23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության շուրջ բարձրացած կարճատև աղմուկը հասարակությանը ստիպեց ևս մեկ անգամ լրջորեն մտածել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին, և ևս մեկ անգամ փաստվեց, որ այդ հարցում մեր հասարակության մեջ միասնական դիրքորոշում չկա։ Ոմանք գտնում են, որ Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, և վերջ (թող չուզողները գլուխները պատով տան), ուրիշները գտնում են, որ ԼՂՀ-ն ճանաչելը ոչ միայն սխալ է, այլև դավաճանություն (որովհետև Հայաստանը պիտի Ղարաբաղն ընդգրկի իր կազմի մեջ ու դրանով էլ «հարցը փակի») և այլն։ Մի խոսքով՝ ինչպես ամեն հայ տանտիկին տոլմայի իր բացառիկ բաղադրատոմսն ունի, այնպես էլ ամեն հայ տղամարդ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր սեփական ծրագիրն ունի։
Բայց խնդիրը ոչ այնքան կարգավորման կոնկրետ ծրագրերն են, որքան մոտեցումները։ Իսկ այդ հարցում տեսականորեն գոյություն ունի ընդամենը երեք տարբերակ, ու մենք երևի արդեն պիտի կողմնորոշվենք, թե որ տարբերակն ենք ընտրում և որ ուղղությամբ աշխատում, ընդ որում՝ միասնաբար։ Իսկ տարբերակները սրանք են.
- Ղարաբաղյան խնդիրը կարգավորվում է միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում։ Սա նշանակում է, որ նախ և առաջ մենք պիտի անվերապահորեն ընդունենք այդ օրենքները և նորմերը՝ անկախ նրանից, արդարացի են դրանք, թե ոչ, և արդեն դրանից հետո փորձենք այդ օրենքների և նորմերի շրջանակներում հասնել հնարավոր առավելագույնին։
- Ձևացնել, թե անվերապահորեն ընդունում ենք այդ նորմերը, բայց փորձել մեր կողմից ևս մի քանի նորմ ավելացնել և դրանով իսկ միջազգային հանրության համակրանքը թեքել մեր կողմը։ Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Օրինակ՝ հայտարարել, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կամ՝ պատմական փաստեր ներկայացնել, կամ՝ ազատագրված տարածքները ներկայացնել որպես փոխհատուցում Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից և ադրբեջանական այլ քաղաքներից տեղահանված հայերի համար և այլն։
- Ընդհանրապես արհամարհել միջազգային օրենքներն ու նորմերը և հանդես գալ ուժի դիրքերից (սա մեր պատմական հայրենիքն է, ոչ մի թիզ հող չենք զիջելու, և վերջ, թե կարող եք՝ եկեք գրավեք)։
Ուշադրություն դարձրեք՝ առանձին-առանձին այս երեք մոտեցումներն էլ գոյության իրավունք ունեն, բայց պետք է ընտրել միայն մեկը, որովհետև դրանցից երկուսը կամ երեքը միաժամանակ կիրառել հնարավոր չէ։ Ու հենց այս հարցի շուրջ է, որ հասարակության ներսում կոնսենսուս չկա, և դա, որպես կանոն, բացասական հետևանքներ է ունենում։ Օրինակ՝ իշխանությունները միշտ հայտարարում են, որ հակամարտությունը պիտի կարգավորվի միջազգային նորմերի շրջանակներում, և այդ տրամաբանությամբ էլ բանակցում են։ Եվ ցանկացած իշխանություն անմիջապես դավաճան է հռչակվում՝ այն պարզ պատճառով, որ միջազգային նորմերը, մեղմ ասած, այս հարցում այնքան էլ մեր օգտին չեն։ Կամ, ասենք, հայ դիվանագետները երկրորդ տարբերակն են ընտրում և միջագգային տարբեր ատյաններում հազար ու մի փաստարկ ներկայացնում (ի դեպ՝ մեկը մեկից արդարացի), բայց դրանք, որպես կանոն, որևէ արդյունք չեն ունենում։ Եվ արդյունքում՝ հասարակության մեջ արմատավորվում է այն համոզմունքը, որ հայ դիվանագետները (առանց բացառության բոլորը) կամ ապուշ են, կամ ապաշնորհ։ Որովհետև չեն կարողանում միջազգային հանրությանն ինչպես հարկն է բացատրել, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Իսկ միջագգային օրենքներն ու նորմերն ընդհանրապես արհամարհելը և ուժի դիրքերից ներկայանալը, որքան էլ հռետորաբանության տեսանկյունից ամենագրավիչն ու բոլոր առումներով ամենաարդարացին լինի, այնուամենայնիվ, փոքր-ինչ տարօրինակ մոտեցում է, որովհետև Հայաստանը գրեթե բոլոր առումներով (տարածքով, բնակչության թվով, տնտեսության բացարձակ ծավալներով, մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով, բնական պաշարներով և այլն) տարածաշրջանի ամենաթույլ երկիրն է։ Դրան գումարած՝ ոչ ծովային ելք ունենք, ոչ խելքը գլխին դաշնակից։ Համաձայնվեք՝ իսկապես տարօրինակ է, երբ այս «պարամետրերով» պետությունն ընտրում է բոլորի հետ ուժի դիրքերից խոսելու ճանապարհը։
Չորրորդ իշխանություն
«ՉԻ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի հանցավոր գործունեության վերաբերյալ։
Պարզվում է, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը տարիներ շարունակ լավ էլ քաջատեղյակ է եղել, որ Սպարտակ Դանիելյանը կալանավայրից խարդախություններ է անում, բայց՝ ի զորու չեն եղել կանխել նրա հանցավոր գործունեությունը։ Համենայնդեպս, «ՉԻ» հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունից պարզաբանել են, որ իրենք պարբերաբար խուզարկություններ են արել Ս. Դանիելյանի խցում, ամեն անգամ հայտնաբերել են արգելված իրեր՝ հեռախոսներ, բջջային քարտեր և այլն, բայց՝ միևնույն է, դրանք առգրավվելուց հետո նա նոր հեռախոսներ է ձեռք բերել և շարունակել հանցագործությունները։
Ուշադրություն դարձրեք, սակայն, հետևյալ հանգամանքի վրա. չնայած հանցավոր խմբավորման պարագլխի մոտ յուրաքանչյուր խուզարկությունից հետո հայտնաբերվել են արգելված իրեր, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն է նշանակվել միայն այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն է նման միջնորդագիր ներկայացրել։ Այսինքն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն աչք է փակել այնտեղ կատարվողի վրա այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցով լրջորեն չի զբաղվել նախաքննական մարմինը։ Ավելին, թեև Ս. Դանիելյանի նկատմամբ կալանավայրում մշտական հսկողություն է սահմանվել, նրա մոտ կրկին հայտնվել են արգելված առարկաներ, որոնցով նա նորանոր հանցագործություններ է իրականացրել։
Այս ամենը, հասկանում եք, պատահական չէ. հազիվ թե ՔԿՀ-ում այնպիսի բարձիթողի վիճակ լինի, որ արգելված իրերը ՔԿՀ հայտնվեն այդպես ազատորեն։ Ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը Դանիելյանի գործողություններն աչքաթող է արել, քանի որ իրենք էլ են այդ ամենից կոնկրետ ֆինանսական օգուտներ ստացել։ Այլապես, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է Դանիելյանն այդքան խուզարկությունների ենթարկվելուց հետո, այնուամենայնիվ, անարգել հանցավոր գործունեություն ծավալել ընդ որում, նշենք, որ նրա դեմ հարուցվել են քրեական գործեր մի քանի տասնյակի հասնող դրվագներով, իսկ Սպարտակի հանցավոր գործունեության արդյունքում տուժածների թիվը վաղուց անցնում է հարյուրը։
Չորրորդ իշխանություն
Ռոբերտ Քոչարյանին որևէ կերպ հանգիստ չի տալիս միտքը, որ ինքն այլևս չի կարող դերակատարություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ավելին՝ այս օրերին նա, ըստ էության, մեկուսացվեց նաև ԼՂ խնդրի շուրջ զարգացումներից։ Ընդ որում՝ Քոչարյանին որևէ կերպ հանգիստ չի տալիս նաև այն իրողությունը, որ Ղարաբաղի սահմանի չորսօրյա պատերազմի պատճառով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց նախ Սերժ Սարգսյանի, հետո նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու ԼՂՀ բարձրաստիճան մյուս իշխանավորների հետ (իսկ ահա ինքը ոչ միայն նման հանդիպումներ չունեցավ, այլև այդ առումով մեկուսացման մեջ է)։
Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Քոչարյանն իր թիմակիցների միջոցով փորձում է հեռակա կարգով Տեր-Պետրոսյանի դեմ «սև PR» անել ղարաբաղցիների շրջանում, հենց Ղարաբաղում։ Արդեն երևում են քոչարյանական խմբակի գործողությունների «առաջին ծիլերը», օրինակ՝ Ղարաբաղում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ հայտարարել է, թե «Լևոն Տեր-Պետրոսյանի այցի հետ կապված անհանգստություններ կան՝ հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանը մշտապես հրապարակայնորեն պարտվողական տեսակետի կողմնակից է եղել»։
Իրականում, իհարկե, բոլորը գիտեն, որ Ղարաբաղյան պատերազմը հաղթեցինք, և Արցախն ու դրան հարակից 7 շրջաններն ազատագրվեցին հենց Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, բայց դա չի խանգարում ոմանց, այնուամենայնիվ, հերյուրանքներ տարածելով զբաղվել։
Չորրորդ իշխանություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե այս պահին, երբ պատերազմը շարունակվում է, արհեստական օրակարգ ստեղծելն ու երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը բարոյական չէ։
«ՉԻ» – Փաստորեն ՀՀԿ-ն անբարոյականների հետ է կոալիցիա կազմել, որովհետև 1992-94 թվականներին, պատկերացրեք, Հայաստանը նույնպես պատերազմի մեջ էր, ավելին՝ այն ժամանակ նույնպես կար զերագույն–գլխավոր հրամանատար, և Դաշնակցությունը պահանջում էր նրա հրաժարականը։ Թե՞ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Դաշնակցությունը թարգել է անբարոյականությունը, խորապես զղջացել ու դարձի եկել։
Հայկական բանակն, ի դեպ, այն ժամանակ տարածքներ էր ազատագրում, և ոչ թե «ոչ էական» դիրքեր կորցնում։
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ նաև իմանալ Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում։ Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ քանի դեռ պատերազմ Է, գերագույն-գլխավոր հրամանատարն ինչ էլ անի չի կարելի պահանջել նրա հրաժարականը։ Թե՞ դաշնակցականներն այդ հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեն և հրաժարական պահանջել–չպահանջելը պայմանավորում են ֆինանսական չափորոշիչներով:
Չորրորդ իշխանություն
Հայտնի ճշմարտություն է՝ երբեք այնքան շատ չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Հիմա այդ առումով Հայաստանում «իդեալական վիճակ է»՝ սահմանին փաստացի պատերազմ է, ընտրություններին էլ ընդամենը մի տարի է մնացել։ Դրա համար էլ ստի ու կեղծիքի պակաս չի զգացվում։ Ընդ որում՝ ռազմաճակատից ստացվող լուրերում սուտ համարյա չկա, լրատվությունը բավականին օբյեկտիվ է։ Հասարակական-քաղաքական կյանքում է, որ ամեն ինչ խեղաթյուրված է, և իրավիճակի օբյեկտիվ ընկալման ցանկացած փորձ, մեղմ ասած, չի խրախուսվում։
Այսօր ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է՝ «լավ, էս ամեն ինչի վերջը ո՞րն ա» (խոսքը, հասկանալի է, ղարաբաղյան հակամարտության մասին է)։ Եվ հենց այս հարցն է, որի օբյեկտիվ պատասխանը չկա՝ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու տարբեր տրամաչափի քաղաքագետները գերադասում են պատասխանի փոխարեն վերամբարձ ու ոչինչ չասող ճառեր արտասանել։ Նրանց երևի թվում է, թե մարդկանց դա դուր է գալիս, որովհետև մարդիկ լսում ու եզրակացնում են, որ տվյալ հռետորը հայրենասեր է։ Բայց մարդկանց ոչ թե տվյալ հռետորի հայրենասիրության չափն է հետաքրքրում, այլ այն, թե ինչով է վերջանալու այս ամենը (եթե երբևէ վերջանալու է)։
Օբյեկտիվ իրականությունը հասկանալու համար պետք է մեկառմիշտ արձանագրել հետևյալը։
1. Ղարաբաղյան խնդիրը բանակցությունների ճանապարհով չի լուծվելու երբեք։ Որքան էլ կողմերը հակառակը հայտարարեն, մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Տեսականորեն դա կարող էր տեղի ունենալ միայն մի դեպքում՝ եթե հայկական բանակը հասնի Բաքու, և Ադրբեջանը, որպես պետություն, վերանա երկրի երեսից։ Բայց դա գործնականում անհնար է՝ մեզ պարզապես թույլ չեն տա։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայկական կողմը երբեք չի համաձայնվի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Եթե անգամ Հայաստանի որևէ ղեկավար նման փաստաթուղթ ստորագրի, դա ոչինչ չի փոխի, որովհետև Հայաստանում կայծակնային արագությամբ իշխանափոխություն տեղի կունենա։ Հետևաբար՝ խաղաղ ճանապարհով հարցի վերջնական կարգավորումը բացառված է։ Վերջ, այդ մասին մոռացեք։
2. Եթե խաղաղ կարգավորումը բացառված է՝ մնում է երկու տարբերակ՝ կամ լայնամասշտաբ պատերազմ, կամ անորոշ ժամանակով իրավիճակի սառեցում՝ ժամանակ առ ժամանակ կրկնվող «քառօրյա պատերազմներով»։
Քննարկենք առանձին-առանձին։ Լայնամասշտաբ պատերազմը մեզ ձեռնտու չէ նախևառաջ այն պատճառով, որ «խաղի կանոնները» Ղարաբաղի և Ադրբեջանի համար նույնը չեն։ Մեզ պարզապես թույլ չեն տա գրավել Բաքուն, իսկ եթե ադրբեջանցիները գրավեն Ստեփանակերտը՝ արտաքին աշխարհը պարզապես աղմուկ կբարձրացնի, և վերջ։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը նույնիսկ տեսականորեն վերջնական հաղթանակի հնարավորություն չունի, իսկ ադրբեջանական կողմը՝ ունի (բարեբախտաբար՝ միայն տեսական)։ Հետևաբար՝ հայկական կողմը պարտվելու իրավունք չունի, պարտությունը կնշանակի ոչնչացում, իսկ ադրբեջանական կողմը այդպիսի իրավունք ունի (առաջին պատերազմում պարտվեցին, բայց չոչնչացան)։
Եզրակացություն. Հայաստանը պիտի դառնա հզոր, զարգացած երկիր, որպեսզի պարտությունը բացառվի։ Երկրորդ տարբերակ՝ իրավիճակի սառեցում անորոշ ժամանակով։ Սա Ադրբեջանին ձեռնտու չէ, հետևարար՝ նրանք այդ «անորոշ ժամանակն» օգտագործելու են լայնամասշտաբ պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու համար։ Իսկ սա նշանակում է, որ նույնը պիտի անի նաև Հայաստանը։ Սա էլ իր հերթին հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնա հզոր, զարգացած երկիր։ Այսինքն՝ եզրակացությունը նույնն է:
Չորրորդ իշխանություն
Պատերազմական իրադրությունը շատ բան փոխեց հայաստանյան ներքաղաքական կյանքում և հասարակական տրամադրություններում։ Մարդիկ, որոնք անտարբեր էին քաղաքականության նկատմամբ կամ էլ իշխանությանը վերաբերվում էին որպես վերին ճշմարտության ատյանի՝ մտածելով, թե անելիք չունեն երկրի կառուցման ու զարգացման գործում, հիմա սկսեցին բարձրաձայն խոսել հանրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման, պետական միջոցները վատնելու ու համատարած թալանի մասին։
Հասարակությունը սուբյեկտիվ գործոնով պայմանավորված կանգնեց օբյեկտիվ հարցադրման առաջ, ինչո՞վ էր զբաղված իշխանությունը 20 տարի շարունակ, ո՞ւր են պետական բյուջեի փողերը, ինչո՞ւ դրանք չեն ուղղվել զինտեխնիկա գնելուն, երկրի զարգացմանը, ուժեղացմանը։ Սկսվեցին ինքնաբուխ վերագնահատվել պետության կառավարման եղանակները, իշխող էլիտայի վարքաբանությունն ու արժեհամակարգային դեգրադացիաները։ Հստակ երևացին բոլոր թերություններն ու իշխանության ապաշնորհության դրսևորումները հատկապես ազգային անվտանգության հարցերում։ Ավելի առարկայական ուրվագծվեցին քաղաքական համակարգի դեֆեկտները, իշխանության անգիտաթյունը, անպատասխանատվությունը, ապիկարությունն ու մնացած բոլոր ախտերը։ Այս ամենին զուգահեռ հասարակությունը սկսեց վերագնահատել օլիգարխիային։
Բոլորիս հայտնի է, որ տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական համակարգը բուծել է օլիգարխների՝ վերածվելով դասական օլիգարխիական միավորի։ Տարիներ շարունակ այդ բուծված օլիգարխները հպարտացել են իրենց կարգավիճակով, ինքնագնահատվել են հանրային ռեսուրսների հաշվին աղքատ բնակչությանը նետած գրոշներով՝ դրանք ներկայացնելով իբրև ազգանվեր բարեգործական ծրագրեր, բարի կամք և այլն, և այլն։ Ամպագոռգոռ այդ փուչիկներով է հագեցած եղել Հայաստանի քաղաքական-հասարակական մթնոլորտը։ Եվ հենց այս մթնոլորտում էլ օլիգարխները ոչ միայն չեն խորշել իրենց արածից, այլև հպարտացել են՝ չգիտակցելով սեփական թերհաս մտածելակերպի վտանգավորության աստիճանը պետության զարգացման, դիմադրողականության տեսանկյունից։ Այդ մարդիկ ու նրանց բուծող իշխանությունը, իսկ ավելի որոշակի՝ երկրի առաջին դեմքերը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, չեն էլ հասկացել, որ օլիգարխիան, սկսած Արիստոտելից, համարվել է կառավարման վատագույն ձև, քանի որ այն մսխում է հանրային բոլոր ռեսուրսները՝ օգտագործելով պետական, վարչական լծակները այդ ռեսուրսներն իրենց անձնական հարստացմանն ուղղելու համար։
Չորրորդ իշխանություն
Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, ինչպես հայտնի է, առաջին անգամ հրապարակային խոստովանել է, որ հայկական կողմը քառօրյա պատերազմի արդյունքում որոշ տարածքներ է կորցրել։ Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը գրավել է շատ փոքր, ռազմավարական նշանակություն չունեցող հատված շփման գծի հյուսիսում (Մարտակերտ) և հարավում (Լելե Թեփե), որոնք հետ բերելու փորձեր չեն արվել նոր զոհերից խուսափելու համար։ Ի՞նչ տարածքներ են դրանք և ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար: Այս հարցերի շուրջ զրուցել ենք հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հետ։
Սերժ Սարգսյանը կոնկրետ հայտարարեց, որ տարածքներ ենք կորցրել քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա հստակեցրեց, թե որ տարածքի մասին է խոսքը։ Կասե՞ք, թե խոսքն ինչի մասին է։
Շատ քիչ է լինում, որ ես համաձայնվում եմ Սերժ Սարգսյանի հետ։ Բայց սա հենց այդ դեպքերից է։ Այդ տարածքները մեզ համար ստրատեգիական չեն, 100 տոկոս, բայց դրանք տակտիկական առավելություն են տայիս հակառակորդին։ Մեր դիրքերը որոշակիորեն շեղացվում են այն կամրջից, որը Ադրբեջանը կապում է Պարսկաստանին։ Խոսքը Խուդաֆերինի կամուրջի մասին է։ Եթե առաջ պետք էր մի 5 կմ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելով գնայինք առաջ, ապա հիմա՝ մոտավորապես 6 կմ։ Ստացվում է, որ մեզ համար կարևորագույն ստրատեգիական օբյեկտի վրա գրոհը մեկ կիլոմետրով երկարեց և դժվարացավ։
Բայց ինչքա՞ն տարածքի մասին է խոսքը։
Մետրաժն այնքան էլ կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ կամուրջը, որը Ադրբեջանը կապում էր Պարսկաստանին, մեր կրակի հնարավորություններից հեռացվել է։ Եվ հիմա՝ գրոհելու դեպքում, մենք պետք է ավելի մեծ տարածություն հաղթահարենք հակառակորդի կրակի ներքո, որ դուրս գանք Խուդաֆերինի կամուրջի տակ։ Այդ առումով, մեր առաջխաղացման հարցում ծանրացել է մեր վիճակը։ Պաշտպանության առումով, սակայն, այս տարածքների կորստով ոչ մի ծանրացում չունեցանք, պարզապես մեր գրոհը դժվարացավ։ Գրոհելուց պետք է ինչ-որ խնդիր լուծես, չէ՞։ Էդ ուղղությամբ մեր գրոհելու հավանական հարցը էդ կամուրջի վրա դուրս գալն էր, ինչը դժվարացավ։
Այս պարագայում Թալիշը հնարավոր կլինի՞ նորից վերաբնակեցնել:
Ես որ խորհուրդ չէի տա Թալիշը վերաբնակեցնել։ Ես այն ժամանակ էլ կողմ չէի, որ Թալիշը վերաբնակեցվեր։
Հասկանում եմ, որ ծանր պահ է, որ դու գյուղդ լքես, բայց կարելի է Թալիշը վերաբնակեցնել ոչ թե Թալիշ գյուղի տարածքում, այլ դրա հարակից տարածքում։
Իսկ ինչո՞ւ էիք այն ժամանակ դեմ Թալիշը վերաբնակեցնելուն։
Այդ բնակավայրը միշտ ինտենսիվ կրակի տակ է եղել։ Հիմա ինտենսիվ կխփեն մի ամիս, մի տարի, թե 20 տարի հետո, մեկ է՝ հարվածի տակ է ընկնելու այդ բնակավայրը։ Մեր npoвepoчная карта-ն ցույց է տվել, որ ԼՂՀ-ում թուրքերի հետ կապող սահմանային հատվածում մեր դիրքերն այնպես են, որ իրենց բնակելի հատվածները ուղիղ մեր կրակի տակ են, իսկ մեր բնակավայրերը, բացի Թալիշից, հեռու են կրակից։ Դա, ասես, մեր թույլ կողմը լինի։
Չորրորդ իշխանություն
Փաստորեն, ընկեր Աղվանը չի հերքում, որ ասել է՝ «թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել», չի էլ կարող հերքել ասածը, քանի որ կա տեսագրություն։ Ասել է, բայց պարզվում է՝ իրեն սխալ են հասկացել, որովհետև իր ասելով՝ նկատի չուներ միակողմանի զիջումներ, այլ՝ խոսքը փոխզիջման մասին է։ Մեծ հաշվով, այստեղ կարևոր չէ՝ դաշնակները կողմ են զիջելուն, թե փոխզիջումներին: Կարևոր չէ, որովհետև նույն դաշնակները 18 տարի շարունակ միաբերան պնդել են ճիշտ հակառակը՝ չի կարելի ոչ մի թիզ հող զիջել թշնամուն։ Ու քանի որ «նախկին հանցավոր իշխանությունները», դաշնակների տրամաբանությամբ, մտադիր էին «ծախել Ղարաբաղը», իրենք պետական հեղաշրջում իրականացրեցին ու փրկեցին Ղարաբաղը։
Այսինքն՝ դաշնակ ընկերները 18 տարի շարունակ պնդում էին՝ դեմ են ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքներն այս կամ այն կերպ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, անգամ՝ փոխզիջման եղանակով, և ընդհանրապես՝ ըստ նրանց ԼՂ խնդիրը վաղուց է լուծվել, ու քննարկելու որևէ հարց չկա։ Ու հիմա հանկարծ դաշնակները խոսում են թեկուզ և փոխզիջման եղանակով, բայց տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը տրամադրելու մասին:
Հետաքրքիր է՝ դաշնակներից (և ընդհանրապես 1998թ. պետական հեղաշրջման հեղինակներից, այդ թվում՝ ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից) իրո՞ք 18 տարի պահանջվեց հասկանալու համար, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն Է։ Թե՞ նրանք այս ամենը գիտեին ի սկզբանե, պարզապես՝ Արցախի խնդիրը պատրվակ էր Հայաստանում հեղաշրջում անելու, իշխանության գալու և երկրի ողջ ունեցվածքը թալանելու համար։ Իսկ ստատուս քվոն էլ դե կպահեն՝ որքան կարողանան։ Չկարողանան՝ կհավաքեն փողերը և «հայդե՝ արտասահման»։
Հ.Գ. Ոնց է լինում, որ դաշնակներն ամեն անգամ մի բան ասում են, բայց իրենց միշտ սխալ են հասկանում:
Չորրորդ իշխանություն
Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Երեկ այսպիսի խիստ տոնայնությամբ հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության համար առիթ է դարձել Ադրբեջանի երեկվա հայտարարությունը. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։ Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ», ասված է ՀՀ ԱԳՆ-ի տեքստում։
Ըստ հայկական կողմի՝ Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ «Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին», ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանր՝ պատասխանելով ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի՝ «Իզվեստիա» թերթի հրապարակմանը առնչվող հարցին՝ ասել է. «Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով»։
Խոսքը Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթի այն հրապարակման մասին է, որի համաձայն՝ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում ակտիվ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի կողմերր փոխզիջում գտնեն բանակցություններում։ Դրանք, թերթի դիվանագիտական աղբյուրների տվյալներով, սկսվելու են արդեն առաջի-
կա օրերին։
Ըստ թերթի աղբյուրների՝ ԼՂՀ հարցի կարգավորման ռուսաստանյան ծրագիրը հետևյալն է. Ադրբեջանին պետք է վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Թերթի փոխանցմամբ՝ պետք է ապահովել սահմանների բացումը և տնտեսական կապերի վերականգնումը, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել։
Չորրորդ իշխանություն
Ի՞նչ հիմնական եզրակացություն պիտի անի Հայաստանի և Ղարաբաղի հասարակությունը՝ վերլուծելով քառօրյա պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Այս հարցի պատասխանը գտնելու համար մի պահ վերանանք առկա իրողություններից և փորձենք պատկերացնել, որ Հայաստանը պետություն չէ։ Այսինքն՝ նախագահ չկա, կառավարություն չկա, խորհրդարան չկա, պետական կառույցներ չկան, Հայաստանն ընդամենը տարածք է, որտեղ 3 միլիոն մարդ է ապրում, և հանկարծ թշնամին հարձակվել է այդ տարածքի վրա։ Բնակչությունը, հասկանալի է, անմիջապես կդիմեր մի քանի կոնկրետ քայլերի։
- Կգտնվեին հազարավոր կամավորներ, ովքեր այստեղից-այնտեղից զինվորական համազգեստ ձեռք կբերեին և կմեկնեին առաջին գիծ։
- Թիկունքում կստեղծվեին բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կռվողների համար հանգանակություններ կկազմակերպեին, սննդամթերք և շատ ուրիշ բաներ կհավաքեին ու կուղարկեին առաջին զիծ։
- Հասարակության շատից-քչից երևելի դեմքերը կոչով կդիմեին համայն աշխարհի հայությանը և կխնդրեին անմիջապես ֆինանսական և այլ կարգի օգնություն ուղարկել հայրենիք։
- Բողոքի ու զայրույթի հազարավոր նամակներ կուղարկվեին բոլոր ուղղություններով, և այդ նամակներում հասարակությունը կպահանջեր անմիջապես զսպել նենգ թշնամուն, սաստել նրան և վերականգնել պատմական արդարությունը։
- «Տեղում» բողոքի ցույցեր կկազմակերպվեին բոլոր այն հիմնարկների առջև, որտեղ արտասահմանցիներ կան։ Մի խոսքով՝ հասարակությունը կփորձեր ինչ-որ ձևով ինքնակազմակերպվել և, ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ արդյունքի կհասներ։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի օրերին։
- Անմիջապես հազարավոր կամավորներ մեկնեցին առաջին գիծ (ու դեռ շարունակում են մեկնել, որովհետև լարվածությունը չի թուլացել)։
- Անմիջապես ստեղծվեցին տարբեր կազմակերպություններ, որոնք մեծ ծավալի օգնություն են ուղարկում առաջնագիծ։
- Բացվեցին մի քանի հաշվեհամարներ, և ամբողջ աշխարհի հայությանը կոչ արվեց դրամական փոխանցումներ անել հօգուտ Ղարաբաղի։
- Երևանում բողոքի ցույցեր տեղի ունեցան ինչպես Ռուսաստանի (որն Ադրբեջանին ժամանակակից զենք էր վաճառել), այնպես էլ այլ երկրների դեսպանատների դիմաց, միաժամանակ կոշտ քննադատություններ հնչեցին միջազգային կառույցների հասցեին, որոնք իրենց անտարբերությամբ կանաչ լույս են վառել ադրբեջանական ագրեսիայի դիմաց, և պահանջներ ներկայացվեցին, որ նրանք անմիջապես դատապարտեն ադրբեջանական ագրեսիան։
Մի խոսքով՝ ամեն ինչ եղավ ճիշտ այնպես, ինչպես կլիներ, եթե Հայաստանը ոչ թե պետություն լիներ, այլ ընդամենը բնակեցված տարածք։ Պարզ ասած՝ ամեն ինչ կար, միայն պետությունը չկար։ Այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանը ոչ նախագահ ունի, ոչ կառավարություն, ոչ Ազգային ժողով, ոչ պետական հաստատություններ։ Ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ակնհայտորեն իրենք էլ չգիտեին՝ ինչ անել, և ավելի խելացի բան չգտնելով՝ որոշել էին գոնե ետ չմնալ շարքային քաղաքացիներից (դրա համար էլ բոլորը որոշեցին մի-մի կամուֆլյաժ հագնել և երևալ առաջին գծում)։
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.