29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից»։
Մեծ Լոռեցին այս խոսքերն ասել է 100 տարի առաջ՝ նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նույն մտածմունքների մեջ. խնդիրները շարունակում են կուտակվել, նրանց ավելանում ու ավելանում են նորերը:
Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մեկը՝
2000 թ. դեկտեմբերի 26-ից՝ ստորագրման պահից, ուժի մեջ է մտել օրենքը՝ ըստ որի «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» («Գիտական և գիատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 3-րդ կետ): 13 տարի անց կարող ենք փաստել, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել, չնայած բազմաթիվ դիմումներին ու բողոքներին. «Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, և, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն՝ ձայն բարբառո հանապատի» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):
Տիգրան Սարգսյանի կառավարության սկզբում հարցը կրկին բարձրացվեց, աղմուկ հանվեց։ Այն ժամանակ վարչապետն ասաց, որ իրենց պետք է 2 տարի… և քանի՞ 2 տարի է անցել այդ ժամանակից… Եթե խնդրին լուծում տալու համար կառավարությունը հանձնաժողով է ստեղծել ու հանձնաժողովն իր գործը չի կատարել, ապա այդ հանձնաժողովի անդամները ենթակա են պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա հենց ինքը, վարչապետն է ենթակա պատասխանատվության, և պետք է ասել` ծանր պատասխանատվության:
«Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով»։
Մի՞թե խորը բարոյական հիվանդության նշան չէ թոշակառուին իր թոշակի կոպեկներից զրկելը։ ՀՀ-ի գործող գիտնականի միջին տարիքն է 63, իսկ այս 13 տարիների ընթացքում նրանք 1000-ներով հեռացել են… հեռացել են ոչ թե Հայաստան երկրից, այլ կյանքից: Ի՞նչ պատասխան է տալու մոլեռանդ քրիստոնյա մեր վարչապետը նրանց՝ վերերկրային հանդիպումում: «Հարգելի´ Կառավարություն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդեն այն տարիքում են, որ պարզապես չեն կարող սպասել, թե երբ է Կառավարությունը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրյա հացի խնդրի լուծմանը: Նրանք երբեմն՝ լուռ, երբեմն Սահմանադրական դատարանում պաշտպանելով 65 տարեկանից հետո աշխատելու իրենց իրավունքը` հեռանում են կյանքից, որովհետև մեր իշխանությունները նրանց գնահատելու փոխարեն ամեն գնով կարճացնում են նրանց կյանքը:
Կառավարության գործելակերպը կարծես դրված լինի՝ «չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա … Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնյա պաշտոնյաներին` անհապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական այն կարգերը, որոնցով կապահովվի նրանց վաստակած արժանապատիվ ծերությունը» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):
Ուստի, ամեն ինչին՝ և՛ խաբվածությանն ու արհամարհվածությանը, և՛ հիշված, գնահատված ու մեծարված չլինելուն գումարվել է նաև այն ծայրահեղությունը, որ նաև սոված են եղել այդ մարդիկ: Լա՜վ սովորել են շահարկել թոշակառուի անունը, այնինչ մշտապես կտրել են թոշակառուից, և շարունակում են նույնաբար՝ առանց ամոթի և կամ խղճի խայթի:
«… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը»։
Այսօր, որպես քավության նոխազ, բանտում է Վազգեն Խաչիկյանը՝ թոշակառուների թոշակներից ուտելու մեղադրանքով: Իսկ չէ՞ որ Խաչիկյանի և իր «գործընկերների» կերածն ընդամենը մի կաթիլ է այս 13 տարիների ընթացքում կերվածի օվկիանոսում։ Իսկ որտե՞ղ, ո՞ր բանտում, ի՞նչ պատժով պիտի պատժվեն մարդիկ, ովքեր դա արել են և շարունակում են անել տարիներ շարունակ: Ինչո՞ւ թոշակառուին հացից անգամ զրկած ղեկավարները ոչ միայն բանտերում չեն, այլև զբաղված են՝ հրաշքով իրենց հաշվի վրա միլիոնավոր դոլարներ փոխանցած «բարերարի» «փնտրտուքով»:
Երիտասարդները բողոքում են, որ թոշակառուն չի ուզում զիջել իր տեղը երիտասարդ կադրին: Ինչո՞ւ… քանի որ նա թոշակ չի ստանալու, քանի որ նրա ստացած թոշակը չեղածի հաշիվ է: Այսպիսով, արժանավոր, բազմավաստակ, հայտնի գիտնականը դառնում է քննադատությունների թիրախ։ Մարդիկ մինչև խորը ծերություն կառչում ու կառչած են մնում իրենց տեղից, քանի որ գիտեն, որ եթե մնան միայն թոշակի հույսին, սոված են անցկացնելու մնացած օրերը կամ էլ՝ կախված իրենց զավակների բարյացակամությունից։ Ո՞վ է այս ամենի իրական մեղավորը։ Նա, ով զրկել է մարդուն իր տարիների վաստակով անգամ գոյատևելո՛ւ հնարավորությունից։
«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
Ինչ կասեիք, վարպե՛տ, եթե իմանայիք, որ 100 տարի անց ոչ միայն չենք մաքրվել, այլև ավելի ենք փչացել:
Նրանք, ովքեր կոչված են իրենց ժողովրդի համար մարդուն վայել կյանք ապահովելու, գողանում են գիտնականի գրպանից, և այն էլ թոշակառո՛ւ գիտնականի գրպանից… և ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ իրենց խղճի առաջ, ո՛չ օրենքի։
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»։
Նաիրա Վարդապետյան
Մեր երկիրն ունի հանրային լայն հնչեղություն ստացած մի մեծ պրոբլեմ՝ գիտության զարգացման խնդիրը: Երկիրը, հանրությունը հասկացել են, որ կա գիտության զարգացման համար անհրաժեշտ կազմակերպչական քայլերի, օրենսդրական դաշտի բարելավման և ֆինանսավորման էական ավելացման անհրաժեշտություն, բայց հարցը չի ստանում ոչ մի արձագանք վերևներում: Բազում դիմում-նամակներ են գրվել, չնչին մասն արձագանքվել է, մեծ մասը՝ ոչ…
Սակայն սա դեռ առակիս հետ կապ չունի: Դե, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դիմումների մեծամասնությունն անարձագանք է մնում: Սովորել ենք անարձագանք դիմումներին ու եթե հանկարծ պատասխան է լինում, դա համարում ենք վատ նշան ու, ապահովության համար, խաչակնքում: Պիտի ասել, որ հազվադեպ, բայց լինո՛ւմ են զարմանալի ու անսովոր դեպքեր…
Ավելի հասկանալի լինելու համար՝ խոսենք օրինակներով՝ առաջին՝ անարձագանք խմբի մեջ է մտնում 2011թ. սեպտեմբերի 30-ին, 250-ից ավել գիտաշխատողների ստորագրությամբ, Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահին ուղղված մի դիմում-նամակ, որում մասնավորապես ասվում էր` «Ելնելով այն հայտարարությունից, որ արել են քաղաքական կուսակցությունները՝ ՀՀ գիտության ֆինանսավորումը բյուջեից հասցնել 3 տոկոսի, դիմում ենք Ձեզ՝ խնդրանքով հնարավորինս շուտ այս տեսակետը քննարկել ՀԽ-ում և հասցնել այն ՀՀ նախագահին: Մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են, որ հապաղման յուրաքանչյուր օրը հակասում է հանրապետության զարգացման հռչակագրած ռազմավարությանը, սպառնում է ազգային անվտանգությանը և ընդհանրապես վտանգավոր է երկրի համար»:
2 տարի առաջ արված այս դիմումը ՀԽ-ի կողմից արժանացել է «Ձայն բարբառո հանապատի»:
Բայց սա էլ առակիս բուն ասելիքի հետ կապ չունի…
2-րդ՝ արձագանքված դիմումների խմբի մեջ է մտնում մեկ ուրիշ դիմում՝ վերոհիշյալի հետ կապ չունեցող: Բանն այն է, որ վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկություններին ընթացք չտալու պատճառով ՀՀ Կրթության և գիտության նախարարի կողմից ՀՀ ԲՈՀ-ի նախագահն ստացավ նկատողություն: Նա դիմեց ՀԽ-ին, և 4 օր անց եղավ այսպիսի արձագանք՝ ՀԽ-ն այդ խիստ նկատողությունը հիմնավորված չի համարում:
Առակիս բուն ասելիքին դեռ չեմ հասել, այլ միայն կուլմինացիային…
Արձագանքված դիմումը հիշողություն արթնացրեց երիտասարդ գիտնականների մոտ առ այն, որ 2 տարի առաջ արված իրենց դիմումը դեռևս պատասխան չի ստացել: Օրերս «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» Հասարակական կազմակեպության նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես եկավ բողոք-նամակով, որ ՀԽ-ի կողմից բացակայում է անաչառ մոտեցումը դիմումներին:
Հանրային խորհուրդը պատասխանեց երիտասարդներին, և ահա այստեղ էր, որ պարզ երևաց վայրը, որտեղ թաղված էր շան գլուխը:
Պարզվեց, որ, ճիշտ է, ՀԽ-ն թերացել է՝ չպատասխանելով դիմում-նամակին, բայց մի կողմից էլ… ի՞նչ պատասխաներ, եթե նա, ինչպես պարզվեց, 2011 թվականին այդ հարցը ՀԽ-ում համակողմանիորեն քննարկել է «Գիտության զարգացման հեռանկարները, գիտության ֆինանսավորման և կառավարման հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված լայն քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել այն տեսակետին, որ գիտության զարգացումը կախված է ոլորտի ֆինանսավորման ավելացման հետ: Կազմվել են փաստաթղթեր և ուղարկվել նախագահին… ՀԽ-ի 2011թ. տարեկան հաշվետվության մեջ այն տեղ է գտել հետևյալ ձևակերպմամբ` «Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը՝ էապես ավելացնելով հատկապես հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցները»:
Փաստորեն ՀԽ-ն իր գործն արել է, էլ ի՞նչ աներ: Հո չէ՞ր պատասխանելու գիտնականներին, թե նախագահին ուղարկած մեր փաթեթը նմանվեց Նոյի ագռավին:
Դե հիմա պետք է նստել ու լրջորեն խորհել, թե ինչ բան է Հանրային խորհուրդը, և ինչի համար է այն ստեղծված: Ըստ ամենայնի՝ նրա առաքելությունն է՝ հանրության ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Առաջներում թագավորները, իբրև դերվիշ, կամ մուրացկան, կամ «Իբրև թե չարչի մի թափառական» մտնում էին ժողովրդի մեջ՝ լսելու հանրության ձայնը: Այսօր դրա փոխարեն կա Հանրային խորհուրդ, որը հանրության ձայնը՝ փաթեթի տեսքով, բերում և դնում է իր սեղանին: Մնում է՝ ծանոթանալ, ընթացք տալ, որպեսզի մարդիկ հավատ ունենան, որպեսզի երիտասարդ գիտնականները չհիասթափվեն ու չմտածեն, թե՝ Չի լինելու երկրի վըրա
ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր…
Ուրեմն այստեղ կա երկընտրանք՝ կամ պիտի մաքրել Հանրային Խորհրդի ձայնալարերը, կամ իշխանավորների ականջները: Այն, որ երիտասարդներին չկա պատասխան ՀԽ-ից, ճիշտ է` լավ չէ, բայց դա` ոչինչ, իսկ ա՛յ այն, որ ՀԽ-ին չկա պատասխան նախագահից, ա՜յ դա՛ է արգահատելի:
Առակս զի՞նչ ցուցանե… Փաստորեն կարելի էր եզրակացնել, թե Հանրային խորհուրդը ֆիկցիա է… այն չի՛ գործում: Բայց, ավա՜ղ, սիրելի՛ երիտասարդ գիտնականներ, շատ մի զայրացեք ու ՀԽ-ներո՛ւմ մի փնտրեք պատասխաններ՝ ձեր արդարացի հարցերին. իրականում մարդիկ հավաքվել են, ժամանակ հատկացրել, քննարկել, բանավիճել, ընդհանուր հայտարարի եկել, ձևակերպել, ստեղծել փաթեթ, ուղարկել նախագահին… և ընդ որում՝ մարդիկ, ում ժամանակը թանկ է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Գիտության պետական կոմիտեի նախագահ, ակադեմիկոսներ, երիտասարդ գիտնականներ:
Ուստի` առակս այն ցուցանե, որ…
Իրականում մեր ղեկավարությունը նմանվել է Օստապ Բենդերին՝ այն առումով, որ, ի դեմս Հանրային խորհրդի, նա բացել է պոզերի և սմբակների հանձնման գրասենյակ («Եղջյուր ու սմբակ» գրասենյակ, Ի. Իլֆ և Եվ. Պետրով, «Ոսկե Հորթը»): Հետաքրքիր է` ո՞վ է այդ դեպքում ՀՀ նախագահին կից զիցնախագահ Ֆունտը [1]։
Այսպիսով, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր. Առակս զի՞նչ ցուցանե…
[1] Я — зицпредседатель Фунт. Я всегда сидел. Я сидел при Александре Втором «Освободителе», при Александре Третьем «Миротворце», при Николае Втором «Кровавом». […] При Керенском я сидел тоже. При военном коммунизме я, правда, совсем не сидел, исчезла чистая коммерция, не было работы. Но зато как я сидел при НЭПе! Как я сидел при НЭПе! Это были лучшие дни моей жизни! […] Я беру недорого: сто двадцать рублей в месяц на свободе и двести сорок — в тюрьме. Сто процентов прибавки на вредность. // И. Ильф и Е. Петров, Золотой телёнок, Глава XV, Контора «Рога и копыта».
Մանե Հակոբյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:
Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս — 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, Նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաև ծրագրի դինամիկան և արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն. դրամ: Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին` հաջորդ տարի պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության և օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը:
Հ. Գ. Նշենք, որ «Հայկական Վարկած»-ը հետևողականորեն լուսաբանում է գիտնականներին հուզող խնդիրները, և այս խնդրի հաջող լուծման հարցում՝ մենք ունենք մեր համեստ լուման:
Հռիփսիմե Սնխչյանն աշխատում է Ամստերդամի Ազատ համալսարանի բժշկական կենտրոնում, հանդիսանում է դոկտորական թեկնածու (ասպիրանտ) նյարդաբանության գծով: Միշտ հետաքրքրվել է մոլեկուլային կենսաբանությամբ ու մանավորապես` դրա համատեղմամբ պաթոֆիզիոլոգիայի հետ: Ներկայում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դարձել են միլիոնավոր մարդկանց անլուծելի խնդիրը: Դա մեծ մոտիվացիա է առաջացնում` աշխատելու այս ոլորտում և փորձելու ինչ-որ ներդնում ունենալ նոր թերապևտիկ միջոցների զարգացման մեջ: Իրեն դեռևս գիտնական չի համարում, քանզի դեռ շատ սովորելու բաներ ունի իր դոկտորական աշխատանքի ընթացքում:
Երկու տարի աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ և պատրաստել է մագիստրոսական թեզը` դոկտոր Արսեն Առաքելյանի ղեկավարությամբ: Շատ ուրախ է, որ պատիվ է ունեցել աշխատելու այդ լաբորատորիայում: Մագիստրոսական թեզը եղել է հայերի մոտ իշեմիկ ինսուլտի հանդեպ գենետիկական հակվածության վերաբերյալ:
Ապա մեկ տարի աշխատել է Գերմանիայում` Էսսենի համալսարանի բժշկական կենտրոնում, որտեղ գիտահետազոտական թեման եղել է ուղեղում դեղերի տեղափոխիչների (տրանսպորտրների) կարգավորումը իշեմիկ ինսուլտի ժամանակ: Այժմ Ամստերդամում աշխատում է այդ նույն տեղափոխիչների կարգավորման վրա, սակայն Ալցհեյմերի հիվանդության համար:
-Հռիփսիմե, ի՞նչ գիտական մրցանակներ կամ դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
-Գերմանիայում աշխատելու ժամանակ մեկ ամսվա ընթացքում տեղեկացա, որ միաժամանակ շահել եմ Եվրոպայի երկու ամենամրցակցային դրամաշնորհները իմ դոկտորական աշխատանքը իրականացնելու համար: Կարելի է ասել` դա իմ կարիերայի ամենաշրջադարձային պահերից մեկն էր: Առաջին դրամաշնորհը երեք տարի Գերմանիայում աշխատելու համար էր (DAAD), իսկ երկրորդը ` դոկտորական ծրագիր (Erasmus Mundus), որը հրավորություն է ընձեռում աշխատել և համագործակցել երեք համալսարանների հետ (Ամստերդամ, Ցյուրիխ և Բորդո): Անչափ ուրախ էի, ու ընտրությունս եղավ Erasmus Mundus-ը:
-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր հետագա մասնագիտական աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Երկարաժամկետ տեսլականով` պատկերացնում եմ ինձ Հայաստանում, սակայն մասնագիտական հետագա աճի մասին դժվար է խոսել… Հուսանք, որ մինչ այդ այնպիսի պայմաններ կլինեն, որ իմ փորձն անհրաժեշտ կլինի և ի օգուտ կծառայի: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում գիտական գործունեության համար պայմանները շատ հեռու են անհրաժեշտ նվազագույնից…
—Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու արդյո՞ք իսկական գիտնականը միայն նա չէ, որ զբաղվում է գիտությամբ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, ավելի խիստ՝ արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
-Ցանկացած գիտնական արժանավայել ապրելու և իր գործով ընտանիք պահելու իրավունք ունի: Իսկ եթե գիտնականը աշխատում է 2-3 տեղ որպեսզի մի կերպ կարողանա գոյատևել, դա արդեն նշանակում է, որ գիտության մեջ նրա ներդրումն էլ համապատասխան է լինելու: Իսկ առանց հողեղեն-նյութական բաների ինչպե՞ս կարելի է գիտական հետազոտություններով զբաղվել: Մանավորապես, իմ ոլորտում, ֆինանսավորումը և գիտական հետազոտությունը սերտորեն կապված, անբաժանելի բաղադիչներ են: Կարծում եմ` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջը բավականին լուրջ արդյունքների է հասել կարճ ժամանակի ընթացքում: Հուսով եմ մի օր իսկապես էջի անունը կփոխվի, կդառնա` «Պահանջեցինք և ստացանք ֆինանսավորում»։ Ամեն դեպքում, դեռ շատ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն լուծման:
-Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։
-Երիտասարդ գիտնականներին մաղթում եմ զինվել ուժեղ ոգով և չհանձնվել: Բաց մի՛ թողեք արտերկրում վերապատրաստվելու և որպես մասնագետ կայանալու հնարավորությունները: Իսկ հետագայում, եթե անգամ ձեզ չեք տեսնում Հայաստանում, փորձեք համագործակցել գործող լաբորատորիաների հետ և ունենալ ձեր ներդրումը Հայաստանում գիտության զարգացման մեջ:
Մանե Հակոբյան
Օրերս գիտահանրամատչելի գրականությունը համալրվեց երկար սպասված մի գրքով, որն իր առաքելությամբ, վստահ են շատերը, արդարացնելու է հեղինակի, գիտական հանրության, տպագրության հովանավորողների թափած այդքան մեծ ջանքերը՝ ծնունդ տալու նրան: Լույս տեսավ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը: Դա այնքան սպասված ու այնքան ուրախալի առիթ է, որ մեջդ վառվում է ցանկություն՝ ասելու՝ «Դարերի խորքից դեպի Տիեզե՛րք», ծնունդդ շնորհավո՛ր:
Գրքի տպագիր ծնունդն առաջ բերեց նաև բազմաթիվ հարցեր, որոնք և ուղղեցի հեղինակին.
-Ինչպե՞ս նախաձեռնվեց գիրքը:
-Այսպիսի գիրք գրելու անհրաժեշտությունը ես զգացել եմ վաղուց, երբ դեռ սովորում էի դպրոցում՝ 7-րդ դասարանում: 5-րդ դասարանից սկսած ես հաճույքով կարդում էի գիտահանրամատչելի գրքեր, հատկապես աստղագիտության վերաբերյալ, բայց ամեն անգամ մնում էի ինչ-որ չափով դժգոհ՝ չբավարարված: Այդ գրքերը կամ տալիս էին ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները միայն մեկ, նեղ բնագավառում, կամ հանրագիտարանի պես տալիս էին շատ տեղեկություններ, բայց առանձին պատառիկների ձևով, այսինքն՝ չհամակարգված և առանց բավարար բացատրությունների:
Երբ այդ գիտելիքները սկսեցին հավաքվել ու համակարգվել իմ գլխում, ցանկություն առաջացավ այդ ամենը շարադրել յուրովի, մեկ ընդհանուր գրքում՝ հետևողականորեն մատուցելով նյութը, գնալով պարզից դեպի բարդը, ամեն ինչը լիարժեք ու մատչելի բացատրելով ու ներկայացնելով փոխկապակցված, ընդհանուր համակարգի մեջ: Առ այսօր պահպանվել են այն աշակերտական տետրերը, որոնցում ես արել եմ այս խդիրը լուծելու իմ առաջին, միամիտ փորձերը: Շատ շուտով ես հասկացա, որ դա բավականին բարդ խնդիր է, ինչի պատճառով էլ չէի գտնում նման գիրք, իսկ իմ գիտելիքներն ու փորձն էլ ակնհայտորեն անբավարար էին նման հավակնոտ նախաձեռնության համար:
Միայն մի գիրք՝ Պավել Կլուշանցևի «Դեպի օտար մոլորակներ» գիրքը, մեթոդական առումով ինձ շատ գոհացրեց, բայց դա էլ այնքան ընդգրկուն չէր, որքան ես կուզենայի: Ինչևէ, հենց այդ գիրքն արթնացրեց իմ երևակայությունը, ձևավորեց իմ հետաքրքրությունները գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում ճիշտ նույն հարաբերական չափով, ինչ չափով դրանք ներկայացված էին գրքում, պայմանավորեց իմ հետագա մասնագիտացումն ու գործունեությունը: Տարիներ անց ես հասկացա, թե որքան բախտորոշ կարող է լինել գիրքը մարդու կյանքում: Դրա շնորհիվ նոր գիտահանրամատչելի գիրք գրելու հրամայականն իմ մտքում ավելի ընդգծվեց: Կարծես, գիտեի, որ մի օր ես վերադառնալու եմ այդ խնդրին:
-Ի՞նչ եղավ հետո:
-Հետո պետք էր լավ սովորել, անցնելու համար արդեն իսկ նախանշված ճանապարհը՝ ավարտել դպրոցը, ընդունվել ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, ավարտել այդ ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը և անցնել աշխատանքի Բյուրականի աստղադիտարանում, մի խոսքով՝ դառնալ աստղագետ: Դա իմ երազանքն էր, և ես այն իրականացրի: Ցավոք, նախ ծառայությունը խորհրդային բանակում, հետո նաև Ադրբեջանի ռազմական գործողություններից ծագած պատերազմական իրավիճակն ընդհատեցին իմ գիտական աշխատանքը՝ սևեռելով ինձ պաշտպանական խնդիրների վրա:
Բարեբախտաբար, մինչ այդ շրջադարձը, 1988-ի սեպտեմբերին ես հիմնեցի արտադպրոցական խմբակ՝ տիեզերագիտական թեմաներ ներառող դասընթացով, որը, ինչպես հետագայում պարզվեց, փառավոր ուղի ուներ անցնելու և այնքան էր ընդարձակելու իր կրթական գործունությունը դպրոցականների և անգամ ուսանողնողների շրջանում, որ, ի վերջո, կոչվելու էր Տիեզերագիտական ակումբ և գործելու էր՝ որպես այդպիսին: Այս պահից սկսվեց այն ուսումնական նյութի մշակումն ու բազմամյա փորձարկումը ակումբի պարապմունքներին, որը հասունանալով ընկավ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հիմքում:
Ողջ կուտակված փորձը, գտնված նոր ուսումնամեթոդական միջոցներն ու հնարքները՝ համեմված հետաքրքիր փաստերով, համեմատություններով, օրինակներով ու ցուցադրական գիտափորձերով, տեղ գտան գրքում՝ տալով նրան յուրահատուկ համ ու հոտ, դարձնելով այն զվարճալի, հետաքրքրքշարժ, մատչելի ու միաժամանակ շատ լուրջ, ուսանելի, ստեղծագործական ունակություններ զարգացնող և համապարփակ աշխարհայացք ձևավորող գիրք:
-Ե՞րբ գրեցիք գիրքը, և կասկածու՞մ էիք արդյոք, որ կստացվի:
-Սկզբում ես, իհարկե, վարանում էի: Ինձ թվում էր, թե կուտակված փորձը դեռ բավարար չէ, և նման նախաձեռնությունն իմ կողմից կդիտվի որպես մեծամիտ հավակնություն: Ուստի, գիրքը գրելու մասին վերջնական որոշումը կայացվեց միայն այն բանից հետո, երբ 2001-ին մասնակցեցի դպրոցների համար աստղագիտության նոր դասագրքի ընդունման մրցութային հանձնաժողովի աշխատանքներին: Երբ նոր դասագրքի ընտրությունն արդեն արված էր, հանձնաժողովի անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը բառացիորեն պատգամեց ինձ՝ ասելով. «Ավետիք, դու պետք է աստղագիտությանը նվիրված ուսումնական գրքեր գրես, դու պե՛տք է դա անես»:
Կարծես` ինձ հենց այդպիսի քաջալերող և ինքնավստահություն ներշնչող խոսքեր էին պակասում փորձառու մասնագետի կողմից, որպեսզի այլևս չերկմտեի ու անցնեի գործի: Պետք է ասեմ, որ տաժանակիր գործ էր: Հինգ տարի չարչարվեցի՝ ճգնավորի պես տանելով բոլոր դժվարությունները: Ազատ ժամանակ չկար: Ամեն երեկո, իմ հիմնական աշխատանքից հետո, մի քանի ժամ տրամադրում էի դրան: Ոչ մի վստահություն կամ որևէ կոնկրետ հույս չկար, որ գրքի տպագրությունը կֆինանսավորվի: Սակայն, մի ներքին համոզմունք կար, որ նախ պետք է գիրքը գրել, իսկ հետո այն, վաղ թե ուշ, ինչ-որ կերպ կբացի իր ճանապարհը:
Խմբակը ևս այդ սկզբունքով եմ վարել՝ հավատացած լինելով, որ գործն անհրաժեշտ է հետևողականորեն տանել առաջ՝ առանց ապավինելու կողմնակի օժանդակության, և այդ դեպքում պտուղներ անպայման կլինեն: Մյուս կողմից՝ վստահ էի, որ այդ գործը շատ կարևոր է երկրի համար, և ոչ մի օր չի կարելի այն ընդհատել, նույնիսկ պատերազմական իրավիճակում, ես կասեի՝ հատկապես պատերազմական իրավիճակում:
Նույն հավատով էլ համառորեն առաջ տարա գիրքը գրելու գործը: Իհարկե, վստահ չէի, որ կստացվի այն, ինչ նախատեսում եմ: Ես իմ առջև շատ բարդ խնդիր էի դրել. ոչինչ չպետք է տրվեր՝ որպես պատրաստի տեղեկություն, ինչպես դոգմա, ամեն ինչ պետք է բացատրվեր՝ օգնելով ընթերցողին հասնել դրան գրեթե ինքնուրույն, ինչպես հետազոտողն է դա անում: Նյութը պետք էր շարադրել այնպես, որ այն ընթերցողի ձեռքը բռնի ու այլևս բաց չթողնելով, բորբոքելով նրա հետաքրքրությունը, քայլ առ քայլ, դասագրքային հետևողականությամբ տանի ամենապարզ առօրեական հասկացություններից դեպի բավականին լուրջ, խորը գիտելիքների միևնույն մակարդակը Տիեզերքի ուսումնասիրության հետ առնչվող ամենատարբեր գիտատեխնիկական ոլորտներում:
Մինչդեռ, մի ոլորտում որևէ բան բացատրելու համար հարկ է լինում դիմել մի այլ ոլորտի գիտելիքների, դրանք էլ բացատրելու համար՝ անցնել մի երրորդ ոլորտի ուսումնասիրության: Իսկ այդ ոլորտները բազում, խճճված փոխադարձ կապերի մեջ են: Ուստի, ամենից բարդը նյութի մատուցման ճիշտ հերթականությունը գտնելն էր, որպեսզի որևէ բան բացատրելիս հարկ չլիներ հենվել այնպիսի գիտելիքների վրա, որոնք ավելի ուշ պիտի բացատրվեին:
Միայն դասավանդման բազմամյա փորձը թույլ տվեց կծիկը քանդել. գտնել գրքի այն առանցքը, որի վրա հնարավոր կլիներ, հերթով թեմաները շարելով, կառուցել գիտելիքների արդեն իսկ փոխկապակցված, կուռ համակարգ, որպես վեր խոյացող միաձույլ աշտարակ: Ես գիտեի, որ մեթոդական առումով այս նորույթը գիրքը կդարձնի բացառիկ: Ուստի, գիրքը գրելիս այդ առանցքը պահվեց մինչև վերջ:
Հենց այդ մեթոդական կողմի հանդեպ կասկածներ չունեի, քանի որ Տիեզերագիտական ակումբի տարիներ շարունակ մշակված ու փորձարկված դասընթացը գերազանցել էր բոլորի և անգամ իմ սպասելիքները՝ և՛ մատչելիության, և՛ արդյունավետության տեսակետից: Այդ են վկայում խմբակի սաների մեծ հաջողությունները բնագիտական առարկաների յուրացման մեջ: Նրանք արժանացել են բազում դիպլոմների հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներից ու մրցույթներից և դարձել բաձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և ինժեներներ, հասել ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճանների, կրթել սովորողների նոր սերունդներ ու դարձել դոցենտ, պրոֆեսոր, արժանացել ֆիզիկայից ՀՀ նախագահի մրցանակների և բնագիտությունից՝ Պետական մրցանակի: Նրանք այժմ աշխատում են Հայաստանի և արտերկրի հայտնի ընկերություններում: Ոմանք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ նաև մեր երկրի պաշտպանական միջոցների ստեղծման գործում:
Այսօր ակումբի գործունեության այս հետևանքները շղթայական ռեակցիայի պես բազմանում են: Մինչդեռ, մինչև հիմա ակումբի դարբնոցն անցել են ընդամենը 200 հոգի: Պարզ էր, որ պետք է ծավալել ձեռք բերված փորձը, ինչի համար էլ հիմնադրվեց նույն դասընթացով աշխատող նոր կենտրոն՝ «Տիեզերք» ակումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սակայն, պարզ էր նաև, որ գիրքը գրելը նույն արդյունավետ դասընթացը հասանելի կդարձնի սովորողների անհամեմատ ավելի լայն շրջանի համար ու կբազմապատկի դրա ներդրումը կրթության մեջ: Իսկ դրա համար հարկավոր էր միայն, որ այս հրամայականին արձագանքող կողմ լինի, որը կֆինանսավորի գրքի տպագրությունը:
—Եվ Դուք փնտրեցիք հովանավորներ:
-Անշուշտ փնտրեցի և դիմեցի շատերին: Թեև, սին հույսեր չէի կապում դրա հետ. հասկանում էի, որ շատ «հովանավորներ» ձգտում են քիչ գումար տալով շատ գովազդ ստանալ, որն իր հերթին կարող է իրենց գումար բերել: Ես դա հովանավորություն չեմ էլ համարում: Գիրքն այդ առումով հրապուրիչ առաջարկ չէր: Բացի այդ, նման ծավալով գրքի գունավոր տպագրությունն էլ զգալի գումար էր պահանջում և անգամ իրական հովանավորները դժվարանում էին միանձնյա ստանձնել դրա ֆինանսավորումը: Իսկ նրանց ուժերը միավորելու համար անհրաժեշտ էր նախ գիրքը ներկայացնել հանրությանը և ցույց տալ, որ մասնագետներն ու պոտենցիալ ընթերցողները կարևորում են այդ գործը, գնահատում են գիրքը և սպասում տպագրմանը: Այսինքն, գիրքը պետք է ճանաչվեր հանրության կողմից:
Սկսվեց նրանից, որ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ Էլմա Պարսամյանը և Արթուր Իշխանյանը, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ծանոթացան գրքին և գրախոսականներ գրեցին: Հետո ստեղծվեց համացանցային կայք (http://ayas.ar.am/), որում Հայկական աստղագիտական ընկերությունը գիրքը ներկայացրեց հանրությանը բոլոր մանրամասներով հանդերձ: Հետո նույնիսկ ձևավորվեց գրքի համախոհների ֆեյսբուքյան խումբ: Գիրքը հայտնվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ակտիվիստների ուշադրության կենտրոնում:
Այսպիսով, արձագանքն անսպասելիորեն մեծ էր: Դեռ լույս չտեսած վիճակում գրքի շնորհանդես կազմակերպեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: Մինչդեռ, շատերը հոռետեսորեն կանխատեսում էին, որ դա քչերին կհետաքրքրի՝ պնդելով, որ հիմա գիրք գնահատող ու կարդացող չկա: Շուտով եղան գիրքն արժեվորող ու դրա մասին պատմող բազում հրապարակումներ տպագիր և էլեկտրոնային մամուլում:
Մարդիկ կապվում էին ինձ հետ, իրենց դրական կարծիքն արտահայտում, ողջունում այդ նախաձեռնությունը, հարցնում, թե երբ կտպագրվի, ու մաղթում հաջողություն: Գիրքը ձեռք բերելու ցանկություն էին հայտնում աշակերտներ, ուսանողներ, մագիստրոսներ ու ասպիրանտներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտաշխատողներ, ինժեներներ, գրադարանավարներ, տարբեր կրթական, գիտական կենտրոնների, գիտատեխնիկական ընկերությունների աշխատակիցներ ու ղեկավարներ, ՏՏ ոլորտի շատ մասնագետներ, ինչպես նաև թոշակառուներ և անգամ գիտության հետ առնչություն չունեցող մարդիկ:
Ուրվագծվեց նաև պահանջարկ արտասահմանում ապրող հայերի կողմից: Սա ոգևորող գործոն եղավ ոչ միայն իմ համար, այլև նրանց համար, ում դիմում էին գրքի եռանդուն համախոհները՝ փորձելով օգնել հովանավոր գտնելու հարցում:
Գրքի մասին տեղյակ էին նաև ՀՀ նախագահի Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի երիտասարդները, որոնք արդեն իսկ ոգևորված էին այդպիսի գրքի գոյության փաստով ու համարում էին, որ չի կարելի այն թողնել անտիպ վիճակում: Բանակցությունները ծրագրի ղեկավար մարմնի հետ համոզեցին բոլորին, որ դա իր բովանդակային և ուսումնական որակներով իրոք բացառիկ գիրք է և տպագրվելու դեպքում կարող է իրենց իսկ ծրագրի շարունակականությանը նպաստող գործոն լինել: Առաջարկ եղավ տպագրության համար անհրաժեշտ գումարի հիմնական մասը հատկացնել ծրագրի ֆոնդից՝ ակնկալելով մնացած մասի հատկացումը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից:
Այսպես սառույցը տեղից շարժվեց: «Քվանտ» վարժարանը դիմեց այս կողմերին համապատասխան դրամաշնորհային ծրագրով՝ նախատեսելով 2000 օրինակի տպագրություն և անհատույց բաշխում Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցներին: Դրա հիման վրա էլ կատարվեցին անհրաժեշտ հատկացումները: Հետո ակտիվացավ նախապատրաստական հրատարակչական աշխատանքը, որն ավարտելուն պես գիրքը հանձնվեց տպագրության «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ տպարանում:
—Գո՞հ եք արդյոք վերջնական արդյունքից:
-Ընդհանուր առմամբ գոհ եմ: Տպագրության նախապատրաստելիս գրքի բովանդակային մասը չտուժեց՝ ոչինչ չկրճատվեց և չփոփոխվեց՝ ի վնաս բովանդակության, միայն մեկ-երկու նկար հանվեցին վատորակ լինելու պատճառով: Հաջողվեց ավելի ճշգրտել ու լիարժեք դարձնել գրքի վերջում բերված անձնանունների և անվանումների ցուցիչները, որոնք կօգնեն ընթերցողին հեշտությամբ գտնել, թե որտեղ է գրքում հիշատակվում այս կամ այն գիտնականի անունը և որտեղ է բացատրվում կամ արծարծվում այս կամ այն տերմինը, օրենքը, երևույթը և այլն:
Հաջողվեց մինչև վերջ լուծել նաև նկարների հեղինակների կողմից դրանց օգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները ստանալու խնդիրը: Ուստի, այդ հեղինաների հեղինակային իրավունքները չխախտելու համար, գրքի վերջում բերված են նկարների համապատասխան հղումները: Իսկ ամենավերջում թողնված է երկու դատարկ էջ, որտեղ ընթերցողը, ցանկության դեպքում, կարող է իր նշումներն անել:
Տպագրության որակը, իհարկե, կարող էր ավելի լավը լինել: Սակայն, դրան ձգտելու դեպքում կպահանջվեր ավելի մեծ գումար, և այդ պարագայում հայտնի չէ, թե երբ կհաջողվեր կամ ընդհանրապես կhաջողվե՞ր արդյոք ստանալ բավարար ֆինասավորում՝ գիրքն այդ որակով տպելու համար: Չգիտեմ՝ գուցե և այն, ինչ արվեց, առկա պայմաններում լավագույն փոխզիջումն էր որակի և գնի միջև:
Անշուշտ, գրքի հայաստանյան շուկայում կան թարգմանված և ավելի բարձր որակով տպագրված գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրքեր, բայց մեծամտություն չի լինի ասել, որ դրանք մասնագիտական և թարգմանական մակարդակով, ու հատկապես մեթոդական առումով էապես զիջում են այս գրքին: Այդպիսի «սիրուն» գրքերն ըստ էության գեղագիտական հաճույքից բացի ընթերցողին ոչինչ չեն տալիս. չեն բացատրում, չեն սովորեցնում: Ավելին, հրամցնում են խառնիխուռն, իրար հետ չկապվող տեղեկությունների հավաքածու, և դրանով սերմանում ամեն ինչ հենց այդպես դոգմատիկ ձևով ընդունելու և դրանով բավարարվելու բնավորություն: Դա իմ համար անընդունելի է: Նման գրքերը, կարծես, նախատեսված են նրանց համար, ովքեր գիրքը նայում են, ոչ թե ընթերցում: Դրանք, փատորեն, դեմ են գնում ընթերցողի ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Ինձ համար շատ ավելի գերադասելի է ունենալ լուրջ, գրագետ, բովանդակալից և ուսանելի գիրք, թեկուզ և ոչ բարձրակարգ տպագրական որակով, քան գիրք, որը կարող է միայն ծառայել՝ որպես գրադարակը լցնող գեղեցիկ հուշանվեր:
Ինչ վերաբերում է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հրատարակման վերջնական արդյունքին, ապա դեռ երկար ճանապարհ կա դրան հասնելու համար, և առայժմ չեմ կարող ասել՝ գոհ եմ, թե ոչ: Տպագրությունը չի կարելի դիտել՝ որպես վերջնական արդյունք: Իրական արդյունքը պետք է դրսևորվի՝ որպես ներդրում սովորողների կրթության մեջ: Դրա՛ համար է գրվել գիրքը: Հիմա հարկավոր է ամեն ինչ անել, որ գիրքը հասնի ընթերցողին, հատկապես ճանաչման ծարավ պատանի ընթերցողին: Հուսանք, որ բոլորիս, մասնավորապես, լրատվամիջոցների և դպրոցների ջանքերով կկոտրվի սովորողների կողմից արդեն սովորական դարձած իներտ վերաբերմունքը ընթերցանության հանդեպ, և գիրքն ակտիվորեն կընթերցվի ու կկատարի իր առաքելությունը:
Մանե Հակոբյան
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) կրտսեր գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ է, կարևորենք նաև, որ www.armscoop.com կայքի համահիմնադիրն է և խմբագիրը։
Խաչիկի հետ զրուցեցինք գիտությունից դուրս հետաքրքրություններից, նախասիրություններից, համագործակցություններից, armscoop-ի գործունեությունից։ Քանի որ հարցերս արտահայտված են պատասխաններում, ուստի ստորև ներկայացնում եմ միայն պատասխանները։
–Փորձեմ ամփոփ ներկայացնել armscoop-ի գործունեությունը. ընդամենը մի քանի ամիս առաջ լրացավ «Հայկական գիտական համագործակցության» (Armscoop) համացանցային գործունեության 2-րդ տարին: Այս կարճ ժամանակահատվածում մեր նյութերի կամ հրապարակումների շնորհիվ կայքի հաճախելիությունը շատ արագ աճեց և այսօր օրական միջինը կազմում է 600-700 այցելու, ինչը բավական լուրջ թիվ է զուտ գիտակրթական կայքի համար:
Կայքը ստեղծելիս հիմնականում առաջնորդվել ենք համացանցում գիտական գրականության զետեղման, գիտակրթական ծրագրերի ներկայացման անհրաժեշտությամբ: Այսօր կայքում հրապարակվում և տարբեր ցանցերի միջոցով (այդ թվում՝ ֆեսբուքյան տարբեր խմբերում) տարածվում են ինչպես գիտական արժեքավոր գրականություն, այնպես էլ հոդվածներ: Այս ամենին զուգահեռ, յուրաքանչյուր օր կայքում հրապարակվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան տարբեր դրամաշնորհների վերաբերյալ տեղեկություններ, գիտական ու կրթական ծրագրեր, գիտաժողովների հայտարարություններ: Կայքի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հավանաբար շուտով կգործի նաև խորհրդատվական բաժին, որով փորձ կարվի աջակցել տարբեր ծրագրերին դիմել պատրաստվողներին:
Կուզենայի նշել, որ armscoop-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն համացանցային գործունեությամբ: Մենք ակտիվորեն մասնակցում ենք հանրապետության գիտական կյանքին, մշտապես հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով: Կազմակերպում են դասընթացներ: Այս առումով հատկանշական է մեր վերջին համագործակցությունը Լեյդենի համալսարանի դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի հետ: Համատեղ ուժերով կազմակերպեցինք հայոց լեզվի պատմությանն ու մշակույթին նվիրված դասախոսությունների շարք Երևանում (2 հերթով) և Վանաձորում: Ընդհանուր թվով ծրագրին մասնակցեց շուրջ 100 մարդ: Այսպիսով, կարելի է նշել, որ ամենօրյա մեր աշխատանքում կարևորում ենք գիտության դերն ու նշանակությունը, փորձում մեր հնարավորության սահմաններում աջակցել գիտական այս կամ այն ծրագրերին:
–Նախասիրություններս բավական շատ են, շատ եմ սիրում տարբեր մարզաձևեր և հնարավորինս փորձում եմ ժամանակ գտնել դրանց համար: Բացի այդ, տարվա ընթացքում ինձ համար նախանշում եմ Հայաստանի մի քանի վայրեր, որոնք պետք է այցելեմ: Կարելի է ասել, որ հասցրել եմ լինել բազմաթիվ վայրերում, սակայն, հուրախություն ինձ, այցելելու դեռ շատ տեղեր կան։
–Թե իմ աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է իմ անձնական ներդրումը հարցին հակիրճ պատասխանեմ. համահեղինակությամբ աշխատանքներ չունեմ (դա բնական է բանասիրության մեջ), ուստի և՛ որակական և՛ քանակական առումով բոլոր աշխատանքների համար ես եմ պատասխանատու:
–Միջազգային գիտական որևէ համագործակցությունում դեռևս ընդգրկված չեմ, բայց առաջիկայում նման ծրագրեր կան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում եմ: Նշեմ, որ տարեցտարի նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները շատանում են, սակայն դրանք ոչ միայն գիտական պահանջ են, այլև սոցիալական: Գաղտնիք չէ, որ նման ծրագրերի ֆինանսավորումը զգալի չափով տարբերվում է գիտնականի աշխատավաձից: Ամեն դեպքում նման ծրագրերում ներգրավվածությունը խիստ կարևոր է այսօր: Ներքին համագործակցության առումով կուզեի միայն ցանկություն հայտնել, որպես գիտության ուղին բռնած երիտասարդ, քանի որ բոլորն էլ տեղյակ են առկա խնդիրներից: Շատ կուզեի, որ գիտության մեր ավագ սերնդի ներկայացուցիչները մեզ համար օրինակ ծառայեին, թե ինչպես է պետք համագործակցել մյուս գիտնականների հետ, բայց ավա~ղ ոչ միշտ է այդպես:
–Գենդերային խնդիր. չեմ կարծում, որ այսօր այդ երևույթը գիտական աշխարհում որևէ լուրջ մտահոգության առիթ է: Համենայն դեպս, որքանով ինձ է հայտնի, գենդերային խնդիր չկա ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ արտասահմանի գիտական շրջանակներում:
–Արտասահմանում չեմ աշխատել, միայն գիտաժողովների շրջանակներում փոձել եմ այնպես հարմարեցնել, որ գոնե մեկ շաբաթ ավել մնամ` տեղի գրականությանը ծանոթանալու համար: Ցավոք, մենք այսօր չունենք այն հնարավորությունը, որ հենց միայն գրականություն ուսումնասիրելու համար ազատորեն կարողանանք լինել այս կամ այն երկրում: Փոխարենը, բարի նախանձով եմ նայում այն արտասահմանցի ասպիրանտներին, ովքեր տարվա մեջ առնվազն մեկ անգամ երկու կամ երեք ամսով գալիս են այստեղ իրենց մասնագիտական գրականության հարցով: Հատկապես հայագիտական առարկաների գծով այստեղ են գալիս բազմաթիվ հետազոտողներ, իսկ մենք…
Գիտական աշխատանքով զբաղվելու հարցում հիմնական տարբերությունը հայաստանյան և արտասահմանյան միջավայրում, կարծում եմ, անհրաժեշտ գրականությունից, լաբորատոր պայմաններից օգտվելու մեջ է, եթե մի պահ մոռանանք ֆինանսական հնարավորությունները: Սիրում եմ միշտ օրինակներով խոսել. ԵՊՀ ասպիրանտների համակարգչային մինիմումին նախորդող համակարգչային դասերն անց են կացվում մի փոքրիկ լսարանում, ուր կա 5-6 համակարգիչ: Տվյալ դասին մասնակցում են միջինը 20-25 ասպիրանտ: Մնացյալներն էլ, հոգնելով ու նեղվելով այս պայմաններից, պարզապես չեն գալիս այդ դասերին: Շատ կարելի է խոսել ու փաստեր ներկայացնել, բայց ի՞նչ օգուտ…
Հարցազրույցը վարեց Մանե Հակոբյանը
Արմեն Գալստյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետում՝ որպես ուսումնական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ «Քվանտ» վարժարանում դասավանդում է քիմիա: Քիմիական գիտությունների թեկնածու է, 2007թ. պաշտպանել է «Սինթեզներ ոչ սիմետրիկ օքսիդների բազայի վրա» վերնագիրը կրող ատենախոսական աշխատանքը: Մասնագիտական ուղվածությունի է օրգանական քիմիան` կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը։
Արմենի երազանքը զարմանալի ուղի է անցել. նա փոքրուց մտադրվել էր դառնալ խոհարար, և խոստովանում է, որ ճակատագրի բերումով է ընդունվել քիմիայի ֆակուլտետ։ Դեռևս ընդունելության քննությունների համար պարապելիս իր համար բացեց մի աշխարհ, օրգանական քիմիան, և որոշեց, որ եթե դառնա քիմիկոս, ապա անպայման օրգանական քիմիայով է զբաղվելու։ Իսկ ուսանողական տարիներին, երբ նորից անցավ այդ առարկան, այն լիովին գրավեց իրեն։ Հետագայում՝ կուրսային, դիպլոմային, ապա նաև մագիստրոսական աշխատանքները կատարեց հենց այդ բնագավառում: «Հիշում եմ՝ երբ կուրսեցիներով խոսում էինք, թե ապագայում ինչ կարգավիճակում ենք ինքներս մեզ տեսնում, ես ասացի, որ ուզում եմ փորձեր անել, գիտությամբ զբաղվել։ Այդ ժամանակ ինձ դասավանդումը չէր ձգում՝ չնայած իմ ընտանիքում բնագիտական հոսքի մանկավարժների պակաս չկա։ ։) Հիմա, երբ նայում եմ հետ, հասկանում եմ, թե ինչու ընտրեցի հատկապես օրգանական քիմիան. քանի որ այն իրենում ամփոփում է ամբողջ քիմիայի էությունը և, որպեսզի լավ օրգանական քիմիկոս դառնաս, պետք է բոլոր բնագիտական բնագավառներից կարողանաս գլուխ հանել, հա՛. մեկ էլ այն շատ է նման ճաշ եփելուն»:
Չնայած քիմիկոս դառնալուն՝ միևնույնն է, Արմենը շատ է սիրում նաև խոհարարությունը՝ միշտ իմպրովիզներով լի, այսինքն՝ նա շատ հաճախ սնունդը պատրաստում է «գիտության ներմուծմամբ»: Խոհարարությունից բացի, սիրում է նկարել աբստրակտ ոճով, հիմնականում՝ գրաֆիկա: Սիրում է լեռները, բնությունը, ճամփորդություն, արշավներ. «Հաճախ ընկերներով գնում ենք հայաստանի տարբեր վայրեր՝ ըմբոխշնելու մեր բնությունը… Սրանք հետաքրքրություններ են, որոնցով զբաղվելիս կարողանում եմ ցրվել առօրյա հոգսերից»:
Հաճախ է օգտագործում «Աշխատիր դիմացինիդ համար, սովորիր քեզ համար» իմաստուն խրատը. «ճիշտն ասած, սա իմ «ամենասիրելին» չէ, բայց կյանքում միշտ հետապնդում է ինձ: Իսկ, օրինակ՝ «Արա բարին` չսպասելով փոխհատուցման», ա՛յ սրանով ես շաժվում եմ՝ չնայած հասկանում եմ, որ շատ հաճախ դա ինձ օգուտ չի բերում և նույնիսկ վնասում է»:
Կյանքում շրջադարձային է համարում այն պահը, երբ ԵՊՀ-ում սովորելիս, օրգանական քիմիայի դասի ժամանակ փորձ անելիս իրեն նկատել է պրոֆեսոր Մեսրոպյանն ու ասել՝ Կգաս մոտս՝ կուրսային, հետագայում նաև դիպլոմային աշխատանք անելու»։
Մասնագիտական ուղվածությունն է օրգանական քիմիան` կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը, մասնավորապես՝ այրան շրջանառության վրա ազդող: Վերջին տասնամյակում շատացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` արյան ճնշման բարձացումով բնորոշվող, սրտի իշեմիկ, ուղեղի անոթային հիվանդություններ և այլն, երևույթը բացատրվում է օրեցօր վատացող էկոլոգիայով և ծանր սոցիալական վիճակով: Այդ և նմանատիպ հիվանդությունների բուժման համար օգտագործում են այնպիսի դեղանյութեր, որոնք ունեն ակնհայտ թերություններ` կողմնակի ազդեցություն, երկարատև և մեծ չափաքանակների օգտագործման պարագայում` կուտակում օրգանիզմում, օրգանիզմի այլ ֆունկցիաների խանգարում և այլն: Իսկ ժամանակակից գիտության կարևորագույն հարցերից մեկն է՝ ստանալ այնպիսի դեղանյութեր, որոնք չունենան կողմնակի ազդեցություն, քիչ չափաքանակների դեպքում ազդեն ավելի երկար ժամանակ, չկուտակվեն օրգանիզմում, կախվածություն չառաջացնեն և այլն: «Ելնելով վերը նշվածից, մեր նպատակն է՝ սինթեզել այնպիսի համակարգեր որոնք ունենան ընտրողական ազդեցություն և, միաժամանակ, հնարավորին չափ չունենան կողմանակի ազդեցություն»,– ասում է Արմենը:
Իրենց սինթեզած միացություններից շատերի նախնական կենսաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենակարևոր կողմնակի ազդեցություններից մեկը` թոքսիկությունը, հաջողվել է հասցնել նվազագույնին՝ դարձնելով անվտանգ: Նաև ի հայտ են եկել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հակահիպօքսիկային և հակադեպրեսային ակտիվությունները: Այդ նյութերի ակտիվությունները գերազանցում են օգտագործվող հայտնի պրեպարատների ակտիվությունները: «Ճիշտ է՝ կան նաև այլ ուղղություններ, որոնց հետազոտություններով ես զբաղվում եմ, չնայած այս պահին դրանք երկրորդական են, բայց չի բացառվում, որ մի գեղեցիկ օր դրանցից մեկը դառնա առաջնային»:
Ունի 25 տպագրած գիտական հոդված և մեկ արտոնագիր: «Ինչ վերաբերում է գիտաժողովներին, ճիշտն ասած, այդքան էլ շատ չեն իմ մասնակցությունները գիտաժողովներին, բայց ունեմ երեք տպագրված թեզիսներ միջազգային գիտաժողովներում, որոնք անցկացվել են ՌԴ Կազան քաղաքում և Երևանում։»
Համատեղ աշխատանքներ արտերկրի հետ դեռևս չի արել, բայց ունի բազում ընկերներ արտերկրում, որոնց հետ շփվում է և գիտական հարցեր քննարկում. «Շատ օգտակար նյութեր (հոդվածներ, տեղեկություններ) նրանք են ինձ տրամադրում, քանզի մեր հանրապետությունում գիտնականի գործը հեշտացնող բազում գործիքներ բացակայում են: Օրինակ` գրականության ուսումնասիրությունը համացանցի օգնությամբ և այլ նմանատիպ բաներ: Ես այն մտքին եմ, որ շփումները գիտնականների միջև ազատ պետք է լինեն՝ փոխօգնության տարբերակով:
Իսկ ինչ վերաբերում է հեռանկարներին, կարող եմ ասել, որ նոր կապերի ստեղծումը կբերի նրան, որ գիտությունն ավելի կզարգանա, քանի որ գիտության զարգացումը չի կարող լինել մեկ երկրի ուսին: Ռեսուրսները ոչ մի տեղ էլ չեն բավարարում, բայց, օրինակ, արտերկրում մտածում են՝ ի՞նչ նոր սարքի համար փող հայթայթեն, որ նորացնեն իրենց եղած ժամանակակից սարքերը, իսկ մենք կանգնած ենք՝ շվարած մեր հետխորհրդային սարքերի վրա: Այսինքն՝ օգտագործելով մեր մտքերը և արտերկրի սարքերը, կարելի է հասնել լավ արդյունքների:
Ներպետական համագործակցություններ կան, բայց մեկ–մեկ ինչ–ինչ պատճառներով խզվում են, մարում. «Օրինակ, դրամաշնորհիս շրջանակներում կարողացանք կատարել որոշ կենսաբանական ուսումնասիրություններ, բայց գումարի ավարտից հետո այլևս չշարունակեցինք, որովհետև այլևս ուսումնասիրության համար առնետներ չկարողացանք ձեռք բերել:»
Ստացել է 3 գիտական մրցանակ՝ 2012թ. միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» և «Տաշիր» բարեգործական հիմնադրամ); 2011թ. ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար մրցանակ («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» և «Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ); 2010թ. «Երիտասարդ գիտնականների ներդրումը կենսատեխնոլոգիայի բնագավառում» խորագրով գիտաժողովի երրորդ մրցանակ: Ստացել է նաև մեկ դրամաշնորհ՝ 01.2010-06.2012թթ. «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009», ECSP-09-80-SASP, եղել է դրամաշնորհի ղեկավարը։
Արմենը գտնում է, որ «Մրցանակները երկրոդական են, բայց իհարկե պետք են, հաճելի է, որ ինչ-որ մեկը կամ կազմակերպություն գնահատում է կատարածդ աշխատանքը. ի վերջո, պահանջված ու պետքական ես զգում քեզ: Այսինքն՝ զուր չես այդքան ջանք ու եռանդ թափում կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատելիս («քիմիկոս լինելն էլ մի բան չի»): Իսկ դրամաշնորհների առկայությունը խիստ անհրաժեշտ է գիտության զարգացման համար՝ նոր նյութերի, սարքավորումների ձեռքբերում, երիտասարդ աշխատողների ներգրավում հատկապես բնագիտական թևի համար, որովհետև մենակ աշխատելն ունի շատ փոքր արդյունավետություն»:
Հրատարակումների համահեղինակների թիվը մեկից մինչև չորսն են: «Վաղ աշխատանքներում ես հիմնականում կատարող էի՝ պրոֆեսոր Է. Մեսրոպյանի ղեկավարությամբ, ով և իմ հոդվածների հիմնական համահեղինակն է։ Մինչ այսօր մենք միասին կատարում ենք գիտական հետազոտություններ: Մագիստրատուրայից սկսեցի գիտական մտքերով կիսվել նրա հետ, գիտական մոտեցումներ առաջարկել և այդպես սկսվեց իմ «բուռն» գիտական գործունեությունը: Այսինքն՝ ես առաջարկում էի, իրականացնում, ապա համատեղ քննարկումններից հետո ամփոփվում էր աշխատանքը, որի արդյունքում հրատարկվում էին նոր հոդվածներ: Որոշ համահեղինակներ եղել են այն մարդիկ, որոնք այս կամ այն հարցում ինձ աջակցել են՝ տվյալ գիտական աշխատանքն իրականացնելիս»:
Թե իր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ հղումների թի՞վը, թե՞ հոդվածների քանակը, պատասխանում է՝ «Ճիշտն ասած, ես գտնում եմ, որ երկու ինդեքսներն էլ շատ կարևոր չափանիշներ են։ Առաջին հերթին, եթե մեծ ազդեցության գործակցով ամսագիրը ընդունում և տպագրում է տվյալ հոդվածը, նշանակում է՝ այն ժամանակակից հարցերի լուծումներով և գիտական նորույթներով աշխատանք է, որը ևս կարող է պատիվ բերել ամսագրին` միաժամանակ բարձրացնելով նրա ազդեցության գործակիցը: Վերջինս հենց տվյալ հոդվածի վերաբերյալ վերջնական տվյալ չի տալիս՝ չնայած հղման ինդեքսը նույնպես բաղադրիչն է ազդեցության գործակցի հաշվարկման համար: Այսինքն՝ իչքան շատ մեջբերեն տվյալ հոդվածը, այնքան լավ կլինի տվյալ ամսագրի համար. հետագա տարիների նրա ազդեցության գործակիցը կբարձրանա:
Իմ կարծիքով, պետք է համադրել այդ երկու գաղափարները, բայց ոչ նոր հոդվածների համար, ասենք, 3-5 տարվա կտրվածքով հրատարակված հոդվածների համար: Իմ կարծիքով, նաև պետք է հաշվի առնել, թե որ ամսագրում և ինչ որակով է այն մեջբերվել (կարող է, օրինակ, հերքման համար են հղում կատարել): Պետք է մտածել ընդհանուր գնահատման մի բանաձև, որի արդյունքը կախված կլինի ամսագրի տվյալ տարվա ազդեցության գործակցից, այդ հոդվածի հղման ինդեքսից, հղումների որակական բնութագրերից (հիմք, համեմատություն, հերքում, տվյալների խումբ կամ այլ որակավորում), ինչպես նաև կախված լինի տվյալ գիտնականի այդ ընթացքում հրատարակած հոդվածների թվից: Ճիշտ է՝ դա շատ բարդ աշխատանք է, բայց ավելի իրական և հուսալի, իսկ ստացողը կլինի արժանավորը: Եվ այս պարագայում ոչ թե ինչ-որ աննշան գումար պետք է տրվի, այլ մոտ 15-20 միլիոն դրամ (որն էլի քիչ է) իր գիտական գործունեությունը բարելավելու, ասենք, 2 միլիոնը պարգևավճար, իսկ մնացած գումարը` նյութական ռեսուրսների բարելավման համար»:
Փորձեցի իմանալ Արմենի կարծիքն այն մասին, թե արդյոք ինչպե՞ս է վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը և արդյո՞ք գիտնականի միակ գործը չի համարում բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու՝ ինչպես երբեմն պնդում են. «Գիտնականները պետք է լինեն լուռ այնքան ժամանակ, երբ իրենց երկրում ամեն ինչ նորմալ է, բայց մեզ մոտ այդպես չէ: Իմ կարծիքով, արդեն շատ վաղուց այդ գործընթացը պետք է լիներ: Գիտնականներս շատ համբերատար և ճկուն ենք, բայց «հասցրին»` համբերության բաժակը լցվեց և շուռ եկավ, ու հասկացանք, որ եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում այլևս լիարժեք գիտնական չի մնա՝ ինչպես ցանկանում են գերտերությունները։
Այսինքն՝ Հայաստանը կլինի տուրիստական-ագրարային պետություն, անմիտ, ճորտ, և հեշտ կառավարելի՝ թեև այժմ արդեն այդ թաքուն քաղաքականությունը երևան է գալիս, չնայած բոլոր քաղաքական գործիչների կողմից հնչում է գիտահենք և գիտելիքահենք պետություն «ճոռոմ» բառերը: Այս պահին ՀՀ-ում գիտությունը կոնվուլսիաների մեջ է, մի քայլ ևս այն կողմ, և այլևս ՀՀ-ում գիտություն չի մնա, Իսկ ՀՀ-ի կառավարությունը չնչին ներդրումով պահում է «գիտության շունչը»: Պետք են լուրջ և հատկապես նպատակաուղղված ներդրումներ անել գիտության մեջ, որպեսզի, այսպես ասած, «եկամուտը» տեսանելի լինի, իհարկե, ներդրումներից 10-15 տարի անց: Պետք չէ մտածել, որ գիտությունն անմիջապես փող պետք է բերի, այն փող կբերի ինքնաբերաբար, եթե աշխատի լիարժեք, այլ ոչ թե կոլվուսիայի մեջ գտնվելով:
Գիտնականը նույնպես մարդ էակ է և ուզում է ապրել, իսկ ապրելու համար անհրաժեշտ են «հողեղեն-նյութական» բաներ: Ի՞նչ է, գիտնականը պետք է հաց չուտի՞, չհագնվի՞, թատրոն չգնա՞, ընտանիք չկազմի՞, սիրած էակին նվեր չհրամցնի՞, չլողանա՞, չհանգստանա՞ : Բա էլ ինչո՞վ գիտնականներս փող պետք է վաստակենք. գնանք տաքսի՞ քշենք կամ փողո՞ց ավլենք… թեև շատ–շատերը, թողնելով գիտությունը, գնում են այդ ուղով, որ իրենց երեխաներին կերակրեն և ամենանվազագույն կարիքները հոգան: Անհեթեթություն է մի խոսքով, այլ բան չունեմ ավելացնելու»:
Տեսնո՞ւմ է արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, պատասխանում է, որ որոշակի շարժ կա, բայց դա միայն ֆինանսավորող կազմակերպությունների փիառն է, այլ ոչ թե լուրջ ներդրում:
Իսկ թե ի՞նչ չափով տեղ ունի կոռուպցիան գիտության համակարգում, գտնում է, որ, ճիշտ է, այդպիսի բաներ կան նաև գիտության մեջ, բայց, ի համեմատ այլ բնագավռների, շատ նվազագույն է:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր, կարծում է, որ կա, հատկապես բնագիտական թևում, քանի որ այնտեղ անհրաժեշտ են ավելի դիմացկուն և ճկուն ուղեղով մարդիկ, որոնք հիմնականում տղամարդիկ են. «Բայց, ես կասեի, որ այս պահի դրությամբ երևի ավելի շատ կին կա գիտությունում աշխատող, քան տղամարդ, երևի դրա պատճառն այն է, որ ընտանիք պահելը, որը հիմնականում ընկած է տղամարդկանց ուսերին, գիտությամբ զբաղվելով ՀՀ-ում շատ բարդ է»:
Արմեն, և «ավանդական» վերջին հարցը՝ երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
Մեզ մոտ կան լավ մասնագետներ, որոնք կնպաստեն ինչ–որ չափով աճի, բայց կասեի, որ արտերկրում հնարավորություններն ավելի են, և իրական մասնագիտական աճը կարող է լինել այնտեղ, քանի որ մեզ մոտ գիտությունը մոտ 50-70 տարի հետ է:
Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը։
Պայքարել՝ մեր պետությունում գիտական ներուժը չկորցնելու, բարելավելու, դեպի պայծառ ապագա շարժվելու համար: Իսկ հանրությանը կուզենայի ցանկանալ ըմբռնում այն իմաստով, որ մենք էլ ենք մարդ արարած, և քրտնաջան աշխատում ենք: Եվ այսօր ինչը որ իրենց շրջապատում է, դա գիտության և գիտնականների շնորքն է, այլ ոչ թե քաղաքական գործիչների և «ախպերնյակների», որոնք սիրում են «թոզ փչել» կուրացնելով բոլորիս:
Մանե Հակոբյան
Այսօր «Էրեբունի Պլազա»ի սրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը խրախուսական մրցանակներ է հանձնել գիտության ոլորտի հիմնախնդիրներն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, այդ թվում «Հայկական Վարկած» էլ. օրաթերթին (armversion.com):
Մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասներ է հաղորդել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը.
«Արդեն ավանդական է դարձել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Կարեն և Սամվել Կարապետյանների գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով և իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որևէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին»: Այս մասին այսօր հայտարարել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:
Այսօր պարգևատրվել են մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացել է 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգևատրվել են 150 հազարական դրամով:
«Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր առկա են զգալի խնդիրներ: Սակայն Կարապետյան եղբայրների հավատամքն է, որ ցանկացած պարագայում պետք է առաջ շարժվել ոչ թե խնդիրների կուտակման, այլ դրանք լուծելու ճանապարհով»,-նշել է Ա.Ճաղարյանը՝ հավելելով, որ այս առումով ուղղակի անհնար է թերագնահատել այն մարդկանց ներդրումը, ովքեր զանգվածային լրատվության միջոցներով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, լուսաբանում են գիտության հիմնահարցերը:
Իսկ ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը իր խոսքում նշել է, որ «Տաշիր» ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախևառաջ մշակույթ են ձևավորում և այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաև պետության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Նա նաև շեշտել է, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ»,-ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Շաբաթներ առաջ Կարեն Հակոբյանը մեկնել է արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումը շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել է թեկնածուականը: «Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով»: Մասնագիտական աճն ու կայացումը փաստացի արտասահմանում է տեսնում, քանի որ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց նա լավատես է և հույս ունի, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:
Գիտական աշխատանքով զբաղվելը Կարենը դիտում է՝ որպես ամենօրյա անընդհատ ստեղծագործ աշխատանք, նաև ապրում այն զգացողությունը, որ նման յուրաքանչյուր օրը կարծես հարստացնում է իրեն:
Կարեն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, 2011թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ ակուստիկա մասնագիտությամբ: Հետագայում փոխել է հետաքրքրության շրջանակը և հիմա ուսանում է ասպիրանտուրայում՝ քվանտային օպտիկա մասնագիտությամբ՝ արտերկրում։
Հայաստանում ասպիրանտական տարիներին աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Սառը պլազմայի լաբորատորիայում: Ուսումնասիրել է գազապարպումային լազերներում սառը պլազմայի պարամետրերի կախվածությունը արտաքին ակուստիկ դաշտից: Հիմա մուտք է գործում նոր բնագավառ և, հուսով է, որ կարճ ժամանակում կունենա հաջողություններ նաև այս ոլորտում:
Դեռ ընդամենը մի քանի շաբաթ է, որ գտնվում է արտասահմանում, հետևաբար, առայժմ դժվարանում է ընդհանուր գնահատականներ տալ, բայց մի բան արդեն ակնհայտ է` խումբը, որի կազմում նա աշխատում է, շատ սերտ կապերի ու համագործակցությունների մեջ է միջազգային մի շարք խոշոր կենտրոնների հետ:
-Կարեն, իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
-Համագործակցություն` ինչ-որ մակարդակի, իհարկե, կա։ Բայց Հայաստանի գիտության ֆինանսավորման խղճուկ մակարդակի պատճառով այդ համագործակցության և, ընդհանրապես, գիտության ողջ ոլորտի զարգացման ու ամրապնդման համար հիմքեր համարյա չկան։ Ամուր կապերի համար անհրաժեշտ են ամուր միավորներ, իսկ ինչպե՞ս ամրանալ նման ֆինանսավորման պայմաններում:
-Միայն ֆինանսակա՞ն խնդիրներ են։
-Մյուս բարոյահոգեբանական խնդիրներին չեմ էլ անդրադառնում, քանզի դրանք ի վերջո կրկին ֆինանսական խնդիրների արդյունք են: Ինչպես իմ ընկեր Հրայրն է ասում՝ ֆինանսն է ծնում իրավունք և արդյունքում՝ հարգանք և արժանապատվություն:
-Զրուցենք Ձեր աշխատանքներից։ Քանի՞ համահեղինակ է ընդգրկված դրանցում, և որքա՞ն մասն է կազմում Ձեր անձնական ներդրումը։
-Նախկին թեմայում աշխատելիս ունեցել եմ 12 աշխատանք՝ 7-8 համահեղինակների հետ: Դրանցից մեկն իմ անհատական աշխատանքն է եղել, մյուսները՝ համահեղինակների հետ և, կախված աշխատանքից, ունեցել եմ փոքր կամ ավելի մեծ մասնաբաժին:
-Ի՞նչ եք կարծում՝ «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք պետք է ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։
-Նման մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելու ավելի ճշգրիտ բանաձևեր պետք է լինեն՝ միաժամանակ հաշվի առնող երկուսն էլ՝ և՛ տպագրությունների քանակը, և՛ հղումների թիվը, և միգուցե կա՞ն արդեն նման բանաձևեր համաշխարհային պրակտիկայում, ինչպես օրինակ h-ինդեքսը: Սա ինքնին առանձին լուրջ ուսումնասիրության կարիք ունեցող հարց է: Կարծում եմ, կան զբաղվողներ:
-Ի՞նչ կասեք, եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակցի վրա։
-Եթե տարբեր բնագավառների ամսագրերի գործակիցները որոշվում են նմանատիպ սկզբունքների հիման վրա, այսինքն՝ առկա է հավասարություն ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման մեջ՝ հաշվի առնելով բնագավառների յուրահատկությունները, ապա տպագրությունների նորմավորված ազդեցության գործակիցն իմաստ կունենա, հակառակ պարագայում, եթե յուրաքանչյուր բնագավառում առկա են ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման սկզբունքային տարբեր մոտեցումներ, այն կորցնում է իր իմաստը:
-Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և իրենց՝ նյութական խղճուկ բազայի պատճառով։ Ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։
-Չեմ կարծում, որ մրցանակաբաշխության պայմաններում պետք է ուղղումներ կատարել՝ դրա հետ կապված։ Ինձ թվում է, որ պարզապես անհրաժեշտ է անընդհատ աշխատել փորձարարական նյութական բազայի բարելավման ուղղությամբ:
-Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք՝ կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս, ինչպիսի՞ չափորոշիչներ կիրառել, h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։
-Նման դեպքերում, համատեղ աշխատանքների պարագայում, կարծում եմ՝ հ-ինդեքսը կարող է օգնել, բայց պետք է հստակեցնել դրա օգտագործման չափանիշները, օրինակ՝ մի քանի խմբերի պարագայում, որպես հիմք, ընդունել միջինացված ինդեքսը կամ միաժամանակ հաշվի առնել նաև նվազագույնը:
-Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականի աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք:
-Կարծում եմ, որ կոռուպցիան գիտական աշխարհում տարածված է ավելի քիչ, քան մնացած բնագավառներում, բայց, ընդհանրապես, կոռուպցիայի խնդիրը ես չեմ դիտարկում՝ որպես կոնկրետ բնագավառի խնդիր. դա հասարակական ու համապետական` համակարգային խնդիր է: Անձամբ ես կոռուպցիայի ուղիղ ձևերից չեմ տուժել, բայց շրջապատում բոլորս էլ շատ ենք հանդիպում: Այնուամենայնիվ, բոլորս էլ կոռուպցիայի անուղղակի զոհեր ենք դառնում ամեն օր՝ առանց դա գիտակցելու: Եթե ողջ միջավայրը թաթախված է դրա մեջ, ուզես թե ոչ, ուղղակի թե անուղղակի, դու էլ ես հայտնվում այդ ցանցում: Ինչ վերաբերում է շահագործմանը, մենք դեռ չենք ազատվել այն արմատացած մոտեցումից, որ եթե քեզանից վեր կանգնած աշխատողը կատարում է իր աշխատանքային պարտականությունները, ապա համարում է, որ դա լավություն է իր կողմից, և դու պետք է փոխհատուցես: Շահագործումն էլ իր տեղն ունի, իհարկե այնտեղ, որտեղ տեղ չունի ուղղակի կոռուպցիան: Այս բոլոր խնդիրները՝ ֆինանսա-սոցիալական, կոռուպցիոն… առանձին-առանձին չեն, դրանք մի ամբողջ համակարգ են. դրանք միաժամանակ պետք է լուծվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական կամք:
-Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։
-Այնտեղ, որտեղ հիմա ես սովորում եմ, կարծես թե նման խնդիր չկա, իհարկե թվաքանակի տարբերություն կա, բայց դա գենդերային խնդրի արդյունք չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, իհարկե նման խնդիր փոքր-ինչ առկա է, և դա մեր հասարակությանը բնորոշ է, կարծում եմ:
-Ի՞նչ կմաղթեք հայաստանյան երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։
-Կմաղթեմ բեղմնավոր աշխատանք, լավ արդյունքներ և, իհարկե, համբերություն՝ այս անցումային շրջանի բարդություններին դիմակայելու համար, իսկ իրենց ձայնը բարձրացնող երիտասարդներին՝ կամք ու վճռականություն՝ պայքարն առաջ տանելու:
Մանե Հակոբյան
Գառնիկ Մկրտչյանը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում, Քվանտային դինամիկայի լաբորատորիայի վարիչն է։
Թե ինչն է ձգում իրեն գիտության մեջ, ներկայացնում է պատկերավոր. Անցյալի և ապագայի մասին ինչ էլ ասեմ, սուտ է լինելու. չկա այլևս այն պատանին, որը ձգտում էր դեպի գիտություն: Ավելի լավ է պատասխանել, թե ինչն է պահում ինձ գիտության մեջ հիմա: Դա հաճույքն է, ճանաչելու հաճույքը, և կապ չունի՝ դո՞ւ ես այդ գիտական արդյունքն ստացել, թե՞ մեկ ուրիշը:
Այլ հետաքրքրություններից, նախասիրություններից՝ ապրել, Ճանաչել, քայլել, սիրել, լսել, հարցերիս պատասխանել… Նախասիրած ասույթը՝ “Знающий не говорит, говорящий не знает” (Лао-Цзы). Կյանքի ու մասնագիտական կարիերայի «շրջադարձային պահը» համարում է հավիտենական ներկան:
Գառնիկի հետ զրուցեցինք նաև իր գիտական աշխատանքներից, համագործակցություններից, մրցանակաբաշխություններից, հայաստանյան գիտության խնդիրներից, ապագայից ու շատ այլ հարցերից.
Աշխատանքները նվիրված են ոչ-գծային քվանտային էլեկտրադինամիկայի, ռենտգենյան քվանտային էլեկտրոնիկայի, նանոկառուցվածքների ոչ-գծային էլեկտրադինամիկայի, կոհերենտ ատոմամոլեկուլյար համակարգերի քվանտային օպտիկայի և ինֆորմատիկայի հիմնախնդիրներին: Ունի շուրջ 60 գիտական աշխատանք՝ նշված թեմաներով:
Միջազգային գիտական համագործակցություններից: Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնը հաստատել է 10-ից ավելի միջազգային համագործակցություններ՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի և այլն առաջնակարգ կենտրոնների հետ:
Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում շատ ցածր է, և դա գալիս է հենց գիտության կազմակերպան խորհրդային ձևից: Պետք է ամեն ինչ անել, որ հանեն բոլոր տեսակի տիտղոսները, որոնք խանգարում են իրական գիտական համագործակցությանը:
Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից ստացել եմ ՀՀ նախագահի մրցանակ 2002թ.: Մասնակցել եմ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի՝ 2 և CRDF- 1 դրամաշնորհներին: Դրանք կարևոր են ֆինանսական կողմից միայն:
Համահեղինակների թիվը, մեկ աշխատանքի, առավելագույնը 4 է: Ես աշխատել եմ բոլորի հոդվածների վրա և փորձել եմ էական ներդրում ունենալ յուրաքանչյուրում:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Նախ՝ կա օբյեկտիվ պատճառ ՝ դա պետության վիճակն է: Կարծում եմ, լուծումը շատ պարզ է. պետք է հիմնականում պետական մակարդակով ֆինանսավորում՝ գոնե ներկայիս տվածից 4 անգամ շատ: Պետք է համալսարանները հասկանան, որ ուսում տալը գործի միայն 30 տոկոսն է: Մեր համալսարանների մեծ մասը նույնացվել են ուսումնարանների հետ: Համալսարանը պետք է հիմնականում գիտական կենտրոն լինի, պետք է գործող գիտնականները դասավանդեն, այլ ոչ թե դասախոսները: Պետք է գիտության մեջ գումարներ ներդնեն (ուսման վճարներից, մասնավոր սեկտորից):
Պետք է մասնավոր և պետական համալսարաններին օրենքով պարտադրեն՝ եկամուտների զգալի մասը գիտության մեջ դնելու: Պետք է համալսարաններին թողնեն բիզնեսով զբաղվել, և եկամուտները գիտության մեջ դնել: Զարգացած պետությունների փորձը ցույց է տալիս, որ գիտության կազմակերպման ամենաարդյունավետ միջոցը գիտության կենտրոնացումն է համալսարաններում: Պետք է գիտահետազոտական ինստիտուտները միաձուլել համալսարաններին, ինչը նաև կուժեղացնի համալսարանների գիտաուսումնական մակարդակը:
Բնագիտության մեջ պետք է մտցնել միաստիճան համակարգ` PhD, և այդ աստիճանը չպետք է ցմահ տրվի: Պետք է այդ աստիճանը հետ վերցնել բոլոր նրանցից, ովքեր վերջին 3 տարում գոնե 3 նորմալ տպագրություն չեն տվել (այս դեպքում չինովնիկները չեն ձգտի ձևական աստիճաններ ստանալ): Գիտնականը պետք է գործող լինի: Պետք է վերացնել բոլոր տեսակի տիտղոսները, տարիքային սահմանափակումները (թե՛ վերևից, թե՛ ներքևից) և առաջնորդվել միայն կատարվող աշխատանքով:
Առանձին քննարկման առարկա է հասարակագիտությունը: Այստեղ նույնպես պետք է անցնել միաստիճան համակարգի՝ հստակեցված ստանդարտներով: Հայաստանում տարեկան մի քանի հարյուր թեկնածուական ատենախոսություն են պաշտպանում, բայց հիմնականում արդյունքները չեն տպագրվում համաշխարային մակարդակի պարբերականներում: Ատենախոսությունների պաշտպանության համար պետք է մտցնել տպագրությունների նվազագույն թույլատրելի գումարային ազդեցության գործակից, կամ հասարակագիտությանն ավելի հարմար ստանդարտ, ինչը թույլ կտա բարձրացնել պաշտպանությունների մակարդակը:
Վերաբերմունքը՝ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին: Հենց սկզբից ասեմ, որ դեմ եմ մրցանակաբաշխություններին: Դրանք ծնում են նախանձ, անհարկի մրցակցություն, որակի հաշվին հոդվածների քանակի աճ և այլ բացասական երևույթներ: Մեր մոտ կազմակերպվածները խաբկանք են: Դրանք բոլորը հատվածական և իրենց իսկ գովազդին միտված, կասկածելի ծրագրեր են: Նորից հղում անեմ Լաո Ցզիին` “Чтобы в народе не старались выслужится друг перед другом, нужно не возвеличивать достойных”.
Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս ինչի՞ն առավելություն տալ. տպագրությունների քանակի՞ն, թե՞ հղումների թվին։ Կարծում եմ՝ պետք է կիրառել ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների գումարային ազդեցության գործակիցը, բայց նորմավորված՝ հեղինակների թվին: Այսինքն, ամեն տպագրության համար վերցնել տեսակարար ազդեցության գործակիցը=(ազդեցության գործակից)/( հեղինակների թվին):
Իսկ եթե ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակիցի վրա՞։ Համաձայն եմ, պետք է նորմավորել միջին ազդեցության գործակիցի վրա: Թե տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել, այս պահին լավ չեմ պատկերացնում: Մասնավորապես, կարելի է վերցնել տվյալ բնագավառի ամենահեղինակավոր 5-10 ամսագիր և հաշվարկել դրանց միջին ազդեցության գործակիցը:
Ինչպե՞ս անել, որ մրցույթներում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին ու փորձարարներին։ Պետք է բաժանել իրարից: Ինքս տեսաբան եմ, բայց բոլորս հասկանում ենք, որ փորձն ավելի կարևոր է բնագիտության մեջ: Պետք է առանձնացնել տեսաբանների և փորձարարների համար մրցույթները՝ նախապատվությունը տալով փորձին:
Կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքներն ինչպե՞ս գնահատել, h-ինդեսքն օգտակա՞ր է։ Ո՛չ, հ-ինդեքսն այս դեպքում կիրառելի չէ: Կան աշխատանքներ, որոնք ունեն 100-500 հեղինակ և մեկ տարվա ընթացքում կարող են հավաքել 500 հղում: Բայց դա չի նշանակում, որ ինչ–որ մի հեղինակ կարող է իրեն վերագրել այս ամենը: Այդ իսկ պատճառով պետք է բաժանել հեղինակների թվի վրա:
Հայաստանում երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հիմնական խանգարող հանգամանքը գիտական դպրոցների սակավաթիվ լինելն է: Արդիական խնդիրներով զբաղվող խմբեր են պետք: Կարելի է մատների վրա հաշվել դրանք: Այս խնդիրը կլուծվի միայն՝ գիտության կազմակերպչական ձևը փոխելով:
Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը՝ ամեն ինչ չափի մեջ լավ է:
Վերջին տարիներին դրական միտումներ՝ ո՛չ, չեմ տեսնում։ Կարծում եմ` այստեղ գործում է միջուկային ֆիզիկայից հայտնի կրիտիկական զանգվածի էֆեկտը: Որպեսզի շղթայական ռեակցիան ընթանա, պետք է գերազանցվի շեմային զանգվածը: Իրական դրական միտումներ կտեսնենք ֆինանսավորման գոնե քառակի ավելացման դեպքում:
Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը տիտղոսակիր կամ պաշտոնատար անձինք։ Կարծում եմ, գիտությամբ զբաղվելիս պետք է մոռանալ փառքի, համահեղինակների հերթականության մասին, տիտղոսների մասին…
Արտասահմանում եղել եմ կարճատև այցելություններով: Իրենց հիմանական առավելությունը՝ այնտեղ տեսականն ուղիղ կապված է փորձի հետ, ինչը շատ կարևոր է: Հակառակ դեպքում, անկախ քեզանից, հայտնվում ես խաղից դուրս:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր, այո, իհարկե կա: Դա գալիս է դարերի խորքից: Տղամարդը, վախենալով կնոջից, միշտ ձգտել է նսեմացնել նրան՝ կնոջը թողնելով միայն տնային գործեր: Կարծում եմ, ժամանակի ընթացքում այդ դիսբալանսը կվերանա:
Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար, կարծում եմ, Հայաստանը շատ փոքր է: Եվրոպային ինտեգրվելու դեպքում դա կդառնա ակտուալ:
Հայաստանո՞ւմ մնալ ու գործել, թե՞ գնալ արտասահման՝ 50/50։
Մաղթանքս երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը՝ ապրել ներկայում:
Զրուցեց Մանե Հակոբյանը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.