ժամանակներում կարևորվո՞ւմ է մտավորականի խոսքը:
— Կարևորվում է, երբ պետությունն ու հասարակությունը բախվում են ու փորձում մտավորականի միջոցով կապը վերականգնել: Այստեղ մտավորականի արժեքավոր խոսքն է, որը կօգնի, կծառայի հասարակությանը: Այդպիսի մտավորականներ ունենք, բայց ցավոք չունենք ինտելեկտուալ, հարուստ մեկենասներ, որոնք կապող օղակ են հասարակության և մտավորականի միջև: Միշտ շահել է այն պետությունը, ուր նման որակի հարուստներ կան, ոչ թե պարզապես փող ունեցողներ, այլ կիրթ, արվեստի գիտակ, հոգով հարուստ, գաղափար ներկայացնող մարդիկ, որոնք կարող են արժանին հատուցել իրենց մտավորականներին: Օրինակ` Գյուլբեկյանը, որն այնքան գիտակ է եղել արվեստին, որ նրա հավաքածուն համարվում է աշխարհի լավագույներից մեկը: Ես կուզենայի մեր հարուստը ինքը հոգով հարուստ լինի։ Երբ կա հոգևորի պահանջը, կա և գնահատանքը։ Եթե չլիներ ռուս մեծ մեկենաս Մորոզովը, որը պատվերներ էր տալիս Մատիսին, ռուսները չէին հպարտանա, որ ունեն Մատիսի երկու հսկայական գործ, որը ներկայացնում է մի ամբողջ դարաշրջանի կուլտուրա: Դա շատ պարզ է, երկուսի մեծ կոնտակտը պայթյուն է առաջացրել: Փողը միայն տպարանում տպված թուղթ չէ, այն պիտի վերածվի արվեստի, կրթի քո ժողովրդին, ներդրվի քո ազգի մշակույթը կայացնելու գործում: Արվեստը հո՞ միայն հմայվելու համար չէ, այն կրթում է, ազգապահպանման հարցում անհրաժեշտություն է: Մարդը պիտի չմոռանա, որ հոգու սովը կարող է լինել շատ ավելի անտանելի, քան կեցության խնդիրը: Հավատքը, եթե չփոխանցվի սիրո միջոցով, միայն եկեղեցին ու Սուրբ Գիրքը քիչ են:
— Ունե՞ն մեր արվեստագետները ազատ երկրում ապրելու զգացողություն: Պաշտպանվա՞ծ են նրանք այդ ազատության մեջ։
— Չկա մեր երկրում պաշտպանվածություն: Մի օրինակ բերեմ: Գերմանիան օրենք ընդունեց, թե ինչ անել, որ իրենց
արվեստագետները ճգնաժամից չտուժեն։ Հիմա ծրագիր են մշակում բյուջեյի հաշվին արվեստագետներին հատուկ ֆինասավորելու, որ հուսահատությունից չկորսվեն, չհարբեն, ինքնասպան չլինեն: Սա արդեն մոտեցում է, պաշտպանություն է քո երկրի կողմից: Մեզ մոտ ամեն ինչ մեր ուսերի վրա է: Մի հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին, արդյոք նկարիչների միությունը վրձին տալի՞ս է: Խնդիրը այստեղ վրձինը չէ, այլ վերաբերմունքն է: Եթե սովետի ժամանակ պետությունը աշխատանք էր գնում, դա ոգևորում էր, որովհետև երկիրը հովանավորի կարգավիճակում էր, երկիրը քեզ տեր էր, իսկ դա պարտավորեցնում է։ Անտեր մարդն ինչի է պետք, անտեր արվեստագետը առավել ևս։
— Ինչպե՞ս կբնորոշեք մեր ժամանակները:
— Մենք ապրում ենք դժվարին, փոփոխական ժամանակաշրջան, ձևավորվել են երկու ծայրահեղ խավեր, մեկը մյուսին չհարգող, չհանդուրժող: Պիտի հուսալ, որ նոր սերունդը կարժևորի մեր ավանդույթները: Համաշխարհային կուլտուրայի մեջ նոր-նոր Սարյանը, Քոչարը, Մինասը մտնում են աճուրդային գոտի, նրանց թեև միլիոններ չեն գնահատում, բայց պահանջը կա: Եթե եղածը չգնահատվի, չվերարժևորվի, չի կարող նորը ձևավորվել, չի կարող եղածը շարունակվել:
— Ունե՞նք անհանգստանալու պատճառ, որևէ վտանգ տեսնու՞մ եք։
— Ամենամեծ վտանգը անտարբերությունն է: Անտարբերության մեջ շատ բաներ կորսվում են: Արվեստագետի համար կարևոր է ընկալված լինելը: Կուզեի մեր երկիրը պինդ լիներ և հնարավորություն տար մեր արվեստագետներին կայանալու, ներկայացվելու և նոր սերնդին ճանապարհ ցույց տալու:
— Որ՞ երևույթներն են, որ քեզ ցավ են պատճառում:
— Աղբարկղների մոտ հավաքված բոմժերը: Աղքատներն ինձ մեծ ցավ են պատճառում: Անցնում եմ մեր այսօրվա շքեղ խանութների կողքով, տեսնում առատությունն ու դառնանում մեր հասարակության ծայրահեղ բևեռացումից: Գուցե աշխարհում դա ընդունված է, բայց ինձ, որպես արվեստագետ, դա հուզում է: Ուզում եմ տեսնել այն նորմալ խավը, որն ապահովում է իր ընտանիքը, որը կիրթ է: Երբ քաղաքը կիրթ չէ, չկա հարգանք, վերածվում է քաոսի, արդեն քաղաք չէ:
— Իսկ մայրաքաղաքի արտաքին տեսքը բավարարո՞ւմ է քո գեղագիտական ճաշակը:
— Մեր քաղաքը տեսք չունի: Չկա ճարտարապետական քաղաքաշինություն: Միայն հարմարվածության ֆունկցիաներ կան: Կառուցվում է, ինչ հարմար է, և այնքան, ինչքան հարմար է: Կարելի էր ուղղակի պահպանել այն, ինչ պետք էր պահել, իսկ նորը կառուցել մի նոր տեղում, ինչպես քաղաքակիրթ երկրներում է`ունենալ հին ու նոր քաղաքներ:
— Հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Իհարկե, հավատում եմ: Ես օպտիմիստ եմ:
— Շատերն են հուսահատված:
— Ակնհայտ է, որ այսօրվա սերունդը արևմուտքի արժեքներն է դարձնում չափանիշ: Բայց ես փորձում եմ հավատալ, որովհետև չի կարող միանշանակ խավար լինել: Մթի կողքը լույսը կա: Եթե մենք մթի մեջ ենք, միևնույն է լույսը բացվելու է: Լույսը իր հետ լույս է բերում: Ուղղակի մոռանում ենք, որ դա մեզնից էլ է կախված: Արևի լույսը միայն հնարավորություն է տալիս իրար տեսնելու: Ինչպես Շամլուն է ասում.« Գեղեցիկը լույսում, գեղեցիկ է մթությունում»: Բայց դա տեսնել է պետք: Դու պիտի սպասես լույսը բացվի, որ գեղեցիկը տեսնես:
— Քո խրատը երիտասարդին:
— Ուզում եմ, որ շատ սիրեն իրար, լինեն կրթված, ճանաչեն աշխարհի բոլոր մշակույթները, առաջինը` մերը: Ինչը որ բուն ազգային է` պահեն: Մեր միջնադարյան կուլտուրան այնքան բարձր է եղել, որ այսօր ցանկացած ազգ կուզենար ունենալ: Միայն Նարեկացին բավ է, որ հպարտանանք: Ինչ արժեքներով, ինչ հավատքով է նա մեղքերի ամբողջ քավարանը բացում ու տանում դեպի սեր: Մեր ժողովուրդն էլ է ասում, թե Նարեկացի ունենք, բայց ասելով չի, դա պետք է փողոցում երևա, որ դու Նարեկացի կրող ազգ ես: Եթե դա փողոցում չի երևում, ի՞նչ իմաստ ունի անունը տալը: Նարեկացին նախ կրթում է մարդու անհատականությունը, փաղաքշում, սիրում, փայփայում: Սրանք բառեր չեն:
— Նկարիչ-պոետ Արմեն Խոջոյանը ի՞նչ է փնտրում այսօր: Ո՞րն է քո խոհը, քո խռովքը:
— Եթե վերանա հուզումը, սերը, կատարելության ձգտումը, կվերանա նաև արվեստը: Ստեղծագործությունը ցավից է ծնվում:
— Եվ ի՞նչն է քեզ ալեկոծում:
— Ամենաշատը անտարբերությունը: Երբ վերանում է կուլտուրան, շփումը գեղեցիկի հետ, որը մարդուն ավելի խոհեմ է դարձնում: Պետք է այսօրն ապրել, ոչ թէ սպասել, որ ապրենք: Մարդ կա ապրում է, մարդ էլ կա ամբողջ կյանքում պատրաստվում է, որ ապրի: Երբ չկան ասողն ու լսողը, ոչինչ չի կայանում: Նյութականը արժեք չէ: Կան իրական արժեքներ, որոնք, եթե նույնիսկ պատրաստ չես ընկալելու, ապա պիտի այնքան աշխատես քեզ վրա, մինչև որ դրանք քո համար դառնան իրական, քոնը: Ոչ միայն անուններ տանք, այլ շփվենք այդ արժեքների հետ, որպեսզի դրանք մեզ համար դառնան կենսական: Դա փողոցում լինելու կուլտուրան է, դա համերգ լսել է, դա նկար նայել է, խոսելը, գրականությունը և այլն:
— Այն երազանքը, որն ավելին կբերի:
— Երազում եմ այն նկարը, որը դեռ չեմ նկարել: Շատ ավելին եմ ուզում, ուզում եմ սիրել իմ երեխաներին, իմ միջավայրը, իմ ընկերներին: Այդ սերն ինձ ավելին է տալիս…
Կարինե Ջանջուղազյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերթական էվրիկան է մուտքագրել երգչախմբային ոլորտ։
Նախարարի նոր քաղաքականությունը թեժ կրքեր է բորբոքել։ Հասմիկ Պողոսյանը որոշում է կայացրել գործող երգչախմբերը միավորելու նորաստեղծ Երգչախմբային ազգային Կենտրոնում: Երաժիշտները քննարկում են, թե ինչ նպատակ ունի նման միավորումը, բնագավառում ինչը՞ պիտի բարեփոխի գլոբալիզցիայի հերթական քայլը։ ՀՀ մշակույթի նախարարն ասել է, թե երգչախմբերի գեղարվեստական ղեկավարներն ու գործելաոճը փոփոխությունների չեն ենթարկվելու: Նախարարությունից «Վարկածին» ասացին, որ Կենտրոնը կօգնի նախարարին վարել իր մշակությաին նոր քաղաքականությունը: Թե ինչպիսի՞ն է այն, ու ինչքանո՞վ կարդարացնի իրեն,կերևա առաջիկայում: Այս պահին, գոնե, մասնագետները որոշման տրամաբանական բացատրություն չեն գտնում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.