29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...1996 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ նկարահանված մի տեսարան է տպավորվել, որը, երեւի, շատերը կհիշեն: Նվիրատվությունների արկղին անկայուն քայլքով մի 75 տարեկան տղամարդ է մոտենում եւ ծրարի մեջ ամփոփված իր թոշակը ճեղքից նետում է արկղը: Հետո կանգ է առնում եւ հարցազրույց տալիս պետական հեռուստատեսության թղթակցին: Այդպիսի մարդիկ այն օրերին շատ էին: Ո՞ւր կորավ այս ոգեւորությունը, ինչպե՞ս ստացվեց, որ համայն հայության վստահությունը վայելող կառույցն այսօր չի կարողանում այնքան գումար հավաքել, որ համահայկական նշանակության նախագծեր իրականացնի, ինչպես, օրինակ, ճանապարհաշինությունն Արցախում եւ Հայաստանում, ջրագծերի համակարգերի կառուցումը, որոնք նախկինում օրակարգային կետեր էին հիմնադրամի աշխատանքում, իսկ այսօր գրեթե ամբողջությամբ դուրս են մղվել ծրագրերից, թեեւ ջուրն ու ճանապարհը շարունակում են մնալ ՀՀ եւ Արցախի ամենացավոտ հարցերը: Ի՞նչ պատահեց, որ հիմնադրամն իր հեղինակությունը փրկելու խնդիր ունեցավ եւ ողորմելի արդարացումներ է ուղարկում ԶԼՄ-ներին՝ փորձելով ապացուցել, որ, ախր, մասնագետները լավ են աշխատում: Գուցեեւ ներքին խոհանոցում, հոգաբարձուների եւ հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ վստահության թեման շոշափվում է, բայց այդ քննարկումների արդյունքը չկա, եւ չկա այս ամենի մասին բաց խոսելու խիզախություն:
Վերջին տարիներին կիսաբյուջետային եւ բյուջետային հաստատություններում, ինչպիսին են, օրինակ, Հանրային հեռուստատեսությունը, ազգային ուժային որոշ կառույցներ, փող մուրալու ավանդույթ է ձեւավորվում: Աշխատողների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգտին: Կամ՝ փոստային ծառայությունների աշխատակիցներին հրահանգ է իջեցվում իրենց դիմող քաղաքացիներից, հօգուտ հիմնադրամի, մանր կորզել: Դե, իսկ մեծահարուստ հայաստանցիների կամ ղարաբաղցիների համար համահայկական կառույցին գումար հանգանակելը ՀՀԿ-ին անդամակցելու նման մի բան է դարձել:
Զարմանալի չէ, որ հիմնադրամի տարեկան հաշվետվություններում տպագրվող «Նվիրատուների ոսկե մատյանը» գնալով ՀՀ ընտրացուցակներն է հիշեցնում: Սա բերում է կամավոր հանգանակության գաղափարի փչացմանը: Նվիրատվություն անելը ՀՀ քաղաքացիների համար այլեւս պարտադրանք է, ոչ թե պատվի եւ հայրենասիրության հարց կամ գոնե պարկեշտ քաղաքացու բնական պահանջ կամ ավանդույթ դարձող սովորություն: Իհարկե, հիմնադրամի աշխատակիցները չեն կարող պատասխանել այսքան «ինչուների»: Գուցե հարցը հենց ծրագրերո՞ւմ է կամ նաեւ ծրագրերում: Փորփրելով հիմնադրամի կայք-էջը, մի քանի ավարտված ծրագրեր գտանք, որոնց համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են:
2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար ծախսել է ՀՀ նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում «նախագահական» բառը բացակայում է, այլ գրված է՝ «բնակելի շենք»: Մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է: Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր էր, որին պետք էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել: Հետո էլ զարմանում ենք, երբ թիկնապահներն իրենց նորմալ չեն պահում: Ռոբերտ Քոչարյանի՝ լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել: Իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը եւ ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ:
2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման եւ փորձաքննությունների, նաեւ տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար: Ով է «տիրություն» անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական եւ ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, կճշտենք առաջիկայում:
Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան եւ սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սեւանա լճի ափին կահավորվեց առագաստային ակումբը, այն համալրվեց գույքով, «յախտսմենների» թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային «կայֆերի» համար «Հայաստան» համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի եւ ճոպանուղու վերանորոգումը միասին` մոտ 1 մլն 92 հազար դոլար: Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով:
Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, եւ մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան` 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով: Մեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, եւ դրանք կխոսեն:
Հ.Գ. – Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից նախօրեին դժգոհություն էինք ստացել, թե մեր տեղեկություններն ինչու չենք ճշտում իրենցից, ինչու չենք հարցեր ուղղում հիմնադրամի տնօրենին, ով միշտ պատրաստ է պարզաբանումներ տալ: Ուստի հոդվածը գրելուց հետո դիմեցինք հիմնադրամին՝ խնդրելով պատասխանել նյութում տեղ գտած հարցադրումներին: Երեք օր սպասեցինք: Սակայն պարզվեց՝ Հիմնադրամը որոշել է «պատժել» մեզ եւ չպատասխանել ոչ մի հարցի:
Սյուզան Սիմոնյան
hraparak.am
Հիմնադրամի պատասխանը.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը` ի դեմս գործադիր տնօրեն Արա Վարդանյանի, տեղեկացնում է, որ դադարեցնում է իր համագործակցությունը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայք-էջի խմբագրական եւ լրագրողական կազմի հետ, ներառյալ տեղեկատվության բանավոր կամ գրավոր տրամադրումը, լրատվամիջոցի մասնակցությունը Հիմնադրամի հետագա մամլո ասուլիսներին եւ այլ միջոցառումներին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ լրատվամիջոցի ծավալուն հարցադրումներին առանձին հարցազրույցի միջոցով պատասխանելու
Հիմնադրամի առաջարկը ոչ միայն անտեսվեց լրատվամիջոցի (ի դեմս լրագրող եւ հրապարակումների հեղինակ Սյուզան Սիմոնյանի) կողմից, այլեւ շարունակվեց մեկ այլ` երրորդ հրապարակմամբ, որտեղ հնչեցվել են անթույլատրելի անձնավորված վիրավորանքներ Հիմնադրամի, գործադիր տնօրենի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի հասցեին, Հիմնադրամը կատարվածը գնահատում է որպես լրագրողական էթիկայի լրջագույն խախտում, մանավանդ որ «Հրապարակի» վերոհիշյալ լրագրողը երբեւէ որեւէ մասնագիտական կամ անձնական շփում չի ունեցել Հիմնադրամի աշխատակցի հետ: Հավելենք, որ «Հրապարակի» կողմից տարածած անհիմն եւ վիրավորական լուրերը, որոնք հեռու են վերլուծություն կամ մեկնաբանություն կոչվելուց, լրջագույնս կարող են անդրադառնալ թե կառույցի եւ թե նրա աշխատակիցների հեղինակության վրա»:
Գագիկ Բեգլարյանի գործադիրում լինելու հարցը մնում է օրակարգային.
«Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ»,- գրում է «Իրատես de facto» թերթը:
«Վարդենիս քաղաքով անցնող մայրուղուց տխուր տեսարան է բացվում` աղքատությունից մաշված շենքեր, աղբակույտեր, քամուց ամենուրեք թեւածող պոլիէթիլենե տոպրակներ եւ հնոտիներ հագած հատուկենտ անցորդներ:
Ամենավառ կետը Կարեն Բոթոյանի գունավոր նախընտրական պաստառն է, որը շարունակում է իշխել այս մոխրագույն թշվառության վրա, թեեւ ընտրություններն արդեն անցել են, եւ ինքը պատգամավոր է դարձել: Այս վայրերում դեռ հետընտրական կրքերը բորբոքվում են, գրում է«Հրապարակը»:
Մարդիկ քննարկում են, թե ում ինչ նախընտրական խոստումներ է տվել Կարեն Բոթոյանի աները` «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր Սերգեյ Մանուկյանը իր փեսայի համար «աշխատած» հեղինակություններին:
Ըստ Վարդենիսում եւ Սեւան քաղաքում պտտվող լուրերի, վերջիններս պետք է պարգեւատրվեին մեքենաներով, սակայն տեղի «խարոշիներից» միայն մեկն է նվեր ստացել «ջիպ»: Մյուսները վիրավորված են աներոջից էլ, փեսայից էլ եւ իրենց «քցված» են համարում: Սերգեյ Մանուկյանի նման պահվածքը շատերը բացատրում են Նեմեցի` Ռուբեն Հայրապետյանի հետ նրա ունեցած սերտ կապերով:
Հ.Գ. Եվրոպայի Սերգեյից որևէ մեկը վիրավորված չէ, և քցվածներ էլ, որպես այդպիսին դժվար թե գտնվեն, քանի որ մեր ունեցած տեղեկություններով նա կատարել է իր բոլոր խոստումները: Ինչ վերաբերվում է մեքենա նվեր ստացած անձին, նա խարոշի չէ, շատ պատրաստված անձնավորություն է, որը տքնաջան աշխատել է Կարեն Բոթոյանի նախընտրական քարոզչությունը հնարավորիս լավ կազմակերպելու համար: Իսկ թե ինչ կապ ունի այս ամենի հետ Նեմեց Ռուբոն, մնում է միայն ենթադրել:
Հայաստանցիներն ավելի հաճախ են սկսել մեքենաներ ներմուծել Ճապոնիայից, քանի որ դրանց գները համեմատաբար ցածր են։ Իսկ պատճառը մեկն է՝ ներմուծվածը ռադիացիայի ենթարկված մեքենաներ են: Ըստ վիճակագրության 2011թ. Հայաստանում Ճապոնիայից ռադիացիայի ենթարկված մեքենաների ներմուծման մի քանի դեպք է գրանցվել։
ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ այդ մեքենաները հետագայում ապաակտիվացվել են:Նա տեղեկացրել է, որ ռադիացիայի մակարդակն այդ մեքենաներում ժամում 80 միկրոռենտգեն է կազմել, իսկ նորման ժամում 60 միկրոռենտգենն է:
Մարտիրոսյանը նշել է, որ ռադիացիայի ենթարկված մեքենաները հատուկ մշակում են անցնում և մաքրվում են, դրանից հետո միայն մեքենան կարող է անվտանգ համարվել և սեփականատիրոջը հանձնվել: Թե որքան թանկ է նստում սեփականատերերի վրա ապաակտիվացման ընթացակարգը, Մարտիրոսյանը չի հայտնել, ինչպես և չի պարզաբանել, թե եթե դա հնարավոր է, ապա ինչու չի արվում մինչև ներկրելը, կամ ինչու հենց ճապոնացիները չեն զբաղվում դրանով։
Պետական պաշտոնյան նշել է, որ դա պարտադիր ընթացակարգ է: Սակայն չի հստակեցրել, թե ինչ է արվում այդ մեքենաները հայտնաբերելու ուղղությամբ, չէ որ չի կարող ընդամենը տարվա մեջ մի քանի դեպք լինել, երբ թվերը փաստում են, որ հենց ճապոնական էժան մեքենայի պահանջարկն է աճել:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Այնտեղ նրանք իրենց մտահոգությունն ու բողոքն են հայտնում Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ.
«Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց: Թեեւ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների եւ տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաեւ իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների եւ կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով եւ մեղմացնելով օդը:
Երեւանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի եւ շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Թեեւ այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա — Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայվածբախագծի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝
1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:
6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երեւան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների»:
«Օրենքի իշխանություն» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Հայկ Ալումյանը: Հաղորդումը վարում է «Arni Legal Aid» փաստաբանական գրասենյակի նախագահ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Օրենքի իշխանություն» հաղորդման հերթական թեման նվիրված է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել»-ուն: Նիկոլայ Բաղդասարյանն իր զրուցակցի` փաստաբան Հայկ Ալումյանի հետ փորձելու է պարզել որքանով է այսօր գործում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, ինչ թերություններ և առավելություններ կան այդ ոլորտում:
Ն.Բ.- Պարոն Ալումյան, Հայաստանում վերջին փոփոխություններից առաջ գործում էր վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը, ըստ որի՝ դատապարտյալը կարող էր դիմել իր կալանավայրի ղեկավարին, վերջինս էլ դիմելով դատարան` կարող էր ստանալ դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատման իրավունք: Կալանավայրերի ղեկավարները, որպես կանոն, դա օգտագործում էին կալանավայրում դատապարտյալների վարքը պատշաճ մակարդակի պահելու համար: Այնուհետև հաշվի առնելով այդ երևույթի կոռուպցիոն ռիսկերի մեծացումը՝ որոշեցին դիմել փոփոխությունների, և ստեղծվեց անկախ հանձնաժողով: Ի՞նչ եք կարծում, այսօր մենք ունե՞նք այդ անկախ հանձնաժողովը, թե՞ հակառակը` այն իրականում կախյալ է:
Հ. Ա. — Եթե հանձնաժողովը անկախ է մի բանից, ապա դա օրենքն է: Այն կախված է գործադիր իշխանությունից և ձևավորվում է գործադիր իշխանության կողմից: Այսինքն՝ եթե այդ հանձնաժողովի որոշումները բացարձակապես պատճառաբանված չեն, ընդամենը որոշումը ունի հետևյալ տեսքը. դատապարտյալներին`թվարկվում է 70 անուն-ազգանուն, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք չտալ, դատապարտյալներին` թվարկվում է 5-6 ազգանուն, թույլ տալ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու դատարան: Ի սկզբանե աբսուրդ է, երբ ստեղծվում է մի մարմին, որը որոշում է` այսինչ մարդուն թույլ տալ դիմելու դատարան կամ թույլ չտալ: Այստեղ աբսուրդը հենց հիմքում է:
Ն. Բ.- Անկախ հանձնաժողովի անդամները չեն էլ տեսնում դատապարտյալին, չեն ծանոթանում նրա գործին` ինչպե՞ս կարող են իրենք նման որոշում կայացնել: Չե՞ք կարծում, որ այստեղ կա օրենքի լուրջ խախտում:
Հ. Ա. — Օրենքի խախտում չկա: Այստեղ կա իրավունքի խախտում, և դա ավելի լուրջ է, այսինքն` օրենքը ինքը հակաիրավական է:
Ն. Բ.- Դուք դիմեցիք Սահմանադրական դատարան, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Սահմանադրական դատարանը լուծել է այդ խնդիրը և ինչ-որ կերպ կարգավորել իրավական հարաբերությունները:
Հ. Ա. — Այդ տպավորությունը երևի միայն Սահմանադրական դատարանի մոտ էր, իսկ մնացածի մոտ այն տպավորությունն էր, որ Սահմանադրական դատարանը ուղղակի լղոզեց հարցը: Այդ կառույցի և նրա առանձին անդամների նկատմամբ ամբողջ իմ հարգանքով հանդերձ` ասեմ, որ այս դեպքում Սահմանադրական դատարանը իր բարձունքին չէր, և հիմա այդ խնդիրն ավելի խորացավ. հիմա մեզ ասում են` եթե այդ ինստիտուտը սխալ լիներ, Սահմանադրական դատարանը դա չէր թողնի ուժի մեջ, այսինքն` Սահմանադրական դատարանի հեղինակությունը տվյալ դեպքում վնասեց այս ամենին, որովհետև այդ դատարանը, հենվելով իր հեղինակության վրա, արեց մի բան, որի համար, կարծում եմ, հիմա ամաչում է:
Ն. Բ.- Մենք միշտ հաճախում ենք մեկուսարաններ, կալանավայրեր և տեսնում, որ կալանավորների թիվը բավականին աճել է:
Հ.Ա. — Այո, դրան զուգահեռ վատթարացել է նրանց սանիտարական, բարոյահոգեբանական վիճակը: Մարդը պետք է հասկանա` ինչու մերժեցին իրեն պայմանական վաղաժամկետ ազատել: Այդ ինստիտուտի ստեղծման նպատակն այն է, որ մարդը հասկանա` այսինչ վարքագիծը դրսևորելու դեպքում իրեն չեն ազատի, և հակառակը: Դա վարքագծի կորեկցիայի մի ձև է: Իսկ այսօր, երբ առանց հիմնավոր պատճառի, մարդկանց պարզապես մերժում են, այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` իրենք ինչու մերժվեցին, և, բնականաբար, նյարդայնանում են:
Ն. Բ.- Այս կամայականության մեջ չե՞ք կարծում, որ կան բավական լուրջ կոռուպցիոն ռիսկեր:
Հ. Ա. — Այս անկախ կոչվող հանձնաժողովը հենց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակ էր հետապնդում, մինչդեռ բազմապատկվեցին դրանք: Այսինքն` խնդիրը լուծելու փոխարեն այն ավելացրինք:
Ն. Բ.- Իրենք պատճառաբանում են, թե այդ հանձնաժողովում կան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փաստաբանների պալատը հետ կանչեց իր ներկայացուցիչներին, փոխարենը հանրապետության նախագահը Հանրային խորհրդից առաջադրեց ներկայացուցիչների, սակայն վիճակը մնաց նույնը:
Հ. Ա. -Համաձայն եմ: Երբ անձամբ Ձեզ առաջարկեցին ընդգրկվել այդ հանձնաժողովներից մեկի կազմում, կարծում էիք, թե լավ գործի եք մասնակից լինելու: Ի՞նչը Ձեզ ստիպեց դիմում գրել և դուրս գալ հանձնաժողովի կազմից: Դուք, իհարկե, բազմաթիվ խայտառակ փաստեր վկայակոչեցիք, սակայն այլ հասարակական մարմին ներգրավվեց: Հուսով եմ` այդ մարդկանց խիղճը ևս կսկսի խոսել, և նրանք էլ դուրս կգան հանձնաժողովի կազմից: Սակայն ինձ համար ամենազարմանալին օմբուդսմենի գրասենյակի պահվածքն էր, քանզի ամենից շատ ՄԻ պաշտպանն էր պարտավոր ֆիքսել, որ այս հանձնաժողովների գոյությունը հակաիրավական է, և հենց նա պետք է հրաժարվեր իր մարդկանց ներգրավել այդ հանձնաժողովի կազմում:
Ն. Բ.- Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից:
Հ. Ա.-Ընդհանրապես այն մարմինը, որը պետք է որոշի մարդկանց մի մասին թույլ տալ` դիմելու դատարան, իսկ մյուս մասին` ոչ, որպես այդպիսին, գոյություն ունենալու իրավունք չունի:
Ն. Բ.- Եթե այդ մարմինը դուրս գա, մենք կվերադառնանք այն հին համակարգին, երբ դատավորներն էին փող վերցնում և դրա դիմաց կայացնում որոշում: Չե՞նք ունենա մի հին պատկեր, որից կրկին կդժգոհեն:
Հ. Ա. — Ես իրավունք ունեմ ինչ-որ մեկի դեմ հայցադիմում ներկայացնել դատարան, և եթե դատավորը կոռումպացված է, նշանակում է` պետք է ստեղծել դարձյա՞լ մի մարմին, որը կորոշի` ներկայացնելու իրավունք ես ունեմ, թե ոչ: Չի կարելի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարել անհեթեթ լիազորություններով օժտված ինչ-որ մարմին ստեղծելով, որը ևս կունենա կոռուպցիոն դերակատարություն կամ գոնե հնարավորություն այդպիսին դառնալու:
Ն. Բ.- Այդ դեպքում ավելի նպատակահարմար չէ՞ անկախ հանձնաժողովի անդամներին փոխարինել իրականում անկախ մարդկանցով և նրանց օգնությամբ որոշել վաղաժամկետ պայմանական ազատման հարցը: Օրինակ` ԱՄՆ-ում այդ հարցը լուծում է քաղաքապետը:
Հ.Ա. — Եթե քաղաքապետը որոշի` այս մարդը պետք է ազատվի, ուրեմն նա պետք է ազատվի, բայց եթե մեկ այլ պաշտոնյայի օժտեն այնպիսի լիազորությամբ, որը իրավունք կտա վերջինիս որոշելու` այսինչ մարդը քաղաքապետին դիմելու իրավունք ունի, թե ոչ, ապա կստացվի աբսուրդ, այսինքն` կունենանք այն, ինչ ունենք այսօր: Ես կարծում եմ` եթե այդպիսի մարմին գոյություն ունի, անկախ նրանից` նա կլինի քաղաքապետը, թե ինչ-որ մարդկանց խումբ, ապա դատապարտյալի մուտքը դեպի այդ մարմին պետք է լինի ազատ, առանց միջնորդության, ոչ թե ստեղծվի ևս մի միջանկյալ մարմին:
Ն. Բ.- Ըստ Ձեզ` կա՞ն չափանիշներ, որոնք անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել:
Հ. Ա. — Այսօր օրենսդրորեն ամրագրված են չափանիշներ, որոնք պետք է դատարանը հաշվի առնի անձին ազատելու որոշում կայացնելիս. շատ են դրանք, թե ոչ, հստակ են, թե մշուշոտ` այլ խնդիր է, բայց չափանիշներ կան, օրինակ` Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածում սահմանված չափանիշները: Բայց միջանկյալ մարմնի համար, առանց որի որոշման անձը չի կարող հասնել դատարան, չափանիշներ ընդհանրապես գոյություն չունեն. թե դատարանը ինչու մերժեց` մարդը իմանալու իրավունք ունի, բայց թե ինչու իրեն չթողեցին դիմել դատարան` նա իմանալու իրավունք չունի:
Ն. Բ.- Դուք երբևէ մասնակցե՞լ եք այդ նիստերին:
Հ. Ա.- Ոչ:
Ն. Բ.- Իսկ փորձե՞լ եք դիմել մասնակցության համար:
Հ. Ա.- Այո, դիմել եմ, բայց թույլ չեն տվել:
Ն. Բ.- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ լուծում պետք է ստանա այս իրավիճակը: Անհրաժեշտ է, որպեսզի Փաստաբանների պալատը, հասարակական կազմակերպությունները իրենց ձայնը բարձրացնեն և ճնշո՞ւմ գործադրեն այս հարցի լուծման համար:
Հ. Ա.- Միանշանակ: Մենք հիմա հենց դա ենք անում, մեր ձայնն ենք բարձրացնում: Ասում ենք` ավելի լավ է հիմա լուծեք, մի սպասեք, որ պայթի իրավիճակը:
1in.am
Երեկ Թումանյան փողոցի վրա գտնվող «Ջազվե» սրճարանում Դատավոր Կարինե Հակոբյանը, փաստաբան Արտավազդ Փարսադանյանը և էլի մի տղամարդ թեժ զրույցի էին բռնվել: Թե ինչ հարցեր կարող են քննարկել դատավորն ու փաստաբանը կարծում ենք պարզաբանման կարիք չկա: Իսկ միգուցե՞ ուղղակի զրուցում էին:
Փարսադանյանը այն փաստաբաններից է, որը մեղադրվել է խարդախության մեջ, սակայն, ինչպես տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, համաներմամբ ազատ է արձակվել պատժի կրումից: Իսկ համաներմամբ ազատվողը, ըստ Սահակյանի, համարվում է չդատված: Եւ փաստաբան Փարսադանյանը շարունակում է իր գործունեությունը:
Ողջ աշխարհում դեկտեմբերի 20-ից տոնական եռուզեռ է: Մարդիկ սկսում են պատրաստվել Ծննդյան տոներին: Մենք էլ որոշել ենք միանալ նրանց ու armversion.com կայքը առաջիկա մեկ ամսվա ընթացքում թարմացնել ոչ ամենօրյա պարբերականությամբ:
Սակայն դա չի նշանակում, թե դուք չեք կարող ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ էլ.օրաթերթում կարդալ հետաքրքիր ու բովանդակալից տեղեկություններ ու հրապարակումներ: Ընդհակառակը` այս ընթացքում մեզ մոտ կգտնեք էքսկլուզիվ լուրեր: Հետևեք կայքին, այն խոստանում է թարմ նորություններ, ինչպես նաև շաբաթվա TY ծրագրերը:
Սիրելի բարեկամներ, ֆեյսբուքյան «ռազբոռկաները» թեմայով, թե` ի՞նչ է հոմոսեքսուալիզմը`ընտրություն, հիվանդություն, հոգեկան շեղում, այլասերվածություն, թե՞ թվարկվածներից ոչինչ, այլ ուղղակի` սեռական կողմնորոշվածություն, որը եղել է ու կա մարդկության պատմության մեջ բնակչության 5-7% մոտ, այդ թիվն անփոփոխ է Հռոմեական կայսրության ժամանակիներից ի վեր: Ձեզ եմ ներկայացնում մի հոդված, գրված Վրեժ Շահրամանյանին այցելելուց հետո, որտեղ սեքսոլոգը սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով(Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաև Աստված), որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 30 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետևաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաև ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ սեքսի, սեքսսուալ առողջության, սեռական անվտանգ վարքագծի, ու «սեքս» բառարմատը պարունակող ցանկացած բանի մասին մինչ այսօր փսփալով են խոսում, (ուր մնաց թե դիմեն սեքսոլոգի), սեռական տգիտությունը վերացնելու և սեքսոլոգի հետ ուղիղ կապ հաստատելու համար «Հայկական Վարկածը» և սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը armversion.com կայքում բացում են հատուկ ենթաբաժին` «Սեքսը մեր կյանքում», որը կարող եք գտնել կայքի «Ձեր վարկածը» բաժնում:
Կներկայացվեն սեքսուալ առողջության մասին գիտահանրամատչելի հոդվածներ, կարծիքներ, նաև Վրեժ Շահրամանյանը կպատասխանի ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք ուղղել կայքին` մեկնաբանության տեսքով (բաժնի նյութերի տակ), էլ. փոստով և ֆեյսբուքյան մեր էջում:
Այսօր լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պատմությանը, «որի մերկ լուսանկարները հայտնվել էին ինտերնետում»:
Հարկ է նշել, որ այս պատմությունը նոր չէ, և դրան ծանոթ էր որոշակի շրջանակ, սակայն խուսափում էր քննարկել, համարելով դա անվայել. Ի վերջո, ինտերնետ ցանցում մարդկանց ինտիմ կյանքը տարածելու գարշելի և անթույլատրելի քայլը, էլ ավելի անթույլատրելի է ու տգեղ, դարձնել լայն հանրության սեփականությունը:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է Անժելայի հեռանալը բացատրել նրա առողջական խնդիրներով և լուրեր է տարածում, իբր թե դերասանուհին մինչ այս պատմությունն էր հրաժարվել ներկայանալ աշխատանքի, և իրենք ստիպված են եղել նրան փոխարինել ուրիշով»,- հավելում է թերթը: Սակայն դա իրոք, այդպես է Անժելան ծանր դեպրեսիայի մեջ հայտնվել է հիվանդանոցում:
«Պարզվում է, այդ նկարներն իրենց սև գործն արել են` նրան հեռացրել են սերիալի նկարահանումից: Ավելին`սերիալի սցենարի հեղինակն օգտագործել է նախկին դերասանուհու շուրջ խոսակցությունները և գրեթե նույն պատմությունը ներկայացրել է վերջին սերիաներից մեկում: Ինչպես և կյանքում, նրա գործընկերուհիները սերիալում քննարկում են կատարվածը, քարկոծում նրան», -ասված է հրապարակման մեջ:
Ոչ ոք ապահովագրված չէ չարության թիրախ դառնալուց, և այս լուրը տարածողները կամ դրանով էժանագին սենսացիա անողները, չպետք է մոռանան,որ իրենք կամ իրենց մերձավորները արդեն հայտնվել, կամ կարող են հայտնվել նման իրավիճակում:
Ցավոք, նախանձը, չարությունն ու մերձավորի դավաճանությունը, դիմացինին տրորված տեսնելու հաճույքը դարձել է բնականոն մեր կյանքում: «Ընկածին չեն խփում», արժանապատիվ այս ճշմարտությունը մեզանում շրջվել է 180 աստիճանով`մեզ մոտ հենց ընկածին են խփում, մոռանալով աստվածաշնչյան փառահեղ ` «Ով որ մեղք չունի թող առաջինը քարը վերցնի» ասույթը:
Հայկական վարկած
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.